Alexander Shirvanzadeh

Զուր հույսեր

XIV - XV

Ռուբենից ստացած վիրավորանքը՝ Մելիք-Բարսեղյանին ստիպեց փոխել յուր քաղաքականությունը։ Մինչև այդ ժամանակ նա աշխատում էր գործը մեղմորեն և, որքան հնարավոր է, բարեկամաբար, առանց աղմուկի վերջացնել։ Այժմ, երբ նա արդնն վիրավորված և պատժված էր, երբ նրա անունը արդեն հասարակական դատաստանին էր ենթարկված, այլևս չէր կարող գաղտնիք պահել, պետք է բացարձակ պաշտպաներ իրեն։ Բայց ո՞ւմ դեմ։ Ռուբենը վրեժխնդիր է եղել յուր քրոջ համար, իսկ Մարիամը կին էր։ Բժիշկը գիտեր, որ այսպես թե այնպես ընդհանուրի համակրանքը օրիորդի կողմն է թեքվելու, եթե ուրիշ բան էլ չլիներ, գեթ այն պատճառով, որ նա մի թույլ արարած է։

Գլխավորն այն է, հանդիմանում էր մի օր նրան վաղեմի ընկերներից մեկը, որ, ինչպես ասում են, դու այդ օրիորդին թողել ես աղքատության պատճառով։

Ոչ, ոչ ու ոչ, պատասխանեց բժիշկը, չկարողանալով, վերջապես, պահել յուր սառնասրտությունը, սխալվում են ասողները, ես նրան թողել եմ բոլորովին մի ուրիշ պատճառով։

Ա՞յն է։

Պարոններ, բավական է, վերջապես, խնդրում եմ, մի՛ ստիպեք ինձ շատ էլ պարզախոս լինել։

Դու պարտավոր ես պարզ խոսել, դու պետք է քեզ արդարացնես, գիտե՞ս, որ ամենքը քեզ են մեղադրում։

Բժշկի համբերությունը միանգամայն սպառվեց և նա, մի քանի վայրկյան խորհելով, արտասանեց հետևյալը.

Ես ինձ արդարացնե՞մ, այո, կարող եմ և շատ հեշտությամբ։ Բայց, պարոններ, մի' մոռանաք, որ իմ հակառակորդը օրիորդ է, ես չեմ կարող ամեն բան ասել, չեմ կարող իմ սառչելու գլխավոր պատճառը հայտնել, հասկանո՞ւմ եք:

Վերջին դարձվածը բժիշկը մի այնպիսի խորհրդավոր եղանակով արտասանեց, որ խոսակցի սրտի մեջ մի որոշ կասկած ձգեց։ Խոսակիցը դարձվածը կրկնեց մի երկրորդի, երրորդի մոտ, և նա, բերանից բերան անցնելով, տարածվեց հասարակության մեջ։ Բամբասասերները սկսեցին զանազան ենթադրություններ անել, ենթադրություններ, որ երբեմն, համեստության սահմանից դուրս գալով, պղտորում էին մարդկային առաքինական զգացմունքը։

Ինքնապաշտպանության այս պարզ միջոցը ունեցավ յուր հետևանքը։ Շուտով բժիշկը գրավեց մի շարք կողմնակից-պաշտպաններ մասամբ այն հնամաշ օրիորդներից, որոնց վրա նա երբեմն-երբեմն ուշադրություն էր դարձնում, և մասամբ այն մայրերից, որոնք աչք ունեին նրա վրա։

Ոնց չէ, ասում էր ի միջի այլոց չորս աղջիկ ունեցող տիկին Ագամովան, ես դիփ գիտեմ, այն աներես աղջիկը ինքն է ուժով կպել։ Բժիշկը խոմ գիժ չէր, որ գնար ու այն քաղցածին ուզեր։ Անանիա ջան, միտդ է՞, որ երբ լսեցի, ասացի մի բան կա։ Տեսա՞ր։

Եվ այդ «բանը» բացատրվում էր այնքան կերպ, որքան տարբեր գլուխներ կային։

Սակայն ժամանակը հետզհետե խաղաղեցրեց թեր և դեմ խոսող լեզուներին։ Բամբասանքի նյութը սկսեց հնանալ, տեղի տալով նորանոր նյութերի։ Բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը փոքր առ փոքր սկսեց ազատվել սանձարձակ բերաններից։

Մնում էր միայն բժշկի սրտում բարոյական սուր վիրավորանքի խորին հետքը։ Նա մոռացավ բոլորը, բայց չմոռացավ հյուրանոցի դեպքը։ Մի դեպք, որ այնքան ցավալի էր նրա համար, որքան նա հռչակված էր քաղաքում։ Նա նկատում էր, որ այդ օրից հետո ոմանք, մանավանդ երիտասարդներից, ծուռ աչքով են նայում յուր վրա և ոմանք, կարծես, մինչև անգամ խույս են տալիս նրանից։ Այդ էր, որ նրան անչափ անհանգստացնում էր և ստիպում ավելի մտածել այն միջոցների մասին, որոնցով կարելի էր վերականգնել յուր պատիվը և արժանանալ ընդհանուր համակրությանը։ Եվ այս նպատակով նա սկսեց իրան ձևացնել մելամաղձոտ, մտազբաղ, մանավանդ կանանց շրջանում։

Կարծես, վիշտը տանջում է նրան, ասում էր մի տիկին։

Այո, համաձայնվում էր մի ուրիշը, շատ տխուր դեմք ունե։

Տխրությունը խիստ սազ է գալիս նրան։

Հետաքրքրելի է դարձնում։

Ես սիրում եմ հոգեկան վիշտ ունեցող տղամարդկանց։

Ես էլ։

Երբ պատահաբար բժշկի մոտ խոսում էին սիրո մասին, նա չէր մասնակցում խոսակցությանը, լուռ ու տխուր հառաչում էր և աչքերը խոնարհեցնում։

Այս ինքնահնար միջոցը որոշ ներգործություն ունեցավ և հետևանքն այն եղավ, որ բժիշկը դարձավ զգայուն կանանց ցավակցության առարկա։ Գալով «պրակտիկային», անախորժ անցքը վատ ներգործություն չունեցավ։ Ընդհակառակը, նրա անունը ավելի տարածվեց, հետաքրքիր կանայք ցանկացան նրա երեսը տեսնել։ Շատերը, հիվանդ ձևանալով, գալիս էին նրա մոտ, մի փոքր խոսում և, այցեվճարը տալով, հեռանում։

Մի օր նա, հիվանդների ընդունելությունը վերջացրած, հանգստանում էր ննջարանում, երբ ծառան ներս մտավ և տվեց մի նամակ։ Դա մի երեկույթի սիրալիր հրավեր էր Ագամովների կողմից։ Այդ օրը տիկին և պարոն Ագամովների ամուսնության երեսնամյակը լրանում էր։ Դեռ առավոտյան բժիշկը շնորհավորել էր նրանց։ Տիկինը կարծելով, որ բերանացի հրավերը մոռացած կլինի, ստիպեց ամուսնուն նամակ ուղարկել։

Ասա, որ կգամ, պատվիրեց բժիշկը ծառային։

Վերջին ժամանակ նա այդ ընտանիքում ընդունվում էր գրկաբաց, նրան ցույց էին տալիս անսովոր հարգանք և բարեկամություն։ Տիկին Ագամովան արդեն նրան համարում էր յուր երկրորդ դստեր փեսացուն։

Այս մտքով նա արդեն մի թեթև լուր տարածել էր յուրայինների շրջանում գործին հիմք տալու համար։ Բժիշկը գիտեր, որ այդպիսի լուր կա, մինչև անգամ արհեստակիցներից մեկը շնորհավորել էր նրան։ Սակայն նա տակավեն զգույշ էր։ Աոաջին փորձից խրատված, նախ քան մի որոշ քայլ անելը, նա կամենում էր ճիշտ ուսումնասիրել հանգամանքները, ունի արդյոք օրիորդ Ագամովան այնքան, որքան ասում են։

Որոշյալ ժամանակից մի ժամ անցած, գալով երեկույթ, նա Ագամովների տանը տեսավ հրավիրվածների մի բավական մեծ բազմություն։ Նրան դիմավորեցին ուրախությամբ, կարծես, ամենքը նրան էին սպասում։ Այստեղ նա ծանոթացավ մի քանի ընտանիքների հետ։ Հասարակությունը բաղկացած էր տարբեր տարրերից. կային և՛ վաճառականներ, և՛ ծառայողներ, մեկ ինժեներ, երկու կապալառու, երեք գրագիր, մի պաշտոնաթող գեներալ, մի կոմիսիոներ, մի վաշխառու, երկու ռուս և այլն։

Երեկույթը սկսվեց մի թեթև կոնցերտով։ Գրագիրներից մեկը ջութակի լարերը անխնա խարտոցում էր։ Մի ինչ-որ տիկին եռանդով ջարդում էր դաշնամուրի կլավիշներր։ Կրտսեր օրիորդ Ագամովան յուր կատվի ձայնն էր բարձրացրել։

Վաճառականը, վաշխառուն և կոմիսիոները, մի անկյուն քաշված, խոսում էին իրանց գործերի մասին։ Պաշտոնաթող գեներալի մեջքին մի բարձ դրեցին, և նա իսկույն նիրհեց։ Պարոն Ագամովը ինժեների և ուրիշ երկու հյուրերի հետ նստեց թուղթ խաղալու։

Երիտասարդ զույգերը սկսեցին պարել։ Բժիշկը հերթով տանտիրուհու աղջկերանց հետ մի-մի անգամ պարելուց հետո, շինովի մելամաղձությունը երեսին, քաշվեց մի կողմ։ Տիկին Ագամովան աչքից բաց չէր թողնում նրան։

Պարոն բժիշկ, մոտեցավ նա յուր թանկագին հյուրին, մեր տունը տխրող հյուրեր չէ սիրում։

Ես տխուր չեմ։

Լավ, լավ, ինչո՞ւ եք խաբում, խոմ ես ամեն բան գիտեմ։ Դուք և մենք մեղավոր չենք, որ աշխարհումս անամոթ մարդիկ կան։

Բժիշկը հասկացավ, թե տիկինը ինչ բան և ում է ակնարկում։

Դեհ, թողեք ձեր դատարկ հոգսերը, զվարճացեք, հրավիրեց տիկինը և, թևից բռնելով, մոտեցրեց կանանց, որոնց համար այդ պահին զվարճախոսում էր ռուս երիտասարդներից մեկը։

Մի քանի րոպե չանցած տիկինը նկատեց, որ բժիշկը սենյակի մի անկյունում առանձնացած ուրախ-ուրախ խոսում է հյուրերից մեկի հետ։ Դա վաճառական հյուրի միակ աղջիկն էր, մի դեղնադեմ օրիորդ, քսան տարեկան հասակից ոչ ավելի, որ գիտեր դաշնամուր ածել, լավ պարել, ռուսերեն մաքուր խոսել։

Բժիշկը վաղուց լսել էր նրա մասին, իմացել էր, որ հարսնացուների մեջ ամենայուղալի պատառներից մեկն է։

Տանտիկինը վախեցավ այդ վտանգավոր հարևանությունից, մեջ մտավ և հաջողեց բժշկին բաժանել օրիորդից:

Սկսեցին ընթրել։ Տանտիկինը բժշկին նստեցրեց յուր երկրորդ աղջկա Վարինկա անվանվածի մոտ և աչքը տնկեց նրա վրա։ Եվ ոչ միայն նա, այլ, նկատում էր բժիշկը, ամենքը նրանց էին նայում։ Ոմանք միմյանց բոթում էին, քչփչում և ժպտում։ Այս բոլորը կատարելապես համոզեցին բժշկին, որ ինքն արդեն Վարինկայի փեսացուն է համարվում։ Ավելի համոզվեց, երբ սեղանի կառավարիչը նրա կենացը առաջարկեց օրիորդի կենացի հետ միասին, խորհրդավոր եղանակով արտասանելով.

Թող ձեր հարևանությունը բարեկամության սկիզբ լինի...

Սակայն բժշկի միտքը ավելի վաճառականի աղջկանով էր զբաղված։ Նա գաղտնի ուշադրությամբ դիտում էր օրիորդի կերպարանքը։ Մի թեթև համեմատություն անելով յուր մտքում, նա վերջինին գերադասեց յուր հարևանից, եթե ոչ դիրքով և դեմքով, գեթ օժիտով։

Երեկույթը վերջացավ։ Բժիշկը տուն վերադարձավ բավական զվարթ տրամադրությամբ։ Երկար ժամանակ այդ գիշեր նա մտածում էր յուր մասին։ Հանգամանքները միանգամայն նրան ուրախացնում էին։ Նա տեսնում էր, թե հասարակություն ասած բանը այնքան էլ սարսափելի դատավոր չէ, որքան կարծում էր, թե շատ-շատերը, որ կարծում էր խույս կտան, դեռ ձգտում են դեպի նա։ Նա վճռեց, թե հիմարություն է պատվի խնդրի վերաբերմամբ շատ էլ մանրակրկիտ և զգայուն լինելը, թե առհասարակ նուրբ պատվասիրությունը մի տեսակ տկարամտություն է։ Արժե՞ մտածել անցած բաների մասին, արժե՞ վշտանալ մի երիտասարդի տված թեթև վիրավորանքից, երբ հասարակությունը այդ վիրավորանքը անպատվաբեր չէ համարում...

Հետևյալ օրից նա արդեն նախկին Մելիք-Բարսեղյանն էր։ Չքացան մոտիկ անցյալի տխուր մտածումները։ Վերադարձավ կրկնակի ուժով նրա եռանդը։ Թեթև հուզմունքը տեղի տվեց բնական անհողդողդ սառնասրտությանը։ Եվ նրա կյանքը սկսեց ընթանալ սովորական շավղով։

Մնում էր իբրև միակ հոգս Հալաբյանի թշնամությունը: Բայց հեգ ամուրին այն դրության մեջ էր, որ բժշկին անգամ մոռացել էր։

Դարձյալ Հալաբյանի միտքը զբաղված էր Մարիամով, դարձյալ գիշեր ու ցերեկ նրա մասին էր մտածում և օրեցօր ավելի ու ավելի կապվում յուր ցնորքի հետ։

Այժմ նա անճանաչելի էր դարձել։ Չկար այլևս նրա ինքնավստահ քայլվածքը, չկար այն խրոխտ, ինքնագոհ հայացքը, որ աջ ու ձախ ձգում էր մարդկանց վրա։ Նա ավելի էր նիհարել, ավելի գունատվել, նրա բարձր ուսերը ցած էին թեքվել, նրա կուրծքը ներս էր ընկել, կարծես, մի ամսվա մեջ նա ապրել էր տասը տարի։

Եվ դեռ սպասում էր նա, դեռ հույս ուներ, որ արժանանալու է երազած երջանկությանը։ Բայց օրերն անցնում էին և ոչ մի դեպք, ոչ մի թույլ երևույթ չէր ցույց տալիս, թե նա կհասնի յուր նպատակին։ Վերջին ժամանակ նա փողոցում երբեմն պատահում էր Ռուբենին, և հանդիպում էր նույն սառնությանը, նույն անուշադրությանը։ Բայց նա դարձյալ չէր հուսահատվում։ Նա պատահեց մի քանի անգամ նույնպես և' Մարիամին, և ամեն անգամ Սաթենիկի հետ։ Մի օր օրիորդը վերջինի հետ ձիաքարշով անցնում էր։ Ամուրին, չնայելով անացնելի ցեխին և յուր պատկառելի տարիքին, վազեց, որ ձիաքարշ նստի, չհասավ, զրկվեց օրիորդին բարևելու հաճույքից և միայն աչքերով ուղեկցեց նրան։

Նրա ականջին ևս հասել էին Մելիք-Բարսեղյանի խորհրդավոր դարձվածի պես-պես մեկնությունները։ Բայց ոչ մի չար ենթադրություն, ոչ մի վիրավորական բամբասանք Մարիամի անարատության մասին հավատալի չէր թվում նրան, որ պաղեցներ նրա սիրտը, որ ստիպեր նրան սթափվել յուր դառն ցնորքից։ Նա համոզված էր, որ այդ բոլոր լուրերը չար մտքով են տարածված։ Նա կարծում էր, թե դա իշխան Սահարունիի գործն է, նա է հնարում այդ լուրերը։ Եվ Հալաբյանը վրդովված էր իշխանի դեմ։ Նրան տեսնելիս կամ երեսը հետ էր դարձնում, կամ փոխում էր ճանապարհը, որ չբարևի։ Նա դադարել էր և՛ Սադափյաններին այցելելուց, չէր էլ մտածում Նիկողայոսից ստանալիքի մասին։ Նա մոռացել էր և յուր մյուս գործնրը։ Նրան տիրել էր մի տեսակ թմրություն։ Ոչ մի բան նրան չէր հետաքրքրում, ոչ մի տխուր կամ ուրախալի երևույթ չէր շարժում նրա սիրտը։ Պատահում էր, մոսիո Վախվախյանը մտնում էր նրա մոտ հուզված, այլայլված և պատմվում էր սրտաշարժ նորություններ քաղաքային կյանքից։ Նա, որ առաջ սիրով և հետաքրքրությամբ էր լսում այդ նորությունները, ուրախանում էր երբ հարկավոր էր, տխրում երբ հարկավոր էր, այժմ մնում էր անտարբեր, լուռ, նրա դեմքի մկանունքն անգամ չէին շարժվում։

Եվ Վախվախյանր չգիտեր վշտանար, թե զարմանար յուր տեսածի վրա։ Ամեն օր նա վազում էր Ախշարումյանի մոտ և պատմում Հալաբյանի հոգեկան դրության մասին, ավելացնելով, որ օրեցօր ավելի վատանում է նա։ Մի քանի անգամ Ախշարումյանը ինքն այցելեց ամուրիին և տեսավ, որ, արդարև, ցավալի է նրա դրությունը։

Գնանք արտասահման, առաջարկեց նա մի անգամ Հալաբյանին։

Ինչո՞ւ։

Մի քիչ ման կգանք, ժամանակ կանցկացնենք։ Մի քաղաքում երկար ապրելը մարդուս բթացնում է։ Հալաբյանը գլուխը բացասաբար շարժեց, հառաչելով և տխուր ժպտալով։ Եվ այդ հառաչանքն ու ժպիտը այնքան սրտաշարժ էին, որ Ախշարումյանը, այն մարդը, որ միշտ ծաղրաբար էր վերաբերում դեպի յուր ընկերոջ զգացմունքը, սկսեց անկեղծ ցավակցել նրան։ Այդ օրը նա վճռեց օգնել Հալաբյանին՝ ազատել նրան յուր ծանր վշտից։

Իշխան, դարձավ նա մի օր Սահարունիին, մեր Մեխակի դրությունը շատ ցավալի է, օրեցօր նա նիհարում խեղճանում ու պառավում։

Լավ, ե՞ս ինչ անեմ։

Դու և՛ ես նրա բարեկամներն ենք, ու պետք է խելք-խելքի տանք և նրա միտքը մի ուրիշ բանով զբաղեցնենք։ Ես համոզված եմ, եթե նա այդպես շարունակի, մի օր կխելագարվի։ Ափսոսում եմ, որ մինչև հիմա ես ծաղրաբար եմ վերաբերվել, մարդը, ոչ դես, ոչ դեն, սիրահարված է և շատ վատ է սիրահարված։

Սիրահարվե՜լ, խելագարվե՜լ, կրկնեց իշխանը, ցարձրաձայն ծիծաղելով, նու, բարեկամ, ինչպես տեսնում եմ, դու նրանից պակաս խելոքը չես։ Դո՞ւ էլ սեր ես անվանում այդ։

Բա՞ս։

Ոչ, սիրելիս, այդ կիրք է, հասկանո՞ւմ ես, քառասուն ու երեք տարեկան կիսամաշ մարդու կիրք, վիրավորված ինքնասիրության հետ խառն։ Է՜էէ, երևակայիր գործ և զբաղմունք չունեցող մի հարուստ ամուրի, որ մի անգամ վճռել է ձեռք բերել մի սիրուն աղջկա, չէ կարողանում նպատակին հասնել և տանջվում է, պրծա՜վ գնաց։ Եթե ինձ ես հարցնում, թող տանջվի, նա խղճալու մարդ չի։ Նա հիմար է, այ մարդ, հիմար, ընկել է մի աղջկա հետևից, որի երեսի պատկառանքը… նու… մի ուրիշն է լիզել։

Իշխա՞ն, արտասանեց Ախշարումյանը զարմացած, ի՞նչ ես դուրս տալիս, չէ՞ որ այդ աղջիկը ազգականդ է։

Ազգակա՜ն, շատ հարկավո՞րս են այնպիսի ազգականները, որ ութ տարի քրոջս հաշվով ապրելուց հետո, հիմա քաղաքում լուր են տարածել, թե փեսաս նրանց զրկել է հոր ժառանգությունից։

Միթե այդ ճշմարի՞տ չէ։

Այնքան է ճշմարիտ, որքան այն, որ նրանց հայրը ժառանգություն է թողել։ Շանտաժ է, բարեկամս, անխիղճ շանտաժ, որի համար հիմա աստված պատժում է նրանց քույր և եղբայր քաղցած զկրտում են։ Լսիր, եթե ընկեր ես, եթե ուզում ես Հալաբյանին օգնած լինել, համոզիր նրան, որ ձեռք վերցնի այդ աղջկանից, թե չէ կփոշմանի, շատ կփոշմանի։ Ասա այն հիմարին՝ խելքի գա և հասկանա, որ եթե մի անգամ վճռել է տխմարանալ, այսինքն ամուսնանալ, թող իմ առաջարկած աղջկան ձեռքից բաց չթողնի։

Չլինի՞ քրոջդ աղջկա մասին է խոսքդ։

Նու, հենց դիցուք նրա մասին է, չարժե՞ տասը Մարիամի։ Այդ հիմարը առաջ նրա հետևից էր ընկած, չեմ իմանում, ինչ պատահեց, թողեց հանկարծ ու կպավ մեկին, որին մարդիկ էլ մոռացել են, աստված էլ։ Տո', մեկ հարցրու նրանից, եթե այդ աղջիկը լավ պտուղ էր, ինչո՞ւ բժիշկ Մելիք-Բարսեղյանը թողեց նրան։ Ի՞նչ երևելի մարդ է այդ բժիշկը, հա՛ հա՛ հա՛։

Այսուհետև շատ ուշ է փոխել Հալաբյանի միտքը։ Երկուսից մեկը կամ պետք է մի կերպ անել, որ նա յուր նպատակին հասնի, կամ պետք է այս քաղաքից հեռացնել նրան։

Եթե դու կօգնես կամ կցանկանաս, որ առաջինը լինի ոչ իմ բարեկամս ես, ոչ Հալաբյանինը, լավ իմացիր, ասաց իշխանը և հեռացավ։

Իշխանի այս ծայրահեղ գրգռման պատճառն այն էր, որ Հալաբյանի վարմունքը դեմ էր նրա շահերին։ Տիկին Սոփիոն բացարձակ խոստացել էր նրան՝ Նատալիայի բանը հաջողեցնելուց հետո, յուր ամուսնուն համոզել, որ սա երաշխավոր լինի իշխանի համար մուրհակով բանկից մի քանի հազար վերցնելու։ Այնինչ իշխանը, նայելով Հալաբյանի դրությանը, տեսնում էր, որ հազիվ երբևէ հաջողություն ունենա յուր շահավետ ձեռնարկությունը։ Այս էր պատճառը, որ նա վրդովված էր և՛ Մարիամի դեմ, որ, հարկավ, գլխավոր խոչընդոտն էր։

Մի անգամ իշխանը այս հուզված դրությամբ պատահեց Ռուբենին։ Նորին պայծառափայլությունը հարկավոր համարեց նախ նրա հետ խոսել իբրև ազգական, ապա սկսեց հանդիմանել նրան, անվանելով երախտամոռ յուր հորեղբոր ընտանիքի վերաբերմամբ։

Դուք ինձ խրատո՞ւմ եք, հարցրեց Ռուբենը հեգնաբար։

Ես հիշեցնում եմ ձեզ ձեր բարոյական պարտքը, գոչեց իշխանը, ավելի գրգռվելով, որ դուք այնպես մոռացաք։

Շատ պատասխանատու դեր եք կատարում, ձերդ պայծառափայլություն, արտասանեց Ռուբենը վիրավորված։

Ի՞նչ, չլինի թե դուք ինձ անընդունակ եք համարում խրատել մի թեթևամիտ պատանու և մի անփորձ աղջկա։

Թե՛ պատանին և թե՛ աղջիկը կարոտ չեն ոչ ձեր և ոչ ուրիշների խրատներին։

Իշխանը կատաղեց, նայեց խորին արհամարհանքով երիտասարդին ոտից մինչև գլուխ և արտասանեց. Սիրելիս, շատ ես քինթդ վեր ցցում, վաղո՞ւց է, որ այդքան մեծացել ես:

Իշխան, պատասխանեց Ռուբենը, մի կերպ զսպելով իրան, ճիշտը չգիտեմ ինչ, բայց համոզված եմ, որ ազգակցական զգացմունքը չէ ձեզ իմ և քրոջս դեմ գրգռողը… Անշուշտ մի ուրիշ պատճառ ունեք: Ես ձեր մասին մի բան էլ լսել եմ, բայց չեմ ուզում հավատալ, այդ արդեն չափազանցություն կլիներ…

Մի քանի վայրկյան իշխանը աչքերը լայն բաց արած նայում էր Ռուբենի երեսին։

Ի՞նչ եք լսել, հարցրեց նա վերջապես։

Ռուբենը լուռ էր։ Իշխանը կրկնեց, երեքնեց յուր հարցը։

Այն ժամանակ Ռուբենը հուզված և վշտացած հայտնեց այն բանը, որին ինքն էլ արդարև չէր հավատում, որքան և վատ կարծիք ուներ իշխանի մասին։ Հայտնեց, թե լսել է, որ իշխանը կողմնակի կերպով ոմանց մոտ անվանարկել է Մարիամին։

Կրկնում եմ, ես չեմ հավատում լսածիս, չեմ հավատում, որ դուք այդքան վատ եք։

Իշխանը փոքր-ինչ շփոթվեց, ամաչեց, զգալով, որ իրավ յուր լեզվին շատ է ազատություն տվել։ Նա հանձն չառավ, նա հետ կանգնեց յուր ասածից։ Եվ որպեսզի ավելի համոզի Ռուբենին, որ ինքը արդար է, ցույց տվեց անարդար մարդու կեղծ֊արդարացի կատաղություն։

Կասկածել մի վայրկյան, որ ես, իշխան Սահարունիս, գոչեց նա, աչքերը պսպղացնելով, որ ես, իշխան Սահարունիս, ընդունակ եմ բամբասելու մի օրիորդի, լինի նա ազգականս, թե բոլորովին օտար, կրկնում եմ, կասկածել մի վայրկյան անգամ այդ մասին կնշանակե ինձ անպատվել։ Ամոթ է ձեզ համար, Ռուբեն, ամոթ է, որ այդպես անպատվում եք ինձ։

Եվ յուր կեղծիքը թաքցնելու համար շտապեց հեռանալ: Սակայն Ռուբենը զգաց, որ իշխանը այդ բանում շատ էլ արդարացի չէ, որ անկասկած նա մասն ունի Մարիամի մասին տարածված տմարդի լուրերում։ Լուրեր, որ որքան և մութ և մեղմացրած կերպով էին հասնում սիրող եղբոր ականջին, բայց և այնպես պատճառում էին նրան մի ծանր վիշտ և ստիպում ավելի կատաղել այդ բոլորի սկզբնապատճառ բժշկի դեմ։ Հարկավ, նա յուր լսածը չէր հաղորդում Մարիամին։ Բայց նրա դեմքից, նրա խոսակցության ձևից, քույրը կանացի բնազդմամբ մասամբ գուշակում էր նրա սրտի ճնշող գաղտնիքը։ Եվ նա յուր ցավի վրա ավելացնում էր յուր եղբոր ցավը։ Խղճի խայթոցի պես մի բան, թե ինչու յուր պատճառով պետք է բարոյապես տանջվի և՛ եղբայրը։ Դրդված դեպի Ռուբենը տածած փոխադարձ սիրուց, նա վերջին ժամանակ ամեն ջանք գործ էր դնում յուր վիշտը մոռանալ, կամ գոնե ուրախ լինել այն պահին, երբ Ռուբենը յուր մոտն էր։ Այս պատճառով նա խաբում էր եղբորը։ Նա՛, որ անտարբեր էր հոգով և սրտով դեպի բոլորը, մերթ գովում էր Ռուբենի մի ընկերոջը, մերթ մյուսին, ցույց տալու համար, թե դեռ կարող է սիրել մի ուրիշին։ Ազնիվ խաբեության միջոցը ճիշտ էր ընտրված, և Ռուբենը ուրախանում էր, որ Մարիամը դեռ գիտե հետաքրքրվել ուրիշ երիտասարդներով։

Մի օր, իրիկնադեմին, մասնավոր դասից տուն վերադառնալով, պատշգամբի վրա Ռուբենի ականջին յուր սենյակից հասավ մի ձայն, որ, կարծես, վաղուց, շատ վաղուց նա լսել էր։

Նա շտապեց ներս։

Մարիամի և Սաթենիկի հետ, նրա սեղանի մոտ, նստած էր մի անծանոթ մարդ, հասարակ սև հագուստով։ Դա բավական լայն թիկունքով, դեմքի խոշոր գծագրությամբ, թուխ աչքունքով և խիտ մորուքով մի երիտասարդ էր, որի երեսի կաշին կրում էր բաց օդի, արևի, քամու հետքը։

Տեսնելով Ռուբենին, անծանոթը ժպտալով, ծանրաբարո ոտքի կանգնեց, երևան հանելով յուր բարձր հասակը և ամուր կազմվածքը։ Մի քանի վայրկյան Ռուբենը զարմացած նայում էր նրա երեսին։ Հանկարծ նրա զարմանքը փոխվեց երկյուղի, և ակամա, մի քայլ հետ դնելով, բացականչեց.

Բագրատյա՜ն...

Նա ինքն է, գոչեց անծանոթը և, յուր լայն թևերը բանալով, գրկեց Ռուբենին...

XV

Բագրատյանի երևալը Ռուբենին մի այնպիսի ցնցումն պատճառեց, որ երկար ժամանակ այլայլված նայում էր նորեկին ոտից մինչև գլուխ։

Նրա առաջ կանգնած էր յուր պատանեկան ընկերներից մեկը, որին մոտ ութ տարի չէր տեսել և որին երեք տարի մեռած, անհետացած էր համարում։

Երբ Ռուբենը գիմնազիստ էր, Բագրատյանը ուսանում էր ռեալական դպրոցում։ Մի օր նրանք ծանոթացան, և անմիջապես երկուսի մեջ հղացավ փոխադարձ համակրություն։

Բագրատյանը գյուղական հասարակ ընտանիքի զավակ էր, կրթություն էր ստանում մի բարեգործ ազգականի օժանդակությամբ։ Հասակով յուր հասակիցներից մեծ, ուսման մեջ շատերից հետ մնացած, այդ պատանին ուներ հատկություններ, որ առանձին դիրք էին տալիս նրան ընկերական շրջանում։ Մինչ դասակիցները զբաղված էին իրանց ուսումով, նրա ուղեղը ոգևորված էր այլ բաներով։ Տասնուչորս տարեկան հասակից սկսած նա պարապում էր մի շարք գրքերի ընթերցանությամբ, որ ոչինչ կապ չունեին դպրոցական ուսման հետ։ Եվ այդ գրքերի ազդեցության ներքո նրա մեջ պատրաստվում էին այն ձգտումները, որ ապագայում նրա բնորոշ հատկանիշներն էին կազմում։ Նկատելի էր, բնությունից առանց այն էլ սակավախոս պատանին օրեցօր ավելի լռիկ է դառնում, ավելի մտազբաղ և հետզհետե նրա պայծառ ճակատը սքողվում է մի մռայլ ստվերով։ Մի անգամ աշակերտներից մի քանիսը նրան տեսան ուսումնարանի հետևում մի պատի տակ նստած արտասվելիս։ Ոչ ոք չէր կարծում, թե նա այնքան փափկասիրտ է։ Հարցրին պատճառը։ Նա, հուզված, տվեց նրանց մի հայ լրագիր, ուր նկարագրված էր Տաճկական-Հայաստանում եղած հարստահարությունների մի դեպք։

Դեռ հինգերորդ դասատան աշակերտ էր, երբ մի օր հրավիրեց նա յուր աղքատիկ սենյակը ամենամոտիկ ընկերներին։ Այստեղ նա հաղորդեց նրանց այն, որ վաղուց նրա մտախոհության նյութն էր կազմում։ Հայտնվեց, որ մասամբ անընդունակ, մասամբ ծույլ համարված աշակերտի պատանեկան ուղեղը յուրացրել է և սիրտը ջերմ կերպով ընդունել մի ծանր գաղափար, որով պետք է նոր-նոր տոգորվեր ժամանակակից թարմ սերունդը։ Նրա միտքը հասկացան միայն հինգ-վեց հոգի, որոնց թվում և՛ Ռուբենը։ Բնականաբար կազմվեց համամիտ և համագաղափար ընկերների մի սուղ շրջան։

Բագրատյանն էր այդ շրջանին ուղղություն տվողը, ոգի ներշնչողը, պարագլուխը։

Ապագայում Ռուբենը հաճախ հիշում էր այն բարձրահասակ, կայտառ, սևաթույր աչքերով գյուղացի պատանուն, որ յուր զորեղ կամքով, կորովի բնավորությամբ բոլոր ընկերակիցներին հարգանք էր ներշնչում։ Հիշում էր, այդ պատանին ուներ յուր մեջ ինչ-որ մի դյութական ուժ, որ կամա-ակամա բոլորին հպատակեցնում էր։

Ոչ ոք չուներ շրջանի մեջ այնքան կշիռ, որքան նա, ոչ ոքի կարծիքը այնքան հեղինակություն, որքան նրանը։

Եվ ինքը՝ Բագրատյանը, զգում էր այդ։ Գուցե հենց դա էր պատճառը, որ օրեցօր նրա մեջ զարգանում էր մի տեսակ բռնակալական ձգտումն, ձգտում, որ հարգանքի հետ թույլերին ներշնչում էր և՛ ատելություն, և՛ նախանձ, որոնք սակայն բնավ բացարձակ կերպով չէին արտահայտվում։

Ավարտելով միջնակարգը, Բագրատյանը դիմեց բարձրագույն կրթության Ռուբենից երկու տարի առաջ։

Այնուհետև նրանք այլևս չտեսան միմյանց: Թե ինչ պատահեց Բագրատյանին հետո ճիշտ չգիտեր Ռուբենը, նույնպես և ոչ ոք։ Հայտնի էր միայն, որ նա տարի ու կես Պետերբուրգի տեխնոլոգիական ճեմարանում ուսում առավ, հետո արտաքսվեց։ Այնուհետև նրա մասին եղած տեղեկությունները հակասում էին միմյանց...

Մի օր հանկարծ լուր տարածվեց, թե նա մեռել է օտար երկրի մի հետ ընկած ավանում և թաղվել օտար քահանայի ձեռքով։ Բոլորը հավատացին այդ լուրին։ Բագրատյանը մոռացվեց։ Ոչ ոք չէր հիշում նրա անունը և եթե հիշում էր, շատ թույլ, սառնարյուն կերպով, իբրև վաղուց չքացած մի բան։ Եվ հանկարծ մեռածը երևան է գալիս, անձամբ ներկայանում է յուր ընկերներից մեկին։

Դեպքը անսպասելի էր, ազդեցությունը ուժգին։

Պատմի՛ր, որտե՞ղ էիր, գոչեց Ռուբենը շնչասպառ հետաքրքրությամբ, երբ փոքր-ինչ սթափվեց ապշությունից։

Նորեկի վայրկենաբար պարզված դեմքը իսկույն քողարկվեց այն մթին ստվերով, որ, ըստ երևույթին, մշտական էր։

Մարիամը և Սաթենիկը տակավին չգիտեին Ռուբենի հանկարծակի և երկարատև այլայլման պատճառը։ Զարմացած մտիկ էին անում մերթ մեկի, մերթ մյուսի երեսին։

Մեռած էիր և կենդանացա՞ր։ Եթե սնահավատ լինեի, երկյուղից պետք է խելագարվեի, կարծելով, որ իմ առաջ կանգնած է ուրվականդ։

Նորեկը նստեց, հրավիրելով Ռուբենին ևս նստել։ Նա տակավին լուռ Էր:

Ութ տարի բարեկամներից և ընկերներից անհայտ ապրել մեր դարում, թույլ տալ, որ չար լեզուները չար լուրեր տարածեն, չհերքել այդ լուրերից ամենասարսափելին, չուրախացնել ընկերներիդ ասա՛, ի՞նչ է նշանակում այդ գաղտնիքը։

Նշանակում է, խոսեց, վերջապես, Բագրատյանը, հառաչելով, որ այդ բոլոր լուրերը անհիմն չէին, ես չէի կարող հերքել։

Ի՞նչ, մի՞թե դու ինձ պետք է հավատացնես, թե երեք տարի մեռած էիր:

Այո', մեռած էի, թեև շնչում էի…

Ռուբենը կարծեց, թե նա կշարունակե։ Բայց ոչ. նա կանգ առավ, նայեց Մարիամին և Սաթենիկին։ Պարզ էր. նա չէր կամենում օրիորդների ներկայությամբ խոսել։

Այնինչ Մարիամի և Սաթենիկի զարմանքը փոխվեց բուռն հետաքրքրության։ Նրանք անթարթ աչքերով նայում էին նորեկի բերանին։

Առանձին անհամբերություն էր արտահայտում Մարիամի դեմքը։ Եվ երբեք վերջին ժամանակ ոչ ոք չէր գրավել նրա ուշադրությունը այնպես, որպես այդ խորհրդավոր հյուրը։

Ռուբենը զսպեց յուր հետաքրքրությունը, թողեց յուր հարցուփորձը, տեսներով, որ Բագրատյանը ակամա է խոսում։ Այն ժամանակ նորեկը ինքը հետաքրքրվեց Ռուբենի ներկա կացությամբ և բավականացավ վերջինի համառոտ պատասխաններով։

Ազատ ժամանակ ունե՞ս, հարցրեց նա հանդարտ:

Ունեմ։

Գնանք մի քիչ զբոսնելու։

Այս ցրտով և քամո՞վ։

Փույթ չէ։

Ռուբենը դուրս եկավ նրա հետ։ Մարիամը և Սաթենիկը մնացին առանձին։ Քանի մի վայրկյան նրանք լուռ նայում էին նախ՝ պատուհանի միջով Բագրատյանի հետևից, մինչև աներևույթացավ վերջինի լայն թիկունքը իրիկնային կիսամթում, ապա՝ միմյանց երեսին։

Ի՜նչ տարօրինակ մարդ էր, արտասանեց վերջապես Սաթենիկը։

Այո՛, տարօրինակ և երկյուղալի։

Ես կարծում եմ, որ այդ մարդը մի հասարակ մարդ չէ, սկսեց ենթադրություններ անել Սաթենիկը։ Դու նկատեցի՞ր, նա ինչպես ակամա էր պատասխանում եղբորդ հարցերին։ Կտեսնես, այդ մարդու անցյալում մի բան կա, նա այժմ էլ մի շատ ծանր հոգս պետք է ունենա։ Ո՞վ պետք է լինի:

Մարիամը լուռ էր։ Անսպասելի հյուրը երկուսի վրա ևս խորին տպավորություն էր գործել։ Մեկը յուր տպավորությունը հաղորդում էր լսելի ձայնով, մյուսը լուռ խորհում էր մտքում։ Հարկավ, ոչ մեկը չկարողացավ գաղտնիքը հասկանալ։

Արդեն ուշ երեկո էր, երբ Ռուբենը տուն վերադարձավ: Երբեք նա այդպես ուշացած չէր դրսում, այն օրից, երբ քրոջ հետ առանձին էին ապրում։

Մարիամը միայնակ սպասում էր նրան անհամբեր և երկյուղով։ Նա ներս մտավ միանգամայն այլափոխված։ Նրա միագույն այտերի վրա երևում էր մի անսովոր կարմրություն, նրա աչքերի մեջ փայլում էր մի տեսակ կենդանացուցիչ հուր։ Նա նյարդային քայքայված դրության մեջ էր: Նա գլխարկը մի կողմ շպրտեց և նստեց սեղանի մոտ։

Ո՞րտեղ էիր, հարցրեց Մարիամը։

Տեսա՞ր, տեսա՞ր այն մարդուն, գոչեց Ռուբենը, տեր աստված, ինչ ուժ, ինչ կրակ, այդքան նեղություններ քաշել և այդչափ կենդանի հոգի ունենալ… Ի՞նչ եմ ես և ինձ նմանները այդ մարդու մոտ։

Արտասանելով այս խոսքերը ավելի ինքն յուր, քան Մարիամի համար, նա ոտքի կանգնեց և սկսեց շտապ֊շտապ անցուդարձ անել։

Դու չես կարող երևակայել, շարունակեց նա, դառնալով քրոջը, այդ մարդը ինչքան է տանջվել յուր կյանքում։ Մազերս փշաքաղվում էին, երբ լսում էի նրա չոր ու ցամաք պատմությունը։

Վայրկյան առ վայրկյան Մարիամի հետաքրքրությունը բորբոքվում էր։ Նա ձգտում էր իմանալ Բագրատյանի կյանքի պատմությունը, նա փափագում էր լսել այն բոլոր նեղությունները, որոնց մասին այնպես հուզված խոսում էր Ռուբենը։ Սակայն հատուկտոր դարձվածներով Ռուբենը ավելի յուր ոգևորությունն էր արտահայտում, քան մի կանոնավոր բան պատմում։

Այսքանը պարզվեց նրա բոլոր ասածներից։ Տեխնոլոգիական ճեմարանից արտաքսվելուց հետո Բագրատյանր զրկվում է յուր բարեգործի օժանդակությունից։ Նա ընկնում է հետին աղքատության մեջ։

Ճարահատված նա շատ չափավոր ռոճիկով մտնում է մի կալվածատիրոջ մոտ կառավարչի պաշտոնով։ Բայց այստեղ ևս հանգամանքները դավաճանում են նրան։ Կալվածատերը կասկածում է նրա անցյալի մասին և քաղաքավարի կերպով հրաժարեցնում պաշտոնից։ Նա գաղթում է ուրիշ քաղաք…

Ամեն տեղ կրել է քաղցածություն, ցուրտ, մերկություն։ Ամեն տեղ մարդկանց անտարբերությունը եղել է նրա ընկերը։ Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով։

Ռուբենը տխուր ժպտաց։

Իզուր, Մարո, իզուր, արտասանեց նա հառաչելով, և առանց որևէ հանցանքի։

Խորհրդավոր հյուրը այնքան գրավել էր Մարիամի միտքը, որ նույն գիշեր օրիորդը երկար ժամանակ նրա թողած տպավորության տակ էր։ Նրա աչքի առաջից չէր հեռանում մի տեսակ կիսաառասպելական մշուշով վարագուրված երիտասարդի կերպարանքը։ Ո՞վ է նա իսկապես, ինչո՞ւ է եկել, ո՞ւր պիտի գնա տակավին չպարզված այս հարցերը ակամա հետաքրքրում էին նրան։ Ռուբենի ասածից իմացավ նա, ի միջի այլոց, որ այդ երիտասարդը նրա պատանեկան ընկերներից մեկն է եղել, բայց որքան աշխատեց, չկարողացավ մտաբերել` տեսե՞լ է արդյոք մի տեղ նրան, չհիշեց անգամ նրա ազգանունը։

Անցավ երկու օր։ Բագրատյանը կրկին երևեցավ։ Այս անգամ նրա դեմքը այնքան մռայլ և խոժոռված չթվաց Մարիամին, որքան առաջին օրը, երբ անծանոթը ներս մտավ, հարցրեց Ռուբենի տեղը և նստեց նրա վերադարձին սպասելու։

Հաջողվե՞ց, հարցրեց Ռուբենը խորհրդավոր եղանակով, հենց որ ներս մտավ Բագրատյանը։

Հույս կա, պատասխանեց նա։

Նրանք լռեցին։ Ռուբենի անհամբեր հարցը, Բագրատյանի կտրուկ պատասխանը ավելի գրգռեցին Մարիամի հետաքրքրությունը: Նա ենթադրեց, որ նրանց խոսքը անշուշտ մի շատ նշանավոր գործի մասին է։

Բագրատյանը հրավիրված էր ճաշի, Ներկա էր և՛ Սաթենիկը, որ դիտմամբ եկել էր յուր հետաքրքրությանը քիչ թե շատ գոհացումն տալու։ Սակայն այս անգամ ևս օրիորդները չիմացան ավելի, քան Ռուբենի պատմածը Մարիամին։ Ճաշի ժամանակ խոսակցությունը պտտում էր երկու երիտասարդների նախկին ընկերների մասին, Բագրատյանը հետաքրքրվում էր, Ռուբենը յուրաքանչյուրի մասին տեղեկություն էր տալիս։

Իսկ ո՞րտեղ է Մելիք-Բարսեղյանը, հարցրեց հանկարծ նորեկը, հիշո՞ւմ ես, դու նրան միշտ պաշտպանում էիր ինձ մոտ։

Բարեբախտաբար այդ պահին Մարիամը անցել էր խոհանոց, ուր նա զբաղված էր համեստ սեղանի երկրորդ և վերջին համեստ կերակրի պատրաստությամբ։

Նա այժմ բժիշկ է, պատասխանեց Ռուբենը։

Թիֆլիսո՞ւմն է։

Այո։

Փոխվե՞լ է, թե՞ նույն եսամոլն է մնացել, ինչ որ գիմնազիայում։

Դու ինքդ կտեսնես և կիմանաս։ Ներս մտավ Մարիամը կերակուրի ամանը ձեռին։

Սաթենիկը վայրկյան առաջ կարողացավ մի միջանկյալ խոսքով բժշկի անունը դուրս հանել խոսակցությունից։

Դուք երկա՞ր կմնաք Թիֆլիսում, հարցրեց նա։

Հայտնի չէ, պատասխանեց հյուրը։

Նա լռեց։ Սաթենիկը փորձեց մի որևէ խոսակցությամբ զբաղեցնել նրան, աշխատելով, վերջապես, որ նա փոքր֊ինչ ազատություն տա յուր ժլատ լեզվին։ Սակայն Բագրատյանը ավելի ինքն էր հարցնում, քան իրան առաջարկած հարցերին պատասխանում և առհասարակ ավելի լսում էր, քան խոսում։

Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա շտապեց հրաժեշտ տալ, դարձյալ Ռուբենին յուր հետ տանելով։

Այս անգամ Ռուբենը տուն վերադարձավ ավելի ուշ։ Հետևյալ օրը նա զարթնեց շատ վաղ, տնից դուրս գնաց սովորականից մի ժամ առաջ. տուն եկավ սովորականից մի ժամ ուշ։ Նկատելի էր, որ նա մի բանով զբաղված է, մի բանով, որ չէր կամենում ոչ ոքի հաղորդել։ Մարիամի հետաքրքրությունը փոխվեց երկյուղի։ Նա վախենում էր Ռուբենի մասին, նա զգում էր, որ եղբոր տարօրինակ տրամադրության պատճառը Բագրատյանն է։ Նա փորձեց խոսել Ռուբենի հետ այդ մասին, մի որոշ հետևանքի չհասավ։ Միևնույն ժամանակ, նա ցանկանում էր դարձյալ տեսնել Բագրատյանին, այնինչ վերջինը հինգ օր էր չէր երևում։ Ինչո՞ւ նա դադարեց քեզ մոտ գալուց, հարցրեց մի օր նա Ռուբենից։

Այսօր կգա։

Մարիամը թեթև երկյուղի հետ զգաց և՛ մի անորոշ ուրախություն։

Ռուբեն, ինչո՞ւ ինձանից թաքցնում ես, թե ինչ գործով է զբաղված այդ Բագրատյանը։

Սիրելիս, պատասխանեց եղբայրը, փոքր-ինչ ձանձրացած քրոջ անչափ հետաքրքրությամբ, առայժմ չեմ կարող ասել։ Բայց կիմանաս, շուտով կիմանաս...

Խոստովանում եմ, նրա լռությունը, նրա կերպարանքը ինձ վրա մի տեսակ երկյուղ է ազդում։ Եթե չլիներ նրա աչքերի խորշում մի բարի և ազնիվ փայլ, ես պետք է կասկածեի նրա մասին։

Բարի և ազնիվ, կրկնեց Ռուբենը զգացված, ոչ ոք մեր ընկերներից Բագրատյանի չափ չի եղել և այժմ էլ չէ բարի և ազնիվ։ Բայց նա ունի մի ուրիշ հատկություն, որ շատ և շատ բարձր է այդ առօրյա առաքինություններից։ Մարո, նա հազվագյուտ մարդ է։

Ճաշից հետո եկավ Բագրատյանր։ Այս անգամ նա Ռուբենի հետ առանձնացավ վերջինի սենյակում և այնտեղ խորհրդակցում էին։

Հիվանդոտ հետաքրքրությունը հանգիստ չէր թողնում Մարիամին։ Նա չէր զգում, որ հետզհետե անգիտակցաբար մոռանում է յուր հոգսերը, յուր մտածությունները, և ավելի ու ավելի զբաղվում այդ երիտասարդով։ Նա չէր զգում, որ անսպասելի հյուրի զարթեցրած հետաքրքրության զգացումը այնքան զորեղ էր, որ նսեմացնում էր մի ուրիշ զորեղ զգացում նրա սրտի ամենախորին վիշտը։

Ռուբենի սենյակի դռները բացվեցին, Մարիամը ներս հրավիրվեց։ Բագրատյանր նստած էր անշուք և փոքրիկ թախտի վրա, ոտը ոտի վրա ձգած, կռները կրծքին ծալած։ Ամբողջ նրա կերպարանքը այդ վայրկյանին արտահայտում էր մի անթափանցելի սառնություն։ Մարիամը զգաց մի ճնշումն, մի ծանր բան յուր սրտում: Այդ մարդու ներկայությունը մի անհասկանալի ուժով խլում էր նրա համարձակությունը և չէր թույլ տալիս նրան մինչև անգամ ազատ շրջել, ազատ խոսել նույնիսկ յուր եղբոր հետ։ Նա, կարծես, վախենում էր ուղիղ նայել հյուրի երեսին, բայց բոլոր ուշք ու միտքը կենտրոնացրած էր նրա վրա։

Տանտիրոջ պատանի ծառան, որ օգնում էր Մարիամին խոհանոցի գործերում, ներս բերեց սամովարը: Մարիամը թեյ պատրաստեց և առաջարկեց։ Բագրատյանը յուր կոշտացած ձեռքով վերցրեց մատուցարանի վրայից մի բաժակ, դրեց յուր մոտ։ Հոգով փափագում էր Մարիամը խոսել նրա հետ, բայց լեզուն չէր զորում։ Նա չգիտեր ինչի մասին խոսել և ինչպես սկսել։ Թվում էր նրան, որ այդ մարդուն զբաղեցնելը դժվար է, որ նա հասարակ խոսակցությունից կարող է ձանձրանալ։ Նրա առաջ նստած էին երկու կատարյալ հակատիպեր, մեկը Ռուբենը, դարձյալ հուզված, վառված ինչ֊որ մտքերով, պատրաստ ամեն վայրկյան խոսելու, մյուսը Բագրատյանը, սառն, հանդարտ, սակայն այդ սառնության և հանդարտության մեջ ավելի ազդու, անգամ երկյուղալի։

Որքան հիշում եմ, օրիորդ, ես ձեզ առաջ տեսել եմ, դարձավ Բագրատյանը Մարիամին, առաջին անգամ։

Ի՞նձ, կրկնեց Մարիամը, շփոթվելով, ե՞րբ, ո՞րտեղ։

Մոտ տասը տարի առաջ, Ռուբենի հետ, ձեր ազգականներից մեկի տանը։

Մարիամը մտքում հանդիմանեց իրեն, որ չէր հիշում Բագրատյանին։ Կարծես, այդ մի աններելի թուլություն էր նրա կողմից, կարծես, նա մի անգամ տեսնելով այդ կերպարանքը, չպիտի մոռանար հավիտյան։

Ես էլ կարծում եմ… արտասանեց նա։

Նա կամենում էր ուղղել յուր սխալը։ Բայց կանգ առավ, զգալով, որ անգիտակցաբար գրեթե սուտ ասաց։

Մեջ մտավ Ռուբենը և աշխատեց վերականգնեցնել Մարիամի հիշողության մեջ Բագրատյանին, թեև ինքն էլ համոզված չէր, թե երբևէ նրանք հանդիպած լինեին։

Դուք ավարտեցի՞ք գիմնազիական ուսումը, հարցրեց Բագրատյանը։ Այո։

Ուրեմն դուք ունեք շատ ընկերուհիներ կրթված օրիորդների մեջ։

Թեև շատ չէ, բայց ունեմ։

Բագրատյանը մի քանի վայրկյան լռեց։ Ապա մի քիչ թեյ խմեց և շարունակեց.

Այն ժամանակ, երբ ես դեռ գիմնազիստ էի, հայ օրիորդը չուներ մի որոշ իդեալ. նա բարձր չէր առօրյա չնչին հոգսերից։ Ցանկալի է իմանալ, նա նո՞ւյնն է և՛ այժմ, թե՞ ժամանակի հոսանքը կարողացել է նրա վրա ևս ազդել։

Այս խոսքերը Մարիամին նեղ դրության մեջ ձգեցին: Ի՞նչ պատասխաներ։

Ահա մի շատ հետաքրքրելի խնդիր, միջամտեց Ռուբենը, որ, ճշմարիտ, արժե լուրջ մտածության։ Ինձ թվում է, շարունակեց նա, մի քանի վայրկյան կանգ առնելուց հետո, հայ կինը առանց իդեալի չէ. միայն պետք է ուսումնասիրել նրան։ Խոստովանում եմ, ես այդ մասին դեռ առիթ չեմ ունեցել խորհելու։

Իմ կարծիքով, վստահացավ, վերջապես, խոսել Մարիամը, առաջ պետք է իմանալ հայ երիտասարդի իդեալը կնոջ մասին։ Օրինակ, դարձավ նա Բագրատյանին այս անգամ բավական համարձակ, ես կկամենայի իմանալ, թե դուք ինչ եք պահանջում կնոջից. նա ի՞նչ ձգտումներ պետք է ունենա։

Մի րոպե տիրեց լռություն։ Մարիամը անհամբեր սպասում էր Բագրատյանի պատասխանին։

Օրիորդ, ասաց վերջինը դրական եղանակով և հաստատ ձայնով, որի մեջ զգացվում էր նրա համոզմունքի ամրությունը, այժմյան հայ կնոջ մեջ ես միայն մի բան կցանկանայի տեսնել։ Կցանկանայի տեսնել նրա մեջ մի ուժ, որով կարողանար տղամարդից անկախ կրել այն բոլոր նեղությունները, դիմանալ մեր կյանքի այն բոլոր փոթորիկներին, որոնց դեմ այժմ սկսել է կռվել հայ երիտասարդությունը։

Դուք ուրեմն կնոջից պահանջում եք տղամարդին հավասար ուժ։ Այո, և ոչ միայն բարոյական ուժ, այլև ֆիզիկական տոկունություն, այնչափ, որչափ, բնության սահմանած օրենքները թույլ են տալիս։ Հուսով եմ, իմ միտքս կարոտ չէ մանրամասն բացատրության։

Միայն եթե բարեհաճեք բացատրել, թե որոնք են այն նեղությունները, կյանքի այն փոթորիկները, որոնց դեմ, ինչպես դուք ասում եք, սկսել է կռվել ժամանակակից երիտասարդությունը։

Որո՜նք են, կրկնեց Բագրատյանը ներողամտաբար ժպտալով, ես կարծում եմ, օրիորդ, այդ պարզ է հետաքրքրվողի համար։

Պարզ է, արտասանեց Մարիամը դառն հեգնությամբ, այո, շատ պարզ է, այնքան, որքան բացատրում է տղամարդը, որքան նա ինքն օրինակ է դառնում օրիորդին…

Այդ խոսքերի մեջ զգացվող հեգնության միտքը անհասկանալի էր Բագրատյանին։ Նա կես-զարմացած նայեց օրիորդին։ Ռուբենը միայն հասկացավ քրոջ ակնարկությունը, ուստի սրտմտությամբ առաջ տարավ նրա խոսքը.

Չի կարելի պահանջել հայ օրիորդից մի բարձր իդեալ, քանի որ մեր երիտասարդությունը, որից ավելի է պահանջելի, նեխված է անբարոյականության ցեխի մեջ։ Օ՜օօ, Բագրատյան, դու դարձյալ նույն իդեալիստն ես, ինչ որ էիր առաջ։ Դու գուցե զարմանաս, որ ես այսպես խիստ եմ խոսում, բայց եթե այդքան տարի հեռացած լինեիր մեզանից, շուտ պետք է հիասթափվեիր։ Մեր երիտասարդությունը ես խոսում եմ կրթված երիտասարդության մասին այժմ այնպիսի օրինակներ է տալիս, որ բարոյական ապականության կատարելատիպեր են…

Մարիամը շնորհակալությամբ լի մի մելամաղձիկ հայացք ձգեց Ռուբենի երեսին։ Եղբոր խոսքերը բխում էին քրոջ սրտից, որ այդ վայրկյանին դարձյալ լցվել էր դառնությամբ դեպի նա, որ Ռուբենի ակնարկած կատարելատիպն էր…

Ցավալի է, եթե այդպես է, ասաց Բագրատյանը, տակավին չզգալով Ռուբենի սրտմտության բուն շարժառիթը, բայց այդ չպետք է երբեք հուսահատեցնի մեզ։ Տեսնել շատ քիչ, պահանջել և սպասել շատ ավելի իմ կարծիքով, այս պետք է լինի նույնիսկ քեզ պես հիասթափված մարդու ցանկությունը։ Եթե երիտասարդությունը ապականված է, թող հայ կինը օրինակ լինի նրան։ Ներեցեք, օրիորդ, ես դարձյալ դառնում եմ մեր խոսակցության բնաբանին հայ կնոջը։ Մեր պատգամախոսները ուզում են, որ կինը լինի միայն լավ տնտեսուհի և առաքինի մայր։ Ոչ. այդ չէ իմ ցանկացածը։ Ես աչքի առաջ ունեմ ուրիշ բան։ Ձգեցեք ձեր հայացքը ավելի հեռու ձեր արյունակից ժողովրդի այժմյան վիճակի վրա, մտածեցեք և կտեսնեք, որ կնոջ դերը չպիտի սահմանափակվի միայն հասարակ տնտեսուհու և քնքուշ մոր պաշտոնով։ Ինչպես մեր երիտասարդության, նույնպես և օրիորդների բոլոր ուժերը ներկա ժամանակ պետք է ուղղված լինեն դեպի մի կետ… պետք է ծառայեն ժողովրդի հասարակական վիճակի վերակենդանության գործին։ Ահա այս դերը կատարողից պահանջվում է անսահման սեր դեպի յուր հայրենիքը և այդ սիրո անունով անձնազոհ լինելու պատրաստականություն։ Ունե՞ արդյոք հայ օրիորդը այդ սերը։ Ունե՞ արդյոք նա յուր սրտում անձնազոհության կայծ ահա ինչ եմ ուզում իմանալ։

Նա կանգ առավ և թուխ հոնքերի տակ տեղավորված կրակոտ աչքերը սևեռեց Մարիամի երեսին։ Դա մի այնպիսի թափանցող հայացք էր, որին չկարողացավ դիմանալ օրիորդը։ Նրան թվում էր, որ Բագրատյանը ձգտում էր կարդալ յուր սրտի ամենանվիրական գաղտնիքը։ Նա հասկացավ նրա խոսքերի միտքը։ Հասկացավ, թե այդ երիտասարդը ինչ է պահանջում հայ օրիորդից: Կարո՞ղ է, արդյոք, գեթ փոքր մասամբ համապատասխանել նրա կամեցածին։ Մտածե՞լ է արդյոք երբևէ այս ուղղությամբ:

Եվ զգում էր Մարիամը այդ մարդու առաջ մի անհաղթահարելի տկարություն, վայրկենաբար մի թռուցիկ հայացք ձգելով դեպի յուր անցյալը։ Այնտեղ նա տեսնում էո մի ամայություն։ Ի՞նչ է մտածել նա մինչև այսօր, կյանքի ո՞ր հոգսերն են եղել նրա ջերմ մտատանջության նյութը։ Ոչ մեկը, որ հեռու լիներ նրա անձնականությունից, ոչ մեկը, որ անջատված լիներ նրա անհատական երջանկությունից։

Չգիտեմ, կա՞ արդյոք ձեր ասածի նման մի օրիորդ, չգիտեմ:

Այս եղավ նրա պատասխանը ուրիշ ոչինչ։ Եվ սրանով վերջացավ խոսակցությունը։ Բագրատյանը զգաց Մարիամի հոգեկան խռովությունը յուր խոսքերի ազդեցությունից։ Նա փոխեց խոսակցության նյութը։

Այդ օրից Մարիամի միտքը ավելի էր զբաղված նորեկի անձնավորությամբ…

Be the first who will comment on this

Other parts of "Զուր հույսեր"

Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Artist's Studio, 1963
Artist's Studio, 1963
Play Online