Ղևոնդ Ալիշան

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Հմայություն․ գուշակություններ, հարցուկներ, կախարդանք

Ինչ հավատք որ օտար է կրոնի հին և նոր օրենքներին, մոլար և սուտ է, ինչպես տեսանք հավատի և պաշտամունքի արժանացված մինչ հիմա հիշատակված տեսակ֊տեսակ առարկաների օրինակով։ Դրանք առաջացել էին սկզբնական աստվածածանոթության գաղափարի քիչ կամ շատ խառնակվելուց ու ավերվելուց։ Թեև այդ ծագումից առաջ գալը և պաշտելիների երևելի ու ահավոր կերպարանքները կարող էին պաշտողների համար լինել մոլորության մի պատրվակ և խաբվելու մի դյուրություն, սակայն այդ նույն կերպարանքները, մեծ մասամբ ակնհայտորեն թանձր նյութերից լինելով, շատ էլ մեծացնում են մարդկանց մոլորությունը։ Բայց ինձ ավելի մեծ են թվում մոլորությունները չնչին բաների մեջ, որ շատ անգամ իսկական բանից էլ չեմ ծագում, այլ սոսկ երևակայություն են, կարծիք ու ստություն կամ էլ երևացած և պատահած մի բանից մտքով ու կամքով ուրիշ բան հետևեցնելուց են և ոչ իրական, քանի որ ստույգ չկա այն, ինչ իր է կոչվում, այլ ամենաշատը մի երևույթ է, այն էլ խաբեական։ Այսպիսի մտային և կամային կամ գործնական մոլորությունները՝ կա՛մ խաբվելով, կա՛մ խաբելով, մեր մինչև հիմա հիշատակած դիքերի, ոգիների, պաշտելիների ու հավատալիքների շատությունից էլ ավելի շատ են և ընդհանուր, այսինքն՝ կան բոլոր ազգերի մեջ և երկրներում, և դժբախտաբար և մեծ ամոթով ասենք, որ նաև մինչև հիմա ավելի կամ պակաս, այս կամ այն կերպ մնացել ու շարունակվել են նաև քրիստոնյա ազգերի կամ անձերի մեջ։

Այս տեսակ֊տեսակ կարծելիքներն ու հավատալիքները, որ տեսանելի մի առարկա չունեն, իրարից զանազանելը անկարելի կամ դժվար է, և կամենում ենք դրանք անվանել ընդարձակ և շատ տեսակներ բովանդակող բառով՝ հմայք ու հմայություն։ Իսկ եթե ջանանք վերածել մի քանի ընդհանրական տեսակի ու բացատրել, պիտի ասենք՝ կախարդություն, գուշակություն և հարցուկ, թեև համոզված չենք, որ այդպիսի բաժանում կատարելով՝ կհաջողենք, առավել ևս եթե կարողանանք հիշել գոնե մեր ազգի ու լեզվի մեջ ծանոթ՝ ասված տեսակները և բոլոր անունները։ Եվ շատ դժգոհ չեմ չիմացածիս ու չասածներիս համար, որովհետև ոչ միայն ստություն են, այլև ռամկական և երբեմն չար խելագարություն, խելացնորություն, խելացնդություն։ Գրելս իսկ անհաճո ու ցավալի է այն պատճառով, որ այսպիսի աղճատանքն ու ստությունները հայերի մեջ մտել են ոչ որպես օտարների դիք ու կուռք, այլ շատը իրենց հնարածն է (ինչպես ուրիշ ազգերն էլ իրենք իրենցն են հնարել), և օտարներից էլ վկայված են հայկական հմայությունները (ինչպես պիտի հիշատակենք հետո)։ Եվ չարագույնն է, որ մեծ եռանդով ու համառությամբ են պահված, թեև մեր շատ հայրեր ու վարդապետներ հակառակվել և մեղադրել են՝ սկսած Լուսավորիչից, Եզնիկից, Խորենացուց ու Մանդակունուց, որը վշտացած գրել է․ «Ոչ դիւական հմայից են պատժողք և ոչ Յուռթացն պահանջողք»․ և եթե ինքն ու իրենից հետո շատերն էլ պատժել ու խրատել են, էլի չեն ջնջվել։ Եվ ավելի ցավալի է ասելը, որ անջնջելի էլ թվում են։ Բայց և ըստ մեր Հիսուսի՝ «Այս ազգ ոչ իւիք ելանէ, եթէ ոչ պահօք և աղօթիւք»։

Արդ, նախ ասենք, թե հմայություն անվամբ ընդհանրապես և մասնավորապես ինչ ենք հասկանում։ Ընդհանրապես ՝ ըստ վերը գրածիս, ամենայն սուտ, բայց հավատալի բան, որ պարզորեն հետևեցնելով է լինում տեսնված կամ չտեսնված մի բանից, դիպվածից, երազից, ձևից, շարվածքից կամ գրվածքից կա՛մ խոսքով, կա՛մ գրով, կա՛մ տեսակ֊տեսակ նյութերով, դեղերով, կենդանիներով, շարժումներով ու շոշափումով և այլն։ Իսկ մասնավորապես հմայք կամ հմայություն բառի հատուկ նշանակությունը սնոտի ջանքերն ու գործերն են՝ իմանալու իբր կրոնական սկզբով մի բան, մանավանդ շատերի չգիտեցածը։ Ըստ այդմ՝ ուրիշներից առավել իմացողը դառնում է գետ ու հմուտ, և այս բառի արմատը, ըստ մեր լեզվի, կարող է լինել նաև հմայություն բառի արմատը, և հմայքը՝ հմուտի գործ։ Օտարների մեջ էլ նման անուն փնտրելիս նախ հիշատակվում է Ավեստայի լեզվով հոմայն֊ը, ու նրա հետ՝ պարսկերեն հոմն֊ը, որ Ճեմշիտ թագավորի ժամանակ համարվում էր նրանց մի մարգարեն, որ մոգույթան վարդապետություններ գրեց։ Զանդիկների ու հնդիկների հոմային ու սոմային մերձավոր անունով՝ բուդդայականներն էլ մայա են կոչում մեզանում հրապույր ասվածը, որ մոլորության շարժառիթ է։

Հայոց հին հմայության կամ հմայասիրության վկայություն է հռոմեացի քերթողի կողմից (Յուվենալիս, «Սատիրաներ», VI, 550) դրա մի տեսակին (հետո հիշատակելի) Armenius vel Comagenus Aruspex անվանելը։ Բարդածան աղանդավորը, 3֊րդ դարի սկզբում (Խորենացի, Բ․ ԿԶ) գալով Հայաստան, քննեց մեր մեհենական պատմություններն ու պաշտամունքը և «արար բազում ասացուածս ընդդէմ Բաշխից և կռոց պաշտաման՝ որ յաշխարհիս մերում»։ Ս․ Սեղբեստրոսի և Կոստանդիանոսի վիճաբանության պատմության մեջ հիշվում է, որ մինչև Քրիստոսին հավատալը կայսերը, իր հիվանդությանը ճար փնտրելով, Տրդատից՝ որպես մերձավորից, խնդրեց, որ իրեն Հնդկաստանի ու Պարսկաստանի կողմերից դյութեր ուղարկի, որոնք, թերևս, կային նաև Հայաստանում, թեպետ այս պատմությունը շատ երկբայելի է։

Հովհան Մանդակունին, իր ժամանակի և նախորդների հմայությունների դեմ գնալով (ճառ ԻԶ), հիշատակում է այս տեսակները՝ դյութություն, թովչություն, հատահարցություն, հավահմայություն, մաղաբախություն, քվահարցություն, հեղահարություն, հմայություն, միջագիտություն, գրարարություն, աստղագիտություն, դիվահարցություն, օրահմայք, լուսանախտիրք, շեղջախտիրք, ոզոտնահմայք, գետահմայք, սննիկոնք, հուռութք, բախտ, ճակատագիր, պահարանի գիր, շարժմակք բժժանաց։ Սրանց կարող են ավելացվել ուրիշների կողմից հիշատակված այլևայլ հմայություններ։

Վանական վարդապետը, հեթանոսության և հմայության ծագման մասին խոսելով, համարում է, թե «յաւուրս Աբրահամու՝ Դիւթութիւնք գտան․ քաղդէացիքն՝ Աստղագիտութեամբ առնէին, և Մոգքն՝ Զենականօք, և այլք Վհկաւ՝ զմեռեալսն ածելով․ Փռիւգացիք՝ Լերդահմայութեամբ՝ զչորքոտանեաց շրջմունս, զձայն թռչնոց, զփայտի և զքարի։ Նախ Նինուէ սկսաւ զԿախարդութիւն, վասն որոյ ասթ Նինուէ՝ գլուխ կախարդաց։ Ոմանք արմատովք առնեն զկախարդութիւնն․ ամանս թաղելով ի հող, և երեք կենդանւոյ ձայն տան ածել, ձկան, թռչնոյ և մարդոյ»։

Մանդակունին սրանց կարգում չի հիշատակում սովորաբար նշվող կախարդություն֊ը, որովհետև համարում է մոլորությունների ընդհանուր անուն կամ հմայություն անվամբ նույնն է հասկանում, ինչպես և դյութություն անվամբ, որը դրել է բոլոր տեսակներից առաջ։ Եվ այժմ էլ այս երեք անունները համարվում են ավել ընդհանրական ու համանիշ։ Կախարդ բառի ստուգաբանությունը ինձ անհայտ է, և հարկ է, որ ի սկզբանե հատուկ մի բան նշանակված լինի՝ մյուս երկու անուններից տարբեր։ Ս․ գրքի թարգմանության մեջ միշտ չէ, որ հունարեն բնագիր բառին փոխարինում է նույն հայերեն բառը, որն ավելի շատ «աչք խաբող», «աճպարար» նշանակող է համարվում։ Մեր ոչ շատ հին վարդապետներից մեկը գրում է․ «Կախարդն՝ որ անօթ ինչ թաղէ ի հող, կապս կամ մոմ կամ երկաթ․ և պէս֊պէս բժժանօք յարմարեն զարուեստն»։ Նույնը գրված է նաև փոքր֊ինչ այլ կերպ․ «Կախարդք ասեն՝ որ անօթս թաղեն ի գետնի, բժժանօք ինչ պէսպէս ըստ արուեստին»։ Իսկ Թովմա Մեծոփեցին ասում է․ «Կախարդք՝ որ յարմատս ծառոց և ի ձայնս թռչնոց դիւթէին»։

Կախարդը իր արվեստով կամ նաև գործիքներով հանդերձ կոչվում է կախարդասար, որը Վարդան վարդապետը «Խրատներ»֊ում անվանում է ուրացության տուն։ Մեկ այլ խրատիչ հիշատակում է կախարդամարտ դեղատվությունը։ Հովհան Մամիկոնյանը որպես նախատական խոսք ասում է․ «Կախարդատեարք դուք»։

Հմայողների մասին էլ մեկը գրում է․ «Հմայն՝ որ ի տեսա աչաց զաճառուց և զդրան, կամ աքիստ տեսեալ, կամ րէճ, կամ մուճակ ևայլ ինչ այսպիսի»։ Այսպես, քանի որ հմայություն անվանումը ավելի ընդհանուր է, այլևայլ կերպարը բացատրվում են հետը կցած բառերով, ինչպես՝ լերդահմայություն, որ մորթված կամ զոհաբերված կենդանիների լյարդը և շարժմունքը զննելը և, ըստ այնմ, գուշակություններ անելն է։ Այս լերդահման է հռոմեացիների և նրանց վերոհիշյալ քերթողի Aruspex կամ Haruspex կոչված հայ և կոմագենացի հմայողը։ Նույն քերթողը մեկ այլ տեղում էլ հիշատակում է հայերի այս այլանդակ հմայությունը՝ անմեղուկ աղավնիների հետ աղտեղի շների աղիքները քննելը։ Սալյուստիուսը ևս իր հատուկտոր պատմության մեջ հիշատակել է աշխարհակալ Տիգրանի՝ նախ երազագետներին, հետո լերդահմաներին և ապա հավահմաներին հարցուփորձ անելը։ Այս վերջին տեսակը այնքան էր տարածվել հռոմեացիների մոտ, որ հավահմա անվանումը (Augures. բառի սկիզբը նույնն է, ինչ հավ բառինը) արևմտյան ազգերի մոտ մինչև հիմա գործածվում է բարի մաղթանքի փոխարեն (ֆրանսերեն Augure, augurer). հմայողների տեղն էլ կոչում էին Auguraculum։ Թե՛ բառից և թե՛ բառաբարդումներից գուշակվում է, որ հայերի համար էլ լերդահմայության պես սովորական էր և սա, որ կոչվում է նաև հավահարցություն՝ հայտնի դարձնելով, որ կատարվում էր ոչ միայն աղիքները, այլև թռիչքը ու կռինչքը, այսինքն՝ ձայները, քննելով, ինչի պատճառով կոչվում է նաև հավակառիչք։ Այլ տեսակի հմայողների հետ մի վարդապետ (Ծաղկազարդի ճառում) նրանց այս անունով է հիշատակվում։ Նրանից հին՝ Ալավկի որդի Դավիթ վարդապետն էլ (12֊րդ դար) հիշատակվում է ուրիշ շատ տեսակ հմայողների հետ և իր ժամանակակից ազգակիցների մասին ասում է․ «Առ երեկս՝ թէ հաւ խօսի՝ հմայեն․ և ի մարեաց թէ ածէ ձայն աքաղաղի՝ հատանեն զգլուխն»։ Էտրուսկները (որոնց՝ արևելքից և, ըստ ոմանց, հայերից ծագելը հիշատակել ենք) այս հմայությունները մտցրին հռոմեացիների մեջ։ Իսկ առաջին գտնող շատ անհարմար ձևով Հաբեթին է համարում Վարդան պատմիչը՝ ուրիշին հետևելով։ Լերդահմայության մասին էլ Նոննոսը ասում է (հիշատակել ենք նաև սա)․ «Մոգքն ի Գամրաց են (որ Ա․ Հայքն է ― Ղ․Ա․), ուստի և Լերդահմայութիւնն լինի»։ Իսկ Տատիանոս հնագույն գրիչը այս գյուտը վերագրում է հայերի ազգակից փռյուգիացիներին։ Կենդանիներով հմայելու մի տեսակ էլ օձակոչն է։ Բայց մեր ազգի մեջ այսպիսին չի հիշատակվում, այլ բառը՝ Ղազար Փարպեցու մոտ։

Այլևայլ նյութերի կամ իրերի զննությունը նրանց անվանումներով հմայություն կոչելը հիշատակեցինք, իսկ սրանք իրարից զատելով՝ հետևություններ անելը մեր լեզվով կոչվում է խտրել, որից եղածն էլ՝ խտրիք, և տեսակն էլ կցված է սրան, ինչպես՝ խտրադիմա՝ դեմքը զննելով հմայելը կամ անձի էության ու բարքի մասին հարմար֊անհարմար բաներ ասելը, որոնք երկարորեն գրված կան նաև հայերեն․ այլ տեսակի բաների խտրողը կոչվել է նաև խտրադյութ։ Ասվածից հայտնի է դառնում, որ խտրությունն այլ բան չէ, քան այլևայլ հմայությունների մասը, որոնց շատ տեսակները հիշատակում է վերոհիշյալ Ալավկի որդին՝ Դավիթ վարդապետը․ «Ի ծննդեան բազում հմայութիւնս առնեն․ բազում և յորժամ զմեռեալն հանեն ի տանէն․ նաև ի հարսանիսն․ բազում հմայք և ի ճանապարհի․ յորժամ առաջի աւագաց երթայցեն․ ― և ի Հնձանս և ի Կարասի, ի վաճառել և ի դնել, և զՀանդերձս ի կտրելն, ի Զենուլ, յԻւղարարութիւն․ ի հանելն յամանէն․ ի վերայ որսոց․ ի Նախօրտաներկութիւնս, յՈստայնանկութիւնս, այլ և յամենայն օրինակ արուեստից։ Եւ ի խնդրել ումեք ջուր ի գիշերի՝ անցուցեալ ընդ նա դանակ երեքբեւեռի, և այնպէս տան ըմպել։ Այլ և արգելուն ընդ երեկս տալ մաղ խնդրողաց՝ և կրակ․ նոյնպէս և յաւուրս Աւելեացն հինգ՝ տալ բան խնդրողաց։ Եւ ի գալ Նորոյ տարւոյն՝ ընկերնուն երկաթ ի կուժ, և քարշեն ծիր զերդբնակովն (տան չորս կողմը ― Ղ․Ա․)․ և յառաւօտուն յղեն զաղջկունսն՝ շրջել քարինս ի բացեայ, և հայել ի ներքոյ նորա․ թէ գտանի մազ սպիտակ, ասեն՝ թէ բախտի հասաւ, հարսանացուցանեն զնա առն ալեւորի․ և թէ գտանիցեն սեաւ, ասեն՝ թէ բախտի հասաւ՝ տալ զօրիորդն երիտասարդի։ Եւ ամենայն արուեստաւորք ի մուտս տարւոյն յարուեստն իւր հմայեն․ դարբին՝ կռանաւ մի հարկանէ զսալ․ ոստայնանկն՝ թել մի քարշէ ի կկոցէ, և բիճաւն երիցս հարկանէ․ մանոցն՝ թել մի ձգէ, և տայ զայլն զիլկաւ։ ― Նա և ի տարեկան տօնս և յեկեղեցական նուէրս՝ խառնեն բազում հմայութիւնս։ Այլ և ի հարկանել ժամահարին՝ զժամանակն հմայեն։ Եւ ի յելանելն իւրեանց կամ օտարաց ընդ դուրս տանն՝ հմայեն։ ― Այլ և ի լուսանալ զհանդերձ կամ զգլուխ արանց կամ կանանց՝ հմայեն»։

Այս հիշատակվածների մեջ (հպանցիկ ասենք) մեզ համար հետաքննական է ժամահարը՝ որպես գործողության արհեստական ու ճարտար հնար, որովհետև եկեղեցի հրավիրելու համար տախտակով կամ այլ բանով հարվածող մի ժամկոչ մարդ չեմ ենթադրում, այլ զարկող կամ հնչող արվեստագործ ժամացույց։ Կային նաև ժամանակի ու ժամանակաչափ լուսատուների հմայություններ, ինչպես՝ ըստ Վարդանի՝ «Լուսնահմայ, որ զօրն չար և բարի ասէ Լուսնով»։ Աղթարական գրքերում էլ մանրամասն գրված է լուսնի փոփոխությունների մասին։ Տոմարներում նշված է նաև ամպահմայք, ինչպես, օրինակ․ «Սեպտեմբերի 16․ այսօր յԱմպն հայել՝ առողջութիւն է մարդոյ»։ Ասվում է նաև օրահմայք կամ շաբաթվա օրերից չորեքշաբթին կամ շաբաթը չար համարելը, ինչպես հայտնում է մանդակունին, թեև հիմա ուրբաթն է այդպիսին համարվում։ Խտրանքի կամ օրահմայության մի տեսակ է ծննդաբաշխությունը, որ մանուկներին ծննդյան օրվա կենդանակերպից ու աստղերի դիրքից գուշակելն էր, թե այս կամ այն օրվա ծնվածը ինչ բախտ պիտի ունենա։ Եվ այսպես՝ իբր կանխավ մարդկանց բաժանում էին նրանց վիճակները։ Այդ պատճառով նման տեսակի խտրությունները կոչվում էին բաշխեր․ դրանց շատ հետամուտ եղած են երևում հայերը, և նրանց քուրմերն ու մոգերը այսպիսի սնոտիքների վերաբերյալ շատ բան են գրել, որոնք նրանց մեհյանների մեջ գտել ու կարդացել է Բարդածան Ասորին։ Խտրության մի գործ էլ ամիսների այսինչ և այնինչ օրերին այս և այն բաներն անել սահմանելն է․ օրինակ՝ նավասարդի 21֊ին (օգոստոսի 31֊ին) հարմար է ատամը հեռացնել։ Կան նաև օդերևույթների ձևերին ու ձայներին վերաբերող մանրամասն գրված հմայություններ․ անգետները դրանց հեղինակ են համարում Դանիել մարգարեին, իսկ ավելի զգույշները՝ մեկ այլ Դանիելի՝ «յասորոց գրոց ասացեալ» և հայերեն թարգմանված։

Այսպես դիտելով տարերքները կամ դիպվածական դիրքերը և շարժումները՝ հմայողներ են կամ պետք է համարվեն նշանագետ կամ նշանադետ կամ սոսկ գետ (գիտուն) կոչվածները, նաև ըստ իրենց խոսքի ու արած հետևության՝ գուշակ են, որի իմաստը հայտնի է։ Բայց մեր մեկնիչներից մեկը կամ ոմանք նշանադետին համարում են մեռելահարցուկ կամ մեռելահմա (բայց այս վերջին բառին գրքերում չեմ հանդիպել)։ Մեկն ասում է․ «Նշանադէտ որ մեռելովք նշանաւոր առնէ»։ Մեկ ուրիշը ասում է․ «Նշանագէտն որ ի գերեզմանս ննջէ և մարդ կերպարանէ, որպէս զՍամուէլ Սաւուղայ երեւեցոյց Հարցուկ կինն»։ Այս կերպ հմայողը պես֊պես խաբեական գործերով ու խոսքերով կարծել էր տալիս, թե կանչում է մեկի ուզած մեռելին, խոսում և հարցնում է ուզած բանի վերաբերյալ։ Եվ եթե մեռելահարցուկը շատ ճարտար է, ցույց է տալի նաև մեռյալին կամ ստվերակերպ մի բան տեսնել է կարծեցնում, որ մեզանում սովորաբար կոչվում է ուրվական։ Այդպիսի հանգամանքներում խնդրողները նաև վախով են պաշարված և իերնց իրոք չտեսածն էլ կարծում են տեսած և հավատում են։ Այսպիսի բան էր վերոհիշյալ Սավուղի ուզածն էլ հարցուկ կնոջ միջոցով, թեև ըստ Ս․ գրքի մեկնիչների՝ Աստված, ի հանդիմանություն Սավուղի, ստուգիվ երևացրեց կամ լսեցրեց նրան՝ ստությամբ ու մոլորությամբ ուզածը՝ Սամուելի ահավոր և մահավճիռ ձայնը։

Գալով այս չար ու անզգամ հմայողների տեսակին, որ հարցուկներ կոչվեցին, շատ անգամ սատանային իրենց օգնության կանչելու կամ այդպես կարծեցնելու համար կոչվում են և դիվակոչ, նաև վհուկ, որ սովորաբար ասվում է կանանց համար։ Կարելի էր ենթադրել, թե այս բառը վեհ բառից է՝ իբրև դյուցազունների հոգիներին վերաբերող։ Բայց ավելի հավականա է թվում վիհ բառից ծագելը, որ նշանակում է «խոր տեղ և անդունդ», ինչպես որ մահացածները և թաղվածներն էլ այդպիսի տեղի են պատշաճում։ Վերոհիշյալ վկայությունները գրող մեկը նաև գրում է․ «Վհուկքն՝ որ ի վըհաց և յանդընդոց մեռեալ կերպարանեն, դեւք՝ ի կերպ մարդոյն երեւին, զոր Դիւակոչ ասեն և Հազիմաթ»։ Մյուսն էլ գրում է․ «Վհուկն՝ որ յանդընդոց մեռեալս հանէ, որպէս առ Սաւուղ՝ կինն Վհուկ, որ էր դեւ»։ Հին բառգիրքը գրում է․ «Վհուկ՝ որ մեռելոյ ոսկերբ հարցանէ կամ Դեւ հարցուկ»։ Իսկ Գևորգ Սկևռացին (Եսայու մեկնություն) համարում է «դեւ իմն չար՝ որ յորովայնէ կանանցն խօսի, և նոր իրօքն ջանայ հաւանելի առնել զմոլորությիւնն»։ Ըստ այսմ՝ վհուկը և որովայնախոսը նույնն են։ Ս․ գրքում էլ իրենց լեզվով այս բառն են գրել ('ЕггбтфсЯмчдпт, Ventriloquus) մեր վհուկ֊ի փոխարեն։ Վհուկ բառը գրվում է նաև վոհուկ, գործը վհկություն է, հարցում անողը՝ վհկահարցուկ։ Թերևս իրենց կանչած ոգիների պես այս չարաճճի հարցուկներն էլ վիհանման տեղերում էին բնակվում։

Եթե պատմությունը ստույգ լիներ, վհկությունը հայերի և մեր մերձակիցների մեջ կարող է համարվել շատ հին, քանզի ասում են, թե Շամիրամը մի այսպիսի հնարքներով էր կամենում Արային տեսնել կամ տեսնել կարծեցնել։ Մովսես Խորենացին ասում է․ «Ակն ունէր դիւթութեամբ վհկութեան իւրոյ կենդանացուցանել զԱրայ»։ Գրիգոր Մագիստրոսը (թուղթ ԺԶ) մեղադրում է Աշոտի որդուն (հավանաբար Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Բ֊ին), որ «տակաւին հնարի դիւթութեամբ կիւսոյ, և վհուկս ընդ ինքն խորհրդածուս յուս իւր բառնայ, ստանձնեալ որպէս Կենտուռոս Պիւռիթեայն»։ Շատ անգամ Մագիստրոսի խոսքերն էլ հասկանալու համար մի տեսակ հարցուկի կարիք է զգացվում, և չենք համարձակվում այդքան նանրահավատ կարծել Գագիկին, որին ուրիշները ներկայացնում են որպես հույն գիտուն եկեղեցականների հետ աստվածաբանության շուրջ վիճողի։ Ըստ հույների առասպելների՝ Պյուրիթոսը կամ, ըստ Մագիստրոսի, Պյուռիթոսը (Pirithous)՝ լապիթոսների թագավորը, իր հարսանիքին էր հրավիրել կենտավրոսներին (ձիամարդկանց), որոնք հափշտակեցին հարսին, բայց հետո իրենք էլ ջարդվեցին։ Մովսես Խորենացին սրան նմանեցնում է Տրդատ Բագրատունու արածը, իսկ Մագիստրոսը կյուսին էլ է դնում կենտավրոսների հետ։ Վհուկ անունը և նրա գործը, մեր լեզվից են ծագել, թե ոչ, թվում են շատ հին՝ հնչմամբ ու իմաստով ոչ այնքան հեռավոր նմանությամբ կելտերի և այժմյան ֆրանսիացների Fee կոչվածին և է՛լ ավելի՝ Ficca֊ին, որը իսկապես նշանակում էր «վհուկ, կախարդ»։

Մենք էլ, խոսքից խոսք, անունից անուն անցնելով (թեև ասացինք, որ չենք կարող սրանք որոշակիորեն զանազավնել), կույս բառի (որից էլ՝ կյուսահմա) ծագումն ու բուն նշանակությունը չգիտենք, թեև գրքերի թարգմանության մեջ իմաստով համապատասխանում է նշանադետ֊ին, ինչպես Զաքարիայի Մարգարեության մեջ (Գ, 8)։ Կյուսահման, որ հունարեն Фусбфптчпфпт է, ստուգաբանված է որպես «հրաշադետ», ինչպես Վարդան վարդապետն էլ գրում է «Ելից գրքի» մեկնության մեջ․ «Կիւսահմայք նշանախնդիրք և հրաշադէտք են»։ Մագիստրոսը նմանատիպ բառերի հետ խառնում է ևս մեկ բառ՝ կյուսակերտող, որ կարող է կարծվել կյուսի հնարած կախարդական մի բան, ինչպես՝ գրվածք կամ հմայակ։ Հայերեն բառին նման կամ մոտ են հնչում հույների կոյես կամ կոես բառերը, որից էլ՝ լատիներեն Koes, Koies․ վերջիններս Սամոթրակյան կղզիների դիքերի պաշտամունքավարներն էին՝ իրենց հետևորդներին քավություն տվողները կամ խոստովանությամբ մաքրողները։ Երկրի շատ հեռավոր մի կողմի (Ամերիկայի Վիրջինիա նահանգի) հին բնակիչները ևս ունեին գրեթե համանուն մի չաստված՝ Կիվոսա (Kivosa), որ խնամող է և խորհրդատու։

Մեզանում կյուս֊ի պես արմատական և ավելի սովորական մի անուն է դյութ֊ը, որից՝ դյութություն֊ը, որի սկզբնական իմաստը կամ ծագումը անծանոթ են։ Ըստ հնչման ու գործի՝ արժանի էր լծորդվելու դև֊ին և դիք֊ին։ Օտարների մոտ մեր բառին մերձահունչ է եգիպտացիների՝ գյուտերի և արվեստների հեղինակ հռչակավոր չաստված Թոթի անունը։ Ըստ մեր վարդապետների՝ «դիւթ այն է՝ որ ձեռօք և նիւթովք գործէ․ որպէս Գարի և Ալիւր և Աւազ և Ջուր և Քար, և Թզով չափէ»։ Մեկ ուրիշը գրում է ավելի համառոտ․ «Դիւթ՝ որ զգարի և զալիւր և զջուր դիւթէ»։ Բայց բառը բայով բացատրելը (դյութ, որ դյութում է) որոշակի բան չի հայտնում։ Սակայն հիշյալ նյութերը և դրանցով «գործում է» ասելը բացահայտում է, որ արվել է, ինչպես այժմ էլ անում են աճպարարները․ նյութերը կերպ֊կերպ շարժում են, շարում, բաժանում, մեջը մի բան են պահում և այլն։ Զանազանվում են նաև դրանց անուններով բարդված անուն ունեցող հմայությունները, որոնցից գլխավորը հատընկեցությունը կամ հատահմայությունն է, ինչին Ալավկի որդի Դավիթը ասում է․ «Գլուխ դիւթութեանցս այսոցիկ է Հատահմայութիւն»։ Հատ նշանակում է «ընդեղենի՝ ցորենի, գարու և այլնի սերմ»․ դրանք էին գործածվում հմայողները, որի համար էլ կոչվում էին գարեդյութներ և գարընկեցներ։ Մեկ այլ գրվածքում ասվում է․ «Որքընկենուն հատս գարւոյ»։ Դյութը ափով գարին նետում կամ ցրում է և ընկած հատիկների դիքից գուշակություններ է անում։ Սրան նման են նաև ալյուրադյութները, որոնք ալյուրը բերանով փչում են և գուշակում։ Այս տեսակ դյութությունը փոքր֊ինչ մութ խոսքերով հիշատակվում է Եսայի վարդապետ Նչեցին («Սիրեցից զքեզ Տէր» սաղմոսի մեկնության մեջ)։ Նա ասում է, որ եգիպտացիները իրենց քահանաներին ու երազագետներին կոչում էին մարգարե, և ավելացնում է․ «Եւ այն որ առ մեզ իսկ է, և ոչ այլքն, որպէս ինչ Ալիւրադիւթքն, Գարէդիւթքն, Հարցուկքն և այլ այսպիսիք, որպէս Հնչել ականջացն և մարմնոյ խաղալ․ այլ յայսմ ամենայնէ օգուտ ոչ ինչ է, այլ մանաւանդ զի ընդհարկէ զբնութիւնս, որպէս որք վարին աստեղօք»։ Ալյուրը հիշեցնում է խմորը․ եղել են նաև դրանով դյութողներ, որոնց Սիմոն Աղձնյաց եպիսկոպոս անվանված մի հին վարդապետ (բայց կարծում եմ՝ 8֊րդ դարում ապրած Սիմոն կաթողիկոն է) կոչել է խմորաթաղներ։

Ըստ մի մեկնիչի («Լուծմունքների գիրք»)՝ հատընկեցության նման է նաև «Փայտ կամ Քար կամ Աւազ կամ այլ ինչ ձգելն»։ Եվ այս ամենն էլ, միով բանիվ ասվում է վիճակընկեցություն, որը հիմա էլ է արևելքում հայտնի և ավելի շատ կանանց գործն է։

Սրանց նման և նույնը պիտի լինեն քվեահարցությունը և հմայությունների քվեները՝ հիշատակված Կաղանկատվացի պատմիչի կողմից հոների մասին գրելիս։ Սրանց կարգում կարող ենք շարել կամ սրանց մոտեցնել Մանդակունու հիշատակվածները ևս․ «Աղ և Ածուղ, կամ Ասղենի առնուլ կարմիր, և Երկաթ և Ջուր, և Ուլունս Յուռթից»։ Դարձյալ ասում է, որ դյութողները «կոչեն զԴեւսն յԱղ, յԵրկաթ, ի Ջուր, ի Նարօտս, յԻւղս, ի Գարի, ի յՈւլունս, ի Մոմ, և ի Հեր գլխոյ, և յամենայն պղծութիւնս»։

Վերոհիշյալ նյութերի մեջ հմայողներին գլխավոր կամ իբր զորավոր և ազդու են թվում երկաթը, նարոտը՝ ասղանին, այսինքն՝ կարմիր ու այլ գույներով հոյւսված դերձանները կամ ժապավենները, բայց ավելի՝ ջուրը, որով դյութությունը կոչվում է ջուրհուռութք կամ ջուրհուռթույցք և պարզապես հուռութք, հուռթություն, իսկ գործողությունը՝ հուռթել, ասել է թե՝ ջրով հմայել։ Այս բառին լծորդ է հուռթի հասարակ բառը, որ նշանակում է «ջրով առատ, ջրարբի տեղ» և կատարվում էր ամանի ջուրը և նրա մեջ երևացած դեմքը պարզապես զննելով․ քանի որ սովորաբար դյութությունը կատարվում էր տափակ մի ամանի, մի կոնքի, մի լագանի մեջ լցրած ջրի վրա, դյութողը կոչվում էր լականագետ, և հարկ էր, որ գործողությունն էլ կոչվեր լականահմայություն, թեև գրքերում այս բառին չեմ հանդիպել։ Իսկ մյուս կերպը հատընկեցությամբ էր, այսինքն՝ ջուրը գցելով գարի կամ այլ հատիկներ կամ էլ դրանց նման արհեստական հատիկներ, որ մեր լեզվով կոչվում են ուլունք։ Ըստ մեր հին պատմիչների ավանդության՝ Շամիրամը նախ այս ձևով էր հուռթում։ Ըստ մեկ այլ ավանդության՝ ուլունքը նետեց Բզնունյաց (Վանա) ծովը, ինչից էլ, ըստ Խորենացու, ծագեց «Ուլունք Շամիրամայ ի ծով» առակը, որը այլաբանելով՝ գուսանորեն երգել է մեր օրերի հռչակավոր բանաստեղծ Պատկանյանի բանաստեղծ հայրը՝ տեր Գաբրիելը։ Քրիստոնեության օրոք որևէ ձևով մանցած ջրով հմայությունը կոչվել է ջուր աղոթել: Ջրով հմայելու մի տեսակ կարող է համարվել այն սուտ կամ աղթարական հավատքը, ըստ որի պետք է դեկտեմբեր ամսի 29֊ին «ի բաց ամանէ ջուր չի խմել ի գիշերիս, վասն զի դեւք կու փսխեն ի ջուրն, և որ խմէ՝ նա կու դիւահարի և կու խեւնայ, կամ կու առնուի» կամ կզարկվի։

Հիշենք այստեղ, որ հմայության, դյութության և կախարդության գործողությունները նշանակում է հեթեթանք («հմայելու հնարք») բառը, առավել ևս՝ բժժանք կամ բժժագործություն բառերը, ինչպես մեր Շնորհալի հայրն է անվանում սամոսատցիներին ուղղված թղթի մեջ։ Բառի արմատն է բժիկ֊ը, և սրան էլ՝ բիժ֊ը, գուցե լծորդ է և բույժ֊ը, որից՝ բժշկություն֊ը, որովհետև այս տեսակ հմայությունների մի նպատակն էլ բժշկելն էր, այսինքն՝ բժշկությանը հավատացնելը, որ շատ այլ տեսակի հմայությունների էլ պատճառ է, և ըստ Պլինիուսի (ХХХ, 1)՝ հմայությունների և խտրությունների բոլոր տեսակները ծագել են բժշկական դիտողություններից և պատվերներից։ Այս առումով՝ հմայությունների հատուկ տեսակներ են մարդկանց կամ մարդու մարմնի վրա եղածը, սովորաբար մասերի շարժումները որևէ ձևով զննելով արվողները։ Այս է մարմնախաղ կամ մարմնի խաղալ կոչվածը, որի մասին կան ծավալուն գրվաշ և թարգմանված ձեռագիր ու տպագիր սնոտի բաներ, որոնց մեջ եթե պիտանի մի բան կա, մարդակազմությանը վերաբերող բառերն են։ Հմայությունները կոչվում են նաև առանձին անուններով՝ ըստ մարմնի գլխավոր մասերի, ինչպես՝ ակնախաղ։ Այսպիսի սնոտիքները հիշատակում է նաև մեր հին Եզնիկ վարդապետը․ «Յորժամ Ակն խաղայցէ բնական ազդեցութեամբ, վասն զնորորգ ոք տեսանելոյ լինի՝ ասեն՝ նշանակ, որք այմն ստէպ միտ դնեն։ Յորժամ յերանս կամ յայլ անդամս միս խաղայցէ, նշանակ հեծանելոյ ուրուք է, ասեն, կամ հանդերձս ացնիւս ագանելոյ, կամ սիրելւոյն պատահելոյ, կամ գան ըմպելոյ։ Նոյնպէս և յորժամ Ոտն կծիցէ՝ կամ Ձեռն, մին ասեն ճանապարհի գնալոյ նշանակ էկամ Անձրեւի, և միւսն՝ առնլոյ ինչ յումեքէ կամ տալոյ։ Նոյնպէս և ՓՆչելն և Լեզուին կծել, և Ունկանն հարկանել, և Ըմբանին կծել (կոկորդ ― Ղ․Ա․), ոչ թէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի։ ― Եւ յօրանջելն և ձգտիլն՝ ոչ ի դիւէ լինի, այլ ի մեղկութենէն և ի թուլութենէ մարմնոյ․․․ և ոչ փնչելն՝ ի հրեշտակէ, այլ կամ ի ցրտոյ կամ վասն այլ իրիք բնական ազդեցութեան։ Նա և յՈգւոցն հանել՝ երբեմն յիշատակաւ լինի և երբեմն առանց յիշելոյ զոք»։

Մարմնախաղի նման կարող ենք մարմնակապ կոչել պարզապես կապ ասվածը, որը, ըստ համողների, մարմնի որևէ մասի շարժման արգելումը կամ արձակումն է։ Եվ սա էլ, ըստ մասերի, ունի հատուկ անուններ, ինչպես՝ քնակապ՝ քնի մեջ թմրեցնելը․ իբրև բացատրություն՝ «նոր փեսայ կապել», որը մեկ այլ տգեղ բառով էլ է կոչվել, ինչպես նրա արձակման գրվածքի մեջ․ «Հաւբալն նստեալ ի յանհուր և յանջուր և յանեղեմն դաշտին, լայր զերդ զայրի և ողբայր զինչ զգերի, և ձայն ածէր զինչ զանեբայր քոյր։ ― Հրամայեաց տէրն․․․ թէ, Հաւբալ, է՞ր ես նստել ի յանհուր ի յանջուր ի յանեղեն դաշտին․ է՞ր կու լաս զերդ զայրի և կ՝ողբաս զերդ զգերի, և ձայն ածես զինչ զանեղբայր քոյր։ ― Հաւբալն արար պատասխանի, թէ ի՞նչ ցեղ չի նստիմ ի յանուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ ի՞նչ ցեղ չիլամ զերդ այրի և չողբամ զերդ զգերի և ձայն ածեմ զերդ անեղբայր քոյր/ երբ չիծնանին իմ յղիքն իմ երընճնիքն, և չի արձակեցան իմ գոզարքելքն։ ― Նա հրամայեաց տէրն․․․ թէ, մի՛ նստել ի յանհուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ և մի՛ լար զերդ այրի, և մի՛ ողբար երդ զգերի, և ձայն ածել զերդ անեղբայր քոյր։ Քո յղիքն ծնանեցան, և քո երընճնիքն յղեցան, և արձակեցան քո գոզարգելքն։ ― Արձակեցաւ երկինք և արձակեացւ երկիր․ և արձակեցաւ ծառայն Աստուծոյ այս անուն» և այլն։

Լեզվակապը մեկի լեզուն հմայելով համրացնելը կամ արձակելն է։ Հմայողն էլ անվանվում էր չար լեզու։ Արձակման համար սնոտի աղոթքներ ու խոսքեր գտնվում են՝ գրված աղթարական գրքերում և առանձին թղթերի և ծրարների վրա, որոնք կոչվում են պահպանակներ և գրապանակներ, ինչը կհիշատակենք հետագա շարադրանքում․ օրինակ․ «Գայր երկինքն երկնաւորօքն, և գայր երկիր երկրաւորօքս․ կու առնուր ի հրոյն սուր և ի սրոյ հուր․ և դնեն ի ստորոտս բանք բերանոյն ամենայն չարկամաց և չարախօսաց, Հայի և Տաճկի և ամենայն միլաթի, թէ չկարեն խօսիլ․․․ Կարկեսցին բերանք թշնամեաց և լեզուք չարախօսաց, անուամբն Աստուծոյ» և այլն։

Լեզվակապից առավել տարածված է աչքակապը, որ կոչվում է նաև աչխուփ և շատ է հիշատակվում․ ըստ գրքերի՝ հաչաղանք, ըստ ռամիկների՝ աչքիլել՝ թշնամությամբ կամ ծուռ նախանձով մեկին, մանավանդ երեխաներին նայել, ինչի մասին մինչև այժմ էլ խոսվում է շատ ազգերի, նաև մեր մեջ, և դրա դարման սնոտի հնարքները հայնի են։ Հմայողը կամ ծուռ նայողը կոչվում է չարակն, որի դեմ էլ կան շատ սնոտի գրվածքներ։ Օրինակ․ «Անուամբն անեղին Աստուծոյ․ գայր Չարակն, և որոտայր իբրեւ զամպ և զառիւծն, և գալարէր իբրեւ զօձ․ տեսեալ զնա և ասէ․ Ո՞ւր երթաս, պիղծ անիծեալ։ Ասէ Չարակն․ Երթամ զիւրեացն գործն խափանեմ․ զեզն՝ ի լուծէն, զկովն ի կըթէն, զմաքին ի կաթէն, զաղիկ մանուկն՝ հալեմ, զտղայն՝ ի մօր գիրկն չարչարեմ և մասեմ։ Ասէ ողորմութեան հրեշտակն․ Կապեմ զքեզ կաթամբ Ս․ Կուսին և ամենազօր խաչին Քրիստոսի, չորեքկերպեան աթոռովն և չորս գլուխ աւետարանաւն, չորս տարերաւն, չորս կողմն աշխարհիս, չորս գետովն, տասն մասամբ արարածովս, որ ոչ մերձենաս ի ծառայս Աստուծոյ»։


Ավելի զվարճալին․ «Չարակն՝ ի չար փուշն․ չար փուշն ի բարկ կրակն․ բարկ կրակն՝ ի քարն․ քարն՝ ի յանյատակ ծովն․ ամենայն չար աչք և չար լեզուաւ չար խորհուրդ և չար զգայարանքն՝ պատառի և խաւար դառնայ ի դիմաց ծառայիս Աստուծոյ»։

Մեր պատմության մեջ առաջին չարակն կարող ենք կոչել Երվանդին, որին ուրիշ տեղում էլ ենք հիշատակել․ «Ըստ հմայից դժնեայ գոլով հայեցուածով, վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնէութենէ՝ ասեն պայթել որձաքար վիմացն»։

Մարմնի զննությամբ հմայությունների կարգում կարելի է համարել նաև թիզ բանալը կամ թիզ չափելը, ինչպես հիմա էլ են անում շաղակրատ հմայողները, որոնք, ափի գծերը քննելով և նկատի առնելով դրանց միմյանցից հեռու կամ մոտիկ, ավելի կամ պակաս լինելը, սուտումուտ գուշակություններ են հարմարեցնում։ Հմայելու մեկ այլ կերպը ձեռքով և շարժումով հմայությունն է՝ ձեռնածությունը, որը գործելը կոչվում է ձեռն ածել, գործողը՝ ձեռնածու, որը սովորաբար երեխաների վրա ձեռքերով պես֊պես շարժումներ է անում՝ շոշափելով կամ ոչ՝ իբր նրանց հաջողության կամ բուժվելու համար։ Նույնը և ավլեին հիշում է Ալավկի որդին․ «Այլ և Ձեռնածութիւն առնեն մանկաց տղայոց իւրեանց․ ասեն ոչ լինել ցաւ ի մարմինս նոցա։ Այլ և թքով բերանոյ իւրեանց ձեռամբ մարձեն զայնոսիկ․ ասեն թէ յ՛աչաղկոտէ հիւանդացեալ է, և մի՛ առցէ դարձեալ յաչաղումն։ Այլ և պառաւունք անօրէնք յօրանջեն և ձկտումն առնեն զհիւանդացեալ մանկամբն»։

Հաչաղանքի և ձեռնածության մի տեսակ հմայություն է նաև փաթերակելը, որ ունի պես֊պես գրվող անուն՝ փայթերակել, փայթերակ առնել, փայթերակ գցել, բայց ինչ կերպ անելը որոշակիրոեն հայտնի չէ։ Քանի որ հմայական նյութերի մեջ փաթեթանք էլ է հիշատակվում, ենթադրվում է, որ փաթերակելն էլ փաթաթելով է արվում, բայց ոչ միայն դրանով։ Հիշատակվում է նաև մանուկներին փաթերակելը, որ հայտնի է դարձնում ձեռնածության նման լինելը։ Աղթարքներում հիշատակվում է նաև «փաթերակել ի բարձր տեղւոյչչչ, ինչը ցույց է տալիս իբր վախեցնելով, բայց անվնաս պահելով վերից վար գլորելը, ինչպես անում են աճպարարները նաև այժմ։ Նույն գրքերում հիշատակվում է նաև փաթերակոտ օր՝ «վնասակար» նշանակությամբ, որ բուն փաթերակի իմաստը ընդարձակում է և ցույց է տալիս միշտ վտանգավոր մի բան անելը և վտանգից հեռու պահելը։

Նյութախառն հմայությանը կարող է վերաբերել նաև խոտ հանելը, որ գիր առնելու և ձեռն ածելու հետ հիշատակված է խրատական մի գրվածքում և թվում է խաբեական բժշկությամբ խոտեր փնտրել կամ համեյլ խոտերով, մանավանդ հրաշալի բույսերով, որոնք հիշատակեցինք բնապաշտության մասին խոսելիք։ Այսպիսի մի բան է գրում նաև Ալավկի որդին․ «Ի բացուստ արմատս բուսոց հատանեն, և լիցս կապեն ի ծառս տանձոյ և յայլ թուփ որ լինի զսենեկաւն, և ասեն՝ թէ դեղ է ջերմնոտի»։

Հիշատակվում է նաև ազբնագողը, որ կարծվում է մի տեսակ աճպարար հմայող՝ դերձանը կամ թելերը իրար հետ խճճելով և ապա անշփոթ ու անխառնակ քաշելով։ Գուցե այս բառը նշանակում է նաև մակ այլ խարդախություն։

Ռամը կամ ռազմարկությունը ևս կիսով չափ աճպարարի, կիսով չափ հաշվով խաղի գործ է։ Ռազմարկը իբր դյութական գավազանով հարվածում է հասարակ իրերի կամ հատուկ ձևով շինված խաղալիքի գնդակների նման բաների և դրանք կա՛մ անհետացնում է, կա՛մ հանկարծ տեղափոխում։ Բայց նրա գլխավոր գործը յետ (նոքտա) կոչվող այդ փոքրիկ գնդակների դիրքը և թիվը որոշելն է, մի աստղացույցի վրա մոլորակների և մի քանի այլ աստղերի դիրքին հարմարեցնելը և պես֊պես գուշակություններ անելը։ Եվ սրանց՝ իբրև ստույգ գիտության վերաբերյալ ծավալուն գիրք էլ է գրված՝ բաժանված 16 գլուխների կամ տների, այսինքն՝ աստղատների։

Գուշակություններ

Ինքն իրեն ճանաչելուց հետո մարդու ամենակարևոր գիտելիքը իր հանդերձյալ կամ ապագա կյանքն է։ Եվ եթե հանդերձյալ կամ երկրորդ կյանքի նկատմամբ հաստատ հավատք էլ ունի, ներկայումս էլ երբեմն կամենում է իմանալ վերջին հանդիպելիքը կամ մի դիպվածի ինչպես կատարվելը կամ որևէ հոգս պատճառող կամ փափագած մի բանի հաջողվելը կամ չհաջողվելը ու ճանաչելով, որ դա իր բնական խելքից և կարողությունից վեր է՝ որևէ կերպով ապագան իմանալու համար դիմում է գերագույն գիտելիք ունեցողի կամ առավել ևս՝ գերագույն էակի և նրա պաշտամունքավարների կամ կարծեցյալ հնարագետների։ Այս փափագը և զգացումը ընդհանուր են բոլոր ազգերի ու բոլոր կրոնների մեջ։ Ճշմարիտ կրոններում մանավանդ հին, շատ անգամ հայտնապես եղել են աստվածային ներշնչանքով այդպիսի գերմարդկային գիտություններ կամ հայտնություններ՝ պես֊պես օրինակներով, ինչը Ս․ գրքի պատմածներն իմացողներին ծանոթ է, և այստեղ բացատրելը՝ մեզ համար ավելորդ։ Բայց միայն հիշեցնենք, որ ինչը ճշմարիտ կրոնում Աստծու ներշնչումով էր լինում, սուտ կրոններին հետևողներն էլ ուզում էին անել իրենց կարծեցյալ չաստվածների, իրենց քուրմերի, մոգերի կամ աստվածատես համարված անձանց ձեռքով։ Ճշմարիտ կրոններում Աստծու հատուկ շնորհով այսպիսի բաներ իմացողները կոչվում էին պայծառատեսա կամ մարգարե։ Ինչպես այդ կրոնների բոլոր հանգամանքներին հեթանոսներն էլ մոլորությամբ, խարդախությամբ և կեղծիքով են ուզել նմանվել կամ խաբել միմյանց, այդպես էլ բոլոր ազգերի ու կրոնների մեջ եղել են մարգաե կամ գուշակող կարծված հատուկ անձինք, որոնք կոչվում են այլևայլ անուններով՝ իրենց գուշակած բանի կամ գուշակելու կերպի համեմատ, որ արդեն հիշատակվեցին պես֊պես հմայությունների մասին գրածովս։ Բայց այստեղ կամենում եմ դարձյալ հիշատակել լինելիք բաները կանխավ ամեն տեսակ ասողներին, ինչը սովորաբար կոչվում է գուշակություն և հատկապես մարգարեություն։

Գուշակ բառի նվազագույն մասնեիկը ցույց է տալիս գուշ կամ գույշ արմատը, որ գրքերում առանձին չի գտնվում՝ բացի գույշ ըղձական մի մակբայից և զգույշ բառից, որին հոմանիշ է։ Իսկ մարգարե բառը մեր լեզվում շատ հետաքննելի է, որովհետև նմանություն չունի հույների ու մնացած բոլոր արևմտյանների գործածած՝ նույնը նշանակող բառին՝ PcпцЮфзт, ropheta, որ նշանակում է »կանխասաց», այսինքն՝ դեռ չեղած մի բանը կանխավ ասող։ Իսկ նաբի եբրայերեն բառը նշանակում է «աստվածազդեցիկ՝ Աստծուց ներշնչված», այլ բառով էլ՝ ռոեհ՝ «պայծառատես»։ Արդ, եթե մեր բառը այլ լեզվի հետ նույնը չէ (ինչպես կարծում եմ), նշանակում է՝ սա ոչ միայն հատուկ է իրեն, այլև հին է և քրիստոնեությունից առաջ եղած, և դրանով նկատի են ունեցել ուրիշ հեթանոսների գուշակների, կանխասացների պես մեկին (Divinus, Vates)։ Զուգադիպությամբ կամ մեզ անծանոթ ինչ֊որ ստուգաբանությամբ մարգարե բառը թե՛ հնչումով և թե՛ իմաստով նմանվում է միայն հռոմեացիների Mercurius֊ին, որ, ըստ հույների, Հերմես չաստվածն է, որը համարվում էր թե՛ գուշակությունների և պատգամախոսության և թե՛ վաճառականության (հայերի մի հատուկ ձգտման), արվեստների, գիտության, ճարտասանության չաստված, ինչպես նաև եգիպտացիների Եռամեծ կոչվածն է՝ մեծագույն չաստվածի՝ Օսիրիսի խորհրդականը։

Մեր հին նախահայրերը ինչ էին համարում մարգարեին, և ինչպես էին սրանք գուշակում՝ չենք կարող ստույգ իմանալ, մինչ բառի ծագումն ու ծուծն էլ չգիտենանք։ Ինչպես էլ լինի, հարկ է, որ ինքը՝ մարգարեն, որ ուրիշներին բան էր հայտնում, իմացող լիներ։ Այդ պատճառով է կոչվում գետ՝ ւււգիտեցող», նաև գիտնական՝ ըստ հույների՝ гнюуфзт, ըստ հռոմեացիների՝ Sciolus։ Տգետները նրանց էին հարցնում, նրանք էլ ձևացնում էին, թե հարցնում են իրենց չաստվածներին։ Այս պատճառով էլ կոչվեցին հարցուկներ (հունարեն՝ МЬнфйт, լատիներեն՝ Hariolus, Vates)։ Շատ անգամ հարցուկ էին կոչվում նաև այն կարծեցյալ չաստվածները և նրանց տեղը (եթե տեսանելի պատկեր չունեին)։ Եվ ինչպես քրիստոնյաներն էին դիմում ուխտատեղիներին, նույն կերպ էլ հեթանոսներն էին դիմում իրենց խնդիրները ստուգելու համար։ Եվ շատ հռչակ էր ունենում այն վայրը, որտեղ առավել ստույգ և հաջող պատասխան ու պատգամ էին ստանում, ինչպես հույների Դելփիքը, Դոդոնը։ Այստեղ պատգամատուն Արամազդն էր, այնտեղ՝ Ապոլոնը, որի հարցուկները պյութիա անվանված կանայք էին, իսկ հանդեսներն էլ կոչվում էին պյութիական, պատգամախոս ոգիները՝ պյութոններ, մեծ պատգամատուն (Ապոլոնը)՝ Պյութիոս։ (Արդյոք մեր հին հայերի հիշած Բուք պաշտոնատեղին էլ այս անվանը, նմանությունից զատ, առնչություն ունի՞)։ Կամ նրանց գլխավոր պատգամախոսը Տիր չաստվա՞ծը չէր, ինչպես հիշատակել ենք՝ ըստ մեր գրվածքի կարգի։

Խաբեբա պյութիաները, հարցուկները և քուրմերը իրենց մոտ եկողներին հավատացնելու համար շատ անգամ վախեցնելու կերպար էին համարում՝ ձայներով, որոտընդոստ շարժումներով և կերպարանքները այլլևայլելով, փրփրելով, թապլտկելով և այլն, ինչպես նրանց մասին գրում են հույներն ու հռոմեացիները։ Մենք էլ նույնպիսի երևույթներ նշմարեցինք Բութում և Պաշատույզում։ Անշուշտ, այլ կողմերում էլ էր այսպես, և թեև ոչ այնքան բացահայտ և ոչ շատ ահավոր կերպով և մասմաբ՝ խաբեբաները նույնն են արել ինրենց հավատացողներին նաև քրիստոնեության դարերում՝ ընդհուպ մինչև վերջին դարերը (Հայաստանում գուցե այժմ էլ գտնվում են պյութիանման անպիտան պառավներ, որոնք այսահարների ու լուսնոտների պես գետնին են ընկնում ու քաշքշվում և կոչվում են ընկնավոր կամ ընկվոր։ Այսպիսի անշնորհք և իրենց սեռին շատ անվայել գործ հին ազգերի ու օտար ազգերի կանանց մեջ էլ է հաճախ լինում։ Շատ անգամ և՛ հարցնողը, և՛ հարցվողը կանայք են։ Հարցուկ տղամարդկանց մի տեղ ցույց տվեցինք քաջքարի մասին խոսելիս՝ վիրահայոց սահմանի մոտ Երվանդի հաստատած Քաջատունը հիշելով։ Հիշեցինք նաև, որ հարցուկն էլ կոչվում էր քաջքերի գիտուն

Եթե որևէ մեկը մեր երկրի կողմերում կամենա ավելի հին մարգարե փնտրել, ավանդությունը կարող է հիշեցնել պյուռոսյան սիբիլլային, որին ոմանք անվանում են հայկական սիբիլլա, իսկ ոմանք էլ սիբիլլա մարգարեուհիներից առաջինն են համարում Հաբեթի կոնջը։

Խաբեությանն ու ստությանը չափ ու սահման չկա։ Բարի մի բան չիմացողը և անել չկարողացողը կարող է շատ ստեր հնարել։ Ուրեմն ձևացած և հավատի արժանացած ստությունների և նրանց պաշտամունքավարների, այսինքն՝ գուշակների և հարցուկների շատ տեսակներ էլ կարող էին լինել։

Մեր նախնի ընտիր գրիչներն ու թարգմանիչները, կամ իրենց բնատուր ճոխաբանությամբ, կամ իրենց հնագույն նախնիների պես֊պես աղանդները և մոլորությունները գիտենալով, դրանք կոչել են տեսակ֊տեսակ անուններով։ Ըստ մեր թարգմանիչների՝ Եսայի մարգարեն, իր ազգին հանդիմանությամբ խրատելով, ասել է (Ը, 19)․ «Եթէ ասիցեն ցձեզ, Խնդրեցէք զՎհուկս և զԳետնակոչս և զՋրախօսս և զՈրովայնակոչս, ոչ իբրեւ զազգ որ յԱստծոյ իւրմէ խնդրիցէ․ զի՞նչ պնդրիցեն վասն կենդանեաց՝ ի մեռելոց անտի»։ Լատիներեն ասված է միայն՝ «պյութոններ ու հարցուկներ, որոնք իրենց հմայության ժամանակ ճչում են» (Quaerite a Pythonibus et a Divinis, qui strident in incantationibus suis), մեր ունեցած հունարեն բնագրում՝ որովայնախոսներ, գետնակոչներ, նանրախոսներ, որոնք որովայնից գոչում են։ Մեր Գևորգ Սկևռացին՝ Եսայու, Ոսկեբերանի և այլոց հավաքաբան մեկնիչը, հարցնում է․ «Զի՞նչ է Վհուկ․ դև իմն չար, որ յորովայնէ կանանց խօսի, և նոր իրօքն ջանայ հաւատալի առնել զխաբէութիւնն․․․ և տգէտք հաւատան թէ ճշմարիտ խօսի․ յայսմանէ և Գետնակոչաց արուեստն հաւատալի թուի․ և Զրախօսացն՝ ընդ այր խօսողացն՝ որ յորովայնէն բարբառին։ Իսկ Ակիդաս (Ս․ գրքի հին թարգմիանչ ― Ղ․Ա․) զՀաւագետս ասէ փոխանակ վհկաց․ իսկ Սիմաքոս՝ զԳետս՝ որք ճճուիցեն․ և Թէոդիտոն՝ զԿանխագէտս ձագացեալս, այսինքն՝ ձագուց պէս ճռուողեալս (կամ ճըւճըւեալ ― Ղ․Ա․)․ թուի թէ և այս զՄեռելահարցուկսն նշանակէ, զի նոր բարբառովն զարմացուսցեն Դեւք իբրեւ զհաւս․ զոր Եօթանասունքն՝ Զրախօս ասացին»։

Նույն բանը իր ուսուցչի (Հովհան Որոտնեցու) գրքի մեկնության մեջ գրում է Գրիգոր Տաթևացին․

«Ոմանք ասեն՝ թէ Վհուկն Հարցողքն են, որք լինէին պաշտօնեայք կռոցն, և ի նորցանէ՝ այսինքն ի կռոցն՝ հարցանէին զլինելեացն։ Գետնակոչն այն է՝ որ ի ներքոյ կռոցն կամ ի ներքոյ ծառոցն ծածուկ լինէր գետին, և յայնմանէ խօսէր դեւն․ որպէս յորժամ եկն Աղեքսանդր թագաւոր ի մեհեանն արեգականն և լուսնին, և եհարց ի Գետնակոչէն։ Իսկ Զրախօսն՝ ընդվայրախօսն է որպէս Գարընկէցքն։ Իսկ Որովայնակոչն՝ այն է՝ յորժամ սպանանեն զարջառ կամ զոչխար, ի սիրտն և ի թոքն և յայլսն՝ դիւթեն զշարժմունս նոցա։ Դարձեալ վհուկ այն է՝ որ չար դեւք ի կանայս մտանեն և խօսին ընդ որովայնս նոցա։ Իսկ այլ թարգմանք փոխանակ վըհկացն՝ զՀաւագեէտն են գրեալ․ այսինքն, որք զձայնս ձագուցն և ագռաւուց և զայլոցն դիւթեն․․․ Եւ որովայնակոչն՝ որ դեւն մտանէ ի մեռեալն, և նովաւ ընդ վայր սուտ բարբառէր»։

Ապագան իմանալ անցկացողների փափագին նայելով, որ մեր լեզվով իղձ էլ է անվանվում՝ գուշակողներն էլ իղձեր և ըղձապատումներ են կոչվել, իսկ արածներն ու ասածները՝ ըղձություն։ Եվ բառից ենթադրվում է, որ բարի կամ հաջող բաների գուշակություններ էին։ Սակայն թե՛ Ս․ գրքի թարգմանության մեջ և թե՛ մեր վարդապետների հեղինակած գրվածքներում ամեն տեսակի հմայություների ու գուշակությունների փոխարեն էլ այդ բառն է գործածվել․ «Կոչեցին այլազգիքն զքուրմսն և զիղձսն՝ զգէտս իւրեանց» (Ա․ Թագավորաց, Զ, 2)։ Դոդոնի հարցուկի մասին Եվսեբիոսի թարգմանության մեջ ասվում է․ «Դոդովնէասաւ ըղձաւ վարէին Յոյնք»։ Մագիստրոսը Սավուդի ու Սամուելի պատմության մեջ իր սովորական ճոխաբանությամբ ասում է․ «Իղձք Կիւսոյ հմայից դիւթութեան յարուցանեն զՍամուէլ»։ Նմանապես և Նարեկացին աղոթքում (ՀԵ) եկեղեցու մասին գրում է․ «Օտարութիւն է ամենայնիւ դիցն դրօշելոց․․․ քակտումն է յայտնապէս Ուրուականց Ըղձիցն անտառաց․․․ Խորտակումն է համայն դիւապատիր Յուռթիցն արձանաց»։ Վերջին երկու խոսքերը ակնարկում են բնապաշտությունը։ Հետին դարերի գրողներից Թովմա Մեծոփեցին իղձ֊ը ստուգաբանում է «աղոթարան»՝ այն իմաստով, ինչպես հիշատակվեց ջուր աղոթելը։

Հեթանոսների համար ընդհանրապես շատ փափագելի գուշակությունը լինելիքը իրենց երազներում փնտրելն էր՝ սկսած ինքն իրեն աշխարհի տեր կարծող Նաբուգոդոնոսորից մինչև փարավոնի բանտարկյալ ներքինին ու մինչև հետին ռամիկը։

Տիր դիքի մասին խոսելիքս հիշատակեցինք նրա Երազմույն ու Երազացույց մեհյանն ու դրա ավերվելը։ Եթե հայոց այլ երկրներում այդպիսի մեհյաններ չկային էլ, ապա երազագետները շատ էին։ Ավեի շատ էին երազներին հավատացողները կամ խաբվողները։ Դրանց շատ լինելը իմացվում է նաև նույնիսկ բառերի պես֊պես զուգադրվելուց․ երևույթը կոչվում է երազահանություն, երազադյութություն, երազամեկնություն, երազատու ձեռնածություն, երազահմա լինել գուշակողը կամ հմայողը՝ երազագետ, երազադատ, երազադյութ, երազահան, երազահմա, երազացույց, երազընդհան․ վերջին երկու բառերը կարդացինք Ագաթանգեղոսի մոտ։

Երազագետները ոչ միայն խաբող էին, այլև երբեմն իրենք էլ էին խաբված։ Շատ անգամ այսպես է հասկացվում մի գրողի («Ոսկեփորիկ»֊ում) ասածից․ «Երազահան՝ որ ի գիշերի տեսանէ զդեւս և մարգարէութիւն պատմէ՝ զի պատրաստեսցի»։ Մի տեղ հիշեցինք մեր աշխարհակալ Տիգրանի դյուրահավատությունը, որ Նաբուգոդոնոսորի պես դիմում էր պես֊պես հմայողների։ Պատճառը մի երազ էր, որում կարծում էր, թե ընդարձակ դաշտում ոսկի է ցանում։ Երազահանները ինչպես մեկնաբանեցին՝ չգիտեմ, բայց ստույգ այն է, որ Լուկուլլոսը ու Պոմպեոսը ժողովեցին նրա ցանածները, և ինքը՝ Տիգրանը, նրանց զորավարներին ու զորքին միլիոններ պարգևեց։ Հռոմը Տիրգանի ու նրա քեռայր Միհրդատի գանձերով գուցե ավելի հարստացավ, քան այլ աշխարհների ավարներով, որովհետև նրանցից առաջ սրանք՝ Տիգրանն ու Միհրդատն էին ավերել ու ավարառել արևմտյան և հյուսիսային Ասիան, ինչպես իրենց հայրն ու աները՝ Արտաշեսը՝ Հունաստանը, որի նման երկուսն էլ՝ մեկը ինքնասպնության պահին, մյուսը հաղթվելուց և տիրած երկրները ետ տալուց հետո, կարող էին նրա պես հառաչել․ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։ Այս խրոխտ և իր կառքերին թագավորներ լծող թագավորաց թագավորը (Տիգրանը) չգիտեմ ո՛ր հին պատմիչի ավանդությամբ մի անգամ էլ իր որդու՝ բժիշկների չբուժված հիվանդության պատճառով դարձյալ դիմեց հմայողներին ու գուշակողներին։ Վերջիններս, ըստ պատգամախոսների սովորության, մութ ու երկդիմի խոսքերով ասացին․ «Բժիշկներէ յոյս չկայ․ այլ թէ լուսացուի տաք տաք առանց թրջուելու՝ կու բժըշկուի»։ Այս պատգամը հասկանալու համար էլ նոր գուշակության կարիք կար։ Տիգրանը, մտածելով, որ տաք լինի ու չթրջվի, որդուն տաք մորթիով փաթաթել և այդպես լվանալ տվեց։ Սակայն օգուտ չեղավ։ Հետո կանգնեցրեց արեգակի տաք շողերի ներքո և վրան լցնել տվեց տաքացրած ավազ․ այսպես բժշկվեց։ Գեղեցիկ գյուտ, որին նման համարելով ուրիշ շատ հին հեղինակների պատմածները և խաբեբաներից դյուրահավատների խնդրածները, հեռանալով մեր ոճից՝ հաճո համարեցինք հիշելը՝ միաժամանակ նաև որպես հավաստիք, բայց ոչ պարծելի, այլ պախարակելի հավաստիք մեր ազգակիցների՝ երազային բաների մասին զրախոսության զրալրության։ Դրա ուրիշ իրական հավաստիք են նաև ձեռագիր ու տպագիր երազահանները, որոնք համարվել են այնքան կարևոր ու պիտանի, որ տպագրվել են 16֊րդ դարի սկզբին (Վենետիկում)՝ թերևս հայերեն բոլոր գրքերից առաջ։ Իսկ ձեռագրերը ավելի ընդարձակ են, և մոտ երկու թերթ թարգմանված է արաբերենից ռամկորենի 1222 թ․ Անեցի Առաքել աբեղայի կողմից (Չեչկանց Մխիթար Շիրակվանեցու օգնությամբ)․ արաբ հեղինակները կոչվում են Խալավխան և Սուլթան, իսկ գրքի մասին ասում են․ «Թուփառմուլք է անուն գրիս, որ թարգմանի Աղէկախօս, և ճշմարիտ վիճակն և աղէկ․․․ 56 ցեղ երազ է, ու ամենուն մեկնութիւնն գրած է ի յայս գիրքս, բարի երազն ու չարն, և զարմենայն մարդու, որ ինչ գալու է»։

Մեզ հայտնի անեցի գրիքնեչից ու գրվածքներից սա վերջինն է և բացի մի քանի բառից՝ պիտանիությամբ էլ է վերջինը։ Այս գրքի՝ հաջորդ դարերի օրինակողները Առաքելի լեզուն հարմարեցրել են իրենց ժամանակին ու տեղին կամ բառերը պարզեցրել են ավելի կամ պակաս փոփոխություններով։ Կան նաև բառգրքերի կարգով բաժանված համառոտ երազահաններ՝ շատ անգամ տպագրված տոմարների հետ՝ իբրև եղանակների գուշակության մաս, դրանց հետ՝ նաև ոմն Իգնատիոսի իրենց արժանի «Մարմնախաղաց»֊ը, լուսատուների հայտնվելու, խավարման, շրջանի օրերի և այլ գուշակությունները՝ Դանիելի անվամբ, և տեսակ֊տեսակ աղթարքներ կամ ախտարքներ, ինչը պարզապես նշանակում է «աստղագիտություն» կամ «աստղերի գուշակություն», բայց նույն անունով իմացվում են նաև սնոտի բժշկական բաներ և նուսխաներ, որոնց հեղինակ է համարվում Ճալիանոսը, այսինքն՝ Գալենոս հին հույն խելամիտ բժիշկը, ըստ ոմանց էլ՝ ոմն կախարդ Կապրիանոս՝ իբր ս․ Հուստիանեի վարքի մեջ հիշատակված Կիպրիանոսը։

Այսպիսի գրվածքները կամ մեկ առանձին հիվանդության մի դարմանի մասին գրվածքները, որ շատ են, դրանց սուտ զորությանը հավատացողների՝ իրենց ծոցում կամ գրպանում կրելու պատճառով կոչվում են նաև գրապանակներ, պահարաններ, պահապանակներ՝ իբրև հիվանդություններից և պատահարներից պահողներ, որի համար նաև՝ գիր պահպանության կամ օգնականության կամ միայն գիր, որը գրելն էլ կոչվում է գիր հանել կամ գիր առնել, և մեկը է՛լ ավելի լավ կոչվում է «այլախոս թուղթս»։ Մանդակունին զգուշացնում է՝ ասելով․ «Պահարանք ի Սիբնկոնք ի կռապաշտութիւն տանին»։ Երկրորդ բառը հունարեն УхвЮнз բառից է և նշանակում է «մանր նշխարի տուփիկներ», որոնց մեջ դնում էին պահպանիչ նյութերը կամ գրերը, և որոնք փոքր լինելու պատճառով, ըստ Մանդակունու խոսքի, «կապէին ի ձեռին և ի յակին և ի պարանոցի»։ Այսպիսի փոքր բաները, տուփով լինեն, թե քսակի մեջ և թե այլ կերպ, կոչվում են հմայեկներ, որը նշանակում է «հմայելու բան»։ Երկար գրվածքը սովորաբար գրվում է նեղ և իրար կպցրած թղթերի կամ մագաղաթի վրա՝ մինչև 10, 20, 30 և ավելի չափ (մետր) երկարությամբ։ Գրվածքները մասամբ Ս․ գրքի և օրինավոր աղոթքների խոսքեր են, մասամբ էլ՝ վերոհիշյալի նման ափեղցփեղ։ Շատերի վրա մեջընդմեջ նկարված են տերունական և ծանոթագույն սրբերի պատկերներ (Լուսավորիչ, ս․ Սարգիս, ս․ Գևորգ և այլն) ընդդեմ պես֊պես հիվանդությունների, պատահարների և վտանգների կամ վնասակար կենդանիների։ Օրինակ․ «Երդմնեցուցանեմ զ666 ազգ Օձիցն, զգազանաց, զսողնոց, զեռնոց, որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցանեն զմարդիկ․ և երդմնեցուցանեմ զ304 ազգ Կորն (կարիճ)․ երդմնեցուցանեմ զԿորն և զՄուրն և զՓոյլախն և զԿարիճն, և զԿուրն, որ ունի թիւնից սատանայի։ Երդմնեցուցանեմ զհայր օձիցն և զամենայն գազանաց, զԻժն և զՔարբն» և այլն։ Եվ առանց ձանձրանալու՝ հիշատակում է հայերեն և օտար անուններով 30 կամ 40 տեսակ օձ։ Գուցե մի մասին էլ գրողն է ստեղծել, ինչպես մանր ճիճուներ, միջատներ, սողուններ էլ։ Ընդդեմ պատահարների կամ ի պահպտանություն դրանցից․ «Փրկեա զծառայս քո, և ամրածածուկ աջովդ քո պահեա զսա յամենայն որոգայթից երեւելի և աներեւոյթ թշնամւոյն, ի սրոյ և ի հրոյ և ի յօդոյ և ի ջրոյ, և ի հեղեղատէ, ի յընկղմանէ ծովու, ի յորդահոսան գետոց և յաղբիւրէ, և ի բքախեղդ ձիւնէ, ի լեռնատարափ թնդմանէ, ի վիմագլոր և ի թաւալագնաց քարէ․ ի յորոտմանէ ամպոց, ի շառափնաթափ կարկըտէ, ի յանկարծակի փայլատակէ և ի հրաբորբոք կրակէ, ի շարժմանէ, ի ցասմանէ և ի պատերազմէ, փրկեա և պահեա» և այլն։

Հայտնի է, որ մեր սուրբ կրոնն էլ բարեպաշտներին ներում է կրելու համար թե՛ որևէ սրբազան բան, ինչպես՝ ավետարանի մի մաս կամ մի քանի խոսք կամ այլ հոգևոր գրվածք, և թե՛ սրբազան նյութեր, ինչպես՝ սուրբերի նշխարներ, ոսկորներ լինեն, թե հանդերձ և այլն, բայց միայն այսպիսիները՝ անխառն սնոտի հմայական բաներին, և ոչ բնավ՝ օտար նյութ, նկար կամ ինքնահնար գրեր, ձևեր, բառեր, անծանոթ ու անէակ անձեր և անուններ, առավել ևս աղտեղի քուրջեր կամ նյութեր՝ լավագույն նյութերի մեջ փաթաթած, որի պատճառով կոչվում են փաթեթայք, հեթեթանք, հանգուցակք և այլն, ինչպես Անձևացյաց կողմերի վերոհիշյալ քարապաշտները և կրակապաշտները (նաև հետագայում) տալիս ու առնում էին թարախաշոր ծրարներ ու փաթեթաններ, և «դեղս ախտականս, առ ի կատարեալ զպղծութիւնս ախտից․․․ մարդիկ աշխարհին սովորեալք անդ առ քարին դեգերէին, առնուլ ի չաստուածոցն ծրարս թարախածորս՝ ի պատճառս ախտիցն, որպէս զծրարսն Կիպրիանոսի՝ առ ի պատիր Յուստիանեայ կուսին»։

Սրանց ջնջեցին նախ ս․ Բարդուղեմիոսը, ապա Հռիփսիմյանները ու Լուսավորիչը։ Բայց ցավալի և ամոթալի է, որ դեռ հետո էլ մնացած լինեն այդպիսի դեղատուներ, ինչպես դրանք կոչվում էին (թեև այս անունով իմացվում են մահացու դեղ տվողները)։ Ալավկի որդին իր ժամանակի սնահավատներին էլ է հիշատակվում, որոնք հմայեկների վրա խառը գրում էին դևերի, հրեշտակների ու սրբերի անուններ «և այլ բազում ոգեկորոյս և օտարացուցիչ յԱստուծոյ բանս յօդեն և գրեն ի մագաղաթի, խառն ընդ անուանսն և բանաքաղ լինին յաւետարանէն Քրիստոսի, և ի ներքս խառնեն գրովք, զի կենաց բանիւն՝ զմահացու բանն յօժարութեամբ առնուցուն․ և զայսոսիկ գրեալ լի մագաղաթիւ ծածկեալ, կնքեն տէրունական խաչիւն․․․ և առեալ դնեն ի դըրճի․ այլ և կապեն ի բազուկս և ի պարանոցս մանկանց իւրեանց, անասնոց, ձիոց և եզանց և ոչխարաց․ և Պահապանս կոչեն զայս»։ Իսկ Մանդակունին դա կոչում է «Ժաժմուկս մտացածին բանից․․․ և զանուան, որ ոչ լսի ի պատուիրանս՝ գրածս առնեն, և զանուն Քրիստոսի ընդ նոսին արկանեն, զի գրածն՝ աստուածական համարեսցի»։

Անցյալ դդարի կեսին Իգնատիոսի վարդապետ Ջաղատյան Ջուղայեցին իր վարքի պատմության մեջ գրել է մի գլուխ՝ «Վասն սովորութեան կանանցն արեւելեան, մնացեալ ի հնոց ժամանակաց յօյէնս աշխարհական, բանք առասպելք և ծիծաղելիք», որոնց 44 տեսակ է համարում կարճ բացատրություններով և ավելացնում է, թե կան «այլ ինչ բանս ծիծաղելիք՝ որ ոչ կամեցաք գրել վասն առասպելութեան»։ Մենք էլ, նրան հետևելով, թողնենք և՛ նրա գրածները, և՛ ուրիշ շատերը, որոնցից ավելի գիտեն, գուցե և հնարում են արևելյան կանայք, որովհետև Կիրիանոսը աղթարքներում եղած կամ հաշվվաշ է համարում «6672 աղանդս կանաց և կախարդաց»։ Նմանապես թողնենք այլ ավելի անվնաս, բայց և անօգուտ գրվածքները («Յոթնագրյանք» և «Վեցհազարյակ» կոչվածները) հիշելն ու քննելը․ դրանք առանց հասկանալու պահվել ու պատվի են արժանացվել գիտունների ու անգետների կողմից, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրք»֊ը, որ երդվեցնող, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրքը»֊ը, որ երդվեցնող ու պահպանական աղոթքներ և աղճատանք են և որևէ բախտ ճանաչելու կամ գտնելու կախարդական խոսք ու չնչմանք, և որին հետևողները կոչվում են ուրբաթատեսներ և ուրբաթալեզներ։

Աղթարքները ընդհանրապես ախտերի և հիվանդությունների վերաբերյալ (որոնք մեկ անունով կոչվում են գան) այնպես են գրում, կարծես դրանք ինքնակամ կամ չար ոգիներ լինեն, և սրանց կերպ ու կարծիք են տալիս, ինչպես տեսանք շուտիկի մասին խոսելիս, որի հետ հիշատակվում են՝ գնայուն ու սողուն, կեր, առիքեն, գետնառյուծ, աղվեսակ, ծիրանուկ, խուլիկ, խլուրդ, աչքունք, մազիկ, դիպուկ, գորտնիկ, խաղողիկ, սևբուշտ, խումրա, խոցտուկ, մարմնագույն և այլն, որոցից շատերը՝ իբրև ցավերի ու ախտերի տեսակներ, հիշատակվում են բժշկարաններում։ Բայց աղթարքների լավագույն ասածը սա է․ «Չիք ես և ի չիք դառնաս։ Դեղ Հիսուս Քրիստոս լինի․ ամէն»։

"Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Թորոս Ռոսլինի ծնունդը
Թորոս Ռոսլինի ծնունդը
Խաղա առցանց