Atrpet

Քոռ-Եղիկ

Թ, Ժ, ԺԱ
Թ

Մեդեդ բեգը Շիրակի վերջին վասալական իշխանն էր, որի հորից սուլթանը գավառական հողերը մի կերպ խլել էր, բայց դրա փոխարեն ժառանգական թոշակ տալուց հետո դարձյալ յուր վիճակին ղայմաղամ էր նշանակել, այնքան, որ յուր գլխատված հոր և պապերի նման էլ Մազխաս բերդում չէր ապրում և սեփական ձիավոր, հետի և թնդանոթաձիգ զորք չուներ, բայց Հաջի-Վելիում յուր առանձին սարայն ուներ և առաջվանից ավելի մեծ իշխանություն ժողովրդի վրա։ Թեև Ղարս այալաթի փաշան էր նստում, բայց Շյորագյալի գավառից զատ այալաթի գլխավոր գործերը տնօրինում էր նույնպես Մեդեդ բեգը։ Այալաթի ժողովի ամենապատվավոր անդամն էր, և ժողովականները առանց նրա կնիքը տեսնելու ո՛չ մի թղթի վրա չէին հանդգնիլ դնել իրենց մատանին։ Մեդեդ բեգբ գավառապետի անունով դարձյալ մի իշխան էր. նրա կամքից էր կախված կախել տալ մեկին, ազատել մի ուրիշին, մեկին զրկել յուր բոլոր կարողությունից, մյուսին բարձրացնել հայտնի պաշտոնների։ Նրա Հաջի-Վելիում ունեցած բանտում միշտ լինում էին ութ-տասը թյարաքամա գողեր և պարտատեր հայեր։ Դրանց թվում ընկավ նույնպես Եղիկը։

Բանտը առաջ գոմ էր եղել և ձմեռը դարձյալ այդ նպատակին էր ծառայում, միայն մսուրքների վրա ամրացրած էր պինդ «լալա» կոչված շղթաներ, որոնցով շատ անգամ ավազակներին անասունների հետ միասին էին կապկպում, այն տարբերությամբ, որ անասուններին միայն վզերից էին կապում, իսկ հանցավորների, վզերից շոկ, ոտքերն ու ձեռքերն էլ էին շղթայում։ Եղիկի ոտքերը շղթայած էին, իսկ գիշերները ձեռքերն ու վիզն էլ էին շղթայում։ Բանտում մի քանի ընկեր ուներ Եղիկը, որոնց մեջ հայ չկար։ Առավոտից մինչև իրիկուն տխուր-տրտում, բորբոքված նրան տանջում էր Ասլիի վիճակը․ արդեն խոսք տված օրը եկել անցել էր։ Այնքան տանջում էր նրան այդ միտքը, որ երբեմն խելագարի նման կատաղում, կռվում էր ինքն իրեն հետ, երբեմն ցնորածի նման անզգա ընկնում էր մսուրքի տակ և խորասուզվում մտքերի մեջ։ Ախորժակն անգամ կորցրել էր և որպես ողորմություն Մեդեդ բեգի հարճերի օրական մի անգամ ուղարկած թանապուրն անգամ երբեմն չէր կարողանում ուտել։ Թյարաքյամա անտարբեր ավազակները ցավում էին թշվառի վրա և որքան աշխատում էին մխիթարել, հնար չէր լինում։ Բանտարկվելուց արդեն ութ-տասն օր անցել էր, ո՛չ ոք չէր հարցրել, թե արդյոք ի՞նչ հանցանքի համար էր բանտարկվել և ոչ ոքի հայտնի էլ չէր, թե երբ է ինքն ազատվելու այդ գոմից։ Դատի, դատաստանի, մեղքը լսելու նրանցից ոչ ոք չէր արժանանալ։ Մեդեդ բեզին եթե մի որդի ծընվեր, կամ ինքը մի լավ երազ տեսներ, կամ Գյուրջիստանից մի գեղեցիկ աղջիկ փախցրած կույս նվեր բերին, կամ մի լավ տրամադրության մեջ լիներ, կմտներ և բանտարկյալներից մի քանիսին կազատեր իբր զոհաբերություն ալլահին իրեն հասած բարիքների փոխարեն, իսկ եթե զայրացած լիներ, կամ մի դժբախտություն պատահած, դուրս կհաներ մի քանիսին, լավ ծեծել կտար՝ ոտքերը փալախա դրած, մի քանիսին մահամերձ կարձակեր, մի քանիսին էլ Ղարսի բանտը կուղարկեր գործերը քննելու։

Այս ընթացքը ավելի ձեռնտու էր չարագործներին էլ, Մեդեդ բեգին էլ։ Եթե իսկույն դատաստանի հանձնեին, կարող էին դատապարտվել կախաղանի, գլխատության, երկար տարիների բանտարգելության և ուրիշ զանազան տանջանքների, այնինչ, մնալով բեգի ախոռում՝ նրանք ազատության հույսը չէին կորցնում։ Կանցներ ժամանակ, բեգը կմոռանար, բարկությունը կիջներ, և բանտարկյալների ազգականները, բարեկամները կհավաքվեին, մի գումար պատրաստելով պատգամավորություն կուղարկեին բեգի մոտ և կազատեին իրենց ազգականին այևայլ միջնորդների միջամտությամբ։

Բայց ո՞վ էր մտածելու Եղիկի համար, ո՞վ կգար նրա համար բեգից ազատություն խնդրելու. ո՞վ ուներ։ Մինչև անգամ եթե յուր գյուղի համբաները, նախկին հայ-թուրք տերերը իմանային նրա բռնված լինելը, մի պատգամավորություն կուղարկեին, Մեմեգ բեգին կկաշառեին և մի կերպ նրան կախել կտային։ Եղիկը քիչ հույս ուներ չարչի Միրզայի վրա. նա էլ ինչպե՞ս իմանար, որ Եղիկը բանտարկված էր, կամ թե նա էլ յուր ընտանիքը թողած կմտածե՞ր Եղիկի մասին։ Երկնքի և երկրի տակ իրեն օգնելու պատրաստ մարդ չէր գտնում, իրեն համար տանջվող և մտածող երկու անզոր արարած կային, որոնք երկուսն էլ յուր պաշտպանության կարոտ էին, իսկ իրեն օգնելու անկարող։ Այդ թշվառները մայրն ու նշանածն էին, որոնք առանց Եղիկի, ողբով ու կոծով գերեզման էին իջնելու, և միայն Եղիկը կարող էր նրանց փրկել, երջանկացնել։

Երբեք Եղիկի աչքի առաջից չէր հեռանում Ասլիի պատկերը. նրա հրացայտ աչքերը մարած, արյուն արտասուքով լեցված, գլուխը կախած, վշտի քողը դեմքը պատած կանգնած էր նրա մտապատկերներում։ Այնքան հափշտակվում էր, այնքան վրդովվում Եղիկը, որ կարծես լսում էր սիրեկանի անվերջ հառաչանքները, հեկեկանքները և ողբաձայն մանիներն ու երգերը։ Մռնչում էր այդպիսի րոպեներում վանդակում կապված առյուծի նման, զարկվում պատերին, քաշքշում էր շղթաները, փոքրիկ միակ աչքը չռելով շուռ էր տալիս շուրջը և սթափվելով, հուսահատ ընկնում դարձյալ սալահատակի վրա՝ անզգա և անշունչ։

Ծերունի բանտապետը և բեգի հարճերը, նրա սոսկալի տանջանքներր տեսնելով՝ ցավում էին նրա վրա և ամեն կերպ աշխատում էին մխիթարել, ծածուկ կերակուր էին բերում նրան, թուլացնում էին տանջանքները, և բանտապետը շատ անգամ գիշերները չէր շղթայում նրա ձեռքերն ու վիզը։

Ժ

Մի օր բավական տաքություն ուներ Եղիկը։ Բանտապետը ծածուկ բեգի Հարճերից մեկին ապսպրել էր հավի ջրով, բրնձով մի լավ ապուր եփել, որ Եղիկը ուտելով բավական կազդուրվել էր։ Երեկոյան մի կարպետ և մի կտոր թաղիք բերել, գցել էր նրա տակը և յուր քյավալով (ոչխարի մորթուց մուշտակ) ծածկել նրան, քրտնեցրել էր բարեսիրտ բանտապետը։ Այդ գիշերը նրա ձեռքերը և վիզը չէր շղթայել, միայն ոտքերի շղթայով էր թողել Եղիկին։ Ինքը՝ բանտապետը, մինչև կեսգիշեր հսկելուց հետո հոգնած, դադրած ընկել, քնել էր գոմի սյաքյուն (գոմի մեջ տախտակով կապած վերին հարկ)։

Եղիկը մեջ գիշերից հետո բավական կազդուրված լինելով վեր կացավ, նստեց անկողնում, չորս բոլորը քննեց, հազաց, խորխեց և բոլոր ընկերներին ու բանտապետին խոր քնի մեջ գտավ։ Նա մի քիչ մտածելուց հետո յուր ծրագիրը կազմեց։ Տասնևհինգ օրվա ընթացքում նա լավ էր ուսումնասիրե, Մեդեդ բեգի տունը։ Զգուշությամբ ձեռքերը, ոտքերը տարավ և սկսեց փորձել մի կերպ շղթաներից ազատվելու։ Նրա սրունքները շատ բարակ էին, ոտքերը մանր, դրա համար էլ որքան որ փոքր շղթաներ էին ջոկել նրա համար, դարձյալ լայն և ազատ լինելով, դարբնին կանչել փոքրացրել էին տվել, բայց դարբինը նորից ծակ չբանալու, այդ սոխրա (անվարձ) գործը գլխից մի կերպ ռադ անելու համար մի քանի մուրճի հարվածներով նեղացրել, բայց երկարացրել ու զարկել էր Եղիկի ոտքերը։ Բանտապետը՝ Եղիկի նիհար, վտիտ ու թույլ կազմվածքը աչքի առաջ ունենալով, բավականացել էր, վստահ լինելով, որ գյավուրը փախչելու փորձ երբեք չի անիր:

Եղիկը մի քանի անգամ սրունքների շղթայի երկաթե օղերը քաշելուց հետո բավական լայնացրեց և ձախ ոտքը լավ թքոտելուց հետո բավական չարչարվեց և դուրս հանեց։ Այս աշխատությունը նրան քրտնեցրեց, և նա ուժասպառ մի քիչ տարածվեց կազդուրվելու։ Բայց ուրախությունից նա այնքան ոգևորվել էր, որ էլ երկար չսպասեց, մի կերպ մյուսն էլ դուրս հանեց։ Բանտի դուռը ներսից-դրսից հաստ երկաթե կողպեքներով փակված էր. պահապանները, Մեդեդ բեգի դռան ծառաները շնից շատ էին, հույս չկար բակերից անցնելու. պետք էր շտապել անմիջապես ճանապարհ ընկնել։ Եղիկը յուր թևի ու ոտքերի շղթաները շալակած, ճանկռտելով պատից բարձրացավ և երդիկից դուրս եկավ։ Կտուրների վրայից մի քանի պտույտներ անելուց հետո ճանապարհ ընկավ դեպի ձորը։ Այդտեղ քարի տակ դրեց շղթաները, կոտրեց և կտորները ցրվեց, որպեսզի հետևյալ օրը ջրի եկող կանայք գտնեն, Մեդեդ բեգին համոզեն, որ Եղիկը շղթայակապ է բանտից փախել, որպեսզի ծերունի բանտապետին չնեղացնե։

Այդտեղից ճանապարհ ընկավ դեպի Ծբնի լեռների և կիրճերի ճանապարհով և չորս ժամվա ճանապարհը գնաց տասնևչորս ժամում։ Գիշերը ուշ ժամանակ մտավ գյուղը։ Չարչի Միրզան և կինը շատ ուրախացան նրան տեսնելով, բայց հարսին՝ Ասլիին, չբերելու իսկական պատճառը և Եղիկի գլուխ անցած արկածները չկարողացան իմանալ։ Եղիկը նրանց հարցերին վերջ տալու համար ինքն սկսեց հարցեր տալ.

− Հա՛ն, դո՞ւք ինչ արիք, ապրանքը լավ ծախվո՞ւմ է։

− Լավ, լավ, բայց…

− էլ բայցը ո՞րն է, ասա, ի՞նչ կա։

− Մատո քեհյեն մեզ նեղացուց…

− Ինչպե՞ս թե…

− Ասաց.− ի՞նչ անենք, թե Դանելը ձեզ քրեհով է տվել յուր տունը, քրեհել եք, նստե՛ք, բայց առուտուր անելու չեմ թույլ տալ… այստեղ առուտուր անելու համար ինձնից պիտի իրավունք ստանայիր։− Նրա դարդն այն է, որ ուզում էր իրեն մարագը տուն ու խանութ շինելով մեզ տալ։ Տեսա, որ ուզում է կապել խանութս և ինձ էլ Մեդեդ բեգի քով ուղարկել, երկար մտածեցի, վերջապես կնիկս մի լավ փիրուզ խզմա (քթի գիեդ) ուներ, որ չէր բանացնում, տվի ձեռքը և ուղարկեցի նրա կնոջ մոտ խնդիրքի։ Այդ փիրուզ խզման արժեր հիսուն ղուռուշ, վեր առավ, լեզուն քաշեց և իրիկունը մի քանի մարդով եկավ ութ−տասը ղուռուշի էլ առուտուր արավ, փողը չտվեց։ Չուզեցինք գլուխն ուտե, թույլ տա ազատ առուտուրը շարունակեմ։

− Լա՛վ, լա՛վ,− ասաց մտածելով Եղիկը և սկսեց ծոծրակն ու գլուխը քորել, քիչ լսելուց հետո ասաց,– ուրիշ արուտուրներդ…

− Փառք աստծո, լավ է, բայց… − Էլի՞ բայց․․․

− Ապրանքս քիչ է, թե մի հազար ղուռուշի ապրանք ունենամ, ես էլ դարդ չեմ ունենալ․․․

− Կունենա՛ս, կունենա՛ս, դարդ մի՛ անիլ, ութ−տասն օր էլ սպասիր,− ասաց Եղիկը հուսադրելով։− Բայց ավելորդ չէ ապրանք ավելցնելդ, էգուց էլ Մատո քեհյեն կգա առանց վճարելու կտանի։

− Քու կյանքդ ողջ մնա, դու որ իմ գլխի վրա ես, էլ իմ ի՞նչս կպակսի։

− Ես գիշեր−ցերեկ քեզ վրա ղարտուլ խո չե՞մ կարող կանգնել․ ախր դու էլ տղամարդ ես, գլխիդ գդակ կա դրած, ինչի՞ ես թողնում, որ քոսոտ քեհյեն գլխիդ նստի, այսօր տասը ղուռուշի տանողը էգուց հարյուրի էլ կտանի։

− Այդ ոչինչ, մեկ գյոււղում հաստատվիմ, նրա տարածով չեմ քանդվի։ Աստված ողորմած է, էգուց մեկել օր նրան այնպիսի գնով ապրանք տամ, որ տարածից երեք անգամ ավելի վզին բեռ դառնամ։ Դավթարին իմ ձեռքս չէ՞։

− Դու գրե դավթարը․ աղքատը վիզը ծռած, ավճարացած ունեցած չունեցածը քեզ բերե պարտքից ազատվելու համար, բայց համբաների ու քեհյաների հետևից ման արի, խնդրի՛ր, աղաչի՛ր, որ քեզ փող տան։

− Մի վախենալ, ես նրանց չեմ թույլ տալ, որ փողս կուլ տան։ Մեկ էլ որ, աշխարհի կարգն է, ով որ զորեղ է, տկարին պիտի կուլ տա։ Դրանից պիտի քիչ շահենք, պարտվենք, որ մեր առաջը քար չդնեն։ Երեսանց որ ես ասում եմ՝ քեհյա ջան, ես քոնն եմ, ինչ որ ունիմ քոնն է, թե մի պատառ հաց էլ ուտում են իմ մանրը ու խոշոր, էդ էլ քու շնորհիվն է, մի՞թե մտքովս էդ եմ ասում։ Ի՜նչ անեմ, որպեսզի կաշիս ազատեմ, ես նրան կուլ չգնամ, քիչ շողոքորթում եմ, նա էլ ուռչում է տկի պես, թող ուռի, մի օր այնպես կողքը կծակեմ, որ իջնի գետնի հետ հավասարվի։ Միրզան իր բանը գիտե։

ԺԱ

Եղիկը նույն գիշերը հանգիստ չկարողացավ քնել։ Մտածում էր առավոտ վաղ գնալ սահմանը անցնել և Ասլիին փախցնել մի կերպ Ծբնի, բայց գյուղի քեհյեն, չկամ դրացիները, Շյորագյալի ղայմաղամ Մեդեդ բեգը, անապահով դրությունը, յուր հետքը փնտրողները նրան տատանման մեջ էին գցել. չէր իմանում ինչ ընթացք բռնի։ Թեև սրընթաց ֆարաշը փախել էր, բայց Եղիկի համար այդպիսի նժույգներ ձեռք բերելը դժվար չէր. Շիրակի ամեն մի մեծատան ախոռում այդպիսի քյոհլաններ կարելի էր գտնել, բայց նա հավատարիմ բարեկամ և չնախանձող ընկեր չուներ, որին հնարավոր լիներ կյանքը հավատալ։ Միրզայի շարժումները արտահայտում էր նրա հոգու ստորությունները և ամեն կեղտոտություն անելու ընդունակությունը, բայց չէր գտնում երկնքի տակ մի ուրիշ անձնավորություն, որ նրանից նվազ վնասակար լիներ իրեն համար։ Առանց մեկին փորձելու հիմարություն էր համարում անձնատուր լինելը։

Բայց ճանապարհորդությունը անհետաձգելի էր. մղդսի Կյուրեղը և Մուքեն կարող էին դեպքից օգտվել և Ասլիին տանջելուց ջոկ, իրենց ճիրանները գցել։

Թեև մտածում էր նախ մի կերպ Մատո քեհյից վրեժ առնել և նրան ստիպել, որ չհանդգնի Միրզայի շվաքովն անգամ անցնելու, բայց ժամանակը չէր։ Վերջապես երկար մտածելուց հետո որոշեց դուրս գալ Մեդեդ բեգի վիճակից։ Գիշերը վեր կացավ Միրզային ձայն տվեց.

Աղբե՛ր, էգուց ելիր, գնա Քերս։ Ապրանքից մի մաս տա՛ր, տուն բռնե, կարգի դի՛ր, Մելոյին այնտեղ թող, հետո տունն էլ վերցրու տար։ Աշխատիր գեղի ամենից ուժեղ քեհյի տունը վարձել և տանտիրոջը շահել։ Եթե Ղազար քեհյի ջրաղացի քովը տուն բռնես ամենքից լավ է։ Ես երեք օրից հետո կգամ Քերս, կարելի է նշանածս էլ բերեմ։

Լավ, բայց այստեղ տվածս քրեհը, քեհյի կուլ տվածնե՞րը։

Ես նրա քթից կհանեմ, այդ քու բանը չէ։ − Լա՛վ, ինչպես որ կհրամայես։

Միրզան դիմադրելու ուժ չուներ. նա Եղիկի կամքին երբեք չէր հակառակվել։ Գիշերվանից սկսեց յուր պատրաստաթյունը։

− Դրանք թո՛ղ, վերջն էլ կարող ես կարգի դնել․ ձիդ թամբե՛, լավ թամբ զարկ,− ասաց Եղիկը հրամայական եղանակով,− ես կերթամ, Զոչու ճանապարհին կնստեմ, շուտ արի, հասի, թվանքը հետդ վեր առ. այնպես բռնե, որ մարդ չտեսնի։

Եղիկը կնոջ համար առած ոսկին և շորերը մի փոքր կապոց շինած, թևի տակը դրած գյուղից դուրս ելավ, ճանապարհ ընկավ։ Մի քանի րոպեից հետո Միրզան նրա ետևից հասավ։ Երկուսով ձին քշեցին դեպի Գյունե լեռան փեշերը, որտեղ արածում էր Մատո քեհյի մադյանների իլխին։ Եղիկը ձիուց իջավ և իլխիին մոտենալուց հետո սողալով մտավ նրանց մեջ։ Երկար սողալուց հետո լարը մի լավ ձիու վզովը գցեց, բռնեց ու շալակը թռչելով քշեց դեպի Միրզան։

− Շո՛ւտ ձիու թամբը քանդե և սանձը ինձ տուր,− ասաց Եղիկը։− Միրզան կատարեց, և անսանձ ու առանց թամբի յուր ձին նստած, վերադարձավ Ծբնի։ Եղիկը մտրակեց Մատո քեհյի իլխիից ջոկած ձին և արշալույսը չբացված մոտեցավ Անիի ավերակներին, որոնց կողքից ձին քշեց դեպի Տայլար և ձորն իջնելով Ախուրյանին մոտեցավ։ Այստեղ Մատո քեհյի իլխիից ընտրած ձին ցույց տվեց յուր շնորհքը․ նա կռվեց վարարած գետի հետ և քաջությամբ անցավ, թեև գետափից ջուր տանելու եկած կարմիրվանքցի կանայք հույսերը կտրած արդեն վայ տվին ղոչաղ ձիավորի տիրոջը։

Երբ անվնաս ափը դուրս եկավ օսմանցու սահմանից այդ քաջասիրտ տղեն, բարեսիրտ կանայք շուրջը հավաքվեցին․ ամենքն էլ սկսեցին նրան իրենց տուն հրավիրել։ Ամեն կին ուզում էր բախտ ունենալ ավելի շատ ժամանակ տեսնելու այդ առանց անձնագրի ղոչաղին, որին արիությունն ու բախտը օգնել էին բարի լուսին։ Ողջ օրը նրանց շրջանում անցկացրեց Եղիկը, ամեն տեսակ պատիվ արին նրան։ Կերուխումից հետո նա մի քանի ժամ էլ հանգստացավ և ետինքի ժամանակ ձին նստավ, ճանապարհ ընկավ դեպի հյուսիս, դեպի յուր տերը Ասլին, որը մագնիսի նման քաշում էր Եղիկի խելքը, միտքը, սիրտն ու հոգին։

Եղիկի՝ մղդսի Կյուրեղենց տանից ֆարաշը, զենքերն ու չորերը փախցրած առավոտը Ասլիին երազող դնդրոշ Մուքեն վաղ վեր կացավ, քանդեց ֆարաշի ոտքից բխովը, չվանի կաղը, շորերը հագավ, մտավ ախոռը խոտ տալու յուր նժույգին։ Ահագին խուրձը գրկած մոտեցավ Մուքեն՝ «ֆարաշ ջան, քյոհլանս» կրկնելով և մսուրքում զետեղելուց հետո երբ ձին չգտավ, մնաց ապշած։ Բխովու չվանը քաշեց և երբ նկատեց, որ ալ ձիու ոտքն էր զարկած, իսկույն կասկածեց և կանչեց․

Մղդսի՛ ապեր, Մատո՛ ամի, Պետո՛ ամի, Սեթո՛, Համո՛, Կարո՛։

Է՜յ, ի՞նչ է, ի՞նչ ես ղալմաղալ գցել, չես թողնում քնենք, ասաց Սեթոն պառկած տեղից. ի՞նչ ես դիվահարի նման մեջ գիշերին վեր կացել ու մարդու անուշ քունը հարամ սնում։

Տո՛, տղա, ե՛լ, տո՛, ու՞ր է ֆարաշը։

Ինչ ես հիմար-հիմար դուրս տալի…

Մղդսի ապեր, քյոհլանս չկա…

Իսկույն թափվեցին, քրքրեցին, դռները բացին և նկատեցին ձիու քայլերի հետքերը։ Արշալույսը արդեն բացվել էր, ղալմաղալն ընկավ տունը, պառավները վեր կացան, հարսները շորերը հագնվեցան, ծծկեր երեխաների ձայնն ընկավ, կովերն սկսեցին բառաչել, հորթերն արձագանք տվին իրենց վայրերին, նախրչիները թափվեցան, և աղմուկը սկսեց սաստկանալ։

Տո՛, տղա՛, վազեցե՛ք, այս իզով գնացեք, գոռում էր մղդսի Կյուրեղը, ցույց տալով ձիու սմբակի տեղերը յուր եղբայրներին և որդիներին…

Աղջի Սանդո, աբես բե՛ր, գոռում էր Մատո ամին յուր կնոջը։ − Տո՛, տղա է Պետո, չարըխներդ հագի՛ր, այնպե՛ս գնա,− գոռում էր պառավ տատը յուր փոքր որդուն։

− Հավա՜ր, հասե՜ք, է՛ս կողմն արեք,− գոռում, կանչում էին ամեն կողմից, և այդ ձայնը միախառնվելով անթիվ անասունների բառաչների, մայողների, կտկտոցների և խրխինջների հետ, կազմում էր մի գյուղական մուզիկա, որը սովորական է ամեն գյուղերում, մանավանդ գարնան սկզբներին, յայլա գնալուց առաջ։ Ձայները քանի գնում հեռանում էին, ավելի նվազում և քաղցր տպավորություն թողնում։ Նախիրները գյուղից բավական հեռացել էին, և Եղիկի ետևից գնացողների ձայնը էլ չէր լսվում։

Գյուղում խոսելու նյութ դարձավ. ամենքը իրար տեսնելիս գողության մասին էին խոսում և ամեն մարդ հետաքրքրությամբ սպասում էր գնացողների վերադարձին։ Կանայք հետզհետե մտնում էին մղդսի Կյուրեղենց տունը՝ մխիթարելու մտքով, նոր−նոր հարցեր տալով նրանց սիրտը ավելի վրդովում էին և գողցված իրերի պատմությունը լսելով, դուրս էին գալիս և հազար ու մի վրադիրով իրար պատմում։ Կովերը կթող հարս−աղջիկները կաթ փռելու համար մարագ գնալիս ու դառնալիս իրար հարցնում էին իրերի դրությունը և հազար ու մի ծաղրալի ածականներով կնքում Մուքեին։ Ուրիշները քթոցով շալակած ախոռի աղբը թափելիս, գոմերի թրիքը թխելու համար դուրս կրելիս հեգնական հայացքներով իրենց սիրելիներին կամ մտքում ունեցած ջահիլներին զգալ էին տալիս ամոթալի արկածը, մանիներով հազար ու մի նախատինք էին թափում անկար մարդու գլխին և վայ տալիս տիրոջը։

− Վա՜յ, ֆողը գլխուդ, մարդու ոտքից քնած տեղը ձիու կապը քանդեն ու չիմանա՜,− ասում էր մի կին յուր հարևանին։

− էդ ես ասում,− վրա էր բերում մի ուրիշը,− հագի ղանավուզ արխալուղը հանին տանեն, նա մեռելի պես տեր չյինի՞։

− Զաթի (արդեն) դնդրշկածի մեկն է, էն ինչ տղամարդ է որ,− ասում էր մեկ ուրիշ կին: Մղդսի Կյուրեղի տղեն է. հոր մալը շատ է ու տղի պակասությունները ծածկում է… Դուք ձեր դարդը քաշեցեք, ասում էր մի ուրիշը, էգուց կերթա Գյումրի, նոր շորեր կարել կտա, նոր ձի կառնե… նրանից ի՞նչ կպակսի։

Մինչև կեսօր ընկան սարից-սար, քարից-քար, վերջապես հետքը գտան, հասկացան, որ Եղիկն էր կատարել այդ ավազակությունը, որն անցկացել էր և սահմանը։

Տխրությունը պատեց մղդսի Կյուրեղին, այս անպատվությունը և կորուստը նրա սիրտը այնպես խոր խոցեց, որ նա քիչ էր մնում գժվի։ Իսկույն ձին նստավ, գրպանը լցրեց արծաթ մանեթներով և բաջաղլի ոսկիներով ու ճանապարհ ընկավ դեպի Գյումրի՝ մովրովի դուռը, իսկ Մուքեն մի քանի ձիավորով ընկավ սարեսար, անցավ սահմանը։

Գյումրի նստած մովրովը մղդսի Կյուրեղի համար հարկ եղած թղթերը գրեց, ուղարկեց Երևան, այնտեղից էլ ուղարկեցին Թիֆլիս, որպեսզի կարգադրություն անեն, էրզրումի կոնսուլին իմացնեն, որպեսզի Ղարս գրեն և գողը փնտրել տան։ Մովրովի գրասենյակի գրագիրները և թարգմանները էգուց կգան, մյուս օր կգա քու թղթերի պատասխանը, ասում էին մղդսի Կյուրեղին և բերած փայլուն բաջաղլիները և ցոլուն մանեթները մեկ-մեկ կուլ տալիս։ Խեղճ մարդ, լեզու չէր հասկանում, որ անձամբ գլխավորից կտրական պատասխան ստանար, գնար յուր գյուղը, իսկ գրասենյակի դռան քաղցած սպասավորները, десяток-ուց սկսած մինչև սեկրետարը թեթևացնում էին մղդսի Կյուրեղի գրպանը։

Աղբե՛ր, ես խո ձիու և հինգ-տասը կովի դարդը չեմ, աստված տվել, չէ խնայել, էլի տեղը կա, էլի կարող եմ ավելացնել, բայց ինձ սպանում է այս արարքը, այն քնձռոտ Եղիկը, որ փչես կգլորի, մեկ զարկես ոսկորները կփշրի, նա իմ տնից ու դռնից մալ փախցնե՜։ Այս տարածը ոչինչ, ապա թե որ գործի պոչը բաց թողնես, էգուց էլի նույն խաղը պիտի խաղա իմ գլխին։

- Մի՛ վախենալ, մղդսի ամի, մովրովը այնպես թուղթ է գրել, որ Ղարսի փաշան սատանի ծակից էլ գտնել կտա ու կուղարկի քու մալն էլ, քու գողն էլ։ Երբ ձեռքերս անցնի Եղիկը, այն ժամանակ դու տես ինչ դատաստան անել կտա պստի դիլբանդը նրա գլխուն։ Դու այսօր ինձ մի բաջաղլու տուր, մեկ անգամ նշանածիս ուրախացնեմ, քեզ ուրախացնելը՝ այս իմ վզիս պարտքը։

Be the first who will comment on this

Other parts of "Քոռ-Եղիկ"

Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online