Nar-Dos

Բարերար և որդեգիր

Է, Ը
Է

Վասիլի Պետրովիչ, ահա մի ամբողջ տարի է, ինչ դուք սիրում եք իմ աղջկան, որն յուր կողմից սիրում է ձեզ։ Այժմ՝ դուք երկուսդ էլ պիտի ստանաք իմ օրհնությունը և կապվեք միմյանց հետ ամուսնական կապերով։ Սակայն մի բան կա, և ահա ինչ։ Դուք, ինչպես ինձ ասել եք, աղա Գրիգոր Մոսեիչը խղճալով ձեզ վերա, որդեգրել է ձեզ։ Սակայն, բանը սրանումն է, որ նախքան ձեր իմ փեսա լինելը, ես ձեզ մի պայման պիտի առաջարկեմ, որին չեմ կարծում, որ հանձնառու չլինիք գեթ նրա համար միայն, որպեսզի ոտի կանգնեցնեք ձեր ընկած պատիվը․․․

Ի՞նչ պայման, հարգելի՛ տիկին, հարցրեց զգացված Բարսեղը։ Ինչ էլ որ լինի դա, ես այժմին իսկ պատրաստ եմ ընդունելու...

Դուք պիտի թողնիք աղա Գրիգոր Մոսեիչին, ծանրությամբ պատասխանեց Դարիա Կիրիլովնան։

Թեկուզ հենց այժմ, այս րոպեիս, կանչեց Բարսեղը...

Բայց ի՞նչպես, նույն եղանակով վրա բերեց Դարիա Կիրիլովնան. դառ ու դատա՞րկ... Դուք չե՞ք ուզում արդյոք վրեժխնդիր լինել այն մարդուց, որ պատճառ է եղել ձեր պատիվն այդպես ոտնակոխ լինելուն...

Վրեժխնդի՞ր... ես ի՞նչ կարող եմ անել, զարմացած հարցրեց Բարսեղը։

Դուք շատ բան կարող եք անել, եթե միայն ուզենաք... Արդյոք ուզո՞ւմ եք վրեժխնդիր լինել ձեր անվանարկողից, ասացեք ինձ։

Բայց ի՞նչպես, ավելի ու ավելի զարմանալով և մինչև անգամ վախենալով հարցրեց Բարսեղը։

Ո՛չ, մի վախենաք, ես չեմ ասում, թե սպանեցեք նրան, այդ թե՛ մեծ անմտություն կլինի և թե՛ մահապարտ հանցանք... Ո՛չ, դուք ուրիշ կերպ, ուրիշ միջոցով պիտի վրեժխնդիր լինեք, որը ձեզ համար այնքան հեշտ է, որպես հաց ուտելը, և բացի դրանից այնքան օգտավետ, որքան մի ահագին ջանք։

Ի՞նչ պիտի անեմ, ես չեմ հասկանում...

Դուք պիտի խլեք աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը, ծանր և շեշտելով ասաց Դարիա Կիրիլովնան։

Բարսեղն այդ խոսքերի վերա միայն չռեց աչքերը, բացեց բերանը և գլուխն առաջ բերելով, ապուշի նման սկսեց նայել նրա դեմքին. նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։

Դուք նայում եք ինձ սաստիկ զարմացած և ուզում եք հարցնել՝ ինչպե՞ս։ Ահա՛, թե ինչպես, շարունակեց Դարիա Կիրիլովնան, ձայնին խորհրդավոր եղանակ տալով։ Դուք, իհարկե, աղա Գրիգոր Մոսեիչի սիրելին եք, նա ձեզ սիրում է այնպես, ինչպես յուր աչքի լույսը, և հենց այդ բանից դուք օգուտ պիտի քաղեք տիրանալու նրա բոլոր կարողությանը, այսինքն՝ այնպես պիտի անեք, որ նա յուր բոլոր կարողությունը ձեզ կտակե, կամ, ինչպես ասում են, ձեզ վերա հաստատե։

Բայց... նա ժառանգներ ունի, տիկին... նա հարազատ որդիք ունի, ասաց Բարսեղը։

Գիտեմ, գիտեմ, բայց նա նրանց չէ սիրում, նրանց ատում է, որպես ամենաոխերիմ թշնամիներին...

Դուք ի՞նչ գիտեք այդ։

Շատ քիչ գաղտնիք կա, որ ծածուկ լինի ինձանից...

Բայց մի՞թե օրենքով որդիքը չեն նրա ժառանգները, որոնց միայն պիտի պատկանի նրա կարողությունը... Նա կին էլ ունի...

Դուք դեռ երիտասարդ եք և, ներեցեք ինձ, ոչինչ չեք հասկանում, ժպտալով պատասխանեց Դարիա Կիրիլովնան։ Օրենքն այդտեղ ոչինչ գործ չունի. ամեն բան կախված է աղա Գրիգոր Մոսեիչի կամքից. ո՛ւմ կամենա, նրան կշինե յուր ժառանգը և նրան կկտակե յուր կարողությունը։ Իսկ այդ բանում աղա Գրիգոր Մոսեիչի նման մարդիկ բոլորովին զանազանություն չեն դնում օտարների և հարազատ որդկերանց մեջ։ Կրկնում եմ՝ դուք այնպես պիտի անեք, որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր բոլոր կարողությունը ձեզ կտակե կամ ձեզ վերա հաստատե։

Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, անհամբերությամբ հարցրեց Բարսեղը, որին այդ միտքը հետզհետե սկսել էր դուր գալ:

Թեպետ այդ բանի մասին դուք ինքներդ անձամբ ուղղակի կարող էիք նրա հետ խոսք բանալ, ասաց Դարիա Կիրիլովնան, բայց այդ փոքր-ինչ հանդուգն քայլ կլիներ, որ շատ կարելի է հոնքն շինելու տեղ աչքն էլ փչացներ... Աղա Գրիգոր Մոսեիչից որևիցե բան և առավել ևս բոլոր կարողությունը կորզելու համար հարկավոր է մի այնպիսի միջոց, որ ինքը ստիպված՝ հոժարակամ, յուր ձեռքովն անե այդ բանը։ Եվ մի այդպիսի միջոց ես արդեն մտածել եմ, որն եթե հմուտ կերպով գործ դրվի, ես կարծում եմ, մինչև անգամ համոզված եմ, որ գործը շատ հաջող կանցնի, և դուք կհասնեք ձեր նպատակին...

Ի՞նչ միջոց, շտապով հարցրեց Բարսեղը, որ մեծ հետաքրքրությամբ լսում էր նրան։

Լսեցեք։ Այդ բանում դուք մի մարդ պիտի մեջ գցեք։ Այդ մարդը պիտի ունենա ճարտար լեզու և շատ մոտ պիտի լինի աղա Գրիգոր Մոսեիչին այնպես, ինչպես մի բարեկամ։ Այդ մարդը աղա Գրիգոր Մոսեիչին պիտի սկսե զանազան շինծու պատմություններ անել, որ իբրև թե նրա կինն ու որդիքը ամեն տեղ և ամենքի մոտ տրտնջում են նրանից, պատմում են, թե նա շատ անպիտան, գարշելի մարդ է... Մի խոսքով՝ ամեն կողմից խայտառակում են նրան և այդպիսով առավել ևս զարթեցնի նրա ատելությունը դեպի կինն ու որդիքը: Վերջ ի վերջո այդ մարդը, իբրև կարեկից բարեկամ, յուր կողմից պիտի ակնարկե նրան, որ նրանք, այսինքն կինն ու որդիքը շատ կարելի է օր առաջ թունավորեն նրան, որպեսզի նա չկարողանա յուր կարողությունը ձեզ կտակել, այլ իրենց մնա։ Թեկուզ նա մտադիր էլ չլինի յուր կարողությունը ձեզ կտակելու, այդ վերջին հանգամանքից որ նրան շատ հավանական կթվի բոլորովին կկատաղի և, ես համոզված եմ, ջգրու կանե այդ բանը, այսինքն յուր բոլոր կարողությունը ձեզ կկտակե։ Հասկացա՞ք ինձ։

Այո՛, պատասխանեց Բարսեղը, որ երկու ականջը չորս էր շինել։

Բայց դժվար խնդիրը սրանումն է, ասաց Դարիա Կիրիլովնան, թե արդյոք ունի՞ք մի այդպիսի մարդ, որ աղա Գրիգոր Մոսեիչին մոտ լինելով հանդերձ, մոտ լիներ և ձեզ... Ունի՞ք. Վասիլի Պետրովիչ, այո՞։

Այդպիսի մարդ... ո՞վ ունիմ, ընկավ մտածմունքի մեջ Բարսեղը։ Ո՞վ կա... ոչ, չունիմ... Բայց ո՜չ, ունիմ, ունիմ, հանկարծ ուրախությամբ կանչեց նա տեղից վեր թռչելով։ Այդպիսի մարդ ունիմ, Դարիա Կիրիլովնա, ունիմ...

Ունի՞ք, շտապով հարցրեց Դարիա Կիրիլովնան, նույնպես տեղից վեր կենալով։

- Այո՛։

- Ո՞վ է։

Մեկը, որ առաջին անգամ... ծանոթացրեց ինձ աղա Գրիգոր Մոսեիչի հետ։

Եվ այդ մարդը մոտ է ձեզ։

Այո՛։

Նույնպես և աղա Գրիգոր Մոսեիչի՞ն։

Այո՛։

Եվ դուք չե՞ք կասկածում այդ մարդու վերա։

Ի՞նչ կողմից։

Որ նա չի դավաճանիլ աղա Գրիգոր Մոսեիչին, և նրա շահերն ավելի աչքի առաջ կունենա, քան ձերը։

Նա մի այնպիսի մարդ է, որ փողի համար կդավաճանե մինչև անգամ իրեն։

Ուրեմն դուք վստա՞հ եք նրա վերա:

Ես վստահ եմ փողի վերա, որով նրան ամեն բան անել կտամ։

Դե՛հ, երբ որ այդպես է, խոստացեք նրան բավականաչափ գումար, եթե նա այդ գործը գլուխ կբերե։

Օ՜, նա անպատճառ գլուխ կբերե այդ գործը, կանչեց Բարսեղը։ Նա այնպիսի մի լեզու ունի, որ ինչ ասես, կանե... Շնորհակալ եմ. Դարիա Կիրիլովնա, շատ շնորհակալ եմ. դուք բացեցիք իմ աչքերս... Աղա Գրիգոր Մոսեիչին ես մի մազաչափ անգամ չեմ խղճալու... Ցտեսություն։ Ես շտապեմ հենց այսօր ևեթ տեսնելու իմ ասած մարդուն, որովհետև ուրիշ անգամ ժամանակ չեմ ունենալ։

Սպասեցե՛ք, մի բան էլ ունիմ ասելու ձեզ, պահեց նրան Դարիա Կիրիլովնան։ Մինչև գործի գլուխ գալը, աղա Գրիգոր Մոսեիչի հետ դուք պիտի վարվիք այնպես, ինչպես մինչև օրս էիք վարվում և ոչ մի բանով նրան կասկածելու տեղիք չպիտի տաք, որ իբրև թե դուք այդ բանի մասին մի մազաչափ անգամ տեղեկություն ունիք, հասկանո՞ւմ եք դուք ինձ։

Այդ ես գիտեմ, Դարիա Կիրիլովնա, այդ ես գիտեմ...

Եվ Բարսեղն անհամբերությամբ սեղմելով նրա ձեռքը, ուզում էր շտապով դուրս գնալ, երբ հանկարծ մյուս սենյակից յուր ծանր ոտներով հատակը դնգդնգացնելով ներս ընկավ Օլյան և փաթաթվելով նրա վզովը, կանչեց.

Վա՛սյա, Վա՛սյա, դու արդեն գնո՞ւմ ես... այսպես շո՞ւտ... վերջացրի՞ք ձեր գաղտնի խոսակցությունը։

Այո, սիրելիս, այո, կամաց, բայց հազիվ ազատվելով նրա ահագին, ծանր գրկից, ասաց Բարսեղը։ Այժմ շտապով գործ ունիմ և երեկոյան դարձյալ կգամ։

Այո, երեկոյան անպատճառ եկեք և լուր բերեք, թե ինչպես է գնում գործը, ասաց յուր կողմից Դարիա Կիրիլովնան։

Անպատճառ կգամ, անպատճառ...

Եվ Բարսեղն այս անգամ համբուրելով թե՛ մոր և թե՛ աղջկա ձեռքը, շտապով դուրս գնաց սենյակից։

Բայց տեսեք, Վասիլի Պետրովիչ, շատ զգույշ վարվեցեք, կանչեց նրա հետևից Դարիա Կիրիլովնան։

Ը

Ամբողջ ութ տարի գտնվելով աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, Բարսեղը տակավին ոչ մի անգամ մտքովը չէր անցրել, թե ինքն երբևիցե կարող է տիրանալ նրա կարողության կամ նրա ժառանգը դառնալ, որովհետև չնայելով կյանքի և վաճառականական արդեն հայտնի հիմնավոր ուսումնարանին, որի մեջ մեծանում էր նա, նրա ուղեղը տակավին այն աստիճան չէր ընդլայնել, զարգացել, որ կարողանար այդպիսի բաներ մտածել, օգուտ քաղելով բարեհաջող հանգամանքներից։ Եվ այժմ՝ Դարիա Կիրիլովնայի հայտնած խորամանկ և միևնույն ժամանակ ձեռնտու միտքը այն աստիճան գրավեց նրա սիրտն ու հոգին, որ մի րոպեում նա անհուն ցանկություն զգաց իրագործելու այդ միտքը։ Մի րոպեում նրա սրտի մեջ ծնվեց շահասիրության, շուտով հարստանալու անհուն ձգտում, մի ձգտում, որի բոլոր կախարդող ույժը կարող են հասկանալ միայն ժլատները և նրանք, որոնք փողի մեջ են միայն գտնում իրենց երջանկությունը, որոնք փողի համար են միայն ապրում և փողի համար մեռնում։ Այնպիսի րոպեներ են լինում, երբ հանկարծ մի որևիցե դեպքի ազդեցության տակ մարդու սրտի մեջ ծնվում են այդպիսի ձգտումներ, որոնք հետո փոքր առ փոքր սկսում են նպատակ դառնալ նրա ողջ կյանքի, մանավանդ, երբ այդ ձգտումներն իրագործելու համար ներկայանում են նրան բարեհաջող հանգամանքներ։ Այդպես՝ վառվռուն բնավորության տեր և երևակայություններով լի պատանին կամ երիտասարդը, լսելով կամ կարդալով մի որևիցե հայտնի աշխարհահռչակ բանաստեղծի մտքի հրաշալի արտադրությունը, մի րոպեում յուր սրտի մեջ անհուն ձգտում է զգում լինել բանաստեղծ, և այնուհետև այդ րոպեի խիստ ազդեցության տակ, այդ բանը նա իրեն նպատակ է շինում։ Նույնպիսի պատանի կամ երիտասարդը, տեսնելով արվեստագետ դերասանի հիանալի խաղը, ձգտում է լինել դերասան, կամ տեսնելով արվեստագետ նկարչի կենդանի նկարը, ձգտում է լինել նկարիչ։ Այդպես էր և Բարսեղը։ Նրան մինչև այդ րոպեն ծանոթ չէր շահասիրությունը, գոնե այն ուժով, ինչ ուժով որ պիտի հասկանալ այդ. բայց Դարիա Կիրիլովնայի միտքը և խորհուրդը լսելուն պես՝ այդ բանի սերմն ընկավ նրա երիտասարդ սրտի մեջ և մի րոպեում ահագին արմատներ բռնեց այնտեղ, մանավանդ, երբ տեսավ, որ իսկապես այդ միտքն ու խորհուրդն իրագործել շատ հեշտ է յուր համար։ Այդ րոպեից նա այլևս չէր հասկանում, թե ինչ է պատահում իրեն. նրա ամբողջ գոյությունը դարձել էր մի մարմնացյալ միտք շուտով տիրանալ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությանը։

Դուրս գալով Դարիա Կիրիլովնայի տնից, նա շտապով նստեց մի կառք և հրամայեց քշել դեպի այն փողոցը, որտեղ գտնվում էր մեզ ծանոթ «շատ լավ մարդու» խրճիթը։ Հասնելով այնտեղ, նա կառքը կանգնեցնել տվեց մեծ փողոցում, ցած թռավ, վճարեց կառապանին և շտապով մտնելով նեղ փողոցը, կանգնեց Սարգսի խրճիթի առաջ, որ այժմ զառամյալ ծերունու նման գլուխը առաջ էր բերել և ամեն րոպե սպառնում էր անցնողին տակն առնելու։ Սակայն Բարսեղը դրա վրա ոչինչ ուշադրություն չդարձրեց և ուղղակի սկսեց ծեծել դուռը, որը ուրախությամբ տեսավ, որ ներսից էր փակած։ Դուռը ոչ ոք չբացեց։ Նա սկսեց խիստ ծեծել, ծեծեց և փոքրիկ լուսամուտը, բայց դուռը դարձյալ փակ մնաց։ Այդպես մոտ երկու րոպե անդադար և կատաղաբար ծեծում էր նա մերթ դուռը, մերթ լուսամուտը, վերջապես տեսնելով, որ ոչ ոք չի բացում, համբերությունից դուրս եկավ և հայհոյելով «շատ լավ մարդուն», պատրաստվում էր հեռանալ, երբ հանկարծ լսվեց սղնակի ձայնը, և դուռը ճռճռալով սկսեց բացվել։

Սատկե՞լ ես, ի՜նչ է, կանչեց Բարսեղը և առանց սպասելու, որ դուռը հանդարտ բացվի, ոտով սաստկությամբ այնպես խփեց նրան, որ նա ճռճռալով կռնակի վերա բաց եղավ և շրխկալով դիպավ պատին։

Շեմքում կանգնած էր Սարգիսը։ Նա նույն Սարգիսն էր, ինչ որ ութ տարի առաջ, նրա մեջ ոչինչ փոփոխություն չէր կատարվել, բացի արաբական դեմքի սև մազերից, որոնք թեթև կերպով սկսել էին ալեխառնվել և շորերից, որոնք առաջվանից ավելի վատթար դրության մեջ էին։ Քանի որ դեռ չգիտեր, թե ով էր իրեն այցելողը, որն այնպես սաստկությամբ ոտով խփեց առանց այն էլ աննախանձելի դռանը, նա յուր արաբական դեմքը սարսափելի կերպով խոժոռեց, բայց երբ հանկարծ տեսավ յուր առաջ Բարսեղին, իսկույն մի տեսակ զարմանքի և ուրախության արտահայտությունը ընդունեց և կանչեց յուր միևնույն խռպոտ ձայնով.

Վա՜հ, Բարսե՛ղ... Դու ի՜նձ մոտ...

Այո՛, ես քեզ մոտ, բայց դու ինձ համբերությունիցս հանեցիր, պատասխանեց Բարսեղը ներս մտնելով խրճիթը։ Այնքա՜ն ծեծեցի, որ հոգիս դուրս եկավ, հազար տարվա խուլ լիներ կլսեր, քեզ ի՞նչ էր պատահել:

Ներեցեք, ես քնած էի։

Քնա՞ծ։

Այո:

Այս ժամանակ կքնե՞ն. արդեն կեսօր է։

Ի՜նչ արած, եթե ես էլ ձեզ պես երիտասարդ լինեի և ձեզ պես իմ գրպանն էլ փողով լի լիներ, ես գիշերներն էլ չէի քնիլ, չէ՛ թե ցերեկը։ Բայց ես մի ծեր, աղքատ, պարապ մարդ եմ, որի համար ցերեկը ոչնչով չի զանազանվում գիշերից։ Ես այն ժամանակն եմ զարթուն լինում, երբ գրպանումս փող կա, հակառակ դեպքում ես միշտ քնած եմ լինում։

Ուրեմն այսօր փող չունիս, որ քնել էիր:

Մի գրոշ անգամ, մի գրոշ... Երեկվանից դես քաղցած սատկում եմ... Քաղցն էլի ոչինչ, գլխավորը օղի չունիմ, օ՛ղի... Նայեցեք՝ խեղճ շիշս դատարկ է... Այդ ա՛յն շիշն է, հիշո՞ւմ եք... երբ առաջին անգամ Թամամչյանի քարվանսարայի պատի տակից սառած ու սոված բերի ձեզ այստեղ և հաց պանիր տվի ձեզ ուտելու... այն հաց ու պանիրը դրված էր այստեղ, այս շշի կողքին, հիշո՞ւմ եք... Հա՛յ գիդի, հա՛... հիշո՞ւմ եք, թե ինչ դրության մեջ էիք այն ժամանակ, սառած, կապտած, շոր չունեիք հագներդ, սարսափելի կոնկոռնում էիք, ասում էիք, որ ամբողջ երեք օր ոչինչ չէիք կերել... իսկ ա՞յժմ այժմ գեղեցիկ, կոկ հագնված եք. տաք, կուշտ, դեմքդ վարդի պես կարմիր, գրպաններդ փողով լի և ապրում եք, ինչպես թագավոր, ոչ ցավ ունեք, ոչ դարդ... Եվ այդ բոլորի համար ո՞ւմն եք պարտական իհարկե ինձ և միայն ինձ... Այդպե՞ս է, թե ոչ։

Այդպես է, այդպես, Սարգիս, այդպես է, պատասխանեց ժպտալով Բարսեղը, որ արդեն նստել էր մեզ ծանոթ անմեջք աթոռի վերա, նույնպես հին սեղանի մոտ։

Փա՛ռք աստծո, որ այդ չեք ուրանում, ասաց Սարգիսը, որ բոլոր այդ ժամանակ մի տեսակ ողորմելի դրություն էր ընդունել։ Եվ հավատացած կացեք, որ ձեր կյանքով պարտական եք և պարտական պիտի լինիք միայն ինձ, որովհետև եթե ես չլինեի, դուք այժմ ուղղակի եմ ասում կենդանի չէիք լինիլ... Այդպե՞ս է, թե ոչ։

Այդպես է, այդպես, նույնկերպ պատասխանեց Բարսեղը։

Սակայն, չնայեյով դրան, դուք ապերախտ եք գտնվում դեպի ինձ, ազնվությունը վիրավորված մարդու նման վերջ տվեց յուր խոսքերին Սարգիսը։

Այդ ինչպե՞ս, Սարգիս, հարցրեց իրեն զարմացած ձևացնելով Բարսեղը, որ արդեն հասկանում էր նրա գլխացավը։

Ինչպե՞ս, հարցնում եք դուք ինձ... կարծես ինքներդ չգիտեք, թե ինչպես...

Հավատացիր, չգիտեմ։

Այնպես, որ այժմ ինձ շան տեղ էլ չեք գցում... չեք գալիս, չեք տեսնում՝ արդյոք կենդանի՞ եմ, մեռա՞ծ եմ, ինչպե՞ս եմ ապրում, ինչպե՞ս չեմ ապրում, սովա՞ծ եմ, կո՞ւշտ եմ, հիվա՞նդ եմ, առո՞ղջ եմ...

Եվ այլն, և այլն, կանչեց ծիծաղելով Բարսեղը։ Բայց գլխավոր բանը մոռանում ես, արդյոք օղի ունի՞ս, չունի՞ս, հա՜, հա՜...

Այդ ինքնըստինքյան, ասաց ժպտալով Սարգիսը։

Բայց ամենագլխավորը արդյոք փող ունի՞մ, չունի՞մ...

Լսի՛ր, Սարգիս, այդ բոլորը հիմար բաներ են, ե՞րբ ես եկել ինձ մոտ, որ փող չեմ տվել... Կուզե՞ս հիմա տամ։

Ինչի՞ չեմ ուզիլ, շտապով կանչեց ուրախացած Սարգիսը։ Բարսեղը հանեց մի ռուբլի և տալով նրան ասաց.

Ահա քեզ մի ռուբլի, Սարգիս, բայց հարյուրավոր այդպիսի ռուբլիներ կստանաս, եթե կատարես մի գործ, որ քեզ հանձնելու նպատակով եմ եկել այստեղ։

Ի՞նչ գործ, հարցրեց իսկույն Սարգիսը, որի վերա հարյուրավոր ռուբլիների անունը մոգական ազդեցություն ունեցավ։

Մի գործ, կրկնում եմ, որ գլուխ բերելով այդպիսի հարյուրավոր ոուբլիներ կստանաս, կրկնեց Բարսեղը, առանձին շեշտելով «հարյուրավոր ռուբլիների» վերա, որովհետև նա հասկանում էր, թե փողի անունն ինչ ազդեցություն էր անում նրա վերա։

Ի՞նչ գործ, ի՞նչ գործ, անհամբերությամբ կանչեց «շատ լավ մարդը» ուրախությունից չռած աչքերը հառելով նրա վերա։

Որ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը հենց յուր ձեռքով ինձ վերա հաստատել տաս։

Ի՞նչ եք ասում, սաստիկ զարմացած մի քանի քայլ ետ գնաց Սարգիսը։

Ի՞նչ է, այդ քեզ անկարելի՞ է թվում...

Որ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը հենց յուր ձեռքով հաստատել տամ... բայց մի՞թե ես այդ կարող եմ...

Սարգի՛ս, այդ քեզանի՞ց եմ լսում, իրեն զարմացած ձևացնելով ասաց Բարսեղը՝ նրա գլուխը յուղելու համար։

Դու քեզ վերա կասկածո՞ւմ ես․ ապա ինչի՞ համար է այդ լեզուդ, որ այդպիսի չնչին գործը չես կարող գլուխ բերել․․․ ճշմարիտն ասած, այդ բանը քո կողմից ես բոլորովին չէի սպասում, բոլորովին․․․ Սարգիսն ուշքի ընկավ, նա տեսավ, որ այդպես խոսելը ձեռնտու չէ իրեն, մանավանդ, երբ հիշեց «հարյուրավոր ռուբլիները», և հանկարծ փոխելով խոսակցության եղանակը, ասաց ժպտալով․

Ես այնպես ասացի... և դուք էլ հավատացի՞ք։ Այն ինչ գործ պիտի լինի, որ ես Սարգիսս, դալալ Սարգիսս չկարողանամ գլուխ բերել։ Ոչ թե աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը, այլ եթե բոլոր աշխարհն էլ ուզենաք, ձեզ վերա հաստատել կտամ․․․

Բարսեղն ազատ շունչ առավ։

Ո՛չ, Սարգիս, ասաց նա, բոլոր աշխարհը քեզ մնա, այլ ինձ վերա հաստատել տուր միայն աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը։

Շա՛տ բարի։ Այժմ ասացեք ինձ, թե ինչ եղանակով պիտի գործեմ։

Բարսեղն սկսեց սովորեցնել այն եղանակը, որ լսել էր Դարիա Կիրիլովնայից։

Հը՛, ինչպե՞ս է, խելքումդ նստո՞ւմ է, թե ոչ, հարցրեց նա վերջացնելուց հետո։

Է՛հ, դա հիմար բան է, ասաց Սարգիսը, որ մեծ ուշադրությամբ լսում էր նրան։ Այդպիսով ամեն բան կարելի է անել... Հավաստի կացեք, որ այս օրվանից աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը ձերն է...

Ուրեմն այդպե՞ս, այդ եղանակով կարելի՞ է հասնել նպատակին, ուրախությամբ կանչեց Բարսեղը, տեղից վեր կենալով:

Այդ մասին դուք անհոգ կացե՛ք և ամեն բան այսուհետև թողեք ինձ վերա, յուր գործը հասկացող մարդու նման ասաց Սարգիսը, բայց, ավելացրեց նա լուրջ դեմք ընդունելով, ինձ ինչքա՞ն եք խոստանում։

Այդ իմ խղճի վերա թող։

Ո՛չ, խիղճն ավելորդ է այստեղ. հենց հիմիկուց բարիշենք և սկսենք գործը։ Որքա՞ն եք խոստանում։

Ո՛րքան ուզում ես, դեռ մի գործը գլուխ բեր...

Գործը գլուխ բերելու մասին ավելորդ է խոսել, բայց դուք այս որոշեցեք, թե որքան պիտի տաք ինձ։

Դե՜հ, ասում եմ, էլի՜. որքան ուզում ես...

Եթե իմ կամքի վերա թողնեք, ես կասեմ ամբողջ կարողությունը։

Հարյուր ռուբլի... երկու հարյուր ռուբլի... հարյուր հիսուն ռուբլի...

Երեխա՞ եք կարծում ինձ, ի՞նչ է, ասաց ժպտալով Սարգիսը։

Երեք հարյուր ռուբլի... չորս հարյուր... հինգ հարյուր...

Սարգիսը ժպտալով միայն գլուխը շարժում էր։

Բա՞ս, վերջապես կանչեց Բարսեղը, որի լեզուն այլևս չէր զորում առաջ գնալ։

Ուղիղ հազար ռուբլի, կտրական կերպով պատասխանեց Սարգիսը։ Հազար ռուբլի կտաք, կսկսեմ գործը, չեք տալ՝ ես ինձ համար, դուք ձեզ համար։

Գնա՜, տվել եմ, կանչեց Բարսեղն այն վճռականությամբ, որ ձեռք է բերվում երկար տատանմունքից հետո։ Տվել եմ, տվել, Սարգիս... Բայց ե՞րբ կգնաս աղա Գրիգոր Մոսեիչի մոտ։

Ե՞րբ... ես ի՞նչ գիտեմ... երբ ավելի հարմար կլինի։

Այսօր կարող ես, այսօր կիրակի է, և նա ողջ օրը տանն է։

Ինձ համար միևնույն է, երբ կամենք, կգնամ։

Ուրեմն այսօր, այսօր անպատճառ, ճաշից հետո, գիտե՞ս, ժամի չորսին կամ հինգին, երբ նա ամենալավ տրամադրության մեջ է լինում... Դե՜հ, էլ ի՞նչ ասեմ, Սարգիս, դու գիտես, էլի՜...

Դուք բոլորովին անհոգ կացե՛ք, ես իմ գործը գիտեմ։

Ուրեմն՝ ցտեսություն։

Եվ Բարսեղը պատրաստվեցավ դուրս գնալու։

Բայց... պ. Բարսեղ, լավ կանեիք եթե մի քանի ռուբլի բեհ տայիք, ասաց ժպտալով Սարգիսը։

Մի ռուբլի տվի։

Է՛հ, մի ռուբլին էլ ի՞նչ է, որ լայեղություն եք անում, բերան եք բերում... մի քանի ռուբլի պիտի լինի, որ մարդ սրտով կպչի գործին։

Ահա՛, այս էլ քեզ երեք ռուբլի, ասաց Բարսեղը, տալով նրան մի երեքանոց, միայն թե դու սրտով կպչեիր գործին։

Էլ խոսել հարկավոր չէ պ․ Բարսեղ, ես գիտեմ իմ բանը։

Ուրեմն՝ դարձյալ ցտեսություն... Բայց լսիր, Սարգիս․ ձեր խոսակցության ժամանակ, իհարկե, ես այնտեղ չեմ լինիլ, իսկ թե գործն ինչ ելք կստանա այդ աղա Գրիգոր Մոսեիչն ինձ այսօր թե հայտնեց՝ լավ, իսկ եթե ոչ՝ այս գիշեր ես կգամ այստեղ քեզանից իմանալու, և դու անպատճառ տանը կլինես։

Անպատճառ տանը կլինեմ, անպատճառ...

Դե՜հ, ցտեսություն։

Եվ Բարսեղը շտապով դուրս գնաց յուր փաստաբանի խրճիթից։ Նրա դուրս գնալուց հետո, «շատ լավ մարդը» ինքնաբավական կերպով սկսեց շփել միմյանց կոշտ, կեղտոտ ձեռքերը և փնթփնթալ ինքն իրեն․

«Հազա՜ր ռուբլի․․․ հազա՜ր․․․ Չէ՜, այս գործը պետք է անպատճառ գլուխ բերել... Ամեն կերպ պիտի աշխատել․․․ Չորս ռուբլին խո գրպանումս է... դեռ գնամ մի լավ կոնծեմ»...

Be the first who will comment on this

Other parts of "Բարերար և որդեգիր"

Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Sad return (nobody is waiting)
Sad return (nobody is waiting)
Play Online