Atrpet

Շխնոց

7

Գիշեր էր, մառախլամած գիշեր, նման աշնան գիշերներին, որոնք ձմռան շուտափույթ մերձենալն են բոթաբերում։ Անձրևի, թոնի շատ մանրուք էր թափվում և ավելի գարնան, քան ամառային գիշերվան էր նմանում։ Խոնաված, թորված հողի երեսով չստերը ցեխոտելով առաջ էր գնում Վարդևանը համր քայլերով և մտորելով։ Գյուղում ոչ մի շշուկ չէր լսվում, ոչ իսկ քամու նշույլը կար, որ գոնե նրա սուլոցին վարժ ականջները չծակեր։ Գնում էր պատից պատ բռնելով և երբեմն-երբեմն էլ կանգ առնելով։ Նա մի երկու անգամ քայլերը ետ դարձուց և, երեք քայլ չփոխած, կրկին շարունակեց նախկին ընթացքը։ Վարդևանը ավելի գլորվում էր, քան թե գնում, նա ավելի դիականման թավալումներով էր տատանվում։ Նրա գույնը մեռելային տիպար էր ստացել, նրա խրոխտ աչքերը փոսն ընկած, հանգածի էին նմանվում և նրա անդամները սայթաքելով էին շարժվում։ Կանգ առնելով, խորհելով վերջապես նա հասավ Մանուկի դռանը և բախեց։ Ներսից երկար պատասխան չստանալով՝ կրկին բախեց, և վերջապես Մնացականը դուռը բաց արավ, առանց ճրագի մութ բակից ներս առաջնորդեց յուր ապագա աներոջը։ Մանուկը նրան ուրախությամբ դիմավորեց և նստեցրեց յուր բարձր կողմը։ Երկար տատանվելուց և սովորական խոսակցությունները կատարելուց հետո ասաց Վարդևանը.

Մանուկ աղբա՛ր, վաղը քու աղադ՝ շեյխը, գեղ պիտի գա՞։

Այո՛, նա ինձ այսօր խաբար էր արել։

Ուրեմն այգվան անպատճառ կգա՞։

Եթե մի արգելք չլինի։

- Գիտե՞ս ինչ կա, ես ուզում եմ դրանից մի տասնևհինգ լիրա վերցնել և այդ Մեղրենց լակոտների գործը վերջացնել։ Դու մեկ դրան կամաց իմացուր և տես, թե գլուխ գալու բան է՝ գամ ու վերջացնենք։

Բայց նա առանց գրավականի և դաշնագրի չի տալ։

Այդ էլ կտամ, ճարս ի՞նչ է… Փոխանակ թողնելու, որ աճուրդով ծախվի և այն անգութ արյուն ծծողների ձեռքն անցնի, ես ինքս գրավ կդնեմ։ Գուցե բախտս բերեց, պարտքս կտամ և կայքերս կազատեմ… Թե ո՛չ, ավելի լավ է շեյխի ձեռքն անցնի և Շխնոցը շեյխին բաժին դառնա, քան թե այն տուն քանդող, օջախ կործանող Գևորգ աղան տիրե իմ կայքերիս։ Հազար անգամ լավ է շեյխին մարաբա դառնալը Գևորգ աղային ստրկանալուց։

Դրան կարիք չկա, մանավանդ որ շեյխը հոգվով կպած է գործի և ոչ ոքի չի թույլ տալ, որ յուր մարաբային կեղեքե, այն ինչ Գևորգը, ինչ էլ որ լինի, էլի մի հայ է և կողոպտման ենթակա։ Լավ, ես առավոտ կխոսեմ ու քեզ կկանչեմ։

Հետևյալ օրը, ճաշից առաջ, Մանուկը կանչել տվեց դրացուն և ներկայացրեց յուր աղային։ Շեյխը Վարդևանին ոտից– գլուխ քննելուց հետո ասաց.

Տղա՛, փող ես ուզել, նեղության մեջ ես եղել, այդ անօրեն Գևորգը քեզ էլ յուր թակարդն է գցել։ Բայց ինչ օգուտ, փող չունիմ քեզ տալու։

Աղա ջա՛ն, դու գիտես, օջախդ եմ ընկել, դու պիտի ինձ ազատես։ Տասնևհինգ լիրայով ինձ գերությունից կազատես։

Ես փող չունիմ, այսինքն՝ հիմի ազատ փող չունիմ, բայց տասնևհինգ օրից, մի ամսից հետո կարող եմ տալ, ոչ թե տասնևհինգ, այլ հիսուն, հարյուր, որքան որ ուզես։ Աղա ջա՛ն, քեզ մատաղ, քու զավակներիդ մատաղցուն հաշվելով, փրկի՛ր ծառայիդ մանր ու խոշորին այս գերությունից։ Որ կամենաք, կարող եք գտնել… Ի՞նչ դժվար է քեզ համար տասնևհինգ կամ երեսուն լիրա գտնելը։

Ես մարդու դուռ չեմ գնալ և ոչ ոքից փող չեմ խնդրիր Եթե ուզում ես, կարող ես համբերել, մի չորս-հինգ օր հետո եկ քաղաք և եթե պատրաստի փող ունենամ՝ կտամ, չեմ խնայիլ. միայն գրավականով և ապահովությամբ։

Ինչպես կամենում եք, ես պատրաստ եմ բոլոր կայքերս ձեզ մոտ գրավ դնել։

Քու քոչաններդ (կալվածագիր) որտե՞ղ են, նրանք վեր առ և բեր։ Մինչև օրինական դաշնագիր չկապես, մինչև բոլոր քոչաններդ չհանձնես ապահովության, չեմ տալ։ Տոկոսն էլ օրինական, ես ձեր հայերի նման անխիղճ չեմ, մեկին տասը չեմ առնիլ, իմս հարյուրին քսանչորս, որոշ, կտրական, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Խոսքս էլ տղամարդու խոսք, ինչպես կտամ, այնպես կկատարեմ, ինչպես խոսք առնեմ, այնպես էլ խիստ պահանջում եմ։ Օրը-օրից չեմ անցկացնի, որոշյալ ժամին ու ժամանակին ետ կպահանջեմ։ Ինչպես տալուց երես չեմ դարձնիլ, այնպես պահանջելուց չեմ վախենա, չեմ կասկածի և չեմ մեղմանա։ Պայմանիցս մի մազ անգամ չեմ շեղվիլ և սկզբից գեշ մարդ կլինեմ, ճշմարիտը կհայտնեմ, որ ապագայում ո՛չ թե ես, այլ ինձ հետ գործ բռնող պարտազանց գտնվողը ամաչե և լեզուն չհամարձակվի առաջս շարժելու։ Ուզում ես, ա՛ռ, չես ուզում, մի՛ առնի։ Խելքդ կտրում է, մոտեցի՛ր փողերիս, թե ո՛չ, հեռու կեցիր ինձանից, որովհետև ես խոստումնադրուժի գլուխը կփշրեմ։

Մարդն էլ այդպես է պետք, աղայի պարտականությունն էլ այդ է, որ ճշմարտությունը սկզբից խոսի և շողոքորթ շարժումներով ու խոսքերով չխաբե իրեն դիմողին։

Ուզում ես, տա՛ր, չես ուզում՝ մի՛ տանիլ։ Որքան ժամանակի ուզում ես, այժմվանից որոշիր և հաշիվդ լավ քննե, որ վերջը չզղջաս, ասաց խրոխտ նայվածքով շեյխը, ջանալով դեմքին աղայական միմիկաներ տալ։

Արդեն ժամանակն էր, Վարդևանը հեռացավ, հուսադրված և հինգ օր հետո քաղաք գնալով, գրավ դրեց յուր բոլոր հողերը՝ տանը հետ, շեյխի մոտ քսանվեց լիրայի: Նա ստացավ միայն տասնուվեց լիրա ու կես, որը հանձնեց Գևորգ աղային և արդարադատության պաշտոնյաներին ու ազատվեց Մեղրենց ժառանգների ճիրաններից: Կես ոսկի դրոշմաթղթի վճարեց, երկու ոսկի նոտարական ծախսերին, մի ոսկի ղադիին և մի ոսկի էլ կալվածական պաշտոնակալին, որ արձանագրություն կազմեց Վարդևանի կալվածագրերը շեյխի մոտ գրավական թողնելու մասին: Այնպես որ շեյխին, ճշմարիտ է, Վարդևանը տվեց միմիայն քսանչորս տոկոս՝ քսանմեկ լիրայի համար մի տարեկան հինգ լիրա շահ, բայց իսկապես Վարդևանը վճարեց ոչ թե քսանչորս տոկոս, այլ նա պարտավորվեց վճարելու մոտավորապես վաթսուն տոկոս:

Ուղիղ է, շեյխը քսանմեկ լիրա վճարեց և քսանվեցի մուրհակ ստացավ, այնպես որ ամեն տեղ կարող է արդարանալ, քանի որ վեր է առել լոկ յուր դրամի համար քսանչորս տոկոս, բայց Վարդևանը դրոշմաթղթի, նոտարի, ղադիի և կալվածական ատյանի ծախսերը, այդ փոխարինության պատճառով վճարելով, նրա գրպանի դուրս եկավ իրեն հարկավոր գումարի համար մոտ վաթսուն տոկոս: Հանկարծ երբ ամեն վճարումները կատարելուց հետո հաշիվը կարգի դրեց շեյխը և քննելով հայտնեց Վարդևանին տարեգլխին վճարելիք գումարի քանակը, վերջինս մնաց ապշած: Ամեն վճարում յուր ներկայությամբ էր եղել. շեյխը պարտական չէր նրա փոխարեն ծախսեր կատարել, հետևաբար ինքը պարտավոր էր դեռ համբուրել յուր շեյխ աղայի ջյուպպեի փեշերն ու հեռանալ անվերջ շնորհակալիք հայտնելով:

Բայց Արզրումից Շխնոց հինգ վերստաչափ ճանապարհը մինչև հասնելը, Վարդևանը դառն մտքերով և առաջիկայում իրեն սպասող սոսկալի ապագայի խնդրով այնքան տանջվեց, որ գունատված, մեռելատիպ հազիվ տուն ընկավ: «Քսանվեց լիրա», կրկնում էր նա անդադար, «քսանվեց օսմանյան ոսկի» և հուսահատվում: Այդքան գումար որտեղից պիտի միանվագ ձեռք բերեր և շեյխին տալով, կալվածքը գրավից ազատեր: Թեև զգում էր, հայելու նման աչքի առաջ տեսնում էր յուր սոսկալի անկումը, նկատում էր և հավատացած էր, որ պարտատերը ամենադաժան կերպով իրեն թևից բռնելով, դուրս էր վանելու հողերից ու տանից, բայց մի խաբուսիկ հույսով, մի աղոտ հույսի նշույլով նա տատանվում էր։ - Կարելի է գալ տարի աստված տվեց հերկերս քսան-քսանհինգ սոմար ցորեն բերին։ Կտամ, կպրծնեմ և կազատեմ հողերս…

Անբեր տարուն հետևեց ցրտաշունչ ձմեռը, յուր սոսկալի սառնամանիքով ու բքերով։ Վարդևանը յուր մանր պարտատերերին գոհացնելու համար շատ բանից զրկվել էր այդ ձմեռ և մեծ զրկանքի մեջ էլ մնացել էր ընտանիքով։ Ինչպես դատարկ էր նրա ամբարը, այնպես էլ պարպված էր քիլարը, մառանը։ Արդեն օգոստոսի մեջ, երբ նկատել էր, որ քաղելու բան չէր մնացել արտերում, փոքր որդուն՝ Մելքոնին, էլ ուղարկել էր Ղարս, յուր ծանոթ որմնադիրների մոտ քար տաշելու և օրական ստանալով, իրենց օգնելու։ Գեդևոնի և Մելքոնի օրականները ոչ միայն պետական հարկերը պիտի ծածկեին, այլ պիտի ընտանիքի ուտելիքն էլ մատակարարեին, քանի որ իրենց բախտից տարին ստերջ էր եկել:

Բայց գործավորի օրավարձը, բանվորի էլ վիճակը շատ մխիթարական չէր Ղարսում, նրանք նոյեմբերի սկզբներին Ղարսի սառնամանիքից ստիպված հեռացել էին դեպի Բաքու–Բաթում՝ երկաթուղու գծի վրա գործ գտնելու և Միխայլովի կայարանում կամուրջների համար քար էին տաշում։ Այդ հեռավոր անկյուններումն էլ շատ հեշտ չէր փող վաստակելը և տուն հասցնելը, այնպես որ Վարդևանը խիստ նեղության մեջն էր ինչպես մանր պարտքատերերից, նույնպես ուտելիքի կողմից։ Օրեցօր վիճակը վատթարանում էր և հուսահատություն տիրում։

Այդ դժբախտությունների վրա ավելացավ մի նոր խայտառակություն ևս. մի գիշեր Մարգարիտը Մնացականի հետ փախավ։ Այդ փախուստը ինչպե՞ս կայացրին, ոչինչ չիմացան ծնողները, մինչև անգամ տարակուսանքի մեջ էլ մնացին, կասկածելով, որ չլինի թե թուրքերի ճանկն ընկան սիրահարները և փորձանքների մատնվեցան։ Գարանը որքան ողբում էր և ինչ փաստեր ներկայացնում էր, չէր կարողանում Վարդևանին համոզել, յուր անմեղությունը հավատացնել։ Առավոտից մինչև իրիկուն լացեց թշվառ մայրը, երդվեց, ողբաց ու սգաց, բայց Վարդևանը անհողդողդ մնաց յուր կարծիքի մեջ։ Մանուկն էլ փնտրում էր յուր Մնացականին, բայց չէր համարձակվում մոտենալ յուր հարևանի դռանը։ Վերջապես երկու խնամիներն էլ մոռացան անցյալը և սկսեցին միջոցներ ձեռք առնել, որոնելու և գտնելու տարփավորներին։ Գյուղ-քաղաք, չորս կողմը մարդիկ սփռեցին, որ գտնեն իրենց կորուստը, բայց ոչ մի կողմից տեղեկություն, բացատրություն չեղավ, այնպես որ ամբողջ շաբաթն անցավ և չհայտնվեցավ, չիմացվեցավ սիրահար փախստականների հետքը։ Սազում, Օվայում գյուղ չմնաց, որ չորոնեին, Բասենից, Թորթումից ու Դերջանից անհույս վերադարձան փնտրողները և բավական չէր քաղցի, ցրտի և պարտքերի մեջ նեղվիլը, Վարդևանին պետք էր ևս հալումաշ լինել Գարանի հետ իրենց փախստականների համար..․

Be the first who will comment on this

Other parts of "Շխնոց"

Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Still LIfe
Still LIfe
Play Online