Ler Kamsar

Փառապանծ Վրիպակներ

Կին

«Կնոջ մասին մի գրող շատ ճիշտ բան է ասել։

Ասում է՝ կինը նման է Պիզայի աշտարակին, ծռվում է դեպի քեզ, բայց հեշտությամբ չի փուլ գալիս վրադ։

Բայց ճիշտ է նաև այն, որ եթե մի անգամ փուլ եկավ վրադ, էլ հավիտյանս դուրս չես գա տակիցը՝ կյանքդ կխորտակվի»։

Կինը կրակ է։ Քանի չես ամուսնացել, մրսում ես, ամուսնանալուց հետո էլ այրվում ես։ Մարդը, որ մինչեւ օրս կանգուն է մնացել, այդ նրանից է, որ կինը նահապետական զենքով է կռվում մարդու դեմ. երբ ատոմային զենք ձեռք ձգի՝

Մնաս բարով մարդկություն...

Ամուսնությունը ներկայումս շատ, շատ է հեշտացել։ Առաջները մարդ ու կին միանում էին մեխերով. հիմա՝ պետլի է, երբ ուզենան կանջատվեն։

Առաջները կինը, լինելով անաշխատ, մեծ ծանրություն էր մարդու ուսին։ Հիմա կին կա, որ մարդուց ավելի է փող ստանում եւ այնքան թեթեւ է, որ հաճախ մարդը, տարիներով գնալով, նոր, հանկարծ է իմանում, որ իր ուսերին... կին չկա։

Ես, որ փիլիսոփա եմ, այդ ոչ թե շատ խելք ունենալուցս է, այլ կյանքում լիաթոք չապրելուց։

Եթե աջ կողմից ինձ մի կին քաշեր, ձախ կողմից մյուսը, եւ ես միջոց չունենայի նրանց հասնելու, ի՞նչ գործս էր աշխարհի մասին մտածել եւ մարդկանց գործին միջամտել։

Կորչի աշխարհն էլ, մարդն էլ։ Ինձ կին է հարկավոր։

Կռիվն իր տեղը, բայց ես ու կինս արդեն ծերացել ենք եւ շատ հաճախ նստում ենք ու իրար հետ այսպիսի զրույցներ ունենում։

-Կնիկ,-ասում եմ,- վաղ մյուս օր կմեռնենք ու թաղման ծախս չունենք։

-Դու գրող մարդ ես, քեզ պետությունը իր ծախսովը փառավոր կթաղի։

-Եթե իմանամ, որ պետությունը ինձ պիտի թաղի, այն էլ փառավոր, ես այլեւս չեմ մեռնի։ Մեր եղած չեղածը հավաքենք, դու մեռիր, մինչեւ տեսնեմ ես ի՞նչ պիտի անեմ։

-Ինչո՞ւ, քա։

-Ա՜յ կնիկ, գիժ խոմ չե՞ս։ Ես իմ ողջ կյանքում աշխատել եմ այնպիսի դիրք բռնել, որ կառավարությունը իմ անունը չտա, հիմա թույլ տամ, որ մեռնելուցս հետո ինձ մեծարի՞։

Ի՞նչ կասի ժողովուրդն իմ մասին։ Չի՞ ասի՝ այս մարդը իր կենդանությանը

պայքարեց կոմունիզմի դեմ, մեռնելուց հետո զիջեց եւ ընդունեց նրա մեծարանքը։

-Մեռնելուց հետո ինչ կուզեն ասեն։ Մահվանիցդ հետո դու կարող ես մինչեւ անգամ մտնել կոմունիստսկան կուսակցության շարքը։

-Ա՛յ կնիկ, հերիք է հիմար բան խոսես. մեռնողը գերեզմանը թողած նրանց

շա՞րքը կմտնի...

Երբ բռնությունը դռնով ներս մտնի, սերը պատուհանից դուրս կփախչի։

Կնոջս մասին հաստատ տեղեկություն ունեմ, որ նա ինտիմ կապ ունի մեր հարեւան Գրիգորի հետ։ Բոլոր հարմարությունն ունեմ այս գիշեր կնոջս հետ «Օթելլո» խաղալու, բայց չեմ խաղալու։ Նախ այն պատճառով, որ մեջս ուժ չի մնացել այդ ծանրամարմին կնոջը վերցնել եւ օդի մեջ ֆռռացնել, երկրորդն էլ` ես բարոյականության մասին այլ կարծիքի եմ։

Ես հետեւում եմ բնական բարոյականությանը եւ բնավ հանցանք չեմ համարում նրա գործը։ Իմ կարծիքով իմ տարիքի մարդիկ պետք է ազատություն տան իրենց կանանց։

Բոլոր այգետերերն իրենց այգիները կթելուց հետո, ուշ աշնանը, այգու դռները բաց թողած քաշվում են տները եւ ազատ իրավունք են վերապահում ճռաքաղ անողներին։

Ճռաքաղը սովորութական իրավունքով սրբագործված օրենք է։ Ինչո՞ւ արգելել այն մարդկանց, որոնք կամենում են հարեւանի այգու պտուղը համտես անել։

Կինն այս տարիքում ուժասպառ ձի է այլեւս, որի սանձերը քաշելն ավելորդ է. նա հեռուներ չի գնա...

Մեզանում սովորություն է դարձել կին առնելը ձմերուկ առնելու նմանեցնել։

Ճիշտ է որոշ նմանություններ կան, բայց տարբերությունն ավելի մեծ է։

Ձմերուկ առնելիս կարող ես կտրել տալ նոր վերցնել. իսկ կնոջը չես կարող կտրելով առնել. պիտի ամբողջ վիճակում տուն բերես` հետո կտրես։ Քո բախտը. կարող է կարմիր դուրս գալ, կարող է «դդում»։ Երբ ձմերուկը «դդում» է դուրս գալիս` կարող ես ածել անասունների մսուրը ու հանգստանալ, իսկ «դդում» կինը մինչեւ կյանքիդ վերջը պիտի ուտես, չիմանալով ինչ բան է ձմերուկը։

Ամուսնությունը վիճակախաղ անգամ չէ. վիճակախաղի ամենամեծ դժբախտությունը այն է` որ քաշածդ տոմսը կարող է փուչ դուրս գալ, իսկ ամուսնական վիճակախաղում փուչ տոմս գոյություն չունի. նրա բոլոր տոմսերն էլ շահում են կամ երջանկություն, կամ դժբախտություն։

Իմ կինը երբ առողջ է, իր ողջ էներգիան գործածում է ինձ վրա գոռալու, վրաս բարկանալու, գլխիս փոթորիկ հանելու, ճիչ ու աղաղակ բարձրացնելու, հայհոյելու ու անիծելու վրա։

Մի չտեսնված անքամի փոթորիկ, մի ամուսնական թայֆուն իր բոլոր հետեւանքներով։

Ես որպես մարդ` ամեն օր սխալվում եմ։ Օր է պատահում մինչեւ իսկ, որ երկու անգամ եմ սխալվում, իսկ կինս իր ողջ ամուսնական կյանքում մի անգամ իսկ չի սխալվել ու չգիտի ի՞նչ բան է սխալվելը։

Երբ մեկը այս ամբողջովին սխալ ստեղծված աշխարհում չի իմանում ինչ բան է սխալը` ի՞նչ կարոսղ ես անել, պետք է նրա գործած բոլոր հանցանքները վրադ բառնաս ու քաշես։

Բայց այս զարհուրելի կինը, երբ հիվանդանում է, քառասուն աստիճան տաքության մեջ մի տեսեք ինչպես մեղմանում է, քնքշանում ու հեզանում։ Հայացքը մեղմ ու շոյիչ, խոսում է շշուկով, ինչպես մտերիմներն են խոսում, անգամ ժպտում է երեսիս...

Ա՜խ, ինչ մեծ երջանկություն է եղել հիվանդ կին ունենալը։

Այս ամուսնությունը այսպես էլ թող գնա, բայց ես հաստատ վճռել եմ, երկրորդ անգամ ամուսնանալիս անպատճառ մի մահամերձ կին առնել։

Սա երկու առավելություն կարող է ունենալ. մեկը այն, որ քնքույշ կվերաբերվի հետդ, երկրորդ էլ, երբ մեռավ` միանգամից կազատվես կնոջ խեր ու շառից...

Ես ամուսնության մասին հետեւյալ կարծիքն ունեմ. եթե հատուկ քեզ համար մի ծնողի պատվեր չես տալիս կին ծնելու` նախապես ծնված պատրաստի կինը երբեք վրադ չի նստելու։

Ես կարծում եմ, որ բոլորովին կարիք չկա, որ մարդ անպայման աշխարհայացք ունենա։ Եթե այդ անհրաժեշտ լիներ` Աստված, այն ժամանակ, երբ Ադամի կողքի ոսկրից կին էր դուրս հանում նրա համար, մյուս կողմից էլ մի աշխարհայացք կհաներ Ադամին` դավանելու համար։

Երբեք, ոչ մի դարում կինն այսպես ստրուկ չի եղել, ինչպես հիմա։ Կինը մարդու հետ հավասար քար է քաշում դրսում, երեկոյան տուն դառնալիս, երբ մարդը պառկում է հանգստանալու, կինը սկսում է իր երկրորդ հերթի աշխատանքը, մաքրում, կարգի է բերում տունը, կերակուր է պատրաստում, լվաց, թափ եւ այլն, եւ այլն անվերջ աշխատանքներ` մինչեւ քնելու ժամանակը։

Պառկելիս, դեռ իր ջարդված մարմինը չհանգստացած` մեկ էլ մարդը այն կողմից ձայնեց.

Արյուսա՛կ կամ Աստղի՛կ, եկ քեզ սիրեմ…

Սեւ՜ գա էն սիրո վրա։ Մեր կնոջը ոչ թե պիտի սիրել, այլ կարեկցել,խղճալ, ափսոսալ։

Ես լաց եմ լինում։ Ո՞վ է տեսել կովը եզի հետ լծել, հետո էլ թամբել, հետո էլ կթել, վերջն էլ սիրել։

Էլ չեմ խոսում այն ծառայող կանանց մասին, որոնք լլկվում են պաշտոնով իրենցից բարձր բոլոր աստիճանավորների կողմից։

Մի օրիորդի եմ ճանաչում, 45 տարեկան է արդեն ու չի ամուսնացել։

Իմ հարցին, թե ինչո՞ւ չի ամուսնանում` պատասխանեց.

-Միշտ ավելի լավին սպասելով, ձեռքս խնդրողներին մերժեցի, հիմա էլ ուշ է արդեն։

-Հապա ինչպե՞ս պիտի ապրես մեն-մենակ։

- Կոմունիստ կդառնամ, կապրեմ։

-Կոմունիզմից ավելի ես ուշացել,- ասացի,- կոմունիստ պիտի դառնալ ավելի վաղ, մանկական հասակում, երբ աշխարհ ճանաչեցիր, այլեւս հնարավոր չէ։

Կինս, տարիների ընթացքում կոպեկ-կոպեկ խնայողություն անելով, իր համար մի հազար ռուբլի թաղման ծախս է պատրաստել։ Երբ իմացավ ամենաէժանագին թաղման համար առնվազն երկու հազար է հարկավոր, դարձավ ինձ եւ հարցնում է.

- Մա՛րդ, հապա ինչ անե՞մ։

- Ի՞նչ պիտի անես, կիսով չափ պիտի մեռնես,- պատասխանեցի ես ու ավելացրի.- Ես ինձ առաջուց թաղման ծախս չեմ պատրաստի։ Մեռնելիս քանի ռուբլի ունեցա, թաղման բյուրո կերթամ ու կասեմ. «Առե՛ք, այսքան ռուբլու ինձ թաղեք, ավելին չունեմ»։

Երբ Թուրքիայում երիտասարդ թուրքերը Սուլթանին գահընկեց անելով Եգիպտոս էին աքսորում, պահանջեց իր հետ աքսորել նաեւ իր հարեմի վեց հարյուր կանանց։ Եվ մինչեւ չառավ` չգնաց։

Սուլթանը, որ տարիքն առած մեկը լինելով վեց հարյուր կին պահանջեց, ձեզ եմ հարցնում, ինչքա՞ն ժողովուրդ պիտի պահանջեն կոմունիստները, որոնք նոր այս տարի ոտք դրին քառասունի մեջ։

Ա՜յ սուլթան. քո թամահի տունը շեն կենա, քո դարավոր գահն եմ շուռ տալիս գլխիդ` դու դեռ կնկա մասին ես մտածում։

Ի՜նչ հավես…

Աշխարհի բոլոր թագավորներից սուլթան Համիդին եմ նախանձում, որովհետեւ վեց հարյուր կին ուներ։

Բայց դեմ եմ հարեմական սիստեմին, հարեմը սիրո դամբարանն է։ Որովհետեւ այդ զահրումար զգացմունքը բացառապես փոխադարձություն է պահանջում։

Սուլթան Համիդը սիրուց համ առնելու համար պետք է ոչ թե բոլոր կանանց հավաքեր հարեմ լցներ, այնպես` ինչպես բոլշեւիկնեը գյուղացուց հավաքեցին կոլխոզ լցրին, այլ բաց թողներ իր կանանց, իրենց «հողը» իրենց հանձներ եւ ասեր` գնացեք ձեզ համար ազատ մշակեք ձեր կալվածքը` միայն ինձ տասնորդ տվեք։

Բոլշեւիկները համարյա կիրառում են սույն մեթոդը, միայն մի փոքր տարբեր ձեւով։ Նրանք տները մտնելով` բոլոր կանաց հիմնարկները լցրին` հայտարարելով նրանց ամուսիններին.

- Գիշերը ձեզ` ցերեկը մեզ…

Այսինքն` հավասարություն, եղբայրություն…

Ստալինի ողջ ժամանակը, ամբողջ քսան--երեսուն տարի, գիշեր ու ցերեկ ես մտածում էի այն մասին, թե եթե Ստալինին բռնեն ու իմ ձեռքը հանձնեն` ես նրան ի՞նչ պատժով պատժեմ։

Այդքան մեծ ոճրագործի համար աշխարհի ոչ մի օրենսգրքում պատիժ չի նախատեսված։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդի ջերմաչափ շինողները չնախատեսելով, որ հիվանդը կարող է քառասուներեք աստիճան տաքություն ունենալ` ջերմաչափը քառասուներկու աստիճանից են կառուցել մինչեւ այսօր։

Հա։ Ուրեմն ես ամբողջ երեսուն տարի Ստալինին պատիժ որոնեցի ու չգտա, իսկ այսօր, որ գտել եմ այդ պատիժը, ցավոք սրտի Ստալինն արդեն մեռել է։

Գիտե՞ք ինչ պատիժ է գտածս։ Ասեմ։

Եթե այս րոպեիս Ստալինին կենդանի իմ ձեռքը տային, ես առանց մազաչա՜փ խղճահարվելու… կամուսնացնեի նրան կնոջս հետ։

Be the first who will comment on this

Other parts of "Փառապանծ Վրիպակներ"

Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio

The old house, 2007
The old house, 2007
Play Online