Atrpet
Շխնոց
3
Այո՛, այո՛ ես չեմ ուրանում, ճիշտ է, այդ մուրհակը ես եմ տվել, միայն հինգ ոսկի փոխարինությանս վրա երկու տարեկան տոկոսիքը, ծախսերը և տուգանքը վրա եկաք, ինձ պարտավորեցրիք, ստիպեցիք ստորագրելու այդ մուրհակը։ Նեղն էի, հանգամանքից օգտվեցիք և հարյուրին քառասունութ տոկոս վեր առիք, տոկոսի էլ տոկոսը վրա եկաք, գլորեցիք ինձ հորը և այժմ ի՞նչ է մտքերինդ, աղա՛, եկել եք ձեր ոչխարին մորթելու, ահա՛, մորթեցեք․․․ Բայց առաջ մանր ու խոշորիս խեղդեցե՛ք, սպանեցե՛ք, հետո էլ ինձ ուզում եք բութ դանակով…
Այդ հիմար ցնդաբանություններիդ մարդ չի հավատալ, ես քեզ հինգ ոսկի տվել էի, նորն էլ չգիտեմ որքա՜ն տվի, տոկոսն էլ վրա եկանք ու մուրհակ ստացանք…
Անխի՛ղճ, անհոգի՛, դու էլ ե՞րբ ես ինձ փող տվել, բացի հինգ ոսկին… Երդվի՛ր, մի երդվի՛ր զավակներիդ արևովը, ես, ես ոչ թե տասներկու-քսանչորս ոսկի էլ կտամ։ Շատ բանդ իմացել էի, բայց երես-երես ստելու աստիճան աներեսությունդ չէի գիտեցել։
Ես սո՞ւտ եմ խոսում։ Երբ քեզ նման զզվելի արարածին հանում, կարմիր ոսկի փոխ եմ տալիս, ցավում վրան, օգնության հասնում, աներե՞ս եմ դառնում։ Հայտնի բան է, տոկոս էլ պիտի ստանամ։ Հապա որտե՞ղ ես իմացել, որ առանց տոկոսի փող տան։
Տոկո՞ս, անխիղճ, անհոգի, երկու տարվան մեջ հինգ ոսկին ինչպե՞ս տասներկու ոսկի դարձավ, իսկ երեք տարի է տալիս եմ, տալիս եմ, փողը փող, կալի մեջ՝ ցորենը, եղն ու պանիրը, հավն ու գառը, էլի չե՞մ պրծնում…
Դե՜հ տեսե՛ք, տեսեք ի՞նչ խայտառակն է եղել։ Մի պուտուկ յուղ է բերել կամ տոպրակով մածուն, կամ մեկ-երկու կաժ պանիր և ուզում է դրանցով պարտքը վճարած համարել։
Ինչպես թե մի պուտուկ եղ. ախար տաշտով չորս լիտր դուռդ բերի անցած տարի, չորս լիտր այս տարի։ Հերու տասը լիտր անքաշ պանիր բերի, դու մանր-մունր բերածներս ինչի՞ ես հիշեցնում և խոշորները մոռանում․․․
Հապա իմ փողս տոկոս չունի՞, գյադա՛։ Ես խո քեզ նման էշ գյուղացի չե՞մ, որ ցորեն ցանեմ, գարի ցանեմ և տարեկան մեկ անգամ քաղեմ։ Ես յոնջա եմ ցանում, յոնջա, որ քեզ նման իշաներիս ջրել տամ և տարեկան չորս-հինգ անգամ ժողովեմ։ Եղն էլ պիտի տաս, պանիրն էլ, խոտն էլ, ցորենն էլ, գարին էլ, գառն էլ ու ձին էլ և այդ բոլորը տոկոսի տոկոսի մեջ․․․ Չեք ուզում վճարել, ինչի՞ եք գալիս վիզ ծռում ու փոխ ուզում։ Ով որ ինձանից փոխ ուզե, պիտի ամեն բան աչքն առնե։ Ես ոչխար, կով չեմ պահում, ինձ մատյան պետք չէ, իմ փողերս խոզի նման տարեկան երեք-չորս անգամ են ցնգնում և ամեն անգամ տասնյակներով․․․
Հապա տվածս երկու լիրան մեկ անգամ, երեք լիրան անցած տարվան, երկու սոմար գարին, հերու չէ առաջին տարվան երկու սոմար ցորենը, երինջներս գլխից չե՞ս իջնելու․․․
Տոկո՛սը, շահը, շա՛հի շահը, քանի՞ տարի է․․․
Որ այդպես է, ուժն էլ քու կողմիդ է, ահա՝ էֆենդին, ոստիկանն ու գործակալը քեզ թև ու թիկունք են կանգնած, վեր առ, մի անգամ ինչ ունեմ չունեմ, վեր ա՛ռ, մեզ էլ բոլորիս մորթե ու տար․․․ Տա՛ր, տա՛ր, ամենն էլ քեզ լինի, աստծու կրակն էլ, գուցե կշտանաս․․․
էֆենդի, սա այնպես հաստակող անիծվածն է, այնքան համառ ու անկոտրում, որ մինչև ուժ ու բռնության չենթարկվի, չի փափկիլ։ Ես խնդրում եմ հենց գիշերս անմիջապես գրեցեք սրա ունեցածն ու չունեցածը, ցուցակագրեցեք, պահ տվեք ու գնանք։ Ես այս գեղի մեջ քառասուն մարդու վրա պահանջ ունիմ, ոչ մեկին սրա նման դիմադարձ ու համառ չեմ տեսել, ոչ մեկից այս պատասխանները չեմ ստացել։ Սազի գյուղերում չորս հազար մարդու հետ գործ եմ բռնել, լավ ու գեշ եմ եղել, ոչ մեկը ինձ այս պատասխանները չի հանդգնել տալ։ Ես ամբողջ կարողությունս կփչացնեմ և չեմ թույլ տալ, որ սրա նման հաստակողերն իմ ո՛չ թե փոխս, այլ նրա տոկոսի տոկոսը և ո՛չ պոչն անգամ կուլ տան։ Սրանք անխիղճ, անհոգի գյուղացի են, եթե իրավունք ձեռք ձգեն, մարդու կաշին առանց մորթելու կքերթեն։ Գրեցեք, խնդրում եմ, մի՛ Ժամանակը կորցնե՛ք, ես մինչև որ սրա ունեցածը չունեցածը, պապենական մնացած արտերը աճուրդով չծախել տամ, չեմ հանգստանալ։ Սրա նման օձերի գլուխը պետք է փշրել, որ մնացյալները իրենց պարտականությունը ճանաչեն և ուրիշի իրավունքը կուլ տալու աչք չտնկեն։
− Աչքդ ես գիտեմ, որ արտերիս վրա է, բայց ականջիդ ետևը կտեսնես, իսկ մյուլքերիս կոչանը (купчий) չես տեսնիլ… Անխիղճ, անհոգի, խելքդ, միտքդ խեղճ գյուղացու մի թիզ հողի վրա է։ Աշխարհք շորթեցի՛ր, չկշտացա՛ր, ո՛րի հետ հաշիվ ունեցար, տունը, տեղը, հանդն ու մարգը խլեցիր, մոխրի վրա մանր ու խոշորին թողիր, իրենց էլ առանց ծախու գնելու գերեցի՛ր ու վարեցի՛ր… հիմի էլ հերթն ի՞նձ հասավ: Առաջ ես կտանեմ, իմ ձեռքով որդիքս, կնիկս կմորթեմ և հետո դու էլ ինձ սպանիր ու այնպես զավթիր Վարդևանի հողերը…
− Ի՞նչ ես շատ լեզվիդ տալիս,− ասաց քեհյան խոսքի մեջ մտնելով,− նա քու արտի վրա ինչի՞ պիտի աչք տնկե։ Հող չունի, հողի կարոտ է՞, մարգ չունի, մարգի պետք ունի՞, թե աշխարհի վրա նրան մարաբա՞ է պակաս։
− Ծո՛, դու իմ փողս տուր, ծո՛, դու կարմիր ոսկիս տուր, գլուխդ խռով մնա քու հողդ Էլ, մյուլքդ էլ, բեր փողերս տուր, ես գնամ…
− Ավելորդ խոսակցությունների ժամանակ չէ,− ասաց էֆենդին, − հիմի քեզ հարցնում եմ, այս մարդուն ունեցած պարտքդ անմիջապես կարո՞ղ ես կանխիկ դրամով վճարել, ավելացնելով դրա վրա դատաստանական ծախսերը և իմ ճանապարհի ծախսը վարձիս հետ։ Հակառակ դեպքում, ես համաձայն Արզրումի բիդայեթի վճռի, գիշերս պարտավոր եմ իսկույն գրել և գրավել բոլոր կայքդ ու կարողությունդ։
− Ես բան չունեմ ասելու,− պատասխանեց հառաչելով Վարդևանը,− միայն խնդրում եմ, որ այդ վճռի պատճենը տաք ինձ, առավոտ մեր մոլլային կարդալ տամ և բովանդակությունը հասկնամ, ապա դուք էլ կատարեցեք ձեր պարտականությունը։ − Ես մինչև առավոտ չեմ կարող սպասել, իսկույն պետք է սկսեմ ցուցակագրել։
− Ես, էֆենդի, ձեզ դեմ բան չունիմ, կարող եք իսկույն կատարել ձեր գործը. բայց ես կասկածղում եմ Գևորգ աղայի վրա… Նա շատ անգամ կեղծ վճիռներով և սուտ պաշտոնականներով այս ու այն գեղն է գնացել և խաբեություններով ժողովրդին կեղեքել։ Ես չեմ ասում, որ ձեզ նման մի մարդ կարող է խարդախել, բայց Գևորգ աղան ձեզ էլ կարո՛ղ է խաբել մի սուտ թղթով։ Առաջ կարդանք, վճռի բովանդակությունը լսենք, հետո։
− Անհավ ա՛տ, անօրե՛ն, շո՛ւն, կարծում ես ես քեզ խաբում եմ, թե ես գիր չգիտե՞մ և կամ չե՞մ ճանաչում բիդայեթի վճռի իսկությունն ու կեղծությունը։ Հիմի թևերդ կապել կտամ, այնքան կթակեմ, որ կաշիդ կպոկեմ… Առաջս կխառնեմ, շղթայակապ ջարդելով քեզ քաղաք կտանեմ և բանտ գցել տալով տարիներով ոսկորներդ կփտեցնեմ… Ղու տերության պաշտոնականին դիմադրում ես, նրան խարդախ ես անվանում…
− էֆենդի՛, ախր…
− Լի՛րբ, անզգա՛մ, կարծում ես չգիտե՞մ, որ անցյալ շաբաթ ութ օր հինգ ջանֆիդան (անձնազոհ) տունդ պահեցիր, մյուզիր (վնասակար) ավազա՛կ, ես քու գլուխդ փշրել կտամ։
− էֆենդի՛, ներողություն եմ խնդրում, ես ձեզ անպատվելու ոչ մի միտք չունեի, ես միայն խնդրում եմ վճիռը, վճռի պատճենը տվեք, կարդանք…
− Ես քեզ այդ դասերը տվող ջանֆիդանների տեղն էլ գիտեմ, ես քեզ նրանց քով գցել կտամ, բանտում թող էլի քեզ նորանոր դասեր տան։
− էֆենդի՛, մի՛ ինձ վրա զայրանալ, ես մեղավո՞ր եմ, եթե իրավունքս ցանկանում եմ պաշտպանել։ Եթե կամենում եք, գնամ խնդրեմ, անկողնից բարձրացնեմ մեր գյուղի մոլլային, գա, կարդա վճիռը և ապա արե՛ք, ցուցակագրեցեք ինչ որ կամենումեք։
− Ղու, անօրե՛ն, անհավա՛տ, ուզում ես փախչել, որպեսզի ես գործս չկարողանամ առաջ տանիլ, Գևորգ աղայի գործք ետ մնա և ինքդ ազատվիս դատավորների ձեռքից։ Բռնեցեք այդ անօրենին, մի՛ թողնեք շեմքից դուրս գնալու։
− Ո՛չ մի տեղ չեմ գնալ, բայց թող վկա լինի քեհյան, որ դուք առանց բիդայեթի վճիռը ներկայացնելու եք ցուցակագրում իմ կայքս։ Ես արդեն գիտեմ իմ անելիքս, տարե՛ք քաղաք, այնտեղ դատարանի առաջ կխոսիմ ես Գևորգ աղայի հետ, թող նա այս գիշեր յուր ցանկությանը հասնի, իսկ վաղը․․․
− Ահավասիկ բիդայեթի վճիռը, կարգադրությունը,− ասաց էֆենդին կակազելով և ծոցի վճիռքի պատճենը ցույց տվեց ու կրկին ծոցը դրեց։
Վարդևանը դատարանի պաշտոնականի թույլ շարժումներից և բորբոքումներից զգացել էր, որ նրա ձեռքում վճիռ չկա, իսկ երբ իբրև վճիռ ցույց տվեց մի թուղթ ու կրկին ծոցը դրեց, բոլորովին գյուղականի համար պարզվեց, որ դա մի շինծու գործ էր և դրանով ցանկանում էին իրեն նեղը գցել և ձեռքից մի բան կորզել։ Այդ իսկ պաճառով նա ավելի համառեց և պնդեց յուր խոսքը։
− Վարդևան աղբա՛ր, − ասաց մեկ կողմ քաշելով քեհյան թշվառ պարտապանին, − մի՛ պնդիլ և զայրացնիլ անհավատներին, կարող են քեզ վնասել։ Չտեսա՞ր, չիմացա՞ր անօրենը, անխիղճը ինչը զրպարտությունների պոչից բռնեց։ Իսկ խո Գևորգ աղայի գիդե՞ս, նա ամբողջ կարողությունը կդնե, ամեն աղայի գիտե՞ս, նա ամբողջ կարողությունը կդնե ամեն ցած միջոցի կդիմե և քու հախից կգա։
Վարդևանը, վրդովված, թույլ հառաչանքներ արձակելով, լսում էր յուր դրացուն, որի խոսքերը թունավորված սլաքի նման մտնում, թափանցում էին նրա հոգու խորքերը։
− Արի՛, համառությունը բաց թո՛ղ, մի կերպ յոլա գնա՛, խաղաղվիր, պրծի՛ր։ Դու խո չե՞ս կարող Գևորգ աղայի դեմ ասպարեզ դուրս գալ։ Այն գործը, որ լավությունով կարելի է վերջացնել, քանի՜−քանի տեսակ պիտի վնասվիք, որ գեշությունով իրարից վրեժ լուծեք։ Բե՛ր մի բանի կապենք։
− Չեմ կարողանում դատել, ուշքս վրաս չէ, քեհյա, արա ինչ որ կամենում ես։
− Բե՛ր, բե՛ր մի նոր մուրհակ գրենք, մեկ էլ գրավականի թուղթ տուր Գևորգ աղային, ու գործը վերջանա։ Ինչ որ է, ես կերթամ, կխնդրեմ, որ հաշվե ու վրան գալով նոր մուրհակ գրե, մինչև կալ կամ մի տարի ժամանակի…
Այնքան տվածներից ջոկ նորի՞ց վրան տոկոս գա… Արտերս գրավ դնեմ, որ տունս-տեղս քանդե՞, ինձ էլ մարաբա շինե, յոթ պորտիս իրեն լակոտներին առանց գնելու գերե ու ստրկացնե: Ո՛չ, ո՛չ, թող ինչ ուզում է անե, ես նրան, քանի որ ողջ եմ, և ո՛չ մի ականջ հող կտամ, ո՛չ էլ ճորտ կդառնամ…