Raffi

Ղարիբ մշեցին

Ա

Մի պատանի, հեռու ամբոխից, միայնակ կանգնած էր Բաղչե-Ղափուսի կոչված նավահանգստի մոտ և ապշած կերպով Նայում էր յուր շուրջը։ Պատանին դեռ նոր էր դուրս եկել մակույկից, որ հանելով նրան ցամաքի վրա, կրկին շտապով վերադարձավ դեպի Բոսֆորի մեջ խարսխված շոգենավը, դարձյալ նոր մարդիկ և նոր մթերք կրելու դեպի ցամաք։

Նա կանգնած էր լուռ մտատանջության մեջ և անհամբեր կերպով նայում էր այս կողմ և այն կողմ։ Երևի նրան չէր գրավում Բոսֆորի մուգ-կապտագույն հայելին, որի մեջ այդ ժամուն պատկերացած էին նրա գեղագրական եզերքը, լուսավորված թեքված արևի վերջին ճառագայթներով։ Նրան չէին գրավում և լայնատարած Ստամբոլի բարձր մինարեթներն իրանց փայլուն կիսալուսիններով։ Նրան զբաղեցնում էր մի միտք միայն՝ «հիմա ո՞ւր գնամ…»։

Դուրս գալով հայրենական տնակից, նա գիտեր, թե ուր է գնում, իսկ այժմ հասնելով բաղձացած քաղաքի դռներին, չէր իմանում, թե ո՛ւր գնա։

Պատանին հազիվ կլիներ տասնյոթն կամ տասնութն տարեկան։ Արևից այրված դեմքը՝ յուր խոշոր, կանոնավոր գծերով, կրակոտ աչքերը, գլխի երկար մազերը, որ նախշուն արախչինի տակից սև հոսանքով թափվել էին ուսերի վրա, այդ բոլորը ներկայացնում էր վայրենի գեղեցկության այն կախարդիչ տիպարը, որ կարելի է տեսնել լեռնականների մեջ միայն։ Բարձրահասակ էր նա և թիկնավետ։ Փոքր-ինչ ցամաք, ջղային կազմվածքն արտահայտում էր հարուստ մարմնական զորություն։ Նա վատ չէր հագնված։ Երևում էր, որ նրա մայրը յուր բոլոր ունեցածն սպառել էր՝ որդուն, որքան կարելի է, վայելուչ կերպով ճանապարհ դնելու բախտի և առատության այն մայրաքաղաքը, որտեղից խեղճ կինը և յուր բախտավորությունն էր սպասում...

Արևը մայր մտնելու մոտ էր։ Պատանին դեռ, մի անշարժ արձանի նման, կանգնած էր։ Նրա ոտների մոտ, գետնի վրա, դրած էր ճանապարհորդական պարկը։

Շոգենավից դուրս եկած բազմությունը հետզհետե նոսրանում էր: Ոմանց քշում էին դեպի մաքսատուն, ոմանք, իրանց ճանապարհի պայուսակը ձեռքում բռնած, շտապում էին դեպի քաղաք, իսկ շատերը դեռ նստած էին իրանց իրեղենների մոտ, սպասում էին ընկերներին կամ բեռնակիրների։

Այդ միջոցին մաքսատան համալներից մեկը մոտեցավ պատանուն և թուրքերեն լեզվով հարցրեց․

Ո՞ւնես մի բան տանել տալու։

Նրա հարցմունքը մի կատարյալ ծաղր էր դեպի պատանին, որ բացի ճանապարհորդական փոքրիկ պարկից, ուրիշ բան չուներ։ Նա ոչինչ չպատասխանեց։

Համալը երբ փորձված աչքով ոտքից ցգլուխ չափեց պատանուն, կարծես ինքը ևս փոշմանեց յուր արած հարցմունքից և շտապեց հեռանալ, բայց պատանին կանգնացրեց նրան, ասելով.

Ի սեր աստուծո, ցույց տո՛ւր ինձ, ո՞ր կողմումն են կենում այդ քաղաքի մշակ մարդիկը։

Մշակ մարդիկը, կրկնեց ծերուհի համալը, սուր կերպով նայելով պատանու երեսին, մշակ մարդիկը, որդի, քաղաքի ամեն կողմում կենում են։ Ո՞րտեղից ես։

Մշեցի։

Հասկացա... Եկել ես փարա՞ վաստակելու... Անունդ ի՞նչ է։

Օհան։

Մշու սուլթան սուրբ Օհանեսը քեզ պահապան, բացականչեց համալը և մի առանձին կարոտով գրկեց յուր հայրենակցին։

Բարեսիրտ ծերունին այլևս երկար հարցուփորձի պետք չուներ։ Բավական էր, որ իմացավ, թե պատանին հայ է և մշեցի, իսկ մնացածը նա արդեն կարող էր հասկանալ... Նա գիտեր, թե մշեցին ի՛նչ նպատակով է թողնում հայրենի երկիրը, գիտեր, թե ի՞նչու է դուրս գալիս դեպի պանդխտություն և Ստամբոլի խառնաշփոթ աղմուկի մեջ ի՛նչ է որոնում... Այդ բոլորը գիտեր նա, որովհետև ինքը ևս մշեցի էր, ինքը ևս նույն ճակատագրական դա՛ռն պահանջների պատճառով թողել էր հայրենիքը...

Քեզ էլ մատա՜ղ, քո երկրի՜ն էլ, ասաց ծերունին, աչքերը սրբելով։ Ե՛կ ինձ հետ, որդի, Ստամբոլն այնքան մեծ է, որ դու կարող ես կորչել այնտեղ։ Եկ ինձ հետ, քեզ կտանեմ մաքսատան համալների մոտ, կմնաս մեր մեջ, մինչև քեզ համար մի գործ կմտածենք...

Պատանին վեր առավ յուր պարկը, և ուրախանալով հետևեց նրան։

Նրանք դիմեցին նավահանգիստը, որտեղ հարյուրավոր համալներ գրաստների նման կրում էին շոգենավի բերած մթերքները դեպի մաքսատուն։ Ծերունին մոտեցավ մի վաճառականի, որ յուր իրեղենների մոտ կանգնած, մշակի էր սպասում։ Ինքը վարժ կերպով շալակեց մի ծանր արկղ և մի թեթև արկղիկ ևս պատանուն տալով, ասաց.

Այդ էլ դու վե՛ր առ, թող մեջքդ սովորի...

Բ

Մոտավորապես մի տարի էր անցել այն օրից, որ Օհանը մտավ Կ. Պոլիս։

Այժմ բավական ծանոթացել էր նա այդ խառնաշփոթ քաղաքի ընդարձակ լաբյուրինթոսի հետ, գիտեր նրա նեղ փողոցները և առանց մոլորվելու կարող էր մի թաղից մյուսը գնալ։ Այդ մեծ հառաջադիմություն էր այն վիճակի մարդկանց համար, որին պատկանում էր Օհանը, և որոնք անպատճառ պետք է ծանոթ լինեին քաղաքի հետ։ Բեռնակիրը, համալը պետք է ծանոթ լինի մինչև անգամ տների հետ, որպեսզի, երբ նրան մի բան են հանձնում, նա կարողանա անսխալ հասցնել նշանակած տեղը։

Նա այժմ անգործ չէր, յուր համար պարապմունք էր գտել։

Բախտը հենց առաջին անգամից, երբ նա ոտք կոխեց Կ. Պոլսի շեմքի վրա, նպաստեց նրան, հանդիպեցնելով մի այնպիսի մարդու, որ առեց նրան յուր հոգաբարձության ներքո և նրա համար հառաջադիմության ճանապարհ հարթեց։ Այդ մարդը Ոսկանն էր, այն ծերուհի ամալը, որին գտավ նա նավահանգստում։ Ոսկանը հին համալ էր, նա յուր մազերը ճերմակացրել էր այդ գործի մեջ։ Յուր հայրենակցի համար մտածեց նա մի այնպիսի պարապմունք, որ շատ հարմար էր թե նրա մանուկ հասակին և թե անվարժ կազմվածքին։ Օհանը չէր կարող մեծ ծանրություններ կրել, բայց թեթև բեռներ տանել կարող էր նա։

Մի առավոտ բարեսիրտ ծերուհին յուր ձեռքով կապեց Օհանի մեջքին մի կթոց և օրհնելով ճանապարհ դրեց։

Հիմա գնա՛, ասաց նրան փորձված մարդու վստահությամբ, դրանից հետո հացը քեզ պակաս չի լինի...

Այդ օրից շատ չէր անցել։ Մի անգամ Ղալաթիայի փողոցներից մեկի միջով՝ ծանր ու դանդաղ քայլերով գնում էր Օհանը։ Նրա մեջքին կապած էր յուր անբաժան կթոցը. նա յուր արհեստին հատուկ ձայնով եղանակում էր.

«Չո՛փ չըկարայըմ…

«Չո՛փ չըկարայըմ…

Այսինքն՝ «ա՛ղբ կը դեն ածեմ, ա՛ղբ կը դեն ածեմ»։

Նա այժմ «չոփ չի» էր աղբ դուրս ածող էր։

Այդպես երկար գնում էր նա և տխուր, ձգական ձայնով եղանակում էր «չոփչիների» սովորական երգը։ Յուր կրակոտ աչքերը, որ այժմ բավական նսեմացել էին, անդադար դարձնում էր նա դեպի փողոցի աջ և ձախ կողմերը, խորին անձկությամբ սպասելով, գուցե փակված դռներից մեկը կբացվեր և նրան կկանչեին։ Նա դնում էր և միևնույն ժամանակ հավաքում էր գետնի վրա ընկած փալասի կտորտանքներ, շորի պատառներ և թաքցնում էր յուր լայն ծոցերում։

Է՛յ չոփչի, է՛յ, չոփշի,- դռներից մեկը բացվեցավ և լսելի եղավ մի ձայն։

Օհանն ուրախությամբ դիմեց դեպի կոչող ձայնը։

Անիծվի՜ մեր չոփչին, ամեն օր խմում է, հարբում է, շաբաթներով երեսը չենք տեսնում, աղբն ամբարված մնում է։

Խոսողը մի չափահաս կին էր, որ ներս տարավ Օհանին մի փոքրիկ բակ։

Այդ ոտքից ցգլուխ սև հագնված կինը կարծես գթության մայր լիներ։ Այնքան մեղմ էր նրա դեմքը, այնքան հեզություն կար նրա աչքերի մեջ, որ թվում էր, թե կուսաստանից հենց նոր է դուրս եկել։ Նրա կերպարանքի բարեպաշտական արտահայտությունը լրացնում էր՝ պարանոցին կապած սև սաթի փոքրիկ խաչը, որի վերևի մասը երևում էր շապկի տակից։ Նա մի աոանձին ցավակցությամբ նայեց Օհանի վրա և ինքն իրան ասաց․ «Խե՜ղճ տղա, այդ հասակում, այդպես գեղեցիկ և՛ չոփչի՜...»:

Օհանը լսեց այդ խոսքերը և դառնացած կերպով պատասխանեց.

Ի՜նչ անեմ, տիկին, պարտքերի տակ խեղդված մայր, քույրեր, եղբայր ունեմ... ինձ ուղարկեցին, որ փարա վաստակեմ և նրանց անօրենի ձեռքից ազատեմ...

Ուրեմն նո՞ր ես եկել։

Մի տարի հազիվ կլինի։

Տիկինը հետաքրքրվելով Օհանի վիճակով, մանրամասնաբար հարցրեց նրա անունը, հայրենիքը, և թե ո՛րտեղ է բնակվում այժմ, ո՛ւմ մոտ է լինում և վերջն ասաց նրան.

Այսուհետև դու կլինես մեր չոփչին, որդի, ես, քո խղճության համար, սովորական վարձից մի բան էլ ավելի կտամ քեզ։ Երբեմն իմ ամուսնու հին հագուստներից ևս կտամ, որ հագնես։

Օհանի ուրախությունը սահման չուներ. նա շնորհակալություն հայտնեց և սկսեց աղբն ածել կթոցի մեջ։ Տիկինը չհեռացավ Օհանի մոտից, մի առանձին կարեկցությամբ նայում էր, թե ինչպես նա յուր շնորհալի ձեռքով, որ ավելի մաքուր գործի արժան էին, վեր էր առնում ապականությունը և խնամքով ածում էր կթոցի մեջ։ Երբ վերջացրեց, ուղտի նման չոքեց գետնի վրա, մեջքը դեմ տվեց և բռնելով կթոցի թոկերից, քաջի նման վեր բարձրացավ։

Ո՞րտեղ պետք է տանես, հարցրեց տիկինը։

Ծովը, պատասխանեց Օհանը. հիմա արգելված է ուրիշ տեղ ածել:

Այդ շատ հեռու կլինի, ասաց տիկինը, տալով նրան մի ղուրուշ։

Օհանին զարմացրեց տիկնոջ առատաձեռնությունը։ Նա միշտ յուր տարած աղբը ծովն էր ածում, բայց նրան երկու կամ երեք փարայից ավել չէին տալիս։ Այժմ ստացավ մի ամբողջ ղուրուշ, որ կանե քսան փարա։

Եթե համեստությունը չսզպեր Օհանին, նա մեծ գոհունակությամբ կհամբուրեր յուր բարերարուհու ձեռքը, մանավանդ երբ նա մի ղուրուշ տալուց հետո ասաց Օհանին.

Այդ կտանես, որդի, բայց երեկոյան պահուն, երբ կմթնի, դարձյալ կգաս այստեղ, քեզ մի ուրիշ բան էլ կտամ, որ տանես ծովը նետես։ Երկու ղուրուշ էլ նրա համար կստանաս։

Երկու դուրուշի անունը լսելով, Օհանը մինչև անգամ մոռացավ հարցնել, թե ինչ բան պիտի լիներ այն, արդյոք ծա՞նր էր, թեթև էր, վերջապես ի՞նչ էր։ Նա բավականացավ նրանով միայն, որ այդ աոաջին անդամն էր, որ նրան խոստանում էին մի այդպիսի հարուստ վճար։

Տունը խո կճանաչե՞ս, հարցրեց տիկինը։

Աչքերս խփած կարող եմ գտնել, պատասխաննց Օհանը։

Շա՜տ ապրես, դե հիմա գնա՛։

Օհանը հեռացավ։

Be the first who will comment on this

Other parts of "Ղարիբ մշեցին"

Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Wedding in Mush
Wedding in Mush
Play Online