Raffi
Ղարիբ մշեցին
Թ, Ժ
Թ
Կրկին դառնանք դեպի ընդհատված պատմությունը։
Օհանը յուր ազատած մանուկը պառավ «մարեին» պահ տալուց հետո, այդ հոգսից իրան բավական ազատ էր համարում: Նրան մնում էր` յուր հաշիվները վերջացնել սև խաչը կրող տիկնոջ հետ: Այդ էր պատճառը, որ պառավի խրճիթից դուրս գալուց հետո, նա կրկին եկավ նույն բնակարանը, որտեղ սև-խաչակիրն այնպիսի ճարպիկ խաբեությամբ նրան մոլորության մեջ ձգեց։ Բայց նա ավելի տեղեկություններ չկարողացավ ստանալ, որքան գիշերը հայտնեց նրան վերնահարկի լուսամուտից խոսող կինը։
Չգիտեր ի՞նչ աներ: Մտածեց գտնել յուր բարեկամ Ոսկանին, բոլոր անցքը պատմել նրան և լսել ծերունի համալի խորուրդները: Նա շտապով գնում էր, երբ մտաբերեց, որ ամենևին փող չունի։ Գոնե կամուրջն անցնելու համար պետք էր մի քանի փարա ունենալ։ Յուր վաստակած արծաթը ծովեզրում քնած ժամանակ գողացան։ Սև-խաչակրից ստացած ղուռուշներն ինքը ծովը նետեց։ Այժմ փող չուներ։ Նա չուներ և մի այնպիսի բան, որ կարելի լիներ վաճառել։ Նայեց յուր վրա։ Բոլոր հագուստները մաշված էին: Բայց նա մոռացել էր յուր գլուխը։ Այնտեղ վառվում էր գեղեցիկ արախչինը։ Այդ նրա քրոջ ձեռքերի ճարտար գործն էր։ Երբ Օհանը պատրաստվում էր թողնել հայրենիքը, քույրը գույնզգույն թելերով նախշեց այդ արախչինը և դրեց եղբոր գլխին, իբրև հիշատակ յուր ջերմ սիրո։ Օհանը մտաբերեց քրոջ արտասուքը, մտաբերեց և նրա խոսքերը։ Բայց որքան էլ թանկագին լիներ այդ հիշատակը, այնուամենայնիվ, նա այնպիսի նեղ դրության մեջ էր, որ ստիպվեցավ խեղդել յուր զգացմունքները։ Վեր առավ արախչինը և արտասուքն աչքերում մոտեցավ մի փոքրիկ խանութի։
Ա՛ռ այս, պարոն, և ինձ մի քանի փարա տուր, ասաց նա հազիվ լսելի ձայնով։
Խանութպանը հայ էր և ծխախոտ վաճառող։ Նա աչքի տակից նայեց Օհանի երեսին և լրբությամբ հարցրեց.
Ուղիղն ասա՛, մշեցի, գողացե՞լ ես, թե գտե՞լ ես։
Փոքր էր մնում, որ Օհանը յուր երկաթյա բռունցքներով պոլսեցու փափուկ կողքերը մի լավ շոշափեր, բայց կարիքը զսպեց նրա բարկությունը։
Դու տեսնում ես, որ գլուխս բաց է, ասաց նրան դողդոջուն ձայնով։
Այդ ոչինչ չէ ապացուցանում, պատասխանեց պոլսեցին ավելի լրբարար, քո մարմնի շատ տեղերը բաց են...
Օհանը թքեց և հեռացավ։ Պոլսեցին սառնասրտությամբ սրբեց երեսի թուքը և սկսեց զարմացած կերպով նայել նրա հետևից։
Օհանը մի քանի քայլ հեռանալուց հետո կանգ առեց և սկսեց ուշադրությամբ աչք ածել յուր շուրջը։ Հրեա հնավաճառները, որ օրվա այդ ժամին վխտում էին փողոցներում, դժբախտաբար նրանք ևս չէին երևում։ Փողոցների դատարկությունը, խանութներից շատերի փակված լինելը, հիշեցրին Օհանին, որ օրը կիրակի էր։ Այդ ուրախացրեց նրան, ուրախացրեց այն պատճառով, որ Ոսկանին գտնելու համար ոչ մաքսատուն և ոչ մի այլ հեռու տեղ գնալու պետք չուներ։ Նրան կարող էր գտնել հենց յուր եղած թաղում, ուր սովորաբար գալիս էր նա կիրակի օրերը։ Ուրեմն, ծախքերի հոգսից ազատվեցավ նա։ Արախչինը դրեց գլխին։
Սկսեց դիմել դեպի եկեղեցի։
Կիրակի օրերում մշեցի համալները լցնում էին այն եկեղեցիները, որտեղ գիտեին թե լավ քարոզ են տալիս։ Ղալաթիայում այդ ժամանակ հոլակ էր ստացել մի ճարտար քարոզիչ։ Աստուծո խոսքը քաղաքի ամեն ծայրերից ժամասեր մշեցիներին քաշում էր այնտեղ։
Եկեղեցու դռները փակ էին. պատարագն ավարտվել էր, իսկ այնօր քարոզ չէր եղել։ Գավթում ոչ ոք չէր երևում։ Մնացել էին մի քանի կույր և կաղ մուրացկաններ, որոնք նույնպես պատրաստվում էին հեռանալ։
Օհանը մոտեցավ ժամատան փակ դռներին, համբուրեց, երեսը խաչակնքեց և ինչ-որ շշնջաց շրթունքների միջից։ Հետո դիմեց դեպի մի սենյակ։ Նախքան մտնելը, անցավ պատշգամբի վրա, լուսամուտից ներս նայեց։ Մի նիհար, բարձրահասակ երիտասարդ, գունաթափ դեմքով, կանգնած էր գրասեղանի հետևում, ինչ-որ կարդում էր։ Չորս, թե հինգ մշակներ նստարանների վրա լսում էին։ Օհանը զարմացավ։ Նրան զարմացրեց երկու բան. նախ ուրիշ կիրակի օրերում այդ բոլոր նստարանները բռնված էին լինում մշակներով, իսկ այսօր համարյա դատարկ էին. երկրորդ՝ ինչպե՞ս էր պատահել, որ յուր բարեկամ Ոսկանն այնտեղ չէր, որ այդ սենյակի եռանդոտ այցելուներից մեկն էր։
Այդ սենյակը հասարակ օրերում ծառայում էր իբրև դպրոց փոքրիկ մանուկների համար, իսկ կիրակի օրերում նիհար երիտասարդը հավաքում էր այնտեղ մշեցի համալներին կամ Հայաստանի այլ կողմերից եկած մշակներին, և նրանց գրել-կարդալ էր սովորացնում։ Երբեմն դասախոսություններ էր անում Հայոց երկրի այս և այն տնտեսական խնդիրների վրա։ Այսօր կարդում էր Տարոնի մշեցոց հայրենիքի պատմական նշանակության մասին:
Օհանը ներս չմտավ, թեև ամբողջ քաղաքում չկար նրա համար մի այնքան սիրելի տեղ, որպես այդ սենյակը։ Նա դարձյալ ընկավ նախկին հոգսերի մեջ։ Այստեղ հույս ուներ գտնել Ոսկանին, այդ հույսից ևս զրկվեցավ։
Նա տեսավ, որ մի այլ մշակ շտապով, շնչասպառ, վազում էր դեպի նույն սենյակը։
Ոսկանին չե՞ս տեսել, հարցրեց նրանից։
Նա գնաց Կում-Կափու, ասաց մշակը և անցավ։
Յուր հայրենակցի շտապողությունն Օհանը բացատրեց նրանով, որ նա ուշացել էր և այժմ աճապարում էր նիհար երիտասարդի դասախոսությունից զուրկ չմնալ։
Եկեղեցու գավթից կրկին դուրս եկավ փողոց, սկսեց փութալ դեպի Կում-Կափու, առանց մտածելու, թե Պոլսի այդ մեծ թաղի որ տեղում, որ կողմում կարող էր գտնել Ոսկանին։ Այդ մասին յուր հայրենակցից ոչինչ չհարցրեց։
Ճաշից հետո գտնվում էր նա Կում-Կափուի փողոցներից մեկում, որ տանում էր դեպի Մայր եկեղեցին և դեպի հայոց պատրիարքարանը։ Հեռվից տեսավ, որ մի խումբ մշեցի համալներ փողոցի երկարությամբ վազ էին տալիս։ Մտածեց, անպատճառ մի տեղ հրդեհ պատահած պետք է լիներ, մանավանդ որ համալների թվում կային մի քանի մշեցի թուլումբաջիներ (հրդեհաշեջներ): Ինքն էլ հրապուրվելով, սկսեց վազել նրանց հետևից, բոլորովին մոռանալով թե Ոսկանին և թե այն նպատակը, որի համար որոնում էր նրան։
Մշեցիների խումբը հետզհետե ստվարանում էր։ Թաղի համալները, որոնք կիրակիի պատճառով անգործ պառկած էին պատերի տակին, լսելով նրանց աղաղակը, դուրս էին պրծնում իրանց հանգստի տեղերից և անգիտակցաբար խառնվում էին առաջինների հետ։
«Չե՜նք ուզեր» գոռում էր խռովված բազմությունը և առաջ էր վազում։
Դրանց գոռում-գոչումներն այն աստիճան ոգևորեցին Օհանին, որ առանց հասկանալու, թե բանը ինչումն է, նա ևս աղաղակեց.
«Չե՜նք ուզեր...»։
Կում-Կափուի պճնված, զարդարված օրիորդները, տիկինները և բարեշուք էֆենդիները, հետ կեսավուր համադամ ճաշից լի փորով և լի բավականությամբ, նստած էին լուսամուտների մոտ, և ծիծաղելով միմյանցից հարցնում էին.
«Ի՞նչ կա... ի՞նչ է պատահել... մշեցիները դարձյալ խենթացել են...»:
Խումբն անցնում էր այնքան սրարշավ կերպով, որ Օհանը յուր ոտների բոլոր արագությամբ նրանց հասնել չէր կարողանում, թեև նրա ոտները այսօր իրանց սովորական արագությունը չունեին։ Նա հոգնած էր, ամբողջ գիշերը չէր քնել, և յուր ազատած մանուկի պատճառով անդադար վազվզել էր այս և այն կողմ։
Հեռվից նկատեց նա, որ համալներր ցած գլորեցին սի ոտքից գլուխ սև հագնված, ակնոցավոր պարոնի, որ անցնում էր փողոցով, և սկսեցին ոտքով ու ձեռքերով ջարդել։ Երբ բոլորովին հագեցան, շնչասպառ պարոնին թողեցին փոշիների մեջ և անցան, անիծելով.
«Դավաճա՜ն...»։
Երբ Օհանը հասավ այնտեղ, պարոնը տակավին թավալվում էր փողոցի փոշիների մեջ և ամենևին ուժ չուներ կանգնելու։ Ջարդվածին կրկին ջարդելը տմարդություն համարելով, Օհանը նկատեց նրա եվրոպական գլխարկը, որ ընկած էր մի կողմում։ Կոխ տվեց գլխարկը և անցավ, ինքը ևս կրկնելով.
«Դավաճա՜ն...»։
Այդ պարոնը «Ղալաթիո օջախ» կոչված մթին խմբակի անդամներից մեկն էր։
Նրա ծեծվիլը բավական ժամանակ խլեց համալներից, Օհանը միջոց գտավ հասնելու նրանց։
Նրանք այն աստիճան շտապում էին, որ Օհանին անկարելի եղավ մեկի հետ խոսել կամ մեկից հարցնել, թե ո՛ւր են գնում, կամ ինչո՛ւ են այդպես զայրացած։ Ինքն ևս տարվեցավ զայրացած հոսանքի հետ։
Խումբն արդեն գտնվում էր հայոց պատրիարքարանի լուսամուտների ներքև։
Նա մի աղմկալի շրջան գործեց փակված պատրիարքարանի չորեք կողմը և ապա փոթորկի նման մտավ Մայր եկեղեցու բակը։ Այստեղ լցված էր մի խառնիխուռն բազմություն, որի մեծ մասը հայաստանցի մշակներ էին։
«Չե՜նք ուզեր...» գոռում էր բազմությունը և այդ աղաղակը խլացնում էր ամեն ձայն։
«Կուզե՜նք...»։
Լսելի եղավ մի նվաղած ձայն, որ ավելի կատվի մլավյունի նմանություն ուներ։ Ձայնն իսկույն խեղդվեցավ ընդհանուր աղաղակների մեջ։ Մի ծանր ապտակ լռեցրեց կոչողին։ Նա դողդողաց և գլորվեցավ ցած։ Մշակները դուրս տարան ուշաթափ երիտասարդին։
Դա մի նրբակազմ պոլսեցի էր, որ գուցե սանրվելու, օծվելու և պատշաճավոր կերպով հագնելու պատճառով ուշացել էր և չէր կարողացել յուր համար մի հարմար տեղ բռնել, մնացել էր կեղտոտ մշակների մեջ։ Նրանց կոպիտ շփումներն ամեն անգամ սարսափելի ապականություն էին գործում երիտասարդի վայելուչ զգեստի վրա, ուր հմուտ դերձակը գործ էր դրել յուր բոլոր ճարտարությունը։ Իսկ ապտակը լրացրեց պակասը։
Ապտակը Օհանի զորեղ բազկի գործն էր։
Օհանը դեռ չգիտեր, թե ի՛նչումն է բանը, բայց զգում էր, որ խնդիրը շատ ծանր պետք է լիներ, որ յուր հայրենակիցներն այն աստիճան գրգռված էին։
Մի անգամ միայն նրա աչքին հեռվից երևաց Ոսկանը, բայց բազմության մեջ դարձյալ կորցրեց նրան։
Դրսում, եկեղեցու շուրջը, բորբոքվում էր խռովյալ բազմությունը։ Ներսում, եկեղեցու մեջ, բորբոքված էր Ազգային երեսփոխանական ժողովը։ Նիստը դռնփակ էր։ Հարցը քննվում էր մի քանի ժողովներում, այսօր պետք է վերջնական վճիռ ստանար։ Ատենապետի բոլոր ճիգն անզոր էր մնում կարգ պահպանել տաքացած երեսփոխանների մեջ։ Ճառախոսների դառն լուտանքը, կծու պարսավը, ինչպես մի զայրացած վտակ, հեղվում էր գեղեցիկ պերճախոսության հետ։ Ջերմ հարցապնդումները երբեմն ավելի զորություն էին ստանում աթոռների սպառնալիքներով: Որպեսզի թոռներն ավելի չարություն չգործեին, ատենապետ էֆենդին մի քանի անգամ ակնարկեց՝ այս անգամ ևս վճիռը հետաձգել։ Բայց մերժվեցավ ընդհանուր աղաղակներով։ Ավելի կատաղած էին Վանի և Մուշի երեսփոխանները։ Դրանցից մեկը, մի այլ առարկա չգտնելով, յուր ծանր «փյուսկյուլով» ֆեսը նետեց Կարնո երեսփոխանի երեսին։ Նա պատրաստվում էր պատասխանել յուր կոշիկների մի հատով...
Ատենապետ էֆենդին դարձյալ ձայն տվեց, թե նիստը պետք էր գոցել։
Բայց անհնար էր դուրս գալ։ Ժողովրդի երեսփոխանները պաշարված էին ժողովրդի զարհուրանքով։
Լուսամուտներից մեկը շառաչեց, ապակիները փշրվեցան, մի քար անցավ երեսփոխանների տաքացած գլուխների վրայով, դիպավ ատենապետ էֆենդիի ամբիոնին։
Նիստը գոցվեցավ։
Սարսափը տիրեց բոլորի վրա։
Սպասում էին, որ ոստիկանությունը գար, ամբոխը ցրվեր և նրանց ազատեր այդ թակարդից։
Ոստիկանությունն ուշացավ։
Արդեն արևը մտել էր։ Մութը տիրում էր եկեղեցում: Վախենում էին մոմերը վառել:
Ատենապետ էֆենդիի աջ կողմի բազկաթոռից վեր կացավ մի բարձրահասակ անձնավորություն՝ արծվի աչքերով և ալեխառն մորուքով։ Նրա պատկառելի դեմքը այնպիսի տպավորություն էր գործում, որ եթե ալեկոծված ծովի վրա մի հայացք ձգելու լիներ, ծովը հեզությամբ կմեղմացներ յուր կատաղությունը։
Անկարելի է դուրս գալ, սրբազան, դողդողալով նկատեց նրան ատենապետ էֆենդին։
Ես կգնամ և ամբոխը կցրեմ, պատասխանեց սրբազանը։
Ձեզ խորհուրդ չէի տա, սրբազան, պնդում էր ատենապետ էֆենդին։
Իմ մշեցիներն ինձ վրա բար չեն նետի, ասաց նա և անցավ շվարած երեսփոխանների աթոռների միջով։
Երբ հայտնվեցավ նա դրսում, խուռն բազմությունը միաձայն թնդաց.
Կեցցե՜ մեր Հայրիկը...
Երբ ձայները փոքր-ինչ լռեցին, նա ասաց.
Հեռացե՛ք, զավակներս, քանի որ ես կենդանի եմ, ձեր երկրի շահերը միշտ պաշտպանված կլինեն։
Ուրախացած բազմությունը սկսեց ցրիվ գալ։
Ժ
Օհանը կարողացավ գտնել Ոսկանին կիրակնօրյա խռովության երրորդ օրը։ Բարեսիրտ ծերունին ուրախությամբ գրկեց նրան, որովհետև բավական ժամանակ չէր տեսել։
Կեսօր էր։ Համալները ճաշում էին։ Նրանք նստած էին մաքսատան քառակուսի բակի բարձր կամարներից մեկի ներքո, վերևից քարշ ընկած մեծ կշեռքից փոքր-ինչ հեռու։ Նստած էին բոլորակ կերպով, խճահատակի վրա։ Մեջտեղում դրած էր մի ահագին պղնձե տաշտ, որ փռից նոր էր բերված։ Մի ոչխարի ամբողջ կեսը, զանազան բանջարեղենների հետ, լավ խորովված, յուր անուշ հոտով ախորժակ էր հրավիրում։ Տասն և երկու ուժեղ ձեռքեր մեկնվում էին տաշտի մեջ և ամեն անգամ տանում էին իրանց հետ խոշոր պատառներ։ Տաշտը դողում էր նրանց առջև։
Օհանին ևս հրավիրեցին ճաշել։ Նա տեղավորվեցավ Ոսկանի մոտ։ Թեև այնօր ոչինչ չէր կերել, բայց ներքին անհանգստություը խլել էր նրա ախորժակը։ Այդ նկատեց Ոսկանը և ժպտալով ասաց նրան.
Շտապի՛ր, թե չէ մեկ էլ աչքդ կբացանես, կտեսնես, որ տաշտի մեջ բան չէ մնացել։
Մի այլ համալ ծաղրեց ասելով.
Եթե բանելու մեջ էլ այդպես ես, քեզանից խեր չկա:
Ոսկանը վեր առավ տաշտից մի մեծ պատառ միս, դրեց Օհանի առջև, որ ինչպես ուզում է, այնպես ուտե և քաղցած չմնա։
Խոսակցությունը, ըստ մեծի մասին, պտտվում էր կիրակի օրվա խռովությունների վրա։ Համալները զայրացած էին, որ Ազգային ժողովի հետագա նիստը անորոշ ժամանակով հետաձգել էին։ Դրանից վատ նախագուշակություններ էին անում։
Դուք կարծում եք, այդ մարզիկը հոգի՞ ունեն, հավա՞տ ունեն, ասաց Ոսկանը գլուխը զայրացած կերպով շարժելով։ Նրանց փարա՜ տուր, փարա՜, ամեն բան կանեն...
Խոսքը ժողովի երեսփոխանների մասին էր։
Իսկ Պողոս վարդապետը փարա շատ ունի, ասաց մի այլ համալ։
Ինչո՞ւ չի պիտի ունենա, խոսեց մի ուրիշը, մեզ նման խո քրտինք չէ թափում․․․ ամեն կողմից գռփում է, գջլում է, յուր համար փող է շինում... և հարկավոր ժամանակ ամենի բերանը ոսկու փականք է դնում...
Փողը թո՛ղ յուր գլուխն ուտե, ասաց Ոսկանը, ո՞ր վարդապետը, ո՞ր երեցն է փողից երես դարձնում։ Սուտ չեն ասել. «սա՜ր ու ձոր՝ իրիցի փոր...»։ Բայց վատն այն է, որ այդ մարդը, թուրքի հետ՝ թուրքություն է անում, քրդի հետ՝ քրդություն է անում: Երբ մեկը նրան ասում է, հայր սուրբ, այդպես լավ չէ, նա թուրքի կամ քրդի ձեռքով նրան ծակն է կոխում... Ի՜նչքան մարդիկ նրա պատճառով մաշվում են բանտերում... որքան տներ է քանդել նա... Մի՞թե դա հայ-քրիստոնյայի գործ է։
Հայաստանից Պոլիս եկած մշակները մեծ եռանդ էին ցույց տալիս ոչ միայն այն հարցերում, որ ուղղակի վերաբերում էին իրանց հայրենիքին, այլ առհասարակ բոլոր ազգային նշանավոր հարցերում նրանք արտահայտում էին թե իրանց դժգոհությունը և թե իրանց համակրությունը այնպիսի համարձակ ցույցերով, որ անձնազոհության էին հասցնում։ Այդ տնից, տեղից, բարեկամներից զրկված թշվառները, սրտները լի հազարավոր վշտերով, ավելի լա՛վ գիտեին իրանց հայրենիքի վշտերը, ավելի լա՛վ ծանոթ էին նրա վերքերի հետ։ Այդ էր պատճառը, որ նրանք ոչ սակավ անգամ հանդիսանում էին իբրև մի ազդու թարգման իրանց հայրենիքի և Պոլսի պատրիարքարանի միջև։
Այժմ համալների վրդովմունքին առարկա դարձած Պողոս վարդապետը Վանի առաջնորդն էր։ Այդ եկեղեցականի անկարգ վարմունքները, քանի տարի էր, որ ամբողջ Վանի վիճակը խռովության մեջ էր պահում: Թուրք պաշտոնակալներին շողոքորթելը, քուրդ ցեղապետների հետ հարաբերություններ պահպանելը, նրանց ձեռքով յուր հակառակորդներին պատմելը, բարեխիղճ անձանց հալածելը և նրանց աքսորի կամ բանտարկության մատնելը, դրանք այն զենքերն էին, որոնցով Պողոս վարդապետը մաքառում էր յուր հակառակորդների դեմ։ Վան քաղաքում կազմվել էր երկու ոխերիմ կուսակցություն, որ կոչվում էին «պողոսյան» և «ապոդոսյան»: Առաջին պարագլուխներն էին՝ զանազան հայ բեյեր, էֆենդիներ, զանազան կապալառուներ, վաշխառուներ, մի խոսքով, ամեն տեսակ հարստահարիչներ, որոնք թե իրանց շահերով և թե պարապմունքներով պետք ունեին Պողոս վարդապետի նման մի առաջնորդի։ Երկրորդ կուսակցությունը կազմված էր բողոքող, հարստահարված հասարակությունից, որի ձայնն ամեն դեպքում խեղդվում էր։
Տեղային կառավարությունը, Վանի փաշան, պաշտպանում էր Պողոս վարդապետին։ Նա պաշտպանություն էր վայելում և՛ ժողովրդի հայ կեղեքիչներից։ Նեղյալ ժողովուրդը, անճար մնացած, յուր բողոքներով դիմում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին։ Այստեղ ևս Պողոս վարդապետը վարձել էր հզոր պաշտպաններ ոչ միայն Ազգային ժողովում, այլև Կրոնական ժողովում։ Ամենքն աշխատում էին մինչև վերջին ծայր օգնել անկարգին, որ Վանում մնար, իսկ եթե անհնար լիներ նրան յուր տեղում պահել, այդ դեպքում տալ նրան Մուշի առաջնորդությունը։ Այդ էր, որ գրգռել էր մշեցի համալներին։
Պատրիարքը Խրիմյան Հայրիկը, հակառակ Պողոս վարդապետի բազմաթիվ պաշտպանների, պահանջում էր, որ նրան ոչ միայն հարկավոր էր հեռացնել Վանից, այլ պետք էր աքսորել մի որևէ վանքում ցմահ ապաշխարելու, որպեսզի ժողովրդի միջից խռովությունը և երկպառակությունը դադարի։ Այդ հարցը մի քանի տարի Ազգային ժողովի վիճաբանությունների առարկա էր դարձել։ Վերջին օրերում պետք է յուր լուծումն ստանար։
Ճաշելուց հետո համալները ցրվեցան և յուրաքանչյուրը յուր «փալանը» բարձի փոխարեն դնելով գլխի տակին, պառկեցին խճահատակի վրա մաքսատան պահեստի կամարների ներքո, որ փոքր-ինչ հանգստանան, մինչև տոթն անցնի։
Օհանը և Ոսկանը մնացին միայնակ։
Հիմա ասա՛, զավակս, դարձավ բարեսիրտ ծերունին դեպի պատանին, ի՞նչպես ես, ի՞նչ ես շինում, լա՞վ են գնում քո գործերը։
Օհանը սկսեց պատմել յուր հետ պատահած արկածները։ Ոսկանը մի առանձին ժպիտով լսում էր, թե ի՞նչ խաղ է խաղացել սև-խաչակիր տիկինը միամիտ պատանու հետ. գովեց Օհանի քաջությունը, որ ազատել է դժբախտ մանուկին, և Օհանի վիճակը թեթևացնելու համար հայտնեց, որ այդ մանուկը կլինի նրա բարեկամ բոլոր համայնքերի որդեգիրը։ Իսկ ինչ որ վերաբերում է Օհանի պարապմունքին, նա խորհուրդ տվեց՝ դարձյալ շարունակել յուր չոփչիությունը։
Վերջին խորհուրդը մերժեց Օհանը, ասելով.
Ես իմ կթոցը ծովը նետեցի, ես երդվեցա երբեք իմ մեջքը չծռել աղբի ներքո: Ես մուրացկանություն կանեմ, բայց չոփչիություն չեմ անի։
Ոսկանը նկատելով պատանու համառությունը, մտածության մեջ ընկավ:
Մի ամսից հետո, ասաց նա, մեր ընկերներից մեկը գնալու է, քեզ համար տեղ կբացվի, այն ժամանակ քեզ կընդունենք մաքսատուն համալների թվում։
Համալները թե խաներում (քարվանսարաներում) և թե այդ հիմնարկությունների մեջ կազմում են մի տեսակ ընկերություն, որոշ պայմաններով որոշ կազմակերպությամբ, ունին ընդհանուր դրամարկղ (կասսա), և յուրաքանչյուրը յուր աշխատանքը մտցնում է այնտեղ, հետո հավասար կերպով բաժանում են իրանց մեջ։ Հիվանդները կամ գործի մեջ վնասվածները, մինչև մի որոշյալ ժամանակ, դարձյալ անմասն չեն մնում ընկերության դրամարկղից:
Օհանը գոհ մնաց ծերունու խոստմունքով, բայց չգիտեր, թե ինչով ապրեր այդ մի ամիսը, մինչև յուր համար տեղ բացվեր: Նրա ունեցածը կողոպտեցին, երբ քնած էր Բոսֆորի ափի մոտ, այժմ մի փարա անգամ չուներ հացի տալու։ Այդ գիտեր Ոսկանը, Օհանը պատմեց նրան։
Ես կտամ այժմ քեզ մի քանի ղուրուշ, որ ծախսելու փող ունենաս, ասաց ծերունին։ Երբ կպրծնի, էլի կգաս ինձ մոտ: Համալների մեջ սովորություն էր օգնել իրանց հայրենակիցներին, մինչև նրանք պարապմունք գտնեին։
Օհանը շնորհակալությամբ ընդունեց յուր բարեկամի օգնությունը և հեռացավ մաքսատնից։ Օհանը գնում էր և միևնույն ժամանակ մտածում էր Ոսկանի բարեսրտության վրա։ Ո՜րքան խորին կրթողական տպավորություն է գործում օրինակը, լա՛վ օրինակը։ Նա լսել էր Ոսկանի անցյալը տեսնում էր նրա ներկան։ Այդ աշխատասեր մշակի կյանքի մեջ գտնում էր գեղեցիկ, առաքինական խրատներ։ Դեռ շատերի հիշողության մեջ չէր մոռացվել նրա մի ազնիվ վարմունքը, որ պատահել էր մի քանի տարի առաջ։ Այդ ժամանակ Ոսկանը դեռ փողոցային համալ էր։ Մի պարոն, դուրս գալով շոգենավից, հանձնեց նրան յուր պայուսակը, պատվիրելով, որ հետևե իրան։ Ոսկանը խուռն բազմության մեջ կորցրեց պարոնին։ Որոնեց, որոնեց, չգտավ։ Գնաց այն պանդոկը, որտեղ ցույց էր տվել նա, այնտեղ ևս չգտավ։ Մի քանի շաբաթ, մի քանի ամիս որոնում էր նրան։ Վերջը բաց արավ պայուսակը, մտածելով, գուցե նրա մեջ կգտնվերեր մի առարկա նրա անցագիրը կամ մի այլ թուղթ, որից կարելի կլիներ իմանալ, թե ով էր այդ պարոնը։ Պայուսակի մեջ գտավ պարոնի հագուստները, մի քանի թղթեր և մոտ հազար ոսկի փուտ փող։ Այդ ժամանակ Ոսկանը յուր հայրենիքում մի քանի հազար ղուրուշ պարտք ուներ, բայց պայուսակի ոսկիները չկարողացան հրապուրել նրան։ Ոսկանը տեղեկացավ, որ պարոնը ֆրանսիացի էր, վեր առավ պայուսակը և ուղղակի դիմեց ֆրանսիական դեսպանատուն։ Այնտեղ քննեցին թղթերը, տեսան, որ պայուսակը պատկանում էր նույն պարոնին, որ մի քանի ամիս առաջ, փողոցում խոլերայից բռնվելով, մեռել էր։
Ոսկանը ստացավ, իբրև պարգև, ոսկիների մի մասը, որ ամենևին չէր սպասում։