Ղևոնդ Ալիշան
Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց
Պաշտամունք
Ամեն մի կրոնում պաշտամունքարանը կամ տաճարը նրա հավատացյալների ժողովարանն է, որտեղ նրանք իրենց ճանաչած Աստծուն առանձին կամ միաբան նվիրում են, նախ, իրենց խոնարությունը, որ նշանակում է ճանաչել նրա գերագույն մեծությունը, իշխանությունը և իրենց վրա ունեցած երախտիքը և այս նաև բերանով խոստովանել, ինչը աղոթքն է, երգը, գովաբանությունը և այլն։ Երկրորդ՝ որևէ կերպով նաև նյութական մի բան են նվիրում Աստծուն կամ աստվածներին․ և սա ձոնն է, պատարագը, զոհաբերությունը, ողջակեզը և այլն։ Իսկ դրանք իրենց կամ պաշտամունքավարների ձեռքով նվիրելու և կատարելու կերպը կոչվում է ծես, օրենք։
1. Առաջին կերպի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ չունենալով և ոչ մի տող մեր հեթանոս նախահայրերի աղոթական խոսքերից։ Բայց ոչ մի որևէ կերպով աղոթում էին ու խնդրանքով դիմում աստվածներին, հայտնի է օտարների մասին Ս․ գրքի հիշատակածներից՝ Բահաղին կամ այլ կուռքերի արած աղաչանքներից, նաև Պողոս առաքյալի գրածներից և անհավատներին ու հավատացյալներին ուղղված խոսքերից։
Մեր Արտաշես Բ կենցաղասեր թագավորի մասին պատմվում է, որ փափագելով դեռ երկարաձգել աշխարհի վայելքը կամ ուրիշների իրեն վայելելը ուզելով մի նախարարի (Աբեղոյին) ուղարկեց «յԵկեղեաց յԵրիզա, ի մեհեանն Արտեմիդայ, խնդրել ի կռոցն բժշկութիւն և բազում կեանս» (ինչը նա չտվեց․ ոչինչը չէր կարող որևէ բան տալ)։ Պարզ է, որ թագավոր և ծառա, հարուստ և աղքատ, եթե կրոնասեր էին, աղոթում էին յուրաքանչյուրը իր զգացած կամ իմացած կերպով։ Մեր խնդիրը այդ քննելը չէ, այլ պարզվելը, թե կային արդյոք սահմանված կամ շարադրված կարգով աղոթքներ, մաղթանքներ, երգեր, օրհնություններ։ Կարծում եմ՝ կային, և մեհենական մատյաններ կոչված գրքերի մի մասը բովանդակում էր այսպիսի բաներ, բայց ոչ ժողովրդի բերանով ասված աղոթքները, այլ պաշտամունքավարների կողմից ասվածները, մի մասն էլ՝ ասելու կամ լսելու կերպը կամ ծեսը՝ ձևերով կամ շարժումներով հանդերձ։
Թե այդ մատյանների մեջ ինչ սնոտի ու խայտառակ բաներ կային գրված, կարող է գուշակվել ոչ միայն քրիստոնեության ծագումով դրանց ջնջվելուց, այլև մի քանի տեղ մեր հիշատակված աղթարական աղոթքներից, որոնք, թեև հետո են շարադրվել քրիստոնյաների կողմից, բայց հեթանոսական հետք ու հոտ ունեն։ Հայտնի է նաև Բարդածան աղանդավորի արածից (2֊րդ դարում) որը, հայերի այդպիսի մեհենական գրքերը կարդալով, դրանց հակառակը գրեց։ Այս գրվածքները կուռքերի պաշտամունքի և բաշխերի վերաբերյալ էին, և թվում է, թե դրանք գրված էին մի այնպիսի կարգով ու ոճով, որ արժանի եղան ընդդիմաբան հերքման, թեև հերքելի անձի կողմից։ Մեկ այլ տեղում ևս հիշատակվում են մեհենական պատմություններ՝ որոշ չափով նման մեր եկեղեցիների դիվաններին ու կոնդակներին (ժողովրդի կողմից քյություկ կոչված)։ Սրանից պարզ է դառնում, որ եթե մեհյաններում պահվում էին պատմական գրվածքներ, ապա որքա՜ն ավելի շատ պիտի լինեին ծիսականները։
2. Ծիսական անվամբ նկատի է առնվում պաշտամունքարանում պաշտամունքավարի ձեռքով որևէ կրոնական գործ կատարելը, ինչը սովորաբար կոչվում է արարողություն։ Բայց առաջին բառի միավանկ ծես արմատը ցույց է տալիս սրա հնությունը, որն արժանի է լեզվագետների քննությանը։ Մեզ անծանոթ է օտար լեզվի համահունչ բառ՝ բացի Արամազդի՝ Ծես կամ Ծաս անունից (թեև հույների մոտ զ֊ով հնչած՝ Զևս), որ նշանակում է «կենսատու»։ Հարկ էր, որ ծեսերի վարդապետության գիրքն էլ կոչվեր ծիսարան, բայց այս բառը գրքերում գործածված չէ, այլ նրա փոխարեն ասում ենք «Մաշտոց», և մեր ազգակիցներին հայտնի է այդ անվանումը։ Սա ս․ Մեսրոպի անունից չի առնված և ոչ էլ 9֊րդ դարում այդ գիրքը նորից կարգավորող համարված նույնանուն (Մաշտոց) կաթողիկոսից, որը հավանաբար ինքն է անունը առել գրքից, որ պարզորեն կամ թարգմանաբար կոչվում է «Օրհնություններ» կամ «Օրհնությունաբեր գիրք»։ Սակայն Մաշտոցը֊ը (անշուշտ, մաշտ արմատից) «ծիսական» նշանակությամբ և սրա պես այժմ մեզ անծանոթ ծագմամբ հին և նախաքրիստոնեական բառ է, որի համար կարող է դիտվել լծորդություն պաշտ և հաշտ բառերի կրոնական իմաստների, նաև մշտիկի հետ, որով կրոնական ջրի ցողմունք է լինում, և որը, ըստ հին բառգրքի, նշանակում է «ցանիչ»։ Անտարակույս է, որ ինչպես ուրիշ և գրեթե բոլոր ազգերի, այնպես էլ մեր պաշտամունքների մեջ ջուրը ցանվում ու ցրվում էր՝ իբրև թե՛ անձերին և թե՛ նվերները սրբող։
«Մաշտոց» գրքի պարզագույն անունը հիշելիս մեր առջև հառնում է մի նոր նշանավոր բառ ևս (օրհնություն), որի արմատը, թեև ուղղականը գտնված չէ, օրհն֊ն է։ Բայց կա հոլովված հոգնակին՝ օրհնից, և բարդություններում՝ օրհնեք (ինչպես՝ ջրօրհնեք և այլն)։ Հիշելի է, որ ըստ հին վերծանողության՝ պետք է կարդալ ոչ թե օ, յալ աւ․ աւրհնէք։ Եվ դարձյալ մի քանի բաղաձայն տառի իրար մոտ զուգադրվելը ձայնավորի անհրաժեշտությունն է ցույց տալիս, և ն տառը գուցե լինի իմաստի զորացուցիչ, ինչպես՝ ակն, հիմն և այլն։ Եվ այսպես ենթադրելով՝ թերևս զուգորդվի նաև Ավեստայի լեզվում «աստված» նշանակող ահուրա բառին։ Ինչպես էլ լինի, հավանական է, որ օրհնություն բառն էլ հին է և հայոց հին հավատից է։
3. Թողնելով մտայինն ու հնչականը՝ քննենք պաշտելիին ընծայվող նյութականը, ինչը կոչեցինք նվեր ընդհանուր անվամբ։ Դիրքերին տրված նվերները եղել են և լինում են բազմատեսակ ու բազմազան նյութերից, որոնք շատ անգամ էլ մեհյանների մեջ կամ խորանների վրա պահվելիք պինդ նյութեր էին, ինչպես՝ մետաղյա զարդեր կամ պատկերներ։ Եվ գուցե այնտեղ կախվելու պատճառով դրանք պարսկերեն բառով կոչվել են նյուվար, որ նշանակում է «պարան, չվան»։ Վերոհիշյալի հետ ունի՞ արդյոք առնչություն նաև Ավեստայի լեզվի հոնովեր բառը, որը նշանակում է կրակին նվիրաբերելու կամ պաշտամունքի ընթացքում ասված աղոթքը։
4. Նվիրաբերվածի ընդհանուր և այժմ սրբազանացված անուն է պատարագ֊ը, և սրա՝ քրիստոնեական ծեսի մեջ ընդունվելը պարզ է դարձնում, որ հին հավատքի մեջ էլ այս էր նվիրաբերությունների ընդհանուր ու գլխավոր անունը։ Այդպես է ասվում նաև Ս․ գրքի մեջ։ Բոլոր կրոններում նվիրաբերվածների համար ասվող բառի հատուկ նշանակությունը կարող է ճշտվել բառաբարդությունների մեջ, ինչպես՝ լիապատար, հուսապատար, և ածանցավոր բառերում, օրինակ՝ պատարուն։ Բոլորն էլ նշանակում են «շատություն, լիություն», ինչպես կվայելեր նվիրել Աստծուն կամ դիքերին։ Առանձին ասված կա նաև պատար սիրո (Ոսկեբերան, Մեկնություն եփեսացիների)։ Այս (լիության) իմաստով ևս կարելի է գուշակել, որ պատարագի նվերները ի սկզբանե ոչ թե զոհեր էին, այլ բուսական բերք, որ առատորեն մատուցում էին։ Հետագայում իմաստը ընդարձակվեց ու տարածվեց բոլոր տեսակի ընծաների, նաև կենդանիների ու զոհելիների վրա․ ըստ այսմ՝ գուցե կարելի լինի ենթադրել առնչություն պատարագ֊ի և պատրուճակ֊ի միջև, որ սովորական զոհելին էր։
5. Ս․ գրքի վկայությամբ էլ (ըստ Աբելի ու Կայենի պատարագների պատմության) գիտենք, որ առաջին նվերները երկրի անշունչ բերքի հետ նաև շնչավորներ էին (կենդանիներ)։ Եվ որքան էլ պժգալի է բնության մի կյանք փչացնելը, լինի մորթելով, լինի արյրելով, մարդը չէր կարող այլ ձևով իրենից բոլորովին հեռացնել, իրեն զրկել այդ նվերներից, եթե ոչ ինչ֊որ կերպ դրանք ոչնչացնելով։ Մանավանդ իր կյանքը Աստծուն նվիրելու համար ավելի մերձավոր բան չկար, քան ուրիշ մի կյանք, այնպիսի կյանք, որ ապագա չունի, շատ թե քիչ պիտի ապրի, հետո պիտի ոչնչանա։ Այդ պատճառով Աստված հին օրենքի մեջ թույլ տվեց այսպիսի նվերներ, որ կոչվում են զոհ, իսկ այրվածը՝ ողջակեզ։ Սակայն ամեն բանի մեջ մոլորվող հեթանոսները անբանական կենդանիների հետ բանականին ու հոգիավորին էլ՝ իրենց նմանին՝ մարդուն էլ էին զոհում, նաև իրենք իրենց՝ անձնասպանությամբ և կամավոր ողջ֊ողջ թաղվելով իրենց սիրելի կամ տիրական մեռյալի հետ։ Զոհը, ինչպես անունն էլ հայնտի է դարձնում, հավանաբար հայերի մեջ է մտել սեմական ազգերից։ Արաբները այն կոչում են զահայա, եբրայեցիները՝ զևախ, զնադիկներն էլ՝ քիչ նման՝ զասթրա։
6. Հաշտ բառի նվիրական իմաստը և հնդկերենից ծագելը արդեն բացատրեցինք։ Այն հետագայում միացած է թվում յաճատա բառին, որ պարսկերեն յազատ֊ն է, մեզանում՝ յաշտ, որի արմատը յազ֊ն է, և մեր գրքերում կա անյազ, ինչպես նաև յազել, այսինքն՝ կենդանիներ զոհաբերել, ինչպես որ պարսիկների յազնա և հնդիկների յաճնա անվանումները։ Արվեստի լեզվի մազտիյազնա֊ն, որ մեզանում գրված է մազդեզն, նշանակում է «Որմիզդի համար զոհաբերող»։ Նույն անունից է ձևավորվել նրանց իզեշկյահ֊ը, որ նշանակում է «պաշտամունքարան»։
7. Ձոն, ձոնիք է կոչվում երբեմն նվերների մի տեսակը, և հատկապես՝ բոլոր տեսակների ընդհանրությունը։ Երբեմն նշանակում է նաև պսակների նման նվիրված բաներ, երբեմն էլ՝ անձինք՝ նվիրված դիքերի պաշտամունքին կամ նրանց պահպանությանը։ Ինչպես տեսանք, Անուշավան հայկազունը «նուիրեալ ի Սօսին Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի համար էլ կոչվել էր Սոսանվեր։ Մեզանում այդ անունը(ձոն) եկամուտ է թվում։ Նշանակալի է (թեկուզև պատահական լինի), որ սունմագ թուրքերեն բառը ճշտորեն նշանակում է ձոնել։
Թողնելով նաև նվիրաբերվածների այլևայլ անուններ քննելը՝ նորից աչք դարձնենք նրանց նոյթերին, որոնք անունների պատճառով արդեն հիշատակվեցին։ Սրանցից առաջինն ենք համարում բուսականները՝ թե՛ արմտիքը (ցորեն, գարի և այլն)՝ իբրև մարդուն հատկանշական տուրք, թե՛ ծաղիկները և գեղեցիկ տերևներով հյուսված պսակները, ինչպես Տրդատն էր հրամայում Գրիգորին, «զի Պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցէ բագնին Անահտական պատկերներին»։
Իսկ կենդանիներից նախ նվիրում էին նրանցից ստացվածը՝ կաթը և յուղը, բուրդը կամ գեղմը, իսկ հետագայում՝ նաև նրանց մարմինը և կյանքը վերոհիշյալ զոհերի ձևով։ Նվիրաբերում էին նաև (որոշ) կենդանիների ձագեր, որ երբ մեծական, զոհաբերվեն, ինչպես հիշատակեցինք Երիզայում Անահիտի աշտամունքի մասին խոսելիս․ նրանց միսը բաժանվում էր քուրմերին, աղքատներին և պանդուխտ հյուրերին, իսկ մի մասն էլ այրվելով իբր միայն դիքին էր նվիրվում։ Ակնհայտ է, որ զոհաբերվող այս կենդանիները սրբացվածներից կամ ուտելիներից էին՝ ոչխար, երինջ և այլն․ նույնը վերաբերում է նաև թռչունների մի մասին։ Թագավորները և հարուստները քուրմերի ապրուստի համար այսպիսի զոհելի կենդանիներ նվիրաբերում էին առատորեն, այնպես որ, երբ նրանց կրոնը ջնջվեց, անսնունդ մնալով՝ Լուսավորիչին հարցրին, թե ինչպես պիտի ապրեն, քանզի այլ արվեստ չգիտեին։ Սուրբն էլ հեթանոսական զոհերի փոխարեն սահմանեց քրիստոնեական ագապն ու մատաղը՝ առատ մաս հանելով քրիստոնեացած այդ քուրմերին և ապա քահանաներին։ Մատաղ բառը ոմանք ստուգաբանում են որպես «աղ մատուցելով օրհնված նվեր»։ Կարող է նաև հասարակ նշանակությամբ նշանակել «մատաղ կենդանի» կամ «առաջնեկ», ինչպես եբրայեցիներին էլ պատվիրված էր այդպիսիները նվիրաբերել Աստծուն կամ քահանաներին։ Ս․ Սահակը իր կանոնների մեջ ասում է, թե այս բանը ստուգել է իր նախնիների ավանդությամբ, և ըստ իր նախահոր (ս․ Լուսավորիչի) կարգադրության՝ որոշակիորեն սահմանում է, թե կենդանու որ մասը պետք է տալ քահանային և որը՝ այլոց, որպեսզի հակառակություն և անվայել խնդիր չլինի։
Հեթանոսները, այս ընտանի և տնտեսության մեջ անհրաժեշտ կենդանիներին բավական չհամարելով, զոհաբերում էին նաև գրաստներ, ինչպես ասվում է մեր Տրդատի հոր՝ Խոսրովի մասին, որը պարսիկներին վանելուց հետո, իբր հաղթանակելով և կամենալով գոհություն հայտնել իր օգնական չաստվածներին, «սպիտակ Ցլուք և սպիտակ Նոխազոք, սպիտակ Ձիովք և սպիտակ Ջորովք․․․ զհայրենեացն պաշտամանցն տեղինս մեծարէր»։ Այս նվիրաբերական մեծարանաների մեջ դիտելի է պածարների ու գրաստների սպիտակ և արու լինելը՝ գուցե չաստվածների սեռին համեմատ, քանզի Անահիտին երինջ էր մատուցվում։
Հպանցիկ հիշատակեցինք նաև պժգալի մարդազոհերը՝ թե՛ կամավոր (ինչպես Արտաշեսի հուղարկավորության ժամանակ) և թե՛ օտար ձեռքով՝ ակամա և բնռությամբ, ինչպես շատ անգամ հիշատակված Անձևացյաց կողմերի քարայրերում իսկապես բնավորված կամ խաբեական վիշապներին կույս աղջիկներ ու անմեղ պատանիներ մորթելով զոհաբերելը, որոնց արյունով զվարճանում էին բագինների դևերը, ինչպես ասում է պատմիչը՝ փոխանակ ասելու՝ դիվակերպ քուրմերը։ Հիշատակեցինք նաև Պլուտարքոսի պատմածը Սիկիսն սև քարի (Уйчйщн) առիթով, որը գործածում էին մարդազոհության համար, իբր նրանց զարկելու հետևանքով զոհելիների արյունը հորդ էր հոսում, ինչի համար նախատելով՝ հիշյալ Անանիա վարդապետը գրում էր․ «Յուռթեալք հեթանոսական յիմարութեամբ և կաշկանդեալ կապանպք ի տնչանս սրոյ(՞) զազրելից ճենճերոց, լնուին զյատակս պղծալիցն յարկաց՝ արեամբ իւրեանց ուստերաց և դստերաց»։ Սակայն չեմ կարծում, թե մարդազոհությունը Հայաստանում այնքան հանդիսավոր եղած լինի, որքան սեմական ազգերի ու հին գաղիացիների մոտ, այլ արվել է ավելի ծածուկ, ինչպես Անձևացյաց գավառում և Բութում եղածներն են գուշակել տալիս։
Հաշտ և զոհ
Սովորական իմաստից զատ՝ այս բառերը երբեմն նշանակում են նաև պաշտամունքի սպասքը կամ գործիքը, ինչպես ասված է մի հին գրվածքում («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Շինուածք պղնձոյ և Մահարձանաց և Զոհից», որոնց ինչպիսին լինելն էլ արժեր գիտենալ։ Ագաթանգեղոսը զոհարանները հիշելիս բացատրում է նաև նրանց նյուն ու ազնվությունը․ «Ոսկեղէն և արծաթեղէն զարդուք, և վերջաւորս փողփողեալս, Նշանակապ պալարակապ մետաքսիւքն, և ոսկովք Պսակօք, և արծաթի Զոհարանօք, յանօթս ցանկալիս՝ ակամբք պատուականօք, ոսկով և արծաթով, հանդերձս պայծառս, և ի զարդս գեղեցիկս»։
Թեև ընդարձակորեն ասվածից որոշակիորեն չի իմացվում ինչ ձև ունենալը, բայց նկատելու արժանի են «վերջաւորքն փողփողեալք»֊ը՝ խույրերի ականջակալներից կախվածները, «նշանակապք»֊ը՝ թվում է նույն խույրերի վրա, և «ոսկի պսակք»֊ը, նաև «արծաթի զոհարանք»֊ը, որ կարող են նշանակել թե՛ սեղանը, թե՛ զոհերը կամ նրանց արյունն ու մասերը դնելու անոթները։ Ս․ գրքի, վկայություններում կամ տաճարների և զոհաբերությունների սպասքի այլևայլ անուններ, ինչպես՝ նվիրանոցք կամ, որ նույնն է, նվիրաք, ճաշակք, սկավառակք և այլն, որոնց պետք է որ նման լիներ և մեր հեթանոսների սպասքը, բայց քանի որ հատուկ չի հիշատակվել, կամ հիշատակումները ջնջվել են, փափագողները այդպիսիների մանրամասները կարող են գտնել օտարների դիցաբանության մեջ՝ դրանց հետ հիշելով նաև մշտիկն ու բարսմունքը։
Դիքերի պաշտամունքի մասին գրելով՝ հիշատակել ենք նաև նրանցից ոմանք տոների օրերը։ Սակայն մեզ հայակական հեթանոսական մի տոնացույց չի հասել՝ բացատությամբ հին տոմարների մեջ հիշված մի քանի քաղդեական հիշատակների։ Տօն կան տաւն բառն էլ կարելի է հայոց հին հավատքից մնացած համարել, և դրա ծագումը կամ ստուգաբանությունը՝ հետաքննելի։ Դա գուցե տալ, տուրք բառերի արմատը լինի՝ ձոն֊ի նման (իբրև համահունչ՝ հարևանցիորեն հիշենք արգոսցիների Հերա դիցուհու տոները, որ կոչվում էին տոնյա Tonèe)։
Պարսից աղանդի հետ, իհարկե, մեր ազգակիցների մեջ էին մտել և նրանց տոների անվանումները (ինպես կրոնի կեշտ, քեշ և այլ անունները), նաև ջեշ֊ը կամ ջաշ֊ը, որ նշանակում է «տոն», ինչպես ասվում է Ստեփանոս Սյունեցու՝ Գերմանոսին ուղղված թղթի մեջ․ «Նստէաք ի խաւարի դիցատօնակ Ջաշանց հեթանոսականց»։ Եվագրոսի գրվածքի մեջ էլ գրված է սխալ․ «Ջալհանց տօնից տարեկանց հեթանոսաց չհաւասարել»։ Հին բառգիրքը ջաշանց բառը թարգմանում են «զոհ, նվեր», որ կարող են նշանակել պարսից չեսնի բառը և մեր ճաշակ֊ը։ Մեկ այլ բառգիրք էլ ջաշանց֊ը՝ որպես անհոլով ուղղական, մեկնաբանում է որպես «դիվապաշտ» կամ «դիվանվեր»։