Atrpet

Քոռ-Եղիկ

(Շիրակեցիների կյանքից)
1840-ական թ․
Ա

Տո՛, շան ցնգնած, կզրկեմ մեկ աչքդ էլ ես կքոռացնեմ, աստծու լսից կզրկեմ, - ասաց գյուղից դուրս գնացող հովվին մղդսի Կյուրեղը, աչքերը կատաղությունից չռած։ Հովիվը, որ նրան անվերջ հեգնական շարժումներով էր պատասխանել, դարձյալ ուսերը թոթովեց ու նախրի ետևից մահակը բարձրացնելով, կանչեց․ Հո՛, հո՛, հո՛։

Մդղցի Կյուրեղը ավելի կոտրված՝ կրկին պոռաց չոբանի ետևից․

Մեկ էլ դու Գալո քեհյենց դռնից անցի՛ր, տես ոտքդ կկոտրե՞մ, թե չէ։

Զը՛րթ, պատասխանեց ետ դառնալով չոբանը, որով բոլորորովին կատաղեցրեց ալևոր մղդսուն, որ առանց ամաչելու կռացավ, մի քար առավ ու շպրտեց չոբանի ետևից՝ ասելով․ ա՛յ ոչուփուչ, կեցիր, հալբաթ հախ ուզելու կգաս, թե քոռ ղռոշ ստանաս՝ դու իմ մեռելս լացուր։ Հովիվն արդեն վտակն անցել, բավականին հեռացել էր․ քարը ո՛չ միայն չհասավ, այլ հայհոյանքներն անգամ բոլորովին անլսելի մնացին։ Գլուխը շարժելով, մղդսին դարձավ դեպի տուն։

Տո՛, աշխարհը քարուքանդ եղավ, կարգն ու օրենքը վերացավ, թիզուկես լակոտին էլ չենք կրնար զսպել։ Որտե՞ղ գտնեմ Ահմադ փաշան, որն անօրեն տեղովը հասկացավ սրա ոչուփուչ հորն ու կախել տվեց․․․ Կախաղան ու ջալաթն (գլուխ կտրող դահիճ) էլ վերցավ աշխարհից: Ո՛չ մենծի պատիվ մնաց, ո՛չ պստիկի, ո՛չ համփա, ո՛չ չոբան, ո՛չ մղդսի, ո՛չ քեհյա, ո՛չ տերտեր, քուլլի հավասարվեցին պրծան։ Գող Պապիկի տղան իմ որդուս դեմ մեյդան գա ու Գալո քեհյի աղջկա վրա ա՞չք տնկե։ Քաղցած փորը զկռտում է, չլոտ արխալուղի մեջ դողում է, կյանքը անցուցել է ուրիշի դռանը ծառայելով, փորը կշտացուցել է սրա-նրա սեղանի փշրանքով, մերը խալխի բանն անելով չորացել է. մի բլբլկած տուն ունի, որ մեր հավի բնիցն էլ պստիկ է, եկել է ոտք է գցում մղդսի Կյուրեղի որդու հետ։ Տո՛, մարդու շնորհք էլ ունենա, էլի գլուխը քարը, թիզուկես բոյ անի, կաշու վրայից ոսկորները մեկ-մեկ կարելի է համրել, ռանգը արաբից չի ջոկվիլ, քսան տարին անցուցել է, դեռ երեսին տղամարդու շնորհք չկա՝ քյոսա։ Աչքի մեկը Զքեի տղերքը զարկին փչացուցին (վարդ բուսնի դրան կուրացնող ձեռքերի վրա), երեսի չեչերի մեջ բուռմ լաբլաբու գցես, ոչ մեկը վար չի թափվիլ, էդ օրին գեշ կատվի պես էլի մեջքին չի գալ ու գիշեր-ցերեկ կտրել է խեղճ Ասլի ճարն ու ճանապարհը։ Հա՛ն, ես քո մորն ինչ ասեմ, շո՛ւն ցնգներ ու անցներ ավելի լավ չէ՞ր…

Մղդսի Կյուրեղը պտպտալով փողոցից անցնելիս, նրա զայրույթը նկատեց հարևան Թորոս աղբարն ու հարցրեց. էլի ի՞նչ է եղել, մղդսի, ինչի՞ ես նեղացել…

Էլ ի՞նչ պիտի եղնի, Նեռը ծնվել է, աշխարհիս վերջը հասել։ Տո՛, գեղվորի մի մարդավարի չոբան չգտաք, գնացիք եկաք գող Պապիկի տղին բռնեցիք։ Իրիկունը նախիրը բերելիս կովին յառից գցել է, ոտքը կոտրել…

Բան մի ասիլ, մղդսի ջան, ես կկապեմ, ի՞նչ անենք, մեր աղքատն է, մենք պիտի տիրություն անենք։ Քուրդ որ բերենք՝ դրանից լավ չոբանություն անելու խո չէ ։ Փառք աստծո, դեռ մինչև օրս դրա ձեռքից մի մազիկ անգամ գողցել չեն։ Տնաշենի գյուլլի ձեռքից թարաքյամեքը «յաման-ալլահ» են կանչում։

Ինքն էլ սատկի, իրեն գյուլլեն էլ… Զաթի էդ չի՞ մեր տունը քանդողը…

Եվ ուղիղ, մղդսի Կյուրեղը վախենում էր Եղիկի գնդակից, թե չէ վաղ գնացել Գալո քեհյի աղջկա նշանն օրհնել էր տվել Տեր-Մլեին։ Գալո քեհյեն էլ հարուստ մղդսուն չէ չէր ասիլ), բայց դեռ աղջիկը փոքր էր՝ տասնևչորս տարեկան, շտապելու ի՞նչ ուներ։ Եղիկը մի քանի անգամ մղդսու որդու՝ Բարսեղի ականջում ասել էր. «Գյուլլա պաղեցնել թե չես ուզում, հե¬ ռու ման արի Ասլիից և այդ խոսքը հասել էր մղդսու ականջին։

Բ

Խլի-Ղարաքիլիսի գյուղի առվակի ամենաստորին մասում գտնվում Էր Քոռ-Եղիկի տունը, որ հոր թողած միակ ժառանգությունն էր։ Տուն ասելով պետք է իսկական բառի նշանակությամբ չհասկանալ, այլ աչքի առաջ բերել միաչքանի բոստանի բալական, հողի մեջ փորված և կոշտ ու կոպիտ քարերով երեք կողմը երեք արշինի չափ բարձրացրած, կտուրն էլ բարդու և ուռիի ճղներով մի կերպ ծածկած։ Դուռը, որ յուր հնությամբ հնագիտական արխիվը մտնելու արժանավորություն ուներ, վարից-վերից մեկ-մեկ թիզ բաց էր մնում ծածկելիս, որոնք լուսամուտի և օդանցքի տեղ էին ծառայում։ Սյովա չուներ և պատի մնացորդ մասը հինգ-վեց ջարակով կապած էր, որոնց միջոցները ներսից-դրսից թրքով ծեփել էր Եղիկի մայրը՝ Սոնա բաջին, ձմեռվա ցրտի ազատ ներս մտնելը արգելելու մտքով։ Նահապետական թոնդիրը տան մեջ էր թաղած, որի ծուխը հաց եփած ժամանակ դուրս էր գալու դռնից։ Մի կողմ մի հին խսիր էր փռած, որը Հասան խանի ավերածի ժամանակ սարդարի սարվազների ոտքի տակ քրքրվելու պատիվ էր ունեցել։ Մի կարպետ երեսով բարձ կար, որն այնքան մաշված էր, որ ավարի նյութ դառնալու չէր արժանացել Աղա Մահմադ խանի հրոսակների ձեռքը։ Թարեքի վրա մի սահան, մի լանգարի և մի թանջարա երևում էին ժանգի մեջ կորած։ Գդակալում՝ մի շերեփ, այն էլ կոտրած։ Ծալքում մութ տեղը կեղտոտ անկողնու նման մի բան էր երևում, որը կարելի էր փաթաթել և մի աքաղաղի վրա բառնալով, երեք օրվա ճանապարհ հեռու տեղափոխել, Վերջապես դռան ետևը երևում էր հայկական տների կահկարսիների պարծանքը՝ բոլորակ խոնչան, որի երկու ոտքը կոտրած էր, և հյուրերի առաջ դրվելու համար Սոնան անկյունում երկու միաչափ քարեր ուներ, որոնք լրացնում էին կարասիների պակասորդը։

Այս տունը համարյա միշտ ցերեկը դատարկ էր լինում, և, գիշերն էլ շատ ուշ ժամանակ Սոնան գալիս էր հանգստանալու, կազդուրվելու և առավոտները արշալույսին հեռանում ծառայելու ուրիշի դռները։ Ծառայելու միայն մի փոր հացի և ուրիշի հին ու նորով, պատռած֊ճեղքածով հագնվելու փորձով։ Նրա էնթարիից մի թել քաշեիր՝ հազար կարկատան կթափվեր, նրա գլխի չիթը ախտի մեջ կորած էր, միշտ բոբիկ և արմունկներն ու սրունքները մերկ, կուրծքը կիսով չափ բաց և դառնալի արտասուքով աչքերը միշտ լցված։

Գարնան ամպամած մութ գիշեր էր։ Երկինքը անընդհատ փայլատակում և գոռգոռում էր։ Տանը, քուրջերի մեջ փաթաթված պառկած էր Սոնան: Պառավր տնքում էր՝ սրտի խորքերից հառաչանքներ բարձրացնելով։ Մենք պառավ ենք անվանում Սոնային՝ համաձայն նկատողի աչքում նրա թողած տպավորության, այնինչ թշվառը քառասունհինգ տարին դեռ չէր լրացրել։ Սոնայի օջախի մուխը տարիներով դադարել էր, իսկ ճրագը ամուսնու կախվելուց հետո հանգել և չէր վառվել։ Լսի էլ կարիք չէր զգում, դատարկ տանը փնտրելու ի՞նչ ուներ։ Թեև սովորական անկողնու վրա տարածել էր յուր կարկատած շորերը, բայց դարձյալ դողում էր։ Կուչ էր եկել պառավը, գլուխն էլ ծածկել և շնչառությունը վերմակի տակ էր կատարում քիչ տաքանալու հույսով, բայց իզուր, ցուրտ ու խոնավ օդը ազատ մտնում էր նրա ծածկոցների անթիվ պատռվածքներից: Մի կատու անգամ չուներ Սոնան, որ անկողնի վրա պառկեր և թիկունքը մի քիչ տաքացներ: Մկների սնունդ չգտած տան մեջ կատուն ե՞րբ կապրի։

Թեև խռխռոցի հետ մի տեսակ հեկեկալու ձայն էր լսվում, բայց պառավը չէր լալիս, նա այնքան դառնություններ էր կրել, որ լալու և արտասվելու ընդունակությունը կորցրել էր: Ո՛չ դուռ ուներ, ո՛չ դրկից, որոնց կանչեր, և որոնք լսեին, գային իրեն օգնելու։ Կարիք էլ չկար, նրա համար սովորական էր, ամեն իրիկուն միևնույն տեսարանն էր կատարվում, միայն թե օդի ցրտության և խոնավության պատճառով երբեմն ավելի սաստկանում էր պառավի տնքոցն ու խռխռոցը։ Այդ գիշերը սաստկագույն տեսակիցն էր. պառավն անկողին մտնելուց երկու-երեք ժամ թեև անցել էր, բայց խաղաղացնող քունը դեռ վրան չէր եկել։ Ցավի սաստկությունը նրան ակամա խոսեցնում էր, պառավը դելին էր տալիս, տրտնջում էր, անիծում էր վիճակը, անիծում էր յուր ծնունդը, անիծում էր յուր բախտը, յուր թշնամիներին, յուր մարդու դահիճներին, հարստահարիչներին, մինչև անգամ երկնային դատաստանը։ Մի՞թե դեռ քիչ է, մի՞թե դեռ քաշելու եմ, աստված դավթարս գտիր ու ինձի տա՛ր, տա՛ր, տա՛ր…

Be the first who will comment on this

Other parts of "Քոռ-Եղիկ"

Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online