Raffi

Հարեմ

1 - Ի, ԻԱ

Ավազակապետը Քերիմ-բեկի հետ, դառնալով դեպի քաղաքը, գտան դարվազաները կողպված։

Ո՞րտեղից մտնենք, հուսահատությամբ հարցրուց Քերիմ-բեկը։

Հեշտ է, ե՛կ, ասաց ավազակապետը, և մինչև հիսուն քայլ բոլորեց շրջապարիսպը, և կանգնեց պատի մոտ։

Նա արձակեց յուր մեջքից երկայն մետաքսյա պարանը, որի գլխին ամրացուցած էր արճիճից մի գնդակ։

Ձգեց գնդակը դեպի վեր, պարանը բռնեց պարսպի ատամնավոր բարձրությունից, իսկ արճիճն իջավ ցած։ Ավազակապետը պարանի երկու ծայրերը ձեռքին բռնելով, սարդի արագությամբ վեր բարձրացավ պարսպի վրա։ Այնուհետև նա կրկին իջեցրեց պարանը և Քերիմ-Բեկը հետևեց նրա օրինակին։ Մի րոպեից հետո երկուսն էլ պարսպի վրա էին։ Այնուհետև նույն մետաքսյա սանդուղքի միջոցով նրանք իջան պարսպի մյուս կողմը։

Անցնելով նեղ, ոլոր֊մոլոր շուկաներից, շուտով նրանք հայտնվեցին իշխանի ամրոցի մոտ։

Այժմ ի՛նչպես դուրս կանչել այդ սևերին, բոլոր դռները փակ են, ասաց Քերիմ֊բեկը։

Թե քնած չլինեն, հեշտ է, պատասխանեց ավազակապետը։

Ի՞նչպես։

Ես նրանց լեզուն գիտեմ...։ Եկե՛ք։

Նրանք անցան հարեմխանայի պատի կողմը, որտեղից մոտ Էր Զեյնաբ-խանումի կացարանը։ Ավազակապետը սագի սուր ձգական ձայնով երեք անգամ նշան տվեց։ Ամրոցի խորքից պատասխանեցին միևնույն ձայնով։

Հասկացան, ասաց ավազակապետը հազիվ լսելի ձայնով։

Այստեղ սպասե՞նք։

Մի՛ շարժվի՛ր։

Քանի րոպեից հետո խավարի միջից երևան եղավ մի ստվեր։ Դա Սայիդն էր։ Քերիմ֊բեկը հայտնեց նրան բոլորը։ Եթովպացին ուրախությունից արձակեց մի տեսակ հառաչանք, որ ավելի նման էր թռչունների ծվծվոցին։

Դուք այդ դռանը սպասեցեք, ցույց տվեց նա և հեոացավ։

Նրանք մոտեցան այն դռանը, որ ուղիղ բացվում էր հարեմ-խանայի մեջ։ Իսկ Սայիդը ներս գնաց այն մուտքով, որտեղից որ եկել էր։

Քանի րոպեից հետո, նրանք լսեցին դռան հետևից մի այդպիսի խոսակցություն.

Բաց արա՛ դուռը։

Ի՞նչու։

Կախարդը գալիս է։

Ա՜խ, այդ անիծված կախարդը հանգստություն չէ տալիս․․․ ասաց քնաթաթախ դռնապանը և դժգոհությամբ սկսավ դարձնել բանալիները։

Դռները բացվեցան։ Ավազակապետը և յուր ընկերը հետ քաշվեցան։

Ո՞ւր է կախարդը, հարցրուց դռնապանը։

Մենք գնում ենք նրան կանչենք, ասաց Սայիդը։

Հրամայված է ոչ ոքին դուրս չթողնել, մինչև ներքինապետն ինքը թույլ չտա։

Զեյնաբ-խանումն ինքն ուղարկեց մեզ։

Չեմ կարող։

Մինչ նրանք այդ վիճաբանության մեջ էին, ավազակապետը վրա հասավ։ Նա մի կողմ հրելով դռնապանին. դուք գնացեք, ասաց Սայիդին ու Մարջանին։

Խափշիկը և եթովպացին դուրս վազեցին։ Դռնապանը փորձ փորձեց հարա տալ, բայց իսկույն ավազակապետի դաշույնը ցցվեցավ նրա կոկորդի մեջ և ներքինին գետին գլորվեցավ։

Հիմա նա կպոռա և բոլոր ամրոցը մեր գլխին կհավաքե, ասաց Մարջանը դողալով։ Նա էլ ձայն չի հանի...։ Գնա՛նք, պատասխանեց ավազակապետը։

Երբ բավականին հեռացան ամրոցից, նրանք պետք է անցնեին Սեր-Ասքերի դռնից։

Ես պետք է գոնյա վերջին անգամ մտնեմ այստեղ, ասաց Քերիմ֊բեկը։

Ի՞նչ կա, հարցրուց ավազակապետը։ Ժամանակ ենք կորցնում։

Շուտով դուրս կգամ։ Պետք է վեր առնել մի քանի բաներ։

Թե փողի համար է, մեզ մոտ կա, որքան ուզես։

Չէ՛, ես չեմ կարող թողնել զենքերս և ձին։

Գնա՛։ Քեզ կսպասենք քանդված մզկիթի մոտ։

Քերիմ-բեկը, մոտենալով Սեր-Ասքերի դռանը, պահապանները ճանաչեցին նրան, իսկույն բաց արին մուտքը։ Նա դիմեց դեպի յուր կացարանը, որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ գտավ յուր սենյակը ներսից կողպված։ Նա հեզիկ զարկեց դուռը, լսելի եղավ մի քնքուշ ձայն, որ ավելի նման էր մետալական հնչումի։ Դուռ բացվեցավ, երիտասարդը ներս մտավ։ Խավարի մեջ երկու ձեռք փաթաթվեցան նրա պարանոցով... ջերմ շրթունքները սեղմվեցան նրա թշին և մի էակ ընկավ նրա գիրկը․․․

Երկար նրանք մնացին այդ անբարբառ հոգեզմայլության մեջ, մինչև երիտասարդը, ազատվեցավ նրա գրկից, վառեց ճրագը։ Քերիմ-բեկի սենյակում գիշերային հսկողը Սեր-Ասքերի դուստրն օրիորդ Մահին էր։

Ա՜խ, Մահի, դու, այս կես գիշերի՞ն... ա՞յստեղ... ձայն արձակեց երիտասարդը։

Ամբողջ օրը քեզ չէի տեսել, միշտ աչքս քեզ էր պտրում... պատասխանեց օրիորդը վշտալի ձայնով։

Ինչպե՞ս եկար այստեղ։

Հայրս, մայրս քնեցին, իմ քունը չէր տանում, կամաց սենյակից դուրս եկա, կտուրի վրայից անցնելով՝ մտա այստեղ։

Բայց եթե ես չգա՞յի։

Ես կմնայի այստեղ և մինչև առավոտ լաց կլինեի։

Եվ իրավ երիտասարդը նկատեց,որ արտասուքը դեռ չէր չորացել օրիորդի աչքերից։

Երիտասարդն ընկավ սարսափելի խռովության մեջ։ Երկու հակառակ վրդովմունք սկսան հուզվիլ նրա սրտում։

Այդ սիրո փոթորիկն էր... Նույն րոպեին երկու պատկերներ նկատվեցան երիտասարդի ալքի առջև, մինը դեռահաս և կրակոտ Մահին, մյուսը վշտալի և անբախտ Ալմաստը, որ ավազակների խումբի մեջ սպասում էր նրան։ Որի՞ն տալ գերազանցությունը։ Քերիմ֊բեկը ընտրել էր վերջինը և հաստատ մնաց յուր ընտրության մեջ։ Բայց մի միտք միայն տանջում էր նրան, թե ի՞նչպես հեռացնել Մահիին, որ ինքը կարողանա դուրս գնալ։ Նա սկսեց կրել յուր զենքերը։

Օրիորդը, տեսնելով նրա անհանգիստ դեմքը, հարցրուց.

Դու տխուր ես, Քերիմ, դու մի տեղ ուզում ես գնալ։

Հա՛, Մահի ջան, այս րոպեիս վատ լուր հասավ ինձ, ավազակները հարձակվել են մեր մոտակա գյուղի վրա, շտապում եմ օգնության հասնել խեղճ գյուղացիներին։

Այս խոսքերը ցավալի կերպով ազդեցին օրիորդի սրտին։

Ո՛վ, գիտե, կսպանեն նրանց... ասաց նա դողալով։

Կսպանեն և ամեն ինչ կկողոպտեն։

Հորս չե՞ս հայտնում։

Չեմ ուզում նրան անհանգստացնել։

Հա, այդպես, մի նեղացրու հորս, առավոտյան նա ճանապարհ պիտի գնա։

Վերջին խոսքը շարժեց երիտասարդի հետաքրքրությունը։

Ո՞ւր պիտի գնա, հարցրուց նա։

Չեմ իմանում, մայրս ասում էր պատերազմ կա, պիտի գնա յուր ղոշունի հետ։

Երիտասարդը հասկացավ Սեր-Ասքերի Թեհրանից հեռանալու պատճառը։ Նա պատրաստ էր։

Դո՛ւ գնա, Մահի ջան, թող քեզ չտեսնեն, ես ուզում եմ կանչել ծառային, ասաց նա, օրիորդի փոքրիկ ձեռները առնելով յուր ափի մեջ։

Էգուց գիշեր էլ կգամ, խոսեց օրիորդը ժպտելով։

Եկ, ես այստեղ կլինեմ։

Տե՛ս, չխաբե՜ս։

Չեմ խաբի՛...

Օրիորդը կրկին ընկավ երիտասարդի գիրկ։ Քերիմ-բեկը քաղեց նրա թշերից յուր վերջին համբույրները...

Մահին հեռացավ։ Տե'ս, կգամ ես հենց էս ժամուն, ասաց նա դռնից կրկին անգամ նայելով երիտասարդի վրա։

«Խե՜ղջ աղջիկ...» խոսեց յուր մտքում երիտասարդը և նրա դեմքը պատեցին տխրության ամպերը... Քերիմ-բեկը կանչեց յուր ծառային, որ քնած էր նախասենյակում։

Գնա՛, շուտով իմ ձիերը երկուսն էլ թամքիր, հրամայեց նրան։

Քնահարամ ծառան աչքերը տրորելով վազեց դեպի ախոռատուն: Քերիմ-բեկը առավ յուր փոքրիկ խուրջինը, մոտեցավ մի արկղի, հանեց նրանից մի քանի ծանր քսակներ։ Սև օրվա համար հարկավոր կլինի, ասաց և դրեց խուրջինում։

Շուտով դարձավ ծառան և հայտնեց թե ձիերը պատրաստ են։

Վե՛ր առ այդ խուրջինը։

Երկուսը միասին դուրս գնացին։ Խուրջինը կապեցին ձիու մեջքի վրա, երիտասարդը հեծավ։ Իսկ ծառան հարցրուց.

Հրամայում ե՛ք, այդ մյուս ձին ես նստեմ և ձեզ հետ գամ։

Չէ՛, պատասխանեց երիտասարդը։ Տուր ինձ սանձը։

Նա առավ մյուս ձիու սանձը, և հետքից քարշ տալով, աներևութացավ խավարի մեջ։

ԻԱ

Քերիմ-Բեկը շուտով հասավ քանդված մզկիթին, ուր ավազակապետը սպասում էր նրան։

Բարեկամ, ուշանում ենք, ասաց նա, դուք ցած եկեք ձիուց, թո՛ղ սևերը նստեն, մինչև քաղաքից դուրս գանք։

Քերիմ-բեկը մտածելով, որ առանց խորհրդի չէր այդ առաջարկությունը, ձիաների երկուսն էլ հանձնեց սևերին։ Նրանք ճանապարհ ընկան։ Գիշերը հանդարտ էր և հովասուն։ Շների խառնաձայն հաչելու ձայնը միայն ընդհատում էր տիրող լռությունը։

Դուրս գալով բազարի միջից, նրանք տեսան ուղղակի յուրյանց առաջ էին գալիս մի խումբ գիշերապահ զինվորներ։ Զարտուղել ճանապարհը չէր կարելի։

Այդ անպիտանների հետ կհարկավորի ծեծվել, Դուք քանի՞ կրակ ունենք, հարցրուց ավազակապետը Քերիմ-բեկից։

Երկու զույգ ատրճանակներ գոտիումս, երկուսն էլ թամբի վրա, մի հատ կարաբինա, պատասխանեց նա։

Բավական է։

Մի զույգ էլ ես ունեմ, պատասխանեց Սայիդը։ Դու քո ընկերուհու հետ միայն պահեք ձիաները, ասաց ավազակապետը։ Գիշերապահները մոտեցան։

Գիշերվա անո՞ւնը, հարցրուց նրանցից մինը։

Անցե՛ք, ձայն տվեց ավազակապետը։

Դարուղան հրամայել է բռնել, ով կհանդիպե։ Երեք ժամ առաջ կողոպտեցին Բարձրագույն դռան սեղանավորի տունը։

Մենք ավազակներ չենք։

Ուղիղ մարդը հիմա չի ման գա, այն ևս առանց լապտերի։

Կնի՛կ էլ ունեն յուրյանց հետ, ձայն տվեց մի այլը։

Մեկ խոսքով, ի՞նչ է ձեր միտքը, հարցրուց ավազակապետը հառաջ գնալով։

Դուք ընկերիդ հետ և այգ խանումի հետ, ցույց տվեց պահապանների առաջնորդը Մարջանի վրա, շնորհ կբերեք մոտավոր ղարավուլխանան, այնտեղ մեզ հյուր կլինեք, մինչև առավոտը դարուղան կտեսնե ձեզ։

Այդ առաջարկությունը մահու խնդիր էր, թե ավազակապետի և թե նրա ուղեկիցների համար։ Այդ պատճառով նրանք վճռեցին մինչև Վերջին շունչն ընդդիմանալ։

Պարոն, քո արյունը կարծես ծանրություն է անում, պատասխանեց ավազակապետը սառնությամբ։

Այդ ուղիղ է, այս տարի երակս չեմ կտրել։

Ավազակապետը վերարկուն առավ յուր վրայիցը, փաթաթեց ձախ թևքը, յուր համար վահանակ շինեց, և ահագին սուրը մերկացնելով, հրավեր կարդաց՝

Հրամայեցեք։

Գիշերապահները գազանի նման հարձակվեցան։ Նրանք թվով ութը հոգի էին։ Կռիվը տաքացավ։ Սայիդը Վայր իջավ ձիուց, սանձը հանձնեց Մարջանին և պատվիրեց որ հեռու կենա կռվողներից։ Նույն միջոցին ավազակապետը, յուր սուրը դուրս քաշելով գիշերապահների մեծավորի կուրծքից, ասաց.

Ամենահմուտ դալլաքը այդպես արյուն չէր կարող առնել քեզանից։

Նա ձաչն չհանեց և թավալվեցավ դետին։ Երկու հոգի հարձակվեցան Քերիմ-բեկի վրա, նա յուր դաշույնով ծակեց մինի կողքը և ճեղքեց մյուսի գլուխը։ Առաջինն ընկավ, բայց վերջինը քիչ էր մնում հարվածեր երիտասարդին, երբ Սայիդի ատրճանակը ծըխաց նրա կուրծքի մեջ։

Քերիմ-բեկը տեսավ, ավազակապետը շրջապատված էր մի քանի հոգիով և կատաղի կերպով պաշտպանում էր յուրյանց։ Նա առյուծի պես գետին գլորեց մինին, որ պատրաստվում էր յուր հրացանը արձակել ավազակապետի վրա։ Նույն միջոցին թիկունքից ստացավ մի նոր հարված, բայց կռվի տաքության մեջ ոչինչ չզգաց։ Նա հետ դարձավ, երբ զարկողը ուզեց կրկնել յուր հարվածը։ Քերիմբեկի ատրճանակը որոտաց, հակառակորդը ընկավ։

Ես վերջացրի իմ գործը, մոտենալով ասաց ավազակապետը երիտասարդին։

Իսկ դրա՞նք, հարցրուց Քերիմ-բեկը։

Թող գնան, խեղճ են...

Եվ իրավ գիշերապահներից երեքը տեսնելով յուրյանց ընկերներից հինգն ընկած, թողեցին և փախան։

Այժմ նստիր ձիուդ, խոսեց ավազակապետը, ինքն հեծնելով մյուս ձիու վրա։ Սևերի ամեն մինը առնենք մեր ձիու գավակը։

Շուտով հասան նրանք քաղաքադռներից մինին, որ փակ էր։ Դռնապանը երկար ընդդիմանում էր չբաց անել բայց Քերիմ-բեկը դնելով նրա ձեռքը մի քանի հատ ոսկի, նա հոժարացավ կեղծել յուր պարտավորությունը։

Նրանք բավականին հեռացել էին քաղաքից, երբ Մարջանը, որ նստած էր Քերիմ-բեկի հեծած ձիու գավակին, հանկարծ ձայն արձակեց։

Արյո՞ւն է հոսում...

Ո՞րտեղից, հարցրուց Քերիմ-բեկը շփոթվելով և ձեռքը տարավ դեպի մեջքը, տեսավ, հագուստը թաց էր եղած։

Ավազակապետը մոտեցավ հարցնելով` ի՞նչ է։

Ոչինչ, պատասխանեց Քերիմ-բեկը։ Ունե՞ս քեզ հետ խանզարութ:

Ես առանց դրան չեմ լինում, ասաց ավազակապետը, ձիուցը վայր իջավ։

Նա վառեց կծկած մոմպատը, որ գրպանումը ուներ և շուտով փաթաթեց Քերիմ-բեկի վերքը։

Քաջը լավ է դիպցրել, ասաց ավազակապետը բայց անվնաս է։

Աղան էլ մի լավ գնդակ ուտեցրեց այն քաջին, վրա բերեց Սայիդը։ Նրանք կրկին հեծան ձիաները և շարունակեցին ճանապարհը դեպի Կ... ամրոցի ավերակները։ Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունիլ, երբ նրանք հասան ամրոցին։ Ավազակապետը գտավ յուր ընկերներին բոլորովին պատրաստ։

Ալմաստը, տեսնելով Քերիմ-բեկին, վազեց նրա առաջ։ Նա ուրախացավ, երբ տեսավ Մարջանին և Սայիդին։ Բայց թե խափշիկը և թե եթովպացին երկուսն էլ սկզբից չկարողացան ճանաչել յուրյանց տիրուհին ծպտյալ հագուստով։ Խափշիկը տվեց Ալմաստին մի գեղեցիկ արծաթյա արկղիկ, ասելով.

Ձեր աղախինը չմոռացավ յուր հետ բերել։

Ալմաստը ուրախությամբ առեց արկղիկը։

Այդ ի՞նչ է,- հարցրուց Քերիմ-բեկը։

Իմ բոլոր հարստությունը, իմ գոհարեղենները։

Քերիմ-բեկը ծիծաղելով առեց արկղիկը, դրեց յուր խուրջինը։

Մասլահաթի ժամանակ չէ՛,- լսելի եղավ ավազակապետի ձայնը, գնանք, լուսանում է։

Քերիմ-բեկն յուր հետ բերած ձին տվեց Ալմաստին, երկու ձիաներ ևս որոշեցին Աայիդի և Մարջանի համար։ Նրանք ճանապարհ ընկան դեպի յուրյանց բնիկ հայրենիքը-դեպի Հայաստան...

Be the first who will comment on this

Other parts of "Հարեմ"

Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

In the Harem, 1918
In the Harem, 1918
Play Online