Atrpet

Շխնոց

9

Օր-օրի վրա Վարդևանը գնում էր Արզրում և ետ գալիս, բայց ո՛չ միայն փող, այլ մինչև անգամ նամակ էլ չկար։ Որտե՞ղ էին Գեդևոնն ու Մելքոնը, տեղեկութլուն անգամ չուներ Վարդևանը։ Ցանքսի օրերը մոտենում էին, մոլորությունը տիրել էր թշվառ պարտապանին։ Շեյխի պարտքի ժամանակամիջոցին մնացել էր և ոչ իսկ վեց ամիս, եթե արտերը չցանվեին, արդեն պետք էր ձեռք քաշել ամեն բանից։ Ղարսից դարձողները ոչ մի տեղեկություն չէին բերում Գեդևոնից, իսկ համբերությունը համարյա թե կտրվել էր։

Այդ բոլորի վրա ավելացավ ևս զինվորական տուրքի (բեդելեթ ասքերիեի) խնդիրը, գործակալները գյուղ էին եկել և բռնադատում էին երեք օրվան մեջ հավաքել հանձնել տուրքը։ Քեհյա ու գզիր, զապթիե ու զաբիթ ընկել էին դռնեդուռ, մտրակի հարվածներով գանակոծում, հայհոյում և անհամբեր պահանջում էին անմիջապես լրացնել գումարը։ Այդ բոլոր նախատինքի հետ դեռևս ստիպում էին, որ իրենց հյուրասիրեն դառներով, հավերով, կարագով, շաքարով ու մեղբով։

Անօրեննե՛ր, գոռում էր զապթիեն, գարունը մտաք, դեռ տասը-քսան օր էլ անցավ, ինչի՞ չեք շտապում գլխագիններդ վճարել, որ ազատ ապրիք։ Անհավատներ, ինչի՞ եք տանջում մեզ, ինչի՞ եք ստիպում գոռգոռալ ու պահանջել։ Գուք ձեր կյանքերը փրկելու համար պարտավոր եք ինքներդ օր առաջ, ամեն գործից առաջ փրկանքներդ պատրաստել և վճարել։ Այս ի՞նչ հարկ է, որ խաղ եք անում, ձեր գլխից ձե՞ռք եք քաշել, ի՞նչ է…

Ամեն մարդ ճար-ճուր էր անում, գրավական էր գտնում, պարտք անում, որպեսզի ազատվեր անօրենների ճիրաններից, գլուխը փրկեր փրկանք պահանջողներից։ Ուղիղ է, սուլթանները եվրոպացիներին խաբելու համար գլխագնի փրկանքի (ջեղիե) անունը փոխելու զինվորական տուրքի էին վերածել, բայց նրանց գործակալների համար, հարկը վճարողների համար դարձյալ այս տուրքը գլխագինն էր։ Դեսից-դենից ոլոր-մոլոր գալարվելով գալիս էին շինականները և քառասուն կապոցների մեջ հանգուստած ոսկիներն ու արծաթները թափում հարկահավաքների առաջ։

Եկավ Վարդևանն էլ, բայց ճար չուներ, փող չուներ, մոլորվել էր ու մնացել։ Վրա հասավ զապթիեին ու մտրակով լեռդին, գլխին ու ազդրերին սկսեց մտրակել ու գոռգոռալ.

Անհավա՛տ, այս երեք օր է խաբում ես, խաբում ու մինչև անգամ չես էլ գալիս աղային (պաշտոնյային) տեսնելու։ Մենք ձեր գերի՞ն ենք, որ գանք այստեղ սպասենք, օրեր մթնեցնենք, թե ի՜նչ է դուք ջեզիե պիտի տաք։

Բոլորը դողդողում էին, և Վարդևանը, աչքերը արյունով լցված, չէր իմանում, թե ինչպես զսպի յուր արդար զայրույթը։ Նա բորբոքված, բայց հանդարտ ձայնով ասաց.

Աղա, ի՞նչ իրավունքով թողնում եք, որ այս զապթիեն սուլթանի շնորհած օրենքների հակառակ բռնություններ կատարե, մարդ մտրակե, արյունլվա անե։ Այս ի՞նչ խիղճ է, այս ի՞նչ կարգ է, որ սուլթանի պաշտոնականը նրա հրովարտակների հակառակ շարժվի։ Ես, աղա, հիմա գնալու, բողոքելու եմ վալիին, հեռագիր եմ տալու սադրամազին… Ես այս անարգանքը չեմ կարող տանել… ես…

Անհավատին նայի՛ր, անօրենին մտիկ տո՛ւր, մեզ օրենք պիտի սովորեցնե,- ասաց մտրակելով զապթիեն, սարսափ սփռելով քեհյայի, գզիրի ու գյուղացիների վրա։- Անհավատ հաստակոցե՛ր, մինչև չմտրակեն, մինչև որ թոփուզը ձեր գլխին չտան, պարտքերդ չեք վճարիլ։

Աղա, խոսք հասկացրեք այս զապթիեին, լսեցեք, ի՞նչ եմ ասում, հետո վճիռ տվե՛ք, ինչ անելու եք արեք։

Օսմա՛ն,- ասաց գործակալը զապթիեին և նշան արավ, որ դադարի…

Աղա՛, դուք տեղեկություն չունի՛ք, սրանք տերության պաշտոնականներին դիմադրելու համար հոգի են տալիս։ Խելքերը, մտքերը մեզ ընդդիմանալու հետ է,- ասաց զապթիեն և ետ քաշվեց, սպասելով տիրոջ ակնարկին։ Վարդևանը մոտեցավ և ասաց աղային․

Դուք ինձանից ի՞նչ եք պահանջում։

Քեզանից պահանջում ենք յոթ լիրա և քսան ղուրուշ։

Պատճա՞ռը, ես քանի՞ հոգի ունիմ, խնդրում եմ, կարդացեք ցուցակը։

Անհավա՛տ, կարծում ես քեզանից ավել են պահանջո՞ւմ, ինչ որ գրված է տոմարում, այն էլ պիտի տաս։ Տասնմեկ հոգի եք (նուֆուզ շնչավոր) և որպես համբրա կորածների և աղքատների համար էլ մի գումար, մի նուֆուզի փող ավելի պիտի տաք, վաթսուն ղուրուշ, գումարը յոթ հարյուր քսան ղուրուշ։

Ախր ես երեք շնչավոր (նուֆուզ) ունիմ, ինչի՞ պիտի տասնմեկ հոգու հարկ տամ։ Ախր գութ ունեցե՛ք։ Հավատի կրոնի կեսը խիղճն է կազմում։ Երեք հոգու փոխարեն ես ինչի՞ պիտի տասներկու հոգու ջեղիեն տամ։ Ես եմ ու իմ երկու որդիքս։ - Այդ մեր գործը չէ, գնա՛ բողոքիր նահանգական արձանագրության ատյանում և արձանագրությունները փոխել տուր։ Ահա քու ընտանիքի ցուցակը։ Գալո՛․․․

- Այդ հայրս է, որ մեռել է տասներկու տարի առաջ․ քանի՜ մեկ ես դրա հարկը պիտի վճարեմ, մեռածի համար էլ փրկանք կվճարե՞ն։ Ամեն տարի գնում եմ ու ջնջել տալիս ցուցակից դրա անունը, իսկ դուք ամեն տարի գալիս ու կրկին պահանջում եք։

- Այդպես չի կարելի, անհավա՛տ, ձայնդ կտրիր, մեր հիմնարկությունները մի՛ գցի կասկածանքներիդ տակ։ Դու լսիր, Վարդո, Մաքո, Մաքո։

- Աղա, Վարդոն ես եմ, բայց Մաքոն ու Սաքոն գնացին Ամերիկա և այնտեղացի են գրվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ եղբայրներիս հարկն էլ տամ։

- Այդ մենք չգիտենք, դու լսիր։ Օհան, Արթին, Գեդևոն, Մելքոն։

- Աղա ջան, Օհանն ու Արթինը մեռան հե՜ խոլերին։

- Ձայնդ կտրի՛ր, անօրե՛ն, խոսք իմացիր։ Մանի՛կ, Փիլո և Գրիգոր։

-Աղա ջան, ալլահի սիրուն, աղա ջան, սուլթանի կյանքի արևշատության համար խնդիրքս լսեցեք ու էլի ձեր ասածն արեք։ Մանուկ, Փիլո և Գրիգոր իմ որդիքս էին, որոնք մեռել են երեք-չորս ամսական ժամանակները, ախր ես․․․

- Մենք չգիտենք, խո իմացա՞ր․ որ մենք տոմարի համաձայն ենք պահանջում քեզանից այդ փողը և տերության մատյանի մեջ սուտ չի կարող սպրդիլ։

- Չեմ ասում սուտ, մեղա, բայց կարող են սխալվել, մեռածներին չջնջել կամ մոռանալ ջնջելու․․․

- Դատարկ խոսքեր պետք չէ, փողե՛րը, թե չէ ես մարդ կուղարկեմ հիմա, բերել կտամ և աճուրդով կծախեմ քո տանդ եղածն ու չեղածը։

- Ես փող չունիմ և երեք մարդուց էլ ավելի չունիմ, որ չորս անգամ ավելի հարկ տամ, ինչպես ուզում եք արեք։

- Անհավատի համարձակությանը նայիր, զարկ այդ շանը, ձայնը կտրե, -ասաց գործակալը նշան տալով զապթիեին, որն իսկույն տեղաց մտրակի հարվածներին։

Բայց զուր, Վարդևանը փող չուներ վարկ էլ չէր մնացել, հնարք չկար, որ կաշին ազատեր հարկահնների ձեռքից գյուղում ոչ ոք նրան փոխ տալու սիրտ չէր անում, քաղաքացիք բոլորն էլ իմացել էին, որ նրա կալվածները գրավ էին դրված շեյխի մոտ։ Հարկահանները պարտավորված ծախեցին Վարևանի լծական անասունները, կովերը և փողերը, մի բան էլ ավելի գանձեցին և հեռացան։ Անասուններից զրկված, անսերմ օրական ուտելու հացի կարոտ և կարևոր կարիքներից ու գործիքներից բաժանված մնաց ապուշի նման Վարդևանը յուր տան մի անկնունում։ Ամոթից դռնից չեր կարողանում դուրս գալ, մարդու աչքի երևալ։

Բարեսիրտ և ցավակից տերտերն ու քեյան երես շուռ տվին Վարդևանից, քանի որ նրանց իղձը չկատարվեց, կլանվածները չանցան Մեղրիենց ձեռքը։ Դուռ-դրացի երես էին պահում, որ չպարտավորվեին Գարանին կամ Վարդևանին բան փոխ տալ։ Պահանջատերերն էլ հարակահաններից ավելի ագահաբար մոտեցան և Վարդևանի տանը մնացած տան կարասիներով փրկեցին իրենց հաշիվները։

Էլ հնար չգտավ Վարևանը արտերը ցանելու, էլ ոչ ոք սիրտ չարավ նրան ձեռք բռնելու, ցանքսի ժամանակը հասավ ու անցավ, և նա չկարողացավ մի բուռ ցորեն ցանել։ Գեդևոնից ու Մելքոնից խաբար չկար, իրենք էլ համարյա մուրացկանությունով էին ապրում։ Ամենքը, գյուղացիք միաբերան ասում էին․ «Շեյխը կուլ տվեց Վարդևանի կալվածները»։

Վարդևանն էլ հուզված ու բորբոքված, կրկնում էր․ Ավելի լավ է շեյխն ուտե, շեյխը տիրապետե իմ մյուլքերը, քան թե անօրեն, անխիղճ ազգակիցս։

Վերջապես անտանելի դարձավ կյանքը Վարդևանի և Գարանի համար, նրանք մի գիշեր հավաքեցին մի քանի կարևոր իրեր ու ճանապարհ ընկեն դեպի Ղարս։ Վարդևանը տարավ իրեն հետ ևս յուր հյուսնության գործիքները, հուսալով երկու զավակների հետ գարունն ու ամառը մի կերպ քսանհինգ լիրա աշխատել, գալ գույքերն ազատել։ Բայց պանդխտության մեջ վաստակածից, օրական ստացածից բան չէին կարողանում ետ գցել…

Ասում են շեյխը հետևյալ տարին Վարդևանի տունը հանձնել է Մանուկին՝ արտերի հետ և բերքերը կիսում են։ Վարդևանը հույս ունի մի կերպ քսանհինգ լիրա վաստակել, հողերը ազատել և նախկին խաղաղ ու անկախ գործը ձեռք բերել…

1898 թ.

Be the first who will comment on this

Other parts of "Շխնոց"

Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Still LIfe
Still LIfe
Play Online