Alexander Shirvanzadeh

Չար ոգի

IV

Տասնուվեց տարեկան հասակում Սոնան արդեն զգում էր բնական ցավի բոլոր ծանրությունը: Եվ այն միտքը, թե թշվառ է, նրա մատաղ հոգու վրա գործում էր ճնշող տպավորություն: Ժամերով առանձնացած, անձնատուր էր լինում իր մելամաղձիկ մտածումներին:

Նրա նորահաս խելքը ձգտում էր գտնել թշվառության հիմնական պատճառը և ոչինչ չէր կարողանում որոշել կյանքի մթության մեջ: Լալիս էր, լալիս, և միայն արցունքներն էին րոպեապես թեթևացնում նրա սիրտը:

Նա անում էր այն բոլորը, ինչ որ հարկավոր էր աստծու գութը շարժելու համար և ինչ որ սովորել էր իր մորից: Պահում էր տարվա բոլոր պասերը, իսկ մեծ պասը կրկնակի: Տարենը մի անգամ ամբողջ յոթնյակ ծոմ էր պահում: Իր մոր հետ այցելում էր քաղաքի շրջակայքում գտնվող սրբավայրերը: Բայց բոլորը զուր:

Ինչո՞ւ, ահա հարց, որ զբաղեցնում էր Սոնայի միտքը: Ինչո՞ւ աստված չի լսում նրա ձայնը, չի խղճում. ո՞ր մեղքերի համար: Կյանքում մի անգամ մի հանցանք գործեց ցույց տալով հորն իր մոր խնայած կոպեկների տեղը: Հայրը գողացավ և վատնեց այդ ողորմելի կոպեկները: Բայց ո՛րքան զղջաց, ո՜րքան աղոթեց և ո՜րքան արտասվեց այդ հանցանքի համար: Ո՛չ, այդ չէ պատճառը:

«Մայրս ասում է, որ վեց տարեկան էի, երբ առաջին անգամ ուշաթափվեցի...»

Ուրեմն, ինչո՞ւ, ինչո՞ւ: Եվ որքան հասարակ հարցը գրգռում էր Սոնային, այնքան նրա մտքերը շփոթվում էին: Նույն հարցը նա տալիս էր մորը, և միշտ ստանում միևնույն պատասխանը.

Դա աստծու կամքն է:

Այո՜, դա աստծու կամքն է: Բայց մի՞թե աստված առանց պատճառի մի բան կատարում է:

Մայրիկ, ինչո՞ւ մեկը ստեղծվում է առողջ և բախտավոր, մյուսը հիվանդ և թշվառ:

Երկյուղած և աստվածապաշտ հացթուխը սարսափում էր աղջկա հոգու մեջ ծագող կասկածներից: Կար ժամանակ, որ նրա մեջ էլ ծագում էին այդպիսի կասկածներ: Բայց շուտով խեղդեց նրանց իր սրտում և դարձյալ հաշտվեց այն մտքի հետ, թե աստված արդարամիտ է,անաչառ և գթառատ:

Մի՛ ասա, որդի, մի՜ ասա. աստծու դեմ տրտնջողի գլխին երկնքից կրակ կթափվի:

Սոնան զսպում էր իր լեզուն: Սակայն անխուսափելի հարցը հետևում էր նրան ստվերի պես: Ի՞նչ անի, ի՞նչպես չբողոքի: Ինը տարի է փակված է իր հայրական խրճիթի չորս պատի մեջ, և մի՞թե պետք է հավիտյան անջատված մնա աշխարհից: Մի՞թե գոնե իր ընկերուհիներին այլևս չպիտի տեսնի մի հարսանիքում, մի մեռելատնում, կամ եկեղեցում զատկի և ջրօրհնեքի երեկո:

Նրա ընկերուհիներից մի քանիսն ամուսնացել էին, ոմանք մայրեր էին արդեն: Նա հեռվից լսում էր յուրաքանչյուր պսակվողի հարսանիքին ածվող զուռնայի ձայնը: Այսօր այն սևիկ և ծիծաղկոտ Մարգարիտն է պսակվում: Երանի թույլ տային Սոնային մի անգամ տեսնել նրան: Արդյոք, ի՞նչքան է մեծացել նա, ի՞նչպես է հասակը, գեղեցկացե՞լ է, թե էլի նիհար է ու չոր շագանակի կեղևի պես:

Սոնան հիշում էր, որ իր ընկերուհիներն իրան կոչում էին «Սիրուն Սոնա»: Առաջ նրա համար դա ոչինչ նշանակություն չուներ, այժմ էր հետաքրքրում նրան: Ճշմարի՞տ է, որ ինքը սիրուն է, թե՞ ընկերուհիները ծաղրում էին: Նա կանգնում էր ամեն օր պատից քաշ արած այն հասարակ հայելիի առջև, որ մայրը, իբրև օժիտ, ստացել էր մի ազգականից իր հարսանիքի օրը:

Նրա խիտ և գանգուր մազերը շքեղ հյուսվածներով սփռված էին մեջքին: Տնային ծանր աշխատանքը, կարծես, մազու չափ չէր ազդել նրա կազմվածքի վրա: Նա միջին հասակից քիչ բարձր էր, կանոնավոր իրանով: Այո, այժմ ավելի էր սիրուն, քան մանուկ հասակում: Միայն նրա երեսը չուներ իր տարիքին հատուկ կայտառությունը: Նրա գույնը նվազ էր, հիվանդոտ. մի նուրբ դեղնություն պատել էր ամբողջ դեմքը, նույնիսկ ականջները: Սևորակ և խոշոր աչքերի բիբերն ավելի խոշորացել էին: Այնտեղ երևում էր հոգու ծանր թախիծը: Րոպե առ րոպե, երբ բարձրանում էին համրաշարժ կոպերը, այդ աչքերի մեջ նշմարվում էր մի տեսակ ապշություն:

Նա նայում էր հայելուն, բայց չգիտեր սիրո՞ւն է ինքը, թե՞ տգեղ: Չկար մեկը, որի հետ համեմատեր իրան կամ նրա կարծիքը հարցներ: Մայրը ասում էր, թե Սոնան իրան է նմանվում: Արդարև, կար նմանություն մոր և աղջկա մեջ, թեև տարիքը և ծանր ու տաժանակիր աշխատությունը վաղուց հացթուխի դեմքից ջնջել էին բնական գեղեցկությունը:

Մայրի՛կ, երևի դու շատ սիրուն ես եղել...

Դա մի անմեղ խորամանկություն էր, որի միջոցով Սոնան ուզում էր խոսք քաշել իր մորից: Մայրը այդ չհասկացավ և պատասխանեց.

Մարդ պետք է բախտ ունենա, գեղեցկությունն ինչի՛ն

է պետք:

Մի օր հացթուխը ասաց Սոնային, որ այդ երեկո վաղ պառկի քնելու:

Ինչո՞ւ:

Էգուց պետք է շուտ զարթնես, ոտով գնալու ենք սուրբ Կարապետի մասունքը համբուրելու:

Էգո՞ւց է ուխտի օրը...

Մյուս օրն է: Մենք էգուց կգնանք, գիշերը սրբի ոտքին կմնանք, մյուս օրն ուխտներս կկատարենք, հետ կգանք:

Վերջապես, դարձյալ մի երջանիկ օր, երբ Սոնան կարող է մարդու երես տեսնել: Երկար ժամանակ այդ գիշերը չէր կարողանում քնել: Իսկ երբ նիրհեց, երազները պաշարեցին նրան: Նա շտապում էր դեպի սրբավայրը, բայց գնում էր, գնում, չէր հասնում: Ամեն քայլափոխում արգելքների էր հանդիպում: Մի տեղ նրա առջև բարձրանում էր մի պատ և կտրում ճանապարհը, մյուս տեղ բացվում էր ճահիճ, որի միջով պիտի անցներ: Այստեղ կորցնում էր գլխի շալը, այնտեղ կոշիկները և այլն, և այլն…

Վե՜ր կաց, օրը լուսացել է, լսեց նա մոր ձայնը և աչքերը բաց արեց:

Հացթուխն արդեն վաղուց պատրաստվել էր ճանապարհ ընկնելու: Սոնան շտապով ոտքի թռավ և հագնվեց: Մայրը տվեց նրան մի թեթև կապոց, որ պարունակում էր երկու օրվա ուտելիք, իսկ ինքը բռնեց գավթում թռչկոտող մեծ աքաղաղին, ոտները կապեց, դրեց կռնատակին: Նրանք ճանապարհ ընկան:

Արևն արդեն բավական բարձրացել էր, երբ քաղաքից դուրս եկան: Հացթուխը հրամայեց Սոնային կոշիկները հանել և ոտաբաց քայլել: Նույնն արեց և ինքը: Նախընթաց օրը իմացել էր, որ քաղաքից մի քանի ընտանիքներ էլ պիտի գնան ուխտ: Ահա ինչու կանուխ ճանապարհ ընկավ, որպեսզի աղջկա հետ մենակ չգնա ամբողջ յոթ վերստ ճանապարհը: Հարյուր տեսակի մարդիկ են անցնում, ո՜վ գիտե, ի՛նչ կարող է պատահել:

Հեռվում երևացին մի քանի սայլեր: Հացթուխը ասաց Սոնային, որ քայլերը արագացնի: Նրանք շուտով հասան սայլերին: Ջահիլ աղջիկների մի խումբ գնում էր ոտով, իսկ պառավ և հասակավոր կանայք նստած էին սայլերի վրա: Ջահիլները դհոլ էին զարկում, հարմոնիա էին ածում. երգում էին, ծիծաղում, հռհռում, թռչկոտում, ազատ, համարձակ, երեսները բաց:

 Սոնան իր մոր հետ և նրա ցանկությամբ գնում էր սայլերից հեռու, ճանապարհից դուրս, կանաչ խոտի միջով: Ուղին հարթ չէր: Երեք օր առաջ անձրև էր եկել, և անցուդարձ անող սայլերի անիվները թանձր ցեխի մեջ խոր ակոսներ էին գոյացրել: Ցեխը չորացել էր և ճանապարհը ծածկել դերբուկներով: Անկարելի էր այնտեղ ոտաբոբիկ քայլել: Բացի դրանից, հացթուխը խույս էր տալիս ոտով գնացող աղջիկների խմբից: Ո՛վ գիտե, մի գուցե հանկարծ Սոնան ուշաթափվի, ինչո՜ւ ուրիշները տեսնեն: Այնինչ, Սոնայի սիրտը մղվում էր դեպի աղջիկների խումբը: Ախ, որքա՜ն նա փափագում էր միանալ այդ խմբին, նույնպես երգել, զվարճանալ: Բայց հեռո՛ւ, հեռո՛ւ այն ճանապարհից, որով գնում են ուրիշները: Նա միայն առողջների և բախտավորների համար է բաց...

Սայլերին առաջնորդում էր մի ձիավոր, գդակը ծուռը դրած, մտրակը ծնկան վրա հենած, հանդարտ երգելով: Երբեմն նա ձիու գլուխը դարձնում էր ետ և սպասում սայլերին: Մի անգամ ետ մնաց և, ձիու սանձը քաշելով, կանգ առավ, նայեց երկու ուխտավոր կանանց:

Սոնա, շալդ քաշիր երեսիդ, ասաց հացթուխը:

Սոնան ծածկեց երեսը, հետո շուտով բաց արավ: Մի՞թե այդ արձակ դաշտումն էլ իրավունք չունի մի քիչ ազատություն վայելելու: Նա ուզում էր լսել իր հասակակիցների երգը, ծիծաղը, ուզում էր մի քիչ մոտենալ նրանց: Եվ մոտենում է:

Ա՛յս կողմով, Սոնա, ա՛յս կողմով, կրկնեց հացթուխը, ցույց տալով դաշտի խորքը:

Այդ միջոցին ձիավորը մոտեցավ հացթուխին:

Ո՞ ւխտ ես գնում, հարցրեց նա:

Հա՛, որդի:

Ընդունելի լինի:

Ամեն. քոնն Էլ:

Ձիավորը չհեռացավ: Նա ընթանում էր հացթուխի և նրա աղջկա հետ հավասար քայլով, մինչդեռ սայլերն արդեն բավական հեռացել էին:

Հոգնած կլինեք, համեցեք, սայլերի վրա տեղ կա, նստեցեք, առաջարկեց նա հացթուխին:

Շնորհակալ եմ, աստված քեզ պահի, որդի, ուխտ ենք արել ոտով գնալ, գնում ենք:

Ձիավորը մի խոր հայացք ձգեց Սոնայի վրա: Աղջիկը շտապեց երեսը շալով ծածկել: Հացթուխը այլևս չէր խոսում: Ձիավորը մտրակեց ձիուն և հասավ սայլերին:

Այդ միջոցին Սոնան լսեց մի ծանոթ ձայն.

« Պսպղում էր սև օձի պես մերկ թուրը,

«Սլանում էր բազեի պես քյոհլան ձին,

Քամուն տալով բերնից վազող փրփուրը:

«Կատաղել էր, կոտորում էր Քյոռօղլին: »

Սոնան հետ նայեց և տեսավ գիժ-Դանելին, որ, գավազանը պարանոցին հորիզոնաձև դրած, ձեռները հովվի պես հենած ծայրերին, քայլում էր առաջ, ոտաբոբիկ, գլխաբաց:

Սուրբ Կարապետը մուրազիդ հասցնի, Շուշան բաջի, ասաց նա, շուտով հավասարվելով հացթուխին: Խաթուն Սոնա, բարով տեսանք:

Սոնան ուրախացավ խենթի անսպասելի կերպով երևալուն: Նրա հետ արգելված չէ խոսել, այժմ գոնե կարող է հարցուփորձ անել սայլերի հետ գնացող աղջիկների մասին:

Մերոնք են, պատասխանեց գիժ–Դանելը, ուխտ ենք գնում: Երկու ոչխար, մեկ ղոչ ենք տանում: Սոնա խանում, տեսնո՞ւմ ես, քո լվացած հալավն եմ հագել, դարձավ նա Սոնային, ցույց տալով իր շապիկը, որ, սովորականին հակառակ, մաքուր էր:

Ամեն շաբաթ բեր լվանամ, ասաց Սոնան:

Չէ, նորը պիտի կարես: Ես կտոր կառնեմ, դու կկարես: Նա չէր կարում, պստիկ էր, մատներ ուներ շիմշադի պես...

Էլի կոշիկներ չե՞ս հագել: Ի՞նչ արիր քեզ համար հյուսած գուլպաները:

Պահում եմ, Սոնա խանում, հարսանիքիդ պիտի հագնեմ: Հարսանիք, հարսանիք, չմեռնեմ, Մանիշակիս տեսնեմ սուրբ սեղանի առաջ: Տվեք քարը կրծքիս խփեմ, վայ կանչեմ, տվեք հողը գլխիս ածեմ, լաց լինեմ: Շուշան բաջի, լավ մտիկ արա այն ձիավորին: Հետը խոսում էիք, տեսա, է՛է, ասլան Դանելը մի բան է իմանում, շատ լավ բան, շատ լավ բան...

Արտասանելով վերջին բառերը, ոստոստաց առաջ, գավազանով ջարդելով ճանապարհի եզրին բուսած մորենի թփերը և երգելով. «Քյոհլան ձիու վրա նստած է Քյոռօղլին, է՛յ ջամահաթ ճամբա տվեք Ղռաթին»: Հետո նա, գավազանը բարձրացնելով, գոռաց. «Մուրադ, հեյ, հեյ, Մուրադ, քշի՜ր, քշի՜ր, ասլանը եկավ»:

Նա վազեց դեպի ձիավորը, հետո հանկարծ կանգ առավ և սպասեց հացթուխին: Նրա հատուկտոր խոսքերից հասկացվում էր, որ սայլերից երկուսի վրա գնում են նրա ազգականները: Ձիավորը խենթի եղբոր որդին էր, անունը Մուրադ:

Էգուց էլ մեծ եղբայրը կգա: Նրանց մոտ չեմ մնալ, կգամ ձեզ մոտ: Բազարով անցնելիս, Ոսկանին պատահեցի: Չէ, Շուշան բաջի նա կոնծած չէր: Ասաց. «Դանել աղբեր, աղջկաս լա՛վ մտիկ արա»: Մի՛ վախենալ, Սոնա խաթուն, աչքիս լույս, քեֆիդ դիպչողին պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ...

Նա անցավ հացթուխի կողմը և սկսեց շշնջալ: Սոնան ոչինչ չէր լսում, բայց գուշակում էր, որ խոսակցությունը լուրջ բանի մասին է: Խենթը շուտ-շուտ երեսին խաչակնքում էր և սուրբ Կարապետի անունով երդվում:

Բա՛ն եմ ասում, աչքովս եմ տեսել, ականջովս լսել, լսվում էին միայն այս խոսքերը:

Նրանք հասան սրբավայր: Դա մի ամայի վանք էր բավական ընդարձակ գյուղի ծայրում: Պահապան տիրացուն այնքան բարի գտնվեց, որ հացթուխին հատկացրեց մի առանձին խուց շրջակա կիսախարխուլ շենքի մեջ: Մայր ու աղջիկ տեղավորվեցին այնտեղ: Գիժ-Դանելը, հակառակ հացթուխի ցանկության, վազեց ու իր ազգականներից բերեց մի փոքրիկ կարպետ, մի բարձ և մի դոշակ:

Սոնա խաթունիս համար է, հոգնած է, թող հանգստանա, ասաց նա, հայրական խնամքով կապերտը սփռելով խցի մերկ հողահատակի վրա:

Մյուս օրը, առավոտյան կանուխ զարթնելով, խենթը մորթեց հացթուխի աքաղաղը և բաժանեց գյուղի մերկանդամ մանուկներին: Սոնան հեռվից նայում էր այդ ոտաբոբիկ էակներին և հիշում էր իր կյանքի այն միջոցը, երբ ազատ վազվզում էր փողոցներում: Անցա՜վ այդ երջանիկ պահը, որ այնքան կարճ տևեց նրա կյանքում: Այժմ նա սրտից արձակում է կսկծալի հառաչանքներ, աղոթում է սրբերին, լիզում է նրանց գերեզմանների հողը, իր ցավի համար ճար աղերսելով: Նա լսում էր գիժ-Դանելի առասպելական անկապ, անսկիզբ և անվերջ պատմությունները սրբերի հրաշքների մասին: Քանի՛-քանի՛ կաղեր, կույրեր և համրեր են բժշկվել հենց այս խարխուլ վանքում:

  Աչքովս եմ տեսել, մեկ-մեկ կարող եմ ցույց տալ, հավատացնում էր խենթը: Նասր-Էդդին շահի գալու տարին էր, երկինք, երկիր չորացել էր: Ռաշպարը կուրծք էր թակում, աստված կանչում: Եկան մասունքը առոք-փառոք տարան քաղաք, թափոր էր: Արևը մարդ էր խաշում, եղունգիս չափ թուխպ չկար երկնքում: Մեկ էլ տեսնենք աղոթարանի կողմից մթնեց` անձրև բռնեց, ի՛նչ անձրև, ճիպոտ -ճիպոտ: Այն սարի ցորենի խալվարը ծախվեց հինգ մանեթով:

Մինչ խենթը պատմում էր, այնտեղ, վանքի գավթում ուխտավոր աղջիկները նվագում էին, պարում և երգում: Կարծես, նրանք ոչ մի ցավ չունեին, եկել էին այդ սրբավայրը հատկապես զվարճանալու և Սոնայի նախանձը շարժելու համար: Բա՛հ, միթե մե՞ղք չի սրբի մասունքի մոտ ծիծաղել ու հրհռալը: Բայց ի՛նչ լավ սազ է գալիս այդ զվարճությունը ջահիլ աղջիկներին վանքի կանաչ գավթում, այդ մամռապատ քարերի շուրջը, այդ վայրենի թփերի մոտ: Մռայլ երկյուղածության զգացումը Սոնայի սրտում տեղի էր տալիս նախանձի զգացմանը: Հասակակիցների անզուսպ զվարճությունը նրան թվում էր իբրև մի տեսակ նախատինք, որ նա ցավագար է, աստծուց պատժված, մարդկանց երեսից զրկված:

Ճաշից հետո, ուխտավորները, իրանց իրեղենները թողնելով վանքում, ցրվել էին գյուղից դուրս զբոսնելու: Գիժ-Դանելը գնացել էր վանքից ոչ հեռու գտնվող մի ձորակի աղբյուրից ջուր բերելու: Սոնան իր մոր հետ բարձրացավ մի փոքրիկ դալարազարդ բլրակի վրա և այնտեղից նայում էր հեռավոր ձյունագագաթ լեռներին: Վանքի պատի առջև նկարվեց մի տղամարդի կերպարանք: Սոնան իսկույն շալը քաշեց երեսին: Մի քանի վայրկյան անցած, կրկին երեսը բաց արավ: Այս անգամ ճանաչեց այն բարեսիրտ ձիավորին, որ նախընթաց օրը առաջարկում էր նրանց սայլը նստել: Գդակը դարձյալ ծուռ դրած, մի ձեռը հենած դաշույնի դաստապանին, մյուսը դրած դեղնագույն չուխայի տակ, համարձակ աչքերով նայում էր Սոնային: Երբեմն շփում էր իր բարակ ընչացքը և նայում կրծքին, կարծես, ինքն իրանով հիանալով: Եվ իրավունք ուներ հիանալու: Նրա բարձր հասակը, առույգ դեմքը և առողջ կուրծքը միասին գումարած` տեղական չափահաս աղջիկների համար ներկայացնում էին մի գրավիչ փեսացու քսանուվեց տարեկանից ոչ ավելի: Սոնան դարձյալ երեսը ծածկեց: Երիտասարդը տեսնելով, որ աղջիկն ամաչում է, համեստությամբ հեռացավ և թաքնվեց պատի ետևում:

Այդ միջոցին գիժ-Դանելը սառը ջրով լի կուժը իր կիսամերկ ուսի վրա դրած, մոտենում էր վանքին: Սոնան նրա դեմքի վրա նկատեց մի խորամանկ ժպիտ, որի նմանը առաջին անգամն էր արտահայտում այդ դժբախտ դեմքը: Երբ մայր ու աղջիկ վերադարձան վանքի գավիթը, գիժ-Դանելը գավազանը սազի պես կրծքին բռնած, երգում էր: Տեսնելով հացթուխին, վազեց առաջ և սկսեց նրա հետ շշնջալ: Նա խոսում էր դեղնագույն չուխավոր երիտասարդի մասին: Պնդում էր, թե այդ երիտասարդը շատ է հավանել Սոնային և մտքում դրել է նրան «ուզել»: Առաջին անգամ Սոնային տեսել է փողոցով անցնելու ժամանակ, դռների միջով, երբ Սոնան իրանց տան գավիթը ավլելիս է եղել: Նա հարցրել է անծանոթ աղջկա մասին իր տնեցիներին: Ոչ ոք չի ճանաչել: Մի անգամ էլ երիտասարդը նույն փողոցով անցնելիս, տեսել է, որ Դանելը դուրս է գալիս այդ տնից: Նա հարցրել է Դանելին, և «ասլանը» այնքան գովել է Սոնային, որ Մուրադի «աչքերը պսպղել են»:

Ես քեզ ասում եմ գժվել է, գժվել, ավարտեց խենթը խոսքը, ձեռը բարեկամաբար խփելով հացթուխի ուսին: Այսօր էգուց մարդ կուղարկի, էլ չի համբերիլ...

Մի ժամ հետո խցի առջևով անցան երկու կին մեկը պառավ, մյուսը դեռ երիտասարդ և հետաքրքրությամբ նայեցին Սոնային: Խենթը ասաց հացթուխին, որ պառավը Մուրադի մայրն է, իսկ երիտասարդը եղբոր կինը:

Հացթուխը վերջին անգամ աղոթեց վանքում և Սոնայի հետ ճանապարհ ընկավ դեպի քաղաք: Խենթը նրանց ուղեկցում էր: Նա շարունակ խոսում էր Մուրադի մասին, գովում էր նրա խելքը, գեղեցկությունը, տունուտեղը: Մինչև այդ ժամանակ խոսում էր բոլորովին առողջ մարդու պես: Հենց որ բարձրացավ ճանապարհի վրա գտնվող մի մեծ բլուրի գագաթը, որտեղից երևում էր քաղաքի շրջակայքը, գիժը հանկարծ փոխվեց: Նա ընդհատեց իր խոսքը, ձեռով ցույց տվեց քաղաքից երկու վերստաչափ հեռու գտնվող գերեզմանատունը և աղաղակեց,

Այնտեղ է, ա՛յ այնտեղ…

Վազեց առաջ, գավազանը բարձր բռնած, գազանի պես մռնչյուններ արձակելով: Առաջին անգամն էր Սոնան խենթին տեսնում այնպես կատաղած: Նա չվախեցավ: Հարյուր քայլաչափ վազելուց հետո գիժ-Դանելը կանգնեց և, գավազանը գլխի վրա հորիզոնաձև բռնած, խոշոր քայլերով մոտեցավ իր ուղեկիցներին, արտասանելով.

Յա՛, սուրբ Կարապետ, յա՛, սուրբ Կարապետ...

Նա իրանից ձևացնում էր մի լարախաղ, աչքերը հառած դեպի մի որոշ կետ և ուսերը շարժելով: Սոնան նայում էր նրան, արտաքուստ ժպտում, ներքուստ ցավում: Ինչո՞ւ այդ մարդը պատժվել է աստծուց, մի՞թե նա էլ մեղք է ունեցել: Զգում էր, որ խենթի հոգեկան հիվանդությունը ունի պատճառ: Բայց թե ինչ էր չգիտեր և չէր համարձակվում ակնարկել անգամ: Միայն, երբ խենթը մոտեցավ, Սոնան հարցրեց.

Դանել ապեր, հիմա գիշերները ո՞րտեղ ես քնում:

Ժամհարի մոտ:

Ինչո՞ւ եղբորդ որդիների տանը չես քնում: Խենթը, պատասխանի փոխարեն, սկսեց երգել մի պարսկերեն երգ, ամեն տնից հետո կրկնելով.

«Սիրտդ քար է որսորդ,

«Ինչո՞ւ բալիս խփեցիր,

«Ինչո՞ւ բալիս խփեցիր... »

Be the first who will comment on this

Other parts of "Չար ոգի"

Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

A woman with a Key
A woman with a Key
Play Online