Ալեքսանդր Շիրվանզադե

Պատվի համար

Արարված երկրորդ

Էլիզբարյանների մեծ հյուրասենյակը, կահավորված շատ հարուստ, բայց առանց որոշ ճաշակի: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից խորքինը տանում է դեպի նախասենյակ, իսկ մյուսը` դեպի Անդրեասի սենյակը: Երկու դռների միջև գահավորակ, շուրջը բազկաթոռներ, առջևը կլոր սեղան մետաքսյա սփռոցով ծածկված: Վրան ճյուղավոր էլեկտրական լամպար:

Խորքում ևս երկու դռներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատուն, ձախ կողմինը – օրիորդների սենյակները: Ձախ պատի մեջ միայն մի դուռ, որ տանում է Բագրատի և Սուրենի սենյակները: Այս պատի առջև, դեպի բեմի խորքը գահավորակ, առջևը նույնպես կլոր սեղան, շուրջը կիսաբազկաթոռներ: Սեղանի վրա ալբոմ և գեղեցիկ իրեր:

Գահավորակի հետևում, պատի վրա հայելի ապակյա շրջանակով: Նույն պատի առջև դաշնամուր: Ոսկեզօծ աթոռներ, թանկագին թավշյա նստարաններ, բազմոցներ, վազաներ, կիսարձաններ, տրոպիկական բույսեր և այլն: Հատակը ծայրիծայր ծածկված է գորգերով: Դռները վարագուրված են ուրախ գույնի վարագույրներով: Առաստաղից քաշ է արած մի մեծ էլեկտրական ջահ շատ ճյուղերով:

Կեսօր է: Սեղանատան դռները բաց են: Այնտեղ երևում է Զարուհին, որ սփռոց է գցում ճաշի սեղանի վրա և ապա սկսում է նախաճաշ պատրաստել:

Վարագույրը բարձրանալուց մի քանի վայրկյան անցած սեղանատնից լսվում է պատի ժամացույցի տասներկու զարկը: Նախասենյակի դռներից մտնում է Վարդանը կարմիր չերքեզիով, գլխին մեծ սպիտակ մորթե գդակ: Նա բեռնավորված է զանազան թղթե կապոցներով և ձեռքին զգուշությամբ բռնած մի ահագին թղթարկղ, մեջը կանացի գլխարկ:

ՏԵՍԻԼ 1

ՎԱՐԴԱՆ ԵՎ ԶԱՐՈՒՀԻ

ՎԱՐԴԱՆ – Ուֆ Աստված վկա, հոգիս բողազս եկավ: (Սկսում է մեկ-մեկ կապոցները ձգել հատակի վրա: Թղթարկղը ձեռքից բաց չի թողնում: Երեսի քրտինքը սրբում է չերքեզկու փեշով և այդ միջոցին գդակը գցում է հատակի վրա):

ԶԱՐՈՒՀԻ – (Ներս է մտնում սեղանատնից, սուրճի գավաթն անձեռնոցիկով սրբելով) Հըմ, եկար: Այդ ի՞նչ շատ բաներ ես բերել:

ՎԱՐԴԱՆ – Ալ մագազին չը մնաց չըմտանք, ալ պեան չմնաց – չառնի: Իստեղ միտիկ արա ա, կասես մի յարմուրկա յանք սարքիլու:

ԶԱՐՈՒՀԻ – (Հետաքրքրված` գավաթն ու անձեռնոցիկը դրել է ոսկեզօծ աթոռներից մեկի վրա և կապոցները տնտղում է) Դերիացու, կռուժովներ, զոնթիկ, վեյեր, շալ, պերչաթկաներ մի դյուժին: Հապա տեսնեմ ինչպիսի գլխարկ է:

ՎԱՐԴԱՆ – (Թղթարկղը հեռու պահելով) Հե, հե, հեռի կաննիր, ասալ ա իսկի մարդի ցոյց չտաս: Բերանիդ ջուրը քի քինյա: Հեարյաս ինքն ալ կյամ ա:

ՏԵՍԻԼ 2

ՎԱՐԴԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ

ՌՈԶԱԼԻԱ – (Ներս է մտնում նախասենյակից գլխարկով և վերարկուով) Օ, mon Dieu, հոգնեցի: Ման եկա, ման եկա, հազիվ կարողացա իմ ճաշակով մի քանի բաներ գտնել: Այն օրից, որ Փարիզը տեսել եմ, էլ այստեղ ոչ մի բան չեմ հավանում: (Վարդանին) Հիմար, ինչո՞ւ ես հատակի վրա գցել: (Զարուհի) Վերցրու, տար իմ սենյակը: Գլխարկը թող այստեղ: (Առնում է Վարդանից թղթարկղը և դնում սեղանի վրա):

ԶԱՐՈՒՀԻ – (Վարդանի օգնությամբ կապոցները տանում է խորքի ձախ դռներով և իսկույն վերադառնում են):

ՌՈԶԱԼԻԱ – (Մոտենում է հայելուն և հրճվանքով նայում իրան: Հետո վերցնում է իր գլխարկը և դնում սեղանի վրա):

ՎԱՐԴԱՆ – Իննսուն մանեթ... Վայ սատանա փռնողանց Վարդան, իննսուն մանեթով Շամախիում մի տուն կարելի ա շինել... Հալա կտուրն ալ ղռած...

ՌՈԶԱԼԻԱ – (Առանց նրան նայելու) Դու դեռ այստե՞ղ ես:

ՎԱՐԴԱՆ – Հրամանիդ ամ սըպասում: Ալ պյան չե՞ս ասիլու:

ՌՈԶԱԼԻԱ – (Երեսը դարձնելով նրա կողմը) «Չես» ասիլու «Չե՞ս»-ը որն է, ես քո՞ւյրդ եմ, թե ընկերդ:

ՎԱՐԴԱՆ – Ա բալամ, դե մենք չոբան մարդ անք, հինչ իմանանք:

ՌՈԶԱԼԻԱ – Հիմա էլ «մենք»: Այդ ինչ տեսակի մարդիկ են, արքայական եղանակով են խոսում, ուրիշներին «դու», իսկ իրենց մասին «մենք»: Գնա Իվանին ասա, որ կառքն ինձ հարկավոր չէ: (Վարդանը շփոթված հեռանում է նախասենյակ, գդակը մոռանալով հատակի վրա: Զարուհուն) Ո՞վ կա տանը: (Նոր գլխարկը դնում է թղթարկղի մեջ):

ԶԱՐՈՒՀԻ – Տիրուհին և օրիորդը:

ՌՈԶԱԼԻԱ – Կանչիր այստեղ Ռիտային: Տար այս գլխարկը սենյակ:

ԶԱՐՈՒՀԻ – (Վերցնում է թղթարկղը և գնում օրիորդների սենյակները):

ՌՈԶԱԼԻԱ – (Հանում է վերարկուն, ձգում բազկաթոռներից մեկի վրա, նորից մոտենում է հայելուն և մազերն ուղղում:)

ՎԱՐԴԱՆ – (Հետ է գալիս նախասենյակից և հատակի վրա որոնում է գդակը): Աշի, հինչ տեղ կորավ անտերը:


ԶԱՐՈՒՀԻ – }

ՎԱՐԴԱՆ – } Սպասում են հրամանի:

ՌՈԶԱԼԻԱ – (Բաց է անում թղթարկղը, դուրս է բերում ահագին կարմիր փետուրով մի սպիտակ գլխարկ և հիացած նայում): Հապա մեկ էլ տեսնեմ լավ է սազում: (Դնում է գլխին և նայում հայելուն): Հըմ, օրիորդ Իլդարյանն ուզում էր ինձ հավատացնել, որ մոդելը միայն իր համար է բերված: Կարծեմ, վատ չէ, աա՞, Զարուհի:

ԶԱՐՈՒՀԻ – Ույ, օրիորդ, ինչպես է սազում, ինչպես:

ՎԱՐԴԱՆ – Կասես, նուռնի ծաղիկ իլի, յա լալազար:

ԶԱՐՈՒՀԻ – Ով գիտե, քսան մանեթ եք տվել...

ՌՈԶԱԼԻԱ – (Արհամարհանքով) Ֆիդոն, հիմա ամեն մի մակլերի աղջիկ էլ քսան մանեթանոց գլխարկ է հագնում: Փարիզից է բերել տված, արժե իննսուն ռուբլի:

ՌՈԶԱԼԻԱ – Այդ ի՞նչ ես փնտրում:

ԶԱՐՈՒՀԻ – (Վերադառնում է, վերցնում է Ռոզալիայի հին գլխարկն ու վերարկուն և տանում նախասենյակ):

ՎԱՐԴԱՆ – Շուլլահիս: Չամ իմանըմ հինչ տեղ թողի: (Գնում է): Հա, հեարեաս: (Վերցնում է): Այ քո տիրոջ վիզը կոտրվի հա: (Ձեռքով զարկում է գդակին):

ՌՈԶԱԼԻԱ – (Կատաղած): Ի՞նչ ես անում, վայրենի: Դուրս եկ, անկիրթ հայ:

ՎԱՐԴԱՆ – (Մեկուսի) Աշի, դրանց ղուլլուղ անիլը թամամ խաթաբալա ա յա քի... (Գնում է նախասենյակ):

ԶԱՐՈՒՀԻ – (Վերադառնում է նախասենյակից):

ՌՈԶԱԼԻԱ – Արի ու այդ տեսակ արջերից մարդ պատրաստիր: Իսկ ես դեռ ուզում եմ կաբրիոլետիս համար նրան ցիլինդր ու ֆրակ հագցնել: Չէ, պետք է այլազգի վարձել:

ԶԱՐՈՒՀԻ – (Վերցնում է սրճի գավաթն ու անձեռնոցիկը և անցնում է սեղանատուն):

ՏԵՍԻԼ 3

ՌՈԶԱԼԻԱ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ

ՄԱՐԳԱՐԻՏ – (Ներս է մտնում հագնված համեստ, բայց ավելի լավ, քան առաջին արարվածում: Ձեռքին պահած է մի անկազմ գիրք: Չի կարդում):

ՌՈԶԱԼԻԱ – (Ծաղրելով) Իսկ և իսկ Մարգարիտտա - Ֆաուստ օպերայից, գրքույկը ձեռքումդ, համեստ, ամոթխած, պակասում է ճախարակը: Երանի գիտենայի, ինչ ես գտնում ընթերցանության մեջ: (Ձգվում է գահավորակի վրա):

ՄԱՐԳԱՐԻՏ – Որտե՞ղ էիր: (Գիրքը դնում է ձախ կողմի սեղանի վրա և նստում):

ՌՈԶԱԼԻԱ – Օհ, էլ մի հարցնի, հոգնեցի: Գլխարկս, վերջապես, ստացա: Հետո կտեսնես, ինչ հիանալի բան է: Այսօր ծախսեցի մոտ 300 ռուբլի: Հայրիկը բարկանալու է, բայց ինչ արած, բոլորը հարկավոր բաներ են:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ռոզալիա, մինչև ե՞րբ պիտի այդպես անհաշիվ շռայլես:

ՌՈԶԱԼԻԱ – Օհո, դու ինձ հանդիմանո՞ւմ ես:

ՄԱՐԳԱՐԻՏ – Եթե կամենաս - այո, քո շռայլությունն արժանի է հանդիմանության:

ՌՈԶԱԼԻԱ – (Հեգնաբար) Միթե, այ,այ,այ: Եթե նախանձում ես ինձ, ինքդ էլ կարող ես շռայլել: Ի՞նչն է քեզ խանգարում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Երևի, կա մի բան, որ խանգարում է:

ՌՈԶԱԼԻԱ – Օհո, այսօր դու բավական հետաքրքրական ես: Ապա, բարեհաճիր ասել, տեսնենք, էլի ի՞նչ է պատահել: Դեմքդ շատ խորհրդավոր է:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ռոզալիա, հասկացիր, վերջապես, ինչ է կատարվում այս տանը: Չի կարելի հանգիստ հոգով շռայլել այն փողերը, որոնց վրա ծանրանում է մի մեծ մեղադրանք: (Վեր է կենում):

ՌՈԶԱԼԻԱ – (Վեր է կենում արագությամբ) Բայց ո՞վ է այդ մեղադրանք դնողը: Ո՞վ: Քո Արտաշես Օթարյա՞նը: Մի կեղտոտ և անամոթ զրպարտի՞չ:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Մեղմ հանդիմանությամբ, բայց վրդովված) Ռոզալիա...

ՌՈԶԱԼԻԱ – Բավական է, մի համարձակվիր պաշտպանել նրան իմ մոտ: Քեզանից առաջ ես եմ ճանաչել նրան: Ես ատում եմ այդ մարդուն: Ատում եմ հոգուս բոլոր ուժով: Նա ապերախտ է, ինչպես օձ, որին մեր հայրը տաքացրել է իր ծոցում: Եվ ես զարմանում եմ, որ հայրիկը մինչև օրս նրան ցույց չի տվել մեր տան դռները:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Հառաչելով) Ով գիտե այդ այնքան էլ հեշտ չէ:

ՌՈԶԱԼԻԱ – (Կանգ առնելով և խիստ) Ռիտա, դու չափից անցնում ես: Դու պետք է շատ անպիտան աղջիկ լինես, որ հավատաս հարազատ ծնողիդ զրպարտողին:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Նույն եղանակով) Ախ, գուցե, շատ եմ փափագում չհավատալ, բայց...

ՌՈԶԱԼԻԱ – (Ընդհատելով) Բայց վախենում ես զրկվել նրա բարեհաճ ուշադրությունից, այնպես չէ՞:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ ես ուզում ասել: Որ սիրո՞ւմ եմ Օթարյանին: Այո, սիրում եմ և շատ եմ սիրում, թող այս հայտնի լինի քեզ և ամենքին: (Անցուդարձ է անում):

ՌՈԶԱԼԻԱ – (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով) Ինչ քաջն ես, իսկ և իսկ հերոսուհի: Ասենք, ես վաղուց գիտեի այդ: Բայց չէի երևակայում, թե սերդ այնքան թունդ է, որ պատրաստ ես հորդ պատիվն անգամ զոհել նրան:

ՄԱՐԳԱՐԻՏ – Միայն այն դեպքում, եթե այդ պատիվը մաքուր չէ:

ՌՈԶԱԼԻԱ – Ի՞նչ ես ուզում ասել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Այն, որ ես մի րոպե անգամ չէի տատանվի երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա դատն արդար չէ: Այն, որ ես կսկսեի Աստծու պես պաշտել հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի առաջ: (Ընկճվելով, դառն ու մռայլ ձայնով): Հայրիկը մինչև օրս դեռ չի կարողացել հերքել Արտաշեսի պահանջը փաստերով: Մեր գերդաստանի գլխին կանգնած է մի սոսկալի հանցանք: Նա ճնշում է իմ հոգին արճիճի պես: Ես չգիտեմ գլուխս ամոթից ուր թաքցնեմ: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա և գլուխը դնում սեղանի վրա):

ՌՈԶԱԼԻԱ – (Տակավին ծաղրաբար) Իհարկե, բացի քեզանից ո՞վ ունի պատվի մասին հասկացողություն կամ գերդաստանական հպարտություն: Մենք ամենքս թեթևամիտներ ենք: (Լուրջ): Երկուսից մեկը, կամ դու խելագարվել ես, կամ այդ մարդը մի հասարակ ինտրիգան չէ, այլ խարդախ դև: Ուրիշ կերպ չեմ կարող բացատրել քո այժմյան տրամադրությունը: (Թեթև լռությունից հետո, մոտենում է) Լսիր Ռիտա, ես իմ հոր հարազատ զավակն եմ, պատրաստ եմ սիրել ու պաշտպանել նրան, թեկուզ նա վերջին տեսակի ավազակ լինի: Եվ ահա իմ ասելիքը. – թող քո Օթարյանը ինչ ուզում է հնարի իմ հոր մասին, իսկ ես կաշխատեմ խայտառակությամբ դուրս վռնդել նրան մեր տնից: Հասկացա՞ր: Դու կարող ես կատաղել իմ դեմ, թշնամանալ ինձ, բայց այդ ոչինչ նշանակություն չի ունենա ինձ համար:(Հեռանում է):

ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, թող ով ինչ ուզում է անի, ինձ համար միևնույն է: Ես կլսեմ միայն իմ խղճի ձայնին: Ես կարծում եմ, որ չի կարող լինել ոչ որդիական և ոչ մի ուրիշ սեր` ստի և խաբեբայության մեջ:

ԶԱՐՈՒՀԻ – (Սեղանատան դռներից) Նախաճաշը պատրաստ է:

ՌՈԶԱԼԻԱ – Գնանք: Հայրիկն իսկույն կգա: Դու պատրաստ ես քո հիմարությունները թաքցնել նրանից:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես ախորժակ չունեմ:

ՌՈԶԱԼԻԱ – (Ատելությամբ լի մի հայացք ձգելով Մարգարիտի վրա, անցնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Մնում է բեմի ձախ կողմում մտածմունքների մեջ):

ՏԵՍԻԼ 4

ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ

Վերջին երեքը ներս են մտնում նախասենյակից:

ԱՆԴՐԵԱՍ – Մի հակառակիր ինձ: Ինչպես ասում եմ, այնպես էլ պետք է լինի: Կրակը յուղով չեն հանգցնիլ:

ԲԱԳՐԱՏ – Եթե միայն կրակ է: Դատը մենք կտանենք, քանի որ նա փաստեր չունի: Թող պահանջի օրենքով: Երբ քաղաքացիական դատը կվերջացնենք, մեր կողմից կսկսենք նրա դեմ քրեական դատ: Այս անհրաժեշտ է քո, իմ և մեր ամբողջ գերդաստանի պատվի համար:

ԱՆԴՐԵԱՍ – Որ վզովս թոկ գցես, նրա հետ դատի չեմ դուրս գալ:

ԲԱԳՐԱՏ – Հայր, մանուկ հասակիցս քեզնից անդադար լսել եմ, որ քո հարստությունը վաստակել ես արդար քրտինքով:

ԱՆԴՐԵԱՍ – (Գրգռվելով) Ասել եմ, էլի եմ ասում, բայց դու քիչ կրկնիր: Այդ տղան ինձ զրպարտում է, բայց ես էլի ուզում եմ նրա հետ հաշտվել:

ԲԱԳՐԱՏ – Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում:

ԱՆԴՐԵԱՍ – Սաղաթել, գնա, գրասենյակից մի մարդ ուղարկիր, որ շուտով նրան կանչեն այստեղ:

ՍԱՂԱԹԵԼ – (Գնում է նախասենյակի դռնով):

ԱՆԴՐԵԱՍ – (Նոր միայն նկատում է Մարգարիտին, որ ամբողջ ժամանակ, կանգնած ձախ պատի տակ, ուշադիր դիտում է հորը): Ա, դու ակա՞նջ էիր դնում: Տեր Աստված, մի րոպե հանգստություն չունիմ: Կարծես, ամենքն երդվել են ինձ խելքից հանել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ներիր հայրիկ, ես հեռանում եմ:

ԱՆԴՐԵԱՍ – Լավ, դու էլ մի նեղանար: Ես մեղավոր չեմ, եղբայրդ է ինձ կատաղեցնում: Բայց ոչ դու էլ պակաս չես, դու էլ մորդ պես ինձ չես սիրում, դու ատում ես ինձ:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Անչափ վշտացած) Հայրիկ...

ԵՐԱՆՈՒՀԻ – }

ՌՈԶԱԼԻԱ – } Երևում են սեղանատան դռների մեջ:

ՏԵՍԻԼ 5

ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ, ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ

ԱՆԴՐԵԱՍ – Կորիր, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար: Ես այս տանն օտար եմ, օտար, իմ մասին մտածող չկա: Ես ձեր աչքում մի համբալ եմ, ուրիշ ոչինչ...

ՌՈԶԱԼԻԱ – Գոնե իմ մասին, հայրիկ, իրավունք չունիս այդ ասելու: (Առաջ է գալիս):

ԱՆԴՐԵԱՍ – Ա, եկան, հավաքվեցին: Գնա, քեզ էլ եմ ճանաչում: Դու այն ժամանակ ես մտածում իմ մասին, երբ հարկավոր է պարտքերդ վճարել մագազիններին: Դուք ինձ կերաք, քանդեցիք (Հետզհետե ավելի ու ավելի գրգռվելով): Ես ոչ ոքի համար մարդ չեմ, ոչ ուրիշների, ոչ իմ տնեցիների: Ամենքն ինձ համարում են ոսկու տոպրակ, ուրիշ ոչինչ: Հարգում են երեսանց, իսկ հետևից չարախոսում են: Երբ կարիք ունին, վազում են գալիս, երբ չունին - ես չկամ նրանց համար:

ԲԱԳՐԱՏ – Պետք է խոստովանել, որ այդ մասամբ ճիշտ է:

ԱՆԴՐԵԱՍ – Ճիշտ է, բաս չէ: Հո, ես հիմար չեմ, ճանաչում եմ մարդկանց հոգին: Ամենքն իրենց գլխի մասին են մտածում: Հենց մեկը դու ինքդ: Սուտ է, դու էլ ինձ չես սիրում, դու էլ ինձ փողի համար ես պատվում: Այո, այո, ես մարդ չեմ քեզ համար, այլ փողի սնդուկ: Բայց երկար խաբել չես կարող: Էլ ոչ մի կոպեկ չեմ տալու:

ԲԱԳՐԱՏ – Հայրիկ հանգստացիր:

ԱՆԴՐԵԱՍ – Այո, չեմ տալու, թող գործարանդ կիսատ մնա: Ի՞նձ ինչ: Ես իմ հորից փող ստացե՞լ եմ, որ դու ինձ պլոկում ես, ա՞: Թուք ու մուրով, զրկանքներով, քաղցած փորով եմ ես մարդ դարձել: Գնա ինքդ էլ արյուն քրտինք թափիր, այն ժամանակ կասեմ խելոք ես: Ամենքդ գնացեք, ձեր աշխատանքով ապրեք: Այստեղ մտիկ արեք, տեսեք ինչ տուն ու տեղ եմ սարքել: Ինչի՞ս է հարկավոր այս ոսկեզօծ կահկարասին: Ո՞վ եմ ես, ո՞ր խանի կամ իշխանի տղան: Մի նախկին գյադա, պանիր ու հացով ապրած լակոտ: Ինչո՞ւ եք ինձ քանդում: Դուք եք մեղավոր, որ Օթարյանը կպել է յախիցս: Այո, այո, դուք: Նա տեսնում է, որ դուք տակնուվրա եք անում իմ հարստությունը, ուզում է ինքն էլ ձեզ պես շռայլել: Դուք ինձ համար թշնամիներ եք ստեղծում...

ՄԱՐԳԱՐԻՏ – (Հանդարտ լալիս է):

ԱՆԴՐԵԱՍ – Լաց, էլի արտասուք: Հոգիս բերանս բերիք, խեղդեցիք, սպանեցիք: Հերիք է, հեռացիր, ես ատելով ատում եմ արտասուքը: Անդրեաս Էլիզբարովի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղեցեք:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Բարձր ձայնով հեկեկալով, անցնում է իր սենյակը):

ԵՐԱՆՈՒՀԻ – Ինչպես սիրտ արաիր նրան վիրավորելու: Նա Աստծու գառն է:

ԱՆԴՐԵԱՍ – Աստծու գառը, հորդ պես: Ես ատելով ատում եմ Աստծու գառներին: Տվեք ինձ սադայելին, ես նրա հետ ավելի հեշտությամբ կհաշտվեմ, քան Աստծու գառների հետ: Գնացեք, ի՞նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ խոմ չեք թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել, տկլորել, փողոցները ձգել: Գոնե դուք խնայեցեք ինձ: Դեհ, կորեք, հայդա: (Նստում է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա):

ԵՐԱՆՈՒՀԻ – } Անցնում են սեղանատուն

ԲԱԳՐԱՏ – }

ՌՈԶԱԼԻԱ – } (Մնում է բեմի վրա):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ

ԱՆԴՐԵԱՍ – (Նստած է խորին մտածողության մեջ և տանջվում է):

ՌՈԶԱԼԻԱ – (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):

ԱՆԴՐԵԱՍ – (Հառաչում է, ձեռը զարնելով սեղանին): Ահ...

ՌՈԶԱԼԻԱ – Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում:

ԱՆԴՐԵԱՍ – (Գլուխը բարձրացնելով, անտարբեր) Քո բանը չէ:

ՌՈԶԱԼԻԱ – Ներիր, հայրիկ, քո հոգսերը վերաբերում են և քո զավակներին:

ԱՆԴՐԵԱՍ – (Դարձյալ անտարբեր): Ես հոգս չունեմ: (Ներվային արագությամբ ոտքի կանգնելով): Բան ունի՞ս ասելու:

ՌՈԶԱԼԻԱ – Այո, հայրիկ, ունիմ, բայց չեմ համարձակվում:

ԱՆԴՐԵԱՍ – Դեհ, կարճ կապիր, ես գնում եմ:

ՌՈԶԱԼԻԱ – Գիտես ինչ, հայրիկ, այն մարդը, որ մոռացել է քո բարերարությունը և ուզում է քեզ կողոպտել, այստեղ մեր տանը զինակից ունի:

ԱՆԴՐԵԱՍ – (Հետաքրքրված) Ա՞, ի՞նչ, պարզ ասա:

ՌՈԶԱԼԻԱ – Մարգարիտը սիրահարված է Օթարյանի վրա:

ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ, սիրահարվա՞ծ: Ո՞վ ասաց քեզ:

ՌՈԶԱԼԻԱ – Հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ:

ԱՆԴՐԵԱՍ – Հետո՞: Նա էլ սիրում է Մարգարիտին:

ՌՈԶԱԼԻԱ – Պետք է կարծել, թեև այն տեսակ մարդու հավատալ չի կարելի:

ԱՆԴՐԵԱՍ – (Մի քանի վայրկյան մտածում է, հանկարծ դեմքը պայծառանում է ուրախությունից): Ասում ես, ինքը, Մարգարի՞տը խոստովանեց:

ՌՈԶԱԼԻԱ – Այո, հայրիկ: Ես գիտեմ, որ նրանք ամեն օր տեսակցություն ունեն դրսերում: Հայրիկ, ես պարտք համարեցի քեզ զգուշացնել այդ մասին: Կարծում եմ, մեր գերդաստանի պատիվը պահանջում է այդ սերը խափանել հենց այժմյանից: Ճշմարիտ է, Մարգարիտը մի առանձին արժանավորություն չունի, բայց ինչ էլ լինի, քո աղջիկն է: Օթարյանը արժանի չէ քո փեսան դառնալու:

ԱՆԴՐԵԱՍ – (Շարունակ մտածելով) Իհարկե, իհարկե: Շնորհակալ եմ, որ ինձ զգուշացրիր: Գնա, իսկույն Մարգարիտին կանչիր այստեղ:

ՌՈԶԱԼԻԱ – Բայց, հայրիկ, շատ էլ չբարկանաս նրա վրա: Հիմար է, չի հասկանում:

ԱՆԴՐԵԱՍ – (Անհամբեր) Գնա, նրան կանչիր այստեղ:

ՌՈԶԱԼԻԱ – (Մեկուսի) Տեսնենք, ինչպես պիտի պաշտպանես սիրեկանիդ: (Գնում է խորքի ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 7

ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՆԴՐԵԱՍ – Մինչև Մարգարիտի գալը, մտազբաղ անցուդարձ է անում, զանազան շարժումներով իր միտքն արտահայտվելով:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս խորքի դռներից հանդարտ քայլերով):

ՌՈԶԱԼԻԱ – (Դուրս է գալիս անմիջապես քրոջ հետևից, քանի մի վայրկյան կանգ է առնում, նայում է և անցնում սեղանատուն, դռները ծածկելով):

ԱՆԴՐԵԱՍ – Առաջ եկ, լալկան աղջիկ: Հայրը որդու վրա չի՞ կարող բարկանալ, ինչ է: Հե՞, բաս ի՞նչ կանեիք դուք, երես առածներ, եթե մեր ծնողների պես ծնողներ ունենայիք: Հայրս վզակոթիս որ տալիս էր - աչքերիցս պեծեր էին թռչում; Դե լավ, բաց արա աչքունքդ, ծնողի դեմ ոխ չեն պահիլ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ես քո դեմ ոխ չունիմ:

ԱՆԴՐԵԱՍ – Այ, օրհնյալ լինես, աղջիկս: Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս, դեհ, արի հաշտվենք: (Մոտենում է ճակատը համբուրում): Բայց ես էլի քեզ վրա բարկացած եմ: Գիտես ինչ, աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Զարմացած նայում է հորը): Անկեղծ...

ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ ես զարմանում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայր, առաջին անգամն եմ ես քեզանից այդպիսի բան լսում: Դու երբեք ինչ արժանի չես համարել այդ տեսակ խոսակցության:

ԱՆԴՐԵԱՍ – Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից: Դու, երևի, մտածում ես, էհ, իմ հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ սիրտս բաց անեմ նրա առաջ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ: Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ լսելու: Բայց դու... դու միշտ սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ:

ԱՆԴՐԵԱՍ – (Ուրախ ձևանալով): Այո՞: Ապրես զավակս: Դե, որ այդպես է, ասա ինձ, ինչո՞ւ այս քանի օրերս տխուր ես:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Շփոթվելով) Չգիտեմ... ես... տխուր չեմ:

ԱՆԴՐԵԱՍ – Այ, տեսա՞ր: Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեղծեցիր: Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես պատասխանեմ: Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ...

ԱՆԴՐԵԱՍ – Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող: Ես մարդու մի շարժումից կարող եմ իմանալ. թե նա ինչ է մտածում իմ մասին: Հապա, պատմիր, տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո սիրած երիտասարդը...

ՄԱՐԳԱՐԻՏ – (Բոլորովին շփոթվում է ու կարմրում):

ԱՆԴՐԵԱՍ – Լավ, մի ամաչիր: Բոլորը հայտնի է ինձ: Մի վախենար, չեմ բարկանում: Միայն աղջիկս, նա դեռ երեխա է, չի հասկանում իր արածը: Նա իմ բարերարությունները մոռանում է: Էհ, տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա, կտեսնի, որ սխալված է:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուրախանալով և, միևնույն ժամանակ, դեռ կասկածելով): Այո՞, սխալվա՞ծ է քո մասին:

ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի և ոչ ներկայի ազնվության մասին: Բայց նա ինձ համոզում է, որ...

ԱՆԴՐԵԱՍ – Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞: Բայց ինչո՞վ է համոզում, խոսքերո՞վ, թե փաստերով:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ոչ քեզանից կարող եմ փաստ պահանջել, ոչ նրանից:

ԱՆԴՐԵԱՍ – Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հա՞: (Կեղծ վշտանալով) Ամոթ քեզ, Մարգարիտ, ամոթ: Դու ինձ ապտակ ես տալիս...

ՄԱՐԳԱՐԻՏ – (Վշտահար և ամոթահար) Հայր...

ԱՆԴՐԵԱՍ – (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թող ինձ, ես ինչ հայր եմ, երբ հարազատ աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող, ավազակ: Թող ինձ, գնա նրա հետևից: Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ եմ: Ոչինչ, ցեխի կտոր:

ՄԱՐԳԱՐԻՏ – Դու ունիս իրավունք ինձ նախատելու, հայր, ես շտապել եմ եզրակացություն անելու: Ներիր ինձ, աղաչում եմ:

ԱՆԴՐԵԱՍ – Ներումն խնդրելուց ի՞նչ օգուտ, դու պետք է աշխատես մեղքդ քավել, սխալդ ուղղել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրու, ես կքավեմ իմ մեղքերը:

ԱՆԴՐԵԱՍ – Այ ինչպես: Լսիր: Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ գրավոր ապացույցներ իմ դեմ: Դու... (Նայելով շուրջը): Բայց այստեղ անհարմար է ասել: Կարծեմ գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ հարկավոր է: Գնանք: (Գնում են աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 8

ՍՈՒՐԵՆ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ

ՍՈՒՐԵՆ – Այո, քեռի, երևակայել չես կարող ինչքան ծիծաղելի էր: Աբուլովտ, քաղաքի առաջին քեֆ անողն և ամենից շատ ծախսողը, հանկարծ մնում է թատրոնի դռների մոտ քիթը քաշ: Իսկ քո քրոջ որդին բռնում է գեղեցկուհի Առլովայի թևից և կառք նստեցնում:

ՍԱՂԱԹԵԼ – Ամոթ չլինի հարցնել - այդ ի՞նչ պարծենալու բան է:

ՍՈՒՐԵՆ – (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է, բոլորը նայում են նախանձով: Աբուլովի աչքերից կրակ է թափվում: Կրակոտ Ալի-Բաբան կառքը թռցնում է, մեզ կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել: Ծառաները ձեռքի ոտքի են ընկել: Սեղանը պատրաստ է: Հյուրերը սպասում են...

ՍԱՂԱԹԵԼ –Ամոթ չլինի հարցնել – ի՞նչ հյուրեր:

ՍՈՒՐԵՆ – Ինձ նման դարդիմանները: Մեզ ծափահարում են: Կառքից ծառաները բերում են թատրոնում ստացված փունջերը – կեսն իմ նվիրածն է: Առլովան հիացած է նվերներից: Երբեք այդպիսի բենեֆիս չի ունեցել: Հետո ինչ քեֆ, ինչ քեֆ: Շամպանիան ջրի պես է հոսում: Խմում են Առլովայի կենացը, հետո իմը: Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ: Կծում եմ Առլովայի ոտը: Նա ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև: Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը: Ոգևորությունն անասելի է: Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գեղարվեստի: Այ շարմանտ մերվեյլ... Կին չէ, այլ դիցուհի... (Ձեռը զարկելով Սաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին: (Ձեռքը զարկելով Սաղաթելի փորին): Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի Բաղդասար...

ՍԱՂԱԹԵԼ – Գնա բանիդ: Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը:

ՍՈՒՐԵՆ – Հավանաբար, ոչինչ, դատարկ բան – վեց հարյուր ռուբլի:

ՍԱՂԱԹԵԼ – (Զարմանալուց հետ թռչելով) Փահ, քո տունը չքանդվի, օղուլ...

ՍՈՒՐԵՆ – Կծեց, հա՞:

ՍԱՂԱԹԵԼ – Վեց հարյուր մանեթ, մի գիշերում: Դե լավ, ամոթ չլինի հարցնելը - ե՞րբ ես վեքսելներս այնա անելու:

ՍՈՒՐԵՆ – Երբ որ պայմանավորված ժամանակը կգա, այնա կանեմ:

ՍԱՂԱԹԵԼ – Ես պետք է սպասեմ քո հոր մահվա՞ն:

ՍՈՒՐԵՆ – Այո, ի՞նչ արած:

ՍԱՂԱԹԵԼ – Բայց նա ինձանից առողջ է, կարող է ինձ նման տասին թաղել:

ՍՈՒՐԵՆ – Ես ինչ անեմ, դու ինքդ ես ինձ սովորեցրել: Տալիս ես 300, ստանում ես երկու հազարի վեքսել, որ հորս մահից հետո վճարեմ, (Լռություն): Ախ, քեռի, գլուխս սկսեց ցավել: Տրամադրությունս փչացավ: Ամեն անգամ այդ տեսակ մեծ քեֆից հետո կյանքն ինձ թվում է հիմար, ձանձրալի բան: (Նկատելով Երանուհուն, Ռոզալիային և Բագրատին) Ահա գալիս է ընտանեկան իդիլիան:

ՏԵՍԻԼ 9

ՍՈՒՐԵՆ, ՍԱՂԱԹԵԼ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ ԵՎ ԲԱԳՐԱՏ

Դուրս են գալիս սեղանատնից:

ԵՐԱՆՈՒՀԻ –Սաղաթել, Զարուհուն հրամայիր, որ քեզ նախաճաշ տա:

ՍԱՂԱԹԵԼ – (Անմիջապես անցնում է սեղանատուն):

ԵՐԱՆՈՒՀԻ – (Սուրենին): Իսկ քեզ ասելն ավելորդ է, դու, երևի, կուշտ ես:

ՍՈՒՐԵՆ – Մախոխ լիներ, ուրախությամբ մի աման կուտեի:

ԵՐԱՆՈՒՀԻ – Որտեղ էիր ամբողջ գիշեր:

ՍՈՒՐԵՆ – Աստղագիտությամբ էի զբաղված, մամա: Այժմ աստղերն երկնքից իջել են օպերետային թատրոն:

ԲԱԳՐԱՏ – Ամաչելո՞ւ ես մի օր, թե՞ չէ: Ի՞նչ իրավունքով ես Դիլբարյաններից ստացել բնակարանի վարձը և ծախսել:

ՍՈՒՐԵՆ – Հարգելի ինժեներ-տեխնոլոգ, կարծեմ, ես նույնպես իմ հոր հարազատ որդին եմ, ինչպես դու:

ԲԱԳՐԱՏ – Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը:

ՍՈՒՐԵՆ – Դեռ հարց է, ե՞ս, թե՞ դու, պարոն Գեշեֆտմախեր: Ես կեղտը փչացնում եմ, իսկ դու պաշտում ես: Էհ, բերանս բաց մի անեք, թե չէ - լեզուս չար է:

ՌՈԶԱԼԻԱ – Գիտեմ, ինչ է քո չար լեզուն: Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց աղվեսի պոչ:

ՍՈՒՐԵՆ – Իսկ այսօր կանվանեմ մարքիզուհի Դալլաքյան, ի՞նչ էիր այսօր ուռել ու փքվել կարեթում: Ուղղակի ծիծաղելի էր: Այն կարտոֆիլի տոպրակ Վարդանին էլ կարմիր չերքեզի է հագցրել ու առաջքը նստացրել: Հերիք չէ, որ անունդ Գյուլում է, փոխել ես Ռոզալիայի, հիմա էլ իշխանուհու շիկ ես բանեցնում: Հե, դալլաք Էլիզբարի թոռն: Թողեք, Աստված սիրեք, ամենքդ ինձ համար ծիծաղելի եք, բացի խղճալի մայրիկից:

ՄԱՐԳԱՐԻՏ – Դուրս է գալիս հոր սենյակից:

ՍՈՒՐԵՆ – Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող է ինձ նախատել, ահա սա է: (Ցույց է տալիս Մարգարիտին):

ՏԵՍԻԼ 10

ՍՈՒՐԵՆ, ՍԱՂԱԹԵԼ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ, ԲԱԳՐԱՏ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ

ՌՈԶԱԼԻԱ – Ինչ ասել կուզի, երևելի ռեկոմենդասիոն է:

ՍՈՒՐԵՆ – (Կծու) Համենայն դեպս, արժե Օթարյանի համակրանքից զրկվելուն:

ՌՈԶԱԼԻԱ – Մայրիկ զսպիր նրան: Նա ինձ վիրավորում է: (Սուրենին): Սուտ է, նա ինքն է զրկվել իմ համակրանքից:

ՍՈՒՐԵՆ – Այո, այն օրից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին: Իսկ առա՞ջ, երբ ուսանող է՞ր: Քիչ էր մնում նրա անունով մոմ վառեիր: Այս այնքան ճիշտ է, որքան այն, որ այս րոպեիս իմ գրպաններում մեծ օդափոխանակություն կա: (Դադար) Որտե՞ղ է Հայրիկը:

ԲԱԳՐԱՏ – Քո բանը չէ:

ՍՈՒՐԵՆ – Հե, թաքցրեք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ, գայլը թակարդ է ընկել, իր թաթերն է կրծոտում:

ԲԱԳՐԱՏ – Կարծեմ, դու սկսում ես չափից անցնել:

ՌՈԶԱԼԻԱ – Նա հարբած է, չարժե հետը խոսել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Գժվել է:

ՍՈՒՐԵՆ – Էհ՞, ի՞նչ եք ամեն կողմից ապշած մտիկ անում: Ամբողջ քաղաքն է խոսում: Պետք է բամբասանքներին վերջ տալ: Երկուսից մեկ – կամ Օթարյանը ճշմարիտ է ասում, կամ զրպարտում է: Եթե զրպարտում է, պետք է պատժել: (Բագրատին) Աա՞, վախենու՞ւմ ես, դողո՞մ ես, դատարանո՞վ ես սպառնում:

ԲԱԳՐԱՏ – (Վիրավորված և վրդովված) Վախկոտը նա է, որ մի կնոջ պատճառով ապտակ է ստանում և կուլ տալիս:

ՍՈՒՐԵՆ – Ձայնդ կտրիր, շուն: (Հարձակվում է վրեն):

ԵՐԱՆՈՒՀԻ – (Ընկնում է որդիների մեջ): Աման, Տեր Աստված:

ՄԱՐԳԱՐԻՏ – Աստված իմ, և սա ընտանիք է...

ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է իր սենյակի դռների մեջ` առանց պիջակի, ժիլետով): Այդ ի՞նչ աղմուկ է: (Նկատելով Սուրենին): Ա, այդ դո՞ւ ես անառակ զավակ: Ես քեզ կխեղդեմ շան պես: (Հարձակվում է վրեն):

ՍԱՂԱԹԵԼ – (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած): Հանգստացիր, Անդրեաս... (Բռնում է նրա թևից, հետ է քաշում):

ԱՆԴՐԵԱՍ – Կորիր... ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս...

ՄԱՐԳԱՐԻՏ – (Բռնելով Սուրենի թևից) Ամոթ է, խելքի եկ: (Տանում է նրան ձախ կողմի դռներով և իսկույն մենակ վերադառնում):

ԱՆԴՐԵԱՍ – Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին: (Թույլ է տալիս, որ Սաղաթելն իրան տանի իր սենյակը): Անիծվեք դուք...

ՌՈԶԱԼԻԱ – (Մարգարիտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ամաչիր ասածիցդ, Ռոզալիա:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հիմա էլ դուք: Այս ի՞նչ տուն է, Տեր Աստված:

ՌՈԶԱԼԻԱ – Սպասիր, մի օր ես քեզ հետ հաշվի կնստեմ: (Ուզում է գնալ իր սենյակը, բայց Օթարյանին տեսնելով, կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 11

ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ

ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակի դռնից ուրախ դեմքով): Բարով ձեզ, մայրիկ: (Ձեռքը համբուրում է) Օրիորդ Ռոզալիա, բարով: (Ուզում է ձեռք տալ):

ՌՈԶԱԼԻԱ – (Արհամարանքով, բայց վրդովված): Մենք ծանոթ չենք, պարոն:

ՕԹԱՐՅԱՆ – (Ցնցվելով) Օրիորդ, այդ ի՞նչ է նշանակում:

ՌՈԶԱԼԻԱ –(Կծու ծիծաղով): Սիրահարներ: (Անցնում է իր սենյակը):

ՏԵՍԻԼ 12

ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ – (Ապշած նայելով Ռոզալիայի հետևից, մոտենում է և մեքենայաբար սեղմում Մարգարիտի ձեռքը): Չեմ իմացել ինչո՞վ եմ ես արժանացել նրա ատելությանը:

ԵՐԱՆՈՒՀԻ – (Որ նստել է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա): Ոչինչ, որդի, մի նեղանար: Այստեղ մի փոքրիկ ընտանեկան խռովություն պատահեց: Ռոզալիան վշտացած է:

ՕԹԱՐՅԱՆ – Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ ներումն խնդրել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, ուշադրություն մի դարձրու, երեխա է, չի հասկանում: Նստիր, ինչպե՞ս է մայրդ:

ՕԹԱՐՅԱՆ – (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես: Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր մարդ դարձել: Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ է բացվել: Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շատ...

ՕԹԱՐՅԱՆ – Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակասիլ: Դուք բարձր եք բոլոր վեճերից:

ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, օրհնյալ լինես: Իմ ցանկությունն էլ այն է, որ բարեկամ մարդիկ հաշտ ապրեն, փողի համար չմոռանան Աստծուն:

ԶԱՐՈՒՀԻ – (Գալիս է օրիորդների սենյակից` սեղանատուն անցնելու): Տիրուհի, օրիորդը ձեզ խնդրում է: (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով վերադառնում է օրիորդների սենյակը` ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ):

ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց: (Շտապով գնում է օրիորդների սենյակը):

ՏԵՍԻԼ 13

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ – (Անհամբեր մոտենալով Մարգարիտին) Ի՞նչ է պատահել այստեղ, ասա:

ՄԱՐԳԱՐԻՏ – Սովորական խռովություն: Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և Բագրատի հետ ու միմյանց վիրավորեցին:

ՕԹԱՐՅԱՆ – Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ հայրդ ինձ անպատվեց:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել: Ես համոզված եմ, որ հետո ինքը կզղջա: (Զարուհուն, որ այդ միջոցին, օրիորդների սենյակից դուրս գալով, գրաֆինն ու բաժակը ձեռքին անցնում է սեղանատուն): Ինչպե՞ս է:

ԶԱՐՈՒՀԻ – Ոչինչ, մի քիչ լաց եղավ, հանդարտվեց (Գնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ – Թողենք այդ: Ավելի կարևոր գործ կա: Հայրս ուղարկել է քեզ կանչելու:

ՕԹԱՐՅԱՆ – Այո: Ո՞ւր է նա:

ՄԱՐԳԱՐԻՏ – Իր սենյակումն է, հանգստանում է: Նստիր: Եթե կամենաս, իսկապես ինձ ես հարկավոր: Նստիր: (Նստում է աջ կողմի բազկաթոռի վրա): Դու ինձ երկու կրակի մեջ ես գցել: Ես հավատում եմ քեզ, բայց ուզում եմ հորս էլ հավատալ: Դուրս բեր ինձ այս անտանելի դրությունից: Երկուսից մեկը – կամ դու մոլորված ես, կամ հայրս իսկապես մի հանցավոր է:

ՕԹԱՐՅԱՆ – Լսիր, Մարգարիտ: Ես քանիցս քեզ ասել եմ, որ այդ դատն ինձ համար բարոյական մեծ նշանակություն ունի: Հավատա, փողն արժեք չունի իմ աչքում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, միթե ես քեզ նոր եմ ճանաչում: Բայց, հասկացիր, քո և իմ հոր փոխադարձ թշնամությունը կարող է ինձ կործանել, ահա ինչիցն եմ վախենում:

ՕԹԱՐՅԱՆ – Սիրելի, անգին Մարգարիտ, մի պղտորիր հոգիդ մռայլ մտքերով: Ես գիտեմ, որ դու պաշտում ես հորդ, բայց ես այնքան նրա դեմ չեմ զինված, որքան եղբորդ դեմ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Բագրատը բարեսիրտ չէ, ես գիտեմ այդ:

ՕԹԱՐՅԱՆ – Նա ինձ արհամարհել է ընկերական շրջաններում: Նա ինձ ստորացրել է տեղի և անտեղի: Նա ինձ մի քանի անգամ անվանել է ձրիակեր: Ես ուզում եմ ազատվել մուրացկանի վիրավորական դրությունից: Ուզում եմ արժանանալ քո սիրուն: Մի՞թե չես հասկանում իմ պահանջի իսկական նպատակը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում: Բայց ե՞ս ինչ անեմ: Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ անսահման, բայց չէ՞ որ սիրում եմ և հորս: Այսօր նա ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ ամոթից պատրաստ էի գետինը մտնել: Չեմ կարծում, որ նա այդ խոսքերն ասեր, եթե իսկապես իրան մեղավոր զգար: Նա փաստեր է պահանջում և կամենում է, որ ես ստուգեմ այդ փաստերը:

ՕԹԱՐՅԱՆ – Եվ դու ուզում ես ստուգե՞լ: Հասկանում եմ: Քո մեջ կռվում են երկու հավասար զգացումներ – հավատը դեպի հայրդ և հավատը դեպի ինձ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա հենց այդ է ճիշտը, ինչ լավ զգացել ես իմ դրությունը:

ՕԹԱՐՅԱՆ – Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այդ երկդիմի դրությունից:

ՄԱՐԳԱՐԻՏ – Այո, այո դուրս բեր:

ՕԹԱՐՅԱՆ – Կներկայացնեմ քեզ իմ բոլոր ապացույցները:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես հենց այդ մասին էի ուզում քեզ խնդրել:

ՕԹԱՐՅԱՆ – Թող այդպես լինի: Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր չի կարող լինել: Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից: Ես կարող էի դատարան դիմել, բայց այդ չեմ անում միայն քո պատճառով: Ուրեմն դու եղիր մեր դատավորը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ: Եվ հավատա, ես կլինեմ արդար դատավոր:

ՕԹԱՐՅԱՆ – (Թեթև ցնցումով): Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ...

ՕԹԱՐՅԱՆ – Մարգարիտ, տուր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի քեզ համար – չես ընկճվիլ նրա դառնությունից:

ՄԱՐԳԱՐԻՏ – Մի առաջարկիր ինձ ոչ մի պայման: Դու ինքդ ես ինձ սովորեցրել ճշմարտությունը ամեն բանից գերադասել: Բեր այդ թղթերը, ես ուզում եմ վերջին կասկածը հեռացնել իմ սրտից: Եվ չեմ թաքցնում, որ ում կողմ ևս լինի արդարությունը – ինձ է կործանելու, որովհետև անդունդը ուր որ բացվի – իմ և հորս մեջ, թե իմ և քո մեջ - ես եմ գլորվելու այնտեղ: Բեր այդ թղթերը, ես պահանջում եմ սիրող կնոջ իրավունքով:

ՕԹԱՐՅԱՆ – (Մինչ Մարգարիտն արտասանում է իր խոսքերը, Օթարյանը տանջվում է և կռվում իր հետ: Երբ Մարգարիտը վերջացնում է, լռություն): Շատ լավ, ես կբերեմ: (Վեր է կենում):

ՄԱՐԳԱՐԻՏ – Հենց այսօր:

ՕԹԱՐՅԱՆ – Մի քանի րոպեից հետո ես այստեղ կլինեմ: (Գնում է նախասենյակի դռներով):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուղեկցում է նրան մինչև դռները, ապա գալիս է բեմի կենտրոնը):

ՏԵՍԻԼ 14

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՍՈՒՐԵՆ

ՍՈՒՐԵՆ – (Ներս է մտնում ձախ դռներից): Չկարողացա քնել: Հանգիստ չեմ: Մարդու հոգեկան տրամադրությունը զարմանալի կապ ունի գրպանի դրության հետ: Երբ այս անիծվածը դատարկ է, ինչ ուզում եք ասեք` քնել չեմ կարողանում; Այո սիրելի, Մարգարիտ, այս մի նոր հոգեբանական գյուտ է: Հետևաբար, չե՞ս կարող, արդյոք, ինձ հաշտեցնել նրա բթամիտ Մորփեոսի հետ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես փող չունիմ:

ՍՈՒՐԵՆ – Դու կարծեմ, հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես վաղուց եմ դադարել հայրիկից փող վերցնել:

ՍՈՒՐԵՆ – Ահա թե ինչ: Ատո՞ւմ ես փողը, փիլիսոփա ես:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչիս է հարկավոր փողը, երբ տանն ամեն բան պատրաստ կա:

ՍՈՒՐԵՆ – Այդ էլ ճիշտ է: Բայց ինձ հարկավոր է, ախ, շատ հարկավոր: Առանց փողի ես համարյա առանց ոտների եմ: Ես էլ եմ ատում փողը և միշտ աշխատում եմ նրանից բաժանվել: Երբ գրպանս մի քանի գրոշներ են մտնում, մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ: Էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց թողնել: Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է: Ախ, Մարգարիտ, կյանքը շատ տխմար բան է: (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր: Ես ուղղակի ձանձրացել եմ կյանքից:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան հասակում:

ՍՈՒՐԵՆ – Քի՞չ է: Մեր ժամանակներում մարդիկ շատ են տեսնում, շատ են զգում և շուտ ձանձրանում: Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ: (Հանում է գրպանից ռևոլվերը): Այ, տես, մի հարված, և Ռուբիկոնն անցա:

ՄԱՐԳԱՐԻՏ – Թող, հիմարություններ մի արա, կարող է տրաքվել:

ՍՈՒՐԵՆ – Ոչ, այս հեշտ տրաքողներից չէ: (Ցույց է տալիս) Այ, այսպես է տրաքում, պետք է այս հետ քաշել, մատով սեղմել, և պատրաստ է:

ՄԱՐԳԱՐԻՏ – Տուր ինձ: Մի պահիր մոտդ, վտանգավոր է:

ՍՈՒՐԵՆ – Ես հենց ինքս ուզում էի դեն գցել: (Տալիս է) Վերցրու, հրաժարիմք ի սատանայե: (Լռություն): Ուրեմն չունի՞ս:

ՄԱՐԳԱՐԻՏ – Չունիմ: (Ռևոլվերը նայում է քիչ և դնում սեղանի վրա):

ՍՈՒՐԵՆ – (Լռություն): Եվ ոչ գոնե հիսուն ռուբլի՞:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Գլխով բացասական նշան է անում):

ՍՈՒՐԵՆ – Ցավալի է, շատ ցավալի: Կնշանակի` այսօր Առլովային չպիտի տեսնեմ: Այդ անկարելի է, ամոթ է, կասի` հայի տղան ծախսից փախավ և էլի կմոտենա Աբուլովին: (Նստում է ձախ կողմի բազկաթոռներից մեկի վրա, մտածում: Լռություն, հանկարծ ձեռքը զարկում է ճակատին): Էվրիկա, Էդիսոն եմ, էդիսոն: Ո՞րտեղ է Ռոզալիան:

ՄԱՐԳԱՐԻՏ – Իր սենյակում:

ՍՈՒՐԵՆ – Նա փող կունենա (Դիմում է դեպի խորքի դուռը):

ՄԱՐԳԱՐԻՏ – Այդքան վիրավորելուց հետո ուզում ես դիմել նրա՞ն:

ՍՈՒՐԵՆ – (Կանգ է առնում): Ա, այդ դատարկ բան է: Նա գիտե որ իմ սիրտը բարի է, լեզուս է միայն չար: Կհաշտվենք, դժվար չէ: Մի քիչ կշոյեմ, կգովեմ գեղեցկությունը իսկույն կկակղի:

(Երգելով անցնում է օրիորդների սենյակը)

ՏԵՍԻԼ 15

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ, հետո ԱՆԴՐԵԱՍ

ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից, այս անգամ վերարկուով) Ահա, սիրելիս, բոլորը: (Տալիս է մի ծրար): Այստեղ է իմ պատիվը, ինքնասիրությունը և ամբողջ կարողությունը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ընծայում ինձ:

ՕԹԱՐՅԱՆ – Այդ տեսակ հավատը քո գործնական եղբայրն անշուշտ կհամարի հիմարություն: Սակայն այդ ինձ համար նշանակություն չունի: Ես սիրում եմ քեզ, ուրեմն և պետք է հավատամ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Որքան բարի ես դու և վեհանձն, Արտաշես:

ՕԹԱՐՅԱՆ – Միայն քո սիրո համար: (Համբուրում է):

ՄԱՐԳԱՐԻՏ – Վաղը կամ մյուս օրը դու բոլորը հետ կստանաս, թող իմ խոսքը քեզ համար գրավական լինի:

ՕԹԱՐՅԱՆ – Բավական է այդքան: Ցտեսություն:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ցտեսություն: (Ուղեկցում է նրան մինչև նախասենյակի դուռը):

ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է իր սենյակի դռների մեջ):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Վերադառնում է բեմի կենտրոնը և ուզում է գնալ իր սենյակը):

ԱՆԴՐԵԱՍ – (Իբր թե Օթարյանին չի նկատել) Այն ո՞վ էր:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա հայրիկ, ամեն ինչ այստեղ է: Այժմ ես կիմանամ ով է ձեզնից արդարը և մեղավորը:

ԱՆԴՐԵԱՍ – Ապրիս զավակս: Քննիր և տես: (Համբուրում է ճակատը): (Գնում են յուրաքանչյուրը իր սենյակը):

Վարագույր

"Պատվի համար" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Պատերազմ և խաղաղություն
Պատերազմ և խաղաղություն
Խաղա առցանց