Muratsan

Հայ բողոքականի ընտանիքը

Է

Է

Վարպես Սարգսի տան մի ընդարձակ սենյակի մեջ նույն օրը անկողնում հիվանդ պառկած էին Մարիամը և նրա մոտ յուր մի տղա երեխան, որը այս անցքից մի քանի օր առաջ հիվանդացած էր պարանոցի ուռուցքով: Մանիշակը տխուր և գունաթափ դեմքով կծկվեի էր մոր սնտրների մոտ:

Տանտիկինը և հարսները նույնպես բոլորած էին Մարիամի շուրջը: Խաթուն մայրիկը տեսնելով, թե այս տխուր անցքը որքան մահացու կերպով ազդել էր խեղջ կնոջ վերա, աշխատում էր որքան յուր ճարտարախոսությունը ներում էր մխիթարել նրան: Բայց վերջինս միշտ անմխիթար էր. մանավանդ երբ նրան խոսում էին ամուսնու դարձի մասին, որի համար նա կորուսած էր բոլոր հույսը, խեղճ կինը խորը հառաչում և արցունքներ էր թափում, առանց խոսել կարողանալու: Երբեմն զառանցման մեջ նա մրմնջում էր. «Այս խայտառակությունը միայն ինձ գերեզման կտանե... Ես դարձյալ կարող էի իմ տառապանացը տանել, եթե միայն իմ տան գաղտնիքները այսքան աշկարա հրապարակ չհանվեին...»:

Եվ արդարև նա ավելի մեծամեծ նեղությանց էլ կհամբերեր, եթե միայն յուր ցավերը լոկ իրան հայտնի լինեին, եթե միայն ուրիշները չիմանային, թե յուր երբեմն երջանիկ ընտանիքը թշվառացել է, թե յուր ամուսինը ամբոխի ձեռքով քաշված է դատարան և թե ինքը յուր երեխաներով փախած է սեփական տանից և ապաստանած է յուր դրացուն: Սրանք բոլորը յուր համար մի-մի մահացու հարվածներ էին: Որքան շատ նա տանջվել է, որքան շատ զրկանքներ կրել, բայց նրա ձայնը, նրա տրտունջը ոչ թե պետք է վերագրել նրա երկչոտության, ո՛չ, այլ առաքինի և անստգյուտ պարկեշտության: Մի կին, որ սիրում է յուր ընտանիքը և ապրում է միմիայն նրա համար, երբեք չէ կամենում այդ ընտանյաց խայտառակությունը յուրմով տեսնել: Ամեն գժտություններ, ամեն անբավականություններ նա ծածկում էր յուր համբերության վարագույրի տակ: Նա ինքը միայնակ նահատակ է հանդիսանում ամեն ընտանեկան փոթորիկների ժամանակ, խռովությանց բոլոր ալիքները փշրվում են նրա տկար գլխին նա բոլորին, տանում է արիությամբ, միմիայն նավի ղեկը ալիքներին չմատնելու համար, միմիայն իր տունը կատարյալ քայքայման չհասցնելու համար...

Արդյոք ի՞նչ կարծիք ունեին այդօրինակ կանանց վերա մեր մայրաքաղաքի հայ տիկինները, որոնք շատ անգամ իրանց գլխարկների մի ոսկեփայլ փետուրի պատճառով տակնուվրա են անում ամբուղջ ընտանիքը:

Գավառեցի հայ կանայք, գավառեցի հայ մայրեր, որքան շատ փոքր ենք ծանոթ ձեզ արժանավորվածները և առաքինությանց հետ:

Մեր լուսավորվածները շլանում են երբ զարգացած հասարակությանց մեջ հանդիպում են մի կնոջ, որը իր բնական տկարության մեջ ցոլացնուժ է մի զորեղ առաքինություն, կամ հափշտակվում են, երբ բանաստեղծի երևակայության մեջ ծնվող և ապրող կանաց պատմություններն են կարդում: Բայց մի՛ սխալվիք, բարեկամնե՛րս, կամ մի՛ դարձրեք ձեր երեսը այս աղքատիկ տնակակներից, ուր ծնվել եք և ուր անցուցել եք ձեր մանկությունը: Մտե՛ք այս ծխոտած հարկերի տակ, ուր ձեր կարծիքով ոչինչ վսեմ ու բարձր չկա. քննեցեք այստեղ ապրող կանանց, ձեր մայրերի ու քույրերի կյանքը, բարքը և սովորությունները, և զարմացմամբ կբացականչեք. «Որքա՛ն պակասավոր են դեռ մեզ շլացնող կանայք իրանց առաքինության մեջ, որքա՜ն պակասություններ ունի դեռ բանաստեղծի գրիչը և երևակայությունը»:

Մարիամի տկարությունը ժամեժամ ավելանում էր: Կեսօրի մոտ նա սաստիկ տենդի մեջ էր գտնվում և գրեթե զգայազուրկ ընկած էր անկողնի վերա:

Բայց մի ուրիշ վիշտ էլ ավելացավ Խաթուն մայրիկի և մանաբանդ նրա որդի Աշոտի համար: Նույն ավուր երեկոյան պահուն գլխի պտույտով և տենդով հիվանդացավ և՛ Մանիշակը: Նախընթաց գիշերը ամբողջ մի քանի ժամ սառնամաց մեջ բարակ հագուստով մնացել էր խեղճ աղջիկը, և ցուրտը թափանցել էր նրա ոսկորների մեջ: Թեպետ հիվանդությունը վտագավոր ելք էր գուշակում, բայց Աշոտի բերած բժիշկը, մահտեսի Հարությունը, հավատացնում էր բոլորին, որ նրա հիվանդությունը շատ թեթև տեսակին է պատկանում: «Մի փոքր մրսել է, ասում էր նա, մի դեղ կտամ և մինչև առավոտ ամեն բան կանցնի»: Սակայն հետևյալ առավոտը հիվանդի դրությունը ավելի վատթարցավ: Սրան էլ կարծես հետևում էր եղբայրը: Նրա պարանոցի ուռուցքը ավելացել էր, գրեթե երեկվա տեղափոխության ժամանակ ցուրտ առնելու պատճառով: Մահտեսի Հարությունը խորհուրդ տվավ, որ թույլ տան իրեն երեխայի ուռուցքը հերյունով (նշտար) պատռելու, նրան ոչ ոք չհանդիմացավ, սակայն այդ գործողությունը ավելի ևս բորբոքեց նրա պարանոցի վերքը, և ուռուցքը ավելացավ:

Այն սենյակը, ուր պառկած էին հիվանդները մտնողի վերա շատ տխուր տպավորություն էր անում: Մայր, աղջիկ և տղա մի շարքով տարածված հեծում էին հիվանդության ծանրության տակ: Ոչ մեկը մյուսից ավելի հուսալի դրության մեջ չէր գտնվում:

Խաթուն մայրիկը և յուր հարսները կրկնապատկում էին իրանց ջանքերը: Նրանք կարծես թե մոռացել էին իրանց տան հոգսերը և միմիայն հիվանդներով էին զբաղված: Որքան դեղ ու դարման գիտեին թե՛ իրանց բժիշկը, թե՛ իրանք և թե՛ ազգական այցելուները, բոլորը գործ էին դնում: Աշոտը նույնպես թողած էր յուր պարապմունքը, ամբողջ օրը այս ու այն կողմ էր վազվզում, երբեմն. բժիշկ մահատեսու ետևից, երբեմն դեղատուն, երբեմն շուկա և այլն, իսկ այս գործերը կատարելուց ետ գալիս էր և լուռ ու մունջ նստում Մանիշակի անկողնի մոտ: Նրա աչքերը անընդհատ ուղղվում էին նրա դեմքի վրա, որպեսզի հիվանդը որևէ պահանջմուք ունենալուց ինքը պատրաստ լինի: Նա գիշերներն անգամ յուր մոր հետ միասին անքուն հսկում էր հիվանդների մոտ, չկամենալով ոչ ոքի հանձնել մանավանդ Մանիշակի խնամատարությունը:

Ընթերցողը անշուշտ հիշում է, որ, չորս տարի սրանից առաջ վարպետ Սարգիսը ոսկերիչ Գրիգորի մոտ, հացկերության ժամանակ խնդրեց վերջինից Մանիշակի ձեռքը յուր Աշոտի համար, և որ այս խնդիրը կատարվեցավ բոլոր հյուրերի համաձայնությամբ և նրանց կենաց համար բաժակները դատարկելով: Ծնողների խոսածները լոկ խոսքեր չմնացին. այդ օրից սկսած Աշոտը սկսավ առանձին համակրությամբ վերաբերվել դեպի մանկահասակ օրիորդը: Մի քանի ժամանակից ետ այդ համակրանքը փոխվեց սիրո, որը հետզհետե սկսավ աճել պատանու սրտի մեջ և խորը արմատներ ձգել: Թեպետ ինքը իբրև գավառական համեստ քաղաքի ծնունդ, և որ ավելին է, արհեստավոր դասին պատկանող, երբեք չէր կարողանում պարկեշտության սահմանից ելնելով մի որևէ խոստովանություն աներ օրիորդին կամ նրա մորրը, սակայն օրիորդի վարաբերմամբ յուր ունեցած վարմունքը այս քանի տարում ոչինչ կասկած չէին թողել Մարիամի մեջ, որ երիտասարդը կատարելապես նվիրված էր յուր աղջկան: Միայն նա ձախող և վերահաս հանգամանքները միշտ աչքի առաջ ունենալով՝ յուր կողմից չհասկանալուն էր տալիս: Ինչ կվերաբերվի Մանիշակին, նա նույնպես անտարբեր չէր դեպի երիտասարդ Աշոտի զգացմունքը, սակայն յուր վարմանց մեջ այնքան էր համաստ որ մոր սրատես աչքերն անգամ նրա մեջ ոչինչ կասկածելի հետքեր չէին նշմարում:

Գալով ոսկերիչին, նա այնքան էր զբաղված յուր «Տիրոջ հոտի» գործերով, որ այս տեսակ բաներով բնավ չէր հետաքրքրվում, իսկ վարպետ Սարգսին արած խոստումը վաղուց թռել էր նրա հիշողությունից:

Այսուամենայնիվ վարպետ Սարգիսը և Խաթուն մայրիկը հաճախ իրանց տանը խոսում էին Մանիշակի վերա, իբրև իրանց ապագա հարսի, գովում էին նրա թե՛ իբրև կատարյալ տնտեսուհի և թե՛ քաջ ձեռագործող և հորդորում էին Աշոտին՝ աշխատել նրա համար արժանավոր փեսա լինելու: Չնայելով, որ Աշոտի ծնողների համար այս ամուսնության խնդիրը մի վճռված գործ էր, այնուամենայնիվ նրանք էլ այս մասին ոչինչ չէին խոսում Մանիշակի ծնողաց հետ, այլ սպասում էին, մինչև որ Աշոտի համար առանձին խանութ կբանային և նա կսկսեր յուր եղբարանց պես առանձին հաց աշխատել, իբր յուր գերդաստանի մի կարող անդամ: Այս վերջին ակնկալությունն էլ կատարված էր: Վրապետ Սարգիսը և յուր կինը պատրաստվում էին այդ օրերը իրանց հարսներից և ազգականուհիներից մի քանիսին պաշտոնապես խնամխոս ղրկել ոսկերիչի տուն Մանիշակի համար, երբ ահա մեզ ծանոթ աղետալի անցքը մեզ ընկավ և բոլորի հույսը խափանեց...

Այժմ Աշոտը բեկված սրտով նստած էր յուր հիվանդ սիրուհու մոտ, դիտում էր նրա անզոր շարժումները, նրա դալկացած դեմքը, լսում էր նրա նվաղած ձայնը, նրա հեծեծանքը և հառաչում էր խորին հուսահատությամբ:

Մի օր, երբ նա ըստ սովորականին գտնվում էր հիվանդի մստ, Մանիշակը ջուր խնդրեց, նա իսկույն բարձրացավ տեղից և գավաթը մոտեցրավ նրան:

Մանիշակը աչքերը բացավ ջուրը առնելու և Աշոտին տեսնելով նվաղ ձայնով ասաց.

Դարձյալ դո՜ւ ես, Աշո՛տ:

Այո՞ ես եմ, Մանիշակ, նեղանո՞ւմ եա, որ ես եմ քեզ ջուր տալիս, պատասխանեց երիտասարդը:

-Այո՛, նեղանում եմ, շա՜տ եմ նեղանում: Հապա դու ե՞րբ պետք է հանգստանաս, մի՞թե խեղճ չեն քո ծնողները, մի՞թե մեզ համար բարությու արած կլինես, երբ դու էլ հիվանդանաս:

Եթե դուք հիվանդացել եք. ի՞նչ մեծ բան է, եթե ես էլ հիվանդանամ:

Մենք մեր հոր մեղաց տանջվում ենք, իսկ դու ինչո՞ւ համար պիտի տանջվես, խեղճ տղա:

Այո ասելուց ետ նա մի փոքր լռեց և ապա հարցրավ.

Ուրիշ ո՞վ կա սեյնակում, Աշո՛տ:

Ո՛չ ոք:

Իսկ մայրս արթուն չէ՞:

Ոչ, մի ամբողջ ժամ է արդեն, որ նա հանգիստ քնած է:

Լավ է, որ քնել է, նա այս գիշեր շատ է տանջվել: Այստեղ կանգ առավ օրիորդը և դարձյալ փոքր լռությունից ետ նորեն սկսավ.

Աշոտ, մի՞թե կասկածում ես, թե ինձանից ծածուկ է, որ դոր ինձ սիրում ես:

Ի՞նչպես, Մանիշակ, կարմրելով և շփոթված հարցրավ երիտասարդը:

Այնպես, դու ինձ սիրում ես, ես այդ վաղուց գիտեմ, գիտեմ նույնպես, որ շատ ես սիրում, շնորհակալ եմ, Աշո՛տ, բայց մի բան կա, որը դու մինչև այսօր դեռ չգիտես. ես պետք է այն էլ ասեմ քեզ:

Ի՞նչ բան, մի փոքր սիրտ առնելով, բայց համեստությամբ հարցրավ Աշոտը:

Այն, որ ես էլ քեզ եմ սիրում և շատ ժամանակ է, որ սիրում եմ, այսինքն, այն օրից, երբ մեզ ամուսնացնելու համար միմյանց խոսք տվին մեր հայրերը:

Աշոտի երեսը կրկին շառագունեցավ, նա չէր համարձակվում սիրուհու աչքերին նայելու, մինչև որ վերջինս կրկին սկսավ խոսել:

Բայց գիտե՞ս, Աշո՛տ, թե ինչու համար այս խոսակցությունը արի քեզ, այդ նրա համար, որ ես շուտով պետք է մեռնիմ, ուստի չուզեցի որ մի այդ գաղտնիքը ինձ հետ գերեզման տանեմ, և որ դու հավիտյան երկմիտ չմնայիր թե՛ արդյոք Մանիշակն էլ սիրում էր քեզ...

Մանիշակ, ինչո՛ւ այդպես տխուր բաներ ես խոսում, ինչու՛ պետք է մեռնիս դու..., բայց երիտասարդը չկարողացավ շարունակել յուր խոսքերը, արտասուքը խեղդեց նրան, և նա սկսավ լալ:

Դու լալիս ես, Աշստ, երանի քեզ, գոնե մի փոքր կհանգստանս, բայց իմ արտասուքներս վաղո՜ւց, արդեն շա՜տ լալուց ցամաքել են..

-Ախ, Մանիշակ, Մանիշակ... այս ի՞նչ արիր դու ինձ, հեկեկալով խոսում էր երիտասարդը, երանի թե ինձ ոչինչ չհայտնեիր, երանի թե եոս միշտ այնպես կարծեի, թե դու ինձ երբեք չես սիրել, գոնե այն ժամանակ ես մի փոքր հանգիստ կունենայի, իսկ ա՞յժմ... այժմ փոքր է մնում, որ խելքս գլխես թռցնեմ...

Բնավ, սիրելի Աշոտ, բնավ մի՛ նեղսրտիր, թշվառը ես եմ, ես կմեռնեմ, մի փոքր ժամանակ, ինձ համար կարելի է սուգ կպահես, այնուհետև իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի...

Մանիշակ, դարձյալ նույն խոսքերն ես ասում: Մանիշակ, մի՞ թռ ինձ չես խղճում...

Թո՛ղ, մի կտրիր խոսքս: Ասում եմ, որ իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի, այն ժամանակ դու քեզ համար ուրիշ հարսնացու կնտրես, դու կամուսնանաս, դու երջանիկ կլինես... բայց մի վերջին խնդիր ունիմ, նա էլ պետք է կատարես, այսինքն՝ այն, որ երբեմն-երբեմն իմ գերեզմանին այցելության գաս, քո կինն էլ հետդ կբերես և կասես նրան թե՝ «այս խեղճ աղջիկը սիրում էր ինձ»... Հետո կպատմես նրան իմ դժբախտությունները, որովհետև դու տեսել ես, դու բոլորը գիտես. գուցե նա էլ խղճա և մի անգամ «ողորմի,» կասի ինձ...

Երիտասարդի սիրտը կսկծից մորմոքում էր:

Նա նմանվում էր այն թշվառ ծնողին, որը եկել էր տեսնելու նավստիների ձեռքով ցամաք հանվող խեղդվածներին և նոցա մեջ ճանաչում է յուր յոթ տարիներ ի վեր կորսուած միամոր զավակը: Անլուր թշվառությու՜ն. նա գտնում է յուր որդին, բայց ավաղ հավաստիանալու համար միայն՝ որ նա հավիտյան կորած է յուր համար…

Այս դրության մեջ էր գտնվում և Աշոտը յուր սիրուհու խոստովանությունը լսելուց հետո. նա տանջվում էր, նրա երակների մեջ արտասուք էին հոսում, բայց ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում խոսել, նա լալիս էր…

Վերջապես Խաթունի հարսներից մեկի ներս գալով տխուր տեսարանը փակվեցավ: Աշոտը շատ այլայլված դուրս գնաց սենյակից:

Այն օրից սկսած մեր խեղճ սիրահարը ամեն բան մոռացավ: Նա այժմ ավելի դժբախտ էր համարում իրան, քան այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, թե Մանիշակը սիրում էր իրան: «Երանի թե նա այդ խոստովանությունը չաներ ինձ», հաճախ կրկնում էր նա: Որովհետև Մանիշակի հետ ամուսնանալու հույսով յուր ունեցած ցնորքները, երջանիկ ապրելու նախագծերը, բոլորը յուր սիրուհու արած տխուր գուշակություններով ցնդում էին օդի մեջ: Նա այժմ իրան ըզգում էր աշխարհի մեջ միայնակ և ամեն բարեմասնություններից զուրկ…

Եթե հայրը երբեմն հորդորում էր նրան գնալ շուկա և օրվա մեջ գեթ մի քանի ժամ խանութ բանալ, նա դառնությամբ պատասխանում էր. Այսուհետև այդ ո՞ւմ համար անեմ, իմ աստղը ջուրն է ընկել:

Խեղճ երիտասարդը յուր սիրուհուն կրկին առողջ տեսնելու համար բոլոր հույսը կորուսել էր։ Շատ անգամ մայրը նրան հուսադրում էր, սիրտ էր տալիս, զանազան օրինակներ էր բերում այդ տեսակ հիվանդությամբ հիվանդացողներից, որոնք այսուամենայնիվ քիչ ժամանակից հետ կատարյալ առողջություն են ստացել, բայց երիտասարդը միշտ անմխիթար էր: Նա այժմ հավատում էր ավելի Մանիշակի արած գուշակություններին, մանավանդ երբ տեսնում էր, որ երեք հիվանդներն էլ օրստօրե վատթարանում էին, և մահտեսի Հարությունը առաջվան պես հուսով չէր խոսում նրանց առողջանալու համար։

Հետաքրքիր ընթերցողը կցանկանա իմանալ, թե այդ ընդհանուր դժբախտության ժամանակ ուր էր ոսկերիչ Գրիգորը, ինչով էր զբաղված և արդյոք չէ՞ր հետաքրքրվում իմանալու համար, թե ուր են գտնվում յուր կինը, աղջիկը և երեք որդիները։ Ոսկերիչը այն օրից, երբ քարոզչի օգնական դարձավ, ընկեր հարևանի նախատինքներից ազատվելու և «տիրոջ հոտին» անձնավորությամբ ծառայելու համար. «եղբայրների» խորհրդով հավաքեց յուր խանութը, իսկ յուր ունեցած երեք հազար ռուբլին հանձնեց պաստորին, որ նա յուր կողմից ղրկե մայրաքաղաքի բանկը շահեցնելու համար։ Վերջին անցքերից ետ, նա գրեթե ամբողջ օրերը անցցնում էր պաստորի, քարոզչի և «եղբայրների» հետ։ Իսկ սրանցից և ոչ մեկը նրա ընտանյաց մասին նրա հետ ոչինչ չէր խոսում» Ինքը ոսկերիչը համոզված էր, որ նրանք թեպետ այսօր զայրացած և դուրս գնացած են, սակայն վաղը անշուշտ կդառնան իրանց տունը: Այդ հույսով նա մի քանի վաղիվներ անցկացրավ առանց յուր ընտանյաց դարձը տեսնելու։ Այսուամենայնիվ դեռ հույսը չէր կտրում, որպեսզի անմիջական միջոցներ գործ դներ նրանց ետ դարձնելու համար» Մի կողմից էլ նա այսպես ավելի հանգիստ էր գտնում իրան, մանավանդ երբ «եղբայրները» ժողովվում էին յուր մոտ։ «Գոնե հանգամանքի բերումից օգուտ քաղեմ, քանի ժամանակ ունիմ, ասում էր նա, գիտեմ, որ վերջիվերջո գլխիս պետք է թափվին»։

Բայց այստեղ հիվանդների դրությունը օրեցօր ծանրանում էր․ ութ օրից ետ վերջապես մահտեսի Հարությունը խոհուրդ տվավ վարպետ Սարգսին ռուսի դոկտորը բերել հիվանդներին նայելու։

Ուրեմն դու քո բժշկության բոլոր պաշարը սպառեցի՞ր, հարցրավ մահտեսուն վարպետ Սարգիսը։

Ինչ որ գիտեի գործ դիր, բայց ի՞նչ անեմ, որ լավանալու նշույլ չէ երևում:

Ինչո՞ւ առաջ չէիր ասում այդ։

Առաջ երեքի հիվանդություններն էլ ինձ ծանոթ էին երևում, և ես հույս ունեի, թե կառողջացնեմ, բայց այժմ տեսնում եմ, որ մինակ ինձմով բան չէ դառնալու։

Վարպետ Սարգիսը բարկությամբ գլուխը շարժելով դուրս գնաց և Աշոտին ղրկեց դոկտորի ետևից։

Մի ժամից ետ դոկտորը եկավ՝ մի բարձրահասակ և ազնվադեմ մարդ։ Նա քաղաքավարությամբ առաջ մոտեցավ Մարիամին, հարցրավ հիվանդության որպիսությունը վարպետ Սարգսից և մահտեսի Հարությունից, որովհետև հիվանդի մեջ խոսելու կարողություն չկար, հետո բռնեց զարկերակը, երկար քննեց կուրծքը, և ապա բարձրանալով թեթև շարժեց գլուխը և անցավ դեպի Մանիշակը։ Նույն քննությունը կատարեց և օրիորդի վերա։ Հետզհետե բժշկի դեմքը մռայլվում էր, նրա ժպտող երեսը այժմ արտահայտում էր զարյույթ և բարկություն։ «Շատ ուշ է, իմ պարոններ, շատ ուշ է, իմ պարոններ, շատ ուշ է», քրթմնջում էր նա։ Վերջապես նա մոտեցավ երեխային, քննեց նրա պարանոցի ուռուցքը և տեսնելով հերյունի պատռվածը երեխայի պարանոցի վերա՝ մի դառն ժպիտ անցրավ շրթունքների վերա։

Ո՞վ է հերյունով արյուն հանել երեխայի ուռուցքից, հարցրավ նա ներկա եղողներից։ Նրանք ցույց տվին մահտեսի Հարությունին։

Բժիշկը կանգնեց և մի բարկացկոտ հայացք ձգելով նրա վրա հարցրավ․

Երեք հիվանդներին էլ դո՞ւ էիր բժշկում։ Այո, երկյուղով պատասխանեց մահտեսին։

Քանի՞ օր է, որ հանձն ես առել հիվանդների բժշկությունը։

Երկու, պատասխանեց նա։

Ո՛չ, ութերորդ օրն է այս, մեջ մտավ Աշոտը, մահտեսին չէ կամենում ճշմարիտը խոսել։

Պարոն, բարկությամբ դարձավ բժիշկը դեպի մահտեսին, դու հիշում ես, որ մենք մի անգամ էլ հանդիպեցինք միմյանց հետ, և ես քեզ հրամայեցի չհանդգնել այսուհետև բժշկություններ անել, իսկ դու մոռացե՞լ ես իմ խոսքերը, լա՛վ, ես այժմ քեզ հետ ուրիշ կերպ կվարվիմ։

Մահտեսի Հարությունը գունաթափվեցավ, իսկ դոկտորը վերարկուն առնելով բարկացած և անխոս դուրս գնաց։

Վարպետ Սարգիսը, Խաթունը և Աշոտը վազեցին նրա ետևից և առաջ առնելով՝ խնդրում էին, որ եթե չէ կամենում դեղատոմս գրել գոնե հայտնե նրանց, թե հիվանդները կառողջա՞նան, թե՞ ոչ։

Երեքին էլ վաղը կթաղեք, դառնությամբ պատասխանեց բժիշկը և դուրս գնաց բակից:

Խաթունը և վարպետ Սարգիսը մնացին արձանացած և ակնապիշ նայում էին միմյանց, իսկ Աշոտը սկսավ թուլանալ և ընկավ դռան քարի վրա: Ծնողները և հարսները մեծ ջանք դրին, մինչև որ նրան ուշքի բերին: Այսուամնայնիվ նա դեռ թմրած նստել էր քարի վերա և երկար չէր շարժվում այն տեղից: Նա անզգա էր թե՛ ծնողաց և թե՛ յուր հարսների աղաչանցը, նա ոչինչ չէր լսում: Բայց մի քանի վայրկյանից հանկարծ նա տեղից վեր թռավ, հափշտակեց գետնի վրա ընկած վանդակի ձողը և խելագարի պես վազեց տուն.

Ո՞ւր է այն անզգամը, կատաղությամբ գոչում էր նա, նա սպանեց այս խեղճերին, ես էլ նրան պետք է սպանեմ:

Նա որոնում էր մահտեսի Հարությունին, բայց նա վաղուց փախուստ էր տվել նրանց աչքերից:

Be the first who will comment on this

Other parts of "Հայ բողոքականի ընտանիքը"

Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

Plain of Ararat
Plain of Ararat
Play Online