Muratsan

Իմ կաթոլիկ հարսնացուն

6

ԻԱ

ԲԱՆՏԻ ՄԵՋ

Հասնելով բանտը՝ ոստիկանապետի պաշտոնյան ինձ հանձնեց բանտապետին պատվիրելով արգելել ինձ մի սենյակում մինչև ցպահանջ և ինքը դուրս գնաց։

Բանտապետը մի ծեր միջին հասակով և չոր կազմվածքով մարդ էր։ Ճակատին կնճիռները գրեթե իրենց ծանրությամբ ճնշում էին նրա երկարամազ և թավ հոնքերը որոնք ծածկում էին երկու մեծ մեծ բայց խոր ընկած աչքերը։ Նրա դեմքի արտահայտությունը սառն էր և անտարբեր։ Յուր պաշտոնը կարծես մեռցրել էր նրա մեջ կարեկցելու գողտրիկ զգացմունքը։ Ոստիկանապետի պաշտոնյայի հեռանալուց հետ նա դարձավ դեպի ինձ։

Բարեհաճեցեք խնդրեմ ինձ հետևելու։

Այս խոսքերը թեպետ շատ քաղաքավարի էին, բայց նա արտասանեց մի այնպիսի եղանակով, որ նրանք ամենակոպիտ հրամանից էլ ավելի վատ ազգեցություն արին ինձ վերա։

Ես հետևեցի բանտապետին, բայց սրտնեղությունից տանջվում էի, որ նա մի բառ անգամ չէր ուզում արտասանել, իմ այստեղ մտնելու պատճառը իմանալու համար։

Մենք անցնում էինք մի նեղ, երկար և կամարակապ միջանցքով, որի երկու կողմից շինված էին բազմաթիվ սենյակներ, երկաթապատ դռներով։ Նրանցից յուրաքանչյուրի առաջ կանգնած էր մի հրացանակիր պահապան, որը դռան մեջ շինված փոքրիկ ծակով մերթ ընդ մերթ դիտում էր սենյակի մեջ խլրտվող բանտարկյալների շարժումները։

Հասնելով միջանցքի ծայրը բանտապետը հրամայեց պահապանին բանալ մի սենյակ, որը մյուսներից զանազանվում էր նրանով միայն, որ երկաթապատ դռան փոխարեն հասարակ փայտյա դուռ ուներ վրան։ Երբ սենյակը բացվեցավ, նա առաջարկեց ինձ մտնել այնտեղ։

Չէի՞ք կարող մի ավելի մաքուր սենյակ զիջանել ինձ, ես տկար եմ, և այստեղ օդը կարող է ինձ վնասել, ասացի ես բանտապետին։

Սա ամենից մաքուրն է, պատասխանեց բանտապետը, իսկ ձեր տկարության հարցի մեջ մենք խառնվելու իրավունք չունենք։ Երևի բավական առողջ եք, որ բանտարկության արժանի հանցաք եք գործել։

Դուք շատ վատ գաղափարներ ունիք ինձ վերա, պ․ բանտապետ, թույլ տվեք, որ պատմեմ ձեզ ինձ այստեղ բարելուն պատճառը, և դուք քաջահույս եմ, կկարեկցեք ինձ։

Օ՜, դա բոլորովին ավելորդ է․ եթե ես ամեն մի բանտարկյալի պատմությունը լսելու լինեմ, ճաշելու համար ինձ ժամանակ չի մնալ․ բարհաճեցեք հանգստանալու ձեր խուցում, դա ավելի օգուտ է ձեզ։ Դեռ փառք տվեք աստծուն, որ ձեր քունը ոչ ոք չէ խանգարելու։

Ես այլևս ընդդիմանալ չկարողացա․ ներս մտի ինձ սպասող խուցը և դուռը վրաս փակվեցավ։

Ես արդեն բանտարկված էի։

Առաջին մի քանի վայրկյանները թեթև կերպով անցան։ Իմ վիճակի ծանրությունը դեռ այնքան զգալի չէր ինձ։ Միայն տխրեցա շատ իմ ճգնարանի անմաքրությունը և օդի ապականությունը տեսնելով։ Սա մի փոքրիկ և նեղ սենյակ էր, գրեթե առաստաղին կպած մի պատուհանով և աղյուսե հատակով։ Խոնավությունից սևացած կամարակապի վերա կախված էին բյուրավոր սարդի ոստայներ, որոնք կանթեղի աղոտ լույսի առաջ մի զզվելի պատկեր էին ներկայացնում։ Իսկ այս բոլորից հառաջացած գարշահոտությունը խառնելով կանթեղի մեջ վառվող նավթի ծուխի հետ, մի անտանելի և խեղդող մթնոլորտ էին ստեղծում այդ դժոխային խուցի մեջ։

Այստեղ ի՛հարկե ո՛չ քնել կարելի էր և ո՛չ արթուն մնալ։ Եթե օդը գոնե մաքուր լիներ, մյուս անմաքրությունների վերա ուշադրություն չեն դարձնիլ, իսկ դրա համար էլ հարկավոր էր, որ պատուհանը կարողանայի բանալ, բայց նա չափից դուրս բարձր էր շինված։

Վերջապես մտածեցի դիմել պահապանին և սենյակիս օդը մաքրելու համար մի հնար խնդրել նրանից։ Եվ որքան մեծ եղավ ուրախությունս, երբ նա ЭпЧЭ տվավ ինձ մի թել, որի քաշելուց իսկույն պատուհանի փեղկերը բացվեցան։ Հետո նա դռան ծակով տվավ ինձ մի լաթ, որով փոշոտած թախտը սրբեցի: Մի քանի րոպեից հետ արդեն իմ ննջարանը պատրաստ էր։

Բայց քունը աչքերիս չմոտեցավ։ Ես սկսա մտածել իմ վիճակի վերա և սարսափեցի։ Իմ թշնամիներին ամեն բան հաջողում էր։ Նրանք խանգարեցին իմ ամուսնությունը, նրանք հետ դարձրին ինձ այդ ամուսնության առհավատչյան, նրանք անբարոյական տան մեջ բռնել տվին ինձ, նրանք իմ անունը աղարտեցին և վերջի վերջո բանտի մեջ արգելեցին։ Ես իրավունք ունեի հավատալու, որ նրանք Մարգարիտայի սերն էլ կհեռացնեն ինձանից... և այս միտքը կտրտում էր իմ սիրտը։ «Իհարկե, ինչ կա սրանից ավելի հեշտ, մտածում էի ինքս ինձ, հարյուրավոր մարդիկ կվկայեն, որ ինձ տեսեք են պոռնկանոցի մեջ, անբարոյական աղջկա գրկերում, տռփանաց դիցուհվույն անձնատուր... Ոստիկանական ցուցումները կվկայեն, որ ես հասարակաց տան մեջ սկանդալ գործեցի, որ ես մի տկար կնոջ վերա բռնացա...Այս բաները կլսին օտարները և կծիծաղին ինձ վերա, կլսին իմ ազգականները և կխոցոտվին. կլսե Մարգարիտան և զգվանոք երես կդարձնի ինձանից... Ո՞վ պետք է պաշտպանե ինձ. և ինչու՞ համար պիտի պաշտպանե. չէ՞ որ բոլոր փաստերը ինձ դեմ են աղաղակում, չէ որ բոլորի վկայություններն էլ ճշմարիտ են... միայն մեկը կա, որ գիտե իմ անմեղությունը, բայց այդ մեկն էլ վկայություններ չէ տալիս անմեղության համար, ապա թե ոչ չարությունը այսքան հանդգնությամբ չէր բըռնանալ աշխարհի վերա...»։

Այս մտածմունքները երկար ժամանակ տանջում էին ինձ, աշխատում էի աչքերս փակել, բայց հնար չէր լինում։ Վերջապես սկսա ավելի լրջությամբ մտածել։ Ինչի՞ս են պետք մարզիկների վկայությունները, ասում էի ինքս ինձ, եթե ինձ կդատապարտեն, կկրեմ անիրավության պատիժը, մի՞թե նա ավելի ծանր պիտի լինի, քան այն տանջանքը, որ կարող էր պատճառել ինձ իմ խղճի

-13 Մուրացան, հատոր 1 խայթը, եթե իրոք ես հանցավոր լինեի։ Ամբոխի ծիծաղը ինձ համար նշանակություն չունի։ Ի՞նչ բան է նա, եթե ոչ մի բազմոտանի կենդանի, որի սանձը շատ անգամ գտնվում է սրիկաների ձեռքում և որին կարող է հեծնել ամեն մի բախտախնդիր... միևնույն արժեքր չունի՞’ արդյոք նրա ծափահարությունը, ինչ որ նրա հայհոյանքը։ Ինչ վերաբերում է իմ ազգականներին, նրանք ինձ ճանաչում են և բյուրավոր բարբաջանքներին ավելի իմ միակ վկայությունը կգերադասեն: Իսկ եթե Մարգարիտան նրանց նման չի մտածիլ, եթե նա կթերահավատե իմ ազնվության վերա և ամբոխի աղաղակը կշարժե նրան ինչպես մի եղեգն, թո′ղ նա էլ հեռանա ինձանից. թո՛ղ նա էլ արհամարհե ինձ... Եթե ես կկորցնեմ սերը գոնե կբուժեմ իմ վիրավոր սիրտը և կդադարեմ քիչ-քիչ մեռնելուց...»։

Այս մտածմունքներից հետ վրդովմունքս անցավ, սիրտս սկսավ հանգստանալ և անուշարար քունը կամաց կամաց ծանրացավ իմ արտևանունքների վերա։

Ես մինչև առավոտ քնեցի։

ԻԲ

ԱԶԱՏԱՐԱՐՈՒՀԻՆԵՐԸ

Առավոտը արեգական շողերը արդեն թափանցել էին իմ խուցի մեջ, երբ ես ղարթեցա։ Ուրիշ ժամանակ երեկոյան դեմ ունեցած ամենափոքր վրդովմունքի պատճառով ամբողջ գիշեր ես կերազեի. դա իմ սովորությունս էր։ Շատ անգամ իմ քունը ընդհատվում էր հրեշավոր անուրջներով, և ես սարսափահար վեր էի թռչում անկողնից։ Բայց այս գիշեր ես ավելի քան հանդգստ քնեցի։ Զարմանում էի, որ ոչ մի տեսիլ կամ երազ չէր վրդովել իմ քունը, և չոր տախտակե թախտը փափուկ մահճակալից ավելի հանգիստ էր պարգևել ինձ:

Ես դեռ նոր սկսում էի մտածել երեկվա անցքի վերա, երբ մի կանացի ձայն լսվեցավ միջանցքի մեջ։ Այդ ձայնը ծանոթ էր ինձ, ես սկսա ուշադրությամբ լսել։ Շուտով իմ խուցի փականքը սկսան շարժիլ, դռները բացվեցան և Մարգարիտան վազելով ներս ընկավ խուցի մեջ։

Արա՛մ...

Մարգարիտա... խոսքերը միաժամանակ դուրս թռան մեր բերաններից և մենք գրեթե հափշտակված փաթաթվեցանք միմյանց... Բավական ժամանակ այս դրության մեջ լուռ և անխոս մնալուց հետ վերջապես մենք թող տվինք իրար։ Այդ ժամանակ միայն ես նկատեցի, որ Մարգարիտան միայնակ չէր. նրան ընկերակցում էր օր. Վարվարա Սիլիկյանը: Ես իսկույն մոտեցա նրան, ջերմությամբ սեղմեցի յուր ձեռը և երկուսին էլ հրամեցրի իմ աղքատիկ թախտի վերա նստելու։

Չե՞ք վախենում բամբասանքից, որ ինձ նման անբարոյական մարդուն այցելում եք բանտի մեջ, հեգնությամբ հարցրի ես օրիորդներին, երբ նրանք նստեցին թախտի վերա։

Քեզ հետ թեկուզ դժոխքը քարշ տան ինձ, հարեց իսկույն Մարգարիտան, առանց քեզ` արքայություն էլ ինձ համար դժոխք է...

Իսկ ինձ ինչու՞ համար եք վիրավորում, խոսեց օր. Վարվարան, մի՞թե կարծում եք, թե ձեզ չճանաչելու չափ անփորձ մի աղջիկ եմ ես։

Ես իրավունք չունիմ հուսալու, թե այս դեպքից հետո իմ բարեկամներն անգամ իրենց իմ վերաբերությամբ ունեցած նախկին կարծիքը անխախտ պահել կկարողանան. փաստերը ինձ դեմ են խոսում, մարդիկ ինձ դեմ են լսում, ինչպե՞ս պահանջել, որ նրանք չհավատան միմյանց...

«Արամ, թող տուր այգ խոսքերը, պատասխանեց Մարգարիտան, մենք միմյանց լավ ենք ճանաչում, մեզ ճանաչում են և մեր ընկերուհիները։ Դեպքերը և փաստերը մեզ համար չեն, այլ ամբոխի։ Թող որ հասարակաց կարծիքը մի պարապմունք ունենա յուր համար, իսկ դու ինձ լսիր։ Այսպիսի մի դարան վաղ թե ուշ պիտի լարվեր քեզ համար, ես այդ գուշակում էի։ Գերապայծառի հրամանը ստացվելուց և քո նշանատվության ընծաները քեզ հետ դարձնելուց ետ ես ամեն հաշիվ վերջացրի իմ հոր հետ։ Դու անշուշտ հիշում ես, որ ես ասացի քեզ, «Եթե չար ոգիները այսքան եռանդով չզինվեին իմ դեմ, երբեք ես չէի վստահանալ նրանց դեմ պատերազմելու. այժմ չոր փայտի հետ դալարն էլ պիտի այրվի»:

Այդ դալար փայտը իմ հայրն էր։ Ես մինչև այս հասակը նրան ընդդիմացած չէի. նրա հրամանները միշտ ինձ համար սուրբ են եղած։ Բայց այն օրից սկսած, երբ նա յուր ուսուցիչների խորհրդով սպանել ուզեց իմ երջանկությունը, ես նրան հայտնեցի, որ նա այլևս աղջիկ չունի, որ Մարգարիտան նրա համար մեռած է։ Իմ այս վճիռը հաստատ էր և անդառնալի, նա այդ գիտեր։ Ուստի մեծ ուրախությամբ լսեց պատերների քո մասին տված նոր վկայությունը, այն է, որ դու բարոյապես փչացած մի երիտասարդ ես։ Եմ հայրը գիտեր, որ միայն քո անբարոյական լինելը կարող էր հեռացնել ինձ քեզանից, ուստի խնդրեց յուր ուսուցիչներին, որ շոշափելի փաստերով ապացուցանեն քո անբարոյականությունը։ Եվ նրանք, ինչպես երևում է, ապացուցել են, բայց իհարկե ոչ ինձ, այլ իմ հոր համար։ Երեկ երեկոյան հայրս վերադարձավ տուն պատեր֊Սիմոնի և մեր երկու ազգականների հետ միասին, և հաղթական եղանակով պատմեց, թե ինչպես քեզ տեսել էին հասարակաց տան մեջ, մի անբարոյական աղջկա հետ գրկախառնված և վերջը թե ինչպես դու հարբելով ծեծել էիր քեզ հետ զվարճացող կնոջը և մատնվել էիր ոստիկանության ձեռքը իբրև մի ոճրագործ։ Այս բոլորը մի առ մի պատմում էր հայրս, այս բոլորին վկայում էին մեր ազգականները և պատեր֊Սիմոնը։

Ես իհարկե գիտեի, որ ճիշտ էին նրանց պատմածները, բայց գիտեի և այն, որ դրանք բոլորը պատեր-Սիմոնի և ընկերության ձեռքով սարքված բաներ էին, հետևապես այդ պատմությունները ինձ վերա ոչինչ ազդեցություն անել չկարողացան. ես միայն տխրեցի, որ դու բռնվել էիր սատանայական վարմի մեջ...

Ձեր պատմությունները միայն ձեր աչքում կշիռ ունին, ասացի ես հորս և նրա ընկերակիցներին, իսկ ինձ համար միայն առասպելներ են։ Իմ սիրած երիտասարդին ես ճանաչում եմ. ինձ չեն կարող հեռացնել նրանից մարդկային մեքենայությունները, եթե նրանք մինչև անգամ սատանաների ձեռքով էլ դարբնված լինին. իզուր է ուրեմն ձեր դժոխային ուրախությունը...

Այս ասելով ես հեռացա նրանցից և այսօր ես քեզ մոտ եմ»։

Ինչպե՞ս եկաք այստեղ, հարցրի ես Մարգարիտային, երբ նա վերջացրավ յուր պատմությունը։

Ես այս առավոտ դիմեցի օր. Վարվարայի հորը, նա բանտապետի ամենալավ բարեկամն է, և խնդրեցի նրան հնար գտնել ինձ համար քեզ տեսնելու, և ահա նա օրիորդին ընկերացրեց ինձ հետ և մենք բանտապետի հրամանով անարգել եկանք քեզ մոտ։

Այժմ դու պատմիր մեզ երեկվա անցքի բոլոր մանրամասնությունները, որպեսզի նույնը Վարվարան յուր հորը հաղորդե. իսկ նա յուր կողմից ոստիկանապետին հարկ եղածը հասկացնելով ազատությանդ հրամանը պիտի ստանա, այդ մասին մենք արդեն խոսացել ենք։

Ես իսկույն պատմեցի նրանց իմ ընթերցողներին հայտնի պատմությունը, սկզբից մինչև վերջ առանց մի կետ մոռանալու կամ թաքցնելու։ Երբ իմ պատմությունը վերջացավ, օրիորդ Վարվարան վեր կացավ տեղից և ասաց.

Սպասեցեք ինձ երկու ժամ, և ես ազատության հրամանի հետ միասին կվերադառնամ այստեղ, և այս ասելով դուրս գնաց։

Իսկ դու, Մարգարիտա, ինչու՞ համար ես մնում այստեղ, ընկերացիր օրիորդին, ասացի ես։

Բայց նա հեգնությամբ ժպտալով պատասխանեց.

Ի՞նչ իրավունքով ես սիրում ինձ ուրեմն, եթե այդքան փոքրոգի ես կարծում ինձ, մի՞թե մի քանի ժամ էլ ես քեզ հետ բանտարկված չեմ կարող մնալ, և դու չե՞ս հավատում ուրեմն, երբ ես քեզ ասում եմ, թե` քեզ հետ միասին ուրախությամբ դժոխք կիջնեմ...

Իբր պատասխան ես միայն համբուրեցի սիրուհուս, և այնուհետև սկսանք կրկին խոսել մեր ապագա ձեռնարկության մասին, որ էր միասին հեռանալ իմ հայրենիքը։ Ինչպես հայտնեց Մարգարիտան, հետևյալ ավուր գիշերը շոգենավ էր ճանապարհում դեպի Բ., մենք որոշեցինք հենց նրանով էլ հեռանալ:

Երկու ժամից ետ, ինչպես խոստացել էր, վերադարձավ օրիորդ Վարվարան, և բերավ յուր հետ իմ ազատություն հրամանը: Երկու ազատարարուհիներս հետ միասին ես դուրս եկա իմ տխուր բնկարանից:

Բանտի բակից հեռանալու ժամանակ բանտապետը եկավ և ներողություն խնդրեց ինձնից, որ նա սխալմամբ շատ կոպիտ էր վարվել գնդապետ Սիլիկյանի բարեկամի հետ նրա յուր սենյակում չէր հյուրասիրել: Ես իհարկե ներեցի նրան յուր չգործած հանցանքը և հեռացա:

ԻԴ

ԱՆՀԱՋՈՂ ՓԱԽՈՒՍՏ

Դեռ մեր տուն չհասած ճանապարհին պատահեցի փեսին, որ շտապ շտապ վազում էր դեպի ոստիկանատան փողոցը: Տեսնելով ինձ, որ գալիս էի երկու օրիորդների հետ, նա կանգ առավ և զարմացմամբ սկսավ նայել ինձ վերա, կարծես թե չհավատալով յուր աչքերին, որ ինձ էր տեսնում յուր առաջ:

Այդ ո՞րտեղից. քեզ համար ասացին, որ բանտարկված ես, ես գնում էի ոստիկանապետի մոտ, հարցրեց փեսաս:

Ուշացել ես. օրհնությունը Հակովբ տարավ, պատասխանեց Մարգարիտան, և մենք բոլորս միասին ծիծաղեցինք:

Այսուամենայնիվ փեսաս անհանգստանում էր և ցանկանում էր մի րոպե առաջ իմանալ այս հանելուկի ինչ լինելը:

Ես իհարկե նրան էլ պատմեցի ամեն բան մանրամասնաբար: Հետո հարցրի, թե ինքը ի՞նչ ձևով էր լսում այդ պատմությունը:

Երեկոյան մենք քեզ սպասեցինք մինչև տասներկու ժամը, պատասխանեց փեսաս, բայց տեսնելով, որ չես վերադառնում, քույրդ սկսավ անհանգստանալ, իսկ ես դուրս եկա փողոց քեզ որոնելու։ Այդտեղ ինձ ասացին, որ քեզ Կլեմես սարկավագի հետ են տեսել։ Ես դիմեցի նրա տունը բայց նա հայտնեց, որ դու միայն կես ժամ ես մնացել նրա մոտ և թե այնուհետև քո ուր գնալը չգիտե։ Շուկայի հրապարակով անցնելու ժամանակ ես պատահեցի մեր տղաներից մի քանիսին, որոնք այնտեղ հավաքված հենց քո այդ դեպքի մասին էին խոսում։ Նրանք ինձ պատմեցին ամեն բան. պատմեցին և այն, որ դու բանտարկված ես։ Այդ լուրը ինձ սաստիկ խռովեց, բայց ժամանակը ուշ էր, ոստիկանապետի մոտ գնալ չէի կարող։ Վերադարձա տուն և քրոջդ խաբեցի, որ դու մեր տղաների հետ գնացել ես այգիները քեֆ անելու: Միայն իհարկե այդ սուտը երկար չէր թաքնվելու, ես վախենում էի, որ մեր շատախոս դրացուհիներից մինը այսօր ևեթ կգար և կպատմեր նրան ամեն բան։ Բայց այժմ արդեն վտանգն անցած է. մնում է ինձ շնորհակալություն անել մեր գեղեցիկ օրիորդներին, որոնք այսքան մեծ ուրախություն պատճառեցին մեզ բոլորիս։

Օրիորդները հարկավ չեն սպասում քո շնորհակալությանը, նկատեցի ես։

Իհարկե մենք չենք կամենալ, որ մեզանից շնորհակալ լինեին այն գործի համար, որը մենք կատարել ենք միայն մեզ ուրախացնելու համար, պատասխանեց օրիորդ Վարվարան։

Դու ինձ տեղ էլ խոսացիր, նկատեց Մարգարիտան պարզելով յուր ձեռքը սեղմեց օրիորդի աջը ի նշան շնորհակալության։

Մի քանի րոպեից հետ մենք հասանք տուն: Քույրս գրեթե սարսափելով լսեց այս անախորժ անցքի բոլոր պատմությունը։ Բայց իհարկե նա չվշտացավ, որովհետև ես արդեն յուր մոտն էի։

Այդ օրը մենք արտաքո կարգի ուրախությամբ տոնեցինք իմ ազատությունը։

Երեկոյան դեմ, երբ իմ երկու ազատարարուհիները հեռացան, ես հայտնեցի քրոջս ու փեսայիս իմ դիտավորությունը, որ է` Մարգարիտայի հետ փախչել իմ հայրենիքը։ Առաջին նվագում նրանք երկուսն էլ ընդդիմացան իմ այդ որոշմանը: Բայց երբ ես բացատրեցի նրանց, որ այս քաղաքում իմ և Մարգարիտայի ամուսնանալը անհնար է, ըստ որում կաթոլիկ կղերը մինչև վերջին շունչը պիտի պատերազմեր ինձ հետ, նրանք համոզվեցան:

Այսուամենայնիվ այդ փախուստն էլ դժվար է, նկատեց փեսաս, որովհետև քանի որ դու այդ գաղտնիքը հայտնել ես Կլեմես սարկավագին, կնշանակե այդ բանը գիտեն և՛ պատերները, և՛ Լուսինյանը. հետևապես նրանք ձեզ կհետևեն ամեն մի շոգենավ ճանապարհվելիս և կխանգարեն ձեր փախուստը:

Այս կասկածը հիմնավոր էր. ուրեմն պետք էր ձեռնարկել այնպիսի մի միջոցի, որով մեր հակառակորդների հետապնդությունը կարելի լիներ ի դերև հանել:

Բայց իհարկե, ես ինձանից ոչինչ միջոց առաջարկել չէի կարող. ես սպասում էր, որ՞ դարձյալ փեսաս գտներ այդ միջոցը:

Նավահանգստի կողմից նավ մտնել, առանց տեսնվելու անկարելի է, որովհետև չնայելով, որ շոգենավը գիշեր ժամանակ պիտի ճանապարհվի, այսումենայնիվ շատերը նավահանգստում կլինին, և այդտեղ ուղղակի նավակ նստել չեք կարող: Եթե հնար լիներ մի ուրիշ ճանապարհով հասնել շոգենավին, այն ժամանակ գործը կհեշտանար. որովհետև նավը թեպետ նավահանգստումն է, բայց շատ հեռու է կանգնած ափից. այնպես, որ նավամատույցի վերա գտնվողներից ոչ ոք գիշեր ժամանակ չէ կարող ճանաչել շոգենավ մտնողներին:

Մի՞թե ուրեմն մի ուրիշ հարմար տեղ դու չես ճանաչում, հարցրի ես:

Փեսաս մի փոքր մտածեց և ապա հարցրեց:

Դուք կարո՞ղ եք բաց ծովից նավակ նստել:

Ինչու՞ չէ, պատասխանեցի ես, մի՞թե մի առանձին վտանգ կա դրանում:

Վտանգ չկա, բայց պետք է արիություն ունենալ: Դուք պետք է մի վերստ հեռավորությունից ծով մտնեք և նավակով հառաջանաք մինչև նավահանգիստը: Հասնելով նավահանգստին՝ հանգստին՝ պիտի պտտեք նրա շուրջը և ուղղակի նրա բերանից ներս մտնելով բարձրանաք շոգենավը։ Կարո՞ղ եք այդ անել։

Գտիր մեզ համար մի լավ նավակ և մի քաջ նավաստի, պատասխանեցի ես, մնացածը հեշտ է․ ես բաց ծովից չեմ վախենում, հույս ունիմ Մարգարիտան էլ ինձ հետ նավելու քաջություն կունենա։

Շատ լավ. ուրեմն ամեն բան հենց վաղը առավոտվանից կպատրաստենք: Ես մի ծանոթ նավաստի ունիմ, կպատվիրեմ, որ նա մի քանի ժամ առաջ յուր նավակը նավահանգստից նշանակյալ տեղ տանե, իսկ ես և Շուշանը երեկոյան կտանենք ձեզ ծովափը:

Մյուս օր առավոտ ես կրկին տեսնվացա Մարգարիտայի հետ: Նա ուրախությամբ լսեց իմ փեսայի առաջարկությունը:

Ես երկչոտ չեմ, ասաց նա, բավական է, որ Արամը ինձ հետ լինի. ծովի ալիքները ինձ չէին վախեցնիլ, եթե մինչև անգամ նրանք մեր նավակը ընկղմիլ կարողանալու չափ կատաղաց լինին:

Այնուհետև մենք խոսացինք մեր ուղևորության վերաբերյալ զանազան պատրաստությունների վերա: Քույրս կամենում էր մինչև անգամ նվերների մի քանի կապոցներ հանձնել ինձ մեր ընտանիքին և ազգականներին տանելու համար: Բայց ես հայտնեցի նրան, որ բացի իմ ճանապարհորդական պայուսակը ուրիշ ոչինչ ինձ հետ վերցնելու չեմ. ըստ որում ես արդեն ինձ հետ ամենաթանկագին բեռն էի տանում, և իմ բոլոր աչալրջությունը նրան պիտի նվերի:

Կարևոր նախապատրաստությանց մասին մեր խորհրդածությունները վերջացնելուց հետո, ես ժամադիր եղա Մարգարիտային թե երբ և որտեղ պիտի սպասեր նա ինձ այդ ավուր երեկոյան, որպեսզի մենք միասին ծովափը իջնեինք:

Եվ ապա նա գնաց յուր մորը հայտնելու մեզանից լսածներն, ըստ որում մեր փախուստի համար նա արդեն տվել էր յուր համաձայնությունը: Իսկ փեսաս գնաց լավ նավակ և քաջ նավաստի վարձելու:

ԻԵ

Երեկոն հասավ, մենք պետք է ճանապարհվեինք։ Քույրս ցանկանում էր գալ մինչև ծովափը ինձ ճանապարհ ձգելու, բայց ես վախենալով, որ հակառակ կողմից մարդիկ կարող էին գալ մեր տուն և մեզ բոլորիս բացակա գտնելով՝ կարող էին կասկածի երթալ մեր փախուստի համար, ուստի լավ համարեցի, որ քույրս մնար տանը։ Հետո նրան իմ հրաժեշտի ողջույնը տալով փեսայիս հետ կառք նստա և ուղևորվեցա դեպի նշանակյալ տեղին։

Դեռ երկու փողոց հազիվ էինք անցել, երբ փեսաս հիշեցրեց ինձ, որ պայուսակս մոռացել էի։

Ոչինչ. մինչև Բ. ես պայուսակի հարկավորություն չեմ ունենալ, պատասխանեցի ես, որքան թեթև լինիմ, այնքան լավ է։ Բայց դեռ վերջին խոսքերը չէի արտասանել, երբ փեսաս արմունկով նշանացի արեց որ լռեմ: Այդ միջոցին մի ստվեր անցավ մեր մոտից։

-Ի՞նչ կա, հարցրի ես կամացուկ ձայնով: Կլեմեսը անցավ, չտեսա՞ր, դու այնպես բարձր էիր խոսում, որ նա անշուշտ քեզ կլսեր, պատասխանեց փեսաս։

Էլ այսուհետև ի՞նչ կարող է նա անել մեզ, նկատեցի անհոգությամբ, բայց մի քանի րոպեից հետ մի գաղտնի երկյուղ պաշարեց սիրտս։ Այդ զգացմունքը իհարկե ես թաքցրի իմ փեսայից։

Այգու մոտ հասնելով ես իջա կառքից և պատվիրեցի փեսայիս պտտվիլ դեպի ցանկապատի հյուսիսակողմը և սպասել այնտեղ։ Մարգարիտային ես ժամադիր էի եղել այգվո ծառուղիներից մինում։ Ես շտապ շտապ վազեցի նշանակված տեղը։ Երկու մեծ նոճիներով հովանավորված և մացառներով ծածկված մի նստարանի վերա սպասում էր ինձ իմ սիրուհին, նրա հետ էր և Մարին։

Դու ուշացար, կամացուկ ձայնով շշնջաց Մարգարիտան, ես վաղուց է սպասում եմ այստեղ։

Հոգ չէ, սիրելիս, այս վերջին անգամն է, որ մենք գաղտագողի տեսակցություն ենք ունենում և սխալվում ենք ժամադրության մեջ, պատասխանեցի ես, այսուհետև էլ այսպիսի սխալմունքներ չեն կրկնվիլ։

Այս ասելով շտապով թևս առի նրան և ուղղվեցա դեպի այն կողմը, ուր սպասում էր փեսաս յուր կառքով։

Երբ հասանք կառքին և Մարգարիտայի հետ միասին նստանք նրա մեջ, Մարին տվավ մեզ յուր հրաժեշտի ողջույնը և բարի ճանապարհ մաղթելով ինձ և յուր տիրուհուն հեռացավ։

Մենք դիմեցինք դեպի մեր փախուստի ճանապարհը։

Ամպամած և խավար գիշեր էր. քամին կամաց կամաց սկսում էր զորանալ, և ամայի ծովափի վերա արդեն բարձրանում էին ավազուտի փոշիները։ Ես վախենում էի թե գուցե ալեկոծություն պատահեր։ Բայց փեսաս, որ ավելի ծանոթ էր ծովային շարժումներին, հանգստացրեց ինձ ասելով, որ այդ տեսակ քամիները առհասարակ շուտով ալեկոծություն չեն բերում:

Երբ հասանք նշանակյալ տեղը, մեր նավաստին արդեն պատրաստ սպասում էր մեզ։

Եթե մի փոքր ուշանայիք ես պետք է վերադառնայի նավահանգիստը, ասաց նա, որովհետև փոթորիկ է գուշակվում։

Ուրեմն չգնանք, եթե կարծում ես, որ փոթորիկ կլինի, ասացի ես:

Ոչ, մենք դեռ ժամանակ ունենք նավահանգիստը հասնելու համար, պատասխանեց նա, մտե՛ք նավակը։

Բայց ծովի ալիքները արդեն բավական բարձրացել էին և մեզ տանող նավակը մի չոր տերևի պես խաղում էր նրանց վերա:

Ժամանակ չկորցնենք, ասաց Մարգարիտան մտնենք նավակը, րոպեները թանկ են…։

Դու այս ալիքներից չե՛ս վախենում, հարցրի ես նրան:

Ոչ, պատասխանեց նա հաստատուն ձայնով, նրանք մեզ ավելի վնաս չեն կարող տալ, քան մարդիկները, եթե այդ ալիքները մեռցնելու էլ չինին մեզ, գոնե երկուսիս միասին կմեռցնեն, ավելի քաղցր է մեկտեղ մեռնել քան բաժանված ապրել...

Ես տեսնում էի իմ առջև մի աղջիկ, որի մեջ սերը մեռցրել էր արդեն կանացի թուլությունը. և որի կրծքի տակ բաբախում էր առնական մի ազնվարյուն սիրտ։ Ես նայում էի նրա վերա. նայում էի և հիանում։ Շառաչող ալիքների առաջ` նա կանգնած էր հանգիստ և անհողդողդ, ինչպես մարմարիոնե մի արձան, և անթարթ աչերով դիտում էր հեռու, նավակայմի վերա վառվող լապտերը։ Նա շտապում էր ժամ առաջ հասնել այնտեղ, իմ և յուր բախտը ապահովել կարողանալու համար... այսպիսի մի կին ամենահուսահատ սրտերն անգամ կարող էր ոգևորել, իսկ ինձ` նա գրեթե առյուծի սիրտ և արծվո թևեր էր տալիս։

Գնանք ուրեմն, Մարգարիտա, ասացի ես, և համբուրվելով փեսայիս հետ առաջինը ցատկեցի նավակի մեջ։

Մարգարիտան իսկույն հետևեց իմ օրինակին։ Փեսաս առաջացավ դեպի նավակը և երկու ոսկի հանելով տվավ նավաստիին և ասաց.

Քո վարձը մի քառորդ արծաթ է, ես քեզ երկու ոսկի եմ նվիրում։ Այնպես կտանես դրանց մինչև նավահանգիստը, որ ամենափոքր նեղություն անգամ չեն զգալ ճանապարհին։ Հենց որ հաջողությամբ հասցրիր դրանց շոգենավը, դարձիր ինձ մոտ և երկու ոսկի նորեն կստանաս։ Նավաստին մեծ ուրախությամբ ոսկիները գրպանը դրավ և նոր խոստումովը ոգևորված բացականչեց.

Հանգիստ ինչպես շոգենավի մեջ. այնպես չէ՞. էհ իմ զույգ աչքերի վերա. այնպես տանեմ իմ տիրոջն ու տիրուհուն, որ նավակի մեջ քուն մտնեն։

Այս ասելով նա շարժեց թևճակները։ Եվ մենք ջերմաջերմ ողջունելով փեսայիս հեռացանք ափից։ Մի քանի րոպեի մեջ մենք արդեն թաց ծովի վերա էինք։

Թեպետ դեռ ալեկոծություն չկար, թայց կոհակների ծփանքը սաստիկ անհավասար լինելով նավակը անընդհատ մի խութից մյուսի վերա էր բարձրանում։ Այդ բավական չէր, նա սկսում էր հեռանալ ափից։ Նավաստին տեսավ, որ խոստումը անթերի կատարելու համար յուր ույժերը չպիտի բավեն, թեպետ շատ էր աշխատում ալիքներին տիրելու, ուստի խնդրեց ինձ օգնել իրեն, եթե այդ կարող էի անել։ Իսկույն նավակի մեջ դրված թիակներից երկուսը իմ ձեռքս առի, և չորս թևճակների հարվածներով սկսանք առաջ վարել նավակը: Մարգարիտան նույնպես կամեցավ մի բանով օգնել մեզ և ձեռքն առավ նավակի փոքրիկ ղեկը, որը մինչև այն բարձիթողի էր արված։ Մեր հավաքական ույժը կարողացավ հանել նավակը զարտուղի ճանապարհից և մոտեցնել ափին։ Այնուհետև հեշտանում էր նավաստիի գործը, որովհետև ափերից մոտիկ պիտի լողար նավակը, իսկ այդ դեպքում մեծ ույժ գործ դնելու կարիք չկար։ Երբ մենք մտինք հին նավահանգիստի ձանձաղուտը մեր պ. նավավարը սկսավ երգել. այդ նշան էր, որ վտանգավոր ճանապարհը արդեն անցել էինք։

Ես էլ սկսա մի փոքր զրույց անել մեր նոր բարեկամի հետ։

Ինչպես երևում է այժմ լավ տրամադրության մեջ ես, բարեկամ, ասացի նրան, մի փոքր առաջ քեֆդ տեղը չէր։

Ճշմարիտ է, տեղը չէր, պատասխանեց նավաստին, բայց այդ դուք ո՞րտեղից գիտեիք։

Ես տեսնում էի, որ ալիքների չարությունը քեզ բարկացնում էր։

Ալիքների չարությո՞ւնը, բնա՛վ, նրանց չարությունը ինձ չէ բարկացնում, այլ ընդհակառակը զվարճություն է պատճառում։ Ես տխուր էի ձեր գալուց առաջ։

Ինչո՞ւ համար։

Որովհետև ամբողջ չորս ժամ ձեզ սպասեցի։ Էլի օրհնյալ լինի ձեր ծառան, նա ինձ մի փոքր զբաղեցրեց։

Մեր ծառա՞ն, զարմացմամբ հարցրի ես, բայց որտե՞ղ տեսիր դու նրան։

Նա ինձ մոտ էր, եկել էր տեսնելու, թե ես պատրա՞ստ եմ ձեզ իմ նավակի մեջ ընդունելու համար։

Ես մնացի շվարած։ «Մեր ծառան սրա մոտ չէր գալ, մտածեցի ես, երևի մի ուրիշը այդ անունով մոտեցել է սրան և մեր գաղտնիքն իմացել»։

Ի՞նչ ուներ հագած մեր ծառան, հարցրի ես։

Օ՜, ծիծաղելի հագուստ, զարմանալի է, ինչպես որ ես մոռացա այդ հագուստի մասին խոսել ձեզ հետ: Ասացեք խնդրեմ մի՞թե ձեր ծառան քահանա պիտի շինեք:

Ասա՛, ասա՛, ինչ հագուստ ուներ:

Օ՜, շատ ծիծաղելի հագուստ. մի երկար լոդիկ. մի մոլականի գդակ... մի... հա՛ էլ ուրիշ բան չուներ:

Դա Կլեմեսն է եղել, շշնջաց ինձ Մարգարիտան:

Գուշակությունդ սխալ չէ, պատասխանեցի ես և ապա դառնալով նավավարին հարցրի.

Ի՞նչ խոսեց քեզ հետ մեր ծառան:

Ոչինչ. նա հարցնում էր թե քանիսո՞վ է վարձել քեզ մեր աղան, թե ինչ ճանապարհով պետք է ես տանեի ձեզ նավահանգիստը, թե ինչու՞ համար անպատճառ այս ճանապարհովը պետք է ես ձեզ տանեի և ոչ թե ուղղակի նավամատույցի կամուրջից և այլն:

Իսկ դու ի՞նչ պատասխանեցիր նրան:

Ինչ որ գիտեք, ինչ որ ինձ ասել էր ձեր մեծ աղան, պատասխանեց նավաստին և ապա կրկին սկսվավ երգել:

Բռնեցանք. ուրեմն շոգենավում մեզ սպասում են, խոսեց Մարգարիտան և շրթունքները ատամների մեջ սեղմելով կպավ իմ կրծքին:

Հանգիստ եղիր, հոգյակս, մեզ ոչ ոք չի արգելի մենք կերթանք, սիրտ էի տալիս ես Մարգարիտային, բայց նա կարծես չէր լսում ինձ. նավավարի հայտնությունները նրա հոգին խռովել և ուղեղը շփոթեցրել էին:

Բայց էլ ինչ կարող էինք անել. հետ դառնալ անհարին էր պիտի շարունակեինք մեր ճանապարհը՝ դեպի կորուստ կամ դեպի ազատություն...

Այն միջոցին երբ ես աշխատում էի Մարգարտայի սրտապնեդել, շոգենավը սուլեց: Նրա սուր առաձգական ձայնը, որ միգապատ ալիքների վերա մի տեսակ տխուր հագագներով էր հնչվում, սթափեցրեց իսկույն Մարգարիտային և նա շտապ-շտապ ուղղվելով նստարանի վերա.

Գնանք, շտապենք, ասաց, շոգենավը արդեն առաջին նշանը տվավ:

Ես էլ ոչինչ չխոսեցի, այլ թիերը ձեռս առնելով սկսա օգնել նավաստիին նավակը առաջ վարելու: Մի քանի րոպեից հետ մենք հասանք նավահանգստի բերանը և կամաց-կամաց սկսանք հառաջանալ դեպի շոգենավը:

Հիսուն քայլ հազիվ էր մնացել մինչև շոգենավը, երբ երկրորդ նշանը սուլեց։

Մենք կրկնապատկեցինք մեր եռանդը և մի քանի րոպեից հետ արդեն շոգենավի մոտ էինք։ Բոլոր ճանապարհորդները արդեն տախտակամածի վերա էին։ Շոգենավի շուրջը պտտում էին միայն դատարկ նավակները, որոնք քաղաք դարձող հուղարկուներին էին սպասում։ Ես օգնեցի Մարգարիտային՝ բարձրանալ նավի տախտակամածը հանող երկաթե սանդուղքի վերա և ապա ես էլ նրա ետևից բարձրացա։

Հազիվ թե ոտքներիս կոխեցինք տախտակամածի վերա և ահա նշմարեցինք Լուսինյանին, որ յուր մի երկու ազգականների, ոստիկանապետի և մի քանի ոստիկանների ընկերակցությամբ կանգնած էր նավախուցերի մուտքի մոտ: Ըստ երևույթին նրանք սպասում էին մեզ։

Ամեն հույս կորավ, շշնջաց Մարգարիտան և դալկահար կրթնեց իմ թևի վերա։

Ես զգացի, որ նա թուլանում էր և իսկույն գրկեցի նրան։

Բայց մի րոպեից հետո նա կրկին զգաստացավ և սկսավ առաջանալ դեպի յուր հայրը։

Մարգարիտա, ո՞ւր ես գնում, այնտեղ քո հայրն է կանգնած, զգուշացրի ես, եկ թաքնվինք այստեղ, մինչև որ երրորդ նշանը կտան, և նրանք կհեռանան..,

Թաքչի՞լ, ինչու՞ համար, բացականչեց նա զվարթ ձայնով, ես չեմ կամենում մինչև վերջը վատությամբ փախուստ տալ իմ ճակատագրից, ես էլ ավելի թաքնվելու ույժ չունիմ, բայց գիտցիր, որ մարդիկներից էլ չեմ վախենում. եթե նրանք ինձ կարգելեն քեզ հետևելու, այն ժամանակ ես կիջնեմ ծովի հատակը. նա բավական խոր է, և իմ հայրը չէ կարող այնտեղ ոստիկաններ ուղարկել։

Այս ասելով նա սիգաճեմ առաջ գնաց։ Լուսինյանը տեսավ աղջկան թե չէ, իսկույն վազեց նրա մոտ և հաղթական ձայնով բացականչեց. Մարգարիտա, ի՞նչ ունիս դու այստեղ, ո՞ւմ հետ եկաք այս կես գիշերին..

Ամենից առաջ դուք ասացեք, ո՞վ եք դուք և ի՞նչ ունիք ինձ հետ։

Լուսինյանը զարմացած աչքերով նայեց աղջկա վերա. Ո՞վ եմ ես. մի՞թե չգիտես, ես քո հայրն եմ... Մարգարիտա…

Դուք իմ հայրը չեք. հայրերը իրենց աղջկերանց չեն հալածում, իսկ դուք հալածում եք ինձ։

Մարգարիտա, որդյա՛կս, մի կործանիր ինձ, ձայնը նվաղեցնելով խոսաց Լուսինյանը, դարձիր տուն, դարձիր քո մոր մոտ, ես կաշխատեմ այսուհետև քո բոլոր ցանկությունները կատարելու...

Ապարդյուն քարոզներ են, ես այստեղից վերադարձող չեմ, կամ իմ նշանածի հետ` կամ ծովի հատակը այս է իմ վերջին վճիռը... Այս ասելով Մարգարիտան շուռ տվավ երեսը և հեռացավ։

Դուք չեք ամաչում, անօրեն, որ իմ միակ սիրելի աղջիկը հափշտակում եք իմ գրկից, գոռաց դեպի ինձ Լուսինյանը, չեք խղճահարվում, որ մի պատվավոր ընտանիք անպատվում եք ձեր խայտառակ վարմունքով` առանց այդ ընտանիքից մի վնաս տեսած լինելու:

Եթե դուք իմ հարսնացուի հայրը չլինեիք, ես նույնպիսի լեզվով կխոսեի ձեզ հետ, ինչ լեզվով որ դուք եք խոսում, պատասխանեցի ես, բայց ես ձեզ խնայում եմ։

Թեպետ չեմ էլ լռիլ ինձ արդարացնելու, ես իմ վարմունքով ոչինչ հանցանք չեմ գործում. դուք բռնանում եք ձեր աղջկա զգացմունքների վերա, իսկ ես պատսպարում եմ նրան, այս է իմ և ձեր գործի մեջ եղած տարբերությունը։ Ինքներդ կարող եք դատել, թե ով է մեզանից հանցավորը։

Դուք իմ աղջկա փեսան լինել չեք կարող, այդ միանգամից պիտի գիտենաք։

Այդ ձեր աղջիկը պիտի ասե ինձ և ոչ թե դուք։

Ես նրա հայրն եմ։

Բայց դուք նրա տերը չեք… Այս խոսքի վերա շոգեմեքենան երրորդ անգամ սուլեց, նավի անվաթևերը սկսում էին շարժվիլ:


Շուտ շուտ, ներքև իջեք, շոգենավը ճանապարհվում է, հրամայեց ոստիկանապետը Լուսինյանին, նրա բարեկամներին և Մարգարիտային:

Բոլորը դիմեցին դեպի սանդուղքները, բայց Մարգարիտան չշարժվեց տեղից:

Գնանք, աղջիկս, սպասելու ժամանակ չէ, ասաց Լուսինյանը և դիմելով դեպի Մարգարիտան բռնեց թևը և սկսավ քաշել:

Ես չի պիտի գամ. հեռու ինձանից, բացականչեց նա և թևը դուրս խլելով հեռացավ:

Օգնեցե՛ք, ի սեր աստուծո, օգնեցեք, աղջիկս հափշտակում են, սկսավ գոռալ Լուսինյանը բռնելով Մարգարիտայի ձեռքերից և քաշելով դեպ առաջ:

Ոստիկանապետը և ազգականները հետ դարձան և պաշարեցին խեղծ աղջկանը:

Գնացեք, գնացեք, մի անպատվեք ձեր հորը, հեռացեք այդ չարագործ մարդուց, նա մեզ կկործանի… նա մեզ կոչնչացնե, ամեն տեղից գոչում էին Լուսինյանի ազգականները:

Հետո ոստիկանապետը առաջ եկավ և հրամայեց իջնել շուտով դեպի սպասող նավակը:

Մարգարիտան էլ ընդդիմանելու ուժ չուներ, նրան գրեթե անզգայացած քարշ տվին դեպի նավակը: Սանդուղքներից իջնելու ժամանակ նա երկու անգամ փորձ փորձեց իրեն ծովի մեջ նետելու, բայց շրջապատողները թույլ չտվին:

Ես մնացել էի շվարած ուր գնալ: Մերթ մտածում էի Մարգարիտայի փոխարեն ինքս ինձ ձգել ծովը և ազատել թե՛ ինձ, թե՛ նրան և թե՛ նրա կիսամեռ ընտանիքը. մերթ վճռում էի թողնել և հեռանալ մի անծանոթ երկիր, ուր ազատ իմ բախտը կարողանայի ողբալ և մերթ՝ գնալ դեռ Մարգարիտայի ետևից և քամել դառնության բաժակը մինչև մրուրը…

Դեռ այս տարուբերման մեջ էի, երբ Մարգարիտան տանող նավակը սկսավ հեռանալ. սիրուհիս տեսավ ինձ նավի ելքի մոտ կանգնած և աղիողորմ ձայնով ճչաց.

Արամ մի՞թե ինձ թողնում ես դու...

Այս ձայնը մինչև իմ ոսկորների ուղեղը թափանցեց. ես կամեցա վազել ներքև, բայց նավի սանդուղքը արդեն բարձրացրել էին, ճանապարհ չկար. գլուխս սկսավ պտտվիլ... Ես առանց աջ ու ձախ նայելու կշռեցի իմ սիրուհին տանող նավակի և շեգենավի հեռավորությունը և արագությամբ բարձրանալով նավի խելի վերա մի ուժեղ ոստումով նետեցի ինձ դեպի հեռացող նավակը. դժբախտաբար փոխանակ իմ նպատակետը հասնելու ընկա ծովի մեջ: Մի քանի րոպեից զգացի, որ ալիքները խեղդում են ինձ...

Be the first who will comment on this

Other parts of "Իմ կաթոլիկ հարսնացուն"

Yatuk Music
Lullaby for Mum
Elen Yolchyan

Lullaby for Mum

Խնոցի են հարում
Խնոցի են հարում
Play Online