Ալեքսանդր Շիրվանզադե
Պատվի համար
Արարված առաջին
Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև: Միջին մեծության սենյակ: Աջ առաջին պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրված է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական լամպ: Սեղանի մոտ, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ: Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:
Ձախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դրված է Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեներների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջ- վառարան: Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված գորգով: Լուսամուտները վարագուրված են:
ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի մոտ կանգնած, հեռախոսով խոսում է:
Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռվում երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխչխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ:
ՍԱՂԱԹԵԼ – (Հեռախոսով) «Համեեե՞: Այո, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հա: Լավ, ուղարկիր: Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում է իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա:
ԿԱՐԻՆՅԱՆ – Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին: Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:
ՍԱՂԱԹԵԼ – Բան է հնարել պարոն Բագրատը. - արդարացուցիչ դոկումենտ: Ես Անդրեաս Էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ: Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն): Այդ ի՞նչ ես փնտրում:
ԿԱՐԻՆՅԱՆ – Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել):
ՍԱՂԱԹԵԼ – Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում:
ԿԱՐԻՆՅԱՆ – Ճշմարիտ, ես մոռացել եմ, որ Անդրեաս Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե:
ՍԱՂԱԹԵԼ – Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տեղողորմյան ձեռքերի մեջ տրորում է և հոտ քաշում):
ԿԱՐԻՆՅԱՆ – Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:
ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ խոսքի տակին գլխին – խիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում:
ԿԱՐԻՆՅԱՆ – Այո, շատերի համար անմարսելի է:
ՍԱՂԱԹԵԼ – Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞:
ԿԱՐԻՆՅԱՆ – Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:
ՍԱՂԱԹԵԼ – (Կծու հեգնությամբ) Ինչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում: Է, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օրի վրա մաշվում է տանջանքից: Հա, ինչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ:
ԿԱՐԻՆՅԱՆ – Ոչ:
ՍԱՂԱԹԵԼ – Էհ, գոհություն Աստծո: (Տեղողորմյան տրորում է և հոտ քաշում):
ԿԱՐԻՆՅԱՆ – Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ:
ՍԱՂԱԹԵԼ – Այդ երկար պատմություն է: Բայց մեր գործը չէ:
ՍԱՂԱԹԵԼ, ԿԱՐԻՆՅԱՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ
ՍՈՒՐԵՆ – (Ներս է մտնում շտապով ձախ դռնից վերարկուով ու գլխարկով) Պապան այստեղ չէ՞: Ավելի լավ: (Սաղաթելին) Քեռի, ի սեր Աստծու, տուր ինձ իսկույն երեք հարյուր ռուբլի:
ՍԱՂԱԹԵԼ – (Տեղողորմյան գրպանը դնելով): Հեե հե, էլի վազեց գլխիս: (Սուրենին): Ի՞նչ է պատահել, էլի բարկացած ես:
ՍՈՒՐԵՆ – Հարցուփորձի ժամանակ չէ: Ինձ ձեռաց երեք հարյուր ռուբլի փող է հարկավոր:
ԿԱՐԻՆՅԱՆ – Երևի, էլի բակարայում տանուլ եք տվել:
ՍԱՂԱԹԵԼ – Բաս չէ, առուտուրում վնաս է արել: Սրանը կամ բակարան է, կամ թխլիկ-թխլիկ մամզելները:
ՍՈՒՐԵՆ – (Գրգռվելով Կարինյանի դեմ) Պարոն թանաքլգող, այդ ձեր գործը չէ, խնդրեմ անկոչ վերահսկողի դեր չկատարեք: Քեռի, եթե այս րոպեին երեք հարյուր ռուբլի չունենամ – կխայտառակվեմ: Պատվի խնդիր կա մեջտեղ: Եթե ինձ սիրում ես – մի ուշացնիր:
ՍԱՂԱԹԵԼ – Շատ եմ սիրում, Սուրեն ջան, բայց որ փող չկա, ի՞նչ անեմ: Քեզ հայտնի է, որ այժմ հորդ գործերը եղբայրդ է կառավարում: (Տեղողորմյան գրպանից հանում է):
ՍՈՒՐԵՆ – Եղբայրս, եղբայրս, ամեն տեղ նա ինձ խանգարում է: Բայց թող սպասի, մի օր ատամներս ցույց կտամ նրան:
ՍԱՂԱԹԵԼ – Է, նա այն պտուղներից չէ, որ քո ատամներից վախենա:
ՍՈՒՐԵՆ – (Անհամբեր) Տալո՞ւ ես փող, թե՞ չէ:
ՍԱՂԱԹԵԼ – Այ եղբայր, ես ի՞նչ անեմ, ահա նա , սնդուկը, սա էլ դու, համեցեք, վերցրու, ի՞նչ ես յախիցս կպել:
ՍՈՒՐԵՆ – Բանալին տուր:
ՍԱՂԱԹԵԼ – (Հառաչելով) Չկա, Սուրեն ջան, չկա: Այժմ արքայության դռների պահապանն ես չեմ: Մեկ էլ մեր մեջ ասած, հիմա այդ սնդուկում, բացի պայմանագրերից և վեքսիլներից, ոչինչ չկա: Եղբայրդ մեր կարգ ու կանոնները փոխել է: Դրանից առաջ այդ սնդուկում տաս-քսան հազարներով փող էր լինում շաբաթներով ընկած: Հիմա եղբայրդ բանկումն է պահում:
ԿԱՐԻՆՅԱՆ – Նա ասում է փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին:
ՍՈՒՐԵՆ – Որ այդպես է, տուր քո գրպանից:
ՍԱՂԱԹԵԼ – Սուրեն ջան, ախար ես փող որտեղի՞ց ունիմ: Ես մի խեղճ գործակատար եմ:
ՍՈՒՐԵՆ – Էլի մի սկսիր Ղազարոսի շարականը երգել: Կաշիդ դաբախանում կճանաչեմ: Քո կոշիկների այդ հաստ կարկատանի մեջ էլ փող կա:
ՍԱՂԱԹԵԼ – Տեր, անցո զբաժակս այս հինեն:
ՍՈՒՐԵՆ – Դե լավ, հորդ խոսքերը մի կրկնիր: Ասում են, դու նրան այնքան ես նման, որքան ես Առաքյալին: Հանիր քսակդ, տեսնենք:
ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Դրա ձեռքից ազատվել չի կարելի: (Տերողորմյան հանդարտ դնում է գրպանը և շատ հանդարտ պիջակի գրպանից հանում է մի ահագին մաշված, կեղտոտ կաշվե փողաման): Կարծեմ հարյուր ռուբլուց ավել չունիմ: (Երեսը դարձնելով, թաքուն նայում է փողամանի մեջ): Փահ, իսկի հարյուր էլ չկա, հիսուն է:
ՍՈՒՐԵՆ – Այդ հեշտ է ստուգել: Տուր ինձ այդ տոպրակը, կտեսնեմ: (Փողամանը խլում է):
ՍԱՂԱԹԵԼ – (Վախեցած) Վայ, այդ ի՞նչ ես անում:
ՍՈՒՐԵՆ – Ուզում եմ մի քիչ հետազոտել այդ հնագիտական գզրոցը: (Սկսում է փողամանը տնտղել և մեկ-մեկ դուրս բերում անվանած իրեր): Այստեղ մտիկ արեք, ինչ ասես կա: Հին մուրհակներ, ակցիաներ, բանկային կտրոններ, գերբովայա մարկաներ և յառլիկ գինու շշից...
ՍԱՂԱԹԵԼ – Ադա, ամոթ է:
ՍՈՒՐԵՆ – (Դուրս է բերում մի նամակ) Ա՞յս ինչ բան է: Վարդագույն թղթի վրա նամա՞կ, կնոջ ձեռքով գրվա՞ծ: (Հոտ է քաշում): Անուշահոտ...
ՍԱՂԱԹԵԼ – (Կարինյանից քաշվելով) Ադա, ամաչիր, մարդ կա այստեղ...
ԿԱՐԻՆՅԱՆ – (Թաքուն ծիծաղում է):
ՍՈՒՐԵՆ – (Հանելով նամակի միջից շորի մի կտոր) Ահա այս է նամակի պատասխանը-դեյրացվի նմուշ, արշինը վեց շահանոց, Տեր ողորմած Աստված, այստեղ մտիկ արեք, դեղատոմսեր, աչքի ճար, քինաքինա, ամբողջ դեղատուն: Պակասում է բժիշկը: Հապա, տեսնենք ուր է ցավդ, որ բժշկենք: Ահա, օ, այստեղ երեք հարյուր էլ կա, հինգ էլ, տասն էլ:
ՍԱՂԱԹԵԼ – (Ամբողջ ժամանակ անհագիստ աշխատում է փողամանը խլել) Այդ խոմ ափաշկարա կողոպտել է նշանակում: Տեսնո՞ւմ ես, Արիստակես, օրը ցերեկով:
ԿԱՐԻՆՅԱՆ – (Մեկուսի) Ավելի լավ է այդպես կողոպտել, քան թաքուն գողանալ, ինչպես դու:
ՍՈՒՐԵՆ – Մի վախենար, ավելի չեմ վերցնիլ: Այն, ցվայ, դրայ, հերիք է: (Փողերը դնում է գրպանը, փողամանը վերադարձնում է Սաղաթելին) Ստացիր թանգարանդ, ֆի, մազութի հոտ է փչում:
ՍԱՂԱԹԵԼ – (Փողամանը ծոցը դնելով) Կարող եմ ասել, որ էլի լավ պրծա...
ՍՈՒՐԵՆ – Շնորհակալություն: Այժմ պատիվս փրկված է: Անիրավները չէին ուզում ինձ հետ ապառիկ խաղալ: Աուֆվիդերզեհեն: (Ուզում է գնալ):
ՍԱՂԱԹԵԼ – Ամոթ չլինի հարցնել. - բաս վե՞քսիլը:
ՍՈՒՐԵՆ – Գրիր քեզ հայտնի պայմանով, կստորագրեմ, բայց տես Շեյլոկի տոկոս չբարդես վրեն: (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ):
ԿԱՐԻՆՅԱՆ – (Գլուխը շարժելով անցնում է գրասենյակ):
ՍՈՒՐԵՆ, ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ
ԵՐԱՆՈՒՀԻ – (Գալիս է ձախ դռներից տնային հագուստով, առանց գլխարկի: Հուզված է): Կաց մի գնար:
ՍՈՒՐԵՆ – (Կանգ է առնում) Է, մամա, հերիք է ինչքան լացուկոծ բարձրացրիր, ես ներվային մարդ եմ:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Սաղաթելին) Դու նրան փող տվեցի՞ր:
ՍՈՒՐԵՆ – Այո, մամա, եղբայրդ ավելի բարի գտնվեց, քան դու և մեծ որդիդ:
ԵՐԱՆՈՒՀԻ – Հետ վերցրու, Սաղաթել, հետ վերցրու: Փողը նրան փչացրեց, փողոցները գցեց:
ՍՈՒՐԵՆ – Լավ, մամա, հին երգ երգելու տեղը չէ, գրասենյակից կլսեն: (Գրասենյակի դռները ծածկում է):
ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ թող լսեն: Այժմ ամենքն էլ գիտեն, որ դու որդի չես ինձ համար, այլ Աստծու պատիժ:
ՍՈՒՐԵՆ – Ինչո՞ւ: Որովհետև ապրե՞լ եմ ուզում: Այնպես, ինչպես ապրում են իմ բոլոր ընկերնե՞րը:
ՍԱՂԱԹԵԼ – Այսինքն, բոլոր անառակ զավակները: (Մի կողմ) Վա, ինչ ասացի:
ՍՈՒՐԵՆ – Քեռի, իմ գործերին մի խառնվիր: Քոնն այն է, որ հորս հաշիվներին վերադիր անես և սպանաղ ու ղանձիլ ուտես:
ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Լավ կծեց, տեղն է քեզ, Սաղաթել:
ՍՈՒՐԵՆ – Իսկ դու, մամա, հոգս արա մյուս որդուդ համար: Կարող եմ հավատացնել, որ նա ինձանից ավելի վատ ճանապարհի վրա է: Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ: Հասկացա՞ր, սիրելի մամա: Ցտեսություն, ճաշին ինձ չսպասեք: (Գնում է նախասենյակի դռներով):
ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ
ԵՐԱՆՈՒՀԻ – (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ դանակով մորթեցին: Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. «փող տուր, թե չէ կսպանեմ»: Ոտներս թուլացան, աչքերս մթնեցին, ասացի երկուսն էլ կորան: Մի կերպ բաժանեցի: Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք կան, որ ինձ նախանձում են, հարուստի կին եմ:
ՍԱՂԱԹԵԼ – Է, ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է: Մեկի քանդածը մյուսը շինում է:
ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, չեմ ուզում ոչ քանդողին, ոչ շինողին: Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք: Երկուսն էլ Աստծու ճանապարհից դուրս են: Մեր ժամանակներում փողը երկնային թագավորի պատիժն է:
ՍԱՂԱԹԵԼ – Օրհնվի նրա կտրողի ձեռները: Փողի պես էլ քաղցր բան կա՞ աշխարհում:
ԵՐԱՆՈՒՀԻ – Հեթանոսներ, Աստված չունիք, Բեհեղզեբուղին եք երկրպագություն տալիս:
ՍԱՂԱԹԵԼ – Է հե, էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը:
ԵՐԱՆՈՒՀԻ – Լույս գա նրա գերեզմանի վրա: Նա ասում էր փողը հնարված է սատանայի ձեռքով, որ մարդկանց գեհենը տանի:
ՍԱՂԱԹԵԼ – Ասում էր, որովհետև քահանա էր, իսկ մենք աշխարհականներ ենք, մե՞զ ինչ:
ԵՐԱՆՈՒՀԻ – Վախեցիր ահեղ դատաստանից, Սաղաթել: Մի պաշտիր փողը կուռքի պես:
ՍԱՂԱԹԵԼ – Քույր, Աստծու պատիժն էլ, վարձքն էլ այս աշխարհումն է: Ահեղ դատաստան-մատաստան չկա:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Զարհուրած) Կա, անհավատ, կա:
ՍԱՂԱԹԵԼ – Դե հը, կա թող լինի: Բայց հարցրու մեծ որդուդ, տես նա ինչ է ասում: Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են հնարել` իրանց այրված սիրտը մխիթարելու համար: Որդիդ է ասում, լսո՞ւմ ես, ասում է` գիտության խոսքն է:
ԵՐԱՆՈՒՀԻ – Անիծվի ձեր գիտությունը:
ՍԱՂԱԹԵԼ – Ինչո՞ւ: Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ էլեկտրական լո՞ւյս է տվել: Ասա խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ, տելեֆոն, գրամոֆոն գիտությո՞ւնն է հնարել, թե քո տերտերները:
ԵՐԱՆՈՒՀԻ – Զուր չեն ասում, թե տերտերի որդին անհավատ կլինի:
ՍԱՂԱԹԵԼ – Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարի հետ ես մնացել: Խելքի եկ, բաց արա աչքերդ, տես ինչպես են ապրում մյուս հարուստների կանայք: Ուտում են, խմում, քեֆ անում, ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու վախում ես... Ահեղ դատաստան: (Փոքրիկ պաուզա): Մի նոր բան էլ այն փոքր աղջիկդ է հնարել. – Մարգարիտը, ճշմարտություն: Երեկ սկսեց գլխիս ավետարան կարդալ, «Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտություններով ղեկավարվել»:
ԵՐԱՆՈՒՀԻ – Վատ բան է ասել, հա՞:
ՍԱՂԱԹԵԼ – Գիտես, սիրելիս, մեր հանգուցյալ հոր նման ճշմարիտ մարդ հազիվ թե լինի այս քաղաքում: Բայց ի՞նչ թողեց մեզ համար: Վերջին կոպեկի կարոտություն, սով: Մեռավ թե չէ, սկսեցինք սրան-նրան ձեռք պարզել: Դեռ փառք Աստծու, որ դու մի քիչ գեղեցիկ էիր, բախտը քեզ այս տունը գցեց; Ի՞նչ պիտի անեինք, եթե Էլիզբարովը քեզ հետ չամուսնանար: Հանգուցյալը մի արհեստ էլ չէր սովորեցրել ինձ: Ուզում էր, որ ես էլ տերտեր դառնամ, այսինքն` իր նման քաղցածի մեկը: Չէ, քույր, ոչ քեզ եմ հավանում, ոչ Մարգարիտին: Ապրել չգիտեք: Այ, մեծ աղջիկդ, քեֆս է գալիս, աշխարհի բերանն է պատռում: Տեսնո՞ւմ ես տուն ու տեղդ ինչպես է կարգի գցել, ինչ շիկ է բանեցնում: Դու իսկի նման չես միլիոնատերի կնոջ: Էհ, թողնենք, կարծեմ, Անդրեասի ձայնն է:
ԵՐԱՆՈՒՀԻ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԱՆԴՐԵԱՍ
ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է գրասենյակի դռների մեջ գլխարկով ու վերարկուով: Մի ոտը շեմքի վրա, խոսում է դեպի գրասենյակ): Ասացեք այդ մարդկանց, որ ես այստեղ չեմ: Գիտեմ ինչի համար են շնորհ բերել: Ճանապարհ դրեք: Հետո գրասենյակը փակեցեք, գնացեք ճաշելու: Դուք հարկավոր չեք: Իրիկունը շուտ եկեք: (Ներս է գալիս, դռները հետևից ծածկելով):
ՍԱՂԱԹԵԼ – Էլի ովքե՞ր էին:
ԱՆԴՐԵԱՍ – Ազգային ագռավներ: Փահ, կարծես, բարեգործական ընկերություն եմ բաց արել կամ իրենցից հիմար եմ, չգիտեմ ում է հարկավոր օգնել, ումը – ոչ: Հավաքվել են մի դյուժին անգործներ ու դռնե դուռ ընկել, թե ինչ է` «Աշխատանքի տան» համար փող ենք հավաքում: (Սաղաթելի օգնությամբ հանում է վերարկուն և գլխարկի ու ձեռնոցների հետ տալիս է նրան: Հագած է լայն և երկարավուն պիջակ, լայն վարտիք: Ժիլետի վրա ժամացույցի ոսկե շղթա, աջ ձեռքի մատի վրա ահագին ադամանդյա մատանի): Աշխատանքի տո՞ւնս որն է: Աշխատող մարդը ինքը գործ էլ կունենա, տուն էլ: Հավաքել են ծույլերին ու անպիտաններին, ձրի կերակրում են, թե ազգ ենք փրկում:
ՍԱՂԱԹԵԼ – Իմաստունի խոսքեր են: (Վերարկուն ու ձեռնափայտը տանում է նախասենյակ և իսկույն վերադառնում):
ԱՆԴՐԵԱՍ – (Նստում է իր գրասեղանի քով և այդ պահին տեսնում Երանուհուն) Աա, դու այստեղ ես: Էլի ի՞նչ ես ունքերդ կիտել: (Գրգռվելով) Մի սևացնի օրս, մի սևացնիր, առանց քեզ էլ սևացնողներ կան:
ԵՐԱՆՈՒՀԻ – Ու գողին մերժելը մեղք է:
ԱՆԴՐԵԱՍ – (Կծու հեգնությամբ) Հա, միլիոնատերի աղջիկ: Որ այդպես է, տուր էլի քո օժիտից կամ հորդ թողած ժառանգությունից, այ, այն մեծ-մեծ քարավաններից:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Վեր կենալով) Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես տալիս:
ԱՆԴՐԵԱՍ – Ախար, ինչ անեմ, նա էլ միշտ քարոզում էր. «բարություն արեք»: Ինքը չուներ, ուրիշներից էր պահանջում: Բարություն: Բարությո՞ւնս որն է: Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես բարձրացնես: (Սակավ լռություն: Տոնը փոխելով, Սաղաթելին): Չի՞ եկել այն տղան:
ՍԱՂԱԹԵԼ – Դեռ ոչ:
ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ ես ցցվել աչքիս առաջ: Ի՞նչ ես ուզում ինձանից:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Հառաչելով) Ոչինչ,
ԱՆԴՐԵԱՍ – Փառք Աստուծո, կարծեցի էլի պիտի սկսես նախատել ինձ:
ԵՐԱՆՈՒՀԻ – Ես քեզ ե՞րբ եմ նախատել:
ԱՆԴՐԵԱՍ – Դո՞ւ: Դու երեսուն տարի է շարունակ նախատում ես ինձ: Ես քեզ լավ եմ ճանաչում, դու իմ առաջին թշնամին ես: (Վեր է կենում և սկսում անցուդարձ անել):
ԵՐԱՆՈՒՀԻ – Չեմ իմանում ինչով եմ քո թշնամին:
ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞վ: Քո մտքերով: Դու երբեք իմ մասին լավ բան չես մտածել: (Լռություն) Ի՞նչ է խոսել քեզ հետ Օթարյանը:
ԵՐԱՆՈՒՀԻ – Արտաշե՞սը: Ոչինչ: Ինչ որ քեզ հետ է խոսում, նույնն էլ ինձ հետ:
ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ ես կարծում, նա ինչպիսի տղա է:
ԵՐԱՆՈՒՀԻ – Նա օրինավոր տղա է, շատ օրինավոր, համեստ, խելոք...
ԱՆԴՐԵԱՍ – Լավ, լավ, մի երկարացնիր, գովելդ ավելորդ է...
ԵՐԱՆՈՒՀԻ – (Հառաչում է):
ԱՆԴՐԵԱՍ – (Գրգռվելով) Լսիր, հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, թող այդ հառաչանքներդ, ախ ու վախդ: Քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն խոսքիդ տակ ես զգում եմ նախատինք: Քո տխրությունն ինձ կատաղեցնում է: Ես շատ լավ գիտեմ, որ դու ստվերի պես հետևում ես ինձ, ծուռ եմ դնում ոտս, թե՞ ուղիղ, ումի՞ն զրկեցի, ումի՞ց ավելորդ վերցրի, ումի՞ն պակաս տվեցի: Թող ինձ հանգիստ, դու իմ խի՞ղճն ես ինչ է: Չի հարկավոր, կարոտություն չունիմ: Իմ մեջ խիղճ էլ կա, հոգի էլ, Աստված էլ...
ԵՐԱՆՈՒՀԻ – (Տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ...
ԱՆԴՐԵԱՍ – Ա, շատ լավ ես հասկանում: (Անհանգիստ նայելով ժամացույցին) Արդեն երկու ժամն է: Չեկավ այդ տղան:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Զսպելով իրեն) Տա՞նն ես ճաշելու:
ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, ա՞յդ էլ հարց է:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Խորհրդավոր) Ո՞վ գիտե քո բանը:
ԱՆԴՐԵԱՍ – Այ, տեսնում ես, հենց այդ «ով գիտե» -ի տակ սատանան է նստած: Նախատինք, միշտ նախատինք: Օձի նման է կծում: Հեռացիր: Առավոտից դեռ շան պես անոթի եմ: Գնա, ճաշ պատրաստիր: Մի աման էլ Արտաշեսի համար դիր: Ես նրան ճաշի եմ պահելու: Լավ վարվիր նրա հետ, այդ ինձ հարկավոր է: Բագրատը տանն է, ուղարկիր այստեղ: (Երանուհին գնում է ձախ դռնով):
ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ
ԱՆԴՐԵԱՍ – (Լռություն): Քույրդ ամեն բան գիտե: Պետք է աշխատել, որ նա գործը չփչացնի:
ՍԱՂԱԹԵԼ – Իսկ դու նրա հետ այնպես ես վարվում, որ ինքդ կարող ես փչացնել:
ԱՆԴՐԵԱՍ – Այդ ճշմարիտ է: Ես երբեմն չգիտեմ ինձ զսպել: Բայց ինչ անեմ, այսօր առավոտից դես գրգռված եմ: Մարդիկ սկսել են խոսել իմ մասին: Ա, ես գիտեմ, որ սև նախանձը նրանց հանգստություն չի տալիս: Անդրեյ Պետրովիչ Էլիզբարովի աստղը շատերի աչքն է ծակում: Տներս ու քարավաններս տանջում են մարդկանց: (Լռություն): Ծառայողները գնացի՞ն:
ՍԱՂԱԹԵԼ – (Գրասենյակի դռնից ներս նայելով): Գնացել են:
ԱՆԴՐԵԱՍ – (Խոսում է, կարծես ինքն իր հետ, անցուդարձ անելով): Փահ, Էլիզբարովի տների ու տափերի կեսն իմն է, ասում է, ոչ ավել, ոչ պակաս: (Լռություն): Ժամանակ-ժամանակ ինքս էլ մտածում եմ, կարելի է պարտական եմ: Բայց ինչպե՞ս աչքերս բաց վերցնեմ և ունեցածիս կեսը տամ նրան: Ի՞նչ կասեն մարդիկ: «Հորս հետ միասին ես առել տափերը»: Այո, ճշմարիտ է, բայց ե՞րբ:
ՍԱՂԱԹԵԼ – Նոյ Նահապետի ժամանակներում:
ԱՆԴՐԵԱՍ – Ճշմարիտ է, ընկերներ ենք եղել, բայց չէ որ փողն ես եմ աշխատել, ես, Անդրեաս Էլիզբարովս: Դալլաք Էլիզբարովի թոռը իր բոլոր կարողությունը, դիրքը, անունը, պատիվը ձեռք է բերել իր խելքով ու աշխատանքով: Տասնուհինգ տարի ծառայել եմ Մուսայել աղայի մոտ, տարել եմ նախատինք, թուքումուր: Շան կյանք եմ քաշել, վերջը սուտ-ղորթով մի քիչ փող եմ ձեռք բերել, դուրս եկել և այն ժամանակը ընկերացել Առաքել Օթարյանի հետ:
ՍԱՂԱԹԵԼ – Հե, երազի պես միտս է հին բազարում բախկալի դուքան ունեիք: Կանաչեղեն ու թթվեղեն էիք ծախում: Զատիկ-ջրօրհնենքին էլ գնում էիք Սալիան, ձկնեղեն բերում ու ծախում:
ԱՆԴՐԵԱՍ – Խոսք չունիմ, Առաքելն էլ աչքաբաց էր: Բայց եթե նրա խելքով վարվեի, այսօր էլ դուքանչու մեկը կլինեի: Նա հոտառություն չուներ: Ես էի, որ անդադար ասում էի. «Առաքել, առնենք այդ էժան տափերից, հետո ոսկի են դառնալու»: Սկսեցինք առնել ծովի ափերում հոտած ճահիճներ, աղբանոցներ, սաժենը հիսուն կոպեկից սկսած: Առաքելը չէր ուզում, առնողը ես էի, ուրեմն ես եմ աշխատել իմ հարստությունը, իմս է այն, միմիայն իմս: Իսկ այդ լակոտն եկել է ու ասում է, «Տուր ինձ կեսը»: Փահ, գժվել եմ, որ տամ: Եթե գժվել եմ, ինչո՞ւ չեն ինձ գժատուն տանում (Գրգռվում է): Համեցեք, այս էլ ձեզ բարեգործություն: Որդեգիր եմ վերցրել հոր հիշատակի համար, ուսում տվել, մարդ շինել, տարիներով պահել եմ մորն ու քույրերին, ի՞նչ է այսօր վարձս: - Քոռ ապերախտություն:
ՍԱՂԱԹԵԼ – Լավ, քիչ խառնիր արյունդ: Մի կերպ ռեխը կկապենք, կգնա:
ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, պետք է ռեխը կապել: Ես խոմ չեմ կարող նրա հետ դատարան գալ; Կգցի ինձ մի թոկից փախած ադվակատի ձեռք, արի ու ազատվիր...
ՎԱՐԴԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից: Հագած է սև արխալուղ, դեղնագույն պիջակ արխալուղից կարճ, մեջքին արծաթյա գոտի: Խոսում է շատ անփույթ, Շամախու բարբառով) Ան Արտաշեսը եկալ ա, ուզում ա քեզ տեսնի:
ԱՆԴՐԵԱՍ – Խնդրիր: (Վարդանը հետ է գնում) Սաղաթել, դու անցկաց գրասենյակ, հետո կգաս:
ՍԱՂԱԹԵԼ – (Գնում է գրասենյակ, դռները ծածկելով):
ԱՆԴՐԵԱՍ – (Նստում է իր բազկաթոռի վրա, ուշքը ժողովելով և դեմքին սիրալիր արտահայտություն տալով):
ԱՆԴՐԵԱՍ, ՕԹԱՐՅԱՆ, հետո ԲԱԳՐԱՏ, ավելի ուշ` ՍԱՂԱԹԵԼ
ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից, հանդարտ և քաղաքավարի գլուխ է տալիս):
ԱՆԴՐԵԱՍ – (Սիրալիր) Բարով որդի: Այդ ի՞նչ է, դու մեզ մոռացե՞լ ես:
ՕԹԱՐՅԱՆ – (Սեղմելով Անդրեասի ձեռքը) Երեկ ձեր տանն էի:
ԱՆԴՐԵԱՍ – Հա՞, բաս ինձ չեն ասել: Նստիր, այսօր մեզ մոտ ես ճաշում: Մի քիչ խոսենք, հետո կանցնենք այն կողմ: Գործ ճարեցի՞ր:
ՕԹԱՐՅԱՆ – (Նստում է Անդրեասի գրասեղանի քով, երեսը դեպի հասարակություն) Այո, մի քանի մասնավոր դասեր:
ԲԱԳՐԱՏ – (Գալիս է ձախ դռնից, երկայն կոշիկներով և նավթի բծերով ծածկված պիջակով: Նկատելով Օթարյանին, թեթև ցնցվում է, սառը գլուխ է տալիս, նստում է ձախ գրասեղանի քով և անմիջապես սկսում է գործով զբաղվել – չափում է կարկինով, գծագրում: Միևնույն ժամանակ ուշադիր է դեպի խոսակցությունը):
ԱՆԴՐԵԱՍ – Դասեր: Այնքան ուսում ստանալուց հետո վարժապետությո՞ւն ես անում:
ՕԹԱՐՅԱՆ – Ի՞նչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ստիպված եմ:
ԱՆԴՐԵԱՍ – Բայց դրանով փոր չի կշտանալ, որդի, արի քեզ համար մի տեղ սարքենք մեր գործերում: Հը՞մ, ի՞նչ կասես Բագրատ, երևի, քո գործարանում մի պաշտոն կլինի: Իհարկե, հարմար պաշտոն...
ԲԱԳՐԱՏ – (Կտրուկ) Իմ գործարանը դեռ շուտ պատրաստ չի լինի:
ՕԹԱՐՅԱՆ – Շնորհակալ եմ, պարոն Անդրեաս, ես ծառայելու միտք չունիմ:
ԱՆԴՐԵԱՍ – Ամո՞թ ես համարում:
ՕԹԱՐՅԱՆ – Ոչ, կարծում եմ, որ կարիք չեմ ունենալ ծառայելու, իսկ եթե ունենամ էլ, համենայն դեպս, ձեր որդուն չեմ ծառայիլ:
ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ:
ԲԱԳՐԱՏ – (Կծու եղանակով, գործը չընդհատելով) Իդեալիստի ճերմակ փետուրները կարող են սևանալ բուրժուայի գործերում:
ՕԹԱՐՅԱՆ – (Զսպված) Միայն այն դեպքում, երբ այդ գործերը մրոտ են:
ԱՆԴՐԵԱՍ – Չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես գրգռված խոսում երկու ընկեր:
ԲԱԳՐԱՏ – (Հեգնորեն) Ընկեր, հը, ընկեր: Ոչ հայրիկ, մեր մեջ ընկերական ոչինչ չկա:
ԱՆԴՐԵԱՍ – (Հանդիմանությամբ) Բագրատ:
ԲԱԳՐԱՏ – (Մատիտն ու կարկինը ձգելով սեղանի վրա) Հայրիկ, ես կարծում եմ, որ ժամանակն է մեր հաշիվներն այդ պարոնի հետ պարզելու: Նա ինչ-որ պահանջներ ունի քեզանից:
ԱՆԴՐԵԱՍ – (Խիստ) Այդ քո գործը չէ: Դու բանիդ կաց:
ԲԱԳՐԱՏ – (Վեր կենալով) Ներիր, հայրիկ, ես չեմ կարող սառը վերաբերվել դեպի մի մարդ, որ ուզում է մեր անունը խայտառակել: Այն էլ մի այնպիսի մարդ, որ դեռ չի դուրս եկել մեր փողերով գնված հագուստից:
ՕԹԱՐՅԱՆ – (Հուզված վեր է կենում, բայց իսկույն ևեթ զսպում է իրան) Պարոն Անդրեաս, զսպեցեք ձեր որդուն: Ես չեմ կարող նրա հետ վեճի բռնվել այստեղ:
ԲԱԳՐԱՏ – Իսկ ես թույլ եմ տալիս ինձ պահանջել ձեզանից բացատրություն: Հայրիկը կարող է ձեզ հետ վարվել ինչպես կամենում է, իսկ մեր մեջ պետք է ամեն բան պարզվի հենց այժմ:
ԱՆԴՐԵԱՍ – (Գրգռված) Ասացի, որ այդ քո գործը չէ, մի խառնվիր:
ԲԱԳՐԱՏ – Բայց հայրիկ, իմ ինքնասիրությունը վիրավորված է: Ուստի թույլ տուր նրան մի քանի հարցեր առաջարկել: (Դառնում է Օթարյանին) Ես կկամենայի իմանալ, դուք բավարարվա՞ծ եք մեզանից, թե՞ ոչ:
ՕԹԱՐՅԱՆ – (Զսպված) Այո:
ԲԱԳՐԱՏ – Ո՞վ է ձեզ խնամել և բարձր ուսում տվել:
ՕԹԱՐՅԱՆ – (Զսպված) Ձեր հայրը:
ԲԱԳՐԱՏ – Ո՞վ է տարիներ շարունակ պահպանել և կերակրել ձեր մորն ու քույրերին:
ՕԹԱՐՅԱՆ – Ձեր հայրը:
ԲԱԳՐԱՏ – Եվ այդ բոլորը խոստովանելուց հետո հանդգնում եք լինել երեխտամո՞ռ: Եվ բոլորից հետո, դու, հայրիկ, պահանջում ես, որ ես սա՞ռը վերաբերվեմ այդ մարդուն:
ԱՆԴՐԵԱՍ – Ես ասում եմ, որ այդ քո գործը չէ: Դու ոչինչ չես հասկանում:
ՕԹԱՐՅԱՆ – (Բագրատին) Լսեցեք, պարոն, ձեզ հետ ես այսօր մտադիր չէի հաշվի նստելու, բայց, որովհետև ստիպում եք, կխոսեմ: Այո, ես Էլիզբարյանների խնամքով մեծացած մարդ եմ:Դուք ինը տարի պահել ու պահպանել եք ինձ, մորս ու քույրերիս: Բայց ինչպես - այդ միայն ինձ է հայտնի: Այն, ինչ որ ես եմ զգացել տարիների ընթացքում, չէի ցանկանալ զգալ ոչ մի ինքնասեր մարդու: Դուք ձեր ամեն մի կոպեկի մեջ թույն եք սրսկել և այնպես տվել ինձ...
ԱՆԴՐԵԱՍ – Պարտական մնամ, եթե արած լավություններս գոնե մի անգամ երեսովդ տված լինիմ:
ՕԹԱՐՅԱՆ – Բայց մի՞թե պիտի խոսեիք, որ ես զգայի իմ ողորմելի դրությունը: Այո, իմ վերաբերմամբ դուք արտաքուստ քաղաքավարի եք եղել: Բայց այն, ինչ որ խոսքերով չեք արտահայտել, արտահայտել եք ձևերով, աչք-ունքով, շարժումներով: Դուք ինձ ստորացրել եք իմ աչքում ամեն անգամ, խայթել եք իմ ինքնասիրությունը լուռ, ինչպես, ներեցեք ասել, մի կարիճ...
ԲԱԳՐԱՏ – (Հեգնորեն) Զարմանալի է, որ տարիներ շարունակ լռել եք և նոր եք միայն ձայն բարձրացնում:
ՕԹԱՐՅԱՆ – Ախ, լռել եմ, որովհետև խնամում էի մորս ու քույրերիս: Գիտեի, որ եթե ձայն բարձրացնեմ, պիտի զրկեք նրանց մի կտոր հացից: Ես մտածում էի այսպես. «Կքաշեմ մի կերպ այս վիրավորանքը և մի օր, բոլոր պարտքերս վճարելով Էլիզբարյաններին, կթեթևանամ հոգով»: Մայրս էլ է լռել: Բայց հարցրեք, ինչ լռություն է եղել այդ: (Անդրեասի կողմ) Ամսական քսանհինգ ռուբլի տալով քսանհինգ անգամ նախատել եք նրան. «Շատ ես ծախսում, ապրիր ներքնահարկում, կար արա ուրիշների համար, լվացք արա, թող աղջիկներդ աղախին մտնեն...»:
ԱՆԴՐԵԱՍ – (Անհամբեր) Տեր մեղա քեզ Աստված:
ՕԹԱՐՅԱՆ – Իսկ մի օր այնքան անգութ եք եղել, որ առաջարկել եք նրան աղքատանոց մտնել: Ձեր խոսքերն ասեղների պես խոթվել են խեղճ կնոջ սիրտը: Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն կարողանում հիշել այդ օրը: Եվ ինչո՞ւ, ո՞վ է եղել իմ մայրը: Չէ՞ որ ձեր հավասար ընկերոջ այրին: Մի կին, որ նույնչափ հարուստ է, որչափ դուք: Երբ նա արտասուքը աչքերին պատմում էր իր կրած վշտերը, այրունս պաղեց երակներիս մեջ: Ես անզորությունից սկսեցի մազերս փետտել, մատներս կրծոտել: Ես վրիժառության միջոցներ էի փնտրում, չէի գտնում: Եվ ահա այդ ժամանակ հենց մայրս ինքը հասավ ինձ օգնության...
ԱՆԴՐԵԱՍ – Եվ ասաց, որ ես կողոպտել եմ քո հորը, հա,հա,հա:
ԲԱԳՐԱՏ – Եվ զրպարտեց իր բարերարին սև ապերախտությամբ:
ՕԹԱՐՅԱՆ – (Ուշք չդարձնելով Բագրատի կողմ) Այո, պարոն: Նա հաղորդեց ինձ իմ հոր վերջին խոսքերը. «Ես մեռնում եմ աղքատության մեջ, ինձ կողոպտեց ընկերս: Ահա քեզ այս թղթերը, կհանձնես որդուս, երբ ուսումը կավարտի»:
ԱՆԴՐԵԱՍ – (Ցնցվելով) Թղթեր, ի՞նչ թղթեր:
ՕԹԱՐՅԱՆ – Մի քանի ընկերական պայմանագրեր, որոնք պիտի ապացուցեն, թե ձեր հարստության կեսն ինձ է պատկանում: Դուք օգտվելով իմ հոր ծանր և երկարատև հիվանդությունից, խաբել եք նրան օր-օրի վրա և ձեր անունով վերածել բոլորը, ինչ որ եղել է ընկերական:
ԱՆԴՐԵԱՍ – (Վրդովվելով) Այդ սուտ է: Ես ինչ որ ունիմ, օրենքով և նոտարական դոկումենտներով է հաստատված ինձ վրա:
ՕԹԱՐՅԱՆ – Այո, բայց առանց մի կոպեկ վճարելու: Դուք կարողացել եք խաբել նույնիսկ օրենքները: Ահա հենց այս բանը պիտի ապացուցանեն իմ հոր թղթերը:
ԲԱԳՐԱՏ – (Կատաղի) Դուրս այստեղից, ստախոս:
ՕԹԱՐՅԱՆ – (Հպարտ և կատաղի) Պարոն, խնայեցեք ձեր հորը...
ԱՆԴՐԵԱՍ – (Ձեռն ուժգին զարկելով սեղանին, ոտքի է կանգնում) Լռիր, ասում եմ, դու ինձ կատաղեցնում ես:
ՍԱՂԱԹԵԼ – (Ներս է մտնում):
ԲԱԳՐԱՏ – Բայց նա քեզ անպատվեց: Նա քեզ կողոպտիչ անվանեց:
ԱՆԴՐԵԱՍ – (Զսպում է իրան) Թող անվանի, ո՞վ է հավատացողը: Երեխա է, ոչինչ չի հասկանում, տաքանում է: (Դառնում է Օթարյանին): Որդի, այդ բոլորը, ինչ որ ասացիր, դատարկ բաներ են: Ես քեզ ներում եմ հոր պես: Խոսենք չափահասների նման: Գիտեմ, արյունդ եռ է գալիս, ապրել ես ուզում, բայց չունիս: Էհ, մտածել ես, մտածել ու այդ բանը հնարել...
ՕԹԱՐՅԱՆ – (Վրդովման նշան է անում):
ԱՆԴՐԵԱՍ – Մի տաքանար, որդի, խոսենք հանդարտ: Էհ, ինչ արած, շատ եմ օգնել հորդ հիշատակի համար, էլի կօգնեմ: Արի ստացիր ինձնից մի քանի հազար ռուբլի, թուղթ տուր, որ ինձանից պահանջ չունիս և ինձ էլ ազատիր գլխացավից:
ԲԱԳՐԱՏ – (Դրականապես) Երբեք: Ես թույլ չեմ տա մի կոպեկ անգամ տալ նրան:
ԱՆԴՐԵԱՍ – Մեղա քեզ Տեր Աստված, վերջապես, ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ չէ:
ՍԱՂԱԹԵԼ – (Մի կողմից կամացուկ Բագրատին) Թող տա, դու չես հասկանում:
ԲԱԳՐԱՏ – (Չլսելով Սաղաթելին) Այդ անկարելի է: Փող առաջարկել այդ մարդուն, կնշանակե վախենալ նրանից: Թող դիմի դատարան, ես ինքս քեզ կպաշտպանեմ նրա զրպարտության դեմ, որովհետև համոզված եմ, որ նա քեզ զրպարտում է:
ՕԹԱՐՅԱՆ – Զգուշացեք, պարոն, այդ խոսքերը կարող են թանկ նստել ձեզ:
ԲԱԳՐԱՏ – Ա, թողեք այդ ֆրազները: Ես ձեր բարոյական ուժը լավ եմ ճանաչում և զուր չեմ միշտ ձեզ արհամարհել: Սակայն ինչու ավելորդ խոսքեր շռայլել, ահա կարճ կտրական իմ խոսքը, արեք, ինչ որ կարող եք, ես ձեր հակառակորդն եմ: (Շտապով իր գրասեղանից վերցնում է մի քանի թղթեր): Քեռի, ես գնում եմ գործարան: Պատվիրիր Զեյլմանին, որ խողովակները շուտով ուղարկի: Հայրիկ, ինձ ճաշի չսպասեք: (Արագությամբ հեռանում է նախասենյակի դռներով, ձգելով Օթարյանի վրա մի արհամարհական հայացք):
ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Աֆարիմ տղա, կրակի կտոր է:
ԱՆԴՐԵԱՍ, ՕԹԱՐՅԱՆ, ՍԱՂԱԹԵԼ, հետո ՄԱՐԳԱՐԻՏ
ԱՆԴՐԵԱՍ – Տեսնում ես, որդի, էլի մենք, հին մարդիկս ավելի բարի ենք, քան դուք, նորերդ: Արի քարը փեշիցդ թափի, ստացիր երեք հազար ռուբլի, հաշտվենք:
ՕԹԱՐՅԱՆ – Էլ ուրիշ ասելիք չունի՞ք:
ԱՆԴՐԵԱՍ – Ուրեմն համաձա՞յն ես (Տալով Սաղաթելին սնդուկի բանալին) Սաղաթել. տուր ինձ չեկի տետրակը: Իսկ դու նստիր և մի թուղթ գրիր, որ ոչինչ պահանջ չունիս:
ՍԱՂԱԹԵԼ – (Բանալին առնելով, մոտենում է սնդուկին):
ՕԹԱՐՅԱՆ – Մնաք բարով:
ՍԱՂԱԹԵԼ – (Կանգ է առնում):
ԱՆԴՐԵԱՍ – Ո՞ւր: Սպասիր: Հաշիվը-հաշիվ, բարեկամությունը-բարեկամություն: Դու մեզ մոտ պիտի ճաշես:
ՕԹԱՐՅԱՆ – Մնացեք բարով:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս ձախ կողմի դռնից տնային համեստ հագուստով: Օթարյանին) Մայրիկը ձեզ հրավիրում է ճաշի:
ՕԹԱՐՅԱՆ – (Քայլերն ուղղելով դեպի նախասենյակ, կանգ է առնում):
ԱՆԴՐԵԱՍ – Տեսնում ես, քեզ ինչպես են սիրում այս տանը: Իսկ դու ուզում ես երես դարձնել մեզանից:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Զարմացած նայում է Օթարյանին) Երես դարձնել մեզանի՞ց, ինչո՞ւ:
ԱՆԴՐԵԱՍ – Ով գիտե, ինչ որ հակառակ քամի է փչել: Բայց դու նրան խելքի կբերես: Սաղաթել, մենք գնանք, Մարգարիտը, երևի, նրան կամաչացնի: (Օթարյանին) Դե, որդի, շատ սպասեցնել չտաս մեզ: (Գնում է Սաղաթելի հետ ձախ դռնով):
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ – Այդ ի՞նչ է նշանակում: (Բռնում է նրա ձեռքը ջերմագին) Ինչո՞ւ այդպես այլայլված ես:
ՕԹԱՐՅԱՆ – Ոչինչ, դատարկ բան է:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ է պատահել, ինչու ճաշի չես մնում: Ի՞նչ են նշանակում հայրիկի խոսքերը. «Դու ուզում ես մեզանից երես դարձնել»: Ասա, ես համբերություն չունիմ:
ՕԹԱՐՅԱՆ – Եթե կարելի է, Մարգարիտ, այսօր ինձանից ոչինչ մի հարցնիլ:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Վշտացած, բաց է թողնում նրա ձեռքը) Շատ գեղեցիկ, չեմ հարցնիլ: Եթե կամենաս, ես քեզ չեմ էլ պահիլ, քանի որ քեզ համար ձանձրալի է մնալ:
ՕԹԱՐՅԱՆ – Ախ, Մարգարիտ, թող այդ երեխայական ձևերը, դու նման չես ուրիշ կանանց:
ՄԱՐԳԱՐԻՏ – Բայց դու ինձ հետ վարվում ես ինչպես մի երեխայի հետ, ո՞ւր են քո խոսքերը, թե միմյանց սիրող անձանց մեջ չպիտի լինի ոչ մի գաղտնիք: Այդպե՞ս ես կատարում երդումդ:
ՕԹԱՐՅԱՆ – (Շփոթված) Բայց կան գործեր, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս: Քո սիրտը դեռ շատ մանուկ է: (Նորից բռնում է նրա ձեռքը և ջերմ սեղմում):
ՄԱՐԳԱՐԻՏ – Իսկ ես կարծում էի, թե չկա գործ, որ քեզ վերաբերվի և ինձ ոչ: (Ձեռքը խլելով) Թող ինձ, դու ինձ վիրավորում ես: (Երեսը դարձնում է) Դա անգթություն է սիրող կնոջ վերեբերմամբ:
ՕԹԱՐՅԱՆ – Ի՞նչ արած, վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում:
ՄԱՐԳԱՐԻՏ – Վիրավորված ինքնասիրությո՞ւնը: Ո՞ւմ ինքնասիրությունն է վիրավորվել: Քո՞նը: Ո՞վ է վիրավորել: Հա՞յրս, թե՞ եղբայրս: (Դադար) Բայց դու լռում ես: Դու ինձանից դարձնո՞ւմ ես երեսդ: Բավական է, մի փորձիր համբերությունս: Ես ատում եմ կեղծիքը, հասկանո՞ւմ ես: Ասա պարզ և աներկյուղ, ի՞նչ է պատահել: Ա, հասկանում եմ: Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել ես նրա համաձայնությունը: Մերժել է... Բայց ոչ, ինչ եմ ասում: Հայրիկը սիրալիր էր դեպի քեզ: Վերջապես նրա մերժումը չի կարող քեզ վիրավորել, քանի որ ես սիրում եմ քեզ և իմ գլխի տերը միմիյայն ես եմ: (Դադար) Սպասիր, իմ մեջ ծագեց ուրիշ կասկած: Դու նրա հետ խոսել ես իմ... Բայց ոչ, դու ընդունակ չես այդ տեսակ անվայել սակարկության: Վերջապես, ասելո՞ւ ես, թե ոչ:
ՕԹԱՐՅԱՆ – Դու բռնություն ես գործ դնում իմ կամքի վրա, Մարգարիտ: Կրկնում եմ, կան բաներ, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Եռանդով) Ոչ, ասում եմ: Մազի չափ գաղտնիք չպիտի ունենաս ինձանից: Կամենում ես, այս պայմանով սիրիր ինձ, ոչ – կարող ես հեռանալ: Ուրիշ տեսակի փոխադարձ սեր ես չեմ ընդունում:
ՕԹԱՐՅԱՆ – (Մի վճռական շարժում անելով) Ահ, թող լինի, ինչ որ լինելու է: Միևնույն է, անհնարին է քեզանից թաքցնել:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Գրեթե շնչապատառ) Հապա՞, հապա:
ՕԹԱՐՅԱՆ – Ասա ինձ, Մարգարիտ, սիրո՞ւմ ես հորդ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ե՞ս, իմ հո՞րը: (Դրական և ջերմագին) Այո:
ՕԹԱՐՅԱՆ – Ոչ միայն իբրև զավակ, ոչ միայն արյունակցի սիրով, այլև գիտակցորոն:
ՄԱՐԳԱՐԻՏ – Չեմ հասկանում միտքդ:
ՕԹԱՐՅԱՆ – Ուզում եմ ասել, հարգո՞ւմ ես նրան ինպես մարդու:
ՄԱՐԳԱՐԻՏ – Անտարակույս: Չէ՞ որ իմ հայրն էլ մի մարդ է:
ՕԹԱՐՅԱՆ – Եվ ազնիվ մարդ, այնպես չէ՞:
ՄԱՐԳԱՐԻՏ – Անկասկած, իմ հայրն անազնիվ չէ:
ՕԹԱՐՅԱՆ – Համոզմունքո՞վ ես ասում այդ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Խորին համոզմունքով: Գոնե ինձ մինչև օրս հայտնի չէ նրա որևէ անազնիվ արարքը: Հարգում եմ ինչպես մի աշխատասեր և խելոք մարդու, որ երկար տարիների տառապանքով ապահովել է իր զավակների դրությունը: Նա ինքը տգետ լինելով, իր զավակների կրթության համար ոչինչ չի խնայել: (Դադար) Բայց ինչո՞ւ ես կասկածանքով նայում ինձ, միթե չե՞ս հավատում իմ անկեղծությանը:
ՕԹԱՐՅԱՆ – Եվ ո՞չ մի թերություն չես գտնում հորդ մեջ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ չէ: Նա փողասեեր է, իր հաշիվների մեջ խիստ է, մտածում է միմիայն իր գործերի մասին: Բայց չէ՞ որ նրա շրջանի մարդիկ բոլորն էլ այդպես են: Համարել նրան անազնիվ, ոչ, անկարելի է:
ՕԹԱՐՅԱՆ – (Դադար) Ի՞նչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ նա անազնիվ է:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Դառնագին և զայրացած) Արտաշես...
ՕԹԱՐՅԱՆ – (Տաքանալով) Այո, այո, անազնիվ է գոնե իր անցյալում:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Նույն եղանակով) Արտաշես, մտածիր, ինչ ես ասում:
ՕԹԱՐՅԱՆ – Ասում եմ այն, ինչ որ գիտեմ: Քո հոր անցյալում կա մի սոսկալի հանցանք:
ՄԱՐԳԱՐԻՏ – Եվ ի՞նչ է այդ հանցանքը:
ՕԹԱՐՅԱՆ – (Ջերմ շեշտով) Մի անողորմ զրկողություն:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Ցնցվելով) Ո՞ւմ է զրկել նա:
ՕԹԱՐՅԱՆ – Մի անտեր և անօգնական մնացած ընտանիք: Իր հավատարիմ ընկերոջ որբ զավակներին:
ՄԱՐԳԱՐԻՏ – Քե՞զ:
ՕԹԱՐՅԱՆ – Ինձ, մորս և քույրերիս...
ՄԱՐԳԱՐԻՏ – Ահ... (Թուլացած ընկնում է աթոռի վրա, ձեռներով երեսը ծածկելով):
Երկարատև լռություն:
ՕԹԱՐՅԱՆ – Դու ինքդ կամեցար իմանալ ճշմարտությունը:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուշքը ժողովելով ոտքի է կանգնում) Ապացուցիր ասածդ: Լսո՞ւմ ես, ապա թե ոչ, դու չես կարող զրպարտել քո բարերարին: Դու նրան սիրում էիր և հարգում: Անշուշտ այստեղ մի թյուրիմացություն կա: Դու պետք է բացատրես բոլորը: Միևնույնն է, թող նա լինի իմ պաշտելի ծնողը, իսկ դու իմ երջանկությունը - երկուսիցդ ավելի ինձ համար թանկ է ճշմարտությունը:
ԶԱՐՈՒՀԻ – (Երևում է ձախ դռների մեջ) Ձեզ ճաշի են սպասում:
ՄԱՐԳԱՐԻՏ – Իսկույն:
ԶԱՐՈՒՀԻ – (Գնում է հետ):
ՕԹԱՐՅԱՆ – Համաձայնվիր, որ այլևս իրավունք չունիմ այս տունն այցելելու:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, ընդհակառակը, պետք է այցելես: Դու իմ սերը թունավորեցիր, դու էլ պարտավոր ես բժշկել այն: Այժմ կարող ես հեռանալ, բայց վաղը դու կտաս ինձ բացատրություն:
ՕԹԱՐՅԱՆ – (Գլուխ է տալիս և արագ քայլերով գնում է նախասենյակ):
ՄԱՐԳԱՐԻՏ – (Թույլ քայլերով գնում է դեպի ձախ, և կանգ առնելով, հենվում է դռներին) :
Վարագույրն իջնում է հանդարտ: