Ալեքսանդր Շիրվանզադե

Արամբին

VI

Նույն օրերը Ռոստամյանը, սեղանի մոտ նստած, զուր ճգնում էր յուր մտատանջությունը մոռանալ աշխատության մեջ։ Չարագուշակ գիշերից հետո, նա հանգստություն չուներ։ Զուր նա վճռեց, Նատալիա Պետրովնայի պատմությունը լսելուց հետո, վերջ տալ յուր հոգեկան պատերազմին, զուր երդվեց հավիտյան մոռացության տալ Վարվառեին։ Ընդհակառակը, վերջինի կերպարանքն, անբաժան ստվերի պես, հետևում էր նրան ամեն տեղ և ամեն վայրկյան։ Նա ոչ միայն գործելու ուժ և ցանկություն չէր զգում յուր մեջ, այլև մի տեղ խաղաղ նստել չէր կարողանում։ Սենյակների

առաստաղը, կարծես, ճնշում էր նրա հոգին․ ստեպ-ստեպ նա դուրս էր գալուս պատշգամբ կամ փողոց և շուտով վերադառնում։ Մի ցանկություն նրա մեջ օրըստօրե զորանում էր ինչպես ևիցե, ուրևիցե․ առանձին տեսնվել Վարվառեի հետ։ Եվ նա հուսով էր, որ քաջություն կունենա երես առ երես խոսակցել անբախտ կնոջ հետ նրա արդի վիճակի մասին և յուր «անկեղծ, եղբայրական» ցավակցությամբ մխիթարել նրան։ Դարձյա՜լ երիտասարդական կույր ինքնախաբեություն։

Բայց ո՞րտեղ Ռոստամյանը կարող էր առանձին տեսնել Վարվառեին։ Անմիջապես այցելել նրան, երբ հայրը տանը չէ կլիներ հանդգնություն, գոնե այսպես էր կարծում Ռոստամյանը։ Օրական մի քանի անգամ նա պատշգամբի վրա տեսնում էր Վարվառեի տխուր և խոհուն կերպարանքը։ Արդյոք, կամենո՞ւմ է նա վերջ տալ յուր երկդիմի կացությանը, արդյոք չի՞ մտածում, որ մի չափազանց համարձակ քայլ է գործել հասարակական նախապաշարմունքների դեմ կամ մի գուցե արդեն, զղջալով յուր արածի մասին, մտադիր էր կրկին ընդունել ատելի լուծը։

Այս խորհրդածությունների մեջ Ռոստամյանը մի օր, տուն վերադառնալու ժամանակ, պատահեց Մինաս Կիրիլլիչին։ Ծերունին կանգնած էր Դվարցովայա փողոցի մագազիններից մեկի առջև և, կարծես նայում էր դեպի ներս։

Դրացի, բարև, ասաց Մինաս Կիրիլլիչը, ձեռը մեկնելով Ռոստամյանին։ Այս հայտարարությունն էի կարդում, ավելացրեց նա, մատով ցույց տալով մի տպագիր մեծ թերթ, որ դրած էր մագազինի պատուհանում։ Վաղը բարեգործական նպատակով նվագահանդես է, ուզում եմ Վարվառեի համար տոմսակ վերցնել․ մեծ պաս է, թատրոն չկա, իսկ նա երաժշտություն շատ է սիրում։ Դուք գնալո՞ եք։

Այո, արտասանեց անգիտակցաբար Ռոստամյանը, որ մտադիր չէր որևէ նվագահանդես գնալու։

Նրանք միասին մտան մագազին, ուր սովորաբար վաճառվում էին բարեգործական ներկայացումների համար տոմսակներ։ Ծերունին վերցրեց առաջին կարգից երկու բազկաթոռ, իսկ Ռոստամյանն յուր համար վերցրեց հետին աթոռներից մեկը։ Դուրս գալու
ժամանակ, տոմսավաճառ պարոնը, որի հետ Ռոստամյանը հեռավոր ծանոթություն ուներ, մի քանի վայրկյան պահեց նրան։

Ո՞վ է այդ ծեր մարդը, հարցրեց պարոնը, հետաքրքրվելով։

Ռոստամյանն ասաց ծերունու ազգանունը։

Մոզդոկցի չէ՞։

Մոզդոկցի է։

Աաա՜, ձգձգելով արտասանեց տոմսավաճառը, ապա դառնալով խանութում կանգնած երկու կարմրադեմ պարոններին, ավելացրեց․ չասացի՞ որ դա այն Քիրիշչիևն է։

Ավելորդ հարցերից ազատվելու համար, Ռոստամյանը շտապեց դուրս գալ խանութից։ «Անշուշտ հայր ու աղջիկ խոսակցության առարկա են դարձել բամբասասեր Թիֆլիսում», ասաց նա յուր մտքում, հասնելով Մինաս Կիրիլլիչին, որ հանդարտ քայլերով դիմում էր առաջ։

Հետևյալ օրն երեկոյան Ռոստամյանը, մի թեթև զբոսանք կատարելուց հետո, մտավ հասարակական ժողովարան, ուր պիտի կայանար նվագահանդեսը։ Հասարակությունն արդեն հավաքվել էր, իսկ Մինաս Կիրիլլիչն և Վարվառեն բազմաթիվ հանդիսականների մեչ դեռ չէին երևում։ Նվագահանդեսը սկսվեց, դուրս եկավ մի գեր օրիորդ, ինչ որ սկսեց նվագել երկար ժամանակ։ Դահլիճը լիքն էր, շատերը կանգնած էին ոտքի վրա և, որը թմրած դեմքով, որը կեղծ ուշադրությամբ, որը ձանձրությամբ լսում էին նվագածությունը։ Իսկ Ռոստամյանը ոչ նայում էր դեպի բեմ և ոչ լսում էր։ Նա անդադար մտիկ էր անում աջ ու ձախ, դռների կողմը։

Վերջապես առաջին ձախակողմյան դռներից ներս մտավ Վարվառեն, ապա հայրը։ Անցքերի մոտ հավաքված հանդիսականների միջից նրանք աշխատում էին դուրս գալ և հասնել բազկաթոռների առաջին կարգին։ Շատերն իրանց հայացքր դարձրին դեպի Վարվառեի կողմը և, երբ նա անցավ առաջ, առաջին կարգերի կանայք ու օրիորդները աջ ու ձախ կողմից դիտակներն ուղղեցին նրա վրա։

Ինչ խաղացին և ո՛վ խաղաց Ռոստամյանը չիմացավ։ Նա անհամբեր սպասում էր խաղամիջոցին, աչքերը դարձրած դեպի առաջին կարգն, ուր նստած էին հայր ու աղջիկ։ Դժբախտաբար
գլուխների բազմության միջից, նա չէր տեսնում ո՛չ աղջկան և ո՛չ հորը։

Նվագահանդիսի առաջին բաժինն ավարտվեց, հանդիսականներն անցան մյուս դահլիճները։ Նախագավիթի մեջ Ռոստամյանը պատահեց Քիրիշչիևներին։

Մինաս Կիրիլիչը հետաքրքիր աչքերով դիտում էր հասարակությունը։ Վարվառեն կանգնած էր նրա մոտ։ Ռոստամյանը մոտեցավ, բարևեց և սկսեց խուռն բազմության մեջ շրջել նրանց հետ։ Նրանք անցան սեղանատուն, և այստեղ ծերունին անհայտացավ։

Առանձնանալով Վարվառեի հետ, Ռոստամյանին տիրեց սովորական ամոթխածությունը։ Քանի մի հասարակ հարցերից հետո նվագողների և երգողների մասին, նա վհատվեց և լռեց։ Արդյոք, անծանոթ լինե՞լն էր պատճառը, ընտանեկան գաղտնի՞քը, թե՞ մի այլ բան, հայտնի չէր, բայց ամենքի ուշադրությունը գրավել էր Վարվառեն։ Եվ այս ավելի պղտորում էր Ռոստամյանին։ Աջ ու ձախ նայելով, նա ամաչում էր այն հետաքրքիր աչքերից, որ, չար ոսոխի պես, դիտում էին չորս կողմից։

Վի՞ն արիս։

Կտո՞ տակայա։

Ո՞վ է։

Վատ չէ։

Ընդհակառակը, համակրելի է։

Ես հավանում եմ։

Դատարկ բան է։

Ահա թե անդադար ինչ էր լսում Ռոստամյանը։ Հասարակության մեջ երևեցավ Նատալիա Պետրովնայի աղջիկը Կատոն։ Ռոստամյանը բարևեց նրան հեռվից, և մոռանալով գլխաբաց լինելը, ձեռը տարավ դեպի վեր՝ իբր գդակը վերցնելու և ավելի շփոթվեց։ Կատոն հազիվ-հազ յուր փոքրիկ և գոռոզ գլուխը շարժեց ի պատասխան Ռոստամյանի խոնարհ և Վարվառեի քաղաքավարի ու հպարտ բարևին։

Քանի մի հեռավոր ծանոթ երիտասարդներ, որոնց ուրիշ ժամանակ Ռոստամյանն հանդիպելիս կամ բարևում էր կամ ոչ, աշխատում էին նրա ուշադրությունն իրանց վրա դարձնել։ Նրանք
կանգ էին առնում, գլուխ էին տալիս և, կարծես, ուզում էին անամոթաբար մոտենալ։ Այնինչ՝ Վարվառեն միանգամայն անտարբեր էր թե՛ դեպի շրջապատող հասարակությունն և թե՛ դեպի հետաքրքրվող աչքերը։ Սառն, անվրդով, հպարտ գլուխը բարձր պահած, նա անց ու դարձ էր անում, զանազան անկապ հարցեր տալով Ռոստամյանին Թիֆլիսի մասին։ Հանկարծ նա կանգնեց սեղանատան մի անկյունում, ուր ոչ ոք չկար, և անսպասելի կերպով հարցրեց․

Ինչո՞ւ դուք այսօր տխուր եք, պարոն Ռոստամյան։

Նույնն ես էի կամենում հարցնել ձեզ ձեր մասին, պատասխանեց Ռոստամյանը։

Ի՞մ մասին։

Այո։ Եվ ոչ միայն այսօր եք տխուր, այլև, ներեցեք, դուք միշտ այդպես եք։ Մինաս Կիրիլլիչն երեկ ասում էր, թե դուք սիրում եք երաժշտություն և հասարակություն, այնինչ՝ ես հակառակն եմ տեսնում։

Հասարակություն․․․ այո, սիրում էի մի ժամանակ․․․ պատասխանեց Վարվառեն թախծալի ձայնով և, ապա, հայացքը մի կողմ դարձնելով, հազիվ լսելի ձայնով ավելացրեց․ բայց այդ վաղուց էր․․․

Այդ րոպեին մի նորաձև հագնված երիտասարդ և մի ճաղատ գլխով ու տգեղ դեմքով տղամարդ անցան նրանց առջևից, խիստ ուշադրությամբ մտիկ արին մի քանի վայրկյան և հեռացան, ծիծաղելով և իրար բոթելով։ Ռոստամյանը ճանաչեց ճաղատ գլխով տղամարղին։ Դա Նատալիա Պետրովնայի փեսան Կատոյի ամուսինն էր։

Բավական հետաքրքիր են ձեր թիֆլիսեցիները, ասաց Վարվառեն։

Նույնիսկ չափից դուրս, այդ պատճառով էլ նրանք շատերին ատելի են, պատասխանեց Ռոստամյանը։

Գուցե հենց այդ պատճառով դուք հեռու եք պահում ձեզ նրանցից, այսպե՞ս է, հարեց Վարվառեն, ժպտալով։ Չէ՞ որ դուք կամավոր բանտարկյալի կյանք եք վարում։ Ես Մոսկվայում ծանոթ էի մի հայ ուսանողի հետ, որն իսկ և իսկ ձեզ պես ատում էր հասարակությունը։

Ինձ պե՞ս, Վարվառա Մինայեվնա․․․ միթե ես երբևիցե ասե՞լ եմ, թե ատում եմ հասարակությունը։

Գոնե շատ էլ չեք սիրում։ Բայց ինչ փույթ, քանի որ առանց հասարակության ևս կարողանում եք ավելի օգտավետ կյանք վարել։

Ռոստամյանը ժպտաց և, գլուխը մի փոքր ինչ ցած թեքելով արտասանեց։

Ես չեմ հանդգնիլ այդ ասել, Վարվառա Մինայեվնա։ Միայն ուղիղն այն է, որ հասարակությունն ինձ ճնշում է․ ես անսովոր եմ նրան, ես ինքս ինձ կորցնում եմ ամբոխի մեջ։ Հավատացնում են, որ այս եսական և կիսավայրենի մարդկանց հատկությունն է։ Գուցե ճիշտ է․․․

Զանգակը հնչեց, հանդիսականները ծանր քայլերով գնացին դահլիճ, սեղանատունը փոքր առ փոքր դատարկվեց։ Վարվառեն և Ռոստամյանը հապաղում էին գնալ։ Երկուսն էլ գանկանում էին միասին մնալ և շարունակել խոսակցությունը։ Ռոստամյանը նոր էր միայն համարձակություն ստացել մտերմաբար խոսելու, նա միայն նոր էր մտադիր ակնարկություն անելու Վարվառեի դրության մասին։ Եվ նա անպատճառ կամենում էր, որ Վարվառեն այսօր իմանա, թե յուր գաղտնիքը հայտնի է նրան։ Ո՛րպիսի սիրով նա մտածում էր խրախուսել նրան, ուժ ներշնչել, պաշտպանել հասարակական նախապաշարմունքների դեմ, արդարացնել նրա համարձակ քայլը։

Բայց ահա՛ ծերունին, ահա՛ նրա բարի և պատկառելի դեմքը։ Զարմանալի՜ փոփոխություն․ երբ Ռոստամյանը երես առ երես հանդիպում էր Մինաս Կիրիլլիչին, մոռանում էր վերջինի հայրական բռնակալությունը, որ այն գիշեր այնչափ վրդովեցնում էր իրան։ Միթե այս պատկառելի, բարեդեմ մարդը կարո՞ղ է բռնակալ հայր լինել։ Կարո՞ղ է, արդյոք, քանի որ նրա հարաբերության մեջ դեպի յուր դուստրը զգացվում է այնքան խորին սեր ու գգվանք։ Ո՛չ, չպիտի շտապել մեղադրելու այդ ծերունուն, առանց տեղյակ լինելու եղելության մանրամասն հանգամանքներին։

Ռոստամյանն, որ բոլորից ուշ մտավ դահլիճ, հասարակության
ուշադրությունը չխանգարելու համար, յուր տեղը չգնաց, այլ ամբողջ ժամանակ կանգնած մնաց դռների առջև։

Այս անգամ ջութակի վրա նվագում էր մի երիտասարդ։ Հետո դուրս եկավ մի ուրիշը, կուրծքը դուրս ցցեց, գլուխը բարձրացրեց և սկսեց անգիր կարդալ մի ինչ-որ ոտանավոր տխուր բովանդակությամբ։ Նա ոգևորվեց, ձեռը զարկեց կրծքին և աղերսալի դեմքով դարձավ հասարակությանը, ցածր ձայնով մի քանի խոսք արտասանեց, գլուխ տվեց և հեռացավ։

Բեմը դատարկվեց, դահլիճում դղրդոցը հանդարտվեց, տիրեց մի խուլ շշնջյուն։ Երևեցավ մի ամրակազմ, բարձրահասակ կին, սպիտակ հագուստով և գլուխը զարդարած երկու մեծ սպիտակ արվեստական գեղեցիկ ծաղիկներով։ Բարձրացան միահամուռ ծափահարություններ, լսվեցին «bravo»-ներ։ Դա մի բավական նշանավոր օտար երգչուհի էր, ժամանակավորապես եկել էր Թիֆլիս և այդ օրը բարեհաճել էր մասնակցել բարեգործական երեկույթին։

Երեկույթի կարգադրիչներից մեկն երգչուհուն նվիրեց թարմ ծաղիկների մի ահագին փունջ։ Տիրեց խորին լռություն։ Ռոստամյանը նայեց գլուխների այդ խիտ բազմության վրա ճաղատ գագաթներ, սևամազ, տափակ ծոծրակով հայկական գլուխներ, կանացի զարդեր, անընդհատ շարժվող հովհարներ և այլն այս բոլորը հարյուրավոր մոմերի լուսավորության ներքո, նրա աչքում ներկայացնում էր մի անընդմեջ խառնուրդ։

Դաշնամուրի մի թեթև նախերգանքից հետո, երգչուհին գլուխը հետ թեքեց և աչքերը հառեց առաստաղին։

Նրա ձայնը հնչեց նախ, կարծես, կոշտ եղանակով, ապա մեղմ, ներդաշնակ, հետո բարձր ու բարձր։ Եվ նրա առողջակազմ ու լայն կրծքից սկսեցին բխել մետաղաձայն խառն հնչյուններ, որ անլսելի էին դարձնում դաշնամուրի ձայնը։

Այս անգամ միայն Ռոսաամյանի ուշադրությունը գրավվեց դեպի բեմ։ Սկզբում երգչուհու ձայնը նրա վրա ոչինչ ազդեցություն չէր անում։ Հետո նա աշխատեց այդ անկանոն հնչյունների մեջ գտնել այն դյութական զորությունը, որ նույն րոպեին գրեթե կաշկանդել էր հարյուրավոր ամբոխի լսելիքը։ Հանկարծ երգչուհին մի ձեռը գրեց կրծքին, գլուխը մեղմիկ ծռեց դեպի աջ ուսն, և աչքերը
դարձնելով դահլիճի ծայրը, աղերսալի դեմքով արտասանեց մի տխուր մեղեդի․

«Օ՛հ, անքուն գիշերներ, դառն արցունքներ»․․․

Այստեղ Ռոստամյանն յուր կրծքի տակ զգաց մի բաբախում։ Կարծես, երգչուհին այս խոսքերն արտասանում էր Ռոստամյանի համար, կարծես այդ ազդու ձայնի յուրաքանչյուր ելևէջը բխում էր նրա սրտից։

«Անքուն գիշերներ․․․ դառն արցունքներ․․․» կրկնեց երգչուհին։

Եվ այս անգամ Ռոստամյանին թվաց, թե երգչուհին ինքն ևս անբախտ է և թե նա ողբում է յուր կորցրած երջանկությունն, և խղճաց նրան։

Երգն ավարտվեց, դահլիճը կրկին դղրդաց ծափահարություններով և բարձրաձայն bravo և bis գոչյուններով։ Երգչուհին դուրս եկավ, գլուխ տվեց, ամբոխն ավելի բարձր գոռաց և ստիպեց նրան մի կարճ կտոր ևս երգել։ Այնուհետև, որքան հրավիրեցին, այլևս ոչինչ չերգեց, միայն ուրախ և հպարտ ժպտալով, աջ ու ձախ գլուխ էր տալիս ու գնում։ Նրա ուրախ ժպիտը Ռոստամյանին խիստ անախորժ թվաց։ Ի՞նչպես․․․ նա, որ մի քանի վայրկյան առաջ այնպիսի զգացմունքով ողբում էր յուր «անքուն գիշերներն ու դառն արցունքները», հանկարծ ծիծաղո՞ւմ է․․․ կե՛ղծ ոգևորություն, մեքենա դարձա՜ծ սիրտ։

Նվագահանդեսը վերջացավ, բայց երեկույթը դեռ ոչ։ Հասարակության մեծագույն մասը մնաց, ոմանք դաշնամուրի նվագածությամբ պարելու, ոմանք պարողներին նայելու, ոմանք ընթրելու, իսկ շատերը․․․ հենց այնպես։

Կկամենա՞ս ընթրել, հարցրեց Մինաս Կիրիլլիչը յուր աղջկան։

Տանը կարող ենք ընթրել, պատասխանեց Վարվառեն։

Ռոստամյանը խուռն բազմության մեջ, նեղ նախագավթում կանգնած, աչքերով որոնում էր Վարվառեին։

Ստեփան Գրիգորիչ, լսեց նա մի կանացի ձայն և հետ նայեց։

Դա Կատոն էր, որ մի երիտասարդի հետ կանգնած էր պատի մոտ։

Բարև, ասաց Կատոն, մի խորամանկ ժպիտ խաղացնելով յուր բարակ և հրող շրթունքների վրա, այս ո՞ր քամին է ձեզ այսօր այստեղ բերել։

Իմ սեփական ցանկությունը, ասաց Ռոստամյանը բավական սառն եղանակով։

Բայց ո՞րտեղ էր մինչև այժմ ձեր այդ սեփական ցանկությունը, պարոն Ռոստամյան, շարունակեց Կատոն հեգնորեն, ո՞րտեղ էր, որ դուք ամբողջ բարեկենդանին տնից դուրս չէիք գալիս։ Հիմա, խոմ, մեծ պաս է, ճգնավորների համար ապաշխարելու օրեր են։

Ես կարծում եմ, տիկին, իմ բացակայությունն այնքան աննշան մի հանգամանք է, որ ոչ ոքի համար նկատելի չէ, ուրեմն և՛ իմ ներկայությունն էլ չի կարող հետաքրքրելի լինել, պատասխանեց Ռոստամյանը, ներքուստ վիրավորված խորամանկ Կատոյի արհամարհական ակնարկությունից։

Բայց տեսնո՞ւմ եք, ինձ համար խիստ հետաքրքրելի է ձեր ներկայությունն այստեղ։ Ո՞րտեղ է ձեր «դամա»-ն։

Ո՞ւմ մասին եք հարցնում, տիկին։

Իբր թե չեք հասկանում․․․ ձեր հարևանի մասին եմ հարցնում․․․ ա՛խ, ինչպես է նրա ազգանո՞ւնը․․․ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, ես շատերի անունները չեմ կարողանում հիշել, և հարկավոր էլ չէ, բայց ազգանունը, ա՛խ, մադամ․․․ մադամ, ի՞նչպես է, տեր աստված, նրա մարդու ազգանունը, հա մադամ Միզանդրոնցով․․․ Ահա, նա ինքն յուր հոր հետ։ Գնանք նրանց մոտ․ ինչպես երևում է, նրանք, առանց Ստեփան Գրիգորիչի, տխրում են։

Բայց Ռոստամյանը չմոտեցավ Վարվառեին։ Կատոն, թողնելով նրան, գնաց վերջինի մոտ, հետևից քաշելով և յուր կավալերին։ Դա այն նորաձև հագնված երիտասարդն էր, որ Կատոյի ամուսնու հետ առաջին խաղամիջոցում անցավ և Վարվառեի վրա խեթ խեթ նայեց։

Կատոն բարևելով Մինաս Կիրիլլիչին ու «մադամ Միզանդրոնցովին», հարցրեց, արդյոք, չեն տխրում «մեծպասյան» երեկույթում։ Նորաձև հագնված պարոնը սկսեց միջամտել խոսակցությանը, աշխատելով Վարվառեի ուշադրությունը յուր վրա դարձնել,
զանազան հրապուրիչ ձևեր տալով յութ կրծքին, դեմքին, նույնպես և անդադար ոլորելով յուր բարակ ընչացքը։ Նա ձգտում էր ծանոթանալ նորեկների հետ։ Սակայն «անգութ» Կատոն նրա լուռ խնդիրն անուշադիր թողեց, այնպես որ նորաձև երիտասարդը չհասավ յուր նպատակին։ Նրա բարկությունն ավելի գրգռվեց, երբ Կատոյի մարդը մոտեցավ, և կինը ծանոթացրեց նրան ծերունու ու սրա աղջկա հետ։ Վարվառեն ակամա յուր մատների ծայրերը միայն տվեց Կատոյի ամուսնուն։ Իսկ Մինաս Կիրիլլիչը թեև սեղմեց նրա ձեռն արտաքին քաղաքավարությամբ, բայց ներքուստ նույնպես ակամա։ Թե՛ հոր և թե՛ աղջկա վրա Կատոյի կողակիցը հենց առաջին անգամից անախորժ տպավորություն գործեց։

Կատոն հարցնում էր Վարվառեի կարծիքը հայտնի երգչուհու մասին, կանխապես ինքը պարսավելով նրան, որպեսզի ցույց տա յուր «գեղարվեստական» ճաշակի նրբությունը։ Նորաձև երիտասարդը, տեսնելով, որ Վարվառեն միանգամայն իրան անուշադիր է թողնում, հեռացավ խմբից։ Նա մոտեցավ մի երիտասարդ տիկնոջ թե՛ օրիորդ, և սկսեց քաղցրախոսել ժպտալով ու ծիծաղելով։ Կատոն նայեց նրա վրա, հովհարի ծայրն ատամներով թեթև կրծեց և հետո, թողնելով Վարվառեին, մոտեցավ յուր կավալերին։ Իսկ ամուսինը վազեց Կատոյի հետևից․․․

Խոմ չե՞ս ձանձրանում, Վարիա, հարցրեց Մինաս Կիրիլլիչը։

Առայժմ ոչ, պատասխանեց Վարվառեն։

Շատ ուրախ եմ։

Մոտեցավ Ռոստամյանն, և նրանք, երեքը միասին, անցան ժողովարանի հյուրասենյակը, որ զարդարված էր արևվելյան ճաշակով։ Ծերունին հետաքրքրությունից դրդված, մտավ հյուրասենյակին կից ընթերցարանը, Վարվառեին թողնելով Ռոստամյանի հետ։

Վարվառեն նստեց տաճկական բազմոցներից մեկի վրա, Ռոստամյանը նույնպես, մի քայլ տարածությամբ նրանից հեռու։ Դահլիճում պարում էին, լսվում էր դաշնամուրի ձայնն և պարողների ոտների տրոփյունը։ Հյուրասենյակում, բացի ժողովարանի մշտական հաճախորդ մի քանի ծերերից, կային և՛ մի քանի երիտասարդ կանայք ու տղամարդիկ։

Երևեցավ դարձյալ Կատոյի ամուսինն, այս անգամ միայնակ, և կրկին անցավ Վարվառեի ու Ռոստամյանի առջևից։ Ռոստամյանն երեսը դարձրեց մյուս կողմ, կարծելով, թե նա կամենում է մոտենալ իրան։ Իսկ նա մի քանի քայլ հեռու կանգնեց և սկսեց, իբրև թե, մտիկ անել կանթեղի մոտ, պատի վրա քաշ արած յուղանկարին։

Վարվառեն բավական ուրախ էր երևում։ Նա սկսեց հաղորդել Ռոստամյանին յուր տպավորությունը, որ ստացել էր երեկույթից։ Ռոստամյանը լսում էր արտաքուստ ուշադրությամբ, բայց ներքուստ նրա միտքր զբաղված էր միմիայն յուր խոսակցի դրությամբ։ Երբեմն նա յուր վրդովված հայացքը դարձնում էր Կատոյի ամուսնու վրա, որ աննշմարելի կերպով փոքր առ փոքր մոտենում էր նրանց։

Այդ մարդն ի՛նչ երկար ժամանակ նայում է նկարին, նկատեց Վարվառեն, ակամա ուշադրություն դարձնելով Կատոյի ամուսնու վրա։

Ա՜խ, նա նկարին չի նայում, Վարվառա Մինայեվնա, պատասխանեց Ռոստամյանը։

Բայց ինչո՞ւ է կանգնել այդտեղ․ նայեցե՛ք, մոտենում է մեզ։

Մոտենում է, և գիտե՞ք ինչու։

Ինչո՞ւ։

Որ ականջ դնի մեր խոսակցությանը։

Մի՞թե հետաքրքրելի է նրա համար ուրիշների խոսակցությունը։

Յուր համար չեմ կարծում, բայց նա ուղարկված է յուր կնոջ կողմից։

Կնոջ կողմի՞ց։

Այո՛։

Ուրեմն նա մեզ լրտեսո՞ւմ է յուր կնոջ հրամանով։

Ինչպես տեսնում եք, այո՛, պատասխանեց Ռոստամյանը, նա ինքն հավատարիմ ամուսին է, ավելացրեց նա իսկույն օգտվելով առիթից, որ մի քայլ մոտենա խոսակցության ցանկալի առարկային։

Տերը նրա հետ, թո՛ղ լրտեսի, բայց ի՞նչ պետք է լրտեսի․․․

Այստեղ մի քանի վայրկյան խոսակցությունն ընդհատվեց։

Իրավունք ունի․․․ արտասանեց հանկարծ Վարվառեն խուլ ձայնով, ես արժանի եմ բամբասանքի։

Ինչո՞ւ, հարցրեց Ռոստամյանը, տակավին այնպես ձևանալով, որ իբր չհասկացավ Վարվառեի ասածը։

Նրա համար, որ ամեն տեղ բամբասում են ինձ, պատասխանեց Վարվառեն, չէ՞ որ, պարոն Ռոստամյան, ես թողել եմ իմ օրինավոր ամուսնուն․․․

Այդ րոպեին Կատոյի ամուսինը մի քայլ ևս մոտեցավ։ Բայց Ռոստամյանը և Վարվառեն խոսում էին ոչ այնքան բարձր ձայնով, որ նա կարողանար պարզ մի բան լսել։ Տիրեց այն րոպեն, երբ ամենահարմարն էր Ռոստամյանի համար արտահայտելու յուր ցավակցությունը Վարվառեին։ Բայց հանկարծ նա ակամա կորցրեց յուր սառնությունը, հետևաբար և չկարողացավ ասել այն, ինչ որ հոգեկան համեմատաբար խաղաղ դրության ժամանակ խորհել էր։ Եվ նա միայն կարողացավ արտասանել․

Թող բամբասեն, Վարվառա Մինայեվնա, այո՛ ես էլ եմ լսել․ ձեր կյանքի տխուր եղելությունը ինձ էլ հայտնի է։ Բայց միթե այդպիսիները կարո՞ղ են հասկանալ ձեր արդարացուցիչ պատճառները․․․

Այլևս նա չկարողացավ հեռու գնալ, լռեց, շփոթվեց և միանգամայն ընկճվեց, նայելով Վարվառեի, ըստ երևույթին, սառն և անվրդով դեմքին։

Երկուսն ևս լուռ նայում էին հեռվից անցուդարձ անող հանդիսականների վրա։ Մինաս Կիրիլլիչը դուրս եկավ ընթերցարանից և, տեսնելով աղջկան, մոտեցավ նրանց։ Դահլիճում դեռ պարում էին, բայց հանդիսականների թիվը հետզհետե պակասում էր։ Սակայն դեռ միայն տասներկու ժամն էր․ ծերունին տուն գնալու ցանկություն հայտնեց։ Վարվառեն իսկույն վեր կացավ տեղից։

Իսկ դուք մնո՞ւմ եք, հարցրեց Մինաս Կիրիլլիչը։ Ռոստամյանին։

Այո՛, պատասխանեց վերջինը։

Վարվառեի գնալուց հետո, Ռոստամյանին թվաց, թե բոլոր հանդիսականները գնացին, դահլիճը դատարկվեց։ Նա խորին հաճությամբ կուղեկցեր Վարվառեին, բայց Մինաս Կիրիլլիչի հարցը` «իսկ դուք մնո՞ւմ եք», նրան շփոթեցրեց։ Ռոստամյանը կարծում էր, որ ծերունուն հաճելի չի լինիլ, եթե նա ուղեկցի նրանց։ Նա մտավ սեղանատուն, որ տակավին լիքն էր ընթրողների բազմությամբ, նստեց միայնակ մի սեղանի մոտ և ընթրիք պահանջեց, չնայելով, որ ուտելու ախորժակ չէր զգում։

Տուն վերադառնալիս երիտասարդը փողոցից նկատեց, որ Վարվառեի սենյակի պատուհանից ճրագի լույս էր երևում։ Նա զգաց, որ տիկինը դեռևս արթուն է։

Արդարև Վարվառեն արթուն էր։ Մի թեթև ընթրիքից հետո, նա անմիջապես անցավ յուր սենյակը։

Թույլ լույսով սեղանի վրա վառվում էր մանիշակագույն լուսամփոփով ծածկված կանթեղը։ Նա լուսամփոփը վերցրեց, կանթեղի լույսն ավելացրեց և սկսեց հագուստը փոխել։

Քանի մի րոպե անցած, նա տնային թեթև զգեստով նստած էր անկողնակալի ծայրին, կանթեղի առջև։ Նրա քունը չէր տանում և ոչ էլ կարդալու ցանկություն ուներ։ Կամենում էր առանձնանալ յուր սենյակում, և ահա միայնակ էր։ Դռները փակ էին, իսկ պատուհանները բաց։

Մինաս Կիրիլլիչը նույնպես առանձնացել էր յուր սենյակում։ Վարվառեն դրսից ո՛չ մի ձայն, ո՛չ մի շունչ չէր լսում․ նրա սենյակի լռությանն ընդհատվում էր միայն սեղանի ծայրում դրած փոքրիկ ոսկե ժամացույցի չխկչխկոցով։ Նա նայեց ժամացույցին ուղիղ մեկ ժամն էր։ Սկսեց շրջել հետ ու առաջ։ Մերթ ընդ մերթ կանգ էր առնում սենյակի մեջտեղում, երբեմն հանկարծակի ցնցումներ էր գործում, և այդ վայրկյաններին նրա մերկ պարանոցի և կիսամերկ թիկունքի վրա հանգչող արձակ, ոսկեփայլ մազերը սփռվում էին դեպի կուրծքը։ Նրա այտերի վրա վառվում էր մի անսովոր կարմրություն, շրթունքները հազիվ նշմարելի կերպով դողում էին, աչքերի մեջ փայլում էր ներքին հուրը։ Արդարև, այդ կատարյալ հուր էր, որ բորբոքում էր նրա արյունը, որ սաստկացնում
էր նրա շնչառությունը, որ հաճախեցնում էր երակների զարկը և ուժգին բաբախել էր տալիս նրա կուրծքը։

Միամի՜տ ինքնախաբեություն։ Դեռ մի քանի օր առաջ նա կարծում էր, թե այդ մի անցողական զգացմունք է։ Իսկ ա՞յժմ․․․ Այժմ այլևս ուշ էր թվում նրան, այլևս նրա ուժերը տկար էին զսպելու այն, ինչ որ այնպես օրըստօրե զարգանում էր նրա մեջ զարմանալի արագությամբ։

Շո՞ւտ, միթե նա նո՞ր է ճանաչում Ստեփաննոսին, միթե նրա երևակայությունը վաղուց չէ՞ր ստեղծել վերջինին։ Միթե Վարվառեն չէ՞ր, որ տարիների ընթացքում հոգով որոնում էր մի այդպիսի հեզ պատկեր, առողջ հոգի և աշխարհի զեխություններից և անառակություններից զերծ, անապական սիրտ։ «Ահա նա», անգիտակցաբար ասաց Վարվառեն ինքն իրան այն օրը, երբ «նա» բնակարանը ցույց էր տալիս։ Եվ, արդարև, դա «նա» էր։ Բայց ո՞ւր էր նա մինչև այժմ, ինչո՞ւ ճակատագիրն երևան հանեց նրան այն ժամանակ, երբ արդեն ուշ է, երբ Վարվառեն արդեն կապված-կաշկանդված է ոտքով ու ձեռքով։ Արդյոք նախախնամությունը կամենում է նրան փորձե՞լ։ Ինչո՞ւ, միթե նրա դժբախտության չափը դեռ չի՞ լրացել։ Միթե բավական չէ՞ և՛ ծերունի հոր տվայտանքը Վարվառեի պատճառով, որ նրա միակ մխիթարությունն է։

Հա՜ր, զգո՞ւմ ես, արդյոք, թե ի՞նչ հանցավոր մի զգացմունք է տանջում քո աղջկան այս րոպե, դառնագին շշնջում էր բորբոքված երիտասարդ կինը։

Այո, հենց նույն րոպեին, երբ միամիտ ծերունին յուր սենյակում գուցե երազում է, որ դուստրը կրկին պիտի հաշտվի յուր նախկին դրության հետ։

Ի՞նչ․․․ ե՞ս հաշտվեմ Միզանդրոնցովի հետ, դարձյալ շշնջաց Վարվառեն, երբեք, երբեք․․․

Չէ՞ որ Վարվառեն ամեն կերպ աշխատում էր ուղղել նրան, որ անուղղելի է, որ ապականված է մինչև ոսկորների ծուծը։ Սակայն ինչո՞վ վերջացավ նրա համբերությունը, ի՞նչ հետևանք ունեցավ նրա ամուսնական մոլի հավատարմությունը։ Ունեցավ ավելի վատթար հետևանք, քան գուցե եթե Վարվառեն հետևեր
այն բազմաթիվ կանանց օրինակին, որոնք իրանց մարդկանց նմանօրինակ ամուսնական անարգությունն անարգությամբ են պատժում։ Բայց չէ՞ որ նրանք ճարպիկ են, գիտեն իրանց խղճի առջև պայմաններ դնել, իսկ Վարվառե՞ն․․․ Կարո՞ղ էր մտածել անգամ այս տեսակ վրիժառության մասին, քանի որ նրա անապական զգացմունքները բնավ չէին կարող նույնը թելադրել, ինչ որ թելադրում է շատերի խիղճը։ Նա ավելի դյուրին և ավելի բարվոք համարեց ազատություն տալ ամուսնուն, թողնել նրան յուր սեփական կամքին։ Այժմ տերը նրա հետ, Վարվառեն այլևս ոչինչ չունի նրա դեմ, թող ապրի, ինչպես կամենում է։ Այժմ Միզանդրոնցովը կարող է ազատ համարել իրան մինչև անգամ Վարվառեի ատելությունից։ Արդեն ամեն մի կապ խախտված է «հավիտյան» նրանց մեջ։

Վարվառեն նստեց անկողնակալի վրա, կրկին վեր կացավ և կրկին սկսեց անցուդարձ անել, ձեռներն երբեմն շփելով և երբեմն կրծքին դարսելով։

Նա գիտեր, որ Ռոստամյանն իրան օրիորդ էր համարում, ուստի դիտմամբ էր, որ նա յուր դրությունը պատմեց Նատալիա Պետրովնային, համոզված լինելով, որ վերջինն իսկույն յուր լսածը կպատմի Ռոստամյանին։ Այսպիսով, նա մտածում էր նախազգուշացնել մոլորված երիտասարդին, որ սա այլևս դադարի իրան հետամուտ լինելուց։

Այժմ Ռոստամյանին հայտնի է նրա դրությունը․ Վարվառեն մինչև անգամ այս երեկո առաջին ակնարկությունն արավ նրան, թե ինքը ամուսնացած է և ամուսնուց բաժանված։

Տեր աստված, տեր աստված, միթե նա չի՞ զզվում ինձանից, իմ այս դրությունից․․․ Բայց․․․ ո՛չ, այս երեկո նրա աչքերի մեջ ավելի ջերմ սեր էի կարդում, քան մինչև այսօր։

Սակայն, սպասի՛ր երևակայություն, ճի՞շտ է, որ Ռոստամյանը սիրում է Վարվառեին, մի գուցե նրա սիրտը խաբում է, կամ մի գուցե Ռոստամյանը միայն խղճում է նրան։ «Խղճա՜լ, ի՞նձ, ինչո՞ւ, գոչեց Վարվառեն բավական բարձրաձայն։ Ո՛չ, ամենևին, ես խղճալի չեմ․ չե՜մ ուզում ես նրա կարեկցությունը, և ոչ ոքի կարեկցությունն, և ոչ քոնը, պապա՛», ավելացրեց նա․․․

Այս ծանր խորհրդածությունների ներքո նա երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ։ Գիշերն անցնում էր․ արդեն հինգերորդ ժամն էր։ Վերջապես, նա հոգնած նյադերով, խառն մտքերով պառկեց։ Բայց ի՜նչ․․․ վերմակը, կարծես, այրում էր նրա մարմինը․ նա քնել չէր կարողանում։ Եվ ի՛նչպես քունը մոտենար մի կնոջ, որի բախտն այնքան մոտիկ էր իրան և այնքան հեռու․․․

"Արամբին" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Կապված քնի մեջ
Կապված քնի մեջ
Խաղա առցանց