Ալեքսանդր Շիրվանզադե

Արամբին

V

Բավական է ինչքան քաղաքից քաղաք, երկրից երկիր թափառեցինք, սիրելի Վարիա, բավական է։ Պետք է, որ մոռանաս անցած գնացած բաները։ Դու գիտես, որ աշխարհիս երեսին, բացի քեզանից, ուրիշ մխիթարություն չունիմ։ Տեսնո՞ւմ ես իմ գլխի մազերը․ ես, փառք աստուծո, այնքան էլ ծեր չեմ, բայց ահա՛, նայի՛ր և տես, թե վերջին երկու տարվա մեջ ինչպես ճերմակել են։ Հիսունուհինգ տարիս պիտի լրանա հունիսի քսանումեկին, բայց տեսնողը կարծում է, որ յոթանասունուհինգից ավելի եմ։ Ի՞նչ է պատճառը։ Ցավերս, և բոլոր ցավերիս մեջ դու, քո հոգսը։ Սկսած տասնութ տարեկանից, մինչև երեսունուհինգ տարեկան հասակս աղքատություն եմ քաշել, բայց ոչինչ, ես էլի ժամանակից առաջ չեմ ծերացել։ Ես ապրել եմ ինքնագլուխ, կրթվել եմ ինքնագլուխ, փող եմ աշխատել իմ արյուն ու քրտինքով, էլի աղքատացել եմ, էլի հարստացել եմ, անուն եմ ձեռք բերել․ է՜հ ինչ ասեմ, հազար տեսակ նեղություններ եմ քաշել, բայց այսքան չեմ տանջվել։ Հինգ երեխա, հինգ միմյանցից գեղեցիկ երեխաներ և քսանույոթ տարեկան երիտասարդ կնիկ եմ թաղել և, ճշմարիտ է, տանջվել եմ, բայց այսքա՜ն ո՛չ․ ու՞մ պատճառով եմ այժմ այս օրին հասել։ Քո պատճառով։ Դու անբախտ ես, ես էլ եմ անբախտ։ Այժմ, Վարիա, ինքդ քեզ չես խնայում, ինչ անեմ, մի՛ խնայիր, բայց գոնե ինձ խղճացիր։ Ա՜խ, Վարիա, դու սիրտ չունիս, թե չէ կթողնեի՞ր, որ ես այսքան աղաչեմ քեզ։

Արտասանելով վերջին խոսքերը, Մինաս Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ։ Հետո նա դարձյալ կանգնեց Վարվառեի առջև և, մեջքից փոքր ինչ թեքվելով, շարունակեց ավելի ցածր ձայնով․

Միթե ես չե՞մ իմանում, որ մեղավորը նա է, որ նա կեղտոտ է, անպիտան է, փչացած է։ Բայց, ի՞նչ պիտի արած․ լավ է, վատ է, քոնն է, դո՛ւ պետք է թաքցնես քո ցավերը։ Թողություն է խնդրում, աղաչում է, երդվում է, որ այսուհետև գլուխը քո կոշիկներից վեր չի բարձրացնիլ։ Վարիա, հոգիս, մարդասպանի հանցանքը ներում են, մի՞թե Միզանդրոնցովը մարդասպանից էլ ստոր է, դու չե՞ս հավատում, ահա կարդա և կհավատաս։

Մինաս Կիրելլիչր բաց արավ սյուրտուկի վերին կոճակը, ծոցից հանեց մեկ պատռած ծրար, դուրս բերեց մի նամակ և դրեց Վարվառեի առջև։

Կարդա՛, կարդա՛, սիրելի Վարիա։ Այս առաջին նամակը չէ, ոչ էլ վերջինը կլինի։ Այժմ ինքը Մոսկվայումն է։

Վարվառեն չկարդաց նամակը, չվերցրեց սեղանի վրայից և անգամ չնայեց նրա վրա։ Աջ ձեռի արմունկը հենած սեղանի ծայրին, ծնոտը դրած ափի մեջ, նա մտիկ էր անում լուսամուտից դեպի գավիթ։ Մինաս Կիրիլլիչն ակնածությամբ նայում էր նրա թախծալի կիսադեմքին, սպասելով, թե նա ե՛րբ ուշադրություն կդարձնի նամակի վրա։ Սակայն Վարվառեն անշարժ էր և լուռ։

Ես չար լեզուների բամբասանքից եմ վախենում, շարունակեց Մինաս Կիրիլլիչը, դարձյալ ցածրացնելով ձայնը։ Կարծում էի, որ Թիֆլիսում մեզ խաղաղ կթողնեն։ Բայց ի՜նչ․․․ այստեղ էլ լսել են, այստեղ էլ խոսում են։ Երեկ իմ ծանոթներից մեկին հանդիպեցի, մարդը հարցնում է, թե ի՛նչ եմ անում քեզ հետ այստեղ․ ես չկարողացա մի բան պատասխանել։ Բայց երևում էր, որ նա առանց իմ ասելու էլ, լսել է ամեն բան։ Հավատացիր, սիրելի Վարիա, ես քեզանից տասնապատիկ ավելի եմ տանջվում։ Ինչո՞ւ։ Որովհետև․․․ Է՛հ, թողնենք։ Աստուծո կամքն էր, անցյալը վերադարձնել չի կարելի։ Հիմա մնում է, որ վերջապես, թշնամիների, բարեկամների, ազգականների և ծանոթների բերանը կապես, պետք է հաշտվես, Վարիա, պետք է հաշտվես և այսուհետև նրա կապը քո ձեռքում պահես․․․

Կապը ձեռքումս պահե՜մ, պատասխանեց Վարվառեն, դառնությամբ ժպտալով։

Այո, կարող ես, ես երաշխավորում եմ, որ կարող ես։

Ախ, պա՛պա, պա՛պա։

Ի՞նչ, միթե ինձ չե՞ս հավատում, Վարիա։

Ես շատ հավատալուց հոգնեցի, պապա, և ինձ համար շատ ցավալի է, որ դուք եք այժմ հավատում նրա խոսքերին։ Ի՞նչ հարկավոր է, որ ես նրա նամակը կարդամ․ առանց այն էլ, ես գիտեմ թե ինչ է գրում։ Բայց, ինքնե՛րդ ասացեք, պապա, քանի՞երորդ անգամն է, որ նա այդպես զղջում է և քանի՞ անգամ եմ ես ներել նրան։ Եվ ինչ, պահե՞ց նա յուր երդումները մինչև այժմ։

Մի անգամ էլ ներիր, Վարիա, մի անգամ, ինձ համար, հասկանո՞ւմ ես, ինձ համար։

Վարվառեն, որ մինչև այժմ դեռ նայում էր դեպի դուրս, երեսը դարձրեց հոր կողմը։

Ներե՞մ, պապա, ներե՞մ, ի՞նչը ներեմ․․․ գոչեց նա վրդովված։ Մի՞թե նա կարող է ազատվել մի հիվանդությունից, որ նրա մարմնի և արյունի մեջ արմատացած է մշտնջենապես։ Դուք նրան չեք ճանաչում, պապա, և ես ցավում եմ, որ դարձյալ խաբվում եք նրա խոսքերից։ Ես նրա սանձը կկարողանա՞մ պահել, ե՞ս․․․ Ո՛չ, պապա, այդ իմ կարողությունից բարձր է։ Ի՞նչ օգուտ, եթե կարողանայի էլ մինչև անգամ նրան հպատակեցնել իմ կամքին․ ի՞նչ օգուտ, քանի որ իմ կյանքը դարձյալ ինձ համար տանջանք պիտի լինի։ Միթե նա երեխա՞ է, իսկ ես մայր, որ գիշեր-ցերեկ արթուն հսկեմ նրա վրա, ամեն օր, ամեն ժամ աչքս նրանից չհեռացնեմ, որ նա մի ծուռ քայլ չանի։ Եվ ո՞ւմ համար պիտի այդպես տանջվեմ։ Միզանդրոնցովի համա՞ր, որին ատում եմ, որից զզվում եմ, որին տեսնելն անգամ ինձ համար սարսափելի տանջանք է։ Ո՛չ, մի՛ ստիպեք ինձ, պապա, ես նրան լավ ճանաչեցի։ Ես ուզում էի, որ նա յուր կամքով ապրեր, աներ այն, ինչ որ յուր սիրտն ու խելքն էր ուզում։ Ուզում էի, րր նա ինքը կառավարեր յուր զգացմունքները, զսպեր յուր թուլությունները։ Չեղավ, նա արավ այն, ինչ որ կարող էր։ Ուրեմն, թող ես էլ անեմ այն, ինչ որ կարող եմ։

Խելոք ես խոսում, Վարիա, շատ խելոք ես խոսում։ Բայց այդ ասածներդ գիտեմ ինչ տեղից ես սովորել։ Շատ կարելի է, որ քո կարդացած գրքերը ճշմարիտ են ասում, բայց այդպես չէ, Վարիա, գրքերի ասածն ուրիշ է, կյանքի ասածն ուրիշ։ Միթե չե՞ս հասկանում, որ հասարակություն կա, խոսողներ կան, թշնամիներ ու բարեկամներ կան։

Պապա, համաձայն եմ ձեզ հետ, գիտեմ, որ հասարակությունն ինձ բամբասում է։ Բայց մի՞թե նա իրավունք ունի պահանջելու,
որ կրկին մտնեմ այն դժոխքը, որտեղից դուրս եմ եկել․․․

Գոնե ի՛նձ խնայիր, սիրելի Վարիա, տեսնո՞ւմ ես, հուզված ձայնով պատասխանեց Մինաս Կիրիլլիչը, ձեռով դարձյալ ցույց տալով ալեզարդ գլուխը։

Վարվառեն երեսը շուռ տվեց, որ թաքցնի յուր արտասուքը։ Հայրը խրախուսվելով, առաջ տարավ յուր հորդորանքը։

Եթե ուրիշներն իսկական պատճառներն իմանային և հետո խոսեին, ես այսքան չէի տանջվիլ, հասկացի՛ր, Վարիա։ Բայց ո՞ր մեկին հավատացնեմ, ո՞ր մեկին, թե Միզանդրոնցովը վատ մարդ է, թե մեղավորը միմիայն նա է, թե նա քո մի եղունգին չարժե։ Ո՞վ է ուշադրություն դարձնողը, ո՞վ։ Դու ասում ես, թե հասարակությունն իրավունք չունի քեզ ստիպելու, որ կրկին այն դժոխքը մտնես։ Հասկանում եմ, Վարիա, քո ասածը, շատ լավ եմ հասկանում։ Բայց ո՞ւմ կարող ես համոզել, թե ոչ ոք իրավունք չունի ուրիշի վրա, թե ոչ ոքի իրավունքը չէ ուրիշների ընտանեկան գործերի մեջ խառնվիլը։ Հասարակությունն ասում է․ ահա աստծու հրամանը, քրիստոնեական պատվերը և մարդկային օրենքները, հպատակվի՛ր նրանց, իրավունք չունիս չհպատակվելու, կին ես, ասում է, պիտի ապրես եկեղեցական օրենքով պսակված մարդուդ հետ։ Ահա, Վարիա, մարդիկ ինչ են պահանջում, և ուրիշ ոչինչ, ոչինչ չեն ուզում լսել․ դու ես մեղավորը, թե Միզանդրոնցովը այդ միևնույնն է․․․

Բավական է, պապա, ես շատ ցավում եմ միայն նրա համար, որ դուք իմ պատճառով ամեն օր ինքներդ ձեզ այդպես տանջում եք։ Երանի թե ես էլ իմ մյուս քույրերի և եղբայրների հետ մանուկ հասակումս մեռնեի, կամ ծնված չլինեի։ Գոնե ա՛յժմ թող աստված ձեզ ինձանից ազատի։

Լռի՛ր, Վարիա, այդ խոսքերով դու ինձ ավելի վշտացնում ես․․․

Մինաս Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ։ Մի քանի րոպե հայր ու աղջիկ լուռ էին։ Հետո հայրը նորից սկսեց հորդորել աղջկան և, երբ տեսավ, որ այլևս Վարվառեն ոչինչ չի խոսում, հայտնեց, թե ինքը մտադիր է այսօր անպատճառ
պատասխանել Միզանդրոնցովին։ Թող Վարվառեն շուտով մի պատասխան տա․ եթե ինքը չի ուզում գրել, թող ասի, Մինաս Կրիլլիչն ինքը կգրի Միզանդրոնցովին։

Ես երբեք գրիչ չեմ վերցնիլ նրա անունով, պատասխանեց Վարվառեն հակիրճ։

Ուրեմն, ես կգրեմ, ասաց Մինաս Կիրիլլիչը։

Իզու՛ր։

Ի՞նչ գրեմ, ասա՛, գոչեց ծերունին, վերջապես, համբերությունը կորցրած։

Ոչի՛նչ։

Անկարելի է։ Ես կգրեմ, որ դու համաձայն ես հաշտվել Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովի, այսինքն քո օրինական ամուսնու հետ։

Պապա, արտասանեց Վարվառեն աղերսալի ձայնով։

Մինաս Կիրիլլիչը մի աթոռ վերցրեց, նստեց Վարվառեի մոտ և նայեց նրա երեսին լուռ։

Վարիա, ների՛ր, ասաց նա, ձայնը ցածրացնելով, դու մայր չունես, ես քեզ համար և՛ հայր եմ, և՛ մայր, ուրեմն թող պարզ խոսեմ հետդ։ Առանց ամուսնու, Վարիա, մարդու կյանքը․․․ կյանք չէ․ հասկանո՞ւմ ես։ Տղամարդի և կնոջ համար աստված օրենքներ է դրել․․․ հասկանո՞ւմ ես։ Վարիա, դու երիտասարդ ես, քսանուվեց տարիդ նոր է լրացել։

Վարվառեն, երեսը ձեռներով ծածկեց և հազիվ լսելի ձայնով շշնջաց․

Բավական է, պապա, մի խոսեք այդ մասին․․․ ես․․․ թույլ արարած չեմ․․․

Մինաս Կիրիլլիչը դարձյալ ոտքի կանգնեց։

Վարիա, խնդրում եմ, տեսնո՞ւմ ես, նրա անունով եմ խնդրում։

Այս ասելով, նա ձեռը մեկնեց դեպի սենյակի պատն, ուր քաշ արած էր նրա հանգուցյալ ամուսնի մեծադիր լուսանկարը։

Վարվառեն կրկին երեսը ծածկեց, որ թաքցնի աչքերի մեջ փայլող արտասուքն, և ոչինչ չասաց։ Այնինչ՝ Մինաս Կիրիլլիչը,
տեսնելով, որ թանկագին մոր հիշատակն անգամ չի ազդում դստեր վրա, հուսահատվեց։

Վարվառա Մինայեվնա, գոչեց նա սրտմտությամբ, վերջապես, ես հայր եմ, դուք որդի, պարտավո՞ր եք հարգել իմ աղաչանքը, թե՞ չէ։

Այսպես հոգնակի դեմքով սովորաբար ծերունին յուր դստեր հետ խոսում էր այն ժամանակ, երբ արդեն բարկացած էր լինում։

Պապա, սպանեցեք ինձ, բայց մի՛ ստիպեք նրա երեսը տեսնել, ասաց Վարվառեն, հուսահատությամբ ձեռներն ուժգին սեղմելով իրարու։

Ապերա՛խտ աղջիկ, դուք ինձ անպատվում եք, գոռաց ծերունին բարձրաձայն, ոտներն ուժգին զարկելով հատակին։

Հա՜յր․․․

Լռի՛ր, հանդուգն։

Այլևս համառ դուստրը չկարողացավ զսպել իրան։

Նա վեր թռավ աթոռի վրայից, մոլոր քայլերով մոտեցավ և երեսնիվայր ընկավ գահավորակի վրա։ Նա սկսեց սաստիկ արտասվել։ Նրա գեղակազմ թիկունքն ուժգին հեկեկանքից բարձրանում ու ցածրանում էին։ Եվ այդ րոպևին նրա ճնշված կրծքից հատ-հատ դուրս էին բխում հետևյալ խոսքերը․

Ես ձեզ ձանձրացրել եմ, գիտեմ։ Բայց ժամանակ տվեք․․․ ես մի պաշտոն կգտնեմ․․․ Վարժուհի կդառնամ․․․կար անել կսովորեմ․․․ իմ ձեռքի աշխատանքով կապրեմ։ Միայն, ի սեր աստուծո, մի՛ ստիպեք ինձ նրա հետ ապրել․․․ ես սարսափում եմ․․․ ես չեմ կարողանում սառնարյուն մտաբերել նրա հետ անցկացրած օրերս․․․ Ոչ․․․ անկարելի է․․․ իմ ուժից վեր է․․․ ես չեմ կարող հաշտվել։

Մինաս Կիրիլլիչը մի տեղ արձանացած, լսում էր վշտացած սրտից հնչող այս դառն խոսքերը։ Նա գիտեր, որ այդ լոկ խոսքեր չեն, որ յուր դուստրն ընդունակ է գործելու այն, ինչ որ ասում է։

Երբ Վարվառեի ձայնը խեղդվեց հետզհետե զորանող հեկեկանքից, հանկարծ ծերունին ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործեց։ Մի վայրկյանում բարկության արտահայտությունը ջնջվեց նրա դեմքից։ Ծնողական խորին սերը պատերազմում
էր հասարակական պատվասիրության հետ։ Եվ առաջինը հաղթեց։ Հայրն արագ քայլերով մոտեցավ հեկեկող աղջկան և գրկեց։

Վարիա, Վարինկա, այդպես մի՛ անիլ, դու երեխա չես, որ լալիս ես․․․ Բավական է․ գիտես որ քո արտասուքը տեսնելու սիրտ չունիմ․․․ քո լացն արտասվել է տալիս և խեղճ մորդ յուր գերեզմանի մեջ։ Վե՛ր կաց, Վարինկա, ների՛ր, լա՛վ, տեսնո՞ւմ ես, որ ես այլևս չեմ խոսում։ Ե՞ս, ե՞ս քեզանից ձանձրանամ․․․ Հավիտյան։ Ո՜վ է մնացել ինձ համար այս աշխարհի երեսին, որ քեզանից էլ զրկվեմ․․․

Նա երկու ձեռներով զգուշությամբ բարձրացրեց դստեր գլուխը, գրկեց ու մի քանի ջերմ համբույրներ դրոշմեց նրա ճակատին և արտասվաբուխ աչքերին։

Հանգստացի՛ր, որդի, տեսնում ես, որ հայրդ աղաչում է քեզ։ Լա՛վ, ի՞նչ անեմ, հետո ինքդ կմտածես և ինչ որ խելքդ դասի, այն կանես։ Դեհ, այժմ գնա, երեսդ սառը ջրով լվացիր․․․ գլուխդ կցավի, դու ջղային ես, կհիվանդանաս։

Վարվառեն, աչքերը սրբելով, հանդարտությամբ ազատվեց հոր գրկից, վեր կացավ տեղից և տխուր նստեց աթոռի վրա։

Այդպես, սիրելիս, հանգստացի՛ր․ մի՞թե ես քո թշնամին եմ, որ վատդ ցանկանամ։ Ո՛չ, Վարվառե, ինձ դու դեռ չես ճանաչում։

Այս սրտաշարժ տեսարանից հետո, Մինաս Կիրիլլիչն, արդարև, մի առ ժամանակ հանգիստ թողեց աղջկան և ոչինչ չէր խոսում Միզանդրոնցովի վերաբերությամբ։ Սակայն Վարվառեն նկատում էր, որ հայրն, այդ օրից սկսած, ավելի մտախոհ է դարձել, թեև նրա հարաբերությունը տակավին չէր փոխվում։ Ծերունին միայն առաջվանից ավելի հաճախ էր տնից դուրս գալիս և ստեպ-ստեպ Վարվառեին ևս թախանձում էր` յուր հետ միասին գնալ զբոսնելու։ Նա տանը միայնակ մնալ չէր կարողանում, լրագրերն անգամ առաջվա նման չէին զբաղեցնում նրան։ Սիրում էր նա Վարվառեի հետ խոսել յուր անցյալի մասին, երիտասարդությունից զանազան անցքեր էր պատմում, թե ինչպես յուր հասարակ կրթությամբ նա սկսել է օրըստօրե առաջ գնալ կյանքի մեջ,

թե ինչպես ինքն իրան համար ուժով ճանապարհ է հարթել։ Նա եղել է առաջ մի հասարակ գրագիր, հետո մի փոքրիկ գումարով տերունական մի փոքրիկ կապալ է վերցրել, հետզհետե հարստացել է, հետո դարձյալ աղքատացել է և դարձյալ աստուծո կարողությամբ, ոտքի է կանգնել։ Թե հարյուր մանեթ փող է ունեցել, կեսը ծախսել է հարսանիքի համար, մյուս կիսով գործերն է շարունակել։ Թե հետո ինչպես ամենքը սիրելիս են եղել նրան, օգնել են, բարձրացրել են նրա առևտրական վարկը նախ Մոզդոկում, ապա Մոսկվայում։ Ընտանեկան դժբախտությունները կնոջ և զավակների վաղաժամ մահը նրան հուսահատեցրել են․ նա սկսել է զզվել յուր գործերից և թողել է փող վաստակելու պարապմունքը։ Այժմ, թեև նա հարուստ չէ, բայց ինչ է անում հարստությունը․ Մոզդոկում երկու տուն ունի և նրանց եկամուտը բավական է, որ նա անգործ ապրի յուր աղջկա հետ, միայն թե․․․ աղջիկը․․․

Բայց այստեղ Մինաս Կիրիլլիչը կանգ էր առնում և չէր շարունակում։ Երբեմն նա միայնակ գնում էր այրիի մոտ, երկար ժամանակ մնում էր այնտեղ։ Եվ Վարվառեն զգում էր, որ նա յուր ցավերը պատմում է Նատալիա Պետրովնային, ըստ որում Մինաս Կիրիլլիչը միշտ այրիի մոտից վերադառնում էր ավելի թեթևացած սրտով, զվարթ դեմքով, աչքունքը բաց։

"Արամբին" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Կապված քնի մեջ
Կապված քնի մեջ
Խաղա առցանց