Nar-Dos

Բարերար և որդեգիր

Թ, Ժ
Թ

Ժամը մեկուկեսն էր, երբ Բարսեղը վերադարձավ աղա Գրիգոր Մոսեիչի մոտ։ Նա սաստիկ ուրախ էր, բայց ամեն կերպ աշխատում էր ծածկել այդ ուրախությունը յուր «բարերարից», որպեսզի դուրս եկած չլինի յուր սովորական լուրջ-խոնարհ դրությունից, ինչպես նա միշտ ցույց էր տալիս իրեն վերջինիս մոտ, և դրանով ոչինչ կասկած չզարթնեցնե նրա մեջ։

Ժամը երեքին նրանք ճաշ կերան։ Աղա Գրիգոր Մոսեիչը միշտ ճաշում էր յուր «որդեգրի» հետ միասին մի սեղանի վերա։ Ճաշելուց հետո «որդեգիրը» թույլտվություն խնդրեց «բարերարից» դուրս գնալ փոքր-ինչ զբոսնելու, որ և անհապաղ ստացավ։ Ուրիշ անգամ, քանի որ դեռ չէր ծերացել, աղա Գրիգոր Մոսեիչը, ճաշից հետո յուր սեփական կառքով ինքն էլ էր գնում զբոսանքի, բայց այժմ, երբ նա արդեն մոտ էր վաթսուն տարուն, այլևս չէր գնում զբոսանքի, մինչև անգամ տնից քիչ էր դուրս գալիս և այն էլ գնում էր մագազին։ Նա չէր հաճախում և ուրիշ ոչ մի զվարճության տեղ...

Դուրս գալով տնից, Բարսեղը չգիտեր ուր գնար և ինչպես սպաներ ժամանակը, մինչև որ լսեր, թե ինչպես պիտի վերջանա յուր այդ օրվա բռնած գործը, որի վերա միայն կենտրոնացրել էր յուր բոլոր ուշքն ու միտքը։ Նա նստեց մի կառք և քշել տվեց դեպի Մուշտայիդ։ Այնտեղ պատահեց Բախշոյին, հրավիրեց նրան գարեջրի և երկար ժամանակ նրա հետ կառքով զբոսնելուց հետո վերջապես սաստիկ անհամբերությամբ վերադարձավ տուն։ Դուռը բացող շվեյցարին հարցրեց, թե արդյոք յուր դուրս գնալուց հետո ոչ ոք խո չի՞ մտել աղայի մոտ։ Շվեյցարը պատասխանեց, որ մի մարդ է մտել և տակավին չէ դուրս եկել։

Ինչպիսի՞ մարդ էր, անհամբերությամբ հարցրեց Բարսեղը, որի սիրտն սկսել էր սաստիկ թրթռալ։

Չգիտեմ, մի ինչ-որ սև մարդ էր, կեղտոտ, աղքատ շորերով, պատասխանեց շվեյցարը։

Բարսեղին այլևս ոչինչ հարկավոր չէր հարցնել։ Նա շտապով բարձրացավ վեր և ներս մտավ յուր գեղեցիկ սենյակը։

«Նա է Սարգիսը... և այժմ խոսում են այնտեղ, խոսում էր նա ինքն մի անկյունից մյուս անկյունը քայլելով։ Օ՜, եթե այս գործը հաջողվեց, այն ժամանակ, հը՛, այն ժամանակ»..․

Նա ժպտաց և նստեց աթոռի վերա՝ սեղանի մոտ։ Մի քանի րոպե մտախոհ նա մնաց անշարժ նստած տեղում և աչքերը հառած մի կետի վերա, հետո վեր կացավ և դարձյալ սկսեց քայլել։ Անհամբերությունից նա չգիտեր ինչ աներ։ Շուտ֊շուտ մոտենում էր կիսաբաց դռանը և նախասենյակը ու ականջ էր դնում, թե Սարգիսը խո չէ՞ դուրս գալիս աղա Գրիգոր Մոսեիչի մոտից։ Նախասենյակից երկար ժամանակ ոչինչ չէր լսվում, մինչև որ, վերջապես, լսվեցան ինչ֊որ կոպիտ քայլերի ձայներ, որոնց Բարսեղը վերագրեց «շատ լավ մարդու» ոտներին։ Ուրեմն նա արդեն վերջացրել էր յուր փաստաբանությունը և տուն էր գնում։ Բարսեղը կիսաբաց դռնից գլուխը կամաց դուրս տարավ և շնորհիվ նոր վառած լամպարի որովհետև մութն արդեն ընկել էր տեսավ, որ իրավ այն Սարգիսն էր, որ սանդուղքներով իջնում էր։ Նա գլուխը դարձյալ ներս քաշեց։

«Այժմ պետք է մտնել աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, ասաց նա ինքն իրեն։ Բայց ոչ, փոքր-ինչ սպասեմ, հետո»...

Մի կերպ մի քանի րոպե էլ սպասելով, վերջապես նա դուրս եկավ և գնաց դեպի Գրիգոր Մոսեիչի սենյակները։

Մտնելով առանձնասենյակը, տեսավ վերջինիս նստած բազկաթոռի վերա։ Խորին և վատ մտածմունքները, ըստ երևույթին, պաշարել էին նրան, նրա դեմքը գունատ էր և սաստիկ խոժոռված էր, որից և երևում էր, որ փոքր-ինչ առաջ նա վերին աստիճանի կատաղել էր։ Նա չլսեց Բարսեղի մտնելը, բայց երբ վերջինս նրան բարի երեկո մաղթեց, նա հանկարծ գլուխը բարձրացրեց և նայեց նրա դեմքին։ Նա ոչ մի խոսք չարտասանեց։

Ի՞նչ է պատահել ձեզ, աղա Գրիգոր Մոսեիչ, իրեն զարմացած ձևացնելով, հարցրեց Բարսեղը, որի սիրտը նրան այդ դրության մեջ տեսնելուն պես՝ ուրիշ կերպ էր սկսել տրոփել։

Ոչինչ, մեքենայաբար պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը և, վեր կենալով տեղից, մտազբաղ սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Լամպարի լույսն ուղղակի ընկնում էր նրա դեմքի վերա, և նրա լույսից նրա աչքերը մի տեսակ պլպլում էին։

Բարսեղի դրությունը հետզհետե վատանում էր։ Նա զգում էր, որ անհամբերությունն ուզում է իրեն մատնել։

Դուք հիվա՞նդ եք, աղա Գրիգոր Մոսեիչ, վերջապես հարցրեց նա դարձյալ։

Ո՜չ... ինձ հանգիստ թող, նույնությամբ պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, առանց նայելու նրան և շարունակելով ետ ու առաջ քայլել։

Այդ առաջին անգամն էր, որ նա մի այդպիսի չոր պատասխան էր տալիս յուր «որդեգրին»։

Բարսեղը դուրս եկավ նրա սենյակից և ինքն էլ չիմացավ, թե ինչպես տասը րոպեից հետո հասավ յուր փաստաբանի խրճիթը և ծեծեց դուռը, որն իսկույն ինքն իրեն ճռճռալով բացվեցավ։ Նա շտապով մտավ ներս։ Այնտեղ սաստիկ մութն էր, որովհետև ճրագ չկար վառած։

Սարգի՛ս, կանչեց նա։

Ձայն չկար։

Սարգի՛ս, կրկնեց նա։

Դարձյալ լռություն։

«Ո՞ւր է կորել անպիտանը, ասաց նա ինքն իրեն։ Երևի դեռ չէ եկել... Բայց ինչի՞ դուռը բաց է... գնա՞մ... ո՞ւր... Ո՛չ, պետք է սպասեմ»...

Խարխափելով մթության մեջ, նա գտավ աթոռը և նստեց։ Ի՞նչ էր պատահում իրեն, նա ինքն էլ չգիտեր, միայն նրա ուղեղը զբաղված էր մի անորոշ, մութ մտքով, և սիրտը զարկում էր մի անհամբեր ցանկությամբ, թե արդյոք ի՞նչ վախճան ունեցավ Սարգսի խոսակցությունը աղա Գրիգոր Մոսեիչի հետ։ Ժամանակն անտանելի կերպով դանդաղ էր անցնում։ Դրսից ամեն շշուկ լսելուն պես՝ նա շունչն իրեն քաշում և ականջ էր դնում, թե Սարգիսը խո չէ՞ գալիս։ Սարգիս չկար։

Խրճիթի կատարյալ մթության մեջ պատերից մինի վերա հանկարծ նա մի ինչ-որ փոքրիկ, աղոտ լույս նշմարեց։ Սկզբում նա չիմացավ, թե այդ լույսը որտեղից է, բայց հետո, լավ նայելով տեսավ, որ նա երևում է պատի մեջ գտնված ծակից. ուրեմն հարևան տանը ճրագ էր վառած։ Նրա հետաքրքրությունը շարժվեցավ և որովհետև Սարգսին երկար սպասելուց արդեն թե՛ ձանձրացել և թե՛ համբերությունից դուրս էր եկել, նա ավելորդ չհամարեց իմանալ, թե ովքեր են հարևան տան բնակիչները, եթե միայն կային այնտեղ բնակիչներ, որովհետև այնտեղից ոչ մի ձայն չէր լսվում։ Նա վեր կացավ, վերցրեց աթոռը, կամաց֊կամաց տարավ, դրեց պատի տակ, որի ծակից երևում էր լույսը և կանգնեց վերան, որովհետև ծակը բարձր էր և առաստաղից փոքր-ինչ ցած։ Նա ձախ աչքը մոտեցրեց ծակին և ներս նայելով տեսավ հետևյալը։

Ճրագը, որն, ըստ երևույթին, դրված էր գետնին և որին Բարսեղը չէր տեսնում, աղոտ կերպով լուսավորում էր մի խրճիթ, որ ոչնչով չէր զանազանվում Սարգսի խրճիթից։ Խոնավ գետնին տարածված մի կոպիտ կապերտի վերա անկողին, որի մեջ պառկած էր մի կին։ Չնայելով որ նրա դեմքը Բարսեղի կողմն էր, բայց վերջինս չէր կարողանում որոշել նրա գծերը, թե արդյոք ինչպիսի՞ կին էր նա՝ ջահել, թե ծեր, որովհետև բարձը խանգարում էր հետևում և, ըստ երևույթին, հեռու դրված ճրագի լույսն ընկնելու նրա դեմքին։ Պառկած կինը հիվանդ էր երևում, որովհետև խրճիթի լռության մեջ լսվում էր նրա ծանր շնչառությունը։ Նրա կողքին ձեռքերը կրծքի վերա խաչած, աղքատ շորերով և գլխին մի սպիտակ թաշկինակ կապած՝ նստած էր մոտ տասնևհինգ տարեկան մի աղջիկ։ Ճրագի աղոտ լույսն ուղղակի ընկնում էր նրա դեմքին։ Այդ դեմքը գեղեցիկ էր, հեզ և քնքուշ, բայց դժգույն և մաշված, որպես թշվառության անմեղ զոհի դեմքը։ Սիրուն, տխրամած աչքերը, որոնք մի ինչ-որ բութ, անզգա հայացքով նայում էին հիվանդի դեմքին, լցված էին արտասուքի կաթիլներով, որոնք ճրագի լույսից պսպղում էին, որպես հեռավոր փոքրիկ աստղիկներ մութ երկնքի վերա։ Նա նստած էր, կարծես, արձանացած և արտասվալից աչքերը բնավ չէր հեռացնում հիվանդի դեմքից։

Ջուր... ջուր, հանկարծ լսվեց հիվանդի թույլ ձայնը, և նա գլուխը մեծ դժվարությամբ բարձրացրեց։

Աղջիկն իսկույն վերցրեց առջևը դրված ջրով լի բաժակը և մոտեցրեց նրա շրթունքներին։

Մի րոպե ճրագի լույսն ընկավ հիվանդի դեմքին, և Բարսեղը տեսավ, որ նա միջահասակ մի կին է, որի այտոսկրները հիվանդությունից սուր֊սուր դուրս էին ցցվել, իսկ խոր ընկած մեծ֊մեծ բացած աչքերը փայլում էին մի ինչ֊որ արտասովոր ֆոսֆորային փայլով։ Նրա ողջ դեմքը վառվում էր, որից և երևում էր, որ նա հիվանդ էր ջերմով։

Ամբողջ բաժակը սաստիկ ագահությամբ խմելուց հետո նա նորից թուլացած ընկավ բարձի վերա, և խրճիթի լռության մեջ լսվեց նրա ծանր շնչառությունը։ Աղջիկը դատարկ բաԺակը վայր դրեց և նորից յուր առաջվա դրությունն ստացավ։

Արդյոք Բարսեղի սրտի մեջ արդեն մեռա՞ծ էին բոլոր քնքուշ, գեղեցիկ զգացմունքները, թե նրա միտքը դարձյալ զբաղված էր յուր գործով, որ այդ տեսարանը նրա վերա նույն ազդեցությունն ունեցավ, ինչ ազդեցություն որ ունենում է թատրոնական բեմի վրա ներկայացվող մի կենդանի պատկեր հանդիսատեսի վերա այդ հայտնի չէ, միայն նա այլևս ոչինչ չուզեց տեսնել և իջավ աթոռից։ Նույն րոպեին խրճիթի ճռճռան դուռը բացվեցավ, և մեկը քթի տակ մի ինչ-որ երգ եղանակելով, մտավ ներս։

Սարգի՞ս, կանչեց իսկույն Բարսեղը, որին խրճիթի մթության մեջ այդ մռմռոցը առաջին նվագ բավական վախեցրեց։

Ա՜, արդեն եկե՞լ եք, հարցրեց մտնողը, որ ինքը Սարգիսն էր։

Այո՛, եկել եմ․․․ Բայց ի՞նչ եղար այսքան ժամանակ... Նո՞ր ես գալիս։

Ո՞րտեղից։

Աղա Գրիգոր Մոսեիչի մոտից։

Է՛, հա՛, նրա մոտից վաղուց եմ եկել, օղետնից նոր եմ գալիս․․․ Ձեր կենացը երկու բաժակ եմ անուշ արել, հավատացեք, իսկ սիրելի շիշս լցնել եմ տվել, տեսնո՞ւմ եք։

Նա վերև բարձրացրեց ձեռքին բռնած շիշը, ցույց տալու համար այն Բարսեղին, բայց Բարսեղն, իհարկե, ոչինչ չտեսավ, որովհետև խրճիթում այն աստիճան մութն էր, որ մինչև անգամ միմյանց չէին տեսնում։

Բայց ի՞նչ լուր ես բերել, Սարգի՛ս, անհամբերությամբ հարցրեց Բարսեղը։

Իսկույն կասեմ, բարեկամ, իսկույն. դեռ մի սիրելի շիշս տեղը դնեմ, ասաց Սարգիսը և քայլերի ձայնից երևում էր, որ մոտենում է թարեքին։

Հե՛յ, այժմ ուրախ ես, հա՞, որ փորդ տռզել ես... շնորհակալ եղիր ահա այս պարոնից, որովհետև եթե սա այսօր ինձ չորս ռուբլի չբախշեր, դու դարձյալ այդտեղ դատարկ փորով սատկելիս կլինեիր։

Նա խոսում էր շշի հետ։

Բայց, ի սեր աստծո, Սարգիս, ճրագ վառիր, սիրտս պատռվեց, կանչեց Բարսեղը։

Ճրագ չունիմ, սիրելիս. աղքատ մարդուն ճրագ ո՞վ կտա...

Տունդ չքանդվի, բայց այս մթնումը ի՞նչպես ես ապրում։

Վա՜հ, այստեղ խո միշտ այսպես մութ չի՞ լինում։ Ցերեկը լույս է լինում, իսկ գիշերը մութ։

Ես էլ, իհարկե, գիշերն եմ ասում։

Է՛հ, ինչ եմ անում գիշերը ճրագ, կին չունիմ, որդիք չունիմ. գործ էլ չունիմ գիշերը կատարելու․ մի օղի ունիմ ածելու և խմելու, իսկ այդ մթնումն էլ հեշտ է անել, ահա՛ այսպես։

Լսվեց շշի և բաժակի միմյանց դիպչելու ձայնը։

Բայց չե՞ս վախենում, որ օղին թափվի, հարցրեց Բարսեղը։

Ո՛չ, օղին ածելիս ես երբեք չեմ թափիլ, իսկ ուզո՞ւմ եք իմանալ, թե ի՞նչպես եմ անում, որ չթափվի։ Ահա այսպես. մեծ մատս փոքր-ինչ ներս եմ կոխում բաժակի մեջ և սկսում եմ ածել օղին, երբ մատս դիպչում է օղիին, իմանում եմ, որ բաժակը լցվել է և իսկույն շիշը հեռացնում եմ բաժակից, դնում եմ տեղը և այնուհետև մոտեցնում եմ բերանիս, կոնծում եմ... Ձեր կենացը... Օխա՜յ, սրտիս նստեց... Տեսնո՞ւմ եք, ես միշտ այսպես եմ անում։

Բարսեղն, իհարկե, ոչինչ չէր տեսնում, բայց նրա խոսքերից իմանում էր, որ նա օղին ածեց, շիշը տեղը դրեց և խմեց. իսկ վերջը լսվեց, թե ինչպես բաժակը թրխկացնելով նա տեղը դրեց։

Համբերությունս հատավ, Սարգիս...

Որ ճրագ չկա վառած։

Ո՛չ, թե ինչ լուր ես բերում ինձ համար։

Հա՛, լուր բերելով, գեղեցիկ և հիանալի լուր եմ բերում ձեզ համար...

Իրա՞վ, ուրախությամբ կանչեց Բարսեղը։

Այո։ Իսկ թե ինչ լուր, ես ձեզ իսկույն կպատմեմ գլխից։ Այստեղից նախ գնացի օղի կոնծեցի, ճաշ կերա, որովհետև շան պես քաղցած էի, հետո դես֊դեն թրև եկա, մինչև որ լրացավ ժամի հինգը. այնուհետև ուղղակի դիմեցի դեպի աղա Գրիգոր Մոսեիչի տունը։ Շվեյցարը տեսնելով իմ աղքատ շորերս, չէր ուզում ներս թողնել, բայց ես ասացի, որ շատ ու շատ հարկավոր գործ ունիմ աղայի հետ և անպատճառ պիտի տեսնեմ նրան։ Նա իմ անունս հարցրեց, գնաց վերև և մի րոպեից հետո վերադառնալով, ասաց, որ կարող եմ մտնել։ Մտա։

Ի՞նչ ես այդպես երկարացնում, անհամբերությամբ կանչեց Բարսեղը։ Ասա՛ այն, ինչ որ պետք է։

Չէ՛, փոքր-ինչ համբերություն պետք է ունենաք, այդպես լավ չէ։ Մի բան մանրամասնաբար իմանալ ավելի լավ է, քան կարճ կերպով, բացի այդ, մի բան հանկարծ իմանալը վատ է։ Լսեցեք, շարունակում եմ։ Եվ այդպես, մտա։ Աղա Գրիգոր Մոսեիչն ընդունեց ինձ ուրախ կերպով և հարցրեց՝ որտեղ եմ, չեմ երևում։ Ես պատասխանեցի գլխարկիս տակն եմ և իմ միղը չէ, որ ինքն ինձ չի տեսնում։ Նա ծիծաղեց և ասաց, որ նստեմ աթոռի վերա։ Նստեցի։ Այնուհետև նա հարցրեց, թե ինչի համար եմ եկել, և սկսեցի պատմել․․․ Պատմեցի այն նախագծով, որ դուք ինձ սովորեցրիք, հետևելով նրա բոլոր կետերին, բացի մեկից, որին փոխեցի այնպես, ինչպես ես ավելի հարմար դատեցի, այն է՝ փոխանակ ասելու իմ կողմից, որ նրա կինն ու որդիքը շատ կարելի է թունավորեն նրան, որպեսզի նա ժամանակ չունենա յուր կարողությունը ձեզ վերա հաստատելու, այլ իրենց մնա, ես ուղղակի ասացի. նրանք մտադիր են ձեզ թունավորել, աղա Գրիգոր Մոսեիչ...

Ի՞նչ ես ասում, կանչեց Բարսեղը, չէ՞ որ նա քեզանից ապացույց կպահանջեր... Չասա՞ց, թե ո՞վ է քեզ այդ ասել կամ թե ո՞րտեղից գիտես դու այդ...

Ես պատասխանեցի, որ ես ամեն բան գիտեմ և ոչ մի գաղտնիք չի լինիլ, որ ինձ հայտնի չլինի։

Հետո նա քեզ հավատա՞ց...

Ես այնպես չսկսեցի և այնպես չվերջացրի, որ նա ինձ չհավատար։

Բայց վերջը, վերջն ի՜նչ...

Վերջը նա սաստիկ կատաղեց և ասաց. «Լավ, տեսնենք, թե ինչպե՞ս են թունավորում նրանք ինձ և տեսնենք, թե իմ բոլոր կարողությունը ո՞ւմ կմնա, նրա՞նց, թե՞ նրան, որին ես եմ կամենում»...

Ուղի՞ղ, ուղի՞ղ ես ասում, Սարգիս, սաստիկ ուրախությամբ իսկույն կանչեց Բարսեղը։

Բաս սո՞ւտ եմ ասում...

Հետո՞, հետո ի՞նչ, Սարգիս...

Հետո նախազգուշացնելուս համար ինձ մի ռուբլի բախշեց և ասաց, որ դուրս գնամ. ես էլ դուրս եկա։ Եկա տուն և լավ համարեցի մինչև ձեր գալը սիրելի շիշս ձեռաց տանել օղետուն, լցնել տալ և բերել. իսկ դուռը բաց թողեցի, որպեսզի, ով գիտե, եթե ուշանայի, դուք ուղղակի ներս մտնեիք և ներսը սպասեիք ինձ, ինչպես և արել եք։

Բարսեղն այլև ոչինչ չէր լսում, նա ինքն էլ չէր իմացել, թե ինչպես մոտեցել էր դռանը։

Բարի գիշեր, բարի գիշեր, Սարգիս, շնորհակալ եմ, կանչեց և դուրս գնաց։

Վա՛հ, արդեն գնում եք, պոռաց նրա հետևից Սարգիսը։ Հազար ռուբլիս չմոռանաք, թե չէ...

Ժ

Անցավ մի շաբաթ։

Այդ բոլոր ժամանակամիջոցում աղա Գրիգոր Մոսեիչի տրամադրությունը շատ վատ էր։ Նա մագազին չէր գնում և ողջ օրը մնում էր փակված յուր սենյակում, կամ զբոսնում էր յուր տան առաջ գտնված փոքրիկ պարտիզում։ Ամեն երեկո նա ընդունում էր միայն հաշվապահին, որ հանձնում էր նրան նույն օրվա մագազինում եղած ծախքի հաշիվները, իսկ Բարսեղին ընդունում էր թե՛ առավոտները, նրա մագազին գնալուց առաջ, միասին թեյ խմելու համար, թե ճաշին՝ միասին ճաշելու, որի համար և նա մագազինից վերադառնում էր տուն, և թե երեկոյան, մագազինը փակելուց հետո և նրա հետ դարձյալ միասին թեյ էր խմում և ընթրում։ Սակայն չնայելով այդ բոլորին, նա շատ քիչ էր խոսում «որդեգրի» հետ և այն էլ բոլորովին ավելորդ բաների մասին։ Բարսեղը ինչ մտածելը չէր իմանում յուր «բարերարին» այդ դրության մեջ տեսնելով։ Նա պարզ տեսնում էր, որ աղա Գրիգոր Մոսեիչը մի ինչ-որ բանի մասին սաստիկ մտատանջվում է, և նրա ներսը կատարվում է մի բան։ Նա, իհարկե, գիտեր դրա պատճառը, բայց որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր բերանով չէր ուզում այդ հայտնել նրան, լռություն պահպանելով Սարգսի՝ իրեն այցելության մասին անգամ այդ նրան յուր կողմից մտատանջություն էր պատճառում։

«Ի՞նչ է մտածում արդյոք աղա Գրիգոր Մոսեիչը, ասում էր նա այդ ժամանակ ինքն իրեն։ Խո հավատացե՞լ է Սարգսի խոսքերին, որ կինն ու որդիքը իբրև թե ուզում են նրան թունավորել, և այդ ժամանակ խո ասե՞լ է «լա՛վ, տեսնենք, թե իմ կարողությունն ո՞ւմն է մնում նրա՞նց, թե նրան, որին ես եմ կամենում․․․»։ Էլ ինչի՞ նա հապաղում է... Բայց, գուցե աղա Գրիգոր Մոսեիչը չէ հավատացել Սարգսին և բոլորովին էլ չէ արտասանել այդ խոսքերը, այլ Սարգիսն այդ միայն հնարել է իրենից ինձ խաբելու համար, որպեսզի ես չխլեմ նրանից իմ տված չորս ռուբլին կամ ինձանից նոր ռուբլիներ կորզե... Ա՜, ես նրան ցույց կտամ․․․ անպատճառ այդպես է... խո ճանաչում եմ, թե ինչպիսի անպիտանն է նա..․ նա ինձ խաբել է...

Մի անգամ, երեկոյան մագազինից տուն վերադառնալիս, ճանապարհին նա հանկարծ պատահեց «շատ լավ մարդուն» և ասաց այդ մասին, բայց Սարգիսն երդումներով հավատացրեց, որ ինքը բոլորովին չէ խաբել նրան։ Բարսեղն այնուամենայնիվ չհավատաց և անարգելով նրան, հեռացավ նրանից։

Ամեն երեկո նա ժամանակ էր գտնում գոնե մի քանի րոպեով տեսնվելու Դարիա Կիրիլովնայի հետ և հայտնելու նրան աղա Գրիգոր Մոսեիչի դրությունը, ընդնմին ասելով, որ անհուսալի է նրանից մի բան սպասել։ Բայց Դարիա Կիրիլովնան այնպիսի հաստատակամ կիներից էր, որոնք մի բան իրագործված տեսնել չեն շտապում և ամեն բանի, ամեն երևույթի վերա նայում են իրենց հատուկ խելքով։ Նա աղա Գրիգոր Մոսեիչի դրությանը ուրիշ բացատրություն էր տալիս, ասելով, որ նա իբր թե անվճռական մարդ է և տակավին մտածում է, թե ի՞նչպես վարվի յուր կարողության հետ, որի հետ միայն կապված են նրա սիրտն ու հոգին։ Դարիա Կիրիլովնան ավելացնում էր, որ աղա Գրիգոր Մոսեիչն ի սրտե է ատում կնոջն ու որդոցը և թե՛ հավատում է, և թե՛ սպասում, որ նրանք կարող են նրան թունավորել կարողությունն իրենց կողմը քաշելու համար, բայց միևնույն ժամանակ նա չէր ցանկանում յուր կարողությունից հանկարծ զրկվել, նրան ուրիշի վերա հաստատելով, չնայելով, որ այդ ուրիշն յուր «որդեգիրն» է։ Դարիա Կիրիլովնան այդ բացատրությունից հետո ասում էր Բարսեղին, որ նա սպասե մինչև որ աղա Գրիգոր Մոսեիչը դուրս կգա յուր անվճռականությունից և մի բան կվճռե, իսկ այդ բանն անպատճառ այն կլինի, որ նա յուր բոլոր կարողությունը նրա վերա կհաստատի։

Բարսեղն այդ խոսքերից սկսում էր հուսալ և սպասել։

Մի անգամ առավոտյան, նախքան մագազին գնալը, Բարսեղն յուր սովորության համեմատ մտավ աղա Գրիգոր Մոսեիչի մոտ միասին թեյ խմելու։ Աղա Գրիգոր Մոսեիչը խալաթով նստած էր մեծ բազկաթոռի վերա։ Չափազանց մտատանջությունից նա բավական նիհարացել էր, իսկ այդ առավոտ ավելի գունատ էր։

Ի՞նչի դուք այդպես գունատ եք այսօր, աղա Գրիգոր Մոսեիչ, բարևելուց հետո անմիջապես հարցրեց Բարսեղը։

Ես գունա՞տ եմ... շատ կարելի է, մի ինչ-որ խուլ ձայնով ասաց աղա Գրիգոր Մոսեիչը և լռեց։

Բայց ի՞նչ է պատահել ձեզ, աղա Գրիգոր Մոսիչ․․․ Ձեր առողջությունն, ինչպես երևում է, այսօր ավելի վատ է... Ինչի՞ չեք հրամայում, որ շուտով բժիշկ բերեն: Կամենո՛ւմ եք, ես ինքս կգնամ...

Աղա Գրիգոր Մոսեիչը մի րոպե, կարծես, մի ինչ-որ մտածելով, նայեց ուղղակի նրա աչքերի մեջ և ցույց տայով դիմացի բազկաթոռը, ասաց նույն խուլ ձայնով.

Նստի՛ր, Բարսեղ, քեզ հետ խոսելիք ունիմ:

Բարսեղը նստեց և սպասում էր: Նա չէր համարձակվում մինչև անգամ շարժվել նստած տեղում, նրա սիրտն անհամբերությամբ բաբախում էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը շարունակում էր լուռ նայել նրա աչքերին, հետո յուր հայացքը նա հածեց յուր շուրջը և վերջապես սկսեց այս անգամ դողդոջուն ձայնով, որ, ինչպես երևում էր, նրա մեջ այդ րոպեին տիրող սաստիկ կատաղությունից էր առաջանում:

Այս գիշեր ես բոլորովին աչքս չեմ խփել... կասկածն այնքան սոսկալի է, որ քունը գեթ մի րոպե մոտ չէ թողնում աչքերիս... Այո՛, դու չգիտես, Բարսեղ, թե այստեղ, իմ շուրջը, իմ սեփական տան մեջ իմ դեմ ի՜նչ սոսկալի բան է պատրաստվում, ի՜նչ սոսկալի բան...

Ի՞նչ բան, աղա Գրիգոր Մոսեիչ, ի՞նչ եք ասում, իրեն զարմացած և վախեցած ձևացնելով կանչեց Բարսեղը, որ իհարկե, իսկույն իմացավ, թե ինչ պիտի լսեր։

Ինձ ուզում են թունավորել, ասաց աղա Գրիգոր Մոսեիչը աչքերը ոլորելով, և նրա ձայնն այն աստիճան խլացավ ու դողաց, որ կարծես հորից էր դուրս գալիս։

Այդ խոսքերի վերա Բարսեղը վարվեց այնպես, ինչպես կարող է վարվել միայն մի հմուտ դերասան։ Նա վեր ցատկեց բազկաթոռից և միայն կանչեց.

Ինչ եք ասում...

Ա՜, այդ քեգ սարսափեցնո՞ւմ է, անփորձ տղա, ասաց աղա Գրիգոր Մոսեիչը ձայնը բարձրացնելով և ձեռքերով ամուր սեղմելով բազկաթոռի թիկունքները։ Այդ քեգ սարսափեցնո՞ւմ է... Ապա ե՞ս, ես ինչպե՞ս պիտի սարսափելիս լինեմ դրանից, այդ դժոխային մտադրությունից... Այս ամբողջ մի շաբաթ ես մի րոպե անգամ հանգիստ չեմ ունեցել... Առանց ամենամեծ երկյուղի մի պատառ հաց չեմ դրել բերանս, մի ումպ ջուր կամ ուրիշ խմիչք չեմ մոտեցրել շրթունքներիս ամեն բան ինձ թվացել է, թե թունավորված է...

Բայց... աղա՛ Գրիգոր Մոսեիչ, ես իմ ականջներին չեմ հավատում... Ի՞նչ եք ասում...

Երբ որ ինձ մի օր թույնից հանկարծ մեռած կտեսնես, այն ժամանակ խո կհավատա՞ս...

Բայց ո՞վ ունի այդ սոսկալի, ստոր մտադրությունը...

Ո՞վ, նրանք, որոնց ես վաղուց պիտի վռնդած լինեի, բայց որոնք մինչև օրս էլ բնակվում են իմ տանը...

Ո՞վ...

Իմ կինն ու զավակները...

Այդ անկարելի՜ է, աղա Գրիգոր Մոսեիչ, այդ անկարելի՜ է... ձեր կինն ու զավակները մի՞թե կհամարձակվին, մի՞թե կարող են այդպիսի դժոխային գործ բռնել... և ո՞ւմ դեմ, ձեր՝ առանց որի նրանք չեն կարող ապրել...

Միամի՛տ տղա, նրանք ինձ հենց նրա համար են ուզում թունավորել, որ առանց ինձ ավելի լավ, ավելի ազատ կարողանան ապրել...

Ես ձեզ չեմ հասկանում...

Որովհետև, շարունակեց աղա Գրիգոր Մոսեիչը, ինձ թունավորելուց հետո իմ բոլոր կարողությունը նրանց կմնա։

Մի՞թե առանց այն էլ ձեր կարողությունը նրանց չպիտի մնա...

Ի՜նչ, շտապով կանչեց աղա Գրիգոր Մոսեիչը, դեմքն ավելի խոժոռելով, դու կարծում ես, թե իմ մեռնելուց հետո նրա՞նք պիտի լինին իմ ժառանգները, նրա՞նք, որոնց ես հենց սկզբից ատել եմ, որպես դժոխքը... դու կարծում ես, թե իմ մեռնելուց առաջ նրա՞նց կկտակեմ իմ կարողությունը... Հիմա՜ր տղա, հիմար, ես ավելի շուտ կրակը կտամ իմ բոլոր կարողությունը, քան այդ նրանց կկտակեմ կամ կցանկանամ, որ նրանք լինին իմ ժառանգները...

Ապա, բացի նրանցից ուրիշ ո՞վ կարող է լինել ձեր ժառանգը, աղա Գրիգոր Մոսեիչ, ասաց Բարսեղը միամիտ տղայի նման։

Ո՞վ... ով ավելի արժանի է և որին ես եմ կամենում, պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը և, վեր կենալով տեղից, սկսեց քայլել սենյակում։

Բարսեղի սիրտն ուրախությունից այնպես թրթռաց, որ նա մինչև անգամ գույնը նետեց։

Բայց, ասաց նա գրեթե շշնջալով, կարո՞ղ եմ արդյոք իմանալ, թե ո՞վ է այդ արժանավորը...

Դու, պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, հանկարծ կանգնելով նրա առաջ և ուղղակի նայելով նրա աչքերի մեջ։

Ե՜ս...

Այո՛, դու և միայն դու... Առանց այն էլ ես վաղուց մտադիր էի քեզ իմ ժառանգը շինելու, որովհետև քո մի եղունգը ինձ ավելի սիրելի է, քան իմ կինն ու զավակները միասին վերցրած... Բայց ես չէի շտապում. ես սպասում էի մահվանս մոտենալուն, իսկ այդ անիծվածները չեն թողնում, որ ես իմ մահով մեռնեմ... և ես ստիպված եմ շտապելու, որովհետև վախենում եմ, թե մի գուցե, առանց իմ կարողությունը քեզ վերա հաստատելու, նրանք ինձ շուտով թունավորեն և քո տեղ իրենք ժառանգեն իմ կարողությունը... ինձ թունավորե՜ն, о՜...

Նա ատամները կրճտացրեց և նորից սկսեց քայլել սենյակում...

Բարսեղն ուրախությունից այլևս ոչինչ չէր զգում, անշարժ կանգնած մի տեղում՝ նա մեքենայաբար միայն շրջում էր աչքերը աղա Գրիգոր Մոսեիչի հետ։

Բայց ես, իհարկե, երկար չեմ թողնիլ նրանց ապրելու իմ տանը, խոսեց դարձյալ աղա Գրիգոր Մոսեիչը քայլերը հետզհետե արագացնելով։ Արյունարբու թշնամիներիս հետ ես չեմ կարող ապրել մի հարկի տակ... և հենց այսօր ես կվռնդեմ նրանց իմ տնից, անպատճառ կվռնդեմ, անպատճառ...

Նա լռեց և մոտ երկու րոպե առանց մի խոսք արտասանելու, արագ քայլերով չափում էր սենյակի՝ գորգով պատած հատակը։ Հանկարծ նա մոտեցավ գրասեղանին և վերցնելով փոքրիկ հնչակը, սաստկությամբ հնչեցրեց նրան։

Ներս մտավ ծառան։

Գնա, իսկույն ասա, որ շուտով կառքը պատրաստեն, հրամայեց նրան աղա Գրիգոր Մոսեիչը։

Ծառան դուրս գնաց։

Բարսե՜ղ, օգնիր ինձ հագնվելու, ձեռքերս թուլացել են... Մենք այժմ իսկ պիտի գնանք նոտարի մոտ և ամեն բան վերջացնենք... Ես նրանց ցույց կտամ, թե ինչպե՞ս են մտադրվում թունավորելու։ Թունավորե՞լ, ի՛նչ հեշտ է արտասանվում այդ բառը... Բայց նրանք չեն մտածում, որ կա օրենք, արդարադատություն, որն այդպիսի հանցանքի համար կախաղան է բարձրացնում...

Այդ խոսքերի հետ նա հանեց խալաթը և Բարսեղի օգնությամբ հագավ շորերը։

Նա դարձյալ շատ խոսեց այդ մասին, մինչև որ վերջապես ծառան ներս մտավ և հայտնեց, որ կառքը պատրաստ է։ Նրանք դուրս գնացին, նստեցին կառքը և քշել տվեցին դեպի քաղաքի հայտնի նոտարների գրասենյակներից մինը։

Be the first who will comment on this

Other parts of "Բարերար և որդեգիր"

Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

Sad return (nobody is waiting)
Sad return (nobody is waiting)
Play Online