Raffi

Հարեմ

1 - Է, Ը

Սի քանի օր միայն անցել էր այդ խոսակցությունից.

Երեկոյան ժամն էր։ Մեչիդների բարձր մինարեթների գլխից լսելի էին լինում հարյուրավոր մուազինների (քարոզների) ազանի ձայներ, մինը գոռում էր, մյուսը կլկլացնում էր յուր ձայնը։ Այդ հնչումների ընդհանուր խռովության հետ՝ միախառնվելով քարանեյխանայի երեկոյան խոռոտոտոյի զռզռոցը, այգիներից յուրյանց բեռնով դարձող ավանակների անուշ մեղեդին կազմում էին մի անախորժ ներդաշնակություն։

Խանութպանները բազարից շտապում էին դեպի տուն։ Նրանցից ոմանք յուրյանց թևքի տակին տանում էին մի քանի սանգակ, որը մի կտոր սառուց խոտով քարշ էր տված յուր ձեռքից, որն յուր քթի թաշկինակի մեջ կանաչի կամ միրգ էր տանում յուր երեխաներին։

Նույն ժամուն մի կին, ոտքից գլուխ փաթաթված կապույտ չարսավի մեջ, սպիտակ երեսկալով, մի մեծ կապոց թևքի տակին բռնած, միայնակ դիմում էր դեպի Ղազվինի-Դարվազեն։ Նա անցավ բազարից և կես ժամից հետո հասավ Սեր Ասքերի տունը։

Ո՞վ ես դու, հարցրուց դռնապանը խռպոտ ձայնով, երբ կամենում էր կինը ներս մտնել։

Քերիմ բեկի համար լվացք եմ տանում, պատասխանեց անծանոթը, ցույց տալով թևքի տակի կապոցը։

Անցե՛ք, բեկը այժմ յուր սենյակումն է, ասաց դռնապանը։

Կինը ներս մտավ։ Փոքրիկ սպասավորից որ հանդիպեց նրան սրահակի մեջ, տեղեկացավ նա Քերիմ֊բեկի կացարանի մասին և ուղղակի դիմեց այնտեղ։ Կինը գտավ նրան միայնակ յուր սենյակում թեյ էր խմում և ծխում էր։

Նա առանց բարձրացնելու երեսկալը, մոտեցավ երիտասարդին, բարևեց.

Խաղաղություն լինի քեզ։

Երիտասարդը սովորական կերպով ընդունեց ողջույնը, հրավիրելով նրան նստել։ Կինը մոտեցավ նրան և հազիվ լսելի ձայնով ասաց.

Իմ տե՛ր, ձեզ հետ գաղտնի խոսելիք ունեմ։

Այդպիսի անակնկալ հյուրերը, մանավանդ անծանոթ կնիկներից ամուրի երիտասարդների մոտ, այն քաղաքում սովորական լինելով Քերիմ֊բեկն ամենևին չկասկածեց յուր այցելուի մասին, և խիստ քաղաքավարի կերպով պատասխանեց նրան.

Այստեղ չեն արգելի ձեզ, միայն դուք հետ քաշեք ձեր երեսկալը։

Անծանոթն երեսից առեց դիմակը և հայտնվեցավ մի խափշիկի դեմք բավականին նուրբ գծագրությամբ։ Երիտասարդը մտածեց, թե նա տարփավոր խանումների աղախիններից մինը պետք է լինի։

Ի՞նչպես թողեցին ձեզ ինձ մոտ։

-Ես խաբեցի դռնապանին, ասեցի թե ձեզ համար լվացք եմ բերում, պատասխանեց խափշիկը ցույց տալով յուր կապոցը։

Օրիորդը նստեց երիտասարդից ոչ այնքան հեռու:

Բարի՛ լինի ձեր գալուստը... հարցրուց Քերիմ-բեկը հետաքրքրությամբ։

-Փա՛ռք աստուծու, բարի է, ասաց աղախինը, և ավելի մոտենալով երիտասարդին, խոսեց նրա ականջին. ինձ ձեզ մոտ ուղարկեց Զեյնաբ-խանումը։

Զարմացքը, հրճվանքը և սոսկումը փոփոխակի կերպով մի րոպեում նկարվեցան Քերիմ-բեկի դեմքի վրա։ Նա չկարողացավ իսկույն հավատալ խափշիկի խոսքին։

Ո՞վ է Զեյնաբ-խանումը, հարցրուց նա փորձելու մտքով։

-Իմ տերը լավ է ճանաչում նրան։ Զեյնաբ֊խանումն իմ տիկինն է, իսկ ձեր սիրուհին։

Դեռ Գուրջիստանի Թիֆլիս քաղաքում Մեխակը և Ալմաստը սիրում էին միմյանց։ Այդպես կոչվում էր այնտեղ ձեր երկուսի անունները։ Ներքինի թագավորը ձեզ այստեղ գերի բերավ և դուք բաժանվեցաք միմյանցից... Մի երկբայական սարսուռ ցնցեց Քերիմ-բեկի բոլոր մարմինն այդ խոսքերը լսելու միջոցին:

Դո՛ւք, հառաջ տարավ խափշիկը, ձեր հայրենիքից գրկվելուց հետո մեկ-մեկից բնավ տեղեկություն չունեիք, մինչև քանի շաբաթ առաջ հանդիպեցաք միմյանց իմ տիկնոջ ամառանոցումը...

Նզո՜վք շեյթանին, բացականչեց երիտասարդը սարսափելով, մեր գաղտնիքը հայտնված է...

Հանգստացեք, իմ տեր, ես լրտես չեմ։ Հավատացնում եմ ձեզ յոթն իմամների անունով, որ իմ խոսքերի մեջ կեղծավորություն չկա։ Ձեր և Զեյնաբ֊խանումի կյանքի պատմությունը բոլորն ինձ հայտնի է։ Իմ տիրուհին Մարջանից գաղտնիք չունի, այդպես է ձեր աղախնի անունը։

Խափշիկը, դուրս բերելով յուր ծոցից մի ոսկյա խաչ, ցույց տվեց երիտասարդին։

ճանաչու՞մ եք այդ բանը։

Տե՛ր աստված, այդ «նրանն» է... բացականչեց Քերրիմ֊բեկն, յուր ձեռքը առնելով փոքրիկ խաչը։

Լսեցեք, իմ տեր, շարունակեց խափշիկը, Զեյնաբ֊խանումն այդ նշանը տվավ ինձ, ձեզ ցույց տալու համար, որ դուք հավատաք իմ բոլոր ասածներին։

Ես այժմ հավատում եմ ձեզ։

Ուրեմն ականջ դրեցե՛ք։ Զեյնաբ֊խանումը սպասում է այս գիշեր տասներկու ժամին ձեզ յուր մոտ ընդունելու։

Ո՞րպես ես կարող եմ մտնել հարեմխանան։

Դուք կհագնեք այդ շորերն, որ ես բերել եմ հետս և կմտնեք հարեմխանան որպես մի կախարդ պառավ։

Խափշիկը ցույց տվեց նրան յուր բերած կապոցը և հայտնեց այն բոլորն, ինչ որ խոսեցել էր ներքինապետի հետ, և որպես կարգադրել էին նրա դերը հարեմխանան մտնելու համար։Քերիմ-բեկը լսելով այդ խոսքերը չկարողացավ զսպել յուր ծիծաղը։

Մարջա՛ն, ասաց նա, դուք ուզում եք ինձ կախա՞րդ շինել։

ՈՒրիշ հնար չկա։ Ժամանակը թանկ է մեզ համար։ Իմ տիրուհին կսկիծից կմեռնի, եթե այս գիշեր ձեզ չտեսնե։ Ամրոցում ամեն ինչ կարգի դրած է ձեզ ընդունելու համար։ Այդ մասին միամիտ կացեք։ Ահա ես գնում եմ և ձեզ մոտ եմ թողնում այդ հագուստը։ Ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզ։

Հա՛, մոռացա։ Դուք կգտնեք ինձ Զումա-մեչիդի մոտ։ Այնտեղից մենք միասին ամրոցը կերթանք։

Շատ լավ, պատասխանեց երիտասարդն ուրախությամբ, երկու ժամից հետո ես այնտեղ կլինեմ։

Խափշիկը վեր կացավ, և մնաք բարով ասելով, հեռացավ։

Ը

Մթին գիշեր էր։ Շահզադեի հարեմխանայի գույնզգույն ապակեզարդ լուսամուտները վառվում էին կախարդական լուսով։ Ծառերի խորհրդական սոսափյունը, շատրվանների ներդաշնակ խոխոջմունքը, գիշերապահ զինվորների ազդարար նշանախոսովթյունները, նրանց համար հրոցը՝ տալիս էին այդ ցավերով ու զվարճությամբ լի բնակարանին մի դյութական բնավորություն․․․։

Ամեն մի հարեմի սենյակից լսելի էր լինում մի առանձին ձայն մի տեղ մանկահասակ աղախինները հնչեցնում էին թմբուկ, դայիրա և քաման, և իրանց տիրուհուն պար էին ածում։ Մի տեղ վշտալի հարեմը, միայնակ նստած յուր սենյակի լուսամուտի հանդեպ, փափուկ մատները վազեցնում էր թառի լարերի վրա և տխուր ձայնով երգում էր յուր կորսված սերը․․․։ Մի այլ սենյակում մայրը շարժում էր յուր զավակի օրորոցը և նանիկ էր կարդում։ Մի այլ տեղ ավելի հասակավոր հարեմը՝ լի բարեպաշտական զգացմունքներով՝ յուր գիշերային նամազն էր կատարում։ Մի խոսքով, ամեն ինչ շարժողության մեջ էր, ամեն տեղ եռ էր գալիս հարեմական կյանքն յուր ուրախ, տրտում, գեղածիծաղ և արտասվելի տրամադրության մեջ․․․

Մի սենյակում միայն տիրել էր խորին լռություն և աղոտ լուսով վառվում էր ճրագը։ Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այգ բնակարանին, ամբողջ ամրոցի մեջ տարածվել էր լուր, թե այնտեղ հավաքվել էին չար ոգիները։

Այդ Զեյնաբ-խանումի սենյակն էր։ Անհամբեր, լի հոգեկան քաղցր վրդովմունքով, «մինին» սպասում էր նա այն ժամուն յուր նվիրական օթյակումը․․․։ Հոլանի թևքը նեցուկ տված գեղեցիկ գլխին, նստած էր նա, և արձակ ծամերն ալիքավոր հոսանքով թափվել էին կիսամերկ կուրծքի վրա։ Սենյակի մեջ տիրում էր խորին լռություն։ Միայն ժամացույցի կանոնավոր չկչկոցը ներդաշնակում էր նրա սրտի ամեն մի զարկի հետ, երբ նա մտածում էր, թե երբ կլրանա տասներկու ժամը։

Վերջապես մտածեց նա յուր հոգեկան ամբոխմունքը մի փոքր ցրվել թամբաքուի ծխով։ Այդ պատճառով ձայն տվեց Սայի՛դ։

Իսկույն դռները հետ գնացին և եթովպացու սև կերպարանքը Նկարվեցավ սենյակի մռայլի մեջ։

Մի ղեյլան։

Սայիդը գլուխ տալով հեռացավ։

Նա կանգնեցավ ոտքի վրա և ուզում էր մոտենալ բաց լուսամուտին մի փոքր թարմ օդ ծծել։ Նրա կլասիկական հասակը նույն ժամուն նմանություն էր բերում մի հավերժահարսի, որ կարծես դեռ նոր վեր էր բարձրացել ծովային փրփուրներից։ Ոսկի թելերով նխշած կարճլիկ չափքանը խիստ նեղ կերպով սեղմված էր նազուկ մեջքին։ Եվ ամպի պես փքված շալվարները լայն բացվածքով հասնում էին մինչև բոլորովին մերկ սրունքները։ Թափանցիկ շապիկը հազիվ սքողում էր մարմարյա կուրծքը, որի վրա գոհարեղեն մանյակը վառվում էր աստղերի նման։ Նա նստեց պատուհանի հանդեպ, երբ Սայիդը մատուց ղեյլանը։

Աայիդ, Մարջանն ասա՞ց քեզ, թե այս գիշեր մենք մի հյուր պետք է ընդունենք։

Ասաց, տիրուհի։ Ես բոլորը գիտեմ, պատասխանեց եթովպացին խորհրդավոր ձայնով։

Դու արթուն կաց, որ «նրա» աս գալուստը չարգելվի։

Ես հսկում եմ որպես սատանան։ Քանի րոպե առաջ բոլոր հարեմխանան կատվի զգուշությամբ շրջագայեցի։ Այս գիշեր չղջիկներն էլ կարծես չեն համարձակվում ձեր բակին մոտենալ։ Չար ոգիների սարսափը տիրել է ամենի վրա։ Ծերունի Հեյդարը բռնված է մի անասելի երկյուղով։ Ես տեսա նրան, ա՜խ ո՛րպես աղոթում էր նա յուր սենյակում...

Մի ուրախ ժպիտ շարժեց խանումի վարդագույն շրթունքը և մարգարտյա ատամները դուրս երևացին, որպես սադաֆը կարմիր բուստի միջից։

Այդ լա՛վ է․․․ խոսեց նա, Մարջանը շատ խորամանկությամբ հնարել է յուր ֆենդ ու ֆելը...

Նա շատ սատանա է, տիրուհի, պատասխանեց Սայիդը, կամենալով այդ խոսքով արտասանել Մարջանի անսահման գիտությունը։ Դրա համար էլ դու սիրում ես նրան։ Այդպես չէ՞։

Եթովպացին ոչինչ չպատասխանեց, բայց նրա խոշոր աչքերի սպիտակուցները շողացին, որպես մի զույգ աստղեր սև ամպերու ճեղքից։

Պատի ժամացույցը տասներկու անգամ զարկեց յուր մուրճը: Հանկարծ ամրոցի դրսից լսեցի եղավ գիշերային բուի ձայնի հնչումներ, որպես թե թռչունը մոտենում էր յուր որսին։

Մարջանն եկավ, ասաց Սայիդը յուր լսելիքն ավելի լարելով։

Բուի ձայնը կրկնվեցավ։

Նա որսը յուր հետն է բերում, ասաց Սայիդը և շուտով դուրս գնաց յուր տիրուհու սենյակից։

Նույն րոպեին Զեյնաբ-խանումի բակում լսելի եղավ մի այլ թռչունի ձայն, որ նմանում էր գիշերապահ կռունկի ձայնին։ Առաջին ձայնը պատասխանեց նրան և իսկույն լռեց։ Վերջինը Սայիդի սիգնալն էր։

Եթովպացի պատանին դուրս վազեց հարեմխանայից և շուտով հայտնվեցավ ամրոցի դռանը։ Երկու ստվերներ դուրս երևացին խավարի միջից, մինը մոտեցավ Սայիդին և փոխեցին նրա հետ մի բանի խոսքեր նեգրյան լեզվով։

Նրանք երեքը միասին դիմեցին դեպի ամրոցը։

Ո՞վ է այդ կինը, հարցրուց հարեմխանայի դռնապանը։

Կախարդը, պատասխանեց Մարջանը։

Ներքինին ոչինչ չխոսեց և ներս թողեց։

Քանի րոպեից հետո «կախարդը» հայտնվեցավ Զեյնաբ-խանումի սենյակումը։ Մարջանը իսկույն վայր թողեց լուսամուտների վարագույրները և հեռացավ։

Կախարդի արտաքին կերպարանքը բոլորովին համապատասխան էր յուր կոչմանը։ Նրան չէր կարելի որոշել մի ցիգան պառավից յուր ֆալ բացելու բոլոր օտարոտի պարագաներով։ Իսկ երբ նա ձգեց չարսավը և երեսկալը, որոնցով ծածկված էր, երևան եղավ մի վայելչակազմ տզամ արդ, կողքից քարշ ընկած դաշույնով և գոտիումը խրած մի զույգ ատրճանակներով։

Զեյնաբ֊խանումը, տեսնելով յուր ցանկության առարկան, իսկույն վազեց և փաթաթվեցավ նրա վզով։ Երկար այնպես գրկախառնված մնացին նրանք և լուռ ու մունջ վայելում էին իրանց սրտի բերկրությունը...

Be the first who will comment on this

Other parts of "Հարեմ"

Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

In the Harem, 1918
In the Harem, 1918
Play Online