Atrpet

Քոռ-Եղիկ

ԺԳ, ԺԴ, ԺԵ
ԺԳ

Մուքեն երեք-չորս օր ման եկավ Շիրակում, իրենց ծանոթ բոլոր գյուղերը ամեն տեղի անցքերը հարցուփորձ արավ, լսեց և հուսահատ ետ դարձավ։ Ճանապարհին նա մտածում էր, թե ի՞նչ ասե գյուղում յուր ընկերներին, եթե իրեն ծաղրածության առարկա դարձնեն։ Վերջապես գլխիկոր ձին առաջ էր քշում մոլորածի պես և չէր իմանում ինչ ընթացք բռնել։ Որպեսզի դատարկաձեռն ետ դառնալը չնկատեն գյուղացիք և չծաղրեն նրա անկարողությունը, նա իրիկվան դեմ մտավ թուրքի Ղարաքիլիսա և իջավ իրենց ծանոթ և պարտական մեշադի Մահմեդ Ալու տունը։ Մինչև կեսգիշեր նա խոսում էր նրանց հետ այդ օրերը պատահած արկածների մասին, իսկ նրանք գովում էին այն ճարպիկ երիտասարդներին, որոնք կարողանում էին հեռվից գնալ և գողանալ ընտիր նժույգներ, ուժեղ եզներ, կաթնասուն կովեր և այլն։ Գյուղացիք առանց քաշվելու և առանց ուշադրություն դարձնելու մեշադի Մահմեդ Ալու զայրացկոտ ունքերին ու մռութներին՝ գովում էին Եղիկի քաջասրտությունը, որը կարողացել էր ֆարաշը փախցնել։

Մեջգիշերին Մուքեն զինվեցավ, ձին նստավ և դիմեց իրենց գյուղը․ ճանապարհին մինչև Արփաչայի ափը նրան ընկերացավ մեշադի Մահմեդ Ալու կրտսեր որդին՝ Հասանը։ Արփաչայը անցնելուց հետո շնորհակալություն տվեց, և Հասանը վերադարձավ։ Դեռ շատ չէր հեռացած Արփաչայից, Մուքեն լսեց մի ձիու արագընթաց քայլերի ձայնը, որը Արփաչայի մեջ կանգնեց ջուր խմելու։ Մուքեն կարծեց, որ ղաչախչի թարաքամ է, զգուշանալու համար ճանապարհից դուրս եկավ և կազակների մարգերի գլուխը մի թումբի ետևն անցավ։ Քիչ հետո ձին անցավ ջուրը և արագ քայլերով ճանապարհն ուղղեց դեպի Ղարաքիլիսա։ Թեև գիշերը մութն էր, ամպապատ, ոչինչ չէր կարելի տեսնել, բայց Մուքեն նրա քայլերի ձայնից հասկացավ, որ ձին բեռնավորված չէր։ Գուցե, մտածեց, իրեն էին հետևում, գուցե Եղիկն էր, գուցե… Այնքան մտատանջության մեջ ընկավ, որ երկյուղից չէր համարձակվում հետևել։ Վերջապես սիրտ առավ, մտածելով, որ իրենց գյուղի սահմանումն էր գտնվում և նստած ձին իրեն ամեն դեպքում կարող էր օգնել, առաջ գնալ։ Ձին ուղղվեց գյուղ և գնաց կանգնեց մղդսի Կյուրեղենց դռան առաջ։ Այնտեղ հասավ Մուքեն էլ և ֆարաշը առանց թամբքի, կտրտած սանձով, արյուն-քրտինքի մեջ կորած գտնելով՝ ապշած մնաց։ Բայց իսկույն ուրախությամբ լցվեցավ և սիրտը հրճվանքով զեղված, դուռը սկսեց արագ-արագ բախել։ Գյուղի շները ամեն կողմից հաչոցը գցել էին և նրանց որոտման ձայնը զարթեցրել էր շատերին։ Պետո ամին ճրագը ձեռքը դուրս եկավ և Մուքեի ձայնը լսելուց հետո դուռը բացեց։ Դուռ-դրացի իսկույն թափվեցին և ամեն կողմից հարցնում էին Մուքեից, թե ինչպես կարողացավ ֆարաշը ետ բերել։ Մուքեն առիթից օգուտ քաղեց և հավատացրեց, որ Եղիկին պատահել էր մթանը, Քյուրակ-դարայում սպանել, ձին առել ու վերադարձել։

Թեև շատերը չէին հավատում ստախոս ու դնդրոշ Մուքեին, բայց ֆարաշի ներկայությունը մասամբ ստիպում էր հավատալու նրա խոսքերին։

Ախպեր, ասում էր մեկը, թե ես Եղիկին գիտեմ, նա հոգին բերանը դրան ձի չէր տալ։

Տո՛, ախպե՛ր, ասում էր մի ուրիշը, դա ի՞նչ թվանք գցող է, որ Եղիկին զարկեր, վար գցեր ու ձին ձեռքից խլեր:

Ախպե՛ր, թե ես ճանաչում եմ Եղիկին, դա նրա գյուլի առաջից գլուխը պրծցնողը չէր, բայց մի բան կա…

Տնաշեններ, ասում էր մի ուրիշը, գնանք քնենք, վախենաք էգուց էսօր բանը չպարզվի՞։ Ստի մենզիլը (տարածություն, երկայնություն) կարճ է, շուտ կհայտնվի։

Եղիկի արարքը շատերին ուրախացրել էր ներքուստ։ Վերջապես մղդսի Կյուրեղին վնասված տեսել էին, իսկ այս դեպքը շատ դուր չեկավ։

Մուքեի մայրը առաջ եկավ, յուր ղոչաղ որդու ճակատը պաչեց։ Ներս տարին, ձիերին հանգստացրին, խոտ, գարի տվին, և մինչև լույս հանգստություն չտվին տանեցիք և բարեկամները Մուքեին։ Օրվա կեղծ հերոսն էր և ամենքը ուզում էին արկածի պատմության հետ իսկությամբ ծանոթանալ։

Լուրը հասավ Ասլիին։ Նրա մեծ եղբայրը լսել և տուն դարձել, պատմում էր հորը Մուքեի արկածը։ Ասլին, որ գյուղում պատահած աղաղակներից զարթնել էր, էլ չէր քնել, եղբոր տուն վերադառնալուց հետո ծածուկ մոտեցել էր լսելու հոր և եղբոր խոսակցությունը։ Եղիկի մահվան պատմությանը թեև նա չհավատաց, բայց տխրությամբ լցված գնաց պառկեց և սկսեց անկողնի մեջ անձայն լալ և աղի արտասուքով բարձը թրջել։ Նախազգում էր, որ յուր սիրելուն վտանգ էր սպառնում և այդ վտանգի առաջն առնելու ճար չուներ։ Հորը հաղթելը հեշտ էր, բայց մեծ եղբայրն ավելի զորավոր էր, ավելի ազդեցություն կարող էր բանեցնել հոր վրա և մտադրությունը գլուխ բերել։ Գալո քեհյեն թեև չէր համոզվում որդու խոսքերով, բայց չէր էլ հերքում նրա ասածները։

Այնքան անկողնում լաց էր եղել, այնքան հեկեկացել էր և այնքան տանջվել, որ թմրել, քնել, մնացել էր։ Արշալույսին, երբ նրա ընկերները բանի-գործի էին, երբ նրան փնտրում էին ոչխար կթողները, մայրը մտավ քիլայը և նրան քնած գտավ։ Քնած տեղը անդադար նա տնքում էր և հառաչում։ Թշվառ մայրը զգաց, որ մի ցավ ուներ աղջիկը, նրան չզարթեցրեց և հարսներին ու թոռներին հրամայեց նրա պարտականությունները կատարել։ Տրտնջում էին հարսները սկեսուրի դատաստանի վրա, հայացքներով իրենց դժգոհությունը հայտնում էին ամուսիններին, որոնք թեև անտեղյակ գործից, հայհոյում էին իրենց կանանց։

Երբ ամեն մարդ յուր բանի-գործին էր, պառավն էլ թոնդիրը վառել, պղնձով ջուրը դրել, խմորի տաշտը մոտեցրել էր օրական հացը թխելու համար, մինչև թոնդրի իջնելը, հարսի գալը, գրդնակն սկսելը, կրկին մտավ աղջկա մոտ և բռնելով նրա դաստակը, ասաց․

Ասլի ջան, աղջիկս, ի՞նչ ունես, վե՛ր կաց։

Ասլին իսկույն թռավ, ելավ հագավ․ «Բան չկա, մայրիկ» ասելով գնաց յուր գործին։ Բայց մայրը նրա գունատ դեմքը նկատած լինելով, թեև գնաց հացը թխելու, միայն անվերջ մտածում էր Ասլիի վրա։

ԺԴ


Մղդսի Կյուրեղը Մուքեին ֆարաշի հետ դառնալու խաբարը առնելուն պես արդեն զզված լինելով գրագիրների ձեռքից, վերադարձավ գյուղ։ Աչքի լույսի եկան ամեն կողմից, և Գալո քեհյեն էլ շտապեց ուրախակցություն հայտնելու։ Մղդսի Կյուրեղը վերադարձին հետը մի տկճոր քիշմիշի արաղ էր բերել. եկող գնացողին շահեց, պատվեց, անխնա խմում էին հյուրերը։ Ուրախությունն ու խմիչքը հարբեցրել էր մղդսի Կյուրեղին, և նա արտահայտում էր ամեն թասին յուր անչափ ուրախությունը։

Այս թասն էլ, Գալո քեհյա ջա՛ն, քու ազիզ աղբերության կենացը, քեզ պես դրկից, քեզ պես բարեկամ և տանս լավը կամեցող չունիմ այս գյուղում։ Քեզ համար դրած է այս օջախը, ես չեմ տանտերը, դու ես, քեհյա ջա՛ն, հրամայե՛, թող հրամանը կատարվի։ Բայց չէ, ես կհրամայեմ, այսօր իմ ուրախությունը մեծ է․ ձեր շնորհիվ, ձեզ պես բարեկամների կամեցողությամբ իմ կորուստը վերադարձավ։ Ֆարաշը քեզ փեշքյաշ, Պետո, տար քյոհլանը կապե քեհյենց ախոռը, մի ձին ի՞նչ է որ, ես խո ձիու դարդը չէի, ես ձախորդության դարդն էի, էն էլ, փառք աստուծո, դեպի բարին փոխվեց։ Պետոք, Մատո, մի ոչխար մորթե, մատաղ արա, մենք էլ կուտենք. թե՛զ, դանակդ սրե՛։

Մղդսի ապա՛ր, ֆարաշը ես տանեմ քեհյենց տունը, ասաց Մուքեն կակազելով։

Հա՛, որդի, տա՛ր, դու տա՛ր, քու ձեռքով փեշքյաշ արա քու ախպերացուին, ախոռը կապիր ու արի։

Չէ ախպե՛ր, չէ՛, շնորհակալ եմ, ձին տիրոջը փեշքյաշ։ Թող Մուքայելը բարով վայելե, մուրազն առնե, տունը աչքի առաջ պահե, որ միշտ հիշե, որ տան դուշմանի հախից ինչպես պետք է գալ։ Մի՛ խոսիլ, Գալո քեհյա, կցավիմ, մի՛ դեմ կենալ, բաշխածը բաշխած է, վերջացած է, տար, որդի, տար կապի՛ր։

Մուքո, մի՛ տանիլ, ախպեր, տե՛ղը կապիր, դու ինձ լսիր, հայրդ ինձ բաշխեց, ես էլ քեզ եմ բաշխում, ասաց մոտենալով Գալո քեհյան։

Տա՛ր, ասում եմ քեզ, ձայնը ավելի բարձրացնելով մոտեցավ մղդսի Կյուրեղը, տա՛ր կապիր, ետ արի։

Ախպեր ջան, ինչի ես ամաչացնում Մուքեյին, դու տեղը կապիր, դու ինձ լսիր, ասաց ու քաշեց, գրկելով ներս տարավ մղդսի Կյուրեղին Գալո քեհյեն։

Մուքեն, երևակայական հաղթությունից հետո, ուզում էր մտնել Գալո քեհյենց տունը, Ասլիի աչքին երևնալու, նրա ուշքը գրավելու հույսով, բայց հանգամանքը չնպաստեց, ցանկությունը անկատար փորը մնաց։

Մղդսի Բյուրեղը քիշմիշի արաղով հետզհետե տաքացրեց գյուղի բոլոր քեհյաների գլուխները, մատաղները եփվեցան, խորոված, խաշած բաժանեցին, մինչև իրիկուն քեֆ արին։ Մղդսին Գալո քեհյին աջ կողմը նստեցրած, ամեն մի լավ պատառը կիսում էր նրա հետ և ամեն մի թասին մի-մի խոսք էր գցում, նրա հետ ժառանգական բարեկամությամբ կապված լինելու ցանկությունը արտահայտելով։ Գալո քեհյեն հասկանում էր նրա մտադրությունը, բայց փախչելու, ազատվելու հույս չուներ։ Սեղանից հետո, երբ արդեն հավաքել էին ամեն բան, մղդսի Կյուրեղը ասաց,

Ախպրտա՛նք, ես ուզում եմ քեֆը առաջ տանել, մինչև իրիկուն մեր տանը քեֆ արինք։ Արեք այստեղից էլ գիշերս երթանք ախպորս՝ Գալո քեհյրի տունը, շարունակենք մեր ուրախությունը։

Երթա՚նք, երթա՛նք, ձայն տվին ամեն կողմից։

Արա՛ղ, ախպեր, դեռ մեր տկճորը կիսատած չի լինիլ, չորս օր էլ որ խմենք, չի պարպիլ, հինգ վեդրո բան է. քաղաք մարդ ուղարկելուց ավելի լավ է մենք շալակենք տկճորը, հետներս տանենք։ Գիտեմ թե, Գալո քեհյա ջան, մեր մեջ իմ ու քու չպիտի լինի․ քյոհլանս չընդունեցիր, արաղս պիտի ընդունես…

Կընդունի՛, կընդունի՛, աղաղակում էին ամեն կողմից։

Տղերք, մաշալեքը վառեցեք։

Քսանի չափ միջահասակ և հասակավոր համբաներ՝ շրջապատած մղդսի Կյուրեղին և Գալո քեհյին, դիմեցին վերջինիս տունը։ Նրանց առաջից և կողքերից չորս-հինգ մաշալլաներ, վառած, երեխեքը տանում էին։ Արդեն մի երկու ճարպիկ տղա վազել, ժամանակին հյուրերի գալուստը իմացրել էին քեհյի մեծ որդուն՝ Թոմասին։ Երբ մոտեցան անկոչ հյուրերը քեհյենց դռանը, Թոմասը հրամայեց մորթել մի գեր ոչխար։ Նրա առատասրտությունը գովեց մղդսի Կյուրեղը և եղբոր՝ Պետոյի, ականջին ասաց, որ գնա ֆարաշը Մուքեի հետ ուղարկե քեհյենց տունը։ Սա մի կաշառք էր, որ տալիս էր մղդսին Թոմասին, գիտենալով, որ նրա կամքից կախված էր ամեն բան։

Օդան նստած, ուրախությունները շարունակած միջոցին Թոմասի ու Մուքեի վեճի ձայնը հասավ Գալո քեհյի և մղդսի Կյուրեղի ականջը։ Գալո քեհյեն երբ ուզում էր դուրս գնալ, մղդսի Կյուրեղը նրա թևից բռնեց ու նստեցրեց քովը ասելով.

Ախպե՛ր, նստի՛ր, քեզ ի՞նչ։

Այս միջոցին ներս մտավ մի երեխա և քեհյի ականջին մի քանի խոսք ասաց։

Ախր, ինչի՞ այդպես բան եք անում, մղդսի, ֆարաշն ինչի՞ են բերել։

Այդ քու գործը չէ, ես բաշխել եմ Թոմասին։

Ճարահատյալ Թոմասը ախոռը կապեց քյոհլանը և եկավ շնորհակալությունը հայտնեց։ Հետզհետե հրավիրյալները շատանում էին։ Այդ միջոցին Կարնի գաղթական աղաներից և սարրաֆներից մի քանիսը ապրում էին Ղարաքիլիսա։ Գյումրին քաղաք դեռ չէր դարձած․ նրանց էլ հրավիրեցին։ Սրանց հետ եկան սազանդարները, որոնք իրենց երգերով և նվագածությամբ ավելի բորբոքեցին այդ ուրախությունը։ Այս միջոցին ուրախության լրումը պահանջեց մղդսի Կյուրեղը. նա խնդրեց Գալո քեհյի աղջկա ձեռքը յուր որդու Մուքեի, համար։ Երկար ձևական խնդրվածքներից հետո համոզեցին հորը և Ասլիին նշանեցին Մուքեի հետ։ Տեր Մլեն, որ սեղանակիցների թվումն էր, նշանը օրհնեց, և հանդիսականների հետ մինչև լույս շարունակեցին ուրախությունը։

ԺԵ

Ասլին նշանդրեքից հետո սկսեց օրեցօր մաշվել։ Նա քանի որ Եղիկին հիշում էր, աչքերը մթնում էին, կրակ էին կտրում և անընդհատ հառաչանքներով աշխատում էր մի կերպ սիրտը հովացնել։ Բայց զուր, ոչ մի րոպե ցերեկը Եղիկի պատկերը չէր հեռանում նրա մտապատկերներից և ո՛չ քնած ժամանակը երազից։ Հերիքնազը՝ պառավ մայրը, տեսնում էր աղջկա մաշվելը, բայց անճարացած էր՝ ոչ մարդուն կրնար խոսք հասկացնել, ոչ էլ տղին։

Ա՜յ կնիկ, ի՞նչ ես ասում, ինչ, ուզում ես, որ գդակս վար դնե՞մ, թքածս լիզե՞մ, ասեմ կնիկս համաձայն չէ։ «Աղջիկս մղդսի Կյուրեղի տղին չի՛ առնում», ասում էր ամեն անգամ Գալո քեհյեն, երբ Հերիքնազը մի կերպ բացատրում էր աղջկա վիճակը։ Ի՞նչ է, ուզում ես, որ ողջ Շյորագյալում ծամոն դառնամ, ամենքը թքեն իմ երեսին, որ այդպիսի անկոտրում աղջիկ եմ մեծացրել, իմ օջախի անունը հողի հետ հավասարեցնեմ, աշխարհ խոսի, թե՝ հերը տվեց, աղջիկը չառա՞վ։

Հերիքնազը լռում էր և ուրիշ պատասխան չէր գտնում, միայն ասում էր միշտ, առանց պատասխանը լսելու.

Քեզ ո՜վ ասաց այդքան շուտ իմ աղջիկը նշանել։

Գալո քեհյեն ավելի խոսակցության չբռնվելու համար երեսը առնում փախչում էր, բայց իսկապես նրա սրտովն էլ չէր Մուքեի նման փեսա ունենալը. նամանավանդ, որ նա էլ շատ բարեսիրտ մարդ էր, աղջկան այդ դրությամբ նկատելիս սիրտը կտրտվում էր։ Բայց որ խոստացել էր այն համբաների, կարնեցի աղաների և քահանայի ներկայությամբ, խո չէ՞ր կարող խոստումը ետ առնել։

Աղջի՛կս, ասում էր Հերիքնազը շատ անգամ գաղտնի, նրա արտասվելը նկատելով, լացով մեռելը կառողջանա՞, մեռելի ետևից կընկնեն, կմեռնեն։ Խելքի արի, քու հայրդ, քու եղբայրդ, ես, մի թե քու գեշը կուզենք։ Մոռացի՛ր ամեն բան և ծնողներիդ օրհնանքը ստացիր։

Ասլին լռում էր և մի կերպ երեսը պահում մորը չպատասխանելու համար։ Ոայց յուրաքանչյուր անցած օրը նրա իրանից մի-մի շապիկ հաստություն տանում էր, գույնը թառամում, երեսը թոշնում, աչքերը կարմրում ու կծկվում, նվազում էին։ Որպես նշանված աղջիկ, տանից էլ քիչ էր դուրս գալիս, որով ավելի գույնը սկսեց դեղնել և այտերի վարդագույնը թափվել։ Նրա բարձր հասակը, երկար վիզը, առույգ կազմվածքը, խրոխտ հայացքը, սև ու հրացայտ աչքերը, սաթի նման մինչև ծնկները հասնող մաղերն էլ այն գրավիչ տպավորությունը չէին թողնում, էլ ամեն րոպե չէր լսվում նրա քաղցր ձայնը, յուր ճկուն և ոլորուն ելևէջներով. նրա յայլիներով էլ չէին պարում գյուղի հարս ու աղջիկները, նա միայն առանձնության մեջ վիճակն էր ողբում աղիողորմ մանիներով, որոնց հազարը միանգամից իրար ետևից շարում, ասում էր, հառաչում, հեկեկում և վայր ընկնում մեռելի նման անձայն, անզգա։

Թեև լաց էր լինում, թեև սգում էր, բայց Ասլիի հավատալը չէր գալիս, որ եղիկը մեռած լինի, որ յուր առյուծասիրտ և այնքան արագաշարժ Եղիկը գնդրշկած Մուքեի գնդակից մեռած լինի։ Այդ հույսը նրան քաջալերում էր ապրելու, մի օր Եղիկին կրկին հասնելու տենչանքով։ Եկավ վերջապես որոշված շաբաթ գիշերը, հասավ որոշված ժամը, բայց Եղիկը չեկավ, չեկավ, թեև մինչև լույս անքուն և անհանգիստ, սրտատրոփ սպասեց նրան Ասլին։ Այս թեև բավական մեծ հարված էր, բայց նա խոստացել էր շաբաթ կամ կիրակի գիշեր գալ, հետևապես սպասեց և հետևյալ գիչորը։ Իսկ Եղիկը, ինչպես տեսավ ընթերցողը, այդ պայմանավորյալ գիշերը անցկացրեց Մեդեդ բեգի ախոռում շղթայակապ, հառաչանքներով, այնպես, ինչպես նրան սպասողը։ Իսկ այդ գիշերն էլ անցկացնելուց հետո Ասլիին տիրեց մի տեսակ հուսահատություն․ նա եզրակացնում էր, որ Եղիկը կամ մեռած էր կամ մի փորձանքի մեջ, որ չվերադարձավ խոստացյալ ժամանակին։ Երկու դեպքն էլ մահացու էր Ասլիի համար, որովհետև եթե մեռած էր, իրեն էլ ի՞նչ հարկավոր էր կյանքը, մի՞թե Եղիկի թշնամուն, նրան սպանող կարծվածին գգվելու, գուրգուրելու և հաճոյանալու համար։ Եթե փորձանքումն էր, շուտով դարձյալ մեռնելու էր, որովհետև ո՞վ պիտի օգներ նրա նման թշվառ և անտեր մարդուն, ո՞վ պիտի պաշտպաներ, ո՞վ պիտի փրկեր։

Այս մտքերը նրան սկսեցին օրեցօր սաստիկ մաշել՝ նա մահվան դիմողի նման աշխատում էր ավելի շատ ժամանակ անցկացնել այն սիրելի վայրերում, որտեղ երկար ժամանակ էր անկացրել յուր սիրեկանի հետ․ ավելի շատ մնալ այն քիլարում, որը եղել էր նրանց առանձնարանը, որպեսզի մեռնելուց առաջ մի կարոտն առնի, հագենա և այնպես գնա, մտնի սև հող։ Գալո քեհյենց քիլարը դարձել էր նրան ննջարան, առանձնարան, ամեն բան։ Թեև անկողնում չէր, թեև ֆիզիկապես ցավ չուներ Ասլին, բայց հոգով տկար էր, սրտով, մտքով հիվանդ։ Դարերից ավելի երկարացավ այդ քսան օրը Ասլիի համար․ այդ օրերում շղթայակապ բանտարկյալ Եղիկը ավելի երջանիկ էր, քան թե Ասլին արդեն սկսում էր կասկածել, որ էլ հավիտյան վերադառնալու չէր յուր Եղիկը։ Երազներով էր միայն մխիթարվում, որոնք միշտ իրեն խաբում էին։

Վերջապես, մի գիշեր լուսամուտի տախտակի բացվելը նկատեց Ասլին, ճչաց, բայց կարծում էր դարձյալ երազ է։ Վայրկենական արագությամբ իջավ Եղիկը, գրկեց նրան, բայց նա ուրախությունից ուշագնաց մնաց նրա կրծքի վրա։

Be the first who will comment on this

Other parts of "Քոռ-Եղիկ"

Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online