Raffi

Մինն այսպես, մյուսն այնպես

3

Օրիորդը մի առ մի թվեց անունները։

Մեծ ուրախություն կպատճառեք ինձ, ասաց երիտասարդը։ Եվ դա շատ նպատակահարմար կլիներ։ Այժմ վաճառականների հարցը հերթի վրա է։ Կարծես պարոն Սիրաքի վերջին աշխատությունը նրանց կյանքիցն է առնված։ Այո՛, պարոն Արուսյան, մի կատարյալ լուսանկար է, դու անպատճառ կհավանես։ Այժմ ցտեսություն։ Նա վազեց դեպի դռները, բայց մի բան մտաբերելով, կրկին ետ դարձավ, հարցնելով.

Ե՞րբ պետք է հավաքվել, պետք է նշանակել օրը, որ մյուսներին ևս իմացում տամ։

Ավելի հարմար է առաջիկա շաբաթ երեկոյին։

Իհարկե, ճաշելիքներ, գինի, մրգեղեններ և ամեն ինչ ըստ կարգին պատրաստել կտաս: Մեր հասարակությունը այդ մասին գիտես սաստիկ խստապահանջ է։ Ցտեսություն։

Պարոն Արուսյանը բռնեց նրա ձեռքից, ստիպելով.

Ինչո՞ւ ես այսպես շտապում, մի փոքր նստիր, հանգստացիր. երևում է, որ շատ հոգնած ես։

Այո՛, հոգնած եմ, ասաց նա, աշխատելով ձեռքը ազատել։ Այնքան ման եմ եկել, որ ոտներս շան նման հաչում են։

Օրիորդ Սաթենիկին տեսա՞ր։ Այդ երկու օրիորդները թեև մի առանձին ատելություն չունեին, բայց համբերել ևս չէին կարող միմյանց։

Տեսա, ասաց նա երեսը խոժոռելով, սանդուղքներից թոնթորալով ցած էր իջնում։ Երևի քո մոտից էր դուրս գալիս։ Բարևեցի, ձայն չհանեց։ Կամ այնպիսի ձայն հանեց, որ ես ասեցի։ Այդ աղջիկը օրըստօրե այնքան փոքրանում է, որ վերջը բոլորովին կհալվի։ Ցտեսություն։

Լավ, ո՞ւր պիտի գնաս, որ այդպես շտապում ես:

Պարոն Վախթանգյանի մոտ։ Դա մի երիտասարդ նկարիչ էր, որ փայլուն ապագա էր խոստանում։

Իսկ այնտեղի՞ց։

Պարոն Սելիմի մոտ։ Դա մի երիտասարդ նվագագիր-երաժիշտ էր, որ սկսել էր հայկական եղանակները եվրոպական ձայնագրության վերածել:

Հետո՞։

Օրիորդ Անահիտի մոտ։ Դա մի պոլսեցի դերասանուհի էր, որ հրաշալի աչքեր ուներ, բայց անախորժ ձայն։

Իսկ այնտեղի՞ց։

Այսպես, եթե բոլորը հարցնելու լինիս, այնքան ժամանակ կխլես ինձանից, որ ես չեմ կարող և ոչ մեկին տեսնել։ Ցտեսություն։ Կարող ես։ Մի փոքր նստիր, ես ուրիշ բան պիտի հարցնեմ, մի բան միայն։

Օրիորդը մոտեցավ պարոն Արուսյանի գրասեղանին, առեց այնտեղի վերջին մնացած պապիրոսը, վառեց և ձգվեցավ դիվանի վրա։ Նա կրկին սկսեց հառաչել, թե «ոտները շան նման հաչում են»։

Երևի, շատ ես թափառել։

Ա՜խ, ո՛րտեղ ասես չեմ եղել։

Օրինակ, ո՞րտեղ։

Դու դարձյալ սկսեցիր քո հարցուփորձը, ընդմիջեց օրիորդը, տեղից վեր կենալով։ Դու խոստացար միայն մի բան հարցնել։ Ցտեսություն։

Լավ, նստիր, ուրիշ բան չեմ հարցնի։

Նա կրկին ձգվեցավ դիվանի վրա, սկսեց ծխել:

Նրա տոհմանունը Վահրամյան էր, իսկ անունը Վարդուհի, բայց ծանոթները կոչում էին օրիորդ «Ցտեսություն»։ Այդ մականունը ստացել էր նա իր չափազանց շրջմոլիկ սովորության պատճառով, որ նրա մեջ համարյա մի առանձին ախտ էր դարձել։ Ամեն օր, գործով թե անգործ, պետք է անպատճառ յուր բոլոր ծանոթների մոտ մտներ և, ոտքի վրա մի քանի խոսք խոսելով, և վերջը «ցտեսություն» ասելով շտապով հեռանար։ Նրա մեջ տևողական ոչինչ չկար, բացի յուր բարի սիրտը։ Ամեն ինչ սկսել էր և այնպես կիսատ թողել։ Յուր բախտը և ընդունակությունները զանազան ձեռնարկությունների մեջ փորձելուց հետո, այժմ սկսել էր մանկաբարձություն սովորել, որ մի կտոր հաց գտնե։ Եղել էր արտասահմանում, եղել էր Շվեյցարիայում, շատ խոսացել էր, բայց ոչինչ չէր սովորել։ Սիրահար էր գեղարվեստի և գեղարվեստով պարապողների և նրանց համար ամեն հանձնարարություն պատրաստ էր կատարել։ Պարոն Արուսյանի հետ նրա հարաբերությունը կատարյալ բարեկամական էր։ Երիտասարդը սաստիկ հարգում էր այդ եռանդոտ, բայց անբախտ աղջկան։ Նա, օրիորդ Սաթենիկի նման, չէր մերժի ծանոթների օգնությունը երբ դրամի պետք ուներ, իսկ եթե նրանց մեջ կարոտություն նկատեր, յուր վերջին լուման կտար: Բոլորովին գռեհիկ և խստաբարո ծնողների զավակ էր, յուր ամբողջ կյանքում նրանցից որևէ մխիթարություն չէր տեսել։ Ծնողները հալածում էին նրան, որովհետև իրանց նման չէր։

Սամովարը ձեռին, կրկին հայտնվեցավ Հայրապետը և, խեթ կերպով նայելով դեպի օրիորդը, դրեց սեղանի վրա։

Ա՛յ, խելացի բան, տեսա՞ր, սիրելի Հայրապետ, ծիծաղելով ասաց նրան օրիորդը։ Օրհնած, մի փոքր վաղ բերեիր, դու չէի՞ր իմանում, որ քո պարոնը հյուր ունի։

Հենց դո՞ւ էիր պակաս, պատասխանեց ծառան յուր խռպոտ ձայնով։ Ես յուր ժամանակին սամովարը դրել էի, բայց քաղցածները քեզանից առաջ եկան ու դատարկեցին։

Օրիորդը գիտեր, թե «քաղցածներ» բառը սովորաբար ի՞նչ տեսակ այցելուների համար գործ էր դնում Հայրապետը։

Հայրապետին մի՛ խոսացրեք, մեջ մտավ պարոն Արուսյանը, նա այս երեկո սաստիկ բարկացած է։

Այդ ոչինչ, մենք Հայրապետի հետ կկռվինք, դարձյալ շուտով կբարիշենք, ասաց օրիորդը, տեղից վեր կենալով և մոտենալով իրան։ Հայրապետը լավ տղա է, հիմա կգնա հաց էլ կբերե, հոլանդական պանիր էլ կբերե, չի մոռանա և ծխախոտի մասին։ Թույլ տո՛ւր, բաժակները ես կմաքրեմ, իսկ դու գնա, սիրելի Հայրապետ։

Չնայելով Հայրապետի սաստիկ հակակրությանը դեպի օտարոտի օրիորդը, որ նրան բոլորովին անտանելի էր, ընդհակառակն, այս անգամ բավական շողոքորթեցին նրան «լավ տղաս և «սիրելի» բառերը, և նա չայդանը սամովարին դնելուց հետո իսկույն վազեց դեպի փողոցը պահանջած ուտեստները գնելու համար, մանավանդ նա գիտեր, որ այն երեկո սպասում էին և ուրիշ հյուրերի։

Ծառայի հեռանալուց հետո օրիորդը մաքրեց բաժակները, և առանց սպասելու, որ թեյը յուր գույնը բոլորովին դուրս տար, մի բաժակ ածեց յուր համար, մյուսը՝ պարոն Արուսյանի համար և, դնելով նրա գրասեղանի վրա, ինքն ևս նստեց նրա մոտ, ասելով.

Այժմ խոսենք, ուրիշ ի՞նչ ունեիր հարցնելու։ Միայն կարճ կտրիր, որովհետև ես ժամանակ չունեմ երկար սպասելու։

Ահա ի՛նչ ունեի հարցնելու, պատասխանեց երիտասարդը, ուրախ դեմք՝ ընդունելով։ Առաջիկա շաբաթ երեկո հավաքվում եք ինձ մոտ՝ կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը։ Դա արդեն վճռված է։ Թե ովքե՞ր պետք է հավաքվեն, բոլորի անունները հայտնեցիր ինձ։ Բայց մեկը մնաց ինձ համար անհայտ, արդյոք «նա» էլ լինելո՞ւ է։ Օրիորդը զարմացած կերպով նայեց երիտասարդի երեսին և փոքր-ինչ մտածելուց հետո պատասխանեց.

Ինչո՞ւ չէ, եթե ցանկանում ես, նրան էլ կբերենք մեզ հետ: Ցանկանում եմ, Վարդուհի, իմ բոլոր բաղձանքներով ցանկանում եմ։ Երիտասարդի անակնկալ ոգևորությունը նոր զարմանք պատճառեց օրիորդին։ Նկատելով, որ խոսակցությունը մի բավական լուրջ առարկայի էր վերաբերում, նա շտապով դատարկեց թեյի բաժակը և, մատով թափ տալով պապիրոսի ծայրին երկարացած մոխիրը Հայրապետի մեծ ջանքերով մաքրած հատակի վրա, սկսեց ագահությամբ ծխել։ Նա ծխում էր և անդադար թափ էր տալիս մոխիրը երբեմն հատակի վրա, երբեմն գրասեղանի վրա ածած թղթերի վրա, բոլորովին մոռանալով մոխրամանը, որ յուր մոտ դրած էր։

-Ինչո՞ւ այդպես շփոթվեցար, Վարդուհի, ծիծաղելով հարցրեց երիտասարդը։

-Ասա՛ խնդրեմ, Ռուբեն, հարցրեց նա վրդովված ձայնով, ի՞նչ ես գտել այդ դատարկ, թեթևամիտ օրիորդի մեջ, որ նրան մոռանալ չես կարողանում։

-Ուղիղն ասած, ես ինքս դեռևս չգիտեմ, թե ինչ եմ գտել նրա մեջ։ Բայց նրանում կա մի բան, մի անբացատրելի, սքանչացնող բան, որ ինձ հանգստություն չէ տալիս։

Խոսակցությունր օրիորդ Ադա-Պարոնովի մասին էր:

-Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան, շարունակեց երիտասարդը ավելի ոգևորությամբ, ամեն անգամ, երբ անցնում է նա իմ պատշգամբի վրայով և, մի կողմնակի հայացք ձգելով դեպի իմ սենյակի լուսամուտը, գնում է յուր մորաքրոջը տեսնելու, կարծես իմ սիրտը յուր հետն է տանում։

Պարոն Արուսյանի բնակարանին կից սենյակներում յուր միակ դստեր հետ ապրում էր մի այրի կին, որը Աղա-Պարոնովի կնոջ քույրն էր։ Իր երկու սենյակները պարոն Արուսյանը վարձել էր նրանից, որովհետև նրանց համար ավելորդ էին։ Այդ այրին ամբողջ քաղաքում հայտնի էր թե յուր ագահությամբ և թե յուր ժլատությամբ։ Պարոն Արուսյանի ամսական 25 ռուբլի վճարը այնքան մեծ վարձ էր երկու փոքրիկ սենյակի համար, որ նա միշտ դողում էր յուր բնակչի վրա, մի գուցե կորցնե նրան։ Իսկ պարոն Արուսյանը յուր կողմից միշտ պատրաստ էր գոհացնել իր տան տիկնոջր. որովհետև այդ բնակարանը նրան թե՝ դյուրություն և թե մի առանձին հաճություն էր պատճառում, երբ ամեն անգամ օրիորդ Անիչկան՝ Աղա-Պարոնովի դուստրը, նրա լուսամուտների առջևից անցնելով, գնում էր յուր մորաքրոջը կամ մորաքրոջ աղջկան տեսնելու։

Օրիորդ Վարդուհին, ծխելով ձեռքի պապիրոսը, կամեցավ երկրորդը վառել, բայց թղթակապոցի մեջ պապիրոս չէր մնացել։ Պարոն Արուսյանը բաց անելով գրասեղանի արկղիկը, դուրս բերավ մի թանկագին սիգար և աոաջարկեց նրան։ Բայց նա հրաժարվեցավ, ասելով, որ գլուխը կցավացնե։ Պ. Արուսյանը ինքը վառեց սիգարը։

-Գիտե՞ս, Ռուբեն, խոսեց օրիորդը յուր բնավորությանը բոլորովին հակառակ ծանրությամբ, քո այդ ոգևորությունը, երիտասարդական այն դյուրաբորբոք, բայց թռուցիկ հրապույրներից մեկն է, որ մեզանից ամեն մեկին պատահել է։ Բայց պատահել է այն ժամանակ, երբ մենք տասնյոթ կամ տասնութ տարեկան էինք, և մեր սրտի ու ուղեղի մեջ ոչինչ ներդաշնակություն չկար։ Իսկ այժմ քո տարիքը բարձր են այդ թվերից...

-Իզուր ես այդպես մտածում, Վարդուհի, պատասխանեց պարոն Արուսյանը, վշտացած ձայնով: Իզուր ես կարծում, որ ես անձնատուր եղած լինեի ցնորամիտ հրապույրների։ Օրիորդ Անիչկան, իրավ է, այժմ դատարկ և մինչև անգամ թեթևամիտ աղջիկ է, բայց հմուտ ձեռքի տակ կարող է ամենապատվական կին դառնալ։ Ես նրան համարում եմ մի ընդունակ, բայց անմշակ նյութ, որից կարելի է ամենագեղեցիկ բան պատրաստել։

-Լավ, ի՞նչն է ստիպում քեղ խակ տանձը առնել, այն հուսով, որ հարդի մեջ դնելով, կհասունանա։

Հենց այդ գործողությունը, հենց այդ փորձը: Դա ինձ մեծ բավականություն կպատճառե, որ զբաղված կլինիմ նրա կրթությունով:

-Դու միթե մոռացե՞լ ես, Ռուբեն, որ այդ փորձը մենք արեցինք, բայց ոչինչ դուրս չեկավ։ Տվեցինք նրան զանազան գրքեր կարդալու, փոքր առ փոքր մտցրինք «մեր շրջանի» մեջ, բայց բոլորը անցավ ապարդյուն։ Օրիորդի հիշած «շրջանը» ոչ այլ ինչ էր, բայց միայն բարեկամուհիների մի փոքրիկ խումբ, որ զբաղված էին թարգմանություններով, երբեմն գրականական երեկոներ էին ունենում, ուր կարդում էին իրանց թարգմանությունները կամ ինքնուրույն գրվածքները։

Ձեր շրջանը չէր կարող այն ազդեցությունը գործել նրա վրա, ինչ որ կարող եմ ես ունենալ, պատասխանեց պարոն Արուսյանը։ Խնդիրը բոլորովին այլ է, երբ աշակերտը սիրում է ոչ թե ուսանելի առարկան, այլ ուսուցչին։ Ուսուցչին սիրելով, նա կսկսե իր դասը լավ սովորել, որպեսզի չվշտացնե նրան։

Դու կարծո՞ւմ ես, որ նա սիրում է քեզ։

Դրանում ոչինչ տարակույս չունիմ։ Եվ հավատո՞ւմ ես նրա սերին։

Բոլորովին։

Օրիորդը սկսեց ծիծաղել։

Ո՞ւմը չէ սիրել նա։ Գուցե հենց այժմ, բացի քեզանից, մի քանիսին ևս սիրում է։

Նրա այդ իսկ թուլությունից պետք է օգուտ քաղել։ Թե ո՞ւմն է սիրել նա, կամ այժմ, բացի ինձանից, ուրիշ ո՞վքեր են սիրում, ինձ անհայտ է։ Բայց այդքանը գիտեմ, որին որ սիրելու լինի, անպատճառ անկեղծությամբ կսիրե։

Րոպեական անկեղծությամբ։ Այն որ կոչվում է վայրկենական ինքնամոռացություն, կամ, ավելի ճիշտ, անցողական տարփանք։

Ինչպես կամենում ես՝ համարիր։

Օրիորդը դարձյալ սկսեց ծիծաղել։

Իսկ դու սիրո՞ւմ ես նրան։

Չեմ կարող ասել, թե սիրում եմ։ Բայց այսքանը հաստատ է, որ զգում եմ դեպի նա մի տեսակ խորին կարեկցություն, որը զգում է մարդ, երբ տեսնում է մի թշվառական, որ կարոտ էր օգնության։

Գիտե՞ս, Ռուբեն, նկատեց Վարդուհին ավելի լուրջ կերպով, քո վարմունքը, եթե մի այլ անուն չտամ, կատարյալ դոնքիշոտություն է և վտանգավոր դոնքիշոտություն։ Ի՞նչ միտք ունի յուր ամբողջ ապագան, յուր ամբողջ բախտը դնել մի փչացած աղջկա վրա և բոլորովին երիտասարդական հույսերով սպասել, թե Նրանից կարելի է օրինավոր կին դարձնել։

Նա փչացած չէ, Վարդուհի, նա փչացած ընտանիքի դժբախտ արդյունք է։ Այն ընտանիքի, որ դեռ ասիական ցեխի մեջ թավալվելով, ձգտում է ոչ միայն իբրև եվրոպացի ներկայանալ, այլևս որպես արիստոկրատ ձևանար նա ոչ հայոց նահապետական ընտանիքի անմեղ դուստր է և ոչ ուսյալ ընտանիքի բարեկիրթ զավակ։ Այն նոր խմորված և դեռ չպարզված գինու մրուր է։ Ինչ որ կատարվում է բնության մեջ, նույնը և կատարվում է մարդկային հասարակությունների մեջ, Վարդուհի։ Մրրիկները, փոթորիկները, օդի խառնակությունները ըստ մեծի մասին տեղի են ունենում տարվա եղանակների փոփոխության միջոցներում։ Մեր հասարակությունը մի այնպիսի փոխանցական դրության մեջ է, ասիականից դեպի եվրոպականը։ Եվ հենց այդ միջոցում տեղի են ունենում բարքերի ապականություններ, մանավանդ երբ փոխանցումը ցումը հաջորդաբար և կանոնավոր կերպով չի կատարվում, այլ հանկարծ, շուտափույթ թռիչքներով...

Թողնենք այդ փիլիսոփայությունները, անհամբեր կերպով ընդհատեց օրիորդը, դու բոլորովին վճռե՞լ ես, ինչ որ խոսում ես։

Բոլորովին։ Ոչինչ չէ կարող խախտել իմ կամքը։

Շատ կսխալվիս։

Ինչո՞ւ, Վարդուհի։ Եթե իմ նպատակին ևս չհասնեմ, դարձյալ մի բարի գործ կատարած կլինեմ։ Նա մի զոհ է և թշվառ զոհ յուր անպիտան ծնողների ձեռքում։ Նրա մեջ կան լավ ընդունակություններ և ազնիվ հակումներ։ Նրան դեռ կարելի է ուղղել։ Պետք է ազատել այդ զոհը։ Դու իմ վարմունքը կամենում ես դոնքիշոտություն համարիր, կամենում ես մի արկածախնդիր ասպետի ցնորամիտ ձեռնարկություն համարիր, միևնույն է ինձ համար, բայց պետք է ազատել նրան։

Դու կարծում ես հե՞շտ է նրան խլել ծնողների ձեռքից» Ծնողները մտածում են, կա՛մ մի իշխան, թեկուզ աղքատ լիներ, կա՛մ մի բարձր աստիճանավոր, ի՛նչ ազդից որ լիներ, և կամ մի բժիշկ փեսա ունենալ։ Իսկ դու դրանցից և ոչ մեկը չես։

Ծնողները ինչ որ մտածում են, թող դարձյալ իրանց մտածությունների մեջ մնան։ Ինձ հարկավոր էր ստանաք միայն օրիորդի կամքը, և ես ստացել եմ արդեն։

Ճշմարի՞տ ես ասում։

Ես քեզանից մինչև այսօր ոչինչ չեմ թաքցրել, Վարդուհի, և մանավանդ այդ դեպքում ամենևին առիթ չուն իմ ծածկամիտ լինելու։

Նա լինո՞ւմ է քեզ մոտ։

Լինում է։ Մի անգամ անցավ իմ լուսամուտների առջևից, իբր թե դնում էր յուր մորաքրոջը և նրա աղջկան տեսնելու, մի այնպիսի ժամանակ, երբ ինքը շատ լավ գիտեր, որ նրանք տանը չեն։ Լուսամուտները բաց էին, ես միայնակ նստած, ծխում էի և նայում էի դեպի դուրսը։ Հայրապետը տանը չէր։ Նա անցավ և ինձ տեսնելով, թեթև կերպով գլուխ տվեց ու ժպտաց։ Մի քանի րոպեից հետո կրկին վերադարձավ և, կանգնելով լուսամուտի հանդեպ, հարցրեց, թե ո՞ւր է գնացել յուր մորաքույրը, որ դռները փակ են։ Ես չգիտեի, թե ուր էր գնացել, բայց հանաքով ասացի, երևի շուտով կվերադառնա, եթե օրիորդը ցանկանում է մի փոքր սպասել նրան, ինքը շատ ուրախ կլինի, եթե կմտնե յուր մոտ։ Նա ներս մտավ.․․

Այդ միջոցին ներս մտավ Հայրապետը, ծանրաբեռնված յուր գնած մթերքներով և ընդհատեց հետաքրքիր պատմությունը։

Ցտեսություն, ասաց թախծալի ձայնով Վարդուհին և դուրս եկավ երիտասարդի սենյակից։

Օրիորդի տխրությունը զարմացրեց բարեսիրտ Հայրապետին, որը ապշած կերպով երկար նայում էր նրա ետևից և երևակայել անգամ չէր կարող, որ նա իր բերած ուտեստների վրա ուշադրություն չի դարձնի, մանավանդ որ ինքն էր պատվիրել։

Պարոն Արուսյանը նույնպես զգացվեցավ...


Միևնույն շաբաթ օրվա երեկոյան պահուն, երբ պարոն Արուսյանը և Աղա-Պարոնովը, միասին դուրս գալով քարվանսարայից, իսկույն բաժանվեցան միմյանցից, և երբ առաջինը ուղղակի դիմեց դեպի իր բնակարանը, ուր ինչո՛վ էր զբաղված, մեզ հայտնի է, վերջինը, Աղա-Պարոնովը, ընդհակառակն, գնաց զբոսնելու։

Երեկոն զով էր և լուսնային։ Գալավինսկի պրոսպեկտը լցված էր խուռնք խայտաճամուկ բազմությամբ։ Ոմանք ցիլինդրներով, ոմանք ֆուրաշկաներով, ոմանք փափախներով, ոմանք բաշլիկներով, ոմանք չալմաներով, ոմանք ֆեսերով, մի խոսքով որքան գլուխներ՝ այնքան և գլխարկներ, մի բազմատարազ և բազմալեզու խառնուրդ, որ ներկայացնում էր կիսաասիական և կիսաեվրոպական քաղաքի գույնզգույն հասարակությունը։

Անասունների հասարակությունն ևս նույն բազմասեռ խառնուրդն էր ներկայացնում։ Մրգավաճառների իշաները ամեն անգամ համառությամբ կտրում էին ճանապարհը։ Ածխավաճառների ջորիները, առանց աջ ու ձախ նայելու, տրտինկ տալով, վազում էին դեպի իրանց գիշերային իջևանը։ Դրանց թվում, փալանը ուսին, գլուխները քաշ գցած, գործից վերադառնում էին Հայաստանի հոգնած մշակները, որովհետև նրանց թույլ չէին տալիս բուլվարներով անցնել և իրանց հնամաշ փոշեպատ հագուստներով քսվել մաքուր հասարակության։ Կարճահասակ թարաքաման, ահագին մոթալ փափախը գլխին, ետևից քաշ էր տալիս ուղտերի քարավանը։ Անասունների դահիճ սայլապանը ձեռքի երկար վարոցով անխնա և առանց պատճառի գանակոծելով լծած գոմեշներին և անդադար նրանց «հավատն» ու «հոգին» հայհոյելով, քշում էր իր ճռնչող սայլակը» Այդ հնադարյան սայլակների միջով անցնում էին սրարշավ կառքերը, կամ, սիգապանծ նժույգների վրա նստած, վերադառնում էին «Մուշտայիդի» զբոսանքից անվեհեր ամազոնուհիք և, շրջապատված երիտասարդ հեծյալներով, փոթորկի նմանսլանում էին ընդարձակ փողոցով։

Բnւլվшրների վրա անցուդարձը անտանելի էր։ Տղամարդիկ ու կանայք անդադար ընդհարվում էին, և միմյանց կողքը լավ տրորելուց հետո մխիթարում էին միմյանց «виноват» կամ «пардон» բացականչություններով։ Շատերը ամենևին ներողություն չէին խնդրում։ Նրանց ետևից լսվում էր «ишак» բացականչությունը։ Մի քանի անդամ Աղա-Պարոնովի ականջներին զարկեց այդ խոսքը, բայց նա իրան խլության տվեց։

Նրան հանդիպեց կինը, աղջիկը, փոքրիկ երեխան, որ բռնել էր աղախնի ձեռքից և վերադառնում էին Ալեքսանդրյան այգիից։

Դո՞ւ ես, Մաշո, հարցրեց կնոջից վրացերեն լեզվով։ Ո՞ւր եք գնում։

Տուն, պատասխանեց կինը նույն լեզվով։ Շատ ման եկանք, բոլորովին հոգնեցանք։

Դե, գնացեք։

Նրանք, որպես օտար մարդիկ, բաժանվեցան միմյանցից։ Սերգեյ Եգորիչը մինչև անգամ ուշադրություն չդարձրեց օրիորդ Անիչկայի վրա, որ այն երեկո դուրս էր եկել բոլորովին այլատարազ հագուստով։ Աշխատեց շուտով ազատվիլ նրանցից։ Նա յուր ընտանիքի հետ ման գալ չէր սիրում և բարկանում էր, երբ նրանք ուրիշների հետ էին ման դալիս։

Մայրը այն օր դուրս էր բերել օրիորդ Անիչկային փոքր-ռուսական հագուստով, որ այդ ժամանակ մի նորություն էր հայ վաճառականների շրջանում։ Ռուսները հագցնում էին իրանց աղջիկներին պատրիոտի զգացմունքից դրդված, իսկ հայերը հագցնում էին՝ նրանց նմանելու համար։ Գուցե հիշյալ նկրտումները բոլորովին հայտնի չէին օրիորդ Անիչկայի նորասեր մորը, բայց, այնուամենայնիվ, այդ գույնզգույն և խայտաբղետ հագուստը, պետք է ասած, խիստ սազ էր դալիս օրիորդին։ Նրա բարձր, նուրբ իրանը, այն պարզ և նախնական հագուստի մեջ, պատկերանում էր յուր վայելչագեղ կազմվածքի բոլոր հրապուրանքով։ Այդ սլավոնական տարազը միայն երկու կտորից էր բաղկացած, նախշուն կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած պարեգոտից, որ իջնում Էր մինչև ոտները, և նույնպես նախշուն երկար գոգնոցից, որ բռնել էր նրա առաջը։ Մետաքսյա կարմիր գոտին գեղեցիկ հանգույցներով սեղմել էր մեջքը և յուր ծոպավոր ծայրերով քաշ էր ընկած կողքից։ Գլխին, ընդհակառակն, դրած ուներ եվրոպական հարդից գլխարկ, մուգ գույնով, որի տակից հարուստ գիսակների միակ հյուսը, կապած ծիրանի և երկնագույն ժապավեններով, իջել էր թիկունքի վրա։ Ուսերը սքողած թափանցիկ շղարշով, կիսով չափ բաց էին։ Պարանոցը զարդարած էր մի քանի շարք խոշոր մարջաններով, որ հանգչում էին նույնպես կիսամերկ կուրծքի վրա։ Այդ կարմիր հուլունքները, մարմարիոնի նման սպիտակ մարմնի վրա, խիստ հրապուրիչ տեսք էին ստացել։ Պարեգոտի լայն, բայց կարճ թևքերի միջից երևան էին գալիս հոլանի բազուկները, որ, ապարանջանների փոխարեն, նույնպես զարդարված էին կարմիր հուլունքներով։

Նա լուռ գնում էր առջևից, և անդադար մի առանձին ուշադրությամբ նայում էր դեպի յուր ետևը, տեսնելու, արդյոք մայրը հետեվո՞ւմ է իրան։ Մայրը հետևում էր և, միևնույն ժամանակ, հիանում էր նրանով։

Մոր ետևից գալիս էր հաստաթշիկ և հաստաբազուկ ռուս աղախինը, որ նույնպես փոքր-ռուսական հագուստ ուներ։ Լիքը պարանոցը զարդարված էր կեղծ մարգարիտներով, իսկ գլխի մոխրագույն մազերը հավաքել էր բաց-կապտագույն թաշկինակի մեջ։ Նա ուժեղ ձեռքով քարշ էր տալիս Անիչկայի փոքրիկ եղբորը, որ ամեն րոպե համառությամբ կանգ էր առնում և նայում էր դեպի յուր շուրջը։ Հայտնի չէ, թե ի՛նչ նպատակով այդ խեղճ երեխային փաթաթել էին մի այնպիսի այլանդակ հագուստի մեջ, որ ռուս կառապաններն էին միայն հագնում։

Նրանք գնում էին և երբեմն կանգ էին առնում, որովհետև ճանապարհին հանդիպած ծանոթների հետ պետք էր մի բան խոսել, մի բան ասել։

Կառքով անցնում էր բժիշկ Դաբաղյանը։ Նրան կանչել էին մի մահամերձ հիվանդի օգնելու։ Տեսնելով Աղա-Պարոնովներին, մոռացավ հիվանդին, կանգնեցրեց կառքը և ցած վազեց։ Անիչկայի քնքուշ դեմքի վրա նշմարվեցան տհաճության խոժոռներ։ Նա մոտեցավ և, շտապով մի քանի խոսք ասելով մորը, իսկույն դարձավ դեպի օրիորդը.

Այդ հագուստի մեջ դուք այնքան նազելի եք, Աննա Սերգեևնա, որ ես չկարողացա լոկ հարևանցի նայվածքով բավականանալ. կամեցա ավելի մոտից նայել ձեզ վրա և հիանալ։ Բժշկի ջրալի հաճոյախոսությունը ավեյի տհաճություն պատճառեց օրիորդին։

Ո՞ւր էիք գնում, հարցրեց սառնությամբ, իբր թե չլսեց նրա խոսքերը։

Ինձ կանչեցին մի հիվանդի մոտ. խեղճը անհուսալի դրության մեջ է։

Եվ դուք այդպես ուշանո՞ւմ եք։

Միևնույն է։ Իմ օգնությունը հազիվ կազատե նրան։

էլ այդպես համոզված եմ..., ասաց օրիորդը ծիծաղելով և երեսը շուռ տվեց։

Պարոն Դաբաղյանը այն ժամանակ միայն հասկացավ օրիորդի կծու ակնարկությունը, երբ նա կրկին նկատեց։

Ձեր կառքը հետևում է ձեզ, պարոն Դաբաղյան։

Ես կցանկանայի մի փոքր երկար ճանապարհ դնել ձեզ։

Այդ միջոցին, օրորվելով և ահագին հովանին գետնից քաշ տալով, նրանց դեմ ու դեմ գալիս էր օրիորդ «Ցտեսությունը»։ Նա կաղ չէր, բայց ման գալու ժամանակ այնպիսի տպավորություն էր գործում, կարծես երկու ոտից ևս կաղ լիներ։ Նա գալիս էր պարոն Արուսյանի մոտից և ուրախ, մշտածիծաղ դեմքը այժմ ավելի մռայլված էր, քան թե առաջ։ Տեսնելով օրիորդ Աղա֊Պարոնովին, անփույթ կերպով մոտեցավ և ձեռքիցը բռնելով ասաց.

Անցնենք մի փոքր առաջ։ Պարոն բժիշկը չի բարկանա, եթե նրան մի քանի րոպե միայնակ թողնես։

Պարոն բժիշկը մնաց խիստ հիմար դրության մեջ, երբ օրիորդը նրան թողնելով հեռացավ։ Նա դարձավ դեպի մայրը.

Ցավում եմ, Մարիա Սերգեևնա, որ ես չպիտի կարողանամ երկար վայելել ձեր ընկերությունը։ Բժշկի պարտավորությունը ձեզ հայտնի է։

Հա՛, ասացիք, որ մի հիվանդի մոտ եք շտապում, պատասխանեց տիկինը, ուրիշ խոսք չգտնելով։

Նա սեղմեց տիկնոջ ձեռքը և նստավ կառքը։

Մայրը այժմ միայն նկատեց, որ յուր Անիչկան չկար։ Նա անցել էր բավական առաջ և բազմության միջից էր երևում։

Օրիորդ «Ցտեսությունը» և օրիորդ Աղա-Պարոնովը մի ժամանակ դասընկերներ էին և համարյա մանկությունից ճանաչել էին միմյանց։ Ավարտելուց հետո՝ դպրոցական հավասարությունը, որ կապում էր նրանց, կորավ, և մեկի հարստությունը, մյուսի աղքատությունը բաժանեցին երկու ընկերուհիներին։ Վերջին տարիներում կրկին մոտեցան նրանք, և չնայելով, որ օրիորդ «Ցտեսությունը» միշտ սովորություն ուներ խիստ դառն կերպով ծաղրել Անիչկայի ազնվապետական հակումները, այնուամենայնիվ, վերջինս ճանաչում էր նրա մեջ մի տեսակ հեղինակություն, որ իրան ևս անհասկանալի էր։

Գիտե՞ս ինչ կա, Անիչկա, ասաց նա յուր սովորական շտապմունքով, առաջիկա շաբաթ երեկո հավաքվելու ենք պարոն Արուսյանի մոտ...

Ո՞ւմ մոտ, ուրախությամբ ընդհատեց Անիչկան, կարծես կրկին լսելու համար սիրելի անունը։

Պարոն Արուսյանի մոտ։ Հավաքվում ենք կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը։ Ինձ խնդրեցին, որ քեզ ևս հրավիրեմ մասնակցելու այդ երեկույթին։ .

Ո՞վ խնդրեց, ասա, սիրելի Վարդուհի, ո՞վ խնդրեց, թախանձում էր Անիչկան, և փոքր էր մնում, որ փողոցում երեխայի նման գրկեր յուր ընկերուհու պարանոցը։

Չեմ ասի, հրաժարվեցավ Վարդուհին։ Իզուր ես նեղացնում ինձ։ Դու միայն այն ասա՛, կգա՞ս թե չէ։

Ամենայն ուրախությամբ, պատասխանեց Անիչկան և իսկույն մտածութան մեջ ընկավ։

Պարոն Արուսյանի մոտ կարող էր նա միայնակ գնալ, ինչպես շատ անգամ գնացել էր։ Բայց ծնողները տեղեկություն չունեին նրա այցելությունների մասին։ Իսկ այժմ այնպես բացարձակ կերպով մասնակցել մի երեկույթի, որ լինելու էր ընտանիք չունեցող մի երիտասարդի մոտ, դա, իհարկե, հասնելու էր ծնողների ականջին։ Ուրեմն ի՞նչպես հեշտացնել այս դժվարությունը։ Ծնողների համաձայնությունը ստանալ անկարելի էր։ Իսկ նրանցից գաղտնի գնալ չէր կարող։

Գիտե՞ս ինչ կա, Վարդուհի, ասաց նա բավական մտածելուց հետո։ Ես պարոն Արուսյանի մոտ երբեք չեմ եղել, թեև նա իմ մորաքրոջ տանն է բնակվում։ Նրա հետ ծանոթ եմ միայն հեռվից։ Փոքր֊ինչ անհարմար կլիներ, եթէ առանց մորիցս թույլտվություն խնդրելու, ես մասնակցեի ձեր երեկույթին։ Իսկ թույլտվություն, հավատացած եմ, որ նա չի տա։ Պետք է մի հնար մտածել, որ ես չզրկվեի այդ ցանկալի երեկույթից։

Հնարը հեշտ է, ասաց օրիորդ Վարդուհին, բոլորովին ցույց չտալով, թե իրան հայտնի են խորամանկ ընկերուհու գաղտնի հարաբերությունները պարոն Արուսյանի հետ։ Դու այն երեկո կգնաս մորաքրոջդ մոտ, իբր թե ոչինչ չգիտես։ Իսկ ես կգամ մորաքրոջդ աղջկան հրավիրելու և որպես թե պատահմամբ քեզ այնտեղ կտեսնեմ։ Մորաքրոջդ աղջիկը հաճախ լինում է պարոն Արուսյանի մոտ։ Թե՛ ես և թե՛ նա քեզ էլ մեզ հետ քաշ կտանք, կտանենք։ Իսկ մորաքույրդ ձայն չի հանի։ Տեսնո՞ւմ ես, բանը շինվեցավ։ Այսպես լավ չի՞ լինի։

Շատ լավ կլինի, ասաց Անիչկան ուրախանալով։

Ուրեմն, ցտեսություն, ասաց Վարդուհին և իսկույն բաժանվեցավ, երբ նկատեց, որ մայրը հասավ ետևից։

Ո՞վ էր այդ «էյբաժարը», հարցրեց մայրը բավական զայրացած ձայնով։

Իմ ծանոթներից մեկն էր, պատասխանեց Անիչկան, վշտանալով մոր արհամարհական նկատողությունից դեպի յուր ընկերուհին։

Դու բժշկին թողնում ես միայնակ և ընկնում ես մի գջլտվածի ետևի՞ց։

Բժիշկը միայնակ չմնաց, դու նրա մոտ էիր։

Մայրը ավելի զայրացավ։

Մինչև ե՞րբ դու այդպես անհասկացող պիտի լինիս և անքաղաքավարի, Անիչկա, ասաց նա կշտամբական եղանակով։ Նա քեզ համար իջավ կառքից, ցանկանում էր քեզ հետ խոսել, երկար խոսել, բայց դու հանկարծ անհետացար։

Ես չկամեցա նրան երկար զբաղեցնել, որովհետև հիվանդիմոտ էր գնալու, պատասխանեց Անիչկան։

Գլուխը քարը հիվանդին, շատ հարկավոր էր հիվանդը, ասաց մայրը և խռովյալ երեսը շուռ տվեց։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։

Եթե փողոցում չլիներ, գուցե այլ կերպ կվերջանար մոր և դստեր հակաճառությունը։ Բայց մայրը համբերեց, թողնելով մի այլ ժամանակի յուր սրտի վրդովմունքը, իսկ աղջիկը լռեց՝ յուր մտքում անիծելով մոր խստությունները։

Մայրը վաղուց նկատել էր յուր դստեր սառնասրտությունը դեպի պարոն Դաբաղյանը և միշտ մի հարմար առիթ էր որոնում, որ այդ մասին խոսե նրա հետ։ Առիթը ներկայացավ, բայց ափսոս որ փողոցում։ Նրանք այնպես վրդովված կերպով, առանց մի բառ անգամ միմյանց հետ խոսելու, հասան մինչև տուն։ Օրիորդը մատը սեղմեց էլեկտրական զանգակի վրա, մի քանի րոպեից հետո դուռը ինքնիրան բացվեցավ։ Երբ բարձրացան պայծառ լուսավորված սանդուղքներով, վերևում, ժպիտը երեսին, հայտնվեցավ Փրիդոնը, և մի առանձին մտերմությամբ մոտեցավ յուր «աղջիկ֊պարոնին»։ Որպես շնորհալի սպասավոր, զեկուցում տվեց, թե այսինչ և այնինչ տներից եկել էին, խնդրում էին «աղջիկ֊պարոնին»։ Մի տեղ Կատոն «վեչեր» ուներ, բեզիկ պիտի խաղային, մյուս տեղ Նատոն «վեչեր» ուներ, ռամս պիտի խաղային։ Տիկինը սկսեց մտածել, թե ո՞րի հրավերը ընդունե։ Իսկ օրիորդը իսկույն առանձնացավ յուր սենյակը և երևակայությամբ կանխապես զվարճանում էր առաջիկա շաբաթ օրվա երեկույթով, որ լինելու էր պարոն Արուսյանի մոտ։

Բուլվարի վրա յուր կնոջը և զավակներին հանդիպելուց հետո Սերգեյ Եգորիչը շարունակեց առաջ գնալ։ Նրան հանդիպեց Յակուլ Յակուլիչը։

Լավ եղավ, որ ռաստ եկանք, Սերգեյ Եգորիչ, ասաց նա մոտենալով։ Ես հենց քեզ էի պտրում։

Սերգեյ Եգորիչը այն երեկո առհասարակ խույս էր տալիս մարզիկներից, իսկ այժմ ընկավ շատախոս Յակուլ Յակուլիշի ձեռքը, որից բավական դժվար էր ազատվել։

Ի՞նչ կա, հարցրեց նա փոքր տհաճությամբ։

Կասեմ, այս կողմը գնանք, հազիվ լսելի ձայնով քրթմընջաց նա և, բռնելով Սերգեյ Եգորիչի ձեռքից, քաշ ավեց դեպի Ալեքսանդրյան այգու կողմը։

Ծերունի բարեկամի ծածկամտությունը և նրա զգուշավոր ձևերը կարծել տվին Սերգեյ Եգորիչին, որ հարցը պետք է անպատճառ մի կարևոր առարկայի մասին լիներ, եթե ոչ, նա խոսք պահող մարզիկներից չէր։

Նրանք մտան Ալեքսանդրյան այգին։ Բազմությունը այստեղ ևս լցրել էր բոլոր ճեմելիքները, որոնցից գլխավորները միայն լուսավորված էին լապտերներով։ Մյուսներում տիրում էր խորին մթություն։ Դիմեցին դեպի հեռավոր և մթին ծառուղիները։ Բայց ո՛ր նստարանին ևս մոտենում էին, գտնում էին մի զույգ, ջերմ խորհրդավոր շշնջման մեջ։ Վերջապես, այգու մի խուլ անկյունում գտան մի ազատ նստարան, որ պատահմամբ դատարկ էր մնացել։ Նստարանը նոր էր ներկված, և ներկը տակավին չէր չորացել։ Բայց թե՛ Սերգեյ Եգորիչը և թե յուր հետաքրքիր բարեկամը այն աստիճան հափշտակված էին իրանց մտածություններով, որ առանց ուշադրություն դարձնելու նստեցին, բնավ չզգալով, որ թաթախվեցան կանաչագույն ձիթաներկի մեջ Ա՛յ, ինչի համար քեզ բերեցի այստեղ, ասաց Յակուլ Յակուլիչը ծանր կերպով, ուզում էի խնդրել, որ հավաքվեին, այն խեղճ Մակար Մակարիչի գործը կարգի դնեինք։

Մակար Մակարիչի անունը լսելուն պես Սերգեյ Եգորիչը վրդովված կերպով տեղից վեր թռավ և, դառնալով դեպի յուր խոսակիցը, ասաց.

Թե աստված կսիրես, նրա անունը ինձ մոտ մի՛ տուր, ես լսել չեմ ուզում այն անպիտանի անունը։

Խեղճ է, Սերգեյ Եգորիչ, օղլուշաղի տեր է, ինչո՞ւ պարապ մնա։ Երբ որ պարտատերներից կազատվի, էլի կգնա մի գործի կկպչի և մի կտոր հաց կաշխատե յուր երեխանց համար։ Նրա երեխաներին խղճա, Սերգեյ Եգորիչ։

Խնդրում եմ, որ նրա անունը չտաս, թե չէ, ես կգնամ։ Նա կամենում էր հեռանալ, բայց ոտքերը հետը չէին գնում։ Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից և, կրկին նստացնելով յուր տեղը, դարձյալ խորհրդավոր ձայնով շշնջաց.

Համբերություն ունեցիր, Սերգեյ Եգորիչ, ուրիշ բան կա...

Ինչ բան էլ որ լինի, ինձ համար միևնույն է, Յակուլ Յակուլիչ, պատասխանեց նա մի առանձին ինքնահաճությամբ։ Դու գիտես, որ ես ճշմարտություն սիրող մարդ եմ, բայց նրա գործերի մեջ ճշմարտություն չեմ տեսնում, այդ է պատճառը, որ ինձ հեռու եմ պահում։

Օրհնած, հիմա ո՞ւմ գործերի մեջ ճշմարտություն կա, նկատեց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով։ Ճշմարիտը միայն Հիսուս Քրիստոսն է, մեկ էլ մեր Մողնու սուրբ Գևորգը։

Ես խո չեմ կարող թաթախվել ցեխի մեջ, Յակուլ Յակուլիչ։ Թող ուրիշները կարգի դնեն, ինչպես որ կամենում են։

Առանց քեզ բան գլուխ չի գա, ամենքը քեզ են մտիկ անում, Սերգեյ Եգորիչ։

Ինչ անեմ, որ ինձ են մտիկ անում, Յակուլ Յակուլիչ։ Ես խո չեմ կարող հոգիս կորցնել։ Նա յուր եղած֊չեղածը տակով է արել, հիմա ուզում է, մանեթին մի աբասի տալով, պարտքերից պրծնել։ Դա ի՞նչ խղճմտանք է։ Ես ումի՞ց կտրեմ՝ նրան տամ։ Եթե նա խեղճ է, ուրիշները խեղճ չե՜ն։ Եթե նա երեխաների տեր է, ուրիշները երեխա չունե՞ն։ Ամեն մարդու մի կոպեկը յուր համար թանկ է։

Նա դարձյալ վեր կացավ, կամենում էր հեռանալ, բայց Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից։

Ինձ մի՛ նեղացրու, Յակուլ Յակուլիչ, ասում էր նա ձեռքը քաշ տալով։ Ես երդվել եմ, որ այդ կեղտոտ գործին չխառնվեմ։

Նայիր, ուրիշ բան եմ ասում, թախանձում էր Յակուլ Յակուլիչը։

Սերգեյ Եգորիչը դարձյալ նստեց։

Խոսակցությունը մի սնանկացած վաճառականի մասին էր, որի մնացած կայքով մտածում էին բավականություն տալ պարտատերերին։

Յակուլ Յակուլիչը գլուխը խոնարհեցրեց դեպի ճշտություն սիրող և կեղտոտ գործերից իրան հեռու պահող մարդու ականջը և կամաց ասաց․

Այն տեղի բանը դրստել եմ...

Ի՞նչ տեղ, հարցրեց Սերգեյ Եգորիչը։

Այն տեղը, որի համար հազարներ էիր տալիս, բայց նա չէր տալիս։ Հիմա քեզ է պատկանում, կարող ես բոլորովին ձրի ունենալ։

Ճշմարտասերը մտածության մեջ ընկավ։

Չէ՛, չէ՛, պատասխանեց նա հրաժարվելով։ Թե ինձ սիրում ես, Յակուլ Յակուլիչ, այսպիսի բան մի՛ ասա։ Եթե տեղն ու տեղը ոսկի լինի, ինձ այլևս պետք չէ այն հողը։

Յակուլ Յակուլիչի առաջարկությունը, թեև արտաքուստ խռովություն պատճառեց ճշմարտասերին, բայց ներքուստ անսպասելի կերպով մեղմացրեց նրա համառությունը։ Խնդիրը մի կտոր գետնի մասին էր, որ պատկանում էր սնանկացած Մակար Մակարիչին, և որը մտել էր Սերգեյ Եգորիչի մի ընդարձակ կալվածքի մեջ, ուր ցանկանում էր նա նոր շենք կառուցանել։ Քանիցս Սերգեյ Եգորիչը բավական բարձր գին էր առաջարկել այդ մի կտոր գետինը գնելու համար, որպեսզի կարողանա ամբողջացնել յուր կալվածքը, բայց միշտ մերժում էր ստացել։ Եվ այդ հողը ձեռք բերել չկարողանալու պատճառով, երկար ժամանակ նա յուր շենքը կառուցանել չէր կարողանում։ Այժմ «մատաղը յուր ոտովն էր գալիս նրա դուռը»։ Հողատերը ձրի էր առաջարկում յուր սեփականությունը։ Պետք էր նրա դրությունից օգուտ քաղել։ Բայց մի քանի դժվարություններ կային։

Լավ, հարցրեց Սերգեյ Եգորիչը, դիցուք թե Մակար Մակարիչը շատ կցանկանար յուր հողը ինձ տալ, բայց ի՞նչպես թույլ կտան նրա պարտատերները։ Նրանք իսկույն օրենքով արգելքի ներքո կդնեն կամ գուցե արդեն դրած են։

Չեն դրած, պատասխանեց Յակուլ Յակուլիչը գործագետ մարդու եղանակով։

Միևնույն է։ Այդ հողը, որպես սնանկացած մարդու կայք, այժմ կհամարվի բոլոր պարտատերների սեփականություն, որ պետք է բաժանման ենթարկվի։

Բայց պարտատերներից ամենագլխավորը դու ես, Սերգեյ Եգորիչ։

Սերգեյ Եգորիչը զարմացած կերպով նայեց նրա երեսին, թեև մթության մեջ չկարողացավ նկատել այն խորհրդավոր ժպիտը, որ այդ միջոցին երևաց Յակուլ Յակուլիչի դեմքի վրա։

Չե՞ս հասկանում, պարտատերներից ամենագլխավորը դու ես, կրկնեց նա։

Ի՞նչպես ես եմ։ Նա ինձ ոչինչ պարտական չէ, ասաց Սերգեյ Եգորիչը։

Պարտական կլինի..., պատասխանեց ծերունի վարպետը, յուր շուրջը նայելով։ Ինձ Յակուլ Յակուլիչ կասեն, ես բոլորը մտածել եմ, քեզ համար մտածեք ու ոչինչ չեմ թողել... Նա կրկին նայեց յուր շուրջը և հազիվ լսելի ձայնով շարունակեց.

Նա քեզ վեքսիլներ կտա, հասկանո՞ւմ ես, այնպես «задним числом»... Դու կլինիս պարտատերներից մեկը, և ամենամեծ պարտատերը... Մյուսները մանեթին մի աբասով դուքնի ապրանքը կտանեն, իսկ դու կվերցնես հողը..․ Լավ չե՞մ սարքել։

Աղա-Պարոնովը որքան և հեռու էր բարոյական սրբությունից, այնուամենայնիվ, նա բացարձակ կերպով կաշառք ընդունելու սովորություն չուներ։ Ամեն գործի մեջ արտաքին ձևը նրա համար մեծ նշանակություն ուներ։ Նա մտածեց խարդախությունը բարերարության կեղևի մեջ պատել։ Այդ էր պատճառը, որ յուր համարմունքը յուր խոսակցի մոտ պահպանելու համար՝ պատասխանեց.

Եթե միլիոններ օգուտ ունենայի, ես այդ բանը չէի անի, Յակուլ Յակուլիչ, բայց այդ մարդու ընտանիքին լավություն անելու համար՝ ընդունում եմ քո խնդիրքը։ Ես վերջը նրա հողի արժեքը դարձյալ իրան կտամ, որ ընտանիքը քաղցած չմնա։ Դու գիտես, որ ես խղճմտանքով մարդ եմ։

Գիտեմ, Սերգեյ Եգորիչ, ո՞վ չգիտե, որ դու խղճմտանքով մարդ ես, ասաց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով։ Թե դու նրա հողի արժեքը վերջը իրան կտաս կամ չես տա, դա քո բարի կամքիցն է կախված, բայց այսքան էլ բավական է, որ դու կազատես նրան յուր պարտատերների նեղությունից։

Երկու բարերարների խորհրդածության առարկա եղող Մակար Մակարիչի գործի նպաստավոր կամ աննպաստ վերջանալու հնարը, իրավ որ, կախված էր միմիայն Աղա-Պարոնովից։ Որովհետև Մակար Մակարիչը նույն քարվանսարայում խանութ ուներ, որտեղ թագավորում էր Աղա-Պարոնովը։ Եվ պարտատերների մեծ մասը նույն քարվանսարայի խանութպաններն էին, որոնք եթե չասենք Աղա-Պարոնովի ստրուկները, բայց անտարակույս, նրա հլու հպատակներն էին։ Նրա մի խոսքը կարող էր գործը դեպի ամեն կողմ դարձնել։

Բայց ես նրա ձեռքը ոչ մի թուղթ չեմ տա, ասաց Աղա-Պարոնովը վեր կենալով։

Եվ հարկավոր էլ չէ, որ տաս, պատասխանեց Յակուլ Յակուլիչը փորձված մարդու եղանակով։ Նա քեզ բոլորովին հավատում է։ Դու կստանաս նրանից վեքսիլներ, որքան գումարի հարմար կհամարես, և հաշվի ժամանակ կտանես մյուս պարտատերների ընդհանուր պահանջների թվում։ Իսկ վերջը՝ քո անելիքը քո կողմից կախված կլինի։

Նրանք դեռ կանգնած խոսում էին։ Այդ միջոցին այգու գիշերապահ պահապաններից մեկը անցավ նրանց մոտով և զգուշացնելով ասաց.

Պարոններ, մի՛ նստեք այստեղ, նստարանը նոր է ներկված։

Երկուսն էլ ձեռքները տարան դեպի իրանց հագուստը և այժմ միայն զգացին, որ թաթախված են ձիթաներկի ապականության մեջ։

Դու հիմա ո՞ւր պիտի գնաս, հարցրեց Աղա-Պարոնովը, երբ այգուց կրկին դուրս եկան բուլվարի վրա։

Պիտի գնամ Մակար Մակարիչի մոտ, պատասխանեց Յակուլ Յակուլիչը շտապելով։ Նա ինձ սպասելիս կլինի։ Ես խոստացել եմ, որ այս գիշեր անպատճառ մի վերջնական լուր տանեմ նրան։ Նա շատ կուրախանա, երբ կլսե քո բարերարությունը, Սերգեյ Եգորիչ։ Իսկ դու ո՞ւր ես գնալու։ Կլո՞ւբը։

Այս հագուստով ի՞նչպես գնամ կլուբը։ Պետք է գնամ տուն։ Այսօր խանութում այնքան շատ գործ ունեի, որ գլուխս համարյա յուր տեղումը չէ։ Ինձ հարկավոր է այս գիշեր մի փոքր վաղ քնել և հանգստանալ։

Նրանք բաժանվեցան։ Սերգեյ Եգորիչը ուրախ էր, որ յուր զբոսանքը ապարդյուն չանցավ։ Իսկ Յակուլ Յակուլիչը նույնպես ուրախ էր, որ կարողացավ համոզել «ճշմարտասեր» մարդուն մի անճշմարիտ խարդավանքի մեջ մտնել։

Յակուլ Յակուլիչը այն տեսակ մարզիկներից էր, որ բոլորովին անգործ են, բայց միևնույն ժամանակ, բոլորից շատ զբաղված։ Նա ուրիշի գործը իրան գործ կշիներ և նրանով կմխիթարվեր։ Սնանկացած կապալառու էր նա։ Մի ժամանակ կառավարության համար զանազան շենքեր էր կառուցում, իսկ այժմ մարդկանց համար՝ գործեր։ Առհասարակ սիրում էր վաճառականների մեջ վեճեր պատահած ժամանակ միջնորդ հաշտարար լինել։ Թեև վաճառականները նրա բարեխղճության վրա շատ վստահություն չունեին, բայց, այնուամենայնիվ, նրա փորձից և հմտություններից օգուտ էին քաղում։ Նրան համարում էին կասկածավոր մարդ, բայց պիտանի մարդ։ Աղա-Պարոնովների տան լավ բարեկամն էր նա։ Ոչ մի հանդիսավոր ընթրիք կամ ճաշ չէր անցնի, եթե Յակուլ Յակուլիչը ներկա չգտնվեր։ Նա այդ ամենահարրկավոր կարասիներից մեկն էր, յուր հատուկ տեղն ուներ։ Կարոտության դեպքերում Սերգեյ Եգորիչի քսակը միշտ բաց էր նրա համար, մանավանդ երբ պահանջը չէր անցնի տասը կամ քսան ռուբլուց։

Երբ երկու բարեկամները բաժանվեցան միմյանցից, փողոցները բավական դատարկվել էին, և բուլվարների վրա զբոսնող հասարակությունը բոլորովին նոսրացել էր։ Ման էին գալիս այնպիսի անձնավորություններ, որոնց համար գիշերային խավարը ավելի նպաստավոր հրապուրանքներ էր պատճառում։ Փոշին նստել էր, և գիշերային մաքուր օդը խիստ սրտապարար ազդեցություն էր գործում։ Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, նա բնության սիրարհարներից չէր։ Նրան ուրախացնում էր միայն այն, որ փողոցները բավական դատարկվել էին։

Ժամացույցը «Ըշտաբի» բարձրությունից զարկեց գիշերային ժամի տասն և երկուսը։ Նրա ձայնը զայրացրեց Սերգեյ Եգորիչին։ «Դեռ վաղ է»... մտածեց նա և, դուրս գալով Գալավինսկի պրոսպեկտից, փոխանակ ուղղակի յուր տուն գնալու, շուռ եկավ դեպի մի այլ փողոց։ Յակուլ Յակուլիչից ազատվելուց հետո, նա ամենայն շրջահայեցողությամբ խույս էր տալիս, մի գուցե այլ ծանոթների հանդիպի։ Նա հանդարտ գնում էր, ինքն իրան սքանչանում էր։ Դա նրա կյանքի այն հազվագյուտ րոպեներիցն էր, որ աշխարհային հոգսերը չէին զբաղեցնում ոսկու և արծաթի ժանգով մրճոտած ուղեղը։ Նրա չորացած, բթացած սիրտը լցված էր մի զգացմունքով, որ թե՛ բերկրություն և թե՛ բավականություն էր պատճառում նրան։ Նա գնում էր դանդաղ քայլերով և երբեմն կանգ էր առնում, երբ նկատում էր, որ անցուդարձ չկա և իրան չեն տեսնում։ Յուր խորհրդավոր արշավանքը կատարում էր նա, կարծես ժամանակը սպառելու համար, որ գիշերից մի քանի ժամ ևս անցնի, և փողոցները բոլորովին դատարկվին։ Այդ էր պատճառը, որ դեգերում էր ավելի խուլ և հետ ընկած փողոցներում, ուր ցերեկով անգամ եթե տեսնելու լինեին նրան, շատ պիտի զարմանային։

Նրա առջևում, բավական հեռավորության վրա, գնում էին երկու գիշերային այլ շրջմոլիկներ։ Երբ մոտենում էին փողոցի լապտերներին, լուսավորության մեջ բաժանվում էին, իսկ երբ հեռանում էին լապտերներից, մթության մեջ դարձյալ միանում էին։ Կասկածավոր երևույթը գրավեց Սերգեյ Եգորիչի ուշադրությունը, և նա փոքր-ինչ ուժ տվեց յուր քայլերին։ Երբ բավական մոտեցավ, նկատեց, որ մեկը կին էր, մյուսը մի մանկահասակ երիտասարդ։ Վերջինը ձեռքի վրա տանում էր տիկնոջ վերարկուն, իսկ ձեռքում բռնած ուներ նրա հովանին։ Նա ավելի ծառայի տպավորություն էր գործում, քան թե ընկերի, մանավանդ երբ լապտերներին հասնելու ժամանակ բաժանվում էր յուր տիկնոջից և սկսում էր ամենայն խոնարհությամբ հետևել նրան, թեև մթության մեջ միանում էր՝ որպես ընկեր և հավասար։ Այսպիսի տեղերում երբեմն նրանք կանգ էին առնում և երկար խոսում էին։ Կառքերի կամ անցորդների մոտենալը ստիպում էր նրանց դուրս գալ դարանից և շարունակել իրանց հետաքրքիր ընթացքը։

Ծառայի սպիտակ մահուդի չերքեսկան, կապտագույն մորթուց կարված փոքրիկ գլխարկը, ոսկեզօծ քամարը և արծաթապատ խենչարը բավական ծանոթ երևացին Սերգեյ Եգորիչին։ Դա նրանց սպասավորը՝ Փրիդոնն էր։ Միևնույն րոպեում, կարծես կրակով այրեցին Սերգեյ Եգորիչի գլուխը, երբ ճանաչեց, որ մյուսը իր կինն էր։ Ո՞ւր էին գնում, ի՞նչ գործ ունեին այդ խուլ փողոցներում, նա դժվարանում էր հասկանալ։ Նրանք կա՛մ գնում էին մի տեղ, կամ վերադառնում էին մի տեղից։ Երկու դեպքում ևս՝ այդ անսպասելի հանդիպումը Սերգեյ Եգորիչի համար խիստ տարակուսական էր։ Այդ կողմերում ոչ բարեկամներ ունեին և ոչ ծանոթներ, որ հրավիրած լինեին կնոջը։ Ուրեմն ի՞նչ էին շինում այստեղ, այն ևս գիշերային բոլորովին անագան պահուն։ Զանազան կասկածներ սկսեցին տանջել նրան։

Be the first who will comment on this

Other parts of "Մինն այսպես, մյուսն այնպես"

Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

View of Bjni Fortress
View of Bjni Fortress
Play Online