Alexander Shirvanzadeh

Արամբին

VII

Առավոտյան մոտ տասն և մեկ ժամին Կատոն եկավ յուր մոր մոտ։ Նրա հետևից, կռնատակին մի թղթե կապոց դրած, ներս մտավ ամուսինը, մասնավոր կապալառու Լազար Մակարիչ Բեզիրգանովը։

Այս մարդու տգեղ դեմքն և ավելի տգեղ բերանը, առողջ կլորիկ մարմինն և կարմիր թշերն արտահայտում էին խորին գոհունակություն կյանքից։ Կարելի էր հավաստի ասել, թե այդ գոհունակության գլխավոր պատճառն այն էր, որ նրա տգեղությունը բախտ ուներ ուղեկցել մի բավական գեղեցիկ կողակցի, այսինքն փոքրահասակ Կատոյին։

Իրավ, Կատոն Լազար Մակարիչի կյանքի բարձրագույն զվարճությունն էր։ Երևալ նրա հետ կից առ կից թե՛ փողոցներում, թե՛ մագազիններում և թե հասարակական ու մասնավոր հանդեսներում ահա, բացի փողից, ինչումն էր կայանում Մակարիչի գոյության քաղցրությունը։ Նա պարծենում էր յուր կնոջով, նրա գեղեցկությամբ, թեև այդ գեղեցկությունը շատերի համակրությունը չէր գրավում․ պարծենում էր և՛ նրա ծանոթներով, որոնց թիվը բազում էր։ Շատ անգամ, երբ որևէ հասարակության մեջ խոսվում էր այս կամ այն փոքր ի շատե հայտնի անձնավորության մասին, Լազար Մակարիչն ակնհայտ պարծանքով ասում էր․

Կինս նրա հետ ծանոթ է։

Կամ․

Երեկ կինս նրան հրավիրել էր ճաշի։

Լինելով աննշան և մութ անցյալի տեր, իսկ ներկայումս, ասենք

թե, բավական հարուստ, սակայն մի հասարակ վաճառական, Լազար Մակարիչը, հարկավ, պիտի գնահատեր Կատոյին, որի մայրն իշխանական ցեղից էր, որի հայրը պաշտոնյա էր և որն երգում էր, նվագում էր և հասարակական հանդեսներում պարում էր ընտիր «կավալերների» հետ»։

Այս բոլորն երկնից պարգևած մի անփոխարինելի բախտավորություն էր նախկին հավլաբարցու համար, որ մի ժամանակ մարդկանց մեջ որոշվում էր լոկ «քաչալ Լազարե» մականունով։ Հենց վերջին ժամանակներում ևս շատերն այս մականունով էին կոչում նրան, բայց հեռվից-հեռու, ո՛չ երես առ երես։ Հակառակ դեպքում, հանդգնողը կպատժվեր Կատոյի զորավոր լեզվից։ Անախորժ մականունը Մակարիչի ճակատին հիշելու արտոնությունը տակավին պահում էր ինքը Կատոն։ Եվ պիտի ասել, որ հենց միայն այս արտոնությունը բավական էր, որպեսզի Կատոն ստիպեր Մակարիչին՝ մոռանալ յուր բնական «զզվելի ժլատությունը», ինչպես ասում էր Կատոն, մոռանալ միմիայն կնոջ քմահաճություններին հագուրդ տալու համար։ Արդարև, Լազար Մակարիչն յուր հարստությունը չէր խնայում Կատոյի զարդ ու պչրանքի համար։ Եվ նույնիսկ այրի Նատալիան այս պատճառով բավական հարգում էր յուր փեսային, թեև մտքում նրան շատ էլ արժանավոր ամուսին չէր համարում, քանի որ, նրա կարծիքով, Մակարիչը բոլորովին «անկիրթ» էր, Կատոյի պես «կրթված» կնոջ համեմատությամբ։

Ինչ վերաբերվում է այն բանին, թե Թիֆլիսում աղքատ ու այրի զոքանչները հաճախ ապրում են իրանց հարուստ փեսաների հաշվով, այս կողմից Լազար Մակարիչն ապահով էր։ Նախ, Նատալիա Պետրովնան չքավոր չէր․ նա, գիտենք արդեն, յուր ամուսնուց ժառանգած ուներ սեփական տուն և ինքն ու որդին ապրում էին այդ տան եկամուտով։ Երկրորդ, նա հպարտ էր յուր փեսայի վերաբերմամբ։ Բավական էր, նրա կարծիքով, որ Կատոյին պսակել էր առանց որևէ օժիտի, այդ մի դժվար բան էր Թիֆլիսի նման քաղաքում, ուր փեսացուներր ձեռք են բերվում փողով, բառի բուն նշանակությամբ։ Ուստի շատ անգամ, փողի կարոտություն ունեցած ժամանակ, այրին բարվոք էր համարում «ձեռապարտ» վերցնել
Ռոստամյանից, որ միշտ տալիս էր ուրախությամբ, քան թե Լազար Մակարիչից, որ մինչև ձեռը դեպի գրպանը տանելը, հոնքերը կիտած, մի րոպե մտածում էր։

Բարով եք եկել, Լազար Մակարիչ, այս խոսքերով դիմավորեց այրին յուր փեսային պատշգամբի ծայրում։

Եկա, վերջապես, հը՛մ, տխրո՞ւմ էիք առանց ինձ, Նատալիա Պետրովնա, գոչեց Լազար Մակարիչը, թեքվելով, որ համբուրե զոքանչի փափուկ աջը։

Ո՞նց չէ։ Ե՞րբ եք եկել։

Մեկէլ օրը։

Լա՛վ փեսա եք, հանդիմանեց այրին, մեկէլ օրն եկել եք, այսօ՞ր եք միտք բերել ինձ։

Մեկ էլ օրր դադրած էի, չկարողացա գալ․ երեկ էլ Կատոն կանգնեց, թե գնանք կոնցերտ։ Խոմ գիտեք, Նատալիա Պետրովնա, որ ես Կատոյիս խոսքից չէի կարող դուրս գալ։ Երեկ ցերեկով էլ խիստ շատ գործեր ունեի։ Ուղի՞ղ եմ ասում, Կատո։

Ճշմարիտ է։ Բայց, տե՛ս, մամա, քեզ համար ինչ նոր-նոր համբավներ ենք բերել երեկվա կոնցերտից։ Դեռ սպասիր, կպատմեմ։ Լազրո կապոցը բաց արա ու գնած կտորը ցույց տուր մամային, տեսնենք, հավանո՞ւմ է։

Լազար Մակարիչը, սպիտակ թաշկինակով լերկ ճակատը սրբելուց հետո, բաց արավ կապոցը, հանդիսավոր կերպով դուրս բերեց մի ասվյա կտոր և տվեց Նատալիային։

Ի՜՛նչ լավն է, ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ, գոչեց այրին, պարզ-մեխակագույն ծաղկանկար նուրբ կտորը բռնելով դռան լուսի դեմ։

Լազար Մակարիչ Բեզիրգանովն յուր Կատոյի համար երբեք վատ կտոր չի առնիլ, ասաց Կատոյի ամուսինը պարծանքով և ձեռը մեկնեց, որ մատի ծայրով շոշափե յուր կողակցի այտը, բայց զոքանչից ամաչեց և հետ քաշվեց։

Ո՞վ պիտի կարի, հարցրեց այրին խոմ, հիմա զատկամոտ է, շվեյկաները խիստ շատ գործ ունին։

Շատ հո՛գս եմ անում նրանց գործի մասին, գոչեց Կատոն արհամարհանքով։ Ապրի Լազոն, մեկի տեղ երկու, երեք կվճարի, և ո՛վ ասես, մի քանի օրում կպատրաստի։

Մեկ էլ, երկու էլ ու տասն էլ ավելի կտամ, Կատո ջան, ասաց Լազար Մակարիչը, ներքուստ դժգոհ, արտաքուստ ուրախ ժպտալով։ Փողն ո՞ւմ համար եմ աշխատում, որ քեզ համար էլ խնայեմ։ Դու ա՛յն ասա, Կատո ջան, որ ես մոռացել եմ Բաթումից քեզ համար լավ-լավ բաներ բերել։

Դու միշտ մոռանում ես, հեգնորեն նկատեց Կատոն։

Էէ՜, ի՞նչ նորություն եք բերել կոնցերտից, հարցրեց այրին հետաքրքրությամբ։

Հա, մոռացա․ նորություն և ի՜նչ նորություն, մամա, գոչեց Կատոն, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։ Նստի՛ր, պատմեմ։

Այրին և Լազար Մակարիչը, որ մինչև այժմ կանգնած էին, տեղավորվեցին բազկաթոռների վրա Մակարիչն յուր կողակցի մոտ, այրին դեմ ու դեմ։

Առաջ-առաջ դու ինձ ասա, մամա, քո այդ կենողիդ, քո այդ գոված կինտոյիդ անունն ինչ է՞։

Ստեփան Գրիգորիչ․․․ խոմ հարյուր անգամ հարցրել ես, Կատո։

Ես քեզ ասել եմ, մամա, որ այդ տեսակ կռոների անունները մտքումս չեմ պահում։ Շատ հարկավո՞ր է։ Էէ՜, ի՞նչպես է այդ քո խելոք Ստեփան Գրիգորիչը, լա՞վ է, ուրա՞խ է։

Ի՞նչպես։

Հը՜մ․․․ արտասանեց Կատոն, խորհրդավոր հայացքով նայելով մոր երեսին, բաս քեֆը լավ է է՞լի։

Էէ՜, ասա, ինչ որ ասելու ես, ի՞նչ ես պատեպատ գցում ինձ, գոչեց այրին անհամբերությամբ։

Ասեմ, քո այդ գոված կռոն սիրահարվել է։

Ո՞վ, Ստեփան Գրիգորի՞չն, ո՞ւմ վրա, գոչեց այրին զարմացած։

Ո՞ւմ վրա․․․ այ, այն մարդուց փախածի, ի՞նչ է նրա անունը, տեր աստված․․․ հա, մադամ Միզանդրոնցովի վրա։

Այրին մի խոշոր հարցական հայացք ձգեց աղջկա երեսին։

Զարմանո՞ւմ ես, մամա, աչքովս եմ տեսել ու ականջովս լսել։ Այսուհետև է՛լ չասես, թե Կատոյի լեզուն չար է։ Լսի՛ր։ Երեկ
նրանք հայր ու աղջիկ կոնցերտումն էին։ Քո այդ ճգնավորդ էլ այնտեղ էր։ Ես ու Լազրոն նստած էինք երկրորդ կարգում, պատի տակ, մարդուց փախածն, յուր հոր հետ, նստած էր առաջին կարգում, դա էլ, քո այդ գովածն էլ, նստած էր մեզանից մի քանի կարգ հեռու։ Դա մտիկ էր անում նրան, նա էլ դրան, երկուսն էլ ոչինչ չէին լսում կոնցերտից, իսկ ես ու Լազրոն ծիծաղում էինք։ Ճշմարի՞տ եմ ասում, Լազրո։

Ճշմարիտ է, ճշմարիտ է, վավերացրեց Լազրոն։

Հետո՞, ի՞նչ անենք մտիկ էին անում, այդտեղ ի՞նչ սիրահարվելու նշան կա, ա՛խ Կատո, Կատո, ասաց այրին, գլուխը հանդիմանորեն շարժելով։

Մամա, լսի՛ր ու հետո ինձ հանդիմանիր։ Սիրահարվելն էլ այնպես կլինի, խոմ այնքան մարդկանց մեջ չէին ընկնելու իրար վզովն ու պաչպչվելու։ Հետո․․․ երկար ժամանակ միասին ման էին գալիս, աղջիկը փախչում էր հորից, խոսում էին, տեր աստված, խոսում էին, տաքացած, աչքերը վառված, կարմրած։ Սո՞ւտ եմ ասում, Լազրո, չէին խոսո՞ւմ։

Շաա՜տ, պատասխանեց Լազրոն։

Ես Լազրոյին ասացի․ «Լազրո, մի գնա՛ թաքուն կանգնիր նրանց մոտ ու ականջ դիր»։ Դե, հիմա թող Լազրոն ինքն ասի, թե ինչ է լսել․․․

Էէ՜, թող նրանց, ի սեր աստուծու, Կատո, ի՞նչ մեր գործն է այդ, ասաց Լազար Մակարիչը կնոջ թախանձանքից ազատվելու համար։

Քեզ բան եմ հարցնում, պատասխանի՛ր, գոչեց Կատոն բարկացած։ Ի՞նչ լսեցիր։

Ոչի՛նչ, պատասխանեց Լազար Մակարիչը կատակի ձևով։

Ինչպես թե ոչինչ, գժվե՞լ ես, ի՞նչ է, բացականչեց Կատոն, ծուռ-ծուռ նայելով ամուսնու երեսին։

Այսինքն, Կատյուշա, ուզում էի ասել, որ մի խելոք բան չեմ լսել, դիփ ծրտի-պրտի բաների վրա էին խոսում։

Քեզ ո՞վ է հարցնում, հիմար էին խոսում, թե խելոք, դու ասա ա՛յն, ինչ որ լսել ես։

Ասե՞մ, լավ, ասեմ, սպասի՛ր․․․ էէ․․․ մոռացել եմ, Կատո, աստված վկա, մոռացել եմ։

Աա՛խ, դո՞ւ չէիր, որ այս գիշեր ասում էիր, թե լսեցի, որ մեկն ասաց․ «Կյանքս տանջանք է», մյուսն էլ․ «Ես ձեռք եմ վերցրել իմ մարդուց․․․ գնանք այստեղից, հեռանանք» և այլն, և այլն։ Դու չէի՞ր, Լազրո, որ ասում էիր, թե մեկզմեկու ձեռը թաքուն սեղմում էին։ Հը՞մ, հիմա ի՞նչ պատահեց քեզ, որ մոռացար։

Միթե ես այդպե՞ս եմ ասել, Կատո, հարցրեց Լազար Մակարիչը զարմացած։

Ուրեմն, ես սո՞ւտ եմ ասում։

Արևդ վկա, Կատո, չեմ հիշում։ Է՜հ, միևնույնն է, ասա սիրահարված են, պրծավ գնաց․․․

Դու հիմար ես, Լազրո, շատ հիմար ես, միշտ հարկավոր բաները մոռանում ես։ Բայց միևնույնն է, դու մոռացել ես, ես չեմ մոռացել, ես էլ իմ ականջովս լսել եմ ու աչքովս տեսել նրանց ասածն ու արածը։ Ինչ օգուտ ունիմ ես, որ մամային խաբեմ։ Հա՛, ինչ էի ասո՞ւմ, շարունակեց Կատոն, կատարյալ ազատություն տալով յուր բորբոքված երևակայությանը։ Հա՛, ես, մամա, քո պատմածը պատմեցի մադամ Սազանդարովին, նա էլ պատմեց յուր եղբոր կնոջը, հետո մեկը՝ մյուսին, մեկը՝ մյուսին, ամենքը սկսեցին մտիկ անել նրանց վրա։ Ով ասես, ծիծաղում էր քո այդ խելոք կենողիդ վրա, թեկուզ շատերն էլ չէին ճանաչում։ Խեղճն այնքան անկիրթ է, որ հասարակության մեջ ման գալու ձևն էլ չի իմանում, շուտ շուտ դիպչում է անցնողներին։ Սա ու նա, ծիծաղելով ինձ ասում են․ «Ձեր մոր մոտ կենողը, բացի յուր հետ ման եկողից, այստեղ ոչ ոքի չի տեսնում, սիրահարված է»։ Դեհ, այժմ, մամա, ինքդ ասա, ի՞նչ պատահեց այդ տղին, որ մինչև հիմա տարենը մի քանի անգամ հանդեսներ չէր գնում, հիմա տանը չի կարողանում նստել։ Սիրահարված է, հավատա՛ աստված վկա, սիրահարված է, թե՛ դա և թե նա, երկուսն էլ։ Բայց դա ո՞ւմ վրա է սիրահարվել, ո՞ւմ վրա, տեր աստված, դու հեռու պահես մեզանից․․․ Ֆի դո՜ն․․․

Եթե իմ ձեռքում իրավունք լիներ, իսկույն կախ կտայի այդպիսիներին, ավելացրեց Կատոն։

Ես կախ չէի տալ, մատներով կխեղդեի, հարեց Լազար Մակարիչը։

Կինը մարդուն թողել է, բավական չէ, օտար քաղաքներ է փախել, բավական չէ, հիմա էլ ուզում է մի ուրիշին ձեռք գցի, որ հետո նրան էլ թողնի ու փախչի։ Մամա, ինչ ուզում ես ասա, ես կյանքումս կարող չէի երևակայել, որ կնիկարմատը կարող է այդպես փչանալ։

Եվս առավել տղամարդը, ավելացրեց հավատարիմ ամուսին Լազար Մակարիչը։

Տղամարդն էլի, ասենք, այնքան մեղադրելի չէ, բայց կնիկ-արմա՜տը․․․ թյո՜ւ․․․ գոչեց Կատոն։

Ճշմարիտ է, ասաց Լազար Մակարիչը։

Անպիտաննե՜ր։

Անպիտաննե՜ր, կրկնեց Լազար Մակարիչը։

Ես այսուհետև նրանց ոչ մեկին ձեռք չեմ տալու, մամա, թեկուզ դու ինձանից նեղանաս։

Էս էլ, միացավ յուր կնոջ վճռին հավատարիմ ամուսինը։

Երեսներն էլ չեմ ուզում տեսնել, ավելացրեց Կատոն։

Ես էլ, շեշտեց «քաչալ Լազրեն», քայլ առ քայլ հետևելով յուր սիրելի կողակցին։

Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, ընդմիջեց, վերջապես, զարմացած, Նատալիա Պետրովնան։ Կատո, ի՛նչ ես վռազում․ ո՛վ է իմանում, շատ կարելի է դու անմեղ տեղը կասկածում ես, շատ կարելի է նրանք հենց այնպես, ծանոթներ են։ Ինչ կուզե լինի, ես էլի չեմ հավատում, որ թե՛ Ստեփան Գրիգորիչն ու թե Վարվառա Մինայեվնան մի անխելքություն անեն։

Ինչո՞ւ չես հավատում, դու ո՞րտեղից ես նրանց ճանաչում։

Ստեփան Գրիգորիչի՞ն, ե՞ս չեմ ճանաչում, Կատո․ չորս տարի է ինձ մոտ բնակվում է։ Չէ՛, Կատո, ես նրան լավ եմ ճանաչում, նա շատ խելոք մարդ է, ուսում առած է։ Վարվառա Մինայեվնան էլ խելոք է, նա էլ ուսում առած է։ Երկուսն էլ լավն ու վատը հասկանում են։ Նրանք այնպիսի բան չեն անիլ, Կատո, դու սխալվում ես։


Հա հա հա՜, սրտի խորքից բարձրաձայն ծիծաղեց Լազար Մակարիչը, ուսում առած են, հա հա հա՜։ Ա՜խ, Նատալիա Պետրովնա, դուք չեք իմանում, որ հիմիկվա ժամանակում ինչ որ վատ-վատ բաներ ասեք ուսում առածներն են անում։ Այ ձեզ օրինակ, Գուրգենյանը, ճանաչո՞ւմ եք, խոմ, լսե՞լ եք․ Թիֆլիսում նրա պես կրթված, ուսում առած մարդ չկա։ Խնդրեմ, ասեք, ինչո՞ւ աշկարա այն բանն արավ․․․ ինչո՞ւ մարդկանցից չամաչեց։ Էհ, մամա, էլի ամոթ ու պատկառանք ինձ նման հասարակ, տգետ մարդկանց մեջ է մնացել, թե չէ՝ ուսում առածների երեսում մեռոն չկա։

Այրին, հայտնի փաստի մասին լսելով, չհակառակեց։ Բայց նա այնքան հարգում էր յուր կենողներին, որ տակավին կամենում էր պաշտպանել նրանց յուր աղջկա և փեսայի հարձակումների դեմ։

Դուք զուր եք Վարվառեին մեղավոր համարում, որ նա յուր մարդուց բաժանվել է, ասաց նա, բավական ժամանակ լռելուց հետո։ Ես քեզ պատմել եմ պատճառը, Կատո․ ի՞նչ աներ խեղճը, քանի որ Միզանդրոնցովը գազանից էլ վատ էր եղել։

Սո՜ւտ է ասում, տաքացավ Կատոն, սո՜ւտ է ասում։ Հենց ասենք, թե վատ մարդ էր Միզանդրոնցովն, ի՞նչ անենք, նա խոմ չէր սպանում կնոջը։ Շատ կանայք կան, որ իրանց մարդկանց չեն հավանում, ուրեմն, քո ասելով, ամենքն էլ պիտի թքեն ու փախչեն իրանց ծնողների մո՞տ։ Հետո՞․․․ վերջն ի՞նչ կլինի․․․

Ճշմարիտ է, Կատյուշա, դարձյալ մեջ մտավ Լազար Մակարիչը, շատ ճշմարիտ է, մարդ պետք է աշխատի, որ մարդկանց մեջ չխայտառակվի, հենց որ խայտառակվեց, բանը պրծավ, հոգոցն հանգուցելոց․․․ Ինչո՞ւ պիտի իմ տան, իմ ընտանիքի գաղտնիքներն ուրիշների խոսակցության առարկա դառնան․․․ Հը՞մ, լավ չե՞մ ասում։ Եթե ցավ ունիս, գլուխդ քաշ տա՛ր քո ցավն, էլ ի՞նչ ես հռչակում ամբողջ աշխարհում։ Լավ չե՞մ ասում, Կատո, հը՞մ։

Օրինակ, մեկն ե՛ս, մամա, ավելացրեց Կատոն, շատ ժամանակ հենց ինքս Լազրոյից նեղանում եմ, հարցրու իրանից, ինքն էլ կասի։ Նեղանում եմ, որ ինձ հետ մարդավարի չի
վարվում, կարող եմ ասել, որ շատ ու շատ գազանաբար է վարվում։ Խոսք է եկել, ասում եմ, մի՛ նեղանար, Լազրո, դարձավ նա Լազար Մակարիչին, որ, գլուխն աջ ուսի կողմը ծռած, աչքի տակով կես հեգնաբար և կես հանդիմանորեն մտիկ էր անում կնոջ երեսին։

Ախ, Կատո, Կատո, ի՜նչ ասեմ, արտասանեց Լազար Մակարիչը, հառաչելով, դու ու քո աստվածը, ասա՛ պատահե՞լ է, որ ես եղունգիս չափ նեղացրած լինեմ քեզ։

Սո՛ւս, Լազրո, էլ մի՛ խոսիր, մեր ցավը թող մենք իմանանք․ ընդհատեց Կատոն, զլուխը շարժելով, և շարունակեց․ հիմա դո՛ւ ասա, մամա, ես այսպիսի մարդուն պիտի թողնեմ ու վազեմ քո մո՞տ։ Լա՜վ, այս որ անեմ, ի՞նչ կասեն, ի՞նչ կխոսեն ամբողջ քաղաքում, չէ՞ որ կխայտառակեմ ինձ էլ, նրան էլ, քեզ էլ, եղբորս էլ, ով գիտե, մեր բոլոր ազգականներին էլ․․․

Բայց, իհարկե, ո՛չ ես մազու չափ վատ կվարվեմ Կատյուշայիս հետ, ոչ էլ նա ինձ կթողնի ու կփախչի, լրացրեց Լազար Մակարիչը։ Այնպես չէ՞, Կատյուշա, դարձավ նա յուր ամուսնուն և դարձյալ կամեցավ յուր հաստլիկ ցուցամատի ծայրը շփել նրա ծնոտին, դարձյալ ամաչեց Նատալիա Պետրովնայից և դարձյալ իսկույն ձեռը հետ քաշեց երկյուղով։

Այս եղանակով խոսակցությունը մի փոքր ևս շարունակվեց։ Մարդ ու կին քննեցին, քննադատեցին և, վերջ ի վերջո, համոզեցին Նատալիա Պեարովնային, որ նա զգույշ լինի և թույլ չտա, որ յուր տան մեջ հասարակության աչքին ընկնող մի այնպիսի նշանավոր երևույթ տեղի ունենա, որի մասին այնպես համոզված խոսում էր Կատոն։ Քանի դեռ վաղ է, թող Նատալիա Պետրովնան դուրս բերի յուր տնից Ռոստամյանին էլ ու Քիրիշչիևներին էլ։

Այրին, թեև հայտնեց, որ ինքը չի հավատում Կատոյի ասածին, բայց առաջուց իսկ մութ կերպով զգում էր, որ իրավ յուր կենողների մեջ կա ինչ-որ փոխադարձ համակրություն։ Այժմ հանգամանքները փոքր առ փոքր սկսեցին պարզվել նրա աչքում, մանավանդ մտաբերելով Ռոստամյանի այլայլվելն այն երեկո, երբ այրին պատմում էր նրան Վարվառեի դրությունը։ Սակայն այրին, այդ այլայլման մասին ոչինչ չասաց Կատոյին և չհայտնեց, թե
ինքը բոլորովին հավատում է Ռոստամյանի և Վարվառեի սիրային հարաբերությանը։

Կատոն յուր կապոցը տվեց Լազար Մակարիչին։ Հավատարիմ ամուսինները դուրս եկան փողոց։

Լազրո, դարձավ Կատոն յուր ամուսնուն, դու ինձ խայտառակում ես։

Ինչո՞ւ, հոգիս։

Միթե ինքդ չե՞ս հավատում, որ նրանք սիրահարված են։

Էէ՜, նրանց հերն էլ․․․

Չէ, դու շատ անքաղաքավարի ես, պնդեց Կատոն, եթե դու մարդ լինեիր, ինձ չպիտի հակառակեիր։

Բայց, Կատյուշա, ախար ես քեզ ուրիշ կերպ ասացի երեկ։

Միևնույնն է, իմ սխալը ղու կարող էիր հետո տանն ինձ ասել և ոչ թե մորս մոտ։

Ներողություն, Կատո, ասաց Լազար Մակարիչը, վիզը ծռելով ստրկորեն, ինչպես մի ժամանակ սովոր էր ծռել «մուշտարու» առջև, երբ գովում էր յուր փոքրիկ խանութի փտած ապրանքը։

Դու մի՛ համարձակվիր ինձ հակառակել, լսո՞ւմ ես, Լազրո։ Ասում եմ այո դու էլ ասա այո, ոչ ոչ, թե չէ ճանաչո՞ւմ ես ինձ։

Է՜է՜է, լավ, քո հորն օղորմի, շատ էլ մի բարկանար․ արի, գնանք, բուլվարում մի քիչ ման գանք, եղանակը խիստ լավն է։

Այդ կապոցը ձեռո՞ւմդ պիտի ման գաս հետս, ասաց Կատոն կեղծ զարմանքով։

Ի՞նչ կլինի։

Ամոթ է, սո՛ւս։ Տար տուն, հետո եկ։ Բայց ոչ, ոչ, մի՛ գար, ես պիտի գնամ Սոփիոյի մոտ մի քանի նոտաներ վերցնելու։

Ես էլ կգամ հետդ։

Ի՞նչ, ուզում ես ինձ խայտառա/կ անել, այդ կապոցը տնից տուն հետս մանացնելով։ Աստված սիրես, թող բազազխանի հին սովորություններդ։ Գնա տուն, ծառաներին մտիկ արա։

Ա՛յ խորամանկ Կատո․ դու ինձ խաբում ես, ասաց Լազար Մակարիչը կատակով։

Կատոն մի կատաղի հայացք ձգեց նրա վրա։

Ափսոս, որ փողոցումն ենք, թե չէ ես քեզ ցույց կտայի․․․ Անամո՜թ․․․

Մարդը տրտնջալով գնաց տուն, որ գտնվում էր Սոլոլակի փողոցներից մեկում։ Կինը դիմեց դեպի մի այլ կողմ։ Փողոցի ծայրում նա հանկարծ հանդիպեց այն նորաձև հագնված, երեսը սափրած, բարակ ընչացքով և համարձակ դեմքով տղային, որից նա չէր բաժանվում նվագահանդեսի երեկո։ Նրանք քաղցրությամբ բարևեցին միմյանց․․․

Եվ ամուսնական առաքինության նախանձախնդիր կնոջ դեմքը մի վայրկյանում փոխվեց։ Կատոն դարձավ ուրախ, զվարճախոս, և նրա սևորակ աչքերի մեջ սկսեց փայլել մի կայծ, հրապուրիչ ոմանց համար, հրիչ այլոց համար։ Նա երիտասարդի հետ միացավ զբոսնող ամբոխին։ Փողոցային ընդհանուր աղմուկի մեջ նա լսում էր ուղեկցի երկիմաստ զվարճախոսությունը, ներքին հաճությամբ յուր համար և արտաքին սառը լրջությամբ ուրիշների համար։

Չէ՞ որ նա բացառություն չէ, ո՛չ առաջինն է և ոչ վերջինն առաքինություն կոչված քողի տակ պատսպարված «քաղաքակիրթ» հասարակության մեջ։ Ապա ուրեմն, թո՛ղ «քաչալ Լազարեն» առժամանակ կռվի խոհարարի հետ, թե ինչու նա կերակուրների վրա չափից դուրս շատ յուղ է գործածում և սպասավորին հանդիմանի, թե ինչու շաքարը գողանում է։ Իսկ հետո յուր ճաղատ գլխով և տգեղ բերանով, փույթ չէ, թող ճաշի սեղանի մոտ մի ժամ ևս ավելորդ սպասե յուր գեղեցիկ կողակցին․․․․

Այնինչ՝ Նատալիա Պետրովնան, մնալով միայնակ, սկսեց լրջորեն խորհրդածել Ռոստամյանի ու Վարվառեի հարաբերության մասին։ Նա, հարկավ, Ռոստամյանի սիրո դեմ չէր լինիլ, եթե միայն Վարվառեն օրիորդ լիներ։ Ի՛նչ անենք, մի տղա մի աղջկա կարող է սիրել, իսկ ամուսնացած կնոջ ոչ․ այդ աններելի է, մեղք է, հանցանք է։ Բայց շատ կարելի է Ռոստամյանը սիրած է եղել Վարվառեին հենց առաջին օրից, երբ դեռ չէր իմանում, թե նա պսակված է։ Իսկ այժմ նրան հայտնի է, որ Վարվառեն մարդ ունի, ուրեմն, հավատալի չէ, որ Ռոստամյանը դարձյալ շարունակի սիրել նրան։

Այստեղ հանկարծ այրիի խելքը սկսեց այլ ուղղությամբ դատել։ Լա՛վ, ասենք, թե Ռոսսյամյանի և Վարվառեի սրտերն այժմ իսկապես այնպես կպել են միմյանց, որ բաժանվել դժվար է․ ի՞նչ կլինի նրանց վերջը, պետք է տանջվե՞ն հավիտյան, թե կարող են մոռանալ իրար։

Այս կետի վրա այրին երկար մտածեց, մտածեց և վերջը, ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործելով, լսելի ձայնով արտասանեց․

Խիստ դժվար օրենքներ են մեր օրենքները։

Ի՞նչ անի խեղճ Վարվառեն, վերցրել են, ուժով պսակել են մի անպիտանի, մի փչացած մարդու հետ ու ասում են, «տանջվի՛ր նրա ձեռքում, ուզում ես, չես ուզում տանջվի՛ր»։ Քանի-քանի խեղճ կանայք է ճանաչում Նատալիա Պետրովնան, որ այնպես տանջվում են իրանց մարդկանց ձեռքում, ինչպես Վարվառեն է տանջվել։ Բայց արի ու նրանց ցավը հասկացրու ուրիշներին։ Հիմա Վարվառեն թողել է մարդուն ու հեռացել, ի՞նչ պիտի անի․․ էլի եթե պառավ լիներ, է՛հ, ոչինչ, սև օրերը մի կերպ կտաներ յուր հոր տանը։ Բայց նա քսան ու վեց տարեկան ջահել կնիկ է․․․ պիտի հավիտյան զրկվա՞ծ մնա աշխարհի երջանկությունից։

Խիստ դժվար են մեր օրենքները, կրկնեց Նատալիա Պետրովնան և, հառաչելով, վեր կացավ տեղից ու գնաց Վարվառեի մոտ։

Be the first who will comment on this

Other parts of "Արամբին"

Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

Bound in sleep
Bound in sleep
Play Online