Raffi

Ղարիբ մշեցին

ԺԳ

ԺԳ

Համարյա մեկ տարի անցել էր այդ օրից։

Ուրբաթ էր, մահմեդականների հանգստի և զվարճության օրը։ Բայց այս առավոտ Բոսֆորի ափերի մոտ կանգնած ծովեզրյա ապարանքներից մեկը չէր ներկայացնում այն սովորական ցնծություններով լի զվարթությունը, որ հատուկ է տոն օրերին։ Ամբողջ ամրոցի մեջ տիրում էր մի տեսակ վհատիչ լռություն խորին անշարժության հետ, որ այնպիսի տպավորություն էր գործում, կարծես այդ սքանչելի կերտվածքը յուր փառահեղության մեջ հոգնել էր, ձանձրացել էր միշտ ուրախ լինելուց։

Արեգակը վաղուց արդեն սկսել էր շողշողալ ապարանքի մինարեթների կապտագույն մոդայիկների վրա, բայց դեռ ոչ ոք չէր երևում, ոչ ոք չէր շարժվում։ Այնպես էր թվում, որ այդ կախարդված շինվածքը յուր բոլոր բնակիչներով պղնձացած լիներ։ Կանանոցի բակում աննպատակ կերպով շրջում էին երկու սիրամարգներ միայն և իրանց երկար ագիները քարշ տալով, ավելում էին մարմարյա սալահատակը։ Երբեմն յուր նախշուն, գունավոր զգեստով հայտնվում էր սև խափշիկը, լուռ մոտենում էր այս ու այն փակված դռանը, ինքն իրան հարց տալովով՝ «արդյոք չե՞ն կանչում ինձ...»։

Արույրյա, կանաչագույն վանդակապատը բաժանում էր գեղեցիկ պարտեզը կանանոցի բակից։ Այստեղ աշնան սկզբում ծաղկում էր վերջին գարունը։ Այստեղ զառամյալ կյանքն սկսել էր կրկին մանկանալ: Վարդերը նորից բացվել էին և սպիտակ հասմիկը լցրել էր օդը յուր նուրբ անուշահոտությամբ։

Ոլորապտույտ ճեմելիքով, որի երկու կողմերը ցանկապատած էին խուզած մրտենիներով, անցնում էր մի պատանի։

Նա բավական վաղ մտել էր այդ պարտեզը, լսելու թռչունների առավոտյան տաղերգը։ Դանդաղ քայլերով ընթանում էր նա, երբեմն կանգ էր առնում մտախոհ կերպով նայում էր այս ու այն ծառի գեղեցկության վրա և կարծես ինքն իրան զարմանում էր. «այդ ո՛րտեղ եմ․․․»։

Այդ զարմանքը, այդ խորին հիացումը նույն բնավորությունն ուներ, որպես մի դժբախտ հանդիպում է վհուկների թագուհուն, որ խոստանում է նրան փառք և երջանկություն՛ հպեցնում է նրան կախարդական գավազանը, դժբախտը վերասլանում է մի անիմանալի հափշտակության մեջ և մի քանի վայրկյանից հետո աչքերը բաց է անում, իրան գտնում է փերիների աշխարհում, շրջապատված հավերժական երանությամբ...

Նույն դյութական ինքնամոռացության մեջ էր գտնվում պատանին, նույն զգացմունքները սքանչացնում էին նրան։

Գեղեցիկ էր նա և շնորհալի, և ավելի գեղեցիկ էր երևում նա՝ իրան միայն պատշաճավոր հագուստի մեջ։ Բնությունը ոչ մի թերություն չէր թողել, որքան կարելի է, վայելուչ կերպով կազմելու կյանքով լի մանկության այդ դեռահաս տիպարը։

Ո՞վ կարող էր նրա մեջ ճանաչել Օհանին։ Ո՞վ կարող էր նրա մեջ ճանաչել կոշտ, կոպիտ «չոփչիին», որ մի ժամանակ Ղալաթիայի փողոցներում, աղբի կթոցը շալակին, ողորմելի կերպով թափառում էր։

Ամեն ինչ փոխվել էր նրա մեջ։ Նրանում չէր մնացել վաղեմի գռեհկության ամենափոքր նշույլն անգամ։ Ամեն ինչ նոր կերպարանք էր ստացել, դեմքն ավելի գրավիչ էր դարձել, ձայնն ավելի փափկացել էր, շարժմունքն ու ձևերն ավելի նրբացել էին, ամեն ինչ փոխվել էր, անփոփոխ էր մնացել միայն նրա սիրտը յուր մաքուր պարզության մեջ։

Սափրիչի խանութում ծանոթացած վանեցին Օհանին բաց չը թողեց։ Որքան Օհանը խորշում էր, խույս էր տալիս նրանից, նա այնքան ավելի աշխատում էր կաշկանդել անփորձ պատանոուն լուր ճանկերի մեջ, մինչև հաջողվեցավ նրան՝ համոզել Օհանին, որ մի հարուստ փաշայի տան մեջ ծառայության մտնե։ Այժմ Օհանն այդ փառավոր ապարանքի «էյվազն» սենեկապանն էր։

Երկու առավելություններ նպաստեցին նրան այդ պաշտոնին հասնել. առաջինը՝ յուր վայելչակազմ հասակը, որ անհրաժեշտ պայմաններից մեկն էր մի մեծ իշխանական տան ծառայության համար, երկրորդը՝ յուր հայ լինելը, որ հավատարմության մի հաստատ դրավական էր թուրք ընտանիքի մեջ մտնելու համար:

Ծերունի փաշան սիրում էր յուր ընտանեկան կյանքում շրջապատել իրան գեղեցիկ առարկաներով։ Դրանցից մեկը նրա սենեկապանն էր։ Իսկ հայ սենեկապանը Պոլսում ընդհանուր վստահություն է վայելում։ ՝Նրան հավատում են ամեն բան, մինչև անգամ կանանոցը։

Իսկ Օհանը յուր ազնիվ բնավորությամբ ավելի սիրելի դարձավ ծերունի փաշային, որ նրան յուր զավակներից չէր բաժանում և ամեն ինչ հանձնել էր նրա ձեռքը։

Մտնելով այդ ծառայության մեջ, Օհանը յուր հայրենակից Ոսկանի աչքին այլևս չերևաց։ Սկզբում մի անգամ միայն տեսավ նրան, և երբ յուր նպատակը հայտնեց, սաստիկ հանդիմանություն ստացավ։ Ոսկանն ատում էր այդ ծառայությունը, ասում էր տղամարդի գործ չէ։ Մշեցին, նրա կարծիքով, կամ պետք է համալ լիներ, կամ հրդեհաշեջ և կամ նավաստի։

Օհանն ինքը ևս զգում էր այդ և յուր վիճակից բոլորովին գոհ չէր՝ Նա զգում էր, որ յուր տեղումը չէ։ Բայց մի անգամ ընկղմվելով մահմեդական ընտանիքի խորության մեջ, այլևս դուրս գալ չէր կարողանում։

Ծերունի փաշայի ընտանիքը շատ մեծ չէր։ Նա ուներ մի քանի կանայք, բայց փոքր թվով զավակներ։ Նրանց մեջ բոլորից չափահասը մեծ աղջիկն էր, որ այդ ապարանքումն էր բնակվում։

Մի ամիս հազիվ կլիներ, որ փաշան վերադարձել էր Եգիպտոսից, ուր նա գնացած էր մի շատ կարևոր պետական պաշտոնով։ Քաղաքում ուներ նա մի քանի տներ, բայց վերադառնալուց հետո, ընտրեց այդ ապարանքը՝ Բոսֆորի ափերի աշնանային գեղեցկությունը վայելելու համար։

Օրը ուրբաթ լինելով, փաշան չէր գնացել Բարձր Դուռը։ Վաղ առավոտյան դուրս եկավ նա, մեչիդ պիտի գնար, իսկ այնտեղից՝ մի բարեկամի մոտ ճաշելու։ Այդ էր պատճառը, որ Օհանն այսօր ազատ էր։

Պարտեզում երկար, զբոսնելուց հետո Օհանը ձանձրացավ, գնաց նստեց մարմարյա շատրվանի մոտ, որ հովանավորված էր մշտականաչ ծառերով։ Ջուրը դուրս էր ցայտում կիսամերկ հյուրի բերանից և մարգարտյա կաթիլներով ցողվում էր ավազանի մեջ։

Օհանը մի առանձին հրճվանքով նայում էր ավազանի մեջ, որի պարզ ու վճիտ հայելին երբեմն թրթռում էր, երբ ոսկեգույն և արծաթագույն ձկնիկները հանկարծ հայտնվում էին մակերևույթի վրա, զանազան զվարճալի պտույտներ էին գործում և կրկին անհայտանում էին։ Նա պահանջեց պարտիզպանից մի կտոր հաց, մանրեց և փշրանքներն սկսեց փոքր առ փոքր ձգել ավազանի մեջ: Ձկնիկներն ավելի ուրախացան, սկսեցին շուտ-շուտ հայտնվել ջրի երեսին Չարաճճիները խլում էին հացի բեկորները և իսկույն խորասուզվում էին դեպի հատակը։ Այդ Օհանին մեծ զվարճություն էր պատճառում։

Այդ խաղով զբաղված էր Օհանը և ամենևին չէր նկատում, որ մի նազելի կին հայտնվեցավ հակառակ ճեմելիքի ծայրում և տեսնելով նրան շատրվանի մոտ նստած, կամաց-կամաց մոտեցավ, կանգնեց նրա հետևում։ Մի քանի րոպե մանկահասակ կինը խորին տարփանքով նայում էր պատանու վրա, մինչև նա զգաց, որ երկու փափուկ ձեռքեր դրվեցան յուր ուսերի վրա և լսեց այս խոսքերը.

Այդ ի՞նչ ես անում... երեխայությունդ մի՛տդ ես բերել...

Օհանը ետ նայեց և իսկույն կարմրելով ոտքի ելավ։

Ա՜խ, տիկին, դո՜ւք եք... ձայն տվեց նա և մնաց շփոթված։

Տիկինը նստեց նույն տեղում, որտեղ նստած էր Օհանը։ Վաղորդյան զովությունը նրա պայծառ դեմքին մի առանձին զվարթություն էր բաշխել։ Կրծքի վրա խրած ուներ մի խոշոր մուգ դեղնագույն թեյի վարդ։

Օհանը դեռ կանգնած ոտքի վրա՝ և՛ սպասավորի խոնարհությամբ և՛ մի այլ զգացմունքով, որ նրան անհասկանալի էր։

Նստի՛ր, ասաց նրան տիկինը, ցույց տալով մերձակա նստարանը։

Օհանը չհամարձակվեցավ նստել։

Այդպես էլ լավ է, տիկին, պատասխանեց նա և մնաց ոտքի վրա։

Տիկինը փաշայի վերջին կանանցից մեկն էր, որի հետ պսակված էր արդեն խորին ծերության հասակում։ Այդպիսի դեռահաս կրակով լի կանանց արևելքում ծերունիները գործ են ածում որպես ջերմություն` իրանք սառած ոսկորները տաքացնելու համար:

Նա վեր առավ հացի մնացած պատառը, սկսեց ինքը ևս Օհանի նման մանրել և ձգել ավազանի մեջ։

Դուք ինձ ծաղրում էիք, տիկին, ժպտելով նկատեց Օհանը։

Ես ուզում եմ իմ բախտը փորձել, ասաց նա և շարունակեց ձգել փշրանքները։

Ինչպե՞ս փորձել հարցրեց Օհանը:

Սպասիր, հիմա կտեսնես...

Նա փոքր առ փոքր ձգում էր փշրանքները, երբեմն հայտնվում արծաթագույն և երկու ոսկեգույն, երբեմն մի քանի ոսկեգույն միասին, իսկ երբեմն մի արծաթագույն առանձին։ Այդ հաշիվները պահում էր նա մատների վրա, և հետզհետե նրա սիրուն դեմքն ավելի ուրախ արտահայտություն էր ստանում։

Երբ վերջացրեց, հացի պատառը տվեց Օհանին, ասելով...

Հիմա դու փորձիր...

Այդ միջոցին Օհանը, մոռանալով իրան, նստեց տիկնոջ մոտ։

Ես ոչինչ չեմ հասկանում, ասաց նա երեխայական պարզամտությամբ, ինչպե՞ս փորձեմ։

Ես հասկանում եմ... Դու միայն փշրանքները ձգիր և սպասիր... Երբ ձկները դուրս կգան, կխլեն և կանհայտանան, նորից ձգիր... Ես հաշիվը կպահեմ...

Օհանը, ստացած հրահանգների համեմատ, սկսեց նետել փշրանքները։ Տիկինը լուռ նայում էր ավագանի մեջ և ամեն անգամ, երբ ձկները հայտնվում էին, ձեռքի գեղեցիկ մատներից մի քանիսը կամ խփում էր և կամ բաց անում։ Երբ Օհանը տակավին շարունակում էր, նա ձայն տվեց.

Բավական է...

Օհանը, յուր գործողությամբ սաստիկ ուրախացած, դարձավ դեպի տիկինը, հարցնելով.

Հիմա բացատրեցեք, լա՞վ դուրս եկավ, թե վա՞տ։

Չեմ ասի, պատասխանեց տիկինը և միևնույն ժամանակ նրա խոշոր աչքերում փայլեց մի կրակ, որ նման էր ըղձալի հույսի աղոտ նշույլներին։

Դուք խոստացաք ասել, խնդրում էր պատանին թախանձելով և ամեննին չէր զգում, թե ինքն ո՛ւմ մոտ էր նստած և ո՛ւմ

Գուցե տիկինը մի բան կասեր, եթե այդ միջոցին բակի փոքրիկ շունը սաստիկ աղմուկ չբարձրացներ, որ նրանց ուշադրությունը դարձրեց դեպի այն կողմը։

Օհանը վեր կացավ։

Պարտեզից նկատեցին, որ կանանոցի սենյակներից դուրս եկավ մի կին, և նրա հետևից` մի մարդ, որ շալակին կրած ուներ մի ահագին արկղ:

Այդ այն փերեզակ կինն է, ասաց Օհանը։

Այո՛, նա է, ասաց տիկինը։

Օրիորդ Զահրայի սենյակից է դուրս գալիս։

Ո՛րքան շատ բաներ է գնում Զահրան ասաց տիկինը մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և՛ զարմացք, և՛ հեգնություն։ Ամիս չէ անցնում, որ այդ կինը մի քանի անգամ նրա մոտ չմտներ։

Օհանը ոչինչ չպատասխանեց։

Կանչի՛ր նրան այստեղ, հրամայեց տիկինը:

Մարդ տեսածին պես մահմեդական տիկինները կմտնեն իրանց բարձր դերի մեջ, իսկ մարդ չեղած ժամանակ սպասավորների հետ ամեն տեսակ հանաքներ կանեն։ Օհանը վազեց նրան կանչելու։

Նրա հեռանալուց հետո մանկահասակ տիկնոջ դեմքը մռայլվեցավ։ «Ե՛վ լա՜վ, և վա՜տ... այդ ի՞նչ է նշանակում... Ես ձգելու միջոցին լավ եկավ... իսկ նրա ձգելու միջոցին` վատ...»։ Նա մտաբերեց ավազանի մեջ կատարված բախտահմայությունը։

Փերեզակ կինը Օհանի առաջնորդությամբ մտավ պարտեզ: Դեռ չհասած, հեռվից սկսեց խոսել.

Փա՜ռք աստուծո, Ֆաթիմա խաթունն էլ բարեհաճում է աղքատ մանրավաճառից մի բան գնել... Ինչպե՞ս եք, նազելի տիկին, լա՞վ եք, առո՜ղջ եք... Գոհություն աստուծո, որ ձեզ լավ եմ տեսնում... Տացե աստված, որ միշտ այդպես ուրախ և բախտավոր լինեք... Մենք էլ ձեզանով ենք ապրում... Երբ ձեր սիրտն ուրախ է, մի բան կգնեք, մեզ էլ կուրախացնեք... Տխուրներից սատանան էլ է փախչում...

Շատախոս մանրավաճառը յուր օրհնությունների, ողջագուրանքի հեղեղը անտարակույս, դեռևս երկար պիտի շարունակեր, եթե տիկինը նրան չկանգնեցներ, ասելով.

Բե՛ր տեսնենք, ի՞նչ ունես։

Ամեն բան ունեմ, նազելի տիկին, ինչ որ ձեր սիրտը ցանկանում է։

Նա հրամայեց յուր բեռնակրին արկղը ցած դնել և մինը մյուսի հետևից սկսեց ցույց տալ զանազան իրեղեններ։ Տիկինը ոչ այնքան գնելու նպատակով, որքան հետաքրքրության համար, զննում էր այդ գույնզգույն իրեղենները։ Օհանը, մի կողմում կանգնած, ուշադրությամբ նայում էր։

Օրիորդ Զահրան մի բան գնե՞ց, հարցրեց տիկինը։

Ա՜խ, ի՞նչ եք հրամայում, նազելի տիկին, պատասխանեց նա վշտալի ձայնով, մի՞թե կարելի է մի բան հավանել տալ օրիորդ Զահրային։ Նա միայն չարչարել գիտե։ Պատվիրել էր շղարշ երեսի քողի համար։ «Լա՛վը, լա՛վը, ամենաընտիրը կբերես, հրամայեց ինձ, և շուտ կբերես, առավոտյան շատ վաղ, որովհետև ուրիշ տեղ հյուր եմ գնալու...»։ Ամբողջ քաղաքը ման եմ եկել, ամենալավ տեսակները բերել եմ, դարձյալ չէ հավանում, ասում է. «Այդ ի՞նչ է, դու ինձ խայտառակե՞լ ես ուզում, ինչպե՞ս կարելի է դրանով դուրս գալ...»։ Ի՞նչ պիտի անեմ, ջահել աղջիկ է, սիրտը նազուք է, խո չեմ կարող սիրտը կոտրել։ Հիմա պետք է գնամ ուրիշ տեսակները բերեմ և նրա ցանկությունը գոհացնեմ։

Տիկինը շարունակում էր գննել իրեղենները։

Նայեցեք այդ ֆերուզային, նազելի տիկին, նայեցեք գույնը, փայլը, գեղեցկությունը, հրաշալի՞ բան է։ Իսկական Խորասանի է։ Ուրիշները լինում են, բայց ներկած են լինում, սկսում է շուտով գույնը փոխել։ Բայց դա հավիտյան այդպես կմնա։ Մի դիպվածով ես ձեռք բերի այդ հազվագույտ քարը։ Սուլթանի պալատում անգամ դրա հատը չի գտնվի...

Իմն ինչո՞վ է վատ դրանից, ընդհատեց տիկինը, ցույց տալով յուր մատի գեղեցիկ ֆերուզան։

Ա՛յ, ասեմ, պատասխանեց շատախոսը յուր մատանին բռնեցնելով տիկնոջ մատանիփ հետ, ձերը, նազելի տիկին, ավելի փոքր է, իսկ այդ ավելի խոշոր է, ձերը, նազելի տիկին, ավելի բաց գույն ունի, իսկ դա մանիշակագույն է, ձերը, նազելի տիկին...

Տիկինը դարձյալ ընդհատեց նրան, ծիծաղելով.

Բայց դու այն չես ասում, որ քոնն ավելի տափակ ձև ունի, իսկ իմը գմբեթաձև է։ Ֆերուզայի այդ ձևն ամենաընտիրն է համարվում և շատ հազվագյուտ է լինում։

Դա էլ նույն ձևը կստանա, նազելի տիկին։ Զարմանում եմ, որ դուք չգիտեք, որ ֆերուզան աճում է, կաճի և նույն ձևը կստանա։

Տիկինն առաջինն անգամն էր լսում այդ։ Նա յուր ֆերուզան տասն տարուց ավել կրում էր մատին, բայց աճելության ամենափոքր նշույլ անգամ նրա մեջ չէր նկատել։ Ոչ սակավ զարմացավ և Օհանը, որ թույլ ավեց իրան այս նկատողությունն անելու,

Քարն ինչպե՞ս կարող է աճել։

Կարող է աճել, գեղեցիկ պատանի, պատասխանեց նա ժպտելով։ Մարջանն (կորալ) էլ քար է, ապա ինչպե՞ս է աճում։ Ծովի միջումը աճում է և ծառ է դառնում։

Օհանի հասկացողությունը թանկագին քարերի վերաբերությամբ շատ հեռու չէր գնում, որ ցույց տար նրան մարջանի և ֆերուզայի մեծ զանազանությունը։ Նա լռեց։ Բայց նրա ուշադրությունը գրավեց մի այլ բան։ Այդ կինը հանկարծ զարթեցրեց նրա մեջ մի աղոտ միտք, և նրա զարմացած աչքերն սկսեցին երբեմն դառնալ դեպի նա, երբեմն դեպի նրա բեռնակիրը։ Նրա հիշողության մեջ հանկարծ ծագեց այն մոռացված կասկածանքը, որ մի ժամանակ ուներ նա դեպի ամեն կին, որ հանդիպում էր նրան, և որոնց մեջ որոնում էր իրան խաբողին, իրան մոլորության մեջ ձգողին։ Այժմ գտնում էր նա մի մթին նմանություն այդ կնոջ և այն կնոջ մեջ, որ մի տարի առաջ, յուր կատվի պատրվակով հանձնեք իրան անբախտ մանուկին։ Բայց տարբերությունները բավական մեծ էին։ Այն ժամանակ սև էր հագնված, իսկ այժմ բոլորովին մոխրագույն։ Այդ շատ չշվարեցրեց Օհանին, որովհետև հագուստը միշտ կարելի է փոխել։ Դեմքը լավ չէր մտաբերում, այդ էր, որ շփոթեցրեց Օհանին։ Նրան տեսել էր երկու անգամ միայն, մեկը՝ ցերեկով, այն ևս խիստ սուղ միջոցում, մյուսը՝ գիշերով, խավարի մեջ։ Ձայնը, խոսակցության ձևը բոլորովին նման էր։ Նման էր և հասակը, այն կինն էլ դրա տարիքն ուներ։ Հանկարծ Օհանի աչքին ընկավ սև սաթի փոքրիկ խաչը, որ կապած ուներ պարանոցին և որի վերևի մասը և՛ այժմ երևում էր շապկի տակից։ Այդ խաչը նա լավ հիշում էր։ Նրա կասկածանքն ավելի ուժ ստացավ։

Նրա բեռնակրին առաջին անգամն էր տեսնում։ Այդ զզվելի մարդը, որ անդադար ձախ աչքը խփում էր, աջն՝ էր բաց անում, և աջը՝ խփում էր, ձախն՝ էր բաց անում, յուր թուխ դեմքով, սրածայր քթով կարճ շրթունքներով, երկար ականջներով և խճճված սև մորուքով Օհանի վրա խիստ անախորժ տպավորություն գործեց, մանավանդ երբ իմացավ, որ նա հրեա է։

Տիկինը ոչինչ չգնեց։ Նա խոսացնելու համար միայն կանչել տվեց մանրավաճառին։ Քաղաքի բոլոր բարձր և միջին շրջաններում ել ու մուտ ուներ այդ կինը և գիտեր, թե ինչ տեղ ի՛նչ է կատարվել։ Օրեկան բամբասանքների մի կենդանի օրագիր էր նա: Այդ առիթով, յուր նազելի տիկնոջը հաճություն պատճառելու համար, թողեց նա յուր առևտուրը և սկսեց երկար ու երկար պատմել, թե ինչո՛ւ է այսինչ փաշան յուր կնոջը ծեծել... ի՛նչ պատճառով այնինչ փաշայի կանայքը միմյանց հետ կռվել են... թե այսինչ փաշայի աղջկա և յուր էյվազի մեջ ի՛նչեր են անցել... թե ո՛րքան ճշմարիտ է, որ այնինչ փաշան բաժանվում է յուր կնոջից և ամուսնանում է մի հարուստ այրիի վրա և այլն...

Երբ վերջացրեց, հավաքեց յուր իրեղենները, կրկին տեղավորեց արկղի մեջ, ասելով.

Ներեցեք, նազելի տիկին, ես ուշացա, շատ ուշացա... Ն. էֆենդիի տանն այժմ սպասելիս կլինեն ինձ... մի քանի բաներ են ապսպարել...

Նա տվեց հրեայի շալակին ահագին արկղը, որ յուր երկարությամբ ծածկում էր՝ սկսած նրա գլխից մինչև մեջքի վերջը։ Բեռնակիրը կռացավ, ճոկան դարձավ այդ ծանրության ներքո։

Մնաք բարյավ, նազելի տիկին, ցանկանում եմ ձեզ աշխարհի բոլոր բարությունները։

Նա գնում էր և միևնույն ժամանակ օրհնում էր։

Ի՞նչ ազգից է այդ կինը, հարցրեց Օհանը, երբ բոլորովին հեռացավ նա։

Չգիտեմ, պետք է որ հույն լինի, պատասխանեց տիկինը։

Շատ բարի պտուղ չէ երևում...

Նրանք ամենքն էլ այդպես են լինում, ասաց տիկինը, վեր կացավ նստած տեղից և ծանր, անհավասար քայլելով սկսեց գնալ դեպի յուր բնակարանը։

Օհանը նկատեց նրա տխրությունը և քարացածի նման կանգնած հետևից նայում էր նազելի հասակին, նայում էր մտախոհ գնացքին, և ինքն էլ չգիտեր, թե ինչու է այդպես անհագաբար նայում ...

Նա կրկին մոտեցավ, նստեց ավազանի մոտ, մի նստարանի վրա։ Այժմ գույնզգույն ձկներն այլևս չէին հետաքրքրում նրան:

Անցավ մի շաբաթ, երկու, փերեզակ կինը դեռևս չէր երևում։ Անցավ մի ամիս։ Օհանն անհանգիստ էր։ Միշտ նրա մասին էր մտածում և ոչ մի ելք չէր գտնում։ Գոնե գիտենար, թե որտեղ էր բնակվում նա, այդ ևս չգիտեր։ Խառնաշփոթ Ստամբոլում հեշտ չէր մարդիկ գտնել, իսկ խորամանկ կինը մի խոսքով անգամ չակնարկեց յուր բնակության տեղը։ Սպասում էր, մինչև մյուս անգամ կհայտնվեր նա։ Բայց այդ նրա համար խիստ ծանր էր։ Ե՞րբ կգար, մինչև ե՞րբ պետք էր սպասել։ Զահրան, իրավ է, շատ բաներ էր գնում նրանից, և նա առաջ ավելի հաճախ էր գալիս։ Բայց ահա մի ամբողջ ամիս անցել էր, որ չէր երևում։

Այդ մտածությունների մեջ տարուբերվելով, մի անգամ դուրս եկավ նա, կանգնեց ապարանքի դռանը, նայում էր անցուդարձ անողների վրա։ Հանկարծ նրա մոտով շտապով անցավ Ֆերուզը Զահրայի սևամորթ ստրուկը։

Ո՞ւր այդպես, Ֆերուզ, հարցրեց նրանից։

Գնում եմ նրան կանչելու, պատասխանեց խափշիկը և ավելի փութացրեց յուր քայլերը։

Ո՞ւմը կանչելու... դե՛ կանգնիր, տեսնում ես, որ քեզ հետ։ խոսում են։

Այն կնոջը, որ բաներ է բերում իմ տիրուհու համար, ասաց նա և վազ տվեց։

Օհանը հասկացավ, թե ո՛ւմը պետք է կանչեր և ուրախացավ։

Ուրեմն խափշիկը գիտեր նրա բնակարանը։ Երևի, որ սակավ անգամ գնացել էր նրան կանչելու։ Նա կգա, անպատճառ կգա։ Եվ ոչ մի կնոջ գալուստն այնքան բավականություն չէր պատճառի Օհանին, որքան այն գարշելի ջադուկի գալուստը, որին յուր բոլոր սրտով ատում էր։

Կեսօրից բավական անցել էր։

Ծերունի փաշան Բ. Դռնից վերադարձել, ճաշել և քնել էր։ Մինչև նրա վեր կենալը Օհանը բավական ազատ ժամանակ ուներ: Ապարանքում տիկինները նույնպես քնած էին։ Արթուն էին միայն աղախինները, որ այդ հանգստի ժամուն, կանանոցի պարտեզում հավաքված, ծառերի անուշահոտ ստվերի տակ նստած, խոսում էին, ծիծաղում էին և յուրաքանչյուրը յուր սրտի ցավերն էր պատմում ընկերին։

Օհանը նկատեց, որ փերեզակ կինը գալիս էր միշտ այն ժամանակ, երբ Զահրայի հայրը կամ տանը չէր, կամ եթե տանն էր, քնած էր։ Ուրեմն նա գիտեր այդ ժամանակները, կամ նրան իմացում էին տալիս։ Այդ զարթեցնում էր Օհանի սրտում մի աղոտ կասկած։ Ի՞նչ կապեր կարող էին լինել բարեսիրտ, հրեշտականման Զահրայի և մի նենգավոր կնոջ մեջ։ Օհանը մտաբերելն անգամ մեծ մեղք էր համարում յուր ազատած մանուկի մասին...

Բայց ինչո՛՛ւ էր նա այսպիսի ժամանակներ ընտրում։ Հայրը միայն կարող էր խանգարել նրան՝ կամ յուր մոտ կանչելով, կամ առանց հարցնելու անակնկալ կերպով նրա սենյակը մտնելով։ Իսկ հայրն այժմ քնած էր։ Բացի նրանից, ապարանքում ուրիշ ոչ ոք իրավունք չուներ վրդովելու Զահրայի առանձնությունը։

Իսկ ազնիվ Օհանը վայելում էր օրիորդի առանձին շնորհը։ Այդ շնորհը գրավեց նա յուր վերին աստիճանի անարատությամբ։ Այդ էր պատճառը, որ նա վստահություն ուներ ի ժամու և ի տարաժամ ու օրիորդի բնակարանը մտնելու, մանավանդ երբ մի որևէ գործով առիթ ուներ։ Իսկ այժմ մտածեց, երկար մտածեց, ոչ մի առիթ չգտավ։ Ցանկանում էր անպատճառ ներկա լինել փերեզակ կնոջ առևտուրին և ավելի մոտից դիտել նրա հարաբերությունները օրիորդի հետ։

Շուտով միտքը փոխեց նա...

Նա փայտի նման ցցված մնաց ապարանքի դռան մոտ, յուր տեղից չշարժվեցավ։ Նրա անհամբեր աչքերը դարձրած էին դեպի այն կողմը, որտեղից պետք է հայտնվեր փերեզակը։ Բայց նա ուշացավ։ Գուցե շատ հեռու էր կենում։ Գուցե խափշիկը չգտավ նրան։ Եթե ոչ, ինչո՞ւ պետք է ուշանար։ Չէր երևում և խափշիկը։ Երկար սպասելուց հետո, Օհանը ներս մտավ, մտածելով. «Պետք է մի կերպով սուրալ օրիորդի բնակարանը...»։ Հարկավոր էր մի որևէ առիթ, և այդ առիթը գտավ նա։

Օրիորդը պետք է միայնակ լիներ յուր սենյակում։ Նրա միակ աղախինը, որ հասակն առած կին էր, այսօր թույլտվություն էր ստացել յուր բարեկամներից մեկին տեսության գնալու: Այդ ավելի գրգռեց Օհանի կասկածը։ Ինչո՞ւ պետք է հեռացրած լիներ աղախնին։

Նա գտավ օրիորդին յուր սենյակում՝ խորին անհամբերության մեջ ոտքի վրա, մերթ մոտենում այս և մերթ այն լուսամուտին։ Տեսնելով Օհանին, կանգ առավ սենյակի մեջ տեղում և առանց սպասելու, որ նա հայտնե, թև ինչո՛ւ համար է եկել, ինքն ասաց.

Դու երևի այն գորգի համար եկար, այլևս պետք չէ, ես միտքս փոխեցի, մի այլ բան պիտի գնել տամ...

Օհանը հասկացավ, որ իրան կամենում են հեռացնել, մանավանդ երբ տեսավ, որ օրիորդը յուր խոսքը վերջացնելուց հետո երեսը շուռ տվեց, կրկին մոտեցավ լուսամուտին, սկսեց Նայել դեպի բակը։

Այո՛, գորգի համար էի եկել, պատասխանեց նա և քաղաքավարությամբ գլուխ տալով դուրս եկավ։

Օրիորդը մի քանի օր առաջ պատվիրել էր նրան՝ գնել մի փոքրիկ գորգ յուր թախտի առջև տարածելու համար, որովհետև յուր ունեցածը շատ գեղեցիկ չէր գտնում։

Օհանը դուրս եկավ նախասենյակը, դուռը յուր հետևից ծածկեց, բայց փոխանակ դեպի բակը գնալու, հուշիկ քայլերով անցավ դեպի մի այլ սենյակ, այնտեղից մտավ երկրորդը և երրորդը։ Այդ վերջինը, որ մի ընդարձակ դահլիճ էր, բաժանված էր օրիորդի գտնված սենյակից կամարաձև անջրպետով, որ ծածկված էր ծանր, անթափանցիկ մետաքսյա վարագույրներով։ Իսկ մյուս ճակատի լուսամուտները բացված էին դեպի գեղեցիկ պատշգամբը, որ նայում էր Բոսֆորի վրա։

Օհանն անցավ պատշգամբի վրա։

Ի՞նչ կմտածեր օրիորդը, եթե հանկարծ դուրս գալու լիներ և նրան այնտեղ տեսներ։ Սպասավորի համար այդ հարցը շատ տարակուսական չէր կարող լինել։ Օհանը իսկույն յուր համար գործ գտավ։ Սկսեց ծաղիկների թաղարներն ուղղել, մի քանիսը տեղափոխեց, մի քանիսի չորացած տերևները մաքրեց, հետո մոտեցավ այնտեղ դրած միակ բազկաթոռին և անձեռոցիկ չգտնելով, գրպանից թաշկինակը հանեց, սկսեց փոշին մաքրել։ Այդ ծանր, գեղաքանդակ բազկաթոռի վրա նստում էր փաշան, երբ երբեմն երեկոյան պահուն գալիս էր յուր դստեր մոտ՝ ծխելու և սուրճ խմելու։ Իսկ այժմ մի առանձին բավականությամբ բազմեցավ նրա վրա Օհանը, սկսեց նայել դեպի ծովը և մտածել, եթե օրիորդը դուրս գալու լինի, կասե, թե շատ կարելի է, որ նրա հայրն այս երեկո նրա մոտ գա յուր սովորական սուրճը վայելելու։

Նա շարունակում էր նայել դեպի Բոսֆորը։ Թեքված արեգակի ճառագայթների առջև՝ մանր ալիքները փողփողում էին և կոտրատված հայելիների միլիոնավոր բեկորների նման՝ իրանց լուսապայծառ փայլով խտղտացնում էին Օհանի աչքերը։ Բայց նա շարունակում էր նայել։ Սքանչելի էր տեսարանը. կարծես գեղեցիկ Բոսֆորն այդ հանդիսավոր րոպեում յուր բոլոր հոգեզվարճ ուրախությամբ ժպտում էր, ծիծաղում էր, և նրա կախարդական ժպիտը լցնում էր Օհանի սիրտն անսահման բերկրությամբ։

Ո՜րքան մեծ փոփոխություն։ Շատ ժամանակ չէր անցել այն օրից, երբ Օհանը, թիկն տված յուր աղբի կթոցին, նստած էր ավազների վրա և այսպես նայում էր Բոսֆորին։ Իսկ այժմ նստած էր նա այն բազկաթոռի վրա, որի վրա հանգստանում էր Բարձր Դռան խոշոր անձինքներից մեկը։ Այդ ժամանակ Օհանն սպասում էր, որ արևը մտնե, խավարը պատե, որ հետո գնա սև խաչակիր տիկնոջ խոստացած երկու ղուրուշն ստանալու... Այսօր նույնպես սպասում էր նրան, բայց բոլորովին այլ նպատակով...

Լսելի եղավ բակի փոքրիկ շան ձայնը։ Օհանը ցնցվեցավ։ Այդ խելացի կենդանին յուր սուր բնազդմամբ կարծես մի առանձին ատելություն ուներ դեպի փերեզակ կինը և մանավանդ դեպի նրանից անբաժան հրեան։ Ամեն անգամ նրանք հայտնվելիս նա մեծ աղմուկ էր բարձրացնում։

Օհանը հասկացավ, որ անպատճառ նրանք պետք է չինեն։ Վեր կացավ, կամաց մտավ դահլիճ, որ կից էր օրիորդի սենյակին։ Նա այժմ վստահ էր, որ օրիորդն այլևս չի դուրս գա, այլ զբաղված կլինի յուր այցելուներով։

Նա թաքնվեցավ վարագույրի հետևում, հենվեցավ պատին։ Կամաց բարձրացրեց վարագույրի ծալքը, սկսեց նայել դեպի օրիորդի սենյակի ներսը։

Փոքրիկ շան աղմուկը նրան ևս խռովության մեջ էր դրել։ Որպես վանդակի մեջ նեղված մի անհանգիստ քանարիա, անդադար թրթռում էր, մոտենում էր լուսամուտին, նայում էր, երբ այնտեղից լավ չէր երևում, անցնում էր դեպի մյուսը։ Այդ դրության մեջ տանջվում էր նա, մինչև ներս մտավ փերեզակ կինը, իսկ նրա հետևից հրեան, արկղն ուսին։ Օհանն ավելի ևս բարձրացրեց վարադուլրի ծալքը։ Նա զսպում էր լուր շնլառութլունը, որ ամենաթեթև շշուկ անգամ չարձակե։ Հրեան զգուշությամբ արկղը դրեց հատակի վրա և դուրս եկավ։ Օրիորդը նրա հետևից դուռը կողպեց, հետո մոտեցավ լուսամուտին, կիսով չափ ցած թողեց վարագույրները և ապա վազեց դեպի սնդուկը, աշխատում էր յուր ձեռքով բաց անել։

Փերեզակ կինը, հակառակ յուր սովորական շատախոսության, այդ րոպեում լուռ էր։

Մի փոքր համբերեցեք, հարգելի օրիորդ, ասաց նա հազիվ լսելի ձայնով, ես իսկույն բաց կանեմ։

Օրիորդը դարձյալ չհեռացավ արկղից, կարծես նրա սիրտը, հոգին և բոլոր զգացմունքները նրա մեջ լինեին։

Արկղը, որպես սովորաբար լինում են թափառական փերեզակների արկղները, մի քանի մասերից էր կազմված, որոնք աստիճանաբար մտնում էին միմյանց մեջ և կողքերից կցվում էին երկաթյա հանգույցներով։ Յուրաքանչյուր մասի մեջ զետեղված էր մի տեսակ վաճառք։

Փերեզակ կինը, օրիորդի օգնությամբ, մեկ-մեկ վեր էր առնում՝ վերևի մասերը։ Երբ բացվեցավ վերջին մասը, որ հատակն էր կազմում, օրիորդը խորին հրճվանքով բարձրացրեց մի փոքրիկ երեխա և ճնշեց յուր երեսի վրա...

Մի ցուրտ սարսուռ անցավ Օհանի ամբողջ մարմնով։ Նրա սիրտն սկսեց տրոփալ և հազիվհազ կարողացավ իրան պահել։

Օրիորդը դեռ շարունակում էր երեխային մերթ սեղմել յուր շրթունքներին, մերթ խաղացնել ձեռքում, և այնպես քնքշաբար փայփայելով գնաց նստեց թախտի վրա, դրեց յուր առջև և խորին հիացմունքով նայում էր նրա վրա։

Երեխան չէր շարժվում։ Նա կամ քնած էր, կամ արհեստական եղանակով քնացրել էին նրան։ Վերջինն ավելի հավանական էր։ Որովհետև երբ փերեզակ կինը մոտեցավ և մի ինչ-որ հեղուկ փոքրիկ սրվակով հոտոտել տվեց նրան, իսկույն ցնցվեցավ նա և մի քանի րոպեից հետո աչքերը բաց արավ, սկսեց ժպտալ։ Նրա ժպիտը սքանչացրեց օրիորդին։

Այժմ բոլորովին առողջ է, հարգելի օրիորդ, խոսեց փերեզակը մեղմ ձայնով։ Քանի շաբաթ է, որ բժիշկը դադարել է մինչև անգամ այցելել, ասում է, որ բժշկի խնամքի այլևս կարոտ չէ։

Ա՜խ, սիրելի Ելենա, երանի՜ թե չլիներ այդ հիվանդությունը... ո՜րքան խանգարեց մեզ այդ հիվանդությունը, ասաց օրիորդը վշտալի ձայնով։

Եվ իրավ, երեխայի հիվանդությունը փոխեց այն ամբողջ ծրագիրը, որ կազմել էին բեյը և օրիորդը Պոլիսը թողնելու և Եվրոպա գնալու մասին։ Օրեցօր խորին անձկությամբ սպասում էին, որ նա առողջանա, որ հետո ճանապարհ ընկնեն։

Այժմ բոլորովին առողջ է, կրկնեց Ելենան, տեսնո՞ւմ ես, հարգելի օրիորդ, ո՜րքան գիրացել է, ո՜րքան գեղեցկացել է, կասես՝ մի սիրուն հրեշտակ լինի։ Այսօր ես կշռել տվի, մի ամսվա մեջ ծանրությունը երկու հոխայից ավելի աճել է։

Օրիորդը խորին հիացմունքով փայփայում էր երեխայի գողտրիկ սրունքները, փայփայում էր նրա կլորիկ բազուկները և փոքրիկ ձեռնիկները, կարծես ստուգելու համար, թե ո՛րքան ձշմարիտ էին Ելենայի ասածները։

Հանկարծ շփոթվեցավ նա։ Սկսեց ավելի մոտից նայել, շոշափելով երեխայի բազուկները, և որքան նայում էր, այնքան ավելի նրա հուզմունքը սաստկանում էր։

Օրիորդի շփոթությունն աննկատելի չմնաց Ելենայից, որ կանգնած էր նրա թախտի մոտ և, որպես մի մարմնացած անմեղություն, դիտում էր մոր քնքուշ փայփայանքները և զարմանում էր նրա հանկարծակի խռովության վրա։

Ի՞նչ պատահեց ձեզ հետ, հարգելի օրիորդ, հարցրեց նա կարեկցական ձայնով։

Ոչինչ... պատասխանեց օրիորդը, ձեռքով շփելով աչքերը, կարծես աշխատում էր վանել յուր տեսության մռայլը։

Նա անցավ դեպի թախտի այն կողմը, որ ավելի մոտ էր լուսամուտին։

Մի փոքր ետ քաշեցեք վարագույրը, հրամայեց Ելենային։

Փերեզակը դողդոջուն ձեռքը տարավ, բարձրացրեց վարագույրը մի կողմ։

Օրիորդն սկսեց ավելի ուշադրությամբ հետազոտել երեխայի աջ ձեռքի բազուկը։ Խորին զարհուրանքով որոնում էր այնտեղ մի բան, բայց գտնել չէր կարողանում։

Ի՞նչ եք որոնում, հարգելի օրիորդ, հարցրեց Ելենան դողդոջուն ձայնով, երևի ծաղկի կտրած տեղն եք որոնում։ Այդ տեղը հազիվ է նշմարվում այժմ։ Աստուծո օգնությամբ ձեր երեխան այնքան գիրացավ, որ այլևս չէ երևում։ Նայեցե՛ք, այդ փոքրիկ սպիտակ բիծն է, նա մատը դրեց ցույց տված տեղի վրա։

Ես մի կապույտ բիծ եմ որոնում, ասաց օրիորդը և դարձյալ շփեց արտասվալի աչքերը, յուր աղոտ տեսությանն ավելի ուժ տալու համար:

Ելենայի դեմքի վրա երևաց մի ժպիտ, որ արտահայտում էր նրա սրտի կեղծ բարությունը և միևնույն ժամանակ նրա վրդովմունքը։

Ճշմարիտ է, հարգելի օրիորդ, ասաց նա, առաջ կապույտ բծեր կային... Խեղճ երեխայի բազուկներն այնքան նիհարացել էին, որ երակները կապույտ նարոտների նման երևում էին... Այժմ, փառք աստուծո, գիրությունը ծածկեց բոլորը...

Իսկ իմ որոնածը չէր կարող ծածկվել... պատասխանեց օրիորդը, և խելագարի նման մանուկը մի կողմ դնելով, բացականչեց.

Դա իմ երեխան չէ՜...

Տե՜ր Հիսուս Քրիստոս... ձայն տվեց Ելենան և ձեռքերը փակելով, երկյուղած աչքերը դարձրեց դեպի երկինքը։

Դա իմ երեխան չէ՜... կրկնեց զարհուրած մայրը արտասվալի ձայնով։ Ելենա՛, դու ինձ խաբում ես... ես նշան էի դրել... ահա այս թևի վրա... ու՞ր է նշանը... Այո՛, նշան էի դրել, որ եթե ես մեռնելու լինեմ, հայրը ճանաչի յուր զավակին... Այդ գիտե բեյը...։ Երեք կապույտ խալեր էին, երեք փոքրիկ աստղիկների նման, միմյանց մոտ դրած...։ Այդ ես արել էի, որ չարքերը չմոտենան զավակիս... Ո՞ւր են այդ խալերը...

Վարագույրի հետևում թաքնված Օհանը մի անսովոր շարժում գործեց, իսկ հետո ինքն իրան զսպելով մնաց յուր տեղում։ Ելենայի երկյուղած դեմքն այժմ ավելի սպառնական կերպարանք ստացավ։

Այդ ի՜նչ ասելու բան է, հարգելի օրիորդ, ասաց նա, գրկելով երեխային, որ մի կողմ էր դրած։ Խելքի՜ եկեք, հարգելի օրիորդ... Խալերը կարող էին անհետանալ...

Չէին կարող անհետանալ... այս տեսակ խալերը չեն անհետանում... ես ունեմ... այսքան տարի... ի՛նչու չեն անհետանում... Նա բաց արավ յուր բազուկը և ձեռքը մեկնելով դեպի շվարած փերեզակը, բացականչեց ավելի զայրացած ձայնով.

Դու ինձ խաբո՞ւմ ես, Ելենա, ի՞նչ արեցիր իմ երեխան... սիրտս ասում է, որ դա իմ երեխան չէ՜...

Նրա գլուխը թեքվեցավ թախտի վրա, աչքերը բռնեց, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Խեղճ մոր արտասուքն ավելի զայրացրեց անգութ փերեզակի սիրտը, որ կանգնելով նրա գլխի մոտ արտասանեց հետևյալ խոսքերը.

Ա՞յդ պետք է լիներ Ելենայի վարձատրությունը, որ նրան խաբեբա՜ ես կոչում... Դրանո՞վ ես կատարում այն բոլոր խոստումները, որ իմ տան մեջ արեցիր ինձ... Ես քո ամոթը ծածկեցի... քո նախատինքը պարտակեցի... ես ազատեցի քեզ աշխարհի դատապարտությունից և ծնողաց անեծքից... իսկ դու՛, փոխանակ երախտագետ լինելու, ինձ խաբեբա ես կոչում...

Իմ երեխան չէ՜... կրկնեց թշվառ մայրը և գլուխը բարձրացնելով, վշտալի աչքերը դարձրեց դեպի փերեզակը, աղաչելով.

Ելենա, տո՛ւր իմ երեխան... ի՞նչ արեցիր իմ երեխան... Դա իմ երեխան չէ... ի սեր աստուծո, տո՛ւր իմ երեխան... ես կը մեռնեմ կսկծից...։

Փերեզակ կնոջ աչքերի մեջ փայլեց մի դիվական կատաղություն և նրա մեղմ դեմքը սոսկալի դարձավ։

Բավակա՜ն է, ձայն տվեց նա, բավակա՜ն է, որքան վիրավորեցիր ինձ... Եթե ավելի ևս կխոսես, ես այդ երեխան կվերառնեմ, կտանեմ և կդնեմ քո հոր առջև... թո՛ղ նա որոշե, թե ո՛ւմ երեխան է...

Օրիորդը ոչինչ չլսեց. նա թուլացած ընկած էր թախտի վրա և հազիվհազ լսվում էր նրա ցավալի հառաչանքը...

Այդ միջոցին մի ուժեղ ձեռք բռնեց փերեզակ կնոջ օձիքից, գոչելով.

Լռի՛ր, անզգամ, նրա երեխան ինձ մոտ է... Նայի՛ր իմ երեսին... ճանաչո՞ւմ ես... Ես այն չոփչին եմ, որին խաբեցիր և գիշերային խավարի միջոցին, քո կատվի պատրվակով, նրա երեխան տվեցիր, որ տանեմ ծովը նետեմ... Աստված ազատեց նրան... իսկ նրա փոխարեն՝ դու այժմ ծովը կնետվե՞ս...։

Վերջին խոսքերն արտասանելու միջոցին, հափշտակեց նա ուշաթափ փերեզակին և ձեռքերի վրա բարձրացնելով, վազեց դեպի պատշգամբը, որ կախված էր Բոսֆորի վրա։

Օհա՜ն... ի սեր Աստուծո... այդ ի՞նչ ես անում... խնայի՜ր, նրա հետևից վազելով աղաչում էր օրիորդը և պինդ բռնած ուներ նրա ձեռքից։ Թո՛ղ տուր...։ Աստված կպատժե դրան...

Be the first who will comment on this

Other parts of "Ղարիբ մշեցին"

Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Wedding in Mush
Wedding in Mush
Play Online