Alexander Shirvanzadeh
Զուր հույսեր
XII - XIII
XII
Մարիամի կծու հանդիմանությունները մի որոշ աստիճանի ազդեցություն գործեցին բժիշկ Մելիք-Բարսեղյանի հոգու վրա։ Երեկույթից հետո մի քանի օր շարունակ նրա ականջին հնչում էին օրիորդի վիրավորական խոսքերը, իբրև սուր բողոք յուր անարժան վարմունքի դեմ։
Սակայն անցավ թարմ տպավորությունը, և նրա խիղճը փոքր առ փոքր սկսեց հանդարտվել։ Այս անգամ ևս նրան օգնեց սառն, անկիրք դատողությունը։ Չէ՞ որ վիրավորողը Մարիամն է եղել։
«Իսկ ես միայն լսեցի նրա կոշտ ու կոպիտ հայհոյանքները։ Ասենք իմ արածս, նրա կարծիքով, լավ բան չէ, բայց նրա արածը խոմ ավելի վատ էր»։
Ուրեմն պատիժը կատարված է, պարտքը վճարված է, հաշիվը վերջացած է։
Բայց արդյոք այդ երեկո հասարակությունից ոչ ոք չէ՞ լսել նրանց խոսակցությունը ահա այն միակ միտքը, որ սաստիկ անհանգստացնում էր բժշկին։ Եթե նա համոզված լիներ, որ այդ անախորժ տեսարանին ոչ ոք վկա չի եղել և առհասարակ գաղտնիքը չէ հայտնվել ուրիշին, որքան դյուրին կլիներ նրա համար մոռանալ ամեն ինչ և անձնատուր լինել սովորական զբաղմունքներին։ Բայց նա կասկածում էր, և կասկածում էր ամենից ավելի Հալաբյանի վերաբերմամբ։
Նրա սուր աչքերը նկատել Էին Հալաբյանին այն պահին, երբ վերջինը դուրս եկավ սենյակի անկյունից Մարիամի հանդիմանություններից հետո։ Նրա նուրբ դիտողությունից փախուստ չէր տվել ամուրիի հետամուտ լինելը Մարիամին։ Նա նկատել էր և՛ Հալաբյանի սպառնալի հայացքը ժողովարանի նախասենյակում։ Այնուհետև նա մի քանի անգամ պատահել էր ամուրիին փողոցում, բարևել էր հարգանքով, և արժանացել միայն սառն և թեթև պատասխանի:
Այս բոլորը նրա կասկածները զորացնում էին, և նա, մութ կերպով, զգում էր, որ Հալաբյանը նախ անտարբեր չէ դեպի Մարխամը, երկրորդ՝ վրդովված է յուր դեմ։ Առաջինը ցանկալի էր, երկրորդը՝ ոչ։ Ցանկալի էր՝ գտնվի մեկը, որ հետամուտ լինի Մարիամին և գուցե մոռացնել տա նրան յուր անցյալը։ Ցանկալի չէր, որ այդ մեկը լինի Հալաբյանի նման մարդ։ Նա հարուստ է, հասարակության մեջ ունի հայտնի դիրք, ունի ծանոթների մեծ շրջան, կատա՞կ բան է մի երիտասարդ բժշկի համար կյանքի ասպարեզում, հենց առաջին քայլում, հանդիպել այդպիսիների ատելությանը, երևալ նրանց աչքում իբրև մի ստոր խաբեբա։
Պետք է, ուրեմն, զգույշ լինել, պետք է մոտենալ Հալաբյանին, վաղօրոք գրավել նրա սիրտը, չթույլ տալ նրան վատ կարծիք կազմելու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մասին։
Չլիներ տխուր միջադեպը Մարիամի հետ, օրիորդ Նատալիայի բալը իսկապես բժշկի համար մի բախտավոր օր էր։ Այդ երեկո նա ծանոթացել էր երեք-չորս հայտնի ընտանիքների հետ, գրավել էր մի քանի մայրերի ուշադրությունը։ Մի հարուստ պարոն հենց այդ երեկո աոաջարկել էր նրան յուր տան բժիշկը լինել։ Եվ նա շտապել էր հետևյալ օրն իսկ այցելություն անել պարոնի ընտանիքին։ Մի խոսքով, այդ երեկույթից հետո նրա գործերը քիչ-քիչ առաջ էին գնում, ապագան հույսեր էր տալիս։ Նրա մասին արդեն սկսել էին խոսել հասարակության մեջ, նրա անունը տարածվում էր, նրանով հետաքրքրվում էին։
Իբրև բարեմիտ քաղաքացի, իբրև յուր դրությունը հաստատել ցանկացող մի բժիշկ, նա արդեն կանոնավորել էր յուր կյանքը։ Առավոտյան զարթնում էր կանուխ, չայի ժամանակ թերթում էր տեղական լրագիրները, հետո կարդում էր յուր մասնագիտությանը վերաբերյալ այս կամ այն գրքից քանի էջեր, այնուհետև ծանր ու հանդարտ, ծառայի օգնությամբ, հագնվում էր, դուրս էր գալիս տնից առավոտյան տասնումեկ ժամին։ Եթե հիվանդ ուներ, գնում էր այցելության, եթե չուներ, դարձյալ կառք էր նստում որոշյալ ժամին և մի կամ երկու անգամ անցուդարձ անում քաղաքի բազմամարդ փողոցներում։
Հետո նա գնում էր այն հիվանդանոցները, ուր առժամանակ ձրի բժշկություն էր անում։ Այստեղ նա շփվում էր զանազան այցելուների հետ, ծանոթանում էր, և եթե այցելուն փոքր ի շատե ունևոր մարդ էր, հայտնում էր նրան յուր հասցեն, հարմար դեպքում հրավիրելով յուր մոտ։
«Տանը ես ազատ եմ, կարող եմ ավելի լավ քննել ձեր հիվանդությունը», ասում էր նա։ Եվ ամենի հետ նա վարվում էր միատեսակ մեղմ, սիրալիր և զարմանալի ուշադրությամբ։ Նրա համբերությունը սահման չուներ, երբ քննում էր այս կամ այն շատախոս հիվանդին, որ մանրամասն նկարագրում էր յուր հիվանդությունը։ Նա ինքն յուրաքանչյուրին շռայլում էր շատ ավելորդ հարցեր, կատակ էր անում, սրախոսում էր, զվարճացնում էր և այսպիսով ամենի սիրտը շահում։
Ա՜խ, Անիչկա, ասում էր հիացած մի տիկին յուր ընկերուհուն, դու չես կարող երևակայել ինչքան բարեսիրտ է այդ բժիշկ Մելիք-Բարսեղյանը, ինչքա՜ն ցավում է հիվանդի մասին։ Ուրիշները մի քիչ քննում են հիվանդին ու հետո ձեռքին նայում, թե ինչ կտա։ Իսկ նա, սիրող մոր պես, ամեն բան հարցնում է, ամեն բան ուզում է իմանալ։
Դուք ճանաչո՞ւմ եք բժիշկ Մելիք-Բարսեղյանին հարցնում էր մեկը մյուսից։
Ոչ, լսել եմ։
Օօօ՜օ, ծանոթացեք, ծանոթացեք, շատ համակրելի է։
Ինչո՞վ է համակրելի։
Ինչպե՜ս ասեմ, պրոսաո դուշկա…
Հին բժիշկների դասը, որ առաջ արհամարհանքով էր վերաբերվում, փոքր առ փոքր սկսեց լուրջ ուշադրություն դարձնել նրա վրա։ Շատերը զգում էին, որ նրա հետ կատակ անել չի կարելի, որ նա մի վտանգավոր մրցակից է և կարող է շատերին նսեմացնել, եթե վաղօրոք առաջը չկապվի։ Եվ հետզհետե սկսեցին նրա վրա բամբասել։ Առաջ նրան անվանում էին «մանուկ», հետո սկսեցին «վիսկաչկա» մականունը գործածել։ Իսկ նա, ինչպես հիվանդների, նույնպես և յուր արհեստակիցների հետ վարվում էր՝ ծերերի հետ հարգանքով և պարկեշտորեն, երիտասարդների հետ ընկերաբար և համեստորեն։ Նա մյուսների պես չէր բամբասում նրանց, չէր աշխատում վայր գցել նրանց վարկը հասարակության աչքում։ Նա չէր ցույց տալիս ոչ նախանձ, ոչ ատելություն, ոչ արհամարհանք։ Երբ նրա մոտ անվանարկում էին այս կամ այն բժշկին, նա կամ աշխատում էր բամբասանքը ընդհատել, կամ ընդդիմադրում էր անվանարկողին, պաշտպանելով ոչ թե խոսակցության առարկա բժշկի անձնավորությունը, այլ առհասարակ բժիշկ մարդու արհեստը, նրա պատասխանատու դերը, նրա դիրքը և պատիվը։ Իսկ երբ գովում էին մեկին, նա լռում էր, և միայն այն ժամանակ երևան էր գալիս նրա դեմքի վրա այն խորհրդավոր ժպիտը, որ նրան էր միայն հատուկ և որ, կարծես, արտահայտում էր հետևյալ դարձվածը.
«Ճանաչում եմ քո գոված բժշկին, չարժե։ Նայի՛ր ինձ...»
Եվ գովողը նայում էր նրա երեսին, լռում էր, ամաչում էր և կամա-ակամա մտածում.
«Ինչ խելոք դեմք ունե այս մարդը»։
Այսպես էր վարվում բժիշկ Մելիք֊Բարսեղյանը ամենի հետ։ Նրա հնարագետ ուղեղը մատակարարում էր նրան միշտ նորանոր միջոցներ յուր նպատակին հասնելու համար։ Մի օր այդ ուղեղը թելադրեց նրան հետևյալ սկզբունքը.
«Ընդհանուր համակրություն ձեռք բերելու համար հարկավոր է ընդհանրության հետ շփվող մարդկանց մոտենալ»։
Եվ նա, որ անգիտակցաբար արդեն գործադրում էր այդ սկզբունքը, այժմ սկսեց գիտակցորեն գործադրել։ Նա արդեն ծանոթացել էր տեղական բոլոր խմբագիրների հետ, այցելություն էր արել նրանց և յուրաքանչյուրի մոտ յուրաքանչյուրի տեսակետից առանձին-առանձին պաշտպան ել էր հասարակական շահերի գաղափարը։ Դրանով նա չբավականացավ: Բացի բժշկականից, նա գրվեց մի քանի ընկերությունների անդամ, մոտեցավ երիտասարդության հետ, ցույց տվեց իրան հնի թշնամի, նորի եռանդուն ջատագով:
Մի ընկերության ընդհանուր ժողովում, յուր մի ազատամտական ճառի շնորհիվ, երիտասարդները ընտրեցին նրան խորհրդի անդամ, և այդ օրվանից նա անցավ «հասարակական գործիչների» շարքը։
Բայց հազիվ նա ստացել էր այդ անունը, հազիվ նա ծանոթացել էր երիտասարդության հետ, երբ փորձով տեսավ, որ այդ միջոցով ձեռք բերած հռչակն էլ ունե յուր անհարմարությունները։ Բանն այն է, որ, ինչպես ամենուրեք, նույնպես և' բժիշկ Մելիք-Բարսեղյանի արյունակից հասարակության մեջ կա մի որոշ դասակարգ, որի համար արհեստավորին ձրի հարստահարելը անբարոյականություն չէ համարվում։ Ահա այդ դասակարգի հետ առիթ ունեցավ մոտենալ նա, ընդունելով «հասարակական գործիչի» անունը։ Նրա մեղմ ազատամտությունը, նրա արտաքին բարեհամբույր վարվողությունր անխտիր ամենի հետ և, վերջապես, նրա ազգանվան «յան» մասնիկը, այս բոլորը համարձակություն էին տալիս շատերին դատարկ ձեռքով դիմել նրա արհեստի օգնությանը։ Եվ նա չէր կարող մերժել, նա չէր կարող գանգատվել անգամ։ Գիտեր, որ հակառակ դեպքում հետևանքը կարող է վատ լինել։
Պատահում էր, որ շաբաթվա մեջ ընդունելության համար երեք որոշյալ օրերից մեկը կամ մյուսը անցնում էր միայն ձրի հիվանդներ ընդունելով։
Ի՞նշ գործի եք, հարցնում էր նա եկողներից։
Ես հայոց դպրոցի աղքատ վարժապետ եմ, պատասխանում էր մեկը։
Ես տիրացու եմ, պատասխանում էր մյուսը։
Ես Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ, պատասխանում էր երրորդը։
Եվ այլն և այլն։ Բոլորն էլ գալիս էին մի տեսակ անբռնաբարելի իրավունքով, կարծես, նրա վարձը վճարել էին վաղուց։ Վերջապես, նա տեսավ, որ այդպես շարունակել անկարելի է, որ պետք է սահմանափակել ձրիասերների թիվը։ Բայց ինչպես։ Սխալն այն էր, որ նա սկզբից չէր հայտնել, թե իբրև մանկաբարձ֊բժիշկ դարմանում է միայն կանանց հիվանդությունները։ Ինչ տեսակ հիվանդներ ասես, նա ընդունում էր վարձով, հետևաբար չէր կարող անվարձների վերաբերմամբ այլ կերպ վարվել։
Մի օր նա նստած էր յուր առանձնասենյակում։ Ընդունելության ժամն էր։ Նա բարկացած էր. մի րոպե առաջ նա ընդունել էր մի տերտերի, քննել, դեղատոմս գրել, և տերտերը, փոխանակ վարձ տալու, «պահպանիչ» էր ասել, կարծես, նրան ծաղրելու համար։ Իսկ մի պացիենտ, որին բժշկել էր ծանր հիվանդությունից, տասն ու ինը «վիզիտի» համար ուղարկել էր ծրարով ընդամենը քսան ռուբլի։
«Վիզիտին մի ռուբլի, ասում էր նա, մարդ կարող է խելագարվել, խելագարվել, это чорт знает что такое, այդպես էլ անբարեխղճությո՞ւն...»։
Հանկարծ նա լսեց դռան զանգակի ձայնը։ Իբրև կանանց բժիշկ, նրան աջակցում էր մի մանկաբարձուհի։
Հիվանդ, ասաց վերջինը, ընդունարանի դռներից ներս մտնելով։
Հրավիրեցեք, պատվիրեց բժիշկը և մտքում ավելացրեց. ձրի՞, թե՞ վարձով։
Ներս մտավ եվրոպական ձևով հագնված, երեսը թանձր քողով ծածկած մի կին։ Երկչոտությամբ նայելով աջ ու ձախ, կինը շշնջաց.
Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել:
Մանկաբարձուհին դուրս եկավ։ Բժիշկը դռները ամուր ծածկեց և հրավիրեց անծանոթին նստել։ Կինը մի անգամ ևս նայեց յուր շուրջը և սաստիկ հոգնած մարդու պես, ընկղմվեց բազկաթոռի վրա։ Նա գլուխը մոտեցրեց բժշկին և սկսեց շշնջալով խոսել։ Թանձր քողի տակից նկատելի էր նրա երեսի գույնը, սակայն նրա ստեպ ընդհատվող շնչառությունից, արագ բաբախող կրծքից և դողացող ձեռներից պարզ էր, որ նա մի ինչ-որ տենդային հուզմունքի մեջ է։ Լսելով նրա շշնջյունը, բժշկի դեմքը հանկարծ մռայլվեց։ Անծանոթը յուր ասելիքը վերջացրած, պատասխանի էր սպասում։ Չեմ կարող, արտասանեց բժիշկը գրական եղանակով:
Կինը մի հուսահատական շարժումն արավ:
Ես կսպանեմ ինձ, լսվեց նրա աղերսալի ձայնը քողի տակից, ես ինձ կսպանեմ, եթե չազատեք այս դրությունից։ Իմ բոլոր հույսերս ձեզ վրա են, ուրիշին դիմել չեմ կարող, այստեղի բժիշկները ամենը ճանաչում են մեզ։ Դուք նոր մարդ եք, դուք երիտասարդ եք, բարի եք, օգնեցեք։
Հետզհետե նրա թուլացող ձայնից երևում էր, որ նա արտասվում է, որ առհասարակ նրա դրությունը շատ հուսահատական է։
Չեմ կարող, կրկնեց բժիշկը մի անգամ ևս, բայց ոչ առաջվա հաստատակամությամբ, այդ կլինի իմ կազմից մի հանցանք գիտության սուրբ ավանդությունների դեմ։
Բայց միթե հանցանք չի՞ լինիլ ինձ սպանելը, աղերսում էր անծանոթը, միթե դուք թույլ կտա՞ք, որ մի երիտասարդ կին մեռնի խայտառակությունով: Բժիշկ, ես պատրաստ եմ ձեզ վարձատրել, ինչքան ուզում եք, օգնեցե՛ք:
Վերջին խոսքերը բարկացրին բժշկին, գոնե այսպես ձևացրեց նա իրան։
Տիրուհի, ասաց նա խոտորեն, մի մոռանաք, որ ես պատիվս փողով ծախողներից չեմ:
Ներողություն, ես այդ չէի ուզում ասեր: Ես գիտեմ, լսել եմ ձեր մասին, խնդրում եմ, խղճացե՜ք ինձ։
Բժիշկը լուռ էր: Նրա դեմքի սառն արտահայտությունը տեղի տվեց մտախոհության։ Փորձնական տագնապալի րոպեն անցավ։ Բժիշկը վերցրեց սեղանի վրա դրած մեծադիր գրքերից մեկը, թերթեց մի քանի վայրկյան և կրկին դրեց տեղը։ Հետո նա ձեռով վճռական շարժումն արավ, կարծես, միանգամայն հեռացնելով իրանից ծանր մտքերի մի շարք։
Ձեր հասցե՞ն, հարցրեց նա հանդարտ։
Անծանոթ կինը հառաչեց, բռնեց նրա աջը, շնորհակալությամբ ամուր սեղմեց և հետո մատիտով նշանակեց թղթի կտորի վրա յուր տան տեղը։ Վաղը չէ, մյուս օրը,առավոտյան տասը ժամին ես ձեզ կսպասեմ, ասաց նա, ոտքի կանգնելով:
Սպասեցե՛ք, բայց միայն մի պայմանով՝ բոլոր պատաախանատվությունը ձեզ վրա եմ թողնում։
Ես կյանքս հանձնում եմ ձեր գիտությանը, իսկ անունս՝ ձեր համեստությանը։
Եվ անծանոթը գրպանից հանեց մի աղեղնագույն թղթադրամ, սեղմեց բժշկի ձեռի ափում, ավելացնելով.
Առայժմ։
Նա դուրս եկավ։ Բժշկի դեմքը փայլեց, նրա աչքերի մեջ պսպղաց անհագ շահասիրության ոգին, նայելով ձեռի մեջ սեղմած թղթադրամին։
«Գիտությունն էլ նախապաշարմունքներ ունե, ասաց նա ինքն իրան, ինչո՞ւ նրանցից մեկի դեմ չգնալ»...
Նա ուրախ-ուրախ սուլելով, գնաց մյուս սենյակը, հայտնեց մանկաբարձուհուն, թե ընդունելության ժամը անցել է, ազատ է։
Օրը կիրակի էր. մի օր, երբ բժիշկը սովորաբար այցելում էր յուր այն ծանոթներին, որոնց հետ կամենում էր բարեկամություն հաստատել։ Այս անգամ, կեսօրվա ուղիղ տասներկու ժամին, նրա կառքը կանգ առավ քաղաքի հարուստ տներից մեկի առաջ։
Պարոն Ադամովը տա՞նն է, հարցրեց նա, դռան զանգակի ձայնին դուրս եկող իմերել սպասավորից։
Ո՛չ:
Ո՞վ կա։
Աղջիկ պարոնները։
Հարցրու, կարո՞ղ է դոկտոր Մելիք-Բարսեղյանը ներկայանալ։
Մինչև ծառայի վերադառնալը բժիշկը մտքում մի քանի անգամ արտասանեց յուր ազգանունը և առաջին անգամ զգաց, որ նա բավական կոշտ է հնչում։ «Ափսոս Մելիքը, որ կպցրել են Բարսեղին», մտածեց նա, անիծելով յուր հոր ճաշակը, որ չէր կարողացել ժամանակին ավելի ազնվահնչյուն դարձնել այդ ազգանունը։
Տանտիրուհին նրան ընդունեց ուրախությամբ և հրավիրեց մի շքեղ զարդարված ընդարձակ հյուրասենյակ, ուր նստած էին նրա երկու զույգ հասուն աղջիկները։ Ադամովները Թիֆլիսում մի հայտնի ընտանիք էին։ Ինքը, ծերունի Ադամովը, մի պաշտոնաթող չինովնիկ էր, որ ժամանակին կարողացել էր յուր աղջկերանց բախտը ապահովել առանձին-առանձին օժիտով։
Տեսնելով բժշկին, չորս քույրերը միաժամանակ ոտքի կանգնեցին, հերթով սեղմեցին նրա ձեռը և կրկին նստեցին յուրաքանչյուրը յուր առաջվա տեղը։ Սովորական նախաբանից հետո, տանտիրուհին խոսք բաց արավ քաղաքային նորությունների մասին։ Եվ որովհետև նրա ուղեղը գիշեր-ցերեկ զբաղված էր յուր աղջկերանց ճակատագրով, ուստի բնական է, որ այդ նորությունները լինեին համապատասխան նրա մտավոր տրամադրությանը։
Դուք ճանաչո՞ւմ եք Հալաբյանին, հարցրեց նա բժշկից, մի քանի համանման լուրեր հաղորդելուց հետո։
Ճանաչում եմ։
Երևակայեցեք, այդ մարդը քանի տարի է չի պսակվել, հիմա, ասում են, ուզում է պսակվել:
Այո՞։
Այո։
Ո՞ւմ վրա։
Տանտիկինը շինծու արհամարհանքով ժպտաց։
Ով գիտե ում վրա, այստեղ մի «բազազ Նիկոլ» կա, որի կինը իրան արիստոկրատ է ձևացնում, կարծեմ այդ բազազի եղբոր աղջիկն է։
Բժիշկը մի տարօրինակ շարժում գործեց, ուղղելով պենսնեն։
Մի աղքատ աղջիկ է, ոչ հայր ունի, ոչ մայր, հորեղբորից զրկված, օրվա հացին կարոտ։ Վարինկա, դարձավ տիկինը յուր երկրորդ աղջկանը, որ թուխ գույնով, երկարաձև երեսով և փոքրիկ աչքերով մի արարած էր, մի փոքր գեղեցիկ, քան մյուս քույրերը, Վարինկա, այն աղջկա անունը ինչ է՞,
Մարո։
Մարիա։ Մաշա:
Մարիամ։
Պատասխանեցին չորս քույրերը միաժամանակ:
Բժիշկը շփոթվեց։ Առաջին անգամն էր նա լսում մի լուր, որ վաղուց արդեն պտտում էր քաղաքում:
Տիկինը շարունակեց.
Այդ Հալաբյանը մեր Թիֆլիսի ամենալավ փեսացուներից մեկն է, հանկարծ ուզում է պսակվել այդ աղքատ աղջկա վրա: Ի՞նչ կասեք, դոկտոր, լա՞վ բան է։
Ես կարծում եմ, որ շատ ազնիվ բան է մի հարուստ մարդու կողմից, պատասխանեց բժիշկը համեստությամբ։
Ես էլ կարծում եմ, մեջ մտավ տիկնոջ ավագ աղջիկը:
Ես էլ, կրկնեց երկրորդը Վարինկան։
Ես էլ, կրկնեց երրորդը:
Չորրորդը լռեց, որովհետև հասակը չէր ներում համարձակ լինել:
Բայց դուք տեսեք, որ, շարունակեց տանտիկինը, այդ աղջիկը կոտրատվում է, ասում են, չի ուզում գնալ Հալաբյանին: Իզուր չէ ասած՝ աղքատ ու հպարտ:
Մամա, խոսեց Վարինկան, հպարտությունը խոմ չէ պատճառը:
Բա՞ս։
Բոլոր քույրերը նայեցին միմյանց երեսին, գլուխները ցած գցեցին և աչքի տակով սկսեցին նայել բժշկի կողմը։
Ինչո՞ւ չի գնում, կրկնեց մայրը յուր հարցը։
Սիրահարված է մեկ ուրիշի վրա, լսվեց չորս քույրերի կողմից, բայց թե որն ասաց այդ մնաց անհայտ։
Բժիշկը երկրորդ տարօրինակ շարժումն արավ, այս անգամ ավելի զորեղ։ Նա նկատեց, որ ամենից ավելի համառությամբ նայում է յուր վրա Վարինկան: Դա այն օրիորդն էր, որին բժիշկը հետամուտ լինելիս Մարիամը տեսել էր այն չարագուշակ երեկո։ Տանտիկինը սկսեց տրամաբանորեն ծաղրել և առհասարակ պախարակել սեր ասած բանը և սիրահարվողներին։ Բժիշկը հաջողությամբ փոխեց խոսակցության առարկան և, մի քառորդ ժամի չափ ևս նստելով, հրաժեշտ տվեց, դուրս եկավ վերին աստիճանի անախորժ տպավորության ներքո։ Անախո՜րժ, որովհետև այն, ինչից վախենում էր, արդեն կատարվում էր նրա անունը սկսել էր բամբասանքի առարկա դառնալ։
Փողոցի մայթի վրա նույն վայրկյանին, երբ ձեռնափայտը բարձրացրած կառք էր կանչում, նրա առաջով անցավ Ռուբենը։ Հանդիպումը այնպես էր, որ բժիշկը, հակառակ յուր ցանկության, չկարողացավ խույս տալ։
Աա՜, փառք աստուծո, քո երեսդ էլ տեսա, գոչեց նա կեղծ զգացմունքով, այնպես, որ, կարծես, ոչինչ անախորժություն տեղի չէր ունեցել նրանց մեջ։
Ռուբենը շատ սառն բարևեց և ակամա ընդունեց ընկերոջ ձեռը, որ ծածկված էր փայլուն ձեռնոցով։
Եղբայր, ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, միթե քեզ էլ պետք է հրավիրե՞մ, որ շնորհ բերես, հանդիմանեց բժիշկը ընկերաբար, ուշադրություն չդարձնելով ընկերոջ սառնության վրա։
Ես քեզ մոտ ի՞նչ գործ ունեմ, արտասանեց Ռուբենը դառն սրտմտությամբ։
Բժիշկը իրան զարմացած ձևացրեց։
Ինչպե՞ս, դու ինձ մոռացե՞լ ես։
Եվ, նայելով Ռուբենի երեսին, գլուխը հանդիմանությամբ երերեց աջ ու ձախ և խորին համեստությամբ շարունակեց.
Հաա, ուրեմն մոռացե՞լ ես։ Շատ լավ, մոռացի՛ր, ինչ անեմ, երևի, արժանի եմ։ Բայց ես այդպես չեմ, ես միշտ հիշում եմ իմ հին ընկերներիս, ես չեմ կարող նրանց հետ այդպես շուտ կտրել բարեկամությունս։
Այս խոսքերի տակ թաքնված հանդգնությունը կատաղեցրեց Ռուբենին։
Վասի՜լ, գոչեց նա դողդոջուն ձայնով, վաղո՞ւց ես սովորել այդ եզվիտական լեզվով խոսելը։
Բժիշկը ժպտաց։
Էհ, եղբայր, ես չեմ հասկանում ինչո՞ւ այդպես բարկացած ես ինձ վրա, ի՞նչ է պատահել: Այս երկրորդ հանդգնությունը միանգամայն ապշեցրեց Ռուբենին։
Ի՞նչ, դու դեռ համարձակվում ես արածդ մոռանա՜լ, դու դեռ հարցնո՞ւմ ես։
Խոսակցությունը տեղի ուներ փողոցի մայթի վրա, և այդ սաստիկ անհանգստացնում էր բժշկին։ Նա անդադար նայում էր աջ ու ձախ, վախենալով մի գուցե Ռուբենի հետզհետե գրգռվող ձայնը անցորդների ուշադրությունը գրավի։
Ռուբեն, ասաց նա մեղմ և համոզիչ ձայնով, միևնույն ժամանակ, աջ ձեռը դնելով ընկերոջ ուսի վրա, ես տեսնում եմ, որ այսօր քեֆդ տեղը չի։ Ահա կառք, չե՞ս բարեհաճիլ արդյոք գնալ ինձ հետ տունս։ Ես մի երկու ժամ ազատ ժամանակ ունեմ, կարող եմ նվիրել քեզ։
Ռուբենը լուռ էր։
Գնաց բժշկի տունը նա երբեք չէր համաձայնվի, բայց խոսել նրա հետ վերջին անգամ, պահանջել վերջին բացատրությունը այդ նա ցանկանում էր վաղուց։ Արդեն հինգ շաբաթ էր անցել այն երեկույթից, երբ Մարիամի հետ խոսելուց խույս տվեց բժիշկը, և այսօր Ռուբենը առաջին անգամն էր պատահում նրան։ Նա գիտեր, որ այսուհետև բժիշկը աշխատելու է հեռու պահել իրան։ Ինչպե՞ս հարմար առիթը բաց թողնել, ինչպե՞ս անպատիժ թողնել նրան, ինչպես թույլ տալ, որ նա այդպես հեշտությամբ ազատվի պատասխանատվությունից։
Ես քո տան շեմքը ոտք դնել չեմ կարող, պատասխանեց Ռուբենը, հազիվ զսպելով կատաղությունը, բայց քեզ հետ պետք է խոսեմ, որովհետև ստիպված եմ խոսել։ Անցնե՜նք մի փոքր։
Նրանք գնացին միասին և հասան փողոցի ծայրը։ Ռուբենը առաջարկեց նրան մտնել մոտակա սրճարանը։ Խանութի ձև ունեցող մի բավական ընդարձակ դահլիճում, առանձին սեղանների շուրջը, նստած էին մի քանի, վայելուչ հագնված, մարդիկ. որը սուրճ էր խմում, որը գարեջուր, որը նարդի էր խաղում։ Ընդհանուր աղմուկի միջից որոշ լսվում էր մոսիո Վախվախյանի խրոխտ ձայնը։ Բժիշկը նայեց պատերին և առաստաղին, ինչպես մի մարդ, որ ուզում էր ցույց տալ, թե առաջին անգամն է այդպիսի տեղ մտնում, այն էլ ակամա։
Մի վախենալ, այստեղ չենք մնալ, ասաց Ռուբենը և առաջնորդեց բժշկին հետևի կողմում գտնվող մի փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար։
Բժիշկը գարեջուր պահանջեց, Ռուբենը մի բաժակ սուրճ, և նրանք նստեցին սենյակի մի անկյունում, պատվիրելով սպասավորին դռները ծածկել։
Մեր խոսակցության համար, սկսեց Ռուբենը, մի այդպիսի չեզոք տեղ էր հարկավոր, բարեկամական ասպարեզ այլևս չպիտի գոյություն ունենա մեզ համար։ Վասի՛լ, դու գիտես իմ հուզմունքի պատճառը։ Ասա, իրավունք ունե՞մ քո վարմունքը տմարդի համարել, ասա, ունե՞մ իրավունք։
Մինչև չհանդարտվես, պատասխանեց բժիշկը սառը և խաղաղ եղանակով, քեզ հետ խոսել չի լինիլ։ Խմում եմ կենացդ և ցանկանում եմ, որ իբրև տղամարդ կարողանաս զսպել քեզ։ Սիրելիս, շարունակեց նա, գարեջրի բաժակը հազիվ շրթունքին մոտեցնելուց հետո, բերանը սրբելով, մարդու հետ այդպես վարվել չի կարելի, ինչպես դու ես վարվում։ Այո, գիտեմ ինչու ես գրգռված։ Բայց դիցուք ես մի հանցավոր եմ, դու դատավոր, մի՞թե չպիտի լսես ինձ և հետո դատես։
Սառնարյուն լինել այն ժամանակ, երբ տեսնում եմ անիրավություն ես չեմ կարող։ Բայց կաշխատեմ զսպել ինձ, ասա, ես լսում եմ։
Ո՞րն է իմ հանցանքը, ցույց տուր խնդրեմ, առաջ տարավ յուր խոսքը բժիշկը, արմունկները դնելով սեղանի ծայրին և աչքերը ակնոցի միջով սևեռելով ընկերոջ երեսին։ Որ ես այն երեկո բացատրություն չե՞մ տվել քրոջդ։ Համաձայնիր, որ տեղը անհարմար էր, Ռուբեն, խոմ չէր կարելի մի ամբողջ հասարակության մեջ ընտանեկան գաղտնիք պարզել: Մարիամը իրավունք ուներ ինձանից հաշիվ պահանջելու։ Նա իրավունք ունի ինձ անամոթ դավաճան անվանելու։ Նա իրավունք ունի կարծելու, որ ես նրան մոլորեցրել եմ և հետո երես դարձրել։ Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, ես ոչինչ չեմ թաքցնում, բոլորը ասում եմ։ Այո, պարզ ասում եմ, որ քրոջդ ես սեր եմ խոստովանել, որ ամբողջ երկու ամիս ամառանոցում հավատացրել եմ նրան, թե վաղուց, շատ վաղուց է նրան սիրում եմ, որ այդ երկու ամսվա ընթացքում, բացի սիրո ցույցերից, ուրիշ բան չի հետաքրքրել ինձ։ Խոստովանում եմ և այն, որ ես երդվել եմ կյանքս կապել նրա կյանքի հետ հավիտենական կապով։ Եվ ահա այսօր նա զգում է, որ ես սառել եմ դեպի նա, որ ես փախչում եմ նրանից։ Իհարկե, ով լիներ նրա տեղը, ինձ մի անամոթ, անխիղճ, անպատկառ շառլատան պիտի համարեր։ Բայց համբերիր, այդպե՞ս է արդյոք, ճշմարի՞տ ես շառլատան եմ, թե՞ արդարանալու պատճառներ ունեմ։ Խոմ չի կարելի այդպես շտապ դատավճիռ կայացնել։ Ռուբեն, Մարիամը կին է, գիտես, որ կինը առհասարակ շատ էլ խորը դատել չգիտե: Իսկ դո՛ւ, դու տղամարդ ես, դու պետք է խելքիդ հավատաս, դու չպիտի ենթարկվես րոպեի ազդեցության։ Ես ասեմ, դու մտածիր, մեղավոր եմ, թե՞...
Եվ նա սկսեց պարզել յուր պատճառաբանությունը։ Վերցնելով աղքատությունը իբրև հիմք լուր տրամաբանության, նա շատ լրջամիտ, շատ խոհուն կերպով և հաջողաբար արծարծեց այն, ինչ որ վաղուց պատրաստել էր ուղեղում։ Նա զարմանալի արվեստագիտությամբ պատկերացրեց չքավոր ամուսինների դրությունը, նրանց դառն կյանքը, նրանց հոգեկան աննախանձելի վիճակը։ Նա մեջ բերավ և՛ զավակներին, խղճալի գույներով ներկայացրեց նրանց բախտը։ Տեղ-տեղ նա չդուրս եկավ իրականության սահմանից, բայց և տեղ-տեղ զոռելով երևակայությանը, թշվառությունը կրկնապատկեց անխիղճ կերպով։
- Ահա այս ամենը աչքի առաջ ունենալով, շարունակեց նա, խրախուսվելով Ռուբենի լռությունից, որ համաձայնության տեղ էր ընդունում, ես չեմ վստահում խոստումս կատարել: Ավելի լավ է դավաճան երևալ Մարիամի աչքում, քան նրան դժբախտացնել։ Հավատացիր, ես դարձյալ սիրում եմ նրան, օ՜օօ, սիրում եմ, և հենց սիրելուց եմ այդպես վարվում։ Թող ես տանջվեմ, թող չարչարվեմ, միայն թե իմ պատճառով նրա ամբողջ կյանքը չթունավորվի։ Ես չեմ ուզում անսիրտ էգոիստ լինել։ Մարիամը գեղեցիկ է, երիտասարդ, կրթված, խելոք, միշտ ինձանից ավելի տասնապատիկ հաջող ընտրություն կարող է անել։ Նա սովոր է փարթամ ապրել, իսկ ե՞ս, ես ո՞վ եմ, աղքատության մեջ ծնված, աղքատության մեջ մեծացած մի համեստ, մի աննշան բժիշկ, որի նմանները շատ կան Թիֆլիսում։ Մարիամին հարկավոր է անհոգ, առատ և շքեղ ապրուստ։ Իսկ ես միջոց չունեմ, ես աղքատ եմ։ Մեղք չէ՞, որ ես այդ քնքուշ արարածին ձգեմ օրվա հացի կարոտության մեջ։ Նրա՞ն, Մարիամի՛ն, օ՜օօ, Ռուբեն, մտածի՜ր, նա կարող է ուրիշի հետ բախտավոր լինել, նրա հետևից ընկած են հարուստ մարդիկ։ Ես այդ գիտեմ. դեռ կես ժամ սրանից առաջ ես մի շատ պատվավոր ընտանիքումն էի, որտեղից դուրս գալիս դու պատահեցիր։ Այնտեղ ինձ ասացին, որ հայտնի հարուստ Հալաբյանը իբր թե… այո, ինչու թաքցնեմ… իբր թե Մարիամին առաջարկություն է արել։ Այդ կատարյալ բախտավորություն է։ Եվ դու եթե տեսնեիր, թե այն ընտանիքում ինչպես նախանձում էին Մարիամին, կհավատայիր…
Մինչև այդ վայրկյան Ռուբենը լուռ էր։ Զսպելով իրան, նա թույլ տվեց բժշկին ասել բոլորը, ինչ որ կամենում էր։ Բայց վերջին խոսքերը այլևս սպառեցին նրա համբերության վերջին կաթիլը։ Նա դողաց ամբողջ մարմնով, այդչափ սառն հանդգնություն նա տակավին չէր սպասում յուր նախկին ընկերոջից։
Բժիշկ, գոչեց նա խեղդուկ ձայնով, դու ավելի վատ ես եղել, քան թե կարծում էի ես։ Դու ոչ միայն խաբել ես մի անմեղ աղջկա, այլև աշխատում ես քո խաբեբայությունը արդարացնել բարոյական պատճառաբանությունով։ Ավելի, դու մինչև անգամ ձգտում ես քեզ վեհանձն ձևացնել։ Այժմ քեզ բոլորովին ճանաչեցի։ Ես չգիտեի, որ դու այդչափ ճարպիկ ես, օ՜օօ, չգիտեի…
Դարձյալ գրգռվեցի՞ր, դարձյա՞լ, ընդհատեց բժիշկը բարեսիրտ վարժապետի եղանակով, նո՜ւ, Ռուբեն, ես քեզ բոլորը բացատրեցի, այժմ դու գիտես։ Նա հանդարտ և հանգիստ գարեջրի բաժակը մոտեցրեց շրթունքին։
Մնում է ինձ համար մի դառն վիշտ, շարունակեց Ռուբենը, որ քրոջս և քո սիրո առաջին սերմ ցանողը ես եմ եղել, ես, որ տասներկու տարի քեզանով խաբված եմ եղել։ Բայց ոչ, ինչու, ես երբեք չեմ խաբվել: Չէ՞ որ դու ինձ շարունակ ասում էիր, թե չքավորությունը մի իմաստուն դրպրոց է, թե նա պատրաստում է խելոք, առողջամիտ մարդիկ։ Մի բան միայն թաքցնում էիր, և ես այսօր եմ միայն զգում այդ բանը... այդ իմաստուն դպրոցից դուրս եկած մարդիկ երբեմն զուրկ են լինում մարդկային սրտից։ Օ՜օօ, ինչպես գիտես անամոթ վարմունքդ արդարացնել։ Խոնարհվում եմ շնորքիդ առաջ, դու արժանի ես գովասանքի։ Վեհանձն ձևանալ այն ժամանակ, երբ մարդ ստոր է դրա համար տաղանդ է հարկավոր։
Ռուբեն, ընդհատեց բժիշկը գրգռված երիտասարդի անկապ խոսքերը, որ բխում էին մի վիրավորված սրտից, Ռուբեն, կամաց խոսիր, մյուս սենյակում կարող են լսել: Բայց Ռուբենը ուշադրություն չդարձնելով նրա նախազգուշության վրա, շարունակեց.
Ա՜խ, Մարիամ, եթե գիտենայիր, թե որքան բախտավոր ես, որ զրկվել ես այդպիսի մարդու ընկերակցությունից։ Բայց ի՞նչ, դու դեռ քո խորին ատելության մեջ չես կարողանում մոռանալ քո երևակայած անցյալ երջանկությունը։ Դու դեռ արտասվում ես գիշեր ու ցերեկ, մինչդեռ պետք է ծիծաղեիր և ուրախանայիր։ Անամոթ, դարձավ նա բժշկին, որ շվարված լսում էր նրա զառանցանքը, դու դեռ հանդգնում ես ծաղրել քրոջս։ Դու ուրախ ես, որ նրան հետամուտ է լինում մի Հալաբյան...
Ռուբեն, դարձյալ ընդհատեց բժիշկը, այս անգամ անհամբեր եղանակով, բավական է, կարող են լսել, դու ինձ վիրավորում ես։
Ես քեզ վիրավորո՞ւմ եմ, կրկնեց Ռուբենը դառն ժպտալով, ի՞նչ, միթե դու դեռ վիրավորվելու ընդունակություն ունե՞ս։ Բավական է, Ռուբեն, արտասանեց բժիշկը այլևս չկարողանալով զսպել իրան և ոտքի կանգնելով։
Նրա հետ միասին ոտքի կանգնեց և Ռուբենը, գունատված, դողդողալով։ Բժիշկը նայեց նրա երեսին և մի չարամիտ բան կարդաց նրա աչքերի մեջ։ Նա սարսափած երեսը հետ դարձրեց։
Զզվելի՜,- ձայն տվեց Ռուբենը, ձեռը ուժգին խփելով սեղանի ծայրին։
Անսահման սառնասրտությունը արդեն դավաճանում էր բժշկին։ Բայց և այնպես նա քաջություն ունեցավ մի վայրկյան ևս զսպել իրեն և խուլ ձայնով պատասխանեց.
Ասա քրոջդ, որ ես դարձյալ սիրում եմ նրան և պիտի սիրեմ…
Գուցե բժիշկը անկեղծ էր ասում, գուցե դա նրա կողմից մի տեսակ մեղմացուցիչ դարձված էր, սակայն այդ դարձվածը այնքան լիրբ թվաց Ռուբենին, որ նա վայրկենաբար կորցրեց խելքը։ Նրա աչքերը արյունով լցվեցին, սենյակը խավարվեց և նա գրեթե անզգայաբար ձեռը բարձրացրեց.
Ահա քեզ իմ քրոջ պատասխանը…
Եվ բժիշկը յուր ձախ այտի վրա զգաց մի սառնություն, որ իսկույն փոխվեց այրող տաքության։ Նա ոչինչ չկարողացավ ասել։ Կարմրած աչքերով, բորբոքված դեմքով նայեց յուր շուրջը:
Դռները բացվեցին, երևաց սպասավորը, նրա հետևից մի քանի հետաքրքիր դեմքեր, որոնց թվում և մոսիո Վախվախյանը։ Բժիշկը յուր ձեռին սեղմած ռուբլիանոցը շպրտեց սպասավորի կողմ և շտապեց աննկատելի կերպով դուրս սլկվել։
Խի՜, խի՜, խի՜, ուղեկցեց նրան դռների մոտ հավաքված ականատեսների և մոսիո Վախվախյանի միահամուռ ծիծաղը։
XIII
Մոռացիր, սիրելի Մարո, մոռացիր։ Ճշմարիտն ասած, ես կարծում էի դու ավելի քաջասիրտ կլինես։ Միթե չե՞ս կարող արհամարհել այդ մարդուն։ Հավատացիր, տասն օր առաջ ես ատում էի նրան, ինչպես մի վատ թշնամուս: Իսկ այն անցքից հետո, արհամարհում եմ։ Նա քո ոտի գարշապարին անգամ չարժե։ Դու կթքեիր, եթե տեսնեիր, ինչպես նա սառնարյուն ընդունեց ինձանից այն վիրավորանքը։ Օ՜խ, զզվելի է նա, զզվելի։ Գիտե՜ս, ես այժմ մինչև անգամ ափսոսում եմ, որ այնպես վարվեցի նրա հետ, որ չկարողացա ինձ զսպել։ Իսկ դու դեռ չես մոռանում այդ մարդուն, դու դեռ չես հանգստանում։
Ես բոլորովին հանգիստ եմ այժմ, ես նրան վաղուց եմ մոռացել։ Նա ինձ համար գոյություն չունի։
Երանի այդպես լիներ։ Բայց դու ինձ խաբռւմ ես, դու ինձանից թաքցնում ես վիշտդ։ Դեռ մեկէլ օրը երազումդ նրա մասին էիր զառանցում, դեռ երեկ երեկոյան իմ սենյակից լսում էի քո արտասվելու ձայնը։ Այդպես չի կարելի շարունակել, Մարո։ Դու քեզ մաշեցիր։ Մտիկ արա հայելուն, թեզ ճանաչել չի լինում, այնքա՜ն փոխվել ես։
Եվ ամեն օր եղբայրը այսպես հորդորում էր քրոջը և ամեն օր քույրը հավատացնում էր եղբորը, թե մոռացել է այն, ինչ որ կոպիտ համառությամբ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, ինչպես մի չար ոգի։
Այժմ նա ատում էր բժշկին, ատում էր յուր վիրավորված սրտի բոլոր թունալից ուժերով։ Սակայն հենց այդ ատելությունն էր, որ ստիպում էր նրան մի կետի վրա մտածել, թե ինքն անպատվված է, արհամարհված և հասարակության ծաղրի նշավակ դարձած։
Ամիս ու կես էր անցել այն երեկույթից, և նա դեռ յուր կրած վիրավորանքի թարմ տպավորության տակ էր։ Նրա ամփոփ և առողջ բնավորությունը, մի անգամ ենթարկվելով մի զորավոր զգացման, չէր կարող այն դյուրությամբ ազատվել ազդեցությունից, ինչպես գուցե ազատվեր մի ավելի թեթև բնավորություն։ Սիրելով մի անգամ, նա անձնատուր եղավ այդ սիրույն մոլեռանդաբար: Հանդիպելով յուր անհուն սիրո փոխարեն մի տմարդի դավաճանության, նրա զգայուն սիրտը խոցոտվեց մինչև յուր ամենախորին ծալքերը։
Գիտեր Ռուբենը, զգում էր, որ դժվար է մխիթարություն տալ քրոջ սրտին։ Դա էր, որ նրան հուսահատեցնում էր, դա էր, որ ավելի ու ավելի գրգռում էր նրա ատելությունը դեպի յուր նախկին ընկերը, թեպետ հավատացնում էր Մարիամին, թե արհամարհում է բժշկին։
Եվ ինչ ջանք ասես գործ չէր դնում նա յուր քրոջ սիրտը ամոքելու համար։ Առաջին պայման նա աշխատեց, որ Մարիամը միայնակ չմնա։ Այս պատճառով, նա, երկար արարելուց հետո, գտավ քաղաքի կենտրոնից ավելի մոտիկ մի տան մեջ երկու սենյակ։ Այստեղ հարևանները այնպիսի մարդիկ էին, որոնց հետ Մարիամը կարող էր հարաբերություն ունենալ։ Այդ տանը, ի միջի այլոց, բնակվում էր և նրա գիմնազիական ընկերուհիներից մեկը, մի ռուս օրիորդ, որի հետ ծանոթ էր Ռուբենը։ Առանց բուն պատճառը ասելու, երիտասարդը հայտնեց այդ օրիորդին յուր քրոջ հոգեկան դրությունը և խնդրեց միայնակ չթողնել նրան այն ժամերին, երբ ինքը տանը չէր լինում։ Իսկ պաշտոնից ազատ ժամանակ նա ինքը չէր հեռանում Մարիամից, ամեն որ գրեթե ուժով տանում էր նրան զբոսնելու։ Հաճախ նա յուր հետ բերում էր այս ու այն ընկերոջ կամ ծանոթին, և նկատում էր, որ Մարիամը ամենի հետ վարվում է շատ անտարբեր, շատ սառն և մինչև անգամ մի տեսակ կասկածանքով։
Մյուս կողմից Մարիամին աշխատում էր մխիթարել նրա կարուձևի վարժուհին Սաթենիկը։
Գիտես, սիրելիս, ասում էր մի օր այդ օրիորդը, Մարիամի ինքնասիրությունը գրգռելու համար, դու բոլորովին ծույլ ես, չես աշխատում։ Մոտ երկու ամիս է սովորեցնում եմ, մինչև այժմ մի օրինավոր բան ձևել չգիտես։ Ամոթ չէ՞:
Ներիր, Սաթենիկ, ես անընդունակ եմ։
Ոչ, դու անընդունակ չես, դու ծույլ ես։ Ասա, խնդրեմ, մինչև ե՞րբ պետք է նստես, հառաչես և հիմար բաների վրա մտածես։ Ամոթ է, Մարո, հավատացիր, ամոթ է։ Ասենք թե մենք կանայքս թուլասիրտ արարածներ ենք, թեև այդ սուտ է, բայց այդքա՞ն։ Ոչ, ես քեզ պետք է անպատճառ խելքի բերեմ։ Լսի՛ր ինչ եմ ասում։ Դու շաբաթական երեք անգամ գալիս ես ինձ մոտ, այժմ ես վճռել եմ, որ երկու անգամ էլ ես քեզ մոտ գամ։ Ես եղբորդ հետ խոսել եմ։ Նա վաղը իմ երաշխավորությունով քեզ համար մի կարի մեքենա կվերցնի ապառիկ և այսուհետև դու ձեր տանն էլ կար կանես։ Շուտով ծննդյան տոները կհասնեն, ես երկու շաբաթ ազատ կլինեմ, այն ժամանակ ամեն օր կտեսնվենք։ Մենք միասին կաշխատենք, կկարդանք, կխոսենք, կզբոսնենք։ Լա՞վ։
Մյուս օրը մեքենան գնվեց և Սաթենիկը յուր խոստումը սկսեց կատարել։ Եվ այսպես, նրանք տեսնվում էին շաբաթական հինգ անգամ։ Վարժուհու այս անկեղծ հոգացողությանը յուր ընկերուհու վերաբերմամբ հիացնում էր Ռուբենին։
Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ նրանից, ասում էր երիտասարդը Մարիամին, նա մեզ շատ է պարտավորեցնում։ Ես ուզում եմ նրան վարձ առաջարկել։
Մտքովդ անգամ մի անցկացնիլ, զգուշացրեց Մարիամը, թե չէ նրան սաստիկ կվիրավորես։ Ես մի երկու անգամ խոսել եմ այդ մասին, ինձ հետ կռվել է։
Մի ուրիշ անգամ Սաթենիկին տուն ուղեկցելուց հետո, Ռուբենը վերադարձավ ավելի ոգևորված։
Ի՜նչ հրաշալի աղջիկ է այդ Սաթենիկը, գոչեց նա անկեղծ սրտով, ինչքա՜ն խելք, ինչքա՜ն առողջամտություն, ի՜նչ բարի սիրտ։ Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի այդպիսի հայ օրիորդ։ Կարծես բնությունը խլելով նրա արտաքին գեղեցկությունը, պարգևել է նրա հոգուն։
Մենք հիանում ենք, բայց կան մարդիկ, որոնք արհամարհանքով են նայում...
Այդ անգին մարգարիտի վրա՞։
Ես երբեք չեմ մոռանալ, թե ինչպես մի անգամ Նատալիան նրան «չեչոտ սատանա» անվանեց յուր ընկերուհիների մոտ։ Խեղճ օրիորդը մյուս օրը լսել էր այդ, չգիտեր ինձ մոտ ինչպես թաքցներ յուր վիրավորանքը։
Չեչո՜տ, կրկնեց Ռուբենը, ես այդ չեչոտին չեմ փոխի Նատալիայի պես տասը «գեղեցկուհիների» հետ։
Եվ այսպես քույր ու եղբայր սիրում էին այն օրիորդին, որի պարզ, սիրալիր բնավորությունը և եռանդուն աշխատասիրությունը արդարև հազվագյուտ էին։ Փոքր առ փոքր Սաթենիկը կարողացավ ազդել Մարիամի վրա։ Միշտ ամաչեցնելով, միշտ կպչելով յուր աշակերտուհու ինքնասիրությանը, նա մասամբ հասավ յուր նպատակին։ Մարիամը պարապում Էր աշխուժով և սիրով։ Նա կարծես, սկսել էր մոռանալ յուր վիշտը։ Ռուբենը ուրախանում էր, տեսնելով յուր քրոջ դեմքի վրա երբեմն-երբեմն այն զվարթ ժպիտը, որ հատուկ էր նրան և որ վերջին ժամանակ չէր արտահայտվում այդ մռայլ դեմքի վա։
Սակայն նա դարձյալ խաբվում էր, և չգիտեր, թե այդ արտաքին զվարթությունը որքան բռնազբոսիկ է և որքան հոգեկան ճիգն էր անում Մարիամը յուր վիշտը քողարկելու համար։
Ծննդյան տոները մոտեցան։ Ռուբենը երկու շաբաթով ազատվեց ուսումնարանական պարապմունքից։ Բայց նա ուներ երկու մասնավոր դասեր, որ ստիպում էին նրան օրական երկու անգամ այցելել քաղաքի հեռավոր թաղերը։
Հալաբյանի քեռորդու հետ պարապելուց նա հրաժարվել էր հենց առաջին շաբաթ։ Մի քանի դասերից հետո նա տեսավ, որ այդ աշակերտը իսկապես կարոտ չէ ավելորդ դասերի։ Նա հասկացավ Հալաբյանի նպատակը, վիրավորվեց։ Ամուրին շատ խնդրեց շարունակել դասերը, բայց իզուր։
Այնուհետև Ռուբենը շատ քիչ էր պատահում Հալաբյանին, այն էլ միայն փողոցում։ Բարևում էր, անցնում, որպեսզի առիթ չտա ավելի մոտիկ հարաբերության։ Նա կատարում էր Մարիամին տված յուր խոստումը, չէր ուզում որ Հալաբյանր այլևս այցելե իրանց։ Եվ ամուրին չէր համարձակվում այցելել, որքան և' այդ ցանկալի էր նրա համար։
Ոչ Ռուբենի սառնությունը, ոչ իշխան Սահարունիի երկդիմի ակնարկությունը այն երեկույթում չունեցան այնքան ուժ, որ խաղաղեցնեն Հալաբյանի մի անգամ արդեն գրգռված կիրքը: Նա լսել էր, որ քաղաքում լուր է տարածվել Մարիամի հետ ամուսնանալու մասին։ Մոսիո Վախվախյանն էր հաղորդել նրան այդ բոլորը։ Նույն Վախվախյանը շտապել էր անմիջապես պատմել նրան և' հյուրանոցում Ռուբենի ու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մեջ տեղի ունեցած անցքը։ Դու ասում ես լսեցի՞ր, որ Ռուբենը բժշկին անպատվեց, հարցրեց Հալաբյանը մի քանի անգամ։
Ոնց թե լսեցի, աչքովս տեսա, մեկ փախավ, դու ես իմ պարոնս, ոնց որ վախլուկ նապաստակը։
Ռուբենի այս վարմունքը դուր եկավ Հալաբյանին, որ այնքան վրդովված էր բժշկի դեմ։ Նա զգում էր, որ բժիշկը արժանի է այդ պատժին։
Նա ինքը պատրաստ էր ավելի զորեղ պատժել այդ մարդուն, ոչ թե նրա համար, որ նա դավաճանել է Մարիամին, այլ, որ հանդգնել էր այդ օրիորդի սերը գրավել։
Տոն օր էր։ Կեսօրից մի քիչ առաջ Մարիամը, Ռուբենը և Սաթենիկը զբոսնում էին Գոլովինսկի պրոսպեկտի վրա։ Չնայելով, որ ձմեռվա կեսն էր, եղանակը տաք էր, երկինքը պարզ, օդը մաքուր և պայծառ։ Զբոսնողների խիտ բազմության մեջ նրանց առաջը դուրս եկավ Հալաբյանը, որին ուղեկցում էր անխուսափելի մոսիո Վախվախյանը։ Տեսնելով Մարիամին, ամուրին թողեց յուր ուղեկցին, մոտեցավ, բարևեց և սկսեց զբոսնել նրա հետ։ Վերջին օրերը հեգ ամուրին նկատելի կերպով նիհարել էր, աչքերը խորն էին ընկել և երեսի կաշվի ծալքերը ավելի խոշորացել էին։
Ռուբենը դիտմամբ մի քանի քայլ հետ մնաց, որ Հալաբյանի հետ ման գա, իսկ Մարիամը Սաթենիկի հետ թև թևի տված առաջ անցավ։ Հալաբյանը խոսեց Նիկողայոս Սադափյանի մասին, ասաց, թե վերջինի գործերը հաջող են գնում, թե նա վերցրել է մի կապալ, որից մեծ գումար պիտի աշխատի։ Այդ մի նուրբ ակնարկություն էր, որով ամուրին Ռուբենին հիշել էր տալիս Սադափյանին արած յուր լավությունը։
Ուրեմն նա շուտով ձեր պարտքը կտա՞, հարցրեց Ռուբենը, գուշակելով նրա միտքը։
Մի մասը արդեն տվել է։ Բայց ես այդ չեմ մտածում կտա չի տալ, միևնույնն է։ Ես ավելի ուրախ կլինեի, որ նա ձեր հայրական ժառանգությունը վերադարձներ ձեզ։
Ռուբենը ոչինչ չասաց։ Նրանք հասան փողոցի ծայրը։ Հետ դառնալիս Հալաբյանը կրկին մոտեցավ Մարիամին։ Այս անգամ օրիորդը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա։ Հալաբյանի նիհարությունը, բավական ընկճված ձայնը, նրա ամբողջ կերպարանքի խղճալի արտահայտությունը րոպեաբար շարժեց Մարիամի գութը։ Առաջին անգամ նա խղճաց ամուրիին, առաջին անգամ նրա նրբացած սիրտը զգաց այդ դժբախտությունը։
«Մի՞թե ես եմ պատճառը», ասաց նա մտքում, տեսնելով, թե ինչպես Հալաբյանը երկյուղած դեմքով է նայում յուր վրա և ինչ անվստահ եղանակով է խոսում։
Նա ևս լսել էր յուր ու Հալաբյանի մասին տարածված լուրը։ Նա նկատում էր, որ զբոսնող ամբոխի մեջ շատերը նայում են և քչփչում։ Նա յուր ծանոթների դեմքերի վրա տեսնում էր մի իմաստալի ժպիտ, կարծես, նրան շնորհավորում էին։ Նա շտապեց հեռանալ Հալաբյանից և, վերցնելով Սաթենիկի թևը, քայլերը ուղղեց դեպի տան կողմ։
Դուք մի՛ գնաք, ես մի շատ հարկավոր բանի մասին պիտի խոսեմ ձեզ հետ, դարձավ Հալաբյանը Ռուբենին, բռնելով նրա թևից։
Մարիամը գնաց Սաթենիկի հետ։ Ռուբենը Հալաբյանի հետ վերադարձավ։
Մտնենք մի րոպե ինձ մոտ, առաջարկեց վերջինը։ Ռուբենը ակամա հետաքրքրվեց ամուրիի ասածով և ակամա հետևեց նրան։ Մի թեթև հառաջաբանից հետո ամուրին խոսք բաց արավ վերջին դեպքի մասին, գովեց Ռուբենի վարմունքը, անվանեց նրան ազնիվ։
Գիտե՞ք, բանը ինձ հայտնի է, ես լսել եմ բոլորը։ Խնդրեմ չնեղանաք, որ ձեզ հետ պարզ եմ խոսում, մենք բարեկամներ ենք։ Այդ անպիտանի հետ ուրիշ կերպ վարվել չէր կարելի, մանավանդ ձեզ նման ազնիվ ու տաքարյուն երիտասարդը։ Ավելի վատ պետք է պատժեիք։ Տեսե՞լ եք նրան այդ օրից հետո։
Ոչ:
Ի՞նչ երեսով պիտի երևա ձեզ այսուհետև, ախ անամոթ, անամոթ, կրկնեց Հալաբյանը մի քանի անգամ։
Ռուբենը լուռ էր։ Նա մասամբ գուշակում էր, թե Հալաբյանը ինչ նպատակով է այդ դեպքի մասին խոսում։ Վերջապես, ամուրին պարզեց յուր սիրտը, վերջապես, նա առաջարկություն արավ Մարիամի մասին։ Նա վաղուց է սիրում Ռուբենի քրոջը, վաղուց էր մտադիր ասել, բայց չէր համարձակվում։ Կարծում էր, որ նա սիրում է բժշկին, որ նրան է խոսք տվել։ Այժմ գիտե, որ Մարիամի սիրտը ազատ է և համարձակվում է խոսք բանալ այդ մասին։
Դուք, ի հարկե, չպիտի զարմանաք, որ ես ձեզ հետ այսպես պարզ եմ խոսում։ Ես հասարակ մարդ եմ, ես սիրում եմ անկեղծ խոսել։ Շատ կարելի էր մի ուրիշի հետ ուրիշ կերպ խոսեի։ Բայց ձեզ ճանաչում եմ, պարոն Ռուբեն, գիտեմ, որ չեք նեղանալ ինձանից։ Ձեր քույրը ծնողներ չունի, որ ես նրանց հետ խոսեմ։ Դուք եք նրա մեծը, իրավունքը ձեր ձեռքին է։
Իմ ձեռքին ոչինչ իրավունք չկա, ընդմիջեց Ռուբենը, Մարիամն ինքն իրան է միայն հպատակվում, ուրիշ ոչ ոքի։
Գիտեմ, գիտեմ, սիրելիս։ Նա խելոք է, նա կրթված է, բայց շատ երիտասարդ է, կան բաներ, որ նա չի կարող հասկանալ։ Դուք պետք է հասկացնեք նրան։ Ես ոչինչ չեմ թաքցնում իմ կյանքից։ Ասեմ, ես այնքան էլ ծեր չեմ, քառասուն ու երեք տարիս նոր լրացավ։ Ես այնքան էլ տգետ չեմ հասարակության մեջ պատիվս պահել կարող եմ։ Հավատացեք, ես ձեր քրոջը կպաշտեմ։ Բայց ի՞նչ եմ ասում, միթե դուք չգիտե՞ք, որ ես համարյա... Ինչո՞ւ եք շփոթվում, ես անկեղծ եմ ասում։ Դուք այդ կարող եք հայտնել Մարիամին, այո, հայտնեցեք։ Ասեցեք, հույս ունենա՞մ, որ կարժանանամ այդ բախտին։ Ես ամեն բան կզոհեմ, ես հարստությունս կդնեմ նրա ոտքի տակ, ինչ ուզում է թող անի, ինչպես ուզում է, թող ապրի։ Թող նա իմ տերը լինի, ես նրա ծառան, ստրուկը։ Ես ձեզ էլ կհպատակվեմ։ Ես ձեզ ամեն միջոց կտամ՝ ձեր ուզածը անելու։ Դուք ուզում էիք արտասահման գնալ, գնացեք, փողի պակասություն չեք ունենալ...
Դժվար էր կասկածել ամուրիի անկեղծության մասին, զգալի էր, որ նա սրտից է խոսում: Եվ այդ ապացուցանում էին նրա զգացված ձայնը, աչքերի փայլը, դողդոջուն շրթունքները։ Ուրեմն ա՞յդ էր ձեր ասելիքը, հարցրեց Ռուբենը, երբ, վերջապես, ոգևորված ամուրին մի վայրկյան լռեց։
Օգնեցեք, պարոն Ռուբեն, մի՛ մերժեք, հավատացեք, իմ բախտը ձեզ էլ կբախտավորեցնի։
Ռուբենը ոտքի կանգնեց։ Հալաբյանը հուսահատված նայեց նրա երեսին։ Եվ այդ հայացքը այնքան խղճալի էր, որ Ռուբենը մի վայրկյան հոգով ցավեց ամուրիի մասին։
Ես ձեզ կխնդրեի ինձ հետ ճաշել, եթե…
Շնորհակալ եմ, շտապեց ընդհատել Ռուբենը և, ձեռը մեկնելով նրան, ավելացրեց, մնացեք բարով։
Ասաց և անմիջապես դուրս գնաց, թողնելով մենակ ամուրիին տխուր ու հուզված։
«Նա ոչինչ չասաց, նա համաձայն չէ», գոչեց Հալաբյանը, հուսահատված ընկնելով բազկաթոռի վրա։
Այդ օրից հետո նա սաստիկ լարված դրության մեջ էր։ Նա անհամբեր սպասում էր պատասխանի Ռուբենի կողմից։ Նա շուտ֊շուտ դուրս էր գալիս փողոց, պտտում էր այս կողմ, այն կողմ, հուսալով հանդիպել նրան մի տեղ։ Բայց փոխանակ Ռուբենի, նա, հակառակ յուր ցանկության, գրեթե ամեն անգամ տեսնում էր բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով դեսուդեն էր անցնում։
Մի օր բժիշկը կառքը պահել տվեց, ցած իջավ և, խոնարհ բարևելով, մոտեցավ Հալաբյանին։
Ես ձեզանից մի բան եմ ուզում խնդրել, ասաց նա, քաղցր ժպտալով։
Ասացե՛ք, պատասխանեց Հալաբյանը կտրուկ։
Ես …ական ընկերության խորհրդի անդամ եմ։ Այս տարի նոր ընտրություններ պիտի լինեն։ Մեր նախագահը հրաժարվում է, թույլ տվեք, որ ձեր անունը անդամների ցուցակի մեջ մտցնեմ։ Մեր ընկերությունը ձեզ նման մի անձի կարոտություն ունի, համաձայնեցեք մեր նախագահը լինել։
Մի վայրկյան Հալաբյանի փառասիրության զգացմունքը շարժվեց։ Բայց նա չմոռացավ յուր ատելությունը։
Ես նախագահ լինելու արժանավորություն չունեմ. գտե՛ք մի ուրիշին, պատասխանեց նա հակիրճ և երեսը շուռ տվեց, որ հեռանա։ Բժիշկը չհուսահատվեց։
Մեզ միայն ձեր անունն է հարկավոր։ Ձեզ Թիֆլիսում բոլորը ճանաչում են ու հարգում, ձեր անունը մեծ օգուտ կարող է տալ մեր ընկերությանը։
Ինձ նման շատերը կան, առաջարկեցեք ավելի արժանավորին։ Մնաք բարև։
Նա խստությամբ երեսը կրկին հետ դարձրեց և գնաց։ Բժիշկը մի վայրկյան մնաց տեղն ու տեղը անշարժ։ Հետո ձեռով մի շարժումն արավ, նստեց կառք և հեռացավ։
Մյուս օրը նա եկավ Հալաբյանի տունը, կրկին առաջարկությունն արավ։ Բայց վերջինի կողմից շատ սառն ընդունվելով, դուրս եկավ քինթը քարշ։ Նա տեսավ, որ չէ հաջողվում այդ մարդու հետ բարեկամանալ։
Օր-օրի վրա էր անցնում, և Հալաբյանը չէր պատահում Ռուբենին։ Մի առավոտ եկավ նրա մոտ իշխան Սահարունին և ասաց, թե տիկին Սոփիոն նրան հրավիրում է ճաշի։ Վերջին ամիս Հալաբյանը Սադափյանների տանը չէր եղել։ Տիկինը բոլորովին հուսահատված էր, մանավանդ լսելով այն լուրը, որ պտտում էր քաղաքում։ Նա փորձեց հրաժարվել տիկնոջ ճաշից, բայց իշխանը այնքան խնդրեց, թախանձեց, որ, վերջապես, համաձայնեց գնալ։
Օրիորդ Նատալիան զուգված (նա միշտ զուգված էր լինում) նստած էր հյուրասենյակում։ Սոփիոն և Նիկողայոսը Հալաբյանին հանդիմանեցին բարեկամաբար։ Օրիորդ Նատալիան սառն ընդունեց նրա բարևը և ցույց տվեց, որ վիրավորված է։ Մարիամի մասին տարածված լուրը նրա վրա խորին տպավորություն էր արել։ Երբեք նա այդքան կատաղած չէր Մարիամի դեմ, երբեք նա այնքան չէր ատել յուր կարծեցյալ թշնամուն։ Ինչպե՜ս նա կարողացավ գրավել այդ հարուստ ամուրիի սիրտը. նա՛, որ Նատալիայի աչքում ոչինչ և ոչինչ արժանավորություն չուներ։
Նստեցին ճաշելու։ Սոփիոն դարձյալ ամուրիին տեղավորեց Նատալիայի մոտ և սկսեց յուր քաղաքականությունը բանեցնել։
Հա՛, պարոն Հալաբյան, ասաց նա երկրորդ կերակրի ժամանակ, իբրև թե հանկարծ մտաբերելով, այդ ի՞նչ լուրեր են տարածել ձեր մասին։ Ասում են, հըմ, ի՞նչ են ասում, Սրափիոն, ժպտալով դարձավ նա յուր եղբորը իշխան Սահարունիին։
Ասում են, որ Միշան պսակվում է Մաշայի հետ, իսկույն պատասխանեց իշխանը և բարձրաձայն ծիծաղեց։ Ճշմարի՞տ է, դարձավ նա Հալաբյանին։
Ամուրին վիրավորվեց.
Ուրիշ բան չունե՞ս խոսելու, նկատեց նա խիստ հանդիմանական եղանակով։
Այս կոշտ նկատողությունը, հարկավ, վերաբերվում էր և՛ տիկին Սոփիոյին։ Սակայն տիկինը չվիրավորվեց։
Տեսա՞ր, որ սուտ է, դարձավ նա եղբորը, տեր աստված, անգործ մարդիկ ինչ ասես հնարում են անմեղ մարդկանց վրա։ Ախար ես էլ ասում եմ՝ եթե Հալաբյանը միտք ունի նշանվելու, խոմ աշխարհս տակնուվրա չի եղել, որ գնա ու այն…
Այստեղ տիկինը հանկարծ կանգ առավ, միաժամանակ հանդիպելով Հալաբյանի դեմքի դժգոհ արտահայտությանը և Նիկողայոսի նշաններին, որ պահանջում էին նրանից լռություն։
Այս միջադեպի պատճառով ճաշը, հարկավ, շատ սառն անցավ։ Հալաբյանը երկար չմնաց։ Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա հրաժեշտ տվեց, յուր հետ տանելով տիկին Սոփիոյի վերջին հույսը…