Gurgen Mahari
Սեւ մարդը
6
Օրամուտի մանուշակագույն աղջամուղջում օրորվում է ուղղիչ֊աշխատանքային ճամբարն իր շրջակայքով։ Սառնամանիքը սեղմում է։ Աշխատավորական բրիգադները «տուն» են վերադառնում։ Ինչ լավ է, երբ ֆիզիկական աշխատանքից հոգնած, ցրտից այրվող դեմքով բարաք ես մտնում ու զգում ես վառվող վառարանի անճառելի ջերմությունը։ Երևի աշխարհում չկա այնպիսի մեծ հաճույք, քան ֆիզիկական աշխատանքից հետո հանգստանալու հաճույքը։ Մենք ազատվում ենք ավելորդ շորերից, բարձրանում տախտակամածների վրա և անձնատուր ենք լինում այդ գերագույն հաճույքին։ Փառք կյանքին և Նուրանբաևին, մանավանդ Նուրանբաևին, որը վառ է պահում վառարանի կրակը և ջերմությունը։ Նուրանբաև, ես սիրում եմ քեզ։
Համար 7 բարաքի ավագ Կոլոկոլնիկովը մոտենում է բարաքի մեջտեղ դրված ընդհանուր սեղանին, մի ձեռքում իր վառվող ճրագը, մյուսում՝ նամակների մի փաթեթ։ Տիրում է լռություն։ Կոլոկոլնիկովը դնում է ակնոցը։
― Պասյատոսյո՜ւչոս, ― հնչում է նրա գրեթե կանացի ձայնը։
Վառարանի աջակողմից, վարի տախտակամածից դուրս է թռչում մի հաղթանդամ երիտասարդ՝ թխադեմ, թխամազ, բաց կապույտ, թախծոտ աչքերով։
― Պարի՛ր, ― ասում է Կոլոկոլնիկովը աջ այտը վեր քաշելով, մի դիմախաղ, որը նրա ժպիտն է։
Լուրջ դեմքով պարզում է իր ձեռները աջ ու ձախ, թեթև բարձրանում է ոտի մատների վրա, իջնում և ստանում է նամակը Եորգո Պապատոսյուլոսը։
― Ռոստովսկի Վիկտոր Ռոմանովիչ․․․
― Այստեղ եմ, ― լսվում է հրճվալից մի կռինչ․ Երկրորդ հարկի տախտակամածից սյունը գրկած վար է սահում շեկ, ցից մազերով մի ծերուկ՝ ակնոցները ճակատին․ գլխավոր դերձակ Ռոստովսկին մոտենում է ձեռները բարձր, որպես թե պարելով, ստանում նամակը։
― Բագիրբեգով Մամալի թե Պապայի, սատանան գիտի, չեմ ջոկում։
Իմամ Ալի Բագիրբեգովը մոտենում է հեգնական ժպիտով։ Նրա անունը Կոլոկոլնիկովը դիտմամբ խեղաթյուրում է։ Նրան հայտնի է Իմամ Ալու ընդհատակյա խարդավանքները՝ բարաքի ավագ դառնալու համար։
― Կարող ես չպարել։ Երբ աստծո և վերակարգիչի օգնությամբ ավագ դառնաս, այն ժամանակ կպարես։ Վերցրու, խեղճ մարդ, ռուսերեն ո՛չ գուգու, ո՛չ մումու ու դեռ ուզում է․․․ Աչքիս չերևա՛ս։ Ֆրենկել Իսիդոր Գալակտիոնովիչ։
― Ես եմ Ֆրենկելը։
Առաջ է վազում գունդ ու կլոր, կլոր ակնոցներով և կարմիր թշերով «գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը․ այս այն Ֆրենկելն է, որ Լյալյայի վկայությամբ նախ ֆսֆսում է և հետո, որ ավելի կարևոր է, նայում է Լյալյայի վրա, ինչպես ագռավը մի կտոր պանրի վրա, իսկ Լյալյան պանիր չէ, իսկ եթե պանիր է․․․
Նա վերցնում է եռանկյունի նամակը, հոտոտում է և ասում․
― Ծանրոցի հոտ եմ առնում։
Երբ նա անցնում է մեր մոտով, ես կռանում եմ տախտակամածին և ասում եմ նրա ականջին․
― Ֆրենկել, Լյալյան պանիր չէ, իսկ եթե պանիր է, քեզ համար չէ․․․
Նա նայում է ինձ, կլոր ակնոցների տակ արագ֊արագ թարթում աչքերը և կարծես հասկանում է․
― Չեմ սիրում հիմար կատակներ։
― Ֆրենկել, ուրեմն մի՜ զբաղվիր հիմար կատակներով, ― գոռում եմ ես նրա ետևից։
― Պոպեյկո Միխաիլ Միխայլովիչ․․․
Նամակներ կան Ալմա֊Աթայից և Ռոստովից, Սամարկանդից ու Երևանից, Մինսկից, Մախաչ֊Կալայից, Մոսկվայից, քաղաքներից, ավաններից, գյուղերից։ Բոլորն էլ գրում են, որ շատ լավ են, չափազանց ողջ և պետք եղածից ավելի առողջ են, որ հեռու չէ մեծ հանդիպման օրը և որ նրանց տանջում է միայն կարոտը, սրտամաշ կարոտը, որի համար և արտասվում են, իսկ այնպես ապրում են ուրախ, չափազանց ողջ և պետք եղածից ավելի առողջ։
― Ասացե՜ք խնդրեմ, ախ, դու, խոլերա, տեսա՞ք արածը․․․
Սարոկինն է, Իվան Պետրովիչ Սարոկինը, քույրը գրում է, որ կինը՝ Նադյան, ամուսնացել է։
― Ասացե՜ք խնդրեմ, ― կրկնում է նա ուշադրությամբ նայելով նամակին, կարծես հազվագյուտ նկար է դիտում, ― և ո՞ւմ հետ, մեր քաղսովետի կոմունալ բաժնի վարիչ Բուրդենկոյի հետ, նա, որ ինձ վրա ցուցմունք է տվել․․․ Եվ տեղն է այդ սրիկային, ― շարունակում է նա և չգիտես ինչու ժպտում, ― կինս նախ չբեր է, հեմոգլոբինից խեղճ, ջղային է ու սրտի արատ ունի, սարսափելի խանդոտ է ու փառասեր, տե՜ղն է այդ հարբեցող Բուրդենկոյին, թող տանջվի՛, հոգի՜ն դուրս գա։
Երկու բռունցքները ծնկներին, մազակալած, տանջված դեմքով, անթարթ, խոշոր աչքերով ճրագին է նայում Վլադիմիր Մավրինը, ― կինը գրում է, որ նրանց միակ որդին, Սերգեյ Մավրինը զոհվել է Բելոռուսական ճակատում։
― Ցուցմո՞ւնք կտաս ինձ վրա, լի՛րբ, զրպարտիչ, դե քաշի՛ր պատիժդ, դավաճանի մեկը․ ասացե՜ք խնդրեմ, ― շարունակում է բարձրաձայն մտածել Իվան Սարոկինը․ ― ապրես Նադյուշա, շա՜տ ապրես, իմ վրեժը հանեցիր, Նադյուշա, սիրելիս․․․ ախ, դու, խոլերա․․․
Ընթրիքից հետո երևաց Սանասարը։ Վիրակապերը հանել էր նա, մաքուր սափրվել։ Փորձում է ժպտալ, չի հաջողվում։
― Բարձրացիր, նստիր, դեզերտի՛ր, ֆիլո՛ն, ― ասում է Աշոտ դային։
Նա բարձրանում է և նստում։ Զամանովը շարժվում է տեղում։
― Մի՛ վախենա, ― ասում է Սանասարը նրան հայերեն, ― թութունդ ինձ պետք չի։
― Ինչո՞ւ ես եկել, ― հարցնում է նրան Աշոտ դային։
― Որ մի անգամ էլ քիթ֊մռութիս տաս․․․ բինտ է, ունեմ, ― նա գրպանից հանում է գործածված վիրակապը։
― Ես քո քիթ֊մռութի հետ գործ չունեմ, ― ձայնը բարձրացնում է Աշոտ դային, ― ես ոչ քո հայրն եմ, ոչ էլ քո խնամակալը, ես ուզում էի, որ դու մարդ դառնաս, չե՞ս ուզում, գնա՛ քա՛րշ եկ, գող֊ավազակի մեկը։
― Ուրեմն ես մարդ չեմ, ― ասում է նա ասես ինքն իրեն, հետո նայում է ինձ, ― ասենք, ինչո՞ւ եմ հարցնում, ես մարդ֊մարդահաշիվ չեմ։ Պարզ է, ես էլ գիտեմ։
― Կզղջաս, տղա, ― ցավով ձայնը բարձրացնում է Աշոտ դային, ― կհիշես ինձ, ուշ կլինի։
Սանասարը լարվեց․
― Դատավորի պես ես խոսում հետս, այ Աշոտ դայի, բայց քո տեղն էլ նեղ է․ էդքան բան որ գիտես, էլ ինչո՞ւ ես նստել էստեղ, կգնայիր ռայսովետի նախագահ։ Թե՞ քեզ նստեցրել են, որ գլխիս խրատ կարդաս․․․ սպեցիալնի դրա համար ես նստել, հը՞․․․
Աշոտ դային մթնեց։
― Թե ինչու եմ ես նստել, ― ասաց նա դանդաղ, ― քո խելքի բանը չէ․ ես գողություն կամ մարդասպանություն չեմ արել։ Երևի կա մեկը, որին հարկավոր է, որ ես էստեղ նստեմ։ Բայց ես չեմ կորցրել իմ մարդկային դեմքը։ Աշխատում էի դրսում, այստեղ էլ աշխատում եմ։ Դրսում երգելով էի աշխատում, իսկ այստեղ․․․ լաց չեմ լինի․ բայց հասկացիր, ում հարկավոր է, որ ես այստեղ նստեմ, նա անմահ չէ․ ամենամեծ գողը ազատության գողն է, իսկ դու․․․ դու ի՞նչ ես որ, մանր ժուլի՛կ, թութունի գո՛ղ․․․ Զամանո՛վ, ծխել եմ ուզում։
― Զամանովը, որն արդեն փաթաթել էր մի ծխախոտ ծխելու համար, պատրաստի ծխախոտը մեկնեց Աշոտ դայուն։ Ես երբեք նրան այսքան լարված, այսքան հուզված չեի տեսել։ Նա մոտեցրեց իր ծխախոտը ճրագի բոցին, իսկ նրա ձեռքը դողում էր։
― Կփոխվե՜ն ժամանակները, կվերադառնանք մենք ազատ աշխատանքին, բայց քեզ նմանները․․․ մեր ճակատագիրը մեր ձեռքում չի՛, գրում են մեր ճակատին, ինչ ուզում են, իսկ դո՛ւ, դո՛ւ․․․
― Դո՜ւ, դո՜ւ, ․․․ տեղից շարժվեց Սանասարը, ― ի՞նչ դու, դու․․ Ես գո՞ղ եմ ծնվել, ի՞նչ է։ Ես էլ մարդ էի, բայց մարդիկ ինձ գող շինեցին։ Դո՜ւ, դո՜ւ․․․
― Ե՛տ կանգնիր, մա՛րդ դարձիր, այս է իմ, ասելը․․․
― Ուշ հասար, ― մռմռաց Սանասարը, ― ջուրն եկել ջաղացը տարել է, չախչախն էլ հետը։
― Նո՛ր ջրաղաց շինիր, նո՛րը, լա՛վը․․․
Այդ միջոցին մոտեցավ Մամոն։
― Ուստա, այ ուստա․․․
― Ի՞նչ կա, Մամո․․․
Մամոն բարձրացավ երկու ոտքի մատների վրա քիչ երկարելու բարի ցանկությամբ և ձեռքով նշան արավ Աշոտ դայուն, որ մոտենա։ Աշոտ դային կռացավ․ Մամոն ինչ֊որ շշնջաց նրա ականջին դեմքի ոգեշնչված արտահայտությամբ։ Աշոտ դային շոյեց իր ծնոտը և մի աչքը կիսափակ մնաց մի րոպե․ այդ նշանակում է, որ նա լուրջ մտածում է ինչ֊որ բանի մասին։ Իսկ Մամոն․․․ վերստին գտած իր նորմալ հասակը, նա սպասում է, ժպտացող աչքերը չկտրելով Աշոտ դայուց։ Աշոտ դային, առանց կտրվելու իր մտքերից, բաց է անում արկղը, այնտեղից հանում է մի քանի թերթ մաքուր թուղթ, ապա մի չգործածված մատիտ, խնամքով սրում է ու թուղթն ու մատիտը պարզում է Սանասարին․
― Գնա՛, ասում է, ― չափարից էն կողմ մի աղջիկ կա, տո՛ւր նրան։ Մամոն ցույց կտա։
― Աղջի՞կ, ի՞նչ աղջիկ, ― հարցնում է Սանասարը հանկարծակիի եկած ինձ նման և մանավանդ Մամոյի նման։
― Աղջի՛կ, աղջկա պես աղջի՛կ, ― ձայնը բարձրացնում է Աշոտ դային։ ― Վերցրո՛ւ, գնա՛։
Վարանոտ քայլերով Սանասարը գնում է դեպի բարաքի դուռը, նրան հետևում է կոտրված Մամոն։
Քիչ անց, ներս է մտնում Մամոն և քայլերն ուղղում է դեպի աջակողմյան տախտամածի առաջին հարկը, իր տեղը։
― Մամո՛, ― կանչում է Աշոտ դային, ― մո՛տ եկ։
― Ի՞նչ կա, ― հարցնում է Մամոն դժգոհ, մինչև հոգու խորքը վիրավորված մարդու դառն արտահայտությամբ և ցույց է տալիս, որ զբաղված է ընթրիքին նախապատրաստվելու գործով։ Նա վերցնում է իր ամանը, փչում՝ երևի փոշին․․․
― Տվե՞ց, ― հարցնում է Աշոտ դային։
― Տվեց։
― Գնա՞ց, ― ձեռք չի քաշում Աշոտ դային։
― Խոսում են, ― լինում է պատասխանը։
Հնչեց ընթրիքի զանգը։
Երկու օր Սանասարը չերևաց։ Երրորդ օրը նա եկավ և առանց նախաբանի հայտնեց, որ ուզում է աշխատել բրուտանոցում։
Աշոտ դային տվեց իր համաձայնությունը։
― Լավ։