Raffi
Հարեմ
1 - ԺԱ, ԺԲ
Քաղաքի խուլ և խեղդված թաղերից մեկի անկյունում, կեցած էր մենավոր տուն, որ ագռավի բույնի նման տխրությամբ նայում էր խոր խրամատի վրա, որով շրջապատած էր ամբողջ քաղաքը։ Գիշերվա մթության մեջ ոչ ոք չէ համարձակվի մոտենալ այդ փոքրիկ տնակին, որն արտաքուստ թեև կրում էր ողորմելի կերպարանք, այսուամենայնիվ միշտ սարսափ էր ձգում յուր շրջակայքի վրա։
Այդ տնակն ոչ սակավ անգամ եղած էր տեսարան զարհուրելի չարագործությունների...
Նա բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնք ոլոր-մոլոր մուտքերով բացվում էին միմյանց մեջ։ Այդ սենյակներից մեկի մեջ միայնակ նստած էր մանկահասակ կին։ Նեղ բակի չինարի ծառերին փաթաթված խաղողենիները, հովանավորում էին նրա լուսամուտները նույն ժամուն արևի այրող ճառագայթներից։
Կինը տխուր-հուսահատական ձայնով նանիկ էր կարդում յուր մանուկին, որը, մոր կրծքին կպած, անհագ կերպով ծծում էր յուր սնունդը նրա ստինքից, և երբեմն ժպտելով լուր լուսափայլ աչքերը դարձնում էր մոր երեսին, կարծես, նրանցով աշխատում էր ցույց տալ, թե նա արդեն գո՛հ էր յուր վիճակից։ Բայց ո՞րքան հույս և կյանք էր տեսնում այն պարզ և անմեղ աչքիկներում քնքուշ մայրը...
Այդ կինն յnւր միջին հասակումն էր՝ լղարիկ և ցամաք կազմվածքով։ Բայց նրա վշտահար դեմքը կրում էր յուր վրա տխրության բոլոր գծերը։ Նրա նշաձև սևորակ աչքերը՝ խիտ թերթերունքներով, որոնց մեջ կար այնքան կյանք և կիրք, նվաղած էին։ Երևում էր, որ նրանք շատ անգամ վկա էին եղել ցավալի տեսարանների և արտասուքը խիստ հազիվ ցամաքել էր նրանց միջից...
Դռան թխկոցը խլեց մոր ուշադրությունը յուր սիրելի մանուկից։ Նա դրեց տղան օրորոցի մեջ։ Երեխայի փոքրիկ մատիկները սկսան զբաղվիլ յուր օթյակի դաստակից քարշ ընկած խաղալիքների հետ։ Մայրը վազեց դեպի դուռը։ Աստված տար, որ «նա» լիներ, ասաց յուր մտքի մեջ։
Ո՞վ եք, հարցրուց ներսից։
Աստծո հյուրեր, լսելի եղավ դրսից:
Դուռը բացվեցավ։ Տանտիրուհու առջև հայտնվեցան երկու դիմակավորված կանայք։ Նրանցից մեկի արտաքին օտարոտի կերպարանքն յուր վրա դարձրուց նրա ուշադրությունը։ Նա նմանում էր բոշա մուրացկանի, որ կարծես եկել է մի բան խնդրելու: Այդ միտքն առիթ տվեց տանտիկնոջը հանել յուր գրպանից մի քանի սև փող, որն առաջարկելով բոշային, ասաց.
Ա՛ռ այդ արծաթը, ավելին աստված տա։
Մենք չենք եկել ողորմություն խնդրելու, ասաց բոշային նմանող կինը. միայն թե կարելի է մի քանի րոպե մեզ հանգստություն շնորհեցեք ձեր տան ծածկի տակ, մինչև տոթը կանցներ, մենք հեռու ճանապարհից ենք գալիս։
Հրամեցեք, ասաց տանտիկինը, ներս հրավիրելով։
Հյուրերը ներս մտան։ Դուռը կրկին կողպվեցավ։ Նրանք անցան սենյակը, բայց եկվորներից և ոչ մինը տակավին չէր բարձրացրել երեսից դիմակը։
Այստեղ դուք մինակ ե՞ք, հարցրուց բոշային նմանող կինը։
Այստեղ ես եմ և իմ տղան, իսկ մյուս սենյակում պառկած է մի հիվանդ։
Մի հիվա՞նդ, կրկնեց եկվորը։ Նա արգելք չէ՞ կարող լինել մեզ։
Նա վիրավորված է, շարժվել անգամ անկարելի է նրան։
Եկվորները բարձրացրին դիմակները։ Երկու պատկեր, մինը՝ գեղեցիկ որպես բոլորված լուսնյակ, մյուսը՝ սևուկ բոված ղահվեի գունով, երևան եղան տանտիկնոջ աչքին։ Նրա հիացմունքն ավելի սաստկացավ, երբ նրանք ձգեցին յուրյանց հնոտի չարսավները։ Գեղեցիկ կինը զուգված էր բոլոր այն շքեղություններով, որով արևելքը գիտե զարգարել յուր սիրո առարկաները։
Րոպեական ապշությունից հետո, շփոթված տանտիկինը՝ գեղեցկուհուն վրա ընկավ, գրկեց նրան, «Ալմաստ» անունը թռավ նրա բերնից, և թուլացած, անմռունչ մնաց յուր հյուրի կուրծքի վրա...։
Դա Զեյնաբ-խանումն էր, իսկ նրա ընկերուհին՝ Մարջանը։
Դու ճանաչեցիր ինձ, Սալոմե, ասաց նա, չթողնելով յար վաղեմի բարեկամին գրկիցը։
Իմ աչքերը պետք է կույր լինեին, որ չճանաչեին քեզ, Ալմաստ։ Ա՜խ, աստված, ի՛նչպես մենք կրկին տեսանք մեկ-մեկու։
Երկար երկու ընկերուհիներն, որպես մի զույգ հարազատ քույրեր, չէին դադարում միմյանց գրկելուց, միմյանց համբուրելուց և մեկ-մեկու վրա նայելուց։ Ուրախության բորբոքումը թաց արեց երկուսի էլ աչքերը արտասուքով։
Մարջանը լռությամբ նայում էր այդ հոգեշարժ տեսարանին։ Երբ նրանք բաժանվեցան, նա մոտեցավ յուր տիկնոջը, հարցնելով.
Ձեր աղախինն այժմ կարո՞ղ է գնալ:
Գնա՛, Մարջան, պատասխանեց Զեյնաբ-խանումը, անցի՛ր «նրա» մոտ, ասա՛ որ ես այստեղ եմ։ Հետո ամրոցը կերթաս, այնտեղ քո գործը դու ինքդ լավ ես իմանում...
Խափշիկը գլուխ տալով կամենում էր հեռանալ, երբ Սալոմեն հարցրուց.
Դա քո աղախի՞նն է, Մարջա՛ն, ի՜նչ գեղեցիկ անուն է։
Իմ հավատարիմն է, ճանաչի՛ր, Սալոմե, այսուհետև դրա հետ գործ շատ կունենաս։
Ե՛կ համբուրեմ քեզ, դու իմ ընկերուհուս բարեկամն ես, ասաց Սալոմեն գրկելով Մարջանին։ Թո՛ղ չգնա այդպես շուտ, դարձավ նա դեպի Զեյնաբ-խանումը, մի փոքր սառը միրգ ուտե, սիրտը հովացնե, արեգակն այրում է դրսումը։
Կուշանա, Սալոմե, պատասխանեց աղախնի տիրուհին:
Թող խմե գոնյա մի փոքր ցուրտ շերբեթ, Սալոմեն դուրս եկավ սենյակից քանի րոպեից հետո նա դարձավ մի մեծ գավաթ ձեռքին, որ լիքն էր շաքարով և նարնջի ջրով շինած ըմպելիքով։ Գավաթի մակերևույթի վրա լող էր տալիս մի կտոր սառուց։
Խափշիկը ծծեց գավաթը մինչև հատակը, և շնորհակալություն անելով հեռացավ։
Հիմա նստենք, իմ սիրեկան, դարձավ Սալոմեն դեպի յուր հյուրը։ Նստենք ու խոսենք։ Ա՜խ ի՛նչքան խոսելու բաներ ունենք... Շա՞տ.. որքան ասես, շա՛տ... պատասխանեց Զեյնաբ-խանումը տխրալի ձայնով։ Բայց միևնույն րոպեին նրա աչքն ընկավ օրորոցին։ Այդ քո երեխա՞ն է, ի՛նչ սիրուն երեխա է, շատ նման է քեզ, Սալոմե։
Եվ նա մոտեցավ սկսավ համբուրել տղեկի լիքը թշերը։
Դու դեռ երեխա չունե՞ս, Ալմաստ։
Չունեմ, Սալոմե, և չէի ցանկանա ունենալ։
Ինչո՞ւ։
Մենք ախա՛ր քրիստոնյա ենք, Սալոմե, բայց մեր որդիքն այստեղ պարսիկներ կծնվեին։
Այդ ուղիղ է, իմ սիրեկան, պատասխանեց Սալոմեն հոգոց հանելով։ Դե՛ նստի՛ր, Ալմաստ, ինչո՞ւ չես նստում, դու ինձ անհանգիստ ես երևում։
Ես սպասում եմ Քերիմ-բեկին։
Ինչո՞ւ չես ասում Մեխակին։ Միթե նա գալո՞ւ է այստեղ։
Գալու է։ Մարջանը գնաց նրան իմացում տա։
Երկու վաղեմի ընկերուհիները նստեցին միմյանց մոտ մի խալիչայի վրա, որ փռած էր լուսամուտի հանդեպ, որ բացված էր դեպի կանաչազարդ բակը։
Դու ի՞նչպես գտար Մեխակին, Ալմաստ ջան, հարցրուց Սալոմեն, ա՜խ, ես որպես ուրախ եմ, որ դուք էլի ռաստ եկաք մեկ-մեկու։
Նա ինձ գտավ, Սալոմե ջան, պատասխանեց Զեյնաբ-խանումը։
Եվ տիկինը պատմեց՝ ամառանոցի այգու դեպքից սկսած մինչև «կախարդի» երևալն ամրոցում։ Մարջանի այդ խորամանկությունը մինչև այն աստիճան շարժեց Սալոմեի ծիծաղն, որ նրա աչքերը բոլորովին թաց ելան արտասուքով։
Էդ լա՜վ բան եք սարքի... ընդհատեց նա յուր ընկերուհու պատմությունը։
Ի՛նչ անենք, Սալոմե ջան, «կատվի բերանն երբ մսին չէ հասնում, սկսում է գողություն անել»։
Էդ լա՜վ է, շատ լա՜վ եք մոգոնի... կրկնեց Սալոմեն չդադարելով ծիծաղելուց։ Ա՜խ։ ես մոռացա քեզ համար ղեյլան պատրաստել, խոսքը փոխեց նա վեր թռչելով նստած տեղիցը:
Նա անցավ նախասենյակը։
«Խե՜ղճ Սալոմե, ասաց Զեյնաբ-խանումն յուր մտքի մեջ, ո՛րքան փոխվել է նա... ո՜րքան մաշվել է նա»...
Սալոմեն ներս բերավ ղեյլանը, տվեց յուր հյուրին։ Նրանք սկսեցին ծխել։
Հիմա էս ղեյլանով ու էս շորերով, Ալմաստ ջան, ես ու դու Թիֆլիսում նստած ըլեինք ձեր դռանը՝ Տափի-թաղում, ա՜խ, ի՛նչքան կծիծաղեին մեր թաղի աղջիկները։
Էլ չենք տեսնի ոչ Թիֆլիսը և ոչ Սոլոլակը, Սալոմե ջան... Մի՞տդ է գալիս, որ կիրակիները գնում էինք խեվումը բուրթի (գնդակ) էինք խաղում։ Ո՜ւր է էն օրերը...։ Կեկելի աղջիկը՝ Սոփոն, հիշո՞ւմ ես, Սալոմե, ի՛նչ լավ էր խաղում էն ծամ կտրածը։
Հայրենիքի հիշողությունները ցավալի տպավորություն ունեցան երկու գերիների վրա ևս։ Եվ նրանք երկուսն էլ չկարողացան զսպել յուրյանց արտասուքը։
Իմ մասին բոլորը լսած կլինես Քերիմ-բեկից, պատմիր, Սալոմե ջան, դու ի՛նչպես ընկար այստեղ։
Լավ է, որ չիմանաս, Ալմաստ ջան։
Չէ՞, քո հոգուն մատաղ, ես ուզում եմ գիտենալ։
Սալոմեն սկսեց պատմել։
Երբ Մահմադ-խանի սարվազները լցվան մեր քաղաքը, հերս տանը չէր, նա գնացել էր Կախեթ գինի բերելու։ Տան մեջ մնացել էինք ես, մերս, մեկ էլ իմ աղբեր Սոսիկոն։ Միտդ գալի՞ս է, Ալմաստ, էն պստիկ երեխեն, որ ջեր ծիծ էր ծծում: Հանկարծ ողջ քաղաքը ծուխի մեջ կորավ, լաց ու շիվանը բարձրացավ և ամեն կողմից խաբար դուրս եկավ, թե քաղաքը թալանում են, աղջիկները ու ջեհիլ տղերքը գերի են տանում։ Մայրս ինձ թաքցրուց մեր սարդափումն ու ինքը նստավ դռանը։ Մեկ էլ տեսանք, երկու պարսիկ մտան մեր բակը։ Մորս լեզուն կապվեցավ։ Նրանք սկսան մեր տունը կողոպտել, ինչ լավ բան որ գտան՝ արծաթեղեն, պղնձեղեն՝ ամենը լեցրին իրանց խուրջիններում։ Հետո մորս սկսեցին տանջել թե պահած փող կունենա, հանե տա։ Խեղճ մայրս աղաչում էր, լաց էր լինում, բոլոր սուրբերի անունով երդում էր ուտում, թե փող չունի։ Նրանք չէին հավատում։ հետո Սոսիկոյին խլեցին մորս գրկիցը: «Տես էդ երեխիդ կմորթենք, թե փողերի տեղը ցույց չտաս»։ Մերս էլի սկսեց աղաչել, որ երեխին ձեռը չտան։ «Աստված է վկա, ասում էր, մենք աղքատ ենք, փող չունենք»։ «Դու խաբում ես, անզգամ, գոռաց մինը, տե՛ս»։ Ու էդ խոսքի հետ Սոսիկոյին զարկեց գետինը։ Խեղճ երեխի գլուխը դիպավ քարին, մի ծպտուն էլ չհանեց, հոգին տվավ։ Մայրս հենց էս որ տեսավ, ուշքից գնաց, վեր ընկավ։ Անողորմները տեսան նրա մատների մատանիներն, ուզեցին հանել, բայց դժվար էին դուրս գալիս: Նրանցից մինը խանջարը հանեց և մատները կտրեց։ Ա՜խ, ինչպիսի սարսափով էդ բոլորը տեսնում էի ես սարդափի պատուհանիցը...
Զեյնաբ-խանումը խորին տխրությամբ լսում էր այդ բոլորը, սրտի կրակիցը կարծես ցամաքել էին աչքերի արտասուքը։ Սալոմեի պատմությունը հիշեցնում էր նրան այն անբախտ դեպքն, որին ինքն էլ վիճակակից էր։ Նա ընդհատեց նրա խոսքր, հարցնելով.
Բա՛, դու ի՞նչպես ընկար նրանց ձեռքում։
Հետո նրանց աչքն ընկավ սարդափի դռանը։ «Էստեղ մի բան կըլնի թաքցրած», ասացին մեկ-մեկու։ Սարդափի դուռը կոտորելն ու ներս մտնելն մեկ րոպեի գործ եղավ։ «Ա՜յ, ղանջըղ, տես ո՛րտեղ է մտել», ասացին ու ինձ դուրս քաշեցին։ Ես ոչինչ չհասկացա, թե ինչ պատահեց ինձ հետ, ո՞ւր տարան ինձ, բայց հենց որ ուշքի եկա, տեսա, որ ես կապված եմ մի էշի վրա և գտնվում եմ գերիների ահագին քարավանի մեջ։ Հիմա էլ մարմինս սարսռում է, մազերս փուշ-փուշ են դառնում, երբ միտս եմ բերում էն ցավալի րոպեն։ Ես տեսա, սիրուն աղջիկներն ու տղերքը, որ ղոշունի (զորքի) աստիճանավորներին էին պատկանում, կապված էին ուղտերի և ձիաների վրա, բայց հասարակ սարվազների գերիները բոբլիկ ոտքով, ամեն մի զինվոր թոկը նրանց թևքերիցը կապած, քարշ էր տալիս յուր ետևից։ Բայց իրանց չորքոտանիների վրա նրանք բարձեք էին այն թալանը, որ կողոպտել էին մեր քաղաքից։ Գերիների լացը, սուգը, նրանց ողորմելի աղաղակը, սարվազների անգութ շալլախի (մտրակի) ձայնն, այդ բոլորը խառնվում էին գրաստների հարա-հրոցի հետ։
Բայց ի՞նչպես ես չտեսա քեզ, Սալոմե։
Դու շատ բան չտեսար, սիրելի Ալմաստ, դու բախտավոր Էիր մեզանից։ Քեզ տանում էին մի ջորու վրա կապած քաջաֆեի (պատգարակի) մեջ։ Որովհետև դու գնդապետի դերին էիր:
Մին էլ, մենք անցանք հետևակ զորքից մի քանի օրով առաջ:
էդպես է, իմ սիրեկան, հառաջ տարավ Սալոմեն յուր պատմությունը։ Երբ գիշերր վրա հասավ (էդ առաջին գիշերն էր, որ մենք դուրս էինք եկել քաղաքից) ղոշունը իջևանեց մեկ նեղ դաշտի մեջ, որ մոտ էր Քռի ափին ու մեկ կողմը սարեր կային։ Ի՞նչ սարսափելի գիշեր էր այն...։ Երբ մութը պատեց, երբ զինվորների կրակները վառվեցան, ամեն ձորի միջից, ամեն քարի տակից, ամեն թուփի միջից լսվում էին ողորմելի ձայներ։ Դրանք անմեղ կույսերի մրմունջներն էին, որոնց անողորմ գազանները բաժանում էին իրանց մեջ։ Հերթը հասավ ինձ։ Դու հիշո՞ւմ ես, Ալմաստ, որ ես ասեցի, թե ինձ գերի անողներն երկու հոգի էին։ Նրանց մեջ վեճ բացվեցավ իմ մասին ու վճռեցին իմ վրա վիճակ ձգել։ Վիճակը դուրս եկավ նրան, որ սպանեց Սոսիկոյին ու մորս մատները կտրեց։ Ա՜խ, որքան ատում էի ես այդ գազանին։ Բայց էն մյուսն, որ ավելի բարեսիրտ էր երևում, չբավականացավ վիճակով։ Նրանց մեջ սկսվեց կռիվը։ Խենջարները շողացին, իմ ատելին գլորվեցավ գետին։ Ես մնացի զոհ մեկէլին։ Դա իմ այժմյան ամուսինն է, սիրելի Ալմաստ։
Քո այժմյան ամուսինը, կրկնեց Զեյնաբ-խանումը շփոթվելով։
Այո՛, պատասխանեց Սալոմեն տխուր ձայնով։
Ի՞նչով է պարապվում։
Նա ավազակ է։
Զեյնաբ-խանումը սոսկաց, նրա ամբողջ մարմնի մեջ դող ընկավ։
Ավազա՛կ... անբա՛խտ Սալոմե, ուրեմն դու ավազակի կին ես և ես այս րոպեիս ավազակի տան մեջն եմ... Սալոմեն սկսեց հանգստացնել նրան ասելով.
Մի վախիր, Ալմաստ ջան, այդ տնակն, որ միշտ վառոդի հոտ է փչում, ավելի ապահով է քան մեծ մուշտեիդի ապարանքը, ուր միշտ ղորանի ձայնն է լսվում։
Բայց դու ասեցիր նա ավազակ է։
Այո, ավազակ է, նա սպանում է, կողոպտում է, նա այս րոպեիս էլ գնացել է յուր որսն որսալու։ Բայց երբեք նա աղքատի հացը չէ խլել և խեղճի աչքերից արտասուք չէ քամել։ Եվ դու սիրո՞ւմ ես նրան։
Սիրում եմ, Ալմաստ ջան, որովհետև նա իմ աչքի առջև մորթեց այն գազանին, որ սպանեց իմ եղբայրը և կտրեց մորս մատները:
Ջեյնաբ-խանումը տակավին մտատանջության մեջ էր: Նա երևակայել անգամ չէր կարողանում, թե մի ավազակ կարող էր լավ հատկություններ ունենալ: Իսկ Սալոմեն բոլորովին դուրս բերավ նրան այդ երկբայությունից։
Նա յուրյան ապաստանած կնկան քույր է կոչում, Ալմաստ ջան, իսկ յուր ձեռքը բռնող թշնամուն-եղբայր։ Նա յուր սուրը և ձեռքը չէ խնայում օգնել նրանց, ովքեր ապավինում են նրան։
Այդ խոսքերի միջոցին մերձակա սենյակից լսելի եղավ. «ջո՛ւր, այրվում եմ»...
Խեղճը ծարավ է, ասաց Սալոմեն և վազեց դուրս։
Երբ նա դարձավ, Զեյնաբ-խանումը հարցրուց.
Ո՞վ է նա։
Ամուսնիս ընկերներից մինն, ողորմելին սաստիկ վերք է ստացած գլխից և կուրծքիցը։
Դռան ձայնը լսվեց։ Սալոմեն գնաց բաց արավ։
Հայտնվեցավ Քերիմ-բեկը։
ԺԲ
Նույն ավուր երեկոյան պահուն, երբ արեգակը տակավին յուր վերջին ճառագայթները խաղացնում էր Դեմավենդի գագաթի վրա, Շահ-Աբդուլաիզմի դերվազեից ներս մտան մի խումբ հրացաններով և նիզակներով զինվորված ձիավորներ։ Լղարիկ բարակները, լայնականջյա գամփռները, փոքրիկ կատվանման թուլաները, հոգնած լեզուները քարշ գցած, վազ էին տալիս նրանց առջև։ Բազեները, որոնք անհոգ կերպով նստած էին ձիավորների ձեռքի վրա, ցույց էին տալիս, թե այդ հեծելախումբը դառնում էր որսորդությունից։ Եվ հիրավի, զանազան թռչուններով լիքը արյունոտ տոպրակները և մի եղջերու, որ բեռնած էր ջորու վրա, հաստատում էր այդ կարծիքը։ Փոշին թանձր սյուներով բարձրանում Էր այն փողոցներից, որտեղից անցնում էին նրանք։ Նստած մարդիկը կանգնում էին և նրանց գլուխ էին տալիս։ Անցորդը հետ էր քաշվում, կանգնեցնում էր յուր գրաստը և ճանապարհ էր բաց անում, իսկ կանայքը թաքնվում էին անկյուններում: Դա Զեյնաբ-խանումի ամուսինն էր յուր ծառաներով: Նա մի մարդ էր մոտ հիսուն տարեկան, հաստլիկ, հինայով ներկած երկայն մորուքով և ահեղ կերպարանքով։ Իշխանը բռնած էր նույն ժամանակ շահի դռանը մի մեծ պաշտոնակալի տեղ։
Նա հասավ յուր ամրոցն, երբ ճրագները վառվել էին արդեն, իսկույն վայր իջավ ձիուց և սանձը հանձներ դռան պահապաններից մինին, որոնք խումբով վազեցին նրա առջև։ Նրա նժույգը պատած էր սապոնի նման փրփրած քրտինքի մեջ, սկսան ման ածել նրան մինչև հովանա։ Իշխանը ներս մտավ յուր դիվանխանան։ Մանկահասակ պատանյակներն, անմազ թշերով, պատեցին նրա շուրջը. մինը սկսավ յուր տիրոջ կոշիկները դուրս քաշել, մյուսը նրա զենքերն էր արձակում, երրորդը լագան աֆտաֆին գրավ նրա առջև, որ լվացվի: Երբ նա մաքրեց յուրյան ճանապարհի փոշուց, իսկույն մատուցին վարդաջուր, նա սրսկեց յուր փառավոր մորուքը, օծվեցավ և անուշահոտվեցավ։ Նույն րոպեին պատրաստ էր նրա առջև ոսկյա գլխով զարդարած ղեյլանը, որից սառը ջուրը կաթկթում էր։
Այնուհետև մինը մյուսի ետևից ներկայացան իշխանի դրանիկները` նրա ֆերաշբաշին, նազիրը, մինախոռը, նայիբր և այլն։ Նրանց ամեն մինի դեմքի վրա նկարված էր երկյուղ և ստրկական խոնարհություն։ Նրանք, խորին կերպով գլուխ խոնարհեցնելով, երկրպագություն էին տալիս և ամեն մինը զեկուցում էր անում յուր գործավարության մասին իշխանի բացակայության ժամանակ։ Իշխանը մի քանիսին գովեց, մի քանիսին բարկացավ և հայհոյեց ու այնպես արձակեց բոլորին։
Ամենից վերջը հայտնվեցավ ծերունի ներքինապետը, երբ նրա տերը միայնակ ծխում էր։
Ի՞նչ ունես ասելու, հեյդար, դարձավ դեպի նա իշխանը։ Ծերունին կրկնեց երկրպագութ յունը, պատասխանելով.
Թո՛ղ ողջ լինի իմ տերը և աստված նրան երկար կյանք պարգևե, թող նրա փառքն արեգակից վերև բարձրանա։
Ի՞նչպես է իմ հարեմխանան։
Ձեր աղախինները բոլորն առողջ են և աղոթարար յուրյանդ տիրոջ թանկագին կենաց համար։
Իշխանն ընդունեց ինքնաբավական կերպարանք, բայց Հեյդարի դեմքի վրա նկատում էր նա կասկածավոր մի երևույթ, որը ձերունին կարծես աշխատում էր թաքցնել։
Առանձին ոչի՛նչ չէ՞ պատահել, հարցրուց նա։ Ձեր մեծության հովանավորության շնորհն, երբ յուր աղա խիններից պակասում է, անկարելի է, որ մի չարիք չհանդիպե տե՛ր իմ։
Իշխանի դեմքն այլայլվեցավ։
Ի՞նչ կա, շուտ ասա՛, ծերուկ, կոչեց նա մի փոքր բարկացոտ ձայնով:
Ներքինապետն, որ բոլոր մարմնով դողում էր և հազիվ էր կարողանում յուրյան ոտքի վրա պահել, ասաց.
Հարեմներից մինը տանջվում է ջիններից։
Հանուն գթած և ողորմած ալլահի...: Նզո՜վք շեյթանին.... բացականչեց իշխանը սարսափելով։ Այդ ո՞րն է, անհամբերությամբ հարցրուց նա։
Գուրջիստանցի խանումը, տեր իմ։
Զեյնաբը։ Նրա տե՜ղն է... պատասխանեց իշխանը լի բարկությամբ։ Այդ կամակոր գյավուրի աղջիկը մի անդամ ևս յուր կյանքումն նամազ չէ արել։ Նրա տե՜ղն է, թո՛ղ այժմ յուր անհավատության վարձը ստանա... թո՛ղ ջինները տանջեն նրան...
Ձեր ծառան հրավիրեց մի պառավ կին, տեր իմ, հառաջ տարավ ծերունին երկչոտ ձայնով։ Նա զորավոր կախարդներից մինն է, նա իշխում է ոգիների վրա։ Կախարդը մեծ մասամբ հալածեց ջիններին, այժմ խանումը փոքր-ինչ հանգիստ է։
Իշխանի վրդովմունքը մի փոքր հանդարտեց։
Գնա՛, Հեյդար, դու ասա Զեյնաբին ես ուզում եմ նրան տեսնել, հրամայեց նա։
Դժբախտաբար ձեր աղախինը չէ կարող վայելել յար տիրոջ մի այդպիսի շնորհը։
Ինչո՞ւ։
Կախարդը հրամայել է նրան յուր սենյակումը փակված` մնալ, մինչև քառասուն օր չիլա մտնել և ադամորդու երեսը չտեսնել։ Այդ քառասուն օրումը խանումն յոթն անգամ ղորանը պետք է ծայրեիծայր կարդա և ամեն օր յոթն անգամ նամազ անե, մինչև չար ոգիները բոլորովին հեռանան նրանից։
Ուրեմն ես չե՞մ կարող տեսնել նրան։
Վտանգավոր է մտնել նրա մոտ, տե՛ր իմ։
Սույն միջոցին Զեյնաբ-խանումի բակից լսելի եղան զանազան սարսափելի ձայներ։
Լսեցեք, տեր իմ, լսեցե՛ք, ահա ջինները սկսեցին յուրյանց դիվական հարսանիքը: Իշխանի երեսի գույնը թռավ։ Նա յուր մատներով սկսեց անհանգիստ կերպով յուր «տերողորմյայի» հատիկները դարձնել և ալլահի ու մարգարեի անունները կարդալ։
Ձայները լռեցին, միայն երբեմն լսելի էր լինում սուր ձգական ճլվլոց։
Նույն ժամուն մանկահասակ սպասավորներից մինն իմացում տվավ, թե մի քանի խաներ և բեկեր ուզում էին ներկայանալ։ Իշխանը հրամայեց, որ գան։
Դու կարող ես գնալ, Հեյդար, դարձավ նա դեպի ծերունին, միայն Բագիմ-խանումին հայտնիր, որ այս գիշեր նրա մոտ կլինեմ։
Ներքինապետը կրկին երկար կյանք և առողջություն բարեմաղթեց յուր տիրոջը և գլուխ տալով հեռացավ։ Իշխանի դահլիճը մըտան խաները և բեկերն, որոնք կառավարության մեծամեծ պաշտոններ էին վարում և միևնույն ժամանակ ունեին բարեկամական հարաբերություններ նրա հետ։