Ler Kamsar
Փառապանծ Վրիպակներ
Թուրքահայ միությունները Երևանին մեջ
Սխալ է այն կարծիքը, որ յուրաքանչյուր նոր ծնունդ մը արդյունք է սիրո, վասնզի Երեւանին մեջ օրական տասնյակ մը միություններ կծնին, որ ոչ թե սիրո, այլ ատելության պտուղներ են։ Այսպես, օրինակ, դեպի Ուուցչական միությունն ունեցած ատելությունը ծնավ Գրասիրաց միություն. դեպի առաջին Գրասիրացին եղած հակակրանքը ծնավ երկրորդ Գրասիրաց մը։ Առ տղամարդիկ ունեցած ատելությունը ծնավ Կանանց միություն. աս Կանանց միությունը երկնելով, իր հերթին ծնավ երկրորդ Կանանց միություն մը։ Արեւմտահային հանդեպ զգացած ատելությունը ծնավ Ալաշկերտցիական միություն, ասիկա ալ նույն ամսին արբունքի գալով, ծնավ Տարոն-Տուրուբերան ընկերությունը։ Դեպ այս ընկերությունն ունեցած չկամությունը ծնավ Պաշտոնեից միությունը։ Այնուհետեւ կազմվեցավ Միություն մը արհեստավորաց համար, Միություն մը մանր առեւտրականաց գոյությունն ապահովող եւ այլն։ Ու եթե աս եռանդով շարունակվելու ըլլա, պետք չկա կասկածելու, որ պիտի կազմվի միություն մը, որ ոտանավորը սիրե լոկ, միություն մը, որ ախորժե ոտանավորեն ու արձակեն հավասարաչափ, միություն մը, որ ածականը նախադաս գործածե, միություն մը, որ հետադաս, միություն մը, որ իր նիստերը շաբաթ օրերը գումարելու հարմար տեսնե, միություն մը, որ եթե երկուշաբթի չըլլա, իսպառ հրաժարյալ սեպե ինքզինքը։
Սա ընկերություններն ու միություններն այնքան մոտիկ կապրին, կողք-կողքի, որ եթե միություններեն մեկը քթախոտին տուփը բանալու ըլլա, հանուր փռնգտոցը պիտի բռնե բոլոր Երեւանի միությունները։ Եթե կարճահասակ մեկը սայթաքելով գետին փռվելու ըլլա, աս ընկերություններեն երեքին կրնա տակը ճմլել։ Ու եթե բարկացած ես եւ կնկադ քանի մը խոսք ուղղելու համար մեծկակ քայլերով տուն կաճապարես, գիտցիր, որ յուրաքանչյուր քայլիդ` հինգ միության գրասենյակին դուռնեն կանցնիս… Հոս, ահավասիկ պետք է փնտրել այն բանին պատճառը, թե ինչպե՞ս կըլլա, որ տասներեք հոգիանոց ժողովի մեջ տասնյոթ ընկերության ներկայացուցիչներ կրնան գտնվիլ միաժամանակ։
«Հայաստանն ուներ 100 հազար քառակուսի կիլոմետր տարածություն եւ 200 հազար ընկերություն… բնակիչ, - պիտի գրե մեր մասին ապագա պատմիչը անշուշտ եւ պիտի հավելու,- հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն»։
Կարծիքներ կային, որպես թե սա միությունները կազմված են նպաստի շուրջը եւ նպաստը դադրելով ընկերություններն ալ պիտի լուծվին, սակայն այս հիպոթեզը չարդարացավ անով, որ մինչ պետական նպաստը 50 տոկոսով կրճատվեց, ընկերությունները 10 տոկոսով կավելանան դեռեւս։
Ժողովներն են այս ընկերությանց գործունեության միակ ասպարեզը եւ «ձայնն» է միակ գործիքը։
Մի ամսվա աղմուկ-աղաղակից հետո այսօր վերջապես ընտրվեցին մեր ժողովրդական դատավորները։
Այս ընտրությանը, սակայն, մասնակցեցին բոլորը, բացի... ընտրողներից ու ընտրվողից։
Այսպես հեշտ են կատարվում մեզ մոտ բոլոր տեսակի ընտրությունները։
Ինչպես վարժ վիրահատը հանում է կույր աղիքն առանց նեղություն տալու հիվանդին, այնպես էլ մեր կառավարությունը կույր աղիքը պատվաստում է ժողովրդին, առանց ընտրողին ու ընտրվողին որևէ ցավ պատճառելու։
Ինչպես կատուները փուչ ընկույզի հետ ավելի երկար են խաղում՝ քան լիքի, այնպես էլ կառավարությունն ամիսներով ռեկլամում ու թմբկահարում է այն ընտրությունները, որոնք ժողովրդի սրտին ոչինչ չեն ասում, ավելորդ են, նվաստացուցիչ և անբովանդակ։
1960
Դեմոկրատական ներկա դարում ատոմային ռումբը ազատ ընտրությունն է և ոչ թե Ռուսաստանից բերած զենքը։ Ռուսաստանից բերած զենքով ինչ էլ ձեռք բերես՝ Ռուսաստանինն է, Գերմանիայի՞ն ինչ։
Քաղաքացի՛ք, դեպի քվեատուփ, ընտրելու արդեն նախապես ընտրվածը։
Փողոցներու պատերին կախված է ձայնազուրկներու ցանկը։ Անոնց իրավունք է վերապահված բողոքելու ձայնազրկության հա-մար։
Իրավունք մը, որմե ոչ ոք կուզե օգտվել։
1926
Ընտրական թերթիկներ, հրավիրատոմսեր, բացատրական հոդվածներ, կոչեր, դիմումներ ձյունի առատությամբ կտեղան ժողովուրդի գլխին, որ ձայն տան... Ա՜խ, որքան կուզեի առնեին ինձմե ձայնս, տանեին և ում ուզենային տային: Միայն ես չտեսնեի: Ես մեկ նավ նստել չեմ կրնար, մեկ ալ մեր «ընտրությանը» մասնակցել: Անմիջապես սիրտս կթափի... Լեռ Կամսար