Լեռ Կամսար

Փառապանծ Վրիպակներ

ՄԵՆՔ

ԱՂՈԹՔ-ՄԱՂԹԱՆՔ

Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն՝ մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կը տեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը։

Տե՜ր, տե՜ր, մանրե այդ մարդիկ՝ նոր աշխարհ ղրկե, տե՜ր...

Տե՜ր, չէ՞ երեկ էր, որ խոսվեցավ «ներկա մոմենտի» մասին. չլսեցի՞ր որքան ծանր էր մեր կացությունը. չտեսա՞ր, որ մենք անդունդի ծայրին ենք, որ մեր փրկությունը ճակատը պահելու մեջ է...

Տե՜ր, դուն զինվոր ղրկե ու Հայաստանն ազատե թշնամուց՝ ալ մի խառնվիր։ Ես մարախի նման իշխաններ կը հանեմ ազատված երկիրը կառավարելու համար, տե՛ր...

Կաղաչեմ, ո՜վ տեր, բան մը ասոնց գլուխեն պակսեցուր ու բան մը սրտի վրա ավելցո՛ւր, նաև բան մը ասոնց արտաքինեն կտրե ու ներքինին կցան տուր։Ու եթե կարելի է, պզտիկ բան մըն ալ ասոնց էութենեն հանե ու մեր կարոտ...Ազգին տուր...

Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս ամեն...

***

Հայերը, որոնք ինքնավար Հայաստան կուզեին, ձեռքերնին գրպանը դրած՝ դունչով ցուցմունքներ կընեն եվրոպական այս ու այն պետեւթյան, որ իրենց համար աղվոր Հայաստան մը պատրաստեն ու երթան մեջը նստեն. և կուզեն, որ թուրք չըըլա հոն։

Ի դեպ ըսեմ, որ հայերը հույսով միայն կապրին. այդ հույսը ճանճի մը կնմանի, որ տարիներե ի վեր այս ու այն քրիստոնյա պետության կռնակին կթառի։ Մեծ մասով Ֆրանսիո կռնակին վրա կկենա։Վերջերս, մինչև գաղտնի դաշնագրաց հայտնությունը՝ Անգլիո ալ կայցելեր։ Ֆրանսա կճաշեր՝ Անգլիո կռնակին կպառկեր։ Բայց հանկարծ Անգլիա պոչովը քշեց ու հայոց հույսին ճանճը թռավ եկավ Ռուսաստան ու Կերենսկիին վրա նստավ։Երբ Կերենսկին անհետ եղավ՝ երկար ժամանակ ան ոչ մեկ թառելու տեղ չգտնելով՝ Ռուսաստանի օդին մեջ կբզզար անկայան։Երբ բոլշևիկները Հայաստանի ինքնավարության դեկրետը հրապարակեցին, ճանճը անոնց վրա իջավ, իսկ երբ վերջեն թուրքին տվին, անիկա խռոված թողեց Եվրոպիո ցամաքը ու օվկիաններ կտրելով՝ գնաց թառելու Ամերիկայի կռնակին։

***

Ինչպես որ Զվիցերիո մեջ գերմանացիք, ֆրանսացիք և իտալացիք կկազմեն դաշնակցական պետություն մը, անանկ ալ Հայաստանի մեջ Դաշնակցականները, Ռամկավարներն ու Հնչակյանները կկազմեն դաշնակցական ազգություն մը, ազգային բոլոր հարցերու մեջ միանգամայն ավտոնոմ։

Այն օրվնե երբ գոյություն ունեն այս կուսակցությունները, տեսնված չէ համազգային հարց մը, որ տեղե մը ճամփա ինկած՝ անարգել իր նպատակին դիմած ըլլա...

Կուսակցություն մը ազգին համար բան մը կը շինե, բայց անկարելի է որ այդ շինված բանը գործադրության դրվի ինչքան ալ օգտակար ըլլա. ոչ, պետք է բերես մյուս երկու կուսակցություններու առջևեն անցունես, անոնք էլ ձեռները շինված բանին վրա քսեն, որ նոր վավերական սեպվի։

***

1914 թվին Ռուսն ըսավ, թե հայուն ինքնավարություն կուտամ։ Այս խոսքերուն վրա վեց ժամ չանցած՝ Պետերբուրգ հասան հայուն խնամախոսներն, ըսելու, թե՝ կսիրեմ քեզի։ Սակայն երբ հայուն հայտնի եղավ, թե անիկա Հայաստանը կուզե առանց հայու՝ ատեց զայն և ճամփա ընկավ դեպի Փարիզ։Երբ տեսավ Ֆրանսիա Կիլիկիա կուզե՝ ատեց զայն ու գնաց Անգլիո առաջ ծունկ չոքելու, իսկ երբ Անգլիա Ղարաբաղն ու Լոռին իրեն չտվավ, ատեց զայն և գնաց իր խոցված սիրտն Ամերիկային բանալու։ Ամերիկան խղճաց Հայաստանին, կաթ ու հույս տվավ, և ատով ալ կապրի ան մինչև օրս։

***

Պետություն ըսածդ կոոպերատիվ խանութ մըն է, որոց բաժանորդները նույն ազգի հարուստներն են. նախարարները գործավարներն են այդ խանութին, որք առանց պատշաճ օրդերի ոչինչ չեն տար ազգի մը...

-Անկախությո՞ւն ալ չեն տար։

-Ո՛չ, ոչինչ չեն տար։Մարդասիրական իդեալներ, ինչպես և հանուն քրիստոնեության հավաստիքները ճառախոսության մեջ կգործածեն՝ ոճը զարդարելու համար- բնա՜վ կյանքի մեջ գործածելու։

Այն հարցին թե կա՞ քրիստոնյա պետություն մը աշխարհիս վրա՝ պիտի պատասխանեմ, թե այդ կապված է այն հարցին, թե կրնա՞ խանութ մը քրիստոնյա ըլլալ, այսինքն խանութ մը, որ հաճախորդ մը մեկ քիլո խնդրե, անիկա երկու քիլո տա և մեկի դրամ առնե։

Գալով երկրագունդին, ըստ նորագույն տվյալներու. անիկա ոչ թե Աստուծո, այլ մեծ պետությանց կպատկանի։Այսօր փոքր ազգ մը, որ կապրի ոչ անոր համար է, որ ինքը կուզե ապրել, այլ անոր համար, որ մեծերը կուզեն։ Անոնք շատ արթուն ազգերու անկախություն չեն տար, շատ քնած ազգերու ալ կզարթեցնեն. անկախություն կուտան։Անոնք մանր ազգերե պատվար կքաշեն իրենց երկրի շուրջը ու անոնցով կծեփեն դեպի թշնամին նայող բոլոր պատուհանները...

-Կմեռնենք չենք թողուր։

-Կմեռնեք՝ ձեր անունը կգործածեն։

-Անո՞ւնը, անունը ի՞նչպես կգործածվի։

-Այսքան տարի մեծ պետությունները հայոց ի՞նչը գործածեցին, եթե ոչ անունը։

Ազգ մը հույսը ոչ սեփական և ոչ առավել ևս օտար պետությանց վրա դնելու է, ան միայն իր ուժերուն վրա վստահելու է...

***

Հայաստանն ալ հարուստ է հիմա ու շենության կողմե կրնա մրցիլ տանուտեր Խաչոյին տանը հետ։Այսպես Հայաստանն իր դռնեն 1400 պաշտոնյա դուռս կհանե, 400 զինվոր, 7000 կոմիսար, 8000 լիազոր, 70 մինիստր, 70 մինիստրացու, 2 աշխատավոր, 3 աշխատանքի պաշտպանության կոմիսար։Գանձարանի մեջ կեռա,եփ կուգա նոր թղթադրամը,մինիստրներու սնդուկներուն մեջ կպճպճան 7 տարվա հին... հաշիվները։ Իր հովանու տակ կգտվին հսկա «Կոոպերատիվներու միությունը», որուն մեջ թաթերը լիզելով ել ու մուտ կնեն հազարավոր պաշտոնյաներ։ Սուճուխը կախ-կախ, տոլմաները թիթեղներու մեջ սեր կերգեն։ -Սեր, գինի, երգ,- ահա այն ֆակտորները, որոնք անհրաժեշտ են արևելյան իմաստով պետություն կազմելու համար։

***

Հայ, Հայաստան, կըսեք ու կքալեք։ Երկրիս երեսին հավերժական ժառանգություն չկա։

Կըսեք Նոյեն եք առեր, Նոյի՞նն ով էր տվեր. Աստվա՜ծը։ Թույլ տվեք նկատել քիչ մը... քիչ մը...

Աստված գոյություն չունի։ Երկիրը ով տիրեց, իրենն է, ուրիշ արդարություն չկա։ Ձեր երկիրն առաջ խալդիներուն էր, ի՞նչ իրավունքով քշեցիք ու տիրացաք երկրին։Ան ատեն քշեցիք, հալալ էր ձեզի, բարի վայելումն. պատմության մեջ երբ ուժեղ եք եղեր՝ Հայաստան եք ունեցեր, երբ թույլ՝ կորսնցուցեր։

***

Տարիներ ի վեր կոշտացած հայկական հարցը նավթո՜վ կլուծվի եղեր... Մինչդեռ մեր ազգասերները միամտորեն կարծեր են թե արյունով պիտի լուծվի։

Թյուրիմացություն մը որուն զոհ գնաց մեկ միլիոն հայություն։

Ինձի որ մնար Ամերիկային կլսեինք ու հայկական հարցը ջուրով կլուծեինք։

«Ծովե ծով» լոզունգը որ Ամերիկան դրավ մեր բերնին՝ ջուրով լուծել ըսել էր, որ մենք չհասկցանք ժամանակին ու թող տվինք որ այսօր մեր անարատ հացին մեջ նավթ խառնեն։

***

-Ո՞վ ես դուն պզտիկ,- հարցուցին մեծ պետությունները Հայաստանին։

Ե՞ս… Ռուսաստանին անկախն եմ ե՛ս,- կուրծքը հպարտ դուրս ձգելով խրոխտ պատասխանեց պզտիկը։

***

Հայաստանը ունի 185 հազար քառակուսի կիլոմետր տարածություն և 200 հազար ընկերություն… բնակիչ,- պիտի գրե մեր մասին ապագա պատմիչը անշուշտ և պիտի հավելու,- հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն։

1917թ.

Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։

1960

Անկախություն ստացավ ոչ միայն Աֆրիկան, այլև աշխարհի բոլոր մանր պետությունները։

Հավանաբար Հայաստանն էլ անկախություն ստանար, եթե որևէ պետությունից կախված լիներ։

Բայց Հայաստանն այս րոպեիս ոչ թե կախված է Ռուսաստանից, այլ մեխված է նրա մարմնին. եթե քաշես՝ փետուրները միայն կմնան ձեռքդ...

1960

Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։

Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։

Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։

Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։

1960

Հայը անհարմար ազգ է, անգամ եթե հզոր ծնվի՝ նախարարությունների ու կուսակցությունների բաժանված ինքն իրեն պիտի կոտորի։ Դա նրա մասնագիտությունն է դարձել դարերով։

"Փառապանծ Վրիպակներ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Հին տունը, 2007 թ
Հին տունը, 2007 թ
Խաղա առցանց