Nar-Dos
Մահը
1
Բաթումիից երկաթուղու մարդատար գնացքը սլանում էր դեպի Թիֆլիս։ Թեև ամառը դեռ չէր վերջացել, բայց օդի մեջ արդեն զգալի էր վաղահաս աշնան ցուրտ շունչը, որ գուժկան էր 1890 91 թվականի խստաշունչ ձմռան։ Շոգեմեքենայի և վագոնների հանած միակերպ աղմուկն ուղևորների համար անլսելի էր կացուցանում փոթորկի ձայնը, որ կատաղորեն սուլում ու մռնչում էր դուրսը, Իմերեթի լեռնուտների վրա։ Նկատելի և հազիվ լսելի էր լինում միայն, թե ինչպես անձրևի խոշոր կաթիլներն ուժգնությամբ զարկվում էին վագոնների փակ լուսամուտների ապակիներին և թրջում։ Արտասվող ապակիների միջից ոչինչ չէր երևում դուրսը։ Միայն հաճախ, երբ գնացքն անցնում էր փորված տեղերով, հանկարծ երևում և արագորեն, կարծես պտտվելով, հակառակ կողմն էր վազում բարձր մնացած հողաթմբերի մուգ զանգվածը։
Երկրորդ կարգի վագոններից մեկում, երկայն նստարաններից մեկի վրա երեսն ի վեր պառկած էր մի երիտասարդ, ձմեռվա տաք վերարկուի մեջ կոլոլված։ Ամառվա սպիտակ գլխարկը ցած էր քաշել մինչև ականջները, այնպես որ հազիվ էին երևում նրա ոսկեպատ ակնոցի պարզ ապակիները, գլուխը հենել էր վագոնի պատն ի վեր ցից դրած ճանապարհորդական բարձին, ձեռները ներս էր կոխել վերարկուի թևերի մեջ և նիրհում էր վագոնի հետ օրորվելով։ Հանդեպի նստարանի վրա ոչ ոք չկար։ Մյուս նստարանների վրա նստած էին կենտ ու կունտ մարդիկ, որոնք ծուլաբար մի-մի խոսք էին փոխանակում իրար հետ, և նրանց ձայնը վագոնի միակերպ խուլ աղմուկի մեջ հնչում էր մի առանձին խորհրդավորությամբ, ինչպես դավադիրների քչփչոց։
Դռներից մեկը բացվեց, ցուրտ օդի մի հոսանք ներս թողնելով, և շրխկալով փակվեց նորից։
«Միխայլովո», լսվեց կոնդուկտորի ձայնը։
Երիտասարդն աչքերը բաց արեց, ձեռները կամաց հանեց վերարկուի թևերի միջից, ոտները դանդաղորեն ցած թողեց նստարանից, նստեց և գլխարկը բարձրացրեց աչքերից։
Կոնդուկտորն անցավ վագոնի երկայնքով և դուրս գնաց հակառակ կողմից, դուռը նորից շրխկացնելով իր ետևից։
Լսվեց շոգեմեքենայի երկար խուլ սուլոցը, որ կարծես հորից էր դուրս գալիս, և մի քանի րոպեից հետո գնացքը կամաց-կամաց դանդաղեցնելով իր ընթացքը, անզգալի կերպով կանգ առավ «Միխայլովո» կայարանում։
Երիտասարդը վեր կացավ և մի րոպե տատանման մեջ էր՝ դո՞ւրս գնա, թե ոչ։ Բայց տեսնելով, որ ամենքը դուրս են գնում, ինքն էլ հետևեց նրանց։
Հենց ոտը գցեց պլատֆորմի վրա և ուզում էր ուղղվել դեպի բուֆետի դահլիճը, մեկը, որ՝ մի փոքրիկ ճամպրուկ ձեռին բռնած՝ շտապ քայլերով անցնում էր նրա առաջով, հանկարծ կանգ առավ և նայեց նրան։
Դա մոտ երեսուն տարեկան, խիստ համարձակ և վերին աստիճանի կրակոտ աչքերով մի երիտասարդ էր, որի այրական գեղեցիկ արտաքինին ուրույն գրավչություն էր տալիս զուտ արտիստական ճաշակով կարված նրա հագուստը կինամոնագույն փափուկ կաստորի գլխարկը։ Նույն գույնի մահուդի կարճ բաճկոնը, աջ ուսից ձախ կողքին կախ ընկած սև պայուսակով, և երկարաճիտ պլպլան կոշիկները։
Շահյա՞ն... Լևո՞ն, բացականչեց նա, ճամպրուկն աջ ձեռքից արագությամբ փոխադրելով ձախ ձեռքը:
Շահյանն իր պլպլան ակնոցի միջից կես-զարմացած, կես-ապուշ հայացքով նայեց նրա ահագին սևաթույր աչքերին։
Բա... բա... մենքենայաբար արտասանեց նա. ըստ երևույթին ջանք անելով հիշելու նրա անունը։
Հա, հա, Բազենյան, վրա գցեց նրան իր անակնկալ բարեկամը և պինդ սեղմեց նրա ձեռքը։ Տնաշեն, մի՞թե այնքան թույլ հիշողություն ունիս, որ մինչև անգամ ինձ էլ չես կարողանում միանգամից հիշել: Բա-բա ես անում, կարծես զատկի գառը լինիս։ Կարծեմ, ես այնքան էլ չեմ փոխվել։ Իսկ դու... Երևակայիր, որ միայն ակնոցիցդ ճանաչեցի քեզ։ Դեմքդ այնքան սպիտակել և քնքշացել է, որ կարծես աղջիկ լինես... Բայց այս ինչպիսի՞ բան է. մենք գալիս ենք այս միևնույն գնացքով և միայն այստե՞ղ ենք հանդիպում իրար։
Դու է՞լ այս գնացքով ես գալիս, զարմացավ Շահյանը։
Եկա, և գնացքն այստեղից կշարունակի իր ճանապարհը, առանց այլևս իմ մարմնի ծանրությունը կրելու։
Այստեղից բաժանվո՞ւմ ես։
Այո՛, բարեկամս. ես գնում եմ Ախալցխա, Ախալքալաք, Ալեքսանդրապոլ, Կարս և այլն... Գիտեմ, իսկույն պիտի հարցնես, թե որտեղից եմ գալիս։ Գալիս եմ ուղղակի Ղրիմից։ Իսկ որպեսզի ավելորդ նեղություն չտաս քեզ հարցնելու ինձ, թե ինչ բանի եմ, այդ մասին քեզ հետ կխոսեմ Թիֆլիսում, երբ այս կողմերն անելիք կարճ էքսկուրսիայիցս հետո կգամ այնտեղ և մի անգամ առանձնապես կտեսնվեմ քեզ հետ։ Առայժմ... Լսիր, քանի՞ տարի կլինի՝ չենք տեսել իրար։
Եթե չեմ սխալվում տասը-տասներկու տարի կա։
Մի՞թե։ Երևում է, ժամանակը շատ առողջ թևեր ունի։ Ցտեսություն։ Ներիր, որ այսպես շուտ եմ բաժանվում քեզնից: Ես մենակ չեմ։ Տեսնո՞ւմ ես այն կնոջը։ Բազենյանը մատով ցույց տվեց դահլիճի դռան մոտ կանգնած բարձրահասակ մի կին, որի դեմքը Շահյանը չկարողացավ տեսնել, որովհետև այդ կինը նայում էր դեպի դահլիճ։ Նա լեհացի է։ Ճանապարհին ծանոթացա և ընկերացա հետը։ Ամուսինը ռուս է, ծառայում է Կարսում։ Գնում է նրա մոտ... Ի՜նչ, դու ժպտո՞ւմ ես։
Շահյանն այս անգամ ծիծաղեց։
Բազենյանը հանգստությամբ նայեց նրա անալի դեմքին և նույն հանգստությամբ նկատեց.
Եթե այդքան անհամ չծիծաղեիր, ես քեզ լրջորեն կապացուցանեի, որ նա պատվավոր կին է...ցտեսություն։ Նա սպասում է ինձ։ Մենք, երևի, կճաշենք այստեղ ու հայդա։ Հա, ես դեռ կառք էլ պիտի վարձեմ։
Եվ Բազենյանը, ճամպրուկը նորից փոխադրելով աջ ձեռը, վազեց լեհացի կնոջ ետևից։ Վերջինս, տեսնելով, որ նա գալիս է, համր քայլերով ներս մտավ դահլիճ, չափից դուրս հարուստ մազերով ծածկված գլուխը բարձր բռնած։
Շահյանը, երկմիտ ժպիտը դեմքին, հետևեց նրանց և, նստելով դահլիճի հեռավոր անկյուններից մեկում դրված մի առանձնակի սեղանի մոտ, պատվիրեց, որ իր համար թեյ բերեն։
Գրեթե ամբողջ գնացքը փոխադրվել էր դահլիճ։ Ոմանք ձեռաց ուտելու բան էին պահանջել, ոմանք թեյով կամ ուրիշ խմիչքով էին ուզում կենդանություն տալ իրենց թմրած անդամներին։ Կային և նոր ուղևորներ, գլխավորապես ամառանոցներից վերադարձող ընտանիքներ դպրոցական երեխաներով և անհամար մանր-մունր իրեղեններով։
Շահյանից ոչ շատ հեռու, մի բոլորովին առանձնացած սեղանի մոտ, լուսամուտի առաջ, իրար դեմուդեմ նստած էին Բազենյանն ու լեհացի կինը։ Բազենյանը արմունկները սեղանի վրա դրած, ամբողջ մեջքով թեքվել էր դեպի իր ուղեկցուհին և խոսում էր նրա հետ այնպես, կարծես ինչ-որ ծածուկ բան էր պատմում նրան։ Հետո նա վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ բուֆետին, ինչ-որ պատվիրեց այնտեղ, երևի ուտելու բան, և նույն արագ քայլերով դուրս գնաց, պլպլացնելով իր փայլուն երկարաճիտ կոշիկները։
Լեհացի կինը մնաց մենակ սեղանի մոտ իր հպարտ իրանով շիփ-շիտակ նստած։
Շահյանն այս անգամ տեսնում էր իր ակնոցի միջից այդ կնոջ դեմքը։ Դա պատկանում էր այն հազվագյուտ կանանց տեսակին, որոնց առողջ մարմնակազմը, լավ խնամվելով, տարեցտարի աճում, փարթամանում է կաղնու ծառի պես, ընդսմին պահպանելով իր շնորհալիությունը։ Չնայելով, որ նրա տարիքը երեսունից անց էր երևում, բայց և այնպես թվում էր, թե նրա մարմինը դեռևս ընդունակ է շքեղորեն զարգանալու։ Նրա չափից դուրս հարուստ մազերը հազիվ էին ծածկվում գլխարկի տակ և իրենց ծանրությամբ կարծես անզոր կերպով ճնշում էին նրա հպարտորեն բարձրացած խոշոր գլուխը։ Ինչպես խոշոր էր գլուխը, այնպես և խոշոր էին աչքերը, որոնց վերևը, սակայն, կարծես հոնքեր չկային այնքան բարակ և աննկատելի էին այդ հոնքերը։ Գուցե մի քիչ ավելի լայն էր բերանը, որ նա ամենևին չէր էլ աշխատում փոքր ցույց տալու. ընդհակառակը, կարծես դեռ հպարտանում էլ էր իր բերանի լայնությամբ, որը մի առանձին ինքնավստահ հաղթական գեղեցկություն էր տալիս նրա դեմքի խոշոր, տպավորիչ գծերին։ Բայց թվում էր, թե ավելի ևս հպարտանում էր կորսեթի մեջ խիստ սեղմված իր փարթամ կրծքով, որ լեռնացած էր նրա լիքը կզակի տակ։
Շահյանը դիտում էր նրան արուի վախկոտ ցանկասիրությամբ և տեսնում էր, որ դահլիճում եղած տղամարդկանցից ոչ մեկը աչքից բաց չէր թողնում նրան։
«Ինչպես մենք ամենքս նման ենք իրար», մտածեց նա իր և այն բոլոր տղամարդկանց մասին, որոնք նայում էին այդ կնոջ վրա ցանկասեր արուի գիշատիչ հայացքով, և այն միտքը, որ ինքը նման էր ամենքին և ամենքը նման էին իրեն, ստիպեց նրան ամաչելու իր այն ստոր զգացումից, որ այդ կնոջ արտաքինը հարուցանում էր իր մեջ։
Վերջացնելով թեյի երկրորդ բաժակը, տասը կոպեկ ավելի վճարեց սպասավորին և վեր կացավ։ Հակառակ իր կամքին, անդիմադրելի փափագ էր զգում մի անգամ ևս նայելու լեհացի կնոջը, բայց վախկոտությունից, թե ամոթից չկարողացավ նայել և արագ քայլերով դիմեց դեպի դուրս։
Դուրսը, դահլիճի դռան մոտ, նրա դեմն ելավ նորից Բազենյանը։
Կառքն արդեն վարձեցի, ասաց նա։ Մնում է, որ իրեղենները ստանամ։ Լսիր, Լևոն, ինչ եմ ասում։ Թիֆլիսում անպատճառ ուզում եմ քեզ տեսնել։ Էլի հին տա՞նն եք կենում։
Միշտ միևնույն տանը։
Շատ գեղեցիկ։ Թիֆլիս կգամ մի՝ կամ, եթե շատ ուշացա, երկու ամսից հետո։ Ես քեզ շատ բան ունիմ պատմելու։ Մենք պետք է վերանորոգենք մեր հին բարեկամությունը։ Դեհ, այժմ շտապիր, երրորդ զանգը շուտով կտան։ Ցտեսություն։
Երբ Շահյանը մտավ վագոն, տեսավ, որ բավականաչափ նոր ուղևորներ են ավելացել և արդեն վառված է առաստաղից կպած լապտերը, թեև մութը դեռ չէր կոխել։ Նա նստեց իր տեղը և սկսեց մտածել Բազենյանի մասին։ Շատ լավ հիշում էր լրբի չափ հանդուգն իր դասընկերին, որի հետ ուսումնարանում եղած ժամանակ կապված էր ընկերական-կրավորական այն տարօրինակ կապով, որը շատ անգամ երկյուղի և նախանձի արդյունք է լինում։ Օր չէր անցնում, որ Բազենյանը մի որևէ խայտառակություն չգործեր, բայց միշտ դուրս էր պրծնում անվտանգ: Ինչպես Շահյանը, այնպես և մյուս դասընկերներից շատ-շատերը նրանից անհամեմատ ավելի բարեխիղճ և աշխատասեր աշակերտներ էին, բայց դրա փոխարեն Բազենյանը զարմանալի ընդունակություն ուներ ամենքի վրա իշխելու։ Նա բոլորովին որբ էր, և ոչ ոք չէր իմանում, թե ով էր վճարում նրա ուսման վարձը և ով էր պահում նրան. բայց Նա գրրպանում միշտ փող էր ունենում և ինքն էլ միշտ լավ էր հագնվում։ Մի անգամ, դեռ ուսումը չավարտած, նա ոտով-գլխով կորավ, և Շահյանը, որ նրա ամենամտերիմ ընկերն էր, սկզբում տխրեց, հետո իսպառ մոռացավ նրան։ Բայց ահա, երկար տարիներից հետո, նորից հանդիպում է Բազենյանին ինչ-որ թափառաշրջիկի պաշտոնով, մի ինչ-որ «պատվավոր» կնոջ հետ...
Շահյանը նորից ժպտաց։
Բայց իսկապես ի՞նչ պաշտոն էր Բազենյանի պաշտոնը և ով էր այդ հաղթանդամ կինը...
Սակայն Շահյանը չուզեց ապարդյուն ենթադրություններով տանջել իր թմրած ուղեղը, բարձը քաշեց գլխի տակ, պառկեց և աշխատեց քնել։
Գնացքը շարունակում էր իր ճանապարհը։ Վագոնը նորից բարձրացրել էր իր սրտամաշ աղմուկը։ Անձրևի կաթիլները կտկտալով զարկվում էին լուսամուտների ապակիներին և, նրանց վրա ջրային ցանցեր կազմելով, թորում էին ներքև։ Առաստաղից կպած լապտերի մեջ մոմի ճրագը ցնցվում, դողդողում էր և իր ցոլքերով խաղում Շահյանի ակնոցի երկու պլպլան ապակու մեջ։
Շահյանը ոչ քնած էր, ոչ արթուն. նա ընկել էր ճանապարհորդներին հատուկ կիսաքուն տանջող դրության մեջ։ Մեկ էլ վագոնում տիրած խաղաղությունը հանկարծ սթափեցրեց նրան։ Նա նստեց և տեսավ, որ գնացքը կանգ է առել մի ինչ-որ կայարանում։ Նստած տեղից մեկնվելով, աշխատեց թրքված ապակու միջից դուրս նայել դեպի կայարանը, սակայն ոչինչ չտեսավ, բացի վառ լապտերների շաղ անցած լույսից և մի քանի մարդկանց ուրվագծերից, որոնք շտապով այս ու այն կողմն էին անցնում։ Կայարանում տիրում էր կատարյալ անդորրություն։ Երևում էր, որ քամին ու անձրևը եթե ոչ դադարել, գոնե մեղմացել էին: Լսվում էր միայն շոգեմեքենայի փշշոցը և վագոնների անիվներին խփած մուրճի հարվածների ձայնը, որ խու; արձագանք էր տալիս ամայի կայարանի մեջ:
Շահյանը պինդ կոլոլվեց իր ձմեռվա վերարկուի մեջ, գլխարկը նորից ցած քաշեց մինչև ականջները, ձեռները կոխեց վերարկուի թևերի մեջ և կուչ եկավ նստարանի անկյունում։
2
Թրջված անձրևակալը ձեռին, վերարկուի օձիքը բարձրացրած և աներևակայելի ցեխոտ երկարաճիտ կոշիկներով ներս մտավ մի պարոն նոր ուղևոր։ Արագությամբ աչքի անցնելով վագոնում նստողներին և անձրևակալը դնելով դռան մոտ, նա նստեց Շահյանի դիմացի նստարանի վրա։ Նա հասակն առած մարդ էր, համակրելի, ուրախ դեմքով և փոքր-ինչ դուրս ցցված փորով։ Անձրևը բավական թրջել էր նրան։ Նա վերցրեց գլխարկը, դրեց կողքին, վեր կացավ, վերարկուն հանեց, կախ արեց, դիտեց իր ցեխոտ կոշիկները, ոտները թափ տվեց և, թաշկինակով սրբելով քրտնած ճակատն ու ճաղատ ծոծրակը, նորից նստեց։
Շահյանը առանց դիրքը փոխելու, ոչխարի աչքերով մի անգամ միայն նայեց նրան և նորից սկսեց նիրհել։
Նոր ուղևորն ուշադրությամբ դիտեց նրան և շարունակեց սրբել ճակատը, ծոծրակն ու վիզը:
Շոգեմեքենան սուլեց, և գնացքը շարունակեց առաջ շարժվել։ Շահյանը մի անհանգիստ շարժում գործեց և նստեց ուղիղ։ Նոր ուղևորի հարևանությունը սկսել էր խանգարել նրան իր նիրհը շարունակելու։
Չեք կարողանում քնել, հա՞, դիմեց նրան նոր ուղևորը քաղցրությամբ ժպտալով։
Շահյանը վիզն ավելի ներս կոխեց վերարկուի օձիքի մեջ։
Ոչ, պատասխանեց նա։
Ձանձրանո՞ւմ եք։
Այո։
Իսկապես շատ ձանձրալի է երկաթուղով ճանապարհորդելը. մարդ մի տեսակ հիմար դրության մեջ է ընկնում. ոչ կարողանում է քնել, ոչ արթուն մնալ և ոչ գոնե մի բանի մասին մտածել: Այդպես չէ՞:
Այդպես է։
Զարմանալի արարած է մարդս առհասարակ, շարունակեց Շահյանի անծանոթ ուղեկիցը։ Երկաթուղին ամենահարմար և ամենաարագ միջոցն է, չէ՞, փոխադրության համար. բայց արի տես, որ մարդս էլի դժգոհ է. ուզում է այնպիսի մի նոր միջոց, որով կարելի լինի ավելի կարճ միջոցում ավելի երկար ճանապարհ կտրել։ Ես հավատում եմ մտքի հաղթանակին և ամենևին չեմ տարակուսում, որ այդպիսի մի միջոց կգտնվի անպատճառ, հենց թեկուզ այնպեսի մի բան, որով մարդ կարողանա թռչել օդի մեջ, ոչ թե օդապարիկով, ոչ, օդապարիկն էլ շատ վտանգավոր բան է, այլ ուղղակի թռչունի պես։ Սակայն այդպիսի փորձեր, կարծեմ, եղել են, չէ՞։
Կարծեմ։
Նոր ուղևորն, ըստ երևույթին, ուզում էր շարունակել խոսակցությունը, բայց տեսնելով, որ երիտասարդ ուղեկիցը տրամադրություն չունի խոսելու, լռեց։ Սակայն երկար չհամբերեց և հարցրեց.
Դուք անշուշտ Քութայիսից եք գալիս, այնպես չէ՞։
«Ինչո՞ւ անշուշտ», մտածեց Շահյանը և պատասխանեց.
Ոչ։
Կամ Աբասթումանից... կամ Բորժոմից: Հա՞։
Ոչ, այդ կողմերից չեմ գալիս։
Ուրեմն անշուշտ Բաթումից։
«Էլի անշուշտ», մտածեց Շահյանը և պատասխանեց.
Այո։
Եվ Թիֆլիս եք գնում։
Այո։
Շահյանը նորից կոլոլվեց վերարկուի մեջ, նորից կուչ եկավ նստարանի անկյունում և աչքերը փակեց։
Ներեցեք, ես ձեզ, գուցե, ձանձրացնում եմ, շտապեց նկատել նոր ուղևորն այնպիսի քաղցրությամբ, որ Շահյանը նոր զգաց, որ իր վարմունքը մի ցույց էր նրա հարցասիրության դեմ։
Նա ժպտաց և նորից նստեց ուղիղ։
Ամենևին, պատասխանեց նա բնավորություն չունեցող մարդկանց հատուկ կակղությամբ։ Ընդհակառակը, ես շատ ուրախ եմ, որ դուք ուզում եք ինձ ընկերակցել։
Այդ ավելի լավ թե ձեզ և թե ինձ համար, վրա բերեց ինքնակոչ բարեկամն ավելի մեծ քաղցրությամբ, որովհետև, կարծում եմ, ոչինչ այնքան տաղտկալի չէ, որքան մենակ ճանապարհ գնալը։ Այդպես չէ՞։
Այդպես է:
Ուրեմն, կարծում եմ, կարող ենք ծանոթանալ առանց այլևայլության։
Համեցեք։
Ձեր անունը բաշխեցեք ինձ։
Լևոն... Շահյան։
Նոր ուղևորն աչքերը չռեց։
Շահյա՞ն, հարցրեց նա։
Այո։
Դուք Շահյանի որդի՞ն եք։
Այո։
Կարապե՞տ Շահյանի։
Այո։ Դուք ճանաչո՞ւմ եք հորս։
Վա՛հ, ինչպե՜ս չէ, բացականչեց նոր ուղևորը վե¬րին աստիճանի աշխուժով։ Մի ժամանակ ես ու ձեր հայրը լավ բարեկամներ և լավ հարևաններ էինք, բայց հետո... մեր հարաբերությունները կտրվեցին, առանց մի որևէ պատճառի։ Դուք նկատած կա՞ք, որ շատ մոտիկ բարեկամների մեջ կամաց-կամաց, աննկատելի կերպով այնպիսի փոփոխություններ են կատարվում երբեմն, որ չես հասկանում, թե ինչպես եղավ, չես կարողանում ըմբռնել պատճառը։ Ձեր հոր և իմ միջև եղած հարաբերություններն էլ հենց այդպես կտրվեցին։ Սկզբում կլուբում էլի երբեմն-երբեմն հանդիպում էինք իրար, բայց վերջին տարիներս նա էլ չի երևում։ Ասում են, հիվանդ է, ճշմարի՞ տ է։
Այո։ Տնից բոլորովին դուրս չի գալիս։
Ի՜նչ եք ասում։ Ինչո՞վ է հիվանդ։
Իսկապես... ինքս էլ չգիտեմ։ Բժիշկները ասում են, որ աղիքների հիվանդություն ունի։ Բայց շատ է տանջվում. երբեմն ցավից այնպես բղավում է, որ ականջ պետք է՝ դիմանա։
Ի՜նչ եք ասում։ Խե՜ղճ մարդ։ Ես հիշում եմ, որ նա այդպիսի մի հիվանդություն ուներ։ Երևում է, հնացել է, ժամանակին չի բժշկվել։ Ի սեր աստծո, տուն որ գնաք, բարևեցեք նրան իմ կողմից և ասացեք, որ ես անկեղծ ցավում եմ և չեմ մոռացել իրեն։ Կասե՞ք։
Ուրախությամբ։
Ներեցեք, ես մոռացա ձեզ ազգանունս հայտնել. Մարության Գևորգ: Ձեր հայրն ինձ իսկույն կհիշի: Հա՜յ գիդի աղա Կարապետ... Հախ աստծո, շատ լավ մարդ է, վերին աստիճանի բարի մարդ է։ Ափսոս, հազար ափսոս... Ես ձեզ հիշում եմ. դուք այն ժամանակ շատ փոքր էիք։ Ձեր հայրն երբեմն բերում էր ձեզ գրասենյակ։ Այժմ մեծացել, հասունացել եք։ Ներեցեք, դուք Բաթումում պաշտո՞ն ունիք։
Ոչ։
Գիտեմ, որ համալսարան էիք գնացած. ավարտե՞լ եք։
Ոչ, հապաղելով պատասխանեց Շահյանը։
Ինչո՞ւ։
Հիվանդությանս պատճառով ուսումս կիսատ թողի:
Հա՞... Ինչո՞վ էիք հիվանդ։
«Սա ի՞նչ հարցուփորձ է», նեղացած մտածեց Շահյանը և պատասխանեց.
Վատառողջ էի... կրծքացավ ունեի։
Հա՜... շատ պարապելուց, երևի։ Ներեցեք, հապա Բաթումում ի՞նչ էիք շինում։
Շահյանը զգաց, որ արդեն անտանելի է դառնում այդ երկար ու բարակ հարցուփորձը, բայց և այնպես այդ հարցին էլ պատասխանեց.
Ես իսկապես Բաթում չէի, այլ Սոչի։ Բժիշկների խորհրդով գնացել էի այս ամառ կազդուրվելու։
Ուրիշ մի քանի հարցեր էլ տվեց Մարությանը, որից հետո արդեն իրենից սկսեց պատմել, թե ո՛րտեղից է գալիս և ո՛ւր է գնում։ Նրա երկար ու բարակ պատմությունից Շահյանն իմացավ, որ նա այդ ամառ ընտանիքով Աբասթումանումն է եղել. դրանից մի շաբաթ առաջ թողել է ամառանոցը և, Թիֆլիս վերադառնալիս, զիջելով Գորիում բնակվող իրենց մի ինչ-որ բարեկամի խնդիրքին, ամբողջ ընտանիքով հյուր է գնացել նրա տուն մի քանի օրով։ Բարեկամի տանը շատ քաղցր հյուրասիրություն վայելելուց հետո, Թիֆլիս վերադառնալուց առաջ, այդ օրն առավոտյան «ձեռաց վազել է» հենց նոր անցած կայարանի մոտ գտնված սեփական այգիները դիտելու, որոնց այնքան էլ լավ դրության մեջ չի գտել, և այժմ վերադառնում է Գորի, որտեղ, կայարանում, այժմ սպասելիս պիտի լինի ընտանիքը՝ այս միևնույն գնացքով ուղղակի Թիֆլիս գնալու համար։
Բայց չեմ կարծում, որ այս գիշեր նրանք կամենան Թիֆլիս գնալ, որովհետև եղանակը սարսափելի է, և մեր բարեկամն էլ չի թողնիլ, ավելացրեց Մարությանը։ Նայեցեք մեկ կոշիկներիս, գյուղից կայարան գալիս՝ ոտներս ուղղակի չէի կարողանում հանել ցեխի միջից։
Մինչև որ գնացքը «Գորի» կայարան կհասներ, ինքնակոչ ծանոթն իր շատախոսությամբ փառավորապես ձանձրացրեց Շահյանին։ Մարությանը պատկանում էր այն մարդկանց կարգին, որոնց համար լռությունը մի տանջանք է, և եթե մարդ չգտնեն, որ իրենց լսի, կխոսեն իրենք իրենց հետ և իրենք էլ կլսեն իրենց։
Մասնավորից ընդհանուրին անցնելով, Մարությանը խոսում էր մամուլի, գրականության, կուսակցությունների, թատրոնի, առևտրի, քաղաքական անցքերի, ազգային գործերի մասին։ Պարզ երևում էր, որ նա ջերմ կերպով հետևում էր այդ բոլորին, և նրա ունեցած տեղեկությունները բավական հիմնավոր էին։ Այդ ընդհանուր խնդիրներն էլ կամ ամենևին չէին հետաքրքրում Շահյանին, կամ նրա ունեցած տեղեկություններն այնքան վայրիվերո էին, որ նա չէր համարձակվում վիճաբանության բռնվելու Մարությանի հետ, երկյուղ կրելով, թե միգուցե իր անգիտությունն երևան հանի այդ մարդու առաջ, որի վրա սկզբում բարձրից էր սկսել նայել։ Մարությանն ասաց, որ ինքը Խալիպյան դպրոցի հին սաներից է, որ մի ժամանակ ջերմ փափագ ուներ գրականության նվիրվելու, բայց հանգամանքներն ստիպեցին իրեն վաճառական դառնալու։
Ձեռները վերարկուի թևերի մեջ կոխած, Շահյանը իր պարզ ակնոցի միջից ապուշի պես նայում էր խոսակցի վերին աստիճանի շարժուն կենսուրախ դեմքին և նրա հարցմունքներին պատասխանում էր ծուլաբար արտասանած կարճ, անորոշ խուսափողական նախադասություններով։
Մարությանը աննկատելի կերպով դարձավ այդ միջոցին Հայաստանում երևան եկած խառնակություններին, որոնց մասին հեռագիրը լուրեր էր հաղորդում լրագրերին։ Շահյանը կարդում էր այդ լուրերը. գիտեր, որ հունիսի կեսին Էրզրումում թուրք իշխանությունը խուզարկել էր հայոց եկեղեցին ժամերգության ժամանակ, կասկածելով, թե այնտեղ զենք կա պահված, որից և մի ընդհարում էր առաջացել թուրք զինվորների և հայերի միջև. գիտեր նույնպես, որ հուլիսի 15-ին Կ. Պոլսում, Կում-Կափուի Մայր եկեղեցում, ժողովուրդը հարձակում էր գործել Աշըղյան պատրիարքի վրա, այնպես որ պատրիարքը ստիպված էր եղել փախչել և թաքնվել մոտակա տներից մեկում. բայց միայն կարդացել և անցել էր անտարբեր կերպով, ինչպես կարդում և անցնում էր նույն այդ ժամանակներում Բրազիլիայի և Արգենտինյան հասարակապետության մեջ կատարվող պետական հեղափոխությունների մասին նույն հեռագրի հաղորդած լուրերը։ Ընդհանուր հայությունը ցնցող այդ մեծ գործի նախաբանն էլ անկարող էր եղել որևէ թել շարժել նրա մեռած հոգու մեջ։ Այդպես չէր Մարությանը, տարիքով Շահյանից անհամեմատ մեծ և գրեթե ծերունի, նա այդ նշանավոր դեպքերի մասին խոսելիս, ոգևորված էր պատանու պես և ապագայի վրա նայում էր ամենավառ հույսերով։
Դուք ճանաչո՞ւմ եք իմ որդուն, հանկարծ հարցրեց Մարությանը։
Չէ։
Արմենակ Մարության։ Դուք երևի չեք հիշում նրան, բայց անկարելի է, որ նրա հոդվածները կարդացած չլինիք. սկզբում Գերմանիայից, հետո Լոնդոնից թղթակցում էր մեր լրագրերին Արմենակ ստորագրությամբ:
Ախ, հիշեցի. Արմենակ... Ինչպե՜ս չէ. ես նրա գրածները կարդում էի. բավական խելացի հոդվածներ էին նրա քաղաքական հոդվածները։ Այժմ նա որտե՞ղ է. էլ ոչինչ չի գրում կարծեմ։
Նա՞... Այժմ նա... այնտեղ է, ասաց Մարոuթյանը ձեռքի մի խորհրդավոր նշանով, որից Շահյանը, սակայն, ոչինչ չհասկացավ։
Լսվեց շոգեմեքենայի երկարատև խուլ սուլոցը։ Դուրսը, վագոնի լուսամուտների առաջով, սկսեցին ետ փախչել ինչ-որ վառ ճրագներ, վայրկյան առ վայրկյան լուսավորելով կիսախավար վագոնի ներսը։
Մարոլթյանը շտապով վեր կացավ։
Նա այնտեղ է, ուր պետք է, ուր պարտավոր է գնալ ամեն մի հայ երիտասարդ, շարունակեց նա մի տեսակ ցնծագին տրամադրությամբ։ Ե՛ս չէի ուղարկողը. նա ի՛նքը գնաց... իր ներքին դրդումով... Ողջ կվերադառնա այնտեղից, թե ոչ, միայն աստծուն է հայտնի, բայց որ մեր նորագույն պատմության մեջ կփառավորի իր և իմ անունը, դրան ես համոզված եմ և ոչ մի տարակույս չունիմ, որովհետև... Ինչևիցե։ Այդ մասին մենք դեռ կխոսենք։ Իսկ այժմ արդեն հասանք Գորի։
Նա ծածկեց գլխարկը, վերարկուն հագավ և վերցրեց անձրևակալը։
Եթե մերոնք հիմա եկել են կայարան, խո լավ, իսկ եթե ոչ, ապա մնաք, այսինքն գնաք բարյավ, ցտեսություն։ Կարծում եմ, որ քաղաքում մենք դարձյալ կտեսնվենք իրար հետ, այնպես չէ՞. մենք խո բարեկամներ ենք արդեն։
Անպատճառ, անպատճառ, ժպտալով պատասխանեց Շահյանը, սեղմելով Մարությանի ձեռքը։
Ուրեմն ցտեսություն։ Չմոռանաք իմ կողմից բարևել ձեր հորը։
Երբ Մարությանը դուրս գնաց, Շահյանը կարճ ժամանակ մնաց անորոշ մտախոհության մեջ։ Նա ինքն էլ չէր իմանում,
3
Դահլիճում մի կտոր խավյարով բուտերբրոդ և չափից դուրս հում բիֆշտեքս ուտելուց և վրան էլ մի քանի բաժակ գարեջուր խմելուց հետո, երբ Շահյանը վերադարձավ վագոն, տեսավ, որ վագոնը գրեթե լցված է նոր ուղևորներով։ նոր ուղևորներից մի քանիսը բռնել էին իր հանդեպի նստարանը, և մինչև անգամ իր նստարանի վրա փառավորապես բազմել էին երկու գորեցի՝ խուրջիններով, կողովներով և ուրիշ կապոցներով։ Նա ուզում էր խուրջինների վրայից շեք տալով անցնել իր տեղը, լուսամուտի տակ, նստելու համար, երբ հանկարծ լսեց Մարությանի ձայնը.
Պարոն Շահյան, համեցեք այստեղ, համեցեք այստեղ։
Շահյանը նայեց այն կողմը, որտեղից եկավ այդ ձայնը, և տեսավ Մարությանին, որ իր ընտանիքի հետ տեղավորվել էր ուրիշ երկու նստարանի վրա վագոնի մյուս ծայրին:
Այստեղ, այստեղ, ձեր տեղը բռնել են, եկեք մեզ մոտ, բղավում էր Մարությանը։
Շնորհակալ եմ. ինձ համար էլի տեղ կա, պատասխանեց Շահյանը ժպտալով։
Այս անգամ նա տեսավ, որ երեք կին և մի երեխա հետաքրքրությամբ նայում էին իրեն սպասողական դրության մեջ։
Դե՛հ, մենակ խո չե՞ք նստիլ այդտեղ. եկեք կխոսենք, էլի։ Տեղ շատ կա այստեղ, մի վախենաք, եկեք։
Շահյանը մեկ ուզեց վերցնել իր բարձը, առանց իմանալու, թե ինչու, բայց թողեց և գնաց Մարությանների մոտ։
Մ արությանն անմիջապես ծանոթացրեց իր ընտանիքի անդամների հետ և իր կողքին տեղ տվեց նրան։ Այդ ընտանիքը կազմում էին չորս հոգի. Մարությանի կինը Թեկլեն, աղջիկը Եվան, եղբոր աղջիկը Աշխենը և չորս-հինգ տարեկան տղան Սուրենը։
Առհասարակ հասարակությունից խույս տալով, Շահյանը միշտ խույս էր տվել մանավանդ կանանց հասարակությունից։ Նա գիտեր, որ կանանց զբաղեցնելու համար առանձին շնորհք էր հարկավոր, իսկ այդպիսի շնորհք ինքը չուներ: Կանանց մոտ եղած ժամանակ շփոթվում, կարմրում էր և չէր իմանում ինչպես պահի ձեռները։ Այդ բանը սաստիկ տանջում էր նրան, որովհետև չափազանց ինքնասեր և կասկածամիտ էր։
Այժմ նրա մոտ նստած և հետաքրքրությամբ դիտում էին նրան մի տարիքավոր կին և երկու հասունացած օրիորդ, որոնց առաջին անգամ էր տեսնում և չգիտեր, թե դրանք ի՛նչ հոգու, ի՛նչ մտքի, ի՛նչ բնավորության տեր էին։ Դրանց ներկայությունը շատ ծանր պետք է լիներ նրա համար, եթե Մարությանի ներկայությունը փոքր առ փոքր համարձակություն չներշնչեր նրան։ Իսկ Մարությանն այս անգամ նրան ներկայանում էր այնպես, որ այդ մարդու հետ կարծես ծանոթ էր շատ վաղուց։
Բանից երևաց, որ Թեկլեն և Եվան պակաս հետաքրքրվող ու շատախոս չեն եղել Մարությանից։ Մի կողմից Մարությանը, մյուս կողմից Թեկլեն, երրորդ կողմից Եվան այնքան բաներ էին հարցնում, որ նա չէր իմանում որի հետ խոսի, որի հարցին պատասխանի։ «Որտեղից են հավաքվել այս շատախոսները», մտածում էր նա ժպտալով և զարմանքով զգում էր, որ եթե ամբողջ օրերով, այդպես նստած, խոսի նրանց հետ, երբեք չի ձանձրանալ։ Մինչդեռ մի կես ժամ առաջ էր, որ նա վերին աստիճանի ձանձրացել էր Մարությանի շատախոսությունից։
Իսկույն երևում էր, որ Մարությանի ընտանիքն ինտելիգենտ ընտանիքներից էր։ Մամուլի և հասարակության մեջ շոշափված առօրյա ոչ մի խնդիր, ինչպես երևում էր, բաց չէին թողնում նրանք։ Այդ միջոցին էլ նրանց խոսակցության նյութն այդ առօրյա խնդիրներն էին։ Շահյանը զարմանքով տեսնում էր, որ Մարությանը, կինը, աղջիկը երբեմն բոլորովին տարբեր, շատ անգամ հակառակ կարծիքներ էին հայտնում միևնույն նյութի մասին և բավական տաքացած վիճաբանում էին իրար հետ, մանավանդ հայրն ու աղջիկը։ Երբ չէին կարողանում իրար համոզել, նրանք դիմում էին Շահյանին, իբրև մի հեղինակավոր մարդու, որի կարծիքը վճռական նշանակություն պիտի ունենար։ Շահյանը շատ լավ տեսնում էր, որ իր խելքը նրանց խելքից բարձր չի հասնում. և իր տեղեկությունները, նրանց ունեցած տեղեկությունների հետ համեմատած, շատ վայրիվերո են, ուստի այդպիսի դեպքերում ի ներքուստ խիստ ամաչում էր, որ իրեն այդքան մեծ նշանակություն են տալիս. միևնույն ժամանակ երկյուղ էր կրում, թե միգուցե իրեն անծանոթ նյութի մասին հանկարծ այնպիսի անհեթեթ կարծիք հայտնի, որ միանգամից հիասթափեցնե նոր ծանոթներին իր վերաբերմամբ։ Այդ պատճառով հարկավոր դեպքում չափազանց զգույշ էր պահում իրեն և ամեն կերպ աշխատում էր, որ պատվով դուրս գա որոգայթից, թեև նրա պատասխանները կցկտուր և անորոշ էին լինում։
Շահյանին ամենից ավելի դուր էր գալիս Եվայի վիճաբանությունը։ Եվան խոսում էր համարձակ, արագ. նախադասությունների կիսում հանկարծ կանգ էր առնում, մտառու աչքերով անթարթ նայում էր խոսակցի դեմքին, կարծես բառեր էր որոնում միտքը լավ արտահայտելու համար և շարունակում էր նույն համարձակությամբ, նույն արագությամբ. իրեն ուղղված հարցերին պատասխանում էր իսկույն, շատ անգամ բառը կիսատ թողնելով հարցնողի բերնին. հաճախ պատասխանելու տեղ ինքն էր հարց առաջարկում։ Եվ այդ բոլորի հետ ձեռներով, աչքերով, հոնքերով այնքան անհանգիստ շարժումներ էր անում, որ Շահյանին թվում էր, թե նա խոսում է ոչ միայն լեզվով, այլև ձեռներով և բոլոր դիմագծերով։
Եվան նստած էր Շահյանի դիմաց, մոր կողքին։ Կապույտ ներկված բամբակի փոքրիկ թեթև շալը վերցրել էր գլխից և դրել էր ծնկներին։ Փայլուն մազերը հյուսված էին մի հաստ գիսակի մեջ, որով գագաթի վրա մի սպիտակ գիծ էին ակոսել դեպի ետև՝ սկսած ճակատից։ Նա սովորություն ուներ երկու ձեռքով շուտ-շուտ ուղղելու մազերը և ականջների ետևը քաշելու։ Երբ ժպտում էր, նրա աչքնրը հեգնական, կծու արտահայտություն էին ստանում, իսկ զարմանալիս նրա այնքան շարժուն դիմագծերը հանկարծ սառչում, քարանում էին և առանց այն էլ խոշոր աչքերը զարմանալի կերպով մեծանում էին ու խորանում։
Ժամանակը թռչում էր աննկատելի կերպով։ Շահյանի ձանձրույթը չքացել էր։ Խոսակցությունը շարունակվում էր անվերջ։ Բացի Սուրենից, որ, գլուխը հոր ծնկան վրա դրած, քնել էր, խոսակցությանը չէր մասնակցում մեկը. դա Մարությանի եղբոր աղջիկն էր Աշխենը։
Նա նստած էր նստարանի ծայրին, լուսամուտի մոտ, գունատ ու վտիտ և կարծես աշխատում էր, որ իր ներկայությունն աննկատելի մնա։ Շահյանը երբեմն հետաքրքրությամբ նայում էր Աշխենին, և նրան զարմացնում էր այդ աղջկա երկայն նիհար դեմքի վերին աստիճանի անշարժ, քարացած արտահայտությունը։ Այնինչ՝ Աշխենը տգեղ չէր. նա մինչև անգամ կարող էր գեղեցկուհի համարվել, եթե չափից դուրս նիհար չլիներ։ Եվան շատ հաճախ դիմում էր նրան զանազան հարցերով, բայց նա պատասխանում էր կարճ, կտրուկ և բոլոր ժամանակ նայում էր լուսամուտից դուրս, որտեղ անվերծանելի խավարի մեջ դեպի հակառակ կողմն էին թռչում շոգեմեքենայի ցանած կայծերը։ Երբեմն միայն իր խելացի աչքերը հեռացնում էր լուսամուտից և հանդարտ, անտարբեր հայացքով նայում էր Շահյանին, նայում էր այնպես, որ կարծես նրա բռնած տարածությունը դատարկ տարածություն լիներ, և ինքը նայում էր այդ դատարկ տարածության մեջ և չէր տեսնում Շահյանին։ Այդ միջոցներին միայն Շահյանը կարողանում էր ուղիղ նայել նրա դեմքին և ամենևին չէր կարողանում հասկանալ, թե ինչ տպավորություն է թողնում այդ աղջիկն իր վրա. միայն զգում էր, որ եթե Աշխենը խոսեր իր հետ, ինքը չէր կարողանալ նրա հետ խոսել այնպես ազատ, ինչպես խոսում էր Մարությանի, նրա կնոջ և նրա աղջկա հետ։
Ինչ-որ զսպող և ճնշող բան կար Աշխենի խելացի աչքերի և կրծքային ձայնի մեջ։