Alexander Shirvanzadeh

Չար ոգի

II
II

Այդ օրից «Սիրուն Սոնային» ընկերուհիները այլևս չէին տեսնում փողոցում: Մայրը փակեց նրան տանը այն հասակում, երբ դեռ մի-երկու տարի մնում էր ազատ վազվզել դրացի աղջիկների հետ:

Կարող էր Սոնայի թշվառության լուրը տարածվել քաղաքում, այն ժամանակ նրա ապագան փչացած էր: Ո՛վ կհամաձայնվեր նրան կին առնել: Այսպես էր մտածում հացթուխը: Նա չէր հոգում, թե դիցուք Սոնայի ցավը հաջողվեց թաքցնելու մինչև նրա ամուսնանալը, հետո մի՞թե մի օր իրականությունը չպիտի հայտնվեր: Նա հույս ուներ աստծու գթության վրա և չէր ուզում հավատալ, որ իր զավակը բռնված է անբուժելի ախտով:

Դեռ մի տարի չէր անցել չարաբախտ օրից, Սոնան արդեն երկու անգամ ուշաթափվել էր: Վերջին անգամ ընկավ ուղղակի հոր գիրկը: Այդ միջոցին Ոսկանը ծալապատիկ նստած էր հատակի վրա: Նա նոր էր վերադարձել մի հարուստ մեռելահացից: Համբարձում աղային էին թաղում, մի՞թե կարելի էր քաղաքի առաջին մարդու հոգու համար «արքայություն» չմաղթել, նրա ազգականներին էլ «աստծով մխիթարվեք» չասել:

Նա կարծեց, թե Սոնան անզգուշաբար սայթաքեց և ընկավ: Ձեռի մի շարժումով բարկացած շպրտեց նրան մի կողմ:

Հիվանդը ընկավ սենյակի մեջտեղն ու սկսեց խրխռալ: Այն ժամանակ միայն հարբած պայտառը զգաց նրա ցավը: Նա վերկացավ, դրեց աղջկան իր ծնկների վրա, նայեց նրա ամուր փակված աչքերին, որ ծռվել էին դեպի վեր և մտել ունքերի տակ: Նորից հիվանդին բաց թողեց դեպի հատակը և ինքը, երեսին խաչակնքելով, ետ ու ետ քաշվեց:

Օրը գարնանային էր: Բնությունը նոր նոր սկսել էր ծաղկել: Սենյակի օճորքի տակ բուն դրած ծիծեռնակները ճախր էին գործում սիրուն Սոնայի գլխի վրա, ծլվլալով և իրանց ձագուկների համար կերակուր որսալով: Արևի պայծառ ու դուրեկան լույսը տարածվել էր դեպի խրճիթի ներսը: Նրա մի շողը խաղում էր հատակի վրա թավալված Սոնայի բաց ճակատին, որի շուրջը գանգուր ոսկեգույն մազերը կազմել էին մի սքանչելի պսակ: Դրսից լսվում էին վազվզող աղջիկների և մանուկների ուրախ ձայները: Պատի տակ նստած էր հարբած պայտառը և, նայելով իր աղջկան, քթի տակ ինչ-որ մրթմրթում էր:

Երբ հացթուխը ներս մտավ, Սոնան արդեն սթափվել էր: Սենյակը աղմկվեց Շուշանի կսկծալի աղաղակով: Նա վազեց և հարձակվեց աղջկա վրա, կամեցավ գրկել և համբույրներով հեկեկար: Բայց Սոնան այնքան թույլ էր, որ մոր գրկում չկարողացավ շունչ քաշել: Գլուխը դրեց հատակին, կամացուկ արտասանելով:

Ոտներս ու մեջքս ցավում են:

 Դարձյալ լսվում էին դրսում խաղացող երեխաների ձայները: Հացթուխը, ատամները կրճտելով, կուրծքը եղունգներով ճանկռտելով, վերկացանվ և խրճիթի դռները ծածկեց: Օօ, ո՛րքան ծանր ազդեցություն էին գործում նրա վրա այդ առույգ ձայները, ի՞նչպես նածանձի և ատելության զգացումը կրծում էր նրա սիրտը:

Այս էր իմ օրն էլի, կրկնեց նա երրորդ անգամ և, դառնալով ամուսնուն շարունակեց.-Գնա՜, չոքիր եկեղեցու դռների առջև, ճակատդ քսիր քարերին, աղաչիր աստծուն, ասա. «տեր, դո՜ւ չարը հանես երեխայիս միջից. տեր, դո՜ւ նրան ազատես...»

Բայց բևեռագործը վաղուց էր մոռացել եկեղեցու ճանապարը և վաղուց էր սառել դեպի աստված, ոչ այն պատճառով, որ հավատ չուներ: Ո՜չ, նա չգիտեր ինչ ասել է աղոթք, սրփություն, աստված: Մի անտարբերություն տիրել էր նրա հոգուն և այնտեղ մեռցրել ամեն մի զգացում: Քանի՛ տարի էր նա հառփում էր: Նրա ուղեղը օրից-օր բթանում էր, միտքը կաշկանդվում: Ահա ինչու չեր զգում հոգեկան մծիթարության կարիք: Նա դարձել էր մի անբան կենդանի և վարում էր լոկ բուսական կյանք:

Այնինչ հացթուխը ամեն առավոտ և ամեն երեկո այցելում էր քաղաքի կիսախարխուլ եկեղեցին, կանգնում էր մոմերի ծխից սևացած սյուներից մեկի տակ և աղոթում: Երբեմն ամբողջ ժամերգության միջոցին մնում էր մերկ քարահատակի վրա չոքած: Նրա աղոթքը ոչ երկար էր, ոչ բարդ: Հասարակ «Հայր մերն» անգամ ուղիղ չգիտեր: Նա միայն աղերսում էր:

«Տե՜ր, դո՜ւ իմ երեխային փրկիր չարից, տեր, ինձ տուր նրա ցավը...»

Քանի՜-քանի՜ անգամ էր օրվա ընթացքում կրկնում այս դարձվածը: Ոչ միայ տանը ու եկեղեցում, այլև փողոցներում, այլև ուրիշների տներում, ժամանակ անժամանակ: Հաճախ նա, գլուխը դուրս բերելով վառ թոնրի միջից, երեսի քրտինքը սրբելով իր կոշտ գոգնոցով, աչքերը դարձնում էր դեպի վեր: Ներկա եղողները լսում էին նրա շշնջյունը, բայց չգիտեյն ինչ է մրմնջում:

Զուր էին անցնում նրա ջերմ արցունքները, հավատով լի, աղերսանքները: Սոնան ոչ միայ չէր փրկվում, այլև օրից-օր ավելի ու ավելի էր ենթարկվում «չարին»: Հուսահատությունը երբեմն հավատացյալ կնոջ սիրտը ձգում էր մի տեսակ կասկած սատվածային արդարամտության մասին: Մի՞թե աստված փակել էր իր լսելիքը նրա աղոթքների համար: Շատ անգամ իր ամբողջ շաբաթվա վաստակի կես մասը բաժանում էր մուրացկաններին, մյուս կեսով մոմ էր գնում և վառում եկեղեցում այս կամ այն սրբի պատկերի առջև: Բայց սրբերն էլ չէին օգնում, և նրա հառաչանքները ցնդվում էին դատարկ օդի մեջ: Իսկ Սոնան ամեն օր մորմոքում էր նրա սիրտը:

Մայրիկ, ինձ ե՞րբ կթողնես փողոց գնամ:

Այժմ դու մեծ աղջիկ ես, փողոց դուրս գալը ամոթ է:

Ուրիշ պատասխան չէր կարողանում գտնել մայրը: Այնինչ` Սոնայի ութ տարին դեռ նոր էր լրացել: Նա շատ լավ գիտեր, որ իր հասակակիցները տակավին վազվզում են դրսում: Մատաղահաս աղջկա սիրտը ուժգին բաբախում էր, երբ դրսից լսում էր իր ընկերուհիների զվարթ քրքիջները կամ լացն ու աղաղակները: Թևերը կտրած թռչունի պես, ամբողջ օրը պտտում էր փոքրիկ գավթում, չէր համարձակվում դեպի փողոց նայել անգամ, երբ ծնողները տանն էին: Իսկ երբ հայրը շուկայումն էր լինում, մայրը աշխատանքի գնալիս, գցում էր նրան խրճիթ և դռները դրսից կողպում: Թող այնտեղ ընկնի, եթե մեռնի էլ գոնե ուրշները չեն տեսնիլ:

Այդ ժամանակ Սոնան ավելի էր զգում իր թշվառությունը: Խրճիթը լուսամուտ չուներ: Լույսը գալիս էր միայն դռների վերին կողմի մի փոքրիկ մասից, որը ծածկված էր յուղած թղթով: Ստեպ-ստեպ նա մոտենում էր դռներին և նրանց արանքով նայում դեպի դուրս: Այնտեղ աքաղաղները կռվում էին, հավերը կչկչում, ծտերը ծլվլում: Նա երանի էր տալիս այդ թռչունների ազատությանը: Հետո լալիս էր, հոգնում էր, պառկում հատակի վրա և նիրհում: Գալիս էր մայրը, բաց էր անում դռներ, գրկում էր նրան և, կատաղի համբույրներով երեսը ծածկելով, թևից բռնած դուրս էր տանում ու ասում.

Տե՛ս աստծու լույսը:

Երբեմն նա Սոնային թույլ էր տալիս բարձրանալ խրճիթի տափակ հողային կտուրի վրա, իսկ ինքը հսկում էր նրան արթուն աչքերով: Ամեն վայրկյան սպասում էր սարսափելի երևույթի կրկնվելուն: Սոնայի մի թեթև ճիչը, մի արագ շարժումը ցնցումն էր պատճառում նրան: Նայում էր հիվանդ աղջիկը այս կողմ այն կողմ, տեսնում էր միայն հարևան գավիթների թթենիները կամ կիսավեր տների պատերը: Շուտով ձանձրանում էր և խնդրում մորը ցած բերել իրան կտուրից:

Բայց ժամանակը հետզհետե ստիպեց Սոնային ընտելանալ իր վիճակին: Մոր համառ մերժումները բոլորովին կոտրեցին նրա հույսերը երբևէ տեսնել իր ընկերուհիներին: Նա սկսեց ինքն իր համար զվարճալիքներ որոնել տանը: Մայրը բերում էր նրա համար զանազան լաթերի կտորներ: Սոնան կավից խաղատիկիններ էր շինում, հագցնում էր նրանց այդ կտորներից կարած գույնզգույն շապիկներ, դնում էր նույնպես կավից շինած մի տեսակ պատվանդանի վրա և խաղում նրանց հետ: Յուրաքանչյուր խաղատիկին ուներ հատուկ անուն, որ Սոնան ընտրել էր իր ընկերուհիների անունների մեջ: Նա խոսում էր ամեն մեկի հետ համաձայն այս կամ այն ընկերուհու բնավորության:

Մարգարիտ, թևս մի՜ կծիր. Մանան, շապիկդ կեղտոտեցիր. ի՜ֆ, տափը մտնես, Ջավահիր, տես Զառվարդը ի՛նչ խելոք է…

Օրեցօր նա հասունանում էր: Ինչպես ջերմոցի քնքուշ ծաղիկ, չնայելով բնական շրջանից անջատված լինելուն, փակ մթնոլորտի մեջ աճում էր և հետզհետե ստանում բնությունից սահմանված բոլոր ձևերն ու գեղեցկությունը: Մայրական փաղաքշանքները և գգվանքներն էին կազմում նրա կյանքի ամենակենսատու հյութը: Ծծում էր այդ հյութը ամբողջ հոգով և նրա մանկական սիրտը լեցվում էր որդիական սիրո ու երախտագիտության զգացումներով: Այլևս չէր տխրում, այլևս չէր ձգտում դեպի փողոց: Ձանձրալի էին նրա համար այն ժամերը, երբ մայրը տանը չէր, որ խաղատիկինները բազմեցներ նրա առջև, ցույց տար յուրաքանչյուրի զգեստը, ուրախանար նրա հետ:

Կար և՜ մի ուրիշ անձ, որ ուրախակից էր Սոնայի ուրախությանը և վշտակից նրա վշտին, ո՜վ գիտե, գուցե ոչ պակաս քան նրա մայրը:

Այն օրից, երբ տեղի ունեցավ տխուր անցքը, գիժ-Դանելը շաբաթը մի երկու անգամ մտնում էր հացթուխի գավիթը և հարցնում Սոնայի մասին: Մի զարմանալի հոգատարություն էր ցույց տալիս այդ փողոցային խենթը փոքրիկ աղջկա վերաբերմամբ: Կարծես, այն օրվա դեպքը պարտականություն էր դրել նրա վրա` հետաքրքրվել Սոնայի ճակատագրով, ինչպես մի փափկասիրտ արյունակից:

Սկզբում հացթուխը փորձեց թաքցնել նրանից իր աղջկա ցավը, մանավանդ, որ խենթը երբեք չէր հիշեցնում այդ մասին: Նա հավատացած էր, որ վաղուց Սոնայի ուշաթափվելը մոռացել են թե գիժ-Դանելը և թե աղջիկներն ու մանուկները: Բայց մի օր Սոնան ընկավ գավթի մեջ խենթի ներկայությամբ, և այդ օրից անկարելի էր գաղտնիքը նրանից թաքցնել:

Գիժ-Դանելը ծանոթ էր այդ տեսակ ցավերին, կյանքում ընկնավորներ տեսել էր:

Սուրբ է, ասաց, երեսին խաչակնքելով, տեսնենք ինչ մարգարեություն է անում:

Նա չոքեց Սոնայի առջև, պատկառանքով ականջ դրեց, բայց հիվանդի խրխռոցից ոչինչ չհասկացավ:

Դանել-ապեր, հիմա ամեն բան իմացար, ասաց հացթուխը աղերսական ձայնով, թող երկնքում աստված, երկրում միայն մենք իմանանք:

Սո՛ւսս, Մանիշակս քնած է, շշնջաց խենթը ձեռով ծածկելով իր բերանը:

Այդ վայրկյանին նրա դեմքն այնքան խորհրդավոր էր, որ հացթուխը կարիք չզգաց իր խնդիրը կրկնելու:

Այնուհետև խենթն ավելի հաճախ էր այցելում հացթուխի խրճիթը: Երբեմն գալիս էր պայտագործի հետ միասին: Թվում էր, Ոսկանը մի տեսակ համակրանք էր տածում դեպի այդ անկոչ բարեկամը: Գուցե պատճառն այն էր, որ երբ պայտագործը հարբած էր լինում, խենթն էր նրա թևի տակ մտնում ու տուն բերում: Կամ գուցե այն, որ նա էլ Ոսկանի պես սիրում էր մեռելներին ուղեկցել մինչև գերեզմանատուն: Բայց ուղեկցում էր ոչ թե քելեխ սիրելուց, այլ ուներ մի գաղտնիք, որ տակավին հայտնի չէր պայտագործին: Այսպես թե այնպես, նա Ոսկանի համար մի սքանչելի ընկեր էր: Նրանք միշտ միասին էին գնում գերեզմանատուն, միասին ծալապատիկ նստում բաց օդի տակ, կանաչազարդ գետնի վրա սփռած սեղանի շուրջը, միասին «արքայություն» մաղթում հանգուցյալին և շատ անգամ միևնույն ամանից ուտում: Խենթն ինքը շատ քիչ էր խմում, բայց եռանդով կատարում էր իր բարեկամի խնդիրը միմյանց հետևից լցնում էր նրա բաժակը, կրկնելով.

Որսկան աղբեր, ներսդ տաքացրո՜ւ:

Երբեմն հանկարծ թողնում էր սեղանը և, գերեզմանաքարերի միջով ոստոստալով, հեռանում էր: Թե ո՛ր էր գնում հայտնի չէր: Կես ժամ անցած` վերադառնում էր, գլուխը կրծքին թեքած, քթի տակ երգելով ինչ-որ տխուր երգ:

Ամեն անգամ նա մեռելահացից բաժին էր բերում Սոնայի համար մի քանի խաշած ձու կամ մի կտոր միս, իսկ մեծ մասամբ բարակ լավաշի մեջ փաթաթած «հալվա», որ ալյուրից, յուղից և մեղրից պատրաստած մի տեսակ տեղական քաղցրավենի էր: Հացթուխը հոգով դեմ էր այդ բաժիններին, բայց ներում էր խենթին: Նա երախտապարտ էր համարում իրան այդ մարդու առջև և չէր ուզում ոչ մի բանով նրա սրտին դիպչել: Շատ անգամ հրավիրում էր խենթին ճաշի, նստեցնում էր իր ամուսնու մոտ և երկուսին էլ հավասար խոնարհությամբ ծառայում:

Իսկ Սոնան օրիցօր ընտելանում էր գիժ-Դանելին: Չկար այլևս առաջվա երկյուղը այդ մարդուց: Այժմ ծիծաղում էր իր նախկին ընկերուհիների վրա, որ այնպես փախչում էին Դանելից: Օ՛օ, նա բոլորովին գիժ չէ, բարի է, խաղաղ, անվնաս: Բայց ինչո՞ւ համար է այնքան ցավակցում Սոնային: Այս հարցը երբեմն Սոնային ձգում էր մտատանջության մեջ: Առհասարակ նա հետզհետե դառնում էր մտախոհ, մելամաղձոտ: Թվում էր, որ նրա փոքրիկ գլուխը անգործ չէ, և շատ մտքեր են նրան զբաղեցնում: Ամենից պարզ զգում էր մի բան, այն` թե կա մի ցավ, որ թունավորում է իր մոր կյանքը: Ի՞նչ է այդ ցավը: Հոր արբեցությո՞ւնը, կոպիտ վարմո՞ւնքը: Եթե այդ է, ինչո՞ւ առաջ նրա մայրը այնպես տխուր չէր, ինչպես այժմ: Նա չէր զգում միայն իր սեփական ցավը, չգիտեր, որ ինքն է մոր թշվառության առաջին պատճառը: Այդ նրան ոչ ոք չէր ասում: Մի անգամ, անգութ հարվածից հետո ուշքի գալով, տեսավ իր մորը հեկեկալիս ու հարցրեց,

Մա՛յրիկ ես հիվա ՞նդ եմ:

Չէ՛, որդի…

Գլուխս էլի ցավում է. քնա՞ծ էի:

Հա՛, որդի...

Բաս ինչո՞ւ ես լաց լինում:

 Հացթուխի լեզուն պապանձվեց, չկարողացավ պատասխանել: Նա միայն գրկեց Սոնայի գլուխը և համբուրեց նրա շքեղ մազերը, սպիտակ ճակատը, գունատ այտերը: Ժամանակը թշվառ մորը հաշտեցնում էր իր վշտի հետ: Նա տանջվում էր, բայց ոչ առաջվա չափ: Նա բողոքում էր իր ճակատագրի դեմ, բայց և՛ օրհնում էր նախախնամության կամքը:

«Ասում են, երբ աստված մեկին շատ է սիրում, նրան շատ է տանջում,– մխիթարում էր ինքն իրան հուսահատ րոպեներին, –ո՛վ գիտի, կարելի է աստված ինձ շատ է սիրում»:

Նա ձգտում էր իր թշվառության համար արդարացուցիչ պատճառներ գտնել: Շատ խիստ էր ճակատագրի վճիռը, և չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե այդ վճիռը կայացնողը կարող է, առանց մի մեծ պատճառի, լինել այդքան անիրավ, այդքան անողոք: «Աստված արդար է և ողորմած», հնչում էին նրա ականջին այս խոսքերը, որ ամեն օր լսում էր եկեղեցում: Մի՞թե քահանան կարող է սուտ ասել, մի՞թե թե եկեղեցին կարող է խաբել:

Մեղա քեզ, մեղա քեզ, կրկնում էր հացթուխը ամեն անգամ, երբ սրտում զգում էր կասկածի նշույլ, և այդ նշույլը նույն վայրկյանին անհետանում էր, տեղի տալով խորին հավատի զգացման:

Be the first who will comment on this

Other parts of "Չար ոգի"

Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

A woman with a Key
A woman with a Key
Play Online