Alexander Shirvanzadeh

Զուր հույսեր

III - IV

III

Մի ամպամած առավոտ Անդրկովկասի երկաթուղու կառախումբը կանգ առավ Թիֆլիսի կայարանում։ Երկրորդ դասի մի կառքից, շատ ճանապարհորդների թվում, դուրս եկավ և մի երիտասարդ, մի օրիորդի հետ թևակցած։ Բեռնակիր մշակներից մեկը դուրս բերեց նրանց ճանապարհի իրեղենները երկու բարձ, մի կաշվե արկղ, մի պլեդ և մի կապ կազմած ու անկազմ գրքեր։

Օրիորդը ձեռում բռնած ուներ կիսաթառամ ծաղիկների մի փունջ, որից նա ստեպ-ստեպ հոտ էր քաշում։ Շտապ և ուրախ խոսակցելով, երիտասարդն ու օրիորդը պլատֆորմի վրա խռնված խիտ բազմության միջով անցան կայարանի մյուս կողմը։ Հետաքրքիր դիտողը, նայելով այդ թև թևի տված զույգ արարածներին, զննելով նրանց վարվելու ձևերը և մանավանդ կերպարանքը, կգուշակեր քույր ու եղբայր լինելը. այնքա՛ն հասարակ էին այդ ձևերը, այնչափ նման էին նրանք միմյանց։

Երեցը եղբայրն էր, կրտսերը քույրը արագաշարժ և ճկուն, մոտ քսան ու երկու տարեկան մի օրիորդ: Նրա, երկար ու սև արտևանունքների մեջ պարփակված, պարզ գույնի խոշոր աչքերի մեջ վառվող երիտասարդական կենդանի հուրը մի գրավիչ զվարթություն էր տալիս սակավ ինչ արևակեզ երեսին։ Նա միջին հասակից քիչ բարձր էր, ոչ նիհար, ոչ գեր, համաչափ կազմվածքով։ Հագած էր նա համեստ մոխրագույն ասվյա զգեստ, նույն գույնի մահուդի կարճ վերարկու: Պանամի դեղնագույն գլխարկից քարշ ընկած թափանցիկ, սպիտակ շղարշը, քողավորելով նրա շագանակագույն պերճ մազերը, ընդգրկել էր նրա մեջքը օձապտույտ ձևերով։ Երիտասարդը բարձրահասակ էր, դեմքի մեղմ գծագրությամբ, բարեհամբույր, ավելի թուխ գույնով, կարճլիկ խուզված միրուքով ու մազերով։ Նա հագած էր մոխրագույն կարճ պիջակ, նույն գույնի վարտիկ, որի ծայրերը մտցրած էի ճանապարհային փայլուն կոշիկների երկար տնկարուրդի մեջ:

Նրանք նստեցին կայարանի առջև խմբված կառքերից մինը։ Երիտասարդը ասաց փողոցի անունը, կառքը սլացավ դեպի քաղաքի կենտրոնը։

Դարձյալ Թիֆլիսումն ենք, ասաց օրիորդը հառաչելով։

Եվ այդքան ուշ, հարեց երիտասարդը, անհանգիստ ձևով ուղղելով յուր ուսին գցած փոքրիկ պայուսակը։

Իսկ իմ կարծիքով, վաղ, հակասեց օրիորդը, և ինչու՞ համար չգիտեմ։ Ախ, ի՛նչ տեսարաններ, ի՛նչ անտառներ, ի՛նչ ձորեր, ի՛նչ հրաշալի լեռներ թողինք այնտեղ:

Այս ասելով, օրիորդը մի քանի անգամ արագ-արագ հոտ քաշեց յուր ձեռում բռնած փնջից։ Եվ նույն վայրկյանին մի դուրեկան պայծառ ժպիտ սահմանեց նրա քնքուշ շրթունքների վրա, գուցե երփներանգ ծաղիկների անուշ բուրման ազդեցությունից:

Ուզում ես ինձ հավատացնել, որ քեզ ոգևորողը միայն տեսարաննե՞րն էին, արտասանեց երիտասարդը, և նրա բարի աչքերի մեջ փայլեց եղբայրական անուշ հեգնությունը։ Օրիորդի արևակեզ այտերը ավելի շառագունեցին։ Նա հոնքերը սեղմեց, երեսը շուռ տվեց մյուս կողմ:

Լավ, մի՛ ամաչիր, Մարո, շտապեց ավելացնել երիտասարդը, ժպտալով։ Դու գիտես, որ Մելիք-Բարսեղյանը իմ լավ ընկերն է, ես նրան սիրում եմ։ Բայց մի' մեղադրիլ ինձ, որ քեզ այդպես շուտ բաժանեցի նրանից։ Ես ավելի չէի կարող մնալ Դիլիջանում։

Ինչո՞ւ, հարցրեց օրիորդը հետաքրքրված եղբոր վերջին խոսքերով։

Ինչո՞ւ, կրկնեց երիտասարդը, միթե դեռ էլի չե՞ս հավատում իմ վճռին։ Ես պետք է պատրաստվեմ շուտով ուղևորվելու արտասահման։

Դարձյա՛լ արտասահման, ասաց օրիորդը թախծորեն, Ռուբեն, թո՛ղ այդ մտադրությունդ։ Քո հեռանալդ ինձ վախեցնում է, մնացի՛ր Թիֆլիսում։

Ի՞նչ, միթե դու ուզում ես, որ եղբայրդ թերու՞ս մնա։

Թերո՞ւս, գոչեց օրիորդը զարմացած։

Այո, թերուս, պատասխանեց երիտասարդը դրական եղանակով, որովհետև գրպանում համալսարանի դիպլոմ ունենալը դեռ ուսումնական լինել չի նշանակում։ Դեռ շատ բան է մնում սովորելու, օօ, շատ բան։

Վերջին բառերը արտասանելիս երիտասարդի պայծառ դեմքը մթագնեց հոգսերի ստվերով։

Դու կարելի է ճշմարիտ ես ասում, խոսեց օրիորդը, ես դեմ չեմ։ Կամենում եմ, որ դու կատարելագործվես, որքան կամքդ է։ Բայց քեզանից բաժանվելը, Ռուբեն, ես քանի անգամ քեզ ասել եմ արդեն, ծանր է ինձ համար, շատ ծանր։

Քեզ առաջարկում եմ և խնդրում, որ հետս գաս, բայց դու համառություն ես անում։ Ինչո՞ւ չեմ իմանում։ Հավատացիր, որ լավ կլիներ թե' ինձ համար և թե' քեզ համար։


Շատ լավ կլիներ, կրկնեց օրիորդը, հառաչելով, կցանկանայի, հոգով կցանկանայի, բայց… Դարձյալ բայց. գոչեց երիտասարդը մի քիչ հուզված, և երբեք չես ուզում հայտնել ինձ այդ պատճառը։

Այս ասելով, նա դժկամակությամբ նայեց քրոջը: Վերջինը լուռ էր:

Չլինի թե, շարունակեց երիտասարդը. ձայնը դարձյալ մեղմացնելով, չլինի թե արդեն այնքան գրավել է քեզ նա, որ չես ուզում հեռանալ ն ր ա ն ի ց...

Ռուբե՜ն, արտասանեց օրիորդը խորին հանդիմանությամբ, այդպիսի կատակ մի՛ անիլ հետս, նա... նա... չէ պատճառը, և չի էլ կարող չինել... Իմ պատճառը ավելի ծանր է, քան կարծում ես...

Ի՛նչ է ուրեմն, գոչեց Ռուբենը, աչքերը սևեռելով քրոջ երեսին։

Օրիորդը մի քանի վայրկյան լռելուց հետո, կրկին հառաչեց։

Թողնենք այդ խոսակցությունը, ասաց նա: Ահա հասնում ենք տուն։ Աշխատի՜ր ուրախ հանդիպել մեր ազգականներին: Դե՛հ, դարձյալ թթվացրի՞ր աչքունքդ, դրա համա՞ր ես ուզում ինձ հետդ արտասահման տանել, որ միշտ տխրես, շնորհակալ եմ։

Ասաց օրիորդը և, վիրավորված ձևանալով, երեսը դարձրեց մի կողմ։

Կառքը Քուռ գետի աջ կողմի քաղաքամասը անցնելով, մտել էր արդեն կենտրոնական փողոցները։

Քույր և եղբայր լուռ էին։ Ռուբենը մի ծխախոտ վառեց և սկսեց ծխել, անորոշ հայացքով նայելով յուր երկար կոշիկների ծայրերին: Իսկ քույրը, փունջը ծնկների վրա դրած, մտիկ էր անում աջ ու ձախ տներին, որ միմյանց հետևից անցնում էին։ Ընդամենը երեք ու կես ամիս բացակա էր եղել Թիֆլիսից, և այժմ ամեն ինչ նրան փոխված էր երևում, թե՛ փողոցներն ու տները և թե՛ անցուդարձող մարդիկ: Նա, աշխատելով հաղթել յուր մեջ ծագած րոպեական թախիծը, աչքերով որոնում ՝էր ծանոթ դեմքեր։ Մինչդեռ եղբայրը գաղտուկ նայելով քրոջ կիսադեմքին, նկատեց նրա պայծառ ճակատի վրա այն տխուր ամպը, որ երբեմն հայտնվում էր, երբ նա փորձում էր խոսք բանալ իրանց դրության մասին։ Կառքը կանգնեց երեքհարկանի նորաշեն, մոխրագույն ներկած մաքուր տան աոաջ:

Այս րոպեին ես կհամբուրեմ իմ սիրելի Լիզային ու Գաբոյին, գոչեց օրիորդը և աշխույժ կերպով վայր ցատկեց կառքից։

Մինչ Ռուբենը կառապանի վարձը կտար ու իրեղեններր ցած կբերեր, նա փունջը ձեռին արագությամբ բարձրացավ երկրորդ հարկը: Մարմարոնյա լայն և փայլուն սանդուղքի վերևում օրիորդին դիմավորեց մի ութ տարեկան աղջիկ սև աչքունքով: Օրիորդը գրկեց նրան, համբուրեց մի քանի անգամ և, թևից բռնելով, շտապեց առաջ։

Օրիորդ, եկա՞ք, վերջապես, գոչեց դեմուդեմ վազելով, ռուս աղախինը, և ուրախ-ուրախ բարևեց։

Նախագավթում օրիորդի առաջը վազեց մի տասը տարեկան պատանի գիմնազիական համազգեստով։ Օրիորդը նրան էլ գրկեց, համբուրեց և տարավ ներս:

Մի քառակուսի, մաքուր պարկետով, գեղեցիկ ոսկենկար պաստառով զարդարված բավական մեծ սենյակի մեջտեղում, կոլորակ սեղանի շուրջը նստած թեյ էին խմում Նիկողայոս Սադափյանը, յուր կինը տիկին Սոփիոն և աղջիկը օրիորդ Նատալիան:

Մարիա՜մ, զոչեցին միաբերան վերջին երկուսը մի տեսակ անբնական ուրախությամբ։

Մարիամը հերթով փաթաթվեց կանանց պարանոցին և մի քանի անգամ ջերմաջերմ համբուրեց նրանց, մանավանդ Նատալիային:

Հանդա՛րտ, մազերս քրքրեցիր, ասաց Նատալիան, գլուխը հետ դարձնելով։

Մարիամը սեղմեց հորեղբոր ձեռը։ Հարց հարցի հետևից նա առաջարկում էր մերթ մեկին, մերթ մյուսին։ Կարծես, նա տարիներով չէր տեսել յուր ազգականներին, այնքան անկեղծ էր նրա ուրախությունը։

Ներս մտավ եղբայրը և տեսարանը մի քիչ փոխվեց։ Նա հանդարտ մոտեցավ, սառն և քաղաքավարի բարևեց։ Բոլորը առողջ էին։ Միայն օրիորդ Նատալիան հայտնեց, հառաչելով, թե գլուխը սաստիկ ցավում է։ Դրա ճարը ես գիտեմ, գոչեց Մարիամը, վերցնելով յուր փայփայած փունջը, որ համբուրվելու միջոցին դրել էր պատուհանի վրա։ Ահա, Նատո, թեև մի քիչ թառամել են, բայց հազվագյուտ ծաղիկներ են։ Իմ մորաքրոջ աղջկա, Մարգարիտի, վերջին նվերն է, յուր ձեռովն է քաղել իրանց պարտեզից։ Այնքան սիրեցի, որ Դիլիջանից մինչև այստեղ բերի:

Կարծես, Թիֆլիսում քիչ կա, ասաց օրիորդ Նատալիան մի տեսակ արհամարհանքով, շնորհակալ եմ, դու շատ բարի ես, Մարո, դիր ահա այն բաժակի մեջ։

Մարիամը փունջը դրեց առաջվա տեղը և յուր դժկամակությունը թաքցնելու համար, կրկին թեքվեց և սկսեց խոսել յուր շուրջը պտույտ-պտույտ անող փոքրիկ աղջկա և պատանիի հետ։

Ինչո՞ւ ինձ չես տալիս ծաղիկները, ես կպահեմ իմ սեղանիս վրա, ասաց աղջիկը, Մարիամին գրկելով։

Մարիամը տվեց նրան փունջը։

Մամա, թույլ տուր այսօր տանը մնամ, ասաց պատանին։

Ինչո՞ւ, հարցրեց տիկին Սոփիոն։

Ուզում եմ Մարոյին ու Ռուբենին տեսնել։

Լռի՜ր, գոչեց մայրը, աչքունքը խոժոռելով, Մարոն ու Ռուբենը չեն փախչում, կարող ես հետո էլ տեսնել: Կանչի՛ր ծառային, որ քեզ տանի ուսումնարան։ Դու էլ, դարձավ նա փոքրիկ Լիգային, ծաղիկները դիր տեղը ու գնա դասդ սովորիր։

Պատանին և աղջիկը ակամա ու տխրադեմ հպատակվեցին իրանց մոր խստաձայն հրամանին, կրկին ու կրկին ընդունելով Մարիամի համբույրները և գգվանքը։

Իմ սիրելիներս, ասում էր օրիորդը, մերթ դառնալլով Գաբոյին, մերթ Լիզային, ես ձեզ ամեն օր հիշում էի: Գնացե՛ք, գնացե՛ք, էլի ես ձերն եմ։

Վերջապես, նա նստեց թեյ խմելու և սկսեց պատմել, թե ինչպես է ժամանակ անցկացրել Դիլիջանում։ Նիկողայոսը հայտնելով, որ գործ ունե, շտապով դուրս եկավ։

Գիտենք, գիտենք, շատ ուրախ են անցել օրերդ, առանց մեզ, նկատեց Նատալիան Մարիամին մի երկդիմի եղանակով։

Դու չես կարող երևակայել, Նատո, շարունակեց Մարիամը ոգևորված, թե ինչ ուրախ օրիորդ է մեր մորաքրոջ աղջիկը։ Գեղեցիկ, կրթված, համակրելի, նրա նմանը Թիֆլիսում ես չեմ տեսել։

Իհարկե, Երևանում մայրաքաղաքի կրթություն ստացած կլինի, ասաց օրիորդ Նատալիան ծաղրաբար։ Բայց սիրելիս, ինչո՞ւ միայն այդ աղջկան ես գովում, միթե ուրիշ գովելու մարդ չկա՞ր այնտեղ։ Իսկ այն երիտասարդ բժի՞շկը, որի հետ դու վաղուց, շատ վաղուց ծանոթ ես։

Մարիամը մի մեղմ հանդիմանական հայացք ձգեց Նատալիայի երեսին և ոչինչ չպատասխանեց։

Ի՜նչ սևացել ես, Մարո, փոխեց յուր խոսքը Նատալիան, ներքուստ նախանձելով Մարիամի դեմքի գրավչությանը, մի բանի նման ես, բայց չգիտեմ ինչի։

Գնչուհու, հարեց Մարիամը անկեղծաբար։

Լա՛վ, լավ, կեղծ համեստություն մի' անիլ, գոչեց Նատալիան կծված ձայնով, ինքդ շատ լավ իմանում ես, որ… գեղեցիկ ես, ինչ հարկավոր է կոտրատվել։ Ախ, տեր աստված, տրաքեց գլուխս, ների՜ր հոգիս, ես այլևս նստել չեմ կարող։

Ասաց Նատալիան և անմիջապես վեր կացավ գնաց յուր սենյակր։

Գնա, օգնիր, որդի, նա հիվանդ է, ասաց տիկին Սոփիոն Մարիամին:

Օրիորդը հետևեց Նատալիային։ Տիկինը մնաց Ռուբենի հետ։

Հանգուցյալ մայրդ, միտս է, միշտ ասում էր. «Մարոս շատ կրակոտ աղջիկ է լինելու», խոսեց տիկինը, այժմ կատարվում է նրա խոսքը։ Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, քույրդ ինչպես է թռչկոտում, այդ լավ բան չէ, լավ բան չէ։

Երանի թե միշտ այդպես լիներ, նկատեց Ռուբենը, որ մինչև այդ րոպե լուռ էր, լավ է կրակոտ լինել, քան թմրած։ Օ հո հո, որդի, մի՚ ասիլ, գոչեց տիկին Սոփիոն, աղջիկը պիտի մի քիլ էլ ամաչկոտ լինի։

Ամաչկոտ, կրկնեց Ռուբենր զարմացած, ես կարծում եմ, որ Մարիամի պես ամաչկոտ աղջիկ շատ քիչ կա։

Տիկինը տարակուսաբար գլուխը շարժեց։

Ես չեմ ասում, թե նա երեսբաց է, արտասանեց նա խորհրդավոր ձայնով, բայց է՛լի...

Ասացեք, տիկին, եթե մի բան գիտեք, հետաքրքրվեց Ռուբենը, եթե մի պակասություն ունի Մարիամը, ես նրա եղբայրն եմ, պարտական եմ նրան հաղորղել, որ ուղղի իրան։

Խոսքս այն երիտասարդի մասին է, պատասխանեց տիկինը, այն բժշկի, որին գարնանը մի քանի անգամ մեր տունը բերիք։ Մարիամը գրել էր Նատալիային, որ նա Դիլիջանումն է։ Ի՞նչ էր անում այնտեղ։

Ոչինչ, եկել էր մի ամիս այնտեղ ապրելու:

Նա էլ ձեզ հետ Թիֆլի՞ս եկավ:

Ոչ, բայց շուտով կգա։

Հը՜մ, արտասանեց տիկինը, գլուխը երերելով, նա այստե՞ղ է մնալու։

Չգիտեմ, առայժմ նա Երևանումն է բժշկություն անում։ Բայց ի՞նչ էիք ուզում ասել Մարիամի մասին, այդ շատ հետաքրքրական է։

Տիկինը մի քանի վայրկյան լռելուց հետո, պատասխանեց.

Այն էի ուզում ասել, որդի, որ լսել եմ, թե Մարիամը... էհ, ինչ թաքցնեմ... սիրում է այդ տղային ու...

Ու՞... արտասանեց Ռուբենը, մի անորոշ ցնցումն գործելով։

Ու խոսք է տվել նրան գնալու։

Ռուբենը մի հոգոց հանեց կրծքից և ժպտաց։ Նա, կարծես, ավելի մի ծանր լուրի էր սպասում։

Չափահաս աղջկա դրությունը, որդի, շատ դժվար է, շարունակեց տիկինը գորովագութ մոր եղանակով, չպետք է նրան մի րոպե աչքից հեռացնել, թե չէ ով գիտե... Ասելս այն է, որդի, եթե այն տղան լավ տղա է, բեր շուտ-շուտ մեր տուն, կարելի է մենք էլ հավանենք, Մարիամի համար փեսացու ընտրենք ու շուտով պսակենք։

Այդ նպատակով, տիկին, ներեցեք ասել, ես ոչ մի ընկերոջս չեմ բերիլ այստեղ, պատասխանեց Ռուբենը հաստատ ձայնով։ Փեսացու ընտրելու իրավունքը Մարիամինն է, ում կհավանի, նրան կուզի։

Հաա՞, արտասանեց տիկինը, շրթունքը սեղմելով, աչքերը լայն բանալով և գլուխը բարձրացնելով, իմացա, ուրեմն ես ու հորեղբայրդ ոչի՞նչ, ուրեմն մենք իրավունք չունե՞նք այդ գործի մեջ խառնվելու։

Ռուբենը զգաց յուր խոսքերի խստությունը տիկնոջ համար։ Նա շտապեց մեղմել նրանց ազդեցությունը։

Ձեր իրավունքը իմնից մեծ է, տիկին։ Բայց առայժմ ամուսնանալու հերթը Նատալիայինն է. պզտիկ քույրը մեծ քրոջից առաջ ընկնել չի կարող։

Նատալիայի մասին ես հոգս չունեմ, պատասխանեց տիկինը դեռ բավական կծված ձայնով, նրա համար փեսացուներ միշտ կան, որին հավանեմ, նրան կտամ։ Է՛հ, թողնենք, դու, երևի, անքուն ես մնացել երեկ գիշեր, ավելացրեց նա, հանկարծ ոտքի կանգնելով, գնա', հանգստացիր ու շորերդ փոխիր, թե չէ մի մարդ ներս կմտնի, ամոթ է այդ կոշիկներով երևալ:

Ռուբենը, որ ինքն արդեն կամենում էր շուտով հեռանալ տիկնոջից, շտապեց յուր սենյակը և, դռները ծածկելով, առանձնացավ։

Նա փոխեց ճանապարհային հագուստը և, նստելով սեղանի մոտ, անձնատուր եղավ յուր մտածումներին։

Ութ տարի էր, որ նա յուր քրոջ հետ հորեղբոր հովանավորության ներքո էին։ Այսինքն այն օրից, երբ մեռավ նրանց հայրը։ Այն ժամանակ քույր և եղբայր դեռ գիմնազիոնումն էին։ Հազիվ նրանց փափուկ սիրտը ամոքվել էր մոր մահից հետո հինգ տարի անցած, ճակատագիրը երկրորդ հարվածը տվեց տասնույոթ տարեկան պատանուն և տասնուչորս տարեկան աղջկան։

Ամբողջ գիշեր նրանք ականատես էին իրանց հոր կյանքի վերջին խավար ժամերին։ Մահճակալի մի կողմում կանգնած էր Ռուբենը, մյուս կողմում Մարիամը և Նիկողայոսը։ Մի քանի անգամ մեռնողը այն օրվա ընթացքում, զգալով մահվան մերձավորությունը, կրտսեր եղբոր ներկայությամբ կրկնեց, թե յուր զավակների նյութական դրությանը համարյա միանգամայն ապահով է թողնում։

Դու միամիտ կաց, որդի, հորեղբայրդ կկարգադրի ձեր գործերը. ասաց նա Ռուբենին։

«Նիկողայոս, քեզ եմ հանձնում իմ զավակներին։ Սիրի՛ր և պահպանիր։»

Նիկողայոսը գլուխը կրծքին թեքեց և արտասուքը հազիվ զսպելով, պատասխանեց.

«Ես նրանց չեմ բաժանիլ իմ ընտանիքից, կպահպանեմ մինչև իմ վերջին օրը»:

Այս էին այն խոսքերը, որ Ռուբենի ներկայությամբ, փոխանակեցին երկու եղբայրները։ Այն ժամանակ Ռուբենը չգիտեր այդ անորոշ խոսքերի բուն իմաստը, րոպեի դառն վիշտը պատանու ուշը ու միտքը մթնացրել էր։ Նա ողբում էր յուր ծնողին։ Հիշում է նա այժմ ևս, որ ձմեռն էր, որ դրսում չոր քամի էր փչում, երկիրը ծածկվել էր սառնամանիքով։ Գավթի տերևաթափ ակացիան յուր սառած ճյուղերը զարկում էր փակ լուսամուտի փեղկերին։ Ռուբենը ձեռները կրծքին ծալած, կանգնած էր սենյակի այն կիսախավար անկյունում, ուսկից լսվում էր մեռնողի ծանր հառաչանքը։ Սենյակ մտնում ու դուրս էին գալիս, անլուր ստվերների պես, ինչ-որ մարդիկ։ Չէ հիշում նրանց դեմքերը Ռուբենը։ Մտաբերում է այն, որ մեկը բռնած նրա թևից, աշխատում էր հեռացնել մահճակալից, շշնջալով.

«Թող խեղճ մարդը հանգստանաս»։

Այդ մեկը տիկին Սոփիոն էր։ Բայց Ռուբենը մի քայլ անգամ չհեռացավ։ Նրա աչքերը հառած էին այն հողագույն դեմքի վրա, ուր մահը ծավալել էր յուր խավար ստվերը։ Մերթ բացվում էին, մերթ փակվում այդ խոշորացած աչքերը, որոնց պաղած շրջանակները ճենապակիի գույն էին ստացել։

Հանկարծ մեռնողը հետ ձգեց վերմակի ծայրը, բարձրացրեց յուր թույլ ձեռը, որքան կարող էր։ Ռուբենը և Մարիամը միաժամանակ բռնեցին այդ պաղ ձեռը, մեռնողի քարացած շրթունքի վրա սառավ վերջին խոսքը.

«Սիրեցե՛ք միմյանց»։

Անջնջելի կերպով այդ պատավերը դրոշմվեց որդու սրտում։ Այնուհետև ամեն ինչ խավարեց Ռուբենի աչքում, երբ տեսավ, թե ինչպես երկու անծանոթ կանայք, գրկելով, դուրս բերեցին սենյակից ուշաթափ Մարիամին։

Եվ ահա ութ տարի է անցել այդ սգալի գիշերից։ Այն ժամանակից շատ բան է փոխվել։ Մարիամը, աճելով օրըստօրե, այժմ չափահաս օրիորդ է դառել։ Հոր հիշատակը նրան պատճառում է մի թախիծ, մորը նա հիշում է շատ մութն կերպով։ Նրա առողջ բնավորությունը հաղթող հանդիսացավ որդիական վշտին, ժամանակը ամոքեց օրիորդի սրտի վերքը։ Իսկ Ռուբենը, անձնատուր լինելով ուսմանը, ավելի շուտ մխիթարություն գտավ այնտեղ։ Սակայն նա չմոռացավ յուր ծնողների հիշատակը և հոր վերջին պատգամը։ Նա սիրում էր քրոջը։ Սիրում էր, որպես փափկասիրտ եղբայր, որպես մեծ և հովանավորող։ Սրտաշարժ էր այն տեսարանը, երբ նա առաջին անգամ բաժանվեց Մարիամից Ռուսաստան գնալու համար։ Ավելի սրտաշարժ էր նրանց վերջին հանդիպումը, երբ Ռուբենը արդեն ուսումն ավարտած վերադարձավ հայրենիք չորս ամիս առաջ։

Ռուրե՛ն, Ռուբե՛ն, գոչեց Մարիամը, փաթաթվելով եղբոր պարանոցին վերջինի առանձնասենյակում, սիրո՞ւմ ես ինձ։

Ռուբենը սիրով և անձնվիրությամբ համակված յուր դեմքը հետ դարձրեց։ Նա թաքցրեց յուր զգացումների արտաքին նշանները, որոնց դեմ էր միշտ։

Գիտեմ, որ սիրում ես, շտապեց ավելացնել Մարիամր հուզված, ուրեմն մի անգամ էլ ցույց տուր սերդ, ինձ մի' թողնի միայնակ։ Առանց քեզ իմ կյանքը տխուր է անցնում։

Ռուբենը դեռ Ռուսաստանում վճռել էր երկու տարով արտասահման գնալ, այնտեղ յուր մասնագիտության մեջ կատարելագործվելու նպատակով։ Նա լրացրած չէր համարում յուր ուսման պաշարը գեթ այնչափ, որչափ հարկավոր էր յուր նպատակին ծառայելու համար կյանքում։ Նա հայտնեց յուր վճիռը Մարիամին։ Քույրը ոչինչ չասաց, հառաչեց, գլուխը շարժեց, և եղբայրը նրա աչքերի մեջ նկատեց արտասուքի նշույլներ։ Նա ընկավ մտատանջության մեջ. թողնել անկատար յուր վճիռը չէր կարող, այնքա՛ն նա ընտելացել էր այդ վճռին, անուշադիր մնալ Մարիամի աղերսանքին ավելի դժվար էր։ Այն ժամանակ նրա գլխում միտք հղացավ քրոջն ևս տանել յուր հետ։ Արտասահմանում Մարիամը անգործ չի մնալ, կշարունակի յուր ուսումը, կսովորի որևէ մի մասնագիտություն, կդառնա ազատ, յուր ուժերով կյանքի դժվարությունների դեմ կռվելու պատրաստ անկախ կին։ Երբ նա այս միտքը հայտնեց Մարիամին, վերջինը մի քանի վայրկյան ոչինչ չպատասխանեց, մտածեց և հետո ասաց.

Եթե անպատճառ ուզում ես գնալ, գնա միայնակ, իսկ ես... չեմ կարող...

Ոչինչ թախանձանք չկարողացավ ստիպել նրան բացատրելու պատճառը, թե ինչու չէ ուզում կատարել եղբոր առաջարկությունը։ Միշտ և ամեն ժամանակ նա խույս էր տալիս այդ մասին խոսելուց և միայն շարունակ խնդրում էր Ռուբենին մնալ Թիֆլիսում։

«Քույրս մի գաղտնի հոգս ունի, ինձ չի հայտնում, մտածում էր Ռուբենը, բայց ես կիմանամ, անպատճառ կիմանամ»։

Օրը բավական անցել էր արդեն, երբ նա տնից դուրս եկավ մի փոքր զբոսնելու։ Նա պատահեց յուր ընկերներից մի քանիսին և, մի երկու ժամ նրանց հետ անցկացնելով, մոռացավ ծանր մտքերը։

Երբ նա վերադարձավ տուն, Սադափյանները, սեղանատանը հավաքված, սպասում էին նրան ճաշի։ Նիկողայոսը հրավիրեց նստել յուր քով և շատ սիրով ու բարեկամաբար սկսեց խոսել նրա հետ։ Ինչպես զբաղված մարդ, որի միտքը միշտ դեպի յուր գործերն են ուղղված, Նիկողայոսը ընտանեկան խնդիրների մասին շատ քիչ էր խոսում տանը։ Նույնպես նա Ռուբենի հետ խոսում էր հատ ու կտոր, և որովհետև Ռուբենն ևս խոսելու տրամադրություն չուներ, շուտով երկուսն էլ լռեցին։ Ասում էր մերթ մեկը, մերթ մյուսը, և Մարիամը անդադար դառնում էր աջ ու ձախ, կերակրեըով յուր սիրելիներին։

Նատալիան շարունակ գանգատվում էր գլխացավից, քիչ էր ուտում, պախարակում էր յուրաքանչյուր կերակուր և իմերել սպասավորի միջոցով հանդիմանություն էր ուղարկում ոուս խոհարարին։ Վերջին կերակուրը բերելիս նա վեր կացավ տեղից և անցավ յուր սենյակը։ Դա նրա քմահաճություններից մեկն էր, որի համար հայրը հանդիմանում էր նրան և փոխարենը միշտ հանդիմանվում Սոփիոյից։

Խեղճ իմ Նատո, տանջվում է այսօր, ինչո՞ւ հենց միայն նա է հիվանդանում այս տանը. ասաց տիկին Սոփիոն և շտապեց յուր աղջկա հետևից:

Այսպես անցավ Սադափյանների ճաշը, Նատալիայի շնորհիվ, ամենի համար սառն, անախորժ։

Նույն օրը իրիկնադեմին Ռուբենը, դրսից տուն, վերադառնալով, Մարիամին հանդիպեց յուր սենյակում։ Օրիորդը տնային սպիտակ հագուստով նստած էր սեղանի մոտ, գլուխը ձեռների մեջ դրած, արմունկները հենած սեղանին։ Նրա առաջ դրած էր մի բաց գիրք։ Նա չէր կարդում, այլ աչքերը հառած լուսամուտի կողմ, նայում էր դեպի դուրս։

Դարձյալ ի՞նշ երազների մեջ ես, ասաց Ռուբենը կատակով։

Մարիամը մի քիչ շփոթվեց, երեսը հետ դարձրեց և ժպտաց։ Սակայն այս անգամ նրա ժպիտը այնքան արհեստական էր և բռնազբոսիկ, որ Ռուբենի տրամադրությունը հանկարծակի փոխվեց։ Նա քրոջ աչքերի մեջ կարդաց մի նոր դառնություն։

Մարիամ, զոչեց նա, բռնելով քրոջ ձեռը, դու վրդովված ես երևում, ի՞նչ է պատահել։

Մարիամը ձեռը մեղմիկ խլեց եղբորից և յուր տխուր ու անորոշ հայացքը կրկին բաց լուսամատի կողմ դարձնելով, ձգեց դիմացի եկեղեցու արծաթափայլ գմբեթի վրա, ուր շողշողում էին մայր մտնող արևի վերջին ճառագայթները։

Դու ինձ չե՞ս պատասխանում, շարունակեց Ռուբենը, ավելի հետաքրքրված նայելով քրոջ երեսին։

Զվարթադեմ, ուրախ, գեթ արտաքուստ անհոգ օրիորդը անճանաչելի էր դարձել այդ րոպեին։ Նա ոչ միայն չպատասխանեց, այլև խույս էր տալիս եղբոր հայացքից։

Երդվում եմ մեր ծնողների հիշատակով, գոչեց Ռուբենը, նստելով նրա մոտ, եթե դու չես հայտնիլ ինձ գաղտնիքդ, կվիրավորվեմ սաստիկ։

Մարիամը նայեց եղբորը, հազիվ զսպելով արտասուքը, որ ձգտում էր դուրս հոսել նրա խոշոր աչքերից։

Ռուբեն, խոսեց նա, վերջապես, վրդովված ձայնով, երեք ամիս է դու ինձ անդադար հարցնում ես իմ դրության մասին։ Մինչև այժմ աշխատում էի լռել, ոչինչ չհայտնել քեզ։ Բայց այլևս անկարող եմ այժմ։ Ռուբեն, ինձ այս տանը հալածում են...

Մի վայրկյանում Ռուբենի աչքերը մթնեցին, գլուխը պտտեց, նրան պաշարեցին միմյանցից դառն, միմյանցից վատ կասկածներ։ Նրա քրոջը հալածում են, ո՞վ, ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի համար։

Մարիամը չկարողացավ նրա անկանոն հարցերին միանգամից պատասխանել։ Նա գանգատվեց միայն Նատալիայի վրա։ Ամեն քայլում այդ աղջիկը աշխատում է որևէ դառնություն պատճառել նրան, տեղի և անտեղի ծաղրում է, հնարում է նրա մասին զանազան պատմություններ, արտահայտում է զանազան անհամեստ կասկածներ։ Երբեք Նատալիան անկեղծ չէ եղել նրա հետ, երբեք պարզ սրտով չէ վարվել։ Երբ Մարիամը ուրախ է Նատալիան տխրում է, երբ տխուր է ուրախանում է, և միայն այն նպատակով, որ Մարիամին վշտացնի։ Կարծես, նա երդվել է ամեն տեսակ վատություն անել նրան։ Ինչո՞ւ, չգիտե Մարիամը. նա՛, որ միշտ սիրով է վերաբերվել Նատալիային, ինչպես յուր մեծ քրոջը։

Ախ, Ռուբեն, շարունակեց Մարիամը, աչքերը սրբելով , այսօր նա չափից դուրս անսիրտ էր։ Դու տեսար, ինչպես նա ընդունեց ինձ, ինչպես սկսեց հետս խոսել, երկու շաբաթ երեսս չտեսնելուց հետո։ Դու գուցե հավատացիր, որ նա գլխացավ ունե։ Ոչ. ես իմացա, որ սուտ է։ Նա ինձ տեսավ և իսկույն գլխացավը բռնեց։ Ճաշից հետո գնացի սենյակս։ Նա էլ յուր սենյակումն էր։ Կանչեց ինձ յուր մոտ, հարցուփորձ արավ Մելիք-Բարսեղյանի մասին։ Երանի նամակումս գրած չլինեի, թե նա էլ Դիլիջանումն է։ Սկսեց հետս անվայել կատակներ անել։ Ախ, աստված, ամոթից չեմ կարող պատմել, թե ինչեր ասաց։ Եթե լսեիր, Ռուբեն, ականջներդ պիտի փակեիր։ Ես համբերեցի. նա չդադարեց։ Առաջին անգամը չէ անում ինձ հետ տգեղ կատակներ։ Հենց որ մի նոր երիտասարդի հետ ծանոթանում եմ, նրա չարախոսությունը արդեն պատրաստ է։

Մինչ Մարիամը պատմում էր այս բոլորը, Ռուբենը վրդովված, շրթունքը ներքին ալեկոծությունից սեղմած, ճակատը ամուր բռնած, լսում էր։

Իսկ մա՞յրը, արտասանեց երիտասարդը խեղդուկ ձայնով։

Մարիամր վարանեց իսկույն պատասխանել։

Գիտեմ, ասաց Ռուբենը, առանց քո ասելու էլ գիտեմ։ Այս տան մեջ քեզ ոչ ոք չի սիրում, ոչ ոք…

Ոչ, անարդար մի' լինիլ, Ռուբեն, ընդհատեց Մարիամը, ես հարգում եմ մեր հորեղբորը. նա եթե չի սիրում, չի էլ ատում։ Բայց ինձ սիրողներ էլ կան այս տանը, և հենց նրանք էին մինչև այժմ ինձ մխիթարողները Լիզան ու Գաբոն։

Մի քանի վայրկյան տիրեց լռություն։ Ռուբենի սիրտը ուժգին բաբախում էր հուզմունքից։ Նա սաստիկ վարանման մեջ էր. պետք է դուրս բերել Մարիամին այդ տանից, ազատել նրան Նատալիայի և տիկին Սոփիոյի հալածանքից, այդ անվիճելի է:

Եվ դեռ այս բոլորից հետո դու ուզում ես, որ քեզ այստեղ թողնեմ և գնա՞մ, գոչեց նա զայրացած, ոչ, Մարիամ, դու պիտի գաս ինձ հետ, այլևս քո համառությունը ինձ խաբել չի կարող։

Մարիամը դառնությամբ հառաչեց։

Մտածի'ր, Ռուբեն, ասաց նա թախծալի ձայնով, Ո՞ւր ես գնում և ինձ էլ տանում մի օտար, հեռավոր երկիր, ո՞ւմ հաշվով, ի՞նչ միջոցներով։

Ի՞նչ միջոցներով, կրկնեց Ռուբենը զարմացած, միթե այդ հարցին էլ պատասխա՞ն է հարկավոր։

Այո, հարկավոր է, ասաց Մարիամը դրական եղանակով, և հենց այդ է, որ ես չեմ ուզում գալ քեզ հետ և ոչ էլ քո գնալդ կցանկանայի, եթե միայն կարող ես գնալ...

Վերջին դարձվածը կրկնապատկեր Ռուբենի զարմանքը։

Եթե միայն կարող եմ գնալ, մեքենաբար արտասանեց նա, ո՞վ կարող է ինձ արգելել։ Վերջապես, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր, Մարիամ։

Այն եմ ուզում ասել, Ռուբեն, պատասխանեց քույրը, որ նախքան մի տեղ գնալդ, դու պետք է պարզես մեր ժառանգական գործերի դրությունը։ Հասկանո՞ւմ ես։

Մեր ժառանգական գործերի դրությունը պարզ է։ Մեր հանգուցյալ հայրը մեր ժառանգությունը հանձնել է յուր եղբորը։ Մենք ապահով ենք. ապրում ենք մեր կարողությամբ և արտասահման կգնանք մեր հայրական փողերով։

Այո՛, հայրական փողերով, շեշտեց Մարիամը մի տեսակ հեգնությամբ, ու՞ր են այդ փողերը։

Ասացի, որ մեր հորեղբոր մոտ։

Գիտե՞ս հաստատ, խոսե՞լ ես նրա հետ, կա՞ արդյոք, եթե կա, որքա՞ն է, բավակա՞ն են մեր ծախսերին, ահա ինչ է հարկավոր պարզել, Ռուբեն։ Այս չիմացած, դու չպիտի ոչ մի տեղ գնաս, եթե ինձ սիրում ես, եթե ինքնասիրություն անես։

Ռուբենը մի վայրկյան ապշած նայեց քրոջ երեսին։ Ապա ձեռը տարավ ճակատին, աչքերը սևեռեց սեղանին և մտատանջության մեջ ընկավ։

Սպասի՛ր, ասաց նա, տատանվելով, դու իմ սիրտս մի ինչ-որ կասկած ձգեցիր, Մարո... Այո, դու ճշմարիտ ես ասում... ես պիտի խոսեմ մեր հորեղբոր հետ... Մի՞թե... Բայց ոչ, պարզ հիշում եմ հանգուցյալ հայրիկի խոսքը... Նա մեզ չքավոր չի թողել։ Ինչևիցե, ճշմարիտ ես ասում, պետք է պարզել, և շուտով, հենց այս քանի օրը, հենց վաղը գուցե։ Շտապել հարկավոր չէ, ընդհատեց Մարիամը, յուր սրտի դառն գաղտնիքը հայտնելուց հետո փոքր֊ինչ հանդարտված, այսքան ժամանակ համբերել եմ, էլի կհամբերեմ։ Սպասիր հարմար առիթի և մի օր անկեղծաբար խոսիր մեր հորեղբոր հետ: Ես չեմ ուզում, որ մենք… ձրիակերի անուն ստանանք… Համբերիր, մի' ստիպիլ ինձ ավելի խոսել առայժմ։ Ինչ որ ասացի, բավական է, մնացյալը հետո…

Այս ասելով, Մարիամը վեր կացավ տեղից և հանդարտ դուրս եկավ եղբոր սենյակից։

Ռուբենը ոչինչ չասաց և ոչ խնդրեց քրոջը չգնալ։ Երկար ժամանակ նա խորհում էր քրոջ ասածների մասին։

Երբ ծառան սովորական ժամին ներս մտավ, տիկին Սոփիոյի կողմից հրավիրեց ընթրիքի, նա ձեռով բացասական նշան արավ…

IV

Օրը կիրակի էր։ Օրիորդ Նատալիան սեփական կառքով դուրս եկավ զբոսնելու։ Անհարմար համարելով միայնակ զբոսնելը, մայրը ստիպեց նրան Լիզային և Գաբոյին էլ հետը նստեցնել։ Մարիամը և Ռուբենը նույնպես տանը չէին։

Տիկին Սոփիոն զբաղված էր տնային գործերով։ Այդ օրը նրանց տանը պիտի ճաշեին Հալաբյանը և իշխան Սահարունին։

Նիկողայոսը յուր առանձնասենյակում միայնակ նստած, ակնոցը աչքին դրած, քրքրում էր ինչ-որ թղթեր, կարդում էր, գրում և երբեմն համարակալի վրա հաշիվներ անում։ Նկատելի էր, որ վերջին օրերը նա սաստիկ զբաղված է, սովորականից ավելի երկար էր մնում առանձնասենյակում։ Ամեն օր նոր-նոր մարդիկ են գալիս նրա մոտ, խոսում, վիճում են ցածր ձայնով։ Գալիս են շուտ-շուտ և' նրա գործակատարները։ Նիկողայոսը նրանց հետ վարվում է կոպտաբար, գոռում է, հանդիմանում և վրդովված ճանապարհ դնում։

Նա պարապում էր կապալներով և Թիֆլիսի առևտրական շրջաններում հռչակված էր իբրև հաջողակ, եռանդուն, օրինակելի «գործավար»։ Եվ այս հռչակը հարստության հետ նա վաստակել էր վերջին տասնուհինգ տարվա միջոցում միայն: Կար ժամանակ, որ նա մի հասարակ մահդավաճառ էր, քաղաքի մի կենտրոնական քարվանսարայում, յուր մեծ եղբոր հետ, պահում էր մի փոքրիկ խանութ։ Գևորգը Մարիամի և Ռուրենի հայրը կառավարում էր խանութը։ Նիկողայոսը, ավելի երիտասարդ, լեզվանի և աչքաբաց լինելով, կատարում էր դրսի գործերը, գնում էր Ռուսաստան, հարաբերություններ էր պահում օտար գործարանատերերի հետ և այլն։

Մի օր Նիկողայոսը կանգնեց, թե ուզում է խանութը փակել և ուրիշ գործերի ձեռնարկել։ Գևորգը առևտրի մեջ երկչոտ մարդ էր, ամեն մի նոր բան նրան կասկած էր պատճառում։ Բայց նա մեծ հավատ ուներ դեպի Նիկողայոսի առևտրական հանճարը։ Թույլ տվեց նրան գնալ յուր ընտրած նոր ճանապարհով։ Իսկ ինքը, խանութը մի քանի տարի միայնակ կառավարելուց հետո, փակեց, յուր մասը զուտ փողով վերցրեց և հեռացավ։

Բախտը հաջողվեց Նիկողայոսին նոր ասպարեզում։ Առաջին մի քանի տարվա ընթացքում նա կրկնապատկեց յուր դրամագլուխը։ Հետո վրա հասավ արևելյան պատերազմը և նրա եռանդի համար մի նոր ասպարեզ բաց արավ։ Նա ընդարձակեց յուր գործերը։ Իսկ Գևորգը յուր փողերը պետական թղթերի վերածեց, նրանց տոկոսով սկսեց խաղաղ ու համեստ կյանք վարել, կնոջ մահից հետո փափագ չունենալով պարապել որևէ բարդ գործով։

Երկու եղբոր հարաբերությունները բարեկամական էին, թեև ընտանիքներն ապրում էին առանձին։ Մի օր, միասին ճաշելուց հետո, Նիկողայոսը, հոգեկան ուրախ տրամադրության միջոցին, խոսում էր յուր գործերի մասին: Հանկարծ նա դարձավ Գևորգին և հարցրեց.

Որքա՞ն տոկոս ես ստանում փողերիցդ։

Հարյուրին հինգ, պատասխանեց Գևորգը։

Հենց ա՞յդ, գոչեց Նիկողայոսն անկեղծ զարմացած։ Հարյուրին տասը կտամ, կուզե՞ս, ավելացրեց նա անփույթ կերպով։

Գևորգին հրապուրեց այդ առաջարկը, մանավանդ որ նա յուր եղբոր ազնվության մասին կասկած չուներ։ Հենց նոր քառասուն հազար ռուբլու տոկոսաբեր թղթերն անցել էին Նիկողայոսի ձեռքը, երբ Գևորգը հիվանդացավ, տասն օրից հետո մեռավ թոքերի բորբոքումից։ Փոխառության վերաբերմամբ քանի մի պաշտոնական ձևեր անկատար մնացին, և մեծ եղբոր փողերը կրտսեր եղբոր մոտ մնացին առանց գրավոր ապացույցների։

Նիկողայոսը հանգուցյալի որբերին բնակեցրեց յուր տանը։

Հենց այդ ժամանակ նա, յուր կնոջ թախանձանքով, մի նորաշեն տուն գնեց քաղաքի կենտրոնում։ Լինելով գործնական, հաշվագետ մարդ, նա անշարժ կալվածները «մեռած դրամագլուխ» էր համարում։ Բայց Սոփիոն վաղուց ցանկանում էր անպատճառ յուր սեփական տանն ապրել։ Նա լսել անգամ չէր ուզում, թե ամուսինը Խարափուխի հետ ընկած մի փողոցում կիսախարխուլ մի տուն ունի հորից ժառանգած։

Եվ այս Սոփիոյի առաջին պահանջը չէր միայն, որ կատարեց Նիկողայոսը։ Նա սիրում էր կնոջը յուրովի, համարում էր նրան ժամանակակից կին, որ գիտե մարդկանց առաջ պարզերես անել մարդու անունը։ Պակաս չէր նպաստում այդ սիրույն և այն հանգամանքը, որ Սոփիոն իշխան Սահարունիների տոհմիցն էր, այն է՝ Սրապիոն Սահարունիի հարազատ քույրը։

Նա ազատություն էր տվել Սոփիոյին տան համար անել, ինչ որ խելքը կտրում է: Իսկ Սոփիոն գիտեր յուր անելիքը, մանավանդ աղջկա վերաբերմամբ: Ոչինչ նա չխնայեց Նատալիայի համար, բացի մի բանից. նա ատում էր «գուվերնանտկաներին», ուստի վճռել էր չվարձել։

Այդ փքված հնդուհավերը, ասում էր նա, գալիս են, մարդու տանը տիրանում են ու…

Բայց և այնպես նա թշնամիներին տրաքացնելու համար վարձեց մի պառավ ֆրանսուհի, մի տարի պահեց, հետո արձակեց։ Եվ արձակեց կռվով, որովհետև օտարուհին հանդգնել էր Սադափյանների տան հարուստ կահ-կարասին անճաշակ համարել։

Վերջին տարիները Նիկողայոսն ընտանեկան ծախսերի վերաբերմամբ փոքր առ փոքր ժլատանում էր։ Երբ Սոփիոն փող էր ուզում, նա ձեռը տատանվելով էր գրպանը տանում, գլուխը խորհրդավոր շարժում էր և կրկնում.

Սոփիո, ծախսերդ թեթևացրու։

Սուս, պատասխանում էր Սոփիոն կատակով, և ամեն անգամ մատների ծայրերը շփում ամուսնու իստակ սափրված երեսին։

Նիկողայոսի ժլատանալը անհիմն չէր նրա գործերը ձախ էին ընթանում, մանավանդ վերջին տարի։ Երկու անգամ իրար հետևից նա խոշոր վնասներ կրեց կապալներում։ Նա փողի պակասություն զգալով, սկսեց դիմել սրա ու նրա օգնությանը, այնպես որ Հալաբյանն առաջինը չէր, որին նա ձեռք մեկնեց։ Բայց նա զգուշությամբ թաքցնում էր կնոջից յուր ձախորդությունն այն մտքով, որ Սոփիոն յուր աղմուկով իզուր պիտի արյուն վրդովեր։

Դռները հանդարտ բացվեցին, ներս մտավ Սոփիոն և անխոս նստեց Նիկողայոսի գրասեղանի մոտ։

Ասա տեսնենք, արտասանեց վերջինը, թևերը դնելով յուր առաջ ցրված հաշվեթղթերի վրա։

Սոփիոն ժպտաց։ Նիկողայոսը հասկացավ։

Այսօր ոչինչ մի խնդրիլ ինձանից, ասաց մարդը և շարունակեց պարապել ընդհատված գործերով։ Սոփիոն շրթունքն ամուր սեղմեց, ծռեց մի կողմ, հոնքերը վեր քաշեց և գլուխը շարժեց աջ ու ձախ։

Այս ձևով էր նա սովորաբար ծաղրում ամուսնու թույլ ընդդիմադրությունը։

Չեմ տալ, ասում եմ, կրկնեց Նիկողայոսը, մի փոքր ձայնը խստացնելով։

Զարմանքից Սոփիոյի դեմքը երկարացավ և փոքրիկ աչքերի փայլուն բիբերն անշարժ մնացին դեղնափայլ շրջանակներում։

Հետո՞, արտասանեց նա։

Հետո, փող չունեմ, Սոփիո, հավատացի՛ր, որ չունեմ։

Հանաքը մի կողմ թող, ձեռդ գրպանդ տար։

Չունեմ, ասում եմ։

Եթե դու ծուլանում ես, ինքս կհանեմ փողամանդ, ասաց Սոփիոն և, ոտքի կանգնելով, մոտեցավ ամուսնուն։ Բայց Նիկողայոսը կատակ չէր անում։ Նա բռնեց կնոջ ձեռքից, հետ մղեց և հրավիրեց նստել յուր տեղը։

Օհո', բացականչեց տիկինը միանգամայն ապշած, չլինի թե դու ինձ ուզում ես փախցնել։

Ասաց նա և, կեղծ վիրավորված, երեսը շուռ տվեց իբր թե դուրս գնալու։ Բայց երբ տեսավ, որ ամուսինը լուռ է, հետ դարձավ և կրկին նստեց։

Նիկո՜, ասաց նա լրջորեն, լա'վ իմացիր, ով որ մեծամեծների հետ ուզում է ծանոթանալ, նա մեծ սիրտ էլ պետք է ունենա:

Թող, աստված սիրես, գոչեց Նիկողայոսը, ծանոթներ, ծանոթներ, քանդեցիր տունս քո ծանոթներով։ Այնքան ունենք, որ էլ ով ասես գալիս է այս տուն, ով ասես, բարևում է ինձ դրսում, շատերի անունն էլ չեմ հիշում։

Սոփիոյի տոհմական ինքնասիրությունը վիրավորվեց։ Ինչ, միթե նա՛, պայծառափայլ Սահարունիների դուստրը, այնպիսի մարդկանց է ընդունում յուր տունը, այնպիսի ծանոթներ է ձեռք բերում, որ դուր չե՞ն գալիս նախկին «բազազին»։ Ո՞վ է Սադափյան անունը բարձրացրել, ո՞վ է այս տունը իշխանների, չինովնիկների, լուսավորվածների համար բաց արել։

Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, բոլորը դու ես արել, ընդհատեց Նիկողայոսը կնոջ խոսքը, հիմա, բավական է, էլ չեմ ուզում։ Մինչև այժմ մենք ուզում էինք սրա ու նրա հետ բարեկամանալ, այժմ թող ուրիշները աշխատեն մեզ մոտենալ։ Որքան մեզ ծանր պահենք, այնքան մեր պատիվը կբարձրանա:

Հիմա այդպես ես խոսում, հաա՞, գոչեց տիկինը հեգնաբար, դու չէի՞ր, որ ասում էիր՝ մարդ պետք է միշտ յուր գլխից վերև նայի, ոչ թե ցած… Դու չէի՞ր. հիմա փոխվեցի՞ր։ Շատ լավ, ծանր պահիր, տեսնենք, ո՞ր կոմսուհին երեսիդ մտիկ կանի։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։

Ի՞նչ, ո՞վ, ի՞նչ ես ասում, զարմացած արտասանեց Նիկողայոսը։

Ես ուզում եմ կոմսուհի Նավալիխինայի հետ ծանոթանալ, պատասխանեց տիկինը դրական եղանակով։ Նիկողայոսը ապշած նայեց կնոջ երեսին։ Այն անունը, որ հիշեց Սոփիոն, շատ և շատ բարձր էր նրա դիրքից ու շրջանից։ Ոչ միայն ծանոթանալ, երևակայել անգամ չէր կարող, թե երբևէ բախտ կունենա երես առ երես տեսնվել նրա հետ։ Եվ հանկարծ Սոփիոն ասում է, թե այդ կնոջը կարելի է ստիպել անգամ, որ այցելի Սադափյաններին։ Ի՞նչպես։

Մե՞ծ բան է, բացատրեց Սոփիոն սառնորեն, եթե նա կոմսուհի է, ես իշխանի աղջիկ եմ։ Պապերս վրաց թագավորների հետ մի «հազարփեշից» գինի են խմել, կոմսուհիները ո՞վ են իմ մոտ։ Ականջ դիր. կոմսուհի Նավալիխինան մի բարեգործական ընկերության նախագահ է։ Ով որ պատվավոր անգամ է գրվում, նրան կարեթով այցելություն է անում։ Հասկացա՞ր։ Հիմա ես ուզում եմ, որ Նատոս պատվավոր անդամուհի գրվի։ Լսո՞ւմ ես։ Մի շաբաթ սրանից առաջ կոմսուհին Փափգիսովի կնոջ մոտն է եկել։ Սիրտս քիչ մնաց տրաքի, երբ որ լսեցի։ Հիմա դու ինքդ ասա, մենք Փափգիսովների՞ց էլ հետ պիտի մնանք։

Ավարտելով յուր խոսքը, տիկինն աչքերը սևեռեց ամուսնու աչքերի մեջ, սպասելով նրա պատասխանին։ Նիկողայոսը մի քանի վայրկյան մտածեց և հետո սեղանի արկղը բանալով, հանեց մի հատ աղեղնագույն թղթադրամ և, դնելով սեղանի վրա, ասաց.

Սրանից ավել տալ չեմ կարող, ինչ ուզում ես, արա։

Սոփիոն արհամարհանքով շպրտեց թղթադրամը։ Նա ոտքի կանգնեց։

Մուրացկա՜ն եմ, ի՛նչ եմ, գոչեց կատաղած, վերցրու', չեմ ուզում, տար եղբորդ աղջկա համար հագուստ գնիր։

Առաջին անգամ չէր Նիկողայոսը կնոջ կողմից այս տեսակ կծու ակնարկներ լսում յուր եղբոր որբերի վերաբերմամբ։ Բայց երբեք մի առանձին ուշադրություն դարձրած չէր։ Այս անգամ Սոփիոյի խոսքը ազդեց նրա վրա։ Ազդեց իբրև հանդիմանություն, և ոչ իբրև վիրավորանք յուր հարազատ եղբոր աղջկա համար։

Նա աչքերը լայն բաց անելով, նայեց կնոջը ոտից գլուխ և արտասանեց. Սոփիո, բավական է։

Ոչ նրա սուր հայացքը, ոչ ձայնի սաստողական հնչյունը չունեցան ցանկալի ներգործություն։ Ընդհակառակը Սոփիոն ավելի գրգռվեց։

Ասում եմ էլի, տա՛ր քո եղբոր որդիների համար ծախսիր, կրկնեց նա, ձեռը խփելով սեղանի ծայրին, չեմ ուզում, ոչ ես, ոչ իմ աղջիկը կարոտ չենք քո ողորմությանդ։ Նրանց ուտեցրու, հագցրու, նրանց պահիր իշխանի որդիների պես ու ինձ ասա. «Ծախսերդ պակասեցրու»։ Պակասեցնե՞մ։ Լավ։ Համեցե'ք. առաջ դու դուրս բեր այդ ձրիակերներին իմ տնից, հետո ինձանից պահանջի՛ր։

Իմ եղբոր զավակները ձրիակերներ չեն, նրանք ապրում են իրանց հոր փողով, խստորեն և հանդարտ արտասանեց Նիկողայոսը։ Ես նրանց իրավունք չունիմ այս տնից դուրս բերելու, քանի որ… նրանց ժառանգությունը իմ մոտ է։ Եթե ուզում ես դուրս բերել, գտիր ու տուր քառասուն հազարը, նրանք, առանց քո ասելու էլ, կգնան…

Այ գրողը տանի նրանց մի քանի հազար թումանը, ինչպես որ տարել է, ընդհատեց Սոփիոն և ավելի ու ավելի գրգռվելով, շարունակեց նույն եղանակով։ Միայն Մարամի վրա ավելի է ծախսվել, քան նրա հոր թողածը, իսկ Ռուբե՞նը, որ ութ տարի ուսում է առել։ Ոչ, ոչ, բավական է, պետք է ճանապարհ դնել նրանց, թե ոչ, վերջին չքավորության կհասցնեն Սոփիոյին ու նրա զավակներին։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, ո՞վ է մեր ժամանակում յուր հարազատներին թողած, եղբոր որբերի համար գլուխ կոտրում։ Սև լիներ այն օրը, երբ Մարիամը ոտ դրեց Սոփիոյի տունը։ Այն օրից Նատոյի բախտն էլ կապվեց, տարին տարիի հետևից անցնում է, նա պառավում է, չկա մի օրինավոր մարդ, որ նրա վրա աչք դնի։ Մարիամը կապել է նրա ճանապարհը. ով ասես, նրա վրա է ուշադրություն դարձնում։ Ինչո՞ւ…

Այս ասելով, տիկինը կրկին նստեց գրասեղանի մոտ և աչքերը տնկեց Նիկողայոսի երեսին։ Նրա բարակ շրթունքը կապտել էին, թեթև դողդողում էին։ Թվում էր, որ սպասում էր մի թույլ հակաճառության, և այն ժամանակ պատրաստ էր ավելի կատաղել։ Սակայն Նիկողայոսը չխոսեց։ Նա նայեց ժամացույցին, շտապելով հավաքեց հաշվեթղթերը, վերցրեց սեղանի վրա ընկած հարյուրանոց թղթադրամը, փակեց սեղանի արկղիկում, բանալին գրպանը դրեց և վեր կացավ տեղից, ասելով.

Վաղը կստանաս ուզածդ, այժմ չունեմ։

Նույն վայրկյանին հանկարծ նրա դեմքը տարօրինակ այլայլվեց։ Նա բռունցքը սեղմած խփեց սեղանին և խեղդուկ ձայնով գոչեց.

Սնանկացրիր ինձ, սնանկացրիր...

Գոչեց և արագ քայլերով դեպի դուրս շտապեց, դռները ուժգնակի ծածկելով յուր հետևից։

Տիկին Սոփիոն ապշած նայեց նրա հետևից։

Այդ մարդը խելքը կորցրել է, ասաց նա լսելի ձայնով, մի քանի մանեթի համար այդքան կատաղե՜լ... Կոպիտ, անտաշ, այսուհետև իշխան Սահարունիի աղջկա հետ պիտի այդպես վարվե՜ս... Սպասի՛ր, ես քեզ ցույց կտամ, թե ով եմ...

Կեսօրվա երկու ժամից անց Նիկողայոսր վերադարձավ տուն, հետը բերելով յուր հյուրերին։ Հալաբյանը ներս մտավ սովորական զվարթ տրամադրությամբ։ Իբրև վաղուցվա ծանոթ, նա այնքան ընտելացել էր Սադափյանների ընտանիքին, որ այցերի ժամանակ մի առանձին ձևականություն չէր պահպանում։ Եվ այդ շատ հավանելի էր Նիկողայոսին։

Տիկին Սոփիոն ընդունեց նրան ուրախ ժպիտը երեսին և հանդիմանեց բարեկամաբար, որ ուշ-ուշ է այցելում։

Ամբողջ մի տարի էր, որ նա Հալաբյանին յուր մտքում Նատալիայի համար փեսացու էր ընտրել։ Այս ընտրությունը պայմանավոր էր։ Այն օրից, երբ տիկնոջ հույսերը թուլացան ավելի արժանավորին գտնելու, սկսեց զիջումներ անել և ի վերջո նրա ուշումիտքը կանգ առան թերմաշ ամուրիի վրա։ Հալաբյանը, եթե սպա չէր, եթե մի մեծ պաշտոնյա չէր, փող և դիրք ուներ։ Եվ Սոփիոն քանի մտածում էր այս մասին, այնքան ամուրին բարձրանում էր նրա աչքում: Այս առթիվ նա մի օր խոսեց յուր աղջկա հետ և ուրախությամբ տեսավ, որ Նատալիան ոչ միայն ընդդիմադրություն չի տալիս, այլև, կարծես, ուրախ է։ Եվ իրավ, քսանութամյա օրիորդը հարուստ ամուրիի մեջ տեսնում էր քանի մի հատկություններ, որ հավանել էին նրան։ Հալաբյանր տակավին ծեր չէ, նա ունի ծանր ու հպարտ գնացք, խրոխտ ու դուրս ցցված կուրծք, նա գիտե ճաշակով հագնվել, վայելուչ խոսել կանանց հետ, արժանավորությամբ պահել իրան հասարակական շրջաններում։ Փորձի համար Նատալիան մի անգամ պատկերացրեց իրան նրա հետ թև թևի տված մանգալիս և տեսավ, որ հեռվից նայողի մեջ մի այդ տեսակ զույգ կարող է հարգանք զարթեցնել։ Ինչ անենք, որ ճաղատ է Հալաբյանր, գլխի մազերը կանանց համար են զարդ, տղամարդը ճաղատ գլխով ավելի պատկառելի է: Իսկ նրա հարստությո՞ւնը, որի մասին օրիորդը մի փոքր առասպելական գաղափար ուներ։ Ահա այն ամենագլխավոր հրապույրը, որ բարձր էր նույնիսկ իշխանական ծագումից։ Նատալիան յուր օժիտը մի ամենաչնչին բան էր համարում այն ապրուստի համար, որ երազում էր տասնութ տարեկան հասակից սկսած։ Միայն Հալաբյանր կարող էր իրագործել այդ երազը. գոնե այսպես էր մտածում օրիորդը։ Ահա ինչու նա բացարձակ հավանություն էր տալիս յուր մոր միտումներին։ Եվ մայրը, խրախուսված այս հավանությունից, ամեն կերպ աշխատում էր ձեռքից բաց չթողնել յուր որսը, որին նա վերջինն էր համարում, դիտելով դստեր հետզհետե թառամող դեմքը։

Հյուրերը գալուց մի քանի րոպե անցած ներս մտավ Նատալիան զուգված, զարդարված։ Հետո եկան Մարիամը ու Ռուրենը, և իշխան Սահարունիի զվարճախոսության շնորհիվ հյուրասենյակը աղմկեց։

Տիկին Սոփիոն նկատեց, որ Հալաբյանր միայն մի քանի րոպե ուշադիր եղավ դեպի յուր դուստրը, հետո ամուրին դարձավ Մարիամին և սկսեց նրա հետ խոսել: Նա ներքին հուզմունքից շրթունքները կրծեց և մոտեցավ Հալաբյանին։

Ինչի՞ մասին եք այդպես տաք-տաք խոսում, հարցրեց նա պարզ։

Խոսում ենք Ռուբենի արտասահման գնալու մասին, պատասխանեց Հալաբյանը, այժմյան երիտասարդները շատ ագահ են, ինչքան գիտություն են ստանում, չեն կշտանում։ Այդ մասին հետո, ասաց տիկինը շեղակի նայելով Մարիամի երեսին, գնանք ճաշելու, բավական է ինչքան քաղցած պահեցինք ձեզ:

Նա առաջ գնաց, և հյուրերը հետևեցին նրան դեպի սեղանատուն։

Ճարպիկ տանտիրուհին այնպես հմուտ կարգագրեց, որ ճաշի սեղանի մոտ Հալաբյանի մի կողմում իշխան Սահարունին նստեց, մյուս կողմում Նատալիան, դեմուդեմ Նիկողայոսը։ Իսկ Մարիամին և Ռուբենին հրավիրեց նստել յուր մոտ, առաջինի աջ ու ձախ կողմերում տեղավորելով Գաբոյին ու Լիզային։ Բայց... ապարդյո՜ւն ջանք։ Ամուրին սկզբից մինչև վերջ այնչափ ուշադրություն դարձրեց յուր հարևանուհու վրա, որչափ պատշաճ էր անքաղաքավարի չլինելու համար։ Ամեն մի հաջող վայրկյանից օգուտ քաղելով, նա Նատալիայի ուսի վրայով նայում Էր Մարիամին, որ զբաղված լինելով Գաբոյով ու Լիզայով, չէր նկատում նրա համառ հայացքները։

Տիկին Սոփիոյի սիրտը խռովեց, այլ նա չհուսահատվեց։ Աչքով արավ իշխանին, որ կենացներ առաջարկի։ Այս ևս չօգնեց: Ո՛չ նորին պայծառափայլության յուրաքանչյուր բաժակի վերաբերմամբ արտասանած սովորական խոսքը, ո՛չ տիկնոջ և Նիկողայոսի անսովոր հարգանքը չգրավեցին Հալաբյանին։ Լուռ էր նա և եթե խոսում էր, միայն հարկից ստիպված։

Ճաշը ավարտվեց։ Տիկին Սոփիոն հյուրերին հրավիրեց դահլիճ, որ Սադափյանների տասնուերկու սենյակների մեջ ամենահարուստ զարդարվածն էր։ Դեպի փողոց նայող հինգ բարձր և լայն պատուհանները սքողված էին թանձր ու ծանր մետաքսյա մուգ-կարմրագույն վարագույրներով, որ ծառաները նոր մաքրել էին և քարշ արել։ Մի անկյունում դրած էր տաճկական թախտը, մետաքսյա նրբանկար և ոսկեգործ կապերտով ծածկված։ Չինական ձևով մանր քանդակված և փղոսկրով դրվագած քանի մի աթոռակներ շրջապատել էին ոսկեհյուս բարձերով զարդարուն թախտը։ Մի այլ անկյունում դրած էր ավելի մեծ մի թախտ, զարդարված բուն պարսկական ճաշակով։ Դեմուդեմ մի անկյունում մորենագույն թավիշով ծածկված եվրոպական բազկաթոռները և բազմոցներն էին տեղավորված։ Իսկ այնտեղ, դահլիճի խորքում, վարագույրների հովասուն ստվերի տակ, հպարտ կանգնած էր Նատալիայի ահագին դաշնամուրը, որի կափարիչի վրա անկանոն սփռված էին ոսկեկազմ նոտատետրերը: Այս ու այնտեղ շարված էին կոլորակ, սևագույն սեղաններ։ Մեկի վրա դրած էր այցետոմսերով լի չինական վազը։ Մյուսները ծանրաբեռնված էին թանկագին փնջամաններով, ալբոմներով և հարյուր տեսակի մանր֊մունր արդուզարդով։ Բացի կանթեղներից և պղնձե մոմակալներից, պատերի վրա քարշ արած էին մոտ տասը մեծադիր նկարներ, որոնց ոսկեզօծ շրջանակները ավելի թանկ արժեին, քան իրանց մեջ ամփոփվածը։

Տանտիրոջ հարստության և տանտիրուհու ճաշակի մասին գաղափար տվող այս դահլիճն էր, որի զարդը ֆրանսուհի գուվերնանտկան անճաշակ էր անվանել։

Նիկողայոսը հյուրերին առաջարկեց աբրիկանտ։ Հալաբյանր օրիորդ Մարիամին խնդրեց դաշնամուր նվազել։ Մի անտակտություն, որ կատաղեցրեց Սոփիոյին։ Տիկինը գաղտուկ նայեց Մարիամի երեսին, և նայեց այնպես, որ օրիորդը մերժեց Հալաբյանի խնդիրը։ Իշխան Սահարունին, Նատալիայի թևը առած, մոտեցրեց դաշնամուրին։

Նա հնչեցրեց Ժորժ Բիզեի երաժշտությունից մի կտոր, որ այն ժամանակ խիստ տարածված էր Թիֆլիսի ընտանիքներում։ Նրա խաղը գրավեց մի փոքր ժամանակ Հալաբյանի ուշադրությունը։

Տիկին Սոփիոն հանդարտ մոտեցավ, նստեց ամուրիի մոտ և սկսեց շշնջալ, թե որքան Նատալիան սիրում է մուզիկը, թե ինչպես նա դյուրին սովորում է ամեն մի նոր եղանակ, թե քանի-քանի մարդիկ գովել են նրա առանձին ձիրքը: Զարմանում են, որ նա բարեգործական նվագահանդեսներում չէ մասնակցում։ Հալաբյանը նույնպես գովեց, և այսպիսով անգիտակցաբար մեղմացրեց տիկնոջ ներքին ալեկոծությունը։ Նրա հայացքը մի անգամ ևս դարձավ Մարիամի կողմը։ Օրիորդը մի փոքր հեռու նստած լսում էր իշխան Սահարունիի զվարճախոսությունը։ Երբեք նա այնքան սիրուն, այնքան գրավիչ չէր երևացել Հալաբյանին։ Ամեն ինչ նրա կերպարանքի մեջ գրավիչ էր։ Եվ հեգ ամուրին ավելի ու ավելի զգում էր, թե դժբախտ կլինի, եթե չկարողանա հաղթել նրա հպարտությանը:

Նատալիան վերջացրեց նվագումը։ Իշխան Սահարանին ծափահարեց։ Հալաբյանը բնազդումով հետևեց նրա օրինակին։

Օրը մթնեց, սպասավորը վառեց կանթեղները։ Դահլիճը լուսավորվեց մի պայծառ, ուրախ լուսով, որի շողքերը առանձին մի հրապույր սփռեցին Մարիամի վրա։ Մի վայրկյան Հալաբյանը հիշեց յուր դատարկ բնակարանի կիսախավար սենյակները օրվա այդ ժամին, երբ նա սովորաբար պառկած էր լինում անկողնում։ Մի բուռն ատելություն զգաց նա դեպի այդ մռայլ կացարանը, որ յուր տաղտկալի մենությունն էր հիշեցնում։ Նա կկամենար երկար նստել դեմուդեմ այն արարածի հետ, որի թովչությունը գրեթե կաշկանդել էր նրա հոգին։ Այլ արդեն ուշ էր։ Նա ոտքի կանգնեց։

Ո՞ւր եք շտապում, ասաց Նիկողայոսը, հակառակ յուր ցանկության չկարողանալով հյուրի անսովոր սակավախոսության պատճառն իմանալ։

Արդեն մութն է, պատասխանեց Հալաբյանը և, դառնալով Սոփիոյին, ավելացրեց. ներեցեք, տիկին։

Դուք ներեցեք, որ չկարողացանք ձեզ զվարճացնել, ասաց տիկինը մի առանձին եղանակով, որ արտահայտում էր մի տեսակ նուրբ հեգնություն։ Եվ, յուր մատների ծայրերը դնելով նրա ափի մեջ, ավելացրեց. խնդրում եմ չմոռանաք մեզ...

Տեսա՞ր, գոչեց տիկին Սոփիոն հուզված մտնելով ամուսնու հետևից ննջարան, տեսա՞ր այդ քո եղբոր աղջիկը ի՛նչ է անում։

Ի՞նչ է անում, հարցրեց Նիկողայոսը զարմացած:

Կապում ու կտրում է խեղճ Նատոյիս ճանապարհը։ Չէ, թեկուզ ինձ խեղդես, ես իմ աղջկանս այս տանը պահելու չեմ։ Կամ նա, կամ քո եղբոր աղջիկը։ Մեկի վրա էի դրել հույսս, նրան էլ ուզում է խելքից հանի, այն էլ ո՞վ... մեր հացով ապրողը։

Եթե խոսքդ Հալաբյանի մասին է, ասաց Նիկողայոսը սառնորեն, Մարոն այդ մարդուն այնքան է հավանում, ինչքան ծիտը կատվին։

Հավանում է, չի հավանում, ասաց Սոփիոն գրգռված, այդ իմ գործը չէ… քանի որ նա այս տանն է, իմ աղջկա բախտը կապ է ու կապ…

Գիտե՞ս ինչ, ընդհատեց Նիկողայոսը, սյուրտուկը հանելով, եթե ուզում ես ճշմարիտն ասեմ, քո աղջիկ մարդու տալու այդ հոգսերդ ինձ մինչև այստեղ ձանձրացրել են, ա՛յ, մինչև այստեղ. նա ձեռը դրեց կոկորդին։ Ես ավելի մեծ ցավ ունեմ, հասկանո՞ւմ ես։ Գնա՛, ինչ ուզում ես արա, գլուխս մի՛ ցավացնիլ։

Այս ասելով Նիկողայոսը պառկեց անկողնին յուր սովորական քունը վայելելու։

Իշխան Սահարունին, փողոցում հասնելով Հալաբյանին, հարցրեց.

Այս երեկո կլուբում կտեսնվի՞նք։

Ոչ:

Ինչո՞ւ։

Որովհետև ուզում եմ տանը մնալ։

Հեր օրհնած, քեզ ի՞նչ է պատահել, գոչեց զարմացած։ Մի շաբաթ է ոչ մի տեղ չես երևում, տխուր ես, հետդ խոսել չի լինում։ Այսօր էլ, կարծես, նորահարս լինեիր քրոջս տանը, ոչ կարգին ճաշեցիր, ոչ խմեցիր, ոչ խոսեցիր… փիե՜… Ե՛կ այս երեկո կլուբ, թե չէ լուր կտարածեմ, որ գժվել ես։

Ինչ ուզում ես արա, միայն այս երեկո ինձ հանգիստ թող, պատասխանեց Հալաբյանը թույլ ձայնով, ես մի փոքր տկար եմ…

Տկար ե՛ս… նո՛ւ, այդ տկարությունը մարմնավոր չի, ես այդ նկատում եմ…

Ցտեսություն, ընդհատեց Հալաբյանը և, շտապով սեղմելով յուր ընկերոջ աջը, արագ քայլերով հեռացավ:

Քանի մի վայրկյան իշխանը ապշած նայեց նրա հետևից և, գլուխը շարժելով, ասաց մտքում.

«Հըըմ, ուրեմն ես չեմ սխալվում, այդ մարդը սիրահարվել է, ո՞ւմ վրա… Իհարկե, Մարիամի։ Իհա՜ա, բուրդը թափված արջ, լա՛վ պտուղ ես ուզում քաղել մաշված թաթերովդ: Նու՜, բարեկա՛մ, Մարիամը քո հավասարը չի... Եթե վճռել ես իսկապես հիմարանալ, ահա Նատալիան, նրանից լավին արժանի չես»։

Անցնելով փողոցի մեկ մայթից մյուսի վրա, նա ավելացրեց։

«Այո՛, Նատալիան, ես Սոփիոյի միտքը հասկանում եմ այժմ, թե ինչու նա ինձ խնդրում է շուտ-շուտ այդ մարդուն նրա տունը տանել։ Էէ՜, իշխան Սահարունի, կարծեմ ազնվական արյունդ չի պղտորվիլ, եթե քրոջդ աղջկա համար մոցիքուլություն անես... Տրալլա, տրալլա տրալլալալա... տխմար է նա, որ մահմեդական չէ և ամուսնանում է...»

Մի քանի րոպեից հետո մի սիրուն կառք իշխանին հասցրեց քաղաքի հետ ընկած փողոցներից մեկը։ Կար այստեղ մի փոքրիկ տուն, ուր մեկը անհամբեր սպասում էր նրան և որին իշխանը ն ո մ ե ր ե ր կ ր ո ր դ էր անվանում։

Be the first who will comment on this

Other parts of "Զուր հույսեր"

Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Artist's Studio, 1963
Artist's Studio, 1963
Play Online