Nar-Dos
Քնքուշ լարեր
Անտառի ծառերի տակ
Կնոջ հանդիպելն առաջին նվագ Հարունյանի մեջ ատելության նման ինչ֊որ խորշեցնող զգացմունք ծնեցրեց դեպի նա։ Եվ այդ առաջին անգամն էր, ինչ ապօրինի սերը ներս էր սողացել նրա սիրտը։ Այդ նորածին զգացմունքն առաջին րոպեին, կատարելապես տիրապետելով նրա մյուս բոլոր զգացմունքներին, այն աստիճան զորեղ կամայականությամբ գործեց նրա մեջ, որ մինչև անգամ կնոջ հարցին նա չպատասխանեց և, առանց նրան նայելու, ներս մտավ սենյակը։
Կինը հետևեց նրան։
Ստեփաննո՛ս, նայիր ինձ, անհանգստությամբ ասաց նա, կտրելով ամուսնու առաջը։ Ի՞նչ է պատահել․․․ դու բոլորովին գունատ ես․․․
Ի՞նչ պետք է պատահի, գրեթե կոպտաբար պատասխանեց ամուսինը և, ցիլինդրը դնելով սեղանի վրա, նստեց մեծ բազկաթոռի մեջ։
Դու գունատ ես, Ստեփաննոս, դու գունատ ես, կրկնեց կինն առաջվանից ավելի անհանգստությամբ։ Գնալիս դու այդպես չէիր․․․
Հապա ի՞նչպես էի․․․
Ավելի հանգիստ էիր․․․ գույնդ այդպես նետած չէր․․․
Ամուսինը լուռ նայեց կնոջ աչքերին, հետո յուր հայացքը դարձրեց դեպի դուրս։
Գլուխս ցավում է, Նունե, հանգիստ ձայնով պատասխանեց նա։
Միա՞յն։
Այո․․․
Կինն ակամայից հիշեց իշխանուհու գլխացավը և ինքն էլ չհասկացավ, թե ինչո՛ւ մի ուրիշ տեսակ հայացքով լուռ նայեց ամուսնու աչքերին։
Շա՞տ է նեղացնում, հարցրեց նա։
Է՛հ, հիմար բան է, պատասխանեց ամուսինը։ Արժե՞ սրա վրա ուշադրություն դարձնել․․․ իսկույն կանցնի․․․ Միայն դու լավ կանես, եթե ինձ առժամանակ հանգիստ թողնես․․․
Կինը կրկին անգամ նայեց նրա աչքերին առաջվա հայացքով։ Ուրիշ անգամ գուցե նա հանգիստ չտար նրան յուր զանազան հարցերով՝ թե ինչո՛ւ է ցավում նրա գլուխը, կուզե՞ բժիշկ կանչեն և այլն բայց այս անգամ, կարծես, ինչ-որ անհայտ զորությունից կաշկանդվեց նրա լեզուն։ Նա ոչինչ չասաց և ակամա մտախոհությամբ դուրս գնաց։
Հարունյանն անմիտ հայացքով մեքենայաբար նայեց նրա ետևից և մնաց անշարժ նստած տեղում։ Նա, կարծես, ոչ մտածում էր, ոչ զգում։ Նրա ամբողջ գոյությունը կլանել էր միայն մի զգացմունք սերը, որ դեռ երբեք այդ ուժով չէր գործել նրա մեջ, ինչպես այդ ժամանակ։ Կինը նրան անտանելի էր թվում, տունը՝ օտար, շրջապատող օդը՝ խեղդիչ. նրա բոլոր ուշքն ու միտքն իշխանուհին էր․․․ Մինչև անգամ նա կարծում էր, թե նոր է սկսում սիրել։
Չանցավ երեք րոպե, դուռը կամաց բացվեց, տիկին Հարունյանը կրկին ներս մտավ։ Նրա դեմքը սաստիկ անհանգստություն էր արտահայտում։ Նա արագությամբ մոտեցավ ամուսնուն և բռնեց նրա ձեռքերից։
Ստեփաննո՛ս, ասաց նա կնոջ սիրող, քնքուշ սրտին հատուկ անհանգստությամբ և ջերմ, կարեկից հայացքով նայելով նրա աչքերի մեջ, դու գիտես, որ ես երբե՛ք չեմ կարող հանգիստ լինել, երբ քեզ այդպես եմ տեսնում․․․ Ասա՛, ճշմարիտն ասա, ուրիշ բան խո չէ՞ պատահել քեզ ուրիշ տեղդ խո չէ՞ ցավում․․․ հըա՞։
Զարմանալի է․ ասացի, որ միայն գլուխս է ցավում պատասխանեց ամուսինը, հազիվ դիմանալով կնոջ հայացքին։ Ինձ չե՞ս հավատում։
Ո՛չ, չեմ հավատում, Ստեփաննոս, չեմ հավատում․․․ Դու երբե՛ք այդպես չես եղել․․․ ես քեզ երբե՛ք այդպես չեմ տեսել․․․ Երեկ գիշերվա օտարոտի վարմունքդ, այժմյան օտարոտի դրությունդ․․․ ո՛չ, դու երբե՛ք այդպես չես եղել, հասկանո՞ւմ ես ինձ, երբեք այդպես չես եղել․․․ Դու մի բան գիտես․․․ քեզ մի բան պատահում է, բայց դու այդ ինձ չես ուզում հայտնել․․․ Ստեփաննոս, նայի՜ր ինձ ուղիղ, ես վախենում եմ․․․ Ասա՛, ասա ճշմարիտը․․․ Ասա։
Նրա աչքերը թաց եղան, ձայնը դողաց և, կրկնապատկելով յուր հայացքի ուժը, նա չոքեց ամուսնու առաջ։
Մի ակնթարթում խղճի խայթը զարթնեց Հարունյանի մեջ «խաբեբա՛, անպիտա՛ն, ստո՛ր, գարշելի՛, դավաճա՛ն» կարծես միլիոնավոր ձայներ խլացրին նրա ականջները... Նա ցնցվեց ամբողջ մարմնով և կատարելապես տիրապետեց իրեն։
Նո՛ւնե, ի՞նչ ես անում, վեր կաց, ասաց նա փաղաքշական ձայնով։ Հավատացի՛ր, ոչինչ չկա, իզուր դու այդպես անհանգստանում ես․․․ վեր կաց․․․ գլուխս փոքր ինչ ցավում է, իսկույն կանցնի․․․ Վեր կաց։
Կինը վեր չկացավ, այլ ձեռքերով ամուր գրկեց ամուսնու մեջքը և, գլուխը դնելով նրա կուրծքի վրա, անհուն սիրրով, անհուն քնքշությամբ լուռ նայեց նրա աչքերին։
Իսկ ամուսինը մի ձեռքով կամաց գրկեց նրա սիրուն, փոքրիկ գլուխը։
Հետևյալ օրը առավոտյան կինը խնդրեց ամուսնուց իշխանուհուն այցելության գնալու։ Ամուսինը համաձայնեց, որպեսզի ոչինչ կասկածանքի տեղիք չտա նրան․ բայց նախորդ օրվա իշխանուհու հետ ունեցած տեսակցությունից հետո Հարունյանի համար շատ դժվար էր կնոջ հետ նրան այցելելու։ Ինչևիցե։ Գնացին։ Բայց իշխանուհին աղախնի բերանով հազար ներողություն խնդրեց, որ այդ ժամանակ ոչ մի կերպ կարող չէ ընդունել նրանց, որովհետև իրեն շատ վատ է զգում։
Երևի գլխացավը նորոգվել է, ասաց կինն ամուսնուն։
Ամուսինը մնաց լուռ։
Կինը մտախոհ հայացքով նայեց նրան։
Խոսք եք տվել, ի՛նչ է, միմյանց, որ գլխացավը ձեզ միևնույն դրության մեջ ձգե, ասաց նա։ Առաջ նրա գլուխն էր ցավում․ երեկ՝ քոնը, այսօր դարձյալ նրանը…
Ամուսինն այդ խոսքերի վրա ստիպված ծիծաղեց միայն․ բայց այդ ծիծաղը շատ անշնորհք ծիծաղ էր, որին մինչև անգամ սխալ կլիներ ծիծաղ անվանել։
Նրանք գնացին տուն, բայց երեկոյան կրկին եկան։ Այս անգամ իշխանուհին ինքը դուրս եկավ նրանց առաջ նախասենյակը։
Սո՛ֆիա, նրան տեսնելուն պես կանչեց տիկին Հարունյանը՝ առաջ շտապելով դեպի նա։ Այդ ի՞նչ ես դառել․․․
Իրավ որ իշխանուհին այդ մի օրվա մեջ նկատելի կերպով փոխվել էր։ Դեմքը սաստիկ դժգույն էր, աչքերն ընկել էին խոր, կապույտը կապել էր նրանց շուրջը, վարդագույն շրթունքները ստացել էին բաց կարմիր գույն, սիրուն, կյանք շնչող ժպիտն այլևս չէր պսակում նրա դեմքն և մի տեսակ տխուր, մռայլ քող կարծես ծածկել էր նրան ամբողջապես։
Հարունյաններին տեսնելով, նա մեղմ, տխուր կերպով ժպտաց և սեղմեց նրանց ձեռքը։
Պետք է ներեք ինձ, որ առավոտյան չկարողացա ձեզ ընդունել, ասաց նա. երեկ գիշեր մրսել էի, ի՞նչ էր, չգիտեմ, միայն այսօր... շատ վատ էի զգում ինձ։
Նա մի առանձին հայացքով նայեց Հարունյանին, բայց Հարունյանը չէր նայում նրան
Այժմ ի՞նչպես ես զգում քեզ, հարցրեց տիկին Հարունյանը։
Փոքր֊ինչ լավ․․․ Բայց շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այժմ ինձ մենակ չթողիք։ Խնդրեմ ներս եկեք։
Երեքն էլ ներս մտան։ Կարճ ժամանակից հետո եկավ և Պետրովը, բայց իշխանուհին նախապես հրամայել էր աղախնուն, որ նրան չընդունե։ Այդ երկրորդ անգամն էր, որ խեղճ Պետրովը վռնդվում էր նրա տնից։ Առանց Պետրովի, երեքով խոսեցին, ժպտացին, թեյ խմեցին, և այդ բոլորը տիկին Հարունյանի շնորհիվ միայն․ իսկ իշխանուհին և պարոն Հարունյանը ոչ դատարկաբանության սիրտ ունեին, ոչ ժպտալու և ոչ թեյ խմելու։ Նրանք երբեմնակի, տիկին Հարունյանից թաքուն, նայում էին միմյանց աչքերին, և նրանց այդ տխուր հայացքները փոխադարձաբար, կարծես, երկար պատմություններ էին անում միմյանց։
Տիկին Հարունյանն իշխանուհու խնդրանոք նստեց դաշնամուրի առաջ և սկսեց ածել։ Այդ ժամանակ իշխանուհին կարողացավ ծածուկ ինչ֊որ թղթի կտոր դնել պարոն Հարունյանի ձեռքը։ Վերջինս իսկույն թղթի կտորը պահեց գրպանում։
Երբ իշխանուհուց բաժանվեցին և գնացին տուն, պարոն Հարունյանն առանձնացավ յուր սենյակը և կարդաց թղթի կտորի վրա մատիտով գրված հետևյալ մի տողը. «Հաջողեցրեք մի անգամ առանձնապես տեսնվել ինձ հետ»։
Հարունյանն աշխատեց որքան կարելի է շուտով հաջողացնել այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը, որովհետև նա կամենում էր վերջապես վերջ տալ յուր անտանելի դրությանը։
Բայց ո՞րտեղ պետք է տեսակցել այդ միտքը տանջում էր նրան։ Նա չէր ուզում առաջվա նման խաբել կնոջը և իշխանուհու հետ տեսնվել նրա դաստակերտում, որովհետև վախենում էր, որ չլինի թե կինը` չգիտենալով, հանկարծ վրա հասներ իրենց. իսկ այդ բավական էր, որ միամիտ կինը կասկածանքի տեղիք ունենար, որից այնպես խույս էր տալիս Հարունյանը։ Վերջապես, շատ մտատանջվելուց հետո, նա մտածեց, որ անտառում կարելի է տեսակցել բոլորովին ապահով կերպով։
Հետնյալ օրը, երբ կնոջ հետ դարձյալ այցելության գնաց իշխանուհուն, նա նույնպես, կնոջից ծածուկ, կարողացավ նրա ձեռքը դնել մի թղթի կտոր, որի վրա գրված էր հետևյալը․ «Եթե կբարեհաճեք վաղը առավոտյան ժամը վեցին եկեք անտառն. ես այնտեղ անհամբեր կսպասեմ ձեզ։ Ամենահարմար և ամենաապահով տեղն է, որտեղ համարձակ կարող ենք մենք տեսակցել միմյանց»։ Իշխանուհին անմիջապես դուրս գնաց հարևան սենյակն, երևի կարդալու և, երբ մի րոպեից հետո դարձյալ ներս մտավ, թեթևակի գլխով արեց Հարունյանին։ Հարունյանը հասկացավ, որ նա համաձայն էր անտառում տեսակցելու։
Նույն գիշեր Հարունյանն ամենևին աչք չխփեց։ Ի՞նչ պետք է խոսի արդյոք իշխանուհին, ի՞նչ վախճան պետք է ունենա արդյոք իրենց այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը. արդյոք դրանով վե՞րջ պետք է տրվի յուր անտանելի դրությանը, թե նորանոր և ավելի վատթար դրությունների նախադուռը պետք է բացվի, ահա այդ մտքերն էին զբաղեցնում նրա ուղեղը։ Գիշերն անցնում էր սպանիչ դանդաղությամբ. կարծես երբեք այլևս չպետք է լուսանար:
Առավոտյան ժամի հինգն էր, երբ նա պատրաստվեցավ գնալու։ Կինը հանգիստ քնած էր։ Նա դուրս եկավ տնից և քայլերն ուղղեց դեպի անտառը։ Այդ միջոցին ամառանոցի բոլոր փողոցները գրեթե դատարկ էին։ Առհասարակ առողջապահության կանոններն անգիր արած և առողջության ետևից վազող ամառանոցի բնակիչները քնում էին մինչև կեսօրը, ինչպես այդ սովոր են անել քաղաքում. նրանց համար գոյություն չունի ամառանոցի հրաշալի վաղ առավոտը և վաղ առավոտի առողջարար օդը։
Արևը նոր էր բարձրանում։ Անտառի թավուտ կատարը ներկվել էր շառագունով. ծառերն երկար ստվերներ էին արձակել։ Ամառանոցի վերա կանգնած ամառային փոշենման մշուշը հետզհետե պարզում էր. երկնքի վրա` հորիզոններին մոտ` ձգվել էին ոսկեգույն ամպեր։ Թռչունները վաղուց սկսել էին վաղորդյան իրենց զանազանաձայն ուրախ համերգը։ Ցողասփյուռ անտառը շնչում էր թարմ, կենարար անուշահոտությամբ։
Հարունյանը նստեց անտառի մուտքի մոտ` նստարանի վրա և սկսեց նայել դեպի այն կողմը, որ կողմից որ պետք է գար իշխանուհին։ Բնության հրաշալիքն իսպառ կորցրել էր նրա աչքում յուր գրավիչ, կախարդող ազդեցությունը. նրա սիրտը բաբախում էր շատ ծանր, ցավ տալով. կարծես մի անհայտ զորություն գուշակում և գուժում էր նրան մի սոսկալի վիշտ։ Նա սպասում էր, սպասում էր, որպես մի մարմնացյալ անհամբերություն։
Հանկարծ նրա սիրտն այնպես թրթռաց, որ կարծես ուզում էր պատռել կուրծքն և դուրս ընկնել։ Նա տեսավ իշխանուհուն, որ արագ քայլերով գալիս էր դեպի ինքը։ Էլ չսպասեց, որ նա մոտենա իրեն, և, վեր կենալով, իսկույն առաջ շտապեց դեպի նա։ Նրանք մոտեցան միմյանց, լուռ նայեցին միմյանց աչքերին և լուռ սեղմեցին միմյանց ձեռքը։ Նույն լռությամբ նրանք անմիջապես դիմեցին դեպի անտառ։
Իշխանուհին հագած ուներ սև հագուստ, դրա վրայից` ձմեռային կարճ վերարկու, որովհետև առավոտյան օդը զգալի կերպով ցուրտ էր, իսկ գլխին գցած ուներ մետաքսյա սպիտակ և բարակ շալ, որի առջևի երկու կողմերը պարանոցի մոտ բռնած ուներ ձեռքով։ Նրա դեմքն դեռ այնպես գունատ չէր եղել այդ առավոտ, աչքերը բոլորովին ընկել էին խոր, նրանց տակի կապույտը կրկնապատկվել էր, շրթունքների բաց կարմիրը բոլորովին դժգունել էր. մի խոսքով նրա դեմքի վրա ամեն ինչ պարզ վկայում էր, որ նա շատ էր տանջվել և գիշերը բնավ չէր քնել։ Հարունյանը կողքից նայում էր նրան, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր։ Ո՜րպիսի զանազանություն առաջին անգամ թատրոնում տեսած և այժմյան իշխանուհու մեջ։ Ի՞նչ զարմանալի, ի՛նչ անհավատալի փոփոխություն էր ստացել այդ կինը մի քանի օրում միայն։ Քայլվածքը, հայացքը, շարժումներն, ամեն ինչ ծանր, ամեն ինչ զգաստ, ամեն ինչ տխուր։
Երկար ժամանակ նրանք գնում էին լուռ։ Բայց նրանք չէին խոսում ո՛չ թե այն պատճառով, որ ոչինչ չունեին խոսելու, այլ այն պատճառով, որ վախենում էին. զգում էին, թե մի՛ գուցե ամեն մի արտասանած կամ լսած խոսքը ծանր հարված պատճառե իրենց սրտին։
Այդպես նրանք անցան մի քանի ճեմելիքներ։
Նստենք այստեղ, Հարունյան, վերջապես առաջինը խոսեց իշխանուհին և մոտենալով մի նստարանի՝ նստեց նրա վրա։
Հարունյանը մեքենայաբար հետևեց նրան և նստեց նրա կողքին։
Լռությունը շարունակվեց դարձյալ մի կարճ միջոց։ Իշխանուհին շարունակ նայում էր յուր առաջ։ Նա ցույց էր տալիս, թե ինքը հանգիստ է, բայց թախծալից դեմքն իսկույն մատնում էր, որ նրա ներսը մեծ ալեկոծություն է կատարվում։ Ըստ երևույթին, նա ջանք էր անում խոսել, բայց բառերը չէին հպատակում իրեն։ Վերջապես նրա դժգույն շրթունքները բացվեցին և, առանց աչքերը հեռացնելու գետնից, նա անսպասելի հանգստությամբ կարողացավ արատասանել հետևյալ տեղ֊տեղ ընդհատված նախադասությունը.
Ես․․․ վճռեցի, որ մենք պետք է․․․ բաժանվենք միմյանցից․․․
Հարունյանի դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ։ Այդպես են լինում նրանք, որոնք լսում են իրենց մահու վճիռը։ Նա անզգայարար թեքվեց դեպի իշխանուհու դեմքն և կամաց առավ նրա ձեռքը. այդ ձեռքը սառն էր, որպես ձյուն։
Սո՛ֆիա․․․ շշնջաց նա մեղմ, քնքուշ, դողդոջուն ձայնով, որի մեջ պարզորեն լսվում էր նրա սրտի բոլոր տանջանքը։
Ես վճռել եմ, որ պետք է․․․ հեռանամ... առաջվա նման արտասանեց իշխանուհին։
Սո՛ֆիա... կրկնեց Հարունյանը։
Այս անգամ իշխանուհին կամաց բարձրացրեց գլուխը և նայեց նրա աչքերին։
Բայց իմ հեռանալուց հետո, երբ մենք այլևս երբեք չենք տեսնիլ միմյանց, դուք կմոռանա՞ք ինձ, ասաց նա։
Սո՛ֆիա, այս անգամ ծանր կերպով հառաչեց Հարունյանը։
Համոզված եմ, որ չեք մոռանալ, Հարունյան, շարունակեց իշխանուհին։ Համոզված եմ, որ ինձ միշտ կհիշեք... Եվ միակ երջանկությունը, որ ես պետք է տանեմ ինձ հետ, այդ կլինի... Ա՛խ, Հարունյա՛ն, Հարունյա՛ն, ինչու բախտը հանդիպեցրեց մեզ միմյանց, և եթե հանդիպեցրեց, ինչո՞ւ այսպիսի պայմանների մեջ... Սակայն մի կարծեք, թե ես անիծում եմ մեր հանդիպումն, ընդհակառակն ես ի սրտե օրհնում եմ այն րոպեն, երբ առաջին անգամ տեսա ձեզ, որովհետև այդ ժամանակ գտա մի մարդ, մի վեհ, մի առաքինի մարդ, որ հետո, շատ հետո յուր բարոյական անպարտելի ուժով կարողացավ բարոյական վերածնություն տալ ինձ մոլորված-ապականված հասարակության այս մոլորված և ապականված ծնունդիս... Թշվառ զոհի նման ես չեմ հեծեծում և չպետք է հեծեծամ այն հոգեկան տանջանքների տակ, որ բախտը ձեր միջոցով տվել է ինձ. ես օրհնում եմ այդ տանջանքները, ես սիրում եմ այդ տանջանքները, որովհետև դրանց մեջ ես գտնում եմ միայն ինձ հասկանալի հոգեկան մի տարօրինակ, բայց վսեմ քաղցրություն... Սիրտս, հոգիս, ամբողջ գոյությունս այս րոպեիս անասելի կերպով վշտում է, բայց ես երջանիկ եմ, որովհետև ձեզ մոտ եմ, տեսնում եմ ձեզ, խոսում եմ ձեզ հետ, և դուք հասկանում եք ինձ. հասկանում եք և կարեկից, մասնակից եք լինում իմ վիճակիս․․․ իսկ այդ շատ է, շատ-շատ է ինձ համար... այո՛, այդ բավական է, որ ես ինձ երջանիկ զգամ... ախր չէ՞ որ այս ահագին աշխարհիս մեջ առանց ձեզ ես մենակ կլինեի, մենակ, ինչպես մի ամայի անապատի մեջ․․․ Ա՜խ, եթե գիտենաք, թե ո՛րքան փոխվել եմ ես․․․ Բայց գիտե՞ք, թե ի՞նչ էի ես առաջ։ Ես ամուսին ունեի, համեստ, ազնիվ, առաքինի ամուսին, որ սիրում, պաշտում և նվիրված էր ինձ յուր բոլոր գոյությամբ, բայց ես... Ո՛չ, ո՛չ, Հարունյան, դուք այդ չպետք է գիտենաք... ես չեմ ուզում, որ ձեր աչքում ընկնեմ... ես չեմ ուզում, որ դուք ինձ վրա վատ գաղափար կազմեք.․․ միևնույն չէ՞, խո ես զղջում եմ, խո հեռանում եմ սխալ ճանապարհից, խո քավում եմ մեղքերս․․․ ուրեմն՝ ինչո՞ւ դուք պետք է դատապարտեք ինձ, ի՞նչ իրավունքով պետք է դատապարտե ինձ և հասարակությունը... Ես վատ կին չեմ, Հարունյան, աստված է վկա, ես վատ կին չեմ. բնությունը ստեղծել է ինձ լավ հատկություններով, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ սխալ դաստիարակությունն իմ այդ լավ հատկություններին վատ ուղղություն է տվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ հասարակությունն ինձ այսպես այլանդակել է... Եվ եթե ես վատ կին լինեի, մի՞թե դուք ինձ կսիրեիք, Հարունյան, մի՞թե ձեր ազնիվ, առաքինի սիրտը կկապեիք իմ սրտի հետ, եթե ես վատ կին լինեի... Ո՛չ, Հարունյան, ոչ, անշուշտ ձեր բնությունը հասկացել է ինձ, և այդ անչափ ուրախություն է պատճառում ինձ... Այս րոպեիս ես ընդունակ և պատրաստ եմ ամեն տեսակ վեհ, սրբազան գործ կատարելու, և ահա այժմս ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի հայտնեմ ձեզ, թե ամենայն հոժարությամբ ընդունում եմ կատարելու այն անձնազոհությունը, որ դուք խնդրում էիք ինձանից, որ դուք իբրև բարոյական պարտականություն դնում եք ինձ վրա. ես պետք է հեռանամ ձեզանից, պետք է հեռանամ... ընդմիշտ... և...
Նրա ձայնը դողաց, կտրվեց, աչքերը լցվեցան արտասուքով, նա շրջեց յուր դեմքը Հարունյանից։
Հարունյանը կարծես զրկվել էր ձայն հանելու ընդունակությունից։ Նա նստած էր անշարժ, միայն նայում և լսում էր նրան։ Այդ ժամանակ նրա վիշտն այնքա՜ն ծանր էր, որ նա գրեթե ոչինչ չէր զգում։
Երկար լռությունից հետո իշխանուհին գլուխը դեպի նա դարձրեց և տխուր, շատ տխուր հայացքով նայեց նրա աչքերին։
Ինչո՞ւ չեք խոսում, Հարունյան, հարցրեց նա մեղմ ձայնով։
Ի՞նչ ասեմ, մեքենայաբար, անզգա ձայնով արտասանեց Հարունյանը։
Իշխանուհու աչքերը սաստիկ չռվեցին։
Հարո՜ւնյան, կանչեց նա վախեցած, ես հեռանում եմ ձեզանից, մի՞թե դուք ինձ բարի ճանապարհ չեք մաղթիլ...
Մի ակնթարթում Հարունյանի անզգա դեմքը խորին վշտի, խորին տանջանքի արտահայտություն ընդունեց։
Սո՛ֆիա, արտասանեց նա ցավագին ձայնով։ Եթե այս րոպեիս այստեղ իմ առաջ մի սոսկալի անդունդ բացվեր, ես առանց մտածելու իսկույն կընկնեի նրա մեջ, որպեսզի միանգամից վերջ դրվեր իմ այսքան անտանելի տանջանքներին...
Իշխանուհու հայացքն այս անգամ ընդունեց մեղմ, քնքուշ, անհուն սիրո և կարեկցության արտահայտություն։ Նա առավ Հարունյանի ձեռքերն և ջերմագին սեղմելով նրանց, հազիվ լսելի ձայնով շշնջաց․
Ես հասկանում եմ քեզ, Ստեփաննոս, դու դժվարանում ես ինձ բարի ճանապարհ մաղթելու, բայց ո՞րքան պետք է դժվարանամ ես ասելու քեզ՝ մնացի՛ր բարև․․․
Նրա ձայնը դարձյալ դողաց, կտրվեց, բայց այս անգամ նա չկարողացավ իրեն զսպել․ դառն արտասուքը հանկարծ դուրս ցայտեց աչքերից։ Նա իսկույն հանեց թաշկինակը և ամուր սեղմեց աչքերին։ Սակայն, շուտով հանգստացավ, շտապով սրբեց աչքերն և վեր կացավ տեղից։
Գնանք, Հարունյան, ասաց նա նայելով շուրջը։
Այս մեր վերջին առանձնակի տեսակցությունն է, բայց ես հույս ունիմ, որ Նունեի հետ դուք այսօր դարձյալ կայցելեք ինձ․․․ Ես գուցե երկու օրից, մի օրից հետո հեռանամ այստեղից․․․