Muratsan
Հայ բողոքականի ընտանիքը
Ա
Դեկտեմբեր ամսի ցուրտ օրերից մեկն էր: Դեռ վաղ առավոտ լինելով՝ ամբողջ քաղաքը պատված էր մշուշով: Քամին անընդհատ փչելով փոթորկում էր յուր հետ տան կտուրների վրա դիզված ձույնը, որի սառած հատիկները զարնվելով երբեմն փակված պատուհաների ապակիներին, մեղմ հնչյունները էին հանում: Սառուցակապ փողոցնրի մեջ, անցուդարձ գրեթե չկար. միայն երբեմն-երբեմն, նրանց այս ու այն ծայրում, սևին էին տալիս եկեղեցին շտապող բարեպաշտ ծերունին կամ պառավը, որոնց միօրինակ ու համրաքայլ ընթացքը մերթ ընդհատվում էր նրանց երկաթագամ քոշերի՝ սառույցի վրա սահելուց: Եվ այս շատ անգամ վերջանում էր նրանով, որ բարեպաշտ պառավը ակամա նստում էր ճանապարհի մեջտեղը և դժգոհելով անիծում յուր քոշերը գամող դարբնին:
Քաղաքի մի ետ ընկարծ փողոցում, որ գլխավորապես աղքատների բնակատեղին էր, գտնվում էր մի տնակ: Ամբողջ գիշերը հակառակ սովորականին, ճրագը վառվում էր այդտեղ: Այդ հանգամանքը կարող էր հետաքրքրել դրացիներին, բայց եղանակի վատթարության և գիշերվան մառախուղի պատճառով այդ նրանցի աննկատելի մնաց: Միայն առավոտյան պահուն, երբ Խաթուն մայրիկը՝ թաղի ամենաբարի պառավը, եկեղեցին գնալու ժամանակ անցավ տնակի մոտից շատ զարմացավ, երբ ոսկերիշ Գրիգորի ճրագը վառ գտավ: Նա մոտենալով բակի դռանը նայեց նրա ծերպերից՝ տեսնելու համար, թե բակում անցուդարձ կա՞ արդյոք: Բայց որքան մեծ եղավ նրա երկյուղը, երբ տան ներսից լսվեցավ կանացի լացի մի ողորմելի ձայն: Պառավը պատրաստվում էր դուռը բախելու, երբ բակից նրա ականջին զարկեցավ մի ուրիշ աղիողորմ մրմունջ. «Ա՜խ, աստված, դարձյալ ծեծում է»:
Բարի պառավը երկար չսպասեց: Նա ձեռքը ձգեց դռան մուրճը զարնելու, բայց դուռը մուրճ չուներ: Սկսավ քար որոնել գետնի վերա, բայց գետինը սառած լինելեով նա այդ ցանկությանն էլ չհասավ: Վերջապես հանեց ոտքի քոշերից մեկը և նրանով սկսավ ամուր ամուր բախել դուռը:
Դուռը իսկույն բացվեցավ: Պառավի առաջ արձանացավ մի տասնևհինգամյա գեղահասակ աղջիկ: Նրա դեմքը դրսի ցրտությունից դալկացել էր, և արտասուքը սառել այլագունված այտերի վերա:
Մանիշա՛կ. այս ժամին ի՞նչ ես շինում այս ցրտի մեջ, եղավ պառավի առաջին հարցը:
Մանիշակը հեկեկկալով ընկավ պառավի պարանոցով և ոչինչ չկարողացավ պատաասխանել:
Աղջիկ, ի՝նչ եղավ քեզ. ի՞նչ է պատահել, խոսիր տեսնեմ:
Ի՞նչ խոսեմ, մայրիկ, միթե չգիտե՞ս. էլի մորս ծեծում է, պատասխանեց նա, և հեկեկանքը խեղդեց խեղժ աղջկա ձայնը:
Պառավը հասկացավ իսկույն, թե բանը ինչումն էր:
Իսկ դու ինչո՞ւ այս ցրտի մեջ կանգնաժ ես, հարցրավ նա:
Ես կամեցա մորս ազատել նրա ձեռքից (աղջիկր խոսում էր յուր հոր համար), իսկ նա ուժով դուրս հրեց ինձ և դուռը վերաս կողպեց: Չորս ժամ է, որ այս ցրտում կանգնաժ եմ ես, բոլոր մարմինս սառել է…
Վերջին բառերը արտասանելիս թշվառ աղջկա աչքերից աղբյուրի պես արտասուքը վազել սկսավ:
Բարի պառավի զայրույթը հասավ իր վերջին աստիճանին: Նա այլևս հարցեր չարավ Մանիշակից, այլ նրա ձեռքից բռնելով արագ-արագ մոտեցավ տան դռանը և ոտքովը ամուր զարնել սկսավ: Բա՛ց դուռը, գոչեց հրամայող ձայնով:
Ո՞վ է, ներսից լսվեցավ ոսկերիչ Գրիգորի ձայնը:
Աչքդ հանողը, անզգա՛մ, դուռը բա՛ց, զայրացած կրկնեց պառավը:
Տանուտերը ճանաչեց յուր հայտնի դրացուհուն: Նա դուռը թողեց փակ և հեռացավ ուրիշ սենյակ: Պառավը կրկնեց յուր հարվածները:
Բա՛ց ասում եմ, անզգա՛մ, թե չէ կերթամ բալոր ժամավորներին այստեղ կհավաքեմ:
Տանուտերը այս սպառնալիքից վախեցավ և շտապեց դուռը բանալու:
Պառավը ներս մտավ Մանիշակի ձեռից բռնած: Նրա աչքերի առաջ ներկայացավ մի աղետալի տեսարան: Տանտիկինը արտասվաթոր աչքերով և արյունոտ երեսով ընկած էր անգութ սենյակի մի անկյունը և հեծեծում էր անգութ ամուսնուց ատացած հարվածներից: Երկու փոքրիկ երեխաներ կիսամերկ անկողնից ելած՝ բռնած էին մոր ծնկներից. մի ուրիշ, նրանից ավելից հասակավոր տղա երեխա հիվանդ նստած էր. յուր անկողնի մեջ և լալիս էր:
Երեխաները իրանց ծանոթ և սիրելի պառավին տեսնելով մոռացան հոր երկյուղը և կարծես նրա մեջ իրանց պաշտպանը գտնելով, իսկույն ցատկեցին տեղից և վազեցին դեպի նա. «Խաթուն մայրիկ տե՛ս պապան որքան է ծեծել մայրիկին, ասա, որ էլ չծեծի, ախար խեղճ է…»:
Երեխաների գանգատը, որ փոքրիկ սրտերի հուսահատ ապստամության ծնունդ էր, այնքան սրտաշարժ էր, որ պառավի արտասուքը շարժեցին:
Տո անստված, դարձավ նա կատաղի զայրութով դեպի տանուտերը, հերիք տանջես այդ խեղճ կնոջը. այդ ինչ օրի ես հասցրել դրան. բաց դու չե՞ս խղճում այդ երեխաներին. ասենք սիրտդ քար է կտրել, խո ականջներդ էլ չե՞ն խլացել, խո աչքերդ էլ չե՞ն կուրացել, խո լսո՞ւմ ես այս ողորմելիների լացն ու կոծը, տեսնո՞ւմ ես նրանց արտասունքը: Տո՛ անգութ…
Լա՜վ, լա՜վ Խաթուն մայրիկ, խոսքը կտրեց տանուտերը, մի երկարացնիլ. ին՞չ ես ուզում ասել, ինչո՞ւ համար այս ժամին մտել ես իմ տունը: Եվ եթե մտել ես, ի՞նչ իրավունքով հայհոյում ես ինձ: Ես գիտեմ իմ կինը ու երեխաները. խո դու չես նրանց հաց ու ջուր տվողը…
Դու հաց ու ջուր չես տալիս մեզ, անաստված, ողորմելի ձայնով ընդհատեց նրան կինը, քո տվածը թույն ու լեղի է…
Ձայնդ կտրի՛ր, գոռաց ամուսինը դեպի նա դառնալով:
Քո ձայնն էլ աստված կտրի, մրմնջաց կինը և լռեց:
Պառավը տեսնելով ոսկերիչի անողոք կատաղությունը, մոտեցավ կնոջը, բռնեց նրա ձեռքից, «վեր կաց, Մարիամ» ասաց նրան հրամայողական ձայնով, «վեր կաց, երեխաներիդ հավաքիր գնանք իմ տունը, այս գազանի մոտ մի մնաք»:
Ախ, Խաթուն մայրիկ, հեծծաց Մարիամը թույլ ձայնով, դորանով խո ամեն բան չէ՞ վերջանում:
Վեր կաց, ասում եմ քեզ, կրկնեց պառավը:
Վեր կաց, մայրիկ, վեր կաց գնանք Խաթունենց տուն. այստեղ վախենում ենք, թախանձեցին երեխաները:
Կորե՞ք այստեղից, գոռաց հայրը, հրացայտ աչքերը երեխաների վերա սևեռելով: Երեխաները սարսափով ետ քաշվեցան, եւ նրանից յուրանքանչյուրը կծկվեցաւ մի անկյունում:
Դու էլ վեր կաց գնա քո տունը, պառավ, դարձավ նա դեպի Խաթունը, իմ կինը քո կարեկցության պետք չունի, վեր կաց գնա:
Վեր կենամ գնա՞մ, հարցրավ պառավը բարկությունից դողացող ձայնով, գնա՞մ, որ էլի գազանությունդ գործ դնես այս խեղճերի վերա: Չէ՛, դու այլևս արժանի չես այս երեխաներին ու այս կնոջը տեր լինելու, նրանց մենք կպահենք, դու բուի նման միայնակ պիտի մնաս այստեղ մինչև որ ինքդ քո գլուխդ ուտես:
Այս ասելով Խաթունը դարձավ դեպի Մարիամը.
Այ կին, վեր կաց, ասում եմ, առ երեխաներդ, գնանք այստեղից: Ոչ ոք երկյուղից չշարժվեցավ: Տանուտերը սպառնալից դեմքով մոտեցավ Խաթունին և բռնելով նրա ձեռքից ուժով քաշեց դեպի դուռը․
Դո՛ւրս գնա, ասում եմ քեզ, դո՛ւրս գնա…
Պառավը շատ աշխատեցավ ընդդիմանալ, սակայն նրա թույլ ուժը չօգնեց յուր ցանկության։ Տանուտերը նրան դուրս հանեց և դուռը ետևից փակեց։
Այդ բանի վրա Մարիամը և երեխաները սկսան լալ և աղիողորմ ճիչեր արձակել, կարծես թէ իրենց միակ պաշտպանը կորուսին։
Եվ այս թշվառություններից ամենամեծն է, երբ կինը յուր կողակիցի և որդիքը իրանց հոր դեմ օտարի պաշտպանությունն են խնդրում։
Պառավը բռնի դուրս հանվելով, զայրացած վազեց դեպի եկեղեցի, որը այնտեղին շատ մոտ էր։ Ժամասացությունը արդեն վերջացել էր, և ժամավորները դուրս էին գալիս։ Նա կանգնեց բակի մեջ և աղաղակեց․ «Այ մարդիկ, այստեղ ամուսինը յուր կնոջը սպանում է ի սեր աստծո, եկեք ազատեցեք»։
Այս աղաղակը ցնցեց ժամավորներին։ Նրանք պատեցին իսկույն պառավը շուրջը։ «Ո՞վ է, ո՞ր է, ցույց տուր» ամեն տեղից գոչում էին։ «Եկեք և ինքներդ տեսեք», պատասխանեց պառավը և առաջ անցավ շտապով, իսկ ժողովուրդը իրար վերա խռնվելով հետևում էր նրան։
Մի քառորդ ժամից բոլոր եկեղեցին գրեթե ժողովվել էր ոսկերիչի բակը։ Մի քանիսի խնդրանոք Խաթունը համառոտ պատմեց, թե բանը ինչումն էր։ Այնուհետև ամբոխի միջից ավելի տաք գլուխները գոռում գոչումով սկսան տան դուռը բախել։ Ոսկերիչը այս խայտառակությունից ավելի համառված ոչ մի կերպ չհամարձակվեցավ դուռը բանալու։ Ամբոխի խառնաշփոթ ձայնը ավելի վախեցրավ ներսը գտնվող երեխաներին, որոնք իրանց բոլոր ուժով սկսան գոռալ։
Նրանց լացի ձայնը և հոր համառությունը ավելի և ավելի գրգռում էր ամբոխի զայրույթը։ Այս տեսնելով վարպետ Սարգիսը, Խաթունի ծերունի, բայց դեռ ուժեղ մարդը, դուրս եկավ ամբոխի միջից և մոտենալով փակված դռանը հրամայաբար կանչեց․ «Գրիգո՛ր, բա՛ց դուռը»։ Գրիգորը թեպետ ճանաչեց ոսկերիչների համայնքի գլխավոր վարպետ Սարգսի ձայնը, բայց դարձյալ դուռը չբացավ: Վարպետ Սարգիսը մի փոքր սպասելուց հետո հրամայեց յուր մոտը կանգնող երիտասարդներին. «Տղայք, դուռը կոտրեցե՛ք»: Երկու ուժգին հարվածների առաջ դռան փականքը կոտրվեցավ, և դուռը ճռնչալով բացվեցավ: Ամբոխը հետաքրիքիր և զայրացած կամենում էր ներս խուժել, բայց նրան արգելեցին մի քանի առաջավոր մարդիկ և իրանք պառավի հետ ներս մտան:
Ահա այս մարդն է, որ սպասում է յուր կնոջը, այս ասելով Խաթունը ցույց տվավ ոսկերիչին, որը սպառնացող դեմքով կանգնած էր ներս մտնողների դիմացը: Ամբողջ գիշերը ծեծել է նրան, շարունակեց Խաթունը, և մեկը չէր գտնվել, որ թշվառ զոհին ազատե դրա ձեռքից: Այս խեղճ աղջիկն էլ կամեցել էլ յուր մորը պաշտպանել, նրան էլ դուրս է արել և դուռը վերան փակել: Բոլոր գիերը անցրել է ատ դուրսը ցրտում:
Այս ասելով բռնեց նա Մանիշակի ձեռքից, որը ամոթահար կծկվել էր սենյակի մի անկյունում, և նրան առաջ քաշելով շարունակեց. «Նայեցեք սրա գույնին, նայեցեք, կարծես գերեզմանից դուրս հանած լինի: Եթե մի փոքր էլ ուշանայի, խեղճ աղջիկը դրսումը պիտի սառչեր»:
Խաթունի պատմածները վերին աստիճանի գրգռեցին վարպետ Սարգսին: Նա մոտեցավ ոսկերիչին և բարկացած ձայնով գոչեց. «Այ մարդ, ի՞նչ ես ուզում այս խեղճ կնոջից, ինչո՞ւ ես ծեծում նրան»:
Ոսկերիչը ոչինչ չպատասխանեց:
Քույրիկ, ինչո՞ւ համար սա ծեծում էր քեզ, դարձավ նա դեպի կինը մեղմ ձայնով:
Համայնքի գլխավորը բոլոր արհեստավորների ընտանիքում ընդունվում է իբրև հայր. ուստի Մարիամը չքաշվեցավ նրա մոտ բացարձակ խոսելու: Նա պատասխանեց.
Վարպետ, ձեզ հայտնի է, որ դա ամբողջ չորս տարի է, որ լութերական է դարձել, և ամբողջ չորս տարի է, որ ինձ տանջում է: Ամեն մի եկեղեցի գնալովս, ամեն մի քահանա իմ տանը ընդունելովս, ամեն մի սուրբի դիմելովս մի մեծ խռովություն է ձգել տան մեջ։ Էլ նախատինք, էլ հայհոյանք չէ մնացել, որ դա իմ գլխին չթափեր։ Եվ ահա մի քանի ամիս է, որ սովորել է ծեծել։
Բայց այս գիշեր իսկապես քեզ ինչու համար էր ծեծում, հարցրավ վարպետ Սարգիսը։
Տեսնո՞ւմ եք, որ երեխաս հիվանդ է, ամենայն պարզությամբ շարունակեց Մարիամը, ցույց տալով անկողնի մեջ նստած հիվանդ երեխային, երեկ մոմ-հալող Վարդին բերի երեխայիս սրտին մոմ հալելու, նա ասաց, որ երեխայի հիվանդությունը խաչիցն է։ Դորա համար էլ ես էլ մի գառն ունեինք, վերցրի երեկ և մատաղ արի մեր սուրբին։ Երբ դա երեկոյան տուն դառնալով այդ բանը իմացավ, գազանի պես կատաղեց։ Ամբողջ երկու ժամ նախատինքներ ու հայհոյանքներ թափեց իմ գլխին, երբ ես էլ համբերությունից դուրս գալով սկսա միևնույն կերպով պատասխանել իրեն, նա սկսավ անողորմաբար ծեծել ինձ... և ծեծեց ամբողջ գիշերը... այստեղ արտասուքը խեղդեցին խեղճ Մարիամի ձայնը և նա այլևս չկարողացավ շարունակել։
Բայց նրա պատմածները ներկա գտնվողները լսելով չէին կարողանում զսպել իրանց զայրութը: Նրանցից մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին ոսկերիչին ծեծելու, բայց վարպետ Սարգիսը բոլորին էլ արգելեց, և դառնալով դեպի յուր կինը.
Խաթուն, ասաց նրան, վեր առ Մարիամին և երեխաներին և տար մեր տուն, այս մարդը այլևս դրանց տիրություն անելու չէ. այսուհետև մենք պետք է դրանց պահպանենք և հույս ունեմ, որ ավելի լավ կպահպանենք։
Ինչու չէ, մեր աչքերի լույսի պես, պատասխանեց բարի Խաթունը. մի ժամ առաջ ես նույնն էի կամենում անել, բայց այգ անզգամը ինձ տանից դուրս արավ։
Այս ասելով նա մոտեցավ Մարիամին և ձեռքից բռնելով բարձրացրավ նրան։
Աշոտ, դարձավ վարպետ Սարգիսը դեպի յուրը որդին որը մոտը կանգնած էր, այս հիվանդ երեխային յուր անկողնով միասին ղրկիր և տուն տար։ Դուք էլ գնացեք, դարձավ նա դեպի Մանիշակը և երկու փոքրիկ տղաները ձեզանից ոչ ոք թող չմնա այս տանը։
Բոլորը հնազանդվեցան վարպետ Սարգսի հրամանին։ Նրանք պատրաստվում էին դուրս գնալ դռնից, երբ ոսկերիչը նրանց առաջ բռնելով գոչեց.
Ո՞ւր եք կորչում։
Չգիտե՞ս ուր, բարկությամբ մոտեցավ նրան վարպետ Սարգիսը և թևիցը բռնելով ուժգին քաշեց դեպի ինքը։
Խաթունը մի ակնթարթումը Մարիամին ու երեխաներին դուրս հանեց տանից։ Ոսկերիչը այս տեսնելով ավելի ևս կատաղեց.
Իմ կնոջը և երեխաներին համարձակվում եք ինձանից խլե՞լ, գոռաց նա վարպետ Սարգսի վրա։
Սարգիսը ոչինչ չպատասխանեց։ Նա մի շեշտակի ապտակ տվավ ոսկերիչին, որից սա գլորվեցավ։
Տղայք, դարձավ ապա վարպետը դեպի ներկա եղող երիտասարդները, կապեցեք դրա ձեռներր և վերցրեք գավառապետի մոտ տանելու։
Մի քանի երիտասարդներ իսկույն կապեցին ոսկերիչի ձեռները և դուրս հանելով նրան փողոցը, բռնեցին գավառապետի տան ճանապարհը:
Բոլոր ամբոխը հետևեց նրանց: