Ալեքսանդր Շիրվանզադե

Պատվի համար

Արարված երրորդ

Նույն տեսարանը: Երեկո է: Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է կիսախավար: Բոլոր դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը բաց է: Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-որ թախծալի եղանակ: Նրա ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ:

Միաժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա: Հեռու լսվում է զանգակի հնչյուն: Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է օրիորդների սենյակները:

ՏԵՍԻԼ 1

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ԲԱԳՐԱՏ

ԲԱԳՐԱՏ – (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին տեխնոլոգիական ճեմարանի նշան, փողկապը կապելով): Միշտ միևնույն տխուր եղանակը օրվա միևնույն միջոցին:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրամադրությունն ունին: Երեկոները ես տխրում եմ ու հուզվում և միշտ այս եղանակը հիշում:

ԲԱԳՐԱՏ – Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես իդեալական սիրահար: Բայց ինձ ներիր, ես ատում եմ խավարը: (Շուռ է տալիս սեղանատան դռների մոտ էլեկտրական թելի կոճակը): Առաստաղից քաշ արած ջահը տարածում է պայծառ լույս:

ՄԱՐԳԱՐԻՏ – Բավական է: (Դադարում է նվագել և դաշնամուրի կափարիչը ցած գցում: Նկատում է Բագրատի պատրաստությունը): Այդ ո՞ւր ես պատրաստվում:

ԲԱԳՐԱՏ – (Կանգնելով հայելու առջև, որ փողկապն ուղղի): Տեխնոլոգիաների երեկույթ: Գնա, հագնվիր, քեզ էլ տանեմ: Ռոզալիան պատրաստվում է: Դու այնտեղ կտեսնեն տեղական ինտելիգենցիայի ընտիր մասը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ ընտիր:

ԲԱԳՐԱՏ – Երեկույթում միայն ինժեներներ են լինելու: Դու այնտեղ չես տեսնիլ ոչ պորտֆելի և ոչ ռուբլու հերոսներին, այսինքն` ոչ իրավաբաններին և ոչ բժիշկներին:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչպես երևում է, շատ մեծ կարծիք ունիս քո մասնագիտության մասին:

ԲԱԳՐԱՏ – Եռանդի, խելքի և ժամանակիս իսկական ներկայացուցիչներն ինժեներներն են: Կգա՞ս, թե չէ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես տրամադրություն չունիմ երեկույթ գնալու:

ԲԱԳՐԱՏ – Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը – տրամադրություն: Մարդուս իրանիցն է կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան: Ահ, այս անիծվածը չի կապվում:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Մոտենում է, օգնում փողկապը կապելու) Քեզ համար հեշտ է այդ ասել: Դու հաշտվում ես կյանքի բոլոր հանգամանքների հետ:

ԲԱԳՐԱՏ – Եթե, իհարկե, հանգամանքներն արժանի չեն դիմադրության: Հակառակ դեպքում գիտեմ առողջ դատողությամբ կռվել նրանց դեմ: (Մարգարիտն ուղղել է Բագրատի փողկապը): Շնորհակալ եմ: (Նայելով եղունգներին): Գիտես, սիրելիս, մեր ժամանակի միակ գերիշխանը բանականությունն է: Այս տեսակետից ես չեմ կարող արդարացնել վերջին ժամանակվա քո տխրությունը, որ արդեն սկսել է բողոքի ձև ստանալ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Կկամենայի ես էլ ուրախ լինել քրոջս պես, թռչկոտել, ինչպես անհոգ թռչուն: Կկամենայի ոչնչի մասին չմտածել, բացի իմ անձնական զվարճություններից: Բայց, ինչ արած, չեմ կարող: (Հառաչելով, արմունկները հենում է դաշնամուրին):

ԲԱԳՐԱՏ – (Հեգնաբար): Սիրահարված ես, տանջվում ես մի անզուգական երիտասարդի, մի աննման իդեալիստի համար: (Լուրջ): Բավական է, Մարգարիտ: Ես չունիմ իրավունք քեզ հանդիմանելու, բայց այլևս լռել չեմ կարող: Բավական է: Թող երեխայությունդ: Դու չափահաս օրիորդ ես, պետք է հասկանաս, որ չունիս իրավունք սիրելու քո հարազատ ծնողի զրպարտչին:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Գլուխը բարձրացնելով) Իսկ եթե նա զրպարտիչ չէ, այն ժամանա՞կ:

ԲԱԳՐԱՏ – Դու համոզվա՞ծ ես:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Դրականապես և եռանդով) Ավելի քան համոզված եմ:

ԲԱԳՐԱՏ – Քույր, ինձ թվում է, որ քո ուղեղը սկսում է խանգարվել: Տխմար սիրո զգացումը հարբեցրել է քեզ: Եթե այդպես շարունակես, ես քեզ էլ կատեմ, ինչպես ատում եմ նրան:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ինձ համար այսուհետև միևնույն է: Ես ունիմ իմ ձեռքում փաստեր, որոնք քարերին անգամ կարող են համոզել, թե մեր հայրը կողոպտել է մի որբ ընտանիք, և կողոպտել է ամենայն անգթությամբ:

ԲԱԳՐԱՏ – Շփոթված և միևնույն ժամանակ վրդովված: Մարգարիտ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկի ցանկությամբ ես Օթարյանից պահանջեցի նրա դոկումենտները: Նա տվեց, Բագրատ, բոլորը, ինչ որ ասում է նա ճշմարտություն է: Ահ, այս միտքը կարող է ինձ խելքից հանել: (Ընկճված անցուդարձ է անում: Լռություն):

ԲԱԳՐԱՏ – (Շփոթված, չգիտե ինչ անե): Դու ինձ բոլորովին շփոթեցրիր: Որտե՞ղ են այժմ այդ գրավոր ապացույցները:

ՄԱՐԳԱՐԻՏ – Այնտեղ, իմ սենյակում, գրասեղանիս մեջ:

ԲԱԳՐԱՏ – Խոսե՞լ ես հայրիկի հետ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Այո:

ԲԱԳՐԱՏ – Ի՞նչ է ասում նա այդ փաստաթղթերի դեմ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ կարող է ասել մի հանցավոր, որին ներկայացնում են իր հանցանքի լուսանկարը: Նա շփոթվեց, կարմրեց, կապվեց, բայց հերքել, իհարկե չկարողացավ: Գնա պարահանդես, առավոտը, եթե կամենաս, կարող ես բոլորը կարդալ:

ԲԱԳՐԱՏ – Ա, ինչ պարահանդես: Ես ամեն ինչ մոռացա: Ուրեմն ճի՞շտ է, որ մեզ սպառնում է սնանկություն:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, քեզ սնանկությունն է անհանգստացնում, իսկ ինձ տանջում է անպատվությունը: Այժմ ամեն ինչ կախված է Օթարյանի կամքից:

ԲԱԳՐԱՏ – Նա կկամենա թե անպատվել և թե սնանկացնել մեզ: Նա սոսկալի ոխ ունի իմ դեմ: Ցույց տուր ինձ: Ես ուզում եմ իմ աչքով տեսնել այդ թղթերը և անձամբ հավաստիանալ:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորհրդավոր և եռանդով): Բայց զգույշ, նրանց ապահովությունը պատվովս եմ երաշխավորել:

ԲԱԳՐԱՏ – (Վիրավորված): Ես ավազակ չեմ, Մարգարիտ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Գնանք: Տես և համոզվիր, թե ումի փողերով ես ուզում մեծ-մեծ ձեռնարկությունները սկսել: Գնում են խորքի ձախ դռներով, այն է` օրիորդների սենյակները:

ՏԵՍԻԼ 2

ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ

Գալիս են նախասենյակից

ԱՆԴՐԵԱՍ – Նա աղջիկ չէ ինձ համար, դատավոր է: Ամբողջ գիշեր աչքերս չեմ փակել, ամբողջ օրը տանջվել եմ: Ես կարծում էի, որ այդ թղթերը կորած են: Էհ, ասում էի, կնիկ է, խելքը բան չի կտրիլ: Քի՞չ է պատահել, որ կանայք իրանց մարդուց մնացած հարկավոր թղթերն այրել են: Բայց այդ մեկը հիմարներից չի եղել, պահել է, որ այսօր որդին գլխիս փորձանք բերի: Նա չի խնդրում, Սաղաթել, այլ, հոգեհանի պես պահանջում է, որ վիզս ծռեմ այդ լակոտի առջև, մեղա գամ և տամ նրան կարողությանս կեսը:

ՍԱՂԱԹԵԼ – Դու ինքդ աչքովդ տեսա՞ր այդ թղթերը:

ԱՆԴՐԵԱՍ– Տեսա, բաս չէ՞: Նա ցույց տվեց մոր մոտ: Կանգնեց հեռվում, մեկ-մեկ կարդաց, հիշեցրեց բոլորը և հետո իսկույն փակեց իր գրասեղանի մեջ:

ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե, մայրն էլ պակասը լրացրեց, պատմելով աղջկան իր գիտեցածը:

ԱՆԴՐԵԱՍ – Օ, քույրդ Աստծու պատիժն է իմ գլխին: Ինձ պաշտպանելու տեղ, ավելի խայտառակեց աղջկա մոտ: Ես կատաղեցի, հարձակվեցի վրեն, որ տեղնուտեղը խեղդեմ նրան: Բարեբախտաբար, Մարգարիտը ժամանակին մեջ ընկավ, չթողեց: Նա փաթաթվեց մոր վզին: Պետք է տեսնեիր, ինչպես էր լաց լինում: Դիակիս վրա էլ նա այնքան արտասուք չի թափիլ: Եվ հետո, երբ ուշքի եկավ, ինչ խոսքեր, Տեր Աստված, ինչ լեզու: Հայրիկ, ասում է, մոլորվել կարելի է, բայց պետք է զղջալ, չզղջալն ավելի անազնվություն է: Ումի՞ց է սովորել այդ բաները:

ՍԱՂԱԹԵԼ – Ո՞ւմից: Իհարկե, հենց այդ լակոտից: Դե Աստված գիտե էլի ինչեր սովորացրած կլինի:

ԱՆԴՐԵԱՍ – Փորձեցի ինձ արդարացնել: Ասացի, ընկերս մեռնելիս տափերը գին չունեին, եկամուտ չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին: Ասացի, հետո են թանկացել, իհարկե, իմ բախտից, որովհետև եթե մեռելը բախտ ունենար – չէր մեռնիլ: Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ մոռացել: Ես օգնել եմ, հիմա էլ ուզում եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու: Ոչ, ասում է, դու պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով: Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տալ: Կարծում է այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող: Բայց փողը դեռ մի կողմ, իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ: (Անցուդարձ է անում):

ՍԱՂԱԹԵԼ – Ինչ պիտի մտածեն: Կասեն, որ Էլիզբարովը գող էր և այժմ, դատաստանից վախենալով, գողացածը հետ է տալիս: Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ: Աչքերդ թքով կհանեն: Իսկ ե՞ս... ես քեզ կհամարեմ հիմարի մեկը...

ԱՆԴՐԵԱՍ – Մնում էր մի բան, այն էլ փորձեցի: Ասացի, աղջի, սիրում ես այդ երիտասարդին, նա էլ քեզ է սիրում: Էլ դրանից լավ բան: Ես ձեզ պսակեմ: Լավ օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ: Տուր ինձ թղթերը:

ՍԱՂԱԹԵԼ – Հը՞, դրա՞ն ինչ ասաց:

ԱՆԴՐԵԱՍ – Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ պատվի օժիտ: Քանի որ դու ընկերոջդ գերեզնամի առջև մեղավոր ես, ես չեմ կարող նրա որդու հետ բախտավորվել: Նա ամեն րոպե իրավունք կունենա երեսիս ասելու. «Հայրդ կողոպտել է հորս»: Այդ նախատինքն ես տանել չեմ կարող իմ ամուսնուց:

ՍԱՂԱԹԵԼ – Լեզվին նայիր, լեզվին: Փիլիսոփայի պես է խոսում:

ԱՆԴՐԵԱՍ – Ախ, Մարգարիտն իր պապի ժառանգն է, քո հոր կտորը: Երեկ, երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նրա հետևում, պատի տակ, կանգնած է տեր-Սիմոնը` Ավետարանի խոսքերը բերանում:

ՍԱՂԱԹԵԼ – Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է: Ինչո՞ւ չեն հասկանում այդ կանայք:

ԱՆԴՐԵԱՍ – Հիմա ճանապարհ ցույց տուր ինձ, Սաղաթել: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ այդ լակոտից:

ՍԱՂԱԹԵԼ – Ինչ պիտի անես: Ինքդ վաղուց ես գտել ճանապարհը: Արա այն, ինչ որ վճռել ես անելու:

ԱՆԴՐԵԱՍ – Այո, պետք է անպատճառ անել, ուրիշ ելք չկա: Ես հենց դրա համար աշխատեցի, որ այդ թղթերը Մարգարիտի ձեռքն անցնին:

ՍԱՂԱԹԵԼ – Բայց պետք է անել շուտով, հենց այս գիշեր, վաղն ուշ կլինի:

ԱՆԴՐԵԱՍ – Սուս, ոտների ձայն եմ լսում: Գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կմտածենք ինչպես գլուխ բերենք այդ բանը: (Գնում են աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 3

ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ

Դուրս են գալիս միաժամանակ օրիորդների սենյակից:

ԲԱԳՐԱՏ – (Հուզվում է) Բոլոր կասկածներս փարատվեցին, վտանգն անխուսափելի է:

ՌՈԶԱԼԻԱ – (Հագնվել է պարահանդեսի համար: Ձեռնոցներն է հագնում): Ես էլ ասում եմ քույրս երեկ ինչ թղթեր էր քրքրում և ինձ տեսնելիս թաքցնում: Ինչ ասել կուզիս երևելի սիրահարական նամակներ են – պայմանագրեր, առևտրական թղթեր, ֆի: (Մոտենում է հայելուն և դիտում իրան):

ԲԱԳՐԱՏ – (Մտազբաղ, ձեռքերը մեջքին դրած, անցել է բեմի աջ կողմը): Ասա, ինձ, Մարգարիտ, կարո՞ղ ես այդ թղթերը մի քանի օր պահել մոտդ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ:

ԲԱԳՐԱՏ – Ինչո՞ւ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես խոսք եմ տվել վաղը վերադարձնել նրան:

ԲԱԳՐԱՏ – Ես կարծում եմ, նախքան վերադարձնելը, հարկավոր է մի լավ մտածել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ ես ուզում ինձանից, պարզ ասա:

ԲԱԳՐԱՏ – (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք վերադարձնել մեր հակառակորդին:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ, ուրեմն, դու պահանջում ես, որ ես...

ԲԱԳՐԱՏ – (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ... Ամաչիր կրծքիդ նշանից, Բագրատ:

ԲԱԳՐԱՏ – (Գրգռվելով) Էհ, թող այդ դատարկ ֆրազները, ի սեր Աստծո: Ես գիտեմ, որ այդ պարոնը քո գլուխը մտցրել է մի քանի վայրիվերո մտքեր: Բայց մենք ասպետների դարում չենք ապրում:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Դառն հեգնությամբ) Կարծես, մեծ ասպետություն է տարրական ազնվություն, հասարակ մարդկային խիղճ ունենալը:

ԲԱԳՐԱՏ – Խղճի և ազնվության մասին ամեն մարդ իր գաղափարն ունի: Էականն այն է, որ եթե այդ թղթերն անցնեն Օթարյանի ձեռքը, ես կզրկվեմ իմ գործարանից: Իսկ այդ կնշանակե` ծովը նետել իմ բոլոր ծրագրերը: Դու շատ լավ գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ուժին, ազդեցությանը և բախտավորությանը: Ես ուզում եմ լինել հզոր ֆինանսական սյուն, մեկն այն հսկաներից, որոնց ձեռքումն է մեր ժամանակի ամենամեծ ուժը – կապիտալը:

ՌՈԶԱԼԻԱ – Մի մարդ, որ կարող է հազարավոր անգործների համար աշխատանքի դուռը բաց անել և խեղճ ընտանիքներ կերակրել: Ես քեզ հասկանում եմ, Բագրատ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Եվ այդ բոլորը ուրիշի փողերո՞վ:

ԲԱԳՐԱՏ – Զավակները պատասխանատու չեն իրենց հայրերի փոխարեն: Մեր ծնողների անցյալը մեզ համար մեռած պատմություն է:

ՄԱՐԳԱՐԻՏ – Որը սակայն այսօր հարություն է առել և արատավորում է մեր ամբողջ գերդաստանը:

ԲԱԳՐԱՏ – Պետք է, ուրեմն, խեղդել այն և նորից հանձնել գերեզմանին:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորին դառնությամբ) Բագրատ:

ԲԱԳՐԱՏ – Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ: Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում: Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով: Մարգարիտ, ներկա դեպքում պետք է լինել ավելի խելացի, քան զգայուն:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորին սրտմտությամբ) Այսինքն` ավելի շահամոլ, քան ազնի՞վ: Թույլ տալ ծնողին կողոպտել մի որբ ընտանիք և փողոցնե՞րը գցել: Մասնակից լինել նրա ծանր հանցանքի՞ն, շարունակել նրա սկսա՞ծը: Եվ ինչո՞ւ: Որպեսզի ապրենք այս փառահեղ պալատո՞ւմ, ոսկեզօծ կահ-կարասու մե՞ջ, զուգվինք - զարդարվինք, բալեր ու պարահանդեսնե՞ր այցելենք: Ոչ, ոչ, ես չեմ կարող և չեմ ուզում անել այդ: (Անցնում է դեպի ձախ):

ՌՈԶԱԼԻԱ – (Ատելությամբ և գրգռված): Տա-տա, տա-տա, ինչ քաջն ես եղել: Ես չգիտեի, դու կատարյալ հերոսուհի ես:

ԲԱԳՐԱՏ – (Զգալով, որ շատ հափշտակվեց): Մարգարիտ, ես հարգում եմ քո գաղափարները, բայց մի հափշտակվիր: Մտածիր, ինչ մթնոլորտում ենք ապրում: Մեր հասարակության մեջ քո արածը ոչ ոքին չի հիացնիլ, ընդհակառակը, շատերը քեզ կհամարեն հիմար:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես հասարակության համար չեմ անում, այլ իմ խղճի համար:

ՌՈԶԱԼԻԱ – (Կատաղի): Զզվում եմ այդ տեսակ ֆրազյորներից (Բագրատին): Զուր ես աշխատում նրան բան հասկացնել: Նրա վրա միայն ուժը կարող է ազդել: Խլիր նրա ձեռքից այդ թղթերը, պրծավ գնաց:

ԵՐԱՆՈՒՀԻ – (Երևում է սեղանատան դռների մեջ):

ԲԱԳՐԱՏ – (Նույն մեղմ տոնով): Գոնե վաղը մի հանձնիր: Սպասիր մի քանի օր, միասին կխորհրդակցենք: Դու խելոք ես, չես կամենալ մեզ մեր թշնամու ձեռքը գցել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա մեր մայրը, թողեք տեսնենք, նա ինչ է ասում:

ՏԵՍԻԼ 4

ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ, ՌՈԶԱԼԻԱ, ԵՐԱՆՈՒՀԻ, հետո ԶԱՐՈՒՀԻ

ԵՐԱՆՈՒՀԻ – (Առաջ է գալիս, ձեռքերը ծոցը դրած, տխուր): Այսքան տարի այդ մարդու արարքները թաքցրի երեխաներիցս, Աստծուն է հայտնի ինչ տանջանքներով: Գիշեր-ցերեկ մտածել եմ այդ բանի մասին: Ժամանակ-ժամանակ բերան եմ բաց արել, խոսքս կտրել է գոռոցով: Լռել եմ ու կրակս ներսումս պահել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Լսո՞ւմ եք:

ԲԱԳՐԱՏ – Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ:

ԵՐԱՆՈՒՀԻ – (Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես: Հայրդ իր հոգին ծախել է սադայելին: Երեկ գիշեր երազումս տեսա հանգուցյալին: Կանգնած էր մեր դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած, դեղնած, մաշված: Նա ասում էր. «Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին ենք աշխատել այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից»: Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ է ինձ լսել: Բագրատ, ինը տարի է այդ մարդը գերեզմանից անիծում է մեզ:

ԲԱԳՐԱՏ – (Գրգռված): Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է ծանրանում:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ախ մի խոսիր եղբորս պես, մեղք է: Մենք ամենքս պարտական ենք ահեղ դատաստանի առաջ: Ես էլ եմ պատասխանատու, որ չեմ կարողացել հորդ հեռացնել չար ճանապարհից: Ես դողում եմ սարսափից:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել): Ոչինչ, մայրիկ: Հանգստացիր: Հայրիկը բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի:

ԵՐԱՆՈՒՀԻ – (Ձեռքով հուսահատական շարժում է անում): Էհ, որ մեկը...

ԶԱՐՈՒՀԻ – (Ներս է մտնում սեղանատնից): Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում են:

ԲԱԳՐԱՏ – Ահ, այդ երեկույթն էր: Ես մոռացա, որ կարգադրիչ եմ:

ՌՈԶԱԼԻԱ – Դե, գնանք, շատ ուշացանք:

ԲԱԳՐԱՏ – (Մոտենում է Մարգարիտին): Հույս ունեմ, որ մինչև առավոտ միտքդ կփոխես:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Չափազանց ազդվել է մոր խոսքերից, զգացված փաթաթվում է նրա պարանոցին): Մայրիկ, ինչ լավ սիրտ ունես:

ԵՐԱՆՈՒՀԻ – (Շոյելով նրա գլուխը): Արի, աղջիկս, դու ես իմ միակ մխիթարությունը: Դրանք ուրիշ հոգի ունեն, օտար են ինձ համար: (Համբուրում է):

ԲԱԳՐԱՏ – Ատելով ատում եմ այդ տեսակ սենտիմենտալ տեսարանները: (Դուրս է գալիս նախասենյակի դռներով):

ՌՈԶԱԼԻԱ – Պսիխոպատկա (Հետևում է եղբորը):

ԶԱՐՈՒՀԻ – (Ռոզալիային ուղեկցում է նախասենյակ):

ՏԵՍԻԼ 5

ՄԱՐԳԱՐԻՏ, ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՍՈՒՐԵՆ

ՍՈՒՐԵՆ – (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից): Գնա՞ց, վերջապես, եռանդուն կոմերսանտը, ճարպիկ սպեկուլյանտը, աստառը շուռ տված ամերիկացին: Կեցցես, Մարգարիտ: Ես այնտեղից բոլորը լսում էի: Մամա, այս անգամ անառակ որդիդ քեզ հետ համաձայն է: Տուր ձեռքդ համբուրեմ: Այսօր ես տեսնվեցի Օթարյանի հետ: (Մարգարիտին): Թույլ կտա՞ս խոսել մայրիկի ներկայությամբ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես մայրիկից գաղտնիք չունեմ:

ՍՈՒՐԵՆ – Պետք է խոստովանեմ, որ ջենտլմեն տղա է: Ես լավ չէի ճանաչում նրան: Այսօր շատ հավանեցի: Նա ասում է. «Ես աղքատ եմ, աղքատ էլ կմնամ, միայն թե Մարգարիտը չդադարի ինձ սիրել»: Լսո՞ւմ ես. պետք է մեծ սիրտ ունենալ, որպեսզի սիրո համար հրաժարվել ահագին ժառանգությունից: (Զարուհուն, որ վերադարձել է սենյակից և ականջ է դնում): Կորիր, ի՞նչ ես ականջ դնում:

ԶԱՐՈՒՀԻ – (Գնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ – Իսկ դո՞ւ ինչ ասացիր նրան:

ՍՈՒՐԵՆ – Ե՞ս: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող էր ասել ինձ նման մի գիժ: Ես նրան ասացի. «Արտաշես, իմ քույրը հպարտ աղջիկ է: Նա քեզանից զոհաբերություն չի ընդունիլ: Դու վեհանձնությամբ նրանից գերազանցել չես կարող»:

ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ:

ՍՈՒՐԵՆ – Սրանով էլ վերջացավ մեր բանակցությունը: Այժմ լսեցեք իմ կարծիքը, ես էլ ընտանիքի անդամ եմ: Եթե ապացուցված է, որ մեր հայրը զրկել է Օթարյանին, ամենքս պարտավոր ենք պահանջել, որ նա զրկվածներին բավարարություն տա:

ՄԱՐԳԱՐԻՏ – Մայրիկ լսո՞ւմ ես ինչ է ասում:

ՍՈՒՐԵՆ – Էհ, ինչ ես մայրիկին խոսեցնում իմ մասին: Նա ինձ վրա խաչ է դրել: Ես շառլատան եմ, փչացած: Բայց թող հայտնի լինի ձեզ, որ շուտով կհրաժարվեմ իմ բաժին ժառանգությունից, քան կհամաձայնվեմ, որ մարդիկ երեսիս ասեն. «Դու կողոպտիչի որդի ես»: Այս մեկն արդեն վճռված է և ստորագրված: (Սիգար է վառում):

ԵՐԱՆՈՒՀԻ – Խելքս քեզանից բան չի կտրում: Համ այդ ես ասում, համ էլ ինքդ կողոպտում ես հորդ:

ՍՈՒՐԵՆ – Աա, դու մուրհակների մասի՞ն ես ակնարկում: Մամա, Աստված վկա, ես չեմ հնարել այդ բանը, այլ քեռիս, քո պատվարժան եղբայրը: Նա, օ, նա Շեյլոկի խնամին է: Նա ինձ պարտք է տալիս միայն այն պայմանով, որ մեկին հինգ-տասը ստանա հորս մահից հետո: Բայց ագահությունը երբեմն մարդուն հիմարացնում է: Այժմ նա իմ պատվարժան քեռին վախենում է, որ հայրիկից շուտ կճանապարհվի ի վերին Երուսաղեմ: Մամա, մի նեղանար, եղբայրդ մարդ չէ, այ գայլի ախորժակից և աղվեսի խորամանկությունից կազմված վինեգրետ: Իսկ ես թեև անառակ եմ, բայց ջենտլմեն եմ: Երևի Բագրատն ինձ վախկոտ անվանեց: Իբրև թե ապտակ եմ կուլ տվել: Ուզո՞ւմ ես իմանալ, ինչո՞ւ եմ կուլ տվել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ես չեմ ուզում լսել այդ բաները, չեմ ուզում:

ՍՈՒՐԵՆ – Ոչ, այս մեկը լսիր: Ես ապտակը ստացել եմ մի շատ պատվարժան կնոջ պատճառով: Եթե կուլ չտայի պիտի կռվեի, եթե կռվեի, այդ կինը պիտի խայտառակվեր: Լսիր, ինչպես պատահեց:

ԵՐԱՆՈՒՀԻ – (Ականջները փակելով): Չեմ ուզում լսել, չեմ ուզում:

ՍՈՒՐԵՆ – Դե լավ, թող մնա: Լսեցի՞ր: Մարգարիտ, հայրիկը պարտավոր է իր անունն ազատել խայտառակությունից: (Ժամացույցին նայելով): Օ, տասևկեսն է, ես շոգիացա...

ԵՐԱՆՈՒՀԻ –Էլի ո՞ւր ես գնում կեսգիշերին, անառակ...

ՍՈՒՐԵՆ – Աստղերն ուսումնասիրելու: Առլովան ինձ սպասում է: (Գնում է նախասենյակի դռներով, երգելով):

ՄԱՐԳԱՐԻՏ – Տեսա՞ր, մայրիկ, շառլատան որդիդ ավելի ազնիվ է դատում, քան խելոքը:

ԶԱՐՈՒՀԻ – (Սեղանատան դռներից): Խոհարարը հարցնում է ընթրելո՞ւ եք:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ես չեմ ուզում: Ահ, էլի գլխացավս բռնում է:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես էլ չեմ ընթրելու: (Զարուհին գնում է): Մայրիկ գնա, պառկիր, քո ներվերը բոլորովին քայքայվել են: Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել, գլուխս պտտվում է անքնությունից: (Համբուրվում է մոր հետ և անցնում իր սենյակ):

ԵՐԱՆՈՒՀԻ – (Նայելով նրա ետևից թախծալի): Երանի դու ինձանից բախտավոր լինես: Ահ... (Անցնում է սեղանատուն):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ

Դուրս են գալիս աջ կողմի առաջին դռներից, երբ Երանուհին արդեն բոլորովին հեռացել է:

ԱՆԴՐԵԱՍ – Փառք Աստծո, վերջապես ցրվեցին: Այո, գիշերն ավելի լավ է, քան ցերեկը: Մթությունը մեղքի ընկերն է:

ՍԱՂԱԹԵԼ – (Տերողորմյայի տատիկները մեկ-մեկ գցելով): Խեր, շառ, Աստված: Խեր, շառ, Աստված: Խեր: Ինչքան գցում եմ խեր է գալիս:

ԱՆԴՐԵԱՍ – Բայց սիրտս ասում է, որ լավ բան չենք մտածել անելու:

ՍԱՂԱԹԵԼ – Ավելի վատ կլինի եթե չանես: Բացատրել ես, խնդրել ես, աղաչել ես, չի եղել, ճարդ ինչ: Խոմ չես կարող պատիվդ թողնել թշնամուդ ձեռքում:

ԱՆԴՐԵԱՍ – Զանգակ տուր, տեսնենք ինչ են անում:

ՍԱՂԱԹԵԼ – Ձայն-ձուն չի լսվում: (Մատը սեղմում է էլեկտրական զանգակի կոհակին` որ գտնվում է աջ պատի առաջին դռների մոտ: Բեմի հետևից լսվում է զանգակի թույլ հնչյունը):

ԱՆԴՐԵԱՍ – Քեզ համար ինչ, դու քո բանը դրստեցիր: Լավ կուրտաժ է իմ մեղքն ինձ ծախելու համար – հինգ հարյուր սաժեն տափ:

ՍԱՂԱԹԵԼ – Ես քեզ խնդրեցի՞, որ ինձ այս գործին խառնես:

ԱՆԴՐԵԱՍ – Դե լավ: (Զարուհուն, որ ներս է մտել սեղանատնից): Ո՞վ կա սեղանատանը:

ԶԱՐՈՒՀԻ – Ոչ ոք:

ԱՆԴՐԵԱՍ – (Կեղծ բարկանալով): Բա ինչո՞ւ ես ճրագները վառել: (Զարուհին ուզում է գնալ): Խանումդ ի՞նչ է անում:

ԶԱՐՈՒՀԻ – Հենց հիմա պառկեց: Էլի գլխացավը բռնել է:

ԱՆԴՐԵԱՍ – Պրծանք, այդ էր պակաս: Կանչիր այստեղ Մարգարիտին:

ԶԱՐՈՒՀԻ – Նա քնած է:

ԱՆԴՐԵԱՍ – Քնա՞ծ: Այդպես շո՞ւտ: Լավ գնա: Մենք կլուբ ենք գնում, ասա խանումիդ: Դու էլ կարող ես հանգստանալ: Ես ինքս դռները կփակեմ: Հարկավոր չես: Հանգցրու սեղանատան ճրագները, դուք տնտեսություն ասած բանը չգիտեք: Կարծես ես փող եմ կտրում կամ մարդ կողոպտում, որ ամեն ինչ շռայում եք; Գնա:

ԶԱՐՈՒՀԻ – Գնում է սեղանատուն: Փոքր անցած, այստեղ տիրում է մթություն:

ՍԱՂԱԹԵԼ – Մեկը հիվանդ է, մյուսը քնած, Աստված ինքն է օգնում քեզ:

ԱՆԴՐԵԱՍ – Ահ մի հիշիր այս րոպեին Աստծու անունը: Նա ավելի կբարկանա մեզ վրա: Լավ էր, չէ՞, որ ասացի, թե կլուբ ենք գնում: Տես ով կա նախասենյակում: (Սաղաթելը նայում է դեպի նախասենյակ): Դռները կողպիր. (Հուշիկ նայելով մոտենում է Մարգարիտի սենյակի դռներին և ականջ դնում: Նայում է իր գրպանի ժամացույցին և վերադառնում բեմի կենտրոնը):

ՍԱՂԱԹԵԼ – (Նախասենյակը նայելուց հետո դռները ծածկում է) Այնտեղ որ ոք չկա: Ավելի հարմար ժամանակ չէիր կարող ընտրել: (Տերողորմյան դնում է գրպանը): Ինչի՞ մասին է մտածում:

ԱՆԴՐԵԱՍ – Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի մեջ էլ մի ահ է գցում: Ծածկիր սեղանատան դռները: (Սաղաթելը ծածկում է): Կարծես, այնտեղից աչքեր են նայում մեզ: Մոտս կաց: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա):

ՍԱՂԱԹԵԼ – (Գալով բեմի առաջ) Էհ, շատ բաներ ես արել, արա այդ մեկն էլ:

ԱՆԴՐԵԱՍ – (Կիսաձայն) Արել: Ես մենակ չեմ արել, դու էլ միշտ հետս ես եղել: Էհ, էլի հորդ կերպարանքն եկավ, կանգնեց աչքիս առաջ: Նա ասում էր. «Չարը չարության ճանապարհում կկորչի»:

ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ ժամանակ գտար հորս հիշելու:

ԱՆԴՐԵԱՍ – Հիսունվեց տարեկան մարդ եմ, Սաղաթել, գլխովս հազար ու մի փորձանք է անցել: Երդում եմ կոտրել, միամիտներ եմ խաբել, խեղճեր եմ գռփել ու կողոպտել, երեք անգամ կաշառքով ազատվել եմ դատաստանից, բայց երբեք այս դրության մեջ չեմ եղել: Ինչի՞ցն է այս, Սաղաթել: Այ, տես, սառը քրտինքը պատեց մարմինս:

ՍԱՂԱԹԵԼ – Վաղն այս ժամանակ կհաշվես ու կտեսնես, որ մոտ յոթ հարյուր հազար ռուբլու կալվածք է մնացել ձեռքումդ:

ԱՆԴՐԵԱՍ – Ագահություն, աչքածակություն, ուրիշ ոչինչ:

ՍԱՂԱԹԵԼ – Էհե, դու սկսում ես դատողություններ անել: Շտապիր գիշերն անցնում է:

ԱՆԴՐԵԱՍ – Չկարծես, թե միայն փողի համար եմ անում Սաղաթել: Ոչ, այլ այդ լակոտին խրատելու համար: (Վեր է կենում):

ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե: Այստեղ պատվի խնդիր կա, փողն ինչ...

ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով): Գոռոզ, ամբարտավան: Ուզում է ինձ խեղդել, ինձ, որ կարող եմ հարյուրին խեղդել այս ճանկերովս: Աա, եթե ձեռքս ընկնեին այդ թղթերը, ցույց կտամ քեզ, թե ով եմ ես... Սուս, այդ ի՞նչ ձայն է:

ՍԱՂԱԹԵԼ – Ես ոչինչ չեմ լսում:

ԱՆԴՐԵԱՍ – Դեհ, Անդրեաս, մի թուլանար ամոթ է: Այս մեկն էլ: Ինչ որ լինելու է այն պիտի լինի: (Զգույշ քայլերով անցնում է, Մարգարիտի սենյակը):

ՍԱՂԱԹԵԼ – Գայլը մտավ գառների փարախը – կասեր հայրս: (Մոտենում է սեղանատան դռներին և լույսը հանգցնում: Բեմում տիրում է խավար): Այսպես լավ է, ինձ չեն տեսնիլ: (Լռություն: Սեղանատնից լսվում է ժամացույցի տասնմեկ զարկը): Հիմա եդ էլ եմ վախենում: Երկարատև լռություն:

ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է դռների մեջ, չափազանց այլայլված է, դողում է, բայց ուրախ է: Ձեռում ամուր բռնած է թղթերի մի ծրար: Լռություն: Հետո շշնջյունով): Սաղաթել:

ՍԱՂԱԹԵԼ – Այստեղ եմ: (Սենյակը նորից լուսավորում է):

ԱՆԴՐԵԱՍ – (Առաջ է գալիս): Ահա նրա հոգին: Ահա ինձ քնից ու հանգստությունից զրկողը: Հարստությունս, անունս, պատիվս, յոթ հարյուր հազարի փրկությունը:

ԱՂԱԹԵԼ – Դե, գնանք, հեռանանք այստեղից:

ԱՆԴՐԵԱՍ – Թող դեռ տեսնեմ, նրանք են թե չէ: (Ծրարը զննում է): Իսկ և իսկ: Ինչպես լավ հաջողվեց: Նա քնած էր երեխայի պես, գիրքը կրծքի վրա բռնած: Բանալիները բարձի տակ էին: Վերցրի ու... ձայն չե՞ս լսում: (Ծրարը շտապով դնում է գրպանը):

ՍԱՂԱԹԵԼ – (Անհանգիստ): Լսում եմ: Հեռանանք:

Փողոցից լսվում է ոստիկանական շվոցի ձայն:

ԱՆԴՐԵԱՍ – Աա, ոստիկանները գող են բռնում: Երևի, խեղճերից մեկը քաղցածությունից ստիպված, գողացել է մի փալասի կտոր: Սուս հեռանանք:

ՍԱՂԱԹԵԼ – (Մոտենում է աջ կողմի առաջին դռներին, մի վայրկյան կանգ է առնում և անհետանում):

ԱՆԴՐԵԱՍ – Հետևում է նրան:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս գիշերային սպիտակ հագուստով, նայում է աջ ու ձախ այլայլված նկատում է հորը, որ այդ պահին արդեն դռների մոտ է: Ուժգին ցնցվում է ու ճչում թույլ): Հայրիկ: (Մի քանի քայլ առաջ է վազում և բարձր ճչում): Հայրիկ:

ԱՆԴՐԵԱՍ – Դռների միջից սարսափահար հետ է նայում և անհետանում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հեկեկալով ընկնում է հատակի վրա:

Վարագույրն իջնում է հանդարտ:

"Պատվի համար" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ

Պատերազմ և խաղաղություն
Պատերազմ և խաղաղություն
Խաղա առցանց