Raffi

Մինն այսպես, մյուսն այնպես

Թիֆլիսի վաճառականների կյանքից

Ա

«Ոչինչ չեմ հասկանում... խելքիս չէ նստում..., բավական լսելի ձայնով փնթփնթում էր մի փոքրիկ մարդ, որ մոլորված կերպով ցած էր իջնում եռահարկ տան բարձր, մարմարյա սանդուղքներից։ Մարդը դուքանի համար լավ աշկերտ է ուզում, կնիկը տան համար լավ ծառա է ուզում։ Արի՜ ու հասկացիր, թե ո՛րն է դրանց ուզած «լավը»։ Որին որ տանում ես, չեն հավանում»:

Տրտնջողը այն աստիճան պաշարված էր յուր մտածություններրով, որ մինչև անգամ թողել էր զեղեցիկ կապերտի երկար զոլը, որ ձգվում էր սանդուղքների կատարից մինչև նրանց ստորոտը, և ամեն անգամ զարմանում էր, թե ինչո՞ւ յուր կոշտ կոշիկները սայթաքում են հայելու նման փայլուն և փղոսկրի նման կոկ մարմարիոնի վրա։

Երբեմն դիպչելով կիտրոնիների մեծ ծառերին, երբեմն քսվելով ծաղիկների թաղարներին, որ զարդարում էին փառավոր սանդուղքների աջ և ահյակ կողմերը, վերջապես, մեծ ջանքերով ցած իջավ նա և, ծանր դուռը յուր ետևից կողպելով, դուրս եկավ փողոցը։ Այստեղ կանգ առեց և, գրպանից հանելով գունավոր թաշկինակը, սկսեց սրբել ճաղատ ճակատի քրտինքը։

Փողոցում կանգնած սպասում էր նրան մի լավ հագնված իմերել պատանի, որ յուր առողջ ու հաջողակ ոտներով մի քանի րոպե առաջ ցած էր իջել նույն սանդուղքներից։

Ի՞նչ ասաց, անհամբերությամբ հարցրեց պատանին։ Չհավանեց, պատասխանեց փոքրիկ մարդը։

Պատանին դժգոհությամբ հեռացավ։

Դա տասներորդ «նմուշն» էր, որ նա տարել էր ցույց տալու, բայց եռահարկ տան տիկնոջ հավանությունը չէր գտել:

Փոքրիկ մարդը, որին կոչում էին Արտեմ Պետրովիչ, սպասավորների և ծառաների «դալալ» էր։ Ժամանակները ոչինչ ազդեցություն չէին գործել նրա վրա։ Նա դեռ կրում էր այն տարազներով հագուստներ, որ հագնում էին երեսուն, քառասուն տարի առաջ,- չուխա, արխալուղ, լայն շալվար, մետաքսյա գոտի և այլն։ Միակ փոփոխությունը եղել էր նրա՝ ոչ թե գլխի մեջ, այլ գլխարկի մեջ։ Վաղեմի մորթյա գդակի փոխարեն կրում էր ռուսական «ֆուրաշկա»։ Նրա ամբողջ հագուստը, մշտական կեղտի թանձր խավարի ներքո, այն աստիճան կոկվել էր, որ փայլում էր, կարծես թե սև մուշամբայից լիներ կարված։ Փայլում էր և մուգ-թխագույն դեմքը, որը կարծես թե սև նավթով լիներ օծված։ Չէին փայլում միայն փոշեպատ կոշիկները, որ իրանց կյանքում գուցե մի քանի անգամ բախտ էին ունեցել կոշկաներկի հանդիպելու, թեև Արտեմ Պետրովիչը բավական ունևոր մարդ էր։

Եռահարկ տունը, որտեղից դուրս եկավ նա, կազմում էր Թիֆլիսի Սոլոլակ կոչված թաղի գեղեցիկ զարդերից մեկը։ Նա դեռ կանգնած էր այդ տան շքեղ դռան առջև և մտահույզ աչքերով նայում էր դեպի ծառազարդ փողոցի ընդարձակությունը։ Նորաբողբոջ ակացիների երկար շարքը, որ ձգվել էին փողոցի երկու կողմերում, դեռ նոր էին բաց արել իրանց ծաղիկների սպիտակ փունջերը և դեռ նոր խնկարկում էին գարնանային հովասուն առավոտը իրանց նուրբ անուշահոտությամբ։ Բայց այդ չէր գրավում Արտեմ Պետրովիչին։ Նրա միտքը կլանված էր յուր գործով։

Հանկարծ շարժվեցան նրա կարճ ոտները, նրանց հետ և շարժվեցավ բավական հաստ գավազանը, որ բռնած ուներ յուր ձեռքում։ Նա շտապով գնում էր և, միևնույն ժամանակ, յուր մտքում շարունակում էր ընդհատված մենախոսությունը։

«Մարդու բանը հեշտ է, կշինեմ։ Այն տղային, որ ասել է նա, ինչպես որ լինի, դուրս կպոկեմ յուր մորից։ Բայց ի՞նչ պետք է արած այդ «կապրիզնի» աղջիկ պարոնի հետ։ Որին որ տանում եմ, միշտ մի պակասություն է գտնում։ Ախար առանց պակասության՝ մա՞րդ կլինի։ Դա շատ մեծ է, ասում է, նա շատ պստիկ է, ասում է, դրա բոյը կարճ է... նրանը շատ երկար է... դրա մազերը դեղին են... մյուսի քիթը դյուր չէ գալիս... էն է մնում, որ ասե, թե ատամները ի՛նչպես պետք է լինեն։ Տո, հեր օրհնած, ծառան խո «կուկլա» չէ, որ զարդարանքի համար լինի։ Գոնե մի անգամ էլ չի հարցնում, թե ինչ խելքի տեր է, ի՛նչ գիտե, կամ ի՛նչ կարող է շինել»։

Թեև Արտ եմ Պետրովիչը իրան դժգոհ էր ձևացնում քմահաճ տիկնոջ հանձնարարությունից, որը իրավ, սպասավորների ընտրության մեջ սաստիկ խստապահանջ էր, բայց ինքը, Արտեմ Պետրովիչը, նույնպես բարի պտուղներից չէր։ Տիկնոջ պահանջները մի աոանձին հաճություն էին պատճառում նրան, բայց ամենայն խնամքով թաքցնում էր։ Արտեմ Պետրովիչը Սոլոլակի բարձր շրջանի՝ համարյա բոլոր տներում ծառայող սպասավորների պատրիարքն էր, և միանգամայն նրանց հոգաբարձուն։ Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում յուր թեմի մեջ, որ կարող էր ամեն տեսակ փոփոխություններ անել, մեկին յուր տեղից հանել և մի այլ տեղ կանգնեցնել, մյուսին յուր ցանկացած տեղը տալ։ Դրա համար հարկավոր էր միայն ավելացնել մի քանի ռուբլի։ Բայց Արտեմ Պետրովիչը այնքան հեռատես էր, որ ծառաների հետ սերտ կապեր պահպանելու նպատակով, շատ անգամ յուր գրպանից ծախսելու փող էր տալիս նրանց, երբ անգործ էին, և այնքան սպասում էր, մինչև տեղ գտնեին։ Չար լեզուները ասում էին, որ ծառաները իրանց գողացած իրեղենները նրան էին հանձնում վաճառելու համար։ Ճշմարիտը աստված գիտե, միայն այնքանը ճիշտ էր, որ ծառաները չափազանց հլու էին դեպի նա։

Նա գիտեր, թե ո՛րտեղ ո՛վ է ծառայում կամ ի՛նչ ռոճիկով է ծառայում։ Նա հենց առաջին անգամից կարող էր տիկնոջ պահանջածը ներկայացնել նրան, բայց գործը դիտմամբ երկարացնում էր, որովհետև ամեն անգամ, երբ յուր սանիկներից մեկին բերում էր ցույց տալու տիկնոջը, թեև նրա հավանությունն ևս չէին գտնում, բայց դարձյալ առատաձեռն տիկինը գնում էր Արտեմ Պետրովիչի ափի մեջ երեք ռուբլիանոց մի թղթադրամ, իբրև «արաղի փող»։

Բ

Քաղաքի հետընկած թաղերից մեկի խլության մեջ գտնվում էր մի հին, քայքայված տուն, որ վաղուց ոստիկանության ուշադրությունից ազատվելով, դեռ պահպանում էր յուր թշվառ գոյությունը, որ ամեն րոպե սպառնում էր կործանվել, և յուր հետ հարյուրավոր ավելի թշվառ բնակիչների գերեզման տանել։ Այդ տունը պատկանում էր մի հարուստի, որը, որպես դժվարանում էր կարկատել տալ յուր պատառոտված կոշիկները, նույնպես և դժվարանում էր նորոգել յուր քայքայված շենքը, մտածելով, «այսպես էլ յոլա կգնա, քրահը խո ստանում եմ»... Նրա ընդարձակ բակում երբեմն գիշերում էին կառապաններր։ Ձիաների աղբը և քանդված սենյակների աղյուսները, կուտակվելով միմյանց վրա, այնտեղ ահագին բլրակներ էին կազմել։ Գարշահոտությունը անտանելի էր։ Ողջ մնացած սենյակներում բնակվում էին լվացարար կանայք, և մռայլ, կասկածավոր հասարակություն, որ հայտնի չէր՝ թե ինչով էին պարապում, կամ ինչ միջոցներով էին ապրում։

Ներքին հարկի ստորերկրյա նկուղներից մեկի մեջ բնակվում էր մի այրի կին։ Այդ խոնավ, օդից ոլ լույսից զրկված նկուղը մի ժամանակ ծառայում էր վերևի կենողի համար որպես փայտանոց, իսկ հետո, ավելորդ համարելով, վարձով տվեց, ամիսը հիսուն կոպեկ ստանալով աղքատ այրիից։ Նկուղի միակ կարասին փոքրիկ թախտն էր, որ գժվարությամբ տեղավորվել էր նեղ լուսամուտի առջև, որի երկու ծռված փեղկերը պահպանել էին երկու ապակիներ միայն։ Թախտի ներքո, որպես ապահով պահարանում, դրված էին ողորմելի բնակչի ողորմելի տնտեսության անոթները։ Մի երկար կտավի կտոր, իբրև վարագույր, մեխած էր թախտի առջևի կողմից, որը ծածկում էր նրա տակում ածված չքավոր իրեղենների ամոթը այցելուի աչքից։

Թախտի թերմաշ գորգի վրա նստած էր այրի կինը և, սպիտակ ակնոցները թելով կապած ունենալով գլխի շորերին, կար էր կարում, թեև նրա խոշոր կարը ոչ աչքերի պետք ուներ և ոչ ակնոցների։ Մեծ ասեղը ոսկրացած մատների մեջ արագությամբ շարժվում էր և հաստ դերձանով կարում էր տոպրակներ։

Չնայելով ծայրահեղ աղքատությանը, որ տիրում էր այդ խղճալի բնակարանում, դարձյալ ամեն մի առարկայի մեջ նշմարվում էր կարգ և մաքրություն։ Աղյուսյա հատակը համարյա մաշվել էր ավելի ստեպ գործունեության ներքո։ Գաջով ծեփած պատերի վրա մի հյուլեի չափ փոշի չկար։ Դուռը, հաճախ լվացվելով, բոլորովին կորցրել էր յուր ներկը։ Երևում էր, որ անբախտ այրին մի ժամանակ ճաշակել էր ավելի բախտավոր կյանքի վայելչությունները։ Եվ, իրավ, մի ժամանակ նա յուր սեփական տան տիկինն էր, շրջապատված ծառաներով ու աղախիններով, բայց դառն հանգամանքները խլեցին նրանից բոլորը և նետեցին այդ մթին նկուղի մեջ։ Ամուսին այրը մեռավ կսկիծից, բարեկամները հեռացան աղքատից, և մոռացան աղքատին։ Նա նստած էր լուսամուտի հանդեպ, շարունակում էր կարել: Մրոտած ապակիների մռայլ շողքը ընկել էր մաշված դեմքի վրա և երևան էր հանում նրա տխուր գծերը։ Նա կարում էր և երբեմն թախծալի աչքերը դարձնում էր դեպի դուռը, կարծես մեկին սպասելիս լիներ: Իսկ երբեմն վեր էր կենում, մոտենում էր փոքրիկ կաթսային, որը բուխարու մեջ դրած, եփվում էր, և յուր խուլ, մելամաղձական շշնջյունով ընդհատում էր նկուղի խորին լռությունը։

Նա դեռ շարունակում էր կարել, մինչև պատի ժամացույցից քարշ ընկած ծանր շղթաները խշրտացին, փոքրիկ դռնակը բացվեցավ, երկարակտուց հոպոպը դուրս հանեց փետրազարդ գլուխը և, երեք անգամ դեպի ցած ու դեպի վեր բարձրացնելով, յուր թոթով լեզվով ձայնակցեց երրորդ ժամը։

Տեր աստված, ձայն տվեց և տառապյալ այրին, ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդքան ուշացավ։

Այդ միջոցին դռները բացվեցան, սպասած անձնավորության փոխարեն՝ ներս մտավ մի այլ անձնավորություն։ Նա կանգ առեց սյամի մոտ և սկսեց հետախույզ աչքերով որոնել տանտիկնոջը, որը նկուղի մեջ տիրող մռայլի պատճառով համարյա անտեսանելի էր։

Ո՞վ ես, ի՞նչ ես կամենում, զարմանալով հարցրեց այրին։ Եկվորը ոչինչ չպատասխանեց, այլ տեսնելով նրան լուսամուտի հանդեպ նստած, ինքն ևս մոտեցավ և լուռ նստեց թախտի մի ծայրում։

Անսպասելի այցելուի հանկարծակի հայտնվիլը ոչ սակավ խռովություն պատճառեց խեղճ այրիին, որը, կարը մի կողմ դնելով և ակնոցները ճակատի վրա քաշելով, սկսեց ապշած կերպով նայել նրա վրա։ Բայց այցելուն երկար սպասել չտվեց։ Գլխարկը առնելուց, յուր ձեռքի գավազանի գլխին դնելուց հետո և գունավոր թաշկինակով ճաղատ ճակատից քրտինքը սրբելուց հետո, մի քանի անգամ հազաց, կոկորդը մաքրեց և ապա դարձավ դեպի այրին, ասելով.

Գիտե՞ս ես ո՛վ եմ, կամ ինչի՞ համար եմ եկել։ Ինձ կասեն Արտեմ Պետրովիչ, դու պետք է լսած լինես իմ անունը։ Վերջին խոսքերը այնպիսի մի հանգով արտասանեց նա, կարծես ամեն ոք պարտավոր էր անպատճառ լսած լինել Արտեմ Պետրովիչի հռչակավոր անունը։

Չեմ լսել, պատասխանեց այրին։ Քո հանգուցյալ ամուսնի ամենամոտիկ բարեկամն էի, շարունակեց նա։ Աստված իրան կյանք և արքայություն տա, շատ լավ մարդ էր լուսահոգին։ Կասեր. Արտեմ Պետրովիչ, դու էլ լավ մարդ ես, այդ պատճառով սիրում եմ քեզ։ Էհ, ո՞վ է մնացել այս անցավոր աշխարհում... Նա գնաց, հանգստացավ..․ իսկ ես մնացի․․․

Զգացմունքները խեղդեցին նրան, գունավոր թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։ Ամուսնի անունը լսելով, խեղճ կինը նույնպես զգացվեցավ։

Մի՛ լաց լինիր, հոգուդ մատաղ, Քեթևան, աստված ողորմած է, ձայն տվեց Արտեմ Պետրովիչը, մխիթարելով նրան․ շատը գնացել է, քիչն է մնացել։ Կանցնեն սև օրերը, և շուտով քեզ համար էլ մի ճար կլինի։

Քեթևանը փոքր-ինչ հանգստացավ։

Արտեմ Պետրովիչը վեր կացավ նստած տեղից, ավելի մոտեցավ նրան։

Քո հանգուցյալ ամուսինը ինձ շատ լավություններ է արել, ասաց նա մի առանձին ջերմեռանդությամբ։

Ուզում եմ, որ նրա երախտիքը հոգուս վրա պարտք չմնա, ես էլ մի լավություն անեմ։ Դրա համար եկա քեզ մոտ, Քեթևան։ (Խոսքը մեր մեջ մնա, Արտեմ Պետրովիչը երբեք ծանոթություն չէ ունեցել Քեթևանի հանգուցյալ ամուսնի հետ։)

Դժբախտ կնոջ դեմքը փոքր-ինչ պարզվեցավ։ Այդ առաջին անգամն էր, որ մի մարդ բաց էր անում նրա մոռացված նկուղի դուռը և յուր կարեկցությունն էր արտահայտում։

Առաջ ջեր այն ասա, Քեթևան, ի՞նչպես ես, ի՞նչ ես շինում, ինչպես է քո դրությունը։

Տեսնում ես, Արտեմ Պետրովիչ, էլ ո՞ւր ես հարցնում, պատասխանեց այրին, ձեռքով ցույց տալով յուր նկուղը։ Ահա՛ այդ է իմ դրությունը։

Տեսնո՜ւմ եմ... տեսնո՜ւմ․․․, կրկնեց Արտեմ Պետրովիչը, գլուխը ցավակցաբար շարժելով։ Ո՞ւր է որդիդ, ինչ է շինում։

Ներսեսի շկոլումը կարդում է։

Դու ի՞նչ ես շինում։

Ալուր ծախողների ու փոդրաթչիկների համար մեշոկներ եմ կարում։

Հատին ի՞նչ են տալիս։

Մի կոպեկ։ Լավ, օրական քանի՞ հատ պիտի կարես, որ հացի փող դուրս գա։

Գիշեր ու ցերեկ կարում եմ։ Օր լինում է, որ քսան հատ, երեսուն հատ կարում եմ։ Տղաս էլ սովորել է, օգնում է ինձ։

Արտեմ Պետրովիչը կրկին գունավոր թաշկինակը տարավ դեպի աչքերը և լալագին ձայնով բացականչեց.

Հա՛, գիդի հա՜... ո՞վ կմտածեր, որ Թիֆլիսի առաջին պատվավոր վաճառականի կինը ստիպված պիտի լինի մեշոկներ կարելով ապրել...

Դրանով էլ ես շատ գոհ կլինեի, Արտեմ Պետրովիչ, եթե միշտ կար տային ինձ, ասաց խեղճ կինը հոգվոց հանելով։ Բայց շատ անգամ գնում եմ և, գլուխս ծռած, ժամերով կանգնում եմ փոդրաթչիկի կանտորի դռանը, աղաչում եմ, պաղատում եմ ու էլի դատարկ ետ եմ դառնում։ Աղքատ կարողները այնքան շատացել են, որ գործ չեն հասցնում մեզ։

Ճշմարիտ է, շատ ճշմարիտ է. ժամանակները վատացել են, մարդկանց սրտում այլևս խղճմտանք չէ մնացել, Քեթևան։ Դու շատ նեղություններ քաշեցիր, դու շատ տանջվեցար, Քեթևան, թող աստված ապաշխարություն համարե։ Բայց էլի ասում եմ քեզ, որ շատը գնացել է, քիչն է մնացել, կանցնեն այդ սև օրերը, և դու կրկին բախտավորություն կգտնես, Քեթևան։

Ի՞նչով, ի՞նչպես, անհամբերությամբ հարցրեց դժբախտ կինը։ Դե՛ ասա՛, էլ ու՞ր ես չարչարում ինձ։

Սպասի՛ ր, մի՛ շտապիր, բոլորը կպատմեմ, Քեթևան, հանդարտությամբ ասաց բախտավորության ավետաբերը և այս անգամ գունավոր թաշկինակը տարավ դեպի յուր քիթը։

Արտեմ Պետրովիչը սովորություն ուներ ամեն ինչ Նոյ նահապետից սկսելու։ Նա պատմեց՝ թե մի օր կանգնած էին Թամամշովի քարվանսարայի առջև և Աղա-Պարոնովի հետ «դեսից֊դենից» խոսում էին։ Փակագծի մեջ ակնարկեց, թե Աղա-Պարոնովը իրան շատ հարգում է և միշտ կրկնում է. «Արտեմ Պետրովիչ, դու լավ մարդ ես»։ Այն ժամանակ, երբ կանգնած խոսում էինք, դպրոցի աշակերտները դեռ նոր էին արձակվել, խումբերով անցնում էին։ Դարձյալ փակագծի մեջ ակնարկեց, թե Աղա-Պարոնովը մի առանձին գութ ունի դեպի դպրոցների աշակերտները, և միշտ յուր առատաձեռնությամբ օգնում է նրանց, բայց այդ շատերը չեն իմանում, գիտե միայն Արտեմ Պետրովիչը։ Աշակերտների խումբի մեջ տեսավ նա մի պատառոտված և գջլտված տղա, իսկույն գութը շարժվեցավ։ Այդ միջոցին դարձավ Արտեմ Պետրովիչին ասաց, որ իմանա, թե ո՞ւմ տղան է։ Արտեմ Պետրովիչը վազ տվեց տղայի ետևից, հարցրեց, տեղեկացավ, որ Խոջաբաշյանի որդին է։ Հենց որ իմացավ Արտեմ Պետրովիչր, աչքերը լցվեցան արտասուքով, և նրա սիրտը «մե թավուր էլավ»։ Եկավ Աղա-Պարոնովին պատմեց, նա էլ հենց որ իմացավ, աչքերը լցվեցան արտասուքով, և նրա սիրտն էլ «մե թավուր էլավ»։ Գլուխը շարժեց ու ասաց. «Տեսնո՛՛ւմ ես, Արտեմ Պետրովիչ, փուչ աշխարքի բանը, հերը ի՛նչ հալի էր, հիմա տղան ի՛նչ հալի է»։ Հետո ավելացրեց, «Դրա հերը, Արտեմ Պետրովիչ, ինձ հայրություն է արել։ Ես նրա դուքնումն եմ մեծացել ու նրա ձեռքովն եմ մարդ դարձել։ Պետք է գնաս, Արտեմ Պետրովիչ, որտեղ էլ որ լինի, պետք է գտնես էս տղայի մորը ու ասես, թե ինչպես նրա մարդը ինձ մեծացրեց, հացի տեր դարձրեց, ես էլ պետք է նրա որդին մեծացնեմ ու հացի տեր դարձնեմ, որ պարտական չմնամ»։ Հիմա հասկացա՜ր, Քեթևան, բանը ինչումն է։

Հասկացա.., պատասխանեց դժբախտ այրին, և նրա ձայնը դողդողաց ներքին վրդովմունքից։ Այդ ի՞նչ Աղա-Պարոնով է, հարցրեց նա, ուղիղ Արտեմ Պետրովիչի երեսին նայելով։

Հեր օրհնած, չե՞ս ճանաչում, այն որ Սոլոլակում մեծ տներ ունի։

Սոլոլակում շատերը մեծ տներ ունին։

Տո, ձեր դուքնի աշկերտը, Սերգեյ Եգորիչը։

Փա՜ռք քեզ, աստված, բացականչեց զարմացած կինը։ Խլնքոտ Սաքուլը հիմա Աղա-Պարոնով է դարձել, «աղան» բավական չէր, «պարոնն» էլ պոչին է կպցրել...

Անցյալը յուր բոլոր զարհուրանքով ներկայացավ խեղճ կնոջ առջև։ Հիշեց, որ իրավ, Սոլոլակում մեծ տներ ունեցող Աղա-Պարոնովը մի ժամանակ յուր ամուսնի խանութի աշկերտն է եղել։ Հիշեց, թե ի՛նչպես ամեն օր ճաշին գալիս էր նա և ուտելու «բաժին» էր տանում յուր ամուսնի խանութը։ Հիշեց, թե ի՛նչպես մի անգամ սաստիկ ծեծեց նրան խոհանոցից արծաթյա գդալ գողանալու համար։ Հիշեց թե ի՛նչպես ինքը բաղանիք գնալու ժամանակ նա գալիս էր, վեր էր առնում բաղանիքի «բողչան» և, յուր ետևից ընկած, քարշ էր գալիս մինչև բաղանիքները, մինչև ինքը լվացվում էր։ Հիշեց, թե ինչպես խոհանոցի փոքրիկ գողը, իրանց տան փշրանքներով մեծանալով և հետզհետե զարգանալով, վերջապես դարձավ յուր ամուսնի խանութի ավազակը։ Այդ բոլորը հիշեց նա և, դառնալով դեպի միջնորդը, ասաց. Շնորհակալ եմ, Արտեմ Պետրովիչ, որ Աղա-Պարոնովը ցանկանում է իմ որդուն նույն հայրությունը անել, ինչ արել է իմ հանգուցյալ ամուսինը նրան, երբ նա ինձ նման մի աղքատ մոր որդի էր։ Բայց ես արդեն սովորել եմ այդ դառն վիճակին և եթե քաղցածությունից մեռնելու ևս լինեի, դարձյալ ձեռք չէի մեկնիլ այն մարդուն, որ իմ դժբախտ ամուսնի կործանման պատճառը դարձավ...

Այդ ի՞նչ ես ասում, Քեթևան, ձայն տվեց Արտեմ Պետրովիչը զարմացած ձևանալով։ Այդպես մի խոսիր, Քեթևան, հոդուդ մեղք մի՝ արա, Սերգեյ Եգորիչր քո ասած մարդը չէ։

Ավելի՛ վատն է, Արտեմ Պետրովիչ, նա յուր բարերարի ընտանիքը ձգեց այդ խոնավ, մթին նկուղի մեջ, իսկ ինքը նրա փողերով մեծ տներ շինել տվեց յուր համար։

Սխալ ես հասկացել, Քեթևան, այդպես չէ, հոգիս վկա, այդպես չէ։

Այդպես է, Արտեմ Պետրովիչ, ես վերջը բոլորը իմացա... բոլորը հասկացա... բայց այն ժամանակ բանը բանից անցել էր...

Տիկինը պատմեց, թե զարմանում է, որ Արտեմ Պետրովիչը չգիտե այն բոլոր ցավալի իրողությունները, որ շատերին հայտնի է։ Երբ յուր ամուսնի գործերը վատ գնացին, նա ընկավ մի տեսակ կիսացնոր տրամադրության մեջ։ Յուր գործերի դրությունը ծածկում էր նա թե՛ յուր կնոջից և թե բարեկամներից։ Խորհրդակցում էր միայն Սերգեյ Եգորիչի հետ, որը նրա գլխավոր գործակատարը և, միևնույն ժամանակ, մտերիմն էր։ Այդ խորամանկը, օգուտ քաղելով յուր «խազեինի» գրությունից և նրա կայքը մյուս պարտատերերից ազատելու խոստմունքով․ սկսեց սուտ վեքսիլներ առնել նրանից և բանը այնտեղ հասցրեց, որ ամբողջ խանութը յուր անունով դարձրեց։ Երբ ամուսինը բոլորովին խելագարվեցավ, երբ նրան հիվանդանոց տարան և այնտեղ մեռավ, այդ ժամանակ խաբեբան տիրեց նրա բոլոր կայքերին, և նրա ընտանիքը մի կտոր հացի կարոտ թողեց։

Ախար, Քեթևան, այդ ամենը սուդով եղավ, գործը դատաստանի ընկավ, ընդհատեց Արտեմ Պետրովիչը։

Ճշմարիտ է, սուդով եղավ, գործը դատաստանի ընկավ, պատասխանեց խեղճ կինը վշտացած ձայնով։

Բայց ո՞վ պիտի պաշտպաներ անտեր մնացած ընտանիքի շահերը։ Մեր ձեռքում մի կոպեկ անգամ չէր մնացել փաստաբաններին վճարելու համար։ Ամեն ինչ նրա ձեոքումն էր, և նա յուր բանը շինեց, գործը տարավ... Այդ միջոցին նկուղի դռները շառաչմամբ հետ գնացին, տխուր խոսակցությունը ընդհատվեցավ։ Ներս մտավ մի պատանի, որ ուսին շալակած ուներ մի քանի թոփ հաստ կտավներ, որոնց հետ կապել էր և յուր դպրոցական գրքերը։ Նա յուր ծանր բեռը զգուշությամբ մի կողմ դրեց, և սկսեց քրտինքը սրբել կարմրած երեսից։

Ինշու՞ այդքան ուշացար, Նիկոլ, հարցրեց մայրը։

Գնացի դրանք բերելու, ցույց տվեց որդին կտավի թոփերը, որ տոպրակներ կարելու համար էր բերել։ Գիտե՞ս որտեղից. Շադինովի քարվանսարայից։ Ինձ ասացին, գնա այնտեղից տար։ Մինչև բերեցի, հոգիս դուրս եկավ, շատ հեռու է։

Մայրը բոլորովին մոռացել էր, որ առավոտյան պատվիրեց որդուն, որ դպրոցից արձակվելուց հետո գնա կապալառուի գրասենյակը և կարելու համար նոր կտավներ խնդրե։

Դե՛, արի նստիր, հանգստացիր, ես իսկույն ճաշը կպատրաստեմ, ասաց մայրը, վեր կենալով և մոտենալով բուխարու մեջ եփվող փոքրիկ կաթսային։

Արտեմ Պետրովիչը նկատեց, որ յուր ներկայությունը այժմ ավելորդ է և, դեռ չհուսահատված յուր անհաջող պատգամավորաթյունից, մտածեց գործը թողնել մի ուրիշ ավելի հարմար ժամանակի։

Մնաս բարով, Քեթևան, ասաց նա տեղից վեր կենալով և մի քանի անգամ գլուխը շարժելով։ Ես դարձյալ կգամ քեզ մոտ, դարձյալ կխոսենք այդ մասին...

Քեթևանը ոչինչ չպատասխանեց։

Նրա հեռանալուց հետո նիկոլը հարցրեց․

Ո՞վ էր այդ մարդը։

Սատանան ոչ գիտե՜ նրա գլուխը․․․, պատասխանեց մայրը բարկացած կերպով։

Այն օրից, որ Արտեմ Պետրովիչը հայտնվեցավ այրի Քեթևանի նկուղում, անցել էր ութ ամիս։ Ձյունը խոշոր պատառներով թափվում էր երկնքից և իսկույն հալվում էր։ Եղանակը տխուր էր և անախորժ։ Փողոցներում կուտակված ցեխի պատճառով մարդիկ դժվարությամբ կարողանում էին անցուդարձ անել։

Այդ միջոցին չորս մշակներ դուրս էին տանում մի դագաղ, մի անզարդ, չքավոր դագաղ։ Քահանան լուռ հետևում էր նրան, իսկ պատանի Նիկոլը լաց էր լինում։

Հարևաններից մի քանիսը բաց արին սենյակների լուսամուտները, նայեցին և դարձյալ շուտով կողպեցին, ասելով միմյանց․

Դա այն խեղճ այրին էր, որ մեռավ ցրտից ու քաղցից...

Գ

Միևնույն օրը, երբ դուրս էին տանում դժբախտ Քեթևանի դագաղը, Սոլոլակի եռահարկ տան մեջ խնջույք կար։ Բարեկամները, ազգականները հավաքվել էին ճաշի սեղանի շուրջը, կատարում էին օրիորդ Անիչկայի ծննդյան տոնախմբությունը։

Ճոխ սեղանի վրա՝ արծաթյա անոթները փայլում էին, թանկագին ֆարֆորն ու բյուրեղը ժպտում էին և իրանց գեղեցկությամբ ախորժակ էին հրավիրում։ Փայլում էին ու ժպտում էին հյուրերի դեմքերը, որ բոլորել էին փառավոր սեղանի շուրջը։ Մրգամանների մեջ, որ բարձրանում էին աստիճան առ աստիճան, դրված էին զանազան տեսակ պտուղներ, որ ձմեռը բոլորովին հազվագյուտ էին։ Ծաղկամանները ծանրաբեռնված էին ահագին փունջերով։ Սեղանի մեջտեղում բարձրանում էր, շաքարեղենից շինված, մի ամբողջ աշտարակ, որ Բաբելոնի աշտարակն էր հիշեցնում։ Սպասավորները, սև ֆրակները հագած, սպիտակ ձեռնոցներով, բերում էին ու դուրս էին տանում տանտիրոջ հարուստ խոհանոցի հարուստ պատրաստությունները։ Մի իմերել ծառա, սպիտակ մահուդի չերքեզկան հոգին, երկնագույն ատլասի արխալուղով, բարակ մեջքը սեղմած արծաթյա ոսկեզօծ քամարով, խենչալը կապած, վառոդամանի լայն, ոսկյա ժապավենը ուսովն անցկացրած, և սև մազերը սիրուն ճակատի վրա պսակաձև սանրած, երբեմն հայտնվում էր և դարձյալ դուրս էր դնում, կարծես իրան ցույց տալու համար։ «Փրիդոն» անունը մի առանձին քնքշությամբ հնչվում էր տանտիկնոջ բերանում, երբ ամեն անգամ որևէ պատվերով դիմում էր դեպի այդ ծառան։

Դա Արտեմ Պետրովիչի հասարակության ամենաընտիր արդյունքներից մեկն էր։

Տանտիկինը՝ Մարիա Սերգեևնան, և նրա ամուսինը, Սերգեյ Եգորիչը, գտնվում էին ամենաուրախ և ամենազվարճալի տրամադրության մեջ, աշխատելով նույնպես զվարճացնել թանկագին հյուրերին։ Աշխատում էին սրախոս լինել, աշխատում էին մինչև անգամ պերճախոս լինել, թեև այդ չէր հաջողվում նրանց։ Խոսակցությունը կատարվում էր երկու լեզվով. հները խոսում էին վրացերեն, իսկ նորերը՝ ռուսերեն։ Թե՛ առաջինը և թե երկրորդը ամենքն էլ վատ էին խոսում։ Մանավանդ Մարիա Սերգեևնան սաստիկ կարմրում էր, երբ ռուսերեն խոսելու ժամանակ խոշոր սխալներ էր անում, կամ մի բառ ուրիշ բառի տեղ էր գործածում։ Բայց նրա ամուսինը, Սերգեյ Եգորիչը, առանց քաշվելու, անխնա կերպով կոտրատում էր այդ լեզուն, ինչպես կոտրատում էր յուր ատամների տակ անուշ «զուրգիելի» պատառները։ Հրեաները կորցնելով իրենց լեզուն, ի՛նչ լեզվով որ սկսեցին խոսել, ծիծաղելի դարձան։ Այդպես է և թիֆլիզեցի հայը։

Սերգեյ Եգորիչր միջահասակ մարդ էր՝ կարմիր երեսով, որ միշտ խնամքով սափրելու սովորություն ուներ։ Սովորություն ուներ նաև կարճ կտրել գլխի ալեխառն մազերը և մկրատել ընչացքները։ Վերջինը վատ նշան էր։ Նրա նեղ, խորամանկ աչքերը այնպիսի տպավորություն էին գործում, որ, կարծես, ասելիս լինեին՝ «չհավատաք ինձ»։ Մի կեղծ ժպիտ միշտ խաղում էր ուռած շրթունքների վրա։ Նա ոչ մի կրթություն չէր ստացել, յուր անունը հազիվ ստորագրել գիտեր, այն ևս վրացերեն։ Իսկ նրա կինը, Մարիա Սերգեևնան, կարողանում էր ռուսերեն սխալներով կարդալ։ Դա այն կարճավիզ, կարճամեջք, հաստափոր կանանցից մեկն էր, որ «տյուրնիրի» գործածությունից հետո ավելի այլանդակվեցան։ «Թավսակրավին» մնաց, իսկ մյուս հագուստները փոխվեցան Փարիզի վերջին տարազներով։ Նորը պատվաստվեցավ հնի հետ, մի պատվաստ, որ ամենևին չէր կպչում։

Հյուրերի թվում կար մի փոքրիկ, սևլիկ երիտասարդ, որ յուր վրա էր դարձրել բոլորի ուշադրությունը։ Դա մի նորավարտ բժիշկ էր, որ ամեն հիվանդություն գիտեր բժշկել, բացի շահասիրության ախտից, որով վարակված էր և ինքը։ Աղա-Պարոնովների տանը համարյա ամեն շաբաթ պատրաստ էր մի կամայական հիվանդ, որի առիթով հրավիրում էին երիտասարդին, և ամեն այցելության ժամանակ, ստանալով ծրարի մեջ դրած կարմիր տասն ռուբլիանոցը, երբեք չէր ասում, թե հիվանդը բոլորովին առողջ է, այլ միշտ կրկնում էր. «կանցնի»․․․։

Երիտասարդ բժշկին լայն ասպարեզ էր սպասում։ Ավելի յուր ճարպկություններով, քան թե գիտությամբ, նա արդեն ընդհանուր խոսակցության առարկա էր դարձել։ Յուրաքանչյուր հարուստ համարում էր նրան լավ փեսացու։ Նույն համարումը ունեին և Աղա-Պարոնովները (Թիֆլիսի հարուստ վաճառականները մի առանձին մոլություն ունին բժիշկ֊փեսացուներ որսալու)։ Այդ էր պատճառը, որ միշտ զանազան առիթներով հրավիրում էին նրան իրանց տանը, որպեսզի ընտելացնեն օրիորդ Անիչկայի հետ։ Օրիորդի հայրը արդեն քառասուն հազարը մտքում գրած ուներ, բայց երիտասարդի ուեղի մեջ հիսուն հազարն էր պտտվում։ ճաշի ժամանակ օրիորդին նստացրել էին յուր հանդերձյալ փեսացուի մոտ։ Նրան կոչում էին Դաբաղյան։ (Հայրը դաբաղխանայում դաբաղի, այսինքն կաշեգործի բանվոր էր:) Բայց օրիորդը միշտ Դաբաղով էր կոչում նրան, որը սաստիկ տհաճություն էր պատճառում երիտասարդին, որովհետև նա իրան լավ հայ էր համարում։ Կարծես այդ օծված, կոկված երիտասարդից դեռ զգացվում էր ա՛յն անախորժ հոտը, որ փչում է դաբաղխանայում։ Համալսարանը, բարձր կրթությունը չէր կարողացել ոչնչացնել նրան։ Այդ հոտը զգում էր և օրիորդը, բայց թաքցնում էր յուր զըզվանքը։

Օրիորդը մի նիհար, բարձրահասակ աղջիկ էր, որ խիստ հազվագյուտ երևույթ էր Թիֆլիսի կարճահասակ կանանց մեջ։ Նրա գունաթափ դեմքի վրա վառվում էին մի զույգ կրքոտ աչքեր, որ դրված էին հազիվ նշմարելի մուգ-կապտագույն շրջանակի մեջ։ Նա գեղեցիկ չէր, բայց բավական հաճելի և համակրական դեմք ուներ։ Իսկ հայրը, իբրև վաճառական, յուր ապրանքը ավելի հաճելի ցույց տալու վարպետությունն ուներ։ Նա յուր խանութում երբեք լավ ապրանքը լավի հետ չէր ցույց տա, այլ միշտ լավը վատի հետ ցույց կտար, որ զանազանությունը նկատվի։ Այդ էր պատճառը, որ հյուրերի թվում ոչ մի գեղեցիկ օրիորդ կամ կին չկար, թեև Աղա-Պարոնովների բարեկամների մեջ կային մի քանի գեղեցիկներ, բայց չէին հրավիրված։ Հրավիրել էին միայն տգեղներին, և օրիորդ Անիչկան հրեշների մեջ փայլում էր, որպես բոլորի դիցուհին։

Բայց այդ դեպքում Սերգեյ Եդորիշը մի սխալ էր արել, որ փոխանակ աղջկան այս կամ այն կերպով ցույց տալու, ավելի շուտով նպատակի կհասներ, եթե յուր սնդուկը բաց աներ և փողերը ցույց տար պարոն Դաբաղյանին։

Հինգ տարի էր, որ օրիորդը ավարտել էր տեղային իգական գիմնազիոնում և համարվում էր լավ աշակերտուհիներից մեկը, բայց տակավին ֆրանսերենի ուսուցիչը և դաշնամուրի ուսուցիչը շարունակում էին հաճախել, թեև նա մի առանձին ձիրք չէր ցույց տալիս ոչ ֆրանսերեն լեզվի մեջ և ոչ երաժշտության մեջ։ Նա այն օր հագել էր մի նոր հագուստ, որ յուր տոնի առիթով մայրը հատկապես բերել էր տվել Փարիզից, և ավելի քան հազար ռուբլի արժեք ուներ։ Փարիզում մի հայտնի տարազագործի մոտ միշտ պահվում էր օրիորդի չափսը։ Պարոն Դաբաղյանը աշխատում էր զբաղեցնել օրիորդին, բայց խոսակցությունը չէր կպչում։ Նրանք ավելի հարց ու պատասխաններով էին զբաղված, քան թե խոսակցությամբ։ Զանազան գրքերի անուններ տալով, անդադար հարցնում էր երիտասարդը.

Դուք, Աննա Սերգեևնա, կարդացե՞լ եք այսինչ գիրքը։

Կարդացել եմ, ժպտալով պատասխանում էր օրիորդը։

Երբեմն խոսակցության մեջ խառնվում էր և մայրը, ասելով, որ «յուր Անիչկան» բոլոր գրքերը ունի և կարդացել է։ Այդ ուղիղ էր, որ նրա Անիչկան շատ գրքեր ուներ, իսկ արդյոք կարդու՞մ էր, դա դեռևս հարց էր։ Փառակազմ գրքերը այնպես շարված էին պահարաններում, իբրև զարդարանք, որպես շքեղ ալբոմները դրված էին սեղանների վրա։ Ծիծաղելին այն էր, որ գրքերը անգրագետ մայրն էր ընտրում յուր Անիչկայի համար, որպես ընտրում էր Տալլեի կամ Սեգալի մագազինից նրա հագուստի համար գործվածներ։ Մտնում էր այս կամ այն գրավաճառանոցը և, ի՞նչ գիրք որ աչքին դյուր էր գալիս, գնում էր։ Մի անդամ գնեց Բերնաչտամից - - ֊ -, որովհետև կազմը բավական փառավոր էր։ Գրավաճառ գերմանացին նրա ետևից կուշտ փորով ծիծաղեց, երբ իմացավ, թե աղջկա համար է տանում։

Աղա-Պարոնովների ընտանիքից ներկա էր սեղանին և Անիչկայի փոքր քույրը, որին կոչում էին Էլիչկա։ Նա դեռ դպրոց չէր գնում, պարապում էր տանը, մի ֆրանսիացի դաստիարակչուհու հոգաբարձության ներքո, որ միշտ գանգատվում էր, թե յուր արհեստական ատամները խորովածը լավ չեն կարողանում ծամել, թեև շատ սիրում է։ Այժմ ևս, յուր սանիկի մոտ նստած, նույն գանգատն էր սկսել։ Ներկա էր սեղանին և Անիչկայի եղբայրը, Գրիշան, մի չար գիմնազիստ, անդադար հորանջում էր, ձանձրանում էր, թե ե՞րբ կվերջանա անտանելի ճաշը, որ տանից դուրս փախչեի գնա բուլվարները չափելու։

Պատանու ձանձրույթը փարատվեցավ, երբ դատարկեցին շամպանիայի վերջին բաժակը օրվա հերոսուհու կենացը և, բոլոր հյուրերը մոտենալով, սեղմեցին նրա ծնողաց ձեռքը և ապա զանազան բարեմաղթություններով դիմեցին օրիորդին։

Հյուրերը սեղանատնից դուրս եկան ընդարձակ դահլիճը, որը զարդարված էր ամեն տեսակ շքեղություններով։

Տիկին Աղա-Պարոնովը համարվում էր ծաղկասեր, այդ պատճառով դահլիճի լուսամուտները զարդարած էին գույնզգույն կամելիաներով և ամենահազվագյուտ միջօրեական բույսերով։ Մի անկյունում դրած էր մի փառավոր լատանիա, որ յուր գեղեցիկ հովհարի ձևով լայն բացված տերևները տարածել էր դեպի ամեն կողմ։ Հակառակ անկյունում դրած էր մի շքեղ ցիկասյան արմավենի, որ յուր սիրուն փետրանման տերևներով ներկայացնում էր մի հսկայական, կանաչազարդ փունջ։ Տիկինը այդ բույսերը տեսել էր պալատում և իսկույն բերել տվեց արտասահմանից, որը արժեց նրան մի քանի հազար ռուբլի։

Կարմիր ատլասով պատած և թանկագին փայտից շինված, գեղաքանդակ կարասին աչք էր շլացնում։ Ահագին հայելիները, հիանալի շրջանակների մեջ գրած, բարձրացել էին մինչև առաստաղը։ Զանազան մեծամեծ ջահեր, զանազան տեսակ ղամբարներ, զանազան արծաթյա աշտանակներ այնպես խուռն կերպով լցրել էին ընդարձակ դահլիճը, որ, ո՛ր կողմ և նայում էիր, մինոր և ավելի սիրուն զարդ էիր տեսնում։ Բայց այդ բոլորը այնքան շինծու էր, այնքան արհեստական էր, որ գեղեցիկ դահլիճը, յուր ամբողջ պարագայքով, ոչ թե մի վայելուչ բնակարանի, այլ մի հարուստ մագազինի տպավորություն էր գործում։ Ամեն զարդարանք կար, բայց ճաշակ չկար, կարգ չկար։

Երբ փող և ցանկություն կար, հեշտ էր ամեն ինչ բերել տալ Եվրոպայից, հեշտ էր ձեռք ածել հայտնի նկարիչների ամենաընտիր գործերը և նրանցով զարգացել սենյակների պատերը։ Բայց այն, որ պատրաստի չէր վաճառվում բազարում, այն, որ դժվար էր ձեռք բերել փողով, նրանից զուրկ էին Աղա-Պարոնովները։ Բոլորովին աղքատ և գռեհիկ գրությունից, զանազան խարդախ ճանապարհներով, հանկարծ հարստության տեր դառնալով, նրանք չգիտեին, թե ի՛նչպես պետք էր ավելի պատշաճավոր կերպով վայելել հարստությունը։ Նրանք հին կյանքը մոռացան, նորն էլ չսովորեցին։ Սովորեցին միայն զանազան կապկորեն նմանողություններ, որ կեղծ, փչացած կրթության արդյունք էին։

Եռանկյունի մեծ դաշնամուրը, այդ ծառաների պատիժն ու պատուհասը, ստիպված էր շաբաթը մի քանի անգամ գաղթականության ենթարկվիր։ Անդադար տեղափոխվում էր դահլիճի մի կողմից դեպի մյուսը, և ամեն անգամ տիկինը նրան յուր տեղում անհարմար էր գտնում, որովհետև նա չգիտեր, թե որ առարկան ո՛ր տեղում պետք էր դնել։

Հյուրերը, սեղանատնից դուրս գալուց հետո, տարածվեցան՝ ոմանք բազկաթոռների վրա, ոմանք դիվանների վրա, սկսեցին ծխել։ Արկղիկների մեջ պատրաստ էր նրանց համար հավանյան։ սիգարների ամենաընտիր տեսակները։ Ոմանք, խմբիկներ կազմելով, սկսեցին թուղթ խաղալ։ Սերգեյ Եգորիչը, յուր հին սովորությամբ, սկսեց նարդի խաղալ յուր բարեկամներից մեկի հետ։ Մի քանիսը շրջապատեցին նրանց և, զանազան նկատողություններ անելով, նայում էին խաղին։ Ոմանք, այս և այն անկյունում նստած, խոսում էին կապալների կամ այլևայլ առևտրական ձեռնարկությունների մասին։

Դահլիճի մեջ այժմ ուրիշ ձայն չէր լսվում, բացի խաղացող հասարակության հաշիվների շշունջից և սպասավորների զգույշ ոտնաձայնից, որոնք, արծաթյա մատուցարանները ձեռքում, ելումուտ էին անում, բերելով հյուրերի համար սուրճ, շոկոլադ, պաղպաղակ, և ով ինչ ցանկանում էր։

Օրիորդ Անիչկան մնացել էր ոտքի վրա, չգիտեր ինչ անել։ Մայրը խաղում էր։ Նա մոտեցավ այն սեղանին, որի վրա դրված էին գեղեցիկ ընծաները, որ այն օր հյուրերը բերել էին յուր համար։ Մի առանձին բերկրությամբ նայեց նրանց վրա և անցավ դահլիճի մյուս կողմը, սկսեց խաղալ կանաչագույն թութակի հետ, որ դրած էր։ Մի բարձր, կոնաձև վանդակի մեջ։ Այդ միջոցին մոտեցավ պարոն Դաբաղյանը։

Ա՜խ, ի՛նչ գեղեցիկ թռչուն է, բացականչեց նա զարմացական ձայնով։ Խոսալ իմանո՞ւմ է։

Մի բառ միայն, պատասխանեց օրիորդը։

Ապա խոսացրու։

Օրիորդը դարձավ դեպի խելացի թռչունը, ասելով.

Ну ка, попка, скажи дур рак!

Թութակը, ուղիղ պարոն Դաբաղյանի երեսին նայելով, կրկնեց.

«Дур рак»!

Ձեր թութակը խիստ անքաղաքավարի է, օրիորդ, ասաց երիտասարդը, թաքցնելով յուր վիրավորանքը։ Բավական անախորժ բառ եք սովորացրել։

Մենք չենք սովորացրել, նա ինքն է սովորել, պատասխանեց օրիորդը ծիծաղելով։

Երևի, այդ բառը ձեր տանը շատ է գործածվում:

Ինչո՞ւ... պատահում է Պարոն Դաբաղյանը խիստ անել դրության մեջ ընկավ. չգիտեր հեռանալ թե մնալ օրիորդի մոտ։ Նրան ազատեց հյուրերից մեկի ձայնը, որ կոչեց. Պարոն բժշկապետ, այստեղ համեցեք։

Պարոն Դաբաղյանը բժշկապետ չէր, հասարակ բժիշկ էր, այնուամենայնիվ, լսելով հաճոյական ձայնը, շտապեց դեպի նա:

Օրհնած, ասաց Յակուլ Յակուլիչը, յուր մոտ նստացնելով երիտասարդին, մի քիչ էլ պառավներին մարդու տեղ դրեցեք, ջահիլները կան ու կան, միշտ ձեզ համար են։

Իզուր եք այսպես մտածում, Յակուլ Յակուլիչ, պատասխանեց երիտասարդը, աշխատելով ուրախ ձևանալ։ Ես, ընդհակառակն, փորձված և աշխարհ տեսած պառավների ամենաջերմ գնահատողներից մեկն եմ։ Ինձ համար թանկագին է նրանց յուրաքանչյուր խոսքը։

Եթե այդպես է, շատ ապրես, որդի։ Ծերի ցույց տված ճանապարհը ուղիղ դեպի մարդու սրտի ուզածը կտանե, ոչ մի անգամ չի մոլորեցնի։

Յակուլ Յակուլիչը Աղա Պարոնովների տան ամենամոտ բարեկամներից մեկն էր։ Նա մի սնանկացած վաճառական էր, որ այժմ ապրում էր յուր հին «նիսիաների» կորած փշրանքներով։ Անիչկանը դեռ կանգնած, խաղում էր թութակի հետ։

Նա, պարոն Դաբաղյանի ուշադրությունը դարձնելով օրիորդի վրա, ասաց.

Տեսնո՞ւմ ես, ի՜նչ շնորհալի աղջիկ է, աստված է վկա սաղ քաղաքումը հատն ու կտորը չկա։ Ուսումով ամենից բարձր է, խելքով ամենից բարձր է, սիրունությունով խո յուր նմանը չունի, կասես, հրեշտակ լինի։ Մի գիտենաս, ի՛նչպես «խազյայկա» է. հիմա որ գնա «կուխնին» , էն բանը կշինե, որ պալատի «պովարն» էլ չի կարող շինել։ Մայրը միշտ ջիգրվում է, ասում է, որդի, կուխնին մի՛ գնա։ Նա ասում է. չէ՛, պիտի գնամ, որ տեսնեմ ի՛նչպես են պատրաստում ամեն բան. ո՞վ է իմանում, աշխարքս փոփոխական է, կարելի է միշտ պովար չունենանք, որ մեզ համար կերակուր պատրաստե։ Լսո՞ւմ ես, որքան խելացի է, նա սև օրվա բանն էլ է մտածում։

Պարոն Դաբաղյանը լսում էր և, միևնույն ժամանակ, մի առանձին տխրությամբ նայում էր Յակուլ Յակուլիչի գովասանած «շնորհալի» օրիորդի վրա, որը մի րոպե առաջ այնպես դառն կերպով վիրավորեց իրան։ Այդ վիրավորանքը նա բոլորովին կատակի տեղ կնդուներ, եթե վերջին ժամանակներում չնկատեր նրա մեջ ոչ միայն խորին սառնասրտություն, այլ խիստ զգալի արհամարհանք դեպի ինքը։ Նա արդեն սկսել էր փոքր առ փոքր հավատալ այն տարածված լուրին, որ պտտում էր քաղաքում, իբր թե օրիորդը սիրահարված է մի շրջմոլիկ վրացի ափիցերի վրա, որը մի ժամանակ ծառայած է եղել գվարդիայում, իսկ անկարգության պատճառով հրաժարացրել էին։ Այսուամենայնիվ, նա դարձավ դեպի ծերունի խորհրդատուն, ասելով.

-Բոլորը ճշմարիտ է, Յակուլ Յակուլիչ, օրիորդ Անիչկան նրանից էլ շատ ու շատ ավել է, ինչ որ դու պատմում ես։ Բայց ո՞վ է մեղավոր...

-Մեղավորը հերն է, որդի։ Նա եթե ականջ դրած լիներ, հիմա բանը վաղուց վերջացած կլիներ։ Բայց դու էլ, որդի, պետք է քո «թամահը» մի քիչ պակասացնես։ Համ լավ աղջիկ, համ շատ փող, երկուսը միասին չի լինի։ Պետք է էնպես անել, «նա շիշ յանսն, նա քյաբաբ» (ոչ խորովածն այրվի և ոչ շամփուրը)։ Թուրքն անիծած է, բայց խոսքն օրհնած է։ Եթե ինձ ականջ դնելու լինես, ես շուտով կվերջացնեմ, հենց էս շաբթումը կվերջացնեմ։

Մինչ այս անկյունում այս տեսակ խոսակցության մեջ էին, օրիորդ Անիչկան արդեն սկսել էր ձանձրանալ։ Նրան ձանձրացրեց յուր սիրելի թութակը, նրան ձանձրացրին և յուր առիթով հավաքված հյուրերը, թողեց դահլիճը, դուրս եկավ պատշգամբի վրա, մի փոքր զովանալու, մի փոքր ազատ շունչ առնելու։ Գլուխը սաստիկ բորբոքման մեջ էր, մանուկ սիրտը անհանգիստ կերպով բաբախում էր։ Չգիտեր, թե ինչ է կատարվում յուր հետ։ Մոտեցավ և, առանց ուշադրություն դարձնելու, Փարիզից նոր բերել տված թանկագին հագուստով` հենվեցավ պատշգամբի բաց վանդակապատի վրա։ Մի առանձին ինքնամոռացությամբ նայում էր դեպի գեղեցիկ պարտեզը, որ բռնել էր բակի մեծ մասը։ Ձյունը արդեն դադարել էր գալուց, սփռելով պարտեզի նախշուն ածուների վրա յուր թանձր սավանը։ Մշտականաչ թուփերը` սպիտակ թախտի վրա` խիստ հիանալի տեսք էին ստացել։ Վարդենիների թերբաց կոկոնները` մի առանձին տհաճությամբ` ծռվել էին տերևների վրա նստած ձյունի ծանրության ներքո։ Ժրաջան այգեպանը, երկար ավելը ձեռին զգուշությամբ սրբում էր աղյուսի մանրուքով ծածկված ճեմելիքները, որ խոնավությունից ավելի կարմիր գույն էին ստացել։ Այդ բոլորը այնքան գրավիչ էր, այնքան սրտապարար էր, որ օրիորդը մինչև անգամ չմտածեց կրկնակոշիկները հագնել և այնպես յուր նուրբ, թեթև... վազ տվեց, սանդուղքներից ցած իջավ պարտեզը։ Նա մի քանի պտույտ տվեց այն ճեմելիքներով, որ արդեն սրբված էին, հետո ձեռքը տարավ դեպի մի խոշոր կոկոն, կտրեց և սկսեց մատներով բաց անել, առանց զգալու, որ կտրելու միջոցին մատը սաստիկ ծակվեցավ, և արյան վարդագույն կաթիլը ցայտեց վարդի դժգույն թերթիկների վրա։ Այգեպանը հեռվից նայում Էր նրա վրա և բարեսրտաբար ժպտում էր։ Նա մի քանի անգամ զգուշացրեց, թե ճեմելիքները դեռ թաց են ու խոնավ։ Բայց օրիորդը չլսեց։ Նա տխուր էր և հուզված։ Նրա սրտում ինչ որ ալեկոծվում էր։ Այստեղ ևս չկարողացավ ցրվել յուր ամբոխմունքը։ Կտրած վարդը խրեց բաբախող կուրծքի վրա և սկսեց դանդաղ ու մոլորված քայլերով դուրս գալ պարտեզից։

Կրկին բարձրանալով պատշգամբի վրա, նա անցավ խոհանոցի մոտով, որի լուսամուտները ներսի սաստիկ ջերմության պատճառով` բաց էին արել։ Ծառաները, սպասավորները, վերջացնելով իրանց գործը, անկարգ կերպով հրհռում էին, ծիծաղում էին, իրանք ևս նստել էին ճաշելու։ Աղմուկը գրավեց օրիորդի ուշադրությունը, գլուխը ներս տարավ լուսամուտից, սկսեց նայել։ Ծառաների զվարճության առարկան մանկահասակ Փրիդոնն էր (Արտեմ Պետրովիչի հայթայթած սպասավորը), որ այդ միջոցին հանաքներ էր անում մի կարմրաթուշ ռուս աղախնի հետ, փորձում էին իրանց ուժերը և, երկուսն էլ ընկնելով խոհարարի մահճակալի վրա, խեղդում էին միմյանց։ Օրիորդը երկար, մի առանձին հաճությամբ նայում էր վայրենի սիրո կատաղության վրա, մինչև լսելի եղավ մոր ձայնը.

Անիչկա, ո՞րտեղ ես դու, Անիչկա։

Օրիորդը թողեց զվարճալի լուսամուտը, մոտեցավ մորը:

Ո՞րտեղ էիր, մայրը։

Ման էի գալիս պատշգամբի վրա, կարմրելով պատասխանեց օրիորդը։ Գլուխս չգիտեմ ինչու ցավում է..

Մոր աչքերը ընկան նրա կոշիկների և հագուստի վրա։

Այդ ի՞նչ է, բոլորը աղտոտել ես, բոլորը ցեխոտել ես։

Ասում եմ, գլուխս ցավում է... պտտվում է... ո՞վ է իմանում, որտեղ եմ քսվել...

Դա շատ անվայել է, Անիչկա, ասաց մայրը փոքր ինչ զայրացած ձայնով։ Դու պետք է չհեռանաս հյուրերից։ Այնտեղ խնդրում են, որ մի բան ածես դաշնամուրի վրա, իսկ դու չկաս։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։

Այժմ այդ հագուստով ի՞նչպես կհայտնվես դու հյուրերի մոտ։

Մի՛ բարկանար, սիրելի մայրիկ, ասաց օրիորդը գրկելով մոր պարանոցը։ Ես իսկույն կփոխեմ հագուստս։ Օրիորդը վազեց յուր սենյակը, բայց հագուստը չփոխեց։ Այնպես ընկավ թավիշյա դիվանի վրա և, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ...

Be the first who will comment on this

Other parts of "Մինն այսպես, մյուսն այնպես"

Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

View of Bjni Fortress
View of Bjni Fortress
Play Online