Muratsan

Հայ բողոքականի ընտանիքը

Զ

Զ

Ինչպես յուր տեղը պատմեցինք, և ինչպես կհիշեն ընթերցողները, երբ Խաթուն մայրիկը Մարիամին ու նրա երեխաներին առնելով տարավ յուր տունը, նրա ամուսնու, այն է վարպետ Սարգսի հրամանավ մի քանի երիտասարդներ ոսկերիչ Գրիգորի ձեռքերը կապելով, ժամավորների մեծ բազմությամբ տարան նրան գավառապետի մոտ:

Ճանապարհին հետաքրքիր բազմությունը հետզհետե խռնվում էր նրանց վերա և այդպիսով բազմացնում այդ բողոքավորների խումբը: Երբ նրանք հասան գավառապետի տունը, բակում կանգնած ոստիկանական պաշտոնյաները իսկույն իմացում տվին այս տարօրինակ խնդրարկուների մասին թաղական ոստիկանապետին: Ոստիկանապետ հայազգի Դանիել բեկը իսկույն դուրս եկավ նրանց առաջ և շփոթված սկսավ հարցնել, թե ի՞նչ պատճառավ այս մեծ ամբոխը այսքան վաղ հավաքվել էր գավառապետի բակը:

Ամբոխի միջից դուրս եկավ վարպետ Սարգիսը, բռնած ոսկրիչի թևից և նրան առաջ քաշելով՝ «Աղա՛, ասաց, մենք եկել գավառապետի մոտ նրա արդար դատաստանին մատնելու համար այդ չարագործ մարդուն, որ ահա ամբողջ երեք տարիներ է, չարչարում, տանջում է յուր կնոջը և որդիներին, որոնց այսօր էլ մենք ենք ազատել սրա ձեռքից տանջված ու գանակոծված»։ Այս համառոտ բացատրությունից հետո վարպետ Սարգիսը մի քանի բան էլ պատմեց ոստիկանապետին ոսկերիչի քառամյա անցյալից և լռեց։

Ամբոխը հետաքրքրությամբ սպասում էր ոստիկանապետի պատասխանին, բայց նա ոչինչ չպատասխանեց, այլ միայն մի խորհրդավոր ակնարկ ձգելով ոսկերիչի վրա, լուռ ու մունջ ետ դարձավ և մտավ տուն։

Անժույժ երիտասարդներից ոմանք ատամները կրճտացնում էին ոսկերիչի վերա, ուրիշները բռունցքներն էին շարժվում, իսկ ավելի հասակավորները խրատում էին նրանց՝ չափավորել իրանց զայրույթը, հուսադրելով, որ արդար դատաստանը հանցավորին կպատժե ինչպես վայել է:

Սակայն ոսկերիչի վերա այս սպառնալիքները ոչինչ ազդեցություն չէին անում, նրա դեմքը մինչև անգամ այլայլված չէր, նա անխռով և անտարբեր նայում էր ամբոխին և երբեմն դեմքի վերա խաղացնում էր ծաղրական ժպիտներ, որոնք ավելի գրգռում էին տաքարյուն երիտասարդների զայրույթը:

Քառորդ ժամից ետ մի ոստիկանական պաշտոնյա դուրս եկավ ոստիկանապետի գրասենյակից և ներս կանչեց ոսկերիչին: Ամբոխից մի քանի մարդիկ էլ կամեցան ներս մտնել նրա հետ, բայց պաշտոնյա արգելեց նրանց ասելով, որ հրամայված է միմիայն հանցավորին ներս տանելու: Սրանից հետո մի տասը րոպե հետո դուրս եկավ ինքը ոստիկանապետը և հայտնեց ամբոխին, որ գավառապետը քնած լինելով, իսկույն ևեթ հանցավորին դատի ենթարկել անկարելի է, ուստի երբ գավառապետը կարթնանա և ատյան կիջնի, այն ժամանակ ինքը հարցաքննել կտա հանցավորին:

Ես ինքս, ավելացրավ նա, ձեր կողմից թարգման կկանգնեմ ձեր արդարացի բողոքին, որովհետև ձեր ինձ պատմածներից ամեն բանի տեղեկացա: Գնացեք յուրաքանչյուրդ ձեր գործին, և հաստատ հավատացեք, որ եթե մեր քննությունից ոսկերիչը հանցավոր դուրս գա, նրան օրինավոր պատիժ կտանք:

Այո, օրինավոր, օրինավոր, գոչեցին մի քանիսը ամբոխի միջից և բոլորը միասին միամտվելով ոստիկանապետի խոստումով, ցրվեցան և յուրաքանչյուրը գնաց յուր գործին:

Սակայն բոլոր ոսկերիչների և առավոտյան բողոքին մասնակցող անձանց զարմացումը շատ մեծ եղավ, երբ երկու-երեք ժամից ետ նրանք իմացան, որ ոսկերիչ Գրիգորը ազատ, յուր «եղբայրների» հետ միասին, շտապում է եղել «տիրոջ» տունը աղոթելու. «Ի՞նչ հանելուկ է այս, միմյանց մեջ շշնջում էին ոսկերիչները, եթե ասենք փախել է, Գրիգորը այնքան սիրտ չունի, որ կրկին բռնվելուց չվախենա, եթե ասենք գավառապետը ինքն է արձակել, դա էլ խելքից հեռու է: Ուրեմն մի աներևույթ զորություն օգնության է հասել նրան վերջապես վճռեցին նրանք և լռեցին։

Սակայն հանելուկի լուծումը հետևյալն էր։ Մեր ծանոթ Կարոն, ոսկերիչի հավատակիցը, ամբոխից ավելի ճարպիկ էր շարժվել: Նա յուր «եղբայրակցի» գլխովն անցածը լսելուն պես, վազեց քարոզչի մոտ, սա էլ յուր կողմից անհապաղ դիմեց պաստորին, որը ըստ բերման բախտին այդ օրերը դարձյալ այցելել էր յուր հոտին։

Այն միջոցին երբ հիշյալ բողոքավորների խումբը հեռանում էր գավառապետի տանից, պաստորը նստած էր յուր մի բարեկամի մոտ և երկար խոսակցում էր նորա հետ։ Աղա Հովակիմը, այսպես էին անվանում պաստորի բարեկամին, բավական հարուստ մարդ էր։ Եվ թեպետ նա մի առանձին հասարակական պաշտոն չէր վարում, սակայն յուր նշանավոր հարստության պատճառով քաղաքի մեջ նախանձելի դիրք ուներ բռնած։ Նա համարվում էր միայն ամենակարող մարդը բոլոր քաղաքի մեջ։ Եվ այս իսկ պատճառով նա միշտ շրջապատված էր խնդրարկուներով։ Եվ որովհետև յուր հարստությունը կապում էր նրան քաղաքի շատ առաջավոր անձանց հետ, ուստի հազիվ էր պատահում, որ նա յուր ձեռնարկությունները ըստ յուր ցանկության չվերջավորեր և կամ իրեն դիմող նեղյալներին ձեռնունայն դարձներ: Այսպիսով, նա շատերին էր օգնում իրանց թշվառությանց և կարոտությանց մեջ։ Մի բան միայն նսեմացնում էր նրա բոլոր բարեգործությանց փայլը, այդ այն էր, որ այդ մարդը գործում էր ոչ թե իսկապես բարեգործությունից դրդված, այլ ծայրահեղ փառամոլությունից։ Նորա զվարճությանը չափ չէր լինում երբ տեսնում էր թշվառներին' յուր առաջ ծնկաչոք և աղաչավոր, կամ երբ փողոցով անցնելիս երբեմն իրանից բարերյալ մարդիկները՝ մինչև գետին գլուխ էին խոնարհեցնում նորան։ Այս իսկ պատճառով նա շատ անգամ անխտիր օգնության ձեռք էր կարկառում և չարագործներին, միայն թե այդ բանը ավելացներ նորա համար դարձյալ մի տասնյակ երկրպագուներ։ Պաստորը վաղուց ծանոթ էր աղա Հովակիմի հետ և քաջ ուսումնասիրած էր նորա թույլ կողմերը։ Այս պատճառավ և այսօր ամենայն վստահությամբ դիմել էր նորան։ Սակայն որքան մեծ եղավ յուր զարմանքը, երբ տեսավ, թե աղա Հովակիմը այս անգամ յուր խնդիրը կատարելու համար դժվարություններ էր ցույց տալիս։ Բայը և այնպես նա իսկույն չվհատվեցավ։ Նա լավ գիտեր, որ յուր բարերարը այն մարդիկներից չէր, որոնք կապարի ծանրություն ունեին և որոնց շարժելու համար շատ անդամ մեծ աշխատություններ են հարկավոր։ Այստեղ բավական էր մի երկու մարդահաճ խոսքեր, և բերդը առնված էր։ Աղա Հովակիմի բացասական արտահայտությանը պաստորը պատասխանեց.

Ճշմարիտը խոստովանած, աղա Հովակիմ, դուք այս անգամ ինձ զարմացնում եք։ Դժվար է գտնել այս քաղաքում մի մարդ, որին կարելի լիներ համոզել թե՝ աղա Հովակիմը այս ինչ գործը կամեցավ և չկարողացավ կատարել. կամ թե նա հրամայեց և նորա հրամանը անկատար մնաց։ Դուք, իրավամբ, ժառանգած եք ամենակարող անունը, և դուք չպետք է դավաճանեք այդ անվանը։ Ո՛չ մի արգելք և ո՛չ մի դժվարություն մենք չենք ճանաչում, որը կարողանար դիմադրել ձեր հրամանին, ուստի իզուր եք բարեհաճում համոզել ինձ, որ իմ ամենախոնարհ խնդրի կատարումը ձեր կարողությունեն վեր է. Բայց եթե արդարև դուք կատակ չեք անում, եթե դուք իջել եք այն բարձրությունից, որի վերա մինչև այսօր կանգնած էիք և կարողությամբ հավասարվել եք մյուս հասարակաստեղծ մարզիկների հետ, լավ է միանգամով հրամայեք մեզ տկարներիս գնալ և ջուրը թափվիլ, քան ապրիլ, որովհետև ինչ արժեք ունի այլևս մեր կյանքը առանց աղա Հովակիմի հայրենախնամ պաշտպանության...

Այստեղ պաստորը մինչև անգամ կամեցավ մի քանի կաթիլ արտասուք իջեցնել յուր տխուր երեսի վերա, սակայն տեսնելով, որ դերասանության այդ դժվար դերը իրան չի հաջողվում, շարունակեց.

Ասացեք, կաղաչեմ, աղա Հովակիմ, ո՞ւմ դիմեն այսուհետև կարոտյալները, ո՞ւմ դիմեն մարդկային չարագործությանը ենթակա տառապյալները, ո՞ւմ դիմե իրավազուրկ այրին, ում դիմե անօգնական որբը... մտածեցեք, աղա Հովակիմ, մտածեցե՛ք մի րոպե, թե քանի՜֊քանի՜ թշվառներ ապրել և շնչել են քեզանով և թե դեռ քանիսին այսուհետև պետք է շունչ և հոգի տաք դարձյալ դուք։ «Չեմ կարող» ձեր բարի լեզվի վերա շատ խորթ է հնչվում, ի սեր աստծո, մի արտասանեք դուք նորան և մի հուսահատեցնեք մեզ…:

Պաստորի այս հաճոյախոսությունը սպասված ազդեցությունը արավ։ Նորա մանավանդ վերջին խոսքերը այն աստիճան գգվեցին աղա Հովակիմի փառամոլ ինքնասիրությունը, որ նա այլևս պաստորին դիմադրել չկարողացավ.

Շատ լավ, շատ լավ, ես այդ մասին կաշխատեմ, ասաց նա նորան, դուք անհոգ կացեք։

Շնորհակալ եմ, ով հասարակաց բարերար, բյուր անդամ շնորհակալ։ Դուք միշտ պիտի փառաբանվիք քանի կենդանի եք և ձեր հիշատակը պիտի օրհնվի դարերի ընթացքում, երբ դեպի հանդերձյալ կենաց երանությունը փոխվիք։

Այս ասելով պաստորը բարձրացավ աթոռից և մինչև գետին խոնարհվելով ողջունեց աղա Հովակիմիին և դուրս գնաց։ Փոքր ժամանակից ետ դուրս գնաց տանից և աղա Հովակիմը յուր գեղեցիկ ձիու վերա նստած, որին հետևում էր մի հետևակ ծառա։ Նոքա երկուսը միասին դիմում էին դեպի քաղաքի ներքին մասը։ Սորանից մի քանի ժամից հետո ոսկերիչ Գրիգորը քաղաքի մի զառիվեր փողոցով բարձրանալով դիմում էր պաստորի տունը։ Յուր լութերականություն ընդունելուց ետ առաջին անգամ էր, որ նա օրհնում էր հարստությունը և խոստովանում էր, որ ոսկին ամեն բանից զորեղ է...

Այս դեպքից ճիշտ տասն օր հետո, մեր լրագիրներից մեկի մեջ տպված էր հետևյալ լուրը. «Մեզ գրում են Շ. քաղաքից, որ այնտեղի հայ լուսավորչականները խմբովին հարձակվելով մի բողոքական արհեստավորի տան վերա, ծեծել և անպատվել են նրան՝ թե տան տիրոջը և թե նրա ընտանիքին և քարերով կոտորել են տան պատուհանները։ Ոստիկանությունը հասնելով հազիվ ազատել է կատաղի ամբոխի ձեռքից անմեղ զոհերին։ Այս լուրը յուր ժամանակին իհարկե վրդովել է ընթերցող հասարակության ազնիվ մասի սրտերը և նրանց զայրույթը վառել այդ մոլեռանդ հայ լուսավորչականների դեմ»։ Սակայն իմ ընթերցողները տեսան, որ այդ զայրութը անտեղի է եղած: Միայն ցավալին այն է, որ այս տեսակ խեղաթյուրյալ լուրերի մեջ դա առաջինը չէր և վերջինն էլ չէ լինելու:

Ոսկերիչը տիրոջ կամեցողությամբ այսպես հրաշքով ազատվելուց ետ պաստորի հրամանով շտապեց գտավ եղբայրներին և նրանց հետ միասնին գնաց իրենց աղոթատեղին գոհություն մատուցելու աստծուն: Եվ ահա հենց այս միջոցին տեսել էր նրան ոսկերիչներից մեկը և նրա ազատվելու լուրը տարել յուր արհեստակիցներին, որոնք այուամենայնիվ նրան նորեն խանգարել չկարողացան…

Պաստորն էլ յուր ժամանակին հասավ եղբայրների ժողովարանը: Այստեղ նա հանդիսավոր գովեստեներ նվիրեց Գրիգոր եղբորը, որը տիրոջ ընտրյալ հոտը բազմացնելու նպատակով այնքան ջերմեռանդությամբ էր աշխատել, որ յուր կյանքն անգամ ենթարկել էր վտանգի:

Այսպիսով, ասում էր նա ոսկերիչին, դու վարվել ես «տիրոջ» այն պատվերի համաձայն, որ մեզ սովորեցնում է թողնել հայր, մայր, կին և որդիք և մեր խաչն առնելով գնալ յուր ետևից: Դու արել ես այն, ինչ որ ի հնումն անում էին Պետրոս և Պողոս առաքյալները և նրանց պես ենթարկվել ես հալածանքների: Գուցե դեռ «տիրոջ» կամեցողությամբ նրանց պես չարչարանքներ էլ պիտի կրես, բայց իմացած եղիր, որ նրանց չափ էլ պիտի վարձատրվիս հավիտենականության մեջ:

Այս և սրանց նման խոսքերով պաստորը խրախուսում էր Գրիգորին և մյուս «եղբայրների» մեջ վառում էր նախանձավորություն նրան հետևելու համար: Այս օրվանից ոսկերիչ Գրիգորը, ըստորանում բավական առաջադիմություն էր արել սուրբ գրոց ընթերցանության մեջ, կարգվեցավ քարոզչի օգնական: Սա մի պաշտոն էր, որ «եղբայրների» մոտ նրա պատիվը բավական բարձրանում էր:

Ոսկերիչը Եսավի նման ուրախացել էր այս ոսպաթանով և բնավ չէր մտածում յուր վաճառած երջանկության յուր կնոջ և երեխաների վերա…

Բայց այժմ մենք դառնան նրանց մոտ:

Be the first who will comment on this

Other parts of "Հայ բողոքականի ընտանիքը"

Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh

Plain of Ararat
Plain of Ararat
Play Online