Alexander Shirvanzadeh

Չար ոգի

VII

Կիսավեր քաղաքի հասարակության մեջ հացթուխի խնամիները համարվում էին ունևոր: Քսանուհինգ տարի առաջ այդ ընտանիքը մի մոտակա գյուղից գաղթեց և մշտապես հաստատվեց այդ քաղաքում:

Այն ժամանակ ընտանիքի գլուխը Սոնայի ամուսնու հայրն էր հանգուցյալ Սարգիսը: Նրա ավագ որդին «չոփուռ» կոչված Կարապետը դեռ ամուսնացած չէր, իոկ Մուրադը տակավին երկու տարեկան երեխա էր: Սարգսից հետո ընտանիքի մեջ երկրորդ տեղն էր բռնում նրա փոքր եղբայր Դանելը: Այժմյան խենթը մի համեստ ու աշխատասեր դերձակ էր և վայելում էր իր արհեստակիցների շրջանում պատիվ ու հարգանք: Տասը տարեկան հասակում նա, առաջինը քաղաք գալով, մտել էր աշակերտ մի դերձակի մոտ և այժմ արդեն վարպետ էր: Միևնույն ժամանակ, իր եղբոր հետ միասին պարապում էր առևտուրով: Նրանք գյուղերում գնում էին գինի, ընկույզ և ուրիշ մթերքներ, վաճառում էին քաղաքացիներին: Չնայելով առևտրի հաջողության, Դանելը չէր ուզում իր արհեստից ձեռք վերցնել և միշտ ասում էր.

Իմ ասեղը միլիոնով չեմ ծախիլ:

Նա ամուսնացած էր իր նախկին վարպետի դստեր հետ, ուներ երեք տարեկան մի աղջիկ: Վերին աստիճանի ընտանեսեր մարդ էր, փայփայում էր կնոջն ու աղջկան այնպես, ինչպես կարող էր փայփայել մի խաղաղասեր արհեստավոր, որի գոյության նեցուկը ընտանիքն է: Այդ տգետ շինականի մեջ բռնակալական ոգու նշույլ անգամ չէր երևում: Նրա սրտի մեղմությունն երբեմն հասնում էր թուլության, մանավանդ իր զավակի վերաբերմամբ: Հաճախ, համբուրելով իր աղջկան, ասում էր.

Տեր աստված, կա՞ աշխարհիս երեսին երեխայից քաղցր բան...

Աստված ասաց չկա, և մի օր Դանելի աղջկան զոհ դարձրեց ծաղիկ հիվանդության: Կորուստը հոր վրա սաստիկ ազդեց: Ամբողջ մի տարի Դանելի դեմքի վրա ժպիտ չէր երևում: Երկրորդ տարին աստված նրան կրկին մի սիրուն աղջիկ պարգևեց: Բայց նրա առաջին վերքը դեռ չէր բժշկվել, երբ ստացավ երկրորդ և ավելի խոր մի վերք: Մի օր նրա կինը, ջուրը քաշելիս, հանկարծ սայթաքեց և գլխիվայր ընկավ ջրհորի մեջ: Նրա գլուխը դիպել էր քարե պատերին և ջախջախել:

Երկու օր տանջվելուց հետո նա հոգին ավանդեց:

Այս անգամ կորուստը Դանելի հոգու մեջ առաջացրեց հեղաշրջում: Մի քանի ամիս շարունակ գաղտնի լալիս էր և ամեն օր այցելում իր կնոջ գերեզմանը: Հետո նրան տիրեց ծանր թախիծ: Ուրվականի պես շրջում էր տան գավթում օր ու գիշեր, ուտում էր շատ քիչ, աշխատում էր մեքենաբար, խոսում էր, երբ միայն խոսեցնում էին: Միակ բանը, որ նրան հետաքրքրում էր, աղջիկն էր, որ, օր-օրի վրա մեծանալով, նմանվում էր իր մորը: Նա դնում էր փոքրիկին իր ծնկների վրա, շոյշոյում էր թաթիկները և երկար, երկար ժամանակ նայում պայծառ աչիկներին, որ մի զույգ մայիսյան ցողեր էին հիշեցնում: Հակառակ իր շրջանի մարդկանց, Դանելը երբեք չէր ափսոսում, որ աստված նրան աղջիկ է պարգևել և ոչ տղա: Նա ավելի ուրախ էր այդ բանին և կարծում էր, որ աղջիկն ավելի է սփոփում իր սիրատը, քան կարող էր սփոփել արու զավակը:

Հետզհետե նրա վիշտը սկսեց ամոքվել: Նրա դեմքի վրա երևաց ժպիտ: Բայց ճակատագիրը ներհակ էր այդ մարդու բախտին: Արդեն նրա աղջիկը յոթ տարեկան էր, երբ մի օր տեղի ունեցավ մի ողբալի անցք:

Մայիսի սկիզբն էր, մի պայծառ և սիրուն օր: Որքան գեղեցիկ էր բնությունը, այնքան անողոք դարձավ աղքատիկ քաղաքի բնակիչների համար: Մարդիկ, առանց գուշակելու իրանց գլխին գալիքը, զբաղված էին առօրյա մանր-մունր հոգսերով, երբ լսվեց մի ստորերկրյա որոտ: Կենդանիները սկսեցին մռնչել, երկիրը ուժգնաբար երերվեց, քաղաքը կորավ թանձր փոշիի մեջ: Քար քարի վրա չէր մնում: Ամեն ինչ ճարճատվում էր, խորտակվում, դղրդում և թափվում: Քանի մի վայրկյան առաջ շեն քաղաքը սոսկալի երկրաշարժից դարձավ ավերակների մի կույտ, և բնակիչները թափվեցին փողոցները:

Այդ միջոցին դերձակ Դանելը իր դազգահի մոտ նստած կար էր անում: Ամենից առաջ, հարկավ, նա հիշեց իր աղջկան, թողեց խանութը բաց և ոտաբոբիկ, գլխաբաց վազեց տուն: Երբ բակը մտավ, ականջին հասան լացի ձայներ: Մի խումբ կանայք շրջապատել էին, մի հողային բլուր: Ճանապարհ տվեցին Դանելին: Նա առաջ վազեց, և այն, ինչ որ տեսավ, առ միշտ խորտակեց նրա կյանքը…

Հողային բլրակի վրա երեսնիվեր ընկած էր նրա յոթ տարեկան զավակը: Հինգ րոպե չկար դուրս էին բերել նրան քարերի և հողի տակից: Մի կոճղ ընկել էր նրա կրծքի վրա և ջախջախել: Դեմքն անվնաս էր: Արևը լուսավորում էր նրա գունատ ճակատը: Շքեղ և գանգուր մազերը, սփռվելով այդ ճակատի շուրջը, կազմել էին մի շրջանակ: Դա նրա մահվան պսակն էր...

Մի շաբաթվա նորահարս էր Սոնան, երբ իր ամուսնու սենյակի լուսամուտի առջև նստած, լսում էր այս բոլորը: Պատմողը նրա ամուսնու մեծ քույրն էր, Նարգիզը, որ զինագործի կին էր: Այդ կինը, որ դեմքով և բնավորությամբ նման էր Մուրադին, բոլոր ազգականների մեջ ամենից շուտ և ամենից ավելի մտերմացավ նորահարսին:

Աստված է իմանում ինչ պատահեց այդ մարդուն, շարունակեց Նարգիզը, հենց որ տեսավ իր աղջկան: Նա ոչինչ չխոսեց, ձայն ու ծպտուն չհանեց, չհառաչեց մինչև անգամ: Նա մտիկ արավ մեր երեսին, աչքերը չռած, հետո մտիկ արավ աղջկա երեսին: Միտս չի ինչքան ժամանակ նա մնաց սառած, քարացած: Մեկ էլ լսեցինք մի ձայն. մի ձայն, որ կասեիր գայլ է մռնչում: Դանելը ընկավ աղջկա պաղած մարմնի վրա և մինչև երեկո մնաց այնպես: Ոչ ոք չուզեց նրան բաժանել դիակից: Չէր էլ կարելի բաժանել, այնքան խեղճը պինդ էր կպել աղջկա մարմնին...

Ուշքի գալով, Դանելը սկսում է բարձրաձայն ծիծաղել, երկու ձեռները զարկելով կրծքին:

Մյուս օրը տանում են նրա աղջկանը թաղելու: Դանելը գնում է դագաղի հետևից ոտաբաց, գլխաբաց:

Այն օրից հետո մենք նրա գլխին գդակ, ոտներին կոշիկ չենք տեսնում, ավելացրեց Նարգիզը, հառաչելով: Սպասիր, սպասիր, ի՞ նչ պատահեց...

Խոսքն ընդհատելով, Նարգիզը զարմացած նայեց Սոնայի երեսին և հանկարծ գոչեց.

Միտս է, միտս է, հարսանիքիդ երեկո նա գդակ ու կոշիկներ էր հագել, զարմանալի է, զարմանալի...

Արդարև, շատերը զարմացան այդ երեկո, երբ տեսան Դանելի գլխին գդակ, ոտներին կոշիկներ: Աղջկա մահից հետո առաջին անգամն էր, որ նա հագնվեց մարդավարի:

Նա մոռացավ իր խանութը: Տնից տուն թափառելով, երբեմն կանգնում էր այս կամ այն փլատակների վրա և, մերկ ոտները քարերին զարկելով, կրկնում էր.

Մանիշակս, Մանիշակս...

Գործ դրվեցին տեղական բոլոր հաքիմների դեղերը, բոլոր հմայիչների անեծքները, բոլոր կախարդական բույսերը ոչինչ չօգնեց: Եղբայրը ծախեց Դանելի խանութի ապրանքը և նրա կնոջ ու զավակների գերեզմանների վրա քարեր գցել տվեց: Ամեն օր Դանելն այցելում էր այդ շիրիմները, և երբ նա քաղաքի շուկայով դիմում էր դեպի գերեզմանատուն, ամենքն ասում էին.

Գիժ-Դանելը գնում է...

Նարգիզի պատմությունը կսկծեցրեց Սոնայի սիրտը: Նա չկարողացավ իրան զսպել և արտասվեց: Այսպես, ուրեմն, ահա թե ինչ է նշանակում Դանելի համար Մանիշակ անունը, որ այնպես շուտ-շուտ արտասանում է:

Խե՛ղճ Դանել ապեր, խե՛ղճ Դանել ապեր, կրկնեց նորահարսը, աչքերի արտասուքը սրբելով:

Սոնա ջան, ինչպես տեսնում եմ, լավ սիրտ ունիս, լաց ես լինում, ասաց Նարգիզը, համբուրելով եղբոր հարսին:

Նա չգիտեր, ինչ էր անցնում այդ միջոցին նորահարսի սրտով: Սոնան հիշում էր իր մոր պատմությունն այն օրվա մասին, երբ Դանելը նրան փողոցից վերցրել էր և տուն բերել: Այն ժամանակ նա յոթը տարեկան է եղել ճիշտ այն հասակում, երբ Մանիշակը մնացել է քարերի ու հողի տակ: Նա ընկած է եղել հողային բլրակի վրա այնպես, ինչպես Մանիշակն արևի տակ երեսնիվեր, մազերը գլխի շուրջը թափված: Անբախտ հայրը, տեսնելով նրան, հիշել է իր հարազատ աղջկանը, գրկել է ընկնավորին, տուն բերել: Այստեղից է սկսվել նրա համակրանքը դեպի մի անծանոթ աղջիկ և նրա թշվառ մայրը: Ուրեմն խենթը Սոնային տեսնելով, մտաբերում է իր Մանիշակին և, ով գիտե, մխիթարվում էլ է:

Ես նրան սիրում եմ. օրիցս դենը տասնապատիկ կսիրեմ, Նարգիզ բաջի: Ասա նրան, որ ամեն օր գա, ես ուզում եմ նրան շուտ-շուտ տեսնել:

Նա այս տնից փախչում է, պատասխանեց Նարգիզը: Ա՛յ, տեսնո՞ւմ ես այն ծառը. նրանից մի քիչ հեռու էր ընկած Մանիշակը, այնտեղ էր մեր հին տունը: Տարենը մի քանի անգամ կանգնում է այն ծառի տակ, փայտը կրծքին բռնում, գլուխը բարձրացնում ու երգում: Առաջ շատ քիչ-քիչ էր գալիս, հիմա էլի շաբաթը մի անգամ երևում է...էլի լա՞ց ես լինում, Սոնա. չէ, լավ սիրտ ունիս, շատ լավ սիրտ ունիս...

Ես կուզենայի նրան մի բանով մխիթարել, անբախտը անբախտի ցավը կհասկանա...

Սոնան ընդհատեց խոսքը: Նա զգաց, որ շատ հեռու է գնում: Նարգիզը կարող է նրա խոսքերից մի բան հասկանալ: Իսկ Սոնան սոսկում էր այդ բանից, որ տակավին գաղտնիք էր նրա ամուսնու և ազգականների համար: Այնինչ օր-օրի վրա լարված ջղերով սպասում էր սարսափելի ճգնաժամին, ինչպես կախաղանին դատապարտվածը իր կյանքի վերջին րոպեին:

Հարսանիքի առաջին երեք օրերը անցան Սոնայի համար մի տեսակ մառախուղի մեջ: Տպավորությունները անծանոթ էին և բազմակողմանի: Նա չէր կարողանում կարգի բերել նրանց և հասկանալ, ինչ է զգում կյանքի անծանոթ շրջանում: Նա դեռ երազի մեջ էր, և այդ երազն արճիճի պես ճնշում էր նրա սիրտը:

Անցան այդ երեք օրերը, վերջացավ հարսանիքի հանդեսը, դադարեցին հյուրերի այցելությունները: Այն ժամանակ միայն Սոնայի մտքերը սկսեցին պարզվել: Չորրորդ օրը հարսանիքի քողը հանեցին նրա երեսից: Այդ քողի հետ ընկավ և նրա հոգու վարագույրը… Ամուսնական կյանքի և կնոջ կոչման ամենատարրական, բայց և ամենանուրբ գաղտնիքը լուծվեց նրա համար: Նույն օրն առավոտ, առանձնացած իր ննջարանում, երկար և երկար ժամանակ հեկեկաց: Նա ոչ ոքի չէր ուզում տեսնել: Սկեսրի համբույրն այրում էր նրա շրթունքները: Իսկ ամուսնու երեսին նայել չէր ուզում, զզվում էր անգամ նրանից: Մարդիկ նրան թվում էին անբան անասուններ, որոնց համար չկար ամոթի զգացում: Բայց որքա՜ն խոր էր այդ զգացումը նրա սրտում և ի՛նչպես տառապում էր, հիշելով իր մոտիկ անցյալը և համեմատելով ներկայի հետ: Գնաց, անհետացավ այդ անցյալը, և այժմ, կարծես, ննջարանի պատերն անգամ ծաղրում են իրան:

Երբ նա տեսավ իր մորը իսկ այդ օրը տեսավ սովորականից ավելի վաղ փաթաթվեց պարանոցին, գլուխը սեղմեց կրծքին և նորից սկսեց հեկեկալ: Նա ամոթից չէր համարձակվում նայել հարազատ ծնողի երեսին և, միևնույն ժամանակ, զգում էր դեպի նա մի անբացատրելի ատելություն: Ինչո՞ւ այդպես վատ վարվեցին նրա հետ: Ինչո՞ ւ, ինչո՞ւ: Ախ, Սոնան ավելի բախտավոր էր իր ծնողների խրճիթում, անհամեմատ բախտավոր: Զգո՞ւմ է արդյոք նրա մայրը իր արած սխալը: Սոնան գլուխը բարձրացրեց և մի վայրկյան նայեց մոր երեսին, սպասելով այնտեղ կարդալ ցավակցություն: Բայց, զարմանալի բան, հացթուխը ոչ միայն չէր զգում, այլև այդ օրը ուրախ էր ավելի, քան երբևէ: Ի՜նչ, մի՞թե հարազատ աղջկա ամոթը երջանկացնում է նրան:

  Թող այսօրվա բախտավոր օրով, ասաց հացթուխը, համբուրելով Սոնայի երեսը, աչքերը, շրթունքները, աստված վերջ տա մեր ցավերին: Թող օրհնվի ճակատիդ գիրը, չարը կալին-կապին ընկնի, բարին պահպանի քեզ էլ, մարդուդ էլ: Տարիներով տանջվեցի, հիմա բախտավոր եմ: Տեր աստված, տեր աստված, թող լույս աչքով տեսնեմ այն օրը, որ աղջիկս կարողանա իր մարդու ու ազգականների երեսին մտիկ անել պարզերես, ինչպես նա այսօրվա օրն է պարզերես...

Սոնան զարմացած նայում էր մոր երեսին: Ինչո՞ւ է այդ կինը ուրախ:

Հա, որդի, շարունակեց հացթուխը, պատասխանելով նրա անլուր հարցին, աստծու տվածի չափ ուրախ եմ այսօր, հույս ամենակարողին, որ էլ ավելի ուրախանամ: Երկու երազ եմ տեսել, մեկը կատարվեց, մյուսն էլ կկատարվի... Դու լաց ես լինում, է՛է, ես էլ շատ եմ լաց եղել երեսիս քողը հանելիս... Կսովորես, որդի, կտեսնես, որ աշխարհում ապրելը լավ բան է... քո մարդը իմ մարդու նման սևերես չէ: Ես անբախտ էի, դու բախտավոր կլինես, եթե աստված ուզենա...

Իսկապես Սոնան հասկանում էր իր մոր խոսքերի քողարկված իմաստը: Չէր հասկանում միայն, ի՜նչպես կարող է ինքը բախտավոր լինել, քանի որ չի ուզում իր ամուսնու երեսին անգամ նայել:

Սակայն անցավ ժամանակ, և այդ խնդիրն էլ սկսեց նրա համար պարզվել: Նա հետզհետե ընտելանում էր իր վիճակին: Կյանքը գնալով քաղցրանում էր: Անցնում էր նրա անբացատրելի երկյուղն ամուսնուց, ծագում էր նրա սրտում մի անսովոր ախորժելի զգացում: Վերջապես, տեսավ, որ ամուսինը կոպիտ անասուն չէ: Ոչ, ընդհակառակը, բարեսիրտ և քաղցրաբարո մի բարեկամ է, որ ուզում է նրան երջանկացնել: Նա Սոնայի հետ վարվում էր ինչպես մի նոր բուսած նուրբ ու անգին ծաղկի հետ, վախենալով շոշափել նրան, մի գուցե քնքուշ տերևները թափվեն: Նայում էր նրան ոտից գլուխ, լուռ ժպտալով և սքանչանում այնպես, ինչպես կարող էր սքանչանալ մի մանուկ, որի ձեռն են տվել, վերջապես, նրա սիրած խաղալիքը: Նա չգիտեր խոսքերով արտահայտել իր սերը: Բայց ակնածությամբ և գուրգուրանքով լի հայացքները զգալ էին տալիս Սոնային, որ այդ մարդն իրան երջանիկ է համարում:

Սոնայի սիրտը բաբախում էր այդ հայացքներից: Դա ամուսնական սիրո անդրանիկ սերմն էր, որ արդեն սկսել էր արագ-արագ աճել, զարգանալ, որովհետև ընկել էր պարարտ և կարոտ հողի վրա: Այժմ ամուսնու փաղաքշանքները ո՜չ միայն չէին վախեցնում նրան, այլև հաճելի էին թվում: Շատ անգամ նա ինքն էր զգում փաղաքշելու պահանջ: Բայց ամոթխածությունը կաշկանդում էր նրան: Նա չէր համարձակվում իր սրտի զգացումն արտահայտել ոչ մի արտաքին ձևով:

Երբեմն հիշում էր այն մոտիկ անցյալը, երբ մահ էր աղերսում աստծուց և սարսափում էր: Ինչո՞ւ այս ծաղիկ հասակում աշխարհից բաժանվել, քանի որ կյանքն այսքան քաղցր է: Ա՜խ, նրա մայրը զուր չէ ասում, թե կարող է երջանիկ լինել: Սոնան հիմա է հասկանում նրա խոսքերի միտքը: Այժմ այն չէ, ինչ որ հարսանիքի առաջին օրերն էր:

Բայց կա էլի մի չար կասկած, որ Սոնային անհանգստացնում է: Ասենք, նա սիրում է իր ամուսնուն, իսկ ինքը իրավունք ունի՞ սիրվելու:

«Չէ, չէ, պատասխանում էր նա ինքն իրան, ես անարժան եմ. ես ընկնավոր եմ, նա չի իմանում, շուտով կիմանա»...

Ո՜վ գիտե, կարելի է Մուրադին հենց այժմ էլ հայտնի է նրա ցավը, կարելի է Սոնան արդեն ընկել է նրա առջև: ՉԷ՞ որ նա երբեք չի զգում իր ընկնելը: Եվ ստեպ-ստեպ երկյուղածությամբ նայում էր իր ամուսնու աչքերին, հուսալով այնտեղ կարդալ նրա միտքը: Մի օր, երբ Մուրադը քնքշաբար կատակով իր մատի ծայրով շոշափեց Սոնայի ծնոտը, նորահարսը բռնեց նրա ձեռը երկու ձեռներով, ամուր սեղմեց իր ափերի մեջ և, խոր-խոր նայելով նրա աչքերին, ժպտաց: Նա պատրաստ էր բերանը բանալ և հարցնել. «Գիտե՞ս, որ ես ցավագար եմ». բայց նույն վայրկյանին ցնցվեց, և հարցը խեղդվեց կոկորդում: Մինչդեռ նորափեսայի դեմքը սքողված էր հոգեկան երջանկության ստվերով: Նրա աչքերի մեջ փայլում էր սիրո և միայն սիրո կրակը: Այդ մարդը, որ ծնված էր ընտանեկան կյանքի համար, բնավորությամբ հիշեցնում էր իր հորեղբորը, Դանելին: Ո՜չ այժմյան խենթին, այլ նախկին Դանելին, որի ստվերն էր այժմ շրջում աշխարհի վրա: Նա պարծենում էր իր կնոջով և շատ անգամ մոր և եղբոր կնոջ մոտ գովում էր նրա հեզությունն ու գեղեցկաթյունը: Նա պնդում էր, թե հազիվ ամբողջ քաղաքում Սոնայի պես մի ուրիշ կին ճարեր, եթե բախտի բերմամբ չհանդիպեր նրան:

Ի՛նչ անենք, որ ծնողները աղքատ են, ասում էր, դա ամոթ բան չէ: Թող ի՜նքն ինձ դուր գա, ուրիշ բան չեմ ուզում: Գոհություն աստծո, շատ ու շատ շնորհակալ եմ իմ բախտից:

Տա աստված, որդի, մենք խոմ քո թշնամիները չենք, որ վատդ ուզենք, պատասխանում էր պառավ Զառնիշանը, որ տակավին չէր հաշտվում այն մտքի հետ, թե մի հացթուխի, մի պայտագործի աղջիկ կարող է իր որդուն բախտավորացնել:

Այնինչ Գյուլնազը ոչինչ չէր ասում, միայն գլուխը երկդիմի շարժում էր: Այդ նշանակում էր. «Դեռ սպասենք և տեսնենք»:

Այդ կինը հոգով-սրտով ցանկանում էր Սոնայի մեջ մի որևէ արատ գտնել, ոչ միայն իր բնազդական կասկածն արդարացնելու համար, այլև այն պատճառով, որ նախանձում էր նորահարսի երիտասարդությանը և գեղեցկությանը: Իբրև ավագ հարս, ընտանիքի մեջ ավելի մեծ իրավունք ուներ, բայց գիտեր, եթե Սոնան գրավի իր սկեսրի հավատարմությունը, կարող է իշխող դիրք ստանալ: Առ այժմ նա սկսեց ցույց տալ իր իրավունքները և իշխել Սոնայի գլխին: Նորահարսը խոնարհությամբ լսում էր նրա խրատները, թեև ոչ մի խրատի կարիք չուներ, քանի որ գիտեր իր բոլոր պարտականությունները: Նա չէր ուզում ընդդիմանալ այդ կնոջը, դեպի որը զգում էր մի անբացատրելի երկյուղ, մանավանդ երբ նայում էր նրա ապակյա աչքերին: Նույն երկյուղը Սոնան զգում էր դեպի սկեսուրը, որի ոսկրոտ ճակատի տակ նստած փոքրիկ ու պսպղուն աչքերի մեջ փայլում էր մի առանձին չարախնդություն, երբ պառավը կարող էր նորահարսին նախատել թեկուզ մի աննշան սխալի համար:

Բայց, չնայելով այդ երկու զույգ երկյուղալի աչքերին, որ գիշեր-ցերեկ հալածում էին Սոնային, նա տակավին երջանիկ էր, որովհետև սիրում էր յուր ամուսնուն և սիրվում նրանից: Երբեմն այդ փոխադարձ սիրո գիտակցությունն այնքան տիրում էր նրա հոգուն, որ մոռանում էր անցյալի բոլոր թշվառությունները և անձնատուր լինում երջանիկ հոգեզմայլության: Այդ միջոցներին նրա ճակատը պայծառանում էր, դեմքի գույնը թարմանում, կիսով չափ անրջոտ աչքերի մեջ վառվում էր կենսասիրության հուրը: Նա գեղեցկանում էր, ուրախ, աշխույժ դառնում և այսպիսով ավելի գրգռում Գյուլնազի նախանձն ու ատելությունը:

Մի անգամ Սոնան, լուսամուտի մոտ նստած, սպասում էր ամուսնուն, որ պետք է շուտով վերադառնար շուկայից: Բակից լսվեց գիժ-Դանելի ձայնը: Սոնան գլուխը բարձրացրեց ուրախացած: Վաղուց փափագում էր տեսնել իր բարեկամին:

Խենթը, գավազանն ուսին դրած, մոտենում էր լուսամուտին, ցածր ձայնով երգելով: Դարձյալ նա ոտաբոբիկ էր և գլխաբաց: Գավազանի ծայրը զարդարված էր վայրի ծաղիկների մի մեծ փնջով: Մոտենալով լուսամուտին, խենթն այդ փունջը զգուշաբար բաց արավ գավազանի ծայրից և առաջարկեց Սոնային ասելով.

Խանում-խաթունիս հազար բարով: Ղըզ-Ղալասիի սարից եմ գալիս, քեզ համար քաղեցի այս ծաղիկները:

Սոնան սիրալիր ժպտալով, ընդունեց փունջը, հոտ քաշեց և ասաց զգացված.

Ի՞նչ բարի սիրտ ունիս, Դանել ապեր: Ես կդնեմ այս ծաղիկները ջրի մեջ, կպահեմ...

Մինչև որ կպշկեն, նորերը կբերեմ, լրացրեց խենթը: Ամեն կիրակի կգնամ Ղըզ-Ղալասի: Քոլերի մեջ եմ քաղել, սիրուն ծաղիկներ են, հոտ արա, տես...

Շատ լավ են, շատ լավ են, ասաց Սոնան, շարունակ հոտոտելով փունջը և մատներով ուղղելով նրա տերևիկները: Ո՞րտեղ ես մնացել, Դանել ապեր, ինչո՞ւ շուտ-շուտ չես գալիս մեզ մոտ:

Այս հարցը, կարծես, ազդեց խենթի տրամադրության վրա: Նա հայացքը ձգեց բակի խորքը և խորհրդավոր եղանակով արտասանեց.

Չկա՛...

Հետո, արագությամբ երեսը դարձնելով Սոնային, ասաց.

Իգիթ տեսա, ձի էր նստած, սիրեցի, կյանքս կտամ թողեք գնամ իմ յարին... Լա՞վ ես, Սոնա խանում, ուրա՞խ ես: Մուրադին հավանո՞ւմ ես...

Սոնան ամոթխածությամբ գլուխը թեքեց կրծքին: Խենթը նայեց աջ ու ձախ, թեքվեց դեպի Սոնան ու ցածր ձայնով շարունակեց.

Սկեսուրդ քեզ հետ լա՞վ է վարվում, Կարապետի հարսը խոմ չի՞ նեղացնում...

ՉԷ, Դանել ապեր, սկեսուրս էլ լավ կնիկ է, Գյուլնազ-բաջին էլ, ամենքն էլ լավ են: Շնորհակալ եմ քո ազգականներից, շատ, շատ շնորհակալ եմ:

Չխաբե՛ս...

Ի՞նչ ես ասում, Դանել ապեր, ես քեզ ե՞րբ եմ խաբել:

―Քեֆիդ դիպչողին պատառ-պատառ կանեմ...

Սոնան ժպտաց, հիշելով այն ժամանակները, երբ խենթի այս սպառնալիքներից վախենում էր:

Դանել ապեր, ինչո՞ւ էլի գլխաբաց ու ոտաբաց ես, հարցրեց նա հանկարծ:

Հարսանիքդ տեսա, հերիք է... Եթե քեֆիդ դիպչեն, ի՜նձ ասա, ի՜նձ ասա: Մնաս բարով, գնամ ժամհարիս մոտ...

 Նա շտապով դիմեց դեպի դուրս ահագին քայլերով:

Հեռվից լսվում էր նրա խռպոտ ձայնը, որ տարածվելով ամայի փողոցում, մի առանձին մռայլություն էր տալիս արևի վերջին ծիրանագույն շողերով օծված ավերակներին:

Նրա տխուր երգի հնչյունները արձագանք էին գտնում այդ ավերակների մեջ և երիտասարդ նորահարսի սրտում...

Be the first who will comment on this

Other parts of "Չար ոգի"

Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

A woman with a Key
A woman with a Key
Play Online