Gurgen Mahari
Սեւ մարդը
9
ԻՍԿ հիմա մայիս է ու ձնհալ։ Սևահողի շերտերն ավելի լայնանում են ու տարածվում, ձյունը, ձյան շերտերը բարակում են, փոքրանում, անհետանում։ Կեսօրին կարելի է զգալ արևի վերապահ, բարակ ջերմությունը, ջերմանում են մարդկանց սրտերը, գարնան բուրմունքով թրթռում է օդը, օրը։
Կիրակի է։ Մենք նստել ենք Աշոտ դայու հետ համար 7 բարաքի առաջ, հողի վրա հաստատված նստարանին և խոսում ենք ամենահնարավոր և անհնարին բաների մասին։ Ուղղիչ֊աշխատանքային ճամբարի բնակիչները դուրս են թափվել բարաքներից և վայելում են մայիսյան դեռ թույլ արևի ժլատ գուրգուրանքը։ Ոմանք երկու֊երեք հոգով, շատերն առանձին֊առանձին շրջում են ճամբարը կիսող մեծ ճանապարհի վրա ետ ու առաջ։ Լսվում է Գրիմբերգի բարձրաձայն ծիծաղը։ Աշոտ դային նայում է նրա կողմը և գլուխը տարուբերում․ չի սիրում նրան, այդ Գրիմբերգին Աշոտ դային։ Երիտասարդ է նա, միշտ մաքուր սափրված, բակենբարդներով, չապլինյան բեղերով, ծխամորճը ատամների արանքում, բոլորի հետ դու֊ով, բոլորի հետ սիրալիր, որը սակայն զբաղվում է սպեկուլյացիայով, խաբում է, առնում, խաբում է, ծախում, ժպտում է, խաբում, ցավակցում է, խաբում է, խաբում է, խաբում․․․
― Նրան կարելի՞ է ուղղել, ― հարցնում եմ ես։
― Ո՞ւմ, ― հարցնում է Աշոտ դային, իսկ ես գիտեմ, որ նա շատ լավ գիտե, թե ո՞ւմ մասին եմ հարցնում ես․ նա պարզապես ուզում է ժամանակ շահել մտածելու համար։
Ես լռում եմ։ Մի քանի րոպեից հետո Աշոտ դային պատասխանում է։
― Կուզիկին գերեզմանն էլ չի ուղղի․․․
Մոտենում է Մամոն․ տխուր Մամոն։
― Դայի, ― ասում է նա, ― Սանոն ձեռքից գնում է։
Աշոտ դային հառաչում է․ այդպես նա հառաչում է, երբ մի ծանր բան է հիշում։
― Որտե՞ղ է նա։
― Հիվանդանոցի ետևը։
― Ի՞նչ է անում։
― Հեչ, նստել, նայում է պատուհանին։
Պատուհանին․․․ Ես գիտեմ, թե ո՞ր պատուհանին, ի՞նչ պատուհանի մասին է խոսքը։
․․․ ԱՅՈ, Սանոն դարձավ մեր գանձապահը, պահեստապետը, տնտեսվարը այն օրից, երբ այդ մասին խոսեց Աշոտ դային, մեղանչելով ճշմարտության դեմ։ Չէր, բայց դարձավ։ Եվ ճիշտ դուրս եկավ Աշոտ դային ― ոչ մի զեղծում, ոչ մի յուրացում։
Իսկ ամեն օր բրուտանոց էր մտնում նա՝, լավ տրամադրությամբ, բրուտանոցը լցնելով իր ջերմ, կանացի շնչով․ նա կատակում էր բոլորիս հետ և առանձին֊առանձին, հետո մի երկու րոպեով առանձին խոսում էր Սանոյի հետ․ ցուցամատով խփում էր նրա ծնոտին ու գնում երգելով․
Խաղողի երկիր, մրգերի երկիր,
Սիրուն Մոլդավիա․․․
― Ուզում եմ մի օր ընկնել ձեր բարաքը, ― ասաց նա մի օր ― ուզում եմ տեսնեմ ինչպես եք ապրում։
Շուտով նա իրագործեց իր սպառնալիքը։ Այդ այն օրերին, երբ «գործարար բակի» պատվո տախտակի վրա Աշոտ դայու անունից հետո երևաց Սանոյի անունը․ ― «Սանասար Մելքումյան»։
․․․ ԵՐԲ նա ներս մտավ, թվաց, որ գարնանային շնչով լցվեց բարաքը։ Այդ օրն էլ կիրակի էր։ Բարաքի բնակիչներն զբաղված էին իրենց առօրյա մանր֊մունր գործերով։ Նրանք իրար անցան և ժպտացին ներողամիտ ժպիտով։ Կոլոկոլնիկովը կարող էր, իհարկե, նրան անմիջապես հեռացնել բարաքից, որովհետև այդ էր պահանջում ճամբարային կարգը․ ― կանայք իրավունք չունեն երևալու տղամարդկանց բարաքներում, տղամարդիկ իրավունք չունեն մտնել կանանց բարաքը, ― այսպես էր կարգը։ Կոլոկոլնիկովը փակել էր իր խուցը, Նուրանբաևը նայեց չսպասված հյուրին և շուռ եկավ, ― ես տեղեկություն չունեմ, ես զբաղված եմ իմ վառարանով։ «Գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը ժպտաց ականջից ականջ, երբ տեսավ նրան, փորձեց անգամ մի բան ասել, բայց չհասցրեց։
― Ահա, թե որտե՜ղ են թառել իմ բազեները, ― ասաց նա ուրախ ձայնով, մեզ տեսնելով։ ― Եկա ճաշ ստացողների հետ, որպես ճաշի մատակարար, ճաշ բաժանող․․․ Ես՝ ճաշ բաժանող ու ահա թռա ձեզ մոտ․
Թռավ բազեն վեր, վեր,
Իջավ բազեն վար, վար,
Վիրավոր էր բազեն․․․
Ու ժպտաց իր ժպիտով։
Այդ միջոցին դրսից ներս ընկավ Մամոն ու շնչակտուր մոտեցավ․
― Դայի, նաչալնիկը․․․
Սանոն վեր թռավ տախտակամածից, Աշոտ դային ուզեց մի բան ասել, բայց այդ րոպեին հնչեց դռան մոտ կանգնածներից մեկի ազդարարությունը․
― Внимание!
Ներս մտան ճամբարի պետը, գլխավոր բժիշկը, բուժակ Եոսիֆ Մերպերտը և կոմենդանտը։
― Վառարանի ետև՛, վառարանի ետև՛, ― շշնջացին մի քանի հոգի։
Բայց նա տեղից չշարժվեց։
Մի քանի հոգի փորձեցին ծածկել նրան, բայց ուշ էր։
Իր խցից դուրս թռավ Կոլոկոլնիկովը, ընդառաջեց շքաղմբին և զեկուցեց քնից նոր զարթնած մարդու խռպոտ ձայնով․
― Համար 7 բարաքի ավագ Միտրոֆան Միտրաֆոնովիչ Կոլոկոլնիկով․ բարաքում կարգի խախտման ոչ մի դեպք չի եղել։
Պետը առանց նայելու նրա վրա, անցնում է առաջ և մոտենում է Լյալյային։
― Դու կարող էիր գոնե թաքնվել, ― ասում է հանդարտ ձայնով, խախտելով լարված լռությունը։
― Հաշվեք, որ ինձ չեք տեսել, քաղաքացի պետ, ― պատասխանում է նա կես խնդրող, կես առաջարկող ձայնով։
― Հիմք չկա։ Անպատիժ թողնել չեմ կարող։ ― Նա դառնում է կոմենդանտին․ ― մեկուսարա՛ն․․․ ավագին հանել։
․․․ Իսկ մեկուսարանը ճամբարի բանտն է․ այնտեղ նստում են երեքից մինչև տասնհինգ օր՝ կարգապահության խախտողներն, ինչպես և նրանք, որոնց ջերմությունը 38֊ից վար է և հրաժարվում են աշխատանքից։ Այնտեղ նրանք ստանում են 300 գրամ հաց և եռացրած ջուր։ Նա դատապարտվեց երեք օրվա մեկուսացման, սակայն չկարողացավ լրիվ տանել պատիժը․ երրորդ օրը նա հիվանդացավ թոքերի ծանր բորբոքումով և տեղափոխվեց հիվանդանոց, կանանց բաժին։ Մենք, բրուտանոցի անձնուրաց ասպետներս, չլքեցինք նրան։ Կոմենդանտի օգնական Անջաբաձեն անձամբ հասցնում էր աղետյալին մեր օգնությունը․ օգնում էին նրան անգամ մարդիկ, որոնք անձամբ ծանոթ չէին նրա հետ․ այդ նա էր, միշտ առույգ, միշտ ժպտուն, բոլորին սիրելի էակ, որն ստեղծված էր սիրո, ազատ արևի համար, ծաղիկների ու երգի համար։
․․․ Մռայլվեց բրուտանոցը, այլևս ներս չի մտնում նա, չի խոսում, չի կատակում, չի զնգում նրա արծաթ ծիծաղը բրուտանոցում։ Տխուր է և Աշոտ դային, Մամոն թաղծում է, իսկ Սանոն․․․
Ճիշտ է, նրա անունը չիջավ պատվո տախտակից, ճիշտ է, նա չդադարեց մեր անբասիր տնտեսվարը լինելուց, բայց դժվար չէր նկատել, որ նա իր ամբողջ էությամբ ցնցված էր իրադարձություններից։ Ամեն անգամ, երբ աշխատանքից ճամբար ենք վերադառնում, նա՛ է բարաք վերադառնալուց առաջ վազում հիվանդանոց, իմանալու հիվանդության ընթացքի մասին, պատուհանի մթագնած կրկնափեղկերից նա է աշխատում տեսնել գոնե նրա գլուխը բարձերի վրա, նա՛ է այնքուն գիշերներ անցկացնում, նա՛ է օր֊օրին փոքրանում, կծկվում, հալվում․․․
Մի անգամ նա հարցրեց․
― Դժոխք, դրախտ կա՞։
― Դժողքն էլ, դրախտն էլ երկրի վրա է, ― պատասխանեց Աշոտ դային։
Նա ավելի մռայլվեց։ Անիվն ավելի արագ պտտվեց։
․․․ Չէ, չի հնչի այլևս նրա ձայնը, երբ անցնում են բրիգադները հրշեջ աշտարակի կողքով։
― Քեռի, ա՛յ քեռի, մի նայի, ամնիստիան չի՞ երևում․․․
Աշտարակի վրա կանգնած հերթապահ պահակն էլ պետք է որ զարմացած լինի․ ― ո՞ւր կորավ այդ աղջիկը, ինչո՞ւ չի լսվում նրա ամենօրյա չարաճճի հարցը, չլինի՞, իսկապես, «ամնիստիան» եկել, տարել է նրան, իսկ ինքը, կանգնած բարձր աշտարակի գլխին, ոչինչ չի նկատել․․․
Լուսաբացին մահացավ նա։
Երեկոյան դեռ Սանոն մի կերպ օգտվելով հերթապահ սանիտարի բարեհոգությունից, ընկել է նրա մոտ։ Արտասվել է նա և խնդրել․
― Հիշիր ինձ և մի՛ գնա վատ ճանապարհով։ Թե չէ ես այն աշխարհում շատ կբարկանամ ու լաց կլինեմ։ Ինձ չլացացնես, Սանյա, ի՛մ բազե․․․
Գործարանի բանվորական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված գրական երեկոն վերջացավ։ Դահլիճը թնդում է ծափահարություններից։ Հանդիսականները դուրս են հորդում։ Դուրս ենք գալիս և մենք։
Դռների մոտ ինձ սպասում է գործարանի ցեխի վարիչ ընկեր Սանասար Մելքումյանը։
― Գնանք։
Գարնանային խորունկ գիշեր։ Դիմացի բազմահարկ շենքի ծխնելույզներից մեկի վրա թառել է լուսինը։ Կարծես նա ծխնելույզից է դուրս եկել մի րոպեով օդ շնչելու և ուր որ է նորից պիտի մտնի ծխնելույզը։
― Աշոտ դայի՞ն, ― նորից հարցնում է Սանասարը։
― Թոշակի է անցել։ Դիլիջանումն է։
Մենք բարձրանում ենք նորակառույց շենքի երկրորդ հարկը։ Սանասարը սեղմում է զանգի կոճակը։
Ընդառաջ են վազում երկու թխորակ փոքրիկներ, տղա և աղջիկ։
― Լյալյա, ― նա ցույց է տալիս աղջկան, ― Աշոտիկ, ― ցույց է տալիս տղային։ Թուխ֊թխամազ կինը ժպտում է։ Դիմացի պատից նայում է Լյալյայի մեծացրած յուղաներկ նկարը։ Լուսանկարվել էր Սարանսկում․ նայում էր ասես կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, նայում է նա քեզ, ուղիղ քո աչքերին։ Շրթունքները կիսաբաց են, ժպտում են մարգարտաշար, ճերմակ ատամները․ նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՛տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է՝ ասե՞լ, թե՞ չասել․․․