Ler Kamsar

Փառապանծ Վրիպակներ

Ընտրություն

Նախնի բռնավորներուն եւ միապետներուն Աստվածը վերեն կկախեր մեր գլխուն, որ կառավարեին։

Ան ատենները այդ երեւույթը կորակեինք իբրեւ անլուր բռնություն հանդեպ մարդկային սրբազան իրավունքի։

Սակայն, ո~վ կերեւակայեր, որ պիտի գա ժամանակ մը , երբ մարդիկ իրենք պիտի «ընտրեին» իրենց բռնավորները։

Ցարը մեզի կապտակեր իր ձեռներովը ու մենք կբողոքեինք։

Ի՞նչ պիտի ընենք հիմա, երբ մեզի կստիպեն ապտակել մեզի մեր իսկ ձեռներով…

Ուրիշ կերպ անկարող եմ որակել «ընտրություն» մը, որ կառավարությունը կընտրե ու ժողովրդյան բռնի կքաշե մատ բարձրացնելու։

… Երանի~ անոր այս երկրին մեջ, որուն մատը կտրված է կամ բազուկը գոսացած։

Անոնք են միակ «մարդը»։

1928

***

Արդյոք մարդու էության մեջ կա՞ ազատության տենչ։ Ո՛չ։ Կա ստրկության տենչ։ Ապացույցն այն, որ ազգերը, ազատվելով միապետական բռնակալ լծից, դառնում են հանրապետական, ու իրենք կամովին իրենց գլխին մի բռնակալ են դնում՝ այն անվանելով «նախագահ»։

Ուրեմն, ավելի վատ։ Միապետության ժամանակ ազգը կարող էր արդարանալ, թե բռնապետը նստել է իր կամքին հակառակ. հիմա՞ ինչով պիտի արդարանա։

***

Երբ հյուր ես գնում բարեկամիդ տուն, երբեք չես ասի՝ ինձ այս տվեք, ինձ այն տվեք ուտելու։ Սուս ու փուս կնստես ճաշի, սեղանին ինչ հրամցնեն՝ այն կուտես։ Այսպես է քաղաքավարության օրենքը։

Երբ փողոցում տեսնես մի գեղեցիկ կին, երբեք նրան չես ասի՝ «ինձ սիրիր», այլ ընդհակառակը, կասես՝ «ես քեզ սիրում եմ»։ Այդ էլ է պահանջում քաղաքավարությունը։

Եթե սովետական գրող չես, այլ սովորական, մարդավարի գրող, երբեք չես բռնի քննադատի կոկորդից, թե ինձ շեփորիր ու ներբողներ հյուսիր իմ գրքի մասին, այլ սուս ու փուս գրվածքը կդնես իր առջև, կասես.

-Դու ու քո խիղճը, ինչ գնահատական ուզում ես տուր։

Այս բոլորը պահանջում է քաղաքավարությունը մեր առօրյա կենցաղում։

Իսկ երբ մտնում ենք քաղաքական կյանքը, այնտեղ արդեն պատկերը փոխվում է։

Սոցիալիստական աշխարհում ընտրությունների ժամանակ թեկնածուն ատրճանակը ընտրողի կրծքին ուղղած ասում է. «ինձ ընտրիր, թե չէ կրակեցի»։

Կապիտալիստական երկրում ընտրելիները ժողովրդին սուտ ու փուտ խոստումներ են տալիս, բարեկամաբար նրա ձեռքն են սեղմում, տրամվայի մեջ վեր են կենում, իրենց տեղը ժողովրդին են տալիս, խոլվաթ տեղ մի բաժակ օղի են առաջարկում, վերցնում ընտրողի երեխային գիրկն ու համբուրում, թշին զարնում ու «ջանիկ» ասում, վերջապես ոտքն են ընկնում, աղաչում, պաղատում, որ քվեն իրենց տան։

Հարց։ Ինչու՞ այսպիսի դժվարություններով ընտրվել են ուզում թեկնածուները. ընտրվում են ժողովրդի՞ն օգուտ տալու համար, թե՞ իրենց։

Ես կարծում եմ իրենց։

Որովհետև տեսնված չէ, որ անցորդը փողոցում նստած մուրացիկին խնդրի, աղաչի, որ իրենից մի ողորմություն ընդունի, ընդհակառակն, ինքն է պաղատում և ընդունելիս էլ անվերջանալի օրհնություններ է թափում անցորդի գլխին։

Եթե թեկնածուները ժողովրդի բարիքի համար են կամենում ընտրվել, ինչու՞ ուրեմն չեն սպասում, որ ընտրողները գան իրենց աղաչեն-պաղատեն։

Պարզ է, չէ՞։ Նշանակում է թեկնածուները պարզապես ասում են ընտրողներին.-մի փոքր ծովեք, նստեմ ձեր կռնակին, ուտեմ-խմեմ, ման գամ աշխարհում։

Ի՞նչ եմ ուզում սրանով ասել։

Սրանով ուզում եմ ասել, որ աշխարհում որևէ տերև, որ շարժվում է, այդ անձնական շահի համար է լինում, չլիներ անձնական շահ՝ տերևն հավետ անշարժացած կկախվեր ծառից, ինչպես Մարքսի դոգմաներն են կախված Լենինի շուրթերից։

***

Լսել էինք, որ կաթը առանց մերանի հաճախ ինքնիրեն կկտրվի մածուն կդառնա, բայց չէինք լսել, որ կառավարությունն էլ առանց ժողովրդի «ընտրած» պատգամավորների ինքնիրեն կարող է … կազմվել։

***

Իսկական սերը երևան է գալիս ամուսնության մեջ՝ վերմակի տակ, իսկ քաղաքական կյանքում գաղտնի քվեարկության ժամանակ։

Մեր պետական քվեարկությունը թեև «գաղտնի» է կոչվում, բայց քաղաքացին ու պետությունը «պառկում» են ապակյա վերմակի տակ...

Այդ պատճառով էլ «կանգում» տեղի չի ունենում, և մերձեցումը դառնում է անպտուղ։

***

Հանրապետական երկրներում էն որ նախագահի թեկնածուն ընկնում է ընտրողի ետևից աղաչանք պաղատանք է անում, սոտումուտ խոստումներ է տալիս

ժողովրդի ոտքն է համբուրում, որ ընտրվի. էդ հո նրա համար չի, որ ուզում է ժողովրդի հոգսը իր շալակը վերցնել։Էդ նրա համար է, որ ինքն է ուզում ելնել ժողովրդի շալակը՝ իշխանություն ձեռք բերել, ուտել, խմել, արտասահմանում պտուտ գալ։

***

Մեզ մոտ կառավարությունը պետք է ընտրվի ժողովրդի քվեով։ Եվ երբ վերջինս տեսնի իր խփած մեխը ծուռ գնաց, անմիջապես ձեռքի աքցանով քաշի հանի և նոր մեխ խփի։ Սակայն մեզ մոտ կառավարությունը ինքն իր ձեռքով «մեխն» խփում է ժողովրդի գլխին ու ոչ մի աքցան չի տալիս նրա ձեռքը երբևիցե այդ իսկապես ծռված «մեխը» հանելու համար։

***

Չորսը տարին լրացավ, ու այսօր դարձյալ պետական ընտրություններ են մեզ մոտ։

Մի ընտրություն, երբ ոչ մի իշխանավոր իր տեղից չի շարժվում։ Աթոռից մի վայրկյանով բարձրանում ու էլի նույն աթոռին նստում։

Երբ այդ այդպես է, զարմանում եմ, ի՞նչ կարիք կա անհանգստացնել մեր ղեկավարներին։ Հազիվ են տեղները տաքացրել, թող նստեն, էլի։

***

Մեզ մոտ մի ճաշարան կա, որ ամենայն օր ավելացած ճաշերը տաքացնում է ու հաջորդ օր դնում հաճախորդների առջև։

Մեր ընտրություններին եթե գեթ ադքանն անեին՝ էլի ես շնորհակալ պիտի լինեի։ Մեր ընտրությունները այդքան էլ չեն անում. հին կառավարությունը պաղ-պաղ մյուս օր նորից դնում են «ընտրողների» առջև…

***

Զարմանալի կերպով մեր կառավարության ընտրությունները համընկնում են տարվա այն մասին,երբ էգ կատուները կտուրները ելած, բեղմնավորող որձեր են փնտրում։

Կատուները անտանելի մլավում են կտուրներում. ընտրողները՝ թերթերում և ժողովներում։

Մեկը ամուսին է փնտրում, մյուսը՝ իշխանություն։

Միակ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու տեսակ ընտրողների մեջ, այդ այն է, որ կատուն բեղմնավորվելով երբեք անցյալ տարվա ձագը նորից չի ծնում, իսկ կառավարական ընտրությունը միշտ միևնույն է ծնում։

Ու չեմ հասկանում, որ եթե առաջուց նախատեսված է ծնվելիք «կատուն»՝ էլ ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։

***

Ձեզ մի բան ասե՜մ, ընտրովի կառավարությունները գլխացավանք բաներ են։

Ափսոս չի՞ թագավորությունը։ Առանց «պերեսադկայի» գնացք է, նստիր ու քշիր մինչև աշխարհի ծայրը։ Իսկ հանրապետությունը՝ չէ. տեղի անտեղի մեկ էլ տեսար կառավարությունն ընկավ ու երկրին որբևայրի կնոջ վիճակին ենթարկեց. ոչ կարող է մի այլ պետության հետ առևտուր անել, ոչ պատերազմել։ Պիտի նստի իր երկրորդ մարդուն սպասի, որ գործառնության անցնի։

Միայն ես չեմ հասկանում մի բան։

Թագավորը իր իշխանությունը ստանում է Աստծուծ և ժառանգաբար իշխում է ժողովրդին։ Նոր անկախացած,նորաստեղծ պետությունը, որ չունի թագավորի «սերմ» ինչպե՞ս է թագավոր աճեցնում իր երկրում։ Արդյո՞ք հարևան թագավորությունից «շիվ» է բերում ու պատվաստում իր մի «վայրնի» քաղաքացու վրա…

Ինչպես ասացի՝ չեմ հասկանում։

***

Ի՞նչ տեսակ կառավարություններ են լինում աշխարհում։

Զանազան։ Կա միապետություն։ Այստեղ թագավորը վերցնում է մի կին և դառնալով իր ժողովրդին ասում է.

-Ժողովո՛ւրդ, ահա այս կինն առնում և պառկում եմ, թե ինչ տղա դուրս կգա՝ չգիտեմ։ Ձեր բախտը։ Կարող է շատ խելացի թագավոր լինել, կարող է կապելու գիժ ծնվել. դուք անխոս պարտավոր եք հպատակվել նրան մինչև նրա մահը։

Դրան հակառակ՝ կա հանրապետություն։ Այնտեղ երկրի ամենախելացի մարդուն ընտրում են իրենց ղեկավար ընդամենը չորս տարով, այդ ժամանակամիջոցում եթե իրեն չարդարացրեց՝ նրա տեղը մի ուրիշին կընտրեն։ Այնպես որ այդ ղեկավարի սրտում միշտ ահն է նստած։

Այն պետական ղեկավարները, որոնք ժողովրդի ազատ կամքով են ընտրվում, նման են այն ծառին, որ կուտից է աճել ու պահպանել իր ցեղական անխառն առանձնահատկությունները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, սովետական երկրում առաջ եկավ պետական բոլորովին նոր տեսակ։

Դրանք ոչ թե աճում էին սերմից այլ պատվաստովի կառավարություններ էին։ Մոսկվան կտրում էր այդ կառավարությունների գլուխները և իր կոմունիստական գործարանում պատրաստված գլուխներ էր պատվաստում՝ մեջը լիքը սոցիալիզմ։ Պատահում էր, որ այդ գործարանային, ինդուստրիալ գլուխները իսկի տվյալ ազգությանն էլ չէին պատկանում։

Այս արհեստական գլուխները «նոր լիցք» ստանալու համար տարին մի քանի անգամ Մոսկվա պիտի բարձրանան, ինչպես Մովսեսը Սինա լեռ, կոմունիզմի աստծուց պատվիրաններ ստանալու համար։

Նման պարագաներում ժողովուրդը մնում է անգլուխ, և պետական ապարատը կանգ է առնում՝ չիմանալով որ կողմը շարժվել։ Ու որպեսզի նման անպատեհությունից զերծ մնան այս պատվաստովի պետությունները, պետք է այնպիսի երկար վիզ ունենան, որ առանց տեղիցը շարժվելու իրենց գլուխները Մոսկվա պարզեն, առանց երկրից կտրվելու։

Կարևորն այս գլուխներն են, ժողովուրդը ձևական բան է և կարող է նույնիսկ գոյություն չունենալ։ Եթե մարմնի կարևոր մասը ստամոքսն է՝ այդ ստամոքսը գտնվում է գլուխների մեջ, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի ուտելու։ Նրա ունեցած ստամոքսը մի սովետական ակումբ է, որ իր օրում հաճախորդի երես չի տեսել։

Մոսկվան մի քսանի չափ այսպիսի պետությոններ ունի, որոնցից յուրաքանչյուրի համար երկուական սաղ գլուխ է պահում իր պահեստում, փչանալիս փոխնեփոխ գործածելու համար։

***

Հակոբ Պարոնյանը մի տեղ ասում է.»Ադրիանապոլսո գավառական ժողովն ընտրվեցավ տեղվույն գավառական ժողովեն»։

Այս որակումն եթե չափազանցություն է հիշյալ գավառական ժողովի հասցեին ուղղված, ապա շատ պակաս պիտի գա, եթե Պարոնյանի այդ դիտողությունը վերցնենք մեր կառավարությանն ուղղենք։ Որովհետև մեզ մոտ կառավարությունը ժողովրդին նեղություն չտալու համար մեն մենակ ինքն իրեն ընտրում է։

Ամենափափկանկատ բեռնակիրն անգամ իր նեղ րոպեին անցորդին կանչում է բեռը շալակը տալու, բայց մեր կառավարությունը ամենևին չի կանչում իր ժողովրդին իշխանության բեռն իր կռնակը դնելու։

Եվ մենք դեռ քննադատում ենք նման կառավարությանը…

***

Կառավարությունը երկրի կեղևն է, ժողովուրդը՝ միջուկը։ Ինչպես ծառը։

Երբ երկիրը հանրապետական է, աճելիս մի խավ պետությունն է հաստանում, մի խավ՝ ժողովուրդը։

Իսկ եթե կառավարությունը բռնակալ է և հաստանում է միայն ինքը ի հաշիվ իր ժողովրդի, առաջ է գալիս անջատում, և շարժումներն այլևս չեն ներդաշնակում իրար։

Այն ժամանակ, երբ կառավարությունը քրքջում է՝ ժողովուրդը դառը հեծկլտում է ու արցունք թափում։

Ինչ արագությամբ կառավարությունը դեպի երջանկություն է սուրում, նույն արագությամբ ժողովուրդը դեպի թշվառություն է գլորվում։

Ու այս հակադիր ճանապարհներում դեմ դեմի գալով, անգամ առանց բարևի անցնում են իրար կողքով անտես, անճանաչ, անգամ որպես թշնամի։

Տեսե՞լ եք կաթվածահար մարդու կերպարանքը, որ երբ կամենում է ծիծաղել՝ արցունք է թափում աչքերից, երբ կամենում է լաց լինել՝ ժպիտ է փայլում երեսին։

Այդ կաթվածահարը մեր պետությունն է ահավասիկ։

***

Ուզում եմ մեծ տղայիս պսակել։ Ասում եմ՝ անցյալ տարի ես գյուղում մի աղջիկ եմ տեսել, շատ հավանել, ուզում եմ բերել քեզ կնության, ի՞նչ ես ասում, ա՛լ բալա։

Ասում է, ա՜յ հայրիկ, ես ինչպե՞ս համաձայնություն տամ առանց աղջկան տեսնելու։ Սա կյանքի խնդիր է, մեկ էլ տեսար չհավանեցի, ու իմ կյանքը տառապանք դառնա։

Ոչ մի տառապանք էլ չի դառնա,- ասում եմ,- հնում երբեք ամուսնացողը իր կնկա երեսը չի տեսել։ Տղայի ծնողները ընտրել են՝ տղան ամուսնացել է ու սիրել։ Ներկայիս դա գոյություն ունի մեր կառավարության սիստեմում. ժողովորդն իր դեպուտատին ընտրում է առանց երեսը տեսնելու։ Պետական դժբախտություն պատահե՞լ է մինչև օրս։ Երբե՛ք։ Ժողովրդի երեսը չտեսած դեպուտատները հավաքվում, կառավարություն են կազմում և կառավարում իրենց երեսը չտեսած ժողովրդին՝ և շատ էլ սիրում են իրար։ Ի՞նչ տառապանքի մասին է խոսքը։Թերթերում չե՞ս կարդում, որ մեր ժողովուրդն ամենաերջանիկն է աշխարհում։

-Էհե՜,-ասում է որդիս, եթե մեր ժողովրդի պես պիտի երջանիկ լինեմ՝ չուզեցի քո ընտրած աղջիկը։

-Ո՛չ, ես մինչև աղջկան չտեսնեմ, չհավանեմ, չեմ առնի։

Ես սկսում եմ կատակել հետը։

-Ա՜յ տղա, նշանակում է դու կողմնակից ես ընտրական բուրժուական սիստեմին։ Այնտեղ, արտասահմանում ընտրողներն ու ընտրվողները իրար ուզում են ճանաչել նրա համար, որովհետև փոխադարձ վստահություն գոյություն չունի նրանց միջև. վեր կենանք մե՞նք էլ կասկածենք մեր դեպուտատներին։ Տարիներ առաջ,ընդունելով մեր կառավարությունը, երդվել ենք մի բարձի ծերանալ հետը, և եթե վերջինս կուրանա, կաղանա՝ «տեր» լինենք։ Հիմա՝ կառավարությունը կուրացել է, չի տեսնում, որ իր ընտրած ճանապարհը դեպի կործանում է տանում ժողովրդին և կաղացել է՝ ոչ մի ուղիղ քայլ չառնելով. ի՞նչ ես ասում հիմա, վեր կենանք խաչով, ավետարանով մեր տված երդումը դրժե՞նք։ Ես այդ բանը չեմ անի։ Նա իմ վստահած կառավարությունն է և ինձ համար բոլորովին հետաքրքիր չէ, թե ո՞վ է նստած այնտեղ։ Մինչև անգամ չեմ հետաքրքրվում, թե մարդ կա՞ այնտեղ, թե՞ դատարկ է։ Է՛, կառավարություն է, կարող է մի ամսով կամ մի տարով արձակուրդ գնացած լինի Հնդկաստան, կամ՝ իսկի արձակուրդ էլ չի գնացել, հենց ուղղակի մեռել է. պիտի վեր կենամ նոր կառավարությո՞ւն ընտրեմ։ Երբե՛ք, իմ վստահած կառավարության դատարկ տեղը ես ուրիշի լիքը տեղի հետ չեմ փոխի։ Ճշմարիտ է, եկեղեցին մարդկանց պսակելիս պարտադրում է կաղ ու կույր ամուսնուն տեր կանգնել հետագայում ու չի շեշտել նաև, որ տեր պիտի կանգնի իր մեռած ամուսնուն, բայց այն ժամանակները մեռած մարդը այլևս դեր չէր խաղում աշխարհում։ Իսկ այլ է հիմա։

Տե՛ս, կոմունիզմին, որ մեռած գաղափար է՝ ինչպե՜ս ալեկոծում է ողջ աշխարհը…

Be the first who will comment on this

Other parts of "Փառապանծ Վրիպակներ"

Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

The old house, 2007
The old house, 2007
Play Online