Nar-Dos

Բարերար և որդեգիր

ԺԳ, ԺԴ
ԺԴ

Աղա Գրիգոր Մոսեիչը, յուր ընտանիքը դուրս անելուց հետո, իրեն բոլորովին հանգիստ էր զգում նա այլևս ոչ ոքից երկյուղ չուներ թունավորվելու։ Միայն երբեմն-երբեմն նրան տիրում էր մի տեսակ երկյուղ, երբ մտածում էր, որ ինքն այլևս տեր չէ յուր կարողության, յուր հարստության, և Բարսեղն ամեն րոպե համարձակ կարող է նրան վռնդել տնից, առանց մի կոպեկ անգամ տալու նրան։ Այդ երկյուղը հատուկ է յուրաքանչյուր մարդու, որ առանց մտածելու մի որևիցե գործ բռնելուց հետո, սկսում է փոքր առ փոքր ուշքի գալ։ Աղա Գրիգոր Մոսեիչն ակամայից անձնատուր էր լինում այդ մտածությանը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է պատահում իրեն. միայն նա զգում էր, որ սիրտը սաստիկ ծանրանում էր, աչքերը մթնում էին և թեթև կերպով սկսում էր դողալ... Հանկարծ վեր էր թռչում տեղից և սկսում էր ինքն յուր վերա ծիծաղել, որ այդպիսի հիմար մտքերին անձնատուր էր լինում։ Նա սկսում էր հավատացնել իրեն, որ Բարսեղն ավելի շուտ ինքնասպանություն կգործե, քան մի այդպիսի գործ կբռնե։ Եվ նա իրեն սիրտ տալու համար սկսում էր ետ ու առաջ քայլել սենյակում և ուրախ երգեր եղանակել մի բան, որ նա շատ քիչ էր արած յուր ծերության հասակում։ Նա ստեպ֊ստեպ կանչում էր յուր մոտ Բարսեղին, երկար ժամանակ նստում էր նրա հետ, սկսում էր խոսել, կատակներ անել, ծիծաղել և առաջվանից ավելի քաղցր վարմունք ցույց տալ նրան, որպեսզի հավաստիանա, որ նրա մասին տածած հույսերը, խաբուսիկ չեն։ Բարսեղը տակավին նրա մոտ իրեն պահում էր առաջվա նման և ոչ մի բանով չէր մատնում իրեն։ Աղա Գրիգոր Մոսեիչն այդ տեսնում էր, և նրա սիրտը բոլորովին թեթևանում էր։

Այդպես անցան շաբաթներ։

Գիշեր էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը՝ նստած յուր բազկաթոռի մեջ սպասում է Բարսեղին, որ նա գա, միասին թեյ խմեն։ Բայց վերջինս ուշանում էր։ Սովորական ժամանակից անցավ ամբողջ մի երկու ժամ, և տակավին Բարսեղը չկար։ «Ի՞նչ է նշանակում այս, մտածում էր աղա Գրիգոր Մոսեիչը, այս ժամանակ վաղուց փակած պիտի լինին մագազինը... իսկ առանց ինձ իմաց տալու նա երբեք ոչ մի տեղ չի գնալ... ինչի՞ նա այսպես ուշանում է»...

Նա մի քանի անգամ մտավ նրա սենյակը, կարծելով թե նա եկել է և մի որևիցե բանի պատճառով չէ մտել յուր մոտ։ Բայց ոչ մի անգամն էլ Բարսեղը չկար։ Համբերությունից դուրս գալով նա ծառային ուղարկեց մագազին, տեսնելու՝ փա՞կ է, թե բաց, թեև հավատացած էր, որ այդ ժամանակ անպատճառ փակ պիտի լիներ։ Ծառան վերադարձավ և ասաց, որ փակ է։ Աղա Գրիգոր Մոսեիչը չէր հասկանում, թե ինչ է պատահում իրեն, մի ինչ֊որ վատ նախազգացություն ճմլում էր նրա սիրտը, և որքան ուշանում էր Բարսեղը, այնքան նրա դրությունը վատանում էր։

Վերջապես երկար տանջող ակնկալությունից հետո սենյակի դուռը բացվեցավ, և ներս մտավ Բարսեղը։

Աղա Գրիգոր Մոսեիչը սաստիկ ուրախացավ, երեխայի նման վազելով նրա առաջ կանչեց.

Օ՜հ, Բարսեղ, վերջապես եկա՞ր․․․ Այդ խոսքերի հետ նա ուզեց նրան գրկել, բայց Բարսեղը սառնությամբ հրեց նրան մի կողմը։

Խնդրեմ, ասաց նա հպարտ, սուր հայացք ձգելով յուր «բարերարի» վերա։ Այլևս չհամարձակվեք...

Աղա Գրիգոր Մոսեիչը մի քանի քայլ ետ ու ետ գնաց։ Կարծես, նրա առաջ բացվեցավ մի սոսկալի անդունդ։ Նա նկատելի կերպով սկսեց դողալ և առանց մի շշնջյուն անգամ հանելու, չռած աչքերով միայն նայում էր յուր «որդեգրի» դեմքին։

Այսուհետև ես ձեզ այլևս չեմ ճանաչում, նույն կերպով շարունակեց Բարսեղը։ Եվ դուք վաղն ևեթ պիտի հեռանաք այս տնից. այս տունն իմն է։

Նա գնաց մինչև դուռը, շուռ եկավ և ավելացրեց։

Լսո՞ւմ եք, վաղը. վաղն այլևս չտեսնեմ ձեզ այս տանը... իսկ մինչև վաղը կարող եք մնալ այստեղ։

Եվ նա գոռոզությամբ դուրս գնաց։

Աղա Գրիգոր Մոսեիչը մնաց այնպես, ինչպես որ կար։ Եթե մինը կամենար մի արձան կերտել, որ ներկայացնելիս լիներ, եթե կարելի է այսպես ասել մի սոսկալի անսպասելիություն, ապա աղա Գրիգոր Մոսեիչը յուր այդ դրությամբ կարող էր կենդանի և ամենաճիշտ օրինակի տեղ ծառայել։

Երկար ժամանակ նա կանգնած էր անշարժ... Ի՞նչ էր կատարվում նրա ներսը, դժվար չէր գուշակել... վերջապես նա աչքերը անորոշ հայացքով շրջեց այս և այն կողմը և հանկարծ երկու ձեռքով ամուր բռնեց գլուխը։ Մի քանի վայրկյան այդպես մնալուց հետո նա օրորվեց և մի խուլ մռնչյուն արձակելով հանկարծ գետին տապալվեցավ։

Մյուս օրն առավոտյան բժիշկներ եկան, քննեցին և գտան, որ աղա Գրիգոր Մոսեիչը մեռել է կաթվածով։

-----

Նրա թաղման հանդեսին ներկա էին «որդեգիրը», կինը, տղան, աղջիկը և Սմբատը։ Ներկա էր և հետաքրքիր ամբոխի մի ահագին բազմություն, որ ճանաչելով աղա Գրիգոր Մոսեիչին և նրա գործերը, ամեն կողմից շտապել էր տեսնելու այդ, յուր տեսակի մեջ նշանավոր մարդուն։ Ոչ ոք չգիտեր նրա հանկարծահաս մահվան ուղիղ պատճառը, բայց ամենքը գիտեին, որ յուր բոլոր կարողությունը հաստատել է յուր «որդեգրի» վրա, իսկ կնոջն ու զավակներին դառ ու դատարկ վռնդել էր տնից։ Եվ այդ պատճառով գուցե ոչ մի բարեգործ մարդ այնքան օրհնանք չէր տարել յուր հետ գերեզման, որքան աղա Գրիգոր Մոսեիչը անեծք և հայհոյանք։

ԺԴ

Ամուսնու վռնդելուց հետո, տ. Գայանեն յուր երկու որդոց հեա ապրում էր Սմբատի տանը։ Այդ հանգամանքը սաստիկ ազդել էր նրա զգայուն սրտի վերա։ Որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր ամուսնական ողջ կյանքում անչափ անգութ և ստոր կերպով էր վարվում նրա հետ, ի վերջո խլելով նրանից և նրա զավակներից նրանց պատկանելիք օրինական ժառանգությունը, կտակում էր ուրիշին այդ նա դեռ կարողանում էր տանել, բայց որ այժմ տեսնում է, որ ինքը յուր երկու որդոց հետ ամենաանարգ կերպով վռնդված է յուր տնից և ապաստան է գտնում ուրիշի տանը այդ բանի հետ նրա հպարտ ու զգայուն սիրտը չէր ուզում հաշտվել... Շատ անգամ այդ բանի մասին մտածելիս նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես հանկարծ արտասուքը սկսում էր խեղդել նրան, բայց նա իսկույն զսպում էր իրեն և ջանում էլ չլալ։ Սակայն այդ առաջին օրերումն էր միայն այդպես, իսկ այնուհետև նա փոքր առ փոքր սկսեց հաշտվել յուր դրության հետ։ Մինչև անգամ նա սկսեց մի տեսակ թեթևություն զգալ յուր սրտի մեջ, երբ մտածում էր, որ արդեն ընդմիշտ ազատված է այն մարդուց, որ առանց թույնի թունավորել էր նրա ողջ կյանքը։

Աղա Գրիգոր Մոսեիչի մահից երկու-երեք ամիս հետո, ամենահամեստ կերպով ամուսնացան Իսկուհին և Սմբատը, որոնք վաղուց սիրելիս են եղել միմյանց։ Յուր աղջկա այդ բախտավորությունը բոլորովին թեթևացրեց տ. Գայանեի սիրտը, որ առաջին անգամ, ազատ ամեն տեսակ ծանր հոգսերից, երջանիկ կերպով բաբախեց...

-----

Ամուսնացան նույնպես Բարսեղը և Օլյան։ Արդյոք ո՞րն ավելի հասավ յուր նպատակին... Բարսե՞ղը, թե Օլյան՝ յուր մայր Դարիա Կիրիլովնայի հետ...

Պսակի հենց երկրորդ օրը Բարսեղի մեջ ծնվեց մի տեսակ հակազգացում դեպի յուր կինը, երբ առաջին անգամ տեսավ նրա դեմքը առանց կարմիր ու սպիտակ դեղերի։ Օլյան նրան երբեք այնպես մեծ, անճոռնի և տգեղ չէր երևացել, ինչպես այդ օրը առավոտյան. զանազան դեղերի գործածությունը կորցրել էր նրա, առանց այն էլ տգեղ դեմքի մորթի քնքշությունը, և մի տեսակ կնճիռների ակոս էր գցել այտերի և ճակատի վերա... Երրորդ օրն այդ զզվանքը կրկնապատկվեցավ... Նրա աչքերը, կարծես, նոր էին սկսում բացվել և խելքը գլուխը գալ. նա տեսնում էր, թե որքան անմիտ քայլ է արել ինքը՝ պսակվելով մի այդպիսի աղջկա հետ, որը, մարմնական տգեղությունը մի կողմ թողած, ոչինչ գրավիչ բան չուներ նույնիսկ որևիցե ներքին հատկությունների կողմից... Մի երկու տարի ևս անցներ, այդ աղջիկը կպառավեր. ինչպե՞ս պիտի ապրեր նա պառավ կնոջ հետ. չէ՞ որ նա դեռ շատ երիտասարդ էր, այնքան երիտասարդ, որ մինչև անգամ ժամանակ չէր նրան ամուսնանալու, ո՞ւր մնաց պառավ կին ունենալու... Եվ ի՞նչ կյանք պիտի լիներ յուր կյանքը մի այդպիսի կնոջ հետ, որից դեռ մեղրամիսի հենց ամենաառաջին օրերից զզվում էր, մինչև անգամ չէր ուզում երեսը տեսնել... Որքան նա շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի հիասթափվում էր, ինչպես մի արբած մարդ, որ հետզհետե ուշքի գալով, տեսնում է, որ յուր բոլոր փողերը հանել են գրպանից։

Մի քանի օր էր անցել հարսանիքից։ Առավոտ էր։ Բարսեղը փակված էր այն սենյակում, որ մի ժամանակ աղա Գրիգոր Մոսեիչի առանձնասենյակն էր։ Փափուկ գորգերի վերա նա քայլում էր մի անկյունից դեպի մյուս անկյուն: Անհանգիստ և վատ մտքերը խռնվում էին նրա գլխում։ Նա դարձյալ մտածում էր յուր դրության մասին, անորոշ մտքերը խռովում էին նրան։

«Ի՞նչ արեցի ես, ի՞նչ արեցի, խոսում էր նա ինքն իրեն։ Մատաղ, ծաղկափթիթ կյանքը կապել մի պառավ և բավական չէ այդ մի սարսափելի տգեղ աղջկա հետ, որին յուրաքանչյուր անգամ տեսնելիս զզվանք է պատճառում մարդու, որի գգվանքների, գրկախառնության, համբույրների ժամանակ զգում ես, թե գարշելի, լպրծուն գորտեր և օձեր են սողում մարմնիդ վերայով փոխանակ այն թովիչ երջանկության, քաղցրության, որ մարդ պետք է զգա այդպիսի ժամանակներում... Վա՛հ, այս երա՞զ է, թե իրականություն... Ես այդ աղջկա մեջ ի՞նչ գտա, որ հավանեցի, որ ինձ կին առա... Ո՞ւր էր խելքս, խոհականությունս, վերջապես աչքեր չունեի՞, չէի՞ տեսնում, որ այդ աղջիկն ամենաանճոռնին էր... Թե՞ նրանք ինձ կախարդեցին... մի՞թե աղա Գրիգոր Մոսեիչի կարողությունը նրա համար ձեռք բերի, որ այժմ այսպես ես մի րոպե անգամ հանգստություն չունենամ... Մի՞թե վատ կյանք էի վարում. մի՞թե դրությունս լավ չէր այն ժամանակ, երբ ես ապրում էի աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, երբ ստանում էի նրանից շաբաթական հիսուն ռուբլի անպակաս ռոճիկը և ապրում էի ինձ համար արքայի նման, ապրում էի բոլորովին հանգիստ և ազատ ամեն հոգսերից... Իսկ ա՞յժմ... Օ՜հ, ես չեմ կարող դիմանալ, ես այլևս չեմ կարող ապրել այդ աղջկա հետ, և կբաժանվեմ, անպատճառ կբաժանվեմ դրանից... Երիտասարդ լինեմ, այսքան հարստության տեր լինեմ և այսպիսի անհանգիստ, դառն կյա՞նք վարեմ... Երբե՛ք, երբե՛ք, ես ուզում եմ երջանիկ ապրել, երջանի՛կ...»։ Եվ հանկարծ Բարսեղը շանթահար կանգնեց սենյակի մեջ. «Երջանի՞կ», հարցրեց նա ինքն իրեն, և կրկին խորասուզվելով յուր մտքերի մեջ, աչքերը հառած գետնին, կարծես նա մի ինչ-որ աշխատում էր նորոգել յուր հիշողության մեջ... «Անմի՛տ», գոչեց նա վերջապես ձեռքով ուժգին ճակատին խփելով. «Բայց ինչո՞վ կարող եմ ես երջանիկ լինել, մի՞թե իմն է այս տունը, մագազինը... մի՞թե ես ևս նույնպիսի աղքատ չեմ, ինչպես յուրաքանչյուր մուրացկան... ա՜հ, անիծյալ կին... Ես այժմ հասկանում եմ ամեն բան»։ Բարսեղը թուլացած վեր ընկավ բազկաթոռի վերա, կայծակի արագությամբ մի վայրկյանում նրա աչքերի առաջից անցավ յուր ամբողջ կյանքը. ահա հայրը, մայրը... քարվանսարան... Սարգիսը... աղա Գրիգոր Մոսեիչը... Դարիա Կիրիլովնան... և վերջապես աղա Գրիգոր Մոսեիչի մահը և... դողը անցավ նրա մարմնով, սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Նա դեռ երբեք չէր մտածել, որ ինքը մարդասպան էր... «Ես կուրացա շատ հարստանալու փափագով... ինձ ստիպեցին այդ օրհասական քայլը անելու... ես կողոպտեցի նրան․ և ինչի՞ համար այս ամենը․․․ Դարիա Կիրիլովնայի համար։ Ո՞ւր է հարստությունը գոնե․․․ Մի՞թե իմ տված պարտամուրհակներով Դարիա Կիրիլովնայի ձեռքը չմատնեցի ինձ և բոլոր իմ հարստությունս»․..

Այդ միջոցին ներս մտավ ծառան և հայտնեց, որ մի մարդ ուզում է նրան տեսնել։ Բարսեղը իսկույն չհասկացավ բանի էությունը, և երբ ծառան կրկնեց, միայն այն ժամանակ, նա առանց հարցնելու, թե ով է այդ մարդը, հրամայեց ծառային, որ ներս հրավիրե նրան։ Ծառան դուրս գնաց, և ներս մտավ Սարգիսը, բայց ոչ առաջվա Սարգիսը, այլ մի նոր Սարգիս, որը գլխարկից սկսած մինչև կոշիկները փոխված և կոկված էր, իհարկե, շնորհիվ այն ամենակարող հազար ոուբլու, որով, յուր խոստման համաձայն, վարձատրել էր նրան նրա ծառայության համար աղա Գրիգոր Մոսեիչի «որդեգիրը»։

Հը՛, ինչ կա, որ այսպես առավոտ֊առավոտ վազել ես ինձ մոտ, նրա մտնելուն պես բավական կոպտությամբ հարցրեց Բարսեղը, որ բոլորովին չէր սպասում նրան։

Սարգիսը նայեց նրա սփրթնած դեմքին և կիտած հոնքերին և պատասխանելու փոխարեն հարցրեց։

Ինչ է պատահել ձեզ, Վասիլի Պետրովիչ (նա Բարսեղին այժմ այդպես էր մեծարում)։

Ինչ որ պատահել է՝ այդ քո գործը չէ, անհամբերությամբ կանչեց Բարսեղը։ Ասա՛, ինչի՞ համար ես եկել...

Ես եկել եմ ձեզ մի շատ ուրախալի լուր հաղորդելու, Վասիլի Պետրովիչ...

Ուրախալի լո՞ւր․․․ ի՞նչ լուր։

Ի՞նչ կտաք, որ հայտնեմ։

Ինչ լուր, այս անգամ գրեթե գոռաց Բարսեղը։

Ձեր մորը գտել եմ․․․

Այդ լուրը բոլորովին այն ազդեցությունը չունեցավ Բարսեղի վերա, ինչ որ, գուցե, երևակայում էր Սարգիսը:

Բարսեղը սկզբում շատ զարմացավ, հետո մթագնեց և առավել ես կիտելով հոնքերը ասաց խուլ ձայնով։

Ի՞նչ մայր, ի՞նչ ես դուրս տալիս...

Արևս վկա, ճիշտ եմ ասում, Վասիլի Պետրովիչ։ Ձեր մի քույրն էլ հետն է: Նրանք ապրում են հենց իմ հարևան տանը. ահա չորս-հինգ ամիս է, ինչ նրանք ապրում են այնտեղ, բայց ես չգիտեի և ինչպե՞ս կարող էի գիտենալ, թե ովքեր են նրանք: Երեկ երեկոյան միայն հետաքրքրվեցի այդ բանով և հարցուփորձ անելով իմացա, որ նրանք ձեր մայրն ու քույրն են եղել... Երևակայեցեք զարմանքս... Մայրդ լաց լինելով պատմում էր, թե ինչպես մի օր առավոտյան դուք հանկարծ կորել եք, թե ինչպես նա իսկույն սկսել է փնտրել ձեզ ամեն տեղ, ոստիկանության իմացում է տվել, բայց ոչ մի տեղ ձեզ չեն կարողացել գտնել... Նա պատմում էր նույնպես, թե ինչպես երկար տանջվելուց հետո այլևս չէ կարողացել համբերել և յուր աղջիկների հետ մի կերպ եկել է այս քաղաքը, հույս ունենալով, որ ձեզ կգտնի այստեղ, որովհետև սկզբում դուք թախանձելիս եք եղել նրան, որ նա ձեզ թույլ տա այստեղ գալու, բայց նա համաձայնելիս չէ եղել, իսկ ձեր կորստից նա եզրակացրել է, որ դուք անպատճառ այստեղ կլինեք փախած... Պատմում էր նույնպես, որ այստեղ էլ երկար փնտրելով և չկարողանալով ձեզ գտնել, նա ամեն հույս կտրել է և այլևս չէ կարողացել վերադառնալ հայրենի քաղաքը, մանավանդ, որ այստեղ մեռել է ձեր երկու քույրերից մեկը... Նա այստեղ ապրում է լվացարարությամբ, և մինչև այժմ սաստիկ հիվանդ է եղել, նոր է առողջացել... Բայց որ իմանայիք, թե այդ ամենը պատմելիս խեղճն ինչպե՜ս էր լալիս...

Բայց նրան դեռ խո չե՞ս ասել իմ մասին, կարծես նոր ուշքի գալով, հանկարծ հարցրեց Բարսեղը, որ արդեն իմացավ, թե մի գիշեր Սարգսի խրճիթի պատի ծակից հարևան խրճիթում յուր տեսած հիվանդ կինն և նրա մոտ նստած աղջիկն յուր մայրն ու քույրն են եղել։

Ոչ, այդ մասին ես ոչ մի խոսք չեմ արտասանել, պատասխանեց Սարգիսը, որովհետև առաջինը ես հիմար չեմ, երկրորդը՝ մտածում էի գուցե դուք այլևս չեք ուզում ձեր մորն ու քրոջը և իզուր, հայտնելով նրանց ձեր տեղը, պատճառ պիտի դառնայի նրանց ավելի տանջվելուն և, ո՞վ գիտե, ուրիշ ինչե՛ր չպատահեին այդ ժամանակ... Ես ավելի լավ համարեցի նախ գալ ձեզ մոտ, հայտնել ձեզ այդ բանը և տեսնել դուք ինչ եք ասում, արդյոք ուզո՞ւմ եք ձեր մորն ու քրոջը, թե ոչ։

Բարսեղը դեռ մի րոպե լուռ է, ըստ երևույթին, մի ինչ-որ մտածելով նայեց նրա արաբական դեմքին, հետո հանկարծ ցույց տալով դուռը ասաց.

Հեռացի՜ր գլխիցս. ես ո՛չ մայր եմ ճանաչում և ո՛չ քույր...

Սարգիսը մնաց անշարժ նրա աչքերին նայելով։

Քեզ ասում եմ՝ հեռացի՛ր, այս անգամ կանչեց Բարսեղը։

Բայց...

Առանց «բայցի».. հեռացիր գնա՛...

Չե՞ք ուզում ձեր մորն ու քրոջը...

Ո՛չ, ո՛չ, կորի՛ր այստեղից, համբերությունից բոլորովին դուրս գալով աղաղակեց Բարսեղը։

Սարգիսն այլևս առանց մի ծպտուն հանելու դուրս գնաց։

Նույն րոպեին բացվեցավ հարևան սենյակի դուռը, և ներս մտավ Օլյան։ Նա հագած ուներ տնային սպիտակ հանդերձ, իսկ շեկ, անփայլ մազերը խճճված թափված էին ուսերի վերա։ Քնեած աչքերից երևում էր, որ նա նոր էր բարեհաճել զարթնելու և ոչ միայն տակավին դեմքը չէր ներկել գեղադեղերով, այլև մինչև անգամ չէր լվացվել, և այդ պատճառով նրա տգեղությունն յուր մերկությամբ երևան էր լինում նրա ահագին դեմքի վերա։

Բարսեղը նրան տեսնելուն պես զզվանքով դեմքը շրջեց և մոտեցավ լուսամուտին։

Վա՛սյա, ինչո՞ւ դու այնպես գոռում էիր, յուր շինծու բարակ ձայնով հարցրեց Օլյան, մոտենալով նրան։ Քո ձայնը ննջարանում լսվում էր... Ո՞վ կար քեզ մոտ... դու բարկացած ես երևում... Վա՜սյա, Վասյա, ի՞նչ է պատահել քեզ, հըա՞...

Վերջին խոսքերի հետ նա փաղաքշանքով գրկեց Բարսեղին։

Վերջինս այլևս չկարողացավ համբերել։

Օ, օ՜հ, ի՞նչ պիտի պատահի, կանչեց նա և գրեթե կոպտությամբ դուրս խլվելով նրա գրկից, սկսեց քայլել սենյակում։

Օլյան մնաց սառած։ Նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել և միայն քարացածի նման նայում էր յուր ամուսնու դեմքին։

Վա՜սյա, վերջապես կանչեց նա մի քանի քայլ անելով դեպի նա և նրա ձայնը դողաց, ինչպես այդ պատահում է ամենաքնքուշ արարածներին, երբ նրանց սիրտը վիրավորում են։

Բարսեղը, կարծես, չէր լսում. նա շարունակում էր քայլել ետ ու առաջ։

Վա՛սյա, Վա՛սյա, ավելի ձայնը դողացնելով կանչեց դարձյալ Օլյան։

Հը՛ ի՞նչ է, «Վա՛սյա, Վա՛սյա», կանչեց Բարսեղը, հանկարծ կանգ առնելով նրա առաջ և նայելով նրա աչքերի մեջ։ Ի՞նչ կա, ի՞նչ ես ուզում...

Վա՛սյա, այս անգամ շշնջաց Օլյան և բոլորովին զարմացած ետ ու ետ գնաց։

Մի անգամ էլ ասա «Վասյա», այդ քիչ էր... Ես քեզ հետ այլևս գործ չունեմ... ես քեզ չեմ սիրում, հասկացա՞ր, թե չէ... ես քեզանից զզվում եմ...

Եվ Բարսեղը նորից սկսեց քայլել ետ ու առաջ։

Օլյայի գլխին կարծես սառը ջուր ածեցին։ Նա մնաց այնպես, ինչպես որ կար, հետո հանկարծ բարձրաձայն հեկեկաց և դուրս վազեց սենյակից։

Չանցավ երկու-երեք րոպե, երբ մյուս սենյակից իրեն հատուկ ծանր քայլերով ներս մտավ Դարիա Կիրիլովնան, որին հետևում էր Օլյան դարձյալ հեկեկալով։ Բարսեղը յուր զոքանչին տեսնելուն պես ինքն էլ չհասկացավ, թե ինչու դողն անցավ յուր բոլոր անդամներով, և նա ակամայից կանգ առավ սենյակի մեջտեղում։

Դարիա Կիրիլովնան մի տեսակ գոռոզ հայացքով սկսեց նայել նրա աչքերին և ցույց տալով նրան յուր ձեռքում բռնած ինչ-որ թղթեր, ասաց հպարտությամբ.

Վասիլի՛ Պետրովիչ, դուք մոռացե՞լ եք այս թղթերը...

Բարսեղը ճանաչեց այդ թղթերը. դրանք այն պարտամուրհակներն էին, որ նա տվել էր այդ կնոջը...

Նա մնաց քարացած։

Be the first who will comment on this

Other parts of "Բարերար և որդեգիր"

Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Sad return (nobody is waiting)
Sad return (nobody is waiting)
Play Online