Nar-Dos
Քնքուշ լարեր
Երկու վաղեմի ընկերուհիները
Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը չափազանց մեծ ուրախություն էր պատճառել երկու նախկին սիրելի և ամենամոտ դասակցուհիներին, որոնք դեռ երկար ժամանակ շարունակում էին ժպտալ միմյանց աչքերին։ Եթե տեղը ներեր, գուցե նրանք այդ ժամանակ միմյանց գրկի մեջ լինեին և կարոտալից համբույրներ լինեին տալիս միմյանց։
Ես քեզ սաստիկ ցանկանում էի տեսնել, Նունե, ասաց իշխանուհի Մելիքյանը, և այժմ զարմանում եմ, թե ի՛նչպես դեպքը հանդիպեցրեց մեզ միմյանց։
Իսկ ես երազել անգամ չէի կարող, որ քեզ երբևիցե կարող եմ այստեղ պատահել, ասաց յուր կողմից տիկին Հարունյանը։ Ես կարծում էի, որ դու նախկին սիրելի ընկերուհիներիդ վաղուց արդեն մոռացած կլինես, որովհետև քեզնից ոչ մի տեղեկություն չունեինք, և ամենքն էլ ակամայից ստիպված էին քեզ մոռացության տալ... Ա՜խ, Սոֆիա, սի՛րելի, ո՛րքան բան ունինք խոսելու... հարցնելու միմյանց, այդպես չէ՞... Ե՜կ մեր օթյակը, Սոֆիա... Դու մենա՞կ ես եկել։
Ինչպես տեսնում ես, պատասխանեց իշխանուհի Մելիքյանը, ժպտալով։
Ուրեմն ե՛կ մեր օթյակը։ Ես քեզ կծանոթացնեմ ամուսնուս հետ։
Իշխանուհի Մելիքյանը, որ մինչև այդ ժամանակ, ըստ երևույթին, չէր տեսնում պարոն Հարունյանին, յուր ընկերուհուց ամուսին բառը լսելուն պես դեմքը դեպի նա դարձրեց և, կիսախուփ աչքերով նրա վրա մի քննական հայացք ձգելուց հետո՝ դուրս գնաց յուր օթյակից ու իսկույն, պենսնեն ձեռքին պտտեցնելով, հայտնվեցավ Հարունյանների օթյակում։ Տիկին Հարունյանը ներկայացրեց նրան յուր ամուսնուն, որն, իսկույն տեղից վեր կենալով, իրեն հատուկ ծանրախոհ քաղաքավարութլամը, որ գրեթե սառն ընդունելության էր նմանում, գլուխ տվավ նրան և իսկույն ևեթ առաջարկեց նրան յուր աթոռը օթյակի առաջնակողմում։
Իշխանուհի Մելիքյանը ժպտալով հայտնեց նրան յուր շնորհակալությունն և ձգվեցավ առաջարկած աթոռի վրա։
Դու էլ խո արդեն ամուսնացել ես, Նունե, ասաց նա նույն ժպիտը դեմքին և շարունակելով պենսնեն ձեռքին պտտեցնել։ Շնորհավորում եմ։
Օ՜, իհարկե, ես չէի կարող միշտ օրիորդ մնալ, պատասխանեց տիկին Հարունյանն ուրախ ծիծաղելով և նստելով նրա մոտ, յուր աթոռի վրա։
Ահա հինգերորդ տարին է, ինչ ես ամուսնացած եմ, և այժմ մի փոքրիկ սիրուն աղջկա մայր եմ... Բացի դրանից, պետք է ասեմ, որ ես երջանիկ եմ և այն կողմից, որ իմ ամուսնուց շատ գոհ եմ։
Իշխանուհին նշանավոր կերպով ժպտաց այդ խոսքերի վրա և նայեց պարոն Հարունյանին, որ նույնպես ուշադրությամբ նայում էր այդ գեղեցիկ կնոջը։
Տեսնում եք, ո՛րպես ձեր կինը գովում է ձեզ, պարոն Հարունյան, ասաց նա նրան մի այնպիսի եղանակով, որ կարծես նրա հետ երկար ժամանակից ի վեր և մոտ հարաբերություն ուներ։ Նայելով ձեր բարի և խելացի դեմքին, ես չեմ կարծում, որ ձեր կինը չափազանցնելիս լինի, և կարծում եմ, որ դուք նույնքան գոհ պիտի լինեք նրանից, որքան և նա ձեզանից։
Պարոն Հարունյանին թեպետ դուր չեկավ այդ ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ բառերը փորձող և իրեն բարձր բռնող մարդու հանձնապաստանությամբ, մանավանդ նոր ծանոթի վերաբերությամբ, որպիսին էր ինքը, բայց և այնպես, զգալով նրա մի առանձին կերպով ժպտող գեղեցիկ աչքերի խոր ազդեցությունը, պատասխանեց նույնպես ժպտալով.
Դուք այսուհետև այդ բանի մեջ համոզված կարող եք լինել իշխանուհի։
Բայց ե՞րբ ես եկել, Սոֆիա, մոռացա հարցնել, հանկարծ հարցրեց տիկին Հարունյանը, որ դարձյալ շարունակում էր կարոտալից նայել իշխանուհի-ընկերուհու աչքերին։
Այս երրորդ օրն է, ինչ ես Թիֆլիսումն եմ։
Մենա՞կ ես եկել Պետերբուրգից... ամուսինդ ո՞րտեղ է։
Իշխանուհի Մելիքյանը հայտնեց, որ ահա հինգերորդ տարին է գնում, ինչ յուր ամուսինը մեռել է թոքախտից։ Այդ բանը շատ վշտացրեց տիկին Հարունյանին և սաստիկ կտրեց նրա ուրախ տրամադրությունը։ Նա ծանոթացել էր Սոֆիայի երիտասարդ իշխան-ամուսնու հետ, երբ նրանք դեռ նշանված էին։ Նա շատ ափսոսաց և հայտնեց յուր անկեղծ ցավակցությունը, բայց մի բան, որ շատ զարմացրեց նրան, այդ իշխանուհու անտարբերությունն էր, որով նա հաղորդեց յուր ամուսնու մահը. կարծես այդ հասարակ և իրեն չվերաբերող մի դեպք լիներ։ Ոչինչ ակնհայտի պատճառ չգիտենալով, նա ստիպված էր այդ վերագրել ավելի ժամանակին, որ գուցե մոռացնել էր տվել նրան այդ վիշտը, քան նրա անտարբերությանը դեպի ամուսնու հիշատակը։
Այնուհետև իշխանուհին սկսեց պատմել յուր անցյալից, յուր ճանապարհորդությունից, յուր Պետերբուրգում վարած կյանքից։ Նա հայտնեց, թե ինչու համար է եկել Թիֆլիս և որքան ժամանակ է մտադիր այնտեղ մնալու։ Նա այդ բոլորը պատմում էր իրեն հատուկ անսխալ արագախոսությամբ և ազնվական քաղաքակիրթ կնոջը վայել համարձակությամբ ու միմիկաներով, նայելով ընդ նմին երբեմն տիկին, երբեմն պարոն Հարունյանին։
Վերջինս նստած բոլորովին հանդարտ, ըստ երևույթին, լսում էր նրան հետաքրքրությամբ, բայց նա իսկապես զբաղված էր այն մտքով, թե ի՛նչ տեսակ կին էր այդ կինը։ Տակավին յուր կյանքի մեջ նա այդպիսի չքնաղ, համարձակ, շարժուն և ոչ մի բանից չքաշվող կին չէր տեսել։ Մանավանդ նրան հիացնում էին նրա երկար թերթերունքներով կրակոտ, թուխ աչքերը, որոնց երբեմն յուր վրա գցած թափանցող հայացքներին նա հազիվ էր կարողանում դիմանալ, չնայելով յուր բոլոր սառնությանն ու անտարբերությանը։ Այդ աչքերի մեջ նա զգում էր անհաղթ համարելի մի տեսակ ուժ, որ կոչվում էր «կնոջ ուժ», այնպես որ, նա կարծում էր, եթե այդ աչքերը խլեին նրանից և դրանց տեղը դնեին ուրիշ աչքեր, նրա գեղեցկության ազդեցությունը ավելի քան կիսով չափ կթուլանար։ Հենց առաջին հայացքից այդ աչքերը նրան վտանգավոր թվացին։ Բայց մի բան նրան բոլորովին զարմանալի և անհասկանալի էր այն է՝ թե ինչու այդ կինը նրան այդպես արտասովոր կերպով է նայում․ նրա հայացքները, կարծես, նրան փորձում, զննում, քննում էին... Եթե նա այդ վերագրում է նրա սովորությանը, առանձնահատկությանը, բայց այդ միևնույն աչքերը նայում էին յուր կնոջը կամ ուրիշներին սովորական կերպով. եթե վերագրում է նրա նոր ծանոթությանն, երբ առհասարակ նոր ծանոթներն առաջին անգամ սկսում են միմյանց խոր դիտել, որպեսզի լավ տպավորեն իրենց մեջ միմյանց կերպարանքը, բայց նրա հայացքները չափից անցնում էին... Ինչևիցե։ Բայց բանը սրանումն է, որ այդ միևնույնը զգում էր և՛ յուր վերաբերությամբ դեպի նա։ Նա չէր կարողանում նայել այդ գեղեցիկ կնոջը սովորական կերպով։ Ակամայից, ինքն էլ չհասկանալով թե ինչու, նա կամենում էր միշտ նայել նրա կրակոտ, թուխ աչքերին.․․
Օրկեստրն արդեն լռել էր։ Ներկայացման նշանակյալ ժամանակամիջոցը լրացել, և վերնահարկն անհամբերությամբ ծափահարում էր։ Լսվում էր և մի քանի ձեռնափայտերի թխկթխկոց հատակի վրա, չնայելով, որ այդ արգելված է, որպեսզի թատրոնում թոզ չբարձրանա։ Հնչվեցավ փոքրիկ զանգակի ձայնը, որ արդեն երրորդ անգամն էր, և վարագույրը բարձրացավ։
Իշխանուհի Մելիքյանը, շատ բան, հետևաբար և անթիվ այդպիսի ներկայացումներ տեսածի նման, մի անգամ նայեց բեմին և, այնտեղ տակավին ոչինչ չգտնելով, շարունակեց ցած ձայնով յուր զրույցը տիկին Հարունյանի հետ։ Իսկ պարոն Հարունյանը, որքան էլ աշխատում էր յուր աչքերն ու ուշքն ու միտքը կենտրոնացնել բեմի վրա, այնուամենայնիվ չէր կարողանում երբեմն իշխանուհուն չնայել և չպատասխանել նրա մի քանի հարցերին հայոց թատրոնի վերաբերությամբ, որի մասին այդ հայ քաղաքակիրթ կինը գրեթե ոչինչ տեղեկություն չուներ։ Պետք է ասած, ի դեպ, որ իշխանուհին շատ քիչ էր հետաքրքրվում այդպիսի գործերով ընդհանրապես և հայոց այդպիսի հիմնարկություններով՝ մասնավորապես։ Բայց ի՞նչպես էր եղել, որ այդ գիշեր նա եկել էր թատրոն և այն էլ հայ թատրոն, իհարկե, «բարեգործական նպատակը» չէր լինիլ դրա պատճառն, այլ նա եկել էր կամ մենակությունից ձանձրանալով, կամ ցույց տալու յուր խոշոր գեղեցկությունն, ինչպես այդ հատուկ է ընդհանրապես նրա նման կանանց։
Խաղամիջոցի ժամանակ պարոն Հարունյանը շաքարեղեն առաջարկեց իշխանուհուն ու կնոջը, իսկ ինքը դուրս գնաց ծխախոտ ծխելու։ Սրահում կանգնած՝ նա ծխախոտ էր ծխում և անուշադիր կերպով նայում էր առջևը զբոսնող ժողովրդին, երբ տեսավ յուր առաջ իշխանուհուն և կնոջը՝ միմյանց թևթևի տված։
Ի՞նչ եք այդպես խոր մտածում, պարոն Հարունյան, ասաց իշխանուհին ժպիտը դեմքին, նայելով նրա աչքերի մեջ։
Պարոն Հարունյանն ակամայից, բայց աննկատելի կերպով շփոթվեց նրա հանկարծակի հայտնվելուց և առավելապես նրա ժպտող գեղեցիկ աչքերից, որոնք կարծես ուզում էին թափանցել նրա ներսը և իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ այդ րոպեին։
Ոչինչ, պատասխանեց նա մեքենայաբար։
Ես կարծում էի, թե խաղը ձեզ վրա ազդել է։
Ոչ, նույն կերպով պատասխանեց պարոն Հարունյանը։
Այդ պատասխանը բավական կոպիտ թվաց իշխանուհուն. եթե պարոն Հարունյանն ազնիվ և պատկառելի տեսք չունենար, նա կկարծեր, որ յուր առաջ կանգնած է մի անտաշ, անքաղաքավարի մարդ, որ չգիտե, թե նրա պես մի իշխանազն գեղեցիկ կնոջ հետ ինչպես պետք է խոսել։ Նա աչքերն յուր սովորության համեմատ կիսախփեց և խոր նայեց պարոն Հարունյանի դեմքին, կարծես ստուգելու համար, որ չլինի թե իսկապես նա անտաշ, անքաղաքավարի մարդ է, բայց, ըստ երևույթին, ոչինչ հետևանքի չհասնելով, նա նորից ժպտաց և ասաց.
Կարելի է ասել, որ ես առաջին անգամն եմ տեսնում հայերեն ներկայացում, և պետք է ասած, որ ձեր այս դերասանները բավական լավ խաղում են.․․ ես գոնե այս հույսը չունեի հայ դերասաններից։
Սրանք մշտական խմբի դերասանները չեն, իշխանուհի, պատասխանեց պարոն Հարունյանը, սրանք թատրոնասերներ են։
Մի՞թե, զարմացավ իշխանուհին։ Եթե թատրոնասերներն այդքան գեղեցիկ են խաղում, ուրեմն կարելի է երևակայել, թե մշտական խմբի դերասաններն ի՞նչպես կխաղան։
Շատ անգամ դրանցից վատ, իշխանուհի, որովհետև այդ արվեստը թատրոնասերները հազարապատիկ ավելի լավ են հասկանում, քան մշտական խմբի շատ դերասանները, որոնք մեծ մասամբ զուրկ են բեմական արվեստի մի որևէ ընդունակությունից։
Խոսակցությունն անցավ օտարազգիների թատրոնական գործի մասին։ Իշխանուհին թվեց եվրոպական մի քանի հռչակավոր դերասանների և դերասանուհիների անուններ, որոնց խաղին անձամբ ներկա էր եղել Եվրոպայում ճանապարհորդելիս. նա խոսեց և դրա՛նց խաղի մասին գործին տեղյակ մարդու հանձնապաստանությամբ։ Խոսեց և՛ եվրոպական ուրիշ հետաքրքիր և նշանավոր հիմնարկությունների մասին։ Նա խոսում էր այնքա՜ն գեղեցիկ, պատմում էր այնքա՛ն կենդանի և ոգևորությամբ, որ տիկին Հարունյանը մինչև անգամ հայտնեց նրան յուր ցավակցությունը, որ ինքը դժբախտաբար կարող չէ տեսնել ոչ մեկն այն բոլորից, որոնց մասին նա խոսում և պատմում էր։
Ինչո՞ւ, զարմացած հարցրեց իշխանուհին։
Որովհետև դրա համար հարկավոր է ճանապարհորդել։
Դե՛հ, էլ ինչո՞ւ չես ճանապարհորդում, այդտեղ ի՞նչ դժվարին բան կա։
Պատասխանի փոխարեն տիկին Հարունյանը փոքր-ինչ կարմրեց և աչքի տակից նայեց ամուսնուն այնպիսի մի հայացքով, որ, կարծես, ասում լիներ. «Այդ նա գիտե, նրանից է կախված»։
Իշխանուհին հասկացավ այդ հայացքն և նայեց պարոն Հարունյանին։
Ինչո՞ւ ձեր կնոջ հետ չեք ճանապարհորդում, պարոն Հարունյան, հարցրեց նա։ Ճանապարհորդությունը խո սքանչելի բան է։
Տակավին մի առանձին պահանջ ճանապարհորդության մենք չենք զգում, իշխանուհի, պատասխանեց լրջորեն պարոն Հարունյանը։ Եվ, բացի դրանից, իմ կարծիքով, համեստ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. իսկ այդպիսի կյանքին մենք սովոր ենք և սիրում ենք։
Իշխանուհին այդ խոսքերի վրա ավելի խոր նայեց նրա բոլորովին լուրջ դեմքին, նրա հայացքը ցույց էր տալիս, որ մի այդպիսի օտարոտի դատողություն ճանապարհորդության վերաբերությամբ՝ նա բոլորովին չէր սպասում պարոն Հարունյանի կողմից։ Բայց նա ոչինչ չգտավ պատասխաննելու և մնաց լուռ։ Լուռ էին և Հարունյանները։ Սակայն այդ լռությունը միայն մի րոպե տևեց, և խոսակցությունը շարունակվեց այս անգամ ուրիշ բաների մասին։ Իշխանուհին յուր թե՛ գեղեցկությամբ, թե՛ խոսակցությամբ ու շարժումներով գրավել էր ընդհանուրի ուշադրությունը։ Պճնասեր, եսամոլ և հպարտ կանայք, ինչպես այդ լինում է միշտ, նախանձում էին նրա գեղեցկությանը, իսկ տղամարդիկ...
Պարոն Հարունյանն ընտելացավ իշխանուհու յուր վրա գցած առանձին հայացքներին, նա հասկացավ այդ հայացքներն, և այնուհետև ամեն անգամ, նրանց հանդիպելիս, նա ամեն կերպ աշխատում էր նրանց սառնասրտությամբ ու անտարբերությամբ տանել. բայց միևնույն ժամանակ նա մութ կերպով զգում էր, որ յուր մեջ ինչ֊որ կատարվում էր, ներքին կռվի նման մի բան, մի շատ աղոտ բան, այնպես որ, նույն րոպեին նա հազիվ կարողանար հաշիվ տալու իրեն, թե ինչ է իսկապես...
Ներկայացումը վերջացավ։ Բաժանվելիս՝ Հարունյաններն, առավելապես տիկինը, խնդրեցին իշխանուհի Մելիքյանից, որ գա հետևյալ օրն իրենց տունը, շնորհ անե, որի համար և նրան տվին իրենց հասցեն։ Իշխանուհին համաձայն եղավ։
Առանց ձեր խնդրելու էլ ես նեղություն պիտի տամ ձեզ, ասաց նա ծիծաղելով և սեղմելով նրանց ձեռքը։ Բացի ձեզանից ես այստեղ, կարելի է ասել, ուրիշ ոչ մի բարեկամ չունիմ և այդ պատճառով ձեզ հանգստություն չպիտի տամ իմ այցելություններով, ինչպես, իհարկե, և դուք ինձ։
Մեր տան դռները ձեր առաջ միշտ բաց կլինեն, իշխանուհի, ասաց պարոն Հարունյանը, որին իշխանուհու խոսքերն և՛ ուրախություն պատճառեցին, և՛ մի տեսակ բան, որ ավելի մի անորոշ, մութ երկյուղի էր նման։
Իշխանուհին նրանց բարի գիշեր մաղթեց և նստեց յուր սեփական գեղեցիկ կառքը, որ սպասում էր նրան թատրոնի դռների մոտ։ Ծեր կառապանն իսկույն մտրակեց ճարտուկ, անհանգիստ նժույգներին, և կառքը փափուկ, թեթև կերպով առաջ սլացավ։
Հարունյանները նույնպես մի կառք նստեցին և գնացին իրենց տուն։