Muratsan

Հայ բողոքականի ընտանիքը

Գ

Գ

Իմ ընթերցողները չմոռացան իհարկե, որ ոսկերիչ Գրիգորը յուր հյուրերից մի քանիսի հետ հետևյալ օրը հրավիրված էր Կարոյին տունը ընթրիքի: Այդ երեկոյան երբ Գրիգորը յուր խանութը փակելով դարձավ տուն և պատրաստվում էր յուր խոստման համաձայն հյուրասիրող բարեկամի մոտ գնալու, Մարիամը եկավ նրա մոտ և խնդրում էր, որ նա թողնե յուր այդ մտադրությունը:

-Ինչ՞ու համար, Մարիամ, ինչ՞ու այդ արգելում ես ինձ, հարցրավ Գրիգորը ամուսնուց, Կարոյի տունը գնալս այս առաջին անգամը չէ, և վերջապես ես երեկ խոստացել եմ, ի՞նչպես կարող եմ խոստմանս դրժել:

Խոստմանդ ուղղակի մի դրժիր, դու կարող ես ասել թե հիվանդ եմ, կամ գործ ունեի, վերջապես ինչ կամենում ես ասա, բայց այսօր մի՛ գնալ այնտեղ, աղաչում եմ:

Բայց ինչո՞ւ համար, զարմանում եմ, ինչի՞ց ես կասկածում:

Ես չգիտեմ, թե ինչո՞ւ համար, չգիտեմ, թե ինչի՞ց եմ կասկածում, բայց չեմ կամենում, որ այնտեղ գնաս: Այսօր ամբողջ օրը ես տխուր էի և միմիայն այդ բանի վրա էի մտածում: Ես այնպես եմ համոզված, որ եթե դու գնաս այնտեղ, եթե դու մեկ էլ լսես այն չար սատանայի խոսքերը, դու կփոխվես, դու էլ նրա պես չար կդառնաս, դու էլ իմ Գրիգորը չես լինիլ …

Տեսնո՞ւմ ես, ինչ հիմար-հիմար մտքեր ես անում, Մարիա՛մ:

Դարձյալ հիմա՞ր, այս խոսքում Մարիամը փղձեցավ, և նրա աչքերը արտասունքով լցվեցան:

Հապա ի՞նչ ասեմ, դու ինձ երեխա ես կարծում, ի՞նչ է: Այսուհետև՞ պետք է ինձ փոխեն, այսուհետև՞ պիտի չար դառնամ:

Չգիտեեմ, Գրիգո՛ր, հոգյակս, միայն խնդրում եմ մի գնալ այնտեղ, իմ սիրտը շատ վատ բաներ է գուշակում, ես վախենում եմ: Այդ Ավետիքի համար մեր դրացիները շատ վատ բաներ են խոսում, ասում են, ով որ մի անգամ նրա ձեռքը ընկավ, էլ ազատվիլ չէ կարող...

Է՜հ, դատարկ բաներ ես խոսում, թող թե աստվածդ կսիրես, մարդիկը այժմ ինձ են սպասում, ամոթ է: Այս ասելով Գրիգորը անցավ դեպի դուռը:

Բայց քեզ խնդրում եմ: Ինձ չե՞ս լսում, այս խոսքերով Մարիամը վազեց դեպի դուռը և նրան ձեռքը բռնոց:

Թո՛ղ, ասում եմ ՙՄարիամ, ինձ մի՞ ուշացնիր, ես խոսք եմ տվել իմ խոսքից դառնալ չեմ կարող:

Ո՛չ չպետք է թողնեմ, ես չեն կամենում, որ գնաս:

Է՜հ, դու ինձ զզվեցնում ես: Այս ասելով նա յուր ձեռքը խլեց կնոջ ձեռքից և շտապով հեռացավ:

Միչ քանի րոպե Մարիամը մնաց յուր տեղը արձանացած: Նրա աչքերը անշարժ ուղղվել էին դեպի այն դուռը, որտեղից յուր ամուսինը դուրս գնաց։ Բայց մի փոքր հետո նա ուշքի եկավ և դառն հեկեկանքով սկսավ լալ։

Երեխաները մյուս սենյակում խաղում էին, նրանք չտեսան, թե ի՞նչ պատահեցավ իրանց մոր հետ։ Իսկ Մանիշակը հարևանի տանից դառնալով, երբ յուր մայրը գտավ լալիս, մնաց շվարած։

Ի՞նչ պատահեցավ քեզ, մայրիկ, ինչո՞ւ լալիս ես, հարցրավ նա մորը:

Իսկ վերջինս ո՛չ միայն ոչինչ չպատասխանեց, այլև աղջկանը տեսնելուն պես ավելի ևս սկսավ արցունքներ թափել։ Քնքույշ Մանուշակը չդիմացավ մոր արտասուքներին, և ինքն էլ նրա հետ սկսավ լալ։ Երկար այս աղիողորմ տեսարանը շարունակվում էր։ Ի վերջո մայրը սթափվելով դադարեց լալուց և բեկված սրտով սփոփեց աղջկանը։ Սակայն վերջինիս համար դեռ անբացատրելի մնաց յուր մոր լացի պատճառը։

Եվ իրավ, ինչու՞ համար խեղճ կինը այդ աստիճան վշտանում էր, ի՞նչն էր նրա արտասվաց և հուսահատության պատճառը։

Այդ յուր ամուսնու լութերական դառնալու երկյուղն էր, երկյուղ, որ պաշարել էր նրան այն րոպեից սկսած, երբ քարոզիչ Ավետիքը իրանց սեղանի վրա նստած տեսավ: «Լութերական» այս բառը գավառեցի հայ կինը սառնասրտությամբ լսել չէ կարող, նա ակնհայտնի խորշում է նամանավանդ այդ անունը կրող հայից։ Որքան կամենում եք դատապարտեցեք նրա այդ զգացմունքը, կամենում եք նախապաշարված կոչեցեք նրան, կամենում եք մոլեռանդ, այդ նրա հոգը չէ, նա միայն գիտե, թե պետք է խորշել այդ կրոնափոխ մարդիկներից, որովհետև դրանց այդ հավատավաճաառության գործի մեջ նա ոչինչ ազնիվ և բարի բան չէ նկատում։ Մի բան, որ անհերքելի իրողություն է մնում հայ կնոջ համար, այդ այն է, որ նա յուր նուրբ դիտողությամբ պարզ տեսնում է, թե յուր ընտանյաց այն անդամը որ տգիտությամբ բռնվում է այդ մարմնազգեցիկ դևերի ցանցի մեջ, նա ընդմիշտ կորչում է յուր ընտանյաց համար։ նա այլևս ամենօրվանը չէ, նրա մեջ սառչում են սովորական զգացմունքները, նրա սիրտը այլևս համահավասար չէ տրոփում այդ ընտանյանց սրտի հետ: Հայրական, սեր, մայրենի գորով, հարազատաց խանդաղատանք, այդ բոլորը նրա համար կորցնում են իրանց բարերար ազդեցությունը: Նա ծաղրում է ամեն բան, նա ծիծաղում է և ընտանյաց բոլոր հնավանդ սրբությանց վերա...

Այսպիսի օրինակները բազմաթիվ են նամանավանդ մեզ ծանոթ արհեստավորանց թաղի մեջ, այդ խավարի ու տգիտության կենտրոնատեղում: Այդտեղ կային լութերականացած հայրեր, որոնք խռով էին ապրում իրենց կնոջից և զավակներից, երիտասարդներ, որոնք օրն ի բուն անարագում և թշնամանում էին իրանց խորթ հավատը չդավանող ծնողներին: Այս բոլորին Մարիամը ծանոթ էր, նա այս մասին ավելի շատ տխուր պատմություններ գիտեր և ահա սրանք էին նրան այնքան վիշտ ու արտասուք պատճառողները: Եվ նրա նախազգացումը իրան չխաբեց:

Գրիգորը Կարոյի տունը գալով այնտեղ հավաքված գտավ բոլոր «եղբայրներին» և նրանց, որոնք անցած օրը խոստացած էին Ավետիքի «հոգեշահ» քարոզներին հաճախելու: Ընթրիքից առաջ քարոզիչը երկար խոսեց Կարոյի հյուրերի հետ: Նա յուր ատենաբանության նյութ էր առել դարձալ հայոց լուսավորչական կրոնը և նրանց հոգևորականությունը: Նա այնքան ճարպկությամբ հարմարեցնում էր յուր խոսակցությունը՝ նամանավանդ առաջին անգամ ներկա գտնվող հյուրերի հասկացողության և հոգեկան տրամադրությանը, որ նրանցից և ոչ մեկի մեջ չէր հուզում հակառակ զգացումներ:

Նորա առաջ նստած էին խեղճ և աղքատ արհեստավորներ, որոնք իրանց սրբազան կրոնը և եկեղեցին ճանաչում էին միայն այնքան, որքան իրանց ծնողներից սովորել էին: Դեռ հազար հինգ հարյուր տարուց առաջ «եղբայրություն և հավասարություն» քարոզող լուսավորչական եկեղեցու այդ հարազատ զավակները, մինչև անգամ գաղափար չունեին թե՝ մի եկեղեցի կարող է պակասություններ ունենալ կամ մեկը կարող է մյուսից առավելություններով գերազանցել: Նորանց համար անձանոնթ էին աստվածաբանների քրիստոնեության համար արած քմահաճ մեկնաբանությունները կամ ավետարանի յուրաքանչյուր բառի և դարձվածի վրա մինչև այսօր էլ տեղի ունեցող անվերջանալի վիճաբաբանությունները և ահա այս պատճառով, ինչպես իրանց ավանդված էր, նոքա բոլոր եկեղեցիները հավասար սուրբ և հավասար ուղղափառ էին համարում: Կարծիք չկա, որ այս մարդկանց համար քարոզչի խոսածները հետաքրքիր կլինեին: Մարդիկ բնականաբար միշտ տրամադիր են նորություններ լսելու, իսկ քարոզչի խոսածները բոլորն էլ նորություններ էին նոցա համար. այդ քարոզները քանդում և ոչնչացնում էին իրենց մինչև այսօր ունեցած համոզմունքները և գաղափարները: Այն եկեղեցին, որին նոքա մինչև այսօր սուրբ և առաքելական էին համարում, հանկարծ քարոզիչը պիղծ է անվանում, լուսավորչի այն հավատը, որին նոքա մինչև այսօր Հիսուս Քրիստոսից և յուր առաքյալներից ավանդված էին ընդունում, քարոզիչը մալորեցնող աղանդ է կոչում: Եվ այս ամենը նա, ի՛հարկե, կարողանում էր հաստատել յուր խեղճ և տգետ ունկնդիրների առաջ, այնպիսի մի տեղ, ուր նորա ստախոսությունները հասկացող և երևան հանող մեկը չկար: Խեղճ արհեստավորները թեպետ եկեղեցվո և կրոնի մասին քարոզչի խոսածներում սուտը և ճշմարիտը զանազանել չէին կարոզանում, բայց իրանց հոգևորականաց պակասության մասին խոսածների մեջ ճշմարությունները տեսնում էին: Այդ պակասություններից շատերը իրենց հայտնի էին, այդ պակասությանց վրա իրանք շատ անգամ մատնացույց են արել և ահա հենց այս մեկ հանգամանքը օգնում էր քարոզչին յուր ունկնդիրներին հեշտությամբ մոլորեցնելու, որովհետև նոքա այնպես էին մտածում: «Մեր հոգևորականաց պակասությանց համար խոսածներում մենք ստորություն չենք նշմարում. այդ պակասությունները կան, և մենք տեսնում ենք: Ուրեմն մեր եկեղեցվո և կրոնի պակասության մասին խոսածները էլ անպատճառ ճշմարիտ կլինին, որովհետև այդ պակասությունները մենք մեր տիգությամբ հասկանալ չենք կարող»: Բայց խեղճ մարդիկ չգիտեին, որ այդ անխեղճ մարդոսները հոգևորականաց այդ մեզ անծանոթ պակասությունները անդադար առաջ են բերում միմիայն նորա համար, որ մեր եկեղեցին էլ պակասավոր ցույց տալ կարողանան: Ապա թե ոչ նոցա համար ի՞նչ նշանակություն ունեին մեր հոգևորականաց պակասությունները, որոնք ամեն ազգերի հոգևորականաց մեջ գտնվում են և այն դեռ շատ մեծ չափերով։ Ինչևէ քարոզչի ճառախոսությունները բոլորը քաղցր ուշադրությամբ լսում էին, իսկ ոսկերիչ Գրիգորը գրեթե զմայլված էր...

Ընթրիքը վերջանալուց հետո քարոզիչը դարձյալ խոսաց մի քանի բան, բայց այս անգամ նա կամենում էր ծանոթանալ ներկա գտնվող նոր հյուրերի կարծյաց հետ։ Վերջիններս, որոնք իսկապես սեփական կարծիք ասած բանից զուրկ էին, հայտարարեցին, որ բոլորովին համաձայն են քարոզչի հայտնած մտքերի հետ։ Իսկ ոսկերիչ Գրիգորը, որ արդեն կատարելապես խմորված էր, մինչև անգամ ցանկություն հայտնեց նրանց «եղբայրության» մեջ մտնելու։ Քարոզչի ուրախությանը չափ չկար։ Բայց որպեսզի յուր արժանավորությունը կշռի մեջ պահեր, նա իսկույն չընդունեց ոսկերիչի առաջարկությունը, այլ խոստում առավ նրանից, որ նա կանոնավորապես կհաճախե յուր քարոզություններին շարունակ մի ամիս, և այնուհետև կարժանանա այդ կոչմանը։

Ոսկերիչը հավատարիմ մնաց յուր խոստմանը։

Նա շարունակ այցելում էր «եղբայրների» ժողովարանը և գրեթե միշտ ներկա էր գտնվում քարոզչի այն «հոգեշահ» ատենաբանություններին, որոնք տեղի էին ունենում երեկոները Կարոյի տանը։ Մարիամի բոլոր ջանքերը յուր ամուսնուն այդ մարդորս քարոզչի ճանկերից ազատելու համար ապարդյուն անցան։ Ո'չ նրա աղաչանքները, ո՛չ թափած արտասուքները չկարողացան դարձնել յուր ամուսնուն այն ճանապարհից, որի մեջ դիպվածով սահել էր նրա ոտքը։

Կնոջ ամենօրյա թախանձանքներից ազատվելու համար ոսկերիչը առժամանակ հնարեց ծածկել նրանից յուր այցելությունները «եղբայրների» ժողովարանը։ Այս պատճառով նա յուրաքանչյուր անգամ տանից ուշանալու համար մի նոր պատճառ էր հնարում։ Մարիամը շատ հոժարությամբ հավատում էր յուր ամուսնուն և եթե գիտենար իսկ, թե նա իրեն խաբում է, դարձյալ ավելի կկամենար խաբվիլ, քան յուր ամուսնուց լսել մի վճռական խոսք, թե նա ընդդեմ յուր ցանկության ընդունում է լութերականություն կամ հենց համակրում է նրան… Սակայն ամիսը լրացավ թե չէ մեր ոսկերիչ Գրիգորը ստացավ կատարյալ բողոքանի կոչումը. նա դարձավ «եղբայրների» մի հավատարիմ անդամ և մտավ այն ընկերության հովանավորության ներքո, որի համար քարոզիչ Ավետիքը պատմում էր, թէ՝ երկնքի արքայության միակ բանալիքը յուր ձեռքումն ունի…

Մի ամբողջ տարուց հետո ոսկերիչ Գրիգոր ընտանիքը այլևս երջանիկ դրության մեջ չէր: Այստեղ ամեն բան այնպես փոխվել ու տակնուվրա էր եղել, որ կկարծեիր, թե մի կործանող ոգի ծանրացել է այդ տան վերա: Կարծյաց և համոզմանց տարբերությունը, որ պառակտում է ամեն միություն, յուր ավերիչ ներգործությունը արել էր և այս ընտանյաց վերա: Տանուտերը կորուսել էր յուր առաջին զվարթ բնավորությունը: Նա դառնում էր տուն տխուր և մելամաղձիկ դեմքով. մի քանի րոպե հազիվ մնում էր յուր հարկի տակ և դարձյալ դուրս էր գնում այցելելու «եղբայրների» ժողովարանը: Մարիամը անդադար մտածելուց և իր կորուստը լալուց նիհարել էր, նրա վառվռուն այտերը դալկացել էին և գեղեցիկ աչքերը կկոցվել կնճիռներով: Ծնողաց հոգեկան տանջանքները ոչ սակավ ներգործել էին և երեխաների զվարթության վերա: Շատ հազիվ էր պատահում, որ նրանք զբաղվեին իրանց մանկական խաղերով՝ մոր տխուր աչքերի առաջ, չնայելով, որ վերջինս բնավ ադ չէր արգելում նրանց: Բայց բոլորի մեջ ամենից ավելի տանջվում էր Մանիշակը: Նա գրեթե ամեն երեկո ներկա էր լինում ծնողաց տխուր վիճաբանություններին, որոնք շատ անգամ վերջանում էին կռվով: Այսպիսի երեկոները միշտ յուր մայրը լալիս էր և ինքը ընկերակցում էր նրան յուր լռիկ արտասունքներով: Ցերեկները նա մինչև անգամ չէր գնում հարևանի աղջկերանց հետ խոսելու կամ ժամանակ անցուցանաելու, ինչպես առաջ սովորություն ուներ:

Այն օրից սկսած երբ յուր դրացի աղջկանց մեջ յուր ընկերակիցներից մեկը նրան վիրավորելու համար անվանեց նրան «լութերական աղջիկ», նա այլևս ոչ մի ընկերուհու հետ չէր համարձարկվում տեսնվել: Յուր ծաղկող հասակը, որ  

ավելացնում էր նրա գեղեցկությունը, չէր կարողանում հալածել այն անուշ տխրությունը, որը զգայուն աղջկա ճակատին դրոշմել էին ընտանեկան խռովությունները։ Նա ամբողջ օրը զբաղված էր տան հոգսերով, և երբեմն միայն խոսակցում էր Աշոտի հետ, երբ նա խանութից դառնում էր տուն հայտնելու համար, որ այն երեկո յուր վարպետը հրավիրված է «եղբայրներից» մեկի տունը։ Այս երիտասարդն էր մնացել միայն բոլոր բարեկամներից, որին մայրը և աղջիկը կարողանում էին բանալ իրանց սրտերը և հայտնել իրանց դեռ շատերին անծանոթ վշտերը...

Ահա այս պատկերն էր ներկայացնում ոսկերչի ընտանիքը նրա բողոքականություն ընդունելուց մի տարի հետո: Սակայն այստեղ էլ դեռ լրացած չէր այդ ընտանյաց թշվառության սահմանը, ճակատագիրը ավելի տխուր ապագա էր պատրաստել նրա համար:

Be the first who will comment on this

Other parts of "Հայ բողոքականի ընտանիքը"

Yatuk Music
Yerevan etudes
Alexander Spendiaryan

Yerevan etudes

Plain of Ararat
Plain of Ararat
Play Online