Nar-Dos

Մահը

5
14

Հետևյալ օրը, վաղ առավոտյան, Աշխենը մի քանի տող նամակ գրեց և տվեց ծառային, որ շտապով տանի օր. Սահակյանին տա, քանի դեռ նա ուսումնարան գնացած չէր լինիլ: Նամակը հետևյալն էր.

«Սիրելի Վարո.

Ամբողջ գիշեր մտածելով եմ անցկացրել և ահա գրում եմ հետևանքը։ Արդյոք հարմար չե՞ս գտնիլ պ. Մինասյանին առաջարկել, որ վարժուհու պաշտոնն ինձ հանձնի իր բացած ուսումնարանում։ Շտապով հայտնում եմ քեզ այս մասին, որպեսզի թերևս ավելորդ գտնես ուրիշի հետ պայմանավորվել։ Կուզեի, առանց մեր սովորական երեկոյան տեսակցությանը սպասելու, այսօր այս մասին խոսել քեզ հետ ուսումնարանում։ Միայն չգիտեմ, այսօր ազատ դաս ունի՞ս, թե ոչ և եթե ունիս՝ ո՞ր ժամին։ Գրիր։

Քո Աշխեն»։

Կես ժամից ծառան վերադարձավ և օր. Սահակյանից բերեց հետևյալ պատասխանը, որ նա շտապով գրել էր Աշխենի նամակի մյուս երեսի վրա.

«Եթե նամակիդ հենց սկզբումը գրած չլինեիր, թե ամբողջ գիշերը մտածելով ես անցկացրել, կկարծեի, թե փառավորապես քնած ես եղել և փառավոր էլ երազ ես տեսել։ Բայց և այնպես, արի տեսնենք այդ ի՞նչ սիրուն քամի է փչել գլխիդ։ Այսօր ազատ եմ ժամը 11½-ի և 12½-ի միջև»։

Ժամը 11½-ից մի քանի րոպե անց Աշխենը բարձրանում էր ուսումնարանի սանդուղքով։ Դասարաններից լսվում էր դասամիջոցից հետո հենց նոր ներս մտած աշակերտուհիների սովորական ճիչն ու ծկլթոցը. ուսուցիչներն ու ուսուցչուհիները՝ ցուցակները ձեռքներին, շտապում էին իրենց դասարանները։ Ուսուցչուհիներից մի քանիսի հետ ծանոթ լինելով, Աշխենը բարևեց նրանց և նրանցից իմանալով, որ օր. Սահակյանն ուսուցչական սենյակումն է, գնաց նրա մոտ։

Օր. Սահակյանը մենակ էր։ Նա նստած էր կապույտ մահուդով ծածկված երկայն սեղանի առաջ, և կաթով սուրճ էր խմում ու լրագիր կարդում։

Ա՜, եկա՞ր, գյուղական վարժուհի, բացականչեց նա Աշխենին տեսնելուն պես։ Նստիր տեսնենք ամբողջ գիշերն ինչպես ես մտածել։

Աշխենը ժպտաց և նստեց նրա մոտ։

Ուրեմն դու վճռել ես ինձ այսօր ազատել կռվելուց։

Ո՞ւմ հետ։

Այն վարժուհու, որի հետ պետք է խոսեի այսօր։

Աշխենը ծիծաղեց։

Դե՜հ, խոսի՛ր, խոսի՛ր, անհամբերությամբ վրա տվեց օր. Սահակյանը, լրագիրը ձգելով սեղանի վրա։ Սուրճ ուզո՞ւմ ես։

Չէ, շնորհակալ եմ։

Ես, իհարկե, հասկանում եմ, սիրելիս, թե որտեղից է ծագել վճիռդ, և այդ պատճառով այնքան էլ չեմ զարմանում։ Բայց հետաքրքրական է, թե այժմ ի՞նչ պիտի ասես ինձ։

Առանձին ոչինչ չունեմ ասելու։ Միայն այս էի ուզում հարցնել, թե ի՞նչ պետք է անեմ, որ ուսուցչության իրավունք չունեմ։

Այսինքն, ուզում ես ասել ցանկի մեջ չկա՞ս։

Այո։

Այդ դատարկ բան է. մի օրում կարելի է թեմական առաջնորդից իրավունք ձեռք բերել, բայց մի տարվա համար միայն, որովհետև նա մի տարուց ավելի իրավունք տալու իրավունք չունի. իսկ այնուհետև վկայականներդ կուղարկենք Էջմիածին և այնտեղ ցանկի մեջ կմտցնեն։

Բայց չի՞ ուշանալ առաջնորդից իրավունք ձեռք բերելը:

Ասացի, որ մի օրում կարելի է: Այդ կողմից անհոգ կաց։ Թեմական տեսուչն այստեղ է. ես ինքս կխնդրեմ, որ միջնորդի։ Նա ինձ հետ լավ է։ Դու ուրիշ բան ասա։

Հետո այս էի ուզում հարցնել։ Վարո։ Ի՞նչ ես կարծում, ես... կարո՞ղ եմ արդյոք... ծառայել այն գործին, որին վճռել եմ ինձ նվիրել։

Այդ դու ինձանից ավելի լավ պետք է գիտենաս, սիրելիս, էլ ինձ հարցնելդ ավելորդ չէ՞։

Չէ։ Քեզ հարցնում եմ, որովհետև դու փորձված ես և ճանաչում ես ինձ։ Գուցե իմ մեջ կա այնպիսի մի պակասություն, որ ես չեմ տեսնում, բայց դու կարող ես նկատած լինել իբրև դիտող։ Ուսուցչությունն առհասարակ ինձ չափից դուրս դժվար և պատասխանատու պաշտոն է ներկայանում, որին չեմ կարող թեթևությամբ վերաբերվել։ Այդ պատճառով խիստ անվստահ եմ... վախենում եմ, որ ոչինչ չկարողանամ շինել և ամոթահար մնամ Մինասյանի առաջ։ Այդ բանը պարզապես անտանելի կլինի ինձ համար, որովհետև ես հիվանդության չափ ինքնասեր եմ... Ահա այս մասին է, որ Մինասյանին խոսք տալուց առաջ ուզում եմ իմանալ քո կարծիքը։

Իմ կարծի՞քը։ Իսկույն կասեմ, ասաց օր. Սահակյանը, դատարկելով սուրճի մնացորդը։ Փորձառությունից, իհարկե, շատ բան է կախված, բայց ո՞ր ուսուցիչը կամ ուսուցչուհին կրթական ասպարեզ է մտել հենց սկզբից փորձված։ Ոչ ոք։ Մեկն էլ դու այդպիսիներից, չնայելով որ ուսուցչական ասպարեզում կարելի է քեզ մասամբ փորձված համարել, քանի որ դու ահա քանի ժամանակ է, որ մասնավոր դասերով ես պարապում, իսկ չէ՞ որ այդ էլ այսպես թե այնպես նշանակություն ունի ապագա գործունեությանդ համար։ Այդպե՞ս է, թե ոչ։

Ճշմարիտ է։ Այս րոպեիս հինգ աշակերտուհի ունիմ, որոնց հետ ամեն օր պարապում եմ։ Հենց սկզբից ուշադրությունս դարձած է եղել այն բանին, որ նրանց տարբեր ընդունակությունների մեջ մի ընդհանուր գիծ գտնեմ, որպեսզի դրա վրա հիմնված՝ կարելի լինի դասավանդումը բոլորի համար միատեսակ դյուրամատչելի դարձնել։ Թեև այդ դեռ չի հաջողվել ինձ, բայց թվում է, թե անկարելի չէ։

Օ՜, երբ որ այդպես է, դա մեծ նշանակություն ունի, սիրելիս։ Հենց այդ ուշադրությունդ միայն, որ մեր, եթե կարելի է այսպես ասել, պաշտոնական վարժուհիների մեջ ճրագով պետք է որոնենք, ցույց է տալիս, որ դու օրինակելի վարժուհի կարող ես լինել։ Վերջապես ուսուցչական պաշտոնին այդպես պատկառանքով և երկյուղածությամբ վերաբերվելդ մի՞թե գրավական չէ, որ պիտի առաջադիմես, որ դու իսկապես գործ պիտի կատարես։ Ինքնասիրությունդ էլ, որ ասում ես, դա պակասություն չէ, դա առավելություն է։ Ո՞ւր էր, թե մեր վարժուհիներն այնքան ինքնասիրություն ունենային, որ գեթ կարմրեին, երբ տեսուչը նկատում է նրանց. «Օրիորդ, դուք բան չեք շինում», «օրիորդ, դուք միշտ ուշանում եք», «օրիորդ, դուք շուտ-շուտ եք հիվանդանում»։ Կրկնում եմ. գիտեմ որտեղից է ծագել վճիռդ և պետք է ասեմ, որ ավելի խելացի կերպով չէիր կարող վարվել։ Ինչպիսի՜ եռանդ և ավելի մեծ տոկունություն պիտի ստանա նա, երբ իմանա, որ դու անմիտ և հուսահատ անգործության մեջ չես սպանում ժամանակդ...

Աշխենի աչքերի կոպերը դողդողացին. նա պինդ սեղմեց շրթունքները և դեմքը դարձրեց օր. Սահակյանից։

Օր. Սահակյանը տեսավ այդ և հասկացավ, որ ավելորդ էր հին հիշատակները նորոգել, ուստի շտապեց խոսքը փոխել։

Ուրեմն այս երեկո կհայտնեմ Մինասյանին քո առաջարկը։ Նա, իհա՛րկե, կընդունի ամենայն ուրախությամբ, և՛ վաղվանից կանենք ամեն բան, ինչ որ հարկավոր է։

Բայց, իհարկե, ռոճիկի մասին ոչինչ չես ասիլ, ասաց Աշխենը։ Ինչ որ որոշված է, ես նրանով էլ գոհ կլինեմ։

Գիտեմ, գիտեմ, որ գու «լավ ապրելու» նպատակով չպետք է ծառայես, այս գիտեմ։ Բայց գոլ ինձ այս ասա, սիրելիս. ձերոնց հայտնե՞լ ես վճիռդ։

Դեռ ոչ։

Եվ նրանք արգելք չե՞ն լինիլ։

Չեմ կարծում։ Գիտես, որ տանն ինձ բավական հարգում են։

Գիտեմ, բայց ինչ ուզում է լինի, էլի քիչ ու միչ խորթ կթվա։ Հորեղբայրդ ոչինչ. նա հիմար մարդ չէ և շատ էլ բարի է. բայց նրա կինը...

Նա էլ է ինձ հարգում, թեև բծախնդիր է և, կարծեմ... շատ էլ... չի սիրում ինձ։ Ասենք նա սահմանափակ և նախապաշարված հասկացողությունների տեր կին է և եթե անհամ խոսքեր ասի, չեմ նեղանալ։ Ես վախենում եմ միայն Եվայից. նա ինձ շատ է սիրում և կարող է հիմարություններ անել։ Երեկ երեկո մի քիչ նախապատրաստեցի նրան, բայց նա, երևի, մտքովն անգամ չի անցկացնում, որ ես կարող եմ հեռանալ իրենից։ Ինչևիցե։ Հույս ունիմ մերոնց հետ բանը վերջացնելու առանց խոշոր անհարմարությունների և ուրախ եմ, որ վերջապես կարող եմ անկախ դիրք ստեղծել ինձ համար և ինքս իմ աշխատանքով ապրել, որովհետև վաղուց ի վեր ճնշվում եմ այն գիտակցությունից, որ ես մի տեսակ բեռ եմ հորեղբորս համար։

Մեղք է, Աշխեն, այդ մի ասիր։ Հորեղբայրդ...

Գիտեմ, գիտեմ, որ նա շատ բարի է և իմ կերած մի կտոր հացը նրա համար ոչ մի նշանակություն չունի, բայց ես խոսում եմ իմ հոգեկան դրության մասին։ Ես չեմ կարող ուրիշի բարությունը շահագործել, թեկուզ այդ ուրիշը լինի իմ հարազատը։ Դա դեմ է իմ խղճին։

Ինչքա՜ն գոռոզ ես, չնեղանաս, նկատեց օր. Սահակյանը ծիծաղելով։

Խո ասացի, որ ես հիվանդության չափ ինքնասեր եմ, և դու այդ պակասություն չհամարեցիր, այլ առավելություն, պատասխանեց Աշխենը ժպտալով և վեր կացավ։ Դե, հիմա ի՛նչ ենք անում։

Օր. Սահակյանը նույնպես վեր կացավ։

Մեր անելիքը ահա թե ինչ կլինի, ասաց նա։ Երեկոյան կգաս ինձ մոտ, Մինասյանի հետ երես առ երես կխոսենք ինչ որ հարկավոր է, նրա հետ բանը կվերջացնենք, հետո վաղը կամ ես, կամ նա քեզ հետ միասին կգնանք թեմական տեսչի և առաջնորդի մոտ, վկայականներդ կներկայացնենք, ուսուցչության իրավունք կստանանք քեզ համար, հետո մյուս օրը կամ չորրորդ օրը, այդ քեզնից և Մինասյանից կլինի կախված, կնստեք երկաթուղի և ճանապարհ կընկնեք։ Այս է։

Խոսքով ի՜նչ հեշտ է շինվում ամեն բան, ծիծաղեց Աշխենը։

Անվստահներն են միայն, որ գործով էլ ոչինչ չեն կարողանում շինել։

Օր. Սահակյանը մինչև ուսումնարանի բակի դուռը ճանապարհ ձգեց Աշխենին, բակում էլի երկար խոսելով նրա հետ։

15

Այդ գիշեր բավական ուշ էր, որ Աշխենն օր. Սահակյանի տնից վերադարձավ իրենց տուն։ Նա մտավ իր սենյակը, շտապով մոտեցավ Եվայի սենյակի դռան, բաց արեց և ներս նայեց։

Դեռ քնած չե՞ս, Եվա, հարցրեց ուրախ ձայնով։

Եվան նստած էր սեղանի մոտ և լամպի լույսի տակ գլխագրեր էր կարում թաշկինակի վրա։

Մի քիչ էլ, որ ուշ գայիր, ավելի լավ կանեիր, ասաց նա չոր-չոր, առանց գլուխը կարի վրայից բարձրացնելու։

Ի՞նչ անեմ, սիրելիս, ուզում էի վաղ գալ, բայց Վարոն զոռով պահեց ընթրիքի։

Այս ասելով, Աշխենը գլխարկը վերցրեց, վերարկուն հանեց, մտավ Եվայի սենյակը և նստեց նրա մոտ ժպտուն աչքերով։ Պարզ երևում էր, որ նա արտասովոր ուրախ տրամադրության մեջ է։

Ի՞նչ ջանասեր աղջիկ ես. ամենքը քնած են, իսկ դու դեռ նստած կարում ես։ Երևի ինձ էիր սպասում, հա՞։

Եվան չպատասխանեց. նա գլուխն ավելի կախեց կարի վրա։ Նրա կենտրոնացած հայացքից և սառն դեմքից երևում էր, որ նեղացած է Աշխենից։

Եվ դու չվախեցար այս կեսգիշերին մենակ գալ, նկատեց նա հանգիստ։

Ո՞վ ասաց, թե մենակ եմ եղել։ Ես ուղեկից ունեի, սիրելիս:

Չի՞ կարելի իմանալ ով էր ուղեկիցդ։

Ինչո՞ւ չէ. նա մի գյուղատնտես է, որի հետ այս երկու օրս եմ ծանոթացել Վարոյենց տանը։ Դու ճանաչում ես նրան, թեն ամենևին չես տեսել նրան։

Եվան գլուխը բարձրացրեց, զարմացած նայեց Աշխենի Ժպտացող աչքերին և նորից գլուխը կախեց կարի վրա, առանց մի խոսք ասելու։

Աշխենը կամաց ծիծաղեց։

Սպասիր, այս վաղն էլ կարող ես կարել, ասաց նա և Եվայի ձեռքից առնելով թաշկինակն ու ասեղը՝ դրեց սեղանի վրա։ Նայիր աչքերիս։ Այդպես։ Ինչո՞ւ չես հարցնում, թե ով է այդ գյուղատնտեսը։

Ինչ հարցնեմ, քանի որ ինձնից թաքուն ինչ-որ բաներ ես բռնում այնտեղ, առաջվա պես չոր-չոր պատասխանեց Եվան և ուզեց վեր կենալ, բայց Աշխենը բռնեց նրա ձեռքերից և պահեց իր տեղում։

Կաց, մի փախչիր... և դարձյալ նայիր աչքերիս։ Այդպես։ Ի՞նչ թաքուն բաներ։

Ես ի՞նչ գիտեմ։ Երեկվա տարօրինակ խոսակցությունդ, այսօր առավոտյան վաղ գնալդ չգիտեմ ուր, այժմ այսպես ուշ վերադառնալդ...

Եվ դրա համար է, որ այդպես փքվել ես, հա՞։

Եվան հանկարծ մի խիստ շարժում գործեց, և նրա աչքերը փայլեցին զայրագին։

Լսիր, Աշխեն, եթե դու կշարունակես ինձ դարձյալ չարչարել և այս րոպեիս չես ասի ամեն բան, աստված է վկա, այնպե՜ս կխռովեմ, այնպե՜ս կխռովեմ, որ այլևս երբեք չեմ խոսիլ քեզ հետ։ Լսո՞ւմ ես։

Աշխենը խոնարհվեց նրա դեմքի վրա, ձեռքերն անցկացրեց նրա թևերի տակով և գրկեց նրա մեջքը։

Լսում եմ, հոգյակս, լսում եմ։ Բայց վախենում եմ, որ եթե բանը հայտնեմ, ավելի պինդ խռովես։

Ո՜ւֆ, արդեն անտանելի է... Չե՛մ ուզում, էլ ոչինչ մի ասիր։

Եվ Եվան, վերին աստիճանի զայրացած, աշխատեց ազատվել հորեղբոր աղջկա ձեռքերից, բայց Աշխենը մատները հյուսեց իրար մեջ և թույլ չտվեց, որ վեր կենա։

-Եվա ջան, լսիր, ա՛յ, ասում եմ, լսիր։ Ես վճռել եմ գյուղական վարժուհի լինել և մի քանի օրից հետո գնալու եմ գյուղ։

Եվան մի ակնթարթում սառեց նստած տեղը։ Նրա աչքերը սաստիկ մեծացան և հառած մնացին Աշխենի շարունակ ժպտող աչքերի վրա։

Տեսնո՞ւմ ես, ապշեցիր։ Այդ սկիզբն է, ծիծաղեց Աշխենը։ Այժմ լսիր մանրամասնությունները։

Եվ Աշխենը սկսեց մանրամասնորեն պատմել, թե ինչպես ծանոթացավ Մինասյանի հետ, որին ինչպես ինքը, նույնպես և Եվան, արդեն ճանաչում էին նրա գրական երկերից. պատմեց, որ իրենց գյուղում նոր ուսումնարան հիմնելով, Մինասյանը եկել էր օր. Սահակյանի միջոցով վարժուհի ճարելու. թե ինչպես օր. Սահակյանն անհաջողություն էր կրել իր միջնորդության մեջ և թե ինչպես, վերջ ի վերջո, ինքը՝ Աշխենը, վճռել էր հանձն առնել հիշյալ ուսումնարանի վարժուհու պաշտոնը և այնուհետև ընդմիշտ նվիրվել այդ պաշտոնին։ Պատմեց նույնպես այդ օր առավոտյան օր. Սահակյանի հետ ունեցած տեսակցությունը, և այն, որ այդ երեկո օր. Սահակյանի տանը խոսակցություն էր ունեցել Մինասյանի հետ. Մինասլանը նրա առաջարկն ընդունել է ջերմ համակրանքով և շնորհակալությամբ խոստացել է վաղն ևեթ աշխատել նրա համար ուսուցչության իրավունք ձեռք բերելու։

Այդպես ուրեմն, Եվա ջան, երկու կամ, շատ-շատ, երեք օրից հետո մնաս բարյավ կասեմ քեզ և կգնամ այնտեղ, ուր հույս ունիմ գեթ փոքր-ինչ օգտակար լինելու։ Վարոն այսօր ինձ խիստ խրախուսեց։ Այժմ սպասում եմ քո դատավճռին։ Ինչ կասես։

Ես քեզ ա՛յն կասեմ, որ դու... խելագարվել ես, ծանր ու հաստատ ձայնով արտասանեց Եվան, առանձնապես շեշտելով վերջին բառը, և աշխատեց իրանն ազատել նրա ձեռքերից։

Բայց Աշխենն ավելի պինդ գրկեց նրա մեջքը և ժպտուն դեմքն այնքան մոտեցրեց նրա դեմքին, որ նրանք զգում էին իրար շնչառությունը։

Շատ կարելի է, իմ անգին, իմ աննման Եվա, շշնջաց նա. բայց մի՞թե այդպիսի խելագարությունն արժանի չէ խրախուսանքի:

Խելագարությունն առհասարակ կարեկցության է արժանի, վրա բերեց Եվան, բայց քո խելագարությունը... Դու չպե՛տք է գնաս, հասկանո՞ւմ ես, թե ոչ, հանկարծ կանչեց նա բարկությամբ և ոտը պինդ խփեց հատակին։ Նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին։

Աշխենն այս անգամ թողեց նրա իրանը, ժպիտը չքացավ դեմքից։

Մի՞թե կատակ չես անում, Եվա, հարցրեց նա զարմացած։

Ամենևին միտք էլ չունեմ կատակ անելու, քանի որ ինքդ կատակ չես անում։

Հապա երեկ գիշերվա մեր խոսակցությունը...

Այո՛, երեկ գիշերվա մեր խոսակցությունն այն մասին չէր, որ դու փախչես այստեղից, որ ինձ... մենակ թողնես։ Դու... դու անգութ ես։ Դու ինձ երբեք չես սիրել... այժմ էլ չես սիրում։ Այո՛, չես սիրում։

Եվան այլևս չկարողացավ զսպել իրեն, նա դարձավ աթոռի վրա, գրպանից հանեց թաշկինակը, սեղմեց աչքերին և հեկեկաց։

Որքան էլ որ անակնկալ չէր Աշխենի համար Եվայի այդ վարմունքը, այնուամենայնիվ սկզբում նա սառած մնաց։

Դու ինձ խիստ զարմացնում ես, Եվա։ Բոլորովին չեմ հասկանում, թե այդ ի՞նչ բացատրություն ես տալիս վճռիս և... լաց ես լինում։ Դա արդեն երեխայություն է։

Իհարկե, երեխայություն կլինի, քանի որ դու ինձ միշտ երեխա ես համարել։ Ուզում ես ինձ հավատացնել, թե սիրում ես ինձ, մինչդեռ, ընդհակառակը, միշտ սառն ես վարվում ինձ հետ... Եվ ոչ միայն ինձ, այլև... հայրիկի հետ... մայրիկի հետ։ Կարծես թե օտար լինես մեր տանը, կարծես թե մենք քեզ...

Եվան խոսքը չվերջացրեց և, թաշկինակն ավելի պինդ սեղմելով աչքերին, աշխատեց զսպել սաստկացող հեկեկանքը։

Աշխենը դառնությամբ ժպտալով, գլուխը շարժեց։

Տեսնո՞ւմ ես, Եվա, ասաց նա իրեն հատուկ հանդարտ ձայնով. դու ինձ այնպիսի բաներ ես ասում և այնպիսի բաներ ես ուզում ասել, որ... չեմ կարող չվիրավորվել։ Հարկ չկա, իհարկե, որ ինքս ինձ պաշտպանեմ, այդ կնշանակեր քեզ իրավունք տալ այդպես բաներ ասելու ինձ։ Ես միայն զարմանում եմ, թե ինչպես դու թույլ ես տալիս քեզ այդպիսի մեղադրանքներ բարձելու ինձ վրա։

Հապա ինչո՞ւ ես փախչում։

Դե, բավական է կրկնես այդ հիմար խոսքը, բացականչեց Աշխենը հանկարծական բռնկումով։ Եվ թո՛ղ այդ երեխայական լացն, ի սեր աստծո։ Երեկ գիշեր ինչպե՛ս էինք խոսում, այժմ ինչպե՛ս։ Ուրախ-ուրախ եկա քեզ մոտ կատարելապես հավատացած, թե պիտի քաջալերես ինձ, իսկ դու... դու միայն աշխատում ես ինձ վիրավորել։

Եվ Աշխենը սառնությամբ վեր կացավ նրա մոտից։

Նույն վայրկյանին վեր թռավ տեղից նաև Եվան։

Ես քեզ չե՛մ վիրավորում, հասկանո՞ւմ ես, թե ոչ, զայրացած կանչեց նա։ Այդ դո՛ւ ես, որ այդպիսի բացատրություն ես տալիս խոսքերիս։ Դու, իհարկե, ազատ ես. ինչ ուզում ես, կարող ես անել. ուր ուզում ես, կարող ես գնալ։ Իսկ ես, իսկ ես... Այսքան տարի միասին ապրելուց հետո հանկարծ թողնում հեռանում ես. Եվ հե՞շտ ես կարծում, ինչ է, ինձ համար քեզնից բաժանվելը։ Եղբայրս գնացել է, դու էլ ես գնում, իսկ ես... իսկ ե՞ս ինչ անեմ մենակ։ Բուի պես նստեմ գլուխս վա՞յ տամ։ Կամ ինձ էլ տար հետդ, կամ այստեղ ճարիր՝ ինչ գործ, որ ուզում ես, միայն թե ես քեզ մոտ լինեմ, դու ինձ մոտ լինես, որովհետև առանց քեզ ես չեմ կարող դիմանալ։ Ես ա՛յդ եմ ուզում ասել, և ոչ թե նպատակս է, որ քեզ վիրավորեմ։ Եվ մի՞թե իրավունք չունիմ զարմանալու, որ դու, ինչպես տեսնում եմ, միայն քո մասին ես մտածել, իսկ իմ մասին, ամենևին։ Մինչդեռ երեկ գիշեր ի՞նչ էինք խոսում... Հա՛, Ժպտա, ժպտա, չէ՞ որ ես երեխա եմ։

Աշխենը ժպտալով մոտեցավ նրան։

Այո՛, սիրուն, խելացի, մեծ երեխա, որի աչիկները կուզեի այս րոպեիս համբուրել։

Խնդրեմ, թո՛ղ այդ փաղաքշական խոսքերը, զայրացած կանչեց Եվան։

Մի նեղանար, սիրելիս, նեղանալով ու զայրանալով բան չենք հասկացնիլ իրար։ Ավելի լավ է նստենք և հանգիստ խոսենք։ Նստիր։

Աշխենը համարյա բռնի կերպով նստեցրեց Եվային և ինքը նստեց նրա մոտ։

Ամենիր առաջ քեզ մի բան ասեմ, Եվա ջան, չնեղանաս։ Դու եսասիրության նշաններ ես ցույց տալիս. ուզում ես, որ փեշս փեշիդ կարեմ և չբաժանվեմ քեզնից միմիայն նրա՛ համար, որ առանց ինձ չես կարող դիմանալ։ Այդ նշանակում է, որ ես պետք է քեզ համար զոհաբերեմ ոչ թե միայն ինձ, իմ ձգտումները, իմ կամքը, այլև այն գործը, որին հույս ունիմ գեթ մազի չափ օգուտ տալու։ Կուզե՞ս, որ այդպիսի բան անեմ։ Իհարկե, ոչ։ Բացի դրանից մարդուն արդեն խոսք եմ տվել, այժմ մերժե՞մ, և կուզե՞ս, որ մերժեմ։ Իհարկե, ոչ։ Ասում ես, թե քեզ չեմ սիրում։ Կարո՞ղ ես կրկնել այդ խոսքերը ձեռքդ խղճիդ վրա դրած։

Եվան նստած էր լուռ և աչքերը խոնարհած. նա պարզապես ճնշված էր Աշխենի կտրուկ խոսքերի ազդեցության տակ։

Ինչ վերաբերում է այն բանին, թե ես միայն իմ մասին եմ մտածել և քեզ մոռացել, այդ բանումն էլ սխալվում ես, Եվա ջան։ Ինչպե՛ս կարող էի քո մոռանալ երեկ գիշերվա խոսակցությունից հետո։ Միայն այժմ չթողեցիր, որ քո անելիքի մասին էլ խոսեմ։ Դու էլ ես գործ ուզում։ Շատ բարի։ Ահա՛, թե դու էլ ինչ կարող ես անել։ Իմ գնալուց հետո վերցրու իմ աշակերտուհիներին և իմ տեղ դու դաս տուր նրանց։ Դու այդ կարող ես, որովհետև թեև փորձված չես, բայց շատ շուտ կարող ես փորձվել, եթե գործին սիրով կպչես, որի մասին տարակույս չունիմ։ Նրանք բոլորն էլ, ինչպես գիտես, շատ աղքատ ծնողների զավակներ են, և ես նրանցից ոչ թե միայն ոչինչ չէի առնում, այլև չէի խնայում ունեցածս նրանց տալու։ Արա դու նույնը, ինչ որ ես էի անում, և կտեսնես, որ մի բարի գործ կատարած կլինես։ Բայց եթե այդ բանը քեզ չնչին է երևում, կարող ես մի ուրիշ շատ օգտակար գործ էլ կատարել։ Մենք շատ ծանոթ ընտանիքներ ունինք, որոնց աղջիկները, որոնք քո մոտիկ ընկերուհիներն են, ոչ թե միայն զուրկ են հայկական կրթությունից, այլև հազիվ հայերեն խոսել ու կարդալ գիտեն։ Հավաքիր հայությունից խորթացած այդ հարուստ աղջիկներին, շաբաթը մի կամ երկու անգամ գրական երեկույթի պես մի բան սարքիր, կարդա նրանց մոտ հայերեն գրքեր, տուր այդ գրքերից, որ իրենք էլ կարդան, ծանոթացրու նրանց մեզ հուզող ազգային-հասարակական խնդիրների հետ, խոսեցեք, վիճեցեք... մի խոսքով՝ արա ինչ որ կարող ես, որպեսզի օտար ոգով կրթված այդ ապագա հայ մայրերի մեջ հայության, ազգային ինքնաճանաչության կայծ վառվի։ Մի սերմ, մի հատիկ սերմ էլ բավական է, որ ձգես նրանց մեջ, և այնուհետև հավատացած եղիր, որ այդ սերմն երբեք ապարդյուն չի անցնիլ, ինչքան էլ փոքր, աննշան լինի։ Դա շատ էլ փոքր գործ չէ, եթե կարողանաս գլուխ բերել։ Բայց ես համոզված եմ, որ կարող ես, որովհետև նրանք ամենքն էլ սիրում են քեզ և սիրով էլ կընդունեն քո առաջարկը։ Քեզ բավական կնպաստի այն հանգամանքը, որ նրանք տգետ չեն, և վերջին ժամանակներս մեր կյանքում երևան եկած շարժումներն անշուշտ փոքրիշատե հետաքրքրություն են զարթեցրել նրանց մեջ։ Այս է իմ կազմած ծրագիրը քեզ համար: Հավանո՞ւմ ես։

Եվան իսկույն չպատասխանեց։ Նրա դեմքը խիստ լուրջ արտահայտություն էր ստացել։

Այդ բոլորը լավ ես մտածել, ասաց նա։ Միայն... այսպես հանկարծ, այսպես անպատրաստ... Ես ի՞նչ գիտեմ, որ ինչ սովորեցնեմ։

Ուրեմն դու ինձ չհասկացար, Եվա ջան։ Ես խո չեմ ասում, որ կանոնավոր դասընթացներ սարքիր, դասախոսություններ արա։ Իհարկե, դու այդ չես կարող անել։ Եվ թույլ էլ չեն տալ։ Բայց խո կարո՞ղ ես հայերեն պարզ գրել-կարդալ սովորեցնել, խոսել նրանց հետ հայերեն, օգնել նրանց իրենց չհասկացածը հասկանալու, ծանոթացնել նրանց մեր գրականության, մեր մամուլի, մեր գործիչների հետ։ Վերջապես, գործն ինքը ցույց կտա, թե ինչ կարող ես անել և ինչ պետք է անել։ Փառք աստծո, խոսել գիտես և սիրում ես, ինքդ խիստ հետաքրքիր ես և բնատուր ընդունակություն ունիս գրավելու։ Սրանք այնպիսի առավելություններ են, որոնցով դու հրաշք կարող ես գործել քո շրջանում։ Այժմ հասկացա՞ր ինձ, Եվա ջան։

Եվան նստած էր լուռ։ Նրա կենտրոնացած հայացքից երևում էր, որ նրա մտավոր աչքերի առաջ հանկարծ բացվել է մի հորիզոն այնքան ընդարձակ, այնքան նոր ու գրավիչ, որ վախենում է մինչև անգամ հեռու նայել չշշմելու համար։ Եվ երբ Աշխենը կրկնեց իր վերջին հարցը, նա ասաց կարծես ինքն իրեն.

Զարմանալի է, ինչո՞ւ այդ բանն իմ գլխովս չի անցկացել մինչև այժմ։ Ես խո այդ կարո՛ղ էի անել։

16

Չնայելով օր. Սահակյանի և Մինասյանի աշխատանքին, այնուամենայնիվ համարյա մի շաբաթ տևեց, մինչև որ Աշխենը ստացավ ուսուցչության իրավունք։

Եվան հորն ու մորը հայտնել էր Աշխենի որոշումը, առանց սպասելու, որ Աշխենն ինքը հայտնե նրանց։

Մարությանը, որ շատ լավ էր ճանաչում եղբոր աղջկա բնավորությունն ու գաղափարները, այնքան էլ չզարմացավ։ Բայց Թեկլեն սկզբում ապշեց, հետո խիստ զայրացավ։

Ինչպե՞ս, բացականչեց նա. նա վճռել է ուսուցչուհություն անել և այն էլ գյուղո՜ւմ... Գժվե՞լ է, ի՛նչ է, թե մեզ է ուզում խայտառակել։ Ով լսի, ի՞նչ կասի։ Հացի ու ջրի կարո՞տ է մնացել, որ այդպիսի միջոցների է դիմում։ Տուն չունի՞, տեղ չունի՞, չենք պահո՞ւմ, դուրս ենք անո՞ւմ, որ ուզում է վարձկան վարժուհի դառնալ։ Տե՛ր աստված, այդ աղջիկը խելքը կորցրել է բոլորովին։

Բարկանալդ ավելորդ է, Թեկլե, նկատեց ամուսինը հանգիստ։ Ավելի լավ է...

Դո՞ւ ինչ ես ասում, չեմ հասկանում, նրա վրա էլ բարկացավ Թեկլեն։ Օրը ցերեկով ուզում են մեր անունը խաղք ու խայտառակ անել, և դու ուզում ես, որ չբարկանամ էլ։ Ի՞նչ կասեն, որ էգուց էլօր ամենքը վեր կենան ու ասեն, թե՝ ա՛յ, տեսա՞ք, մի որբ ունեին, չպահեցին, դուրս արին, որ այսօր ստիպված է գյուղերն ընկնել ապրուստի միջոց ճարելու համար։ Ես զարմանում եմ, որ դու այդ մասին իսկի չես մտածում։

Չեն ասիլ, չէ, մի վախենար։

Չե՜ն ասիլ, չէ՜... որ ասե՞ն։

Չեն ասիլ, որովհետև ամենքը գիտեն, որ մենք նրան մեր հարազատ որդու պես ենք պահել, և այնքան ճանաչում են նրան, որ կհասկանան, թե ինչու է նա գյուղը գնում վարժուհու պաշտոնով։

Ես չեմ հասկանում, ուրիշը որտեղի՞ց կարող է հասկանալ։

Ա՛յ, ես քեզ իսկույն կբացատրեմ։

Հա՛, հիմա դու գնա ուրիշներին էլ բացատրիր, թե բանն այդպես չէ, այլ այսպես է։

Մարությանն այլևս չկարողացավ զսպել իրեն. նա էլ իր հերթին բարկացավ կնոջ վրա։

Դե, երբ որ այդպես է, բացականչեց նա, մեր որդու համար էլ պետք է ասեն է՛լի, թե՝ չկարողացան պահել, դուրս արին, որ գլուխն առավ կորավ։

Ասում են, բաս չե՞ն ասում։

Գլուխները քարերով են տալիս, որ ասում են։ Այստեղ գործ կա, ձգտում կա, նպատակ կա. ա՞յդ ինչու չեն ասում։ Ամենքի ասեկոսեին որ ականջ դնենք, այդ ո՞ւր կգնա։

Դու այդպես ես ասում, բայց հենց այդ ասեկոսեն է, որ մարդու տուն է քանդում։

- Իսկի էլ չի քանդում։ Քեզպեսներն են, որ ասեկոսեներին նշանակություն տալով, կարծում են, թե այս է՝ տունները քանդվեց գնաց։ Փոխանակ ուրախանալու և պարծենալու, որ Աշխենի պես լավ ձգտումների տեր մի որբ աղջիկ ես պահել մեծացրել, դու ինչ-որ հիմար ասեկոսեների մասին ես մտածում և ուզում ես արգելք լինել նրա ամենալավ ձգտումներին։ Նա մեր անունը բարձրացնում է, և ոչ թե խաղք ու խայտառակ անում։

Դե, դու որ այդպես ես խոսում, ես էլ ի՞նչ ասեմ, նկատեց Թեկլեն և, սաստիկ ջգրած, դուրս գնաց, դուռը պինդ շրխկացնելով ետևից։

Եվան, որ մի կողմ քաշված՝ ամենայն ուշադրությամբ լսում էր հոր ու մոր միջև տեղի ունեցող այդ խոսակցությունը, մոր դուրս գնալուց հետո մոտեցավ հորը և լուռ համբուրեց նրան։

Հոր ու մոր միջև տեղի ունեցած այդ խոսակցությունը Եվան պատմեց Աշխենին։ Աշխենն ուրախացավ, որ նա իրեն ազատել էր հորեղբորն ու նրա կնոջն իր տալիք ծանր բացատրությունից։ Նա տեսավ, որ ամեն ինչ կատարվում էր այնպես, ինչպես կանխատեսել էր ինքը. հորեղբայրը համակրում էր իրեն, նրա կինը հակառակ էր, իսկ Եվայի հետ արդեն վերջացրել էր բանը։ Այժմ մնում էր միայն ձևական թույլտվությունը խնդրել Մարության ամուսիններից և Մինասյանի հետ ճանապարհ ընկնել:

Բայց այդ ձևական թույլտվությունը խնդրելուց էլ նա ազատ մնաց, որովհետև նույն օրն ևեթ Մարությանը նրա մենակ եղած ժամանակ մտավ նրա սենյակը և ասաց իրեն ոչ-հատուկ լրջությամբ.

Եվան ասաց, որ վճռել ես վարժուհի լինել և այդ նպատակով գյուղ ես գնում, ճի՞շտ է։

Այո, հորեղբայր, պատասխանեց Աշխենն անհամարձակությամբ, մի բան, որ երբեք չէր պատահել Մարությանի հետ խոսելիս։ Նա նայեց հորեղբոր լուրջ, մինչև անգամ սառը դեմքին և զգաց, թե հանցավոր է նրա առաջ։

Լավ, երբ որ այդպիսի մի բան մտադրում և վճռում էիր, ինչո՞ւ մի անգամ, գեթ ձևի համար, խորհուրդ չհարցրիր մեզնից, նկատեց Մարությանը, աշխատելով կարելույն չափ մեղմ արտահայտություն տալ իր խոսքերին։ Փառք աստծո, օտար չենք, և մեր խորհուրդը եթե օգտակար չլիներ, կարծում եմ, վնասակար էլ չէր լինիլ։ Համաձայնիր, որ դա վիրավորական է մեզ համար։ Դու վարվել ես այնպես, որ ուզենք, չուզենք, պետք է կարծենք, թե մեզ... բանի տեղ չես դրել։

Աշխենը նկատելի կերպով կարմրեց։

Ներեցեք ինձ, հորեղբայր, ասաց նա, աչքերը վայր թողած, բայց հանգիստ և հաստատուն ձայնով։ Ես կատարելապես զգում եմ, որ այնպես չեմ վարվել, ինչպես հարկն էր, բայց բանի տեղ չդնել... Դուք այդ խոսքերը չպետք է արտասանեիք, հորեղբայր... Այդ շատ ծանր մեղադրանք է ինձ համար...

Լավ, լավ, մի հուզվիր այդպես։ Ես ներողություն եմ խնդրում և ետ եմ վերցնում իմ խոսքերը։

Ախ, ո՛չ, ինչպե՞ս կարելի է... ես խո այդ չէի՞ ուզում ասել։ Ես ուզում էի խնդրել միայն, որ ինձ խնայեք և իզուր չդատապարտեք։ Ես, իհարկե, պարտավոր էի մտադրությունս հայտնել ամենից առաջ ձեզ։ Բայց եթե մինչև այժմ այդ չեմ արել և խորհուրդ չեմ հարցրել ձեզնից, այդ, աստվա՛ծ է վկա, հորեղբայր, հավատո՞ւմ եք խոսքիս, այդ նրա՛ համար է եղել միայն, որ... քաշվում էի ձեզնից, հետաձգում էի, որովհետև ինքս իմ որոշմանս վրա վստահ չէի։ Սակայն, իհարկե, վերջ ի վերջո, պետք է հայտնեի, խո չէ՞ի կարող գնալ առանց ձեր խորհրդի, առանց ձեր օրհնությունը ստանալու. չէ՞ որ այս րոպեիս դուք եք իմ ծնողը և անչափ երախտիք ունիք ինձ վրա։

Ինչևիցե, այդ թողնենք։ Այժմ, երբ խոսք է ընկել գնալուդ մասին, կարծում եմ, կարող ես պատմել, ինչ որ հարկավոր է:

Աշխենը հանգստացավ և համառոտ կերպով պատմեց եղելությունը։

Մարությանը մինչև վերջը լսեց նրան լուռ և ուշադիր և, երբ Աշխենը վերջացրեց իր պատմությունը, կարճ ժամանակ մտահոգության մեջ ընկավ, ապա վեր կացավ։

Ե՞րբ ես գնում, հարցրեց նա։

Վաղը։

Այ, տեսնո՞ւմ ես. դու ամեն բան արդեն վերջացրել ես և գնալու ես վաղը, իսկ ես մինչև օրս ոչինչ չգիտեի։ Այդպիսի բան կարելի՞ է, քեզ եմ հարցնում։ Եվ իրավունք չես տալիս ինձ, որ նեղանամ։ Ինչևիցե, այս էլ թողնենք։ Երկաթուղով եք գնալու, չէ՞։

Այո։

Գիշերվա՞ գնացքով։

Այո։

Հետո... ի՞նչ ես տանում հետդ։

Դե, ինչ որ ունիմ։ Ինձ շատ բան հարկավոր չէ։

Մարությանն այլևս ոչինչ չհարցրեց և ուղղվեց դեպի դուռը։

Աշխենը նայեց նրա ետևից, մեքենայաբար մի քանի քայլ առաջ դրեց և կանգ առավ։

Հորեղբայր, շշնջաց նա անհամարձակությամբ։

Մարությանն արագ դարձավ դեպի նա։

Ի՞նչ է. բա՞ն ունիս ասելու։

Աշխենն աչքերը վայր թողեց։ Նրա ականջների ծայրերը կարմիր վարդ էին կտրվել։

Ինձ թվում է, թե... չհաջողվեց ինձ արդարանալ ձեր առաջ։

Ա՛յ քեզ բան, բացականչեց Մարությանը զարմացած։ Եթե գիտենայի, որ դու այդ աստիճան կասկածամիտ ես, գի՜ժ էի, ինչ է, որ արտասանեի այն խոսքերը։ Ի՜նչ մի մեծ հանցանք ես գործել, որ դեռ արդարանալու էլ կարիք ես զգում։ Կնշանակի ինձ դեռ լավ չես ճանաչում, աղջիկս, ավելացրեց Մարությանը, մոտենալով նրան։ Դու գիտես, որ ես քեզ իմ Եվայից ոչնչով չեմ զանազանել և, բացի դրանից, հարգել եմ քեզ, հարգել եմ քո կամքը, քո ազատությունը, որովհետև գիտեմ, որ դու երեխա չես, որ դու խելոք աղջիկ ես և գիտես, թե ինչ ես անում։ Այժմ էլ ամենայն հարգանքով եմ վերաբերվում քո կամքին, քո ազատությանը։ Եթե հենց սկզբից ներշնչած չլինեիր ինձ այս հարգանքը, որ տածում եմ դեպի քեզ, և այն համոզումը, որ դու առանց լուրջ կերպով կշոադատելու ոչինչ չես անիլ, ճիշտը քեզ ասեմ, երբեք թույլ չէի տալ, որ հեռանաս իմ տնից, որովհետև թույլ տուր նկատեմ, որ ծնողների վերահսկողությունն ինչքան էլ որ ծանր թվա որդիներին, այնուամենայնիվ հարկավոր է, շատ անգամ ուղղակի անհրաժեշտ է նույնիսկ իրենց, որդիների համար։ Բայց քանի որ այդ հարգանքն ու համոզումը դու մի անգամ ընդմիշտ ներշնչել ես ինձ, ես ավելորդ եմ համարում խառնվել քո գործերին. դու կատարելապես ազատ ես ցանկացածդ անելու։ Եթե սկզբում մի քանի ավելորդ խոսքեր ասացի, այդ պետք է վերագրես իմ բարությանը և այն բանին, որ վճիռդ ինձ մի տեսակ հանկարծակիի էր բերել։ Այս դեպքում, որ դու վարժուհու պաշտոնով գյուղ ես գնում, ես կարող եմ միայն իմ անկեղծ համակրությունը հայտնել, խրախուսել քեզ, օրհնել ճանապարհդ իբրև հայր և ի սրտե հաջողություն մաղթել գործիդ։ Գնա՛, որդիս, գնա՛ այն ճանապարհով, ինչ ճանապարհով, որ գնացել է որդիս, և թող աստված անբաժան լինի քեզնից:

Աշխենը կամաց խոնարհվեց, առավ հորեղբոր ձեռքը և սեղմեց շրթունքներին։

Մարությանը զգաց, որ արտասուքի երկու տաք կաթիլ ընկավ իր ձեռքի վրա։ Նա թեթև կերպով ցնցվեց, խոնարհվեց, համբուրեց Աշխենի մազերը գագաթի վրա, ձեռքը դուրս քաշեց նրա ձեռքի միջից և շտապով դուրս գնաց, մի տարօրինակ փսփսոց արձակելով քթից:

17

Գիշերվա ժամը երկուսից անց էր։ Մարությանների տանը վաղուց արդեն ամենքը քնած էին։ Այդ ժամին Աշխենն էր միայն արթուն։ Նա նստած էր իր սենյակում և նամակ էր գրում։ Կնոջ գրին հատուկ, բարակ, փոքրիկ, իրարից բաժան-բաժան գրերն արագ-արագ շարվում էին իրար ետևից, լցնելով փոստի թղթի ամբողջ երեսներ։ Նա գրում էր համարյա առանց կանգ առնելու, կարծես գրելիքն առաջուց անգիր էր արել։ Մազերից մի երկայն, բարակ փունջ կախ էր ընկել թղթի վրա, և ստվերը խաղում էր ձախ ձեռքի վրա, որով պահում էր թուղթը։ Նամակը վերջացնելուց հետո ստորագրության տեղը խաչ դրեց, հետո կարդաց սկզբից մինչև վերջը, մի քանի տեղ շտապ գրելուց բառեր էր բաց թողել՝ ավելացրեց, մի քանի տեղ էլ բառեր էր կրկնել՝ ջնջեց, փակեց ծրարի մեջ, հասցեն գրեց և պահեց սեղանի վրա դրված գրքերից մեկի մեջ։

Անկողին մտնելով, իսկույն չկարողացավ քնել, չնայելով որ գիշերից արդեն բավական անցել էր և ինքն էլ այդ օրը շատ հոգնած էր զգում իրեն։ Նա գտնվում էր այն սովորական անհանգիստ դրության մեջ, որի մեջ լինում է նա՛, որին կյանքի նոր եղանակ, նոր ասպարեզ է սպասում, որը շուտով պիտի թողնի իր ծննդավայրը, տունը, տեղը, ծանոթ ու սրտակից անձերը և առաջին անգամ պիտի գնա ուրիշ, անծանոթ տեղ, ուր մարդիկ և իրեր ներկայանում են երևակայության ստեղծած ուրույն կերպարանքով: Ինչ-որ թախիծ էր զգում սրտի մեջ, անորոշ, ծանր թախիծ, ինչպես ա՛յն մարդը, որ իր ամբողջ էությամբ ձգտում է ինչ-որ անհասկանալի և անորակելի երջանկության, բայց միևնույն ժամանակ համոզված է, որ այդ երջանկությունը անհասանելի ցնորք է միայն։ Նա դեմքը թաղեց բարձի մեջ, և նրա մտքերը կենտրոնացան այն անձի վրա, որի ձեռքը պիտի հասներ նամակը։ Երբեք այդ անձի պատկերը չէր ներկայացել նրա աչքերի առաջ այնպես վառ ու կենդանի, ինչպես այժմ։ Նա մտքում կրկնում էր նամակի այն կտորները, որոնք անմիջական զեղումն էին այն վառ զգացմունքի, որ նա այնքան ժամանակ զսպում էր հուսահատական տանջանքով։

Լուսադեմին հազիվ կարողացավ քնել։ Քունը շատ անհանգիստ էր։ Ուղեղը դեռևս շարունակում էր գործել, ինչպես ձգված լար, որը, մի անգամ ուժգին շարժվելուց հետո, դեռ երկար ժամանակ ցնցվում, դողդողում է, չկարողանալով միանգամից հանգստանալ։ Նամակի բառերը շարվում էին նրա ուղեղի մեջ անկապ, անորոշ, տանջող կերպով։

Չնայելով որ ուշ քնեց, բայց և այնպես վեր կացավ սովորականից վաղ. պետք է գնար օր. Սահակյանի մոտ իր ուղևորության մասին մի քանի կարևոր բան հարցնելու. շտապում էր, որպեսզի օր. Սահակյանին տանը գտնի, այլապես հազիվ թե այդ օրը այլևս ժամանակ ունենար նրան առանձին տեսնելու, որովհետև ճանապարհի պատրաստություններ պիտի տեսներ։

Տանը դեռևս ամենքը քնած էին։ Աշխենը շտապով լվացվեց, հագնվեց, առավ գիշերը գրած նամակը, որպեսզի օր. Սահակյանի մոտից վերադառնալիս ձեռքով փոստ ձգի և դուրս գնաց։

Նրա գնալուց մի քառորդ ժամ հետո ցավագար աչքերով ծառան, երբ երկար խոզանակը ձեռքին՝ ավլում էր նախասենյակի սանդուղքը, փողոցի դռան մոտ նամակի մի ծրար գտավ։ Վերցրեց ծրարը, դես շուռ տվեց, դեն շուռ տվեց, նայեց վրան գրված հասցեին և, որովհետև կարդալ չգիտեր, բան չհասկացավ։ Նա զարմացավ միայն, թե ինչու փոստային ցրիչը ծրարը չէր ձգել նամակների և լրագրերի համար դռան վրա շինված արկղիկը, ինչպես անում էր միշտ, այլ ներս էր ձգել դռան ճեղքից։ Սակայն դուռը դիտելով տեսավ, որ չկար այնպիսի մի ճեղք, որտեղից կարելի լիներ ներս ձգել այնքան հաստ ծրարը, ուստի այդ բանի վրա էլ զարմացավ։ Նորից մանրամասնորեն զննեց դռան չորս բոլորքը և, վերջապես, այն եզրակացության եկավ, որ ծրարը կարող էր ներս ձգված լինել դռան տակից, որովհետև այդտեղ կես մատնաչափ բացվածք էր մնում։ Զարմանքը փարատելուց հետո ծրարը ծոցը դրեց և շարունակեց սանդուղքն ավլել։

Որովհետև այդ օրը, ըստ սովորականին, հորից ու մորից վաղ վեր էր կացել Եվան, ուստի ծառան գտած նամակը նրան հանձնեց, հայտնելով, թե որտեղ էր գտել։

Եվան նայեց հասցեին և իսկույն ճանաչեց Աշխենի գիրը։ Նամակն ուղղված էր իր եղբորը՝ Արմենակին։ Ծառայից իմանալով, որ Աշխենը դուրս է գնացել վաղ առավոտյան, իսկույն գլխի ընկավ, որ ծրարը պատահմամբ ընկել է նրա գրպանից։

Այս դեպքը չափազանց զարմացրեց Եվային։ Նա գիտեր, որ Աշխենը երբեք իր կողմից առանձնապես նամակ չէր գրել Արմենակին։ Մարությանների կողմից հեռացած որդուն հաճախակի գնացող նամակները սովորաբար գրում էր կամ ինքը՝ Մարությանը, կամ Եվան, առավելապես վերջինս, իսկ ընտանիքի մյուս անդամներն իրենց կողմից մի քանի խոսքով բարևներ էին ավելացնում իրենց ստորագրությամբ, այնպես որ այդ նամակներն ընդհանուր բնավորություն ունենալով հանդերձ, բովանդակությունն էլ հայտնի էր լինում ամենքին։ Այս հանգամանքն ի նկատի ունենալով, Եվային խիստ անախորժ թվաց Աշխենի ծածկամտությունը, որը նա պարզ կերպով տեսնում էր թե գտնված նամակի փակ ծրարից և թե այն բանից, որ Աշխենը չէր հայտնել, թե ինքը նամակ է գրելու կամ արդեն գրել է Արմենակին և, ինչպես երևում է, ամենևին չպետք է էլ հայտներ, որովհետև պարզ է, որ նամակը գրել է ծածուկ և վերցրել է հետը, որ փոստը ձգի, հատկապես դրա համար դուրս գալով տնից այն ժամանակ, երբ ամենքը քնած են եղել։ Բայց ի՞նչ է գրել նամակի մեջ, որ կամեցել է ծածուկ պահել։ Այս հարցն ահագին հետաքրքրություն զարթեցրեց Եվայի մեջ այն աստիճան, որ քիչ մնաց ծրարը պատռեր և նամակը կարդար։ Հազար ու մի կասկածներ անցան նրա գլխով, մեկը մյուսի ետևից վատ, հուզող և գրգռող։

18

Լսվեց զանգակի և ապա զգուշավոր քայլերի ձայն։ Եվան իմացավ, որ Աշխենն է։ Այդ միջոցին նա սանրում էր մազերը։ Էլ չսպասեց, որ վերջացնի, անհամբերությամբ դեն շպրտեց սանրը, շտապով առավ նամակի ծրարը և դուրս գնաց հորեղբոր աղջկա սենյակը։ Երբ նա մտավ, Աշխենը շտապով և նկատելի անհանգստությամբ ինչ-որ բան էր որոնում գրասեղանի վրա դարսված գրքերի մեջ։ Եվային տեսնելուն պես ցնցվեց և իր շտապ ու անհանգիստ որոնումը դանդաղեցրեց։

Եվան տեսավ այդ և առաջ չգնաց։ Կարճ ժամանակ լուռ ու փորձող հայացքով նայեց Աշխենին, հետո հարցրեց ծանրը ու հանգիստ ձայնով.

Այդպես վաղ ո՞ւր էիր գնացել։

Ուզում էի գնալ Վարոյի մոտ։

Ուզո՞ւմ էիր գնալ... Չգնացի՞ր։

Ո՛չ։ Կես-ճանապարհից ետ դարձա։

Ինչո՞ւ։

Որովհետև... նա ինձ մոտ մի գիրք ունի, մոռացել էի, որ հետս վերցնեմ իրեն տալու... չգիտեմ որտեղ եմ դրել...

Եվան ոչինչ չասաց։ Նրա վրա վատ տպավորություն գործեց այն հանգամանքը, որ Աշխենը սուտ էր խոսում, որ Վարոն նրա մոտ ոչ մի գիրք չուներ և նա ամենևին գրքի համար չէր եկել։

Ինքն՝ Աշխենը, առանց նրան նայելու, միմիայն նրա լռությունից զգաց, որ նա հասկացավ իր սուտը, և կարմրեց:

Ես քեզ այսօ՛ր, ա՛յս առավոտ միայն ճանաչեցի, Աշխեն, վերջապես ասաց Եվան զսպված ձայնով։ Դու ծածկամիտ և... ստախոս ես։

Աշխենի շառագունած դեմքը մի ակնթարթում դժգունեց և նորից, բայց առաջվանից ավելի շառագունեց։

Ե՞ս, շշնջաց նա և մինչև անգամ աշխատեց ցույց տալ, թե խիստ զարմացած է։

Այո՛, դո՛ւ, շեշտեց Եվան և համարձակ հայացքը ձգեց նրա վրա։ Ինչո՞ւ ուղիղ չես ասում, որ ա՛յս նամակն ես կորցրել և սրա՛ համար է, որ կես-ճանապարհից ետ ես դարձել։

Եվ, գրպանից հանելով ծրարը, ձգեց սեղանի վրա։

Աշխենը մեքենայաբար վրա ընկավ նամակին։ Մի ակնթարթում նրա դեմքը մեռելի գույն ստացավ։ Նայեց ծրարին և տեսնելով, որ փակ է, ազատ շունչ քաշեց։

Ճիշտ չէ՞, այդ նամակի համար չէ՞, որ ետ ես եկել, հարցրեց Եվան ուշի-ուշով հետևելով նրա դեմքի փոփոխություններին։

Այո։

Ուրեմն սուտ չէի՞ր խոսում, թե գրքի համար ես ետ եկել։

Սուտ էի ասում։

Ինչո՞ւ։

Աշխենը չպատասխանեց։ Նա չէր նայում Եվային:

Որովհետև չէիր ուզում, որ իմանայի, թե այդպիսի նամակ ես գրել եղբորս, չկարծելով, որ այդ նամակն իմ ձեռքին է, այնպե՞ս չէ։

Ուրեմն բա՞ց ես արել, հազիվ լսելի ձայնով շշնջաց Աշխենը։

Տեսնում ես, որ փակ է։ Ինչպես որ ծառան դռան մոտ գտել և հանձնել է ինձ, այնպես էլ քեզ եմ դարձնում։

Հապա ինչո՞ւ ես ասում այդպիսի նամակ։

Հապա ինչո՞ւ դու այդպես այլայլվում ես։

Աշխենը նկատելի տանջանքով դեմքը շրջեց Եվայից։

Եվա, ասա միանգամից, ինչ որ ասելու ես. տեսնում ես՝ տանջվում եմ։

Իսկ ինչո՞ւ ես տանջվում։ Որովհետև զգում ես, որ մեղավոր ես, չէ՞. որովհետև ինքդ էլ հասկանում ես, որ գրածդ... զրպատրտություն է, չէ՞։

Աշխենը տարակուսանքով նայեց Եվայի զայրացկոտությունից վառվող աչքերին։

Զրպարտությո՞ւն։

Այո՛, զրպարտություն, ջեշտեց Եվան, ձայնը բարձրացնելով։ Ի՞նչ է. չլինի՞ թե ուզում ես ուրանալ, որ զրպարտություն չես գրում այդ նամակի մեջ։

Ի՞նչ զրպարտություն, Եվա... ո՞ւմ մասին։

Մե՛ր մասին։

Ձեր մասի՞ն...

Այո՛, մե՛ր մասին՝ հայրիկի մասին, մայրիկի մասին, վերջապես ի՛մ մասին։

Աշխենն ապշությունից մինչև անգամ ժպտաց։

Ի՞նչ ես ասում, Եվա...

Ի՞նչ է, սուտ է՞, որ այդ նամակի մեջ չես գանգատվում, թե մենք ճնշում, նեղում ենք քեզ, թե ամեն րոպե երեսովդ ենք տալիս մեր բարերարությունը, և դրանից է, որ փախչում ես...

Աստված է վկա, Եվա, դու գժվել ես այսօր։

Ես չեմ գժվել, այլ ճշմարտությունն եմ ասում։ Եթե դու լավ աղջիկ ես, եթե որևէ բանի համար նեղացած ես մեզնից, ուղղակի մեզ կհայտնեիր դժգոհությունդ, և ոչ թե զրպարտություններ գրելով կաշխատեիր Արմենակին կռվեցնել մեզ հետ։

Եվա, այդ դո՞ւ ես... այդ հիմարությունները դո՞ւ ես ասում։

Մենք քեզ ոչինչ չենք արել։ Մենք մինչև անգամ ամեն կերպ աշխատել ենք քեզ հետ վարվել այնպես, որ դու ամենևին չզգաս, թե մեր տանն ապրում ես իբրև բարերարված մի որբ, իսկ դու... Դու վատ աղջիկ ես... Դու... դու ապերախտ ես...

Դե, բավական է, Եվա, աղաղակեց Աշխենը ծանր վիրավորանքի հանկարծական բռնկումով, և նրա աչքերը փայլեցին կատաղի զայրացկոտությամբ: Ինչպե՞ս ես համարձակվում ինձ այդպիսի բաներ ասել... Հիմա՛ր, կոպի՛տ, անտա՛շ։ Ի՞նչ է նշանակում բարերարված որբ... Ի՞նչ է նշանակում ապերախտ... Հասկանո՞ւմ ես այդ բառերի իմաստը... մտածո՞ւմ ես, թե որքան վիրավորական է այդ ինձ համար... Այդ բառերը, որ մտքովդ անցնում են, ինչպե՞ս լեզուդ զոռում է արտասանել... Ես խո կմորթեի ինձ, եթե առաջուց իմանայի, որ ինձ վրա այդպիսի աչքով եք նայում... Ես կգնայի՝ մուրացկանություն կանեի փողոցում և, եթե քաղցած մեռնելիս լինեի, ձեր հացը կուտեի միմիայն նրա՛ համար, որ խեղդվեի... Ա՜խ, Եվա, Եվա, այս ինչե՜ր ես ասեցնել տալիս ինձ, այս ինչե՜ր ես ասեցնել տալիս, հառաչեց Աշխենը և, նստելով սեղանի մոտ, գլուխը սեղմեց ձեռքերի մեջ անտանելի տանջանքով։

Եվան տեղնուտեղը ցամաքել էր։ Պարզ երևում էր, որ ամենևին չէր սպասում, թե իր խոսքերը կարող են այդպիսի փոթորիկ առաջ բերել։ Նա ուզեց խոսել, արդարացնել իրեն, բայց խոսելու տեղը հանկարծ լաց եղավ։

Աշխենը նայեց նրան տարակուսանքով, ուսերը վեր քաշեց և գլուխը նորից սեղմեց ձեռքերի մեջ։

Հապա ինչո՞ւ նամակդ ծածուկ էիր պահում, ասաց Եվան հեծկլտալով, թաշկինակն աչքերին սեղմած։

Որ գաղտնի էի պահում, նշանակում է, թե զրպարտություննե՞ր եմ գրել ձեր մասին, և դու իրավո՞ւնք ունի և ինձ վիրավորելու, նկատեց Աշխենն այս անգամ հանգիստ ձայնով:

Մեղավո՞ր եմ, որ ծածկամտությանդ համար այդ ենթադրությունն եմ արել։

Շատ վա՛տ ես արել։ Մեծ հիմարություն ես արել։ Ինչո՞ւ հակառակ ենթադրություն չէիր անում. չէ՞ որ ձեզնից շնորհակալ լինելուս և ձեզ գովելու դեպքումն էլ համեստությունս չէր թույլ տալ ինձ, որ նամակս ցույց տայի ձեզ։ Ինչ որ հաստատ հայտնի չէ, անպատճառ պետք է վատ մտքո՞վ բացատրել։

Աշխենը խոսում էր հանգիստ, բայց վերին աստիճանի դառնացած։ Եվան դադարել էր հեծկլտալուց և մնացել էր արձանացած։ Նա լիովին զգում էր իր հանցանքը, ամաչում էր և չէր իմանում ինչպես անի, որ ուղղի իր սխալը։

Աշխենը հանկարծ վեր կացավ, ուղղեց գլխարկը: Նամակը գրպանը կոխեց և դիմեց դեպի դուռը, առանց մի խոսք անգամ արտասանելու։

Եվան անհամարձակորեն նայեց նրա ետևից։

Դու գնո՞ւմ ես, հարցրեց կամաց։

Այո։

Ո՞ւր։

Վարոյի մոտ։

Սպասիր մի րոպե։

Աշխենը կանգ առավ դռան մոտ։

Բա՞ն ունիս ասելու։

Այո։

Ի՞նչ։

Եվան իսկույն չպատասխանեց։ Նայում էր հատակին և թաշկինակը ճմռում էր ձեռքին։

Խի՞ստ վիրավորվեցիր ինձնից, հարցրեց վերջապես։

Աշխենը զարմացած դարձավ դեպի նա։

Դեռ հարցնո՞ւմ ես։ Կյանքիս մեջ ոչ ոք չի վիրավորել ինձ այնպես, ինչպես դու։

Եթե ներողություն խնդրեմ...

Ի՞նչ օգուտ, երբ որ արդեն փշրեցիր սիրտս։

Ուրեմն... ուրեմն այս գիշեր խռովա՞ծ պիտի բաժանվես ինձնից։

Ինչո՞ւ խռոված, երեխա՞ եմ, ինչ է։ Բայց քեզ հետ այսուհետև շատ խիստ կվարվեմ, որպեսզի ինձ հարգես։

Եվան հանկարծ զայրացած ոտը պինդ խփեց հատակին։ Արձակ մազերից մի երկայն փունջ թռավ ուսի վրայից և ընկավ կրծքի վրա։

Ես քեզ չե՞մ հարգում, որ այդպես ես խոսում, բացականչեց արտասուքն աչքերին։ Խո հասկանում ես, որ վիրավորեցի անգիտակցաբար. վիրավորեցի իմ հիմարությունից և զղջում եմ։ Ուրիշ ի՞նչ ես ուզում։

Ես ուզում եմ, որ սովորես նախ լավ մտածել և ապա ասել այն, ինչ որ ուզում ես ասել։

Այսուհետև այդպես կանեմ, հիմա՞։

Վախենում եմ, որ այդպես չանես, եթե խիստ չվարվեմ քեզ հետ։

Եվան զսպած զայրացկոտությամբ դեմքը դարձրեց նրանից։

Գնա՛, լավ. այլևս հարկավոր չէ քո ներումը, քանի որ, ինչպես երևում է, ընդունակություն չունիս անկեղծությունը հասկանալու, ասաց՝ կրծքի վրա ընկած մազերի փունջը բարկացած ետ ձգելով։ Դու պեդանտ ես, և ես զարմանում եմ ինձ վրա, թե ինչպե՞ս կարողացել եմ քեզ այսքան սիրել, քանի որ մեր բնավորություններն այսքան հակառակ են իրար, և դու կարծես զոռով աշխատում ես, որ քեզ ոչ ոք չսիրի։ Մի՞թե չես հասկանում, որ քո մի հասարակ, քաղցր խոսքն այս րոպեիս ավելի ազդու և խրատական կարող էր լինել ինձ համար, քան թե այդ սառն, հպարտ վարմունքը։ Եվ այդպիսի չորացած սրտով ուզում ես նվիրել քեզ մի գործի, որին ծառայելու համար ջերմ զգացում, վառ սեր, փափուկ սիրտ է հարկավոր...

Նա լռեց վիրավորված հպարտությամբ, հեռացավ դեպի լուսամուտը և, նայելով դեպի դուրս, սկսեց հյուսել արձակ մազերն արագ-արագ և մեքենայաբար։

Երկար ժամանակ լռություն տիրեց:

Եվան սպասում էր, թե Աշխենը կխոսի, բայց Աշխենի ձայնը չէր լսվում։ Ոչ միայն այդ, այլև ոչ մի բանից չէր երևում, թե նա ներկա է սենյակում։ Եվային թվաց, թե նա գնացել է, բայց, ետ նայելով, զարմանքով տեսավ, որ նա կանգնած է դռան մոտ, արձանի նման և նայում է իրեն խիստ օտարոտի հայացքով։ Այդ հայացքն այլևս առաջվա սառն, հպարտ հայացքը չէր, այլ ինչ-որ անակնկալ հայտնություն գտած և այդ հայտնագործությունից ապշած մի հայացք, որ ուղղված է դեպի ներս, դեպի սեփական հոգու խորքը։

Գնա, էլի՛, ի՞նչ ես կանգնել, նկատեց Եվան, ավելի ու ավելի զարմանալով։

Աշխենը դարձյալ մի րոպե նայեց նրան նույն հայացքով, հետո մեքենայաբար նստեց հենց այնտեղ, դռան մոտ դրված աթոռի վրա և տեղնուտեղը սառեց։ Այս անգամ նա թույլ կերպով վայր թողած ձեռքերով, հատակին հառած մտախոհ հայացքով և անշարժ դրությամբ նմանում էր անմխիթար մի սգավորի։

Եվան կատարելապես ապշել էր։ Նա չէր հասկանում, թե հանկարծ ինչ մի հեղաշրջում էր կատարվել հորեղբոր աղջկա մեջ, որ նրան այդպես կերպարանափոխել էր։ Նա այլևս չէր համարձակվում ձայն հանել և չռած աչքերով նայում էր Աշխենին սպասողական դրության մեջ։

Չորացած սրտով... չորացած սրտով, վերջապես արտասանեց Աշխենը շատ կամաց, մտքով ինքն իր մեջ կենտրոնացած։ Դու իրավունք ունիս... Սրտիս ըմբռնողությունը չորացել, բթացել, անզգա է դարձել... Այո՛, իրավունք ունիս ինձ հանդիմանելու, որ քեզ իսկույն չհասկացա...

Նա ձեռքը ձգեց աթոռի միջովը և աչքերը պինդ սեղմեց կռան վրա։

Բայց մեղավորը ես չեմ, այլ... այն դժբախտ հանգամանքը, որ այսպես ավերել, ծերացրել է սիրտս...

Նրա ձայնն արագորեն խլացավ և հանկարծ կտրվեց։ Եվային թվաց, թե արտասուքը խեղդում է նրան, և նա մեծ ջանք է գործ դնում, որ չհեկեկա։ Նա մեքենայաբար մի քանի քայլ առաջ գնաց, բայց հանկարծ կանգ առավ փշաքաղվելով. Աշխենի նիհարած ուսերը և մեջքը ցնցվում էին ջղաձգաբար։ Եվ նորից առաջ վազեց։

Աշխեն ջա՛ն... դու լալիս ես, արտասանեց, չոքելով հորեղբոր աղջկա առաջ և քնքշությամբ գրկելով նրա ծնկները։

Այս անգամ Աշխենի ամբողջ մարմինը ցնցվեց։ Նա աչքերն ավելի պինդ սեղմեց կռան վրա, բայց և այնպես զսպած հեկեկանքը, կարծես կուրծքը պատռելով, դուրս ժայթքեց նրա սեղմած բերանից։ Եվան այս անգամ ուղղակի կպավ նրա ծնկներին, և նրա աչքերը լցվեցին խոշոր արցունքով։

Աշխեն ջան, մի՞թե քեզ դարձյալ վիրավորեցի... Հա՞, վիրավորեցի՞։ Բայց չէ՞ որ ես հիմար եմ, և մի՞թե արժե նեղանալ ինձնից։ Աղաչում եմ, մի՛ լար... Բավական է... Աստված է վկա, ես երբե՛ք, երբեք չեմ վիրավորիլ քեզ... Դե, բավական է, ասում եմ... Աշխեն ջան, լսո՞ւմ ես։

Աշխենը նստեց ուղիղ, երկու ձեռքով պինդ փաթաթվեց Եվայի վզովը, և գլուխը կպցրեց նրա գլխին։

Ինչո՞ւ ես կարծում, թե ես նրա համար եմ լալիս, որ դու վիրավորել ես ինձ, խեղդող հեկեկանքի միջից արտասանեց նա։ Ո՛չ, ո՛չ։ Եվա ջան։ Ես լալիս եմ, որովհետև այլևս չեմ կարող չլալ... լալիս եմ, որովհետև այս արցունքը վաղուց է, որ ծանրացել է սրտիս վրա. դու միայն առիթ եղար, որ այլևս չկարողացա զսպել ինձ... Որ գիտենաս, թե ինքս իմ մեջ կենտրոնացած, ամենքից, այո՛, ամենքից, նույնիսկ քեզնից ծածուկ հոգեկան ինչպիսի՛ տանջանքներ եմ կրել ես... Ինչպիսի՛ դառն, ինչպիսի՛ սպանիչ թախիծ շարունակ կրծել է սիրտս... Ամեն րոպե, ամեն վայրկյան ստիպված եմ եղել ճնշել, մեռցնել մանուկ սրտիս բաղձանքները, վառ երևակայությանս թռիչքը... Գիտակցությունս անողոք դահիճի պես շարունակ ջախջախել է իմ մեջ ա՛յն, ինչ որ կյանքի հետ մի անգամ է միայն տրվում մարդու... Այդ է պատճառը, որ ես հոգով ու սրտով այդպես չորացել, այդպիսի անհյութ ու անալի արարած եմ դարձել... Քո մանուկ սիրտն է միայն, որ կարողացել է այդպիսի սիրով կապված մնալ ինձ հետ...

Աշխենը դադարեց հեկեկալուց, արագ շարժումով թողեց Եվայի վիզը և բռնեց նրա ձեռքերից։ Արտասուքից կարմրած աչքերը ներքին հուր և միևնույն ժամանակ սաստիկ տանջանք էին արտահայտում։ Նա, կարծես, տենդի մեջ էր։

- Լսի՛ր, Եվա,- շարունակեց նա ձայնն այնպես ցածրացնելով, որ համարյա շշնջում էր։ Լսիր. քեզնից այլևս չեմ կարող թաքցնել։ Ես սիրում եմ քո եղբորը... սիրում եմ ոչ այնպես, ինչպես որ դու մինչև այժմ կարծել ես... Նա էլ ինձ է սիրում... Մենք բաժանվեցինք իրարից, որովհետև մեր միացումն անկարելի էր... Նա հեռացավ... Ես էլ հեռանում եմ... Մի ամբողջ տարի, տարուց էլ ավելի է, որ մենք իրար հետ առանձնապես ո՛չ մի հաղորդակցություն չենք ունեցել, որովհետև խոսք ենք տվել իրար մոռանալ... Բայց այդ հեշտ չէ, այդ անկարելի է... Գոնե ես չեմ կարողացել մոռանալ նրան և չեմ կարող... Գիշեր-ցերեկ, ամեն ժամ, ամեն րոպե, չնայելով ինքս ինձ զսպելուս, ամբողջ սրտովս, ամբողջ էությամբս դեպի նա եմ ձգտել... Կարոտը, սաստիկ կարոտն անասելի տանջանք է պատճառել ինձ... Իսկ երեկ գիշեր այդ կարոտն այն աստիճան հասավ, որ չկարողացա խոստումնազանց չլինել և գրեցի այդ նամակը, որ այսօր քո ձեռքն է ընկել... Ճշմարիտ է, այդ նամակն ուզում էի ինչպես ամենքից, այնպես և քեզնից ծածուկ պահել, որովհետև... ա՜խ, Եվա, իմ անգի՛ն Եվա, մի՞թե կուզեի քեզ կորցնել, մի՞թե կուզեի, որ սառեիր ինձնից, մի՞թե կուզեի, որ ուրիշ աչքով նայեիր ինձ, չէ՞ որ այդ մահ կլիներ ինձ համար, թեև, երդվում եմ արևովս, այն՝ ինչ որ տածում եմ դեպի քո եղբայրը, սուրբ է, սրբությունից էլ բարձր և այդպես էլ կմեռնի, եթե միայն կմեռնի... հանցավո՞ր եմ արդյոք այդ սիրո մեջ և այն բանում, որ աշխատել եմ այդ սերը ծածուկ պահել քեզնից, չգիտեմ, քո դատաստանին եմ ապավինում, բայց...

Նա խոսքը չվերջացրեց և դեմքը ծածկեց ձեռքերով։

Եվան՝ ինչպես որ չոքած էր նրա առաջ, այնպես էլ մնացել էր արձանացած։ Աշխենի խոստովանությունն այնքան անակնկալ, այնքան հեռու էր նրա մտքից, որ նրան թվում է, թե երազումն է։ Նրա դեմքը սառել, աչքերը չռած էին մնացել անմիտ արտահայտությամբ։

Նամակի մեջ գրում եմ այն, ինչ որ այժմ հայտնեցի քեզ, շշնջաց Աշխենը, ձեռքերը դեմքից չհեռացնելով։ Հայտնում եմ, որ գնում եմ գյուղը և խորհրդածություններ են առհասարակ կնոջ և մասնավորապես իմ ապագայի գործունեության մասին։ Ուզում ես, տամ կարդա։

Եվան վեր կացավ նրա առջևից և մեքենայաբար թափ տվեց փեշերը։

Ոչ, ի՞նչ հարկավոր է, ասաց սառած ձայնով։

Որպեսզի չկասկածես։

Ոչ, հարկավոր չէ, կրկնեց Եվան և հանգիստ քայլերով դիմեց դեպի իր սենյակի դուռը։

Աշխենը արագությամբ վեր կացավ, ուզեց բան ասել, բայց նորից ընկավ աթոռի վրա և դեմքը նորից ծածկեց ձեռքերով։

Եվան, առանց ետ նայելու, նույն հանգիստ քայլերով դուրս գնաց և դուռը կամաց ետ դրեց իր ետևից։

Be the first who will comment on this

Other parts of "Մահը"

Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

War and peace
War and peace
Play Online