Alexander Shirvanzadeh

Արամբին

IX

Մինչդեռ Վարվառեն ոչինչ չէր նկատում, Ռոստամյանը Մինաս Կիրիլլիլի հարաբերությունների մեջ զգում էր փոփոխություն։ Թվում էր նրան, որ ծերունին այլևս առաջվա պես բարեկամաբար չի վերաբերվում իրան։

Այս բանն ավելի զգալի էր ավագ չորեքշաբթի երեկո, երբ Մինաս Կիրիլլիչն և Ռոստամյանը այրիի տանն էին։ Հակառակ յուր սովորության, այդ երեկո ծերունին Ռոստամյանի հետ խոսում էր, կարծես, ակամա։ Նա չէր վիճաբանում որևէ խնդրի մասին, չէր հակառակում և, առհասարակ, երկար խոսակցությունից

խույս էր տալիս։ Ծերունու այս հանկարծակի փոփոխությունը Ռոստամյանին և՛ զարմացրեց, և՛ վիրավորեց։

Հետևյալ և երրորդ օրը նա փողոցում ու գավթում երկու անգամ բարևեց։ Ծերունին նրա ողջույնն ընդունեց գլխի մի թեթև շարժումով։ Նրա կասկածն ավելի զորացավ։ Բացի այն, որ Մինաս Կիրիլլիչը կարող էր յուր աղջկա և երիտասարդ հարևանի հարաբերությունների ներքին դրդիչ պատճառն զգալ, ինքնըստինքյան ծերունու սառնությունը վիրավորական էր Ռոստամյանի համար։ Մենակեցությունը, բնականաբար, նրա մեջ զարգացրել էր զգայուն ինքնասիրություն։ Նա, որ բնավ յուր բարեկամությամբ կամ ծանոթությամբ, մեկին ձանձրացրած չէր, այժմ զգում էր, որ տաղտկացնում է մի ծերունու։ Ահա ինչու զատիկ օրվա այցին նա երկար չմնաց։

Բայց ինքնասիրության այդ վիրավորանքը շուտով անցավ։ Մնաց միայն մի կասկած․ արդյոք, Մինաս Կիրիլլիչն իսկապես զգո՞ւմ է Ռոստամյանի այցելությունների դրդիչ պատճառը։ Եթե զգում է հետևաբար իրավունք ունի ոչ միայն սառն վարվել, այլև ատել նրան, այլև չընդունել յուր տան մեջ։ Այդ շատ բնական կլիներ։ Վարվառեն ամուսնացած կին է, իսկ Մինաս Կիրիլլիչը նրա և յուր սեփական պատվի նախանձախնդիր հայր։ Ի՞նչ փույթ նրան, թե Ռոստամյանին ինչ զգացմունք է մղում դեպի նրա աղջիկը, ի՞նչ փույթ, եթե աղջիկը մինչև անգամ․․․ սիրում է այդ երիտասարդին։ Նրանց մեջ կա մի զորեղ պատնեշ, և ով կհամարձակվի այդ պատնեշը խորտակել կխորտակի և Մինաս Կիրիլլիչի պատիվը, անունը։ Նա դեպի անդունդը կգլորի և՛ յուր և՛ Վարվառեի պատիվը։

Այսպես է Մինաս Կիրիլլիչի գաղափարը, նույնն է և շատերի համոզմունքը։ Ուրեմն, Ռոստամյանն եթե չի հարգում այդ նախապաշարմունքը, գոնե չունի իրավունք և՛ դատապարտելու Մինաս Կիիրիլլիչին։ Երկու զորեղ սպառնալիքներ, Դամոկլեսի սրի պես, կանգնած են նրա գլխին հասարակություն և կրոն։

Առաջին օրից նա դեպի այդ պատկառելի ծերունին զգաց որդիական հարգանք։ Երբ լսեց Վարվառեի պատմությունը, հարգանքը վերափոխվեց ատելության, պատկառելի մարդը դարձավ բռնակալ
հայր։ Անցավ և ատելությունր․ Ռոստամյանը սկսեց կարեկցել ծերունու դժբախտությանը։ Այժմ այս փոփոխական զգացմունքների տեղը բռնեց ամոթի զգացմունքը։ Նա ամաչում էր Մինաս Կիրիլլիչից և վերջին օրերն աշխատում էր խույս տալ նրանից, չտեսնել նրան։

Բայց խույս էր տալիս հորից, իսկ աղջկա՞ն․․․ Պիտի տեսնվել Վարվառեի հետ առանձին։

Այս նպատակով Ռոստամյանն աշխատում էր որսալ մի հարմար ժամ։ Եվ ահա, հասավ ցանկալի պահը։ Երբ Մինաս Կիրիլլիչը դուրս գնաց, Ռոստամյանն հետևից նայեց, մինչև որ նա անհետացավ փողոցի ծայրում։ Դեպքը հաջող էր․ այրին ևս տանը չէր։ Գավթում աղախինը Ռոստամյանին հաղորղեց, թե «պարոնը» ուշ կվերադառնա։ Առաջին պահ պատշգամբի վրա նրան տիրեց մի անսպասելի վհատություն։ Նա հետ դարձավ և, մի քառորդ ժամ տատանվելուց հետո վճռեց, վերջապես, հարմար ժամը բաց չթողնել։

Եվ ահա Ռոստամյանը Վարվառեի մոտ էր, միայնակ, դեմ հանդիման։

Առաջին հայացք Վարվառեի անսովոր սառնությունը նրան ապշեցրեց։

Բարև ձեզ, ասաց նա, մի քանի քայլ առաջ դիմելով։

Վարվառեն հանդարտ դրեց յուր ձեռը նրա ափի մեջ և լուռ ցույց տվեց բազկաթոռներից մեկը։

Հուսով եմ, որ իմ այցելությունն անժամանակ չեք համարի, շարունակեց Ռոստամյանը, նստելով նրա դեմ։

Ընդհակառակը․․․ պատասխանեց Վարվառեն, կարծես, ակամա։

Երկուսն էլ սովորականից դուրս գունաթափ էին, երկուսի սիրտն ևս ալեկոծում էր և երկուսն էլ աշխատում էին արտաքին սառնությամբ քողարկել իրանց հուզմունքը։ Այս նրանք նկատեցին միմյանց դեմքից։ Ահա ինչու մի քանի րոպե նրանք չգիտեին ինչ խոսել։ Վերջապես, ծանր լռությունն ընդհատելու համար, Վարվառեն հարցրեց Ռոստամյանին գործերի մասին։

Ոչինչ գործ այժմ չի հետաքրքրում նրան։

Ինչո՞ւ, հարցրեց Վարվառեն։

Ռոստամյանը ոչինչ չպատասխանեց։ Նրանք դարձյալ լռեցին։ Ռոստամյանը, կարծես, վախենում էր նայել Վարվառեի երեսին։ Թվում էր նրան, որ յուր ամեն մի հայացքը պարզ պատկերացնում է այն, ինչ որ զգում էր նույն րոպեներին։ Այնինչ՝ նրա դրությունը հետզհետե ավելի դժվարանում էր։

Ո՞րտեղ է Մինաս Կիրիլլիչը, հարցրեց նա։

Գնացել է գերեզմանատուն, պատասխանեց Վարվառեն ժպտալով։

Ճշմարիտ, երեկ և այսօր մեռելոց է, տեր աստված, ի՛նչպես մարդ հետզհետե մոռանում է քրիստոնեությունը, ասաց Ռոստամյանն անկեղծ համոզմունքով։

Այո՛, մոռանում է, գրեթե անգիտակցաբար արտասանեց Վարվառեն։

Միևնույն ժամանակ, Վարվառեն աշխատեց ծիծաղել, բայց նրա ձայնի մեջ, փոխանակ ծիծաղի, զգացվեց մի անզսպելի դողոց։ Նա շարունակեց մռայլ եղանակով։

Հայրս առաջարկեց ինձ յուր հետ գնալ, ես մերժեցի։ Իսկ դուք սովորություն ունի՞ք, պարոն Ռոստամյան, այս օրերում գերեզմանատուն այցելելու։

Այս օրերում ոչ, բայց սիրում եմ այցելել, երբ տխուր եմ լինում։

Երբ տխո՞ւր եք լինում։

Գուցե ձեզ համար ծիծաղելի լինի, Վարվառա Մինայեվնա, ես տխրությունս փարատում եմ տխրությամբ։ Գերեզմանատանը զգում եմ անբացատրելի հոգեկան թեթևություն․․․

Այդ մասամբ հասկանալի է, ընդհատեց Վարվառեն թախծալի ձայնով։

Հասկանալի՞ է, կրկնեց Ռոստամյանը, ներքուստ ուրախանալով և, միևնույն ժամանակ, մի առանձին ոգևորությամբ ներշնչված։ Հասկանալի է, այո, երբ դառնացած սրտով նայում ես այնտեղ աջ ու ձախ, լուռ ու մռայլ գերեզմանները, կարծես, քեզ պարգևում են մի տեսակ մխիթարություն։ Ես միշտ այնտեղից վերադառնում եմ ավելի ուրախ, թեթևացած սրտով, քան գուցե
ուրիշները մի զվարճալի հանդիսից։ Ինչի՞ցն է այս․․․ Գուցե նրանից, որ ճակատագիրն ինձ մանկության հասակից ստիպել է սիրել մեռելների հանգստարանը, սիրել, երբ այնտեղ հանգչում են իմ սիրելի էակների մարմինները․․․

Ի՛նչ տխուր խոսակցություն սկսեցինք, ասաց Վարվառեն, երբ Ռոստամյանը հանկարծ լռեց, ասաց և ինքը հազիվ զսպեց յուր հառաչանքը։

Այնինչ Ռոստամյանի թախծալի խոսքերը թափանցեցին նրա սրտի խորքր, ըստ որում մռայլ խոսակցությունը համապատասխանում էր նրա հոգեկան տրամադրությանը։ Նա անկեղծ ցավակցությամբ նայեց Ռոստամյանի երեսին, նայեց և իսկույն աչքերը խոնարհեցրեց, գլուխը թեքեց դեպի կուրծքը։ Եվ նրա այտերը շառագունեցին։ Ռոստամյանի շրթունքները դողդողում էին․ նա հազիվ կարողանում էր խեղդել յուր ներքին ալեկոծությունը։

«Նա տանջվում է, ես ի՞նչպես հայտնեմ նրան իմ միտքը», մտածում էր Վարվառեն, չհամարձակվելով նայել Ռոստամյանի երեսին։

Չէ՞ որ նա դեռ մի տասը րոպե առաջ վճռել էր հայտնել, թե այսուհետև անկարելի է, որ նրանք միմյանց տեսնեն։ Չէ՞ որ հենց այս դիտավորությամբ նա հրամայեց աղախնին ներս հրավիրել նրան։ Իսկ ա՞յժմ․․․ ի՞նչպես կատարել այդ վճիռը ահա հարց, որի մասին սառն խորհելու ուժ չուներ Վարվառեն, քանի որ մի այլ, ավելի զորեղ զգացմունք հետզհետե խավարեցնում էր նրա միտքն ու հոգին․․․

Գավթում ամեն ինչ խաղաղ էր, նույնիսկ աղախինը, որ սովորաբար անցուդարձ էր անում պատշգամբի վրա, չէր երևում։ Լսվում էին միայն պատշգամբի առաստաղի տակ թռչկոտող ծիծեռնակների ձայներն և երբեմն հեռավոր փողոցներից անցնող կառքերի խուլ դղրդյունը։ Լուսամուտների ապակյա փեղկերը փակ էին։ Վարվառեն վեր կացավ, բաց արավ փեղկերից մեկը։ Արևի ջերմ ճառագայթներով տոգորված մաքուր օդը թարմ հոսանքով մղվեց սենյակի անշարժ մթնոլորտի մեջ, մեղմիկ շոշափելով Վարվառեի գունատ դեմքը։

Նա կրկին վերադարձավ յուր տեղը։ Ռոստամյանը, անշարժ
նստած, անթարթ աչքերով հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը։ Նրանք սկսեցին նորից խոսել։ Սեղանի ծայրում դրած էր ինչ-որ գիրք։ Ռոստամյանը, մի բան ասած լինելու համար, հարցրեց, այժմ ինչ է կարդում Վարվառեն։

Ո՛չինչ, պատասխանեց վերջինն և գլուխը թեքեց կրծքին։

Այնուհետև խոսակցությունն առաջ չգնաց, բացի հատ և անկապ խոսքերից։

Լռությունն ավելի սաստկացնում էր երիտասարդական սրտերի բաբախումը․․․

Ոչ, այլևս չեմ կարող երկար զսպել ինձ, ասաց մտքում Ռոստամյանը։

Նույն վայրկյանին նրա աչքերը հանդիպեցին Վարվառեի աչքերին։ Այս եղավ մի զորեղ հարված նրա բռնի անձնակալության։ Հայացքները պարզ արտահայտում էին այն, ինչ որ լեզուն վարանում էր խոսել։

Ռոստամյանը մի անզոր ճնշում ես գործեց բուռն զգացմունքների վրա։ Բայց այլևս ուշ էր։ Նա տեսավ, որ Վարվառեն հանկարծ վեր կացավ տեղից, մոտեցավ փողոցի կողմի լուսամուտին և նայեց դեպի դուրս, աջ ու ձախ։

Ռոստամյանը նույնպես բարձրացավ տեղից, բոլորովին դեղնած, շնչասպառ, աչքերը մթնած, գրեթե խելակորույս։ Նա մոտենում էր Վարվառեին։ Սենյակի մեջտեղում նա կանգ առավ։ Վարվառեն լուսամուտի կողմից հետ դարձավ, և այդ րոպեին նրանք երես առ երես հանդիպեցին իրարու, միմիայն մի քայլ հեռավորության վրա։ Քանի մի վայրկյան նրանք շվարած նայում էին միմյանց երեսին։

Ի՞նչ պատահեց ձեզ․․․ գոչեց Վարվառեն երկյուղալի ձայնով։

Ռոստամյանը լուռ էր։

Ի՞նչ պատահեց ձեզ․․․ կրկնեց Վարվառեն շշնջյունով։

Ռոստամյանը դարձյալ լուռ էր։

Վարվառեն անգիտակցաբար մի քայլ հետ կանգնեց։ Նույն վայրկյանին նա յուր երկու ձեռների վրա զգաց մի ջերմ շփումն։
Մի ակնթարթում նրա աչքերր մթնեցին, սենյակը խավարվեց, գլուխը պտտեց։ Արյան տաք, ախորժելի հոսանքը խփեց գլխին, և նա հաղթված, թուլացած ընկավ, բայց ո՜ւր․․․

Նույն րոպեին լուսամուտի առջևով, պատշգամբի վրա, կատվի քայլերով, անցավ մի փոքրահասակ արարած։ Նրանք ոչինչ չնկատեցին, և չէին կարող նկատել․․․

Վարվառեն սթափվեց։ Երկու ուժեղ թևեր մեղմիկ գրկած էին նրա բարձր իրանը։ Նա դուրս ազատվեց այդ հրապուրիչ շղթայից, ոտքից գլուխ ուժգին դողալով, մի քանի քայլ հետ դրեց և խուլ, ալեկոծված ձայնով գոչեց․

Խելագա՜ր, ի՞նչ եք անում․․․

Վարվառե, Վարիա․․․ հնչեց նրա ականջին Ռոստամյանի ձայնը տարօրինակ եղանակով։

Հեռացե՛ք, այստեղից, դուք ինձ անդունդն եք գլորում․․․ արտասանեց Վարվառեն, երեսը դողդոջուն ձեռներով ծածկելով։

Անդո՜ւնդ․․․ կրկնեց Ռոստամյանն․․․ ես ուզում եմ անդունդից դուրս բերել ձեզ։

Նա բռնեց Վարվառեի ձեռն և, յուր երկու ձեռների մեջ սեղմելով, աչքերը հառեց նրա աչքերին ու հուզված ձայնով շարունակեց․

Դուք գիտեք, որ ես չէի կարող ուրիշ կերպ վարվել։ Րոպեական խելագարություն չէ այս։ Ո՛չ ամենևին։ Ձեզ ամեն ինչ հայտնի է։ Վարիա, Վարվառա Մինայեվնա, ես․․․ շատ եմ մտածել․․․ շատ եմ զգացել, օօ՜օ, շա՛տ եմ զգացել։ Կարո՞ղ է մարդ հաղթել բնությանը։ Ես․․․ քեզ․․․ ոչ․․․ ձեզ անդո՞ւնդն եմ գլորում․․․ ե՞ս։ Նայեցե՛ք, բացի այս շնչառությունից մի ուժ մնացե՞լ է իմ մեջ։ Միթե ես չե՞մ մտածել արգելքների մասին․ միթե երկու ամիս շարունակ գիշեր ցերեկ չեմ պատերազմել ինքս ինձ հետ։ Բայց այժմ տկար եմ, անկարող, այո, թուլացած, ոչնչացած այս անհաղթելի զգացմունքից։ Գուցե կարողանայի զսպել ինքս ինձ, եթե հավատացած չլինեի, որ դուք կարհամարհեք նախապաշարմունքները։ Այո, հավատում եմ, դուք կարող եք մոռանալ մանր մարդկանց կեղծ հասկացողությունն առաքինության մասին։ Դուք բարձր եք այդ թզուկներից․․․ նայեցեք ուրեմն նրանց վրա
անվեհեր․․․ Մի պահանջեք նրանցից ճիշտ գաղափար իսկական հերոսության մասին։

Նրա ձայնը հետզհետե խեղդվում էր։ Նա հազիվ հազ շունչ էր առնում։ Մի քանի վայրկյան դարձյալ լռեց, որ շունչ քաշի, և ապա շարունակեց․

Ում հոգին մեծ է, ընդարձակ է և՛ նրա մտքերի հորիզոնը․․․ դուք հասկանում եք իմ ասածը, Վարվառա Մինայեվնա։ Երբ կապանքն անտանելի է դառնում, նրան․․․ գիտեք․․․ պիտի ատել, արհամարհել, պիտի խորտակել։ Ասացե՛ք, զգո՞ւմ եք դեպի ինձ գեթ տասներորդ չափն այն սիրո, որ ահա ինձ հասցրել է այս օրին։ Եթե զգում եք, անկարելի է, որ երկար մտածեք։ Բայց, տեր աստված, դուք դեռ սարսափում եք նախապաշարմունքներից։ Ա՛խ, եթե իմանայիք, թե ինչ է թաքնված առօրյա առաքինության դիմակի տակ, թե որն է հանցանքը և որն է սողուններից հանցանք համարված անարատությունը։ Խոսեցե՛ք, Վարվառե, մի՜ լռեք։ Ահա՛, ձեր առջև կանգնած է մի ոչնչություն, որ առաջ մարդ էր, ապրում էր, դո՛ւք միայն կարող եք նրան կրկին կենդանություն տալ․․․ Կարդացե՛ք, ուրեմն, իմ ճակատագրի վճիռը․․․ Տեսնո՞ւմ եք ինչ օրի եմ հասել․․․

Արդարև, նա ներկայացնում էր մի խղճալի պատկեր, այնքան ծայրահեղ զգացմունքներն ընկճել էին նրան և այնքան նա մոռացել էր ինքն իրան։ Իսկ Վարվառեն, մի ձեռը հենած կոլորակ սեղանի ծայրին, մյուս ձեռով աչքերը ծածկած, լուռ, անշարժ, լսում էր բորբոքված սրտից բխող խոսքերը, որ երբեմն կրկնվում էին և երբեմն արտասանվում թերի, անկապ։

Լռո՞ւմ եք․․․ շարունակեց Ռոստամյանը, դարձյալ մոտենալով Վարվառեին և հանդարտ ձեռն աչքերից հեռացնելով։ Դուք չե՞ք ուզում խոսել, միթե ա՞յդ է ձեր պատասխանը, մի սառն լռություն իմ կրած տանջանքների համար։ Ուրեմն ես զո՞ւր իմ կյանքը հանձնեցի սրտիս ու հոգուս հաճույքին․․․ ուրեմն իմ ներքին ձայնն անգթությամբ խաբե՞ց ինձ և դարձրեց ծիծաղելի ձեր աչքում․․․

Ես հայր ունիմ․․․ ցածր ձայնով արտասանեց Վարվառեն, բուռն ջանք գործ դնելով, որ զսպե իրան։

Գիտեմ․․․

Ես սիրում եմ նրան․․․

Իսկ ինձ․․․ ո՞չ։

Մի ստիպեք ինձ խոսել իմ սիրո մասին։ Նա պարզ է ձեզ համար, Ստեփան, ո՛չ այսօր, ո՛չ երեկ․․․ Հիշում ե՞ք այն օրն, երբ մեզ ցույց էիք տալիս այս բնակարանը։ Ես չպիտի տեսնեի ձեզ, տեսա, և հենց առաջին րոպեից իմ մեջ հղացավ այն, ինչ որ մինչև այն օրը չէի զգացել։ Ապացույցնե՞ր եք պահանջում․․․ Անքուն, վշտալի արտասուքով ողողված գիշերները լեզու չունին․․․ Ինչո՞ւ չեք հարցնում ձեր սրտից։ Թե ինչը ձեր մեջ գրավեց ինձ մի ստիպեք բացատրել․․․ ես անկարող եմ․․․ ես ինքս չեմ հասկանում․․․ Ոչինչ չեմ հասկանում։

Նա հազիվ կարողացավ զսպել յուր հեկեկանքը։ Մշտական թախծալի աչքերի մեջ փայլող հուրը, ցնցողաբար դողացող շրթունքները, ձայնի կաթոգին հնչյունը այս բոլորը ոչնչացրին և՛ այն վերջին թույլ կասկածը, որ տակավին մնում էր Ռոստամյանի սրտում։ Վարվառեն մի քանի վայրկյան լուռ նայեց հատակին, հետո գլուխը բարձրացրեց և, երբ նրանց հայացքները կրկին հանդիպեցին միմյանց, Ռոստամյանը գրկաբաց դիմեց դեպի նա։

Ո՛չ, հեռո՛ւ կացեք․․․ Լսեցե՛ք, հա՛յրս, հա՛յրս, հասկանո՞ւմ եք, անբախտ մարդ, ես նրան սիրում եմ։ Բավական է այսքանը․․․ Ո՛չ, մեր մեջ ո՛չ մի կապ չի կարող լինել։

Վարվառե՜․․․

Զուր եք տանջում ձեզ և ինձ։ Ասացե՛ք, ինչ կապ կարող է լինել մեր մեջ։

Սիրո ամուր շղթան․․․ Նա սուրբ է, հաստատ է, քան որևէ օրինական կապ։

Բայց․․․ արգելված է։

Ամենևի՜ն․․․ մենք կարող ենք․․․ ամուսնանալ։

Վարվառեն դառն ժպտաց։

Դուք կարող եք ազատություն պահանջել, օրենքը ձեզ իրավունք է տալիս, շարունակեց Ռոստամյանը վստահ ձայնով։

Ազատությո՞ւն․․․ կրկնեց Վարվառեն կսկծալի հեգնությամբ․․․ ումի՞ց պիտի պահանջեմ նրան։

Միզանդրոնցովից։

Միզանդրոնցովից․․․ Նա դեռ հույս ունի կրկին ինձ հետ միանալու։

Բայց ի՞նչ օրենքով․․․ ո՞ր իրավունքով։

Չգիտեմ, չգիտեմ․․․ ես ոչինչ չեմ հասկանում․․․ գոչեց հուսահատ ձայնով Վարվառեն։

Օրենքն իրավունք է տալիս ապահարզան պահանջելու, լսո՞ւմ եք, Վարվառե, մեղանչող ամուսինը պարտավոր է տալ ապահարզան։ Ես այս հաստատ գիտեմ․․․

Իսկ եթե նա չի համաձայնվի՞։

Պարտավոր է համաձայնվել, մեղանչողը նա է․․․ դուք կարող եք ապացուցանել․․․

Ոչ․ նա երբեք հանձն չի առնիլ յուր հանցանքն, երբե՛ք, ես ճանաչում եմ նրան։ Կամենո՞ւմ եք, որ ե՛ս հանձն առնեմ մի չկատարած հանցանք․․․ Տեր աստված, ես․․․ ես․․․ պատրաստ եմ։ Բայց ո՛չ, զուր կլինի։ Ես դարձյալ կմնամ կապված, ազատությունը կստանա նա միայն։ Իսկ հա՞յրս․․․

Նա դարձյալ թուլացած նստեց աթոռի վրա և երեսը ձեռներով ծածկեց։

Վարվառե, մի հուսահատվիր, մենք ուրիշ ելք կգտնենք, գոչեց Ռոստամյանը, խելագարի պես ճանկելով Վարվառեի ձեռն և հպելով յուր բոցավառ շրթունքներին։ Թո՛ղ մեզ հալածեն, թող զզվեն մեզանից, փույթ չէ, ես չեմ վախենում ոչ ոքից․․․

Հա՜յրս, հա՜յրս, մտածեցեք նրա՛ մասին, ասաց Վարվառեն, թողնելով յուր ձեռը Ռոստամյանի ձեռների մեջ, դուք գիտե՞ք, որ նա չի կարող մի այդպիսի զոհաբերություն անել․․․

Նա բարի է, ազատամիտ է, նախապաշարված չէ․․․ Նա քեզ սիրում է։

Վարվառեն լուռ բացասաբար շարժեց գլուխը։

Ռոստամյանը շարունակեց․

Ի՛նչ, միթե յուր միակ աղջկա բախտը չի՞ համոզիլ նրան, չի՞ կակղեցնիլ նրա սիրտը։ Վարվառե, ասացե՛ք, նա ձեզ սիրո՞ւմ է։

Ես իրավունք չունիմ պահանջել նրանից անկարելին, հասկացեք․․․
պատասխանեց Վարվառեն․․․ Նա սիրում է ինձ, բայց իրավունք չունիմ այդ սիրո փոխարեն նրանից անկարելի զոհաբերություն պահանջել պահանջել, որ նա յուր անունը, պատիվը հասարակության խոսակցության առարկա դարձնի։

Ռոստամյանը, դառն հեգնությամբ գլուխը շարժելով, հուսահատված ու թուլացած, նստեց բազկաթոռի վրա։

Ուրեմն, ես սխալված էի ձեր վերաբերմամբ․․․ արտասանեց նա տաքացած, ճակատը ձեռներով սեղմելով և երեսը ծածկելով։ Ես այդպես չէի կարծում, շարունակեց նա նույն դրության մեջ, ես ուրիշ համոզմունք ունեի ձեր մասին։ Բայց․․․ փո՛ւյթ չէ․․․ այո, գիտեմ այսուհետև, թե ինչ պիտի անել, ավելացրեց նա, տեղից բարձրանալով և կես սպառնողական, կես աղերսալի մի հայացք ձգելով Վարվառեի վրա։

Դուք չե՞ք հավատում ինձ, Ստեփան, այդ ավելի վշտալի է ինձ համար, քան իմ դրությունը, ասաց Վարվառեն և ապա, երեսը դարձնելով մյուս կողմ, ավելացրեց, ո՜րքան դառն է սիրել և իրավունք չունենալ սիրելու․․․

Հեկեկանքը խեղդեց նրա ձայնը․ նա սկսեց լալ։ Խղճի մի տարօրինակ խայթոց զգաց Ռոստամյանը։ Նա շտապով վեր կացավ, գրկեց Վարվառեին և տարավ դեպի գահավորակը։ Վարվառեն, անգիտակցաբար հպատակվելով նրան, նստեց գահավորակի վրա, իսկ Ռոստամյանը չոքեց նրա առջև և յուր բորբոքված շրթունքներով սկսեց համբուրել նրա ձեռները․․․

Պատշգամբի վրա դարձյալ մի շարժման ձայն լսվեց։ Այս անգամ Վարվառեն, որ նստած էր երեսը դեպի դուրս, նշմարեց մի մութ պատկեր, որ շտապով անցավ լուսամուտի առջևով, ինչպես գող կատու։

Հեռացի՛ր, բավական է, հեռացի՛ր, գոչեց Վարվառեն, դուրս սպրդելով Ռոստամյանի գրկից և ոտքի կանգնելով․․․ Նա, կարծեմ, գալիս է․․․ Դո՛ւրս եկ․․․ ես չեմ ուզում, որ նա մեզ միասին տեսնի, նա կհասկանա, հարվածը հանկարծակի կլինի․․․

Այս ասելով, նա վազեց դեպի դռները, կարծելով, թե պատշգամբի վրա երևացողը հայրն է։ Բայց ոչ ոքի չտեսավ։ Այնինչ՝

Ռոստամյանը, տակավին կաշկանդված դյութական մերձավորությամբ, չէր շարժվում յուր տեղից։

Փողոցի լուսամուտից լսվեց կառքի դղրդյուն, որ հանկարծ ընդհատվեց։

Լսո՞ւմ եք։ Նա եկավ․․․ հեռացե՛ք, եթե սիրում եք ինձ․․․

Արդեն սանդխտի վրա լսվեց մեկի ոտնաձայնը։ Այլևս ուշ էր թաքնվելը։ Ռոստամյանը, հուսահատ դրության մեջ, դուրս եկավ դռներից ոլոր-մոլոր քայլերով։

Մի ձեռում մի փունջ մանուշակ, մյուս ձեռում ձեռնափայտը, սենյակի դռներին մոտենում էր Մինաս Կիրիլլիչը։

Եթե Ռոստամյանը նույն րոպեին կարողանար համարձակ նայել ծերունու կողմ, կտեսներ, թե ինչպես վերջինն ապշած, անշարժ մնաց պատշգամբի վրա, տեսնելով նրան դռների մոտ։ Բայց նա, հազիվ-հազ քայլերը փոխելով, շտապում էր խույս տալ ծերունուց։

Այդ միջոցին նրա ականջին հասավ մի բարձրաձայն ծիծաղ։ Նա գլուխը բարձրացրեց և յուր մթնած աչքերով Նատալիա Պետրովնայի բնակարանի լուսամուտներից մեկի մեջ տեսավ մի փոքրիկ գլուխ երկու սևորակ խորամանկ աչքերով։

Be the first who will comment on this

Other parts of "Արամբին"

Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

Bound in sleep
Bound in sleep
Play Online