Nar-Dos

Բարերար և որդեգիր

Պատկեր կյանքից
Ա

Աշնանային ցուրտ, բայց արև օրերից մինն էր։ Գետինը սաստիկ սառել էր։ Քաղաքի շրջակա սարերի վերա ձյունը սփռել էր յուր սպիտակ սավանը, տների կտուրները ծածկված էին եղյամով, որ՝ հալվելով միջօրեի արևի անզոր ճառագայթներից՝ կամաց֊կամաց ծլծլում էր երկայն խողովակներից ներքև փողոցը, որտեղ և կազմում էր փոքրիկ լճակներ և կպչուն ցեխ։ Ծխնելույզներից դուրս էր գալիս վառարանների սև ծուխը, որ առավել ևս թանձրացնում էր քաղաքի վերա կանգնած փոշիանման մշուշը։

Թամամշյանի քարվանսարայի հարավային կողմը, որտեղ այժմ գտնվում էր դեպի Վերա և Միքայելյան կամուրջը տանող ձիաքարշ երկաթուղիների կայարանը, քարվանսարայի լայն սալահատակ մայթի վերա, ինչպես միշտ, նույնպես և այդ օրը խռնվում էր ամբոխըը։ Այդ ամբոխը, որ սովորաբար բաղկացած է լինում ամեն ազգի, դասակարգի և հասակի անգործ մարդկանց ներկայացուցիչներից, որոնց անողորմ բախտը կամ չէ ժպտում, կամ որոնք իրենց սեփական արմատացած ծուլության հալածանքների տակն են գտնվում հավաքվում է այդտեղ մի կերպ սպանելու ձանձրացուցիչ օրը, մանավանդ աշնանային այդպիսի եղանակներին, երբ ուժասպառ արևը չէ զլանում յուր անզոր ճառագայթներով ջերմացնելու նրանց սառած և շատերի էլ հազիվ ծածկված անդամները։ Դուք այդտեղ կգտնեք ծառայությունից վռնդված կամ նոր պաշտոն փնտրող իմերել ծառաներ, որոնց խումբն ամենից բազմաթիվ է այդ անգործ ամբոխի մեջ. կգտնեք և՛ հայաստանցի անգործ մշակներ (սակայն դրանց կարելի է մատների վերա համարել), և՛ քաղաքացի «ջիբգիր» կինտոներ կգտնեք, և՛ խանութներից վռնդված աշակերտներ, և՛ քաղցած, լոթի, կարմրա-լրջաքիթ գրագիրներ կգտնեք, և՛ երբեմն հարուստ, բայց այժմ չար բախտից աղքատացած կամ սնանկացած վաճառականներ, և՛ պաշտոնաթող կամ պաշտոնազուրկ արքունական ծեր ծառայողներ և այլն, և այլն։ Ոմանք ի մի խմբված խոսում, ծիծաղում, կատակներ են անում և, մինչև անգամ, ամբոխը ճեղքելով, երեխաների նման, վազվզում են միմյանց հետևից դրանք միայն թեթևամիտ իմերելներն են, որոնք թե՛ մեծ, թե՛ փոքր ընդհանրապես այդ երեխայական բնավորությունն ունեն։ Ոմանք ավելի հասակավորներն ու լրջամիտները՝ կոլոլված իրենց հին, շատ տեղ պատառոտված և կարկատած վերարկուների մեջ, որոնք հիշեցնում են նրանց նախկին նախանձելի դրությունը՝ խոսում և վայ են տալիս կամ հասարակության, կամ իրենց գլուխը դրանք աղքատացած կամ սնանկացած հարուստ վաճառականներն են։ Ոմանք՝ պատի տակ նստած և մինչև անգամ պառկած ու աչքերը խփած՝ դեմքերը դարձրել են դեպի արևը կամ ընկղմված են խորը մտածմունքների մեջ, կամ քնած են դրանք քարվանսարայի անգործ մշակներ են։ Մի խոսքով այդ ամբոխից ամեն մեկը զբաղված է մի որևիցե բանով, ինչ բան որ կարող է ունենալ ծույլ և անգործ մարդը։

Սակայն այդ բոլորի մեջ միայն մեկն էր, որ յուր վերա էր դարձնում դիտողի ուշադրությունը։

Դա մի նիհար պատանի էր, որ կուչ էր եկած պատի տակ, որտեղ արևի ճառագայթներն ավելի ջերմ էին։ Նա հագած ուներ ամառվա սպիտակ, մաշված բլուզ և նույնպիսի անդրավարտիք։ Կոշիկները պատառոտված էին, որտեղից դուրս էին եկել նրա մերկ ոտների մատները, որոնք ցրտից կապտել և ուռել էին։ Շեկ և ըստ երևույթին, երբեմն փափուկ ու փայլուն, բայց այժմ կեղտոտ մազերը, երկար ժամանակ մկրատի սանրի երես տեսած լինելով, այնքան երկարել և այնպես խճճվել էին, որ առանց այն էլ, փոքրիկ, հին գլխարկը հազիվ ծածկում էր նրա գագաթը: Նա սաստիկ դողում էր ցրտից և գունդի նման կծկվել էր նստած տեղը։ Նրա դեմքը բոլորովին չէր երևում, որովհետև դա ծածկվել էր նրա կռների և ծնկների մեջ։

Նրա մի կողքին՝ երկայն ու մեկ ձգված և գլուխը փալանի վերա դրած՝ խռմփացնում էր մի պարթև մշակ, իսկ մյուս կողքին բոլորել էր իմերել զվարճասերների մի խումբ մի ինչ-որ ծաղրածու վռնդված իմերել խոհարարի շուրջը՝ ծաղրածուն, որ հասակն առած գողի աչքերով մի մարդ էր, զանազան միմոսություններ էր անում և ամենալիրբ պատմություններ ճառում յուր նախկին պարոնների, տիկինների և նրանց աղջիկների մասին, իսկ շրջապատած խումբը մեծ ախորժակով լսում է նրան և միաբերան ծիծաղում, հռհռում էր։ Ծաղրածուն հանկարծ կտրեց յուր պատմությունը, ճեղքեց իրեն շրջապատած խումբը և գոռալով հաթաթաոտով այնպես խփեց խեղճ կծկված պատանիին, որ դա գլորվեցավ և ընկավ կողքին խռմփացնող մշակի վերա։ Զվարճասերների խմբի մեջ սաստիկ ծիծաղ բարձրացավ, մանավանդ, երբ պարթև մշակը վախեցած հանկարծ վեր թռավ տեղից, և նրա այդ ուժեղ շարժմունքից խեղճ պատանին երկրորդ անգամ գլորվեցավ և այս անգամ ուղղակի գետին։ Մշակը կատաղի կերպով չռեց նրա վերա յուր աչքերը և սաստիկ հայհոյանքով հարձակվելով նրա վերա, յուր ծանր բռունցքով այնպես խփեց նրա գլխին, որ խեղճը երրորդ անգամ տապալվեցավ գետին։ Բայց տեսնելով, թե որքան թշվառ և թույլ էր այն արարածը, որի հետ այնպես անգթաբար վարվեց, մշակը, ըստ երևույթին, մեղքացավ նրա վերա և փնթփնթալով գնաց, ձգվեց յուր առաջվա տեղը։ Ծաղրածուն, որ պարթև մշակի կատաղի հայացքից պակաս չէր վախեցել, գող կատվի նման թաքնվել էր զվարճասերների խմբի մեջ, որի ծիծաղն ու հռհռոցը կրկնապատկվել էր միմյանց հետևող այդ անսպասելի տեսարաններից։ Խեղճ պատանին, որ տակավին խելքը գլուխը չէր ժողովել, լաց լինելով վեր կացավ և վերցնելով մոտ ընկած գլխարկը, հեռացավ զվարճասերների խմբից։ Նա դողղողալով դարձյալ կուչ եկավ պատի տակ, որտեղ ծաղրուծու-իմերելն այլևս չէր կարող նրան տեսնել, որովհետև ամբոխը բոլորովին ծածկեց նրան։ Այժմ պարզապես երևում էր նրա դեմքը, որի փափուկ, համեստ և քնքուշ գծերը ցույց էին տալիս, որ նա այն փոքրիկ և անպիտան սրիկաներից չէ, որոնցով այնքան հարուստ են Թիֆլիսի փողոցները։ Նա կլիներ ոչ ավելի, քան տասնևչորս տարեկան։ Նա գեղեցիկ էր, բայց որովհետև ցուրտը սաստիկ կապտացրել էր նրա նիհար դեմքը, այդ գեղեցկությունը, գոնե առաջին հայացքից, բնավ չէր նկատվում նրա վերա։

Նա դադարեց լաց լինելուց, երևի հասկանալով, որ այդ անօգուտ է և դրանով բոլորովին չի կարող շարժել իրեն շրջապատող այդ ծույլ, անգործ ամբոխի անզգա սիրտը և սկսեց նայել փողոցում դղրդալով անցնող կառքերին, որոնց մեջ նստած էին թանկագին մուշտակներում կոլոլված կամ հաստափոր և բարակափոր պարոններ, կամ նույնպես տաք հագնված և դեռ ծնկների վերա էլ թիկնաշոր գցած՝ քնքշատիպ տիկիններ, օրիորդներ ու երեխաներ...

Այդ միջոցին նրա առաջով ամառվա հին, յուղոտած վերարկուի մեջ կոլոլված մի մարդ էր անցնում։ Նրա մի տեսակ արագությամբ այս ու այն կողմը շարժվող սև աչքերից որոնք կարծես մեկին անդադար որոնում էին, և դաժան կերպարանքից իսկույն երևում էր, որ նա անպիտան, խորամանկ, անգութ և շատ բացասական հատկությունների տեր մարդ էր։ Նրա արծվի քիթը, արագաշարժ աչքերի սուր հայացքը և սաստիկ սև, գրեթե արաբական մազուտ դեմքը, մի տեսակ երկյուղ էին ազդում նայողի վերա։

Նրա հայացքն ընկավ պատանիի վերա և նա, հանկարծ կանգ առնելով, դեռ մի րոպե հեռվից սկսեց դիտել նրա դեմքը ճիշտ այնպես, ինչպես առյուծը դիտում է յուր որսը. հետո կամաց֊կամաց մոտեցավ նրան և կանգնեց նրա առաջ։ Նա յուր սուր հայացքը բնավ չէր հեռացնում նրա դեմքից և նայողը կասեր, թե յուր այդ աչքերով նա կամենում է ուտել այդ պատանուն։

Ո՞ւմ տղան ես, հանկարծ հարցրեց նա։

Նրա ձայնը գամփռ շան հաչոցի էր նմանում։ Պատանին նայեց նրա դեմքին և, ըստ երևույթին, սարսափեց նրա կերպարանքից։ Նրա դողը սաստկացավ, և նա այդ անկոչ բարեկամից քաշվեցավ մի կողմը։

Հիմա՛ր, քեզ եմ ասում․ ո՞ւմ տղան ես, հարցրեց նա դարձյալ, աշխատելով որքան կարելի է ձայնը մեղմացնել։

Պատանին դարձյալ նայեց նրա դաժան կերպարանքին։

Ի՞նչ եք ուզում ինձանից, վերջապես երկչոտությամբ և հազիվ լսելի ձայնով ասաց նա։

Ասում եմ, ո՞ւմ տղան ես, այս անգամ, կարծես, անհամբերությամբ ասաց անծանոթը։

Ես... ես հայր չունիմ․․․

Մ ա՞յր։

Մայր էլ չունիմ, ասաց պատանին այնպես, որ կարծես խաբում լիներ։

Անծանոթի դաժան կերպարանքի վերա ցոլաց ժպիտ։

Ը՜-հը՛, այդպես ասա, էլի, խոսեց նա, ձայն չես հանում, կարծես լեզու չունիս․․․ դու հենց կարծում ես, թե ես լավ մարդ չե՞մ... ընդհակառակը՝ ես շատ լավ մարդ եմ․․․ և, տեսնում ես, եկել եմ քեզ կարեկցելու։

Պատանին այդ խոսքերի վերա և՛ զարմացմամբ, և՛ ուրախությամբ խոր նայեց այդ «շատ լավ» մարդու դաժան կերպարանքին, կարծես, ինքն իրեն հարցնելով, թե մի՞թե այդպիսի դեմքի տեր մարդը ընդունակ կլինի կարեկցության։

Եվ այդպես, դու ո՞րբ ես, հարցրեց դարձյալ «շատ լավ» մարդը մտախոհ կերպով։

Այո։

Բոլորովի՞ն որբ ես։

Այո։

Եղբայր կամ հորեղբայր է՞լ չունիս։

Ո՛չ։

Դե՛հ, եկ գնանք միասին։

Պատանին, կարծես, ակամայից ավելի խոր նայեց նրա դեմքին և տեղից չշարժվեցավ։

Դե՜հ, ի՞նչ ես կանգնել, եկ գնանք, է՜լի։

Ո՞ւր, անվճռականությամբ և երկյուղով հարցրեց պատանին։

Քեզ որ ասում եմ եկ՝ եկ, էլ ոչինչ մի հարցնիլ․․․ Այս ցրտումը որ կանգնել ես, ի՞նչ պիտի շինես․․․ Քաղցած էլ ես, չէ՞։

Այո․․․ երեք օր է ոչինչ չեմ կերել, պատասխանեց պատանին, և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին։

Տեսնո՞ւմ ես, այստեղ որ մնաս, քաղցած կմեռնես, իսկ ինձ հետ որ գաս, ես քեզ հաց էլ կտամ ու ամեն բան էլ... Դե՛հ, էլ ձայն մի հանիլ ու եկ գնանք։

Եվ անծանոթն առաջ ընկավ, իսկ պատանին, նրա վերջին խոսքերից սիրտ առնելով, հետևեց նրան։

Անծանոթը գնում էր շտապով, այնպես որ պատանին յուր սառած ոտներով հազիվ էր կարողանում նրան հետևել։ Նրանք անցան հրապարակը, մի քանի ուրիշ փողոցներ և վերջապես տասը րոպեից հետո հասան Ք․․․ թաղը։ Այդտեղ անծանոթը դարձյալ ծռվեց մի ինչ-որ նեղ ու մութ փողոց և կանգնեց մի կիսախարխուլ, Նոյի ժամանակվանից մնացած խրճիթի դռան առաջ։ Կանգնեց և պատանին։ Անծանոթը հանեց գրպանից դռան հին, ժանգոտած կողպեքի բանալին, բացեց դուռը և ներս մտավ գլուխը բավական թեքելով, որովհետև դուռը շատ ցածր էր։ Ներս մտավ և պատանին։

Խրճիթը այնքան փոքր էր և ցած, որ հազիվ մի քանի մարդ տեղավորվեին։ Կահավորանք ասած բաներից այնտեղ ոչինչ չկար, բացի մի ինչ֊որ հին, անմեջք, հասարակ աթոռից և մի նույնպիսի սեղանից, որի վերնատախաակը տեղ-տեղ այրված և կեղտից սևացած էր։ Պատի մեջ հանված փոքրիկ չորսապակիավոր լուսամուտը հազիվ լուսավորում էր մերկ և խոնավ գետնի վերա գցած կեղտոտ անկողինը, իսկ բաց թարեքում երևում էր օղիի մի շիշ, բաժակ և սև հացի կտոր ու պանիր։ Ուրիշ ոչինչ չէր երևում այնտեղ։

Դե՜հ, ինչպե՞ս է. այստե՞ղ է լավ, թե այնտեղ, որ չէիր ուզում գալ, խոսեց անծանոթն յուր կոպիտ ձայնով, փակելով խրճիթի ճռճռան դուռը, երբ պատանին արդեն ներս էր մտել և դռան մոտ կանգնած՝ դողդողալով դիտում էր իրեն անծանոթ խրճիթը։ Գնա՜ և նստիր այնտեղ, և նա ցույց տվավ աթոռի վերա, որ դրված էր սեղանի մոտ՝ լուսամուտի տակ։

Պատանին նստեց։

Հը, ինչպե՞ս է, տա՞ք է, թե ոչ։

Այո, հազիվհազ արտասանեց պատանին, չնայելով, որ խրճիթը սաստիկ խոնավ և ցուրտ էր, իսկ ինքը դողալուց ցնցվում և վեր ու վեր էր թռչում աթոռի վերա, որից և դա մի տեսակ ճռճռոց էր հանում։

Դու ասացիր, որ քաղցած ես, չէ՞։

Այո։

Անծանոթը մոտեցավ թարեքին:

Դե՛հ, էլ ի՞նչ ես այդպես ճռճռացնում աթոռը, հանկարծ ասաց նա՝ ետ նայելով դեպի պատանին, որ հաց ու պանիրը տեսնելուն պես ավելի էր սկսել դողացնել, որից և աթոռի ճռճռոցը սաստկացել էր։

Պատանին ամուր սեղմեց միմյանց ատամները, դողը զսպեց և անհամբերությամբ սպասում էր հաց ու պանրին. բայց անծանոթը նախքան նրանց ձեռք տալը վերցրեց օղիի շիշը, լցրեց բաժակը, մի ումպով կոնծեց և դարձյալ դրեց տեղը. այնուհետև վերցրեց հաց ու պանիրը, նախ կտրեց յուր համար թե՛ մեկից և թե՛ մյուսից, իսկ մնացածը դրեց պատանիի առաջ՝ սեղանի վերա, ասելով.

Դե՛հ, կեր, կշտացիր, և սկսեց յուր հաց ու պանիրը կծոտել ու ծամել, որի ժամանակ նա խոզի նման մի ինչ֊որ խռխռոց էր հանում։

Պատանին վերա ընկավ հաց ու պանրին և ագահաբար սկսեց ուտել, կարծես, երկյուղ կրելով, թե մի գուցե «շատ լավ» մարդը շուտով վերջացնի յուր մասը և հետո յուր մասն էլ խլի։

Երկար ժամանակ խրճիթում ոչինչ չէր լսվում, բացի նրանց հաց ու պանիր ծամելուց, աթոռի ճռճռոցից և անծանոթի խռխռոցից։ Վերջինս կանգնած էր պատանու առաջ, ահագին կտորները բերանն էր կոխում և մեծ ուշադրությամբ զննում էր նա ցրտից կապտած դեմքը։ Վերջացնելով յուր հաց ու պանիրը նա մոտեցավ թարեքին, դարձյալ ածեց օղին և կոնծեց։

Ես որ քեզ ասում էի, թե շատ լավ մարդ եմ, դու ինձ չէիր հավատում, դարձավ նա պատանիին՝ վերարկուի կեղտոտ փեշով սրբելով բերանն ու բեղերը։ Եթե ես չլինեի, հիմա դու այնտեղ ցրտից և քաղցից մեռած կլինեիր, գիտե՞ս թե չէ... Հա՛, այդպես։ Ուրեմն, դու կաց այստեղ, մինչև իմ գալս, ես գնում եմ և շուտով կվերադառնամ։

Պատանին առանց հաց ու պանիրը թողնելու, այնպես նայեց նրան, որ, կարծես, ասում էր. «Ես ամենևին էլ միտք չունեմ այստեղից հեռանալու»։

Անածնոթը դուրս գնաց խրճիթից։ Դուռը կողպեքով կողպեց, բանալին կոխեց գրպանը և փաթաթվելով վերարկուի մեջ, շտապ քայլերով հեռացավ։

Նա մի քանի փողոցներ անցնելուց հետո վերջապես մտավ մի մեծ փողոց, որտեղ գտնվում են քաղաքի հայտնի և հարուստ վաճառականների խանութները։ Նա բացեց այդ խանութներից մեկի մեծ և խնամքով մաքրած ապակիավոր դուռը և այնպիսի վստահությամբ ներս մտավ, որ կարծես յուր խրճիթն էր մտնում։ Խանութը շատ երկար էր. տասնավոր գործակատարներ և աշակերտներ կանգնած վաճառասեղանի հետևում՝ իրենց ճարտար լեզվով և նուրբ քաղաքավարությամբ, որ հատուկ է միայն նրանց, առևտուր էին անում բազմաթիվ «սուդարինիա» ու «մադամ»-ների հետ, որոնցով միշտ և ամեն օր լի են լինում այդպիսի «արիստոկրատական» խանութները, որովհետև եվրոպական «քաղաքակրթությունը» յուր անգութ մոդաներով երբեք մի վայրկյան անգամ հանգիստ չէ տալիս խեղճ, հարուստ և աղքատ կանանց: Ահագին և նույնպես խնամքով մաքրած ապակիավոր լուսամուտի մոտ յուր վաճառական «ամբիոնի» առաջ նստած էր մոտ հիսուն տարեկան հաստափոր և միջահասակ մարդ, ըստ երևույթին, խանութի տերը կամ աղան։ Նրա դեմքը, որ ահագին մեծություն ուներ, սափրած էր խնամքով և սափրած տեղն այնպես էր պլպլում, որ կարծես յուղած լիներ։ Հայկական քթերից մի փառավոր օրինակն էլ նրան էր բաժին ընկել. բեղերը, որոնց մեջ որքան սև, նույնքան և սպիտակ մազ կար, խուզած էր կարճ, այնպես որ, մազերի ծայրերը հավասար երկարությամբ կանգնած էին նրա վերին հաստ շրթունքի հետ մի գծի վերա։ Մի բան, որ իսկույն աչքի էր ընկնում նրա դեմքի վերա այդ նրա կլորիկ դեմքի մեծությանը բոլորովին անհամապատասխան փոքրիկ, շարժուն աչքերն էին, որոնք կարծես, ուրիշ բան ու գործ չունեին, բայց եթե միայն անդադար ժպտալ, սակայն այդ ժպիտը այնքան էր սազում նրա կոպիտ, ստրկական գծերին, որքան էշին կսազի, եթե նրա վերա նստի ամազոն։ Թե ինչ բնավորություն էր արտահայտում նրա դեմքը այդ դժվար թե կարողանային մշտապես որոշել մինչև անգամ մեծահարգո պարոն հոգեբանները, որովհետև նրա դեմքի արտահայտությունը հենց առաջին հայացքից ներկայացնում էր հոգեկան հատկությունների այն քաոսը, որ մարդ շվարում է, թե որ տեսակի մարդկանց կողմը դասել նրան՝ բարեսի՞րտ, թե չարամիտ, պիտանի՞, թե անպիտան, խորամա՞նկ, թե միամիտ, սիրալի՞ր, թե կոպիտ, անգո՞ւթ, թե գթառատ և այլն. միայն այս պարզ էր, որ նրա հայացքը մի ինչ-որ անհասկանալի, արտասովոր, բայց ջերմ զգացմունքով, կարծես, գուրգուրում, փայփայում էր նրան՝ ում որ նայում էր և ում վերա որ ուզում էր լավ ուշադրություն դարձնել։ Նայելով նրա եվրոպական հագուստին, մատների թանկագին մատանիներին և ոսկե ժամացույցի նույնպես ոսկե հաստ շղթային, իսկույն երևում էր, որ նա յուր զուքսի վերա սիրահարական արկածախնդիր, նորաձև և պճնասեր երիտասարդից պակաս ուշադրություն չէր դարձնում, չնայելով որ գլխի կոշտ մազերն արդեն կրում էին իրենց վերա ծերության կնիքը։

Ահագին բազկաթոռի մեջքի վերա ետ ընկած՝ յուր մշտական ժպտող աչքերով նայում էր նա շքեղազարդ, գեղեցիկ և քնքշատիպ «սուդարինիա» ու «մադամ»-ներին, երբ մեր ծանոթ անծանոթը ներս մտավ խանութը։ Վերջինս յուր արագաշարժ աչքերով նախ մի թռուցիկ հայացք ձգեց բոլոր ներկա գտնվողների վերա, հետո հազիվ լսելի քայլերով մոտենալով աղայի «ամբիոնին», կանչեց ցածր ձայնով.

Աղա՛ Գրիգոր Մոսեիչ...

Աղա Գրիգոր Մոսեիչը, որ, ըստ երևույթին, չէր նկատել նրա ներս մտնելն ու մոտենալը, այդ ձայնի վերա շտապով նայեց նրա կողմը։

Ա՜, Սարգիս, այդ դո՞ւ ես, ասաց նա, և նրա ժպտող աչքերը մի տեսակ արտասովոր կերպով փայլեցան։

Բ

Ս... գավառական փոքրիկ քաղաքում ապրում էր մի վաճառական Պետրոս անունով։ Չնայելով որ նա միջակ կարողության տեր մարդ էր, և նրա առևտուրն էլ այնքան հաջող չէր անցնում, բայց նա յուր ընտանիքը, որ բաղկացած էր կնոջից, երկու փոքրիկ աղջիկներից և մի տղայից միշտ և ամեն կողմից լիության մեջ էր պահում։ Նա ուներ յուր սեփական նորակառույց տունը, որտեղ յուր փոքրիկ ընտանիքով շատ խաղաղ հանգիստ կյանք էր վարում, և յուր բարեկեցությամբ օրինակ կարող էր լինել յուր հարևաններին, որոնք պլատոնական սիրով կապված էին նրա հետ։ Նա շատ բարեսիրտ, ուրախ, յուր պատիվը պահող և միևնույն ժամանակ զվարճախոս մարդ էր, իսկ յուր ընտանիքը նրանից ավելի սիրող, հարգող մարդ շատ քիչ կգտնվեր։ Սակայն վերջին ժամանակներում նրա կինն ու հարևանները նրա մեջ մեծ փոփոխություն էին նկատել. առաջվա այն ուրախ, զվարճախոս մարդը այժմ դարձել էր տխուր և մելամաղձոտ, նա ոչ ոքի հետ խոսել չէր կամենում, երկար ժամանակ էր ժպիտը, ծիծաղը ամենևին չէին նկատվում նրա դեմքի վերա, նա շատ քիչ էր ուտում, լուսանալուն պես գնում էր խանութ, գրեթե մինչև երեկո մնում էր մի տեղում նստած և մի ինչ-որ բանի մասին խիստ մտածում էր։ Կինը, որ սաստիկ սիրում էր նրան, բոլորովին զարմացել էր նրա անսպասելի և հանկարծակի փոփոխության վերա, նա շատ աշխատեց, շատ ճգնեց իմանալու նրանից այդ բանի պատճառը, բայց փոխված մարդը այդ մասին միշտ լռություն էր պահպանում և խնդրում էր միայն, որ իրեն ոչինչ չհարցնե և հանգիստ թողնե։ Մինչև իսկ մի անգամ նա սաստիկ կատաղեց և համարյա ուզում էր ծեծել կնոջը, երբ վերջինս դարձյալ թախանձում էր նրան, որ յուր փոփոխության պատճառը հայտնե. կինը շատ վշտացավ և լաց եղավ այդ բանն յուր ամուսնու կողմից նա առաջին անգամն էր տեսնում։

Մի անգամ Պետրոսը գիշերը ուշ վերադարձավ տուն։ Նա այդ գիշեր ավելի տխուր, բայց միևնույն ժամանակ, ըստ երևույթին, ավելի հանգիստ էր։ Քնելու պառկելիս նա համբուրեց յուր բոլոր զավակներին, մինչև անգամ և կնոջը, մի բան, որ յուր փոխված ժամանակ նա երբեք չէր արել։ Կեսգիշերին, երբ բոլորը Մորֆեոսի անդորր գրկի մեջ էին, նա, որ աչքը բնավ չէր խփել, կամաց, շատ զգույշ կերպով վեր կացավ տեղից, հագավ միայն արխալուղն ու հողաթափները և նույն զգուշությամբ դուրս գնաց սենյակից։ Առավոտյան կինը անկողնում ամուսին չգտավ․ սկզբում նա կարծեց, թե ամուսինը գնացել է խանութ, բայց հանկարծ տեսավ, որ նրա վերարկուն, գլխարկը, անդրավարտիքն ու կոշիկներն այնտեղ են։ Նա շատ զարմացավ և միևնույն ժամանակ վախեցավ։ Սկսեց անհամբերությամբ փնտրել նրան տանը, ամուսին չկար․ տղային ուղարկեց խանութ, չմտածելով, որ ամուսինն առանց շորերն հագնելու չէր գնալ այնտեղ։ Տղան վերադարձավ և ասաց, որ խանութը փակ է։ Խեղճ կինը խելագարի նման դուրս ընկավ... կես ժամից հետո բոլոր հարևանները իմացան, որ Պետրոսը գիշերը դուրս է եկել տանից և կորել է անհետք։ Սկսեցին փնտրել, բայց ոչ մի տեղ չգտան։ Անցավ մի օր, երկու Պետրոսը դարձյալ չկար։ Վերջապես երրորդ օրը գետի մեջ գտել էին մի խեղդված մարդի այլանդակ մարմին դա Պետրոսի դիակն էր։ Ոչ ոք չիմացավ նրա խեղդվելու պատճառը, մինչև որ նույն օրը, երբ գտան դիակը, ոստիկանական մի քանի պաշտոնյաներ կնքեցին նրա խանութի դռները։ Ամենքն իմացան, որ յուր պատիվը պահող վաճառական Պետրոսն ահագին պարտքեր էր ունեցել, որի պատճառով էլ նա այնպես փոխվել և վերջիվերջո խեղդվել էր, չկամենալով տեսնել յուր անվանարկությունը։ Մի քանի օրից հետո նրա սեփական տունն էլ նույն վիճակին ենթարկվեցավ, ինչ որ խանութը, և նրա անբախտ կինն յուր երեք զավակներով մնաց բաց երկնքի տակ։

Պետք է երևակայել անբախտ կնոջ դրությունը։ Ոչ տուն ուներ, ոչ մի որևիցե միջոց. ո՞րտեղ ապրեր և ինչո՞վ ապրեր։ Պլատոնական սիրով սիրող հարևանները խցեցին ականջները, գոցեցին դռները նրա առաջ, և ոչ ոք չէր ուզում տեսնել նրա դրությունը, բացի մեկից, մի բարի մարդուց, որի սրտի լարերը ավելի քնքուշ լինելով, խղճաց նրան և նրա զավակների վերա և որոշյալ ժամանակով նրանց անվարձ մի խրճիթ տվավ, որտեղ նրանք սկսեցին իրենց նոր կյանքի շրջանը։ Այրի մնացած կինը սկսեց կար ու լվացք անել, որպեսզի քաղցած չմեռնեին։ Տղան, որ նրա զավակներից ամենամեծն էր, տակավին տասնևերկու տարեկան էր և սովորում էր ուսումնարանում։ Նա շատ հեզաբարո, խոնարհ և խելոք տղա էր, նա հասկանում էր յուր մոր անել, աննախանձելի դրությունը, նա չափից դուրս, յուր որդիական բոլոր զգացմունքներով սիրում էր նրան և այդ պատճառով առանց ամենախորին վշտի չէր կարող տեսնել, թե ինչպես այդ անբախտ կինն ուշ երեկոյան հոգնած, վաստակաբեկ և խաշված ձեռքերով վերադառնում էր տուն կամ թե ինչպես վաղ առավոտից սկսած մինչև կեսգիշերը գլուխը չէր բարձրացնում կարից։ Նա վճռեց թողնել ուսումնարանը, չնայելով որ ուրիշ շատ յուր հասակակիցների նման չէր ատում ուսումը, և մտնել մի որևիցե աղայի մոտ աշակերտ, որպեսզի փոքր-ինչ թեթևացնի յուր մոր այնքան ծանր հոգսերը։ Բայց մայրն այդ բացեիբաց մերժեց, որովհետև նա հասկանում էր, թե ինչ է նշանակում աղայի մոտ աշակերտ լինել, մանավանդ որ նա յուր այդ միակ տղա-զավակին այնքան սիրում և այնքան քնքուշ էր մեծացրել։ Բայց պետք էր ուսման վարձ տալ։ Ո՞րտեղից։ Նա խնդրեց ուսումնարանի վարչությանը, որ յուր որդուն այնուհետև ձրի սովորեցնեն, որովհետև ինքը շատ չքավոր է։ Ուսումնարանի վարչությունը մերժեց. նրա մեծահարգո պարոն անդամները պաշտոնական կերպով ուղղակի պատասխանեցին՝ «չենք կարող» և լակոնական վճիռը կայացած էր ու անփոփոխելի. այլևս ոչինչ աղերսանք, ոչինչ արտասուքի հեղեղներ չէին կարող թափանցել նրանց փակված սրտի ներսը, և անճար այրի կինը գլուխը կոր և ձեռքերը խաշած վերադարձավ յուր խրճիթը։

Ի՞նչ արած, պետք է մի տեղ աշակերտ մտնես, ասաց նա որդուն բոլորովին հույսը կտրելով, որ նա երբևիցե կարող է դարձյալ շարունակել ուսումը։ Եվ նա բռնելով յուր տասնևերկու տարեկան տղայի ձեռքը՝ սկսեց պտտել ողջ քաղաքը. մտավ բոլորի խանութները անդադար հարցնելով՝ արդյոք յուր որդուն աշակերտ չե՞ն վերցնիլ։ Ամեն տեղ խորին անտարբերությամբ մերժողական կերպով միայն շարժում էին գլուխները։ Անբախտ կինը, անիծելով յուր թշվառ ծնունդը, տրտնջալով յուր չար բախտի վերա, թողեց խանութները և տղայի հետ նորից վերադարձավ յուր խրճիթը։ Եվ այդպես ոչ մոր ցանկությունը կատարվեցավ՝ որդուն ուսման մեջ պահել և ոչ որդու ցանկությունը՝ օգնել մորը։ Բարսեղը (այդպես էր որդու անունը) մնաց պարապ։

Որքան էլ ճգնում էր անբախտ այրին, որքան էլ որ ամբողջ օրերով նա անց էր կացնում լվացքի և կարի վերա, բայց դարձյալ հազիվ էր կարողանում կուշտ կերակրել և հագցնել յուր զավակներին։ Աղջիկները տակավին շատ փոքր Էին նրան օգնել կարողանալու համար։ Սենյակը անվարձ տալու ժամանակամիջոցն էլ լրացավ, և տանտերը սկսեց վարձ պահանջել։ Մյուս կողմից ձմեռն էր գալիս թշվառ չքավորների այդ ամենաոխերիմ թշնամին, հարկավոր էր տաք շոր, հարկավոր էր փայտ, իսկ կար կամ լվացք միշտ չէր ճարվում։ Ի՞նչ աներ անբախտ, անօգնական կինը, որի վերա միայն դրված էր բոլոր ընտանիքի հոգսը...

«Բարեկամները» նրան խորհուրդ տվին երկրորդ անգամ ամուսնանալու։ Այդ մասին նա երբեք մտքովն անգամ չէր անցկացրել։ Ամուսնու հիշատակը այն աստիճան թարմ էր նրա գլխում, այն աստիճան նա հարգում էր այդ սուրբ հիշատակը, որ երկրորդ անգամ ամուսնանալը նա մինչև իսկ մեղք էր համարում, և այդ պատճառով «բարեկամների» տված խորհուրդը նա թողեց «ձայն բարբառո հանապատի»։

Անցավ երկու տարի։ Հանգուցյալ Պետրոսի այրի կինն արդեն հաշտվել էր յուր դրության հետ, իսկ նրա դրությունը մի մազաչափ անգամ չէր փոխվել... Իհարկե դեպի լավը։ Նույն անխոնջ աշխատանքը, նույն դառն քրտինքը, նույն անվերջ կարոտությունը։ Ոչինչ այնքան հարատև և անփոփոխ չէ աշխարհիս երեսին, որքան թշվառությունը։ Աղջիկները դարձյալ փոքր էին, սակայն նրանք արդեն սկսել էին իրենց նորածիլ ուժերով փոքր ի շատե օգնել մորը, իսկ Բարսեղր դարձյալ պարապ էր։ Վերջին հանգամանքը հուսահատեցնում էր մորը։ Պակաս չէր անհանգստանում այդ բանի համար և ինքը տասնևչորս տարեկան տղան։ Բայց ի՞նչ աներ խեղճը, նա սրտով ցանկանում էր աշխատել, քրտինք թափել, որպեսզի համարձակ կարողանար նայել մոր աչքերին, ուտել նրա դառն քրտինքով վաստակած հացը, բայց երևի նրա չար բախտից, ոչ ոք և ոչ մի տեղ բավականություն չէին տալիս նրա այդ բուռն ցանկությանը։ Նա արդեն հուսահատվել էր, երբ «փորձված» հարևաններից մեկը նրան խորհուրդ տվավ գնալ մի ուրիշ քաղաք՝ այնտեղ փորձելու յուր բախտը, որի համար և իբրև վաճառաշահ ու այդպիսի նժդեհ բախտախնդիրների համար լայն ասպարեզ բացող քաղաք, նա հատկապես մատնացույց արավ Թիֆլիսը։ Հուսահատ, անճար դրության մեջ մարդիկ միշտ հակված են, առանց երկար մտածելու, հավանություն տալ ուրիշի ամեն մի խորհուրդին, թեկուզ այդ խորհուրդն իրագործելու համար ամենամեծ ռիսկ պահանջվեր։ Նույնը պատահեցավ և Բարսեղին։ Նա հայտնեց այդ բանը մորը, բայց սա օտար քաղաքի անունը լսելուն պես՝ այլևս չթողեց նրան շարունակելու յուր ասելիքը։ Որդին սկսեց թախանձել, մայրը լսել անգամ չէր ուզում, և ո՞ր մի մայրը կթողներ յուր որդուն մեն-մենակ գնալու օտար, անծանոթ քաղաք բախտ որոնելու, և այն էլ անփորձ, տակավին երեխա որդուն, որ ոչ ճանապարհների հետ էր ծանոթ, ոչ ապրուստի միջոց ուներ և ոչ վերահսկող։ Կարծում ենք ո՛չ մի մայր, որ յուր սեփական արգանդից է ծնել այդ որդուն։ Ոչինչ այնքան նուրբ, այնքան քնքուշ չի կարող լինել, որքան մայրական զգացմունքը, և այդ հասկանում են միայն մայրերը։ Որդին լռեց, բայց Թիֆլիս գնալու միտքը բնավ չէր հեռանում նրա գլխից․ մանավանդ որ «փորձված» հարևանն ասել էր նրան և պատմել, թե ինչպես բազմաթիվ բախտախնդիրներ հասել են այնտեղ իրենց նպատակին։ Երկար մտատանջվելուց հետո վերջապես նա վճռեց, որ առանց մորը հայտնելու ճանապարհ ընկնի դեպի ցանկացած քաղաքը, և այդպես էլ արավ։ Մի անգամ առավոտյան նա վեր կացավ, դուրս եկավ տնից և սկսեց առաջ գնալ, առանց իմանալու, թե որն է այն ճանապարհը, որ պիտի տաներ նրան Թիֆլիս։ Տղայական կատարյալ անփորձությո՞ւնն էր, թե մի ուրիշ բան, որ նա բնավ չէր հասկանում, թե որքան վստահ և հանդուգն քայլ է յուր արածը, բայց նա մի անգամ ընդմիշտ յուր դիտավորությունը վճռած և հաստատակամ մարդու նման միշտ առաջ էր գնում, առանց մտածելու գեթ, թե ի՞նչ պիտի ուտեր ճանապարհին և ինչպե՞ս պիտի հասներ Թիֆլիս այդպիսի ցուրտ եղանակին (այդ ժամանակ աշուն էր), և այն էլ ոտով ու ամառվա շորերի մեջ։ Ճանապարհին նրան գյուղացիներ պատահեցին, որոնք սայլերով ինչ-որ բան էին տանում քաղաք ծախելու։ Նա իմացավ նրանցից, որ ինքը, բարեբախտաբար, Թիֆլիսի ճանապարհի վերա է և խնդրեց, որ իրեն էլ հետները վերցնեն։ Գյուղացիների նրան իրենց հետ վերցնելն այն եղավ, որ ասացին միայն «Եկ» և նա էլ ոտով հետևեց նրանց.․. Երկրորդ օրը գյուղացիների հետ նա ոտք կոխեց Թիֆլիս կատարյալ սոված փորով և սառած անդամներով։ Այնուհետև մենտորները թողեցին նրան այդ անծանոթ, մեծ քաղաքում փնտրելու յուր բախտը, իսկ իրենք գնացին իրենց գործին։ Պետք է միայն երևակայել տասնևչորս տարեկան անփորձ, միամիտ, սոված, մերկ, անտուն և պանդուխտ պատանու դրությունը օտար և բոլորովին անծանոթ քաղաքում աշնանային ցուրտ եղանակին։ Երրորդ օրը նա արդեն կուչ էր եկած Թամամչյանի քարվանսարայի տակ։

-----

Հետևյալ օրը աղա Գրիգոր Մոսեիչի խանութում մի նոր աշակերտ ավելացավ։ Ինչպես երևում էր, նա բոլորովին խամ էր յուր պաշտոնի մեջ. մյուս աշակերտները, գործակատարները բոլորն էլ զբաղված էին իրենց գործերով՝ մեկը ապրանք էր դարսում, մյուսը վայր բերում, երրորդը չափում էր, չորրորդը կտրում, հինգերորդը հաշվում էր, վեցերորդը գնողի հետ խոսում, բայց նա, որպես արձան, կանգնած էր մի կողմում և, կարծես, անզգա կերպով նայում էր, թե ինչ է կատարվում յուր շուրջը։ Նրա հայացքի մեջ նկատվում էր և՛ ամոթխածություն, և՛ երկյուղ, և՛ ապուշություն, և՛ անչափ հեզություն, և՛ երեխայական միամտություն ու անմեղություն։ Նա յուր այդ դիրքով այնքան գեղեցիկ էր, որ մինչև անգամ խանութում անպակաս առևտուր անող «սուդարինիա» ու «մադամները» նրա վերա երբեմն-երբեմն սիրաժպիտ հայացքներ էին ձգում․․․

Իսկ ո՞վ կարող էր ասել և ճանաչել, որ այդ գեղեցիկ հագնված գեղեցիկ տղան՝ մի օր առաջ Թամամչյանի քարվանսարայի պատի տակ ընկած ցրտից կոնկոռնող, կեղտոտ պատանին Բարսեղն էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը Սարգսի միջնորդությամբ նրան «որդեգրել» էր իրեն...

Be the first who will comment on this

Other parts of "Բարերար և որդեգիր"

Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower

Sad return (nobody is waiting)
Sad return (nobody is waiting)
Play Online