Muratsan

Իմ կաթոլիկ հարսնացուն

4

ԺԴ

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Ես երբեք չէի կարողանում մոռանալ այն օրերը, որ մեր նշանադրությունից հետո ես անցուցանում էի Մարգարիտայի հետ: Իմ կյանքի խավար հորիզոնի վերա այդ սուղ օրերը մի-մի լուսավոր աստղեր էին: Երջանկությունը ես միայն նրանցով ճաշակեցի. երանությունը ես միայն նրանց մեջ ճանաչեցի:

Մեր նշանադրությունից հետո արդեն անցել էր երեք շաբաթ: Ես հաճախ այցելում էի Մարգարիտային. նա ինքը նույնիսկ գալիս էր մեր տուն: Եվ այսպես գրեթե մենք ամենայն օր միմյանց մոտ էինք գտնվում: Երբեմն ժամադիր լինելով գնում էինք քաղաքային և կամ իրենց այգին՝ մեր ընտանիքների հետ միասին: Այստեղ արդեն մենք բաժանվում էինք վերջիններից և զբոսնում միայնակ:

Շատ անգամ մեր մենավոր զբոսնաց ժամանակ մեզ ընկերակցում էին արծաթափայլ լուսինը՝ յուր դշխոյական նազելաճեմ ընթացքով, գիշերային մեղմ հովեր, որոնք ծառերի մեջ խաղալով ստեղծում էին մեզ համար մի սրազվարճ սոսկավյուն, հեզասահ առուներ, որոնք թփերի տակ հոսելով խառնում էին մեր սիրային զրույցների հետ իրենց ախորժալուր կարկաչն ու մրմունջը: Երբեմն էլ մենք նստում էինք ծովափի մոտ, և կամ նավահանգստի ժայռերի վերա, ուր փոքրիկ կոհակները անընդահատ մեկը մյուսի հետևից գալիս փշրվում էին մեր ոտքերի տակ:

Այդտեղ մենք երկար ժամերով խոսում էինք միմյանց հետ, խոսում էինք և չէինք կշտանում, մեր զրույցները անհատում, մեր մտքերը անսպառ էին: Գրեթե միշտ մեզ հետ միասին զբոսանքի եկողները մեզ թողնում հեռանում էին տուն, նրանք չէին ուզում մեզ խանգարել. շատ անգամ մենք վերադառնում էինք կես գիշերին:

Մարգարիտայի ծնողները այնքան վստահ էին նրա վերա և այնքան բարի դեպի իրենց դուստրը, որ չէին մերժում նրան այս տարաժամ զբոսանքները: այդ երանելի երեկոներից մի երկուսը ես բոլորովին չեմ մոռանում մանավանդ այն երեկոները երբ Մարգարիտան ինձ հետ թև թևի, ծառերի տակ զբոսնելով բացատրում էր յուր գաղափարները սիրո, ամուսնության վերաբերությամբ:

Մի անգանմ մենք բոլորս միասին գնացել էինք իրենց այգին այնտեղ գիշերելու դիտավորությամբ: Երեկոյան դեռ ըստ մեր սովորության մենք հեռացանք մերոնցից և զբոսնում էինք այգվո մեջ: Երբ մութը կոխեց, մենք դուրս եկանք այգուց և կամաց-կամաց առաջ էինք գնում սիզավետ լեռնադաշտի վերա, մինչև որ հասանք բարձրավանդակի ծայրը, այդտեղից մեր առաջև բացվում էր հրաշալի տեսարան: Լուսնի շառագույն սկավառակը կիսով չափ դուրս էր եկել ծովի ալիքներից և նմանում էր մի հեռավոր կղզվո, որի մեջ հրդեհվում ե բազմադարյա կաղնիների անտառները: Մենք կանգ առինք այդտեղ: Մարգարիտան յուր աջ ձեռքը իմ պարանոցով պատելով հենվել էր ինձ վերա. մենք հիացմամբ նայում էինք բնության այդ հրաշալի տեսարանին: Լուսնի սկավառակը աննշմարելի կերպով բարձրանում ծածանում էր ալիքների վրայից և մի քանի վայրկյանում ամբողջ գունդը զատվեցավ ծովի մակերևույթից:

Նստենք այստեղ, և տեսենք, թե ինչպես է լուսավորում նա ծովի մակերևույթը, ասաց Մարգարիտան:

Մենք նստեցինք և ուշադրությամբ դիտում էինք լուսնի ըննթացքը: Կամաց կամաց ծովի մակերևույթը մուգ պղնձի գույն էր սանում և անհանգիստ ալիքներրը այս ու այն կողմը ծփալով՝ բեկբեկում էին նրա հավասարությունը ամբողջ մակեերևույթի վերա բյուրավոր լուսնիկներ ցոլացնելով, բայց գիշերային լուսաբեր հանդարտ ընթանանում էր դեպի երկնակամարը: Նրա շառագույն դեմքը տակավ առ տակավ պարզվում և լուսավորում էր, ծովը նույնպես սկսում էր արծաթազօծվիլ, և մեզ շրջապատող բնությունը կենդանանում էր աղոտ լույսով:

Երանի՜ թե մեր կյանքն էլ լուսնի կյանքին նմաններ, ասաց ինձ Մարգարիտան, և մենք երբեք չմոռանայինք հավիտյան միմյանց սիրեու համար: Ի՞նչ, մի՞թե դու հավատում ես, թե հավիտյան ապրելով, հավիտյան էլ կսիրեի՞ր,- հարցրի եա նրան:

Մի քանի ժամանակ առաջ ես չէի հավատալ. ես այն ժամանակ մինչև անգամ չգիտեի, թե արդյոք սերը գոյություն ունի՞ աշխարհում, թե՞ բանաստեղծների գլխումն է ապրում նա: Իսկ այսօր, Արա՛մ, այսօր հավատում եմ որ նա կա, որ նա ապրում է մեր սրտի և հոգո մեջ, որ նա նույն ինքն է երջանկություն… Ես հավատում եմ, որ եթե անմահ անգամ լինի, հավիտյան կսիրեի, որպեզի հավիտյան երջանիկ լինի…

Ես ինքս քեզ հետ համաձայն եմ, Մարգարիտա, բայց դու գիտես, որ փորձված մարդիկ սիրո հավիտենականությանը չեն հավատում, նույնիսկ մարդկային կարչատև կյանքի համար,- ասացի ես:

Փորձված մարդի՞կ. բայց ինչ բանի մեջ փորձված. իհարկե նրանք, որոնք մի ամբողջ կյանք ապրել են առանց սերը ճանաչելու, նրանք ոչ միայն սիրո հավիտենականությանը, այլև նրա վայրկենական հրապույրներին չեն հավատալ:

Ո՛չ այդ տեսակ մարդիկները չեն սիրո հավիտենականություն չընդունողները, այլ նրանք, որոնք կյանքը անցել է սիրահարական արկածներում, որոնք առույգ երատասարդությանը ամբողջապես նվիրված է եղել սիրո աստվածությանը։

Այդ անկարելի է, բացականչեց Մարգարիտան, ամեն մարդ փափագում Է երջակությանը, իսկ երջակությունը գտնվում է միայն սիրո մեջ… Ես չեմ կամենում հավատալ, թե կա մարդ, որ մի անգամ սիրել կարողանալուց հետո ուրանում է սիրո հավատենականությունը…

Պետք է հավատալ, որ կան այդպիսիները․ նրանք մարդկային և ոչ մի զգացմունքների մեջ հավիտենականություն չեն ճանաչում։ «Սիրո հավիտենականությունը,- ասում էր իմ բարեկամներից մինը,- գտնվում է միայն փոփոխության մեջ»։

Օ՜, մի՛ խոսիր, մի՛ խոսիր այդ մարդիկների մասին դրանք սիրո հավատի հերետիկոսներն են, մենք չենք հետևիլ նրանց, Արա՛մ, մենք կսիրենք միմիյանց անկեղծ և անհարամ սիրով, մենք կսիրենք մինչև մեր հետին շունչը, մինչև մեր գերեզմանը...

Այս խոսքերով նա փաթաթվեցան իմ պարանոցին և ամուր ամուր սեղմեց ինձ յուր կուրծքին:

Մենք հրեշտակներին նախանձ ենք բերում... կամացուկ շնջաց նա, և մեր շրթունքները սեղմեցան իրեն...

Երկար մենք նստած էինք կանչազարդ բարձրավանդակի վերա. մեր ոտքերի տակ վառվում էին հարյուրավոր ճրագներ, և վերևում փայփլում էր անհուն աստեղազարդը: Ծովի կողմից փչող սղոխներն էին միայն, որ իրենց շնչով խանգարում էին մեզ շրջապատող լռությունը և ընդնմին զովացնում էին մեր կրակվող երեսները: Կարծում էինք, որ լուսնից զատ էլ ոչ ոք հանդիսատես չէ մեր սիրակցություններին։

Լուսինը սիրահարների բարեկամն է, նա մեզ չի մատնելի, ասում էի ես ծիծաղելով, երբ Մարգարիտան կասկած էր հայտնում, թե մեզ կարող են լրտեսել։

Եվ որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ տուն գնալու համար տեղից բարձրանալով՝ հիսուն քայլ հեռավորության վերա նշմարեցինք մի կնոջ կերպարանք։

Ո՞Վ է սա, երկյուղով բացականչեց Մարգարիտան և կպավ իմ կրծքին։

Մի՛ վախենա, այդ ես եմ, ձայն տվավ կերպարանքը և մոտեցավ մեզ։ Դա քույրս էր. նա եկել էր մեզ վերա հեռվից հսկելու, որպեսզի մեր սիրային արբեցությանց ժամանակ հանկարծահաս վտանգներից չզարնվեինք մենք: Մարգարիտան իսկույուն վազեց դեպի նրան և սեղմելով յուր կրծքին ջերմությամբ համբուրեց:

Դու մեզ վերա չես բարկանում, այսպես չէ՜, Շուշան, հարցրավ նա մանկական անմեղությամբ:

Ո՛չ, սիրելիս, ես ընդհակառակը ուրախանում եմ, պատասխանեց քույրս, և մենք երեքս էլ թև թևի տալով շտապեցինք դեպի տուն:

Մեր նշանդրությունից հետ այսպիսի տեսակցություններ, ինչպես ասացի, մենք շատ էինք ունենում: Բայց միասին անցուցած այդ սիրազվարճ ժամերը այնպես շուտով էին սահում, և ընդհակառակը, իրարից հեռու գտնված միջոցի ժամերը այնքան համր ընթանում, որ մենք միշտ գանգատվում էինք մեր բախտից կարծելով, թե շատ ուշ ենք հանդիպում միմյանց:

Այսպես անցան երեք ամբողջ շաբաթներ և չորրորդի վերջում արդեն մեր հարսանիքը պիտի կատարվեր:

Երկու կողմից էլ պատրաստություններ էին տեսնում. Լուսինյան այր և կին իրենց աղջկա համար, իսկ քույրս ու փետաս ինձ համար: Քաղաքի մեջ պարապ չէին և զվարճասեր աղջիկներն ու մանկամարդ տիկնայք. նրանք էլ իրենց տուալետն էին կարգավորում, որպեսզի խնդրարկուի առաջին հրավերը ստանալուն պես կազմ և պատրաստ գտնվին իրենց այցելությամբ մեր հարսանիքը պատվելու:

Եվ այսպես բոլորն էլ անխտիր ուրախ էին: Մինչև անգամ պատեր-Սիմոնի մասին Մարգարիտան պատմում էր, որ արդեն հաշտվել էր յուր հոր հետ և արդեն մի շաբաթ էր ինչ որ նա հաճախում էր իրենց տունը և բարեկամական առանձին տեսակցություններ էր ունենում յուր հոր հետ:

Մեր բախտի երկինքը դեռ պարզ էր ամպեր չէին երևում, փոքրիկ չէր գուշակվում...

ԺԵ ԲԱԽՏԻՍ ԱՆԻՎԸ ԴԱՌՆՈՒՄ Է

Մարդիկ առհասարակ գրգռված ժամանակն են հիմարություններ գործում. այսինքն երբ կամքի ղեկավարը կիրքն է լինում: Խելքը երևան է գալիս այն ժամանակ, երբ սիրտը խաղաղ և հոգին անվրդով է մարդու մեջ: Սրա հակառակ կան և մարդիկ, որոնք սեփական կամք և հաստատուն բնավորություն չունենալով, միշտ ենթարկված են ուրիշների ազդեցության և իրենց սրտի և հոգվո խաղաղ ժամանակը միայն անշունչ գործիքներ են լինում ճարպիկների ձեռքում, հետևապես և հիմարությանց հեղինակ: Այս տեսակ մարդկանց մեջ ընդհակառակը գրգռված ժամանակն է երևան գալիս կամքի և խելքի ույժը, այսինքն, երբ կրքերի հուզվելով զարթնում է նրանց մեջ պատվասիրութկան զագուցումը, և նրանք գործումն ինչպես անկախ մարդիկ:

Այս վերջինների տեսակին էր պատկանում պ. Լուսինյանը, Մարգարիտայի հայրը:

Մի առավոտ ես գնում էի զբոսնելու: Ճանապարհին պատահեցի պատեր Սիմոնին, նրա հետ կային և երկու ուրիշ պատերներ, որոնց հետ նա խոսելով բարձրանում էր դեպի այն ճանապարհը, որի վերա գտնվում էր Լուսինյանների տունը: Ես հետաքրքրվեցա իմանալու, թե այդոք նրանք այնտե՞ղ են գնում, թե՛ ոչ. և հետևեցի նրանց քայլ առ քայլ: Երեք պատերները հասան Լուսինյանների տանը և պատեր-Սիմոնը հնչակը քաշեց: Ես շրջեցա պատվարի մյուս կողմը նրանք աչքից թաքչելու համար: Երբ նրանք ներս մտան, ես դուրս եկա և կամենում էի ճանապարհս շարունակել: Դռան առաջ Մարին կանգնած էր:

Ովքե՞ր են այդ երկու պատաերները, մոտենալով հարցրի նրան:

Դրանցից մինը պատեր-Պետրեն է, իսկ մյուսին չես ճանաչում. դրանց առաջինանգամ եմ գալիս մեզ մոտ, պատասխանեց Մարին:

Ասա Մարգարիտային, որ ես գնում եմ այգում զբոսնելու. թող իմանա ինչու՞ համար են եկել դրանք և ինձ լուր բերե, ես իրեն կսպասեմ այնտեղ, պատվիրեցի ես և հեռացա:

Արդեն կասկածն ու երկյուղը պաշարել էին ինձ. ես տխուր գուշակություններ էի անում, որովհետև վստահ չէի իմ աներոջ հաստատակամության վերա: Թեպետ մի կողմից ես չէի մոռանում մեր հանդիսավոր նշանադրությունը, որ ամենալավ գրավական էր մեր բարեկամության հաստատությանը, բայց մյուս կողմից կաթոլիկ կղերի մեքենայությանց մասին կարդացածներս մտաբերելով սարսափում էի: Ես գիտեի, որ նրանք ամենազոր և ամենակարող են:

Մտնելով այգին ես պատահեցի պատեր-Սիմոնի ջենտլմեն սարկավագին: Նա ինքը առաջինը մոտեցավ ինձ և բարեկամաբար ողջունեց: Ես կամենում էի ձեզ տեսնել, ասաց ինձ պ. Կլեմեսը, և ուրախ եմ որ այստեղ պատահեցանք:

Շնորհ արեք. ինչով պիտի ծառայեմ ձեզ:

Ես եմ կամենում մի ծառայութուն անել ձեզ, ասաց նա, լսեցեք ինձ:

Մենք նստանք մի հովանավոր ակաթենու տակ, նստարանի վերա:

Դուք կարո՞ղ եք հավատալ իմ անկեղծությանը. հարցրեց նա:

Ես վստահ եմ ձեր վերա, խոսացեք, պատասխանեցի ես:

Ձեր ամուսնության գործը վատ կերպարանք է առնում, ասաց նա, պատեր-Սիմոնը նորանոր մեքենայություններ է լարում ձեր դեմ: Ես իբրև երիտասարդ մարդ և կրոնական մոլեռանդության ատեցող՝ կամենում եմ զգուշացնել: Ես ձեզ և օրիորդ Մարգարիտային հարգուն եմ և չէի, կամենալ, որ դուք թշվառանայիք:

Դուք ինձ կատարելապես պարտավորեցնում էր, պարոն, չգիտեմ ինչով եմ արժանացել ձեր ուշադրությանը, բացականչեցի ես:

Գիտե՞ք որ «բոլոր դևերը չար չեն», ասաց նա ժպտալով, ես բախտի բերմունքով կաթոլիկ կղերի կոչումն եմ առել ինձ վրա և մտել այս սքեմի տակ, բայց երիտասարդությունը դեռ ամբողջապես չէ մեռել իմ մեջ: Ես դեռ կարող եմ մի բանով օգնել ձեզ, մանավանդ որ ես արդեն պաշտոնի հրաժարված եմ:

Այստեղ արդեն ամեն բան պարզվեցավ ինձ համար. ուրեմն Կլեմեսը վիրավորված էր այդ մարդիկներից և այդ է պատճառը, որ նա առաջարկում էր ինձ յուր նոր բարեկամությունը: Ես այժմ ավելի վստահությամբ կարող էի նրան լսել:

«Այն օրը, որ ձեր նշանադրությունը կատարվում էր, շարունակեց նա, պատեր-Սիմոնը վաղուց արդեն տան մեջ նստած էր. նա ամեն բան գիտեր: Միայն այնքան ուշ ձեզ մոտ գալը նրա համար էր, որ ամեն բան կազմ և պատրաստ լինելուց ետ ինքը գար և խափաներ, որպեսզի յուր հաղթությունւ և հայադավանների խայտառակությունը կատարյալ լիներ: Բայց այս անգամ նա յուր հաշվի մեջ սխալվել էր: Պ. Լուսինյանի վարմունքը մինչև այսօր էլ նրան ապշեցրել է, որովհետև նա մինչև այժմ այն աստիճան հլու հպատակ է եղել պատեր-Սիմոնին, որ վերջինս երբեք այդպիսի ընդդիմություն նրանից չէր կարող սպասել: Արտասվելով Լուսինյանի տնից նա կատաղած վերադարձավ ինձ մոտ և անդադար հայհոյում էր թե ձեզ և թե Լուսինյանին: Ամբողջ գիշեր նա քնել չկարողացավ: Առավոտյան պահուն մի հեռագիր քաշեց Սարատովի մեր եպիսկոպոսին, հայտնելով, որ այստեղ վերահաս վտանգ է սպառնում յուր հոտին, հետևապես ինքրը կարոտում է երկու գործունյա քարոզիչների օգնության:

Հեռագիրը քաշելուց ետ միայն նա ջզղջաց յուր սխալմունքի վերա: «Ես դավաճանեցի մեր սկզբունքներին, ասում էր նա, ես իրավունք չունեի բռնությամբ գործ կատարելու, և եթե այսօր Լուսինյանի ընտանիքը հերետիկոսների ձեռքը մատնվի, ես եմ մեղավոր»: Բայց արդեն ուշ էր: Վախենալով ապագա քննություններից, նա միևնույն օրը մի նամակ էլ դրեց մեր եպիսկոպոսին, որի մեջ բացատրվում էր յուր հեռագրի նշանակությունը և աշխատում էր արդարացնել իրեն: Որովհետև այդպիսի դեպքերում բոլոր պատասխանատվությունը պատերի վերա է մնում: Մեր օրենքով նա իրավունք չունե սխալվելու, ըստ որում սրբազան պապի հոտը պաշտպանելու համար` նա վայելում է անսահման արտոնություններ, նա ազատ է գործադրելու ամեն տեսակ միջոցներ, ներելի լինին դրանք թե աններելի…

Ահա այս զղջումն էր պատճառը, որ մի քանի օր անցնելու ետ պատեր-Սիմոնը կրկին խոնարհվելով գնաց Լուսինյանի մոտ. ինքը նախ ներումն խնդրեց և ապա նրան էլ ներումն շնորհելով հաշտվեցավ նրա հետ: Ահա մի ամբողջ շաբաթ է, որ նա քարոզում է Լուսինյանին: Երեկ երեկոյան նա ուրախությամբ վերադարձավ Լուսինյանի տնից և հայտնեց ինձ, որ ամեն բան արդեն յուր նախկին կերպարանքն է առել և Լուսինյանը զղջալով յուր արարմունքի վերա խոտացել է հետ դարձնել Բյուրատյանի նշանը և մերժել նրան յուր դստեր ձեռքը:

Այս ավետիքը ինձ տալու ժամանակ հասան արդեն այստեղ Սարատովից զրկված երկու հոգևորականները, մինը այստեղի նախկին քահանա պատեր-Պետին և մյուսը Ֆրանկիսկոս-Լորենտանո, մի շատ ճարպիկ և փորձված քարոզիչ տեղյակ ամեն լեզուների և ամեն տեսակ մեքենայությանց: Երեկոյան հարցաքննության ժամանակ արդեն այս գործում ինձ մեղավոր ճանաչեց այդ անիծյալ քարոզիչը և ընդհանուրի հավանությամբ ինձ հրաժարեցրին իմ պաշտոնից, առարկելով, որ ես աչալրջությամբ չեմ հսկել իմ շուրջը կատարվող գործերի վերա. շուտ չեմ իմացրել պատեր-Սիմոնին գործի էությունը: Իսկ այսօր արդեն նրանք Լուսինյանի մոտ պիտի գնան:

Մնում է ինձ ասել, որ ես իմ խիղճը արդարացնելու համար միայն պատմեցի ձեզ այս բոլորը և ոչ թե պատեր-Սիմոնից վրեժխնդիր լինելու դիտավորությամբ: Որովհետև ինձ համար անտանելի է երբ տեսնում եմ, թե երկու երիտասարդ սրտերի բախտը խաղալիք է դարձած մի անխիղճ հոգևորականի ձեռքում:

Այսուհետև ինչ որ կարող եք ինքներդ անել-վտանգը ձեզանից հեռացնելու համար, արեք. ես առայժմ իմ բարոյական պարտքը կատարեցի կարևոր դեպքում էլ ձեզ կարող եմ օգնել»:

Այս ասելով Կլեմեսը վեր կացավ տեղից:

Ես հայտնեցի նրան իմ խորին և անկեղծ շնորհակալությունը յուր անակնկալ բարեկամության համար և ողջունելով նրան, քայլերս ուղղեցի դեպի պարտիզի դուռը:

Սարկավագի ճշմարտախոսության վերա ես չէի կասկածում. այդ պատճառով և անհանգստութունը սկսում ալեկոծել իմ սիրտը: Այն միտքը, թե Մարգարիտային կարող էին խլել ինձանից, գրեթե խելագարեցնու էր ինձ: Ես շտապ - շտապ առաջ էի գնում առանց իմանալու, թե ո՞ւր եմ գնում, առանց հիշելու, որ Մարգարիտային ժամադիր էի եղել այգում:

Բարեբախտաբար շատ չէի հեռացել պարտեզից, երբ մեր ծառան ինձ պատահեց:

Օրիորդը մեր տանը սպասում է ձեզ ասաց նա: Ես սրտատրոփ դիմեցի դեպի տուն: Երբ ներս մտի, տեսա, որ քույրս տանը չէր. Մարգարիտան միայնակ նստած էր իմ սենյակի մի անկյունում և ձեռքը կռթնած պատուհանի վերա տխրադեմ նայում էր դեպի փողոցը: Նրա աչքերը կարմրված և ուռած էին, երևում էր, որ նա շատ լաց էր եղել:

Ինձ տեսնելով ցատկեց տեղից և վազելով դեպի ինձ բացականչեց.

Արամ, Արամ, մեզ բաժանում են միմյանցից, և դու դեռ ոչինչ չգիտես... և խեղճ աղջիկը էլ չկարողացավ շարունակել խոսքը. նա բարձրաձայն հեկեկաց և ընկավ իմ պարանոցով:

Մարգարիտա, իմ անգին Մարգարիտա, մի՛ լար, մեզ ոչ ոք չի կարող բաժանել, մեզ երկուսիս միասին գուցե կարողանան անշնչացնել, բայց բաժանել միմյանցից երբեք... մխիթարում էի ես նրան:

Օ՜, դու դեռ ոչինչ չգիտես, շարունակեց նա, իմ Հայրը արդեն յուր վճիռը տվել է․ նա պատրաստվում է վերադարձնել քեզ իմ հարսնախոսության մատանին... ես չեմ կարող ապրել, ես կմեռնե՜մ...

Կլեմեսի պատմածները ճշմարտանում էին, բայց պետք էր գործին ավելի մոտ ծանոթանալ: Թեպետ իմ սրտի մեջ արդեն արյուն էր կաթում, բայց ես աշխատեցի հանգստացնել Մարգարիտային և խնդրեցի նրան պատմել ինձ ամենը ինչ որ գիտեր:

Դու անշուշտ հիշում ես, սկսավ խոսել նա, որ ես մի երկու օր առաջ ասացի քեզ՝ թե պատեր Սիմոնը արդեն հաշտվել է իմ հոր հետ և մի շաբաթ է, ինչ նա հաճախում է մեր տուն և առանձին տեսակցություններ է ունենում հորս հետ: Ես այս հայտնեցի՝ քեզ ուրախացնելու համար, որովհետև կարծում էի, թե այդ հաշտությամբ արդեն վերանում էր ապագա միության կասկածելի արգելառիթը: Բայց. ավա՜ղ, ես չարաչար սխալվել էի: Այդ հաշտությունը կայացել էր միայն ի կորուստ մեր երջանկության: Պատեր Սիմոնի հորս հետ ունեցած առանձին տեսակցությունները ոչ թե նախկին բարեկամությունը վերականգնելու, այլ հորս հոգին և միտքը մոլորեցնելու համար են եղել: Ամբողջ այդ շաբաթվա մեջ այդ եզվիտ պատերը հորս քարոզում է եղել, եթե նա ժողորվել է, թե նա մեծ հանցանք է գործել, թե նա աստուծո ահեղ բարկությունն շարժել է յուր վերա, որ ուղափառ հավատին պատկանող աղջիկը հերետիկոս աղանդավորին է տրվել։ Այսօր իմ հայրը կատարելապես փոխվել է, նա էլ չի մտածում յուր պատվո խոստման վերա, դժոխքի ճիվաղները նրան սարսափեցնում են…

Եթե դու առարջուց իսկ աշխատեիր պատերի դիտավորությունը հասկանալ, մենք ժամանակին և կոչնչացնեին, նրա մեքենայությունները, նկատեցի ես։

Իզուր դու ինձ անհօգության մեջ ես մեղադրում. պատասխանեց նա, այդ կասկածը վաղուց ծնվել էր իմ մեջ, բայց մինչև երեկվա օրը հորս վարմունքի մեջ ես ոչինչ փոփոխություն չկարողացա նշմարել։ Երևի պատերը ինքն էր այդպես կարգադրել, որպեսզի դեռ հորս համոզմունքների չտիրած, չհայտնվեր յուր չար դիտավորությունը։

Երեկ երեկոյան մորս հետ միասին նստած էի յուր սենյակում․ պատերը դարձյալ հորս մոտ էր, բավական ժամանակ էր անցել, ինչ նրանք միասին էին։ Երբ դուրս գնաց, հայրս մտավ մեզ մոտ։ Ես նկատեցի, որ նա պատրաստվում է մի ինչ–որ նորություն հայտնել մեզ, բայց չեր վստահանում․ այդ բանը ինձ անհանգստացրեց։ Մի քանի անգամ սենյակի մեջ անցուդարձ անելուց հետո վերջապես նա գուժեց «Մարգարիտա, դու պետք է թողնես Բյուրատյանին, մենք մեր ընտրության մեջ չարաչար սխալվել ենք․․․»։

Ես ել ավելի չկարողացա լսել նրան․ ամբողջ տունը գլխիս վերա պտտվեցավ և մի վայրկյան կարծեցի թե տան ձեղունը պիտի փլվի ինձ վերա․ մի ակնթարթում պատերի մեքենայությանց բոլոր շինվածքը իմ աչքի առաջ կանգնած էր։

«Այդ սարսափելի է, չկրկնես այդ խոսքը․․․» բայց կանչեցի ես և ղելագարի նման դուրս ընկա դահլիճը. հետո ես մտա իմ ննջարանը և սկսա դառնապես լաց լինել։ Ես չլսեցի, թե մայրս ինչ պատասխան տվավ հորս, բայց մի փոքր ժամանակից հետո նա սրդողած եկավ ինձ մոտ և երկար աշխատում էր ինձ մխիթարել․ նա սպառնում էր, որ պատերին կարտաքսե մեր տնից և խոստանում էր, որ նշանակված օրը կատարել կտա մեր պսակը: Բայց իմ հոր անակալ հայտնությունը ինձ սարսափեցրել էր. մորս խոստումներն անգամ չկարողացան ամոքել ինձ. ես մի րոպե քնել չկարողացա և ամբողջ գիշեր լաց էի լինում … և եթե գիտենայիր թե ի՜նչ հուսահատություն էր տիրում ինձ վերա, եթե գիտենայիր թե ի՜նչ սոսկալի վճիռ էի ուզում կայացնել…:

Ես իսկույն հասկացա թե ի՜նչ վճռի մասին էր խոսում խեղճ աղջիկը:

Մարգարիտա՛, Մարգարիտա՛, ուրեմն դու կարո՞ղ ես վճիռներ կայացնել, տխրությամբ նկատեցի ես, ուրեմն դու չե՞ս, հավատում, որ ուրիշ սիրտ էլ կա աշխարհում, որ քո սրտի հետ հավասար պիտի բաբախե և նրա հետ միասին անշնչանա…

Ներիր ինձ, Արա՛մ, պատասխանեց Մարգարիտան, կյանքի մեջ շատ անգամ այնպիսի րոպեներ են պատահում, երբ մարդու աչքում կյանքը կորցնում է յուր արժեքը: Ես ինքս միշտ դատապարտել եմ հուսահատ վճիռները, բայց իզո՜ւր. երբ գալիս է հուսահատությունը՝ ամենազորեղ սիրտն էլ ընկճվում է նրա առաջ … Գիտենալ, թե կարող են ինձ բաժանել քեզանից և այնուհետև ցանկանալ ապրել… ո՜հ, ո՛չ, ես չեմ կամենում քիչ քիչ մեռնել. ես թույլ եմ. և ամենից առաջ ես կին եմ …

Այս խոսքերից հետ նա կրկին հեկեկաց և ընկավ իմ պարանոցով: Իմ սիրտը մորմոքում էր. ես էլ կամենում էի լաց լինել նրա հետ, բայց իմ պաշտոնը ծանր էր. ես պետք է սիրտս սեղմեի և մխիթարեի նրան:

Մարգարիտա, ուրեմն դու հավատում ես որ օտարի ձեռքերը կարող են շոշափել այն սրբարանը, ուր մեր սրտերը միացած են. դու հավատո՞ւմ ես, որ օտարները կարող են բռնանալ մեր սիրո վերա…

Ես այժմ ամեն բանի հավատում եմ, պատասխանեց նա դառնությամբ, երբ հարազատ հայրն է առաջնորդում օտարին, իհարկե, մենք կհաղթվինք: Դու դեռ բոլորը չգիտես: Հիշու՞մ ես արդյոք, որ դեռ մեր նշանադրության երեկոյին իմ հոր և պատեր Սիմոնի մեջ տեղի ունեցած կռիվը լսելով մի քանի վայրկյան սաստիկ տխրեցի. այդ նրա համար էր, որ ես ճանաչում էի իմ հոր թույլ բնավորությունը և գիտեի, թե նա յուր գրգռված ժամանակ գործած այդ հերոսական հանցանքը ինչ փոքրոգությամբ պիտի քավեր ապագայում: Եվ որքան էլ որ ես աշխատեցի հեռացնել ինձանից տխուր մտածմունքները, այսուամենայնիվ իմ կասկածները մարմին առան: Բավական չէր, որ պատեր֊Սիմոնի մի շաբաթվա քարոզությունները արդեն հորս կերպարանափոխել էին, այսօր, ինչպես գիտես, մի ույժի վերա երկու ուրիշ հսկաներ էլ ավելացան. Սարատովի գերապայծառը առանց մի վայրկյան կորցնելու օգնություն է հասցրել յուր անօգնական պատերին։

Այսօր երբ Մարին հայտնեց ինձ երկու նորեկների գալուստը և յուր քեզ հետ տեսնվիլը, ես շտապեցի տեղեկանալ, թե ի՞նչ նոր դարան է լարվում մեզ համար։ Ես չկարողացա իմանալ, թե ո՞վ էր պատեր-Սիմոնի երկրորդ ընկերը, բայց դռան ետևից ես զարհուրելի վճիռ լսեցի. խոսողը իմ հայրս էր. կարող ես երևակայել, թե ինչ եղա ես, երբ առաջին անգամ ականջիս զարկան նրա հետևյալ խոսքերը.

Ես արդեն հայտնել եմ պատվելիին, որ ես հնազանդվում եմ գերապայծառի հրամանին և մերժում եմ հերետիկոսին իմ դստեր ձեռքը, երեկ երեկոյան ես հայտնեցի իմ վճիռը Մարգարիտայիս, որքան էլ նա կամ յուր մայրը գոհ չեղան այս հայտնությամբ, այսուամենայնիվ իմ վճիռը անդառնալի է. և ես այսօր իսկ մտադիր եմ վերադարձնել այն երիտասարդին յուր հարսնախոսության մատանին»:

Ես ավելի նրանց լսել չկարողացա. ոտքերս թուլացան և ես մի կերպ քարշ գալով դուրս ընկա պատշգամը. հետո Մարին օգնեց ինձ մորիցս ծածուկ կառք նստելու և ինձ այստեղ ձգելու...

Այս խոսքերից ետ Մարգարիտան մի վայրկյան նայեց ուղղակի իմ աչքերին և բացականչեց.

Աստվա՜ծ իմ, քեզ վերա ոչինչ ազդեցություն չէ անում իմ բերած գույժը, ես խելագարվո՜ւմ եմ...

Մի՛ անհանգստանար, Մարգարիտա՛, պատասխանեցի ես սեղմելով նրան իմ կրծքին, մարդու դեմքը միշտ սրտի թարգմանը չէ, և դու գուցե սարսափես, եթե բանամ

11 Մուրարցան, հատոր I քեզ այդ սիրտը. բայց ճշմարիտ է, որ քո բերած գույժը ինձ վերա քո սպասած ազդեցությունը չարավ. այդ նրա համար է, որ ես նրան առաջին անգամ չեմ լսում...

Ի՞նչ, մի՞թե դու այդ գիտեիր արդեն, ընդհատեց ինձ Մարգարիտան։

Այո, ես դեռ մի փոքր ավելին գիտեմ, պատասխանեցի ես և պատմեցի նրան Կլեմես սարկավագի ինձ խոսածները։

Երբ խոսքս վերջացրի, մտավ մեզ մոտ քույրս։ Նա յուր դրացուհվո մոտից էր գալիս և դեռ ոչինչ չգիտեր։ Մեր վրդովված դեմքերը նրան գրեթե սարսափեցրին։ Անհանգստությամբ հարցրեց նա մեր տխրության պատճառը, մենք պատմեցինք նրան բոլորը։ Խեղճ քույրս սրտնեղությունից չկարողացավ մի բառ անգամ արտասանել և սկսավ լաց լինել։ Մարգարիտան արդեն մի առիթ էր որոնում, նա էլ քրոջս ընկերացավ։ Բանից երևում էր, որ նրանք ինձանից ավելի լավ էին հասկանում մեր թշվառության ծանրությունը, ըստ որում ավելի լավ էին ճանաչում իմ աներոջ բնավորությունը և կաթոլիկ կղերի զորությունը։ Երկար թախանձելուց հետ հազիվ կարողացա հանդարտեցնել նրանց։ Հետո քրոջս խնդրեցի, որ Մարգարիտային ընկերակցե մինչև իրենց տունը, իսկ ես պատրաստվեցա այցելել պատեր-Սիմոնին և նրա երկու նոր ընկերներին։

Ես կամենում էի հենց միևնույն օրվա մեջ որոշել իմ բախտը, կամ հաղթել և տիրել իմ սեփականությանը և կամ ընկնել առանց երկար տանջվելու։ Մարգարիտան համաձայն էր ինձ հետ։

ԺԶ

ԿԱԹՈԼԻԿ ԿՂԵՐԻ ՄՈՏ

Բաժանվելով Մարգարիտայից ես դիմեցի դեպի պատեր-Սիմոնի տունը։ Ճանապարհին զանազան մտքեր պաշարել էին ինձ. կամ մտածում էի՝ գնալ և այդ մարդուց հաշիվ պահանջել յուր գործած չարությունների համար և տալ նրան յուր արժանավոր հատուցումը, կամ դիմել նրան և աղաչել, որ հեռացնե ինձանից յուր ցասումը և արգելք չդառնա մեր միությանը. երբեմն էլ մտածում էի` ընկնել քարոզիչ Լորենտանոյի ոտքերը և աղերսել նրա օգնությունը, զիջանելով նրան մինչև անգամ իմ կրոնական համոզմունքները... բայց վերջին երկու միջոցը իմ արժանապատվությունը վիրավորող էի գտնում։ «Ոչնչացնել, կամ ոչնչանալ» վճռեցի ես վերջապես և նոր ուժով կազդուրված քայլերս շտապեցրի։

Երեք ընկերները հենց նոր էին վերադարձել Լուսինյանների տնից: Շատ քաղցր բարեկամությամբ նրանք ընդունեցին ինձ։ Պատեր-Սիմոնը քաղաքավարությամբ ծանոթացրեց ինձ Ֆրանցիսկոս Լորենտանո քարոզչի և գիտնական պատեր-Պետրեի հետ։

Ֆրանցիսկոս Լորենտանոն հասակն առած մոտ հիսուն և հինգ տարեկան մի մարդ էր. բարձրահասակ և վայելչակազմ, դեմքը շատ քաղցր և ժպտող, նրա երեսի վերա փայլում էր կատարյալ առողջություն, իսկ այտերը վառվում էին մի նորատի կնոջ դեմքին հատուկ կարմրությամբ. Նրա սափրած ծնոտի տակ հանգչում էր մի երկրորդ ծնոտ, որ ալիքավոր անհավասարությամբ իջնում միանում յուր պարանոցի հետ։ Նրա ամբողջ կազմվածքի ներդաշնակությունը խանգարում էր միայն պատերական լայն և ուռած փորը, որի վերա չէր կարողանում տիրապետել յուր ոչ պակաս լայնադիր կուրծքը։ Մի քանի րոպե ես հիացմունքով նայեցի նրա վերա:

Այդ մարդին արտաքուստ դատելով ես չար չգտի, նրա ձայնի և նայվածքի մեջ կար մի բան, որ կախարդում էր։ Շինծո՞ւ էր այդ, թե՞ բնական, դեռ չգիտեի։

Պատեր-Պետրեն, ընդհակառակը, նիհար, հակակրական դեմքով և մաշված կազմվածքով մի արարած էր. նրա դեմքի և նայվածքի մեջ ես պարզ կարդում էի դիվական չարություն։ Նրա ձայնն անգամ անախորժ էր և խռպոտ. Առաջին անգամից իսկ ես զզվեցա նրանից։

Նստելով ինձ առաջարկած աթոռի վերա, ես թույլ չտվի իմ նոր բարեկամներին մի որևէ քաղցր խոսք փոխանակել ինձ հետ, կասկածելով կորցնել խստությունս, ուստի ուղղակի գործից սկսեցի. • Վերապատվելի հարք, դուք արդեն ամեն բան գիտեք, և կարող եք գուշակել նույնիսկ իմ այցելության պատճառը, ասացի ես, հետևապես ես ձեզ նոր բան պատմելու կարևորություն չեմ տեսնում։ Ես սիրում եմ Լուսինյանի աղջկան և արդեն նշանված եմ նրա վերա, այդ գիտեք դուք։ Բայց մեր ամուսնությունը ձեզ հաճելի չէ, որովհետև աղջիկը պատկանում է կաթոլիկ դավանության, և դրա համար էլ դուք ամեն ջանք գործ եք դնում խափանել մեր միությունը։ Ես եկա հարցնելու ձեզ, վերապատվելի հարք, թե ի՞նչ բարիք ստեղծելու համար եք գործում այդ չարությունը, և թե ի՞նչ է ձեր պահանջը ինձանից։

Չարություն մենք չենք գործում, քաղցրությամբ պատասխանեց քարոզիչը, Հիսուս Քրիստոսը երբեք յուր աշակերտներին չարություն չէ սովորեցրել...

Այդ ես գիտեմ, դառնությամբ ընդհատեցի նրան, բայց դուք ձեր վարմունքով նրա աշակերտներին չեք նմանում. Քրիստոս սեր էր քարոզում, իսկ դուք սերը քանդում եք…

Այս խոսքի վերա Ֆրանցիսկոս Լորենտանոն ձեռքերը դեպի վեր բարձրացրեց և աչքերը առաստաղի վերա սևեռելով երկյուղած ձայնով բացականչեց.

Ով սուրբ Տիրամայր, բարեխոսիր քո անմահ Հիսուսին, որ ներե այս հայհոյող մահկանացուին, որ լուսավորե այս մոլորյալի աչքերը և առաջնորդե նրան դեպի ճշմարտության ճանապարհը...

Իսկույն մյուս երկու ֆրերներն էլ հետևեցին քարոզչի օրինակին, կարծես թե այստեղ մի կրոնական ծանր արարողություն էր կատարվում։

Այս կատակերգությունը թեպետ մի վայրկյան շարժեց իմ ծիծաղը, բայց ավելի զայրույթս գրգռեց։ Ես տեսա, որ այս մարդիկ ինձ մի անփորձ տղայի տեղ դնելով կրոնական թեորիաներով են ուզում ճնշել սրտիս մեջ ալեկոծվող կատաղությունը։

Վերապատվելի հարք, ես հավատում եմ ձեր ջերմեռանդությանը, ընդհատեցի ես նրանց, բայց այս րոպեին ես կարոտում եմ ավելի ձեր ճշմարտախոսությանը քան թե աստվածապաշտությանը: Ասացեք ինձ, ինչու համար եք դժբախտացնում երկու սիրող սրտեր։ Ինչո՞ւ համար եք խեղդամահ անում մի կյանք, որ սկսում է շնչավորվիլ, մի՞թե այդ ձեզ սուրբ Տիրամոր որդին է սովորեցրել։

Որդյակ, դուք դարձյալ հայհոյում եք, բայց դա հանցանք է, կրկին սկսավ խոսել քարոզիչը։ Մենք սուրբ ավետարանի աշակերտներ ենք և քարոզում ենք խաղաղություն, մենք ձեզ էլ ներում ենք, որովհետև Հիսուս Քրիստոսը ներողություն քարոզեց, մենք աղոթում ենք միայն հոգիների փրկության համար...

Այս աննպատակ և անմիտ խոսքերը սկսում էին ձանձրացնել ինձ, քարոզիչը խուսափում էր իմ հարցերին ուղղակի պատասխանելուց։

Ֆրանցիսկոս Լորենտանո, ձեզ երդվեցնում եմ ձեր վարդապետ Հիսուսի անունով, խոսեցեք ինձ հետ անկեղծությամբ, ես անմիտ քարոզներ լսելու ժամանակ չունիմ. ինչու համար եք արգելում իմ և Լուսինյանի դստեր ամուսնությունը. դուք, որ խաղաղություն եք քարոզում, դուք, որ հոգիների փրկության համար եք աղոթում, պետք է, որ հոգիների կորուստյան համար էլ դավեր չլարեք, բայց դուք այդ անում եք. դուք մոլորեցնում եք խեղճ աղջկա հորը, դուք նրան դժոխքի ճիվաղներով և սատանաներով եք սպառնում. դուք նրան ավետարանի ճշմարտությունը քարոզելու փոխարեն, առասպելական մոլորություններով եք զբաղեցնում, այդ է միթե հոգիների փրկության համար աշխատելը։

Մենք ձեր ամուսնության գործում չենք խառնվում, որովհետև դա հոգիների փրկության չէ վերաբերում, մենք չենք խառնվում և սիրահարական գործերում, որը դևերից ներշնչված մի զգացմունք է. մենք կցանկանայինք փրկել ձեր հոգին, եթե այդ դուք կամենայիք, մենք մինչև անգամ մաղթանքներ կուղղեինք ձեր հոգվո փրկության համար առ սուրբ Տիրամայրն, որ նա բարեխոսեր ձեր մասին Հիսուսի անմահ աթոռի առաջ։ Կհամաձայնվեիք դուք փրկել ձեր հոգին, ասացե՛ք, մենք կաշխատենք դրա համար։

Այո՛, այո՛, մենք կաշխատենք դրա համար, գրեթե միաբերան կրկնեցին Սիմոն և Պետրե պատերները։ Ես պարզ տեսնում էի, որ այդ մարդիկը դիտմամբ ուզում են ինձ հիմարացնել: Իմ բոլոր հարցերը նրանք խեղաթյուրում էին, էլ չարժեր երկարել։

Ուրեմն ասում եք, որ մեր ամուսնության գործում դուք չեք խառնվում, վերջնական հարցով դարձա ես քարոզչին։

Ոչ, մենք չենք կարող խառնվել, պատասխանեց նա, բայց կցանկանայինք ձեզ դարձնել դեպի ճշմարիտ հավատը և փրկել ձեր հոգին։

Հոգվո փրկությունը մի կողմ։ Ուրեմն դուք չե՞ք արգելում Լուսինյանին, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ, կրկնեցի ես։

Մենք իրավունք չունինք. դա նրա գործն է, մենք միայն ուղղափառ հոգիների համար կարող ենք մտածել։

Դուք այնքան բարի կլինեինք ուրեմն, որ այդ միևնույնը կրկնեք նրան, այնպես չէ՞, հարցրի ես։

Այո՛, մենք կասենք նրան, որ սրբազան պապի ծառաները միայն ուղղափառ հոգիների փրկության համար կարող են մտածել։

Եվ դուք չե՞ք արգելիլ, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ։

Մենք ձեր հոգվո փրկության համար էլ կաղոթենք, եղավ իմ հարցի պատասխանը։

Էլ երկարելու հարկ չկար. այս անմիտ հարց ու պատասխանը չէր հատնելու, եթե շարունակեինք։ Ես վեր կացա և առանց պատվելիներին ողջունելու, գրգռված դուրս գնացի։

ԺԷ

ՇԱՐԺՈՒՆ ԵՂԵԳՆ

Ինչպես տեսաք իմ բախտը դեռ մնաց անորոշ։ Ես այցելեցի պատերներին նրա համար, որ վերջնականապես որոշեի իմ իրավունքի սահմանը տիրել իմ սեփականությանը կամ զրկվիլ նրանից։ Բայց երևի վճռաջինջ ատյանը այդտեղ չէր:

Ես կես զայրացած և կես հուսահատ դիմեցի Լուսինյանների տունը: Հույս ունեի, թե այդտեղ վերջապես կգտնեմ իմ հանգիստը։

Զարմանալի՜ է, որքա՜ն մեծ ազդեցություն ունի մարդկային սրտի վերա երևակայությունը։ Շատ անգամ նրա աշխարհում մարդ մի ամբողջ կյանք ապրում և վերջացնում է կատարյալ երջանկությամբ և այդ հենց այն ժամանակ, երբ իրական աշխարհի մեջ, միևնույն մարդը, ընկճված է կատարյալ թշվառության ներքո։ Շատ անգամ էլ այդ գերբնական աշխարհը դառնում է մի հրավառ Սոդոմ, ուր իրական աշխարհի երջանիկները հրդեհվում են անողորմաբար։ Պատիժը և վարձատրությունը չափվում է այդտեղ միայն մոլորության գնով։ Որքան էլ խաբուսիկ է այգ աշխարհի գոյությունը, այսուամենայնիվ հոգիները ապրում են այնտեղ և մարդկային սիրտը վճարում է նրանց համար յուր հարկը։

Լուսինյանների տունը միևնույն էր. ոչինչ նրա մեջ չէր փոխվել: Այնտեղ էլի ապրում էր իմ Մարգարիտան յուր ծնողների հետ։ Բայց ես նրա մեջ մեծամեծ փոփոխություններ էի տեսնում, իմ երևակայությունը ժխտում էր ա՛յն ամենի գոյությունը, ինչ որ ես դեռ մի երկու օր առաջ տեսել էի նրա մեջ։ «Այնտեղ էլ սեր չկա, ասում էր ինձ մի աներևույթ ձայն, գգվանքները փախուստ են տվել այգ տանից, ընտանեկան խաղաղությանը հաջորդել է գժտության ոգին, մի փոքր էլ, և նա դժոխք կդառնա...»։

Եվ իրավ, երբ ես այդ տունը մտա, կարծես բոլոր ինձ ծանոթ առարկաները բողոք բարձին մի չար ոգվո դեմ, որ տխրության քողով պատել էր նրանց։

Տան բնակիչների վերա նույնպես տիրում էր մի ընդհանուր թախծություն։ Նրանց բոլորին ես ժողոված գտի իմ զոքանչի սենյակում։ Մարգարիտան լուռ նստած էր սենյակի մի անկյունում, նրա մոտ էր և քույրս։ Լուսինյան այր և կին տաք տաք վիճաբանում էին, և երբ ես ներս մտա, նրանք լռեցին։

Ես լուռ ողջունեցի նրանց գլխի շարժումով և նստեցի դռան մոտիկ մի աթոռի վերա։

Ինչո՞ւ համար ես այդտեղ նստում, Արամ, ե՛կ, այստեղ, նստիր ինձ մոտ, քնքշաբար խոսեց զոքանչս և մի աթոռ քաշեց դեպի իրեն։

Ես լուռ նստա առաջարկած աթոռի վերա։

Ինչո՞ւ համար ես տխուր, ինչու՞ չես խոսում, կրկին անգամ հարցրեց զոքանչս։

Ինչո՞վ ուրախ լինեմ, և ի՞նչ խոսեմ. ես դեռ չգիտեմ, թե արդյոք իրավունք ունեի՞ ձեր տուն մտնելու, թե՞ ոչ, պատասխանեցի ես։

Քանի որ ես կենդանի եմ, իմ տունը քեզ համար բաց է, դու իմ որդին և փեսաս ես, ասաց նա, ինձանից հետո միայն կարող են քեզ հեռացնել այստեղից։

Արամը արդեն ամեն բան գիտե, նա խելոք երիտասարդ է և հույս ունիմ ինձ կհասկանա, թողեք, որ ես նրան հայտնեմ իմ միտքը, այս խոսքերով մոտեցավ ինձ պ. Լուսինյան և ուզում էր խոսել։

Ոչինչ հարկավոր չէ ասել նրան. ես արդեն վճռել եմ, ես պատերների հրամանին հնազանդվող չեմ։

Թողեք, մայրիկ, թողեք որ խոսե, ես կամենում եմ լսել նրան, խնդրեցի ես զոքանչիս, և նա լռեց։

Պ. Լուսինյանը վերցրեց մի աթոռ և նստեց իմ հանդեպ:

Դուք հիշո՞ւմ եք, բարեկամ, որ ես առաջին անգամից իսկ շատ լավ ընդունելություն արի ձեզ, սկսեց խոսել նա, ես ձեզ համակրեցի, հարգեցի, և հետո, երբ իմ դստեր ձեռքը խնդրեցիք, ես տվի նրան ձեզ։ Այդ ժամանակ ես դեռ չէի մտածում տխուր ապագայի մասին, ճշմարիտն ասած, ես մինչև անգամ, ձեր ինչ դավանության պատկանելը չգիտեի։ Տեսնելով, որ Մարգարիտան համակրում է ձեզ, ես ցանկացա ամուսնացնել նրան ձեզ հետ։ Դուք ինքներդ վկա էիք մինչև անգամ, թե ինչպես կոպտությամբ արտաքսեցի պատեր-Սիմոնին իմ տանից, որովհետև նա ընդդիմանում էր իմ դստեր կամքին։ Այդ բոլորը ես արի Մարգարիտայիս սիրտը շահելու և նրան գոհացնելու համար։ Բայց ամենն էլ անհեռատեսությամբ արի։ Իմ վարմունքով ես դժոխքի կրակներին մատնել էի մի ամբողջ ընտանիքի հոգիները։ Իմ Մարգարիտան, որին այնքան սիրում եմ ես, պետք է հավիտենական տանջանքների մատնվեր յուր հոր հիմարության պատճառով Իմ չարագործության լուրը արդեն հեռագրով հասել է սրբազան պապի ականջը։ Եվ նա, որ մի օր օրհնել էր ինձ և որի օրհնությամբ ես այսքան տարի բախտավոր էի ապրում, այժմ, ինչպես ինքը քարոզիչն է պատմում, անիծել է ինձ և իմ բոլոր ընտանիքը։ Ես հաստատ գիտեմ, որ մի քանի օր չանցած ես կդժբախտանամ, և ինձ հետ միասին էլ իմ անունը և ընտանիքը կկործանվի։ Այս բավական չէ, դեռ մեր դժբախտ մահվանից հետո էլ մեր հոգիները հավիտենական կրակներում պիտի պապակին...

Ես ծիծաղեցի։

Ո՛հ, մի ծիծաղեք, ես սուտ բան չեմ ասում, և եթե ձեր մեջ սիրտ և հոգի կա, օգնեցեք ինձ իմ այս հանցանքը քավելու. հեռացե՛ք իմ աղջկանից, այդ է մեր փրկության միակ ճանապարհը, և դրանով միայն մենք կկարողանանք սրբազան պապի ներողամտությունը վաստակելու։

Ձեր կարծիքով ի՞նչ եմ ես, որ ինձ հետ բարեկամ լինելը դուք հանցանք եք համարում:

Պատվելիները ասում են, որ դուք հերետիկոս եք։

Բայց ի՞նչ բան է հերետիկոսը։

Հերետիկո՞սը... Օ՜, հերետիկոսները աստված չունին, նրանք Հիսուս Քրիստոսին չեն ճանաչում. նրանք սուրբ աստվածամորը չեն պաշտում. նրանք սատանաների հետ են գործ շինում... Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող կորցնել իմ աղջիկը, ազատեցեք իմ ընտանիքը այդ պատուհասից, աղաչում եմ ձեզ...

Ես ապշած նայում էի այս մարդուն, նա շատ քիչ էր զանազանվում մի խելագարից։ Բայց ի՞նչ պետք էր անել. նա ընտանիքի տեր էր, և այսօր իմ իրավունքը գտնվում էր նրա ձեռքում։ Ես տեսնում էի, որ Մարգարիտան և յուր մայրը նույնպես նայում էին նրա վերա ինչպես մի հոգեպես հիվանդացած մարդու վերա, և իրենց տխուր նայվածքով կարծես ինձանից դեղ և դարման էին աղերսում նրա համար։

Այդ բոլորը ձեզ պատմել են ձեր քահանաները, պատասխանեցի ես, բայց նրանք մի հատ ճշմարտություն անգամ չեն ասել ձեզ։ Մենք և դուք մի ազգ և մի արյուն ենք. այդ դուք էլ գիտեք, այդ դուք ինքներդ էլ խոստովանեցիք հենց այն երեկոյան, երբ այն չարագործ պատերին արտաքսեցիք այս տեղից։ Մենք էլ ձեզ նման քրիստոնյաներ ենք. մենք Էլ միևնույն աստված և աստուծո որդին ենք պաշտում, որին և դուք։ Ինչպես դուք եք սատանաներից հեռու փախչում, այնպես էլ մենք։ Այդ բոլորը ինչ որ դուք մեր մասին ասացիք, խայտառակ զրպարտություններ են։ Այդ անզգամները ձեզ խաբում են։ Նույնիսկ պապը ձեր մասին ոչ կարող է մի բան լսել, և ոչ էլ կմտածե, թե ձեզ նման մի մարդ կա այս կորած անկյունում, այս և այն հանցանքն է գործում։ Այդ շինծու խոսքերով այդ մարդիկ միայն խաբում են ձեզ։ Բացեք ձեր աչքերը, ճանաչեցեք ձեր բարեկամներին և ազատեցեք ձեր տունը այդ անզգամների մեքենայություններից։ Նրանց շարունակ քարոզությունները ձեզ արբեցրել են։ Զգաստացե՛ք, խեղճ եք դուք, խեղճ է ձեր ընտանիքը։

Պ Լուսինյանը մի քանի վայրկյան հառեց ինձ վերա յուր աչքերը, և ապա ուրախ ուրախ մոտենալով բռնեց իմ ձեռքը և ասաց.

Եթե այդ բոլորը ճշմարիտ է, և եթե դուք հերետիկոս չեք, աղաչում եմ ձեզ, վաղ առավոտ եկեք այստեղ, ես կկանչեմ և մեր պատվելիներին, ապացուցեք նրանց առաջ, որ դուք էլ ճշմարիտ քրիստոնյա եք, և ես այն ժամանակ կտամ ձեզ իմ Մարգարիտային, ինչպես խոստացել եմ։

Ես այդ րոպեին կատարելապես կարեկցում էի կրոնական նախապաշարմունքների այդ դժբախտ զոհին, մանավանդ որ նա իմ սիրած աղջկա հայրն էր, բայց ամենից ավելի կատաղում էի նրան մոլորեցնող դևերի դեմ։ Այդ խեղճ մարդը անմեղ էր։

Շատ լավ, ես վաղ առավոտ կգամ այստեղ, կանչիր և ձեր պատերներին, ես նրանց հետ կխոսեմ ձեր ներկայությամբ:

Պ. Լուսինյանը ուրախությունից չգիտեր ի՞նչ աներ. նա ջերմությամբ ողջունեց ինձ ու քրոջս և դուրս գնաց։ Մի քառորդ ժամ Մարգարիտայի և նրա մոր հետ խոսակցելուց հետո մենք էլ դուրս եկանք։

Ճանապարհին մենք անցանք պատեր-Սիմոնի տան մոտից։ Ներսից լսվում էին հարբած մարդկանց ձայներ։ Ես հետաքրքրվեցա նայել պատուհանից. Քրիստոնեության առաքյալները կիսով չափ հանված նստած էին սեղանի շուրջը և կոնծում էին…

Be the first who will comment on this

Other parts of "Իմ կաթոլիկ հարսնացուն"

Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

Խնոցի են հարում
Խնոցի են հարում
Play Online