Muratsan
Իմ կաթոլիկ հարսնացուն
2
Զ
ՊԱՏԵՐ-ՍԻՄՈՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Փորձված մարդիկներից շատերը մեծ նշանակություն են տալիս նախազգացմանը, խորհրդավոր բաներ պատմելով նրա մասին։ Ճշմարտությո՞ւն են դրանք, թե՞ նախապաշարման արգասիք, չգիտեմ. միայն ես առհասարակ շատ չեմ հավատացել նրան և այդ օրը նախազգացման նշանակությունը հերքող մի փորձ տեսի ինձ վերա։ Ինչպես գիտեք ես պարտեզի մեջ առաջին անգամ պատեր-Սիմոնին նշմարելով, նախազգամամբ մի ատելություն և հակակրություն զգացի դեպի նրան, և խոստովանում եմ, որ ինքս էլ մեծ նշանակություն տվի նույն րոպեին իմ մեջ ներշնչված այդ տրամադրությանը, բայց ընկերուհիներիս հետ տուն հասնելով իսկույն ևեթ փոխվեցավ իմ մեջ նրա մասին ունեցած գաղափարս։
Դահլիճի դռնից ներս մտա թե չէ, պատեր-Սիմոնը այնպիսի մի հանդիսավոր ընդունելություն արավ ինձ, որ կարծես դրանով պատրաստվում էր յուր տասնամյա պանդխտութենեն վերադարձած հարազատ որդուն գրկելու։
Օ՜, իմ սիրելի բարեկամ, վերջապես ձեզ էլ տեսնում եմ այստեղ, բացականչեց նա, որքան գոհ եմ. և եթե գիտենայիք, թե երեկվանից դեսը որքան շատ ցանկացել եմ ձեզ հետ տեսնվելու..
Այս անսպաս մտերմական խոսքերով, (որոնց նպատակը ես չգիտեի) մոտեցավ ինձ պատվելին և ջերմ-ջերմ սեղմեց իմ ձեռքը: Ապա դառնալով քրոջս, խորին հարգանքով ողջունեց նրան համեստությամբ թույլտվություն խնդրելով՝ որ շնորհավորե նրան յուր եղբոր գալուստը։
Քույրս մատույց պատվելիին յուր անկեղծ շնորհակալությունը ընդ նմին և ուրախություն հայտնելով, որ նա բարեհաճել էր յուր այցելությամբ իրենց քաղաքը պատվելու։
Բանից երևաց, որ պատվելին այս փոքրիկ քաղաքի բոլոր հայ ընտանիքներից սիրված մի անձնավորություն էր, բացի նորատի աղջիկներից, որոնք, ինչպես ինձ օրիորդ Մարանջյանը ասաց, շատ չէին ախորժում նրա հոգևորական զգացմունքներով տոգորված կավալերությունից, որը նա ի դեպ և տարադեպ առաջարկում էր նրանց։
Սեղանը արդեն պատրաստ էր և մենք պետք է ճաշի նստեինք։
Դուք, անշո՛ւշտ, կներեք մեզ, տիկիննե՛ր և պարոննե՛ր, ասաց պատեր-Սիմոնը հրավիրյալներին, որ մենք երկու նորեկ հյուրերս միասին նստենք։
Այս ասելով նա բռնեց իմ ձեռքից և տարավ նստեցրեց ինձ յուր համար պատրաստված բազկաթոռի կողքին։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին և ամեն ոք յուր շրջապատով սկսեց զբաղվիլ, պատեր֊Սիմոնը շարունակեց խոսել ինձ հետ, բայց այնպես կամացուկ որ, մեր դրացիներից ոչ ոք նրան լսել չէր կարող։
Գիտե՞ք, սիրելիս, երբ ես այսօր ձեզ առաջին անգամ մեր օրիորդների հետ տեսա, մի փոքր վախեցա. դուք մի վիրավորվիք այս խոսքից, խնդրեմ, բայց խոստովանեցեք, որ կարող էի վախենալ։
Ինչո՞ւ համար, պատվելի՛, զարմացմամբ հարցրի ես։
Ա՜ , դուք խո չե՞ք մոռացել երեկվա պատմությունը։
Ես որքան էլ որ անբնական դրության մեջ էի, այսուամենայնիվ լավ հիշում եմ, որ ձեզ հետ շատ անվայել վարվեցա։ Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում։
Թողեք, աղաչում եմ. այդքան փոքրոգի մարդ մի կարծեք ինձ, պատասխանեցի ես, դուք ինձ ոչնչով չեք վիրավորել: Ինչո՞ւ համար եք ներողություն խնդրում։ Օ՛, ինչպե՞ս չէ. մի հարգելի երիտասարդի առաջ նստել արբած դրության մեջ… անտեղի կատակներ անել… սա իհարկե անվայել բան է իմ աստիճանի համար, դուք ինձ պետք է ներեք…
Այս խոսքերից հետ պատվելին խոնարհեց աչքերը և այնպիսի մի արտահայտություն տվավ յուր երեսին, որ ես կամա ակամա մի խորին պատկառանք զգացի դեպի նրա համեստ և իրավամբ հոգևոր անձնավորությունը:
Ես երեկվա անցքերից ոչինչ չեմ հիշում, պատվելի, և շատ խնդրում եմ, որ չանհանգստանաք իզուր տեղը. դրանով արդարև դուք ինձ վիրավորում եք: Ես ինքս երիտասարդ մարդ եմ և սիրում եմ ուրախ բնավորությունները: Մի՞թե դուք այդքան ծանր աչքով կնայեիք ինձ վերա՝ եթե ուրախության ժամանակ ինձ արբած տեսնիք:
Երբե՛ք, երբե՛ք, սիրելիս: Ես բծախնդրությունը չեմ սիրում:
Ուրեմն միևնույնը կարծեք և ինձ. մանավանդ որ ես հին սերունդին չեմ պատկանում:
Այո՛, այդ վերջին հանգամանքը չպետք էր մոռանալ, հարեց պատվելին և յուր անձեռոցի ծայրը սկսավ ամրացել օձիքի մեջ: Ապա դառնալով դեպի ինձ շշնջաց ավելի ցած ձայնով.
Բայց դուք գիտե՞ք, թե ես ինչու համար էի ասում, թե` «վախեցա երբ ձեզ մեր օրիորդների հետ տեսա»:
Ո՛չ, ես այդ կամենում էի հարցնել ձեզանից:
Այ թե ինչո՞ւ համար: Դուք չեք ճանաչում այստեղի աղջկերանց: Համեստությունը նրանց համար անծանոթ բան է: Ինձ տեսնելով նրանք կարող էին կատակաբանել իմ մասին, իբրև թե ձեզ զվարճացնելու համար, և դուք կարող էիք երեկվան իմ դրությունը անգիտությամբ նկարագրել նրանց առաջ: Այդ ի՛հարկե լավ չէր լինիլ: Նրանք կսկսեին հազար ու մի բաներ ավելացնելով ձեր խոսածների վրա տարածել քաղաքում:
Բնա՛վ, բան՛վ. և ո՛չ իսկ մի բառ հիշված է ձեր մասին, ասացի ես, անհոգ եղեք. և թե նրանք խոսեին անգամ, ես դարձյալ չէի ինձ թեթևացնիլ այնքան, որ ընկերանայի նրանց։
Կեցջի՚ք, խելոք երիտասարդ եք. դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը, գովեց ինձ պատվելին և գոհ սրտով ձեռք առավ ստամոքսի բարերար գործիքները։
Ես նկատեցի, որ մեր բոլոր խոսակցության ժամանակ Մարգարիտան դիտում էր մեզ և յուր հետաքրքիր հայացքով կարծես ուզում էր թափանցել մեր սրտի խոսքերը, իմանալու համար, թե ինչ ընդհանուր միտք կարող էր զբաղեցնել ինձ և պատեր-Սիմոնին։
Այս հանգամանքը ինձ չափից դուրս հետաքրքրեց. մանավանդ որ սկզբումն էլ նա կասկածոտ հարցեր էր անում ինձ պատերի վերաբերությամբ, ուստի վճռեցի այդ մասին անպատճառ մի բացատրություն խնդրել օրիորդից, երբ մենք միայնակ կլինեինք։
Բայց պ. Լուսինյանը նկատում էր, որ յուր հյուրերը վանական միաբանության վայել լռությություն են պահպանում սեղանի վերա, ուստի սկսավ մեղադրել պատեր-Սիմոնին, որ նա չէ մտածում ժամ առաջ այդ մեծ չարիքի առաջը առնելու։
Մեր շիշերը բողոքում են ձեր դեմ, պատվելի, ասաց նա, կամ դուք հանձն առեք սեղանապետությունը և կամ հանձնեցեք այն այս երիտասարդներից մեկին։
Ներեցե՛ք, ես չգիտեի, թե ինձ է վերապահված կարգադրելոս իրավունքը, պատասխանեց պատվելին, բայց որովհետև դուք ինձ եք տալիս այդ պատիվը, ուստի ես էլ իմ կողմից սեղանապետության պաշտոնը հանձնում եմ մեր ամենասիրելի բարեկամ Բյուրատյանին։
Բոլոր հրավիրյալները նայեցին ինձ վերա։ Նրանցից շատերը սկսան ծափահարել, շնորհավորելով իմ ընտրությունը։ Բայց և մի քանի ինձ անծանոթ երիտասարդներ խոժոռեցին իրենց դեմքերը, որոնք այսուամենայնիվ կրկին զվարթացան, երբ ես բացե ի բաց մերժեցի ընդունել այդ պատիվը՝ իբրև կառավարելու անընդունակ և անսովոր, այնուհետև խոսելու ասպարեզը բացված լինելով սկսան մի քանի ընտրելիներ առաջարկել և վերջնական ընտրությունը մնաց կոկիկ հագնված մի երիտասարդ վաճառականի վերա, որը նստած էր օրիորդների խմբին շատ մոտիկ և զբաղված էր յուր դրացուհիների հետ հաճոյախոսություններ անելով:
Այս անգամ դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը, կրկնեց յուր հաճոյախոսությունը պատվելին կամացուկ ձայնով, մի երիտասարդ, որ ձեր հասակում այդքան հեռու է ցուցամոլությունից, նա արժանի է ամենայն հարգանքի:
Ես այդպես էլ սպասում էի:
Բայց եթե առաջին անգամ ձեզ առաջարկեցի սեղանապետությունը, այդ նրա համար էր միայն, որ ես մի արժանավորի վերա մատնացույց անեի իմ պարտքս բարեխղճաբար կատարած լինելու համար:
Ես շնորհակալ եղա պատվելիից նրա իմ մասին ունեցած լավ կարծիքի համար: Եվ ինքս ինձ ասում էի. «Այսուամենայնիվ, սատանան այնքան տգեղ չէ, որքան մարդիկ նկարում են նրան»:
Բայց մեր երիտասարդ սեղանապետը, որ Մարտին Պալտազարյան էր կոչվում, արդեն սկսել էր հառաջադիմական քայլերը, և օրիորդների փոքրիկ աշխարհը թողած թագավորում էր հրավիրյալների ընդհանուր տիեզերքի վերա:
Պարոն Բյուրատանը չափից դուրս լուռ է, իսկ պատվելի պատեր-Սիմոնը շատախոսում է, բացականչում էր նա, երկուսն էլ արժանի են մի մի բաժակ պատիժ կրելու:
Մենք ակամա կեղծեցինք որ հնազանդվում ենք պարոնին, և բաժակները մոտեցրինք բերաներիս:
Տիկին Սամուրյանը եռանդով չէ դատարկում բաժակը, իսկ օրիորդ Վարվարա Սիլիկյանը անտարբեր է դեպի իմ հրամաները, կրկին լսվեցավ Մարտին Պալատազարյանի ձայնը, և երկու մեղապարտուհիները ճակնդեղի պես կարմրեցան:
Օրիորդի Մարանջյան, ձեր բաժակը երբեք չէ դատարկվում, և դուք ոչինչով չեք ապացուցում ձե՛ր քահանայի դուստր լինելը, առաջինների լռությունից խրախուսված անվայել սրախոսությամբ խոսեց նա վերջապես օր. Վարդուհու հետ:
Բայց վերջինս կարմրելու հարկ չտեսնելով՝ անվրդով նկատեց. Իսկ դուք, պարոն, շատ լավ ապացուցանում եք ձեր կոշկակարի որդի լինելը. ամենքը ձեզ չափ շնորհքով լինել չեմ կարող:
Բոլոր հրավիրյալները կարծես ուրախացան նրա ճարպիկ պատասխանով միաբերան աղաղակեցին. «կեցցե օրիորդը» և խմեցին նրա կենացը:
Մարտին Պալտազարյանը զայրութից գունատվել էր: Ես հրաժարվում եմ սեղանապետության պաշտոնից, ասաց նա բարկությամբ և ձեռքի բաժակը դրեց սեղանի բաժակը դրեց սեղանի վերա:
Ոչ ոք չի տխրիլ, կամացուկ նկատեց պատեր Սիմոնը, և երկուսս միասին ծիծաղեցինք մեզ համար:
Բայց պատվելին որովհետև Պալտազարյանից «շատախոս» մականուն ստանալով վիրավորել էր, ուստի նրա անկումը կատարյալ անելու համար առաջարկեց բազմականներին կրկին ինձ ընտրել սեղանապատ, և նրանք մեծ ուրախությամբ ընդունեցին նրա առաջարկությունը:
Դուք չկամեցանք առաջին անգամ ընդունել իմ խնդիրը, ասաց նա բարձր ձայնով, այն ժամանակ դուք իրավունք ունեիք ազատ լինելու, իսկ այժմ պարտավոր եք ընդունել:
Ես չմերժեցի. և, չնայելով, որ երբեք այդ պաշտոնին հրավիրված չէի, այսուամենայնիվ արդարացրի պատեր Սիմոնի ինձ վերա ունեցած վստահությունը: Կարճ ժամանակի մեջ հուզված կիրքերը հանդարտեցրի, հաշտեցնելով միմյանց հետ պ. Պալտազարյանին և օր. Մարանջյանին և ապա սկսա ընդհատված կենացները շարունակել. ամեն մեկի վերա հարմար, բայց համոռտ ճառեր խոսելով:
Նկատում էի, որ հրավիրյալը գոհ էին մնում ինձանից, ըստ որում իմ առաջարկությունները ամենամեծ ուրախությամբ էին կատարում: Իսկ պարոն և տիկին Լուսինյաների կենացի վերա պատեր Սիմոնը այնքան ախորժեց իմ ճառախոսությունը, որ միչև անգամ մի սիրուն երգ երգեց:
Դժբախտաբար պատվելիի կենացի նախկին սեղանապետի օրով արդեն խմել էին, բայց ես առիթ առնելով նրա գեղեցիկ երգի մեզ պաճառած զվարճությունը, կրկին անգամ առաջարկեցի խմել: Հյուրերը առանձին ուրախությամբ հարգեցին այս առաջարկությունը, որը ես արտահայտեցի մի հաճոյախոս ճառի մեջ։ Իսկ պատեր-Սիմոնի ջենտլմեն սարկավագը ի պատիվ յուր պատերին երգեց երկու հատ գողտրիկ երգեր։
Պատեր֊Սիմոնի և իմ բարեկամությունը այժմ անխզելի էր. նրա իմ մասին շռայլված գովությունները վերջ չունեին։
Բոլոր գործը հաջողությամբ էր վերջացել. մնում էր միայն մի կենաց, որով հացկերույթը պիտի պսակվեր։ Այդ կենացը օրիորդ Մարգարիտայինն էր, որը ես ոտի վերա կանգնած առաջարկեցի հյուրերին, կցելով նրան օրիորդի անձնավորության և նրա ծննդյան տոնին արժանավայել մի ճառ։ Օրիորդի վերաբերությամբ իմ քրոջից ստացած մի քանի տեղեկությունները այժմ ծառայեցին ինձ նրա մասին խոսած ճառս ավելի փառավոր անելու։ Խոստովանում եմ, որ բոլոր կենացների մեջ այդ առաջին կենացն էր, որը ես անկեղծ սրտով առաջարկում էի հյուրերին և առաջին ճառը՝ որ ես զգացմամբ թաթախուն բառերով արտասանեցի։
Մարգարիտան կանգնած էր ինձ դեմադեմ, սեղանի մյուս ծայրում և աչքերը խոնարհած դիտում էր յուր առջև դրած գինով բաժակը։ Տեսնում էի, որ համեստությունից նա հազիվ կարողանում էր լսել իմ խոսքերը. և ներքին հուզմունքից հառաջացած վարդագույնը պատել էր յուր դեմքը ամբողջապես։ Այդ րոպեին աչքը շլացնելու պես գեղեցիկ էր։
Երբ ես իմ խոսքը վերջացրի, դահլիճը թնդաց ծափահարություններով և հյուրերը բաժակները միմյանց շրխկացնելով դատարկեցին Լուսինյանների միամոր դստեր կենացը։
Մարգարիտան բոլորին մի առ մի հայտնեց յուր շնորհակալությունը և երբ հերթը հասավ ինձ, նա ուղղակի նայեց իմ աչքերին, բայց շրթունքները շարժել չկարողացավ և յուր աչքերը մի վայրկյան մնացին անշարժ։ Նրա կրակոտ հայացքը մինչև իմ ոսկորների ուղը թափանցեց և ես ամբողջ մարմնով դողացի։
Երբ երկրորդ անգամ աչքերս վեր բարձրացրի, նա էլ ինձ վերա չէր նայում, նա կեղծում էր, որ իրեն զբաղեցնում էին յուր ընկերուհիները։ Շուտով ամեն բան վերջացավ, և հյուրերը խումբ խումբ ցրվեցան տան պատշգամը, բակը և այգին:
Իմ բարեկամ պատեր-Սիմոնը ինքն իրեն մի փոքր երեկվա դրության մեջ զգալով խույս տվավ իմ ընկերությունից և գնաց պ. Լուսինյանի և նրան շրջապատող մի երկու կաթոլիկ հայերի մոտ:
Իսկ ինձ ընկերացան օր. Մարգարիտան և մի քանի վայրկյան՝ նրա մայր: Նրանք երկուսն էլ մեծ շնորհակալություններ էին անում ինձանից, որ այսօրվա իրենց հյուրասիրությունը իմ ներկայությամբ և սեղանապետական հմուտ պաշտոնավարությամբ ուրախ և զվարճալի անցուցի:
Հասնելով հովանավոր ծառի մոտ, տիկին Լուսինյանը նստեց ծառի տակ շինած նստարանին վերա, ուր մեր գալուց առաջ հանգստանում էին նրա մի քանի սիրելի բարեկամուհիները, և հրավիրեց մեզ էլ յուր մոտ նստելու:
Ես կամենում եմ դեռ մի փոքր զբոսնել, ասացի ես:
Եթե այդպես է Մարգարիտան ձեզ կընկերկացի, պատասխանեց նա, և մենք երիկուսս կամաց կամաց առաջ գնացինք:
Մի քանի վայրկյան մենք լուռ էինք և սպասում էինք: Թե ով առաջինը կսկսեր խոսակցությունը: Հանկարծ միտքս եկավ պատեր-Սիմոնը, որի մասին ուզում էի հարցեր անել օրիորդից: Բայց դեռ ես չսկսած, նա հարցրեց:
Ասացեք խնդրեմ, դուք բարեկա՞մ եք պատվելիի հետ, և համակրու՞մ եք նրան:
Ամենից առաջ դուք ասացեք, օրիո՛րդ, ինչո՞ւ հարմար եք այդ հարցնում: Պատեր-Սիմոնի վերաբերությամբ արած ձեր այսօրվա բոլոր հարցերի մեջ մի ինչ որ խորհրդավոր գաղտնիք եմ նշմարում. արդյոք դուք չէիք վստահանալ այդ մասին ինձ մի բան հայտնելու:
Ոչինչ գաղտնիք չկա, անկեղծաբար պատասխանեց օրիորդը, ես կամենում եմ, որ դուք նրա հետ բարեկամ լինիք, որպեսզի ազատ մեր տուն գալ գնալ կարողանաք: Նա իմ հոր սրտի և զգացմունքների վերա իշխում է. և որին որ նա բարեկամ չէ իմ հայրը նույնպես կարող է բարեկամ չլինել: Իսկ ես կամենում եմ, որ դուք հաճախեք մեզ մոտ...
Ես ձեր քրոջը սիրում եմ...
Վերջին խոսքերը նա շատ կամացուկ ձայնով արտասանեց: Բայց իմ հետաքրքրությունը ավելի ևս շարժվեցավ: Ի՞նչ մարդ էր այդ պատեր Սիմոնը. ինչո՞ւ համար նա էր իշխում սրանց ընտանիքի վերա, ինչո՞ւ համար օրիորդը անպատճառ կամենում էր, որ նա ինձ հետ բարեկամ լինի: Սրանք հարցեր էին, որոնց պետք էր բացատրություն:
Բայց մեզ թույլ չտվին ավելի միմյանց հասկանալու: Օրիորդ Մարանջյանը յուր մի երկու ուրիշ ընկերուհիներով մոտեցավ մեզ և սկսավ յուր սովորական զվարճախոսությունները: Մենք այժմ ստիպված էինք նրան լսելու: Պատեր Սիմոն, Մարտին Պալտազարյան, կոշկակար-սեղանապետ, շառագունվող աղջիկներ և այլն, բոլորը նույն րոպեին նրա խոսակցության և կատակների առարկա դարձան: Այնուհետև մենք այլևս չկարողացանք միմյանց հետ առանձին խոսել, մինչև որ երեկոն մոտենալով մյուս հյուրերի հետ միասին ստիպվեցանք հեռանալ դեպքի քաղաք:
Բաժանվելու ժամանակ ես իմ ցավս հայտնեցի Մարգարիտային, որ չկարողացա յուր հետ ավելի երկար տեսակցել, ըստ որում խոսելու շատ բան ունեի:
Վանս չունի, ասաց նա, ես նույնպես բաներ ունեի ձեզ հետ խոսելու. բայց մենք վաղը դարձյալ կտեսնվինք. և այս անգամ ես կգամ ձեզ մոտ:
Օրիորդի վերջին խոստումը ինձ շատ ուրախացրեց, և մենք գոհ սրտով բաժանվեցանք միմյանցից:
Է
ՄԻ՞ԹԵ ՍԻՐՈՒՄ ԷԻ ԵՍ
Երբ տուն հասանք, քույրս ու փեսաս սկսան առ ժամանակ պարապվել Լուսինյանների հացկերույթի և նրանց հյուրերի քննադատությամբ: Խնջույքներից կամ հարսանյանց հանդեսներից վերադարձողի համար օրվա անցքերի հաշվեկշիռ կազմելը միշտ սովորական և սիրելի զբաղմունք է: Բայց այս երեկո ես տրամադիր չէի նրանց ընկերանալու: Լուսինյանների խնջույքից ուրիշ ոչինչ ես չէի հիշում բացի Մարգարիտայի այն հայացքը, որ նա ուղղեց իմ աչքերին առաջին յուր կենացի ժամանակ:
Ես զգում էի, որ այդ հայացքը ինձ հալածում էր. ես կամենում էին նրա վերա մտածել... Ուստի հոգնածությունս պատճառ բերելով խույս տվի դեպի իմ ննջարանը: Այդտեղ ես միայն էի, բայց դրանից ավելի միայնության էի որոնում: Կանթեղի պայծառ լույսը կարծես խանգարում էր ինձ, ես նրան հանգեցրի և պատուհանի վարագույրը քաշելով՝ փեղկերը բացի:
Զովարար հովի հետ միասին թափանցեց սենյակիս մեջ լույսնի աղոտ լույսն. և վառ երևակայությանս առաջ նկարվեցան գողտրիկ պատկերներ... Ես տեսնում էի գեղեցիկ Մարգարիտային յուր կրակոտ աչքերով, նա զբոսնում էր հովանավոր ուռենիների տակ. տեսնում էի նրա ժպիտը. որ ծաղկում էր գեղեցիկ շրթունքների վերա և լսում այն քաղցրահնչյուն ծիծաղը, որ պատճառում էին նրան օր. Վարդուհու կատակները: Բայց հազիվ թե ես հիանում էի, և ահա այդ պատկերները տեղի տվին դրական մտածմունքներին: Ես հիշեցի գեղեցիկ օրիորդի խորհրդավոր խոսքերը. «Բարեկամ եղեք պատեր Սիմոնի հետ, որ ազատ մեզ մոտ գալ գնալ կարողանաք... Ես կամենում եմ, որ դուք հաճախեք մեր տունը... Ես սիրում եմ ձեր քրոջը...»:
Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը, մտածեցի ինքս ինձ. մի՞թե այդ աղջիկը մի պարզ համակրությունից շատ ուրիշ զգացմունքն էլ կարող էր տածել դեպի ինձ...նա սիրում է իմ քրոջր. բայց մի՞թե այդ սերը մի կապ ունի իմ անձնավորության հետ... Ո՛չ, ես սիրում եմ երազել, կշտամբեցի ինքս ինձ. գողտրիկ զգացմունքները այդքան շուտ չեն տարբերվում: Ես թեպետ այդ չեմ փորձել, բայց այդպես ասում են փորձառու գլուխները:
Այս պատճառաբանությամբ ես հեռացրի իմ գլխից սիրված լինելու ցնորքը. բայց մի միտք իմ զգացման անբռնաբարելի սեփականությունն էր, և ես նրա ճշմարտության հասու լինելու համար փորձառու գլուխների չպետք է դիմեի: Սիրո՞ւմ էի ես Մարգարիտային թե ոչ. այդ ինձ ասում էր իմ սիրտը. այդ շշնջում էր ինձ իմ հոգին... Այո՛, ես անտարբեր չէի դեպի մանկամարդ գեղեցկուհին և ես զգում էի, որ աներևույթ վերքը արդեն մրմնջում էր իմ կրծքի տակ... Բայց մի՞թե դա էր սերը: Ճշմարիտը խոստովանած, ես դեռ չգիտեի: Ես միայն կարդացել էի սիրո մասին և սերը դեռ իդեալ էր ինձ համար, այսինքն մի բան, որին ամենայն մահկանացու չէր կարող հասնել: Եվ մի՞թե իմ սիրտը կարող էր լինել այն արժանավոր անդաստանը, ուր փթթում է սիրո սրբազան ծաղիկը...
Ես կասկածում էի:
Բայց ավա՜ղ. ինչպե՜ս ողորմելի են մարդիկները: Այնտեղ, ուր բնության բարերար ձեռքն է ստեղծագործում, նրանք աստվածային զորությանց հետքեր են որոնում...
Գերբնականին հպատակելու անհագ ցանկությունը՝ ստեղծում է նրանց երևակայության մեջ գերմարդկային զորություններ, և այդ չեղած զորությանց առաջ մարդիկ զոհում են, ծնրադրում են ինքնակամ...
Բայց այս անգամ ես համոզվեցա, որ սերը իմանալյաց աշխարհում չէ թափառում. երկու կրակոտ հայացք, և նա վառվում է ամեն մի զգայուն և անբիծ սրտի մեջ, նույնիսկ մեր մեղապարտ երկրի վերա:
Ուրեմն ես սիրում էի. այդ հաստատ էր: Երկար մտատանջության հարկ չէր մնում: Ես դադարեցի:
Գիշերից բավական ժամեր անցել էին: Լուսինը վաղուց արդեն յուր եղջյուրը հեռացրել էր իմ պատուհանից և խավարը տիրում էր սենյակիս մեջ: Հոգվով և մարմնով վաստակաբեկ, ես ընկա վերջապես իմ մահճակալի վերա, և շուտով անուշարար քունը փակեց իմ ծանրացած արտևանունքները:
Ը
ԵՍ ՍԽԱԼՎԱԾ ԷԻ
Հետևյալ առավոտը էլ ինձ ուրիշ բան չէր զբաղեցնում: Ես սպասում էի իմ թանկագին այցելուին: Ո՞ր ժամին կգար նա, ես չգիտեի: Այդպիսի դիպվածում սպասելը անտանելի է. ժամերը օրերի պես են անցնում, և ձանձրույթը վայրկյաններով աճում է: Ժամանակս սպանելու համար ձեռքս արի մի լրագիր, որը դեռ նոր էր ստացվել:
Բայց ավա՜ղ, մի հոդվածի խորագիրը միայն կարդալ կարողացի: Մտքերս իսկույն ցրվում էին, և ես մի բան հասկանալու համար նրանց չէին կարողանում ամփոփել: Լրագիրը ձգեցի սեղանի վերա և ինքս ինձ մտածում էի. Դեռ երրորդ օրը չէր անցել, ինչ որ ես իմ քրոջ տանն եմ: Որպիսի տանջանոք, որչա՜փ անձկությամբ շտապում էի հասնել այստեղ, ինչպե՞ս ծանր էին անցնում ինձ համար քրոջս ինձանից բաժանող ժամերը: Ես եկա. և այս երրորդ օրն է, ինչ որ գտնվում եմ նրա մոտ, բայց ես դադարում եմ նրա մասին մտածելուց…
Ինձ ուրիշ մտքեր են զբաղեցնում. մի օտար աղջկա հայացքը, նրա արտասանաց մի քանի բառերը տիրում են այժմ իմ բոլոր գոյությանը, իմ ուղեղի և սրտի վերա...
Ինչով բացատրել այս գղտնիքը, եթե ոչ խոստովանելով բնական օրինաց զորությունը, որի առաջ մարդկային հանճարը խոնարհեցնում է յուր երբեմն ապստամբ դրոշակը...
Ժամը տասը և մեկը զարկավ. ո՛չ ոք չէր երևում: Իմ ահանգստությունը սկսավ կրկնապատկվիլ: ես մերթ դուրս էի գալիս պատշգամբ, մերթ իջնում էի փողոց, և ամեն անգամ էլ երկար աչքս տնկում դեպի այն կողմը, որտեղից պետք է երևա Մարգարիտան:
Մի՞թե նա կարող էր այսքան ուշանալ, գուցե նրան մի դժբախտություն է պատահել, դառնալով քրոջս մոտ հարցրի նրանից:
Նա ուղիղ ժամը տասներկուսին կգա, անհոգ եղիր. այստեղ այդ ժամերումն են այցելություն գնում, միամտրացրեց ինձ քույրս և ապա դառնալով նայեց իմ աչքերին և ուրախ-ուրախ ծիծաղեց:
Ինչո՞ւ համար ես ծիծաղում, հարցրի ես:
Նրա համար՝ որ տեսնում եմ, թե Մարգարիտան քեզ շատ է գրավել, և դու նրա մասին շատ ես հոգում: Տեսնո՞ւմ ես, ավելացրեց նա, մեր քաղաքը այդպես է հափշտակում երիտասարդ տղաների խելքն ու միտքը, մանավանդ, երբ նրանք քեզ նման անփորձ են:
Բնավ. մի՞թե դու կարծում ես, թե ես նրանով շատ եմ հետաքրքրվում, ես միայն մեքենայաբար խոսեցի նրա մասին:
Այս խոսքերով ես կամեցա խույս տալ իմ քրոջ սրատեսությունից, բայց իմ շառագունելս մատնում էր նրան իմ սրտի գաղտնիքը...
Վերջապես օր. Մարգարիտան եկավ յուր մոր հետ միասին. ես մինչև փողոց գնացի նրանց դիմավորելու: Օրիորդը նույնաչափ ուրախ էր երևում յուր այցելությամբ, որչափ և ես նրան տեսնելով: Հասնելով տուն սկսանք մեր սիրալիր բարեկամության փոխադարձ խոստովաննությունները: Մի օրվա տեսակցությունը այնչափ էր մեզ մոտեցրել միմյանց, որ տիկին Լուսինյանը ինչպես յուր ամենամոտ հարազատի հետ էր խոսում ինձ հետ, ծիծաղում և կատակներ անում: Այս հանգամանքը ինձ ներքին ուրախություն էր պատճառում և ես տեսնում էի, որ Մարգարիտան նույնպես բաժանում էր միևնույն զգացմունքը: Նա առհասարակ շատ քիչ էր խառնվում ընդհանուր խոսակցության մեջ, բայց յուր գեղեցիկ աչքերը անընդհատ սևեռում էր ինձ վերա, և ես նրանց մեջ այս անգամ պարզ կարդում էի յուր գողտրիկ զգացմունքը արտահայտող շատ մի խոսքեր:
Սուրճ անելուց հետ մենք բոլորս միասին պիտի գնայինք քազաքային այգին, որը թեպետ շատ մոտ էր իմ քրոջ տանից, բայց ես դեռ չէի տեսել:
Օրը կյուրակե լինելով ամբողջ քաղաքը գրեթե հավաքված էր այդտեղ: Երիտասարդ տիկնանց և օրիորդների բազմությունը մանավանդ աչքի ընկնելու չափ էր: Քույրս, որ արդեն խելամուտ էր իմ զգացմունքներին. չնայելով, որ ես նրան այդ մասին ոչինչ չէի խոսացել, դիտմամբ կամեցավ Մարգարիտայի հետ ինձ միայնակ թողնել, ուստի տիկին Լուսինյանին վերցնելով առաջ անցավ: Շուտով նրանք խառնվեցան իրենց ծանոթ մի խմբակի հետ և շրջեցան մի ուրիշ կողմ: Մենք մնացինք միայն, և կամաց-կամաց առաջ էինք գալիս: Երբ մտանք մի նեղ ճեմելիք, ուր մեզանից զատ ոչ ոք չէր զբոսնում, Մարգարիտան սկսավ խոսիլ:
Ես չեմ սիրում զբոսնել այստեղ տոն օրերը, ասաց նա, մարդիկների խառնիճաղանճ անցուդարձը ինձ նեղացնում է:
Երևի դուք միայնություն շատ եք սիրում, հարցրի ես:
Օ՜,ամեն բան կզոհեի՝ եթե թույլ տային ինձ միշտ միայնակ մնալու: Ես սիրում եմ միայնությունը, սիրում եմ երբ ոչ ոք չէ խանգարում իմ մենավոր մտածմունքները:
Մի՞թե այդպիսի ժամանակ ամեն ընկերություն անտանելի է ձեզ համար:
Գրեթե ամեն ընկերություն:
Եթե մինչև անգամ գտնվեր մեկը, որ կարողանար բաժանել ձեր գաղափարները, ձեր համոզմունքները և վերջապես ձեր զգացմունքները...
Այս խոսքի վերա Մարգարիտան շրջեց երեսը, խորհրդավոր կերպով նայեց ինձ և եռանդով պատասխանեց.
Ես մինչև այսօր այդպիսի ընկեր չեմ ունեցել. ես ծարավ եմ այդ տեսակի հոգիների ընկերակցության: Բոլոր շրջաններում, ուր որ մի անգամ ես ոտք եմ դրել, դատարկություն և ամայություն է տիրում: Այստեղ ես աղջիկներից ընտրեի իմ գաղափարակիցը և մտերիմը. բայց ավա՜ղ, դատարկությունը ավելի նրանց մեջ է զգալի. նրանք կամ ինձ չեն հասկանում և կամ ծաղրում են...
Եթե դուք գտնեք այդ ընկերությունը մի երիտասարդի մեջ, որ ընդունակ լիներ ձեզ հասկանալու, դուք կմերժեի՞ք նրան ձեր ընկերակցությունը, հարցրի ես ժպտալով:
Ինձ համար միևնույն է. ես չեմ խորշում մարդիկներից պատասխանեց նա սառնությամբ: Դուք անշուշտ հիշում եք, որ ես երեկ առաջարկեցի ձեզ հաճախել մեզ մոտ: Իմ միտքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ լցնել իմ սրտի դադարկությունը մի մարդու ընկերակցությամբ, որ կարող էր հասկանալ ինձ: Ես այդպիսիներին որոնում եմ, ինչպես մի մարդ, որ չէ կամենում ամայության մեջ խեղդվել: Եվ հավատացեք, որ եթե ես չգտնեի ձեր մեջ իմ որոնած բարեմասնությունները, ես իսկույն կհեռանայի, թողնելով ձեզ՝ միայն ինձ ծանոթ լինելու իրավունքը:
Այստեղ ես մնացել էի շվարած. իմ ուղեղը էլ չեր գործում: Երեկոյան այդ աղջկա մասին իմ ունեցած ցնորքների տպավորությունը անհետացավ և նույնիսկ այս առավոտ նրա մասին երազներս պղպջակներից պես ցնդվեցան օդի մեջ:
«Ես այս աղջկան չկարողացա ճանաչել, ես միայն երազում էի», մտածեցի ինքս ինձ և սկսա ամաչել: Առաջին անգամն էր իմ կյանքում, որ մի աղջկա ներկայություն ճնշում էր իմ հոգին: «Բայց պետք է ավելի որոշ դրության մեջ դնել գործը», մտածեցի ես երիտասարդներին հատուկ հանդգնությամբ և նկատեցի.
Դուք շատ խիստ եք, օրիորդ, ամեն մարդ օժտված չէ լինում կատարյալ բարեմասնություններով, և եթե ամենքի մեջ ձեր ցանկացածը որոնեիք, դուք միշտ դատարկաձեռն կմնայիք և ամայությունը հավիտյան ձեզ կշրջապատեր: Ես ինքս օրինակ հոժարությամբ խույս կտայի ձեր բծախնդրությունից, եթե դուք չշատանայիք այսքանով, ինչքան ես կարող եմ նվիրաբերել ձեր բարեկամությանը: Ինչպես նյութական նույնպես և հոգեկան հարուստությունը սահմանավոր է, մարդկանց տենչանքն է միայն՝ որ սահման չունի: Ի՞նչ իրավունքով դուք պիտի մերժեք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես կամենում եմ վաստակել իմ սահմանափակ ընդունակություններով: Չէ՞ որ զոհաբերությանց մեջ լուման էլ արժեք ունի և նվիրաբերությաց ժամանակ հաշվի է առնում նվիրողի սիրտը, քան թե նվերի արժանավորությունը:
Մարգարիտան սկսավ ծիծաղել: Ես ավելի սիրտ առնելով նրա ուրախ տրամադրությունից, հարցրի.
Ի՞նչ, մի՞թե դուք կմերժեիք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես կամենայի գնալ նրան ամենաանկեղծ կեղծ սիրո գնով, եթե ես նրա համար նվիրեի ձեզ իմ սիրտը ամբողջապես:
Օրիորդի դեմքը մռայլվեցավ.
Սիրո և սրտի վերա խոսելուց ես միշտ հրաժարվում եմ, ասաց նա թույլ ձայնով, որովհետև դեռ ապացուցված չէ, թե որոնք կարող են սիրել և որոնք սիրտ ունին:
Այս ասելով նա շրջվեցավ դեպի ընդհանուր ճեմելիքը և առանց մի ուրիշ բառ արտասանելու մոտեցավ այն խմբակին, որի մեջ գտնվում էին յուր մայրը և քույրս:
Ես, ի՛հարկե, հետևեցի նրան. բայց փշրված հույսերով և բեկված սրտով:
Այգիից դուրս գալուց հետ` ես հույս ունեի, որ նրանք կգային մեզ մոտ ճաշելու և ես դեռ ժամանակ կունենայի Մարգարիտայից բացատրություններ խնդրելու, բայց որքան մեծ եղավ իմ տխրությունը, որ նրանք մերժեցին մեր խնդիրը, պատճառ բռնելով մի երկու օտարական հյուրերին, որոնք այդ օրը իրենց մոտ պիտի ճաշեին:
Մնաս բարևի ժամանակ տիկինը խնդրեց, որ ես անպատճառ իրենց տուն գնամ նույն օրը կամ վաղը:
Նույնը խնդրում եմ և ես, ասաց Մարգարիտան, և մենք բաժանավեցինք միմյանցից այնպես սառը կերպով, որ կարծես մի մեծ կռիվ էր տեղի ունեցել մեր մեջ:
Տիկինը և քույրս չնկատեցին, իհարկե, այս տարօրինակ հանգամանքը:
Թ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Մարգարիտայից բաժանվելուց հետո ինձ մեծ զգուշություն էր հարկավոր վրդովմունքը քրոջից ծածկելու համար, մանավանդ որ նա անտեղյակ չէր իմ հոգեկան մոլորությանը, ինչպես ասում են հին մարդիկները: Ճանապարհին արդարև նա ոչինչ փոփոխություն չկարողացավ նշմարել ինձ վերա, բայց տան մեջ իմ մտախոհ կերպարանքը տեսնելով անհանգստացավ: Ինչ է պատահել քեզ, հարցրեց նա, դու չափից դուրս տխուր ես:
Ես մի փոքր հիվանդ եմ զգում ինձ, ասացի, գլուխս ցավում է:
Բայց կարծես նա հասկանում էր, որ ես խաբում եմ իրեն.
Ոչինչ, դա շուտով կանցնի, նկատեց նա, նա, միայն դու ինձ այն ասա, ինչ խոսացիք Մարգարիտայի հետ. ձեր բարեկամությունը հաստատվեցա՞վ, թե՞ ոչ:
Ի՞նչ բարեկամություն, ես քեզ չեմ հասկանում, զարմացում կեղծելով` հարցի ես:
Դու ինձ չե՞ս հասկանում, ժպտալով հարցրավ նա ինձ և ծիծաղկոտ աչքերով սկսավ նայել ինձ վերա:
Ես երկար կեղծել չկարողացա. ես նույնպես ժպտացի և այդ ժպիտը ամեն բան խոստովանեց: Բայց քույրս կամենալով քնքշությամբ քերել այդ հարցը, ուրիշ բանի վերա դարձրեց յուր խոսքը, և մի քանի կցկտուր պատասխաններ տալուց հետո առանձնացա տան դեպի ծովը նայող պատշգամը:
Սիրտս խռովյալ ծովի պես ալեկոծում էր, ես ոչ մի տեղ հանգստություն չէի կարողանում գտնել: Ամբողջ ժամերով անց ու դարձ արի պատշգամի վերա:
«Ի՞նչ արավ ինձ հետ այս աղջիկը, մտածում էի ինքս ինձ, ես նրան չէի պտրտում. բայց ինքը ստիպեց ինձ այդ անելու: նրա հայացքները, նրա ժպիտը նրա քնքշությունները դեպի ինձ և վերջապես նրա մտերմական խոսակցությունները՝ ինձ իրավունք էին տալիս կարծելու որ այդ աղջիկը բաժանում է այն զգացումը որը յուր կախարդող հայացքները բորբոքել էին իմ մեջ: Ես հետևից իմ հոգովո թելադրությանը: Ես անկեղծ եղա: Բայց տեր աստվա՜ծ, որպիտի՜ սառնությամբ խոսեց նա ինձ հետ. որպիսի՜ արհամարհանքով ընդունեց իմ խոսքերը, երբ ես նրան սիրո և սրտի նվիրման համար խոսեցի: Իհարկե ավելիին ես արժանի չէի: Որովհետև հանդգնել էի ինձ անծանոթ բնավորության վերա իշխելու: Եվ արդարև ի՞նչ բան է կինը, եթե ոչ մի հանելուկ, որին լուծելու համար իզուր վաստակում է խելքը: Եվ հենց այդ ժամանակ երբ գիտնական գլուխը զբաղված է նախ նրան ուսումնասիրելու և ապա թե լուծելու դժվարին խնդրով, հիմարներից մինը արդեն այդ հանելուկը ամենադյուրին ճանապարհով լուծած վերջացրած է լինում: Այդպիսի դեպքում գիտնական գլխին միայն մի մխիթարություն է մնում, այն է՝ ծիծաղել յուր վերա»:
Եվ այսպես ես չարաչար սխալված էի իմ հաշվի մեջ. իմ հուսախաբությունը ինձ հանգստություն չէր տալիս: Երբեմն ես վճռում էի այլևս չտեսնվել Մարգարիտայի հետ, մոռանալ նրան, իբրև մի անծանոթի և երբեմն մտադրվում էի վազել նրա տունը և բացատրություններ խնդրել յուր վարմունքի համար: Այսուամենայնիվ երկու դիպվածումն էլ ինձ թույլ և անկարող էի գտնում:
Բայց մի միտք հանկարծ ուրախացրեց ինձ: Այդ երեկո քաղաքի ժողվարանում պարահանդես կար, և Մարգարիտան գուցե այդտեղ լիներ: Մտածեցի անպատճառ ներկա լինել հանդեսին և այնտեղ թե՝ վերջավորել մեր ընդատված խոսակցությունը և թե՝ բացատրություններ առնել նրանից յուր տարօրինակ վարմունքի համար:
Այդ հուսով ես դիմեցի քրոջս հարցնելու, թե արդյոք պարահանդես կգա՞ր Մարգարիտան թե ոչ: Եվ երբ նա ինձ միամտացրեց, որ նա անպատճառ այնտեղ կլինի.
Թեպետ Մարգարիտան շատ չէ սիրում պարահանդես, բայց նրա մայրն միշտ տանում էր նրան, որպեզի տանը տխուր չնստի, ասաց ինձ քույրս:
Ես ուրախությամբ վերադարցա իմ պատշգամբս և սկսա երգելով անցնել մնացած ժամերը, մինչև ճաշի կհրավիրին ինձ:
Ցանկալի երեկոն թեպետ մի քիչ ուշ, այսուամենայնիվ հասավ: Ես, քույրս փեսաս հագնվեցանք, սարքվեցանք և դիմացինք քաղաքի ժողովարանը, որը գտնվում էր քաղաքային այգվո մի ծայրում, գրեթե ծովափի վրա:
Գեղեցիկ և զով գիշեր էր. լուսնի եղջյուրը լուսավորում էր այգին յուր աղոտ և խորհրդավոր լուսով: Դեպի ժողովարան տանող ճանապարհի վերա միայն վառում էին մի քանի լապտերներ, որոնք ծառայում էին ավելի ամառային գիշերի գեղեցիկ ներդաշնակությունը խանգարելուն: Երբ մենք մտանք այգին, երաժշտությունը արդեն թնդում էր նրա մի ծայրում: «Երևի պարերը սկսված են» մտածեցի ես, և զարմացա, որ այդքան շուտ են սկսում այստեղ պարերը:
Վերջապես մոտեցանք ժողովարանին: Նա ներսից և դրսից աչք շլացնելու չափ լուսավորված էր: Մեծ և լայն պատուհաններից արդեն նշմարվում էր ալեկոծյալ բազմությունը յուր խայտաբղետ շարժումներով:
Մենք ներս մտանք: Հյուրերը վալս էին պարում: Գեղեցիկ տիկիններ, նորատի օրիորդներ, պճնված նորագույն տարազով և կպած քնքշասեր ասպետների կրծքին, անընդհատ թռթռում և պտույտներ էին անում ընդարձակ դահլիճի մեջ, քարշ տալով իրենց ետևից շրջազգեստների հարուստ և փառահեղ տուտերը և տոգորելով ամբողջ սրահի օդը իրենց պաճուճանքների անուշահոտությանց բուրմունքով։ Պարերի այդ արագաշարժ թռույցքներով նրանք նմանուն էին գեղեցիկ նայադների խմբին, որոնք ծաղկեպսակ և սիրաժպիտ, խաղալով զեփյուռների հետ, դիմավորում են գարնան:
Տեսարանը գեղեցիկ և գրավիչ էր: Բայց գրկախառնյալ վալսը ինձ վերա լավ տպավորություն չարավ: Պարող զույգերի մեջ ես պտրտում էի Մարգարիտային նախանձահույզ աչքերով: Ես կամենում էի տեսնել թե առավոտյան լրջամիտ և սեր ու սիրտ արհամմարհող օրիոդը ինչպես է զվարճանում այս խառնիճաղանճ ամբոխի մեջ և որ ավելին է՝ թե նա ինչ ասպետի հետ է գրկախառնված:
Բայց իզուր էի ես սպասում: Մարգարիտան չերևաց պարողների մեջ: Այս հանգամանքը թեպետ մի կողմից ներքին ուրախություն պատճառեց ինձ, բայց մյուս կողմից էլ տխրեցրեց, որովհետև դահլիճի և ոչ մի խմբակի մեջ չտեսի նրան։
Մարգարիտան այստեղ չէ, ասացի քրոջս, դու ինձ սխալեցրիր։
Անցիր հանդիպակաց դռնով, մտիր երրորդ սենյակը, նա անշուշտ ընթերցարանում կլինի, ծիծաղելով պատասխանեց քույրս։
Ես գնացի դեպի նշանակյալ սենյակը, և ո՜վ զարմանք․ Մարգարիտան նստած էր այդտեղ մեն մենակ և լրագիր էր կարդում: Դահլիճի մեջ թնդացող երաժշտությունը, պարողների ուրախ և զվարթ ձայները, յուր շրջապատում տիրապետող անսովոր շարժումը կարծես նրա վերա ոչինչ ազդեցություն չէին անում, նա խորասուզված յուր ընթերցանության մեջ մինչև անգամ իմ յուր մոտ մտնելս էլ չիմացավ:
Երկար ես նայում էի. նայում էի և հիանում: Կանթեղի լույսը ընկել էր նրա վերա և կիսով չափ լուսավորել նրա դեմքը, այնպես որ մյուս կեսը մնում էր ստվերի մեջ: Այս դրությամբ նրա պրոֆիլը նմանում էր մի գեղեցիկ մարմարիոնե արձանի, որով հանճարեղ քանդակագործը պատկերացնում է մարդկության բարերար աստվածուհիներից մինին այն վայրկյանում, երբ նա մոլորյալ հոգիների հանցանաց գիրքը քրքրելով՝ ճգնում է գտնել իրավունքի մի ճանապարհ, որով նրանց անիրավ ճակատագիրը ջնջել կարողանա:
«Ահա՛ ա'յն կինը, որին ես երազում էի» մտածեցի ինքս ինձ. և հուշիկ մոտեցա գեղեցիկ օրիորդին: Նա գլուխը վեր բարձրացրեց և ժպտաց:
Դուք չե՞ք բարկանում, որ ես խանգարում եմ ձեր մենավոր զբաղմունքը, ասացի ես՝ պարզելով ձեռքս դեպի նրան:
Բոլորովին ո՛չ, պատասխանեց նա և քնքշաբար սեղմեց իմ ձեռքը:
Այս անգամ ես դարձյալ անորո՛շ գաղափար ունիմ ձեր մասին, օրիորդ, դուք ինձ և՛ հիացնում, և՛ զարմացնում եք...
Հիացումը թողեք, ընդհատեց նա, զարմացման մասին խոսեցեք: Ինչու՞ համար եք զարմանում:
Եվ մի՞թե դուք դեռ կարոտում եք իմ բացատրությանը: Տեսնում եք, այստեղ պարահանդես է. երաժշտություն է որոտում, ձեր սեռի ներկայացուցիչները նախանձ են բերում աստվածուհիներին, ասպետները նրանց հաճոյանալու համար շահատակում են աջ ու ձախ, ամեն տեղ ուրախություն, ամեն կողմ հրճվանք... և դուք ի՞նչ եք անում, աստվա՜ծ իմ, դուք միանձնուհվո դեր եք կատարում այստեղ: Այս խոսքի վերա Մարգարիտան մեղմով ժպտաց և շարժեց գլուխը:
Ահա՛ թե ինչու համար ես միայնակ էի մինչև այսօր և միայնակ պիտի մնամ երևի մինչև վերջը, խոսեց նա տխրությամբ։ Դուք էլ նույնն եք անում ինձ, ինչ որ ուրիշ շատերը։ Ցավալի է: Մինչև այսօր լսած քարոզներս ինձ վերա տխուր տպավորություն չեն արել. ես ներել եմ բոլորին բայց ձեր խոսածները այդ տպավորությունը արին։ Որովհետև ես սպասում էի ձեզանից ավելին, ես սպասում էի, որ դուք ուրիշներին չնմանեք. բայց երևի ես եմ մոլորվածը և ես պետք է զիջանեմ իմ քարոզներին...
Մի՞թե դուք վշտացաք իմ խոսքերից, օրիորդ, հարցրի ես անհանգստությամբ։
Այո', ես վշտացա. դուք իմ վարմունքը տարօրինակ եք գտնում, որովհետև ես պարահանդեսը թողած ընթերցանությամբ եմ ժամանակ անցկացնում, որովհետև ես ասպետների գրկերից փախչելով՝ այստեղ միանձնուհվո դեր եմ կատարում... Այո՛, պարոն, այդ խոսքերով դուք ինձ վիրավորում եք... Բայց ինչ որ ես անում եմ, գիտակցաբար և խոր համոզմունքով եմ անում։ ճշմարիտ է, ես այս րոպեին նստած եմ միևնույն տանը, ուր երաժշտությունը որոտում և պարերը պտտվում են։ Բայց այստեղ ինձ բերել է իմ մայրը, ես չեմ կարողանում ընդդիմանալ նրա թախանձանացը։ Նա կամենում է ինձ զոռով զվարճացնել, և ես հնազանդվում եմ նրա մայրական խանդակաթ սիրտը չվիրավորելու համար: Քանի որ նա ինձ գաղափարակից չէ, ես ճնշում եմ իմ սիրտը, որպեսզի նա հավատալով, թե ինձ ուրախացնում է, ինքը ևս ուրախանա, ապա թե ոչ պարահանդեսները ինձ զվարճություն չեն պատճառում. այն զբոսանքները, որոնց մեջ կինը միայն հաճության աղջիկն է, ես ատելով ատում եմ. ես կամենում եմ, որ իմ սեռը հարգված մնա գոնե իմ մեջ... Եվ վերջապես ինչ զվարճություն կարող է պատճառել ինձ այդ րոպեական խելագարությունը, եթե նա մինչև անգամ նույն ինքը երջանկությունը լիներ։
Իմ խոսածներս կատակ էին, օրի՛րդ, պատասխանեցի ես, այս րոպեին դուք իմ համոզմանց և զգացմանց թարգման եք հանդիսանում, և ես չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ խորին և անկեղծ հարգանքը դեպի ձեզ: Այն մտքերը, որոնք ինձ զբաղեցրել են մինչև այսօր, ես ձեր մեջ իրացած եմ տեսնում. հենց այդ պաճառով էլ ես ինձ երջանիկ եմ զգում ձեր առաջ:
Դուք համակրո՞ւմ եք իմ գաղափարներին, դուք ինձ չե՞ք խաբում, ոգևորված հարցրեց Մարգարիտան:
Ես չեմ երդվում, օրիորդ, բայց խոսում եմ ազնվաբար և անկեղծությամբ. դուք մինչև անգամ կարող եք ինձ չհավատալ, բայց դա ինձ չի վշտացնիլ, դուք արդեն ինձ վարձատրել եք ձեր համոզմունքների անկեղծ արտահայտությամբ:
Տվեք ինձ ձեր աջը, ես ձեզ հավատում եմ, ասաց նա ոգևորությամբ և սեղմեց իմ ձեռքը ի նշան վստահության: Եվ ապա աթոռից բարձրանալով ավելացրեց.
Այսուամենայնիվ, մենք կարող ենք մի փոքր ավելի օգուտ քաղել մեր հանդիպումից. գնանք շրջելու մյուս կողմերը:
Դուք կամենում եք դահլիճը մտնել, հարցրի ես:
Ոչ, դուրս գնանք այգին, պատասխանեց նա, և մենք կողմնակի սանդուղքներից իջնելով մտանք մի փոքրիկ ծառուղի, որը ընկած էր ծովափի երկարությամբ:
Լուսինը արդեն բարձրացել էր երկնակամարի վերա: Գիշերային մեղմ հովի առաջ հուշիկ շարժվում էին ծառերը և թփիկները և նրանց ոստերի գետնի վերա թողած ստվերները անընդհատ խաղում էին միմյանց հետ: Ծովը խաղաղ էր և նրա լայնատարած մակերևույթը այդ րոպեին մուգ արծաթի գույն էր առել լուսի առաջ: Փոքրիկ ալիքները մերթ ծփալով խաղում էին նրա երեսին և մերթ հովից մղվելով գալիս կոծում էին ափի ավազուտը:
Այստեղ շատ գեղեցիկ է, մենք կարող ենք մի փոքր ազատ զբոսնել, ասաց Մարգարիտան, մտնելով փոքրիկ ծառուղիի մեջ:
Իսկ մայրդ անհանգիստ չի՞ լինի, օրիորդ, հարցրի ես, մենք նրան չհայտնեցինք ձեր այստեղ լինելը:
Ավելորդ է, մինչև պարհադեսի վերջը նա ինձ չի պտրտիլ: Նա գիտե իմ բնությունս և կկարծե, որ ընթերցարանումն եմ:
Ես ոչինչ չպատասխանեցի, և մենք սկսանք մի քանի վայրկյան լուռ զբոսնել: Հետո նա ինքը լռությունը ընդհատեց հարցնելով.
Դուք հիշո՞ւմ եք այս ավուր մեր խոսակցությունը:
Այո՛, հիշում եմ, պատասխանեցի, ես հիշում եմ մինչև անգամ, թե ո՞ր տեղումը ընդհատվեցավ այդ խոսակցությունը:
Այնտե՛ղ, որտեղ դուք սիրո և սրտի նվիրման վերա էիք խոսում, հարցրեց Մարգարիտան ժպտալով:
Եվ որտեղ դուք ձեր անվստահ նկատողություններով իմ հյուսերը փշրեցիք, ավելացրի ես:
Հյուսե՜ր, զարմացման եղանակով բացականչեց Մարգարիտան, ի՜նչ հույսեր ունեիք դուք:
Օրիորդ, թո՛ւյլ տվեք ինձ անկեղծ լինել, թույլ տվեք որ ես կամ երազներից սթափվիմ և կամ իսկական երջանկությունը ճանաչեմ, տանջվում եմ...
Ես ձեզ չեմ հասկանում, երկյուղած ձայնով խոսաց Մարգարիտան, դուք կարող եք անկեղծ լինել։
Շնորհակալ եմ, օրիորդ, ուրեմն լսեցեք ինձ։ Այս երրորդ օրն է, ինչ որ ես այս քաղաքի մեջ եմ գտնվում․ և այն րոպեից ի վեր, երբ դուք նավահանգստում ձեր առաջին հայացքը ձգեցիք ինձ վերա, իմ միտքը էլ ուրիշ ոչնչով չէ զբաղվում․ ձեր այդ հայացքը ինձ հալածում է ամեն տեղ… Երեկ իսկ ձեր այգում դուք կրկնեցիք այդ հայացքը ձեր կենացի ժամանակ, և նույն րոպեին իմ ոսկորների մեջ սարսուռ ընկավ, երեկվանից սկսած անհանգստությունը ճնշում է իմ հոգին․ ես զգում եմ որ մի անսովոր կրակ այրվում է այստեղ, իմ կրծքի տակ… Ես մինչև այսօր չեմ սիրել, բայց զգում եմ որ սիրում եմ ձեզ, օրիորդ, դուք պետք է անողոք չլինեիք… Այս խոսքերը արտասանելու ժամանակ ես չգիտեմ ինչպես էր պատահել, որ նրա ձեռքը ես սեղմում էի իմինի մեջ․ բայց նա, որ մինչև այն համբերությամբ լսում էր իմ խոստովանությւոնը, հետ քաշեց յուր ձեռքը և մեղմով պատասխանեց․ Ես երբեք չեմ շտապում. մի՛ պահանջեք ինձանից այն, ինչ որ ես չեմ կարող ձեզ տալ առանց կատարյալ վստահության: Իմ բոլոր ձեռնարկությանց մեջ ինձ առաջնուրդում են՝ իմ գիտակցությունը և համոզմունքը: Ապացույցներն անգամ արժեք չունին իմ առաջ, որովհետև նրանց ամեն գնով և ամեն տեղ կարելի է ձեռք բերել:
Դուք շատ խիստ եք, օրիո՛րդ, բացականչեցի ես հավատացե՛ք, որ երբեք չէի հանդգնիլ մոտենալ ձեզ, եթե չզգայի իմ մեջ բավական ուժ ձեր բոլորանվեր ջերմեռանդությամբ պաշտելու համար… բայց և այնպես ես չեմ կամենում ձեր սերը մուրանալ, որովհետև երբեք չէի հոժարիլ, որ մի մուրացողին պատկաներ ձեր սիրտը, որին ես այնքան մեծագին եմ դավանում:
Դուք կարող եք իշխել այդ սրտի վերա, եթե կամենաք, հակիրճ պատասխանեց Մարգարիտան և իմ ձեռքս ամուր սեղմելով հեռացավ: Ես ուրախությունից մի վայրկյան անզգայացա: Երբ դիմեցի պարահանդեսի դահլիճը, նա արդեն խառնվել էր օրիորդների խմբի մեջ: